Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ազգային ժողովը հայտնում է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է Միխայիլ Մյասնիկովիչին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել նրան հետագա աշխատանքներում: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի համար կարեւոր կազմակերպություն է, եւ ԵԱՏՄ հոբելյանական գագաթաժողովի ժամանակ, որը կայացել է անցյալ տարի Երեւանում, նախանշվել են կառույցի առաջնահերթությունները, ընդլայնվել է գործողությունների աշխարհագրությունը, Իրանի հետ համագործակցության նոր ուղղություններ են նախանշվել, ինչպես նաեւ կնքվել է Սինգապուրի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիր ու այս երկու ուղղությունները շատ կարեւոր կլինեն: Միխայիլ Մյասնիկովիչը բարձր է գնահատել Հայաստանի հետ ձեւավորված հարաբերությունները: Ընդգծելով Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանի բարձր հեղինակությունը կազմակերպությունում՝ նա քննարկել է ԵԱՏՄ ներսում եւ միջազգային հարթակներում կառույցի առջեւ ծառացած մի շարք հարցերի լուծման ժամանակ ԱԺ նախագահի աջակցության հնարավորությունը: Զրուցակիցները խոսել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովում օրենսդրական դաշտի հարմոնիզացիայի մասին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը հայտնել է, որ մշակվում է ԵԱՏՄ-ի ռազմավարության նախագիծ եւ շատ ուրախ կլինեն, եթե այն աջակցություն ստանա նաեւ խորհրդարանական մակարդակում: Միխայիլ Մյասնիկովիչը նշել է, որ, հաշվի առնելով հայկական խորհրդարանականների հեղինակությունը միջազգային հարթակներում, խնդրում է մեր խորհրդարանականների աջակցությունը համապատասխան առաջարկների դեպքում: Արարատ Միրզոյանը վերահաստատել է, որ Հայաստանը կառուցողական է տրամադրված եւ բաց է բոլոր ուղղություններով համագործակցության համար:
13:48 - 07 փետրվարի, 2020
ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահին

ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 20-ին ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Ադոլֆո Տոռես Ռամիրեսին: Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ նրա այցը եւ Հայաստանում ունեցած շփումները կնպաստեն երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը: ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի եւ Մեքսիկայի միջեւ աշխարհագրական հեռավորությունը չի կարող խանգարել հարաբերությունների հետագա ջերմացմաը, որոնց մեջ մեծ դեր կարող են ունենալ միջխորհրդարանական հարաբերությունները: Արարատ Միրզոյանը նաեւ հույս է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի համատեղ աշխատանքները կօգնեն, որպեսզի Հայաստանի եւ Մեքսիկայի խորհրդարանների միջեւ շփումներն արդյունավետ լինեն ինչպես երկկողմ հարթությունում, այնպես էլ միջխորհրդարանական հարթակներում: Արարատ Միրզոյանն ու Ադոլֆո Տոռես Ռամիրեսը խոսել են նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ Մեքսիկայի խորհրդարանը կհամալրի այն խորհրդարանների շարքը, որոնք, պատմական արդարության սկզբունքից ելնելով, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, նաեւ շեշտել է, որ Հայաստանն իր միջազգային գործընկերներից ակնկալում է հավասարակշիռ դիրքորոշում Արցախի խնդրում: Ադոլֆո Տոռես Ռամիրեսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ տեղեկացրել, որ աշխատանքներ են տարվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ինչպես նաեւ խոստացել ջանքեր գործադրել, որպեսզի տեսանելի դառնա Արցախի Հանրապետությունում այս պահին տիրող իրավիճակը: Նա շեշտել է, որ իրավիճակի հանգուցալուծումը, անշուշտ, խաղաղությունն է: Ադոլֆո Տոռես Ռամիրեսն իր մեծագույն ցանկությունն է հայտնել, որպեսզի Մեքսիկայի եւ Հայաստանի միջեւ համագործակցությունն առավել խորանա եւ Արարատ Միրզոյանին հրավիրել է Մեքսիկա: «Կարծում եմ, որ Մեքսիկայի Պատգամավորների պալատի նախագահի այցը Հայաստան, ինչպես նաեւ Ձեր փոխադարձ այցը Մեքսիկա՝ պատմական առումով հարաբերությունների զարգացման նոր փուլ կարձանագրեն»,- նշել է Ադոլֆո Տոռես Ռամիրեսը: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել մանրամասն տեղեկությունների համար՝ նշելով, որ սիրով Հայաստանում կհյուրընկալի իր մեքսիկացի գործընկերոջը եւ ինքն էլ սիրով կայցելի Մեքսիկա: «Ուրախությամբ լսեցի ձեր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, կարծում եմ, որ լուրջ աշխատանքներ կան այս ուղղություններով, եւ ի վերջո կհաջողենք: Մեր օրակարգում նաեւ բազմաթիվ այլ հարցեր կան եւ վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ մեր խորհրդարանները կհաջողեն այս ուղղություններով եւս արդյունավետ աշխատանքներ ծավալել: Որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ՝ մշտապես պատրաստ եմ աջակցել ձեր համատեղ նախաձեռնություններում»,- վստահեցրել է Արարատ Միրզոյանը:
10:53 - 20 հունվարի, 2020
Արցախի հայության գոյության միակ ճանապարհը Արցախի ինքնորոշումն է և ՀՀ-ն այդ իրավունքի իրացման երաշխավորն է.ՀՀ ԱԺ նախագահ |news.am|

Արցախի հայության գոյության միակ ճանապարհը Արցախի ինքնորոշումն է և ՀՀ-ն այդ իրավունքի իրացման երաշխավորն է.ՀՀ ԱԺ նախագահ |news.am|

news.am: Ուղիղ 30 տարի առաջ այս օրերին Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում իշխանությունների ակնհայտ թողտվությամբ եւ աջակցությամբ տեղի ունեցան պատմությունից մեզ ցավալիորեն ծանոթ իրադարձություններ: Այս մասին այսօր՝ հւնվարի 18-ին, Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված Հայաստանի եւ Արցախի ԱԺ-ների միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստում իր ելույթում նշեց Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ով նաեւ թվարկեց Բաքվի ջարդերի զոհերի անուններ: Նա իր ելույթում, մասնավորապես ասաց. «Մարդիկ անմարդկային խխոշտանգումների ենթարկվեցին, հազարավորները ստիպված եղան լքել իրենց տները եւ կյանքը շարունակել փախստականի կարգավիճակում: Այս մասիկ սպանվեցին, կտտանքների, հալածանքների ենթարկվեցին միայն այն պատճառով, որ հայ էին: Օրեր անդ Հայաստանի Գերագույն խորհուրդն արձանագրեց, որ Բաքվի դեպքերը Խորհրդային Ադրբեջանի կողմից վարվող շովինիստական քաղաքականության ակնհայտ դրսեւորում էին: Ճակատագրի հեգնանքով, այս ջարդերը մուլտիկուլտուրալիզմի կենտրոն հռչակված Բաքվում արդեն երրորդն էր միայն 20-րդ դարի ընթացքում: Նույն իրադարձությունները, նույն ձեռագրով, նույն քաղաքում եղել էին նաեւ 1905-ին եւ 1918-ին: 1990-ի այս ջարդերից շատ կարճ ժամանակ առաջ ջարդեր էին տեղի ունեցել նաեւ Սումգայիթում եւ Կիրովաբադ-Գանձակում: Բաքվի ջարդերից կարճ ժամանակ անց ջարդեր սկսվեցին նաեւ Մարաղայում եւ այլուր: Հայատյացության այս քաղաքականությունն իր դրսեւորումներն ունեցավ նաեւ 21-րդ դարում: Ադրբեջանի իշխանությունների կողմից հերոս հռչակվեց Ռամիլ Սաֆարով անունով մի անձ, ով կացնահարել էր քնած հայ զինվորին: 2016 թվականին Թալիշում դաժանաբար սպանվեցին քաղաքացիական անձինք: Նույն քաղաքականության վկայությունները կարող ենք գտնել Ադրբեջանում ամենուր՝ դպրոցական դասագրքերից մինչեւ այդ երկրի նախագահի հայտարարություններ, որոնցում ամբողջ հայ ազգը հայտարարվում է Ադրբեջանի ժողովրդի ոչնչացման ենթակա թշնամի: Բաքվի ջարդերը ադրբեջանական իշխանությունների կողմից վարած երկարատեւ հակահայ քաղաքականության մի մասն էին միայն: Դրան նախորդել էին դեռեւս 1980-ականներից սկսած հստակ կազմակերպված քայլերը, առավելապես սոցիալական, մշակութային, կրթական, որոնք ստիպում էին հայերին լքել իրենց տները եւ հեռանալ Բաքվից, որի արդյունքում արդեն իսկ այդ պահի դրությամբ էականորեն նվազել էր Բաքվի հայ բնակչության թիվը: Հատկանշական է, որ այսօր Ադրբեջանի իշխանությունները նույն ձեռագիրն են որդեգրել արդեն Ադրբեջանի տարածքում բնակվող այլ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ: Ես ուզում եմ զգուշացնել միջազգային հանրությանը, որ Ադրբեջանում բնակվող տեղաբնիկ ժողովուրդները կանգնած են գրեթե նույն վտանգի առաջ, ինչ հայերը նախորդ դարի վերջին: Ադրբեջանի իշխանությունների այդ վարքագիծը եւ մարդկության դեմ նոր հանցագործությունները կանխելու համար ես կարեւորում եմ միջազգային հանրության եւ գործընկեր խորհրդարանների կողմից տեղի ունեցած հանցագործություններին ճիշտ գնահատական տալը: Հիշեցնենք, որ հայերի նկատմամբ տեղի ունեցած ջարդերն ու բռնությունները դատապարտվել են Եվրոպական խորհրդարանի կողմից 3 անգամ՝ 1990-ի հունվարի 18-ի բանաձեւում, օրինակ, եվրոպական խորհրդարանը քննադատում է Բաքվում շարունակվող հայկական ջարդերը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի դեմ բռնությունները, հայաստանի շրջափակումը: Բանաձեւում նշվում է, որ Բաքվում վերսկսվել են ադրբեջանցիների կողմից հակահայկական գործողությունները, իրականացվել են բազմաթիվ հանցագործություններ: Բանաձեւում նաեւ դատապարտվում են նաեւ ԼՂԻՄ-ի տարածքից դուրս գտնվող հայկական գյուղերի, մասնավորապես, Շահումյանի եւ Գետաշենի վրա հարձակումները: 1990-ի հունվարի 18-ի բանաձեւում հղում է կատարվում նաեւ նախորդ՝ 1988 թվականի հուլիսի 7-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված Խորհրդային Հայաստանի մասին բանաձեւին, որտեղ դատապարտվում էին Սումգայիթում հայերի նկատմամբ տեղի ունեցած ջարդերն ու բռնությունները: Սումգայիթի ու Բաքվի հայերի ջարդերին անդրադարձող մեկ այլ կարեւոր բանաձեւ Եվրոպական խորհրդարանն ընդունել է 1991-ի մարտի 14-ին: հայաստանի շրջափակման եւ այնտեղ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի անունը կրող բանաձեւում նշվում է, որ 300 հազրար հայեր, որոնք փախել են Ադրբեջանից, Բաքվի եւ Սումգայիթի ջարդերի հետեւանքով, անհապաղ օգնության կարիք ունեն: Հայաստան-Արցախ ԱԺ-ների համատեղ նիստում մենք կլսենք 2 հայկական պետությունների խորհրդարանականների, մարդու իրավունքների պաշտպանների եւ այդ մեծ ողբերգությունը վերապրածների ելույթները: Ուզում եմ նշել, որ չնայած Ադրբեջանի իշխանությունների այդ օրերի վարած քաղաքականությանը, Բաքվում գտնվեցին ադրբեջանցիներ, որոնք օգնեցին հայերին փրկվել մահից: Ես ուզում եմ սրտանց, անկեղծ շնորհակալություն հայտնել այդ անհատներից եւ կոչ անել, որ իրենք նույնպես բարձրաձայնեն Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացրած այդ ջարդերի մասին իրենց հուշերը, ջարդեն հայատյացության պատը՝ կանխելու համար նման դեպքերի կրկնությունը: Կկարողանան դրանով ապահովել նաեւ իրենց կյանքի անվտանգությունը: Վերջում որպես ՀՀ ԱԺ նախագահ եւս մեկ անգամ ուզում եմ արձանագրել եւ վերահաստատել, որ ողջ վերը հիշատակածս Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը, այդ ջարդերի պարբերական բնույթը, դրանց կրկնությունը մեկ դարի ընթացքւմ մի քանի անգամ, դրանց նախորդած եւ հաջորդած հակահայ քաղաքականության մյուս դրսեւորումները, անհնար են դարձնում Արցախի հայության ֆիզիկական անվտանգ գոյությունն Ադրբեջանի սուվերենության ներքո: Ըստ այդմ, Արցախի հայության գոյության միակ հնարավոր ճանապարհը Արցախի ինքնորոշումն է եւ Հայաստանը արցախցիների այդ իրավունքի իրացման երաշխավորն է:    
08:36 - 18 հունվարի, 2020
Էնպես չի, որ մեր գերնպատակն է Հրայր Թովմասյանին հեռացնել Սահմանադրական դատարանից. Արարատ Միրզոյան |aysor.am|

Էնպես չի, որ մեր գերնպատակն է Հրայր Թովմասյանին հեռացնել Սահմանադրական դատարանից. Արարատ Միրզոյան |aysor.am|

aysor.am: Ես չգիտեմ` ինչի մասին է խոսում Հրայր Թովմասյանը, այօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությանը, թե իրեն զգուշացրել էին, որ եթե հրաժարական չտա, մեղադրանք կառաջադրեն։ «Հրայր Թովմասյանի կամ որևէ այլ անձի երբևէ կատարած կամ մեղսագրվող հանցագործությունը կապ չունի այս պահին կամ նախկինում ունեցած որևէ պաշտոնի հետ, այն առումով, որ որևէ զբաղեցրած պաշտոն չի ենթադրում, որ հիմա մենք ինչ-որ գործողություններ ենք անում, այսինքն՝ քաղաքական հետապնդումների մասին որևէ խոսք լինել չի կարող», - ասաց Արարատ Միրզոյանը։ Արարատ Միրզոյանն ասաց, որ ՍԴ-ի շուրջ ճգնաժամը շարունակվում է։ «Իհարկե, հանգուցալուծում չի ստացել», - ասաց նա։
07:14 - 13 հունվարի, 2020
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԻՊ Արման Թաթոյանին

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԻՊ Արման Թաթոյանին

ՀՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 26-ին հանդիպել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: ԱԺ նախագահն ու օմբուդսմենն ամփոփել են անցնող տարին: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ազգային ժողովի եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համագործակցությունն առավել քան ստացված է 2019 թվականին: Այս համատեքստում նա խորհրդանշական է համարել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հոբելյանական՝ 15-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջազգային համաժողովի անցկացումը խորհրդարանի հարկի տակ, որին մասնակցում էին մեծ թվով հյուրեր Հայաստանից եւ արտասահմանյան գործընկերների շրջանակից: Նշվում է, որ Արման Թաթոյանը կարեւորել է Ազգային ժողովի հետ համագործակցությունը՝ նշելով, որ այն ստացված է եւ գնալով զարգանում է: Նա շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ աջակցության ու համագործակցության համար եւ ընդգծել, որ ՄԻՊ 15-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումն առանց Ազգային ժողովի թերեւս հնարավոր չէր լինի այդպիսի բարձր մակարդակով իրականացնել: Թաթոյանն ընդգծել է, որ միջազգային գործընկերները շատ տպավորվել են այդ միջոցառումից, Ազգային ժողովի եւ Հայաստանի քաղաքական ղեկավարության ուշադրությունից, տված ուղերձներից ու քաղաքական կամքից: Մարդու իրավունքների պաշտպանը նաեւ կարեւորել է օրենսդրական նախագծերի հետ կապված համատեղ աշխատանքները, առանձին պատգամավորների եւ խորհրդարանական հանձնաժողովների հետ համագործակցությունը, ազատությունից զրկման վայրեր պատգամավորների այցերից առաջ եւ հետո ինֆորմացիայի փոխանակումն ու խնդիրներով համատեղ զբաղվելը: «Ուզում եմ մեծ երախտագիտությամբ նշել, որ մեր համատեղ աշխատանքը նպաստում է խնդիրների լուծմանը»,- ասել է Արման Թաթոյանը:      
13:16 - 26 դեկտեմբերի, 2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին |armtimes.com|

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: ԱԺ նախագահը պատասխանողից պահանջում է վիրավորանքի եւ զրպարտության միջոցով պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցում, ինչպես նաեւ նախապես վճարված պետական տուրքի եւ փաստաբանի վարձատրության գումարների բռնագանձում: Նոյեմբերի 24-ին Սամսոնյանը գրել էր, թե ԱԺ նախագահը իր ծննդյան օրվա առթիվ մերձավորների հետ խաշ ուտելու էր գնացել եւ 290 հազար դրամ հաշիվ փակել: Գրառման մեջ Սամսոնյանը Միրզոյանին անվանել էր «պլանքյաշ»: Դրանից հետո Արարատ Միրզոյանը գրառում էր կատարել, նշելով, որ իր տարեդարձի առիթով հարազատներիn հրավիրել էր խաշի եւ ծախսել է 290 հազար դրամի կարգի գումար։ ԱԺ նախագահը հավելել էր նաեւ, որ Սամսոնյանի գրառման մեջ առկա՝ ստի, վիրավորանքների եւ զրպարտության համար հայց է ներկայացնելու նրա դեմ: 
07:23 - 25 դեկտեմբերի, 2019
ԱԺ նախագահը 3 խմբակցության անունից ողջունեց և շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի գործընկերներին |aysor.am|

ԱԺ նախագահը 3 խմբակցության անունից ողջունեց և շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի գործընկերներին |aysor.am|

aysor.am։ Ազգային ժողովի 3 խմբակցության անունից ողջունում եմ ԱՄՆ Սենատին, ինչպես նաև՝ դրանից առաջ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի բոլոր գործընկերներին, համապատասխանաբար թիվ 150 և 296 բանաձևերի միաձայն ընդունման կապակցությամբ, խորհրդարանի ամբիոնից այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրոզոյանը։ «Այս կարևոր քվեարկությամբ Միացյալ Նահանգները միացավ ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համաշխարհային շարժմանը։ Այս առիթով ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել սենատորներ Մենենդեսին և Կրուզին, ինչպես նաև դրանից առաջ՝ կոնգրեսական Շիֆին, և հայ ազգի բոլոր մյուս բարեկամներին Կոնգրեսի երկու պալատներում՝ այս օրինագծի նախաձեռնության և պաշտպանության համար», - հայտարարեց Արարատ Միրզոյանը։ ԱԺ նախագահն առանձին երախտիքի խոսքեր հղեց ԱՄՆ-ում Հայ դատի գրասենյակին և ԱՄՆ-ում Հայկական ասամբլեայի բոլոր ընկերներին, ովքեր տարիներ շարունակ ջանքեր չեն խնայել այս կարևոր արձանագրմանը հասնելու համար։ «Որպես ՀՀ ԱԺ նախագահ՝ ուզում եմ ընդգծել նաև մեր հանձնառությունը ջանքեր չխնայել Հայոց ցեղասպանության ճանաչման և արդարացի հատուցման համար։ Մենք՝ որպես ցեղասպանություն տեսած ժողովրդի ժառանգներ, հանձնառու ենք առաջամարտիկը լինել մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխմանը, որպեսզի այլևս երբեք մարդկության պատմության մեջ նման ամոթալի էջեր չգրանցվեն», - հայտարարեց Ազգային ժողովի նախագահը։
07:29 - 13 դեկտեմբերի, 2019
Ընդդիմությունը, որպես կանոն, կողմ չի քվեարկում վարկային համաձայնագրերին, մենք էլ, որ վաղը ընդդիմություն լինենք, այդպես ենք անելու. Արարատ Միրզոյան |tert.am|

Ընդդիմությունը, որպես կանոն, կողմ չի քվեարկում վարկային համաձայնագրերին, մենք էլ, որ վաղը ընդդիմություն լինենք, այդպես ենք անելու. Արարատ Միրզոյան |tert.am|

tert.am: Կարծում եմ, որ իզուր են մեծամասնության կոչերն ընդդիմությանը՝ քվերակել կողմ այս նախագծերին, կան չգրված կանոններ. Ընդդիմությունը, որպես կանոն, բյուջեին, կառավարության ծրագրին, վարկային համաձայնագրերին կողմ չի քվեարկում: Այս մասին վարկային համաձայնագրերը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: «Հիմա այդպես է, մենք էլ որ ընդդիմություն լինենք վաղը կամ մյուս օր, մենք էլ ենք այդպես անելու: Սա նորմալ է, ֆիքսենք: Շատ լավ է, որ ընդդիմությունը գլխով հավանության նշան է անում: Սա հավաստում է, որ փաստարկներն իրականում կապ չունեն»,- ասաց Աժ նախագահը: Նրա խոսքով՝ այս վարկային համաձայնագրերը, որքան էլ, որ տարօրինակ հնչեն, տնտեսագիտության հետ, իհարկե, կապ ունեն, բայց մեծ հաշվով տնտեսագիտության մասին չեն: «Այս վարկային համաձայնագրերի կոնտեքստը քաղաքական է: Մեր գործերն էնքան լավ են, որ մեզ առաջարկում են էժան փող, շատ էժան փող: Մենք այնպիսի առաջընթացներ ենք արձանագրել տարբեր բարեփոխումների գծերով, մեր երկրի վստահությունը, կայունությունը, կանխատեսելիությունը միջազգային գործընկերների, այդ թվում՝ ֆինանսական հաստատությունների համար այնքան է աճել, որ իրենք գիտեն, որ թեև մենք իրենց պարտք ենք փող՝ 5 տոկոսով, առաջարկում են մեզ փող՝ 1.6 տոկոսով, թվերը պայմանական եմ ասում»,- ասաց Միրզոյանը: Նա ընդգծեց՝ գիտեն, որ այս էժան փողը բերելու ենք դնենք տնտեսության մեջ, իսկ այլ միջոցներից էլ տանելու ենք, իրենց 5 տոկոսանոց վարկը մարենք: «Սա ակնհայտ, աներկբա և անքննելի շահավետ տարբերակ է ՀՀ համար, ես այսպես եմ ընկալում, թող հիմա մյուս հարցի ժամանակ տնտեսագետներն ասեն՝ սխալ եք ասում: Հրաժարվել այս առաջարկից՝ աբսուրդ է, այնպես որ մոռացեք բոլոր տնտեսական փաստարկները. սա քաղաքական հարց է, շատ շահավետ, և ընդդիմությունն էլ պետք է ասի՝ լավ չէ, ասում է՝ լավ չէ»,- շեշտեց նա:  
11:12 - 12 դեկտեմբերի, 2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի եւ միգրացիայի նախարար Այման Սաֆադիին

Արարատ Միրզոյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի եւ միգրացիայի նախարար Այման Սաֆադիին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի եւ միգրացիայի նախարար Այման Սաֆադիին: Աժ նախագահը, ողջունելով հյուրին, վստահություն է հայտնել, որ նրա այցը կնպաստի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը: Արարատ Միրզոյանն իր ողջույններն է փոխանցել նաեւ Հորդանանի խորհրդարանի երկու պալատների նախագահներին եւ տեղեկացրել, որ Հորդանանի Ներկայացուցիչների պալատի խոսնակը վերջերս նամակով առաջարկել էր Հայաստանի կրթական ծրագրի շրջանակներում ավելացնել մեր երկրի բուհերում սովորող հորդանանցի ուսանողների քանակը եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ այս հարցին սիրով դրական լուծում է տրվել: ԱԺ նախագահը նշել է, որ ուսանողների փոխանակման այս ծրագիրը հրաշալի հնարավորություն է՝ երկու երկրների հարաբերությունները զարգացնելու եւ մեր ժողովուրդներին ծանոթացնելու մեր մշակույթին: Նա շեշտել է, որ Հայաստանն ու Հորդանանը չպետք է բավարարվեն այս կրթական ծրագրերով, դրանք, իհարկե, պետք է զարգացնել եւ ընդլայնել, բայց կան բազմաթիվ այլ ոլորտներ եւս, որտեղ երկու երկրներն ունեն հարաբերությունների զարգացման մեծ պոտենցիալ: Արարատ Միրզոյանը, խոսելով միջխորհրդարանական համագործակցության մասին, նշել է, որ երկու երկրների խորհրդարաններն ունեն բարեկամական խմբեր, ինչը խորհրդարանական հարաբերությունները զարգացնելու շատ լավ հարթակ է, թեեւ առայժմ փոխայցեր չեն եղել: Աժ նախագահը վերահաստատել է ՀՀ Ազգային ժողովի հրավերը հորդանանցի պատգամավորներին՝ այցելելու Հայաստան: Նա խոսել է նաեւ Հայաստանի համար զգայուն հարցերի մասին. անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ Հայաստանի իշխանությունները հավատարիմ են խաղաղ բանակցությունների ճանապարհով խնդրի լուծմանը: ՀՀ ԱԺ նախագահը նաեւ շեշտել է, որ բոլոր մյուս երկրների դիրքորոշումները, բանաձեւերը, որոնք կարող են ընդունվել այս կամ այն հարթակում, պետք է լինեն առավելագույնս հավասարակշռված, հակառակ դեպքում կարող է խաթարվել ներկայիս փխրուն, հարաբերական խաղաղությունը: Այման Սաֆադին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ Հայաստանում է՝ երկու երկրների հարաբերությունների զարգացման համար: Նա ընդգծել է, որ Հորդանանն ու Հայաստանն իսկապես հարաբերությունների զարգացման մեծ պոտենցիալ ունեն եւ առանձանցրել է հատկապես մի քանի ոլորտներ՝ ագրոբիզնեսը, զբոսաշրջությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, նաեւ խոսել է ուղիղ չվերթներ բացելու եւ բյուջետային ավիաընկերությունների մասին: Նա հայտնել է, որ այժմ Հայաստանում սովորում Է հորդանանցի 120 ուսանող եւ վստահություն է հայտնել, որ երկու երկրները մշակութային լավ հարաբերություններ կկառուցեն: Այման Սաֆադին տեղեկացրել է, որ Արարատ Միրզոյանին Հորդանան այցելելու հրավեր կուղարկվի, իսկ առաջիկայում սպասվում է Հորդանանի թագավորի այցը Հայաստան:
11:41 - 03 դեկտեմբերի, 2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Միկիսկային

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Միկիսկային

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Միկիսկային: Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ողջունել է Չեխիայի կողմից Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ նշելով, որ Հայաստանը մեծ հույս եւ ակնկալիքներ ունի, որ չեխական կողմը կաջակցի նաեւ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում: Աժ նախագահը շնորհակալություն է հայտնել Չեխիայի պատգամավորների պալատին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ ընդունելու համար եւ հույս հայտնել, որ Չեխիայի Սենատը եւս շուտով կհետեւի այս քայլին: Արարատ Միրզոյանը նշել է, որ երկու երկրների համար աշխատելու բազմաթիվ ուղղություններ կան եւ մեծ ծավալի աշխատանք կա անելու՝ վստահություն հայտնելով, որ Պետր Միկիսկան իր ներդրումը կունենա այս գործում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ Հայաստան-Չեխիա կապերը շատ կարեւոր են եւ խորհրդարանական համագործակցությունն ու պատգամավորների փոխայցերը նոր որակի եւ մակարդակի կարող են հասցնել երկու երկրների հարաբերությունները: Պետր Միկիսկան ընդգծել է, որ Չեխիան ու Հայաստանը տնտեսական համագործակցության մեծ պոտենցիալ ունեն եւ կարեւորել է առեւտրատնտեսական գործակցության ընդլայնումը: Նա վստահեցրել է, որ Չեխիան սատարում է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, պատրաստ է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ Եվամիության Արեւելյան գործընկերության ձեւաչափում զարգացնել կապերը եւ կօգնի Հայաստանին՝ բարեփոխումների բոլոր ուղղություններով:
09:18 - 27 նոյեմբերի, 2019