ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Հաստատվել է բուհերի 2022-2023 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

Հաստատվել է բուհերի 2022-2023 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել հաստատելու բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2022-2023 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Համաձայն ընդունված որոշման՝ դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից՝ պետական և ոչ պետական, բոլոր դիմորդների համար ապահովվել են ընդունելության միևնույն պայմանները՝ ընդունելության առնվազն 2 քննության հանձնում: Արդյունքում՝ դիմորդը, կարևորելով մասնագիտության ընտրությունը և ուսումնասիրելով իր հնարավորությունները, բուհ կընդունվի տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) ընդունելության առնվազն երկու քննությունների հանձնմամբ և անհրաժեշտ բազային գիտելիքներով. դա կնպաստի բուհերում ուսման որակի բարձրացմանը: Կան մասնագիտություններ, որոնց համար սահմանվում են կամընտրական քննություններ՝ հնարավորություն տալով դիմորդներին իրենց ցանկությամբ ընտրելու քննական առարկան: Ընդունված որոշմամբ՝ կանոնակարգվել են բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն մուտքային պահանջների համապատասխանությունը՝ նկատի ունենալով նաև ՀՀ Կառավարության որոշմամբ տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող համապատասխան որակավորումը:
18:00 - 25 նոյեմբերի, 2021
Սյունիքի մարզում կառուցվում է 7 այլընտրանքային ճանապարհ |armenpress.am|

Սյունիքի մարզում կառուցվում է 7 այլընտրանքային ճանապարհ |armenpress.am|

armenpress.am: Սյունիքի մարզում 7 այլընտրանքային ճանապարհ է կառուցվում: Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ, մասնավորապես ճանապարհներ են կառուցվում Շուռնուխ, Որոտան, Բարձրավան, Գեղանուշ, Ճակատեն համայնքներում: «Բացի, այդ Վերին Խոտանան գյուղը շրջանցող ճանապարհ ենք կառուցում, որպեսզի բեռնատարները գյուղով չանցնեն»,- նշեց վարչապետը: Փաշինյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց Սյունիքի մարզի ճանապարհների կառուցման ընթացքից: Գնել Սանոսյանը ասաց, որ Տաթև-Աղվանի ճանապարհը ամբողջովին պատրաստ է: «Տաթև-Աղվանի հիմնական հատվածը` նույն M2-ին ոչնչով չի զիջում, որոշ հատվածներում նաև լայն է: Գլխավոր դժվարությունը Տաթևի ձորի որոշակի հատվածներում է` Տաթև-Լծեն ճանապարհը դրա համար է կառուցվում, որպեսզի այդ հատվածը և շրջանցենք, և ավելի կարճ դուրս գանք դեպի Սիսիան: Մյուս ճանապարհների վրա ևս աշխատանքներ են ընթանում բավականին ակտիվ կերպով»,- ասաց Սանոսյանը:  
13:25 - 25 նոյեմբերի, 2021
Մեծաթիվ այցերի ու ստուգումների կարիք կլինի. Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է սննդային թունավորումներին |armenpress.am|

Մեծաթիվ այցերի ու ստուգումների կարիք կլինի. Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է սննդային թունավորումներին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի տարբեր սննդի կետերում ու մանկական կրթահամալիրներում վերջերս գրանցված սննդային թունավորումների դեպքերն ամբողջական ուսումնասիրում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:  Իր գործառույթների շրջանակներում դեպքերն ուսումնասիրում է նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ կարվեն երկու կառույցների միասնական վերլուծությունից  բխող գործողություններ: «Կանխարգելիչ միջոցառումների համատեքստում գուցե ավելի մեծաթիվ այցերի ու ստուգումների կարիք լինի, որպեսզի բացառենք նման դեպքերը»,-ասաց նախարարը: Լրագրողների ճշգրտող հարցին, թե արդյոք ջրի նմուշառում կատարվում է, նախարարը նշեց, որ այդ գործողությունն արվում է պարբերաբար ու ամբողջ հանրապետության տարածքով և ջրի առումով որևէ շեղում այս պահին գրանցված չէ: Սննդային թունավորումների դեպքեր են գրանցվել «Տաթև» կրթահամալիրում, «Էլկա» մանկական կենտրոնում, «Տաշիր պիցցա»-ի մի քանի կետում, «Հայր և որդի Երեմյաններ»-ին պատկանող «Բուրգըրի» և «Պանդոկ Երևան» հանրային սննդի օբյեկտներում:
13:08 - 25 նոյեմբերի, 2021
ՀՀ կառավարությունը Արցախի Հանրապետության կառավարությանը 13 մլրդ 533 մլն դրամի միջպետական վարկ կտրամադրի

ՀՀ կառավարությունը Արցախի Հանրապետության կառավարությանը 13 մլրդ 533 մլն դրամի միջպետական վարկ կտրամադրի

ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, որով Արցախի Հանրապետության կառավարությանը 13 մլրդ 533 մլն դրամի միջպետական վարկ կտրամադրվի։ Վարկից 6 մլրդ 500 մլն դրամ չափով պետք է օգտագործվի աշխատավարձերի եւ հավելավճարների վճարման համար, կենսաթոշակների համար՝ 1 մլրդ 226 մլն դրամ, նպաստների համար՝ 349 մլն, պետբյուջեից համայնքների բյուջեներին տրվող դոտացիաների համար՝ 492 մլն, էլէներգիայի, գազի մատակարարման, կապի ծառայությունների՝ բնակչության համար կատարվող սուբսիդավորման համար՝ 1 մլրդ 446 մլն դրամ, առողջապահության համար՝ 573 մլն դրամ չափով, եւ այդպես շարունակ։ Սա այս տարեվերջի վերջին հատկացումն է։ ՀՀ ֆինանսների նախարարը նախագծի զեկուցման ժամանակ ասաց, որ 2021-ի պետբյուջեով ի սկզբանե հաստատված էր 64,9 մլրդ դրամի հատկացում, որը մինչեւ հունիս ամբողջությամբ կատարված էր․ «Մենք 2021-ին, այս հատկացումը ներառյալ, ունենում ենք 199 մլրդ դրամի չափով հատկացում»,- նշեց նախարարը։
12:40 - 25 նոյեմբերի, 2021
Կառավարությունը թույլատրեց BMW 750 LI Xdrive դասի 90 մլն դրամ արժողությամբ ավտոմեքենա ձեռք բերել ԱԺ նախագահի համար

Կառավարությունը թույլատրեց BMW 750 LI Xdrive դասի 90 մլն դրամ արժողությամբ ավտոմեքենա ձեռք բերել ԱԺ նախագահի համար

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, որով թույլատրում է ՀՀ Ազգային ժողովին ձեռք բերել BMW 750Li xDrive LCI դասի մարդատար ավտոմեքենա։ Մեքենան ՀՀ ԱԺ նախագահի համար է․ այդ պաշտոնը զբաղեցնում է Ալեն Սիմոնյանը։  Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է ՀՀ Ազգային ժողովին 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխման արդյունքում տնտեսված ֆինանսական միջոցներն ուղղել BMW 750Li xDrive LCI դասի ավտոմեքենայի ձեռքբերմանը։ Միաժամանակ առաջարկվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահի համար ծառայողական ավտոմեքենայի ձեռքբերումը իրականացնել պաշտոնական ներկայացուցչի ավտոսրահից․ կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ պահանջը տվյալ պահի դրությամբ հրատապ է: Ավտոմեքենան ձեռք բերելու համար տրամադրվելու է 90 մլն դրամ։ «Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի կողմից իրականացվում է Ազգային ժողովի նախագահին սպասարկող (BMW 750Li 2011թ արտադրության) ծառայողական մեքենայի պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելու գործընթացը, քանի որ նշված մեքենայի ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել է ծախսատար և նրա շահագործման ու պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումները այլևս արդյունավետ և նպատակահարմար չեն»,- նշված է հիմնավորման մեջ։ Նախագիծը մշակել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը: Այս նախագիծն ընդգրկված է կառավարության օրակարգի չզեկուցվող հարցերի փաթեթում։
12:17 - 25 նոյեմբերի, 2021
Մենք ուզում ենք, որ դպրոցի տնօրենը կենտրոնանա կրթության բովանդակության վրա և քիչ զբաղվի դուռ, լուսամուտ, տանիք, խողովակ, մետլախ և այլ հարցերով․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

Մենք ուզում ենք, որ դպրոցի տնօրենը կենտրոնանա կրթության բովանդակության վրա և քիչ զբաղվի դուռ, լուսամուտ, տանիք, խողովակ, մետլախ և այլ հարցերով․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Կառավարությունն ընդունեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշման նախագիծը։ Ըստ հիմնավորման՝ փոփոխությունները թույլ կտան մեծացնելու համակարգի գործառնության արդյունավետությունը, խրախուսելու համակարգի զարգացման հնարավորությունները, ապահովելու և զարգացնելու ուսուցիչների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը, կատարելագործելու ուսումնական հաստատությունների կառավարման մեխանիզմները։ Նիկոլ Փաշինյանը, պարզաբանելով նախագիծը, նշեց․ «Հանրակրթության ոլորտում մեզ համար կարևոր և սկզբունքային բարեփոխումները շարունակում ենք և այս օրենքի ընդունմամբ շատ մեծ և տեսանելի փոփոխություններ կտեսնենք հանրակրթության ոլորտում։ Մենք ուզում ենք, որ դպրոցի տնօրենը կենտրոնանա կրթության բովանդակության վրա և հնարավորինս քիչ զբաղվի դուռ, լուսամուտ, տանիք, խողովակ, մետլախ և այլ հարցերով»։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսպիսով ընդհանրապես դպրոցի վարչատնտեսական մասի կառավարումը առանձնացնում է կրթական մասի կառավարումից, այսինքն՝ տնօրենը կրթության բովանդակությամբ է զբաղվելու։ Նա հայտնեց, որ խմբավորված դպրոցների շենքերի կառավարմամբ զբաղվելու է ուրիշ պաշտոնյա, որը կկոչվի վարչատնտեսական մասի ղեկավար կամ համակարգող։
12:14 - 25 նոյեմբերի, 2021
Կառավարությունը Սյունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով հատկացրեց 400 մլն դրամ

Կառավարությունը Սյունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով հատկացրեց 400 մլն դրամ

Ինչպես հայտնի է՝ 2020թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերած պատերազմական գործողությունների հետևանքով ՀՀ Սյունիքի մարզի մի շարք համայնքներ դարձել են սահմանամերձ։ Մարզի համայնքներում առկա են մի շարք սոցիալական և հրատապ խնդիրներ, որոնք ունեն առաջնահերթ լուծման կարիք։ Այս համատեքստում ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, որով նախատեսվում է ՀՀ Սյունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին ներկա պահին այս փուլի աշխատանքների իրականացման համար հատկացնել 400 մլն դրամ գումար՝ մարզային և համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում, ինչպես նաև բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող կարևորագույն և հրատապ ծրագրեր իրականացնելու համար: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հիշեցրեց, որ այս նպատակների համար դեռեւս ապրիլին 500 մլն դրամ էր հատկացվել, սեպտեմբերին՝ 200 մլն դրամ, հիմա հերթական խմբաքանակի համար 400 մլն դրամ է անհրաժեշտ։  Կարգավորումը, ըստ կառավարության, նպատակ ունի ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում իրականացնել առաջնահերթ լուծում պահանջող ծրագրեր, որի արդյունքում լուծում կտրվի բնակչության և համայնքների սոցիալական նշանակություն ունեցող հիմնախնդիրներին: Մասնավորապես. 1. Պայմանով պարտքերի դիմաց` 105.9 մլն դրամ,2. Ճանապարհները փակվելու կապակցությամբ ձեռք է բերվել 3 հատ ՈՒԱԶ ավտոմեքենա, որի արժեքը կազմում է 22.2 մլն դրամ /1-ը տրամադրվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ–ին, 2-ը` Կապանի համայնքապետարանին/,3. Նախատեսվում է ձեռք բերել 43 հատ սենդվիչ պանելային շարժական տնակներ, որի արժեքը կկազմի 223.7 մլն դրամ (1 հատի արժեքը կազմում է շուրջ 5.2 մլն դրամ): /Զինված ուժերի կառույցներին՝ 7 հատ, ՀՀ ԱԻՆ ՓԾ–ին` 2 հատ, ՀՀ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությանը՝ 3 հատ, ԱԱԾ-ին՝ 1 հատ, ՊՆ-ին՝ 30 հատ/,4. Կապան-Ճակատեն ճանապարհը փակ լինելու կապացությամբ նոյեմբերի 14-16-ը բնակչությանը տրամադրվել է վառելիք 6.5 մլն դրամ /13 տոննա դիզելային վառելիք/ և բնական գազ` 1.0 մլն դրամ,5. Նոյեմբերի 11-ին Բարձրավան – Շուռնուխ - Որոտան ճանապարհները փակվելու կապակցությամբ բնակչությանը տրամադրվում է հաց՝ օրական 2 անգամ /նոյեմբերի 22-ի դրությամբ փաստացի ծախսը կազմում է 0.8 մլն դրամ/,6. Ոռոգման և խմելու ջրի համակարգերի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում,7. Այլ հրատապ ծախսեր (սնունդ, անվադողեր, դեղ և այլն)։
12:04 - 25 նոյեմբերի, 2021
Կառավարությունն առաջարկում է ստեղծել արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած խնդիրների արագ լուծման հնարավորություն

Կառավարությունն առաջարկում է ստեղծել արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած խնդիրների արագ լուծման հնարավորություն

Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով, հավանություն տվեց  «Գնումների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծին, որի նպատակն է   ստեղծել արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած և հրատապ համարվող խնդիրների արագ լուծման հնարավորություն: Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի մշակումը պայմանավորված է մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի դեպքում հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների, գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկությունների սահմանման անհրաժեշտությամբ։ «Գնումների մասին» օրենքը սահմանում է, որ շինարարական աշխատանքների ձեռքբերման ընթացակարգը հնարավոր է կազմակերպել փորձաքննություն անցած նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա։ Արտակարգ իրավիճակների առաջացման պարագայում, ըստ կառավարության նախագծի, ժամկետային սղությամբ պայմանավորված, գործնականում հնարավոր չի դառնում օպերատիվորեն ապահովել նման հետևանքների վերացումը՝ պայմանավորված փաստաթղթերի մշակման և փորձաքննության ապահովման հանգամանքով, ուստի նախատեսվում է հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացը կառավարության որոշմամբ (պետք է հիմնավորվի դրա ընդունումը պայմանավորող հանգամանքների առկայությունը)  իրականացվել առանց սահմանված կարգով հաստատված և փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի։
11:52 - 25 նոյեմբերի, 2021
«Մետրոգիպրոտրանս»-ը ՀՀ կառավարությանը 500 մլն դոլար արժողությամբ մետրոպոլիտենի զարգացման նախագիծ է առաջարկել

«Մետրոգիպրոտրանս»-ը ՀՀ կառավարությանը 500 մլն դոլար արժողությամբ մետրոպոլիտենի զարգացման նախագիծ է առաջարկել

Երևանի մետրոյի նոր՝ Աջափնյակ կայարանի նախագծման մրցույթում հաղթող է ճանաչվել, ռուսաստանյան «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: Նախագծման աշխատանքների և մետրոյի հեռանկարային զարգացման խնդիրներ են քննարկել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը: Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քաղաքային տրանսպորտային բարեփոխումների մեջ կարևոր տեղ ունի մետրոպոլիտենի զարգացումը, և Երևանի քաղաքապետարանը հստակ քայլեր է ձեռնարկում նոր կայարանը կառուցելու նպատակով: «Տրանսպորտային ընդհանուր բարեփոխումները, որոնք շատ կարևոր են Երևանի համար, բաղկացած է մի քանի մասերից և, իհարկե տարբեր փուլերից: Մենք այժմ շատ ակտիվ զբաղվում ենք վերգետնյա տրանսպորտով, այսինքն՝ ավտոբուսների համալրմամբ և արդեն դրանց շահագործմամբ, որը շարունակական բնույթ է կրում և զուգահեռաբար զբաղվում ենք նաև ստորգետնյա տրանսպորտով, որը մետրոպոլիտենն է: Երևանի քաղաքապետարանի կողմից բավականին բարդ աշխատանք է կատարվել, մենք մեր շուրջն ենք հավաքել մետրոպոլիտենի աշխատանքին տեղյակ բոլոր մասնագետներին, որոնք այս պահին Հայաստանում են և համախմբված կարողացանք անցկացնել այդ մրցույթը, որը վերաբերում է նախագծման փուլին: Մրցույթի նախապատրաստումը և անցկացումը տևեց համարյա մեկուկես տարի: Այս պահին մենք հասել ենք ավարտական փուլին. մրցույթն ունեցավ հաղթող, որի հետ արդեն ստորագրվել է պայմանագիր»,- նշել է քաղաքապետը։ «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը հանդիպման ընթացքում քաղաքապետին է ներկայացրել Աջափնյակի կայարանի նախագծման էսքիզային տարբերակները: «Ինձ թվում է՝ մետրոպոլիտենը, քաղաքի զարգացման տեսակետից, շատ բան է որոշում, և երբ մետրոն նախագծվում է մինչև հիմնական շինարարությունը, նշանակում է , որ քաղաքն ապրում է, իսկ մարդկանց միջև կապը՝ ընդլայնվում, քանի որ նրանք կարող են քաղաքի մի հատվածից հասնել մյուսը: Պետք է ինչ-որ բանից սկսել, և այն, որ մենք հաղթեցինք մետրոյի նոր կայարանի փոքրիկ մի հատվածի նախագծման մրցույթում, դա նույնպես լավ սկիզբ է ու նշանակում է, որ պետք է առաջ ընթանալ: Նկատելի է, որ քաղաքային իշխանությունը մտածում է ռազմավարական լուծումներ գտնել նոր շենքերի կառուցման, տրանսպորտային ենթակառուցվածքների արդյունավետ զարգացման համար՝ անգամ սահմանափակ հնարավորություններով,- նշել է «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահը: «Մետրոգիպրոտրանս» ընկերությունն, ի դեպ, Հայաստանի կառավարությանը 500 մլն դոլար արժողությամբ մետրոպոլիտենի զարգացման նախագիծ է առաջարկել։ Ծրագրին շահավետ պայմաններով պատրաստ է աջակցել Արտահանման վարկերի ապահովագրությա ռուսաստանյան գործակալությունը։ «Մենք այդ միջոցներով երևի կկարողանանք թարմացնել նաև հին մետրոպոլիտենի ենթակառուցվածքները, ու նաև կարող ենք նախատեսել քաղաքի այն հատվածները, դեպի ուր կարող են ընդլայնվել կայարանները»,- ասել է Վալերի Աբրամսոնը: «Վեց ամսվա ընթացքում պետք է ֆինանսավորվի այս նախագիծը, որպեսզի աշխատանքներն սկսվեն: Ուզում եմ տեղեկացնել, որ մետրոպոլիտենը հանդիսանում է պետական գույք, սա համայնքային գույք չէ, ուստի և ֆինանսավորումը պետք է արվի պետական բյուջեից, ոչ թե համայնքի բյուջեից: Մենք բոլորս էլ գիտենք, որ այսօր բավականին լուրջ խնդիրներ կան հանրապետությունում, և ես հուսով եմ, որ այդ խնդիրները հաղթահարելի են, որպեսզի նաև ֆինանսներ գտնվեն մետրոպոլիտենի համար»,- նշել է Հայկ Մարությանը: Նախագծի նախնական տարբերակով նախատեսվում է Հրազդանի վրայով կամուրջ կառուցել միայն մետրոյի համար, «Մետրոգիպրոտրանսն» առաջարկում է նաև երկրորդ հարկ կառուցել ավտոմեքենաների կամ հետիոտնի համար: Զրույցի ընթացքում կողմերը նկատել են, որ ցանկալի է նախընտրել ստորգետնյա կայարանի կառուցումը՝ կամրջի վրայի կայարանի փոխարեն, քանի որ ստորգետնյա կայարանները շատ ավելի հարմար են մետրոյից օգտվող մարդկանց համար եւ զանազան ենթակառույցների զարգացման հնարավորություն են տալիս: Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնին է փոխանցել մետրոյի «Աջափնյակ» կայարանի հատվածի նախագծման ստորագրված պայմանագիրը:
12:34 - 24 նոյեմբերի, 2021
ՀՀ մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու գործընթացում կատարվել են փոփոխություններ |armenpress.am|

ՀՀ մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու գործընթացում կատարվել են փոփոխություններ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու գործընթացներում։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ ընդլայնվել են բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցության իրավունք ունեցող շահառուների շրջանակը և դիմելու ժամկետները։ Փոփոխությունների արդյունքում բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու համար կարող են դիմել նաև մանկատան 18 տարին լրացած սաները, ովքեր ՀՀ մանկատանը խնամք և դաստիարակություն ստացել են առնվազն 7 տարի (բացառությամբ կենսաբանական ծնողի ընտանիք վերադարձածների), ՀՀ մանկատների 2021 թվականի շրջանավարտները։ Բնակարանի գնման վկայագրի գործողության վերջնաժամկետ է սահմանվել 2022 թվականի դեկտեմբերի 1-ը (2021 թվականի նոյեմբերի 1-ի փոխարեն), իսկ դիմումներ ընդունելու վերջնաժամկետ՝ 2022 թվականի հուլիսի 1-ը (2021 թվականի հուլիսի 1-ի փոխարեն): Շահառուները բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք ունեն ՀՀ քաղաքացի հանդիսանալու, սեփականության կամ համասեփականության իրավունքով այլ բնակելի տարածք չունենալու և բնակելի տարածք  օտարած չլինելու դեպքում:
13:29 - 23 նոյեմբերի, 2021
Քաղաքացիները դիմում տվեցին կառավարությանը՝ հրապարակելու ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը, որի մասին խոսել է Փաշինյանը

Քաղաքացիները դիմում տվեցին կառավարությանը՝ հրապարակելու ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը, որի մասին խոսել է Փաշինյանը

«Ազատագրական շարժման» նախաձեռնողները, նրանց միացած քաղաքացիները ժամը 14։00-ից հավաքվել էին Երևանի Հանրապետության հրապարակում՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Նրանք նշեցին, որ իրենց ակցիան խաղաղ է, և որ իրենք ունեն միայն մեկ պահանջ․ հրապարակել ստորագրվելիք փաստաթղթի (ինչի մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը) բովանդակությունը։ Հրապարակում նաև ոստիկաններ կային։ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է․ «Դեռևս 2021թ․-ի մայիսին կառավարության նիստում հայտարարել եմ, որ պատրաստ եմ ստորագրել այդ պահին սեղանին դրված առաջարկությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ։ Մայիսին և դրանից հետո ՌԴ-ն 3 անգամ` ներառյալ չակերտավոր բացահայտված փաստաթուղթը, հանդես է եկել առաջարկով, և, ըստ էության, բոլոր 3 անգամները մենք համաձայնություն ենք տվել այդ գործընթացով գնալ առաջ, շարժվել առաջ: Իմ տպավորությամբ գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման կամ կոնկրետ պատասխան չտալու առիթով»։ Ակցիայի մասնակիցները կառավարության հանձնեցին իրենց դիմումը՝ ստորագրվելիք փաստաթղթի բովանդակության հրապարակման վերաբերյալ։ Այժմ նրանք Ամիրյան-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան երթուղով շարժվում են դեպի նախագահի նստավայր՝ ՀՀ նախագահին ևս հանձնելու իրենց դիմումը, այնուհետև կգնան Ազգային ժողովի շենք, ապա կվերադառնան Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 17։00-ին կկայանա իրենց հանրահավաքը․ հենց այդ ժամանակ էլ կներկայացվեն նախաձեռնության ծրագրերը, հետագա անելիքները։  ՀՀ կառավարության շենքի դիմաց էին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։ Վերջինս իր խոսքում նշեց, որ սա վերկուսակցական պայքար է՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ։ Անդրադառնալով խորրդանական ընդդիմության հետ համագործակցությանը՝ Տոնոյանն ասաց, որ նրանդ պահանջ ունեն, քանի որ նրանց գործը Ազգային ժողովում է։ Նշենք, որ առավոտից նախաձեռնության անդամներն ու աջակիցները Երևանում փողոցներ էին փակում՝ քաղաքացիներին իրազեկելով սպասվելիք հանրահավաքի և դրա պատճառների մասին։
15:03 - 22 նոյեմբերի, 2021
Ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանի տարբեր փողոցների փակման ակցիայի 18 մասնակցի  |armenpress.am|

Ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանի տարբեր փողոցների փակման ակցիայի 18 մասնակցի |armenpress.am|

armenpress.am: Ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանում տարբեր փողոցներ փակելու ակցիայի 18 մասնակցի: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության բաժնից: «Նրանք ոստիկանությունում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար»,- նշեցին ոստիկանությունից: Երևանում քաղաքացիների տարբեր խմբեր փակել էին տարբեր փողոցներ: Ակցիայի մասնակիցները մտադիր են ժամը 14:00-ին հավաքվել կառավարության շենքի դիմաց՝ ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանից պահանջելու բացահայտել, իրենց խոսքով, սեղանին դրված փաստաթուղթը, որ վերաբերում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատմանն ու սահմանագծմանը: Փողոցը փակած ակցիայի մասնակիցներից «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ ճանապարհները փակելու են 44 րոպե: Նա նշեց, որ դա միակ ձևն է, որ քաղաքացիների ուշադրությունը հրավիրեն սահմանին տիրող իրավիճակի վրա: Ակցիայի մասնակիցներից մեկն էլ բարձրախոսով հայտարարեց, թե սկսել են ազատագրական շարժում, որը նպատակ ունի կանխել սահմանազատման և սահմանագծման հարցով փաստաթղթի ստորագրումը, որը նրանք համարում են ոչ հայանպաստ ծրագիր, և պատրաստվում են ժամը 17:00-ին հավաքվել Հանրապետության հրապարակում: Ակցիայի մասնակիցը շեշտեց նաև, որ հավաքի նպատակն է իրազեկել երկրում տիրող իրավիճակի մասին: Նրանք կոչ էին անում քաղաքացիներին միանալ իրենց: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՌԴ-ն սահմանազատման և սահմանագծման նախապատրաստական փուլի առաջարկ է արել, որն ընդունելի է հայկական կողմի համար:
10:55 - 22 նոյեմբերի, 2021