Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարները քննարկել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները |1lurer.am|

Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարները քննարկել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները |1lurer.am|

1lurer.am: Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները քննարկել են Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարները: 2020-ին ԵՄ-ն նախագահած Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Գլխավոր օրակարգը Թուրքիայի ու Եվրամիության միջև 2016-ին կնքված Միգրացիոն համաձայնագրի պայմանների թարմացումն է: Բանակցություններից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլին հայտարարել է, որ վերջին շրջանում Թուրքիայի և Եվրամիության հարաբերություններում դրական մթնոլորտ է զգացվում՝ չնայած, որ դեկտեմբերին կայացած գագաթնաժողովի ընդունած որոշումները չեն բավարարել Թուրքիայի սպասելիքները: Նրա խոսքով՝ հիմա նրանք ակնկալում են կոնկրետ քայլեր և լուծումներ, օրինակ՝ վիզաների ազատականցման հարցում:
10:05 - 19 հունվարի, 2021
Եթե հրադադարը երկարաժամկետ լինի, Թուրքիան և Ադրբեջանը կարող են քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար․ Չավուշօղլու
 |tert.am|

Եթե հրադադարը երկարաժամկետ լինի, Թուրքիան և Ադրբեջանը կարող են քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար․ Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հաստատել է Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի մտադրությունը և նշել, թե դա որ պարագայում տեղի կունենա: Ինչպես փոխանցում է Вестник Кавказа կայքը, այս մասին թուրք նախարարը հայտնել է Անկարայում գերմանացի գործընկեր Հայկո Մաասի հետ կայացած հատատեղ ասուլիսում: Չավուշօղլուն հիշատակել է Լեռնային Ղարաբաղում ձեռք բերված հրադադարի ռեժիմը՝ ստեղծված իրավիճակն անվանելով «լավ հնարավորություն»: «Եթե հրադադարը երկարաժամկետ լինի, Թուրքիան և Ադրբեջանը կարող են քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար: Մենք Ադրբեջանի հետ միասին կհամակարգենք այդ գործընթացը»,- աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է թուրք նախարարը:
20:14 - 18 հունվարի, 2021
Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Կարսում՝ ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ |azatutyun.am|

Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Կարսում՝ ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Փետրվարի 1-12-ը Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Հայաստանի սահմանին մոտ գտնվող Կարսում, որին կմասնակցեն նաև ադրբեջանցի զինվորականները։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` վարժանքների ընթացքում նախատեսվում են նոր սպառազինության փորձարկումներ։ Թուրքիան և Ադրբեջանը վերջին անգամ համատեղ զորավարժություններ էին անցկացրել հուլիսին` հայ-ադրբեջանական սահմանին սկսված բախումներից մի քանի շաբաթ անց: Լայնամասշտաբ այդ զորախաղերը անցկացվում էին երկրի ողջ տարածքում, այդ թվում՝ Նախիջևանում, Բաքվում, Գյանջայում։ Դրանց մասնակցում էին Ադրբեջանի և Թուրքիայի ինչպես ցամաքային զորքերի, այնպես էլ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները։ Որոշ աղբյուրների պնդմամբ՝ այդ զորավարժություններից հետո Թուրքիան իր սպառազինության և խմբավորումների զգալի մասը թողեց Ադրբեջանում՝ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակողական գործողության նախագծումը և իրագործումը համակարգելու համար:
18:44 - 17 հունվարի, 2021
Թուրքիայի ափերի մոտ ռուսական նավ է խորտակվել. զոհվել է անձնակազմի 2 անդամ
 |armtimes.com|

Թուրքիայի ափերի մոտ ռուսական նավ է խորտակվել. զոհվել է անձնակազմի 2 անդամ |armtimes.com|

armtimes.com: Սեւ ծովում ՝ Թուրքիայի ափերի մոտ ռուսական բեռնատար նավ է խորտակվել, զոհվել է անձնակազմի 2 անդամ: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով թուրքական  Anadolu գործակալությանը, որի հետ զրույցում նահանգապետ Բարտին Սինան Գյուները հայտնել է.  «Մեր նահանգի Ինկումու շրջանում խորտակվել է ռուսական դրոշով բեռնատար նավ: Մենք սկսել ենք ծավալել փրկարարական գործողություն ՝ երեք փրկարարական նավակներում անձնակազմի 15 անդամների հայտնաբերման ու փրկման համար»:  Ըստ նահանգապետի, եղանակային անբարենպաստ պայմանները բարդացրել  են փրկարարական գործողությունը: Անկարայում Ռուսաստանի դեսպանատնից հայտնել են, որ իրենք ուսումնասիրում են դեպքի հանգամանքները եւ փորձում հստակեցնել անձնակազմի անդամների ճակատագիրը:  
16:08 - 17 հունվարի, 2021
Աղդամի մշտադիտարկման համատեղ կենտրոնում կտեղակայվի 60-ական ռուս և թուրք զինծառայող

 |armenpress.am|

Աղդամի մշտադիտարկման համատեղ կենտրոնում կտեղակայվի 60-ական ռուս և թուրք զինծառայող |armenpress.am|

armenpress.am:  Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում ծառայություն կիրականացնի 60-ական ռուս և թուրք զինծառայող: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: «Մշտադիտարկման կենտրոնի տեղակայման վայրն Աղդամն է: Կառուցումն արդեն մեկնարկել է: Առաջին փուլում այնտեղ ծառայություն կիրականացնի 60-ական ռուս և թուրք զինծառայող: Մեր զինվորականներն արդեն սկսել են ուղևորվել այնտեղ»,- ասել է Չավուշօղլուն: Նա հավելել է, որ դա կլինի ոչ մեծ մշտադիտարկման կենտրոն, սակայն, անհրաժեշտության դեպքում, այն կարող է ընդլայնվել: «Եթե ապագայում առաջանա անհրաժեշտություն, մենք Ադրբեջանի հետ կպայմանավորվենք և անհրաժեշտ աջակցությունը կցուցաբերենք»,- նշել է թուրք նախարարը:  
17:53 - 15 հունվարի, 2021
Թուրքիան կարող է շահարկել Եվրոպայի աճող կախվածությունը ադրբեջանական գազից. The National Interest

Թուրքիան կարող է շահարկել Եվրոպայի աճող կախվածությունը ադրբեջանական գազից. The National Interest

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի հաղորդակցության գծով տնօրեն Ալեքս Գալիցկին ամերիկյան The National Interest ամսագրում հրապարակած իր հոդվածում Արցախյան վերջին պատերազմի համատեքստում անդրադարձել է Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը, Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններին և ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ եվրոպական առաջնորդների անտարբերությանը։ Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։   «Անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ներխուժեց և գրավեց հայկական անկլավ Արցախը (Լեռնային Ղարաբաղը), շատերը շտապեցին արձանագրել, որ համաշխարհային առաջնորդները, մասնավորապես՝ Եվրոպան, ձախողեցին այդ ագրեսիայի դատապարտումը: Չնայած ենթադրվում է, որ COVID-19 համավարակն ու ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նպաստեցին, որ Ադրբեջանի ագրեսիայից ուշադրությունը շեղվի, միայն միտումնավոր անտեսումը չի կարող բացատրել այն, թե որքանով գլոբալ առաջնորդները հրաժարվեցին իրենց՝ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունն ապահովելու պատասխանատվությունից: Իրականում, համաշխարհային լռությունը բխում էր բոլորովին այլ, շատ ծանոթ մի մտահոգությունից՝ էներգետիկ անվտանգությունից: Հաշվի առնելով, որ Եվրոպան փորձում է դիվերսիֆիկացնել իր էներգիայի մատակարարումը՝ Ռուսաստանից կախումը նվազեցնելու համար, շատերը ռեսուրսներով հարուստ Ադրբեջանում տեսան եվրոպական էներգետիկ անվտանգությունն ապահովելու նոր հույս: Այդ հույսը կարծես արդարացավ, երբ դեկտեմբերի 31-ին Ադրբեջանը սկսեց «Հարավային գազային միջանցքով» Թուրքիայում գտնվող Շահ-Դենիզ հանքավայրից բնական գազ մատակարարել դեպի Ադրիատիկ: Բայց այս նոր գազատարով սկսվում է Եվրոպայի կախվածության նոր ճգնաժամի արշալույսը՝ Եվրոպային մի ծավալապաշտական ավտորիտար ռեժիմի փոխարեն թողնելով երկու այլ ռեժիմների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հույսին։ Չնայած ժամանակին Թուրքիան և Ադրբեջանը համարվում էին Եվրոպայի և Արևմուտքի ամուր բարեկամները, վերջին տասնամյակի ընթացքում պարզ դարձավ, որ նրանք Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցում ո՛չ հուսալի, ո՛չ էլ բարեխիղճ գործընկերներ են։ Թուրքիան ապացուցել է, որ ցանկանում է օգտագործել Եվրոպայում արդեն ունեցած լծակները՝ հարմար քաղաքական զիջումներ ստանալու նպատակով: Թուրքիան ցինիկաբար օգտագործել է փախստականների կյանքը՝ որպես գործարքային խաղաքարտ, որ Եվրոպայից ինչ-որ բաներ շորթի, ինչպես նաև օգտագործել է ՆԱՏՕ-ում իր կարգավիճակը՝ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում միջամտությունների և Միջերկրական ծովում սպառնալիքների պատասխանատվությունից խուսափելու համար: Թուրքիան միաժամանակ խորացնում է կապերը Ռուսաստանի հետ: Հակառակ այն սպասումներին, որ այս մեծ մրցակցության մեջ Թուրքիան հանդես կգա որպես Արևմուտքի պատնեշ՝ ընդդեմ Ռուսաստանի, և՛ Թուրքիան, և՛ Ռուսաստանն ապացուցել են, որ կարող են համագործակցել այնտեղ, որտեղ այդ համագործակցությունը փոխշահավետ է՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի ազդեցությունը խաթարելու համար: Սա վերաբերում է ոչ միայն Սիրիայի և Լիբիայի հարցում Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններին, այլև էներգետիկ ոլորտին, ինչի վառ օրինակ է «Թուրքական հոսք» գազատարը: Փաստացի, «Թուրքական հոսք»  գազատարը սկսեց ռուսական բնական գազը Թուրքիայի տարածքով մղել Բալկաններ Ադրբեջանի «Հարավային գազային միջանցքի» բացումից մեկ օր շուտ: Սա պատահականություն չէ: Թուրքիան երկար ժամանակ եղել է ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ Եվրոպայի դաշնակիցը՝ փոխադարձ անհրաժեշտությունից ելնելով: Արեւմտյան ճամբարը Թուրքիայի մեջ տեսավ Ռուսաստանին զսպելու միջոց: Արևմուտքը և ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար տարածաշրջանային հեգեմոնիան վերականգնելու միջոց էին: Այն, ինչ սկսվեց 1974 թվականին Կիպրոս ապօրինի ներխուժմամբ և օկուպացիայով, խստացավ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահության օրոք։ Էրդողանն օգտագործեց ցանկացած պատրվակ, որ քծնի եվրոպական երկրներին Թուրքիայի տիրապետության ընդլայնման ձգտման դիմաց: Եվ էներգիան դարձել է այն բազմաթիվ միջոցներից մեկը, որոնց շնորհիվ Թուրքիան ձգտում էր հասնել դրան․ Ռուսաստանի հետ համագործակցելով՝ խթանել Եվրոպայի կախվածությունը՝ ողջ տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական ազդեցությունը մեծացնելու նպատակով: Իսկ Արցախ ներխուժելու և օկուպացնելու ժամանակ Ադրբեջանին ցուցաբերած բացահայտ աջակցությունը այս ռազմավարության հաջող ապացույցն էր: Սա չպետք է անակնկալի բերեր Եվրոպային: Ադրբեջանը և Թուրքիան վաղուց միմյանց տեսնում են որպես եղբայրական երկրներ, որոնք ունեն ընդհանուր ծավալապաշտական, պանթուրքիստական ​​նկրտումներ: Տասնամյակներ շարունակ Ադրբեջանը եղել է ԵԱՀԿ-ի կողմից հակամարտության կարգավորմանն ուղղված գործընթացի իրականացման գլխավոր խափանողը` պարբերաբար խախտելով հրադադարի ռեժիմը և միաժամանակ իր երկրի ներսում ստեղծելով հակահայկական տրամադրություններ՝ սեփական ժողովրդին պատերազմի նախապատրաստելու համար։ Թուրքիան երկար ժամանակ ուղի էր փնտրում Ադրբեջանի պատերազմում ներգրավվելու համար, որ  տարածաշրջանում ամրապնդեր իր դիրքերը: Այս հնարավորությունն առաջացավ Անկարայի՝ տարածաշրջանում դրսևորած մշտական արկածախնդրության լիակատար անպատժելիության հետևանքով: Այս ամենը շարունակվելու էր՝ ԻԼԻՊ-ի անվան հետ կապվող սիրիացի վարձկաններ տեղափոխելով (տարածաշրջան- խմբ․), իր F-16-երը տեղակայելով (Ադրբեջանում- խմբ․), և ի վերջո, Մոսկվայի համաձայնությամբ, Ադրբեջանում կիսամշտական ռազմական ներկայություն ապահովելով: Տասնամյակների ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի տարածաշրջանային ագրեսիայի զսպման ձախողումը անհերքելիորեն խրախուսեց ինչպես Բաքվին, այնպես էլ Անկարային: Թուրքիան և Ադրբեջանը միակ մեծ հաղթողները չէին: Ռուսաստանը, տարածաշրջան ուղարկելով հազարավոր խաղաղապահների, նույնպես կիսամշտական ռազմական ներկայություն հաստատեց Ադրբեջանում և դրանով փորձում է հակազդել Եվրոպայի՝ էներգետիկ դիվերսիֆիկացիայի որոնման գործընթացին: Ռուսական ներկայությունն Արցախում այժմ ՌԴ-ին Ադրբեջանի նկատմամբ զգալի լծակներով է ապահովում՝ ընդունելի փոխզիջում Բաքվի համար՝ Եվրոպայի էներգետիկ առևտրի շուկան Մոսկվայի հետ կիսելու դիմաց։ Չնայած նրան, որ Ադրբեջանը մի ժամանակ ընկալվում էր որպես արտաքին քաղաքականություն վարելու ունակ, տարածաշրջանի երեք խոշոր տերություններից հիմնականում անկախ պետություն, Ռուսաստանի և Թուրքիայի սպասվող ներկայությունը վերջ տվեց այդ կարծիքին: Վերջին պատերազմից հետո Եվրոպան անորոշ վիճակում է հայտնվել: Թուրքական ագրեսիայի նկատմամբ Եվրոպայի երկարատև լռությունը, փաստորեն, ընդգծեց եվրոպական կախվածության ճգնաժամը՝ իր տարածաշրջանային մրցակիցներին թույլ տալով միավորել ուժերը էներգետիկ առևտրի ոլորտում և միմյանց հետ աշխատել Հարավային Կովկասից եվրոպական ազդեցությունը դուրս մղելու համար՝ հրադադարի համաձայնագրի պայմանների մասով մենաշնորհ ձեռք բերելով: Այս ընթացքում եվրոպական ղեկավարները հրաժարվել են նաև ժողովրդավարության սկզբունքներից և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կառույցներից, ինչպիսիք են ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն: Սա շատ առումներով զարմանալի չէ՝ հատկապես հաշվի առնելով Եվրոպայում ժողովրդավարական հետընթացը, ինչից էլ օգտվեց Թուրքիան: Նույն կերպ, Եվրոպայի անգործությունը նախադեպ է ստեղծել, որի շնորհիվ Թուրքիան շարունակաբար ագրեսիայի կդիմի՝ իր աշխարհաքաղաքական շահերն ապահովելու համար` միևնույն ժամանակ օրինականացնելով ցեղասպան հռետորաբանությունը, որը ինչպես Թուրքիան, այնպես էլ Ադրբեջանն օգտագործել են պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո: Ձևավորվող Մոսկվա-Անկարա առանցքին մարտահրավեր նետելու համար Եվրոպան պետք է պատրաստ լինի տարածաշրջանում պահպանել կանոնների վրա հիմնված կարգը՝ վեր դասելով ժողովրդավարական արժեքները և բազմակողմանիությունը: Դրան հասնելու միջոցներից մեկը կլինի Արցախի կարգավիճակի որոշման գործընթացը, ինչը կդիտվի որպես Արցախի ինքնորոշման իրավունքի պահպանում։ Ե՛վ ԱՄՆ-ն, և՛ Եվրոպան մեծ դեր խաղացին Կոսովոյի կարգավիճակի որոշման գործընթացում՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Կոսովոյում ԵՄ առաքելության (EULEX) աջակցությամբ, և ի վերջո, կարգավիճակի ճանաչմամբ՝ «անջատում հանուն փրկության» սկզբունքի իրավական նախադեպ ստեղծելու միջոցով: Սա ոչ միայն հնարավորություն կտա եվրոպական տերություններին հետ մղել Ռուսաստանի և Թուրքիայի ազդեցությունը, այլև կարևոր քայլ կլինի ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտների նկատմամբ վստահությունը վերականգնելու ուղղությամբ, որը խարխլել են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ավտոկրատ ուժերը: Ադրբեջանի ագրեսիան անպատասխան թողնելը և, միևնույն ժամանակ, Ռուսաստանին ու Թուրքիային առանց հետևանքների տարածաշրջանի էներգիայի մատակարարման մենաշնորհը ձեռք բերելու հնարավորություն տալը վտանգի տակ են դնում ավելին, քան միայն Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն է. դա նշանակում է արևմտյան ժողովրդավարության կապիտուլյացիան տարածաշրջանային ավտորիտարիզմի նկատմամբ: Եվրոպան և Միացյալ Նահանգները այլևս չեն կարող իրենց թույլ տալ կողքից դիտողի դերում լինել»:   Թարգմանությունը՝ Լյուսի Մանվելյանի
23:11 - 14 հունվարի, 2021
Չհրաժարվելով S-400-ից՝ Թուրքիան ցանկանում է երկխոսել նաև ԱՄՆ-ի հետ |1lurer.am|

Չհրաժարվելով S-400-ից՝ Թուրքիան ցանկանում է երկխոսել նաև ԱՄՆ-ի հետ |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարայի համար «շատ խնդրահարույց» կլինի հետ կանգնել ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից՝ հույս հայտնելով, որ Միացյալ Նահանգների հետ այս թեմայով վեճը կհարթվի երկխոսության միջոցով: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն: Աքարը ևս մեկ անգամ նշել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև բանակցություններ են ընթանում պաշտպանական համակարգերի երկրորդ խմբաքանակի ձեռքբերման վերաբերյալ: Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ էր սահմանել՝ կապված ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ:   «Շատ խնդրահարույց իրավիճակ է ձեռք բերածից հետ կանգնելը: (ԱՄՆ-ին) առաջարկում ենք հեռու մնալ պատժամիջոցների սպառնալիքից»,- նշել է Հուլուսի Աքարը:
16:01 - 14 հունվարի, 2021
Պուտինն Էրդողանին է ներկայացրել ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքները |armenpress.am|

Պուտինն Էրդողանին է ներկայացրել ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքները |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է  ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի  ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման ընթացքը: «Ընդգծվել է, որ անցած բանակցությունների գլխավոր արդյունքներից մեկը դարձել է Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից հարաբերությունների կարգավորման տրամադրվածության հաստատումը, խաղաղ կյանքի հաստատման գործնական փոխգործակցության,  տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում գործնական փոխգործակցության պատրաստակամությունը: Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի ընդհանուր կայունացումը ՝ հաջողվել է համաձայնեցնել այդ ուղղությամբ մի շարք կարևոր քայլեր»,- նշված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: Իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աջակցություն է հայտնել Ռուսաստանին ջանքերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, հանդես է եկել Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգումը շարունակելու օգտին, այդ թվում ՝ տարածաշրջանի տնտեսական զարգացման եւ փոխշահավետ նախագծերի առաջխաղացման օգտին: Առանձին անդրադարձ է կատարվել հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնի ձեւավորման որոշ բնագավառներին:
17:24 - 13 հունվարի, 2021