Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի Ազգային ժողովի նախագահի հետ

Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի Ազգային ժողովի նախագահի հետ

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի եւ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների ու հանձնաժողովների նախագահների հետ: Ջերմորեն ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Արարատ Միրզոյանն իր անկեղծ գոհունակությունն է հայտնել նման ձեւաչափով հանդիպման համար, մասնավորապես, եւ երկու խորհրդարանների միջեւ շփումների պարբերականության համար, առհասարակ: ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ այս ձեւաչափը կարող է մի նոր հարթակ դառնալ խմբակցությունների եւ հանձնաժողովների միջեւ՝ ավելի կոնկրետ ու թեմատիկ քննարկումների եւ շփումների համար, ինչը կօգնի լրացնել մեր մեծ համազգային օրակարգը, որը ժամանակի հրամայականով պարբերաբար վերանայելու, տարբեր ուղղություններով բարեփոխումներ իրականացնելու, փոփոխվող մարտահրավերների համար նոր լուծումներ գտնելու, մոտեցումները վերաքննելու ու վերահաստատելու անհրաժեշտություն է առաջանում: Արցախի Ազգային ժողովի նախագահը նշել է, որ երկու խորհրդարանների համատեղ աշխատանքի մեկնարկը հաջող է տրված եւ հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցության արդյունքում կհաջողվի նոր որակ հաղորդել Արցախի խորհրդարանի օրինաստեղծ գործունեությանը: Այս համատեքստում նա կարեւորել է փոխայցելությունները ԱԺ նախագահների, խմբակցությունների, հանձնաժողովների մակարդակով: Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների ղեկավարների առանձնազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Թովմասյանին՝ այցի նախաձեռնության համար եւ շեշտել, որ այս ձեւաչափն իր ուրույն տեղը կզբաղեցնի համատեղ աշխատանքներում՝ է՛լ ավելի մեծացնելով օրակարգերի ներդաշնակեցման հնարավորությունն ու փոխգործակցությունը: «Մեր առանձնազրույցին զուգահեռ, այս պահին հանդիպումներ են ընթանում նաեւ խմբակցությունների ղեկավարների ու հանձնաժողովների նախագահների միջեւ, եւ պետք է փաստեմ, որ այն բովանդակությունը, որը փորձում ենք դնել այս հանդիպումների մեջ, իսկապես աննախադեպ է եւ պետք է շարունակենք նույն ոճով»,- նշել է Արարատ Միրզոյանը: Արթուր Թովմասյանը, մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է, որ չկա Արցախի Հանրապետության կողմից առաջարկված մի նախագիծ կամ հարց, որը լուծում չստանա ՀՀ-ի իշխանությունների կողմից: Երկու խորհրդարանների ղեկավարներն առանձնազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված մի շարք հարցեր: 
15:35 - 24 սեպտեմբերի, 2020
Պիտի մեր գործողություններով ամեն օր ամրագրենք մեր ինքնիշխանության անշրջելիությունը․ Արարատ Միրզոյան

Պիտի մեր գործողություններով ամեն օր ամրագրենք մեր ինքնիշխանության անշրջելիությունը․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ․ «Հայաստանի Հանրապետության սիրելի' քաղաքացիներ, սիրելի' հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ: 1991 թվականի այս օրը տեղի ունեցած անկախության հանրաքվեն դե յուրե բովանդակություն հաղորդեց այն բնական տարածքին, որտեղ ապրում եւ կենսագործում էինք մենք հայերս ու այն անվանում հայրենիք: Սեպտեմբերի 21-ից հետո մենք ոչ միայն հայ ենք, իսկ այս տարածքը հայրենիք, այլեւ ՀՀ քաղաքացի ենք, ովքեր ապրում են Հայաստանի Հանրապետությունում: Մեզ պատմական հնարավորություն է ընձեռված լինել մեկը շուրջ երկու հարյուր ժողովուրդներից, ովքեր հնարավորություն ունեն ապրելու եւ արարելու անկախ պետությունում: Ըստ այդմ, պիտի մեր գործողություններով ամեն օր ամրագրենք մեր ինքնիշխանության անշրջելիությունը, ամեն օր պիտի վերանվաճենք անկախ Հայաստան ունենալու իրավունքը եւ մեր լավագույն որակները ծառայեցնենք ի փառս միասնական Հայաստանի Հանրապետության»,-ասված է խորհրդարանի ղեկավարի շնորհավորական ուղերձում:
10:41 - 21 սեպտեմբերի, 2020
Անի Սամսոնյանին արգելել են ԱԺ նիստերի դահլիճ մտցնել պաստառ, Միրզոյանը խոստացավ պարզել խնդիրը |armenpress.am|

Անի Սամսոնյանին արգելել են ԱԺ նիստերի դահլիճ մտցնել պաստառ, Միրզոյանը խոստացավ պարզել խնդիրը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին կոչ արեց՝ հրահանգել, որ աշխատակազմը թողնի իր հետ նիստերի դահլիճ մտցնել պաստառ:  Սամսոնյանը հիշեցրեց, որ Արարատ Միրզոյանը նախորդ գումարման ԱԺ-ում կարողացել է իր հետ ԱԺ նիստերի դահլիճ բերել գունավոր հրավառ նյութ. «Հիմա, խնդրում եմ բացատրեք, թե ինչո՞ւ իմ անմեղ պաստառը, որը ոչ մեկին չի կարող վնաս պատճառել, չի կարող մտնել այս ԱԺ դահլիճ, և ես կարողանամ այն ինձ մոտ փակցնել»,-ասաց Սամսոնյանն ու խնդրեց ԱԺ նախագահին հրահանգել աշխատակազմին, որ թույլ տան պաստառը մտցնել նիստերի դահլիճ: Սամսոնյանը շեշտեց՝ հակառակ դեպքում իր մոտ տպավորություն է, թե փորձում են բոլոր ձևերով խեղդել իրենց բոլոր ակցիաները: Արարատ Միրզոյանը արձագանքեց՝ ոչ ոքի չի պատրաստվում խեղդել: «Ինչ ակցիա ուզում եք, արեք, ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը»,-ասաց նա:   Միրզոյանը տեղյակ չէր, որ Սամսոնյանը ցանկացել է իր հետ պաստառ բերել, սակայն չեն թողել, ասաց՝ կհասկանան: Իսկ ինչ վերաբերում է իր՝ նախկինում հրավառ նյութեր բերելուն, նա ասաց. «Անկեղծ ասած, մենք հեղափոխություն էինք անում»:
12:15 - 16 սեպտեմբերի, 2020
Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ

Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 15-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել դիվանագիտական առաքելությունն  ավարտող  Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Տյան Էռլոնի հետ: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Հայաստանի եւ Չինաստանի ու մասնավորապես երկու երկրների խորհրդարանների հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական ավանդի համար՝ ընդգծելով, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից մեկն է: Աժ նախագահը նշել է՝ ցավոք, համավարակի պատճառով շփումները նվազել են, բայց հույս է հայտնել, որ համավարակի հաղթահարումից հետո դրանք լիարժեք կվերականգնվեն: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ համատեղ նախագծերի, նաեւ՝ համավարակի օրերին Հայաստան ուղարկված հումանիտար աջակցության համար: Դեսպան Տյան Էռլոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար՝ նշելով, որ ժամանակը Հայաստանում իր համար աննկատ է անցել, ինչը խոսում է այն մասին, որ աշխատանքն օգտակար եւ հաճելի է եղել: Նա հավելել է, որ հեռանում է բավարարվածության զգացումով՝ ընդգծելով, որ համատեղ աշխատանքի եւ բարեկամական հարաբերությունների շնորհիվ շատ բանի են հասել բոլոր ոլորտներում: Տյան Էռլոնը հույս է հայտնել, որ համավարակի պատճառով հայ խորհրդարանականների հետաձգված այցը Չինաստան կկայանա, քանի որ Չինաստանը մեծ նշանակություն է տալիս խորհրդարանական բարեկամական հարաբերություններին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի խորհրդարանին՝ աջակցության համար եւ Արարատ Միրզոյանին փոխանցել Չինաստանի խորհրդարանի ղեկավարի ողջույնները՝ ընդգծելով, որ Չինաստանը հաստատակամ է շարունակելու երկու երկրների խորհրդարանների հարաբերությունների զարգացմումը: Կողմերը վստահություն են հայտնել, որ Հայաստանն ու Չինաստանը հարաբերությունների զարգացման մեծ ներուժ ունեն եւ եկող տարին այդ առումով առավել բուռն կլինի:
20:13 - 15 սեպտեմբերի, 2020
Ինչո՞ւ ՍԴ դատավորների թեկնածուների հետ հանդիպում չի կազմակերպվել․ գնալով ավելի վատանում է, այդ պրակտիկան էլ վերացավ. Է. Մարուքյանը՝ Ա. Միրզոյանին |tert.am|

Ինչո՞ւ ՍԴ դատավորների թեկնածուների հետ հանդիպում չի կազմակերպվել․ գնալով ավելի վատանում է, այդ պրակտիկան էլ վերացավ. Է. Մարուքյանը՝ Ա. Միրզոյանին |tert.am|

tert.am: Լրագրողներն անընդհատ հարցնում են՝ ինչո՞ւ ՍԴ դատավորների թեկնածուների հետ չեք հանդիպել, ես ասում եմ՝ որովհետև չեն դիմել, որ հանդիպենք, հիմա ուզում եմ Ձեզ հարցնել՝ ինչո՞ւ չեն կազմակերպվել նման հանդիպումներ. ԱԺ նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:«Ինչպե՞ս է, որ նախկինում միշտ կազմակերպվում էր. մտածում էի, որ գնալով միշտ ավելի լավ կլինի, բայց գնալով ավելի վատ է լինում, այդ պրակտիկան էլ վերացավ էլի: Ցանկացած մարմնի պաշտոնյայի թեկնածություն, եթե առաջադրվում է, թեկնածուի հետ ֆրակցիաները հանդիպում են թեկնածուի կամ առաջադրող մարմնի նախաձեռնությամբ, հիմա ուզում եմ հասկանալ՝ ԱԺ նախագահին դիմե՞լ են նման բան կազմակերպելու համար, թե՞ ոչ»,- ասաց Մարուքյանը:Արարատ Միրզոյանն էլ հակադարձեց Մարուքյանին՝ ասելով. «Պարոն Մարուքյան, ես տրամագծորեն հակառակ կարծիքն ունեմ Ձեր այն կարծիքի մասին, թե գնալով ավելի վատանում է: Ըստ իս, գնալով ամեն ինչ շատ էլ լավանում է, հատկապես թեկնածուների և թափանցիկության ԱԺ-ում ֆրակցիաների հետ քննարկման առումով»: Ինչ վերաբերում է կոնկրետ մասնավոր հարցին, Միրզոյանն ասաց՝ ո՛չ թեկնածուների կողմից, ո՛չ խմբակցությունների կողմից այդպիսի նախաձեռնություն չի եղել, և ցանկացած նախաձեռնության դեպքում ԱԺ նախագահը և աշխատակազմը վստահաբար կանեին ամեն ինչ հանդիպման համար: «Պետք է հավելեմ՝ ցավոք սրտի, հավանաբար, որևէ իմպերատիվ ընթացակարգ սահմանված չկա այդպիսի հանդիպում կազմակերպելու, հետևաբար ԱԺ նախագահն ու աշխատակազմն առաջնորդվել են կողմերի ցանկություններով, տվյալ դեպքում՝ դրանց բացակայությամբ»,- ասաց ԱԺ նախագահը: Էդմոն Մարուքյանն էլ ընդգծեց. «Երբ ասում եմ՝ գնալով վատանում է, նկատի ունեմ՝ նախկինում թեկնածուներն առաջադրող մարմինները նախաձեռնում էին նման հանդիպումներ, հիմա չեն նախաձեռնում նման հանդիպումներ, հիմա դա լավանո՞ւմ է, թե վատանում է, ինձ թվում է՝ վատանում է»:
12:05 - 14 սեպտեմբերի, 2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հրաժարականի դիմումի մասին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հրաժարականի դիմումի մասին

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը սեպտեմբերի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության մեջ:
14:18 - 10 սեպտեմբերի, 2020
Դիմել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատս վայր դնելու համար. Արսեն Ջուլֆալակյան

Դիմել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատս վայր դնելու համար. Արսեն Ջուլֆալակյան

ՀՀ ԱԺ պատգամավոր, ըմբշամարտի Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատը վայր դնելու կապակցությամբ։ Նա ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ նման քայլի հիմնապատճառ է հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ: «Կարծում եմ, որ որդեգրած ուղին անհեռանկար է, չի ապահովելու նշյալ ոլորտներում առկա խնդիրների լուծումն ու զարգացումը: Հետևաբար, նման պայմաններում իմ հետագա գործունեությունը, վստահաբար, չի ծառայի ԱԺ պատգամավորի՝ մեր պետության և քաղաքացու շահերի արդյունավետ պաշտպանության իմ առաքելությանը: Հարկ եմ համարում ընդգծել, որ ՀՀ Օրենսդիր մարմնում իմ՝ շուրջ երկու տարվա աշխատանքի ընթացքում «Իմ Քայլը» քաղաքական թիմի հետ ունեցել եմ արդյունավետ գործընկերային հարաբերություններ, որոնք տեղավորվել են փոխադարձ հարգանքի, մասնագիտական հասուն քննարկումների, արժանապատիվ մոտեցումների միջակայքում: Շատ կարևոր է, որ այս ընթացքում ձևավորվել են առողջ, գործընկերային, իսկ որոշների հետ նաև ընկերական հարաբերություններ, ու անհրաժեշտ նվիրումով մինչ օրս պայքարել ենք առկա խնդիրների լուծման համար: Պատիվ է, որ հնարավորություն ստացա ծառայել հայրենիքիս նաև օրենսդիրի կարգավիճակում և կցանկանայի, որ իմ՝ մանդատից հրաժարվելու այս քայլը ևս դիտվի որպես այդ ծառայության մի մաս, որպես հերթական կարևոր, մտահոգիչ ազդակ առ այն, որ զարգացումները Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի ոլորտներում մեծամասամբ սխալ ուղղությամբ են ընթանում, հաշվի չեն առնվում ոլորտների ներկայացուցիչների մասնագիտական կարծիքները, բացակայում են ոլորտների զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ տեսլականները, փոփոխություններն անհրաժեշտ արագությունն ու տրամաբանությունը չունեն, կադրային քաղաքականությունը շատ հաճախ անհասկանալի է ու անձնավորված: Հետհեղափոխական Հայաստանում ամենից շատ հենց այս գերատեսչության ձախողումների մասին է խոսվել, ուստի առավել չմանրամասնեմ։ Շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովի նախագահին, այն գերատեսչություններին և պաշտոնյաներին (այդ թվում ԿԳՄՍ-ից), որոնց հետ այս ընթացքում հնարավոր եղավ արդյունավետ աշխատել, պայքարել առկա խնդիրների լուծման համար։ Այն օբյեկտիվ և անաչառ լրատվականներին, որոնք այդ ամենը լուսաբանեցին։ Եվ իհարկե, շնորհակալ եմ ՀՀ քաղաքացիներին և «Իմ Քայլը»-ը դաշինքին ցուցաբերած վստահության համար»,- գրառել է մարզիկը: «ԶԼՄ-րը կարող են օգտագործել հենց այս հայտարարությունը, քանզի վերոնշյալ թեմայով այս պահին առավել ծավալվելու նպատակահարմարություն չեմ տեսնում»,- նշել է նա։
21:25 - 09 սեպտեմբերի, 2020
ԱԺ նախագահը և Գարեգին Բ-ն անդրադարձ են կատարել միջազգային կոնվենցիաներին և կրթական չափորոշիչներին

ԱԺ նախագահը և Գարեգին Բ-ն անդրադարձ են կատարել միջազգային կոնվենցիաներին և կրթական չափորոշիչներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին: Այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից: Շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերն ընդունելու համար՝ ԱԺ նախագահը նշել է, որ եկեղեցի-պետություն, եկեղեցի-կրթական համակարգ հարաբերություններին վերաբերող մի շարք հասարակական հնչեղություն ունեցող հարցեր են այժմ քննարկվում եւ հավելել՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցին դարերի ընթացքում եղել է հայ ազգի հենասյուներից մեկն ու 21-րդ դարում էլ շարունակում է սերտ համագործակցությունը պետության հետ՝ հանուն հայ ժողովրդի բարօրության: Ամենայն հայոց կաթողիկոսը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ բազում հարցեր են ծառացած մեր ժողովրդի եւ պետության առջեւ, եւ այդ մարտահրավերներին դիմակայելու հարցում մեծապես կարեւոր է Ազգային ժողովի օրենսդրական առաքելությունը: Այս առումով Ամենայն հայոց հայրապետն արդյունավետ աշխատանք է մաղթել Ազգային ժողովի նախագահին եւ պատգամավորներին: Նա հավելել է, որ Հայ առաքելական եկեղեցին անկախությունից ի վեր սերտորեն գործակցել է Ազգային ժողովի հետ եւ այդ գործակցությունը նաեւ իր դրական արդյունքն է ունեցել եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենսդրության մշակման գործում: Արարատ Միրզոյանը եւ Գարեգին Բ կաթողիկոսն անդրադարձ են կատարել միջազգային կոնվենցիաներին եւ կրթական չափորոշիչներին վերաբերող հարցերի: Վեհափառը վերահաստատել է, որ Առաքելական եկեղեցին շարունակելու է ջանքերը՝ մեր հայրենիքի զորացման, պետության ամրացման եւ մեր ժողովրդի երջանիկ, խաղաղ, ապահով կյանքի կերտման համար: Խորհրդարանի ղեկավարն իր հերթին շեշտել է, որ Ազգային ժողովի գործունեության հիմնական առանցքը մեր պետականության եւ ազգի հավերժության ապահովումն է:
14:46 - 08 սեպտեմբերի, 2020
Արցախի Հանրապետության օրվա առթիվ Արայիկ Հարությունյանն այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր

Արցախի Հանրապետության օրվա առթիվ Արայիկ Հարությունյանն այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության օրվա առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և ծաղկեպսակ խոնարհել Արցախյան և Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Արայիկ Հարությունյանը և Արարատ Միրզոյանը ծաղիկներ են խոնարհել նաև քաղաքային հուշահամալիրի հարևանությամբ գտնվող արցախյան պատերազմի զոհերի շիրիմներին և ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, Արցախի հերոս Արթուր Մկրտչյանի հուշաքարին: Պաշտոնական արարողակարգին մասնակցում էին հայկական երկու հանրապետությունների խորհրդարանականներ, կառավարության բարձրաստիճան անդամներ, Պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչներ:
13:33 - 02 սեպտեմբերի, 2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 1-ին հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ տարիներ առաջ համայն հայության աջակցությամբ արցախահայությանը հաջողվել է մարդկային մեծ կորուստների գնով իրացնել անկախ ապրելու իր իրավունքն ու ստեղծել պետականություն, որի գոյության եւ զարգացման համար ՀՀ իշխանություններն ստանձնել են մեծագույն պատասխանատվություն: Ողջունելով ՀՀ ԱԺ նախագահի այցն Արցախ՝ Արայիկ Հարությունյանը փաստել է, որ համավարակով պայմանավորված թեպետ չեն անցկացվելու տոնական միջոցառումներ, այդուհանդերձ սեպտեմբերի երկուսը չի կորցնում համահայկական տոնի խորհուրդը, քանի որ Արցախի անկախությունը նվաճում էր, ողջ հայության համար մեծ երազանքի իրականացում: Առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ընդլայնված հանդիպումը Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների համագործակցությանը, միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնմանը, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
11:48 - 02 սեպտեմբերի, 2020
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին՝ ԱԺ նախագահի գլխավորությամբ

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին՝ ԱԺ նախագահի գլխավորությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամներին՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։ Հանրապետության նախագահը ողջունել է պատգամավորների այցն Արցախ՝ հայության համար կարևորագույն տոներից մեկի՝ Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ՝ վստահեցնելով, որ առանցքային ոլորտներում Մայր հայրենիքի հետ համագործակցությունը և միասնական քաղաքականության իրականացումն Արցախի իշխանությունների առաջնահերթություններից են։ Արարատ Միրզոյանը նշել է, որ Արցախի Հանրապետությունը մշտապես գտվում է համայն հայության ուշադրության կենտրոնում, և Հայաստանում մեծ ուրախությամբ հետևում են երկրում ժողովրդավարական գործընթացների զարգացման և սոցիալ-տնտեսական առաջընթացի տեմպերին։ Հանդիպմանը, որին մասնակցում էին «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի խորհրդարանական խմբակցության պատգամավորները՝ խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի գլխավորությամբ,  քննարկվել են հայկական երկու պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:
21:02 - 01 սեպտեմբերի, 2020
Արարատ Միրզոյանն Արցախի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին

Արարատ Միրզոյանն Արցախի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին

Արարատ Միրզոյանն Արցախի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին․ «Հարգելի պարոն Թովմասյան, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից Ձեզ եւ ողջ արցախահայությանն եմ հղում իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Արցախի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Անթաքույց հպարտությամբ եմ հետեւում Արցախում տեղի ունեցող բարեփոխումների եւ զարգացման բուռն ընթացքին, ինչն անկասկած չի վրիպում նաեւ միջազգային հանրության ուշադրությունից: Պարոն Թովմասյան, մեր համատեղ ջանքերի եւ անխոնջ աշխատանքի շնորհիվ մենք կյանքի կկոչենք մեր համազգային նպատակներն ու ծրագրերը` արձանագրելով մեծ ձեռքբերումներ ու նվաճումներ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտներում` ի շահ մեր երկու հայկական պետությունների եւ հայ ժողովրդի միասնականության: Մենք մեր խոնարհումն ենք բերում Արցախի 29-ամյա անկախության կերտման ճանապարհին ընկած մեր քաջորդիների հիշատակին, ովքեր Արցախի անկախությունը հաստատակամորեն եւ հավերժորեն են փորագրել պատմության մեջ:Վերստին շնորհավորելով ազատության եւ անկախության այս փառապանծ տոնի կապակցությամբ` պարոն նախագահ, մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ գեղատեսիլ Արցախին` խաղաղություն եւ բարգավաճում»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձում:
16:46 - 01 սեպտեմբերի, 2020
Ահաբեկչության դեմ պայքարը եւ բռնի ծայրահեղականությունը․ ԱԺ նախագահը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաժողովում

Ահաբեկչության դեմ պայքարը եւ բռնի ծայրահեղականությունը․ ԱԺ նախագահը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաժողովում

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 20-ին մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների հինգերորդ համաշխարհային առցանց համաժողովին: Այս մասին տեղեկացնում է ԱԺ աշխատակազմը։ Հայաստանի խորհրդարանի նախագահը ելույթ է ունեցել «Ահաբեկչության դեմ պայքարը եւ բռնի ծայրահեղականությունը» թեմայով՝ մասնավորապես նշելով. «Տիկին նախագահ, հարգարժան գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, ահաբեկչության եւ բռնի ծայրահեղականության դեմ պայքարն առավելապես կարեւոր է դարձել հատկապես վերջին տասնամյակների ընթացքում: Եթե ես մի բառով պատասխանելու լինեի, թե ինչպես պետք է աշխարհը պայքարի սրա դեմ, ես վստահաբար կասեի՝ բազմակողմանիությամբ: Եւ Միջխորհրդարանական միությունը՝ որպես ամենահին կազմակերպություն, որն իր հիմքում ունի բազմակողմանիություն, ամենահամապատասխան հարթակներից մեկն է վերոնշյալ խնդիրների քննարկման համար: Ահաբեկչությունն իր բոլոր դրսեւորումներով ուղիղ սպառնալիք է բոլոր երկրների քաղաքացիների համար: Այն մշտական համընդհանուր սպառնալիք է, որը չի ճանաչում սահման կամ կրոն եւ մարտահրավեր է, որին միջազգային հանրությունը միասին պետք է դիմակայի: Ես կարծում եմ, որ մենք շարունակելու ենք պայքարել այս սպառնալիքի դեմ իր բոլոր ձեւերով եւ դրսեւորումներով, վճռականությամբ եւ լիարժեք համախմբվածությամբ: Մեր օրերում ահաբեկչությունը նաեւ պրոքսի պատերազմների մի դրսեւորում է: Դժբախտաբար, այս մարտավարությանը մենք ականատես ենք լինում նույնիսկ Միջխորհրդարանական միության որոշ անդամ երկրների կողմից: Համաշխարհային հանրությունը կարող է տուժել այսպիսի խելահեղ գործողություններից, եւ խորհրդարանները պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն այս մարտահրավերների դեմ պայքարելու հարցում: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մեծապես կարեւորում է բազմակողմանի միջազգային համագործակցության ընդլայնումն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում եւ հետամուտ է ՄԱԿ-ի բոլոր համապատասխան կոնվենցիաների եւ այլ միջազգային իրավական գործիքների լիակատար իրագործմանը: Մենք՝ խորհրդարանների նախագահներս, աշխարհում ժողովրդավարության եւ խաղաղության աջակցման շրջանակում պետք է սատարենք  Միջխորհրդարանական միության ջանքերին, որը կարեւորագույն երաշխիք է ահաբեկչության եւ բռնի ծայրահեղականության դեմ պայքարելու ու աշխարհում ահաբեկչության նոր զոհեր չունենալու համար: Շնորհակալություն ուշադրության համար»:
20:37 - 20 օգոստոսի, 2020
Կորսված փողե՞ր, թե՞ վարկային միջոցներ. 5-րդ ալիքը մանիպուլացնում է

Կորսված փողե՞ր, թե՞ վարկային միջոցներ. 5-րդ ալիքը մանիպուլացնում է

2020 թվականի օգոստոսի 7-ին 5-րդ ալիքը հրապարակել է տեսանյութ՝ «Կորսված փողեր եւ հույսեր» վերտառությամբ, որտեղ ներկայացվում են կառավարող ուժի որոշ պաշտոնյաների եկամուտները, հեղափոխությունից հետո ձեռք բերած անշարժ եւ շարժական գույքը։ տեսանյութի որոշ դրվագներում, սակայն, առկա են մանիպուլյատիվ կամ կեղծ պնդումներ․ չի նշվում, թե ինչ միջոցներով է գնվել գույքը: Տեսանյութում ներկայացվող տվյալների մի մասը վերցված է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» հայտարարագրերի ռեեստրից, իսկ մյուս մասը՝ մամուլում շրջանառվող լուրերից: Մասնավորապես, տեսանյութում, համեմատելով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստացած եկամուտները, հեղինակն ասում է, թե 2018 թվականի իշխանափոխությունից հետո Գարիկ Սարգսյանի ընտանիքի համար կյանքն ակնհայտորեն փոխվել է: Որից հետո ներկայացվում է Սարգսյանի հոր՝ Մնացական Սարգսյանի՝ 2019 թվականի տարեկան հայտարարագիրը, որտեղ, ըստ տեսանյութի, վերջինս այդ տարի հայրենի Նոր Կյանք գյուղում համատեղ սեփականությամբ հողամաս է հայտարարագրել, մեկ այլ հողամաս՝ Նոր Ուղիում: Նյութի համաձայն՝ միանձնյա սեփականությամբ երկու հողամաս էլ գնել է Արալեզում, 2019 թվականի նոյեմբերին էլ 13 հազար 500 դոլար արժողությամբ Toyota մակնիշի մեքենա է գնել: Պարզելու համար՝ արդյոք Գարիկ Սարգսյանի հայրը նշված գույքը ձեռք է բերել 2018 թվականի հեղափոխությունից հետո՞, մենք նույնպես կօգտվենք այն նույն հայտարարագրից, որի հիման վրա արվել էին հիշյալ լրատվամիջոցի պնդումները: Գարիկ Սարգսյանի հոր՝ 2019 թվականի տարեկան հայտարարագրում, այո՛, նշված են բոլոր այն կետերը, որոնք ներկայացված են 5-րդ ալիքի տեսանյութում, սակայն հայտարարագրած 4 հողամասերն էլ, որոնցից 3-ը ձեռք են բերվել գնումով, առկա են եղել 2019 թվականի սկզբում: Հետեւաբար՝ հայտարարագրած հողամասերը ձեռք չեն բերվել 2019 թվականի ընթացքում: Բացի այդ՝ տվյալ տարվա ընթացքում ձեռքբերված եւ օտարված անշարժ գույքի դաշտը եւս լրացված չէ, ինչը նույնպես ապացուցում է այն, որ հողամասերը ձեռք են բերվել մինչեւ 2019 թվականը: Հաջորդ հավանական վարկածն այն է, որ Գարիկ Սարգսյանի հայրը նշված հողամասերը ձեռք է բերել 2018 թվականին՝ հեղափոխությունից հետո: Սա եւս հեշտ ստուգելի է, քանի որ Սարգսյանի հայրը ներկայացրել է նաեւ 2018 թվականի տարեկան հայտարարագիր, ըստ որի՝ նա 2018 թվականի ընթացքում նույնպես չի գնել եւ չի վաճառել որեւէ անշարժ գույք, այդ թվում՝ հողամաս: Հաջորդը 13.500 ԱՄՆ դոլար արժողությամբ Toyota մակնիշի ավտոմեքենայի գնման մասին պնդումն է, որը լիովին համապատասխանում է իրականությանը․ Գարիկ Սարգսյանի հայրը 2019 թվականի նոյեմբերի 11-ին գնել է վերոնշյալ ավտոմեքենան, սակայն թերի ինֆոմացիա չտալու համար անհրաժեշտ է նշել նաեւ այն, որ մինչ Toyota մակնիշի մեքենան գնելը՝ Սարգսյանի հայրը վաճառել է իր Suzuki մակնիշի ավոտմեքենան՝ 5500 ԱՄՆ դոլարով: Այսպիսով՝ 5-րդ ալիքի պնդումները, թե 2019 թվականի ընթացքում Գարիկ Սարգսյանի հայրը ձեռք է բերել 4 հողամաս, իրականությանը չի համապատասխանում: Գարիկ Սարգսյանի հոր հայտարարագրի տվյալները ներկայացնելուց հետո տեսանյութի հեղինակն անդրադառնում է Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարագրած ունեցվածքին: Տեսանյութում, մասնավորապես, նշվում է, թե Կոտայքի հեղափոխական մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը 2019 թվականի հոկտեմբերին 51 մլն դրամով՝ շուրջ 100 հազար դոլար արժողությամբ բնակարան է ձեռք բերել Երեւանի Երազ բնակելի թաղամասում: Վերոնշյալը համապատասխանում է իրականությանը. Պետրոսյանը 2019 թվականի հոկտեմբերի 3-ին գնել է բնակարան՝ 51 մլն ՀՀ դրամ արժողությամբ: Սակայն ի՞նչ միջոցներով է գնել բնակարանը. հարցի պատասխանը հնարավոր է գտնել հենց նույն հայտարարագրում, որից օգտվել է տեսանյութի հեղինակը: Պետրոսյանը նույն ամսի 30-ին վաճառել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող իր 2 բնակարաններից մեկը՝ 17.8 մլն ՀՀ դրամով: Բացի այդ՝ Պետրոսյանը նաեւ վարկեր է վերցրել՝ 35 մլն ՀՀ դրամ՝ Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկից եւ 875 հազար ՀՀ դրամ՝ Ամերիա բանկից: Եթե Ռոմանոս Պետրոսյանի գնած բնակարանի արժեքը համեմատենք փոխառությունից եւ գույքը օտարելուց ստացված եկամուտների հետ, ապա կարող ենք եզրակացնել, որ հենց այդ միջոցներով էլ Պետրոսյանը գնել է 51 մլն ՀՀ դրամ արժողությամբ բնակարանը: 5-րդ ալիքը հաջորդիվ անդրադառնում է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին․ ««Քաղացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը 2019 թվականի փետրվարին եւս բարելավել է բնակարանային իր պայմանները. 26 մլն դրամով բնակարան է ձեռք բերել Երեւանի Արաբկիր վարչական շրջանում»: Այո՛, Պապիկյանը 2019 թվականի փետրվարի 11-ին 26 մլն 762 հազար ՀՀ դրամով գնել է բնակարան՝ Երեւանի Արաբկիր վարչական շրջանում: Սակայն նույն տարում նա վաճառել է իր Nissan մակնիշի ավտոմեքենան՝ 2.5 մլն ՀՀ դրամով, ինչպես նաեւ ներգրավել է վարկային միջոցներ: Ներգրաված վարկային միջոցները կազմել են Արդշինբանկից 18.73 մլն ՀՀ դրամ, ՎՏԲ բանկից` 1.8 մլն ՀՀ դրամ:   Մյուս պաշտոնյան, որի հայտարարգիրը դիտարկել է լրատվամիջոցը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է։ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Ազգային Ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը 2019 թվականի օգոստոսին 114 մլն դրամով` շուրջ 228 հազար դոլար, բնակարան է ձեռք բերել Երեւանի կենտրոնում: 2018 թվականի հունիսին էլ ձեռք է բերել 2012 թվականի արտադրության Range Rover մեքենա»,- ասվում է տեսանյութում: Սկսենք Range Rover մակնիշի ավտոմեքենայից. Սիմոնյանը 2018 թվականի հունիսի 12-ին գնել է Range Rover մակնիշի ավտոմեքենա՝ 12 մլն ՀՀ դրամով, սակայն նույն տարում նաեւ վաճառել է իր Mitsubishi մակնիշի ավտոմեքենան 5 մլն 520 հազար ՀՀ դրամ մոտավոր արժեքով: Բացի այդ` Սիմոնյանը ներգրավել է նաեւ շուրջ 2800 ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ: Ինչպես նաեւ նվազել են նրա դրամական միջոցները: Դրանք տարեսկզբին կազմում էին 2.5 մլն ՀՀ դրամ եւ 16.200 ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին` համապատասխանաբար 2.2 մլն ՀՀ դրամ եւ 6250 ԱՄՆ դոլար: 2019 թվականի օգոստոսի 15-ին  Սիմոնյանը գնել է 114 մլն ՀՀ դրամ արժողությամբ բնակարան, սակայն մինչ բնակարանը գնելը՝ նույն տարվա մայիսի 7-ին, վաճառել է իր հին բնակարանը՝ 125 մլն ՀՀ դրամով: Այսինքն` վաճառած բնակարանի արժեքն ավելի մեծ է եղել, քան նոր գնած բնակարանինը: Բացի այդ` Սիմոնյանը ներգրավել է նաեւ վարկային միջոցներ` շուրջ 25 մլն ՀՀ դրամի: ԱԺ փոխնախագահից հետո լրատվամիջոցն անդրադարձել է ԱԺ նախագահին։ «Ապառիկով հեռուստացույց գնող Ազգային ժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանի կյանքն իշխանափոխությունից հետո կարծես էականորեն է փոխվել․ 2018 թվականի հոկտեմբերին Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում 50 մլն դրամ արժողությամբ բնակարան է ձեռք բերել: 2019 թվականի տարեվերջին Միրզոյանի դրամական միջոցները կազմել են 12 մլն դրամ: Աշխատանքի վարձատրությունը Ազգային ժողովից կազմել է 15 մլն 700 հազար դրամ: Արարատ Միրզոյանի կինը` Գոհար Աբաջյանը, 2019 թվականի ամռանը 6 մլն դրամով 2011 թվականի արտադրության Kia մակնիշի ավտոմեքենա է գնել»: Արարատ Միրզոյանը 2018 թվականի հոկտեմբերի 2-ին 49 մլն 700 հազար ՀՀ դրամով գնել է բնակարան՝ Երեւանի Աջափնյակ շրջանում: Թե ինչ միջոցներով է գնել` դարձյալ կարող ենք իմանալ իր ներկայացրած հայտարարագրից: Միրզոյանը նույն տարում վաճառել է իր՝ արդեն հին բնակարանը՝ 13 մլն 600 հազար ՀՀ դրամով, բացի այդ՝ ներգրավել է նաեւ վարկային միջոցներ` շուրջ 34 մլն 790 հազար ՀՀ դրամի: Միրզոյանի եկամուտները հարկային տարում ընդհանուր առմամբ կազմել են 63 մլն 121 հազար ՀՀ դրամ: Արարատ Միրզոյանի կինը` Գոհար Աբաջյանը, 2019 թվականի հունիսի 26-ին գնել է 6.2 մլն ՀՀ դրամ արժողությամբ Kia մակնիշի ավտոմեքենա, սակայն նա նույնպես ներգրավել է շուրջ 4 մլն 240 հազար ՀՀ դրամի վարկային միջոցներ:  Հայտարարագրերում առկա անշարժ եւ շարժական գույքը ներկայացնելուց հետո տեսանյութում խոսվում է այն մասին, որ սա պաշտոնյաների ունեցվածքի մի մասն է միայն: Մասնավորապես ասվում է. «Մի օր, հուսանք, կպարզվի, թե ինչ միջոցներով է վարչապետ Փաշինյանի պատգամավոր աներորդին գնել եւ վերանորոգում Ձորաղբյուրում գտնվող առանձնատունը, որը Հրաչյա Հակոբյանի համեստ հայտարարագրում չկա»: Այդ մի օրը երկար սպասեցնել չտվեց, քանի որ հրապարակման հաջորդ օրը պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ առանձնատունը ձեռք է բերել 2020 թվականին. «Քանի որ գույքը ձեռք եմ բերել 2020 թվականի հունվարին, հետեւաբար հայտարարագրում չէի կարող ներկայացնել: Այս տարվա հայտարարգրում ներկայացված են նախորդ տարվա եկամուտները, ձեռք բերվածը եւ այս տարում ձեռք բերվածը պարզապես չէի կարող հայտարարագրել: Գույքը ներկայացնելու եմ 2020 թվականի հայտարարագրում, որը լրացնելու եմ 2021 թվականին: Գույքը ձեռք եմ բերել 25 հազար դոլարով, 20 հազար դոլար բանկից վարկ եմ վերցրել, 5 հազար դոլար խնայած միջոցներ ունեի՝ տվել եմ կանխավճար: Տան պատերը եղել են այնպիսին, ինչպիսին հիմա են, ես միայն փոխել եմ կտուրը, պատուհանները եւ դրսից քարով երեսպատել եմ»,- զրույցի ընթացքում ասել է Հակոբյանը: Նիկոլ փաշինյանի ընտանիքի վերաբերյալ տեսանյութում ասվում է. «Վարչապետ Փաշինյանի ընտանիքն այս ընթացքում մեղադրվեց ծխախոտի ու ադամանդի մաքսանենգության, առանց պետական տուրքի վճարման մետաղի ջարդոն արտահանելու եւ զենքի ապօրինի առեւտրի մեջ. տեղեկություններ, որոնք այդպես էլ չհերքվեցին»: Թեպետ Փաշինյանն անձամբ չի հերքել, սակայն նախ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հերքեց իր առնչությունը ծխախոտի մաքսանենգության գործում, ապա «Փաստերի ստուգման հարթակը» ներկայացրեց, թե ով է արտադրել եւ արտահանել ծխախոտը: Ծխախոտ արտադրող ընկերությունը ոչ միայն կապ չունի նոր իշխանությունների հետ, այլեւ ընկերության բաժնեմասերի շուրջ 67%-ը պատկանում է նախկին իշխանության ներկայացուցիչներին: Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ ընկերությունն ունի 3 բաժնետեր՝ Լիլիթ Աբրահամյան, Արսեն Հարությունյան եւ Վարդան Հարությունյան։ Վերջին երկուսը եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ։ Թեեւ մամուլում բազմիցս խոսվեց ադամանդի մաքսանենգության, առանց պետական տուրք վճարելու մետաղի ջարդոնի արտահանման եւ զենքի ապօրինի առեւտրի մասին, սակայն դրանք անապացուցելի պնդումներ են եւ 5-րդ ալիքը եւս որևէ ապացույց չի ներկայացնում: Այսպիսով՝ «Կորսված փողեր եւ հույսեր» տեսանյութում խոսվում է հեղափոխությունից հետո կառավարող ուժի ներկայացուցիչների մի մասի ձեռք բերած անշարժ եւ շարժական գույքի մասին, սակայն չի խոսվում ձեռք բերման եղանակների մասին՝ այդպիսով տպավորություն ստեղծելով, թե իշխանության ներկայացուցիչները գույքը ձեռք են բերել չարաշահումներով: Ամփոփելով՝ կարող ենք եզրակացնել, որ տեսանյութում տեղ գտած փաստերի մի մասը չի համապատասխանում իրականությանը, մի մասը մանիպուլյատիվ է, մի մասն էլ՝ անապացուցելի:  Նարեկ Մարտիրոսյան
10:30 - 16 օգոստոսի, 2020
Արարատ Միրզոյանի հայտարարությունը Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ

Արարատ Միրզոյանի հայտարարությունը Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումի հետ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մանե Թանդիլյանը օգոստոսի 14-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության մեջ:
20:12 - 14 օգոստոսի, 2020