Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ–ում Հնդկաստանի դեսպանին. անդրադարձ է եղել մի շարք հարցերի

Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ–ում Հնդկաստանի դեսպանին. անդրադարձ է եղել մի շարք հարցերի

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 25-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին, ով ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի ներդրումը հայ-հնդկական կապերի ամրապնդման գործում` նշելով, որ փոխգործակցության բազմաթիվ օրինակներ կան ամենատարբեր ոլորտներում: Այդուհանդերձ, ըստ Արարատ Միրզոյանի` երկկողմ հարաբերություններում առկա է դեռեւս չիրացված մեծ ներուժ, այդ թվում` տնտեսության, կրթության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում: ԱԺ նախագահի համոզմամբ` գործակցության ընդլայնմանը էապես կնպաստի երկու մայրաքաղաքների միջեւ ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը: Օրենսդիր մարմնի ղեկավարը, անդրադառնալով միջխորհրդարանական կապերի կարեւորությանը, առանձնացրել է ինչպես բարեկամական խմբերի աշխատանքների ակտիվությունը, բարձր մակարդակով հանդիպումները, այնպես էլ միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցությունը, տարբեր հարցերի շուրջ փոխհամաձայնեցված գործունեությունը: Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հնդկաստանի խորհրդարանի ղեկավարին ուղղված` Հայաստան այցելելու հրավերը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ գնահատանքի խոսքերի համար` Սանգվան Յոգեշվարը կանգ է առել այն համատեղ ծրագրերի վրա, որոնք մինչ այս իրականացվել են: Նա եւս ընդգծել է, որ համագործակցության զգալի մեծ հեռանկարներ կան, որոնք դեռ սպասում են իրենց կենսագործմանը: Երկկողմ հարաբերությունները որակելով որպես դինամիկ զարգացող` դեսպանը դրանց հետագա զարգացման առումով կարեւորել է բարձր մակարդակով շփումները, օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցության խորացումը, գործարար շրջանակների կապերի ակտիվացումը: Հաջողություն մաղթելով հետագա գործունեության մեջ` Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Սանգվան Յոգեշվարն ամենուր կլինի Հայաստանի բարեկամների թվում:
13:06 - 25 հունիսի, 2019
Լրացուցիչ երաշխիքներ կձևավորվեն հատկապես ընդդիմադիր խմբակցություններ համար. Միրզոյանը՝ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ է առաջարկում |aysor.am|

Լրացուցիչ երաշխիքներ կձևավորվեն հատկապես ընդդիմադիր խմբակցություններ համար. Միրզոյանը՝ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ է առաջարկում |aysor.am|

aysor.am: Խորհրդարանում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու և կից ներկայացրած նախագծերի փաթեթը: Հարցով հիմնական զեկուցող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նկատեց, որ առաջարկվում է տնտեսական մրցակցության և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովներում թափուր հաստիքի համար թեկնածու առաջարկելու իրավասությունը վերապահել ոչ թե վարչապետին, այլ՝ կառավարությանն, ապա՝ խորհրդարանական խմբակցություններին: «Առաջարկում եմ թափուր տեղերում թեկնածու առաջադրելու իրավունքները հերթականորեն վարչապետի փոխարեն վերապահել կառավարությանը, ապա՝ ԱԺ կառավարող և ապա՝ ընդդիմադիր խմբակցություններին», - ասաց նա՝ հավելելով.«Ավելորդ է ասել, որ այս փոփոխություններով լրացուցիչ երաշխիքներ կձևավորվեն ԱԺ հատկապես ընդդիմադիր խմբակցությունների համար նման կարևոր մարմիններում իրենց թեկնածուներին առաջադրելու առումով»:Միրզոյանը նշեց՝ նույն կարգավորումն առաջարկվում է կիրառել կոռուպցիայի կանխարգելման հանձաժողովի դեպքում:ԱԺ նախագահը նաև առաջարկում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին օժտել նոր գործառույթներով, որոնք կտեղավորվեն դատաիրավական բարեփոխումների տրամաբանության մեջ:«Մասնավորապես, առաջարկում ենք սահմանված դեպքերում և կարգով դատավորների և դատավորների թեկնածուների բարեվարքության վերաբերյալ խորհդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնել: Նույն բանը նաև հանրային ծառայությունների մասին օրենքի փոփոխությամբ ենք առաջարկում՝ սահմանված դեպքերում և կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնելը: Ակնհայտ է, որ սա ուղղված է այս հակակոռուպցիոն մարմնի շեշտակի ուժեղացմանն ու պաշտոնյաների հաշվետվության թափանցիկության աճին», - ընդգծեց Միրզոյանը:
08:08 - 25 հունիսի, 2019
Արարատ Միրզոյանը կներկայացնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումն արագացնող օրինագիծ |lragir.am|

Արարատ Միրզոյանը կներկայացնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումն արագացնող օրինագիծ |lragir.am|

lragir.am: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կներկայացնի իր հեղինակած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է արագացնել վեթթինգի գործընթացի իրականացման համար անհրաժեշտ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումը: Այս մասին հունիսի 21-ին Ազգային ժողովում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Վեթթինգի գործընթացի հետ կապված մեր պատկերացումները հետևյալ սկզբունքով են, որ դրա համար պատասխանատու մարմինները պետք է լինեն Բարձրագույն դատական խորհուրդը, Կոռուպցիայի կանխարգելման մարմինը, ինչպես նաև Դատավորների ընդհանուր ժողովը: Չափանիշների հետ կապված, բնականաբար, պետք է լինի հանրային քննարկում: Ուրախ եմ, որ մեր գործընկերները բանավոր զրույցների ընթացքում տեղեկացրել են, որ չափանիշներ են մշակում, և կարծում եմ, որ կարճ ժամանակում այդ ուղղությամբ կկազմակերպվի նաև համատեղ քննարկում: Այսօր արդեն ներկայացվելու է օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որի հեղինակը Արարատ Միրզոյանն է, ինչը արագացնելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումը: Այնպես որ, գործընթացը սկսելու համար մեկնարկն արդեն տրված է»,- ասաց Մակունցը:
14:56 - 21 հունիսի, 2019
Մի տարի է պաշտոնավարում եք՝ ոչ մեկիդ երեխայի հաշվին մի 10 միլիոն դոլարն ի՞նչ ա, որ չկա |lragir.am|

Մի տարի է պաշտոնավարում եք՝ ոչ մեկիդ երեխայի հաշվին մի 10 միլիոն դոլարն ի՞նչ ա, որ չկա |lragir.am|

lragir.am։ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձել է կառավարության կադրային քաղաքականության վերաբերյալ քննադատություններին: Մասնավորապես, նա պատասխանել է Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին, ով խոսել էր կառավարության կադրային քաղաքականության, պրոֆեսիոնալության խնդրի մասին:Արարատ Միրզոյանն առաջարկել է կոնկրետ անուններ նշել: «Խոսում են կադրային քաղաքականությունից, վարչապետը լավն է, բայց կադրային քաղաքականությունը լավը չի: Ես առաջարկում եմ ավելի կոնկրետ ասել, որովհետև օդի մեջ ասելը մեզ հնարավորություն չի տալիս շտկել այդ վատ քաղաքականությունը: Օրինակ, Տիգրան Խաչատրյան՝ էկոնոմիկայի նախարարը, խնդրում եմ նայեք այդ մարդու կենսագրությունը և ասեք: Հեչ պրոֆեսիոնալ չի Ատոմ Ջանջուղազյանը: Հեղափոխականներին անդրադառնամ՝ Հակոբ Արշակյան՝ ոլորտի հետ կապ չունի ընդհանրապես, Արայիկ Հարությունյան, Արսեն Թորոսյան: Էս պատահական մարդիկ ո՞նց եկան ու էս ոլորտները ղեկավարեցին: Ռուստամ Բադասյան՝ մարդը դեռ չի նշանակվել, ասում են վատ կադրային քաղաքականություն: Իհարկե, վատ կադրային քաղաքականություն է: Ոչ մի նախարար 250 անշարժ գույք չունի: Մի տարի է պաշտոնավարում եք՝ ոչ մեկիդ երեխայի հաշվին մի 10 միլիոն դոլարն ի՞նչ ա որ չկա», – հեգնել է Միրզոյանը:
08:50 - 20 հունիսի, 2019
Մենք կոշտ դիրքորոշում ունենք մեր երկրի ներքին գործերին միջամտելու փորձի ամեն հնարավորության հետ կապված․ Ա․ Միրզոյանը՝ ՌԴ դեսպանի՝ ԱԳՆ հրավիրվելու մասին |tert.am|

Մենք կոշտ դիրքորոշում ունենք մեր երկրի ներքին գործերին միջամտելու փորձի ամեն հնարավորության հետ կապված․ Ա․ Միրզոյանը՝ ՌԴ դեսպանի՝ ԱԳՆ հրավիրվելու մասին |tert.am|

tert.am։ Մենք կոշտ դիրքորոշում ունենք աշխարհի բոլոր երկրների կողմից մեր երկրի ներքին գործերին միջամտելու փորձի տեսական հնարավորություն դիտարկելու հետ կապված: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՌԴ դեսպանին ԱԳՆ հրավիրելու հանգամանքին: Միևնույն ժամանակ նա նշեց, որ ինքն այդ հանդիպումից այլ մանրամասների չի տիրապետում։ Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ ՌԴ դեսպանը հանդիպում էր ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: «Նախկինում նման այլ զրույցներ, կարծես, չեն եղել: Ինքս էլ ՌԴ դեսպանի հետ բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, բազմաթիվ հարցեր քննարկել, խոսել այդ թվում՝ փոխադարձ ինքնիշխանությունը հարգելու մասին»,- շարունակեց նա: «Խոսքը ոչ թե նրա մասին է, որ որևէ երկրի դեսպան չպետք է հանդիպի ՀՀ քաղաքական ներկապնակի որևէ առանձին ներկայացուցչի հետ, ո՛չ, քավ լիցի, ամենևին, բոլորը բոլորին կարող են հանդիպել, խոսքն այն մասին է, որ հանդիպում է մի մարդու, որին շատ լուրջ մեղադրանք է առաջադրված: Կա դատական գործընթաց, որի շրջանակներում որևէ այսպիսի հանդիպում, ակնարկ կարող է դիտվել որպես միջամտություն: Ոչ թե դասական քաղաքական գործչի մասին ենք խոսում, այլ մի քիչ այլ, քան դասական քաղաքական գործիչ է, որովհետև շատ լուրջ մեղադրանք կա»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը։
13:52 - 18 հունիսի, 2019
Քննարկվել են Սամվել Կարապետյանի կողմից նոր ենթակառուցվածքներ գնելու հնարավորությունները. Արարատ Միրզոյան |lragir.am|

Քննարկվել են Սամվել Կարապետյանի կողմից նոր ենթակառուցվածքներ գնելու հնարավորությունները. Արարատ Միրզոյան |lragir.am|

lragir.am: «Ինչ-որ նոր ու լուրջ ներդրումների մասին խոսակցություն կա»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ռուսաստանահայ խոշոր գործարար Սամվել Կարապետյանի՝ օրերս կայացած հանդիպման մասին: «Ես կարծում եմ՝ լավ է, որ հանդիպել են: Ընդհանրապես այդպիսի հանդիպում նախկինում էլ է եղել, այդ թվում՝ այլ գործարարների հետ, այդ թվում՝ նաև ռուսաստանյան բիզնես դաշտում գործող: Ես խոսակցության մանրամասներին տեղյակ չեմ, բայց ինչքանով գիտեմ՝ խոսք է գնացել եղած տնտեսական ծրագրերը պարոն Կարապետյանի կողմից շարունակելու մասին և նոր ներդրումների հնարավորությունների մասին, Հայաստանում առկա տնտեսական աշխուժության, զանազան ցուցանիշների մասին»,- ասաց Միրզոյանը: Նա հավելեց, որ քննարկվել են նաև Սամվել Կարապետյանի կողմից նոր ենթակառուցվածքներ գնելու հնարավորությունները:
13:39 - 18 հունիսի, 2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հանդուրժողականության եւ խաղաղության համաշխարհային խորհրդի նախագահին

Արարատ Միրզոյանն ընդունել է Հանդուրժողականության եւ խաղաղության համաշխարհային խորհրդի նախագահին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 17-ին ընդունել է Հանդուրժողականության եւ խաղաղության համաշխարհային խորհրդի նախագահ Ահմադ բին Մուհամադ ալ-Ջարուանիին, որը Հայաստան է ժամանել` մեր երկրին այս կառույցին անդամակցելու առաջարկ ներկայացնելու առաքելությամբ:Ինչպես հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից, նրա խոսքով` Հայաստանը ճանաչված է որպես խաղաղասիրական եւ հանդուրժողականությունը հարգող երկիր ու անդամակցությունը Համաշխարհային խորհրդին նոր հնարավորություններ կստեղծի այս գաղափարների միջազգային տարածման համար: Շուրջ 50 անդամ ունեցող այս կառույցի գործունեությունը հիմականում անդրադառնում է սոցիալական եւ մարդասիրական ոլորտներին առնչվող համընդհանուր հիմնախնդիրներին:Շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելության եւ անդամակցության առաջարկի համար` խորհրդարանի ղեկավարը նշել է, որ մեր երկրի համար հոգեհարազատ են այն ուղղությունները, որոնցով զբաղվում է Համաշխարհային խորհուրդը: Նրա խոսքով` խաղաղությունը եւ հանդուրժողականությունը Հայաստանում առաջնահերթ սկզբունքներ են, ուստի կառույցի գործունեությունը մեզ համար դրական ուղերձներ է պարունակում:Կողմերն անդրադարձել են հետագա համագործակցության հնարավորություններին ու ձեւաչափերին, պայմանավորվել երկխոսությունը դարձնել շարունակական:
13:20 - 17 հունիսի, 2019
Ես բացառում եմ, թե գրոհ կա Գագիկ Ծառուկյանի ուղղությամբ․ Արարատ Միրզոյան |armtimes.com|

Ես բացառում եմ, թե գրոհ կա Գագիկ Ծառուկյանի ուղղությամբ․ Արարատ Միրզոյան |armtimes.com|

armtimes.com։ Ես բացառում եմ, թե գրոհ կա Գագիկ Ծառուկյանի ուղղությամբ, բոլորովին համաձայն չեմ նման կարծիք հայտնողների հետ, ի՞նչ է նշանակում միտում, երբ նույն ձեւ հրավիրում են նախկին նախագահների, վարչապետի եւ այլ պաշտոնատար անձանց։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին երկրորդ անգամ հարցաքննության հրավիրելուն եւ նույն խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի պնդմանը, թե դա «գրոհ» է։«Ի վերջո օրենքը բոլորի համար է, եւ օրենքի առաջ բոլորը հավասար են։ Եթե որեւէ գործի քննության շրջանակներում իրավապահ մարմինն անհրաժեշտ է համարում հրավիրել՝ տեղեկություններով կիսվելու որեւէ մարդու՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, էդ մարդը պարտավոր է գնալ»,-ասաց Միրզոյանը՝ լրագրողներին խնդրելով այս թեման այդքան «չեփել, չէսկալացնել», քանի որ այդքան լուրջ չէ։ ԱԺ նախագահը վստահ է՝ նորմալ կարգավորում կլինի։  
10:04 - 17 հունիսի, 2019
Եթե ինձ ընտրեն ՔՊ վարչության նախագահ, հակված եմ ինքնաբացարկ հայտնել. Արարատ Միրզոյան |tert.am|

Եթե ինձ ընտրեն ՔՊ վարչության նախագահ, հակված եմ ինքնաբացարկ հայտնել. Արարատ Միրզոյան |tert.am|

tert.am: Եթե ինձ ընտրեն վարչության նախագահ, հակված եմ ինքնաբացարկ հայտնել: Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Հարցին, թե ՔՊ վարչության ներկայիս նախագահ Սասուն Միքայլեյանի հետ կապված որևէ հարց քննակվել է կուսակցությունում, քանի որ Կոտայքի մարզպետի խոսքով՝ Աբովյանի ընտրություններում Միքայելանը ՔՊ թեկնածուին չի աջակցել, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ես այդպիսի տեղեկատվության չեմ տիրապետում»: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությանը չներկայանալու փաստին, ԱԺ նախագահը նշեց. «Մեծ հույս ունեմ, որ պարոն Ծառուկյանը, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները, որոնք կստանան ծանուցագիր, կներկայանան այն վայր, որը նշված կլինի ծանուցագրում: Բոլոր քաղաքացիներն օրենքի առաջ հավասար են՝ այդ թվում նաև ես և պարոն Ծառուկյանը: Լավ չի արել, բայց հուսով եմ, որ կգնա»:Բարձրագույն դատական խորհուրդի անդամների հրաժարականները ԱԺ նախագահը պայմանավորում է հանրային պահանջով:«Դատավորների ընդհանուր ժողովից հետո ուղղակիորեն այդ մարմնին մեղադրեցին անգործության մեջ: Շատ առողջ քննարկում սկսվեց դատական իշխանության ներկայացուցիչների միջավայրում և ես ողջունում եմ ինքնաքննադատական մոտեցումը: Ըստ էության, մարդիկ արձագանքում են հանրության պահանջներին»,- ասաց նա:Դիտարկմանը, որ ՍԴ-ի առանցքային որոշումներն են պատճառը, որ իշխանությունը ցանկանում է յուրային ունենալ մարմնում, Արարատ Միրզոյանը նշեց. «Կարծում եմ՝ սահմանադրության ամենահպանցիկ, մակերեսային ընթերցումը բոլորիս շատ լավ պատկերացում կտա այն մասին, թե ինչքան կարևոր դերակատարում ունի ՍԴ-ն մեր պետության կյանքում, ինստիտուտների հավասարակշռման հարցում: 10-ամյակների ընթացքում ցավոք տեսել ենք մի իրավիճակ, երբ ՍԴ-ն իր ենթադրյալ բարձրության վրա չի եղել: Իհարկե, սա ճգնաժամ է առաջացրել ՍԴ ինստիտուտի շուրջ և այս իրավիճակը պետք է շտկել: Կարծիքներ կան, որ ՍԴ-ն էլ պետք է փոխվի, ապա ՍԴ անդամները հանրության այս ուղերձը պետք է ընկալեն»:
10:21 - 16 հունիսի, 2019
Ես չեմ ողջունում ՌԴ դեսպանի այդ հանդիպումը. Արարատ Միրզոյան |lragir.am|

Ես չեմ ողջունում ՌԴ դեսպանի այդ հանդիպումը. Արարատ Միրզոյան |lragir.am|

lragir.am: ՔՊ համագումարի ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հետ Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինի հանդիպման մասին հարցին: Նա ասել է, որ չի ողջունում այդ հանդիպումը:Դեսպանը հանդիպում է քաղաքական դաշտի տարբեր ներկայացուցիչների հետ, բայց այստեղ մի հարց կա. այն մեղադրանքները, որոնք ներկայացված են Քոչարյանին, նրան մի փոքր դուրս են դնում մաքուր քաղաքական դաշտից, եւ հենց դրա համար էլ նա չի ողջունում այդ հանդիպումը: «Ես Ռոբերտ Քոչարյանին չեմ տեսնում որպես քաղաքական գործիչ կամ քաղաքական դաշտի ներկայացուցիչ, այլապես կողջունեի Ռուսաստանի դեսպանի, կամ այլ երկրի դեսպանի շփումներն իր հետ»,- ասել է Արարատ Միրզոյանը:Նա նաեւ ասել է, որ Ռուսաստանի կամ որեւէ երկրի հետ հարաբերությունները չեն կարող ազդել մարտի 1-ի գործով դատավարության վրա, ավելացնելով, որ թե Ռուսաստանը, թե որեւէ այլ երկիր իրենց թույլ չեն տա միջամտել Հայաստանի ինքնիշխանությանը:
09:52 - 16 հունիսի, 2019
Ակնհայտ է, որ մեզ պատերազմ է հայտարարված, բայց ոչ թե մեր քաղաքական թիմին, այլ ՀՀ հեռանկարին. Արարատ Միրզոյան |tert.am|

Ակնհայտ է, որ մեզ պատերազմ է հայտարարված, բայց ոչ թե մեր քաղաքական թիմին, այլ ՀՀ հեռանկարին. Արարատ Միրզոյան |tert.am|

tert.am: Ակնհայտ է, որ մեզ պատերազմ է հայտարարված, բայց ոչ թե մեր քաղաքական թիմին, այլ ՀՀ հեռանկարին, երազանքին: Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին հայտարարեց ՔՊԿ վարչության անդամ, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Ակնհայտ է, որ պատերազմ է հայտարարված մեզ, բայց մի բան է, եթե այդ պատերազմը հայտարարված լիներ մեզ՝ որպես քաղաքական թիմի, ՔՊԿ-ին, այս պատերազմում կարելի էր և պարտվել: Պատերազմ են հայտարարում ոչ թե մեզ, ոչ թե մեր քաղաքական թիմին, պատերազմ են հայտարարում ՀՀ հեռանկարին, երազանքին: Այստեղ է, որ պետք է հասկանանք՝ մենք պարտվելու իրավունք չունենք: Այս պատերազմում մենք պարտվելու իրավունք չունենք, քանի դեռ մենք ունենք ՀՀ քաղաքացիների աջակցությունը»,- ասաց ԱԺ նախագահը:
07:48 - 16 հունիսի, 2019
Արարատ Միրզոյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությանը

Արարատ Միրզոյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ ներկա այցը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջեւ դինամիկ զարգացող հարաբերություններին: Արարատ Միրզոյանի խոսքով` ԳԴՀ վերջերս կատարած իր պաշտոնական այցը, ինչպես նաեւ երկու երկրների բարձրաստիճան ղեկավարության միջեւ հանդիպումները բազմաթիվ նոր ծրագրերով կհագեցնեն Հայաստան-Գերմանիա փոխհարաբերությունների օրակարգը: Դրանցում օրենսդիր մարմնի ղեկավարը կարեւորել է միջխորհրդարանական ակտիվ համագործակցությունը տարբեր ձեւաչափերով, որոնք շարունակական բնույթ կկրեն: Ազգային ժողովի նախագահը երախտագիտություն է հայտնել գերմանական կողմին ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանն ուղղված ջանքերի համար` ակնկալելով, որ դրա իրականացման փուլում Գերմանիան նույնպես ակտիվ դերակատարում կունենա: Այս համատեքստում Արարատ Միրզոյանն անդրադարձել է ՀՀ քաղաքացիների` ԵՄ մուտքի թույլտվության ազատականացման խնդրին` արձանագրելով, որ հասունացել է գործնական քայլեր կատարելու ժամանակը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Թոմաս Օպերմանն առանձնացրել է երեք հանգամանք, որոնք պայմանավորում են Հայաստանի հետ կապերի խորացման Գերմանիայի հետաքրքրվածությունը. 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրագործած ոճրագործությունների վերաբերյալ 2016 թվականին Բունդեսթագի ընդունած բանաձեւը, Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունը, որն իր դրական արձագանքն ունեցավ Եվրոպայում, եւ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի այցը Երեւան: «Մենք մեծ համակրանք ենք տածում Հայաստանի նկատմամբ եւ պատրաստակամ ենք ամրապնդելու երկկողմ հարաբերությունները»,-ասել է Բունդեսթագի փոխնախագահը: Ազգային ժողովի նախագահը հյուրերին ներկայացրել է այն բարեփոխումները, որոնք ընթանում եւ իրականացվելու են ամենատարբեր ոլորտներում: «Մենք հաստատակամ ենք հետեւողականորեն զարգացնելու ժողովրդավարական արժեքները եւ ժողովրդավարությունը մեզանում այլեւս հետընթաց չի ունենալու»,-նշել է Արարատ Միրզոյանը: Խորհրդարանի ղեկավարն արժեւորել է ԳԴՀ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը` ընդգծելով, որ միայն նման ոճրագործությունների ճանաչմամբ ու դատապարտմամբ հնարավոր կլինի կանխարգելել մարդկության դեմ ուղղված հանցագործությունները: ԱԺ նախագահը հայկական կողմի պատրաստակամությունն է հայտնել շարունակելու ներդրում ունենալ միջազգային անվտանգության գործընթացներում` մասնավորապես անդրադառնալով Աֆղանստանում հայ խաղաղապահների արդյունավետ համագործակցությանը գերմանական հրամանատարության հետ: Տեղեկացնելով, որ ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակության այցը տարածաշրջանային է` Թոմաս Օպերմանը նշել է, որ իրենց նպատակներից է նաեւ ծանոթանալ առկա հակամարտությունների լուծման կողմերի մոտեցումերին, նպաստելու երկխոսության ու խաղաղության մթնոլորտի հաստատմանը: «Աշխարհում առկա բոլոր հակամարտություններին պետք է նայել մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Մարդկանց ազատ ապրելու իրավունքը չպետք է պայմանավորված լինի որեւէ իշխանության քաղաքական նկրտումներով»,-ասել է խորհրդարանի ղեկավարը: Նրա խոսքով` Ադրբեջանում հնչող ռազմատենչ հռետորաբանությունը ի չիք է դարձնում միջազգային բանակցային ջանքերը: Կողմերն անդրադարձել են նաեւ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության հեռանկարներին, կարեւորել միջխորհրդարանական կապերի հետագա աշխուժացումը, երկու երկրների տարածաշրջանային փոխգործակցությունը:
11:52 - 14 հունիսի, 2019
Շվեդիայի կառավարությունը որոշել է զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ. Արարատ Միրզոյան

Շվեդիայի կառավարությունը որոշել է զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ. Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Շվեդիայի կառավարությունը որոշում է կայացրել զարգացնել երկկողմ համագործակցությունը Հայաստանի հետ: Միրզոյանը, մասնավորապես, գրել է. «Արդեն պաշտոնապես՝ Շվեդիայի կառավարությունը որոշում է կայացրել թարմացնել իր արտաքին քաղաքական ռազմավարությունը և զարգացնել երկկողմ համագործակցությունը Հայաստանի հետ։Նախորդ ամիսների ընթացքում մեր բազմաթիվ շփումները, ինչպես նաև օրերս մեր պաշտոնական այցի ընթացքում ունեցած շատ անկեղծ, ջերմ և արդյունավետ քննարկումները Շվեդիայի Արտաքին գործերի նախարար Մարգո Ուոլսթրոմի, Միջազգային զարգացման համագործակցության նախարար Փիթեր Էրիքսոնի, ԵՄ գործերի նախարար Հանս Դալգրենի, Ռիկստագի խոսնակ Անդրեաս Նորլենի, փոխխոսնակների և պատգամավորների հետ գալիս են հավաստելու, որ մեր բարեկամությունը լուրջ հեռանկարներ ունի։ Շնորհակալություն և ողջույններս մեր շվեդ գործընկերներին»։
10:45 - 14 հունիսի, 2019
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Շվեդիայի Ռիկսդագի խոսնակի հետ. կողմերը քննարկել են ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումները դատական համակարգում

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Շվեդիայի Ռիկսդագի խոսնակի հետ. կողմերը քննարկել են ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումները դատական համակարգում

Հունիսի 12-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Շվեդիայի Թագավորության Ռիկսդագ: Պատվիրակությունը ներկա է գտնվել Ռիկսդագի լիագումար նիստին, որի ընթացքում շվեդ պատգամավորները ողջունել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և հայկական խորհրդարանի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից: Ռիկսդագի փոխխոսնակ Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի հետ աշխատանքային ճաշի ընթացքում քննարկվել են Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները դատական համակարգում, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարացման բնագավառներում: Ռիկսդագի փոխխոսնակը, ջերմությամբ վերհիշելով մարտ ամսին Հայաստան կատարած այցը, պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայ-շվեդական խորհրդարանական կապերի հետագա ամրապնդմանը: Աշխատանքային ճաշին մասնակցել են նաև Հայաստան-Շվեդիա պատգամավորական բարեկամական խմբի անդամները:Նույն օրը Ռիկսդագի խոսնակի կոնֆերանսների սրահում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Անդրեաս Նորլենի երկկողմ հանդիպումը, որին մասնակցել են Շվեդիայի խորհրդարանի բոլոր քաղաքական խմբակցություններին ղեկավարները: Արարատ Միրզոյանը և պատվիրակության անդամները պատասխանել են շվեդ գործընկերների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, ընթացիկ ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումներին, դատական համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին: Քննարկվել է նաև Շվեդիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը ի նպաստ Հայաստանում ժողովրդարական ձեռքբերումների կոնսոլիդացման: Քաղաքական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները միակարծիք էին Հայաստանում կատարվող արմատական փոփոխությունների վերաբերյալ դրական գնահատականներում:Արարատ Միրզոյանը վերահաստատել է խոսնակ Անդրեաս Նորլենին, փոխխոսնակներին և բոլոր քաղաքական խմբակցությունների ղեկավարներին մոտ ապագայում Հայաստան այցելելու հրավերը, ինչը հնարավորություն կընձեռնի ավելի խորացնելու հայ-շվեդական խորհրդարանական համագործակցությունը:Օրվա ավարտին ՀՀ ԱԺ նախագահի և պատվիրակության անդամների պատվին Ռիկսդագի խոսնակի պաշտոնական ընդունելությունների համար նախատեսված Վիլլա Բոնիերում տրվել է պաշտոնական ընթրիք, որին նախորդել էր երկու խոսնակների շուրջ 40 րոպե տևած առանձնազրույցը:
10:00 - 13 հունիսի, 2019
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ուփսալա․ քննարկվել են Ուփսալայի համալսարանի եւ Երեւանի պետական համալսարանի միջեւ համագործակցության հեռանկարները

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ուփսալա․ քննարկվել են Ուփսալայի համալսարանի եւ Երեւանի պետական համալսարանի միջեւ համագործակցության հեռանկարները

Հունիսի 11-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Շվեդիայում մեկնել է Ուփսալա քաղաք, որտեղ նախ այցելել է Ուփսալայի համալսարանի գրադարան: Ուփսալայի համալսարանի փոխնախագահ Անդերս Մալմբերգը եւ գրադարանի տնօրեն պրոֆեսոր Լարս Բուրմանը հայկական պատվիրակությանը ծանոթացրել են գրադարանում պահվող հայկական միջնադարյան ձեռագրերին եւ հնատիպ գրքերին: Քննարկվել են Ուփսալայի համալսարանի եւ Երեւանի պետական համալսարանի միջեւ համագործակցության հեռանկարները: Ուփսալայի տաճարում ավագ քահանա Աննիկա Ադերբրանտը ներկայացրել է տաճարի պատմությունը, որից հետո պատվիրակությունը մեկնել է Ուփսալայի ամրոց, որտեղ հանդիպել է Ուփսալայի նահանգապետ Գորան Էնանդերի եւ տիկնոջ՝ Մոնիկա Սարստանդի հետ: Ամրոցում տեղի է ունեցել ջերմ հանդիպում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին: Օրվա ավարտին Ուփսալայի քաղաքապետ տիկին Եւա Էդվարդսոնի անունից ԱԺ նախագահի պատվին տրվել է պաշտոնական ընթրիք:
18:06 - 12 հունիսի, 2019
Պատգամավորն առաջարկում է, որպեսզի Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցի նաեւ ԱԺ նախագահը |armtimes.com|

Պատգամավորն առաջարկում է, որպեսզի Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցի նաեւ ԱԺ նախագահը |armtimes.com|

armtimes.com։ ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը շրջանառության մեջ է դրել «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագիծը:Պատգամավորն առաջարկում է, որպեսզի Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցի նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:  Կազմում չկան ՀՀ նախագահը եւ ԱԺ նախագահը: Գործող օրենսդրությամբ Անվտանգության խորհրդի անդամներն են՝ վարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Գործող օրենքով ԱԽ նիստին կարող են մասնակցել նաեւ վարչապետի կողմից հրավիրված այլ անձինք: Այսպիսով, եթե օրենսդրական փոփոխությունը տեղի ունենա՝ ԱԺ նախագահն ի պաշտոնե կկարողանա մասնակցել ԱԽ նիստերին:
13:16 - 12 հունիսի, 2019