Ինֆոքոմ

Մոսկվայում մայիսի 16-ին կանցկացվի ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովը

Մոսկվայում մայիսի 16-ին կանցկացվի ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հոբելյանական գագաթնաժողովը կանցկացվի Մոսկվայում մայիսի 16-ին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մայիսի 16-ին ՀԱՊԿ 30-ամյակի կապակցությամբ գագաթնաժողով կանցկացվի Մոսկվայում՝ անդամ երկրների մասնակցությամբ։ Դա լինելու է և առաջնորդների հանդիպում, և նրանց առանձին շփումներ՝ աշխատանքային նախաճաշի շրջանակում», - ասել է նա։ Այս միջոցառման արդյունքների վերաբերյալ լրատվամիջոցների համար հայտարարություններ կանեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ու կազմակերպությունում այս տարի նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գագաթնաժողովի շրջանակում ակնկալվում է ՌԴ և Բելառուսի նախագահների երկկողմ հանդիպումը։ Հիշեցնենք՝ ՀԱՊԿ-ի անդամ երկրներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Նորա Վանյան  
14:44 - 12 մայիսի, 2022
Ֆինլանդիայի նախագահն ու վարչապետը պաշտոնապես հայտարարել են ՆԱՏՕ-ին միանալու ցանկության մասին

Ֆինլանդիայի նախագահն ու վարչապետը պաշտոնապես հայտարարել են ՆԱՏՕ-ին միանալու ցանկության մասին

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոն և վարչապետ Սաննա Մարինը աջակցություն են հայտնում ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի դիմումին։ Այսօր նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ. տեղեկացնում է ֆինլանդական «Helsingin Sanomat»-ը: Նախագահի և վարչապետի համատեղ հայտարարությունն առաջին պաշտոնական արձագանքն է, որով Ֆինլանդիան դիմում է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ «ՆԱՏՕ-ին անդամակցությունը կուժեղացնի Ֆինլանդիայի անվտանգությունը: Որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ Ֆինլանդիան կամրապնդի ողջ Պաշտպանական դաշինքը: Ֆինլանդիան պետք է հրատապ դիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար»: Նրանց խոսքով իրենք ցանկանում էին, որ ՆԱՏՕ-ն քննարկի, թե որքան ժամանակ է անհրաժեշտ դրա համար: Ըստ պաշտոնյաների՝ ժամանակ է անհրաժեշտ եղել ինչպես միջազգային շփումների, այնպես էլ ներքաղաքական դիրքորոշում ունենալու համար՝ թե՛ խորհրդարանում, թե՛ առհասարակ հանրության շրջանում: Հաջորդիվ նախագահը և կառավարությունը պաշտոնական դիմումի որոշում կկայացնեն, խորհրդարանը կքննարկի հարցը, և Ֆինլանդիան կտեղեկացնի ՆԱՏՕ-ին ռազմական դաշինք մտնելու իր ցանկության մասին: Նշենք, որ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել էր, որ Մոսկվան կարձագանքի, եթե Ֆինլանդիան անդամակցի ՆԱՏՕ-ին: Միաժամանակ Պենտագոնից ասել էին, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կբարդացնի Ռուսաստանի ռազմական ծրագրերը: ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար և Դանիայի նախկին վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսենը կարծիք է հայտնել, որ «Պուտինը Ֆինլանդիային ու Շվեդիային հրում է ՆԱՏՕ-ի գիրկը»:
11:50 - 12 մայիսի, 2022
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով, թե «կասկածի տակ է դրվում Հայաստանի՝ հանուն խաղաղության գործելու ցանկությունը»

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով, թե «կասկածի տակ է դրվում Հայաստանի՝ հանուն խաղաղության գործելու ցանկությունը»

«Հայաստանի վարչապետի ելույթի անհիմն մեղադրանքները կասկածի տակ են դնում այս երկրի խաղաղության ձգտումը»: Այս մասին, ինչպես փոխանցում է minval.az-ը, ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան՝ մեկնաբանելով Նիդերլանդների միջազգային հարաբերությունների ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները:  «Նիդերլանդներում ելույթի ժամանակ Ադրբեջանի հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքները, այդ թվում՝ հումանիտար հարցերում, վկայում են այն մասին, որ Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը հեռու է անկեղծությունից երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցում»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը: Նրա խոսքով «Հայաստանի վարչապետի մեղադրանքները, թե Ադրբեջանը մարդասիրական քայլեր չի ձեռնարկում, հայազգի կալանավորված անձանց չի վերադարձնում, անտեղի ու անհիմն են»: Նա նշել է, թե «հայկական կողմը վերջապես պետք է հասկանա, որ խաղաղության համար պետք է ոչ թե պարզապես խոսել, այլ գործել»: «Սակայն այն փաստը, որ Հայաստանի վարչապետը շարունակում է անհիմն մեղադրանքներ հնչեցնել Ադրբեջանի հասցեին, լրջորեն կասկածի տակ է դնում այս երկրի՝ հանուն խաղաղության գործելու ցանկությունը»,- ասված է Աբդուլայևայի հայտարարության մեջ։ Նշենք, որ Փաշինյանը երեկ Նիդերլանդներում անդրադարձել էր Ադրբեջանի գործողություններին ու նշել, որ Ադրբեջանը փորձում է հայ գերիների վերադարձի գործընթացի հարցը դարձնել առևտրի առարկա: Փաշինյանի խոսքով ադրբեջանական դիվանագիտության հիմնական գործը վերջին ամիսներին հետևյալն է. նրանք գնում են ԵՄ, ԱՄՆ և ասում են՝ ահա, տեսեք Հայաստանը պրոռուսական երկիր է, որոշ դեպքերում ասում են՝ պրոքսի ռուսական կառավարությամբ, հետո դրանից հետո մեկնում են Ռուսաստան, ասում են՝ տեսեք Հայաստանը պրոարևմտյան երկիր է, տեսեք ոնց են Արևմուտքի հետ հարաբերությունները սերտացնում»: Նա նաև հայտարարել էր. «Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որով փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե սեղանին լինելու են միայն Ադրբեջանի առաջարկները: Դա առնվազն չի համապատասխանում այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք ենք բերել Բրյուսելում»:
09:56 - 12 մայիսի, 2022
Ռուսական զորքերը գրավել են ուկրաինական Պոպասնայա քաղաքը։ Ի՞նչ է դա փոխում ճակատում․ BBC Russian

Ռուսական զորքերը գրավել են ուկրաինական Պոպասնայա քաղաքը։ Ի՞նչ է դա փոխում ճակատում․ BBC Russian

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարել է, որ «ԼԺՀ ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները ՌԴ Զինված ուժերի աջակցությամբ ճեղքել են» ուկրաինական զորքերի պաշտպանությունն ու «դուրս եկել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության վարչական սահման»։ Ուկրաինական կողմը մայիսի 8-ի առավոտյան հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականները լքել են Պոպասնայան։ «Նահանջել են դեպի նախապես պատրաստված դիրքեր», - հայտարարել էր Լուգանսկի շրջանային պետական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։ BBC-ի ռուսական ծառայությունը գրում է այն մասին, թե ինչով է վտանգավոր այդ քաղաքի կորուստն ուկրաինական բանակի համար, և ինչ վտանգներ է դա պարունակում ռուսական զորքերի համար։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով։   «Մարտեր՝ Պոպասնայայի համար Պոպասնայան համեմատաբար ոչ մեծ քաղաք է Լուգանսկի շրջանի արևմուտքում, պատերազմից առաջ այնտեղ բնակվում էր շուրջ 20 հազար մարդ։ 2014 թ-ին Դոնբասում տեղի ունեցած զինված հակամարտության ժամանակ քաղաքը ձեռքից ձեռք էր անցնում, սակայն արդյունքում՝ մնաց Կիևի վերահսկողության տակ։ Մինսկի համաձայնագրերի ստորագրումից հետո Պոպասնայան հայտնվեց ճակատային գծում, ժամանակ առ ժամանակ այն ենթարկվում էր գնդակոծության։ Ուկրաինական ուժերը Պոպասնայայում և դրա մերձակայքում լավ ամրացված շրջան են սարքել։ Քաղաքը գրոհի ենթարկվեց մարտի սկզբին, և միայն ապրիլի կեսերին հարձակվող զորքերին հաջողվեց հասնել դրա կենտրոն։ Սակայն մարտերը չէին դադարում։ Ռուսական բանակը Պոպասնայայից մինչև Իզյում և դեպի հյուսիս հսկայական ուժեր է կենտրոնացրել, ասված է ամերիկյան RAND հետազոտական կենտրոնի վերջին հայտարարությունում։ Չնայած շաբաթներ տևած հրետակոծությանն ու հրթիռակոծությանը՝ ռուսական զորքերին չի հաջողվում ճեղքել ուկրաինական պաշտպանությունը Դոնբասում։ Միայն երբ ուկրաինական զինվորականներն այլևս պաշտպանելու բան չունեն, նրանք մարտավարական նահանջ են կատարում՝ շրջափակման մեջ չընկնելու համար, նշում են ամերիկացի ռազմական վերլուծաբանները։ Հենց այսպիսի բան տեղի ունեցավ Կրեմեննայա քաղաքում ապրիլին։ «Կրեմեննայայում մենք հասկացանք, որ, եթե պարզապես հողին կպած մնանք, տղաները կզոհվեն, իսկ թշնամուն դրանից վնաս չի լինի, այդ պատճառով էլ վերախմբավորվեցինք և հեռացանք», - ասել էր Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։   Ինչո՞վ է վտանգավոր Պոպասնայայի կորուստն ուկրաինական բանակի համար Սակայն Պոպասնայայի պարագայում՝ այդ բնակավայրի կորուստը կարող է լրջորեն բարդացնել այդ ուղղությամբ ուկրաինական զորքերի դրությունը։ Քաղաքը բարձունքի վրա է՝ ծովի մակարդակից շուրջ 260 մ բարձրության վրա։ Նրա դիրքն ավելի բարձր է, քան մյուս հարակից քաղաքներինը՝ դեպի հյուսիս տեղակայված Լիսիչանսկինը ու Սևերոդոնեցկինը, հարավում գտնվող Սվետլոդարսկինը ու արևմուտքում տեղակայված Բախմուտինը։ Կենտրոնացված գնդակոծությունն ու հակառակորդին աստիճանաբար դուրս մղելն այն մարտավարությունն է, որը կիրառում է ռուսական բանակն այսպես կոչված հատուկ ռազմական գործողության երկրորդ փուլում։ Առաջին փուլում այն շեշտը դնում էր տանկային շարասյուներով արագ ճեղքման վրա, սակայն այս մարտավարությունը մեծ մասամբ անհաջող էր։ Սևերոդոնեցկն ու Լիսիչանսկը Լուգանսկի շրջանի վերջին խոշոր քաղաքներն են, որոնք դեռ Ուկրաինայի վերահսկողության տակ են։ Ակնկալվում է, որ ռուսական զորքերն ուժեղացնելու են ճնշումն այս ուղղությամբ։ Ինչպես նշում է Լուգանսկի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը, Սևերոդոնեցկի հարակից գյուղերում լարված իրավիճակ է, բնակավայրերի համար մշտական մարտեր են ընթանում։ Պոպասնայայի գրավումը ռուսական զորքերին հնարավորություն է տալիս այնտեղ պլացդարմ սարքել, վերախմբավորել ուժերն ու նոր հարվածի համար ուղղություն որոշել։ Օրինակ՝ Իզյումի խմբավորման հետ միասին գրոհել Կրամատորսկն ու Սլավյանսկը՝ Սևերոդոնեցկի ուղղությամբ ուկրաինական ուժերը շրջափակման մեջ գցելու նպատակով։ Հաջողություն գրանցելու գործոնը նույնպես կարևոր է․ «մինչև հաղթական ավարտը պատերազմելու» ռուսաստանցի կողմնակիցները դրական նորությունների կարիք ունեն, իսկ ՌԴ ՊՆ և քարոզչության հաղորդագրությունները ոչ այնքան հայտնի ուկրաինական գյուղեր գրավելու մասին, նրանց մոտ մոտալուտ հաղթանակի զգացում չէին առաջացնում։ Սակայն այստեղ ստորջրյա խութեր էլ կան։   Ինչո՞վ է վտանգավոր Պոպասնայայի հետ կապված իրավիճակը ռուսական բանակի համար Ռազմական մասնագետները չեն սիրում այնպիսի ելուստներ, ինչպիսին առաջացել է Պոպասնայայի դեպքում։ Սեպաձև առաջխաղացումը դեպի թշնամու տարածքի խորքը մեծապես երկարացնում է մատակարարման գիծը, պարզ ասած, դժվարացնում է զինամթերքի, տեխնիկայի, պարենի մատակարարումը, նոր ստորաբաժանումների ներմուծումն ու վիրավորների դուրսբերումը։ Եվ, որ ամենավատն է, հարձակողական զորքերը խոցելի է դարձնում թևերից։ Հակառակորդի մոտ գայթակղություն և հնարավորություն է առաջանում «կաթսա» (շրջափակում – խմբ․) սարքելու՝ պատասխան հարվածներ հասցնելով հյուսիսից և հարավից, և որքան երկար է ելուստն, այնքան ավելի բարդ է հակագրոհի ուղղությունը որոշելը։ Իսկ ուկրաինական բանակը զգալի պահեստազոր ունի, որը դեռևս մարտի մեջ էլ չի մտցվել։ Ուկրաինական հակագրոհի և հետագա շրջափակման վտանգը ռուսական հրամանատարությանը ստիպում է Պոպասնայայի մոտ խոշոր խմբավորումներ պահել թևերում այն դեպքում, երբ ճակատի մյուս հատվածներում զորքերի պակաս է զգացվում։ Շարունակվում է ուկրաինական բանակի գրոհը Խարկովից դեպի ռուսական սահման․ այն կասեցնելու համար ռուսական բանակը ստիպված է պայթեցնել կամուրջները։ Եվս մեկ դժվարություն է այն, որ բավական չէ միայն զբաղեցնել տարածքը, այն պետք է նաև պահել։ Պոպասնայայի գրավումից հետո ռուսական հարձակողական զորքերը հայտնվում են պաշտպանվողի կարգավիճակում, իսկ ուկրաինական բանակը, շնորհիվ ՆԱՏՕ-ի մատակարարումների, օրեցօր համալրվում է ծանր հեռահար հրետանիով։ Պոպասնայայի հանձնումը բացատրելիս ուկրաինական կողմը հայտարարում էր, որ քաղաքն ամբողջությամբ ավերված է, և այնտեղ պաշտպանելու ոչինչ չկա»։   Նորա Վանյան
19:07 - 11 մայիսի, 2022
Վլադիմիր Պուտինին մնացել է միայն հաղթանակի կործանարար պաշտամունքը․ «Նովայա գազետա»-ի հոդվածը՝ The Guardian-ում

Վլադիմիր Պուտինին մնացել է միայն հաղթանակի կործանարար պաշտամունքը․ «Նովայա գազետա»-ի հոդվածը՝ The Guardian-ում

Երկրորդ աշխարհամարտում տարած Հաղթանակի օրը, The Guardian-ը հրապարակել է ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանում գրաքննության պատճառով արգելափակված «Նովայա գազետա» թերթի հոդվածը, որը ներկայացնում ենք աննշան կրճատումներով․ «Վլադիմիր Պուտինը ծնվել է Երկրորդ աշխարհամարտի ավարտից յոթ տարի անց և մեծացել մեծ հաղթանակի մասին բրեժնևյան առասպելով։ Չունենալով լավ կրթություն՝ նա սիրում էր մեջբերումներ անել խորհրդային ֆիլմերից և հին պատմվածքներից։ Պատմության դասագրքերում «Հայրենական Մեծ պատերազմը» պատկերվում էր՝ որպես կախարդական առասպել, որի հերոսը՝ ռուս ժողովուրդը, ի հեճուկս ողջ աշխարհի, հաղթում է հրեշին։ Այս հեքիաթում տեղ չէին գտել պատերազմի բազմաթիվ իրական փաստեր, օրինակ՝ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը, Ֆինլանդիայի հետ պատերազմը, Բալթյան երկրների օկուպացիան։ Առասպելն անտեսում է միլիոնավոր լեհերի արտաքսումը։ Չի հիշատակում 1942-43 թ-ի ձմռանը տեղի ունեցած Ռժևի ճակատամարտը, որում խորհրդային բանակը սարսափելի կորուստներ կրեց՝ նախընտրելով կանգ առնել Մոսկվայի և Ստալինգրադի մարտերում կրած լեգենդար հաղթանակների վրա։ Առասպելը, որ տոնվեց Ռուսաստանում Հաղթանակի օրը, դարձել է այն հիմնական նարատիվը, որը Ռուսաստանը հավերժ կառավարելու Պուտինի պլանի հիմքում է։ Եկել է այն պահը, երբ Պուտինը որոշել է շարունակել պաշտոնավարել անորոշ ժամկետով։ Ընտրությունները կգան ու կգնան, իսկ նա կստի, թե դրանք իր համար վերջինն էին, որ նա մտադիր չէ փոխելու Ռուսաստանի 1993 թ-ի սահմանադրությունը, որը նախատեսում է պաշտոնավարման՝ միմյանց հաջորդող միայն երկու ժամկետ։ Ընդմիշտ կառավարելու նրա առաջին ռազմավարությունը քաղաքացիներին թույլ տալն էր, որ հարուստ լինեն, քանի որ երկիրն ավելի, քան երբևէ հարստացել էր 2000-ականների երկրորդ կեսին։ Բայց երբ աճը կանգնեց, երբ հարստության մեծ մասը հայտնվեց մի քանի հոգու ձեռքերում, Պուտինը ստիպված եղավ անցնել քարոզչությանը։ Նա սկսեց վկայակոչել «ավանդական արժեքները»՝ սաստկացնելու Ռուսաստանի համար իր առաջնահերթ կարևորության մասին պատկերացումը, այն, որ ինքն անփոխարինելի առաջնորդ է, որը ռուսների միակ պաշտպանությունն է Արևմուտքի ազդեցությունից և եվրոպացի ժողովուրդների ծովում տարրալուծվելուց։ Եվ Պուտինն ինքը սկսեց հավատալ իր քարոզչությանը, նրան, թե ինքը Մեծ Ռուսաստան կառուցելու հատուկ պատմական առաքելություն ունի։ Բայդ դա այնքան էլ նոր ԽՍՀՄ չէ, քանի որ ոչ ոք չի պատրաստվում կոմունիզմը վերականգնել, որևէ նոր գաղափարախոսություն առաջ քաշել կամ էլ վերագաղութացնել Միջին Ասիան՝ ռուսական տնտեսությանը լավ ու էժան աշխատուժով ապահովելու համար ։ Մեծ Ռուսաստանը պետք է աշխարհի երրորդ գերտերությունը լիներ (ԱՄՆ և Չինաստանին զուգահեռ)։ Եվ եթե նրա մրցակից ԱՄՆ-ն՝ որպես իր ազդեցության գոտի ուներ Եվրամիությունն, ապա Մեծ Ռուսաստանը նույնպես պիտի ունենար դա։ Պուտինի «ավանդական արժեքներն», ըստ էության, հանգում էին հոմոֆոբիային և ռազմական հաղթանակի պաշտամունքին։ Շուտով պարզ դարձավ, որ առաջինը հուսալի ռազմավարություն չէ ուժեղ առաջնորդի հավերժ կառավարման համար։ Մնում էր միայն հաղթանակի պաշտամունքը։ Պատկերը քիչ-քիչ ուրվագծվում էր։ Ռուսական միլիտարիզմի օպերետը ծնվել է հեռուստատեսային քարոզչությունից, երբ բազմաթիվ «փորձագետներ» սկսեցին խոսել այն մասին, թե մենք ամենաուժեղն էինք աշխարհում, ոչ ոք չէր կարող մեզ իշխել, մեր հրթիռները կարող էին մի քանի անգամ պտտվել աշխարհի շուրջը և ոչնչացնել ցանկացածին։ Դա ծիծաղաշարժ էր, բայց Պուտինի ելույթներն ավելի ու ավելի էին սկսվում նմանվել հանգուցյալ նեոֆաշիստ Վլադիմիր Ժիրինովսկու ասածներին։ Նա ավելի ու ավելի քիչ էր խոսում այնպիսի ձանձրալի բաների մասին, ինչպիսին է տնտեսական զարգացումը, բայց մեծապես աշխուժանում էր, երբ խոսում էր նոր, «նմանը չունեցող» զինատեսակների մասին։ «Մենք կարող ենք դա կրկին անել» արտահայտությունը դարձավ պուտինյան Ռուսաստանի գլխավոր կարգախոսը, որն ակնհայտորեն հղում էր այն փաստին, որ ռուսները տապալել են նացիզմը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ և գիտեն, որ կարող են կրկին անել դա։ Պուտինը հաղթել է նախագահական չորս ընտրություններում, սակայն 2024 թ-ին նշմարվում է հինգերորդը։ Կորոնավիրուսը ծանր հարված է հասցրել Ռուսաստանին, և նրա տնտեսությունն անկում է ապրել, այնպես որ, Պուտինը շատ տարբերակներ չունի։ Նրա կարծիքով՝ իշխանությունը պահպանելու լավագույն տարբերակը մեծ հաղթանակը կրկնելն է։ Մայիսի 9-ի խորհրդանշական շքերթը բավարար չէր լինելու, նրանք պետք է պատկերն ամբողջացնեին արյամբ։ Այդ պատճառով էլ փորձեցին «դա կրկին անել»՝ կազմակերպելով Եվրոպայի խոշորագույն ողբերգությունը 1945-ից ի վեր։ Այս պատերազմն առաջինն է աշխարհում, որը հնարել է հենց հեռուստատեսությունը։ […] Պետք չէ զարմանալ, որ Ռուսաստանում շատերն են հավատացել սրան և անհաղորդ են այն ռազմական հանցագործություններին, որոնք կատարվում են Ուկրաինայում։ Բանը միայն այն չէ, որ նրանք չեն տեսնում ամբողջական պատկերը՝ լրագրության և սոցցանցերի ոչնչացման պատճառով։ Բանն այն է, որ եթե դադարեք հավատալ քարոզչությանը, էլ չեք կարող հավատալ ավանդական արժեքներ ունեցող Ռուսաստանին, հաղթանակի օրվա հերոս ժողովրդին։ Կմնա միայն խելագար մի մարդ, որը դեգերում է ռազմականացված ավազակապետության փլատակների մեջ՝ միջուկային զենքի ճամպրուկը ձեռքը։ Ո՞վ կցանկանա հավատալ սրան։ Ո՞վ ենք մենք, և ինչպե՞ս ենք թույլ տվել, որ այսպիսի բան լինի։ Այս հարցին պատասխանելը սարսափ է առաջացնում։ Ռուսները մինչև վերջ կառչած են մնալու իրենց միֆերից։ Իսկ մինչ այդ, նրանք ունեն իրենց ռազմական շքերթը, հաղթանակի օրվա ուշագնացությունը, ափիոնը՝ ժողովրդի համար»։   Նորա Վանյան
23:41 - 10 մայիսի, 2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամները Ռուսաստանի դեմ բանաձև են ընդունել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամները Ռուսաստանի դեմ բանաձև են ընդունել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանի բյուրոյի անդամներն այսօր բանաձև են ընդունել, որի համաձայն՝ կարող է փակվել տարածաշրջանային գրասենյակը Ռուսաստանում՝ ի պատասխան նրա ներխուժմանն Ուկրաինա, գրում է Reuters-ը։ Բանաձևին կողմ է քվեարկել 43 երկիր (այդ թվում՝ Եվրամիության երկրները և Ուկրաինան), դեմ՝ 3-ը (Ռուսաստան, Բելառուս, Տաջիկստան), ձեռնպահ է մնացել երկու երկիր (Հայաստանն ու Ղազախստանը)։ Կողմ քվեարկածները Մոսկվայի մեկուսացումը կարևոր քաղաքական քայլ են համարում և հայտարարել են, որ ջանքեր են գործադրում Ռուսաստանի առողջապահական համակարգի վրա լուրջ հետևանքներից խուսափելու համար։ Բանաձևում արձանագրվում է Ուկրաինայում «առողջապահական արտակարգ իրավիճակը», քրոնիկական և ինֆեկցիոն հիվանդությունների տարածման վտանգը, որը Ռուսաստանի ռազմական գործողությունների հետևանքն է։ Ռուսաստանի ներկայացուցիչ, ՌԴ առողջապահության փոխնախարար Անդրեյ Պլուտնիցկին ասել է, որ «խորապես հիասթափված է»։ «Մեր կարծիքով՝ սա հսկայական վնաս կհասցնի համաշխարհային առողջապահական համակարգին», - ասել է նա։   Նորա Վանյան  
18:35 - 10 մայիսի, 2022
ՌԴ Պն-ն հայտարարել է Պոպասնայա քաղաքի մոտ ուկրաինական պաշտպանության ճեղքման մասին

ՌԴ Պն-ն հայտարարել է Պոպասնայա քաղաքի մոտ ուկրաինական պաշտպանության ճեղքման մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ «ԼԺՀ ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները ՌԴ Զինված ուժերի աջակցությամբ ճեղքել են հակառակորդի խորապես էշելոնավորված պաշտպանությունն ու դուրս եկել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության վարչական սահման», հայտնում է Meduza-ն։ Ճեղքումն, ինչպես պարզ է դառնում ՌԴ ՊՆ հայտարարությունից, տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ավարտվել է «Պոպասնայա բնակավայրի մաքրումն ազգայնականներից»։ Ուկրաինական կողմը մայիսի 8-ի առավոտյան հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականները լքել են Պոպասնայան։ «Նահանջել են դեպի նախապես պատրաստված դիրքեր», - հայտարարել էր Լուգանսկի շրջանային պետական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։ Պոպասնայայի վագոնավերանորոգման գործարանից՝ Պոպասնայայի վերջին կետից, որը մինչև վերջերս պահում էին ուկրաինական ուժերը, մինչև Լուգանսկի շրջանի վարչական սահման 6-10 կմ է։ Ուկրաինական կողմը այդ հեռավորության վրա հակառակորդի առաջխաղացման մասին չի հաղորդել։ Իսկ այսօր Գայդայն ասել է․ «Դե հա, իհարկե։ ․․․Այս անգամ նրանք իրենց պատրանքներում դուրս են եկել Լուգանսկի շրջանի վարչական սահման՝ Պոպասնայայի մոտ։ Մարս էլ են թռչել և գրավել են այն»։   Նորա Վանյան
16:35 - 10 մայիսի, 2022
Գերմանիայի արտգործնախարարն Ուկրաինայում է

Գերմանիայի արտգործնախարարն Ուկրաինայում է

Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկն Ուկրաինա է այցելել, նա Գերմանիայի կառավարության առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որն այս երկիր է այցելում փետրվարի 24-ին ռուսական ներխուժման մեկնարկից հետո, գրում է Reuters-ը։ Առաջին քաղաքը, որն այցելել է Բերբոկը, Կիևից ոչ հեռու Բուչա բնակավայրն է, որի առնչությամբ ռուսական զորքերը մեղադրվում են վայրագություններ կատարելու համար, որոնք արևմտյան երկրները հավսարեցնում են ռազմական հանցագործությունների։ Մոսկվան դա հերքում է և Բուչայում կատարվածն անվանում «հրեշավոր կեղծիք», որն ուղղված է իր բանակը վարկաբեկելուն։ Գերմանիայի ԱԳ նախարարը շրջել է քաղաքում Ուկրաինայի գլխավոր դատախազի ուղեկցությամբ։ Նա ասել է, որ Բուչայում կատարված սպանությունների մեղավորները պետք է դատարանի առջև կանգնեն։ «Դա մեր պարտքն է զոհերի առջև», - նշել է նա։   Նորա Վանյան
15:00 - 10 մայիսի, 2022
Ընդդիմադիրների քայլերթերը՝ մայրաքաղաքի չորս կետերից, մեկնարկել են. կան բերման ենթարկվածներ

Ընդդիմադիրների քայլերթերը՝ մայրաքաղաքի չորս կետերից, մեկնարկել են. կան բերման ենթարկվածներ

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները ժամը 12:00-ից 4 ուղղություններով սկսել են անհնազանդության երթեր և ակցիաներ։  Ինչպես ավելի վաղ հայտարարել էին, մի երթը Գայի պողոտա՝ Մեգամոլի դիմաց, երկրորդը՝ Րաֆֆու փողոց՝ Անդրանիկի արձանի դիմաց, երրորդը՝ 15 թաղամաս՝ Չավուշի արձանի մոտից, 4-րդը՝ Սասունցի Դավիթ արձանի մոտից: Մինչ քայլերթերը սկսելը ամեն մի խմբի առաջնորդը կոչ էր անում չտրվել սադրանքների, ոստիկանների հետ լեզվակռվի մեջ չմտնել: Նրանք նաև անդրադարձան Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը՝ իրենց ակցիաների վերաբերյալ: Իշխան Սաղաթելյանը ասաց, որ նա կրկնում է ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի խոսքերը: Ընդդիմադիրները՝ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ, փակել էին Քանաքեռ Զեյթունում Պարույր Սևակ-Ռուբինյան փողոցների խաչմերուկը: Մեծ թվով ոստիկաններ կային տեղում: Ոստիկանությունը բերման ենթարկեց տասնյակ քաղաքացիների: Խաչմերուկում երթևեկությունը դեռևս ամբողջապես վերականգնված չէ: Սաղաթելյանը նշեց, որ մի քանի ավտոբուս մարդ են տարել, բայց իրենք, միևնույն է, շատացել են:   Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»
13:38 - 10 մայիսի, 2022
Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանում տեղի ունեցող ակցիաների, սահմանազատման հանձնաժողովի, 5+6 կետերը միացնելու մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանում տեղի ունեցող ակցիաների, սահմանազատման հանձնաժողովի, 5+6 կետերը միացնելու մասին

«Դեռ փետրվարին ադրբեջանական կողմը Հայաստանին ներկայացրել է խաղաղության պայմանագրի 5 հիմնարար սկզբունքներ։ Հայաստանը հայտարարել է, որ այս սկզբունքներն իրենց չեն համապատասխանում»։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում է ադրբեջանական APA գործակալությունը։ Նրա խոսքով, ավելի ուշ Հայաստանից 6 առաջարկների մասին հաղորդումներ են եղել. «Եթե նայեք փաստաթուղթը, ապա այն չի կարելի առաջարկներ անվանել։ Ներկայացման պահին այս փաստաթուղթը հայկական կողմի արձագանքի տեսքով էր Ադրբեջանի առաջարկներին։ Ես կարող եմ թվարկել արձագանքման այս 6 կետերից մի քանիսը, և դուք ևս կարող եք եզրակացնել, թե որքանով կարող եք սա առաջարկություն անվանել»: Բայրամովը նշել է, որ պարբերություններից մեկում ընդգծվում է, թե ադրբեջանական կողմը փետրվարի 21-ի հիմնարար առաջարկները Հայաստանին է ներկայացրել մարտի սկզբին. «Ադրբեջանն առաջին իսկ օրվանից նշել է, որ հիմնական առաջարկները ներկայացվել են միջնորդների միջոցով։ Դրա մասին պետք է հարցնել միջնորդներին: Եթե ​​Ադրբեջանը նշել է փետրվարի 21-ը, ուրեմն ներկայացրել է հենց այդ օրը։ Հաջորդ կետն այն է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից։ Դեռ 1992 թվականին երկու երկրներն էլ, լինելով ԱՊՀ անդամ, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եվ սա ինչ-որ չափով Ադրբեջանի հիմնարար սկզբունքի կրկնությունն է»։ Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ասել է. «Այս պահին մեր մոտեցումն այն է, որ այդ 2 փաթեթները (հեղ․ նկատի ունի Ադրբեջանի 5 կետանոց և Հայաստանի 6 կետանոց առաջարկները)՝ 5+6 կետերը պետք է միացնել իրար, և սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, որպեսզի նաև երկարաժամկետ գտնենք ԼՂ հիմնախնդրի լուծում։ Առաջնային է Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգության, պաշտպանության և իրավունքների հարցերի լուծում գտնել, ըստ դրա՝ պետք է ձևավորվի ԼՂ ստատուսը» Ադրբեջանի ԱԳ նախարարը հիշեցրել է նաև Բրյուսելում ՀՀ վարչապետւ, Ադրբեջանի նախագահի և ԵՄ խորհրդի նախագահի մասնակցությամբ ապրիլի 6-ին կայացած հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածություններից մեկի մասին, ըստ որի՝ ստեղծվելու է սահմանազատման հանձնաժողով։ Նա նշել է, որ առաջին հանդիպումը նախատեսվում էր անցկացնել մինչև ապրիլի վերջ. «Կարող եմ նշել, որ մինչ հանդիպումը երկու հեռախոսազրույց է կայացել իմ և Հայաստանի արտգործնախարարի միջև: Դրանց ընթացքում Ադրբեջանը ներկայացրել է իր առաջարկները՝ կապված հանձնաշողովի կազմի հետ: Ադրբեջանի առաջարկն այն էր, որ հանձնաժողովը պետք է կազմակերպվի այլ ձևաչափով, այսինքն՝ անձը, որը ղեկավարելու է հանձնաժողովը, պետք է լինի փոխվարչապետի մակարդակով։ Անգամ առաջին հեռախոսազրույցի ժամանակ Հայաստանի արտգործնախարարը դա ըմբռնումով ընդունեց՝ ասելով, որ այս առաջարկը Հայաստանում քննարկելու համար ավելի շատ ժամանակ է պետք։ Այնուհետև հայկական կողմը հայտարարեց, որ այս առաջարկն իրենց համար ընդունելի է։ Կողմերի միջև կա պայմանավորվածություն հանձնաժողովի կազմի վերաբերյալ: Ադրբեջանական կողմն արդեն պատրաստ էր այս հանդիպումն անցկացնել ապրիլին։ Այն բանից հետո, երբ հայկական կողմը կավարտի իր ընթացակարգերը, հանդիպումը կարող է կայանալ»,- հավելել է ադրբեջանցի նախարարը։ Նա անդրադարձել է նաև Հայաստանում տեղի ունեցող ակցիաներին՝ նշելով, թե բողոքի ակցիաների կազմակերպիչները հայ հասարակության մեջ բավականին հայտնի դեմքեր են։ Նրա խոսքով ակցիա իրականացնող մարդիկ «երկար տարիներ՝ գրեթե 30 տարի, սուտ խոստումներ են տվել հայ ժողովրդին, ապրել պատրանքների մեջ ու այսօր Հայաստանը մղում են դեպի անդունդ»: «Սա իշխանության համար պայքարի բաղկացուցիչ մասն է, ուզում են նորից բարձրացնել Ղարաբաղի թեման: Մենք, իհարկե, հետևում ենք այս գործընթացներին, այնտեղ հանրային լայն աջակցության մասին խոսք չկա, լավագույն դեպքում նույնիսկ հինգ-վեց հազար մարդ չկա: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայ հանրությունը հոգնել է այս կեղծ խոստումներից ու պատրանքներից»,- հայտարարել է նա: Ռուս խաղաղապահների մասին Բայրամովը ընդգծել է. «Ռուս խաղաղապահները Ղարաբաղում տեղակայվել են եռակողմ հայտարարության հիման վրա»: «Նրանք իրենց գործն են անում։ Իհարկե, ժամանակ առ ժամանակ առաջանում են որոշ հարցեր, և այդ հարցերը հիմնականում առնչվում են Ղարաբաղի տարածքում հայկական զորամասերի առկայությանը և այդ տարածքներ սպօրինի այցելություններին։ Միաժամանակ հարցը բարձրացվում և քննարկվում է ինչպես խաղաղապահների տեղական հրամանատարության, այնպես էլ այլ մակարդակներում։ Ադրբեջանական կողմը այս առումով հարցեր լուծելու կողմնակից է»։
12:36 - 10 մայիսի, 2022
Ընդդիմադիրները վաղը 4 ուղղություններով երթեր կանցկացնեն մայրաքաղաքում․ երթերի ընթացքում կլինեն անհնազանդության ակցիաներ, կփակվեն փողոցներ

Ընդդիմադիրները վաղը 4 ուղղություններով երթեր կանցկացնեն մայրաքաղաքում․ երթերի ընթացքում կլինեն անհնազանդության ակցիաներ, կփակվեն փողոցներ

«Դիմադրություն» շարժման հանրահավաքի ընթացքում  ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ վաղը 4 ուղղություններով անհնազանդության ակցիաներ են իրականացնելու։  «Մենք խնդիր ունենք նաև կենտրոնից դուրս՝ մյուս վարչական շրջաններում մեր ակցիաները անելու։ Վաղը 4 ուղղություններով սկսում ենք անհնազանդության երթեր և ակցիաներ։ Դրանք չեն լինելու պարզապես երթեր։ Էդ երթերի ընթացքում լինելու են անհնազանդության ակցիաներ, արգելափակվելու են ճանապարհները։ 4 հասցեները, որտեղից վաղը սկսելու են այդ երթերը։  Մեկ երթը Գայի պողոտա, Մեգամոլի դիմաց, շարժվելու է Մասիվից։ Երկրորդը՝ Րաֆֆու փողոց՝ Անդրանիկի արձանի դիմաց, երրորդը՝ 15 թաղամաս, Չաուշի արձանի մոտից, 4-րդը՝ Սասունցի Դավիթ արձանի մոտից»։  Սաղաթելյանը ընդգծեց՝ «անհրաժեշտ է կանգնեցնել պետական կառավարման համակարգը»․ «Իշխանությանը հեռացնելու մի ճանապարհ գոյություն ունի, որ գործնականորեն փաստենք, որ իշխանությունը փողոցում է, մենք ենք որոշում։ Աթոռներին նստածները այլևս ի վիճակի չեն մեր երկրում որևէ բան որոշելու։ Դրա համար պետք է ավելի լայն տարածումով շարունակենք մեր բողոքի, անհնազանդության ակցիաները»։  Նրա խոսքով՝ վաղը բոլորի համար կարևոր օր է․ «Եթե այնքան մարդ, որքան մասնակցեց երթին, վաղը դուրս գա փողոց կոնկրետ անհնազանդության գործողություններ և ակցիաներ անելու, ձեզ վստահեցնում են, հաշված օրերի ընթացքում հեռացնելու ենք։ Խնդրում և պահանջում ենք․ վաղը նախ հայտարարում ենք դասադուլ և գործադուլ, յուրաքանչյուրդ ձեր հետ վաղը փողոց եք բերում ևս մեկ քաղաքացի։ Եթե մենք վաղը այդքանով սկսենք ամբողջ Երևանում մեր անհնազանդության ակցիաները, անհրաժեշտության դեպքում շրջափակենք պետական կառավարական շենքերը, մենք վերջնականապես ծնկի ենք բերելու։  Անհնազանդության գործողություններով ամբողջ իշխանությունը վերցնում ենք մեր ձեռքը և կանգնեցնում երկիրը։ Նիկոլի ամեն օր մնալը պետք է բոլորը հասկանան, որ չի բխում մեր երկրի շահերից և միանան մեզ»։  Նա նաև նշեց՝ ճանապարհ փակելը, անհանազանդության ակցիաները, պետական կառավարման համակարգը կանգնեցնելը ինքնանպատակ չի․ «Միակ ճանապարհը դա է, այլ հեծանիվ հորինել պետք չի, կրկնապատկենք մեր թիվը անհնազանդության ակցիաներով կանգնեցնենք պետական կառավարման համակարգը, որպեսզի ուժայինները զեկուցեն՝ Նիկոլ դու այլևս իշխանություն չունես և ժողովրդի ցասումը կանգնեցնել այլևս հնարավոր չէ»։
22:13 - 09 մայիսի, 2022