ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Ինչպես կզարգացնեն բուհը ընտրվելու դեպքում. ԵՊՀ ռեկտորի թեկնածուները խոսում են ծրագրերի մասին |armtimes.com|

Ինչպես կզարգացնեն բուհը ընտրվելու դեպքում. ԵՊՀ ռեկտորի թեկնածուները խոսում են ծրագրերի մասին |armtimes.com|

armtimes.com: Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի հավակնորդները բուհի զարգացման տարբեր ծրագրեր ունեն, բայց նպատակը մեկն է՝ Մայր բուհը դարձնել Հայաստանում լավագույնը, որը կմրցի աշխարհի տարբեր համալսարանների հետ:  Թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար դիմել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը, Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը եւ Արցախի պետական համալսարանի նախկին ռեկտոր Պավել Գեւորգյանը, որը եղել է նաեւ Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը: Իրենց ծրագրերի մասին խոսեցին թեկնածուներից չորսը։ Պավել Գեւորգյանի հետ կապ հաստատելչհաջողվեց: «Կարեւոր է այն միջավայրի ստեղծումը, որտեղից դուրս կգա համալսարանական մտավորական՝ իր ուրույն աշխարհայացքով». Ռուբեն Մելքոնյան Արեւելագիտության ֆակուլտետի դեկանի կարծիքով՝ այսօր բուհում առկա են տարբեր խնդիրներ, սակայն իր առաջարկելիք զարգացման ծրագրում առանձնացրած կետերն առաջին հերթին վերաբերում են կրթական ծրագրերին՝ աշխատաշուկա-բուհ հարաբերություններին, հակակոռուպցիոն գործուն մեխանիզմների ներդրմանը, արդի կրթական գործընթացներին համահունչ լինելուն, ենթակառուցվածքներից մինչեւ դասավանդման մեթոդների թարմացման գործընթացներին: Ռուբեն Մելքոնյանը կարեւորեց ուսանողների դերի բարձրացումը, նրանց համար առավել հեշտ կրթական միջավայր ստեղծելը, ճկուն զեղչերի համակարգի ներդրումը: Լավ օրինակ համարեց այն ծրագիրը, երբ ուսանողը վարձը կարող է վճարել բուհում որոշակի աշխատանք կատարելով: Նա անհրաժեշտ համարեց բարելավել բարոյահոգեբանական մթնոլորտը, որը ենթադրում է ազատ խոսք, մտքի առողջ բանավեճ, այն միջավայրը, որտեղից դուրս կգա համալսարանական մտավորական՝ իր ուրույն աշխարհայացքով: Մելքոնյանի կարծիքով՝ մրցույթը կանցնի նորմալ, առողջ մրցակցությամբ: «Համալսարանի կենտրոնում պետք է լինեն կրթական ծրագրերը». Վահե Հովհաննիսյան Նույն բուհի Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչը մրցույթին ներկայացվելիք իր ծրագիրն անվանում է 10 տեսլական, 40 խնդիր եւ 202 գործողությունների ծրագիր: Ինչպես մանրամասնեց, այն հիմնված է համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշների վրա: Հիմքում ընկած են 10 չափանիշներ, դրանց ապահովման 10 տեսլականներ, իրականացման 40 խնդիրներ ու դրանց լուծման 202 գործողություններ, որոնց կատարման արդյունքում, ըստ նրա, կարող ենք ունենալ դասական հետազոտական, առաջադեմ, պահանջարկ ունեցող կրթական ծրագրերով բուհ: Վահե Հովհաննիսյանը, խոսելով առկա խնդիրների մասին, նշեց, որ չի կարելի դրանք առանձնացնել, քանի որ գտնվում են օրգանական կապի մեջ, եւ լուծումը պետք է լինի համակարգային: Նա կարծիքով՝  կենտրոնում պետք է լինեն կրթական ծրագրերը, իսկ ներկայիս կառուցվածքը մրցունակ չէ՝ արդյունավետ ծրագրեր իրականացնելու համար: Ըստ այդմ՝ կրթական ծրագրերի, գործատու-շուկա կապի տեսանկյունից ամբողջ տրամաբանությունը պետք է փոխել: Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ մրցույթում կգնահատվի ծրագիրը, նաեւ ուշադրություն կդարձվի՝ արդյոք տվյալ սուբյեկտը կարո՞ղ է այն իրականացնել: «Համալսարանը պետք է լինի Մայր բուհ ոչ միայն բառերով, այլեւ ամեն ինչով». Վահրամ Դումանյան Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանն իրեն ԵՊՀ-ի հնաբնակներից է համարում ու նշում, որ այնտեղ տեւական ժամանակ մթնոլորտը, մեղմ ասած, լավագույնը չէ, լարում կա, ինչի արդյունքում բուհն է հյուծվում, պետք է այն առողջացնել: Մեզ հետ զրույցում նա խոսեց նախկին բացասական երեւույթների, սխալներին գնահատական տալու անհրաժեշտության մասին, որպեսզի հետագայում դրանք չկրկնվեն: Դումանյանի կարծիքով՝ Համալսարանը պետք է լինի անկաշկանդ եւ շատ հարցերում իր տեսակետն արտահայտի, այլ կերպ ասած՝ այնտեղ երբեք չպետք է ճնշվի ազատ խոսքը: «Համալսարանը պետք է լինի Մայր բուհ ոչ միայն բառերով, այլեւ ամենի ինչով»,- նշեց նա՝ հավելելով, որ այն կտրուկ պետք է տարբերվի այլ բուհերից, լինի առաջատար: Այդ պատճառով պետք է նման խնդիր դնել եւ այնպես անել, որ միջազգային հանրության մեջ հաստատությունը նույնպես լինի ճանաչված: Դեկանը կարեւորեց նուրբ ռեֆորմների միջոցով մտածողություն փոխվելը: Նա նաեւ հարկ է համարում, որ ձեւավորվի նոր որակի կառավարման համակարգ, քանի որ այսօրվանը ժառանգել ենք Խորհրդային Միությունից, եւ այն չի համապատասխանում ժամանակակից ստանդարտներին: Դումանյանի խոսքով՝ հին մոդելով՝ ադմինիստրատիվ, հրամայական ավելին հնարավոր չէ անել, ինչ այսօր առկա է: Շարունակությունը՝ armtimes.com-ում
17:19 - 10 մարտի, 2020
ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար հայտ է ներկայացրել 5 հավակնորդ. հայտնի են նրանց անունները

ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար հայտ է ներկայացրել 5 հավակնորդ. հայտնի են նրանց անունները

«Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ 2020 թ. հունվարի 31-ին տեղի ունեցած նիստի № 66 որոշմամբ հայտարարվել է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ: Թեկնածուների հայտերի եւ անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը կազմակերպվել է՝ ըստ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգի (տե՛ս doc.ysu.am): Հայտ է ներկայացրել հինգ թեկնածու. •             Վահրամ Ժորայի Դումանյան - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան (ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի կողմից), •             Վահե Վաղինակի Հովհաննիսյան - իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ (ինքնաառաջադրմամբ), •             Ռուբեն Հովհաննեսի Մելքոնյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան (ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի կողմից), •             Պավել Սամվելի Գեւորգյան - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչ (ինքնաառաջադրմամբ), •             Աշոտ Սերոբի Սաղյան - քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար (ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կողմից):  «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրությունը տեղի է ունենալու 2020 թ. մարտի 23-ին՝ ժամը 11:00-ին, Երեւանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում:
12:13 - 10 մարտի, 2020
Համագործակցության նոր հուշագիր՝ ՄԿՈՒ ոլորտում

Համագործակցության նոր հուշագիր՝ ՄԿՈՒ ոլորտում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր` նպատակ ունենալով զարգացնել համագործակցությունը նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և կադրերի պատրաստման ոլորտում։ Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և հիմնադրամի խորհրդի նախագահ Մարինե Ժամկոչյանը: Գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում-համագործակցություն Հարավային Կովկասում ծրագիրը» Հայաստանում իրականացվում է 2017 թվականից Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսավորմամբ` Գերմանիայի Մեկլենբուրգ–Ֆորպոմերանիա Դաշնային տարածաշրջանային էկոնոմիկայի ուսումնական կենտրոնի և «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի միջև պայմանագրի շրջանակում: Հուշագրի ստորագրմանը ներկա է գտնվել վերոնշյալ ուսումնական կենտրոնի Հարավային Կովկասի ՄԿՈՒ համագործակցության ծրագրի ղեկավար Ուտե Ֆոկը: Ողջունելով նոր ծրագրի մեկնարկը՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ շուրջ երեք տարի նախարարությունն արդյունավետ համագործակցում է «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի հետ, որի ծրագրերը համահունչ են ՄԿՈՒ ոլորտում պետական նպատակադրումներին: «Հուշագրի շրջանակում նախատեսվում է նոր մասնագիտությունների ներդրում, հետևաբար, լրացուցիչ և նորանոր ռեսուրսներ կուղղվեն ՄԿՈՒ ոլորտ՝ ապահովելով կայուն և շարունակական համագործակցություն: Մենք շեշտադրում ենք ոչ միայն կոնկրետ մասնագիտությունների ներդրման, այլ համալիր գործողությունները՝ վերապատրողների կարողությունների զարգացում, կրթություն-աշխատաշուկա կապի ապահովում և այլն»,-նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ նախատեսվում է վերանայել ՄԿՈՒ չափորոշիչները, որի համատեքստում կարևորվում է ծրագրի առաջարկած համընդգրկուն մոտեցումը: Նա ծրագիրը կարևորել է նաև այն իմաստով, որ նախարարությունը խրախուսում է տարբեր հետազոտություններ՝ հասկանալու ապագայի մասնագիտությունները և ուղղորդելու ապագա դիմորդներին, ինչպես նաև նաև աշխատաշուկայի ուսումնասիրության հարցումների կազմակերպումը Հայաստանի մարզերում: Նախարարի տեղակալը կարևորել է նաև «Աշակերտական/ուսանողական ընկերություն» մոդելի պիլոտային ներդրումը ՄԿՈՒ հաստատություններում և դպրոցներում: Հիմնադրամի խորհրդի նախագահ Մարինե Ժամկոչյանն ընդգծել է, որ ծրագիրը շատ ճկուն է, հետևաբար հետաքրքիր գաղափարների դեպքում նոր միջոցներ կներգրավվեն: Համաձայն հուշագրի՝ կողմերը կիրականացնեն. -կրթության և տնտեսության միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված ծրագրեր, ՆՄԿՈւ կրթության նորմատիվ իրավական բազայի և կրթական ծրագրերի մշակում և կատարելագործում, ուսումնական հաստատությունների ուսումնամեթոդական և նյութատեխնիկական բազայի ամրապնդում, -աշխատանքի շուկայում շրջանավարտների զբաղունակության և մրցունակության խթանում, ՄԿՈՒ ոլորտը որակավորված մասնագետներով ապահովելուն ուղղված համատեղ միջոցառումների կազմակերպում, -ուսումնական հաստատությունների և մասնավոր կազմակերպությունների համագործակցության ձևավորում և ամրապնդում:
12:08 - 10 մարտի, 2020
Քննարկվել են ԿԳՄՍՆ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ ծրագրերը

Քննարկվել են ԿԳՄՍՆ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ ծրագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային: Հանդիպման ընթացքում քննարկվել են իրականացվող և նախատեսված համատեղ ծրագրերը կրթության և երիտասարդության ոլորտներում: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը տարիներ շարունակ հետևողական աջակցություն է ցուցաբերել բարեփոխումներին և առանձնահատուկ տեղ ունի միջազգային գործընկերների ցանկում: Նա նաև հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքը կնպաստի համագործակցության ընդլայնմանը: Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը ներկայացրել է Հայաստանի հետ համագործակցության ռազմավարության հիմնական ուղղությունները: Այս համատեքստում կողմերը կարևորել են ընթացիկ համագործակցության շարունակականությունը, մասնավորապես` անդրադառնալով համընդհանուր ներառական կրթության ներդրման, վաղ մանկության զարգացման, երիտասարդությունն հանուն կլիմայի բարեփոխումների և մի շարք այլ ծրագրերի: Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր:
10:07 - 07 մարտի, 2020
Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում վերընտրվեց նախկին տնօրենը․ խորհրդի անդամը հատուկ կարծիք ներկայացրեց

Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում վերընտրվեց նախկին տնօրենը․ խորհրդի անդամը հատուկ կարծիք ներկայացրեց

Այսօր ՝ մարտի 6-ին Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի տնօրենի թափուր հաստիքի համար անցկացվող ընտրության արդյունքում վերընտրվեց Լիանա Աշրաֆյանը։  Հիշեցնենք, որ Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում տեղի ունեցող որոշ խնդրահարույց իրադարձությունների արդեն անդրադարձել էինք։ Դպրոցի տնօրենի ընտրությանը մասնակցող խորհրդի անդամներն էին՝ Ելենա Հարությունյանը՝ Քաղաքապետարանի հանրակրթության վարչության անդամ, Հրածին Սարգսյանը(ԵՊՀ դասախոս) և Հրաչյա Բաղդասարյանը(բժիշկ)՝ նշանակված քաղաքապետարանի կողմից, Վահրամ Սողոմոնյանը՝ ԿԳՄՍՆ ներկայացուցիչ, Թագուհի Չոբանյանը և Մարիամ Հայրապետյանը՝ մանկավարժական խորհրդի անդամներ։ Խորհրդի նախագահ Քրիստինե Ղալեչյանը  և Վաղինակ Ջանազյանը ներկա չէին տնօրենի ընտրությանը։  Խորհրդի անդամները կարևորեցին այն հանգամանքը , որ սա դպրոցի տնօրենի ընտրության այն եզակի դեպքերից է, երբ ներկա են լրատվամիջոցների ներկայացուցիչներ, դիտորդներ։ Սակայն  մինչև ընտրության սկիզբը արհեստական խոչընդոտներ  ստեղծվեցին նաև լրատվամիջոցների համար։ Չնայած այն հանգամանքին, որ բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները նախապես հավատարմագրվել էին, փոխտնօրեն և խորհրդի անդամ Մարիամ Հայրապետյանը կարգադրեց ներս չթողնել ուշացած լրատվամիջոցներին, այնինչ ընտրությունը սկսվեց հրահանգից 50 րոպե անց։ Որոշ ժամանակ անց հավատարմագրված բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները կարողացան ներս մտնել։ Ընտրությանը ներկա գտնվելու համար դպրոց եկած ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանին՝ խորհրդի որոշմամաբ չթույլատրեցին ներկա գտնվել ընտրության ընթաքին։ Երիցյանի ահազանգից հետո ընտրությանը ներկայացան փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։ Երիցյանի խոսքով, վերջինս նույնպես որոշ փաստաթղթեր ներկայացնելուց հետո է միայն կարողացել ներս մտնել։ Ավագանու անդամ Գրիգոր Երիցյանին մերժելու պատճառը եղել էր նախապես հավատարմագրված չլինելու հանգամանքը։ «Քանի որ նախապես չէի հավատարմագրվել, խորհուրդը դրեց քվեարկության, թե արդյոք նպատակահարմար են գտնում ինձ դիտորդի կարգավիճակում թույլ տալ մասնակցել դպրոցի տնօրենի մրցույթին, և, փաստորեն, իրենք գտան, որ նպատակահարմար չէ իմ մասնակցությունը և սահմանափակեցին իմ՝ դիտորդ լինելու հնարավորությունը։ Ծովինար Վարդանյանի պարագայում էլ որոշ ժամանակ թույլ չէին տալիս ներս մտնել։ Սկզբում պատճառն այն էր, որ  վկայականը  իր մոտ չէր, հետո նա բերեց վկայականը, ապա ասացին, որ խորհուրդը որոշել է, որ իրեն նույնպես թույլ չեն տալիս մասնակցել։ Ինձ մոտ բնական կասկած առաջացավ, որ գուցե դա արվում է միտումնավոր, քանի որ որոշ լրատվամիջոցներ նույնպես կարողացան ներս մտնել առանց հավատարմագրման։ Քանի որ նախկինում էլ ահազանգեր էի լսել դպրոցի կառավարման խորհրդի ներկայացուցիչներից՝ որոշակի խնդիրների վերաբերյալ, ուզում էի ինքս համոզվել, սակայան  դա ինձ մոտ չստացվեց»,- infocom.am-ի հետ զրույցում ասաց ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը։ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հինական դպրոցի տնօրենի պաշտոնում առաջադրված թեկնածուները հինգն էին, որոնք խորհրդին  նախապես ներկայացրել էին իրենց կողմից մշակված զարգացման ծրագրերը։ Տնօրենի հավակնորդ Անուշ Մարտիրոսյանը իր ելույթում  նշեց, որ կարևորում է ժողովրդավարության ամրապնդումը կրթության ոլորտում, քանի որ ժողովրդավարությունն է կրթության կարևոր անկյունաքարերից մեկը։ Վերջինս նշեց, որ կարևոր է բոլոր շահառու կողմերի ներգրավվումը դպրոցի կառավարման գործում։ Տաթևիկ Մարաբյանը իր ելույթում  ընդգծեց, որ կարևորում է ոչ միայն աշակերտներին որակյալ գիտելիքներ փոխանցելու գործընթացը, այլ նաև նրանց հմտութուններ և կարողություններ փոխանցելու գործընթացը։ Մարաբյանը նշեց, որ արժևորում է լեզվի և հայրենասիրական դաստիարակության դերը դպրոցներում։ Վերընտրված տնօրեն Լիանա Աշրաֆյանը իր ելույթում  ներկայացրեց իր պաշտոնավարման տարիներին արձանագրված արդյունքները և կատարված աշխատանքները։ Աշրաֆյանը նշեց, որ դպրոցի զարգացման համար կարևոր է համարում բոլոր սովորողներին հասանելի որակյալ կրթության ապահովման գործընթացը, ուսուցման գործընթացում կրթական նոր տեխնոլոգիաների ներդրումը և այլն։ Տնօրենի պաշտոնին  առաջադրված Արմինե Մարիրոսյանը իր զարգացման ծրագրի հիմքում դրել էր դպրոցների ժողովրդավարական կառավարման մոդելի իր տեսլականը։ Մարտիրոսյանն առանձնացրեց ժողովրդավարության համար անհրաժեշտ մի քանի կետեր՝ հանդուրժողականություն, արդարություն, առաջնորդելու կարողություն և այլն։ Թեկնածու Անժելա Կարապետյանը ընդգծեց, որ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն օտար լեզուների ուսուցմանը, այլ կենտրոնանալ նաև բնագիտամաթեմաթիկական առարկաների որակյալ ուսուցման վրա։ Կարապետյանը շեշտեց, որ Աղբալյանի անվան դպրոցի տարածքը թույլ է տալիս ունենալ նաև հետազոտական կենտրոններ, որտեղ երեխաները կկարողանան զարգացնել իրենց հմտություններն ու ունակությունները։ Թեկնածուների ելույթերից հետո տեղի ունեցած ընտրության արդյունքում  ձայների մեծամասնությամբ տնօրեն ընտրվեց դպրոցի նախկին տնօրեն Լիանա Աշրաֆյանը՝ հնարավոր 6 ձայնից ստանալով 5-ը։ Ընտրության ավարտից հետո խորհրդի քվերակությանը դրվեց ընտրության արդյունքները հավաստի համարելու հարցը։ Խորհրդի անդամներից հինգը քվերակեցին կողմ, իսկ խորհրդի անդամ Վահրամ Սողոմոնյանը՝ դեմ՝ ներկայացնելով հատուկ կարծիք։ Վերջինս՝ որպես դեմ լինելու հիմնավորում նշեց․ «Դեմ լինելու հիմնավորումը հետևյալն է՝ խորհուրդը և ժամանակավոր պաշտոնակատարը նախկին տնօրենի ժամկետի լրանալուց հետո գործել են օրենքի խախտումներով, կողմնակալ են եղել, թաքցրել է փաստաթղթեր, որոնք պարտավոր էին ներկայացնել բոլոր հավակնորդներին։ Հավակնորդներից մեկը օգտագործել է իր կապերը, որպեսզի գրեթե ամեն օր գտնվի տնօրենի աշխատասենյակում՝ չունենալով այդ լիազորությունները, և դպրոցի հետ ծանոթանալու, դպրոցի խորհրդատկցական մարմինների հետ աշխատելու, այս ընթացքում դպրոցի տնօրեն ընտրելու լավ հիմնավորում ունենալու համար առաջարկները մերժվել են խորհրդի կողմից՝ կոնկրետ շահադիտական նպատակներով և դրանց ապացույցները կան»։Ասպրամ Փարսադանյան
22:31 - 06 մարտի, 2020
Դպրոցների կառավարումը Երևանում․ հեղափոխությու՞ն, թե՞ ժառանգականություն

Դպրոցների կառավարումը Երևանում․ հեղափոխությու՞ն, թե՞ ժառանգականություն

Երևանի  հանրակրթական դպրոցների տնօրենների 27 տոկոսը կառավարում է արդեն 10 տարի և ավելի՝ չնայած նրան, որ, համաձայն հանրակրթական հաստատությունների տնօրենների ընտրության կարգի, ընտրվում են 5-ամյա ժամկետով։ Վերընտրման սահմանափակում օրենքով չկա, և հաճախ նախապատվությունը տրվում է գործող տնօրենին՝ որպես փաստարկ ներկայացնելով զարգացման ծրագրի իրագործման շարունակականությունը։ Հանրակրթության պատասխանատուները 2018 թ․ մայիսին նոր կառավարության ձևավորումից, հետագայում նաև Երևան քաղաքի նոր ավագանու և քաղաքապետի ընտրություններից հետո Երևանում հանրակրթության իրականացման համար պատասխանատու կառույցներում՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության և Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչություններում, կադրային առումով էական փոփոխություններ տեղի չեն ունեցել։ 2019 թ․ դեկտեմբերի տվյալներով` ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության բոլոր 15 աշխատակիցները շարունակում են պաշտոնավարել։ Նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնում աշխատում է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի քույրը՝ Հայկանուշ Մարգարյանը։ Դեկտեմբերի տվյալներով` նմանատիպ իրավիճակ է նաև քաղաքապետարանի հանրակրթության վարչությունում․ այս վարչության 17 հաստիքներից ներկայումս առկա է 15-ը, որոնցից 7-ը շարունակում են զբաղեցնել նախկին աշխատակիցները։ Չի փոխվել նաև վարչության պետը՝ Աննա Ստեփանյանը, որն այդ պաշտոնին նշանակվել է 2017 թվականին։ Աննա Ստեփանյանն ԱԱԾ պետական պահպանության ծառայության նախկին պետ Գեորգի Հայրապետովի եղբոր՝ Միխաիլ Հայրապետովի կինն է։ Մինչև Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ նշանակվելը՝ 2008-2017 թվականներին, նա եղել է Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցի տնօրենը։ Նույն դպրոցի շենքում 2009 թ․ Աննա Ստեփանյանը հիմնադրել է «Երևակ» կրթահամալիրը։ Ըստ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի տվյալների՝ կրթահամալիրի սեփականատերերն են Աննա Ստեփանյանը և նրա աղջիկը՝ Սոնա Հայրապետովը։ Աննա Ստեփանյանը եղել է ՀՀԿ կանանց խորհրդի անդամ, սակայն 2018 թ․ օգոստոսի 22-ին՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, նա նշել է, որ անկուսակցական է։  Աննա Ստեփանյանը հայտնի է նաև 2017 թ․ տեղի ունեցած ավագանու ընտրություններից, երբ պարզվել էր, որ նա դիտորդի կեղծ վկայականով ներկա է գտնվել ընտրական տեղամասում։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը 2018 թ․ հոկտեմբերին, երբ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ էր, ավագանու նիստում բարձրացրել էր այն հարցը, որ դպրոցի ղեկավարման իրավունք (հավաստագիր) ձեռք բերելու քննություններից մեկի ժամանակ քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել մրցույթին մասնակցող մանկավարժների նկատմամբ։ Աննա Ստեփանյանը և այն ժամանակվա ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանը հերքել էին Անի Սամսոնյանի հայտարարությունները: Լուսինե Առաքելյանը նշել էր, որ այս հարցում կար շահերի բախում, քանի որ որակավորման մրցույթին մասնակցող մանկավարժներից մեկն էլ Անի Սամսոնյանի քույրն էր։  Մեզ հետ զրույցում Անի Սամսոնյանը նշեց, որ իր քույրն այդ օրը որակավորում ստացել է, իսկ ինքը ավագանու նիստին ելույթ է ունեցել այլ մանկավարժների բողոքների հիման վրա, քանի որ, ըստ տիկին Սամսոնյանի, նրանց իրավունքները ոտնահարվել են։ Մանկավարժների որակավորման մրցույթի երկրորդ հատվածը չէր տեսագրվել։ Անի Սամսոնյանն այն ժամանակ դիմել էր տեսագրությունների շարունակությունը ստանալու համար, բայց ԿԳՆ-ից (այժմ՝ ԿԳՄՍՆ) պատասխանել էին, որ տեսագրությունների հաջորդ հատվածը չկա։ Ըստ Անի Սամսոնյանի՝ Աննա Ստեփանյանը փորձում է վերահսկողություն իրականացնել դպրոցներում և մինչև հիմա էլ ազդեցություն ունի դպրոցների տնօրենների ընտրության մրցույթների վրա: «Մեզ հայտնի է, և որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Աննա Ստեփանյանը դպրոցներում ունի իր ցանցը՝ սկսած տնօրեններից մինչև մանկավարժներ, և, բնականաբար, միշտ ձգտելու է, որ լինեն այնպիսի մարդիկ, որոնք կգտնվեն իր ազդեցության տիրույթում»,- մեզ հետ զրույցում նշեց Անի Սամսոնյանը։ Տնօրենների «երկարակեցությունն» ու ժառանգականությունը Աննա Ստեփանյանի ղեկավարության ներքո գտնվող հանրակրթության վարչության պետի տեղակալ Օվսաննա Քարամյանի հայրը՝ Համլետ Քարամյանը, շուրջ 30 տարի պաշտոնավարում է Երևանի թիվ 185 հիմնական դպրոցում։ «Ուսուցչանոց» նախագծի շրջանակներում Infocom-ի լրագրողն այցելեց թիվ 185 դպրոց։ Տնօրենը նշեց, որ արդեն իր թոշակի գնալու ժամանակն է, 4 ամսից դպրոցում կշարունակի աշխատել միայն որպես աշխարհագրության ուսուցիչ։ Քաղաքապետարանի հետ աշխատանքային հարաբերությունների հարցին ի պատասխան` նա ասաց, որ աղջիկն այնտեղ է աշխատում՝ որպես վարչության պետի տեղակալ, և ինքը փորձում է չայցելել քաղաքապետարան՝ իր ներկայությամբ աղջկան չկաշկանդելու համար։ Համլետ Քարամյանի երկար կառավարման տարիներին դպրոցն այնքան էլ բարվոք վիճակի չի բերվել։ Մեզ հետ զրույցում պարոն Քարամյանը նշեց, որ դպրոցի ֆինանսավորումն իրականացվում է՝ ըստ աշակերտների թվի։ Դպրոցն ունի 350 աշակերտ։ Ըստ 2018 թվականին ՊՈԱԿ-ների ներկայացրած հաշվետվության՝  185 դպրոցը 2018 թ․ տարեսկզբին ունեցել է 4․1 միլիոն, իսկ տարեվերջին՝ 7․8 միլիոն դրամի մնացորդ։ Սակայն դպրոցի արտաքին և ներքին տեսքից կարելի է եզրակացնել, որ այդ գումարը բավարար չէ դպրոցը վերանորոգելու, պայմանները բարելավելու համար։ «Ուսուցչանոց» նախագծի շրջանակներում 185 դպրոցի ուսուցիչները ևս մեզ պատմեցին դպրոցի ոչ բարվոք վիճակի մասին՝ նշելով, որ շատ հաճախ իրենք են տներից բերում չօգտագործվող գույք, որ դպրոցում հարմարություններ ստեղծեն (04:00-06:00ր․)։ Միայն այս դպրոցում չէ, որ տնօրենի երկար կառավարումը դարձել է ավանդական մոդել։ Երևանի հանրակրթական դպրոցներում տնօրենների «երկարակեցության» ավանդույթը շարունակվում է՝ չնայած նրան, որ ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի որոշմամբ սահմանվեց հանրակրթական հաստատությունների տնօրենների ընտրության կարգը, ինչպես նաև ամրագրվեց տնօրենի հետ պայմանագրի կնքման 5-ամյա ժամկետ։ Այսինքն՝ 2010 թվականից գործում է  իրավական ակտ, որը հնարավորություն է տալիս դպրոցների կառավարման խորհուրդներին 5 տարի հետո գնահատել նախկին տնօրենի իրականացրած ծրագիրը, ծանոթանալ դպրոցի իրավիճակին, մրցույթ հայտարարել, լսել թեկնածուների ներկայացրած զարգացման ծրագրերը և ընտրել տվյալ դպրոցի համար տնօրենի՝ առավել իրատեսական և արդյունավետ ծրագիր ներկայացրած թեկնածուին։ Ըստ տնօրենների կառավարման տարեթվերի վերաբերյալ ստացած տեղեկությունների՝ Երևանի 176 հիմնական և ավագ դպրոցներից 65-ում տնօրենները կառավարում են արդեն 10 և ավելի տարի։ Երբեմն դպրոցի տնօրինումն անգամ փոխանցվում է «ժառանգականության սկզբուքնով»։ Նիկոլ Աղբալյանի անվան հիմնական դպրոցի նախկին տնօրեն Հասմիկ Ղարիբյանը շուրջ 16 տարի պաշտոնավարելուց հետո տնօրենի պաշտոնը «փոխանցել է» դստերը՝ Լիանա Արմենի Աշրաֆյանին։ Լիանա Աշրաֆյանի հայրը՝ Արմեն Աշրաֆյանը, ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության նախկին պետն է, քույրը՝ Նելլի Արմենի Աշրաֆյանը, դատախազ է։ Վերջինիս ամուսինը ՊԵԿ ներկայիս պաշտոնյա, հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Գառնիկի Միրզոյանն է։ Դպրոցի խորհրդի նախագահը՝ Քրիստինե Ղալեչյանը, Նելլի Աշրաֆյանի համակուրսեցին է։ 2019 թ․ նոյեմբերին Կրթության տեսչական մարմինը ստուգումներ է անցկացրել դպրոցում և արձանագրել, որ դպրոցը գերազանցել է լիցենզիայով սահմանված, դպրոցի հիմնական հանրակրթական ծրագրով հաստատված սահմանային տեղերի թիվը՝ 1145-ի փոխարեն ունենալով 1152 աշակերտ։ Տեսչական ստուգման ընթացքում արձանագրվել են նաև դասարաններում սովորողների միջին խտության հետ կապված խախտումներ։ Շուրջ 10 դասարաններում սովորողների միջին խտությունը սահմանվել է 36-39 աշակերտ թույլատրելի առավելագույն 35-ի փոխարեն։ Նմանատիպ խախտումներ են արձանագրվել նաև Լիանա Աշրաֆյանի մոր՝ Հասմիկ Ղարիբյանի պաշտոնավարման ընթացքում։ Բացի այդ՝ Հասմիկ Ղարիբյանը, առանց մրցույթի կարգի պահպանման, մեկ դասվար և ֆիզկուլտուրայի մեկ ուսուցիչ է ընդունել աշխատանքի։ Խախտվել է նաև ֆիզկուլտուրա առարկայի 5-9-րդ դասարանների համար պետական բաղադրիչով հատկացված ժամաքանակը, և շաբաթական 3 ժամի փոխարեն հատկացվել է 2 ժամ։ «Ուսուցչանոց» ծրագրի շրջանակներում մեր լրագրողը դպրոցի ուսուցիչներից հետաքրքրվեց, թե հատկապես որ սերնդի հետ է հեշտ աշխատելը՝ նկատի ունենալով այն, որ տնօրենի պաշտոնը փոխանցվել է մորից դստերը։ Ուսումնական գծով փոխտնօրեն Մարիամ Հայրապետյանը պատասխանեց, որ երկուսի դեպքում էլ աշխատանքը հեշտ է եղել։ Նաև հավելեց, որ խնդիրը սերնդի մեջ չէ, այլ՝ մարդու տեսակի։ Տնօրենի պաշտոնի ժառանգականության մյուս դեպքը Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան համար 8 հիմնական դպրոցում է։ Նատալյա Ստեփանյանը պաշտոնն իր մորից՝ Մարիետտա Մատղաշյանից, ժառանգելուց հետո մի շրջան արդեն կառավարել է, իսկ այս տարվա մարտին վերընտրվել է։ Դպրոցի կառավարման խորհրդի նախագահն է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը։ Հատկանշական է, որ 2016 թ․ այս դպրոցի խորհրդում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ է եղել Աննա Ստեփանյանին նախորդած հանրակրթության վարչության պետը՝ Գայանե Սողոմոնյանը, որը ՀՀ վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Իշխան Զաքայանի կինն է։ Գայանե Սողոմոնյանը 2002 թ․ հիմնադրել է «Վարդանանք» կրթահամալիրը և մինչ այժմ էլ կրթահամալիրի սեփականատերն է։ Ըստ սույն թվականի մարտի 3-ին Կրթության տեսչական մարմնից ստացված տեղեկության՝ այս ուսումնական հաստատությունը 2012-2013 և 2015-2017 թվականներին չի ընդգրկվել տեսչական մարմնի կողմից ստուգվող դպրոցների ցանկում։ 2014 թվականին իրականացված տեսչական ստուգումների արդյունքում խախտումներ չեն արձանագրվել։ Արդեն 2018-2019 թվականների ստուգումների ընթացքում  Կրթության տեսչական մարմինը արձանագրել է հետևյալ խախտումները․ «Տեխնոլոգիա» առարկայի դասաժամերը տրամադրված չէր համապատասխան մասնագետին, Տարրական դասարաններում սովորողների քանակը չէր համապատասխանում տարրական դասարանների համար տրված լիցենզիայի թվին, Դասարանների ձևավորումը չէր համապատասխանում սահմանված ընթացակարգին՝ թվաքանակի առումով, Սովորողների անձնական գործերում ապահովված չեն պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանքները, Տնօրենի կողմից չկար վերահսկողություն 7-9-րդ դասարաններում «Մաթեմատիկա» առարկան դասավանդող ուսուցիչների պաշտոնային պարտականությունների կատարման նկատմամբ՝ ապահովելու սովորողների մոտ հանրակրթական առարկայական չափորոշիչներով ամրագրված գիտելիքների, կարողությունների և հմտությունների առնվազն պարտադիր նվազագույն պահանջների յուրացումը: Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում սովորող աշակերտների թիվը ևս գերազանցում է դպրոցին տրված լիցենզիայում նշված թվաքանակը։ Լիցենզիայով դպրոցում սովորողների սահմանաչափը 1784 է, սակայն ըստ դպրոցից ստացված պատասխանի՝ այնտեղ սովորում է 1872 աշակերտ, այսինքն՝ սահմանվածից 88-ով ավելի։ «Ուսուցչանոց» նախագծի շրջանակում այցելեցինք նաև Ալ․ Պուշկինի անվան թիվ 8 դպրոց։ Տնօրեն Նատալյա Ստեփանյանը ներկայացրեց դպրոցի գործունեությունը, 2018 թվականից հետո իրավիճակը։ Ն․ Ստեփանյանը, արդեն երկրորդ շրջանն է, ինչ կառավարում է թիվ 8 հիմնական դպրոցում։ Մեր այն հարցին, թե ղեկավարը երբ պետք է լքի իր պաշտոնը, նա պատասխանեց․ «Յուրաքանչյուր ոլորտում էլ անձը ունի սուբյեկտիվ մոտեցում իր նկատմամբ, իր կատարած աշխատանքի նկատմամբ։ Ինքնագնահատականի վրա թողնել անձի հեռանալու եւ չհեռանալու որոշումը, իմ կարծիքով, սխալ է։ Պետք է որոշի հանրությունը։ Այսինքն՝ եթե տնօրենը կապված է, աշխատում է աշակերտի, ծնողի և մանկավարժների հետ, որոշումը, թե որ պահին տնօրենը պետք է համարի իր առաքելությունը կատարված, պետք է կայացվի այդ շահառուների կողմից»։ Դպրոցի տնօրեն լինելու ընտանեկան ավանդույթը շարունակում են նաև Գայանե և Ռուզաննա Սարուխանյանները՝ Երևանի թիվ 55 հիմնական և թիվ 29 ավագ դպրոցների տնօրենները։ Գայանե Սարուխանյանը եղել է ԱԺ-ի 5-րդ գումարման «Շամիրամ» խմբակցության պատագամավոր։ 2000 թվականից մինչ այսօր Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի տնօրենն է։ Դպրոցը մի քանի անգամ հայտնվել է սկանդալային իրադարձությունների կենտրոնում։ 2013 թ․ մամուլում հրապարակում էր եղել այն մասին, որ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը պահակի և ուսուցիչների օգնությամբ բռնություն էր կիրառել աշակերտներից մեկի մոր նկատմամբ։ Ըստ Գայանե Սարուխանյանի՝ այդ աշակերտին ինքը տուն էր ուղարկել ոչ պատշաճ հագնվելու համար։ Աշակերտուհու մայրը՝ Նատալյա Սարգսյանը, պնդել էր, որ իր աղջիկը պատշաճ էր հագնված եղել, դպրոցում էլ իր հեռախոսը խլել էին ձեռքից, քանի որ, անվտանգության նկատառումներից ելնելով, ձայնագրել էր իր և Գայանե Սարուխանյանի խոսակցությունը։ Ըստ Նատալյա Սարգսյանի՝ երբ ինքը հետ էր ուզել հեռախոսը, ուսուցիչներն ու պահակն իրեն բռնության էին ենթարկել, հեռախոսն էլ կարողացել էր վերցնել միայն այն ժամանակ, երբ խոսակցության ձայնագրությունը ջնջված էր եղել։ Այս դեպքերից հետո քրեական գործ էր հարուցվել, սակայն 2014 թվականին որոշում էր կայացվել ապացույցների բացակայության հիմքով վարույթը կարճելու մասին։ 2018 թ․ հունիսին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը  նշել էր, որ թիվ 55 դպրոցը չունի հանրակրթական ծրագրի իրականացման համար պահանջվող լիցենզիա և դասվում է օլիգարխ դպրոցների թվին։ «Դա ոչ թե դպրոցի, այլ նախարարության, հանրակրթության վարչության, լիցենզավորված մարմնի թերացումն է։ Այդ հարցով ես գրավոր դիմել եմ Կրթության և գիտության նախարարությանը նաև ավելի վաղ, ներկայացրել եմ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, բոլոր ձևակերպումները, սակայն նախկին նախարար Լևոն Մկրտչյանը դրանք մերժեց։ Մեր դպրոցին լիցենզիա տրամադրելու գործընթացը կասեցվել է, և չգիտեմ՝ ինչի համար և ինչ պատճառաբանությամբ։ Ես պատրաստ եմ նաև նոր նախարարին ներկայացնել անհարժեշտ փասթաթղթերը։ Այնպես որ այն, որ մեր դպրոցն այդ լիցենզիան չի ստացել, մեր մեղքով  չէ,  և այստեղ ես միտում եմ տեսնում»,- ի պատասխան այս հայտարարությանը՝ նշել էր Գայանե Սարուխանյանը։ Չնայած Արայիկ Հարությունյանի պնդումներին՝ 2018 թ․ օգոստոսի 2-ին Չեխովի անվան դպրոցը Կրթության և գիտության նախարարության կողմից ստացել է տարրական դասարանի 490 աշակերտ ունենալու լիցենզիա։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Երևանի թիվ 55 դպրոցում այս տարիների ընթացքում ստուգումներ չեն եղել։ Սակայն, ըստ Կրթության տեսչական մարմնից ստացված պատասխանի, 2014 և 2018-2019 թվականներին Չեխովի անվան 55 դպրոցում անցկացվել են ստուգումներ։ 2014 թվականին դպրոցում խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ 2018-2019 թվականների ստուգումների արդյունքներով արձանագրվել են մի շարք խախտումներ, որոնք հակիրճ կներկայացնենք ստորև․ դպրոցում սովորողների թիվը չէր համապատասխանում տարրական և հիմնական կրթական գործունեության լիցենզիաների հավելվածներով սահմանված թվաքանակներին, «անգլերենի բանավոր խոսքի զարգացում» լրացուցիչ վճարովի կրթական ծառայության իրականացնողը չուներ համապատասխան որակավորում, դպրոցում 3-րդ օտար լեզվի ուսումնասիրությունը չէր իրականացվում սահմանված կարգով, տարրական դասարաններում չէր դասավանդվում «Տեխնոլոգիա» առարկան։ Այս դպրոցում ևս ներկայումս աշակերտների իրական թիվը գերազանցում է լիցենզիայով նախատեսված քանակը․ թույլատրվող 1200-ի փոխարեն 1531 աշակերտ է սովորում։ Ի տարբերություն քրոջ՝ թիվ 29 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Սարուխանյանի՝ Գայանե Սարուխանյանը կտրականապես մերժեց «Ուսուցչանոց» ծրագրին մասնակցելու առաջարկը։ Ռուզաննա Սարուխանյանն արդեն 13 տարի է, ինչ ղեկավարում է Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցը։ «Ուսուցչանոց» ծրագրի շրջանակում թիվ 29 ավագ դպրոցի ուսուցիչների կողմից բարձրացված խնդիրներից էր դասարանների գերծանրաբեռնվածությունը։ Հարցին, թե արդյո՞ք դասարաններում աշակերտների թվի հարցը չի կարգավորվում՝ ըստ լիցենզիայի և ներքին բաշխվածության, ուսուցիչները դժվարացան պատասխանել։  Տիկին Սարուխանյանից հարցրինք, թե երբ պետք է ղեկավարը հեռանա իր պաշտոնից։ «Երբ հասկանա, որ բավականաչափ չի սիրում այն գործը, որն անում է, և արդյունավետ չի կատարում իր աշխատանքը։ Եթե ինքը գոհ է իր կատարած աշխատանքից և մտածում է, որ ուրիշը գուցե ավելի լավ չկարողանա անել, նա կարող է մնալ իր տեղում և աշխատել։ Տարիքային ցենզով որոշելը որոշ դեպքերում կարող է արդարացված չլինել։ Կարող է արդեն թոշակի հասած մարդը դեռ ի վիճակի լինել շատ ավելի լավ ղեկավարել այդ հասատատությունը, քան ավելի երիտասարդ մարդը»,- մեր հարցին ի պատասխան՝ նշեց Ռուզաննա Սարուխանյանը։ Ըստ հանրակրթական դպրոցներին տրված լիցենզիայի՝ թիվ 29 ավագ դպրոցն ունի 620 աշակերտ ունենալու թույլտվություն։ Դպրոցում սովորող աշակերտների թիվը 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ 606 է։ Հրանտ Դինքի անվան թիվ 44 դպրոց հիմնական դպրոցի տնօրեն Մարինա Տոնոյանը այս պաշտոնին է շուրջ 19 տարի։ «Ուսուցչանոց» նախագծի շրջանակում այցելեցինք նաև այս դպրոց։ Տիկին Տոնոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ որևէ կուսակցության դավանելն, իհարկե, քաղաքացու իրավունքն է, բայց, իր կարծիքով, դպրոցի տնօրենը պիտի լինի անկուսակցական։ «Ճիշտ է, նախորդ իշխանության օրոք շատ տնօրեններ, անկախ իրենց կամքից, ստիպված են եղել լինել կուսակցական, սակայն, ըստ իս, կան պաշտոններ, որոնց դեպքում պիտի կուսակցական լինելը բացառվի և առաջին հերթին դպրոցի տնօրենի համար»,- նշեց Մարինա Տոնոյանը։ Սակայն տիկին Տոնոյանի ֆեյսբուքյան էջում այլ պատկեր է։ Տնօրենն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հետ լուսանկարներ։ Այս ամենին զուգահեռ Մարինա Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է նաև Հանրապետական կուսակցության խորհրդանշանը։    Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը ևս շուրջ 21 տարի է, ինչ պաշտոնավարում է։ Տնօրենի երկարաժամկետ կառավարմանը 114 դպրոցի ուսուցչական կազմը դրական է վերաբերում։ Ասում են, որ իրենք արդեն մի ընտանիք են դարձել։ Սակայն մամուլում կան հրապարակումներ դպրոցում կաշառակերության ահազանգների, դանակահարությունների, վեճերի վերաբերյալ։ Ուսուցիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ ավագ դպրոցում սովորող աշակերտների հետ հեշտ չէ աշխատել, լինում են կոնֆլիկտներ և խնդիրներ, սակայն հնարավորինս փորձում են հաղթահարել դժվարությունները։  Տնօրեն Ռուզաննա Կոստանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ տարեսկզբին են ունենում բարդություններ ավագ դպրոցի աշակերտների հետ աշխատանքում, սակայն տարվա ընթացքում ուսուցիչների կողմից տարվող աշխատանքների շնորհիվ դրանք հարթվում են։ Սակայն վերջին դանակահարության դեպքը տեղի է ունեցել վերջերս՝ 2019 թվականի դեկտեմբերի 10-ին։ 11-րդ դասարանի աշակերտների վեճը եզրափակվել է դանակահարությամբ։ 114 դպրոցում ևս փաստացի սովորող աշակերտների թիվը գերազանցում է լիցենզիայով սահմանված աշակերտների թվին։ Լիցենզիայով սահմանված է 391 աշակերտ, սակայն մեր բանավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին, որ դպրոցում փաստացի սովորում է 465 աշակերտ։ «Ուսուցչանոց» նախագծի շրջանակներում տիկին Կոստանյանը նշեց, որ դպրոցը երբևէ քաղաքականացված չի եղել։ Նշենք, որ նրա անունը չէր հայտնվել նաև «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից դեռևս 2017  թվականին ներկայացված՝ ՀՀԿ-ի ընտրազանգվածի ցուցակավորում կազմակերպող կամ կազմակերպել պատրաստվող դպրոցի տնօրենների ցանկում։ Տնօրենների կուսակցականացվածությունն ու կառավարման խորհուրդները Իրազեկ քաղաքացիների միավորման 2017 թվականին բացահայտած՝ ընտրությունների համար ակնհայտորեն ձայներ հավաքող տնօրեններից 32-ը շարունակում է պաշտոնավորել Երևանի հանրակրթական դպրոցներում։ Տնօրենների մեծ մասը եղել է նաև իշխող կամ տվյալ ժամանակահատվածում կոալիցիայի մեջ եղած կուսակցությունների անդամ, նրանց մի մասը մասնակցել է ընտրական գործընթացներին՝ ՀՀԿ, ՀՅԴ կամ «Ծառուկյան» դաշինքի ցուցակներով թեկնածուների կարգավիճակով։ Մեր կողմից իրականացված ուսումնասիրության համաձայն՝ տնօրեն թեկնածուները 15-ն են, որոնցից 12-ը՝ ՀՀԿ-ից, 2-ը՝ ՀՅԴ-ից և 1-ը՝ «Ծառուկյան» դաշինքից։ Նրանք իրենց թեկնածությունն առաջադրել են 2017 թ․ ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական և մայիսին տեղի ունեցած ավագանու ընտրություններում։ Ըստ «Պետական հանրակրթական հաստատության տնօրենի ընտրության» կարգի՝ դպրոցների կառավարման խորհուրդներն են լիազորված ընտրելու և 5 տարիների ընթացքում վերահսկելու հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի գործունեությունը՝ ըստ ընտրված տնօրենի զարգացման ծրագրի։ Հետևաբար, տնօրենների կառավարմանը անդրադառնալիս հարկ ենք համարում խոսել կառավարման խորհուրդներում կատարված փոփոխությունների և առկա իրավիճակի մասին։ 2020 թ․ հունվարի 24-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ 2018 թվականին հանրակրթական դպրոցներում խորհուրդները փլուզվեցին, և հիմա դրանք հավաքելու, վերաիմաստավորելու կարիք ունենք։ «Գնացե՛ք, զուտ և 2-3 խորհրդում վերջին մեկ տարվա գործընթացների հետաքննությո՛ւն անցկացրեք»,- հորդորեց նախարար Արայիկ Հարությունյանը։ Երևանի քաղաքապետարանի կայքում քաղաքապետի որոշումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 2018 թ․ հոկտեմբերից մինչ 2020 թ․ հունվարի 23-ը կառավարման խորհրդի վերաբերյալ կայացված 90 որոշումներով տեղի են ունեցել կառավարման խորհուրդների կազմերի փոփոխություններ։ Եղել են դեպքեր, երբ խորհրդում քաղաքապետարանի ներկայացուցչի անդամությունը մեկ դպրոցում դադարեցվել է, և վերջինս տեղափոխվել է մեկ այլ դպրոց։ Այժմյան կառավարող ուժից խորհուրդներում ներառված են «Իմ քայլը» խմբակցության 3 պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների 11 օգնական, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և թաղապետարանների տարբեր վարչությունների պետերի շուրջ 20 տեղակալ, ԿԳՄՍ նախարարության 30 աշխատակից։ Կառավարման խորհրդի դերի ոչ լիարժեք ընկալում կա ինչպես հանրակրթական հաստատության գործադիր մարմնի՝ տնօրենության, այնպես էլ հենց կառավարման խորհուրդների կողմից։ Հեղինակներ՝ Կարինե Շահգալդյան, Ասպրամ Փարսադանյան, Արփի Ավետիսյան, Սևակ Մամյան
20:27 - 06 մարտի, 2020
Սահմանվում է նաև պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման, ուղղորդման կարգը. նախարարը՝ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի մասին |tert.am|

Սահմանվում է նաև պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման, ուղղորդման կարգը. նախարարը՝ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի մասին |tert.am|

tert.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագիծը, որը  ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նախագծով մասնավորապես առաջարկվում է ներդնել հեռավար կրթություն իրականացնելու մեխանիզմ՝ հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով: Նախարարը տեղեկացրեց՝ սահմանվել է նաև, որ մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդները կառավարության հաստատած կարգով կարող են ներգրավվել տվյալ ուսումնական հաստատության տնօրենի ընտրության գործընթացում: «Սովորողների ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում է առաջին հերթին տվյալ դպրոցում սովորող քույր կամ եղբայր ունեցող երեխաներին, երկրորդը՝ տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին: Սահմանվում են նաև պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը»,- ասաց նա:
18:15 - 05 մարտի, 2020
Բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներում առկա է հայ-վրացական համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ

Բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներում առկա է հայ-վրացական համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստանի Հանրապետություն է մեկնել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Պաշտոնական այցի շրջանակում տեղի են ունեցել հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ հայ-վրացական հարաբերություններում առկա է չօգտագործված մեծ ներուժ, և երկկողմ օրակարգի կարևոր մաս է դրա լիարժեք իրացումը: Կողմերն արձանագրել են բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներում համագործակցության կարևորությունը։ Վրացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո ամփոփելով բանակցությունների արդյունքները՝ Հայաստանի վարչապետ Ն․ Փաշինյանն ասել է․ «Մենք հանդես եկանք համագործակցության մի շարք առաջարկություններով, որոնք վերաբերում են բարձր տեխնոլոգիաներին, կրթությանն ու գիտությանը: Կարևորվեց երիտասարդների միջև կապի ամրապնդումը»։ Հայկական պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Թբիլիսիի «Հերոսների» հրապարակի հուշակոթողին։ Այնուհետև, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնում հանդիպում՝ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են ոչ միայն Թբիլիսիի, այլ նաև Սամցե Ջավախեթիի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում վարչապետն առանձնահատուկ ողջույններ է հղել վիրահայության ներկայացուցիչներին՝ նշելով, որ մեր ժողովրդի կյանքում նրանք նշանակալի դեր են ունեցել։ «Մեր մշակույթի, ինքնության բազմաթիվ հսկաներ ձևավորվել և գործել են Թիֆլիսում, թիֆլիսահայության միջավայրում: Դժվար է ասել, թե ինչպիսին կլիներ մեր ինքնությունը Հայաստանում, եթե չլիներ այն մեծ մշակութային ժառանգությունը, որն ստեղծվել է Թիֆլիսում: Ընդհանրապես, մեր ժամանակակից ինքնությունը երեք հենասյուներ ունի, խոշոր մշակութային հենասյուներ` Թումանյանը, Թամանյանը և Կոմիտասը: Կարծում եմ, որ Թումանյանն, ըստ էության, ուղնուծուծով թիֆլիսահայության ամենավառ օրինակն է և արտահայտում է թիֆլիսահայության կարևորությունը մեր ժողովրդի համար»,-ասել է վարչապետը։ Հանդիպման ընթացքում վարչապետը և պատվիրակության անդամները պատասխանել են վիրահայերի բազմաթիվ հարցերի, անդրադարձել հայ-վրացական հարաբերություններին:
11:53 - 04 մարտի, 2020
Աշխատանքի վրա հիմնված հայ-գերմանական կրթական ծրագրերում ընդգրկված են 40-ից ավելի ընկերություններ

Աշխատանքի վրա հիմնված հայ-գերմանական կրթական ծրագրերում ընդգրկված են 40-ից ավելի ընկերություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մարտի 2-ին ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) պատվիրակությանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել անցած տարիների համագործակցության և այս պահին իրականացվող ծրագրերի համար։ Նա նշել է, որ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը ներդրում ունի Հայաստանում կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացում՝ հույս հայտնելով, որ առաջիկայում կձևավորվի նաև համագործակցության նոր օրակարգ։ ԳՄՀԸ Հայաստանի գրասենյակի ղեկավար Աննե Քեմփան, արձանագրելով, որ գերմանական կողմը տարբեր բնագավառներում ծրագրեր է իրականացնում Հայաստանի անկախությունից ի վեր, վերահաստատել է սկսված նախագծերն ավարտին հասցնելու, ինչպես նաև տեխնիկական աջակցություն տրամադրելու գերմանական կողմի պատրաստակամությունը։ Նա ներկայացրել է տարածաշրջանի գրասենյակի նոր ղեկավար Հան Կասենսին, որը վերջին 6 տարիներին աշխատել է Բալկաններում՝ Ալբանիայում, և իր գործունեությունը մեր երկրում կսկսի ծավալել եկող ամսվանից։ «ՀՀ ԿԳՄՍՆ Նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, արձանագրելով, որ ՄԿՈւ ոլորտում ԳՄՀԸ-ն հայկական կողմի համար կարևոր, նորարարական ծրագրեր իրականացնող դոնոր կազմակերպություններից մեկն է, տեղեկացրել է, որ 40-ից ավելի մասնավոր ընկերություններ արդեն ընդգրկված են աշխատանքի վրա հիմնված կրթական ծրագրերում, և նման կազմակերպությունների թիվը տարեցտարի ավելանում է։ Գերմանական կողմը շահագրգիռ է ծրագրերում մարզային համայնքների ընդգրկվածությունը մեծացնելու հարցում։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են սկսված նախագծերն ավարտին հասցնելու և միջազգային մյուս կազմակերպությունների հետ ջանքերը մեկտեղելու ու ծրագրերը համակարգելու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
09:05 - 03 մարտի, 2020
Փոխնախարարը հերքում է իր առնչությունը ԱՕԿՍ-ն օֆշորային ընկերության վաճառելու քրեական գործին

Փոխնախարարը հերքում է իր առնչությունը ԱՕԿՍ-ն օֆշորային ընկերության վաճառելու քրեական գործին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը վստահեցնում է, որ առնչություն չունի ԱՕԿՍ-ի սեփականաշնորհման և այն օֆշորային ընկերության վաճառելու փաստով հարուցված քրեական գործի հետ: Գրիշա Թամրազյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ և անհատներ փորձում են իմ անունը կապել ԱՕԿՍ-ի սեփականաշնորհման և այն օֆշորային ընկերության վաճառելու փաստով հարուցված քրեական գործի հետ: Հայտարարում եմ, որ նշված գործընթացի հետ ես որևէ առնչություն չունեմ: Նույն շինության մեջ, բայց առանձին հասցեում իմ ունեցած սեփականությունը հայտարարագրել եմ դեռևս 2018 թվականին, երբ «Իմ քայլ» դաշինքի կողմից առաջադրվել էի որպես պատգամավորության թեկնածու: Դրա մասին հայտարարագիր եմ ներկայացրել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնն ստանձնելուց առաջ: Խոսքը խորհրդային տարիներից հայտնի «Թիֆլիս» ռեստորանի տարածքի մասին է, որը սեփականաշնորհվել է   դեռևս 1996 թվականին և առնչություն չունի «ԱՕԿՍ» ՀԿ-ի հետ: Այդ տարածքը ձեռք  բերելու ժամանակ ես որևէ պետական պաշտոն չեմ զբաղեցրել, բացի այդ, մինչ իմ կողմից նշված սեփականության ձեռքբերումը այն մի քանի անգամ արդեն վերավաճառվել էր, և գնումն իրականացվել է սեփականաշնորհումից 21 տարի անց` 2017 թվականին: Խնդրում  եմ այսուհետ այս թեմայով հրապարակումների ժամանակ առաջնորդվել բացառապես վերոգրյալ փաստերով»:
16:42 - 02 մարտի, 2020
ԿԳՄՍՆ-ն տեղյակ է, որ մանկապարտեզներից մեկում դաստիարակներին աշխատանքի են կանչել․ շուտով կլինի հայտարարություն

ԿԳՄՍՆ-ն տեղյակ է, որ մանկապարտեզներից մեկում դաստիարակներին աշխատանքի են կանչել․ շուտով կլինի հայտարարություն

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մանկապարտեզներից մեկի տնօրենը ժողովի է հրավիրել աշխատակիցներին և զգուշացրել, որ աշխատանքի չներկայացող դաստիարակները աշխատավարձ չեն ստանա։ «Հետաքրքիր է, թե ինչու են մանկապարտեզների և դպրոցների աշխատողները` ուսուցիչ և դաստիարակ, դայակ, հիմա աշխատանքի, եթե կա նախարարի հրաման, ո՞վ է այն յոթգլխանի հրեշը, որ աշխատեցնում է ամբողջ կազմին։ Մանկապարտեզներից մեկի տնօրենը հրավիրել է աշխատողներին՝ պատճառաբանելով, որ աշխատավարձ չեն ստանա»: ԿԳՄՍՆ տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնից Infocom-ին տեղեկացրին, որ տեղյակ են խնդրից և շուտով պատրաստվում են հայտարարություն տարածել։ Հայտարարություն է տարածել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որտեղ մասնավորապես ասվում է․«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի գրանցված դեպքով պայմանավորված մեկշաբաթյա արձակուրդ է հայտարարվել բոլոր ուսումնական հաստատություններում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հորդորում է գործատուներին՝ ըմբռնումով մոտենալ երեխաներ ունեցող աշխատակիցների ուշացումներին կամ ոչ լրիվ օրով աշխատանքի հաճախելուն: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ տվյալ պարագայում աշխատողների բացակայությունը հարգելի համարելու հարցը աշխատանքային օրենսդրությամբ կարգավորված չէ»,- ասված է հայտարարությունում։
15:38 - 02 մարտի, 2020
Մեր որոշումները բխելու են բացառապես մեր երեխաների առողջությունը պաշտպանելու անհրաժեշտությունից. ԿԳՄՍ նախարար

Մեր որոշումները բխելու են բացառապես մեր երեխաների առողջությունը պաշտպանելու անհրաժեշտությունից. ԿԳՄՍ նախարար

Հարգելի հայրենակիցներ, առավոտից հաղորդագրություններ եմ ստանում ուսումնական հաստատություններում արտահերթ արձակուրդ հայտարարելու հնարավորության մասին, Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Հարցը մեր ուշադրության կենտրոնում է և որոշումների մասին անպայման կտեղեկացնենք ձեզ: Հիշում եք, որ անհրաժեշտությունից ելնելով և լարվածությունը թուլացնելու համար վերջերս որոշում կայացվեց բացակայությունները զրոյացնելու վերաբերյալ: Մեր որոշումները բխելու են բացառապես մեր երեխաների առողջությունը պաշտպանելու անհրաժեշտությունից, ինչից ավելի կարևոր բան չկա: Խնդրում եմ ելնել այս սկզբունքից ու այս հարցերում առաջնորդվել պաշտոնական լրահոսից ստացված տեղեկություններով», - գրել է ԿԳՄՍ նախարարը:
13:05 - 01 մարտի, 2020
Կառավարությունը չի միջամտի բուհերում հայոց լեզվի եւ պատմության բացառման հարցին. նախարար |news.am|

Կառավարությունը չի միջամտի բուհերում հայոց լեզվի եւ պատմության բացառման հարցին. նախարար |news.am|

news.am: Կառավարությունը չի միջամտի ոչ պրոֆիլային բուհերում հայոց լեզվի եւ պատմության դասավանդումը բացառելու հարցին: Այս մասին այսօր «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նշեց, որ իր տեղեկություններով՝ որ պրոֆիլային բուհերի պրոֆեսորադասախոսական կազմն աջակցում է տվյալ առաջարկին: «Հարցը, թե արդյոք բուհը կհրաժարվի այդ առարկաներից կամ կթողի դրանք ուսումնական ծրագրում, կորոշի յուրաքանչյուր ուսումնական հաստատության ղեկավարություն: Մենք դա թողնում ենք բուհերի հայեցողությանը»,- ասաց նախարարը: Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ այդ բարեփոխման համար ժամանակ է պետք, եւ հիշեցրեց, որ օրենքում տվյալ փոփոխությունն ուժի մեջ կմտնի 3 տարի անց՝ 2023 թվականին:    Հիշեցնենք, որ տվյալ օրինագծի համաձայն՝ հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաները չեն ներառվի պարտադիր առարկաների ցանկում ոչ պրոֆիլային բուհերում: Աշնանը ՀՅԴ Երիտասարդական միությունը մի խումբ ուսանողների եւ դասախոսների աջակցությամբ պահանջել է նախարարի հրաժարականը՝ բացատրելով, որ ծրագիրը վնաս կհասցնի պետական լեզվին եւ ազգային արժեքներին:
19:14 - 24 փետրվարի, 2020