ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

ԱԻՆ-ը հումանիտար օգնություն է տանում Արցախ

ԱԻՆ-ը հումանիտար օգնություն է տանում Արցախ

Թիկունքից՝ սահմանին. առաջին անհրաժեշտության պարագաներ՝ փաթեթավորված հոգատարությամբ, ջերմությամբ ու հաղթանակի վստահությամբ: Երևանի և մարզերի բնակիչների կողմից՝ Արցախ ուղարկելու համար տարբեր պարունակություն ունեցող արկղեր են պատրաստվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Դրանք վարչական շրջանների համայնքապետարանների և մարզպետարանների միջոցով փոխանցվում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը, քանի որ ԱԻՆ-ը հումանիտար արձագանքման գործողությունների իրականացման համակարգող լիազոր մարմին է հանդիսանում: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել: Ստացված օգնությունը տեսակավորվում և խմբավորվում է, որից հետո համապատասխան ստորաբաժանումները պատրաստվում են բեռը հանձնել Արցախի մեր հայրենակիցներին։ ԱԻՆ հումանիտար արձագանքման աշխատանքների համակարգող՝ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանը հավաքված բեռն անձամբ է տեղ հասցնելու: Արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է խնդրել և հորդորել, որ Արցախի Հանրապետության ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերել ցանկացողները համակարգված գործեն՝ կապ հաստատելով ՏԻՄ-երի, վերջիններս էլ՝ ԱԻՆ-ի հետ, որպեսզի գործընթացը լինի նպատակային և հասցեական: 
09:33 - 30 սեպտեմբերի, 2020
ԱԻՆ-ը հորդորում է մարդասիրական օգնությունը կազմակերպել համայնքապետարանների և մարզպետարանների միջոցով

ԱԻՆ-ը հորդորում է մարդասիրական օգնությունը կազմակերպել համայնքապետարանների և մարզպետարանների միջոցով

Գլխավոր լուսանկարը armenpress.am-ի։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը խնդրում և հորդորում է Արցախի համար նախատեսված մարդասիրական օգնությունը կազմակերպել վարչական շրջանների համայնքապետարանների և մարզպետարանների միջոցով: ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հայտարարության մեջ նշվում է. «Հարգելի հայրենակիցներ, այս օրերին պետական տարբեր գերատեսչությունները (այդ թվում ԱԻՆ-ը) ստանում են հազարավոր նամակ-դիմումներ՝ Արցախի Հանրապետության ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերելու խնդրանքով։ Այս պահին որևէ օգնություն ցուցաբերելու կարիք չկա, սակայն, եթե կլինեն քաղաքացիներ, ովքեր նման ցանկություն կունենան, ապա պետք է դա կազմակերպվի համակարգված և հասցեական։ Որպես հումանիտար արձագանքման գործողությունների իրականացման համակարգող լիազոր մարմին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը խնդրում և հորդորում է մարդասիրական օգնությունը կազմակերպել վարչական շրջանների համայնքապետարանների և մարզպետարանների միջոցով: Ստացված օգնությունը (սնունդ, դեղորայք, առաջին անհրաժեշտության ապրանքներ և այլն) տեսակավորելուց և խմբավորելուց հետո ԱԻն համապատասխան ստորաբաժանումների կողմից կփոխանցվի Արցախի մեր հայրենակիցներին։ Շնորհակալություն հոգատարության և սրտացավության համար։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԱԻՆ հումանիտար արձագանքման աշխատանքների համակարգող՝ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանին (+374 98122442) կամ 911 շուրջօրյա գործող հեռախոսահամարին»։ 
20:46 - 29 սեպտեմբերի, 2020
Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպանին

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպանին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Հայաստան ժամանելուց հետո սա դեսպանի առաջին ճանաչողական այցն է պետական կառույց:Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարար Ցոլակյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ և վստահություն հայտնել, որ արտակարգ իրավիճակների բնագավառում հետագա համագործակցությունը արդյունավետ կլինի:   Նիկոլաս Սխերմերսին, լինելով առաջին մշտական ներկայությամբ դեսպանը Հայաստանում, իր հերթին վստահեցրել է, որ փոխգործակցությունը նպաստավոր կլինի երկու երկրների համապաստախան կառույցների համար: Միաժամանակ, նա պատրաստակամություն է հայտնել անձամբ աջակցել հնարավոր ծրագրերի իրականացմանը: Ֆելիքս Ցոլակյանը և Նիկոլաս Սխերմերսին զրուցել են համապատասխան կառույցների միջև մի շարք ծրագրերի խրախուսման, կրթական, տեխնիկական աջակցության հնարավորության, ինչպես նաև այս ոլորտում նորագույն տեխնիկական միջոցների կիրառման վերաբերյալ տեղեկատվության և փորձի փոխանակման շուրջ: Հանդիպման ավարտին նախարար Ցոլակյանը հավաստիացրել է, որ ԱԻՆ-ը բաց է ցանկացած համագործակցության համար:   
18:35 - 25 սեպտեմբերի, 2020
Արմավիրի Պտղունք գյուղում բռնկված հրդեհի հետևանքով մարդկային և գույքային վնասներ չկան․ ԱԻՆ խոսնակ

Արմավիրի Պտղունք գյուղում բռնկված հրդեհի հետևանքով մարդկային և գույքային վնասներ չկան․ ԱԻՆ խոսնակ

Երեկ Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրում բռնկված հրդեհը մարելու համար աշխատել է 8 մարտական հաշվարկ և լրացուցիչ տեխնիկա։ Տներից դուրս է բերվել բնակիչների գույքը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը։«Բարեբախտաբար, գույքային ու մարդկային կորուստներ չկան։ Հրդեհը մարելուց հետո մինչև ուշ գիշեր փրկարարներն ու ոստիկանները տեղական ինքնակառավարման մարմինների, տեղի բնակիչների հետ աշխատել են։Տները եղել են իրար կպած՝ ընդհանուր տանիքով, այդ պատճառով հրդեհն արագ է տարածվել։ Տեղում են եղել նաև ԱԻՆ նախարար Ֆ․ Ցոլակյանը, փրկարար ծառայության ողջ անձնակազմը, մարզային ղեկավարները։ Բնակիչները տարհանվել են։ Խնդիրը իրավասու մարմինների տիրույթում է։ Հրդեհի պատճառը պարզ կլինի Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննություն վարչության ուսումնասիրությունից հետո։Առաջիկա ժամերին mes.am կայքում տեղեկատվությունը կթարմացվի»,– գրել է նա:
09:50 - 25 սեպտեմբերի, 2020
Միջգերատեսչական օպերատիվ խումբը քննարկել է սողանքային գոտիների բնակելի տների փոխհատուցման հարցը

Միջգերատեսչական օպերատիվ խումբը քննարկել է սողանքային գոտիների բնակելի տների փոխհատուցման հարցը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է միջգերատեսչական օպերատիվ աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նիստի ընթացքում քննարկումներ են ծավալվել, մասնավորապես, Երևանի Սարի թաղի, Տավուշի մարզի Վազաշեն և Ներքին Ծաղկավան համայնքների սողանքային գոտիներում գտնվող բնակելի տների և սողանքների, ինչպես նաև Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Մարտիրոս բնակավայրի սողանքային գոտում գտնվող բնակելի տների տեխնիկական վիճակի և բնակարանային խնդիրների հարցի շուրջ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ այս աշխատանքային խումբը ստեղծվել էր 2019 թվականի հուլիսին՝ աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերցմանն ուղղված միջոցառումների կազմակերպման և այս առումով մասնագիտական ոլորտներից առաջարկությունների ստացման նպատակով: Աշխատանքային խմբում ընդգրկված են ՀՀ պաշտպանության, առողջապահության, շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների տեղակալները, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալները, ՀՀ ոստիկանության պետի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալները, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը, ինչպես նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը: Հերթական նիստի ընթացքում քննարկումներ են ծավալվել Երևանի Սարի թաղի, Տավուշի մարզի Վազաշեն և Ներքին Ծաղկավան համայնքների սողանքային գոտիներում գտնվող բնակելի տների և սողանքների, ինչպես նաև Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Մարտիրոս բնակավայրի սողանքային գոտում գտնվող բնակելի տների տեխնիկական վիճակի և բնակարանային խնդիրների հարցի շուրջ: Առաջարկվել է՝ ՀՀ կառավարություն ներկայացնելու նպատակով քաղաքաշինության կոմիտեի հետ քննարկել Սարի թաղի, Տավուշի մարզի Վազաշեն և Ներքին Ծաղկավան համայնքերի բնակելի տների փոխհատուցման հարցը, դիմել Երևանի քաղաքապետարանին՝ Սարի թաղի սողանքային տեղամասերում համալիր երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու և հիմնավորված կանխարգելիչ աշխատանքների հաշվարկ-նախագծեր ներկայացնելու համար։ Ներքին Ծաղկավան համայնքի սողանքային տեղամասերի ուսումնասիրության հարցն Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացվել է ՀՀ կառավարության 2019-2023թթ. գործունեության ծրագրում և կիրականացվի 2021 թվականի ընթացքում։ Քանի որ տարիների ընթացքում վերոնշյալ բնակավայրերի տների վնասվածության աստիճանը ենթարկվել է փոփոխության,նախարար Ցոլակյանի կողմից առաջարկվել է դիտարկել նոր հետազոտությունների իրականացման անհրաժեշտությունը։ Օրակարգային հարցերից մեկով անդրադարձ է կատարվել «Նաիրիտ» գործարան ՓԲԸ-ում և «Վանաձոր քիմպրոմ» ՓԲԸ-ում առկա վտանգավոր քիմիական նյութերի կառավարման խնդիրներին: Նիստի մասնակիցներին մանրամասնորեն ներկայացվել են նաև ՀՀ տարածքում տեղակայված հրշեջ հիդրանտների վերանորոգման, պահպանման և նորերի տեղադրման ուղղությամբ իրականացված աշխատանքները, ինչպես նաև անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների արձագանքման նպատակով մշակվող պլանները: Անտառային և խոտածածկ տարածքների հրդեհների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Ֆելիքս Ցոլակյանն առաջարկել է ուսումնավարժություններ անցկացնել` դրանցում ընդգրկելով շահագրգիռ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին ու բնակչությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
21:46 - 23 սեպտեմբերի, 2020
Խոշոր հրդեհ կրակայրիչների արտադրամասում. աշխատակիցներից մեկն այրվածքներ է ստացել

Խոշոր հրդեհ կրակայրիչների արտադրամասում. աշխատակիցներից մեկն այրվածքներ է ստացել

Սեպտեմբերի 21-ին, ժամը 22:45-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհին գտնվող կրակայրիչների արտադրամասում հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 22-ին, ժամը 00:21-ին, մարվել՝ 01:30-ին։ Աբովյանի ԲԿ-ից տեղեկություն է ստացվել, որ իրենց մոտ է հոսպիտալացվել արտադրամասի աշխատակից Արսեն Հ․-ն (ծնված 2002 թ․), ով ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Շինության տարածքում այրվել են կրակայրիչի արտադրման մոտ 20 հաստոց, կրակայրիչի հումք, պատրաստի և կիսապատրաստի արտադրանք: Դեպքի վայրում են գտնվել օրվա պատասխանատու փ/ծ գնդապետ Է. Սնգրյանը և Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը։
09:57 - 22 սեպտեմբերի, 2020