Հայաստան

Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է Երևանի ու Բաքվի միջև նոր էսկալացիայի սպառնալիքի մասին |hetq.am|

Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է Երևանի ու Բաքվի միջև նոր էսկալացիայի սպառնալիքի մասին |hetq.am|

hetq.am: Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծի ողջ երկայնքով լարվածությունը և պարբերական բախումները մտահոգություն են առաջացնում։ Այդ մասին իր հոդվածում գրել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ TRT World-ում հրապարակված իր հոդվածում թուրք նախարարը հայտարարել է նոր էսկալացիայի սպառնալիքի և խաղաղության պայմանագրին հասնելու փորձերում հաջողության բացակայության մասին։ «Իրավիճակն անկայուն է, և մեր հույսը խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման մասով աստիճանաբար հալվում է<...>։ Չնայած հակամարտությունը ներկայումս սառեցված է, ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքն աճում է, ինչպես ձգձգվում է պայմանագրի մշակումը»,- գրել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։ Խոսելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, Հուլուսի Աքարը նշել է, որ միջանցքը «սպառնալիք չի ներկայացնում որևէ այլ երկրի համար և կնպաստի տարածաշրջանում համագործակցությանը, կայունությանը և զարգացմանը»։ Աքարը դարձյալ այն պնդումն է առաջ քաշել, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքումը կնպաստի նաև Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը։  Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարի հոդվածը, որն ամբողջությամբ նվիրված է Հայաստանին, անդրադառնում է նաև Հայոց ցեղասպանությանը։ Թուրք նախարարն իր հոդվածում այն անվանում է «1915 թվականի իրադարձություններ»՝ միաժամանակ պնդելով, որ հայերից զատ, «սպանվել են նաև մուսուլմաններ»։ Ընդ որում, Աքարը պնդում է, որ իր դոկտորական ատենախոսությունը պատրաստելիս բավականին ուսումնասիրել է այս թեման։
18:17 - 05 մայիսի, 2023
Առանցքային տարաձայնությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, բայց միայն դա չէ. Նիկոլ Փաշինյան |azatutyun.am|

Առանցքային տարաձայնությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, բայց միայն դա չէ. Նիկոլ Փաշինյան |azatutyun.am|

azatutyun.am: Առանցքային տարաձայնությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, բայց միայն դա չէ, հայտարարեց Հայաստանի վարչապետ Փաշինյանը՝ Պրահայում պատասխանելով «Ազատության» հարցին՝ որո՞նք են այն հարցերը, որոնց շուրջ վաշինգտոնյան բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մնացել են տարակարծիք։ «Չնայած Պրահայում և Սոչիում եղել է արձանագրումը, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, բայց մենք խաղաղության պայմանագրի նախագծի մեջ դեռևս չենք կարողանում համաձայնության հասնել այն ձևակերպումների շուրջ, որոնք մեզ վստահություն կտան, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը», - ասաց Հայաստանի կառավարության ղեկավարը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հասցեագրման հարցում կան տարընթերցումներ, և դրանք պահպանվում են: «Հաջորդը՝ ցանկացած պայմանագիր, նույնիսկ ամենամիանշանակ գրվածները ունենում են տարընթերցումներ, ինչպես պետք է այդ տարընթերցումները լուծվեն, շատ կարևոր խնդիր է ի վերջո՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո խաղաղության երաշխավորման հարցը։ Նկատի է առնվում և միջազգային մեխանիզմները, և տեղայինը, մասնավորապես զորքերի ետքաշման հետ կապված, արդյոք մենք չպետք է ունենանք դելիմիտարիզացված՝ ապառազմականացված գոտի։ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հասցեագրման հարցում կան տարընթերցումներ, և դրանք պահպանվում են։ Իհարկե, կա որոշակի շարժ, եթե նախկինում կողմերի դիրքորոշումների միջև տարբերությունը 1 կմ էր, հիմա՝ 990 մետր, դա շարժ է, բայց հսկայական տարբերություն դեռ կա», - նշեց վարչապետը: Հարցին՝ Հայաստանը ո՞ր տարբերակով է շարժվում, որ Արցախի հարցը առկախվի և ռուս խաղաղապահները գնան, թե՝ որ Արևմուտքը անվտանգության երաշխիքներ տա Արցախում ապրող հայերին, Փաշինյանը պատասխանեց՝ Հայաստանն աշխատում է տարբերակի վրա, որ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարթակում, որը պիտի ունենա որոշակի միջազգային ներգրավվածություն․ «հակառակ դեպքում այդ թեման և օրակարգը Ադրբեջանի կողմից կարող է ուղղակի մոռացության մատնվել»։ Միևնույն ժամանակ, վարչապետը պնդեց, թե Վաշինգտոնում սկսված քննարկումը կարող է շարունակվել Մոսկվայում՝ հերքելով պնդումները, թե արևմտյան ու ռուսական նախագծեր կան, որոնք իրարից տարբերվում են։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
16:58 - 05 մայիսի, 2023
ԱՄՆ դեսպանը հայտնել է Հայաստանի մեդիաոլորտում երկու նոր ներդրումների մասին

ԱՄՆ դեսպանը հայտնել է Հայաստանի մեդիաոլորտում երկու նոր ներդրումների մասին

 Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը հրապարակել է դեսպան Քվինի ելույթը՝  Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ ընդունելության համար։ «Բարի երեկո, հարգարժա՛ն հյուրեր։ Ուրախ եմ ընդունել Ձեզ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ։ Ազատ, բազմազան և անկախ մամուլը հաջող ժողովրդավարության հիմնարար սյուներից է։ Ազատ մամուլի դերը շատ ավելին է, քան տեղեկատվության ապահովումը, չնայած դա ինքնին արդեն իսկ շատ կարևոր է։ Ազատ մամուլը իշխանություն ունեցողներից հաշվետվողականություն է պահանջում և ձայն է ապահովում նրանց համար, որոնք իշխանություն չունեն՝ պաշտպանելով կարծիքների բազմազանությունը, որի շնորհիվ հասարակությունն ավելի ամուր է դառնում։ Այսօր առավել քան երբևէ կարևոր է, որ ազատ մամուլն ապահովի լրագրողական բարձր ստանդարտներն ու բարեվարքությունը։ Այսօրվա լրատվական դաշտը հեղեղված է միտումնավոր ու ոչ միտումնավոր ապատեղեկատվությամբ։ Քաղաքացիներին իրազեկելու փոխարեն ապատեղեկատվությունը շեղում է նրանց, հեռու պահում փաստերի ու ողջամտության վրա հիմնված իրական քննարկումներից։ Յուրաքանչյուր լրագրող պարտավոր է պայքարել ապատեղեկատվության դեմ՝ ամեն անգամ այդ երևույթին բախվելիս դրա մասին բարձրաձայնելով ու դրան հակազդելով։ Մայրաքաղաք Վաշինգտոնի ամենամեծ շրջանառություն ունեցող «Վաշինգտոն պոստ» օրաթերթի պաշտոնական կարգախոսում  ասված է՝ ժողովրդավարությանը մահանում է խավարում։ Լրագրողի աշխատանքը՝ Հայաստանում և աշխարհում այլուր, այդ խավարը լուսավորելն է, կառավարությանը, հաստատություններին և հասարակությանը վառ լույսի ներքո պահելը, որպեսզի ճշմարտության ուղին առավել տեսանելի լինի։ Երբեմն այդ լույսն ապահովելու համար խիզախություն է պահանջվում։ Այն ենթադրում է ճշմարտությունների բացահայտում, որոնք ազդեցիկ ու իշխանության տեր մարդիկ կցանկանային գաղտնի պահել։ Դա կարող է վտանգել ձեր կարիերան, երբեմն կարող է ֆիզիկական վտանգ ստեղծել ձեր համար։ Ռուսաստանում «Վոլ Սթրիթ Ջերնըլի» լրագրող Էվան Գերշկովիչի անօրինական կալանավորումը բոլորիս ուշադրության կենտրոնում է։ Լրագրողական աշխատանքը քրեորեն պատժելի արարք չէ, և մենք կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ ազատ արձակել նրան։ Ես անձամբ օգնել եմ «Ֆոքս Նյուզի» լրագրող Բեն Հոլի տարհանման ժամանակ, որն իր աշխատանքը կատարելիս ծանր վիրավորում էր ստացել Ուկրաինայում։ Նրա գործընկերներից երկուսը զոհվել էին հարձակման ժամանակ։ Այժմ Բենը, բարեբախտաբար, վերադարձել է լրագրողական աշխատանքի և լուսաբանում  է ԱՄՆ պետքարտուղարության աշխատանքը։ Ներկա բոլոր լրագրողներին իմ անսահման երախտիքն ու հարգանքն եմ հայտնում ձեր հաստատակամության, խիզախության և Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանելու հարցում ունեցած էական դերակատարման համար։ Միացյալ Նահանգներն աջակցում է ձեր աշխատանքին, և մենք կշարունակենք ներդրումներ կատարել Հայաստանի մեդիադաշտի ամրապնդման և հայ ու ամերիկացի լրագրողների միջև կապերի խորացման ուղղությամբ։ Հպարտությամբ ուզում եմ նշել, որ այսօր դեսպանության աջակցությամբ «Հանրային լրագրության ակումբը» ապատեղեկատվության հակազդմանը նվիրված համաժողով էր կազմակերպել, և մենք հուսով ենք, որ քննարկումները թույլ տվեցին վերհանել այս հետզհետե մեծացող վտանգի դեմ պայքարի լավագույն փորձը։ Այսօր ես ուզում եմ նաև անդրադարձ կատարել Հայաստանի մեդիաոլորտում մեր երկու նոր ներդրումներին։ Առաջինը՝ ԱՄՆ ՄԶԳ-ը «Ինտերնյուս նեթվորքի» հետ ստորագրել է 15 միլիոն ԱՄՆ դոլարի համաձայնագիր «Մեդիա ծրագիր Հայաստանում» ծրագրի իրականացման վերաբերյալ, որն աջակցելու է լրագրողական ստանդարտներին ու մեդիա ոլորտի ֆինանսական կենսունակությանը։  Երկրորդը՝ Դեսպանության Հանրային դիվանագիտության գրասենյակը 2,3 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում է նախատեսում Հայաստանում լրագրողական կրթության  մագիստրոսական ծրագրի ու գործող լրագրողների համար փորձի փոխանակման նոր  նախագծերի իրականացման նպատակով։ Այս երկու նախաձեռնությունների մասին էլ նոր մանրամասներ կներկայացվեն այս տարի ավելի ուշ։ Եվ վերջում մի քանի բառ եմ ուզում ասել այս շաբաթվա կարևորագույն իրադարձության՝ Վաշինգտոնում  պետքարտուղար Բլինքենի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև ընթացող խաղաղության բանակցությունների մասին։ Այս գործընթացին ԱՄՆ կառավարության կողմից ամենաբարձր մակարդակում ցուցաբերվող աջակցությունն ընդգծում է Միացյալ Նահանգների հանձնառությունը խաղաղ ու բարեկեցիկ ապագայի կերտման հարցում՝ Հայաստանում և Հարավային Կովկասի տարածաշրջանում։  Մենք ողջունում ենք գրանցված առաջընթացը և լիահույս ենք, որ կողմերը կշարունակեն ուղիղ երկխոսությունն առաջիկա շաբաթների ընթացքում։ Մենք շարունակում ենք շեշտել, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության երաշխավորումը առանցքային է տևական խաղաղության հասնելու հարցում։ Այսքանով թույլ տվեք ամփոփել և շնորհակալություն հայտնել ձեզ այն ամենի համար, որ դուք եք անում։ Այսօր, երբ նշում ենք Մամուլի ազատության օրը, և առհասարակ մեզ համար պատիվ է լինել ձեր գործընկերը մամուլի ազատության խիստ էական հարցում առաջընթաց հարթելու ճանապարհին»։
13:26 - 05 մայիսի, 2023
Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց գրանցեցին բարդ խնդիրների լուծման հարցում. ԱՄՆ պետքարտուղար Բլինքեն |amerikayidzayn.com|

Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց գրանցեցին բարդ խնդիրների լուծման հարցում. ԱՄՆ պետքարտուղար Բլինքեն |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: ԱՄՆ պետքարտուղարությունը տարածել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ամփոփոչ ելույթը  Հայաստանի Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ավարտից հետո։ «Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակելու առաջարկել իր աջակցությունը, ներգրավվածությունը, բարի կամքը՝ դեպի կայուն խաղաղություն` այս և ապագայում ցանկացած այլ քննարկումներ հյուրընկալելու համար: Դա է նպատակը։ Երկու կողմերը վերջին մի քանի օրվա ընթացքում քննարկել են մի շարք ծանր հարցեր և շոշափելի առաջընթաց գրանցել կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու հարցում։ Հուսով եմ, որ նրանք տեսնում են, և ես հավատացած եմ, որ համաձայնությունը տեսանելի է և գտնվում է հասանելիության սահմաններում: Եվ այդ համաձայնության ձեռքբերումը, կարծում եմ, կունենա ոչ միայն պատմական նշանակություն, այլև խորապես բխում է Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների շահերից ու շատ դրական ազդեցություն կունենա նույնիսկ երկու այս երկրների սահմաններից դուրս: Կարծում եմ, որ բանակցությունների տեմպը և այն հիմքը, որը ստեղծել են մեր գործընկերները, ցույց են տալիս, որ մենք իսկապես գտնվում ենք համաձայնության հասնելու ճամփին։ Ցանկացած մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենադժվարն է. մենք դա գիտենք. Բայց Միացյալ Նահանգներն այստեղ է, որպեսզի շարունակի օգնել մեր երկու ընկերներին անցնել վերջնագիծը: Եվ ինչպես ասում եմ, ես կարծում եմ, որ դա չափազանց շատ հասանելի է: Ի վերջո, պետք է ասեմ, որ այն ղեկավարությունը, որը մենք տեսնում ենք թե՛ Հայաստանից, թե՛ Ադրբեջանից, և իմ բարեկամներ երկու արտգործնախարարներից, ոգեշնչող է։ Սրանցից ոչ մեկը հեշտ չէ, բայց հանձնառությունը, առաջ շարժվելու, մնացած դժվարին հարցերով զբաղվելու վճռականությունն իրական է: Եվ այս մի քանի օրերից մենք զգում ենք, որ, ինչպես ասացի, շատ շոշափելի առաջընթաց ենք գրանցել։ Վերջնական համաձայնությունը հասանելի է, և մենք վճռական ենք շարունակել օգնել մեր բարեկամներին հասնել դրան: Այսպիսով, շնորհակալություն երկու պատվիրակություններին, ինչպես նաև վարչապետ Փաշինյանին և նախագահ Ալիևին ձեզ այստեղ ուղարկելու համար։ Շնորհակալ եմ բոլորին, և մենք անհամբեր սպասում ենք շարունակությանը»,- ասել է պետքարտուղար Բլինքենը՝ եռակողմ բանակցությունների ամփոփիչ իր ելույթում»:
10:04 - 05 մայիսի, 2023
Չեխիայի վարչապետը խոսեց Հայաստանում փոքր օդանավերի արտադրության հնարավորության մասին
 |armenpress.am|

Չեխիայի վարչապետը խոսեց Հայաստանում փոքր օդանավերի արտադրության հնարավորության մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Չեխիայի միջև բարիդրացիական և հաջող հարաբերություններ են, որոնք պետք է ավելի խորացնել։ Այս մասին հայտարարեց Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ «Շատ ուրախ եմ կրկին ողջունելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին այստեղ՝ Պրահայում։ Շատ ուրախ եմ, քանի որ այս տարի նշում ենք մեր դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։ Վարչապետի հետ նախորդ հանդիպման ժամանակ մենք համաձայնեցինք, որ շատ բարձր ենք գնահատում մեր բարիդրացիական հարաբերությունները։ Մենք համաձայնեցինք, որ ժողովրդավարական միևնույն արժեքների կրողն ենք։ Հիմա, ստորագրելով մեր դիվանագիտական հարաբերությունների մասին համատեղ հայտարարությունը, երկու կողմերը հույս են հայտնել, որ համագործակցությունը կընդլայնվի և կխորանա տարբեր ոլորտներում։ Երբ ասացի, որ ժողովրդավարական նույն արժեքներն ենք կրում, ես դա հենց այնպես չեմ ասում, ինքնանպատակ հայտարարություն չէ դա։ Մենք պետք է գնահատենք ինչպիսի դեր ունի Հայաստանը տարածաշրջանում։ Պետք է գնահատենք նաև այն հանգամանքը, որ Եվրոպական խորհրդարանը այս տարի մարտին զեկույց հրապարակեց, որում ընդգծեց, որ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է։ Նման բաները հենց այնպես տեղի չեն ունենում, պետք է այդ ուղղությամբ աշխատանք տանել։ Պետք է անպայման սատարենք և աջակցենք այդ դիրքորոշմանը և աջակցենք երկրին»,- ընդգծեց Ֆիալան։ Չեխիայի վարչապետը համոզված է, որ դա կարտացոլվի երկու երկրների, ինչպես նաև Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում։ «Հայաստանը այս կերպ ավելի առաջ է գնում, ավելի բարձր մակարդակի է բարձրանում և սա շահագրգռող հնարավորություն է հետագա լրացուցիչ բարեփոխումների համար»,- հավելեց Ֆիալան։ Չեխիայի կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ 2022 թվականի հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել էր Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովին, որի ընթացքում խոսել են բազմաթիվ գլոբալ հարցերի և մարտահրավերների մասին։ «Կարողացանք նաև կազմակերպել վարչապետի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ իմաստով Պրահան դարձավ այն վայրերից մեկը, որտեղ փորձ է արվել քայլ առաջ կատարել հայ-ադրբեջանական հարաբերություններում»,- նշեց Չեխիայի վարչապետը։ Ֆիալայի խոսքով՝  Հայաստանն առաջնահերթ երկրների շարքում է Չեխիայի վերափոխման համագործակցության ծրագրում, որն ուղղված է քաղաքացիական հասարակությանը, մարդու իրավունքներին և անկախ լրատվամիջոցներին աջակցելուն։ Չեխիայի կառավարության ղեկավարը նաև ներկայացրեց, թե Հայաստանի ինչ համատեղ ծրագրեր են նախատեսվում իրականացնել։ «Հայաստանի և Չեխիայի միջև բարիդրացիական և հաջող հարաբերություններ են, որոնք ուզում ենք էլ ավելի խորացնել։ Տեսնում ենք մեր համագործակցությունը խորացնելու լրացուցիչ հնարավորություններ տնտեսության, գիտության, կրթության, էներգետիկայի ոլորտներում։ Օրինակ՝ էներգետիկան շատ կարևոր է Չեխիայի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համար։ Չեխ գիտնականները ներգրավված են Մեծամորի ատոմակայանի անվտանգության բարելավման աշխատանքներում։ Մեր փորձագետները ընթացիկ նորոգումներին մասնակցում են, և դա հաջողված համագործակցության օրինակ է։ Չեխիայի Հանրապետությունը կարող է նաև բարձրակարգ տեխնոլոգիաներ առաջարկել Հայաստանին, օրինակ՝ խելացի քաղաքների բնագավառում։ Մենք մեր խելացի քաղաքների տեխնոլոգիաները ներկայացրեցինք նախորդ տարի կոնֆերանսի ընթացքում, որը կազմակերպել էինք Արևելյան գործընկերության պետությունների համար։ Ուրախ եմ, որ մեր համագործակցությունը ավիացիայի բնագավառում շարունակվում է խորանալ։ Կա ծրագիր նաև, որի շրջանակներում հնարավոր է արտադրվեն փոքր օդանավեր Հայաստանի Ստեփանավան քաղաքում․ այնտեղ օդանավակայան է կառուցվել երկրաշարժից հետո։ Նաև չեխ-հայկական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստն է տեղի ունենալու Պրահայում, որը տնտեսական և արդյունաբերական համագործակցության հարցերով է զբաղվում։ Այդ հանդիպման ժամանակ, բնականաբար, համագործակցության այլ ոլորտներ էլ կբացվեն»,- եզրափակեց Ֆիալան։
16:08 - 04 մայիսի, 2023
Չավուշօղլուն խոսել է «Նեմեսիսի» արձանը հանելու մասին. Վահագն Ալեքսանյանը սխալվում է

Չավուշօղլուն խոսել է «Նեմեսիսի» արձանը հանելու մասին. Վահագն Ալեքսանյանը սխալվում է

Ազգային ժողովում խորհրդարանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչների ճեպազրույցի ժամին լրագրողը հիշեցրեց, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն երեկ հայտարարել էր, որ Թուրքիայի օդային սահմանը Հայաստանից թռիչքների համար փակվել է «Նեմեսիսի» հուշարձանի տեղադրման պատճառով․ «Երեկ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Թուրքիայի օդային սահմանը փակվել է, քանի որ տեղադրվել է Նեմեսիսի արձանը, ու սպառնաց՝ եթե չապամոնտաժվի, այլ քայլեր կհետեւեն սրան,- պատգամավորներ Սարգիս Խանդանյանից ու Վահան Ալեքսանյանից հետաքրքրվեց լրագրողը՝ հարցնելով,- «Ի՞նչ է պատրաստվում Հայաստանի կառավարությունն անել, արդյոք հնարավո՞ր է՝ ապամոնտաժվի արձանը»։ Պատգամավոր Վահագն Ալեքսանյանին հարցի այսպիսի ձեւակերպումը զարմացրեց, նա այսպես պատասխանեց․ «Նախ՝ արձանները ՀՀ կառավարության տիրույթում չեն, այլ Երեւանի քաղաքապետարանի տիրույթում են, բայց Ձեր հարցի մեջ սխալ կա, որովհետեւ նման բան, որ «եթե չապամոնտաժվի», նման արտահայտություն առնվազն չկար Թուրքիայի ԱԳՆ-ի խոսքում, այլ կար, կարծեմ, եթե չեմ սխալվում, «եթե նման քայլերը շարունակական լինեն», էս կոնտեքստում էր, բայց ձեր ասածի նման արտահայտություն չկար»։ Վահագն Ալեքսանյանը, սակայն, սխալվում է, քանի որ Չավուշօղլուն երեկ ոչ միայն ասել է «նման քայլերի» շարունակականության մասին, այլ նաեւ արձանի հեռացման իրենց ակնկալիքի։ Մասնավորապես, երեկ՝ մայիսի 3-ին, NTV հեռուստաալիքի եթերում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի օդային տարածքով թռիչքների արգելքը պայմանավորված է Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսներին նվիրված հուշարձանի բացմամբ։ Արտգործնախարարը նշել է, թե «հուշարձանը տեղադրվել է թուրք դիվանագետներին, քաղաքացիներին, ինչպես նաև ադրբեջանցիների սպանած ահաբեկիչներին փառաբանելու համար»․ «Ես՝ որպես նախարարության ղեկավար, որի ներկայացուցիչներն ուժային կառույցների ներկայացուցիչներից հետո ամենաշատը տուժել են տեռորից, չեմ կարող դա ընդունել․․․ Նրանք ցույց են տալիս, որ դրական մտադրությամբ չեն արել, իսկ ես ձեռքներս ծալած չէի կարող նստել, դրա համար էլ որոշում կայացվեց փակել մեր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների համար։ Իսկ եթե շարունակեն, ուրեմն մենք այլ միջոցներ կձեռնարկենք, թող չնեղանան»,- ասել է Չավուշօղլուն։ Ապա լրագրողի ճշտող հարցին՝ օդային տարածքը փակելու մասին որոշումը նո՞ր է, Չավուշօղլուն դրական պատասխան է տվել՝ նշելով, որ միայն ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է թույլատրվել թռչել Թուրքիա՝ մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին եւ Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին։ Չավուշօղլուն նշել է, որ դրանից զատ VIP թռիչքները չեն թույլատրվի, եւ շարունակել է․ «Եթե շարունակեն, եթե դա չհանեն, այլ միջոջներ կձեռնարկենք։ Անհնար է, որ մենք դրա հետ համակերպվենք, դա դրական մտադրությամբ չանելն էլ արդեն տեսել ենք»։ Այսպիսով, Չավուշօղլուն իսկապես արձանի հեռացման «պայմանի» մասին խոսել է, ուստի Վահագն Ալեքսանյանը սխալվում է։ Ի հիշեցում՝ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու ապրիլի 29-ին չեղարկել են Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։ Այս մասին հայտնել էր Flyone Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։ Աննա Պալաքյան
14:44 - 04 մայիսի, 2023
ԼՂ հակամարտության նման զգայուն իրավիճակների կարգավորումը չի կարող առանց անհարթությունների ընթանալ. Միխայիլ Գալուզին
 |1lurer.am|

ԼՂ հակամարտության նման զգայուն իրավիճակների կարգավորումը չի կարող առանց անհարթությունների ընթանալ. Միխայիլ Գալուզին |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, անդրադառնալով այն հարցին, թե որքանով է հաջողվել առաջ շարժվել ԼՂ-ում և մասնավորապես՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված, պատասխանել է. «Նախևառաջ, նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով ժամանակին հաջողվեց մարել թեժ հակամարտությունը: ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսքը հենց կրակի դադարեցման, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի և ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման մասին է»: Գալուզինի խոսքով՝ երկխոսության ճանապարհով պետք է առաջ շարժվել չորս հիմնական ուղղություններով՝ տարածաշրջանում տրանսպորտային, տնտեսական կապերի ապաշրջափակում, երկխոսություն՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով, երկու երկրի միջև սահմանազատում և հարաբերությունների հարթում՝ հանրային ու խորհրդարանական ուղղություններով, առանց որոնց՝ դժվար է խոսել երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորման մասին: «Հակամարտության կարգավորման հիմնական բաղադրիչները, մասնավորապես՝ կրակի դադարեցումը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում առանցքային ուղղությունների ձևակերպումը, ինքնին ձեռքբերում են։ Այդ սկզբունքները ձևակերպված են եղել և սկսել են կյանքի կոչվել բացառապես ՌԴ և նախագահ Պուտինի միջնորդական առաքելության շնորհիվ»,- ասել է նա: Գալուզինը նշել է, որ Ռուսաստանն այս տարիներին չորս ուղղություններով փորձել է պրակտիկ քայլեր ձեռնարկել, յուրաքանչյուրի ուղղությամբ լուրջ ներուժ և հիմքեր են մշակվել հետագա առաջխաղացման համար: «Հասկանալի է, որ այնպիսի հին ու զգայուն կոնֆլիկտային իրավիճակների կարգավորումը, ինչպիսին ԼՂ-ում և նրա շուրջ տեղի ունեցողն է, եթե իրատեսորեն նայենք, չի կարող ընթանալ առանց անհարթությունների և խնդիրների»,- ասել է Գալուզինը:
10:44 - 04 մայիսի, 2023
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների հաջորդ փուլը պետք է կայանա այս ամիս Ռուսաստանում. Ալիև
 |tert.am|

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների հաջորդ փուլը պետք է կայանա այս ամիս Ռուսաստանում. Ալիև |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Շուշի կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունների հաջորդ փուլը պետք է կայանա այս ամիս Ռուսաստանում։ Նրա կարծիքով՝ համաձայնության հասնելու լավագույն ճանապարհն Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններն են՝ առանց որևէ միջնորդի, օգնողների կամ խանգարողների։ «Կարծում եմ, որ երկու երկրների միջև ուղիղ բանակցությունները ավելի օգտակար և անհրաժեշտ կլինեն։ Կարծում եմ՝ մենք պետք է ավելի առաջ շարժվենք այս ուղղությամբ, եթե, իհարկե, Հայաստանը նույնպես պատրաստ լինի դրան»,- նշել է Ալիևը: Հիշեցնենք, որ մայիսի 1-ից ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ընթացող բանակցություններում քննարկվում են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր: Մայիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Հայաստանի, ապա Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Իսկ այս հանդիպումներից հետո ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին երկկողմ խաղաղ բանակցությունների համար։ Եռակողմ բանակցություններից հետո սկսվել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը։  Մայիսի 3-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: 
10:38 - 04 մայիսի, 2023
ԱՄՆ պետքարտուղարությունը անհանգստություն է հայտնել ՀՀ-ից Թուրքիա թռիչքները արգելելու առիթով
 |1lurer.am|

ԱՄՆ պետքարտուղարությունը անհանգստություն է հայտնել ՀՀ-ից Թուրքիա թռիչքները արգելելու առիթով |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղարությունն իր անհանգստությունն է հայտնել հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու վերաբերյալ Թուրքիայի որոշման կապակցությամբ: «Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, ինչը լավ կլիներ ողջ տարածաշրջանի համար։ Մենք հիասթափությամբ ի գիտություն ընդունեցինք Թուրքիայի հայտարարությունն իր տարածքով հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու մասին։ Ավելի վաղ երկրների միջև ձեռք բերված համաձայնություններն ավիահաղորդակցության վերականգնման վերաբերյալ դարձել են վստահության ամրապնդման կարևոր միջոցներ։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ Թուրքիան և Հայաստանը կկարողանան շարունակել վերականգնել տնտեսական կապերը և բացել տրանսպորտային հաղորդակցությունը»,- «Լուրերի» հարցմանն ի պատասխան նշել է ԱՄՆ պետքարտուղարությունը։ Հիշեցնենք, որ Flyone Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը ապրիլի 29-ին հայտնել էր, որ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել են Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։  Այսօր՝ մայիսի 3-ին, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտատարեց, որ Թուրքիայի օդային տարածքով թռիչքների արգելքը պայմանավորված է Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսներին նվիրված հուշարձանի բացմամբ։  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, հարց հնչեցրեց՝ եթե նման արձան ՀՀ-ում չլիներ, դրանից ի՞նչը կտուժեր եւ ի՞նչ կշահեր Հայաստանը: Իսկ, թե ինչու է արձանը տեղադրվել՝ նա պատասխանեց՝ մի պարզ պատճառով. «Այդ նախաձեռնությունները եղել են 2020թ դեկտեմբերից 2021-ի ապրիլի շրջանում: Եվ բոլորը մտածել են, որ այդ «դավաճանության» ընդհանուր տրամաբանության մեջ, որ չհամաձայնվենք, մեզ կասեն՝ դուք դավաճան եք: Մենք բոլորս, ըստ էության, առաջնորդվում ենք մի տրամաբանությամբ՝ այնպես անենք, որ մեզ հանկարծ չասեն, որ մենք դավաճան ենք, բայց մենք իրականում մեր երկրի պետական ու ազգային շահերն անընդհատ դավաճանում ենք…»,- ասաց վարչապետը։  
19:55 - 03 մայիսի, 2023
Որքանո՞վ է կոռուպցիան խնդիր մեր երկրում, հակակոռուպցիոն ի՞նչ բարեփոխումներ կան․ հարցում

Որքանո՞վ է կոռուպցիան խնդիր մեր երկրում, հակակոռուպցիոն ի՞նչ բարեփոխումներ կան․ հարցում

Նախօրեին հրապարակվեցին Հայաստանում հանրային կարծիքի վերաբերյալ Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ անցկացված հարցումների արդյունքները։ Հարցումներն անցկացվել են այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում, մասնավորապես հունվարի 23-մարտի 04-ն ընկած ժամանակահատվածում դեմ առ դեմ հարցման մեթոդով։ Իսկ հարցումներում ընդգրկվել է 18 տարին լրացած 1513 ՀՀ քաղաքացի։ Որքանո՞վ է կոռուպցիան (կաշառակերությունը) խնդիր մեր երկրում․ ահա այս հարցին մասնակիցների 41%-ը պատասխանել է, որ կոռուպցիան Հայաստանում շատ մեծ խնդիր է, 6%-ը կարծում է, որ կոռուպցիան շատ փոքր խնդիր է կամ չկա այդպիսի խնդիր։ 32%-ը պատասխանել է, որ կոռուպցիան ավելի շուտ մեծ խնդիր է, իսկ 19%-ը՝ հակառակ կարծիքին է՝ կոռուպցիան ավելի շուտ փոքր խնդիր է։ Հարցվածների 21%-ը կարծում է, որ անցած 12 ամիսների ընթացքում իշխանությունների շրջանում կոռուպցիան աճել է, 30%-ը կարծում է՝ նվազել է, 39%-ը կարծում է, որ կոռուպցիան մնացել է նույնը, 10%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին։ Հարցումների ժամանակ ընթերցվել է հաստատությունների ցանկ, եւ հարցվողները պատասխանել են, թե ըստ իրենց դրանցից յուրաքանչյուրում կոռուպցիան առկա է շատ, որոշ չափով, քիչ, թե՞ չկա ընդհանրապես: Այսպես, հարցվածների 21%-ը կարծում է, որ հանրային առողջապահական հաստատություններում կոռուպցիան շատ է, հարցվածների նույնքան տոկոսը կարծում է, որ այս հաստատություններում կոռուպցիա չկա, 37%-ը կարծում է, որ որոշ չափով կա։ Հարցվածների 20%-ը պատասխանել է, որ դատարաններում կոռուպցիան շատ է, 12%-ը պատասխանել է, որ դատարաններում կոռուպցիա չկա, իսկ 34%-ը կարծում է, որ կոռուպցիա կա որոշ չափով։ Ոստիկանության, այդ թվում՝ ճանապարհային ոստիկանության վերաբերյալ հարցին 12%-ը պատասխանել է, որ կոռուպցիան շատ է, 28%-ը պատասխանել է, որ չկա, իսկ 33%-ը պատասխանել է, որ կա որոշ չափով։ Հարցվածները թվել են նաեւ իրենց իմացած հակակոռուպցիոն բարեփոխումները, որոնք ներդրվել են կառավարության կողմից։ Ըստ հարցման տվյալների՝ հարցվածների 32%-ը չի նշել ոչ մի բարեփոխում, 7%-ը նշել է, որ կա կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման արդյունավետության բարձրացում, 4%-ը հիշատակել է մասնագիտացված հակակոռուպցիոն մարմինների մասին, 2%-ը՝ Հակակոռուպցիոն դատարանի մասին։
16:41 - 03 մայիսի, 2023
Հայաստանը շարժվում է ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ․ հարցվածների 52%-ը բացասական կարծիքի է

Հայաստանը շարժվում է ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ․ հարցվածների 52%-ը բացասական կարծիքի է

Նախօրեին հրապարակվեցին Հայաստանում հանրային կարծիքի վերաբերյալ Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ անցկացված հարցումների արդյունքները։ Հարցումներն անցկացվել են այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում, մասնավորապես հունվարի 23-մարտի 04-ն ընկած ժամանակահատվածում դեմ առ դեմ հարցման մեթոդով։ Իսկ հարցումներում ընդգրկվել է 18 տարին լրացած 1513 ՀՀ քաղաքացի։ Մասնակիցները, ի թիվս այլնի, պատասխանել են հարցին՝ արդյոք բավարարվա՞ծ են մեր երկրում ժողովրդավարության զարգացման ընթացքով, թե՞ ոչ։ Հարցվածների 17%-ը պատասխանել է, որ բավարարված է, եւ որ փոփոխությունը կատարվում է ճիշտ տեմպերով, 42%-ը բավարարված չէ, կարծում է՝ փոփոխությունը դանդաղ է կատարվում։ 4%-ն այն կարծիքին է, որ փոփոխությունը շատ արագ է կատարվում, եւ որ բավարարված չէ ընթացքով, 35%-ը կարծում է, որր ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում, իսկ ահա 2%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին։ Հարցվածների 52%-ը կարծում է, որ Հայաստանն ընդհանուր առմամբ շարժվում է սխալ ուղղությամբ, 36%-ը՝ ճիշտ ուղղությամբ, իսկ 12%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին։ Հարցվածների 29%-ը հայտնել է, որ շատ հետաքրքրված է քաղաքականությամբ, 35% պատասխանել է, որ ընդհանրապես հետաքրքրված չէ, 14%-ն ավելի շոտ հետաքրքրված է, իսկ 22%-ն ավելի շուտ հետաքրքրված չէ։
15:16 - 03 մայիսի, 2023
Հայաստանի բնակչության 69 տոկոսը բացասական է գնահատում ԼՂ հարցում կառավարության քաղաքականությունը, խաղաղության հաստատման խոստմանը հավատում է 9%-ը․ IRI-ի հարցման արդյունքները
 |aysor.am|

Հայաստանի բնակչության 69 տոկոսը բացասական է գնահատում ԼՂ հարցում կառավարության քաղաքականությունը, խաղաղության հաստատման խոստմանը հավատում է 9%-ը․ IRI-ի հարցման արդյունքները |aysor.am|

aysor.am: Հրապարակվել են Ամերիկյան Միջազգային Հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/ IRI) կողմից իրականացված սոցիոլոգիական հետազոտության տվյալները, որոնք վերաբերում են այս տարվա մարտին: IRI -ի՝ 72 էջանոց հարցման կարևոր ցուցանիշներն են․ Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը 14% է, Արարատ Միրզոյանինը՝ 3%, Ռոբերտ Քոչարյանինը՝ 2%, Արամ Զավենի Սարգսյանինը՝ 2%, Ալեն Սիմոնյանինը՝ 2%: Հարցվածների 64%-ն ասել է՝ որևէ մեկին չի վստահում: Անցած 6 ամիսներին ՀՀ կառավարության ամենամեծ ձեռքբերումը հարցվածների 6%-ը համարել է դիվանագիտական աշխատանքը, 4%-ը՝ ճանապարհաշինությունը, 2%-ը՝տնտեսական աճը: 44%-ը նշել է, որ ոչ մի ձեռքբերում չկա, 21%-ը դժվարացել է պատասխանել: Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի ո՞ր խոստման իրագործմանն  են հավատում առաջիկա 6 ամսիներին, հարցվածների  12%-ը պատասխանել է բանակի հզորացումը, 12%-ը՝ անվտանգության մակարդակի բարձրացումը, 3%-ը՝ նոր աշխատատեղերի ստեղծումը, 9%-ը՝ խաղաղության հաստատումը: Հայաստանի բնակչության 69 տոկոսը բացասական գնահատական է տալիս ԼՂ հարցում կառավարության քաղաքականությանը։ Հարցվածների 52%-ը կարծում է, որ երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ, 36%-ը՝ ճիշտ ուղղությամբ: Քաղաքական լուրերն ինչ՞ աղբյուրներից եք ստանում հարցին  76%-ը պատասխանել է TV-ներից, 57%-ը՝ սոցցանցից, 46%-ը առցանց մամուլից: Հարցին՝ Youtube-ում ի՞նչ աղբյուրներից եք լուրերին ծանոթանում, 23%-ը պատասխանել է՝ Հ1, 16%-ը՝ «Արմենիա», 10%-ը՝ «Շանթ», 5%-ը՝ «Ազատություն», 3%-ը՝ «TV5», 1%-ը՝ «Կենտրոն»։  
14:03 - 03 մայիսի, 2023
2018-2023թթ․ ինչպես է փոխվել Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը
 |civilnet.am|

2018-2023թթ․ ինչպես է փոխվել Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը |civilnet.am|

civilnet.am: ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հասարակական կարծիքի հարցում է իրականացրել Հայաստանում: Տվյալները հավաքվել են ամբողջ Հայաստանի տարածքում 2023-ի հունվարի 23-ից մարտի 04-ն ընկած ժամանակահատվածում դեմ առ դեմ հարցման մեթոդով, հարցվողների տանը։ Հարցմանն ընդգրկվել է 18 տարին լրացած 1 513 ՀՀ քաղաքացի։ Արտաքին քաղաքականությանը վերաբերող ընդհանրական պատկերն ունի հետևյալ տեսքը․ Հայաստանի համար առավել կարևոր քաղաքական գործընկերը, ըստ հարցման մասնակիցների, Ֆրանսիան է, երկրորդը Իրանն է, նրան հաջորդում են ԱՄՆըն, Ռուսաստանը և Եվրամիությունը։ Ի տարբերություն քաղաքականի, հարցվածները տնտեսական առավել կարևոր գործընկեր են համարում Ռուսաստանին, ապա նշվում է Իրանը և Չինաստանը։ «Ո՞ր երկրներն են անվտանգության ոլորտում առավել կարևոր գործընկերները» հարցին ի պատասխան մեծամասնությունն ասել է՝ Իրան, հաջորդում են Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը։ Հարցման մասնակիցների 93%-ը նշել է, որ Հայաստանի համար քաղաքական սպառնալիք է ներկայացնում Ադրբեջանը, 89%-ն ասել է՝ Թուրքիան, 24%-ը՝ Ռուսաստանը։ Տնտեսական սպառնալիք, ըստ քաղաքացիների, ավելի շատ ներկայացնում են Թուրքիան, հետո Ադրբեջանը և Ռուսաստանը։ Ստորև ներկայացնում ենք 2018-2023 թթ․ Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքի փոփոխությունը․
13:49 - 03 մայիսի, 2023
Վաշինգտոնը Բաքվին ու Երևանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը
 |azatutyun.am|

Վաշինգտոնը Բաքվին ու Երևանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Վաշինգտոնը Բաքվին ու Երևանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, փոխանցում են Միացյալ Նահանգների պետքարտուղարությունից՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք այս օրերին Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններում քննարկվո՞ւմ են Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցեր։ Պետքարտուղարության խոսնակը շեշտել է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցն առանցքային է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում: «Չափազանց շատ կյանքեր խլած ու շատ երկար տևող հակամարտությանը տևական կարգավորում գտնելու միակ ճանապարհն այն է, որ ի վերջո այս մարդիկ իրենց ապահով զգան իրենց տներում, և նրանց իրավունքները պաշտպանված լինեն», - փոխանցել են ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունից, հավելելով, որ Միացյալ Նահանգները աջակցում է «երկարատև, կայուն համաձայնությանը, որը խաղաղության հիմք կարող է դնել»։ Միաժամանակ, Պետդեպարտամենտն ընդգծում է, որ հարաբերությունները կարգավորելու համաձայնության շրջանակը, բնույթն ու բովանդակությունը պետք է կողմերը որոշեն. - «Վաշինգտոնը պատիվ ունի հյուրընկալելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին, մինչ նրանք աշխատում են խաղաղության ուղղությամբ։ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասում խաղաղ ապագան առաջ մղելու նպատակին։ Կողմերի ուղիղ երկխոսությունը երկարատև խաղաղությանը հասնելու և խնդիրները լուծելու բանալին է։ Հարաբերությունները կարգավորելու համաձայնության շրջանակն ու բնույթը կողմերի գործն է։ Մեր նպատակն է տարածք տրամադրել, որտեղ կարող են տեղի ունենալ երկկողմ քննարկումներ, և կողմերը կարող են միասին կատարել իրապես դժվարին աշխատանքը՝ երկարատև խաղաղության ուղղությամբ առաջընթաց գրանցելու համար։ Ինչ կարող է տեղ գտնել համաձայնության մեջ, և ինչը՝ ոչ` կողմերին վերաբերող հարց է»։
13:46 - 03 մայիսի, 2023
Ո՞ւմ օգտին կքվեարկեին քաղաքացիները, որո՞նք են կառավարության ձախողումները․ հարցում
 |civilnet.am|

Ո՞ւմ օգտին կքվեարկեին քաղաքացիները, որո՞նք են կառավարության ձախողումները․ հարցում |civilnet.am|

civilnet.am: ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հասարակական կարծիքի հարցում է իրականացրել Հայաստանում: Տվյալները հավաքվել են ամբողջ Հայաստանի տարածքում 2023-ի հունվարի 23-ից մարտի 04-ն ընկած ժամանակահատվածում դեմ առ դեմ հարցման մեթոդով, հարցվողների տանը։ Հարցմանն ընդգրկվել է 18 տարին լրացած 1 513 ՀՀ քաղաքացի։ Հարցվածների մեծ մասը՝ 52%-ը, համարում է, որ Հայաստանը սխալ ուղղությամբ է գնում, և միայն 36%-ն է կարծում, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է գնում։ Ի՞նչ տրամադրություն է գերակշռում հայ բնակչության մեծամասնության շրջանում հարցին ի պատասխան 35%-ը պատասխանել է՝ անապահովության զգացում, անհանգստություն, վախ ապագայի համար։ Միայն 18%-ն է հավատում, որ ապագան հաստատ ավելի լավը կլինի։ Հարցվածների մեծամասնությունը՝ 44%-ը, Հայաստանում այժմ առկա հիմնական խնդիր է համարում ազգային անվտանգությունը և սահմանային իրավիճակը։ Վերջին 6 ամիսների ընթացքում Կառավարության ամենամեծ ձախողումը, ըստ հարցման մասնակիցների 15%-ի՝ Լաչինի միջանցքի փակ լինելն է, հետո Ղարաբաղյան հարցի տապալումը և ՀՀ ազգային անվտանգության և սահմանային խնդիրները։ Նույն ժամանակահատվածում որպես կառավարության ամենամեծ ձեռքբերում նշվել է դիվանագիտական կապերի զարգացումը՝ 6%, ճանապարհների բարեկարգումը՝ 4%։ 43%-ի կարծիքով վերջին 6 ամիսներին կառավարությունը որևէ ձեռքբերում չի ունեցել։ ՀՀ քաղաքացիները քաղաքական կամ հասարակական գործիչներից ամենից շատ շարունակում են վստահել Նիկոլ Փաշինյանին՝ 13%, երկրորդը Արարատ Միրզոյանն է, երրորդը Ռոբերտ Քոչարյանը՝ 2%-ով։ Հարցման մասնակիցների 64%-ը նշել է, որ որևէ քաղաքական գործչի չի վստահում։ Եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի, հարցվածների 21%-ն իր ձայնը կտար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 4%-ը՝ «Հայաստան» դաշինքին, 3%-ը՝ «Բարգավաճ Հայաստանին», 2%-ը՝ Վարդան Ղուկասյանի (Դոգ) «Հանրային ձայն» կուսակցությանը։
13:40 - 03 մայիսի, 2023
Հարցում. խոսքի ազատությունը Հայաստանում նվազել է
 |media.am|

Հարցում. խոսքի ազատությունը Հայաստանում նվազել է |media.am|

media.am: Միջազգային Հանրապետական Ինստիտուտը (IRI, International Republican Institute) հասարակական կարծիքի նոր հետազոտությունը, որն անցկացվել է 2023թ․-ի հունվար-մարտ ամիներին, խոսքի ազատության և մեդիայի անկախության և սպառման թեմայով հարցեր է ներառում։ Միջազգային Հանրապետական Ինստիտուտն այս հետազոտությունն անցկացնում է 2018թ․-ից և կան հարցեր, որոնց պատասխանները առկա են նաև նախորդ տարիների համար։ Օրինակ, «Ի՞նչ եք կարծում՝ խոսքի ազատությ ու ն ը ո՞ր ուղղությամբ է զարգացել վերջին 6 ամիսների ընթացքում» հարցի պատասխանը հասանելի է 2018թ․ օգոստոս և հոկտեմբեր, ինչպես նաև 2019թ․մայիս և հոկտեմբեր ամիսների համար։ Եթե 2019թ․ հոկտեմբերին հարցվածների 80%-ն էր պատասխանել, որ խոսքի ազատությունը Հայաստանում բարելավել է, ապա 2023-ին այդ թիվը նվազել է և կազմում է 56%։ Հարցման մասնակիցների կարծիքով լրատվամիջոցների անկախությունը ևս Հայաստանում նահանջ է ապրել։ «Ի՞նչ եք կարծում՝ լրատվամիջոցների անկախությունը ո՞ր ուղղությամբ է զարգացել վերջին 6 ամիսների ընթացքում» հարցին պատասխանողների 22%-ն ընտրել է «հետընթաց է ապրել» պատասխանը։ 2019-ի հոկտեմբերին հարցվածների միայն 3%-ն էր ընտրել այդ պատասխանը։ Ընդ որում, նվազել է հարցման մասնակցածների թիվը, որոնք մտածում են, թե լրատվամիջոցների անկախությունը բարելավել է։ 2019-ին հարցվածների 75% էր լրատվամիջոցների անկախության բարելավում տեսնում, 2023-ին՝ 41%-ը։ Հարցմանը մասնակցածների 43%-ը կարծում է, որ լրատվամիջոցները ազատ չեն տարբեր քաղաքական տեսակետներ արտահայտելու հարցում, քանի որ կողմնակալ են, 28%-ի կարծիքով իշխանությունը ճնշում է լրատվամիջոցներին։ 5%-ը մտածում է, որ լրատվամիջոցները կոռումպացված են։ Մեդիայի սպառման վերաբերյալ հարցման հատվածը քաղաքական տեղեկատվության ստացման մասին է։ Հանրային հեռուստատեսությունը այս տեսակետից առաջատար է։ Երկրորդը` Արմենիա հեռուստաընկերությունն է, երրորդը՝ Շանթը, չորրորդը՝ Ազատություն ռադիոկայանը։  
13:23 - 03 մայիսի, 2023