Ինֆոքոմ

Լատվիան խզել է Բելառուսի հետ համաձայնագիրը՝ ռազմական բեռների փոխադրման մասին

Լատվիան խզել է Բելառուսի հետ համաձայնագիրը՝ ռազմական բեռների փոխադրման մասին

Լատվիան մայիսի 10-ին կասեցրել է համաձայնագրի գործողությունը, որով թույլատրվում էին լատվիական նավահանգիստներով ռազմական բեռների երկաթուղային փոխադրումները Բելառուսից դեպի երրորդ երկրներ, գրում է Delfi պարբերականը՝ վկայակոչելով Լատվիայի տրանսպորտի նախարարության հաղորդագրությունը։ Նշվում է, որ այդ պայմանագիրը Բելառուսի և Լատվիայի միջև կնքվել է 1994 թ-ին, երբ վերջինս դեռ Եվրամիության անդամ չէր։ 2004 թ-ին երկիրն անդամակցել է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։ «Այս առնչությամբ Լատվիան իրավական նորմերով կապված է այս երկու միջազգային կազմակերպությունների հետ, և Բելառուսի հետ համաձայնագիրը չի համապատասխանում այդ նորմերին։ Լատվիայի կառավարությունն, ընդհանուր առմամբ, վերանայում է Ռուսաստանի և Բելառուսի հետ երկկողմ հարաբերությունները Ուկրաինայում Ռուսաստանի վարած պատերազմի համատեքստում», - նշված է նախարարության հայտարարությունում։   Նորա Վանյան
16:04 - 15 մայիսի, 2022
Ֆինլանդիան պաշտոնապես հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը

Ֆինլանդիան պաշտոնապես հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն այսօր հաստատել է, որ երկիրը Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հայտ կներկայացնի՝ պատմական փոփոխություն կատարելով երկրի քաղաքականությունում, որը թելադրված է Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժմամբ, գրում է Reuters-ը։ Մոսկվան, որը Ֆինլանդիայի հետ 1300 կմ երկարությամբ սահման ունի, ավելի վաղ հայտարարել էր, որ Հելսինկիի անդամակցությունը ՆԱՏՕ-ին սխալ որոշում կլինի և վնաս կհասցնի Ռուսաստան-Ֆինլանդիա հարաբերություններին։ Ակնկալվում է, որ մոտ օրերս Շվեդիան նույնպես կհետևի Ֆինլանդիայի օրինակին․ երկրում աճել է հասարակական աջակցությունն անդամակցության որոշմանը՝ անվտանգության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին։ «Այսօր ես՝ նախագահս, և արտաքին քաղաքականության հարցերով կառավարական կոմիտեն միասին որոշել ենք, որ Ֆինլանդիան․․․ ՆԱՏՕ-ի անդամակցության հայտ է ներկայացնելու», - ասել է Սաուլի Նիինիստոն։   Նորա Վանյան
15:26 - 15 մայիսի, 2022
ՆԱՏՕ-ում վստահ են՝ Թուրքիայի հետ հնարավոր է փոխհամաձայնության գալ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում

ՆԱՏՕ-ում վստահ են՝ Թուրքիայի հետ հնարավոր է փոխհամաձայնության գալ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանան վստահ է, որ հնարավոր է լուծում գտնել դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում Թուրքիայի առարկություններին, գրում է Reuters-ը։ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների արտգործնախարարները հանգստյան օրերին բանակցություններ են վարում Բեռլինում Հյուսիսային Եվրոպայի այս երկու երկրների անդամակցության հայտերին առնչվող հարցերի շուրջ։ Նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն «անընդունելի և վրդովեցնող» էր անվանել այն, որ ՆԱՏՕ-ի ենթադրյալ նոր անդամները աջակցություն են ցուցաբերել Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցությանը։ Այսօր Միրչա Ջոանան ասել է, որ Անկարայի մտահոգությունները կարող են հաշվի առնվել։ «Թուրքիան կարևոր դաշնակից է և նրա արտահայտած մտահոգությունները կարող են քննարկվել ընկերների և դաշնակիցների շրջանում», - ասել է նա։ «Վստահ եմ, որ, եթե այս երկրները որոշեն դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, մենք կկարողանանք ընդունել նրանց և փոխհամաձայնության գալու համար բոլոր պայմանները կստեղծենք», - հավելել է նա։   Նորա Վանյան  
15:09 - 15 մայիսի, 2022
Ռուսաստանի ԱԳՆ-ն առաջնահերթություն է համարում ՀԱՊԿ երկրների հետ փոխգործակցության ամրապնդումը

Ռուսաստանի ԱԳՆ-ն առաջնահերթություն է համարում ՀԱՊԿ երկրների հետ փոխգործակցության ամրապնդումը

Ռուսաստանը որպես իր արտաքին քաղաքականության առաջնահերթություն է դիտարկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների հետ համագործակցության զարգացումն ու ամրապնդումը։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն պայմանագրի ստորագրման 30-ամյակի կապակցությամբ, գրում է ՏԱՍՍ-ը։ Գերատեսչությունը նշել է, որ պատմական մասշտաբներով համեմատաբար ոչ մեծ ժամանակահատվածում ՀԱՊԿ-ը շատ բաների է հասել․ «Անդամ պետությունների համատեղ ջանքերով ստեղծվել է ամբողջական, արդյունավետ կառույց՝ անվտանգության հետ կապված հարցերի համատեղ լուծման և համաշխարհային հարթակում հավաքական շահերի զարգացման համար։ ՀԱՊԿ-ն այսօր առանցքային դեր է խաղում տարածաշրջանային կայունության պահպանման հարցում, հուսալիորեն երաշխավորում է անվտանգությունն իր պատասխանատվության գոտում, որը ներառում է կազմակերպության անդամ երկրների տարածքները»։ Նախարարությունը նշել է նաև, որ աստիճանաբար ձևավորվում են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը մասնակցեն ՄԱԿ հովանու ներքո անցկացվող գործողություններին։   Նորա Վանյան
14:20 - 15 մայիսի, 2022
Կանենք ամեն ինչ, որ մի օր «Եվրատեսիլն» անցկացվի ուկրաինական Մարիուպոլում․ Զելենսկի

Կանենք ամեն ինչ, որ մի օր «Եվրատեսիլն» անցկացվի ուկրաինական Մարիուպոլում․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է ուկրաինական Kalush Orchestra-ին՝ «Եվրատեսիլում» «Ստեֆանիա» երգով հաղթելու համար։ Նա վստահեցրել է, որ իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի մի օր երգի մրցույթը Մարիուպոլ քաղաքում անցկացվի, գրում է Liga.net-ը։ Զելենսկու խոսքով՝ «ուկրաինական քաջությունը զարմացնում է աշխարհն, իսկ երաժշտությունը՝ գրավում Եվրոպան»։ «Հաջորդ տարի Ուկրաինան ընդունելու է «Եվրատեսիլը»։ Իր պատմության մեջ արդեն երրորդ անգամ։ Ես հավատում եմ, որ ոչ վերջին անգամ։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի մի օր «Եվրատեսիլի» մասնակիցներին և հյուրերին ընդունի ուկրաինական Մարիուպոլը՝ ազատ, խաղաղ, վերակառուցված», - գրել է Զելենսկին։ Նախագահը վստահություն է հայտնել, որ «սարերի հետևում չէ» նաև պատերազմում Ուկրաինայի «հաղթական ակորդը»։ Նշենք, որ մայիսի լույս 15-ի գիշերը Kalush Orchestra խումբը հաղթել է «Եվրատեսիլ» երգի մրցույթում։ Խմբի մենակատար Օլեգ Պսյուկը բեմից կոչ է արել փրկել Մարիուպոլն ու «Ազովստալի» մարտիկներին, դրանից հետո բրաուզերներում կտրուկ աճել են «Azоvstal» բառի որոնումները։ «Եվրատեսիլի» կազմակերպիչները չեն որակազրկել խումբը՝ հայտարարելով, որ այդ կոչը մարդասիրական էր, այլ ոչ թե քաղաքական։   Նորա Վանյան
13:49 - 15 մայիսի, 2022
Այս շարժումը Հայաստանի վերջին 30 տարվա պատմության մեջ բացառիկ է,  և, ըստ էության, Ղարաբաղյան երկրորդ շարժում է․ Սաղաթելյան

Այս շարժումը Հայաստանի վերջին 30 տարվա պատմության մեջ բացառիկ է, և, ըստ էության, Ղարաբաղյան երկրորդ շարժում է․ Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացրեց, թե այս ընթացքում ինչ հաջողությունների է հասել ընդդիմության շարժումը։ «Ես ուզում եմ հստակ արձանագրել մի քանի կարևոր ձեռքբերումներ, որ արձանագրել ենք․ Շարժումը կասեցրել է Արցախի հարցում հայկական կողմի նշաձող իջեցնելու գործընթացը․ սա այլևս փաստ է, դա ակնհայտ է։ Երկրորդ․ շարժումը ստեղծել է իրական քաղաքական ճգնաժամ, այդ թվում՝ մեր միջազգային գործընկերների համար առնվազն այս պահին ակնհայտ է դառնում Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության հարցը։  Երրորդ․ շարժումը ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված որևէ զիջում, և Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու։  Եվ չորրորդ՝ շարժումը ակնհայտ է դարձրել, որ կա հանրային ձևակերպված պահանջ այս իշխանությունների հեռացման համար»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։  Սաղաթելյանի խոսքով՝ այս շարժումը Հայաստանի վերջի 30 տարվա անկախ պատմության մեջ բացառիկ է իր չափերով, ժողովրդականությամբ և, ըստ էության, Ղարաբաղյան երկրորդ շարժում է։ Հարցին՝ ինչպիսի Հայաստան է ունենալու քաղաքացին ընդդիմության իշխանության գալուց հետո, և ինչ է բերելու ընդդիմությունը առհասարակ, Իշխան Սաղաթելյանը ասաց․  «Այս իշխանությունը խոստացել է սեր, համերաշխություն, բայց բերել է ատելություն և պառակտում, խոստացել է ներդրումներ, բայց չկան ներդրումներ, մարդիկ ապրում են ավելի վատ․ դա ակնհայտ փաստ է։ Խոստացել է անվտանգություն, բարեկեցություն, Արցախի հարցում խոստացել է, որ առանց ժողովրդի որոշում չեն կայացնելու․ այստեղ ևս ամբողջությամբ ձախողել են։  Խոստացել են ժողովրդավարություն, խոսքի ազատություն, բայց տեսնում եք, թե ինչ է կատարվում Հյաստանում։ Խոստացել են արդարադատություն, բայց շրջափակել են դատարանները։ Էն դատավորները, որոնք իրենց ապօրինի հրամանները չեն կատարում, էն դատավորները, որոնք իշխանության հրամանով չեն ձերբակալում ընդդիմադիր գործիչներին, իրենք կալանքի են տանում այդ դատավորներին»։  Այսինքն, ըստ Սաղաթելյանի, խաբել են մարդկանց բոլոր ուղղություններվ և ոլորտներում։ Սաղաթելյանը նշեց՝ բոլոր այն խոստումները, որ 2018 թվականին տվել են հանրությանը և խաբել են, ընդդիմությունը իրականություն է դարձնելու բոլոր այդ խոստումները։
14:21 - 14 մայիսի, 2022
Դատախազը հրապարակեց դատավորներ Գեւորգ Նարինյանի եւ Արա Կուբանյանի գործով մեղադրական եզրակացությունը

Դատախազը հրապարակեց դատավորներ Գեւորգ Նարինյանի եւ Արա Կուբանյանի գործով մեղադրական եզրակացությունը

ՀՀ սնանկության դատարանի՝ լիազորությունները կասեցված դատավորներ Գեւորգ Նարինյանն ու Արա Կուբանյանն այսօր հայտարարեցին, որ իրենց համար բացարձակ անհասկանալի է, թե ինչում են իրենք մեղադրվում։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ սկսվեց նրանց եւ եւս երկու անձի վերաբերյալ գործի դատաքննության փուլը։ Այսօրվա դատական նիստին մեղադրող դատախազ Արամ Արամյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որում մանրամասն նկարագրված է, թե ինչ արարքներ են մեղսագրվում ամբաստանյալներին։ Ըստ այդմ, Սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանը, նպատակ ունենալով հնարավորինս էժան գնով ձեռք բերել նույն դատարանի մեկ այլ դատավորի՝ Արա Կուբանյանի վարույթում քննվող գործերից մեկով սնանկ ճանաչված քաղաքացու՝ Սիմոն Աղեկյանի անշարժ գույքը, խնդրելու եւ համոզելու եղանակով դրդել է այդ գործով սնանկության կառավարիչ Աշոտ Խաչատրյանին խախտել հրապարակային սակարգությունների անցկացման կարգը եւ խոչընդոտել գույքի իրացման բնականոն գործընթացը։  Խոսքը Երեւան քաղաքի Վարդանանց փողոցի վրա գտնվող բնակարանը ձեռք բերելու մասին է, որը դրված է եղել աճուրդի։  Համաձայն մեղադրական եզրակացության՝ դրա արդյունքում Աշոտ Խաչատրյանը, 2018-2019 թթ. ընթացքում  չարամտորեն խախտելով հրապարակային սակարգությունների անցկացման կարգը, ապակողմնորոշել է անշարժ գույքի ձեռքբերմամբ հետաքրքրված տարբեր անձանց՝ հայտնելով, որ գույքը ձեռք է բերվելու համասեփականատերերի կողմից, եւ հնարավոր գնորդներին զերծ է պահել օրինական կարգով աճուրդներին մասնակցելուց, ինչի հետեւանքով աճուրդները չեն կայացել, բնակարանի մեկնարկային գինն էլ արհեստականորեն նվազեցվել է՝ 26 մլն 400 հզ դրամից դառնալով շուրջ 12 մլն 382 հզ դրամ։ Դրանից հետո արդեն, ըստ մեղադրանքի, Նարինյանն այդ գործընթացում ներգրավել է իր մորաքրոջ որդուն՝ Տիգրան Մարտիրոսյանին՝ տրամադրելով նրան անհրաժեշտ միջոցներ, եւ Մարտիրոսյանը, մասնակցելով աճուրդին, բնակարանը ձեռք է բերել արդեն իջեցված գնով։ Սակայն մեղադրական եզրակացության համաձայն՝ Մարտիրոսյանը հանդիսացել է ձեւական գնորդ, եւ թեեւ սեփականության իրավունքը գրանցվել է նրա անունով, բնակարանը փաստացի պատկանել է Նարինյանին։ Դատախազ Արամ Արամյանի խոսքով՝ նույն ժամանակահատվածում տվյալ սնանկության գործը վարող դատավոր Արա Կուբանյանը, տեղեկացված լինելով Նարինյանի եւ Խաչատրյանի այդ գործողություններից, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով եւ ծառայողական պարտականությունները չկատարելով, որեւէ միջոց չի ձեռնարկել հանցավոր գործողությունները խափանելու եւ դրանց հետեւանքները վերացնելու ուղղությամբ։  Այնուհետեւ նպատակ ունենալով վերացնել բնակարանի տիրապետման համար առաջացած խոչընդոտները, մասնավորապես՝ իրականացնել նշված հասցեում բնակվող անձանց վտարումն ու առկա գույքի հարկադրաբար դուրսբերումը՝ Արա Կուբանյանը  սնանկության կառավարիչ Աշոտ Խաչատրյանին 2020 թ փետրվարի 6-ին հանձնարարել է Տիգրան Մարտիրոսյանից ետին ամսաթվով ստանալ համապատասխան դիմում, դրա բնօրինակը տրամադրել իրենց՝ սնանկության վարույթին կցելու, կայացվելիք ապօրինի դատական ակտի համար որոշակի հիմք ստեղծելու համար։ Արդյունքում, դիմումը տալու նույն օրը՝ փետրվարի 6-ին, կայացվել է դատական ակտ, որում, սակայն, որպես  կայացման ամսաթիվ նշվել է փետրվարի 4-ը․ «Այնուհետեւ, կեղծ տեղեկություններ պարունակող դատական ակտի հիման վրա 2020 թ փետրվարի 6-ին Արա Կուբանյանի կողմից տրվել է կատարողական թերթ, աճուրդի դրված եւ վաճառված անշարժ գույքի կենցաղային իրերը, շարժական գույքը դուրս բերելուն պարտավորեցնելու վերաբերյալ»- ընթերցեց դատախազը՝ նշելով, որ այդ գործողությունների հետեւանքով խաթարվել է պետական մարմինների բնականոն գործունեությունը, ինչպես նաեւ՝ սնանկ ճանաչված անձի եւ այդ հասցեում բնակվող մյուս համասեփականատերերի օրինական շահերը։ Այսինքն՝ դատավոր Արա Կուբանյանը մեղադրվում է ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, Տիգրան Մարտիրոսյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, իսկ Աշոտ Խատատրյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու եւ հրապարակային սակարգությունների իրականացման կարգը խախտելու մեջ։ Շարունակելով իր ելույթը՝ դատախազը հայտնեց, որ նշվածից բացի, Գեւորգ Նարինյանը, հանդիսանալով հայտարարատու անձ եւ պարտավոր լինելով օրենքով նախատեսված կարգով ներկայացնել ճշգրտիր հաշվետվություններ, 2017-2020 թթ ընթացքում 100 հզ ԱՄՆ դոլարին համարժեք 47 մլն 581 ՀՀ դրամի չափով ավելացրել է իր գույքը, ինչը գերազանցել է իր օրինական եկամուտները եւ ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով․ «Դրանից բացի, նույն ժամանակահատվածում ներկայացված հայտարարագրերում Նարինյանը թաքցրել եւ չի ներառել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի, դրամական միջոցների վերաբերյալ տվյալներ, ինչպես նաեւ՝ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները եւ գույքի նկատմամբ իրավունքը»,- ասաց Արամյանը։ Վերջինիս խոսքով՝ նպատակ ունենալով թաքցնել ապօրինի հարստացման եւ հայտարարագրման ենթակա դրամական միջոցների հանցավոր ծագումը՝ Նարինյանը Վարչական դատարանի դատավոր, իրեն մտերիմ Անի Հարությունյանի հետ կազմել է 2020 հունիսի 4-ի թվագրմամբ 100 հազար ԱՄՆ դոլար փոխառություն տրամադրելու վերաբերյալ ձեւական պայմանագիր։ Հիշյալ գումարը մուտք է եղել Անի Հարությունյանի բանկային հաշվեհամարին, որից հետո փոխանցվել է Նարինյանի՝ մեկ այլ բանկում գործող հաշվեհամարին, եւ վերջնարդյունքում դրանց հաղորդվել է օրինական տեսք։ Այսինքն՝ Գեւորգ Նարինյանը մեղադրվում է ապօրինի հարստանալու, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կամ կեղծելու, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, ինչպես նաեւ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն եւ հրապարակային սակարգությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելուն դրդելու մեջ։ Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը ամբաստանյալներից հետաքրքրվեց՝ հասկանալի՞ է առաջադրված մեղադրանքը, եւ արդյո՞ք նրանք իրենց մեղավոր են ճանաչում։ Ամբաստանյալ Գեւորգ Նարինյանն ասաց, որ իրեն բացարձակ անհասկանալի է, եւ խնդրեց տեւական ժամանակով հետաձգել դատական նիստը, որպեսզի իրենք մեղադրողի համար հարցեր նախապատրաստեն՝ գոնե դրանց միջոցով հասկանալու համար մեղադրանքի էությունը։ Դատավորը նախ նշեց, որ ամբաստանյալը մեղադրանքի պարզաբանման առումով դատախազին հարցեր տալու իրավունք չունի, ապա հիշեցրեց, որ երբ նախորդ դատական նիստին ինքը հարցրեց՝ Նարինյանը ստացե՞լ է մեղադրական եզրակացությունը, վերջինս դրական պատասխան տվեց, ուստի նա ունեցել է ժամանակ դրան ծանոթանալու եւ պատրաստվելու համար։ Նարինյանի պաշտպան Լուսինե Սահակյանն արձագանքեց՝ ասելով, որ իրենք չեն պատկերացրել, որ այսքան արագ կանցնեն դատաքննության փուլին՝ հաշվի առնելով դատական նիստի բազմանդամ լինելը։ Պաշտպանը նաեւ նշեց, որ թեեւ Քրեական դատավարության օրենսգիրքը մեղադրանքի պարզաբանումը դատարանի վրա է դնում, սակայն իրենք այն համոզմանն են, որ մեղադրանքը պարզաբանելով՝ դատարանը մեղադրողի դեր կստանձնի, ուստի դա պետք է հենց մեղադրող դատախազն անի, ինչը որ, ըստ նրա, պրակտիկայում արվում է․ «Մեղադրանքի պաշտպանությունը սկսվում է հենց մեղադրանքը պարզաբանելուց, եթե մեղադրողը հրաժարվում է պարզաբանելուց, ուրեմն հրաժարվում է մեղադրանքից»,- ասաց նա։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը, սակայն, նշեց, որ մեղադրանքի էության վերաբերյալ մեղադրողից պարզաբանում ստանալու դատավարական կարգ չկա։ Նա նաեւ ընդգծեց, որ մեղադրանքի պարզ չլինելը եւ անորոշ լինելը տարբեր բաներ են․ պարզ չլինելը նշանակում է, որ անձը չի հասկանում, թե ինչ է գրված, ինչու է հենց այդ հոդվածն ընտրված, իսկ մեղադրանքի անորոշությունը, որի մասին, ըստ դատավորի, պաշտպանական կողմը խոսում է, նշանակում է, որ մեղադրանքում գրվածն ու ընտրված հոդվածը իրար չեն համապատասխանում․ «Ինչ վերաբերում է նրան, որ մեղադրանքը անորոշ է, ապա անորոշ մեղադրանքը հանգեցնում է արդարացման դատական ակտի, բայց դատարանը այս փուլում մեղադրանքի անորոշությունը չի ստուգում, դրա հետ կապված Ձեր դիրքորոշումները Դուք կարող եք ամեն ապացույցի հետազոտումից հետո անել»,- ասաց նա՝ խնդրելով Նարինյանին հայտնել՝ ընթերցված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է․ «Եթե ինձ պարզ չէ մեղադրանքի էությունը, ես չեմ կարող բարձրաձայնել իմ մեղավորության կամ անմեղության մասին»,- պատասխանեց Նարինյանը։ Դատավորի հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է նախաքննության փուլում հայտարարել, որ իրեն մեղավոր չի ճանաչում, արձագանքեց պաշտպան Լուսինե Սահակյանը՝ ասելով, որ Նարինյանը նշել է, որ առհասարակ հանցագործություն չի կատարել։ Տեւական ժամանակ այս հարցի քննարկումը շարունակվեց, ինչից հետո ի վերջո դատավորն ընթերցեց Նարինյանին մեղսագրվող անօրինական արարքները եւ արձանագրեց, որ նա հրաժարվում է հայտնել՝ իրեն մեղավոր ճանաչում է թե ոչ։ Ամբաստանյալ Արա Կուբանյանը եւս հայտնեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչում են իրեն մեղադրում․ «Այստեղ մեղադրանք չկա, եւ իրավաբանական որակումն էլ սխալ է»,- ասաց նա՝ հավելելով, որ հույս ուներ, թե մեղադրողը կհրաժարվի այս մեղադրանքից։ Այնուհանդերձ, դատավորի հարցին ի պատասխան՝ Կուբանյանը նշեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Կուբանյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանն ասաց, որ հոդվածն ինքնին հասկանալի է, բայց իրենք ուզում են հասկանալ, թե այդ հոդվածի շրջանակում Կուբանյանը կոնկրետ ինչ գործողություն կամ անգործություն է արել․ «Սա սովորական քրեական գործ է, բայց անսովոր է այնքանով, որ երկու դատավոր են ամբաստանյալի աթոռին, եւ իրավաբանական պրոֆեսիոնալիզմն այստեղ ավելի բարձր պետք է լինի, եւ եթե մենք մեղադրանքի կողմի հետ գտնվում ենք մրցակցության մեջ, ապա մեղադրանքի կողմն է  պարտավոր բացահայտել դա»։ Կուբանյանի մյուս պաշտպան Կրոմվել Գրիգորյանն էլ կարծիք հայտնեց, թե Գլխավոր դատախազը կատարել է գործողություն, որի լիազորությունը չուներ․ «Ո՞վ է իրավունք վերապահել նրանց օրինական ուժի մեջ մտած դատական ակտը անվանել «կեղծ տեղեկություններ պարունակող դատական ակտ», մենք նման դատական ակտ չունենք, ցանկացած ակտ, քանի դեռ վերացված կամ փոփոխված չէ, օրենքի ուժ ունի»,- ընդգծեց նա։ Ամբաստանյալ Աշոտ Խաչատրյանը եւս հայտնեց, որ մեղադրանքի էությունն իրեն պարզ չէ, եւ անհասկանալի է, թե ինքն ինչ գործողություն չի կատարել, որը պարտավոր էր կատարել, եւ ինչ գործողություն կամ անգործություն է կատարել, որը չպետք է կատարեր։ Դատավորի հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։ Խաչատրյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանն ասաց, որ մեղադրանքում նշված չէ, թե Խաչատրյանը, հրապարակային սակարգության կարգն իբր խախտելով, ում է խաբել, ում է վախեցրել, ովքեր են եղել այդ հնարավոր գնորդները։ Անդրադառնալով այն ձեւակերպմանը, թե Խաչատրյանը ի պաշտոնե կախվածության մեջ է եղել Նարինյանից՝ պաշտպանն ասաց, որ այդ կախվածությունը վերացական է, եւ նրանց միջեւ եղել են սոսկ դատավոր-սնանկության կառավարիչ հարաբերություններ․ «Եթե չեմ սխալվում, ՀՀ-ում 244 դատավոր կա, հիմա պիտի համարենք, որ ինչքան սնանկության կառավարիչ կա, բոլորը կախվածության մե՞ջ են այդ 244 դատավորներից»,- ասաց նա։ Խաչատրյանի մյուս պաշտպան Խաչատուր Ղանդիլյանն էլ ընդգծեց, որ նշված չէ, թե իր պաշտպանյալը հրապարակային սակարգությունների անցկացման կարգի կոնկրետ որ կանոնն է խախտել։ Անդրադառնալով աճուրդի մեկնարկային գինը ձեւականորեն իջեցնելու ձեւակերպմանը՝ նա ասաց․ «Օրենքով սահմանված դրույթները կիրառելով՝ մենք կարող ենք ապացուցել, որ 26 միլիոնից 13 միլիոն հասցնելով, ոչ թե արհեստական նվազեցվել է, այլ բացի նրանից, որ Խաչատրյանը գործել է օրենքով սահմանված կարգով, նաեւ կարող էր էլ ավելի նվազել՝ ընդհուպ հասցնելով շուրջ 3 միլիոնի»։ Ամբաստանյալ Տիգրան Մարտիրոսյանը,  դատավորի հարցին ի պատասխան, հրաժարվեց մեղադրանքի հասկանալի լինել-չլինելու վերաբերյալ դիրքորոշում հայտնել՝ առայժմ չցանկանալով նշել նաեւ՝ ընդունո՞ւմ է առաջադրված մեղադրանքը թե՞ ոչ։ Նա միայն հայտարարեց, որ դատավոր Արա Կուբանյանին առաջին անգամ է տեսնում։ Այնուհետեւ քննարկվեց ապացույցների հետազոտման հաջորդականության հարցը։ Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց նախ հետազոտել գործում առկա նյութերն ու իրեղեն ապացույցները, ապա հարցաքննել տուժողին, որից հետո՝ վկաներին, եւ վերջում միայն՝ ամբաստանյալներին։ Աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված՝ դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 24-ին։   Գլխավոր լուսանկարում՝ դատախազ Արամ Արամյանը Միլենա Խաչիկյան
00:47 - 14 մայիսի, 2022
Դոնբասում միանգամից երկու գրոհ է ընթանում՝ ռուսական և ուկրաինական։ Ինչի՞ց է կախված դրանց ելքը․ Meduza

Դոնբասում միանգամից երկու գրոհ է ընթանում՝ ռուսական և ուկրաինական։ Ինչի՞ց է կախված դրանց ելքը․ Meduza

Meduza առցանց պարբերականը գրում է Դոնբասում ընթացող մարտերի և այն մասին, թե ինչից է կախված դրանց ելքը։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Մայիսի սկզբին ռուսական և ուկրաինական զորքերը գրոհներ են ձեռնարկել Ուկրաինայի արևելքում՝ ոչ ամենահորդառատ Սևերսկի Դոնեց գետն անցնելու համար (այն «դուրս» է գալիս Ռուսաստանից և ինչ-որ հատվածում հոսում է ռուս-ուկրաինական սահմանին զուգահեռ)։ Այդ օրվանից դրա ափերի երկայնքով հարյուրավոր կիլոմետրերի վրա միևնույն պատկերն է․ հարձակվողները (թե ռուսական, թե ուկրաինական զորքերը) փորձում են անցնել գետը, սակայն հակառակորդի հրետանին հաջողությամբ կանխում է այդ փորձերը՝ ոչնչացնելով հակառակորդի անցամիջոցներն ու առջևում գտնվող զորքերը։ Յուրաքանչյուր կիլոմետրը կողմերին մեծ դժվարությամբ է տրվում, իսկ առանցքային հարցը հետևյալն է․ արդյո՞ք կհասցնի ռուսական բանակն իրացնել իր առավելությունը, քանի դեռ ուկրաինական ուժերը չեն սկսել լայնորեն կիրառել արևմտյան բարձր ճշգրտության զենքը։   Ուկրաինական բանակի գրոհը Ուկրաինական զորքերը հաջողությամբ գրոհում են հյուսիսում և Խարկովից դեպի հյուսիս-արևմուտք։ Այս գրոհը սադրել է, այդ թվում, հենց ռուսական հրամանատարությունը՝ այս հատվածից դուրս բերելով իր մարտունակ զորքերը, այդ թվում, հավանաբար, հրետանու զգալի մասը։ Թե ուր են տեղափոխվել այդ ստորաբաժանումները, հայտնի չէ․ համենայնդեպս, ճակատում դրանց ներկայությունը դեռևս հաստատված չէ։ Ռուսական ստորաբաժանումները փոխարինվել են զորքերով, որոնք կազմված են Դոնբասի ինքնահռչակ հանապետությունների տարածքում զորահավաքի մասնակիցներից։ Նրանք չեն կարողացել զսպել հարձակվող ուկրաինական ուժերը։ Տերնովայայի շրջանում (Խարկովից 30 կմ հեռավորության վրա) ուկրաինական զորքերը մայիսի 10-ին դուրս են եկել դեպի Բելգորոդի շրջանի սահման։ Սակայն ռուսական հրամանատարության համար այստեղ ոչ մի սարսափելի բան չկա։ Հազիվ թե պետք է ուկրաինական գրոհ ակնկալել Բելգորոդի ուղղությամբ։ Նման գործողությունը ռազմավարական իմաստ այժմ չունի։ Ռուսական զորքերի համար շատ ավելի վտանգավոր կարող է լինել ուկրաինական ուժերի առաջխաղացումը դեպի արևելք՝ Հին Սալտով ավանի և Չուգուևի կողմից դեպի Կուպյանսկ։ Այնտեղ է տեղակայված Դոնբասի հյուսիսում ռուսական ամբողջ խմբավորման գլխավոր լոգիստիկ կենտրոնը։ Սակայն ուկրաինական գրոհը սահմանափակում է ռելիեֆը՝ Սևերսկի Դոնեց գետը, որի ափերը պատված են խիտ անտառներով։ Ընդհանուր առմամբ, գետի ափերի երկայնքով հարյուրավոր կիլոմետրերի վրա միևնույն պատկերն է․ հարձակվողները (թե ռուսական, թե ուկրաինական զորքերը) փորձում են անցնել գետը, սակայն հակառակորդի հրետանին հաջողությամբ կանխում է այն փորձերը՝ ոչնչացնելով հակառակորդի անցամիջոցներն ու առջևում գտնվող զորքերը։ Հին Սալտովի կողմից գետը հնարավոր չէ անցնել․ դրա վրա մի քանի հարյուր մետր լայնությամբ ջրամբար է կառուցված։ Ավանի կամուրջը պայթեցվել է, սակայն ջրամբարից դեպի հյուսիս՝ Վերին Պիսարևկայի հատվածում, պատնեշ կա, որով տեսականորեն կարելի է անցնել Դոնեց գետը։ Սակայն ուկրաինական զորքերը դեռևս այդպիսի փորձեր չեն ձեռնարկել։ Դրանից դեպի հարավ (Չուգուևի հատվածում) ուկրաինական ուժերը դեռևս մարտի վերջին-ապրիլի սկզբին պլացդարմ են սարքել Սևերսկի Դոնեցի ձախ ափին, սակայն այդ օրվանից նրանց գրոհն այնտեղ կասեցվել է։ Մայիսի սկզբին ուկրաինական զորքերը փորձ են ձեռնարկել անցնելու Դոնեցը Իզյում քաղաքի մերձակայքից, որտեղ տեղակայված է ռուսական խմբավորման շտաբն ու նրա հեռահար հրետանին։ Հարձակումն, ըստ երևույթին, չի հաջողվել, իսկ Ռուսաստանի ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել Պրոտոպոպովկայի մերձակայքում ավիահարվածով ուկրաինական կամրջակառույցի ոչնչացման մասին։ Հավանաբար, այդ օրվանից գետն անցնելու նոր փորձեր են ձեռնարկվել, սակայն դեպի Իզյում խոշոր ուկրաինական ուժերի առաջխաղացման մասին չի հաղորդվել։ Սակայն Խարկովից դեպի արևելք ստեղծված իրավիճակը ռուսական զորքերի համար դեռ սպառնալից է․ այստեղ ճակատագիծը (թեկուզ «պաշտպանված» է Սևերսկի Դոնեցով) 160 կմ է։ Ուկրաինական նոր մեծ գրոհը Կուպյանսկի ուղղությամբ, որը ծանր դրության մեջ կգցի Իզյումի շրջանում գտնվող ողջ խմբավորմանը, լիովին հավանական է։ Իսկ դա Դոնբասում ռուսական զորքերի մեծ մասն է։ Սևերսկի Դոնեց գետը չի կարելի անհաղթահարելի խոչընդոտ անվանել։   Ռուսական բանակի գրոհը Ռուսական զորքերին հաջողվել է պատերազմի առաջին փուլում անցնել Սևերսկի Դոնեցը Իզյումից դեպի հարավ ընկած հատվածում, որտեղ գտնվում է ռուսական միակ պլացդարմն աջ ափին։ Այն գրավվել է մարտի վերջին և մինչ օրս բավականին ընդլայնվել է։ Սակայն վերջին մի քանի շաբաթում ուկրաինական հրամանատարությունն այդ պլացդարմի դեմ խոշոր պահեստազոր է ներգրավել, և ռուսական գրոհը դանդաղել է։ Ապրիլի կեսերից մարտեր են ընթանում Դոլգենկոյե գյուղի մատույցներում, որոնք դեռ ուկրաինական զորքերի վերահսկողության տակ են։ Միայն մայիսի 11-ին են ռուսական զորքերը գրավել պլացդարմի թևի հատվածում գտնվող Մեծ Կոմիշևախա գյուղը, սակայն այս թևի վրա գրոհի գլխավոր նպատակակետ՝ Բարվենկովո ճանապարհային հանգույց, ռուսական զորքերը դեռ չեն հասել։ Ռուսական հրամանատարության վերջին քայլերը վկայում են այն մասին, որ այն, ըստ երևույթին, հրաժարվել է հակառակորդի Դոնբասի ողջ խմբավորման շրջափակման մտքից և փորձում է ուկրաինական ճակատը տապալել մաս առ մաս։ Միաժամանակ ռուսական զորքերը դուրս են եկել դեպի Սևերսկի Դոնեց՝ Յամպոլից դեպի արևելք, և փորձել անցնել գետը, որպեսզի մատակարարումներից զրկեն ուկրաինական խոշոր խմբավորումը Լիսիչանսկ-Սևերոդոնեցկ-Ռուբեժնոյե հատվածում (այս գործողության հաջող ելքը կարող է «ճակատի մասնատման» մարտավարության կարևոր մասը լինել)։  Ռուսական զորքերը կամրջակառույցներ են սարքել Բելոգորովկա գյուղի հատվածում։ Գետի աջ ափին ուժեղացված գումարտակ է տեղակայվել։ Այդտեղ աղետ է տեղի ունեցել․ մի վայրում հավաքված տեխնիկան, որը չի հասցրել մարտական դիրքեր զբաղեցնել, ուկրաինական հերտանու կրակի տակ է ընկել։ Կամրջակառույցները պայթեցվել են, խոցվել են տեխնիկայի տասնյակ միավորներ։ Սակայն կարելի է ենթադրել, որ գետն անցնելու և Լիսիչանսկի-Սևերոդոնեցկի շրջափակման փորձերը շարունակվում են։  Ճակատի մնացած հատվածներում շարունակվում են դիրքային մարտերը և հակառակորդին հյուծող հրետանային հարվածները։   Ի՞նչ է այս ամենը նշանակում։ Պատերազմը փակո՞ւղի է մտել Շատ հնարավոր է, որ այո։ Սակայն դա չի նշանակում, որ փակուղուց ելք չկա․ նա, ով մոտակա շաբաթների կամ ամիսների ընթացում վճռորոշ առավելություն ստանա հրետանու քանակի և որակի հարցում, կհաղթի Դոնբասում պատերազմի գլխավոր ճակատամարտը։   Իսկ ո՞վ կհաղթի Հրետանու հարցում դեռևս քանակական առավելություն ունի ռուսական բանակը։ Հենց հրետանու կենտրոնացումն է նրան թույլ տալիս շարունակել դանդաղ առաջխաղացումը Դոնբասում։ Սակայն ռուսական հրետանին ամեն տեղ չէ, որ արդյունավետ է կիրառվում․ խնդիրն այն է, որ հրետանային դիվիզիոնների հաստիքային ԱԹՍ-ները քիչ են և կիրառվում են կենտրոնացված ձևով․ առաջնագծի զորքերը միշտ չէ, որ կարող են արդյունավետ հետախուզում իրականացնել և հրետանային կրակ կիրառել նախանշված թիրախների ուղղությամբ։ Ուկրաինական զորքերն, ըստ ամենայնի, մոտ ժամանակներս կարող են հրետանու արդյունավետության հարցում որակական առաջընթաց գրանցել՝ շնորհիվ հաուբիցների և դրանց բարձր ճշգրտության արկերի արևմտյան մատակարարումների։ Սակայն Ուկրաինան, կարծես, ստացել է կառավարվող արկերի ոչ մեծ խմբաքանակ։ Գլխավոր խնդիրն այդ ռազմամթերքի գինն է (մեկ արկի համար 20-70 կամ նույնիսկ՝ 220 հազար դոլար)։ Բացի այդ, արևմտյան բանակները նույնպես այդ թանկարժեք արկերի սահմանափակ քանակներ ունեն։ Ուկրաինական բանակի համար ևս մեկ խնդիր կլինի մատակարարվող զենքի չափազանց տարբեր տեսականին, ինչպես նաև երկում դրանց սպասարկման համար կադրերի և հզորությունների բացակայությունը։ Դիրքային փակուղու հաղթահարման ևս մեկ հնարավորությունը կապված է հրետանու կառավարման հետ։ Տեղեկություններ կան, որ ուկրաինական բանակի համար համակարգչային ծրագիր է մշակվել, որը թույլ է տալիս տասնյակ վայրկյանների ընթացքում կրակ բացել թիրախների ուղղությամբ, որոնք հայտնաբերել են առաջնագծի ստորաբաժանումները և ԱԹՍ-ները։ Ընդ որում, կրակը կարող են վարել ոչ թե մեկ վայրում կենտրոնացած հրետամարտկոցները, այլ առանձին հրետանային կայանքները, որոնք ցրված են մեծ տարածության վրա։ Սա մեծացնում է հակառակորդի հրետանու և ավիացիայի կրակից խուսափելու նրանց շանսերը։ Բացի այդ, դեր են խաղում Իլոն Մասկի Starlink արբանյակային ինտերնետի համալիրների մատակարարումները պատերազմի ընթացքում։ Սակայն հայտնի չէ, թե որքան լայնորեն են ուկրաինական զորքերը գործնականում կիրառում կրակի կառավարման համակարգը։ Ռուսական պաշտպանական համալիրը պատերազմից առաջ նույնպես աշխատում էր բաշխված կրակի այդպիսի համակարգերի վրա։ Եվ այստեղ նույնպես պարզ չէ, թե ինչպես են դրանք իրենց դրսևորել իրական ռազմական գործողությունների ընթացքում»։   Նորա Վանյան
21:02 - 13 մայիսի, 2022
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ալինա Կաբաևայի և Պուտինի նախկին կնոջ նկատմամբ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ալինա Կաբաևայի և Պուտինի նախկին կնոջ նկատմամբ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել նախկին մարմնամարզիկ Ալինա Կաբաևայի և ևս 11 անձանց նկատմամբ, որոնք, ըստ բրիտանական իշխանության, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատից են, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Պատժամիջոցային ցանկում են հայտնվել նաև Կաբաևայի տատը, Պուտինի նախկին կին Լյուդմիլա Օչերետնայան, նախագահի հորեղբորորդի Միխայիլ Պուտինն, ինչպես նաև «Գազֆոնդ» կենսաթոշակային հիմնադրամի ղեկավար Յուրի Շամալովը, որին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն անվանում է Պուտինի նախկին փեսա Կիրիլ Շամալովի եղբայր։ Պատժամիջոցներն ուղված են «ստվերային ցանցին, որը Պուտինի համար ապահովում է շքեղ կենսակերպ», հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը։ «Մենք շարունակելու ենք պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր սատարում են պուտինյան ագրեսիան, մինչև որ Ուկրաինան հաղթանակ տանի», - հավելել է նա։ «Պուտինի պաշտոնական ակտիվները համեստ են, իսկ նրա կենսակերպը ֆինանսավորվում է ընտանիքի, ընկերների և էլիտայի միջոցով։ Պուտինը հույսը դնում է ընտանիքի, մանկության ընկերների և ընտրյալ էլիտայի վրա, որոնք շահույթ ունեն նրա կառավարումից և, իրենց հերթին, աջակցում են նրա կենսակերպին։ Որպես պարգև՝ նրանք ստանում են պետության գործերի վրա ազդելու հնարավորություն», - ասված է ԱԳՆ հայտարարությունում։ Նորա Վանյան
18:12 - 13 մայիսի, 2022
Թուրքիան չի սատարում Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Էրդողան

Թուրքիան չի սատարում Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Էրդողան

Թուրքիան դրական մոտեցում չունի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությանը։ Այս մասին, «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ լրագրողների հետ զրույցում։ Թուրքիայի առաջնորդը նշել է, որ Անկարան ուշադիր հետևում է Շվեդիայի և Ֆինլանդիայի շուրջ կատարվող իրադարձություններին։ Նրա խոսքով՝ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» [Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն – խմբ․] անդամներն «այսօր ակտիվորեն գործում են սկանդինավյան այդ երկրներում և Նիդերլանդներում», իսկ «ահաբեկիչների հանցակիցները նույնիսկ որոշ եվրոպական խորհրդարանների կազմում են», ասել է Էրդողանը։ Նա նշել է նաև որ Թուրքիայի նախկին իշխանությունը «սխալվել է»՝ ՆԱՏՕ-ին Հունաստանի անդամակցությանը կանաչ լույս տալով։ «Մենք չենք ուզում սխալվել երկրորդ անգամ», - ասել է նա։ Նորա Վանյան
17:33 - 13 մայիսի, 2022
Պուտինն ու Շոլցը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում և Մոսկվայի ու Կիևի բանակցությունների ընթացքը

Պուտինն ու Շոլցը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում և Մոսկվայի ու Կիևի բանակցությունների ընթացքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում կրկին քննարկել է իրավիճակն Ուկրաինայում, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների միջև բանակցությունների ընթացքը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ զրույցի ժամանակ շեշտադրում է արվել Ուկրաինայում տիրող իրավիճակի հումանիտար ասպեկտների վրա։ «Նշվել է, որ ՄԱԿ և Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ քաղաքացիական անձանց տարհանում է իրականացվել, որոնք ուկրաինական զինյալների կողմից պահվում էին Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում», - ասված է հաղորդագրությունում։ Հեռախոսազրույցը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ, դրա արդյունքում Պուտինն ու Շոլցը պայմանավորվել են, որ նշված հարցերի շուրջ քննարկումները կշարունակվեն տարբեր ձևաչափի շփումների ընթացքում։   Նորա Վանյան
15:53 - 13 մայիսի, 2022
Շարունակում է խնդրահարույց մնալ բերման ենթարկելիս հիմքը ներկայացնելու մոտեցումը․ Քրիստիննե Գրիգորյան

Շարունակում է խնդրահարույց մնալ բերման ենթարկելիս հիմքը ներկայացնելու մոտեցումը․ Քրիստիննե Գրիգորյան

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց՝ ընդդիմության ցույցերի  ընթացքում ոստիկանության կողմից հետևողական խախտումներ ենք արձանագրել․ «Դրանցից մեկը անձանց ստիպողաբար նույնականացնելն էր, որոնց վերաբերյալ մենք իրազեկում էինք տվել անձանց, ծանուցել էինք իրենց իրավունքները։ Վերջին 2 օրերի մոնիթորինգը և բաժինների այցելությունը ցույց են տալիս, որ նման դեպքերը արդեն դարձել են 1-2, այն դեպքում, երբ սկզբի 4-5 օր համատարած ձևով իրականացվում էին։ Նույնիսկ դեպք էր եղել, երբ մտել էին անձի հեռախոսի  անձնական հավելվածներ, փորձել էին այդպես նույնականացնել, նկարել էին իր կամքին հակառակ, առնվազն այդ ուղղությամբ ունենք փոփոխություն, բայց շարունակում է խնդրահարույց մնալ բերման ենթարկելիս բերման ենթարկման հիմքը ներկայացնելու մոտեցումը։ Մենք նաև առաջարկել ենք քննարկում կազմակերպել՝ կոնկրետ հասկանալու, բացի գրագրությունից, ինչպես է  ոստիկանությունը կոնկրետ հասցեագրելու, ինչ փոփոխություններ է կատարելու՝ բացի անհատական պատիժները և ծառայողական քննությունները»։ Անդրադառնալով հարցին, թե ինչու չի այցելել Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող 44-օրյա պատերազմի մասնակիցներին, Գրիգորյանն ասաց․ «Իմ ներկայացուցիչները մի քանի անգամ այցելել են, մեր միջամտությամբ մի քանի անգամ լուծվել է տվյալ վայրում վրանի տեղադրման հարցը և որոշակիորեն բավարար եմ համարել այդ ընթացքում նման տեսակ միջամտությունը»։ Պաշտպանը նաև մեկնաբանեց հարցը, թե ինչու չի այցելել զոհված զինծառայողների հարազատներին, որոնք ակցիաներ էին իրականացնում գլխավոր դատախազության դիմաց․ նա նշեց, որ այդ ընթացքում գործուղման է եղել։  Քրիստիննե Գրիգորյանը անդրադարձավ նաև քրեակատորողական հիմնարկների իրավիճակին՝ մասնավորապես նշելով, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի անբարվոք պայմաններ են, և ինքը այդ հարցով պարզաբանումներ են պահանջել Արդարադատության նախարարությունից։ Որոշ պարզաբանումների ստացել են, որոնցից դժգոհ են․ «Շատ վտանգավոր ու մտահոգիչ էր տեսնել, որ մինչև 3 տարեկան երեխա խնամող կին դատապարտյալները ու պատիժ կրող անձինք կամ կալանավորված կանայք չունեին տարրական պայմաններ երեխաների խնամքը ապահովելու համար, երեխաների համար յուրահատուկ սնունդը ապահովելու, առաջին բժշկական դեղամիջոցները ապահովելու մասով այսինքն՝ այս մասով լրջագույն խնդիրներ էինք վերհանել, ու նաև ֆիզիկական պայմանների մասով»-ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ եթե Արդարադատության նախարարությունը խնդիրները լուծելու համար քայլեր չիրականացնի, դա արձանագրելու են որպես խախտում։
13:50 - 13 մայիսի, 2022