Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 26-ին ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին: Ողջունելով հյուրին, որը Հայաստան է ժամանել՝ Մարդու իրավունքների պաշտպանի 15-ամյակի առթիվ ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկած միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով, Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը չափազանց բարձր է գնահատում ԵԱՀԿ բոլոր ինստիտուտների գործունեությունը՝ ուղղված մեր մեծ տարածաշրջանում անվտանգության հարցերի լուծմանը, ինչպես նաեւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը: ԱԺ նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ բոլոր ինստիտուտների կողմից Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների աջակցության համար եւ ընդգծել, որ մեր երկիրը հատկապես հպարտանում է անցյալ տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններով, եւ այդ ընտրությունների ընթացքում մեր սահմանած բարձր նշաձողով: «Իհարկե, մենք շատ լավ հասկանում ենք, որ իրականում սա քաղաքակիրթ աշխարհի համար մի սովորական երեւույթ է, մի նախապայման, որի վրա կառուցում են ժողովրդավարական հասարակությունը, բայց Հայաստանի համար սա մի աննախադեպ երեւույթ էր եւ հիմա մեր քաղաքական իշխանությունը պիտի գործադրի բոլոր ջանքերը, որպեսզի ինչպես այս ձեռքբերումը, այնպես էլ մեր բոլոր ժողովրդավարական բարեփոխումներն անշրջելի լինեն»,- ասել է Արարատ Միրզոյանը: Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրը նշել է, որ ուրախ է մասնակցելու այս միջոցառմանը եւ իր համար շատ դրական փորձ է՝ տեսնել Հայաստանում ընթացող բարեփոխումները: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրենն ընդգծել է, որ իրենք պատրաստ են Հայաստանին աջակցել բոլոր ուղղություններով: Անդրադարձ է կատարվել Ընտրական օրենսգրքում բարեփոխումներին, կուսակցությունների մասին օրենքին, դատաիրավական ոլորտում իրականացվելիք բարեփոխումներին:
13:25 - 26 նոյեմբերի, 2019
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 25-ին ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում համագործակցությունը ԵԱՀԿ-ի եւ ԵԱՀԿ ԽՎ-ի շրջանակներում: Նա նշել է, որ այս կազմակերպությունը շատ կարեւոր է Հայաստանի համար, քանի որ հենց ԵԱՀԿ-ի շրջանակներում է գործում Մինսկի խմբի համանախագահությունը, որը միակն է, որ ԼՂ հիմնախնդրով զբաղվելու մանդատ ունի: Աժ նախագահը եւս մեկ անգամ ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները հավատարիմ են խաղաղ բանակցություններին եւ միայն այս ճանապարհով են տեսնում խնդրի լուծումը: Զրուցակիցները խոսել են Հայաստանում ընթացող բարեփոխումների մասին, որոնց նպատակը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացումն է եւ այդ գործընթացներն անշրջելի դարձնելը: Անդրադարձ է կատարվել Ընտրական օրենսգրքում բարեփոխումներին, կուսակցությունների մասին օրենքին, հակակոռուպցիոն պայքարին: Գեորգի Ծերեթելին լիակատար աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին:
13:59 - 25 նոյեմբերի, 2019
Մատվիենկոն ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել՝ լուծում գտնելու համար |news.am|

Մատվիենկոն ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել՝ լուծում գտնելու համար |news.am|

news.am: Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է զսպվածություն դրսեւորեն՝ խնդրի կարգավորման արդյունավետ լուծում գտնելու համար: Այս մասին հինգշաբթի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նա նշել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ ուղղությամբ գործունեության շրջանակում օժանդակում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: «Հիմա այդ տարածաշրջանում իրադրությունը խաղաղ է, բայց մեզ մտահոգում է հռետորաբանությունը, որը չի նպաստում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման լուծում գտնելու բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը: Ինձ թվում է, որ պետք է ավելի զուսպ լինել՝ փոխզիջումային լուծումներ գտնելու եւ առաջ ընթանալու համար, որովհետեւ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում մարդիկ խաղաղություն եւ զարգանալու համար նորմալ կյանք են ցանկանում: Մենք ամեն ինչ կանենք, որ արդյունավետորեն կատարենք միջնորդի դերը»,- ասել է նա: «Անչափ կարեւոր է, որ ագրեսիվ հռետորաբանություն չլինի, որովհետեւ այն ոչ միայն թույլ չի տալիս քայլեր կատարել հակամարտության կարգավորման ուղղությամբ, այլեւ հետագա երկխոսության համար անչափ վատ ֆոն է ստեղծում»,- իր հերթին հայտարարել է Միրզոյանը: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին, ապա Հայաստանը, ինչպես եւ նախկինում, դրան մեծ կարեւություն է տալիս, եւ մենք շնորհակալ ենք Ռուսաստանի միջնորդական դեակատարման համար: Հայաստանի իշխանությունները հավատում են խաղաղ երկխոսությանը եւ հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է նա:  
13:00 - 21 նոյեմբերի, 2019
Տեղյակ եմ՝ պատգամավորին ուղղված սպառնալիքներ են հնչել, տեղեկացրել ենք իրավապահներին. Արարատ Միրզոյան |aysor.am|

Տեղյակ եմ՝ պատգամավորին ուղղված սպառնալիքներ են հնչել, տեղեկացրել ենք իրավապահներին. Արարատ Միրզոյան |aysor.am|

aysor.am: Տեղյակ եմ եղել, որ պատգամավորներից մեկի հասցեին սպառնալիքներ հնչել են, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Չեմ կարող ասել՝ կոնկրետ ով է կանգնած սպառնալիքների հետևում, տեղյակ եմ եղել, որ սպառնալիքներ հնչել են: Այդ մասին տեղեկացրել ենք իրավապահներին: Վարչապետը անհրաժեշտ համարեց իր կողմից մի անգամ էլ բարձրաձայնել ԱԺ ամբիոնից: Եթե դա անհրաժեշտություն համարեց, ուրեմն վստահ եմ, որ դրա անհրաժետությունը կար», - ասաց Միրզոյանը: Ճշտող հարցին, թե վարչապետը երեկ իր ելույթում ակնկարկեց ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանին, Միրզոյանն ասաց. «Չեմ կարող ասել՝ ով է դրա հետևում կանգնած, այն, ինչ խոսում ենք, ենթադրությունների արդյունքում է: Ես կրկնում եմ՝ կարող եմ ստորագրել վարչապետի ասածի տակ՝ որևէ մեկը չի կարող երևակայել, որ այսպիսի սպառնալիքների լեզով կարող է խոսել պատգամավորների հետ»: Հիշեցնենք՝ երեկ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ որ եթե ինչ-որ մեկը փորձի սպառնալ քրեական ենթամշակույթների դեմ պայքարել առաջարկող օրենքի նախագծով հարակից զեկուցողներին, ապա նրանց «կպառկցնեն ասֆալտին ու պատերով կտան»: Վարչապետը, մասնավորապես, անկարկել էր ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանին:  
12:47 - 14 նոյեմբերի, 2019
Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունաստանի դեսպանի հետ

Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունաստանի դեսպանի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպան Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլային, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը նշել է, որ հաշվի առնելով Հայաստանի եւ Հունաստանի ջերմ հարաբերությունները՝ Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլայի հետ առաջիկայում համագործակցության առիթներ դեռ կստեղծվեն: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հայ-հունական գործընկերային հարաբերություններում ունեցած անձնական ներդրման համար եւ վստահություն է հայտնել, որ հեռանալով Հայաստանից՝ դեսպանը կշարունակի մնալ Հայաստանի լավ բարեկամը: Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ գոհունակությամբ արձանագրել, որ հունական-հայկական հարաբերությունները շարունակում են ամրապնդվել: Նա նշել է, որ չի կարող մոռանալ իր առաքելության ընթացքում Հայաստանում հաստատած անձնական կապերը, այնպես, ինչպես չի մոռացվում առաջին սերը:
08:54 - 12 նոյեմբերի, 2019
Հայաստանի կողմից Արցախին հատկացվող ծրագրերը շեշտակիորեն աճել են. Արարատ Միրզոյան

Հայաստանի կողմից Արցախին հատկացվող ծրագրերը շեշտակիորեն աճել են. Արարատ Միրզոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 6-ին ընդունել է Արցախի Հանրապետության «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ նման հանդիպումները պետք է ավելի հաճախակի տեղի ունենան, և Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության օրակարգերի անընդհատ սինխրոնացումը և ներդաշնակեցումը պետք է իրենց ամենօրյա գործունեության մի մասը լինեն: ՀՀ ԱԺ նախագահն արձանագրել է, որ Հայաստանի կողմից տարբեր ուղղություններով Արցախին հատկացվող ծրագրերը շեշտակիորեն աճել են՝ սկսած պաշտպանության ոլորտից վերջացրած սոցիալական զանազան ծրագրերով, և այս ջանքերը պետք է կրկնապատկվեն ու եռապատկվեն: Արարատ Միրզոյանը նշել է, որ ժամանակն է՝ տարբերակելու զանազան ինֆորմացիոն մանիպուլյացիաներն իրական գործընթացներից: Նա խոսել է Արցախում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների մասին, որոնց ընթացքում առաջին անգամ ՀՀ քաղաքացիական հասարակության ինստիտուտների կողմից դիտորդական առաքելություն իրականացվեց և որոնք, չնայած որոշ ապոկալիպտիկ կանխատեսումների, ճիշտ հակառակը ցույց տվեցին՝ հերթական անգամ ապացուցվեց, որ Արցախում ազատ, անկախ, ժողովրդավարական ընտրություններ են անցկացվում: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը կարևորել է, որ Արցախում եկող տարի սպասվող նախագահական ընտրությունները ևս պետք է լինեն չափազանց թափանցիկ, ազատ, արդար, մրցակցային, ոչինչ չպետք է ստվերի այս ընտրությունների ժողովրդական բնույթը: «Եվ, ինչպես ասում են, թող հաղթի նա, ով կհավաքի Արցախի ընտրողների առավելագույն ձայները, ու մենք այս հարցում միանշանակ աջակցելու ենք Արցախին և կանգնած ենք արցախցիների կողքին»,- շեշտել է Արարատ Միրզոյանը: «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը նշել է, որ սա խմբակցության ձեւաչափով առաջին հանդիպումն է, և Արցախում սպասվող համապետական ընտրություններից առաջ հայաստանյան քաղաքական ուժերի հետ շփումը կարևոր ու անհրաժեշտ է: Նա համաձայնել է, որ Արցախում եկող տարի սպասվող համապետական ընտրության արդյունքների վերաբերյալ ոչ մի կասկած չպետք է լինի: Նա ողջունել է ՀՀ-ի դիտորդական մասնակցությունը՝ շեշտելով, որ դա առաջին հերթին կարևոր է Արցախի ժողովրդի համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրության մի շարք այլ հարցեր:
16:41 - 06 նոյեմբերի, 2019
Արարատ Միրզոյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի նախագահի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի նախագահի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 6-ին հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հետ: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահը ուրախությամբ նշել է, որ Հայաստանի եւ Հունաստանի հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եւ բացի պետությունների միջեւ հարաբերություններից, հայ եւ հույն ժողովուրդները մեծ համակրանք ու եղբայրական զգացումներ ունեն իրար նկատմամբ, ինչը գալիս է դարերի խորքից: Արարատ Միրզոյանը հիշեցրել է, որ Հունաստանի խորհրդարանը դեռեւս 1996 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, 2015 թվականին ընդունել է օրենք, որով քրեականացրել է ցեղասպանության ժխտումը, իսկ Հայաստանի խորհրդարանը ճանաչել է Պոնտոսի հույների եւ ասորիների ցեղասպանությունը: Բացի մշակութային, տնտեսական եւ քաղաքական կապերից, Արարատ Միրզոյանը մեծապես կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությունը եւ նշել միջխորհրդարանական շփումներն ավելի ինտենսիվացնելու անհրաժեշտության մասին: Նա հայտնել է, որ իր կիպրոսյան այցի ժամանակ Կիպրոսի խորհրդարանի նախագահի հետ խոսակցություն է ունեցել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդարանական հնարավոր ձեւաչափի մասին եւ այդ թեմայով շաբաթներ առաջ խոսել է նաեւ Հունաստանի խորհրդարանի նախագահի հետ Ստրասբուրգում կայացած հանդիպման ժամանակ: ՀՀ ԱԺ նախագահը նշել է նաեւ, որ շատ քիչ երկրներ են մնացել, որոնք դեռ չեն վավերացրել Եվրամիության ու Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագիրը, եւ այդ երկրներից մեկը, ցավոք, Հայաստանի բարեկամ Հունաստանն է՝ հավելելով, որ Հայաստանն ակնկալում է Հունաստանի աջակցությունը վիզաների ազատականացման երկխոսության շուրջ եւս: Հունաստանի նախագահը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ մոտ ժամանակներս իր երկիրը կվավերացնի Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, ինչից հետո ակնկալում են, որ Հայաստանի եւ Հունաստանի, ինչպես նաեւ Հայաստանի եւ ԵՄ անդամ մյուս երկրների հետ հարաբերությունները է՛լ ավելի կխորանան: «Մենք պետք է ջանքեր գործադրենք եւ ընդլայնենք մեր հարաբերությունները»,- ասել է Պրոկոպիոս Պավլոպուլոսը՝ նշելով, որ հայերի եւ հույների ցեղասպանություններն այն ողբերգական էջերն են, որոնք նույնպես միավորում են երկու երկրներին:
11:34 - 06 նոյեմբերի, 2019
Նուրլան Նիգմատուլինը Արարատ Միրզոյանին պաշտոնական այցով հրավիրել է Ղազախստան

Նուրլան Նիգմատուլինը Արարատ Միրզոյանին պաշտոնական այցով հրավիրել է Ղազախստան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է աշխատանքային այցով եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Հայաստանում գտնվող Ղազախստանի Հանրապետության Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ:  Արարատ Միրզոյանը, ողջունելով հյուրին, արձանագրել է, որ Հայաստանն ու Ղազախստանը վերջին շրջանում հաջողությամբ զարգացնում են համագործակցությունը տարբեր ոլորտներում եւ ընդգծել է, որ երկկողմ հարաբերություններում Հայաստանը կարեւոր տեղ է հատկացնում միջխորհրդարանական համագործակցությանը: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը արժեւորում է համագործակցության զարգացումը միջազգային խորհրդարանական տարբեր կառույցներում: Նա նաեւ ընդգծել է, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովն իր գոյության ընթացքում արդյունավետ հարթակ է դարձել կոլեկտիվ անվտանգության ոլորտում համագործակցության պայմանագրաիրավական դաշտի զարգացման եւ կատարելագործման համար` վստահություն հայտնելով, որ երկու երկրները կշարունակեն ջանքեր գործադրել` խնդիրներին լուծումներ գտնելու ուղղությամբ: Նուրլան Նիգմատուլինը բարձր է գնահատել Ղազախստանի հայ համայնքի դերը, որը մեծ ներդրում ունի իրենց երկրի տնտեսության, մշակույթի մեջ: Նա նշել է, որ սա իր առաջին այցն է Երեւան, տպավորված է ջերմ ընդունելությամբ եւ ցանկանում է շրջել Երեւանում, ծանոթանալ տեսարժան վայրերին: Ղազախստանի խորհրդարանի նախագահն ասել է, որ երկու երկրները պետք է ամրապնդեն համագործակցությունը միջազգային հարթակներում եւս եւ կարեւորել է ինչպես պաշտոնական ձեւաչափով համագործակցությունը, այնպես էլ` միջանձնային: Նուրլան Նիգմատուլինը վերահաստատել է նախկինում արած հրավերը եւ Արարատ Միրզոյանին պաշտոնական այցով հրավիրել Ղազախստան:
07:37 - 05 նոյեմբերի, 2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահը հանդիպել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահը հանդիպել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է աշխատանքային այցով եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Ողջունելով Վյաչեսլավ Վոլոդինին ՀՀ Ազգային ժողովում՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ սա նշանակալի իրադարձություն է, քանի որ Հայաստանում առաջին անգամ տեղի է ունենում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի արտագնա լիագումար նիստ: ԱԺ նախագահն ընդգծել է, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովն օրակարգային հարցերի լուծման եւ կոնսենսուսային որոշումներ կայացնելու արդյունավետ հարթակներից մեկն է: Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական պատվիրակությունն ակտիվ եւ հետեւողականորեն աշխատում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում, մշտապես իրականացնում է կարեւոր փորձագիտական աշխատանքներ: Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը հանդիսանում են ռազմավարական դաշնակիցներ, իրականացվում են տնտեսական բազմաթիվ նախագծեր: Նա նշել է նաեւ, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը: Վյաչեսլավ Վոլոդինը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ ջերմ ընդունելության համար՝ կարեւորելով միջխորհրդարանական համագործակցությունը, նաեւ՝ գործակցությունը միջազգային տարբեր հարթակներում: Նա ընդգծել է, որ ռուս-հայկական բարեկամական հարաբերություններն ունեն խոր արմատներ: Ըստ Վաչեսլավ Վոլոդինի՝ նոյեմբերի 5-ին կայանալիք ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակում կքննարկվեն մի շարք կարեւոր օրակարգային հարցեր:
06:36 - 05 նոյեմբերի, 2019
Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին

Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին: Այս մասին տեղեկացնում է ԱԺ աշխատակազմը: Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը դեսպանին հայտնել է Հայաստանի եւ նաեւ Հայաստանի Ազգային ժողովի ամուր հանձնառությունը՝ Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու, ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերությունն ամրապնդելու ուղղությամբ: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին՝ Հայաստանում իրականացվող զանազան ծրագրերին եւ ժողովրդավարական բարեփոխումներին ցուցաբերած աջակցության համար եւ ներկայացրել է այն ուղղություններն ու ծրագրերը, որոնք Հայաստանը մտադիր է իրականացնել: Անդրեա Վիկտորինը նշել է, որ շատ ուրախ է տեսնել այն առաջընթացը, որն արձանագրել է Հայաստանը՝ ընդգծելով, որ ԵՄ-ն պատրաստ է եւ ցանկանում է աջակցել ՀՀ-ում ընթացող բարեփոխումներին: Կողմերը քննարկել են Հայաստան-Եվրամիություն օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-ի հետ Ազգային ժողովի համագործակցության արդեն իսկ գործող եւ մի շարք հնարավոր նոր ծրագրեր: Անդրեա Վիկտորինը հավաստիացրել է, որ Եվրամիությունը շարունակելու է օժանդակել Հայաստանին ժողովրդավարության հզորացման գործում:
13:14 - 01 նոյեմբերի, 2019
Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահը հանդիպել է Նեապոլի քաղաքապետի, պրեֆեկտի եւ կարդինալի հետ

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահը հանդիպել է Նեապոլի քաղաքապետի, պրեֆեկտի եւ կարդինալի հետ

Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 30-ին հանդիպել է Նեապոլի քաղաքապետ Լուջի Դե Մաջիստրիսի հետ: Կողմերը քննարկել են Նեապոլն ու Երեւանը քույր քաղաքներ դարձնելու գաղափարը: Նեապոլի քաղաքապետը ոգեւորությամբ է ընդունել այս առաջարկը: Արարատ Միրզոյանի խնդրանքով Լուջի Դե Մաջիստրիսը պատմել է Նեապոլի առջեւ ծառացած խնդիրների, մարտահրավերների եւ դրանց լուծումների մասին: ՀՀ Ազգային ժողովի նախագահը նույն օրը հանդիպել է նաեւ Նեապոլի պրեֆեկտ Կարմելա Պագանոյի հետ: Վերջինս Արարատ Միրզոյանի խնդրանքով ներկայացրել է Իտալիայի տարածքային կառավարման առանձնահատկությունները եւ ենթակառուցվածքները, ինչպես նաեւ պատմել է սոցիալական խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու մեխանիզմները Իտալիայի պրեֆեկտուրաների միջոցով: Պաշտոնական այցի շրջանակում Արարատ Միրզոյանը հանդիպել է նաեւ Նեապոլի արքեպիսկոպոս կարդինալ Կրեշենցո Սեպեի հետ: ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել կարդինալին` հայկական հետքն ու մեր համատեղ հոգեւոր ժառանգությունը Իտալիայում, հատկապես Նեապոլում հրաշալի պահպանելու համար: Կարդինալ Սեպեն, բարձր գնահատելով երկու ժողովուրդների միջեւ մշակութային եւ հոգեւոր կապերը, պատմել է Նեապոլում հայկական հետքի մասին։
17:53 - 31 հոկտեմբերի, 2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրենին

ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրենին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն Սանջեյ Փրադանին: Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը շեշտել է, որ նրա ղեկավարած կազմակերպության արժեքները լիովին համընկնում են մեր արժեքների հետ, եւ Հայաստանը կիսում է այդ արժեքները: «Իրավունքի, օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը սերտորեն կապված են թափանցիկության, հաշվետվողականության հետ, հենց այն սկզբունքներն ու ռազմավարական տեսլականն ենք մենք որդեգրել անցած տարի տեղի ունեցած հեղափոխությունից հետո: Այս իրադարձություններին զուգահեռ Հայաստանում տեղի ունեցավ անցում կառավարման կիսանախագահական համակարգից դեպի խորհրդարանական համակարգ, եւ մենք շատ ուրախ ենք, որ «Բաց կառավարման գործընկերությունը» իր լիազորություններն ընդլայնում է՝ գործադիր ճյուղից բացի փորձելով գործողություններ իրականացնել խորհրդարանական կառավարման ուղղությամբ: Սա իսկապես լիովին համընկնում է մեր մոտեցումների հետ»,- ասել է Արարատ Միրզոյանը: Նա նշել է, որ ՀՀ Ազգային ժողովն արդեն որոշակի քայլեր է իրականացրել այս ուղղությամբ, մասնավորապես, քաղաքացիների առջեւ բացել է խորհրդարանի այգու դռները, այժմ պլանավորում է հիմնել այցելուների կենտրոն, որպեսզի քաղաքացիները կարողանան նաեւ շրջագայություններ անել Ազգային ժողովի տարածքում, ստեղծել ինտերակտիվ վեբպորտալ, հիմնադրել անալիտիկ փորձագիտական կենտրոն եւ բազմաթիվ այլ բաներ: Սանջեյ Փրադանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւոր դերակատարություն ունի «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում եւ նախաձեռնության 79 երկրների շրջանակում՝ որպես ժողովրդավարական տպավորիչ առաջընթաց արձանագրած երկիր: Նա նշել է, որ Թավշյա հեղափոխությունը ՀՀ քաղաքացիների կողմից տրված մեծ ազդակ էր, որն արտահայատում էր երկրում փոփոխություններ իրականացնելու կամքը: Սանջեյ Փրադանը հայտարարել է, որ «Բաց կառավարման գործընկերությունը» պատրաստ է լիովին աջակցել Հայաստանին՝ ժողովրդավարության ճանապարհին: Նա ՀՀ Ազգային ժողովի նախագահին մի շարք առաջարկություններ է ներկայացրել, որոնք կարող են բարձրացնել քաղաքացիների վստահությունը բարեփոխումների նկատմամբ, ինչպես նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցելու հակակոռուպցիոն, տնտեսական, դատական բարեփոխումների ընթացքում: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Սանջեյ Փրադանին՝ բարձր գնահատականի եւ աջակցության համար:  
17:13 - 31 հոկտեմբերի, 2019
Այն հստակ ուղերձ է քաղաքակիրթ աշխարհին, որ նման ոճրագործությունները չեն կարող հանդուրժվել․ Արարատ Միրզոյանը Հայոց ցեղասպանության ճանաչման 296 բանաձևի ընդունման մասին

Այն հստակ ուղերձ է քաղաքակիրթ աշխարհին, որ նման ոճրագործությունները չեն կարող հանդուրժվել․ Արարատ Միրզոյանը Հայոց ցեղասպանության ճանաչման 296 բանաձևի ընդունման մասին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քիչ առաջ քվեարկեց Հայոց ցեղասպանության հիշատակման և ճանաչման մասին 296 բանաձևի ընդունման օգտին:Այս բանաձևի ընդունումը պատմական քայլ է և հարգանքի տուրք` Ցեղասպանության‬ մեկուկես միլիոն հայ նահատակների հիշատակին: Այն հստակ ուղերձ է քաղաքակիրթ աշխարհին, որ նման ոճրագործությունները չեն կարող հանդուրժվել: Ամերիկայի Միացյալ Նահանգները, վերահաստատելով մարդու իրավունքների պաշտպանության և համամարդկային արժեքների նկատմամբ իր հավատարմությունը և առաջատար դերը, կարևոր ներդրում կատարեց` ուղղված մարդկության դեմ նոր հանցագործությունների, նոր ցեղասպանությունների կանխարգելմանը: Շնորհակալություն եմ հայտնում Ներկայացուցիչների պալատի կողմից հայ ժողովրդի հանդեպ բարեկամության դրսևորման և ժխտողականության դեմ պայքարում արժեքավոր ջանքերի համար»։
05:22 - 30 հոկտեմբերի, 2019
Արարատ Միրզոյանն Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահին կոչ է արել սեղմ ժամկետում վավերացնել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Արարատ Միրզոյանն Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահին կոչ է արել սեղմ ժամկետում վավերացնել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ: Շնորհակալություն հայտնելով Իտալիա այցելելու պաշտոնական հրավերի համար` Արարատ Միրզոյանը կարեւորել է հայ-իտալական հարաբերությունների բարձր մակարդակը եւ նշել, որ բազմաթիվ են մեր երկու ժողովուրդներին ու երկու պետություններին կապող կամուրջները` խարխսված քրիստոնեական, ժողովրդավարական եւ համամարդկային միեւնույն արժեհամակարգին: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը խորին երախտագիտություն է հայտնել 2019 թ. ապրիլի 10-ին Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից 1915 թ. Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախաձեռնության ընդունման համար: Ռոբերտո Ֆիկոյի խնդրանքով Արարատ Միրզոյանն անդրադարձել է Թավշյա հեղափոխությունից եւ 2018թ. դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում սկիզբ առած տնտեսական, դատաիրավական եւ քաղաքական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաեւ երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին` Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով լուծմանը: Արարատ Միրզոյանը, ներկայացնելով բանակցությունների ներկա ընթացքը, շեշտել է, որ, հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների ապակառուցողական հռետորաբանությունը, բանակցություններում գրանցված յուրաքանչյուր առաջընթաց պետք է ողջունելի լինի: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է միջազգային գործընկերների կողմից տարբեր հարթակներում հավասարակշռված եւ կառուցողական մոտեցումների ցուցաբերումը, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակներում համաձայնեցված ձեւակերպումների կիրառմամբ: Ռոբերտո Ֆիկոն, համաձայնելով հռետորաբանության վերաբերյալ Միրզոյանի տեսակետին, ընդգծել է, որ Իտալիան շարունակելու է նպաստել երկխոսության կայացմանը, որը միակ ճանապարհն է` հակամարտությանը խաղաղ եւ տեւական լուծում տալու համար: Արարատ Միրզոյանը կոչ է արել գործընկերոջը` հնարավորինս սեղմ ժամկետում վավերացնել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ամուր իրավական հիմքերի վրա կդնի Հայաստանի հարաբերությունները ոչ միայն ԵՄ-ի հետ, այլեւ կաշխուժացնի կապերը բոլոր անդամ երկրների հետ: ՀՀ ԱԺ նախագահը Ռոբերտո Ֆիկոյին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:
13:21 - 29 հոկտեմբերի, 2019
Արարատ Միրզոյանը հանդիպել է Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի հետ

Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել է Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի հետ: Վերջինս Արարատ Միրզոյանին ներկայացրել է քաղաքի զարգացման իր տեսլականը, ինչպես նաեւ Հռոմ քաղաքի առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու ուղիները: Արարատ Միրզոյանը ողջունել է մոտ ապագայում Հռոմի քաղաքապետարանի հետ համատեղ Երեւանի 2800-ամյակին նվիրված համաժողովի անցկացման գաղափարը` համոզմունք հայտնելով, որ Վիրջինիա Ռաջին իր փորձով կնպաստի Հայաստանի մայրաքաղաքի առջեւ կանգնած խնդիրների լուծմանը: Այցի շրջանակում Արարատ Միրզոյանը նաեւ մասնակցել է Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված ընդունելությանը, որի ընթացքում հայ-իտալական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման մեջ ունեցած ավանդի համար պատվո մեդալներ եւ պատվոգրեր է հանձնել Իտալիայի խորհրդարանի մի շարք պատգամավորների:
11:03 - 29 հոկտեմբերի, 2019
Մենք ակնկալում ենք իտալացի գործընկերների աջակցությունը ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցում. Արարատ Միրզոյան

Մենք ակնկալում ենք իտալացի գործընկերների աջակցությունը ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցում. Արարատ Միրզոյան

Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Ալբերտի Կազելատիին: Արարատ Միրզոյանը, ողջունելով Սենատի նախագահին, չափազանց կարեւորել է հայ-իտալական միջխորհրդարանական շփումները եւ համոզմունք հայտնել, որ այս այցով հիմք է դրվում առավել ակտիվ համագործակցությանը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ մեր երկու երկրներում գործող խորհրդարանական համակարգը շատ ավելի մեծ հնարավորություններ ու ներուժ է պարունակում եւ այն անհրաժեշտ է իրագործել լիարժեքորեն: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին ժամանակաշրջանում ակտիվացել են շփումները բարեկամական խմբերի միջեւ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել սերտ համագործակցել նաեւ ԵԱՀԿ ԽՎ եւ ԵԽԽՎ պատվիրակությունների մակարդակով: ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել Սենատի կողմից 2019 թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար: Երկուստեք հույս է հայտնվել, որ հնարավորինս մոտ ապագայում այն կվավերացվի նաեւ Իտալիայի պատգամավորների պալատի կողմից: Այս առնչությամբ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ հայկական կողմն ակնկալում է նաեւ իտալացի գործընկերների աջակցությունը վիզաների ազատականացման երկխոսության գործընթացը մեկնարկելու հարցում: Մարիա Էլիզաբետա Կազելատին գոհունակություն է հայտնել երկու երկրների միջեւ բարձրաստիճան շփումների աշխուժացման կապակցությամբ` հատուկ ընդգծելով Հայաստանի Ազգային ժողովի եւ Իտալիայի Սենատի պատգամավորների միջեւ հաճախակի դարձած հանդիպումներն ու քննարկումները՝ ներառյալ հանձնաժողովների մակարդակով: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին` Կազելատին նշել է, որ Իտալիան շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հավասարակշռված դիրքորոշմանը: Պատասխանելով Արարատ Միրզոյանի այն դիտարկմանը, որ իտալական խորհրդարանի հարթակը երբեմն օգտագործվում է ԼՂ հիմնահարցում խաղաղ գործընթացին չնպաստող շահարկումներ անելու համար, Մարիա Էլիզաբետա Կազելատին նշել է, որ Իտալիայի խորհրդարանի մոտեցումները համահունչ են պետության պաշտոնական դիրքորոշմանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների միջեւ տնտեսական եւ մշակութային կապերի ակտիվացմանը:
09:45 - 29 հոկտեմբերի, 2019