ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Վաղարշակ Հարությանունյանն ու Հայկ Չոբանյանը քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող հարցեր

Վաղարշակ Հարությանունյանն ու Հայկ Չոբանյանը քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող հարցեր

Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին։ Այս մասին հայտնում է ՊՆ-ի պաշտոնական կայքը։    «Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ճշգրտել և ուղենշել համատեղ ջանքերով ոլորտի արդյունավետ և նպատակային կատարելագործմանը միտված աշխատանքային քայլերը։ Նրանք վերստին կարևորել են ռազմարդյունաբերության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների զարգացման հնարավորություններն ուսումնասիրելու և հայրենական արտադրությունը խթանելու ուղղությամբ տարաժամկետ  հավակնոտ և հեռանկարային ծրագրերի մշակումը»։      
19:26 - 23 հունիսի, 2021
Սերգեյ Շոյգուն Վաղարշակ Հարությունյանին շնորհավորել է ՀՀ-ում կայացած արտահերթ ընտրությունների կապակցությամբ

Սերգեյ Շոյգուն Վաղարշակ Հարությունյանին շնորհավորել է ՀՀ-ում կայացած արտահերթ ընտրությունների կապակցությամբ

Հունիսի 21-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռաոսազրույցը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։   ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին՝ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների և իշխող թիմի հաղթանակի կապակցությամբ։ Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են իրադրությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում և դրա հանգուցալուծման ուղիները։ ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները գոհունակություն են հայտնել պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագոծակցության դինամիկ զարգացման կապակցությամբ և շեշտել այդ ուղղությամբ նախանշված ծրագրերի ժամանակին և լիարժեք իրականացման կարևորությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին։
19:29 - 21 հունիսի, 2021
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ զինծառայողների քվեարկության վերաբերյալ անհիմն, չփաստարկված պնդումներից. ՊՆ

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ զինծառայողների քվեարկության վերաբերյալ անհիմն, չփաստարկված պնդումներից. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով հրամանատարների կողմից զինծառայողներին քվեարկելիս ուղղորդումների մասին լուրերին: «Սոցիալական ցանցերում և մի շարք լրատվամիջոցներով տեղեկություններ են շրջանառվում 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքում զինծառայողների՝ հրամանատարների կողմից որոշակի քաղաքական ուժի օգտին քվեարկելու ուղղորդումների վերաբերյալ։  Նմանօրինակ բոլոր տեղեկությունները պաշտպանության նախարարությունում մանրամասն ուսումնասիրության են ենթարկվում։ Առ այս պահը եղած հրապարակումներում առկա պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Ակնհայտ է, որ ուղղորդումների մասին պնդումները հիմնվում են բացառապես զինծառայողներին ընտրական տեղամասեր համակարգված կերպով բերելու փաստի վրա, իսկ հրապարակումներին կից տեսանյութերն ասվածի վկայությունն են. այդ տեսանյութերում ընդամենը պատկերված են ընտրական տեղամասերի մոտ գտնվող զինծառայողներ, իսկ ուղղորդումների մասին պնդումներն այդ տեսանյութերի հեղինակների ենթադրություններն են, որոնք զուրկ են որևէ հիմնավոր փաստարկից։ Ավելին, այս պահին առկա՝ ուղղորդումների վերաբերյալ հրապարակումներում նշված ընտրատեղամասերում, ընտրական հանձնաժողովների կողմից, զինծառայողների քվեարկության հետ կապված խախտումներ չեն արձանագրվել։ Հարկ ենք համարում նշել, որ ժամկետային զինծառայողներին քվեարկության համար խմբերով ընտրական տեղամասեր բերելը պայմանավորված է նրանց տեղաշարժը համակարգված կերպով իրականացնելու ծառայողական անհրաժեշտությամբ։ Ինչ վերաբերում է նախընտրական գործընթացին և բուն քվեարկությանը, ապա առկա է պաշտպանության նախարարի համապատասխան հրաման, որով կտրականապես արգելվում է զինծառայողների շրջանում նախընտրական քարոզչություն իրականացնելն ու որևէ թեկնածուի օգտին քվեարկելու ուղղորդելը։ Համոզիչ կերպով կոչ ենք անում ձեռնպահ մնալ զինծառայողների քվեարկության վերաբերյալ անհիմն, չփաստարկված պնդումներից։ Պաշտպանության նախարարությունը շարունակում է դիտարկել քվեարկության ընթացքը՝ զինծառայողների քվեարկության հետ կապված ահազանգերն ուսումնասիրելու համար»,- ասված է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ:
14:14 - 20 հունիսի, 2021
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հունիսի 16-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ։  ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղիները։ Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ հայկական կողմը հարգանքով է վերաբերում գործընկեր պետությունների և կառույցների՝ խնդիրը խաղաղ կարգավորելու կոչերին, հավելելով, որ հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է. Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները պետք է առանց որևէ նախապայմանի լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները։ Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի՝ հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում ՀՀ ԶՈՒ հետ համատեղ ռուս սահմանապահների տեղակայման հարցը։ Անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքին, պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին վերաբերող մի շարք հարցերի։
11:31 - 17 հունիսի, 2021
Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին հունիսի 15-ին այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Հանդիպմանը մասնակցել են ՊԱՀՀ-ի ղեկավարներն ու դասախոսական կազմը, համալսարանի «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի մասնակիցները: Դեսպան Լին Թրեյսիին ներկայացվել է ՊԱՀՀ-ի գործունեությունը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը խոսել է հայ-ամերիկյան համագործակցության և տարածաշրջանային զարգացման ուղղությունների մասին, նաեւ արդյունավետ համարել ՊԱՀՀ-ի գործունեությունը։ Ըստ աղբյուրի՝ համալսարանի պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը բարձր է գնահատել դեսպան Թրեյսիի այցը ՊԱՀՀ և հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնել:
19:26 - 15 հունիսի, 2021
Թուրքական տարբերանշանով զինվորականի լուսանկարն արվել է հայ-ադրբեջանական սահմանի ոչ հայկական հատվածում․ ՀՀ ՊՆ

Թուրքական տարբերանշանով զինվորականի լուսանկարն արվել է հայ-ադրբեջանական սահմանի ոչ հայկական հատվածում․ ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով մամուլում տարածվող տեղեկություններին, թե «Սյունիքի մարզում՝ Սև լճի շրջանում, արդեն երկու օր է՝ տեղակայվում են Թուրքիայի հատուկ նշանակության բանակային ստորաբաժանումներ»: «Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես` ՀՀ պաշտպանության նախարարությունը, բազմիցս, այդ թվում նաև միջազգային ամենատարբեր հարթակներում, անդրադարձել է խնդրին, որ թուրքական զինված ուժերը մեծ ներգրավվածություն ունեն ադրբեջանական բանակի վերապատրաստման, հրահանգավորման և նույնիսկ կառավարման գործընթացներում: Ասվածի ամենավառ վկայությունը Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմն էր, որին թուրքական զինված ուժերն ունեցան անմիջական մասնակցություն: Թուրք զինվորականների ներկայությունը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներում վաղուց արդեն փաստ է, հաստատված` այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից: Այս տեսանկյունից` մեղադրանքները, թե ՀՀ ՊՆ-ն թաքցնում է ինչ-ինչ փաստեր՝ կապված Ադրբեջանի զինված ուժերում թուրք զինվորականների ներկայության հետ, ուղղակի անհիմն են: Ինչ վերաբերում է լրատվամիջոցներով տարածվող՝ թուրքական տարբերանշանով զինվորականի լուսանկարին, ապա այն արվել է հայ-ադրբեջանական սահմանի ոչ հայկական հատվածում, զինվորականների շարժը վերահսկվել է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից, իսկ տվյալ տարածքում ոչ մի «թուրքական բանակային ստորաբաժանման տեղակայման» մասին խոսք չի գնում»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
16:46 - 12 հունիսի, 2021
ՀՀ ՊՆ և ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարները քննարկել են անհայտ կորածների և գերիների ճակատագրերը պարզելու հարցեր

ՀՀ ՊՆ և ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարները քննարկել են անհայտ կորածների և գերիների ճակատագրերը պարզելու հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հունիսի 11-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են 2020թ. սեպտեմբերին Արցախի դեմ շփման գծի ամբողջ երկայնքով սանձազերծած թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով անհայտ կորած և գերության մեջ հայտնված անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցերին: «Վաղարշակ Հարությունյանը ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության մտահոգությունը ադրբեջանական իշխանությունների կողմից մինչ օրս ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրական թվի քողարկման և այս՝ բացառապես հումանիտար բնույթ կրող հարցը քաղաքական շահարկումների առարկա դարձնելու փորձերի վերաբերյալ: Նշվել է, որ նման գործելաոճը  հանդիսանում է միջազգայնորեն ամրագրված իրավունքների, մասնավորապես՝ միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համատեղ հայտարարության դրույթների շրջանակներում Ադրբեջանի կողմից ստանձնած հանձնառությունների կոպտագույն խախտում։ Վաղարշակ Հարությունյանը միաժամանակ երախտագիտություն է հայտնել  ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին Ադրբեջանի իրավազորության տակ հայտնված հայազգի անձանց իրավունքների պաշտպանության գործում պատվիրակության կողմից  գործադրվող ջանքերի համար, նշել, որ Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, որը պետք է բացառի ցանկացած տեսակի նվաստացնող վերաբերմունք: Թիերի Ռիբոն իր հերթին հավաստիացրել է, որ ԿԽՄԿ պատվիրակությունն իրականացնում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ անհայտ կորած անձանց ճակատագրերի, ինչպես նաև ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկատվության պարզաբանման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
20:02 - 11 հունիսի, 2021
Հայկական կողմը ոչ թե գնդակոծել է ադրբեջանական դիրքերը, այլ միջոցներ ձեռնարկել՝  ՀՀ սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈՒ ինժեներական աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ․ ՊՆ պարզաբանումը

Հայկական կողմը ոչ թե գնդակոծել է ադրբեջանական դիրքերը, այլ միջոցներ ձեռնարկել՝ ՀՀ սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈՒ ինժեներական աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ․ ՊՆ պարզաբանումը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, ինչը հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Հայկական ստորաբաժանումները ոչ թե գնդակոծել են Ադրբեջանի տարածքում գտնվող մարտական դիրքերը, այլ միջոցներ ձեռնարկել՝ Հայաստանի սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացվող ինժեներական աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ։ Մասնավորապես, հունիսի 11-ին Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի սահմանային հատվածում։ Հայկական ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների, ինչից հետո ինժեներական աշխատանքները դադարեցվել են»,- նշված է հաղորդագրության մեջ։
19:13 - 11 հունիսի, 2021
Վաղարշակ Հարությունյանին զեկուցվել են զինված ուժերում իրականացվող ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքները

Վաղարշակ Հարությունյանին զեկուցվել են զինված ուժերում իրականացվող ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքները

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հունիսի 10-ին խորհրդակցություն է անցկացրել ՊՆ ներքին աուդիտի վարչության ղեկավար կազմի մասնակցությամբ: Վարչության պետ Գրիգոր Արամյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել է զինված ուժերում իրականացվող ստուգումների, զորքերում կատարվող ուսումնասիրությունների արդյունքների մասին, ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում և զորամասերում իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների ժամանակացույցը և արձանագրված խախտումները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է զինված ուժերում կոռուպցիոն դրսևորումների վերացման, ինչպես նաև գնումների և մատակարարումների թափանցիկության ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների անհրաժեշտությունը: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը հանդիպել է նաև ՊՆ ներքին քննությունների վարչության անձնակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է 2021 թվականի առաջին կիսամյակում զինված ուժերում արձանագրված խախտումների և տարվող քննությունների ընթացքի վերաբերյալ: Վաղարշակ Հարությունյանը հանձնարարականներ է տվել ուսումնասիրությունների առավել մանրակրկիտ իրականացման և առկա բոլոր թերությունների վերհանման ուղղությամբ:
20:00 - 10 հունիսի, 2021