Հայաստան

«Միջնորդները միշտ որոշակի հատուկ մոտեցում են ցուցաբերել Լաչինի շրջանի նկատմամբ, Հայաստանն անընդունելի է համարել Լաչինի շրջանի վերադարձն Ադրբեջանին»․ Ալիև

«Միջնորդները միշտ որոշակի հատուկ մոտեցում են ցուցաբերել Լաչինի շրջանի նկատմամբ, Հայաստանն անընդունելի է համարել Լաչինի շրջանի վերադարձն Ադրբեջանին»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մասիմ Մամեդովին նշանակել է «Լաչինի շրջանում նախագահի հատուկ ներկայացուցիչ»։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմից։  Ալիևը Մամեդովի հետ հանդիպմանը մի շարք հայտարարություններ է արել։ Նա, մասնավորապես նշել է, թե «շրջանը հսկայական ներուժ ունի և որ փախստականները երբ վերադառնան Լաչինի շրջան, պետք է հարմարավետ ապրեն Լաչինում, և Ադրբեջանը կհետևի դրան»։ Ալիևը նշել է, թե «տարիների ընթացքում բանակցությունների ժամանակ միջնորդները միշտ որոշակի հատուկ մոտեցում են ցուցաբերել Լաչինի շրջանի նկատմամբ, և Հայաստանն ընդհանուր առմամբ անընդունելի է համարել Լաչինի շրջանի վերադարձն Ադրբեջանին»։ «Չնայած նրանք չէին պատրաստվում հեռանալ մյուս շրջաններից նույնպես։ Հիմա՝ պատերազմից երկուսուկես տարի անց, սա ավելի ակնհայտ է դարձել բոլորի համար։ Միջազգային միջնորդները՝ նախկին ԵԱՀԿ Մինսկի խումբը, բանակցություններ վարելիս փաստացի փորձել են ամրապնդել այդ օկուպացիան։ Հիմա ամեն ինչ պարզ է դարձել․ Ֆրանսիայի անարդար ու բացասական վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ պատահական չէ։ Պարզապես օկուպացիայի ժամանակ ինչ-որ չափով ուզում էին դա կոծկել, այսինքն՝ մեզ շփոթեցնել։ Բայց տեսեք՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո երկուսուկես տարվա ընթացքում ինչպիսի կեղտոտ գործողություններ են արվում մեր նկատմամբ, ինչ անհիմն մեղադրանքներ են հնչում։ Այս ամենն ակնհայտ է, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ Եվրախորհրդարանի ընդունած մի շարք բանաձեւեր, որոնք դարձյալ հանդիսանում են հայամետ, կոռումպացված ու հակաադրբեջանական խմբավորումների արդյունք են, եւ այստեղ գլխավոր դեր են խաղում ֆրանսիացի պատգամավորները։ Բնականաբար, մենք դա զգացել ենք օկուպացիայի ժամանակ, բայց ոչ այդ աստիճանի։ Մենք չէինք էլ կարող պատկերացնել, որ երկրները կարող են այդքան կեղծավոր ու խաբեբա լինել։ Նրանք, նայելով մարդու երեսին, կարող են մի բան ասել, իսկ թիկունքում մեկ այլ բան անել»,- ասել է Ալիևը։  Ալիևը հայտնել է, թե Հայաստանի հետ սահմանամերձ Լաչինի շրջանում բոլոր ինժեներական և ամրակայման աշխատանքները գրեթե ավարտված են։ «Կառուցվել են ճանապարհներ, որոնք այնտեղ երբեք չեն եղել։ Կառուցվել են 100 կիլոմետրանոց տեղական ճանապարհներ Լաչինի և Քալբաջարի շրջաններում, ինչպես նաև դեպի մարտական դիրքեր տանող ճանապարհները։ Այնպես որ, մենք շատ բարենպաստ դիրքեր ենք ձեռք բերել ադրբեջանա-հայկական սահմանի ուղղությամբ, մենք ամրապնդվում ենք այս դիրքերում, և մնալու ենք այս դիրքերում»,- նշել է նա։ 
14:58 - 28 մարտի, 2023
Մոսկվան անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը միանալու Երևանի ծրագրերը
 |azatutyun.am|

Մոսկվան անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը միանալու Երևանի ծրագրերը |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը միանալու Երևանի ծրագրերը՝ ՌԴ ղեկավարության առնչությամբ առկա «ողորմելի օրդերի համատեքստում», այս մասին այսօր ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը։ «Մոսկվայում բացարձակապես անընդունելի են համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը միանալու պաշտոնական Երևանի ծրագրերը՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ ՄՔԴ-ի վերջին անօրինական և իրավաբանորեն անվավեր «օրդերի» համատեքստում», - ՏԱՍՍ-ին ասել է աղբյուրը: Պետական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարարության աղբյուրը ուշադրությունը հրավիրել է նաև նրան, որ հայկական կողմը զգուշացվել է երկկողմ հարաբերությունների համար Երևանի հնարավոր քայլերի «չափազանց բացասական» հետևանքների մասին։ Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն օրերս հրապարակեց  1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» որոշումը։Բարձր դատարանը որոշեց, որ Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։ Հարցը քննարկվել էր գրավոր ընթացակարգով։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
20:36 - 27 մարտի, 2023
ՌԴ ՊՆ օդաչուները բարդ աերոբատիկական վարժանքներ են կատարել Հայաստանի լեռներում
 |tert.am|

ՌԴ ՊՆ օդաչուները բարդ աերոբատիկական վարժանքներ են կատարել Հայաստանի լեռներում |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում ռազմակայանի բանակային ավիացիայի Մի 8ՄՏՎ 5 և Կա 52 ուղղաթիռների անձնակազմերը բարձրլեռնային գոտում ուսումնամարզական թռիչքների ժամանակ կատարել են բարդ աերոբատիկական վարժանքներ։ Միայնակ, զույգերով և թիմերով, օդաչուները մշակել են բարդ աերոբատիկայի և բարդ եղանակային պայմաններում մանևրելու տեխնիկայի տարրերը:Օդաչուները լեռնային տեղանքում կատարել են նաև որոնողափրկարարական աշխատանքներ և պայմանական վիրավորների տարհանում։Հարավային ռազմական օկրուգի բանակային ավիացիայի ուսումնական թռիչքներին մասնակցել է թռիչքային և ինժեներական անձնակազմի ավելի քան 120 զինծառայող, ներգրավվել է շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ բանակային ավիացիայի Մի 8ՄՏՎ 5 և Կա 52 ուղղաթիռներ:
10:41 - 27 մարտի, 2023
Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառակուսի կմ տարածք. Միրզոյան |1lurer.am|

Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառակուսի կմ տարածք. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: 2022 թվականին ՀՀ քաղաքականության համար շարունակել է առանցքային մնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման, հարևան երկրների հետ խաղաղ բանակցությունների միջոցով հարաբերությունների կարգավորման և ՀՀ-ի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորման հետ կապված խնդիրները: Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Ադրբեջանի հետ շարունակվել են բանակցությունները բոլոր ուղղություններով՝ հարաբերությունների կարգավորում և համապատասխան պայմանագիր, սահմանազատման և սահմանային անվտանգության գործընթաց, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցության բոլոր ուղիների ապաշրջափակում: 2022 թվականի ընթացքում նշյալ ուղղություններով տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ ՀՀ վարչապետի մասնակցությամբ եռակողմ և քառակողմ ձևաչափերով»,- նշեց Միրզոյանը: Միրզոյանը հիշատակեց Պրահայի հայտարարությունը, համաձայն որի՝ Հայաստան գործուղվեց ԵՄ դիտորդական առաքելությունը՝ մոնիթորինգ անցկացնելու ՀՀ-Ադրբեջան միջազգային սահմանի երկայնքով: «Իսկ սահմանազատման գործընթացի իրականացման հիմքում դրվեց Ալմա Աթայի հռչակագիրը: Նախորդ տարի հանդիպում կայացավ նաև ՌԴ նախագահի միջնորդությամբ Սոչիում, որի շրջանակներում ընդունված հայտարարությունը նույնպես առանձնանշում էր Ալմա Աթայի հռչակագիրը, ինչպես նաև բոլոր խնդիրները բացառապես բանակցությունների միջոցով լուծելու հանգամանքը»,- ասաց ԱԳ նախարարը:  Միրզոյանը հիշեցրեց, որ 2022 թվականին տեղի են ունեցել նաև ԱԳ նախարարների ձևաչափով մի շարք հանդիպումներ:  «Չնայած Հայաստանի կողմից գործադրվող կառուցողական ջանքերին՝ Ադրբեջանը շարունակել է էական հարցերի շուրջ իր ապակառուցողական կեցվածքը, ագրեսիվ հռետորաբանությունը և առավելապաշտական գործողությունները: Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառակուսի կիլոմետր տարածք, մշտապես սադրիչ և ագրեսիվ գործողություններ է իրականացրել ՀՀ սահմանին և ԼՂ-ում, ապօրինաբար արգելափակել է Լաչինի միջանցքը՝ հումանիտար ճգնաժամ առաջացնելով Արցախում, գերության մեջ է պահում հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց»,- ասաց Միրզոյանը: 
17:12 - 24 մարտի, 2023
Ադրբեջանն անհնարին է դարձնում հայերի կյանքը ԼՂ-ում, սա հստակ էթնիկ զտում է․ Իսպանիայում Հայաստանի դեսպանը՝ El Mundo թերթին

Ադրբեջանն անհնարին է դարձնում հայերի կյանքը ԼՂ-ում, սա հստակ էթնիկ զտում է․ Իսպանիայում Հայաստանի դեսպանը՝ El Mundo թերթին

Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանը հարցազրույց է տվել իսպանական El Mundo թերթին, որում ներկայացրել Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քայլերն ու սադրանքները, անդրադարձել Լաչինի միջանցքի արգելափակմանը, դրա հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին և այլ թեմաների։  - Ինչպիսի՞ն է ներկայիս իրավիճակը 2020 թվականին Ադրբեջանի Հետ Հակամարտությունից Հետո։ - 2020 թվականի զինադադարից ի վեր Ադրբեջանի ագրեսիաները Հայաստանի դեմ երբեք չեն դադարել։ Ադրբեջանական վերջին ագրեսիան արդեն դատապարտվել է Իսպանիայի կողմից՝ Պատգամավորների Կոնգրեսի ինստիտուցիոնալ հայտարարությամբ։ Նրանք անում են ամեն ինչ, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի կյանքն անհնարին դարձնեն։ Դեկտեմբերից ի վեր որոշ կեղծ էկոակտիվիստներ արգելափակել են Ղարաբաղը, սակայն նրանք իրականում Ադրբեջանի անվտանգության ծառայության գործակալներ են։ - Ինչպե՞ս սկսվեց շրջափակումը։ - Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը փակել են այս «էկոակտիվիստները»։ Մեր պայմանավորվածության համաձայն՝ ճանապարհը պետք է վերահսկվեր ռուսական խաղաղապահ զորքերի կողմից, իսկ Ադրբեջանը պետք է երաշխավորեր ազատ տեղաշարժը դրանով։ Այդ պայմանագիրը ստորագրել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները և մեր վարչապետը։ - Ո՞րոնք են այդ ենթադրյալ էկոակտիվիստների փաստարկները։ - Որ Լեռնային Ղարաբաղի [ոսկու կամ պղնձի, ի թիվս այլոց] հանքերը չպետք է շահագործվեն, որովհետև դրանք աղտոտում են բնական միջավայրը, ռեսուրսները սպառվում են... Մի օր էլ կասեն՝ չի կարելի մշակել հողը կամ խանութներ բացել։ Ընդհանրապես ԼՂ-ի հայերի կյանքն անհնարին է դարձնում, սա շատ հստակ էթնիկ զտում է։ - Իսկ Հայաստանի կառավարությունը կասկածո՞ւմ է, որ էկոակտիվիստները կեղծ են։ - Ոչ թե կասկածում է, այլ կան բաց աղբյուրներում ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ այդ էկոակտիվիստներից ոմանք, օրինակ, Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներ են: Գոյություն ունեն FreedomHouse-ի նման կազմակերպություններ, որոնք գնահատում են Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակը և ապացուցում, որ, ի տարբերություն Արևմուտքում գործող քաղաքացիական կազմակերպությունների, Ադրբեջանում այդպիսիք չկան։ Ուստի շատ դժվար է հավատալ, որ նրանք էկոակտիվիստներ են, հատկապես, երբ մորթե մուշտակներ են կրում։ - Ինչպիսի՞ն է Լեռնային Ղարաբաղում ապրող 120.000 հայերի վիճակը՝ ավելի քան մեկ ամիս գրեթե պաշար չունենալուց հետո։ - Այժմ կիրառվում է գնումների կտրոնային համակարգ, որպեսզի կարողանան սննդից օգտվել: Մարդիկ տառապում են։ Բազմաթիվ ընտանիքներ կան, որոնք այսօր բաժանված են. Հայաստան էին գնացել Սուրբ Ծննդյան տոների առթիվ իրենց hարազատներին այցելելու կամ մանկական Եվրատեսիլը դիտելու և այժմ չեն կարողանում վերադառնալ, քանի որ միջանցքը փակ է։ Գազը, լույսը, ջուրն էլ են կտրել...Ամենօրյա սարսափ է լեռնային շատ ցուրտ վայրում։ Նրանք ահաբեկել են նույնիսկ երեխաներին։ Հունվարի 17-ին ադրբեջանցի զինվորները «Ադրբեջա՛ն» գոռալով ներխուժել են 13-ամյա երեխաներով լի ավտոբուս, տեսանկարահանել բոլորին, վախեցրել։ Պատկերացրեք, թե ինչ տեսակի կազմակերպություններ կարող են իրականացնել սա։ Էթնիկ զտում է՝ հիմա ավելի մեղմ, երևի մի ուրիշ ժամանակ ավելի թեժ լինի։ - Ի՞նչ է տեղի ունեցել 2021 թվականին։ - Հրադադարի մասին հայտարարության մեջ ասվում է, որ զորքերը պետք է մնան այնտեղ, որտեղ գտնվում էին, և հետևաբար գերիներ այլևս չպիտի լինեին։ Մինչդեռ, 2021 թվականին գերեվարել են 70 հոգու, տարել Ադրբեջան։ Մենք ազատեցինք բոլոր ադրբեջանցի գերիներին, իսկ նրանք ազատեցին միայն մի մասին՝ մյուսների հայրենադարձման հարցը դարձնելով քաղաքական շահարկումների և ճնշում գործադրելու առարկա: - Անցյալ տարի նույնպես մարտեր եղան։ - Փարուխ գյուղը գրավեցին՝ խախտելով զորքերը չտեղաշարժելու մասին պայմանավորվածությունը։ Բացի այդ, ձմռանը գազի մատակարարումը դադարեցրեցին, դիպուկահարները կրակում են հողագործությամբ զբաղվող տրակտորների վրա, որ բնակչությունը միշտ վտանգ զգա, գիշերները շատ հզոր լուսարձակներ են գցում տների մեջ... Այն, ինչ հիմա կատարվում է, ընդամենը անցյալի շարունակությունն է։ - Ուկրաինայի պատերազմի պատճառով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մոռացությա՞ն է մատնվել: - Այո, բայց մարդիկ արթնանում են Ուկրաինայի պատերազմի շնորհիվ. ցանկանում են կանխել հակամարտությունները: Բոլոր կոնֆլիկտներն ունեն տաք ու սառը փուլեր, և սառը պահերին պետք է գործել: - Կարո՞ղ է Լեռնային Ղարաբաղի պատերազմը դառնալ 2023 թվականի կոնֆլիկտներից մեկը: - Զինադադարի ստորագրումից ի վեր կա այդ հավանականությունը, բայց պատերազմ մղելու մեջ միակ շահագրգռված երկիրն Ադրբեջանն է, քանի որ հասկացել է, որ բոլորը զբաղված են այլ հարցերով, հարմար ժամանակ է Հայաստանի վրա հարձակվելու համար։ Օրինակ, ստեղծել է մեկ այլ «կազմակերպություն», որը կոչվում է «Արևմտյան Ադրբեջան»։ Մամուլի ասուլիսում նրանք ասացին, որ ադրբեջանցիները «իրավունք ունեն վերադառնալ իրենց պատմական հողերը» և պատրաստվում են ուսումնասիրություններ սկսել, որպեսզի հիմնավորեն, որ ադրբեջանցիները պատմականորեն ապրել են այնտեղ։ Պարզ է, թե ինչպես են գաղափարախոսական հենք նախապատրաստում նոր ագրեսիաներ սկսելու համար։ Ալիևի վարչակարգի համար անհրաժեշտ է ունենալ արտաքին թշնամի, ինչպես և միշտ տեղի է ունենում ավտորիտար ռեժիմ ունեցող երկրների պարագայում։
16:50 - 24 մարտի, 2023
Շատ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի մեսիջը. Պետքարտուղարություն |tert.am|

Շատ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի մեսիջը. Պետքարտուղարություն |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մեծապես ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների կազմակերպման գործում: Այս մասին հայտնել է Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ համապատասխան գրառում անելով թվիթերյան միկրոբլոգում: «Մենք ոգևորված ենք Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղության ուղղությամբ գրանցված առաջընթացով։ Մենք շատ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի մեսիջն այդ առաջընթացի վերաբերյալ», -գրել է Պատելը՝ նկատի ունենալով Փաշինյանի երեկվա գրառում առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր է լինելու, և այն հիմնված է լինելու ամենաբարձր մակարդակով ընդունված համատեղ պաշտոնական հայտարարությունների վրա։«Նոր էսկալացիա չի լինի, միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս նարատիվին»,- գրել էր Փաշինյանը։
13:50 - 24 մարտի, 2023
Հայկական եւ իրանական ավիաընկերությունները փոխադարձ թռիչքներ իրականացնելու խնդիրներ են ունեցել․ Քաղավիացիայի կոմիտեից վստահեցնում են՝ հարցը լուծվել է

Հայկական եւ իրանական ավիաընկերությունները փոխադարձ թռիչքներ իրականացնելու խնդիրներ են ունեցել․ Քաղավիացիայի կոմիտեից վստահեցնում են՝ հարցը լուծվել է

Մարտի 21-ին հարեւան Իրանում նշվում է նոր տարին՝ Նովրուզը։ Գաղտնիք չէ, որ ամեն տարի հատկապես այս օրերին մեծ թվով իրանցիներ են այցելում Հայաստան։ Բայց տոնից օրեր առաջ՝ նախորդ շաբաթավերջին, իրանական Qeshm Air-ը դեպի Հայաստան թռիչք կատարելու խոչընդոտների է բախվել։ Dark Blue ընկերության տնօրեն Միսակ Գրիգորյանը, որը իրանական 2 ավիաընկերությունների՝ Qeshm Air-ի եւ Iran Air Tour-ի սպասարկողն է ՀՀ տարածքում, Infocom-ի հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել խնդրի մասին։ («Դարք Բլյու» ՍՊԸ-ն զբաղվում է օդային տրանսպորտի օժանդակ գործունեությամբ, Ընկերության 100% բաժնեմասը պատկանում է Նիլուֆար Բազեհուրի Խոսրոյին)։ 2021թ․ հունվարի 1-ից իրանական Air Tour ավիաընկերությունը սկսեց Թեհրան-Երեւան-Թեհրան երթուղով չվերթներ իրականացնել։ Գրիգորյանն այդ ժամանակվանից սկսել է աշխատել այս ավիաընկերության հետ, հետագայում արդեն նաեւ իրանական Qeshm Air-ի։ Մեր զրույցում նա նշեց, որ Air Tour-ի՝ դեպի Երեւան չվերթների մեկնարկի հետ մեկտեղ FLYONE Armenia ավիաընկերությունն էլ դիմել է Երեւան-Թեհրան-Երեւան թռիչքներ իրականացնելու համար, բայց, ըստ նրա, իրանական կողմը մեկ տարի շարունակ ոչ մերժել, եւ ոչ էլ դրական պատասխան է տվել․  «Այդ ընթացքում ես երկրորդ ավիաուղին էլ բերեցի Հայաստան՝ Qeshm Air-ը, ու այնպես ստացվեց, որ մենք նոյեմբերին երկու ավիաուղիների համար էլ ձմեռային թույլտվություն ստանալու խնդիր ունեցանք Հայաստանում։ Իսկ պատճառ բերեցին, որ FLYONE Armenia-ն դեռ թույլտվություն չի ստացել։ Այդ ժամանակ ես զանգեցի Հայաստանի իմ գործընկերներին, որոնք էլ դիմեցին այնտեղի (Իրանի,-հեղ․) ավիացիոն կոմիտեի (Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության,-հեղ․) նախագահին, ու FLYONE Armenia-ն ստացավ թույլտվություն, մենք էլ այստեղ թույլտվություններ ստացանք երկու ավիաընկերություններով»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ, օրինակ, Armenia Airways-ը տարիներ շարունակ ունեցել է դեպի Թեհրան չվերթներ, ու իրանական կողմը երբեք խոչընդոտներ չի առաջացրել ոչ միայն այս, այլեւ հայկական այլ ավիաընկերությունների առաջ․ «Armenia Airways-ն այսօր դիմի, վաղը նորից ստանալու է չվերթների հնարավորություն»։  Իսկ ահա FLYONE Armenia-ն, Գրիգորյանի խոսքով, ձմռանը թռիչքներ անելու սահմանափակ թույլտվություն ունեցավ՝ շաբաթական մեկ թռիչք, եւ ամբողջ խնդիրն այն է, ըստ մեր զրուցակցի, որ այս ընկերության օդանավերը հայկական գրանցմամբ չեն, այլ մոլդովական։ FLYONE-ը Մոլդավայի ավիացիոն շուկա է մտել 2016թ․-ին։ 2016թ․ մարտի 28-ին ավիաընկերությունը ստացել է օդանավ շահագործողի վկայան։ Իսկ FLYONE Armenia-ն հիմնադրվել է 2021թ․ին, նույն տարվա հոկտեմբերին ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն ընկերությանը տրամադրել է օդանավ շահագործողի վկայական։ Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 եւ Airbus Ա319 օդանավերից։ «Ես բազմիցս շեշտել եմ մեր Կոմիտեին, որ իրանական կողմը խնդիր ունի, դրա համար ինքը FLYONE Armenia-ն չի տեսնում որպես լիարժեք հայկական ավիաուղի, տեսնում է որպես մոլդովական, քանի որ իր օդանավերը սպասարկվում են եւ գրանցված են Մոլդովայում, ոչ ՀՀ տարածքում, եւ դա է իրենց խնդիրը։ Ի վերջո FLYONE Armenia-ն ստանում է շաբաթական երկու թռիչքի իրավունք։ Բայց ես ներքին կարգով գիտեմ նաեւ, որ FLYONE Armenia-ն դեռ պատրաստ էլ չէ թռիչքների, միայն ուզում է ստանալ, բայց չի թռչում»,- ասաց Գրիգորյանը՝ արձանագրելով, որ իրանական կողմն, ամեն դեպքում սկսեց ինչ-որ դրական քայլեր անել, բայց իրանական Qeshm Air-ը դրանից հետո բախվեց խնդրի, այն էլ Նովրուզի օրերին․ «Հիմա երկու ավիաընկերություններից յուրաքանչյուրը շաբաթական երկու թռիչք ունի, ընդհանուր՝ շաբաթական չորս, բայց այս շրջանում սովորաբար ավելացնում ենք թռիչքների քանակը, որ հասցնենք այդ մարդկանց սպասարկել։ Բայց ուրբաթ օրը երեկոյան (ս․թ․ մարտի 17-ն,- հեղ․) ինձ զանգում է ՀՀ Քաղավիացիայի կոմիտե Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Ստեփան Փայասլյանը ու նոր տեղեկացնում, որ մեր շաբաթ օրվա Qeshm Airlines-ի թռիչքը չի կարող իրականանալ, որովհետեւ համապատասխան բաժինը դեռ թույլտվություն չի տվել։ Սա վերաբերում է այն ավիաընկերությանը, որը Հայաստանում թռիչքներ իրականացնելու մեկ տարվա թույլտվություն ուներ, ինքը լրիվ նորմալ ավիաուղի է, խնդիր չի ունեցել մեր տարածքում»,- շեշտում է մեր զրուցակիցը։ Նա, ինչպես ինքն է նշում, հարցրել է՝ ինչն է խնդիրը, ու ստացել պատասխան, որ պատճառն այն է, որ իրանական կողմը FLYONE Armenia-ին սահմանափակումներով է թողնում թռչել Իրան․ «Պատասխանում են՝ իսկ ինչո՞ւ պետք է մենք իրենց երկրորդ ավիաուղին թողնենք՝ երբ ուզի, թռչի։ Ես նորից մեջբերում եմ, որ գիտեք՝ սենց խնդիր կա, որ Մոլդովան է, եթե հարց ունեք, եկեք գնանք, կոմիտեի (Իրանի Քաղավիացիայի կազմակերպության,- հեղ․) նախագահին հանդիպենք, ամեն ինչով կօգնենք ձեզ, կարող է՝ էդ մարդիկ իրոք հարց ունեն FLYONE Armenia-ի հետ կապված»,- ներկայացրեց Գրիգորյանը՝ նշելով նաեւ, որ ակնարկ է եղել այն  մասին, որ FLYONE Armenia-ն հանդիսանում է հայ մեծահարուստ ընտանիքի սեփականություն։  FLYONE Armenia-ն փոխկապակցված է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ։ Հետք-ը մանրամասն անդրադարձել է Սուքիասյանի մերձավորների եւ մոլդովական Fly One-ի համատեղ բիզնեսին, ընկերության սեփականատերերին։ «Եթե ինքը չմերժեր մեր թռիչքները, մեկ շաբաթվա մեջ 200․000 եվրո ներդրում էինք անելու ՀՀ, մեր վճարումները․․․։ Այսինքն՝ զրկվեց մեր երկիրն էդքան ներդրումից, ամեն թռիչքի երեք հարյուր ուղեւորի թողեց դրսում, որովհետեւ տոմսերն արդեն վաճառված էին, փչացրեց հարաբերությունները Իրանի հետ։ Բոլորն էլ շատ զարմացած են այդ վերաբերմունքից, ամենավատն այն է, որ վերջնական պատասխան չեն տալիս, չեն պատասխանում զանգերին, մեյլերին»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ միայն Իրանի դեսպանի՝ ՀՀ ԱԳՆ այցից հետո է թռիչքն իրականացվել․ «Շատ դժվարությամբ նախարարության միջոցով դեսպանը ստանում է թույլտվություն, որ շաբաթ եւ կիրակի օրերին թողնեն թռչի, էն էլ գիշերվա եսիմ որ ժամին, շատ վատ պայմաններով»։  Ըստ Գրիգորյանի՝ Փայասլյանն ասել է, որ Նովրուզի հետ կապված ժամանակավոր թույլատրում են թռչել մինչեւ ապրիլի 2-ը, բայց ամառվա սեզոնի կանոնավոր չվերթների թույլտվության համար դեռ քննարկումներ են։ Նա նաեւ նշեց, որ Իրանի Քաղավիացիայի կազմակերպության ղեկավարի տեղակալը հայկական կողմին պաշտոնական գրությամբ հրավիրել է Իրան՝ քննարկելու բոլոր հարցերը, բայց պատասխան չի ստացել: Քաղավիացիայի կոմիտեից վստահեցնում են՝ խնդիրը հարթվել է Միեւնույն ժամանակ, Քաղավիացիայի կոմիտեի Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Ստեփան Փայասլյանը մեր զրույցում վստահեցրեց՝ բարեկամ պետությունների պաշտոնական հրավերները երբեք անպատասխան չեն մնում։ Փայասլյանն Infocom-ի հետ զրույցում ասաց, որ իրականում խնդիր չի տեսնում․ ըստ նրա՝ իրանական կողմի հետ փորձ է արվում աշխատել՝ համաձայն միջկառավարական համաձայնագրերի, երկկողմ կնքված փոխըմբռնման հուշագրերի։  Փայասլյանից հետաքրքրվեցինք՝ նա տեղեկություն ունի՞, թե ինչու իրանական կողմը երկար ժամանակ չի պատասխանել FLYONE Armenia ընկերության՝ կանոնավոր չվերթներ իրականացնելու դիմումին, եւ թե այդ հարցով ի՞նչ քննարկումներ են իրականացվել։ Մեր զրուցակիցը, դարձյալ հղում անելով համաձայնագրերի ու հուշագրերի շրջանակում իրականացվող աշխատանքին, ասաց, որ եթե մի կողմը փորձում է չպահպանել այդ գործելաոճը, մյուս կողը փորձում է ցույց տալ, որ նմանատիպ գործընթաց ինքն էլ կարող է իրականացնել․ «Խնդիրը, կարծում եմ, լուծված է, որոշակի խնդիրներ կան, պարզապես եղել է, որ եկեք հարգենք իրար, եւ երբ եղել է էդ ըմբռնումը, չվերթները կատարվել են։ Պարզապես եղել է թյուրըմբռնում, հարթվել հարցը»,- ասաց պաշտոնյան, եւ մեր ճշտող հարցին՝ փաստորեն, երբ FLYONE Armenia-ն որոշ խնդիրների է առնչվել իրանական կողմի հետ, հայկական կողմն էլ ցույց է տվել, որ նույն խնդրին կարող է առնչվել Qeshm Air-ը, արձագանքեց այսպես․ «Ճիշտ եք հասկանում»։ Փայասլյանը չի կարծում, թե հայկական կողմի այստեսակ արձագանքը կարող է բացասաբար ազդել երկկողմ հարաբերությունների վրա։ Նրա խոսքով՝ գուցե փորձ է եղել պրոտեկցիոնիզմի (ազգային տնտեսությունը օտար մրցակցությունից զերծ պահելու քաղաքականություն,- հեղ․), բայց, ըստ նրա, եթե մենք ասենք՝ Հայաստանից, օրինակ, Վրաստան պետք է թռչի միայն հայկական փոխադրող, եւ նույնն էլ ասի Վրաստանը, ապա փակուղու առաջ կհայտնվենք։  Մեր հարցին՝ այսինքն FLYONE Armenia-ին սահմանափակ թռիչքներ իրականացնելու հնարավորություն տալու իրանական կողմի հավանական պատճառաբանությունը ողջամիտ չէ՞, Փայասլյանը պատասխանեց, որ «մոլդովականի հարց չկա»․  «Եթե հայկական ընկերությունն ունի օդանավ շահագործողի վկայական, դա ենթադրում է, որ այն ստեղծված է հայկական օրենսդրության հիման վրա, եւ աշխարհում գրեթե բոլոր ավիաընկերություններ ունեն նաեւ այլ մասնաբաժնիններ իրենց ընկերություններում»։ «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ լիազորված մարմինը (իմա՝ Քաղավիացիայի կոմիտեն)՝ օդանավ շահագործողի վկայական տալիս է Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց, որոնց բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայաբաժնի և այլն) առնվազն 51 տոկոսը սեփականության իրավունքով պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և (կամ) Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած) իրավաբանական անձանց։ FLYONE Armenia-ն այս պայմանով ունի օդանավ շահագործողի վկայական։   Ի դեպ, իրանական Qeshm Air-ը շաբաթավերջին թռիչքի հետ կապված խնդրի է բախվել այն պարագայում, երբ FLYONE Armenia-ն դեպի Թեհրան շաբաթական երկու անգամ թռիչք իրականացնելու թույլտվություն արդեն ստացել էր։ Սա հաստատեց նաեւ Փայալսյանը, սական չմեկնաբանեց, թե ինչու է այդպես եղել․ «Թռիչքն իրականացվել է, էդքանը կարող եմ փաստել»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ տեղեկություն չունի՝ ի վերջո ՀՀ-ում Իրանի դեսպանի՝ ԱԳՆ կատարած այցի՞ց հետո է խնդիրը լուծվել։ Իսկ մեկնաբանությունները, որ հայկական կողմի արձագանքը կապ ունի այն բանի հետ, որ FLYONE Armenia-ն առնչվում է Խաչատուր Սուքիասյանին, Փայալսյանը անհեթեթ համարեց՝ նշելով, որ ավիացիոն իշխանությունները պատրաստ են պաշտպանել մեր բոլոր ավիաընկերությունների շահերը եւ բոլոր հարթակներում․ «Մենք ունենք տասը օդանավ շահագործողի վկայական կրող, տասի համար հավասար պայքարում ենք։ Ձեզ մի տարօրինակ ինֆո է եկել, բազմաթիվ ավելի լուրջ խնդիրներ կան, որոնք կապված են եղել այլ ավիաընկերությունների հետ, այլ երկրների հետ, այդ թվում FLYONE-Ի հետ, որոնք լուծվել, հարթվել են, իսկ թե այս հարցը հանրայնացնելն ինչ նպատակ է հետապնդում, ինձ հետաքրքիր չէ»։  Այն, որ FLYONE Armenia-ն ստանում է չվերթների իրավունք, բայց թռիչքներ չի իրականացնում, Փայասլյանը պայմանավորեց տարբեր հնարավոր խնդիրների հետ, ինչպիսիք են օդանավերի՝ այդ պահին հասանելի չլինելը, խիտ գրաֆիկը եւ այլն։ Նա նշեց, որ թույլտվություն ստանալը չի նշանակում պարտադիր թռչել․ «Նպատակն, իհարկե, թռչելն է, բայց քանի որ ավիացիա է, կենդանի օրգանիզմ, կարող են լինել բազմաթիվ օպերացիոնալ եւ տարբեր խնդիրներ, սկսած օդանավի խնդիրներ, անձնակազմի պակաս, եւ այլն, ու չվերթ չկայանա»։ Ստեփան Փայասլյանը եւս նշեց, որ Qeshm Air-ը դիմել է ամառվա սեզոնին կանոնավոր չվերթներ իրականացնելու համար, բայց հարցը դեռ քննարկման փուլում է։ Այսպիսով, իրանական Qeshm Air ավիաընկերությունը անցյալ շաբաթավերջին դեպի Երեւան չվերթի խոչընդոտ է ունեցել այն բանից հետո, երբ հայկական FLYONE Armenia-ն էլ դեպի Թեհրան չվերթների սահմանափակ հնարավորություն է ստացել՝ երկար ժամանակ կանոնավոր չվերթների թույլտվություն ստանալու դիմումին արձագանք չստանալուց հետո։ Այս պահին FLYONE Armenia-ն ունի դեպի Թեհրան շաբաթական երկու թռիչք իրականացնելու իրավունք, իսկ Qeshm Air-ը շաբաթ օրը նախատեսված թռիչքն, ամեն դեպքում կատարել է, եւ մինչեւ ապրիլի 2-ը թռիչքներ իրականացնելու հնարավորություն ունի, իսկ ամառվա սեզնին կանոնավոր չվերթներ իրականացնելու դիմումը քննարկման փուլում է։ Infocom-ը գրավոր հարցեր է ուղղել նաեւ ՀՀ-ում Իրանի դեսպանին․ պատասխանն ստանալուն պես կներկայացնենք ստացած նոր տեղեկությունները։  Հայարփի Բաղդասարյան
18:30 - 23 մարտի, 2023
Արձագանքը միայն հրապարակային չի լինում. Զախարովան՝ Սյունիքում երկու ռուս զինվորականի վիրավորվելու մասին |news.am|

Արձագանքը միայն հրապարակային չի լինում. Զախարովան՝ Սյունիքում երկու ռուս զինվորականի վիրավորվելու մասին |news.am|

news.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է տեղեկություններին, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել ավելի վաղ եղանակային վատ պայմանների հետևանքով մոլորված հայ զինծառայողին վերադարձնող ռուս զինծառայողների ուղղությամբ, ինչի հետևանքով երկու ռուս զինվորական է վիրավորվել, նշել է՝ հանգամանքները պարզում է ՌԴ ՊՆ-ն: Նրա խոսքով՝ պետք է սպասել հետաքննության արդյունքներին։ Հենց այս արդյունքները լինեն, նա կկարողանա գնահատական ​​տալ։ Հարցին, թե ինչպիսին կլինի Մոսկվայի արձագանքը, ԱԳՆ ներկայացուցիչն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ այդ արձագանքը միայն հրապարակային չի լինում. «Ամենատարբեր մակարդակներում երկխոսություն կա։ Եվ եթե խոսափողի մոտ ինչ-որ բան չի ասվում, դա չի նշանակում, որ չի ասվում հեռախոսով, անձամբ, ​​նամակագրության ժամանակ եւ այլն»։ Զախարովան պարզաբանել է, որ Ռուսաստանը տարբեր դաշնակիցներին, գործընկերներին, բարեկամներին իր դիրքորոշումը հասցնելու տարբեր միջոցներ ունի։
16:27 - 23 մարտի, 2023
Զախարովան ՀԱՊԿ-ի մասին Ալեն Սիմոնյանի հայտարարությունը գնահատել է որպես իր վրա ուշադրություն հրավիրելու փորձ |news.am|

Զախարովան ՀԱՊԿ-ի մասին Ալեն Սիմոնյանի հայտարարությունը գնահատել է որպես իր վրա ուշադրություն հրավիրելու փորձ |news.am|

news.am: Որքան քաղաքական գործիչ կա, այնքան տարբեր մեկնաբանություններ եւ կարծիքներ ու հնարավորություններ կլինեն, ի դեպ, այդ վառ հայտարարությամբ իրենց վրա ուշադրությունը հրավիրելու համար։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե չնայած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցին Հայաստան, այնուամենայնիվ, կազմակերպությունը հեռանում է տարածաշրջանից։ «Վերջերս Հայաստանի բարձր մակարդակով պաշտոնական ներկայացուցչից՝ արտաքին գործերի նախարարից լսեցինք, թե պաշտոնական մակարդակով ինչ են իրենք մտածում ՀԱՊԿ-ի մասին։ Մարդն իրավասու է անելու նման հայտարարարություններ։ Եվ հաստատվեց, որ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության տեղայակումը նախապատրաստվում է։ Ես իսկապես առաջին անգամ չէ, որ լսում եմ հարցն այն մասին, թե ինչ է նշանակում «ՀԱՊԿ-ն հեռանում է Հայաստանից» արտահայտութունը։ Ես եւս մեկ անգամ ուզում եմ այդ հարցերն ուղղել հայկական կողմին։ Բայց իմ կողմից հարց ավելացնել։ Ինչպես են նրանք, ովքեր այդ մասին ասում են, տեսնում ՀԱՊԿ-ի Հայաստան մտնելու գործընթացը, եթե նրանք արձանագրում են դուրս գալը», - նշել է նա։
16:02 - 23 մարտի, 2023
ԵԽԽՎ հանձնաժողովն Ադրբեջանին հորդորել է անհապաղ կատարել միջազգային դատարանների որոշումները՝ կապված Լաչինի միջանցի ապաշրջափակման հետ
 |tert.am|

ԵԽԽՎ հանձնաժողովն Ադրբեջանին հորդորել է անհապաղ կատարել միջազգային դատարանների որոշումները՝ կապված Լաչինի միջանցի ապաշրջափակման հետ |tert.am|

tert.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը խիստ  անհանգստացած է Լաչինի միջանցքի շարունակական խոչընդոտման  պատճառով առաջացող հումանիտար ճգնաժամով: Այս մասին ասվում է հանձնաժողովի հայտարարությունում:«Այս միջանցքը կենսական ուղի է Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում ապրողների միջև, և Հանձնաժողովն ամբողջությամբ աջակցում է Խորհրդարանական վեհաժողովի Մշտադիտարկման հարցերով հանձնաժողովի համազեկուցողների կողմից արված հրապարակային հայտարարությանը...՝ կոչ անելով ձեռնարկել «անհապաղ գործողություններ» և «անհապաղ դադարեցնել անօրինականությունը և Լաչինի միջանցքի ապօրինի խոչընդոտումը»։Հանձնաժողովը նաև կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թ. դեկտեմբերի 21-ի որոշումները, որոնցում ընդգծվում էր 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունը, այն է` երաշխավորելու Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը», - ասվում է հայտարարությունում:
14:28 - 23 մարտի, 2023
Մարտական գործողություների վերսկսման հավանականությունը կարող է պայմանավորված լինել բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակով․ Տիգրան Աբրահամյան |armenpress.am|

Մարտական գործողություների վերսկսման հավանականությունը կարող է պայմանավորված լինել բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակով․ Տիգրան Աբրահամյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը նման է փակուղայինի, ինչն էլ մեծացնում է մարտական գործողությունների հավանականությունը: Ընդդիմադիր պատգամավորը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում: Աբրահամյանը նկատեց՝ իշխանության կողմից կա արձանագրում, որ էսկալացիայի հավանականությունը բավականին բարձր է, դրան զուգահեռ նաև բավականին շատ են շրջանառվող լուրերն այն մասին, որ առաջնագծում կան ակտիվացումներ, շարժեր, կուտակումներ: «Այն, որ հրադադարի ռեժիմի խախտումներն ավելացել են, հատկապես ավելացել են Արցախի շփման գծի ուղղությամբ, ակնհայտ է: Ընդ որում, Արցախում այդ հրադադարի ռեժիմի խախտումներն արտահայտվում են քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակահերթերով: Այս փուլում գյուղատնտեսական աշխատանքներ են ընթանում, այս պայմաններում Ադրբեջանը, վտանգելով խաղաղ բնակիչների անվտանգությունը, փորձում է խոչընդոտել գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը՝ ըստ էության խնդիրներ ստեղծելով պարենային անվտանգության տեսանկյունից»,- ասաց Աբրահամյանը: Պատգամավորը հիշեցրեց նաև Հայաստանում նախորդ օրը Երասխի ուղղությամբ հակառակորդի կրակոցից զինծառայողի զոհվելու դեպքի մասին, ադրբեջանցիների կողմից ռուս զինծառայողների ուղղությամբ նպատակաուղղված կրակոցի մասին: Նա կարևորեց, որ տեղաշարժերի, կուտակումների հանգամանքը շատ ավելի խորը ուսումնասիրության ենթարկվի, որ ավելի հասկանալի լինի, թե դրանք ինչպիսի վտանգավորություն են ներկայացնում Հայաստանի կամ Արցախի համար, և, թե ինչ նպատակներ են հետապնդում: «Միայն շարժերի իրականացումը դեռ չի նշանակում մարտական գործողությունների նախապատրաստում: Շարժերի ծավալից, ուղղություններից, շատ ավելի խորը վերլուծությունից է միայն հնարավոր հասկանալ, թե ինչ նպատակ է դա հետպանդում»,- ասաց Աբրահամյանը: Պատգամավորը նաև ընդգծեց՝ 44-օրյա պատերազմից հետ Հայաստանի և Արցախի ուղղությամբ տեղի ունեցած հարձակումները ցույց են տվել, որ այդ շարժերի համար երկար ժամանակ պետք չէ: Ըստ նրա՝ հաշվի առնելով առաջնագծի բավականին խտացված լինելը՝ բավականին կարճ ժամանակում զորքերի տեղաշարժի, համապատասխան խնդիրների առաջադրման և միանգամից իրավիճակը թեժացնելու հնարավորություն կա: «Այս պահին առաջնագծում մարտական գործողություների վերսկսման հավանականությունն առաջին հերթին կարող է պայմանավորված լինել բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակով, մասնավորապես ՀՀ իշխանության կողմից հայտարարած այն մոտեցմամբ, որ Ադրբեջանը հետ է կանգնել վերջին շրջանում ձեռք բերված պայմանավորվածություններից և առաջարկել է այնպիսի պայմաններ, որի դեպքում այլևս բանակցելու հնարավորություն չկա՝ այն տեսանկյունից, որ հատվում են Հայաստանի համար բոլոր կարմիր գծերը: Իմ կարծիքով՝ դրանք բավականին վաղ էին արդեն հատվել, բայց իրավիճակն է շատ նման փակուղայինի, ինչը բնականաբար այս դեպքում մեծացնում է հնարավոր մարտական գործողությունների հավանականությունը»,- ասաց Աբրահամյանը:
13:51 - 23 մարտի, 2023