Ինֆոքոմ

Սեռը փոխելու համար բժշկական միջամտությունն օրինական դարձնելու օրենքի նախագիծ գոյություն չունի

Սեռը փոխելու համար բժշկական միջամտությունն օրինական դարձնելու օրենքի նախագիծ գոյություն չունի

Ընդդիմության՝ մայիսի 15-ի հանրահավաքի ընթացքում Սերժ Սրապիոնյանն իր ելույթում հայտարարեց, թե մի նախագիծ է շրջանառվում, ըստ որի, իբր, մարդը կարող է որոշել իր սեռը փոխել, և պետությունն այդ վիրահատության համար նրան տրամադրելու է 25 հազար դոլար․ «Արդեն քանի օր մամուլում շրջանառվում է մի լուր, թե պատրաստված է նախագիծ սեռափոխության մասին, որտեղ թույլ են տալու, որ նույնասեռ մարդիկ ամուսնան, և դա գրանցվելու է պետականորեն գրանցման սեղաններում։ Թույլ են տալու, որ մարդը որոշի իր սեռը փոխել, և պետությունը այդ վիրահատության համար տալու է 25 հազար դոլար, որպեսզի մարդը փոխի իր սեռը։ Թույլ են տալու, որ այդ մարդը այդ դեղերը ընդունի և ստանա 2 մլն դրամ դրա համար»։ Նրա ելույթը տարածել են 24․news.am, mediahub.am, bavnews.am, zham.am և այլ կայքեր (արխիվացված հղումներ՝ 1, 2, 3, 4)։ Սերժ Սրապիոնյանի տեղեկության աղբյուրը yerevan.today կայքն է։ Սակայն կայքի տարածած տեղեկությունները պաշտոնապես հերքվել են։ Այսպիսով, կայքը մայիսի 11-ին գրել է․ «Yerevan.Today-ի ձեռքի տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որում հստակ, սևով սպիտակի վրա գրված է՝ ՀՀ Կառավարությանն առաջարկվում է  նույնասեռական տղամարկանց առնվազն երեք ոլորտներում արտոնել նոր իրավունքներով՝ ընդհուպ սեռափոխության անվճար վիրահատություն, հետևաբար ամուսնության և նույնասեռականներին զագսավորելու փաստաթղթային խնդիրները լուծել» (արխիվացված հղումը)։ Ըստ Yerevan.Today-ի տեղեկությունների՝ փետրվար-մարտ ամիսներից Արդարադատության նախարարության, Առողջապահության նախարարության ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ պետական համակարգի ներքին օղակներում փակ քննարկվում է Հայաստանում սեռը փոխելու բժշկական միջամտությունը օրինական դարձնելու օրենքի նախագիծ․ «Նույն օրենքով հեղինակները նախատեսում են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչին աղջիկ կամ տղա դառնալու վիրահատությունն իրականացնել լրիվ անվճար սկզբունքով՝ պետպատվերի շրջանակներում»: Ինչպես տեսնում ենք, Yerevan.Today-ի հրապարակման մեջ ոչինչ չկա «25 հազար դոլար վճարելու» մասին, չնայած Սերժ Սրապիոնյանն իր ելույթում նշում է այդ թիվը։ Առողջապահության նախարարությունը դեռ մայիսի 12-ին հերքել էր լուրը, թե Արդարադատության, Առողջապահության նախարարությունների և ՄԻՊ գրասենյակի հետ «փակ քննարկվում է Հայաստանում տրանսգենդերների համար սեռը փոխելու բժշկական միջամտությունը օրինական դարձնելու օրենքի նախագիծը»։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրանսենյակից հայտնել են, որ գրասենյակը նման որևէ նախագծի կամ նախաձեռնության քննարկմանը ներգրավված չէ։ Արդարադատության նախարարի խոսնակն էլ, մեկնաբանելով նախագծի մասին տեղեկությունը, նշեց, որ այն «բացարձակ սուտ է»։ Այսպիսով, լրատվամիջոցները տարածում են Սերժ Սրապիոնյանի հայտարարությունը՝ հիմնված Yerevan.Today-ի հրապարակման վրա, որը պաշտոնապես հերքում են Առողջապահության և Արդարադատության նախարարություններն ու ՄԻՊ գրասենյակը։ Աննա Սահակյան
13:24 - 17 մայիսի, 2022
ԱԺ նիստերին չմասնակցելու վերաբերյալ որևէ քաղաքական հայտարարություն չի արվել․ Վարդանյանը՝ ընդդիմադիրների բացակայության մասին

ԱԺ նիստերին չմասնակցելու վերաբերյալ որևէ քաղաքական հայտարարություն չի արվել․ Վարդանյանը՝ ընդդիմադիրների բացակայության մասին

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների՝ նիստերին չմասնակցելու հարցին։  «Եթե որևիցե հիմնարկի որևիցե աշխատակից երկար ժամանակ բացակայի առանց հարգելի պատճառի, առանց հայտարարելու, թե ինչ է տեղի ունենում, անմիջապես այդ անձը կենթարկվի պատասխանատվության։ Տվյալ պարագայում, կարծես թե, թաքնվելով անձեռնմխելիության և որոշակի խորհրդարանական արտոնությունների ետևում, մենք ունենք նման գործընթաց»։  Վարդանյանի խոսքով՝ չի էլ հայտարարվել բոյկոտ, Ազգային ժողովի նիստի, նստաշրջանի կամ հանձնաժողովի նիստերի աշխատանքներին չմասնակցելու վերաբերյալ որևէ քաղաքական հայտարարություն չի արվել․ «Որպեսզի հասկանանք, որ մենք գործ ունենք, ըստ էության, ոչ թե պարզապես «դասից փախնելու», այլ ինչ-որ քաղաքական դիրքորոշման հետ։ Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ մենք գործ ունենք քաղաքական մարմնի հետ, և պետք է հարգենք ոչ այնքան մեր գործընկերներին՝ դիմադիր կամ ընդդիմադիր, այլ նաև այն քաղաքացիներին, ովքեր իրենց քվեն են փոխանցել այդ անձանց, մենք որոշակի ըմբռնումով ենք մոտենում, բայց այդ ըմբռնումը համատեղելի պետք է լինի և իրավունքի գերակայության և իրավական պետության կոնցեպտի հետ և մենք ի վերջո պետք է հանրային հաշվետվողականություն ներկայացնենք մեր գործունեության վերաբերյալ»։ Հիշեցնենք՝ այսօր առավոտից «Դիմադրություն» շարժման անդամները վերսկսել են անհնազանդության ակցիաները։ Ակցիաներին մասնակցում են նաև Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։
12:04 - 17 մայիսի, 2022
Ցուցարարների պնդմամբ՝ ոստիկանները տարեց կնոջ ձեռքն են վնասել

Ցուցարարների պնդմամբ՝ ոստիկանները տարեց կնոջ ձեռքն են վնասել

«Դիմադրություն» շարժման անդամները ակցիա են իրականացնում Կիևյան-Օրբելի խաչմերուկում, որին մասնակցում է նաև Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։ Ակցիայի ընթացքում միջադեպ տեղի ունեցավ։ Ցուցարարների պնդմամբ՝ ոստիկանները վնասել էին տարեց կնոջ ձեռքը։ Հայկ Մամիջանյանը Infocom-ին հայտնեց, որ իրենք խաղաղ ակցիա էին իրականացնում և փորձում էին կանաչ լույսի տակ փողոցն անցնել, բայց ոստիկանները տարեց կնոջ ձեռքն են վնասել: Վերջինս պատմեց նաև, որ ոստիկաններից մեկը հրել է իրեն, երբ փորձում էր չթողնել, որ նրանք մի երիտասարդի քաշքշեին: Ոստիկանները չմեկնաբանեցին տեղի ունեցածը։ Քիչ հետո տարեց կնոջը օգնություն ցույց տալու նպատակով խաչմերուկ ժամանեց Շտապօգնությունը, որի աշխատակիցը հայտնեց, որ կնոջ թևը հավանաբար դուրս է ընկել․ պետք է ռենտգեն հետազոտություն իրականացնեն։
09:49 - 17 մայիսի, 2022
Թուրքիան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը․ Էրդողան

Թուրքիան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը․ Էրդողան

Թուրքիան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Անկարայում Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Անկարան չի համաձայնի Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալուն ՆԱՏՕ-ին այն բանից հետո, երբ երկու երկրները հրաժարվեցին կատարել հանրապետության խնդրանքը՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող անձանց արտահանձնման վերաբերյալ: Նա Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակություններին խորհուրդ է տվել իրենց նեղություն չտալ՝ մեկնելով Թուրքիա՝ համոզելու Անկարային ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։ «Երկուշաբթի օրը նրանց պատվիրակությունները գալու են Թուրքիա։ Գալիս են մեզ համոզելու՞․ կներեք, թող իրենց նեղություն չտան։ Անվտանգության երաշխիք հանդիսացող ՆԱՏՕ-ին անդամակցությանը մենք «այո» չենք ասի, որովհետև այդ ժամանակ ՆԱՏՕ-ն կդադարի լինել անվտանգության կազմակերպություն և կդառնա մի վայր, որտեղ կլինեն ահաբեկիչների բազմաթիվ ներկայացուցիչներ։ Թուրքիան «այո» չի ասելու այն երկրների անդամակցությանը, որոնք պատժամիջոցներ են կիրառում մեր երկրի նկատմամբ»։ Էրդողանը նշել է, որ Ֆինլանդիան ու Շվեդիան հստակ և միանշանակ վերաբերմունք չունեն ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ և անգամ  Ֆինլանդիայի և Շվեդիայի խորհրդարանականների մեջ կան «ահաբեկչության կողմնակիցներ»։  
21:54 - 16 մայիսի, 2022
Ռուսաստանը խնդիր չունի՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հետ կապված․ Պուտին

Ռուսաստանը խնդիր չունի՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հետ կապված․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ, հաշվի առնելով Ֆինլանդիայի կամ Շվեդիայի հետ ՌԴ հարաբերություններում խնդիրների բացակայությունը, Հյուսիսատլանտյան դաշինքին այս երկրների անդամակցությունը Ռուսաստանի համար անմիջական սպառնալիք չի ներկայացնում, գրում է «Կոմերսանտը»։ «Ինչ վերաբերում է [ՆԱՏՕ-ի] ընդլայնմանն, այդ թվում՝ դաշինքի նոր անդամների՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի հաշվին, կցանկանայի տեղեկացնել, որ Ռուսաստանն այս պետությունների հետ խնդիր չունի», - ասել է Պուտինը ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովի ժամանակ։ ՌԴ նախագահը հավելել է, որ ռազմական ենթակառուցվածքի ընդլայնմանը Ռուսաստանի անխուսափելի արձագանքը կախված է «այն սպառնալիքներից, որոնք մեզ համար կստեղծվեն»՝ մեկնաբանելով, որ «խնդիրը ստեղծվում է դատարկ տեղը»։ Պուտինը նաև հայտարարել է, որ, իր կարծիքով, ՆԱՏՕ-ն դուրս է գալիս «իր աշխարհագրական նշանակությունից» և «ոչ այնքան լավ ձևով» է փորձում ներգրավվել միջազգային հարցերի լուծմանը։   Նորա Վանյան
18:00 - 16 մայիսի, 2022
«McDonald’s»-ը հեռանում է Ռուսաստանից 32 տարվա աշխատանքից հետո

«McDonald’s»-ը հեռանում է Ռուսաստանից 32 տարվա աշխատանքից հետո

«McDonald’s» արագ սննդի ռեստորանների ցանցը հայտարարել է, որ հեռանում է Ռուսաստանից և վաճառում իր բիզնեսը երկրում, գրում է Meduza-ն։ Ռուսական շուկան վերջնականապես լքելու իր որոշումն ընկերությունը բացատրել է ուկրաինական պատերազմի առաջացրած մարդասիրական ճգնաժամով, ինչպես նաև նրանով, որ Ռուսաստանում բիզնեսը պահպանելն «արդեն աննպատակահարմար է և չի համապատասխանում «McDonald’s»-ի արժեքներին»։ Ակնկալվում է, որ ռուսական շուկայից հեռանալու հետևանքով ընկերության կրած վնասները կարող են հասնել 1,2-1,4 մլրդ դոլարի։ Ցանցը կպահպանի Ռուսաստանում իր ապրանքանիշի նկատմամբ իրավունքն, իսկ ռեստորանները, որոնք կբացվեն «McDonald’s»-ի փոխարեն, չեն կարողանա օգտագործել նրա անվանումը, տարբերանշանը և ճաշացանկը։ Ռեստորանների ցանցի գնորդը դեռևս հայտնի չէ։ Ընկերությունը խոստացել է աշխատակիցների աշխատավարձերը վճարել մինչև այն պահը, երբ վաճառքն ավարտվի։ Իսկ ՏԱՍՍ-ի տվյալներով՝ «McDonald’s»-ը պլանավորում է հունիսին վերսկսել աշխատանքը Ռուսաստանում՝ նոր բրենդով։ ««McDonaldʼs»-ը Ռուսաստան կվերադառնա նոր բրենդի ներքո։ Ռեստորանների ցանցն ու ճաշացանկն, ինչպես նաև աշխատատեղերը կպահպանվեն։ Մատակարարների 90%-ը ռուսական են, նրանց հետ համագործակցությունը կպահպանվի։ Փաստացի, կհեռանա միայն անվանումը», — ասել է ՏԱՍՍ-ի աղբյուրն ընկերությունում։ Այս տարվա մարտին «McDonaldʼs»-ը հայտարարել էր Ռուսաստանի տարածքում իր 850 ռեստորանների փակման մասին՝ ուկրաինական պատերազմի ֆոնին։ Ինչպես նշում է The New York Times-ը, ընկերությունը Ռուսաստանում աշխատել է 32 տարի։ Ցանցի առաջին ռեստորանը բացվել էր Մոսկվայում 1990 թ-ին։   Նորա Վանյան
17:22 - 16 մայիսի, 2022
Լիտվայի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Լիտվայի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան մայիսի 18-20-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին հայտնում է Լիտվայի նախագահի մամուլի ծառայությունը։ Մայիսի 18-ին Բաքվում Նաուսեդան կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ «քննարկելու երկկողմ համագործակցությունն էներգետիկայի և էկոնոմիկայի ոլորտներում, Կովկասյան տարածաշրջանում անվտանգության հետ կապված իրավիճակն ու համագործակցությունն Ադրբեջանի և Եվրամիության միջև»։ Մայիսի 19-20-ը Լիտվայի նախագահը հանդիպում կունենա Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ։ «Հանդիպումների ընթացքում կքննարկվի անվտանգության հետ կապված իրավիճակը Կովկասյան տարածաշրջանում, ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում, ԵՄ-Հայաստան համագործակցությունն Արևելյան գործընկերության ձևաչափում, ինչպես նաև Լիտվա-Հայաստան երկկողմ հարաբերությունները», - ասված է հաղորդագրությունում։ Նշվում է նաև, որ Լիտվայի նախագահը կհանդիպի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, տեղի լիտվական համայնքի ներկայացուցիչների հետ և կայցելի Ծիծեռնակաբերդ։   Նորա Վանյան
16:33 - 16 մայիսի, 2022
Գիտությանը հատկացվող բյուջեի բարձրացումներով չի ստացվի արդյունքի հասնել, եթե համակարգային մոտեցում չլինի. Խաչիկ Նազարյան

Գիտությանը հատկացվող բյուջեի բարձրացումներով չի ստացվի արդյունքի հասնել, եթե համակարգային մոտեցում չլինի. Խաչիկ Նազարյան

Անցած ամիս «Գիտուժ» նախաձեռնությունը նոր հայտարարությամբ էր հանդես եկել, որում, ի թիվս այլնի, հայտարարել էր, որ կառավարության կողմից գիտական հետազոտությունների հանդեպ ուշադրության դրական փոփոխություններն իրենց ողջ աննախադեպությամբ հանդերձ անիմաստ կդառնան, եթե չհստակեցվեն մեր երկրի նպատակները, չսահմանվեն դրանցից բխող Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների զարգացմանը նպաստող իրատեսական ու հավակնոտ ռազմավարական ծրագրերը՝ հիմնված խնդրիներին համակարգային և ամբողջական լուծումներ տալու և միջազգայնորեն մրցունակ մակարդակի հատկացումների հանձնառություն վերցնելու վրա։ Օրերս էլ «Գիտուժի» անդամները մամուլի ասուլիսով հանդես եկան և հայտարարեցին, որ գիտության հանդեպ կառավարության և Ազգային ժողովի վերաբերմունքը թուլացնում են Հայաստանի անվտանգությունը։  Infocom-ը թեմայի շուրջ զրուցել է «Գիտուժ» նախաձեռնության անդամ, «VMware» ընկերության ինժեներական տնօրեն Խաչիկ Նազարյանի հետ։  Նազարյանը ընդգծում է՝ «Գիտուժ» նախաձեռնությունը ակտիվ  գործունեությունը սկսել է 44-օրյա պատերազմից հետո․ «44-օրյայից հետո վիճակը շատ սուր դարձավ: Մեր գլխավոր պահանջն այն էր, որ կառավարությունը երկարաժամկետ հանձնառություն ստանձնի, որ գիտության մեջ ներդրումները աճեն, լինեն անընդհատ ու երկարաժամկետ, ոչ թե միայն խոսքով, այլ նաև օրենքով դա պետք էր ամրագրել՝ ՀՆԱ-ի 1%-ը գիտությանը։ «Գիտուժի» վերջին հայտարարությունը տարբերվում է նրանով, որ ակնհայտ շեշտադրում կա պաշտպանական ոլորտի վրա, անվտանգության վրա, ինչպես նաև ահագին հարցեր ավելի բացված տեսքով ենք բարձրացրել, որովհետև զգում ենք, որ մեկ-երկու տողով պահանջը  հատկապես հանրության մոտ գուցե հստակ չհասկացվեց»։ Խաչիկ Նազարյանը նկատում է՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որ 3-4 տարի առաջ է ձևավորվել, արդեն 4 ղեկավար է փոխել, իսկ ԲՏԱ-ի ենթակայությամբ գործող Ռազմարդյունաբերության կոմիտեն 2 տարի է՝ ղեկավար չուներ․ «Այս ամենը հատկապես 44-օրյա պատերազմից հետո ընդհանրապես անհասկանալի է։ Արդեն դժվար է ասել, որ չկարողանալուց է, չիմացությունից է։ Շատ վատ ենթադրություններ խուսափում եմ անել, որ դա դիտմամբ է, որովհետև նմանվում է թշնամական գործողության։ Ամեն դեպքում, ենթադրությունն այն է, որ կամ չեն գիտակցում դրա կարևորությունը, կամ գիտակցում են, բայց չեն կարողանում անել։ Երկուսի դեպքում էլ արդարացումը զրո է, որովհետև գոյաբանական հարցի մասին ենք խոսում ու հապաղել ընդհանրապես չի կարելի, ինչ պատճառ էլ լինի, անընդունելի է»։ Նա նշում է, որ գուցե խնդիրները բարդ են, սակայն բարդ խնդիրները լուծելու դասական ձևեր կան և կան մարդիկ, որոնք կարող են աջակցել այդ հարցերում․ «Պոզիտիվ ենթադրությունն այն է, որ ամեն դեպքում գիտակցում են։ Մեր շփումներում, իրենց հրապարակային հայտարարություններում գիտակցության նման բան կա, գոնե բանավոր խոսքում։ Ստացվում է երկրորդը՝ գիտակցում են, չեն կարողանում անել։ Չկարողանալու դեպքում խնդիրը բարդ է, գուցե փորձառու չեն, գուցե շատ կադրեր չեն համաձայնում աշխատել, այդ բոլորը հասկանալի է, բայց բարդ խնդիրները լուծելու դասական ձևեր կան։ Մեծ խնդիրը չես վերցնում, որ կորես մեջը։ Փոքրացնում ես խնդիրը, մասնատում ես, հասկանում ես գոնե 1-2 ակնհայտ քայլեր, որ սա որ անես, երևի ճիշտ ուղղությունն է։ Կամ եթե ներուժ չունես, գոնե լսում ես համայնքին, իրենց բախտը բերել է, որ գոնե այս հարցում ահագին խելոք մարդ է հավաքվել իրար գլուխ, ուզում է օգնած լինի»,-ասում է նա՝ հավելելով՝ ամեն ոլորտում չի, որ նման կոնստրուկտիվ հասարակական շարժում կա, որը սրացումների չի գնում։  2021 թ․-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ ծրագրի» համար հատկացվել էր 4 միլիարդ 574 միլիոն դրամ, իսկ 2022 թ․-ին՝ 5 միլիարդ 200 միլիոն դրամ։ Այս ծրագրի շրջանակում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ են իրականացվում։ Կառավարությունը, սակայն, 2021 թ․-ին կատարված վերաբաշխումներով 2 միլիարդ 576 միլիոն դրամով կրճատել է նախապես պլանավորված բյուջեն, իսկ այս տարվա ապրիլի 7-ին կառավարության որոշմամբ ծրագրի բյուջեից 295 միլիոն դրամ է կրճատվել՝ գումարը այլ միջոցառման վրա ծախսելու հիմնավորմամբ։  Անդրադառնալով այս հանգամանքին՝ Խաչիկ Նազարյանը նշում է՝  սա գիտության թեմատիկայի մեջ ամենասուր հարցը պետք է լիներ Հայաստանում․ «Ղեկավարի չլինելը գուցե առարկայական չհասկացվի, ինչ-որ մարդիկ ասեն՝ լավ, ղեկավար չկար, բայց ժամանակավոր պատասխանատու կար, բայց մենք դրա հետևանքը տեսնում ենք ձեր բերած հարցի մեջ։ Ավելի ահավոր է վիճակը, երբ լսում ես արդարացման փորձերը, որ դե ծրագիր ներկայացնող չկա, ո՞նց ծախսենք, մենք փորձում ենք էֆֆեկտիվ ծախսել, սա հանրային գումար է․․․․ Դու հենց դրա համար ես, կառույցը դրա համար է, հակառակ դեպքում Պաշտպանության նախարարության վրա կմնար, ինքը կնստեր, կսպասեր ծրագիր ներկայացնեին։ Դու՝ որպես Ռազմաարդյունաբերության կոմիտե, որը ձևավորվել է լրիվ ուրիշ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մեջ, հենց դրա համար ես»։ Նրա խոսքով՝ գուցե սկզբում ներդրումները պետք է  արվեն միջավայրի ձևավորման համար, և այս հարցում Ռազմարդյունաբերության կոմիտեն ագրեգացիոն դեր ունի․ «Արդյոք դու բացահայտե՞լ ես, թե ինչն է խանգարում, երկիրը «յուրահատու՞կ» է, ոչ ոք չի՞ ուզում, մեր ձեռներեցները, բիզնեսմենները գժվե՞լ են, չեն ուզո՞ւմ ոչմիբանի մասնակցել, մենք «յուրահատո՞ւկ» ենք։ Ո՛չ։ Խանգարող բաներ կան, գուցե բյուրոկրատիայի հարցն է, գուցե «տոլերանտ» չեն ինովացիայի նկատմամբ, այսինքն՝ միայն պատրաստի բաներ եք ուզում, ինչպես անում էր ՊՆ-ն, բայց այդ կառույցի՝ կոմիտեի ձևավորման բուն նպատակին հակասող արդարացում է, որ դե ծրագրեր չկան, դրա համար բյուջեն վերաբաշխվեց»։  «Գիտուժի» անդամն ասում է՝ Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման հնարավորություններ կան, իսկ եթե պատասխանատու մարմինների կարծիքով՝ այդ պոտենցիալը չկա, ապա պետք է գործունեություն ծավալել այն ձևավորելու համար․ «Ես տեխնոլոգիական համայնքից եմ, գուցե կողմնակալ վերաբերմունք ունենամ, բայց այո, ես այդ պոտենցիալը տեսնում եմ։ Եթե իրենց տեսանկյունից նայենք, եթե նույնիսկ տեսնում են, որ պոտենցիալ չկա կամ թույլ է, որևէ ձևով չի արդարացնում իրենց մոտեցումը, որովհետև եթե չկա, ներդրումները հենց պետք է անել պոտենցիալի ձևավորման համար։ Եթե այդ պայմաններում դու մտածում ես, որ պոտենցիալ չկա ու մի հատ էլ գումարը վերաբաշխում ես, փոխանակ մտածես՝ բա լավ, ինչ անել, որ այդ պոտենցիալը ձևավորվի, այդ  պոտենցիալը հո մանանա՞ չի, որ երկնքից իջնի, դրանք մարդիկ են, որ ունեն այդ գիտելիքը, գործ պետք է անես, որ այդ պոտենցիալը առաջանա։ Գուցե ավելի սուր է հարցը, եթե պոտենցիալը կա, բայց չի օգտագործվում, բայց նույնիսկ  եթե այն ծայրահեղությունն  է, որ պոտենցիալը չկա, շատ լավ, արդար է, բա ո՞ւր է ձեր գործունեությունը, որ այդ պոտենցիալը ձևավորվի։ Եթե հուսահատվել եք, որ անհույս է, հնարավոր չի ունենանք, բյուջեն զրոյացրեք, հստակ ասեք, որ մենք սրանով չենք զբաղվելու, մեր պաշտպանությունը, անվտանգությունը ձևավորվելու է ինչ-որ հրաշքով»,-ասում է նա՝ նշելով՝ երկրում այլ շատ հարցեր կան, սակայն կան նաև հարցեր, որոնք անքննարկելի են և որոնցում ոչ ոք անհամաձայնություն չունի։  Խաչիկ Նազարյանը նշում է՝ բյուջեի բարձրացումներով չի ստացվի արդյունքի հասնել, եթե կառավարությունը երկարաժամկետ հանձնառություն չվերցնի, համակարգային մոտեցում չլինի․ «Համակարգային մոտեցման բացակայությունը ամեն տեղ ծակեր է տալիս։ Եթե ամբողջ խրոնոլոգիային չտիրապետող մարդը նայի իրավիճակին, զուտ թղթի վրա թվեր կարդալով կարող է տեսնել, որ անցած տարի էլ է բարձրացում եղել, իրենց բառերով՝ աննախադեպ, այս տարի էլ է եղել բարձրացում, արդյունքում կարող է պարզվել, որ թղթի վրա մեր ասածը իրականում տեղի է ունենում ու տեղի է ունեցել։ Կարող է նույնիսկ հասնենք նրան, որ 2022-2024 թթ․ տեսնենք, որ մեր ուզած  4 տոկոսը բյուջեի տողով շարադրած է, բայց արդյունքում ոչինչ չստանանք։ Եթե այսպես էլ մնա՝ կետային ներդրումներ արվեն, համակարգային մոտեցում չլինի, ուշադրությունը դրվի այն ամենի վրա, որը կոմֆորտ զոնա է, ավելի վատ է ստացվում։ Ստացվում է՝ մենք փոշիացնում ենք այդ ռեսուրսները»։ «Գիտուժի» անդամն ասում է՝ շատ են խոսել գիտական ներուժի ծերացման մասին, սակայն պետական պատվերով ասպիրանտական տեղերը շարունակում են մնալ 200. «200-ը նույնն է, կարծես մահամերձ հիվանդին ջուր տաս խմելու, որ չմեռնի․ հաստատ մեռնելու է։ Երբեմն միջանցքային բացատրություններ հնչում են, որ չկան, շատացնում ես տեղը, գալիս են ձևական, բայց մի անեկդոտ կա՝ մինչև լողալ չսովորես, ջրավազանում ջուր չեն լցնի։ Պարզ բան է, 200 տեղ չպիտի նախատեսվի, ամբիցիոզ թիվ պիտի նախատեսես ու այո, այն պաշտոնատար անձը, որ դրա համար պատասխանատու է, իր դիմաց պետք է դնել ժամկետներով հարց, որ այս կետին պետք է հասնել այս ժամկետներում ու հրապարակել, որ հանրությունն էլ հետևի, որ այս պաշտոնյայի վրա դրված է կոնկրետ այս ծրագիրը, մի քանի ամսից այս ինչ կետին պետք է հասնի, հանրությունն էլ հասկանա՝ ինչին է հետևում»։ Նույնը, Նազարյանի խոսքով, վերաբերում է  Սփյուռքի գիտնականների՝ Հայաստանում գործունեություն ծավալելուն․ «Ակնհայտ է, որ ներսի գիտուժը ծերանում է, ու ինչքան էլ փորձես լրացնել, տարիներ կտևի, մինչև լրանա։ Էլ որտե՞ղ կա ներուժ, որին հենց այսօր հնարավոր է ներգրավել։ Դա Սփյուռքն է։ Այստեղ էլի փոքր գործողություններ են, ոչ ամբիցիոզ ծրագրեր, որի արդյունքում մեկ երկու հոգի հազիվ գա։ Էլի պետք է երկարաժամկետ հանձնառություն նախատեսվի, այդ մարդիկ տեսնեն, որ այս պետությունը երկար է գնալու»։ Խաչիկ Նազարյանը Գերմանիայի կանցլերի հայտարարությունն է  հիշատակում  ու նշում, որ դա հզոր մեսիջ էր հանրության համար․ «Ուկրաինայի դեպքերից հետո, երբ իրենց փաստացի դեռ առարկայական վտանգ չէր սպառնում, կանցլերը միանգամից հայտարարեց, որ 2 տոկոս նախատեսում են հատկացնել պաշտպանականին ու ամրագրեց Սահմանադրության մեջ։ Այդ մեսիջի հզորությունը պատկերացնո՞ւմ եք․ իր ամբողջ հանրությանը, ձեռներեցներին ասում է, որ մեխելու եմ, որ ոչ մի քաղաքական ուժ չգա ու փոխի, հանգիստ ներգրավվեք այդ գործի մեջ, ներդրումներ արեք։ Դա է ամբիցիոզ գործողությունը, որ չի արվում»։   Նանե Ավետիսյան
16:07 - 16 մայիսի, 2022
Renault-ի ռուսաստանյան ակտիվները պետական սեփականություն են դառնում

Renault-ի ռուսաստանյան ակտիվները պետական սեփականություն են դառնում

Renault ֆրանսիական խմբի ռուսաստանյան ակտիվները ՌԴ պետական սեփականությունը կդառնան, Meduza-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունը։ «ԱվտոՎԱԶ» ընկերության բաժնետոմսերի 67,69%-ը, որը պատկանում էր Renault խմբին, կփոխանցվի Ավտոմոբիլային և ավտոշարժիչային գիտահետազոտական ինստիտուտին, իսկ «Renault Ռուսաստանի» բաժնետոմսերի 100%-ը՝ Մոսկվայի քաղաքային իշխանությանը։ «ԱվտոՎԱԶ»-ի մնացած բաժնետոմսերը կպահպանի «Ռոստեխ» պետական կորպորացիան։ Նախարարության հաղորդագրությունում նշվում է, որ հետագայում Renault-ն կարող է վերագնել «ԱվտոՎԱԶ»-ի իր մասնաբաժինը։ Ռուսաստանում Renault մակնիշի ավտոմեքենաների սպասարկմամբ կզբաղվի «ԱվտոՎԱԶ»-ը։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ քաղաքային իշխանությունը որոշել է Renault-ի մոսկովյան գործարանում վերսկսել «Մոսկվիչ» մակնիշի մարդատար ավտոմեքենաների արտադրութունը։ Գործարքների գումարը չի նշվում։ Իր մամուլի հաղորդագրությունում Renault Group-ը նշում է, որ 2021 թ-ի ավարտին խմբի ակտիվների արժեքը Ռուսաստանում կազմել է 2,195 մլրդ եվրո։ Ապրիլին ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը նշել էր, որ դա «լինելու է գործարք՝ պայմանական «մեկ ռուբլով»»։ Նորա Վանյան
15:48 - 16 մայիսի, 2022
«Եվրատեսիլում» վեց երկրների ժյուրիի քվեարկությունը չեղարկվել է

«Եվրատեսիլում» վեց երկրների ժյուրիի քվեարկությունը չեղարկվել է

Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ) չեղարկել են վեց երկրների՝ Ադրբեջանի, Վրաստանի, Չեռնոգորիայի, Լեհաստանի, Ռումինիայի և Սան Մարինոյի ժյուրիի քվեարկության արդյունքները «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթում, ասված է մրցույթի կայքում։ Հաղորդվում է, որ «ժյուրիներից վեցի քվեները կասկածելի են եղել և փոխարինվել են հավաքական արդյունքով»: «ԵՀՄ-ն ծայրահեղ լուրջ է վերաբերվում «Եվրատեսիլ» մրցույթում քվեարկության հարցում մեքենայությունների ենթադրյալ փորձերին և իրավունք ունի հետ կանչելու այդպիսի քվեները՝ Քվեարկության պաշտոնական հրահանգների համաձայն՝ անկախ նրանից, թե արդյոք այդ քվեները ազդում են քվեարկության արդյունքի և/կամ ելքի վրա», - ասված է հաղորդագրությունում։ Ինչպես հայտնում է «Էխո Կավկազա»-ն, երեկ Վրաստանն ու Ադրբեջանը տարակուսանք են հայտնել, որ «Եվրատեսիլի» կազմակերպիչներն ազգային ժյուրիի քվեարկության արդյունքների հաշվարկի ժամանակ ուրիշ միավորներ են նշել։ Երկու երկրներն էլ հայտարարել են, որ ժյուրին առավելագույն 12 միավոր է տվել Ուկրաինային, այլ ոչ թե Մեծ Բրիտանիային, ինչպես նշված է մրցույցի վերջնական արդյունքների ցանկում։ Այս առիթով հատուկ հայտարարություն էր տարածել Վրաստանի Հանրային հեռարձակողը։ Քվեների չեղարկման մասին ԵՀՄ հայտարարությունը Վրաստանը դեռ չի մեկնաբանել։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ մրցույթի եզրափակչի քվեարկության ընթացքում, երբ հերթը հասել է Ադրբեջանին, հայտարարվել է, որ տեխնիկական խնդիրների պատճառով քվեարկության արդյունքները հայտարարելու է ոչ թե ադրբեջանցի հեռուստահաղորդավարն, այլ ԵՀՄ ներկայացուցիչը։ Հայտարարվել են միավորներ, որոնք չեն համընկել ադրբեջանական ժյուրիի դիրքորոշման հետ։ Նորա Վանյան
15:37 - 16 մայիսի, 2022
Լատվիան խզել է Բելառուսի հետ համաձայնագիրը՝ ռազմական բեռների փոխադրման մասին

Լատվիան խզել է Բելառուսի հետ համաձայնագիրը՝ ռազմական բեռների փոխադրման մասին

Լատվիան մայիսի 10-ին կասեցրել է համաձայնագրի գործողությունը, որով թույլատրվում էին լատվիական նավահանգիստներով ռազմական բեռների երկաթուղային փոխադրումները Բելառուսից դեպի երրորդ երկրներ, գրում է Delfi պարբերականը՝ վկայակոչելով Լատվիայի տրանսպորտի նախարարության հաղորդագրությունը։ Նշվում է, որ այդ պայմանագիրը Բելառուսի և Լատվիայի միջև կնքվել է 1994 թ-ին, երբ վերջինս դեռ Եվրամիության անդամ չէր։ 2004 թ-ին երկիրն անդամակցել է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։ «Այս առնչությամբ Լատվիան իրավական նորմերով կապված է այս երկու միջազգային կազմակերպությունների հետ, և Բելառուսի հետ համաձայնագիրը չի համապատասխանում այդ նորմերին։ Լատվիայի կառավարությունն, ընդհանուր առմամբ, վերանայում է Ռուսաստանի և Բելառուսի հետ երկկողմ հարաբերությունները Ուկրաինայում Ռուսաստանի վարած պատերազմի համատեքստում», - նշված է նախարարության հայտարարությունում։   Նորա Վանյան
16:04 - 15 մայիսի, 2022
Ֆինլանդիան պաշտոնապես հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը

Ֆինլանդիան պաշտոնապես հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն այսօր հաստատել է, որ երկիրը Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հայտ կներկայացնի՝ պատմական փոփոխություն կատարելով երկրի քաղաքականությունում, որը թելադրված է Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժմամբ, գրում է Reuters-ը։ Մոսկվան, որը Ֆինլանդիայի հետ 1300 կմ երկարությամբ սահման ունի, ավելի վաղ հայտարարել էր, որ Հելսինկիի անդամակցությունը ՆԱՏՕ-ին սխալ որոշում կլինի և վնաս կհասցնի Ռուսաստան-Ֆինլանդիա հարաբերություններին։ Ակնկալվում է, որ մոտ օրերս Շվեդիան նույնպես կհետևի Ֆինլանդիայի օրինակին․ երկրում աճել է հասարակական աջակցությունն անդամակցության որոշմանը՝ անվտանգության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին։ «Այսօր ես՝ նախագահս, և արտաքին քաղաքականության հարցերով կառավարական կոմիտեն միասին որոշել ենք, որ Ֆինլանդիան․․․ ՆԱՏՕ-ի անդամակցության հայտ է ներկայացնելու», - ասել է Սաուլի Նիինիստոն։   Նորա Վանյան
15:26 - 15 մայիսի, 2022