Կենտրոնական բանկ - ԿԲ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պետական անկախ կառավարման կառույց է, որի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում գների կայունության ապահովումն է։ Կենտրոնական բանկի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։

Կենտրոնական բանկն իր գործունեությունը իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից ինչպես ԿԲ խնդիրների նպատակադրման, այնպես էլ այդ խնդիրներին հասնելու գործիքակազմի ընտրության մեջ։ Կենտրոնական բանկը կառավարվում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նրա երկու տեղակալներից, խորհրդի հինգ անդամներից։

ՀՀ կենտրոնական բանկը դատապարտում է հակաիրավական և հասարակական կարգի խախտմանը միտված գործողությունները

ՀՀ կենտրոնական բանկը դատապարտում է հակաիրավական և հասարակական կարգի խախտմանը միտված գործողությունները

ՀՀ կենտրոնական բանկը խստորեն դատապարտում է քաղաքացի Մանուել Մանուկյանի և իր համախոհների կողմից կազմակերպված, միտումնավոր ուղղորդված գործողությունները և նախազգուշացնում, որ օրենքով սահմանված կարգով ՀՀ կենտրոնական բանկը դիմելու է պատկան մարմիններին՝ քաղաքացու կողմից հակաիրավական և հասարակական կարգի խախտմանը միտված գործողությունների, ինչպես նաև սադրիչ հայտարարությունների համար պատասխանատվության ենթարկելու նպատակով: Հարկ ենք համարում ընդգծել, որ Կենտրոնական բանկի կողմից հայտնվել է պատրաստակամություն՝ քաղաքացուն ընդունելու, լսելու իրեն մտահոգող հարցերը՝ անհրաժեշտության դեպքում տալու պարզաբանումներ: Սակայն առաջարկը մերժվել է՝ պահանջելով ԿԲ ներկայացուցչի ներկայությունը փողոցում՝ ինչը նման սադրիչ և անհանդուրժողական վարքագծի դրսևորման պարագայում կարող էր հղի լինել անցանկալի հետևանքներով: Այսօր քաղաքացի Մանուել Մանուկյանի և իր մի քանի համախոհների կողմից ՀՀ կենտրոնական բանկի մուտքի մոտ իրականացվել է չարտոնված ակցիա, որն ուղեկցվել է քաղաքացու և իր համախոհների կողմից հասարակական կարգուկանոնի և կենտրոնական բանկի բնականոն աշխատանքի խոչընդոտմանը միտված ակնհայտ սադրիչ գործողություններով: Քաղաքացու և իր համախոհների կողմից արդեն քանիցս արվում են սադրիչ, ոչ արժանահավատ տեղեկությունների հիման վրա հայտարարություններ, կոչեր, Կենտրոնական բանկի և ֆինանսական համակարգի աշխատակիցների հասցեին հնչեցվում են վիրավորական արտահայտություններ: Այս ամենի ներքո սույն թվականի մայիսի 11-ին իրենց կողմից կազմված գրավոր դիմումը պատշաճ կերպով ընդունվել է և սահմանված ժամկետում կպատասխանվի: Միևնույն ժամանակ քաղաքացիներին բազմաթիվ անգամ պարզաբանվել է Կենտրոնական բանկի աշխատանքային հատուկ ռեժիմի առանձնահատկությունները և շենքի տարածք մուտք գործելու կանոնակարգումը: Ֆինանսական կազմակերպությունների կողմից վարվող վարկային քաղաքականության դեմ վարվող պայքարի քողի տակ՝ նշված անձանց կողմից արվում են իրականությանը չհամապատասխանող, միևնույն ժամանակ քաղաքացիներին ակնհայտ մոլորեցնող հայտարարություններ և կոչեր, որոնք հուզական ֆոն ստեղծելով դրդում են որոշ քաղաքացիների հնչեցնել բռնության կոչեր: Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը եղել և մնում է կայուն, ոչ առաջին անգամ է ցուցաբերում իր բարձր դիմադրողականությունը ճգնաժամերի պարագայում։ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը հաստատակամ է  նմանատիպ սադրանքներին չտրվելու իր սկզբունքներում, և շարունակելու է իրականացնել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
15:39 - 12 մայիսի, 2020
Կենտրոնական բանկի դիմաց մի խումբ քաղաքացիներ ակցիա են կազմակերպել․ 2 անձ բերվել է ոստիկանություն |armenpress.am|

Կենտրոնական բանկի դիմաց մի խումբ քաղաքացիներ ակցիա են կազմակերպել․ 2 անձ բերվել է ոստիկանություն |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական բանկի դիմաց վարկային կազմակերպությունների գործունեության դեմ մայիս 12-ին ակցիա են կազմակերպել մի խումբ քաղաքացիներ։ Կազմակերպիչներից ակտիվիստ Մանուել Մանուկյանը նշել է, թե պահանջում են հանդիպում ԿԲ ներկայացուցիչների հետ։ Ոստիկանության աշխատակիցն ակցիայի մասնակիցներին փոխանցել է, որ մեկ անձ կարող է մտնել շենք և հանդիպել ԿԲ ներկայացուցչի հետ, սակայն նրանք հրաժարվել են այդ առաջարկից։ Նրանք պահանջել են, որպեսզի ԿԲ ներկայացուցիչը գա և հանդիպի իրենց հետ։ Մի փոքր անց ոստիկանության ներկայացուցիչը հորդորել է ողջամիտ ժամկետում դադարեցնել ակցիան, քանի որ պարետի որոշմամբ ակցիաներ չեն թույլատվում և պետք է պահպանվի հեռավորություն։ Մանուել Մանուկյանը հակադարձել է, թե իրենք ակցիա չեն իրականացնում, այլ եկել են հանդիպելու ԿԲ ներկայացուցչի հետ։ Նա բարձր կոչերով փորձել է սրել իրավիճակը, որից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքացիների։
15:30 - 12 մայիսի, 2020
Կենտրոնական բանկն իրականացնում է մի շարք միջոցառումներ Հայաստանի Հանրապետությունում գների կայունության, ֆինանսական համակարգի կայունության և անխափան գործունեության ապահովման նպատակով

Կենտրոնական բանկն իրականացնում է մի շարք միջոցառումներ Հայաստանի Հանրապետությունում գների կայունության, ֆինանսական համակարգի կայունության և անխափան գործունեության ապահովման նպատակով

​Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, մշտադիտարկելով COVID 19-ի տարածմամբ պայմանավորված իրավիճակը և գնահատելով դրա հավանական ազդեցությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության, ֆինանսական համակարգի, ինչպես նաև ֆինանսական ծառայություններից օգտվողների վրա, իրականացրել և շարունակում է իրականացնել մի շարք միջոցառումներ Հայաստանի Հանրապետությունում գների կայունության, ֆինանսական համակարգի կայունության և անխափան գործունեության ապահովման նպատակով: Ստորև ներկայացվում է 2020 թվականի մարտ-մայիս ամիսների ընթացքում Կենտրոնական բանկի կողմից իրականացված հիմնական միջոցառումների ամփոփ նկարագիրը․   1.     Կենտրոնական բանկի խորհուրդը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը երկու փուլով՝ 5.5%-ից իջեցնելով 5.0%: Հաշվի առնելով արտաքին և ներքին ընթացիկ ու կանխատեսվող զարգացումները, թուլացող պահանջարկը և առկա ցածր գնաճային միջավայրը՝ Կենտրոնական բանկի խորհուրդը նպատակահարմար է գտել ավելացնել դրամավարկային պայմանների խթանման չափը՝ նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը:   2.    Ֆինանսական շուկայի տատանողականությունը հարթելու, ռիսկերն ու անորոշությունները նվազեցնելու և դրամավարկային քաղաքականության փոխանցումային մեխանիզմի անխափան գործունեությունն ապահովելու նպատակով դրամավարկային քաղաքականության հիմնական ռեպո գործիքի միջոցով տրամադրվել է շուկայի աճող պահանջարկին համահունչ դրամային իրացվելիություն: Այս գործողության արդյունքում միջբանկային կարճաժամկետ տոկոսադրույքը պահպանվել է քաղաքականության նպատակային տոկոսադրույքի շրջանակներում և ապահովվել է պետական արժեթղթերի եկամտաբերության կորի կայունացումը:   3.    Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել հիմնական կապիտալի համարժեքության նորմատիվը 10%-ից իջեցնել 9%: Համաձայն որդեգրած երկարաժամկետ քաղաքականության՝ Կենտրոնական բանկը մշտապես ապահովում է բանկային համակարգի կարգավորման սկզբունքների (այդ թվում՝ կապիտալի կառուցվածքի նկատմամբ պահանջների) համապատասխանությունը Բազելյան կոմիտեի կողմից սահմանված ստանդարտներին։ Տնտեսական ակտիվության և դրա հեռանկարի վրա COVID-19-ի տարածմամբ պայմանավորված անորոշությունների բացասական հետևանքները մեղմելու նպատակով որոշում է կայացվել ընդհանուր կապիտալի կառուցվածքում մեծացնել լրացուցիչ կապիտալի տեսակարար կշիռը՝  հնարավորություն տալով բանկերին ստորադաս փոխառություններ և կապիտալի այլ գործիքներ ներգրավելու միջոցով իրականացնել տնտեսության լրացուցիչ վարկավորում։ Որոշումը հանդիսանում է Կենտրոնական բանկի՝ ֆինանսական կայունության երկարաժամկետ  քաղաքականության մաս և ապահովում է բանկերի հնարավոր ռիսկերը և վնասները կլանող գործիքների բավարար մակարդակ:   4.    Կենտրոնական բանկը համապատասխան ազդակներ է փոխանցել բանկերին  ձևավորված կապիտալի բուֆերները բանկային գործառնությունների իրականացման շարունակականությունն ապահովելու նպատակով օգտագործելու ուղղությամբ։ Կենտրոնական բանկը, առաջնորդվելով միջազգային լավագույն փորձով, Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կարգավորման դաշտում ներդրել է սթրեսային իրավիճակներին դիմակայելու և տնտեսական անկման փուլում վնասները կլանելու տարբեր գործիքներ։ Բանկային համակարգում ներդրված գործիքների առկայությունը հնարավորություն է ստեղծում տնտեսության  ժամանակավոր անկման փուլում միջոցներն ուղղել տնտեսվարող սուբյեկտների վարկավորմանը, ինչպես նաև դիմակայել սթրեսային իրավիճակից բխող վնասներին։ Նմանատիպ գործիքներից են կապիտալի բուֆերները, որոնք սահմանված են ի լրումն կապիտալի համարժեքության նորմատիվների և նախատեսված են սթրեսային ժամանակահատվածին հատուկ ռիսկերը (այդ թվում՝ համակարգային) զսպելու համար։   5.    Կենտրոնական բանկի կողմից հետաձգվել է Բազել 3-ով սահմանված իրացվելիության երկու նոր նորմատիվների՝ իրացվելիության ծածկույթի նորմատիվի (LCR) և զուտ կայուն ֆինանսավորման նորմատիվի (NSFR) ներդրման ժամկետը՝ բանկերի կողմից տնտեսության իրական հատվածի ֆինանսավորումն անխափան իրականացնելու նպատակով։ Իրացվելիության նոր նորմատիվներն ուժի մեջ կմտնեն 2021թ․ հունվարի 1-ից։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ սովորական ռեժիմով շարունակում են գործել բանկերի իրացվելիության ռիսկը կարգավորող ընդհանուր և ընթացիկ իրացվելիության նորմատիվները։   6.    Երկարաձգվել են ֆինանսական կազմակերպությունների կողմից հաշվետվությունների, այդ թվում՝ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների, հեռանկարային զարգացման ծրագրերի, վերականգնման ծրագրերի ներկայացման ժամկետները։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակում մի կողմից ֆինանսական կազմակերպություններում մարդկային ռեսուրսների սակավությունը և մյուս կողմից ֆինանսական կազմակերպությունների գործունեության շարունակականության և անընդհատության ապահովման անհրաժեշտությունը՝ Կենտրոնական բանկի կողմից հաշվետվությունների ներկայացման ժամկետների հետաձգումները ֆինանսական կազմակերպություններին հնարավորություն են տվել իրենց գործառնական կարողություններն առավելապես ուղղել հաճախորդների և տնտեսության սպասարկմանը։ Երկարաձգումները կատարվել են՝ ելնելով տարբեր հաշվետվությունների ներկայացման պարբերականությունից, առանձին դեպքերում սահմանելով մինչև 2 ամիս հետաձգման հնարավորություն։ Տարեկան հաշվետվությունների համար վերջնաժամկետ է սահմանվել մայիսի 31-ը։   7.    Կենտրոնական բանկի կողմից արվել են հայտարարություններ՝ հաճախորդների ուղղորդելով օգտվել օնլայն ֆինանսական ծառայություններից, վճարահաշվարկային հավելվածներից և առցանց բանկային ծառայություններից, ինչը ուղղված է նաև ֆինանսական կազմակերպությունների գործառնական կարողությունների մեծացմանը։   8.    Այս ընթացքում Կենտրոնական բանկի Թեժ գիծը աշխատել է արտակարգ ռեժիմով։ Կենտրոնական բանկի մասնագետները պատասխանել են քաղաքացիների կողմից բարձրացված հարցադրումներին, ուղղորդել և տրամադրել են անհրաժեշտ տեղեկատվություն, ուսումնասիրել նրանց կողմից ներկայացված բողոքները:   9.    Կենտրոնական բանկը ամենօրյա ռեժիմով հանդիպումներ և քննարկումներ է ունենում ֆինանսական կազմակերպությունների հետ՝ ուշադրության կենտրոնում պահելով թե՛ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից բանկերի միջոցով իրականացվող տնտեսական և սոցիալական տարբեր ծրագրերով իրականացվող միջոցառումների ընթացքը, և թե՛ ֆինանսական կազմակերպությունների կողմից բարձրացվող այլ հարցերին օպերատիվ և համակարգված լուծումներ տալու գործընթացը։ Հաղորդակցման ընթացքում Կենտրոնական բանկը բազմիցս հայտարարել է բանկերին անհրաժեշտ ծավալի իրացվելի միջոցներ տրամադրելու պատրաստակամության վերաբերյալ։   10.  Վարկային պարտավորությունները պայմանագրերին համապատասխան կատարելու դժվարություններով պայմանավորված՝ վերանայվել են COVID-19 համավարակից առանձնակի տուժած բիզնեսի և ֆիզիկական անձ վարկառուների պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակում մի շարք վարկառուների վարկունակության վատթարացումը պայմանավորված էր COVID-19 համավարակից բխող համակարգային ռիսկով, Կենտրոնական բանկի և վարկատու կազմակերպությունների համագործակցության արդյունքում ձևավորվել են մեխանիզմներ, որոնց կիրառումը հնարավորություն է տվել անհատական մոտեցում ցուցաբերել վարկառուների նկատմամբ, ինչպես նաև խուսափել վարկառուների կողմից վարկային պայմանագրով սահմանված վճարումները չիրականացնելու հետևանքով վարկային պատմության վատթարացումից։   11.   «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն, «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ն և «Գերմանահայկական հիմնադրամ»-ը,  հետևելով ստեղծված իրավիճակին և նպատակ ունենալով աջակցել ֆինանսական դժվարությունների բախված վարկառուներին, հնարավորություն են ստեղծել իրենց ծրագրերի շրջանակներում բանկերի միջոցով հաճախորդներին տրամադրված վարկերի մայր գումարների մարումները հետաձգել մինչև 6 ամսով։   12.  Հաշվի առնելով Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից որդեգրած մոտեցումները և նպատակ ունենալով ապահովել պետության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի արդյունավետ իրականացումը՝ Կենտրոնական բանկը բանկերին ուղղորդել է առաջնորդվել հետևյալ սկզբունքներով․ o    բռնագանձում չտարածել վարկառուների այն հաշիվների նկատմամբ, որոնց միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված միջոցառումների շրջանակներում տրամադրվել են ֆիզիկական անձանց օգնությունները և այլ սոցիալական  աջակցությունները, o   միջոցներ ձեռնարկել, որպեսզի սոցիալական աջակցության միջոցներից չգանձվեն որևէ միջնորդավճարներ։   Կենտրոնական բանկը շարունակում է ուսումնասիրել միջազգային կառույցների, այլ երկրների կենտրոնական բանկերի և քաղաքականություն մշակողների կողմից իրականացվող միջոցառումներն ու համաշխարհային ֆինանսատնտեսական զարգացումները, որպեսզի այդ զարգացումներով պայմանավորված նորանոր ռիսկերի ներքո իր գործիքակազմով կարողանա ապահովել ֆինանսական ինստիտուտների, ենթակառուցվածքների և շուկաների անխափան գործունեությունը, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանությունը:    
17:56 - 11 մայիսի, 2020
ՊԵԿ-ը Կենտրոնական բանկի հետ քննարկում է վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման գաղափարը․ Փաշայան |armtimes.com|

ՊԵԿ-ը Կենտրոնական բանկի հետ քննարկում է վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման գաղափարը․ Փաշայան |armtimes.com|

armtimes.com: Պետական եկամուտների կոմիտեն Կենտրոնական բանկի հետ քննարկում է վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման գաղափարը։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը։ «Դա նոր համակարգ է, որն արդեն իսկ ստեղծվել է ՊԵԿ-ում։ Հիմա սպասում ենք, որպեսզի բիզնեսն ընդառաջ գա ու ինտեգրվի այդ համակարգին։ Սա հնարավորություն է տալու էլեկտրոնային ծառայություններ մատուցող, հեռախոսի միջոցով պատվերներ ստացող կազմակերպություններին տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ-ներ»,- նշեց ՊԵԿ փոխնախագահը։ Նրա խոսքով՝ էլեկտրոնային ՀԴՄ տրամադրելիս տեղեկատվությունն օնլայն եղանակով փոխանցվում է ՊԵԿ-ին։ Փաշայանն ասաց նաեւ, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար՝ շարունակվելու են ավտոմատացման եւ թվայնացման մասով աշխատանքները։
14:12 - 06 մայիսի, 2020
ԿԲ-ն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով

ԿԲ-ն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով

 2020 թ. ապրիլի 28-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5․0%:  «2020թ. մարտին արձանագրվել է 0.5% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.1% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը կրճատվել է և կազմել 0.1%: Կորոնավիրուսի տարածումը և վերջինիս կանխարգելման առողջապահական միջոցառումները մեծ բացասական ազդեցություն են ունենում համաշխարհային տնտեսության, այդ թվում ՀՀ գործընկեր երկրների տնտեսական աճի վրա և մեծացրել են հումքային ու պարենային գների տատանողականութ-յունը: Չնայած  առաջատար երկրների կենտրոնական բանկերի համատեղ ջանքերի շնորհիվ ֆինանսական շուկաների տատանողականությունը թուլացավ, սակայն անորոշություններն ու ռիսկերը դեռևս պահպանվում են բարձր մակարդակներում: Գնահատվում է, որ այս ամենը ՀՀ տնտեսության վրա կշարունակի ունենալ գնանկումային ազդեցություն։ ՀՀ տնտեսության վրա կորոնավիրուսի համավարակի բացասական ազդեցության հետևանքով 2020թ-ի մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում դիտվել է տնտեսական ակտիվության կրճատում: ԿԲ գնահատականների համաձայն երկրորդ եռամսյակում տնտեսական ակտիվության նվազումը կխորանա՝ պայմանավորված ինչպես առաջարկի, այնպես էլ պահանջարկի կրճատմամբ: Գնահատվում է, որ համախառն պահանջարկը հետագայում նույնպես կմնա թույլ, ինչը որոշ չափով կմեղմվի Կառավարության կողմից իրականացվող համավարակի սոցիալական և տնտեսական հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների խթանող ազդեցությամբ: Միևնույն ժամանակ, որոշակի աճել են նաև համավարակի հաղթահարման ժամկետների և տնտեսության վերականգնման հետ կապված անորոշությունները, որոնց նվազումից հետո միայն հնարավոր կլինի գնահատել ՀՀ տնտեսության կառուցվածքի և հեռանկարների ավելի երկարաժամկետ փոփոխությունները: Հաշվի առնելով արտաքին և ներքին ընթացիկ ու կանխատեսվող զարգացումները, թուլացող պահանջարկը, առկա ցածր գնաճային միջավայրը և ֆինանսական շուկաների կայունացումը՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում ավելացնել դրամավարկային պայմանների խթանման չափը՝ նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Խորհուրդը նաև գնահատում է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաև միջնաժամկետ հատվածում: Արդյունքում, գնաճը կարճաժամկետ հատվածում կպահպանվի ցածր մակարդակում՝ նպատակին մոտենալով միայն կանխատեսվող հորիզոնի վերջում: Ներկայումս բավականին բարձր են անորոշությունները կարճաժամկետ և երկարաժամկետ տնտեսական զարգացումների վերաբերյալ, ինչը նույնպես Կենտրոնական բանկը փորձում է հաշվի առնել իր գործողություններում: Միևնույն ժամանակ գնահատվում է, որ կանխատեսված հետագծից գնաճի շեղման ռիսկերը գերակշռում են ներքևի ուղղությամբ՝ պայմանավորված թե՛ արտաքին, և թե՛ ներքին գործոններով: Ռիսկերի ցանկացած դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը պատրաստ է ըստ անհրաժեշտության համապատասխանորեն ճշգրտել քաղաքականությունը՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։ Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2020թ. մայիսի 13-ը հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն)»,- ասված է հաղորդագրության մեջ:
16:29 - 28 ապրիլի, 2020
Մարտին Գալստյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը կստանձնի հունիսի 13-ին

Մարտին Գալստյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը կստանձնի հունիսի 13-ին

ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 17-ին  Մարտին Գալստյանին ընտրել է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում: ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնեցին,  որ ընթացակարգերի համաձայն, Մարտին Գալստյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը կստանձնի հունիսի 13-ին: Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը  ներկայացրել է Մարտին Գալստյանի հակիրճ կենսագրականը:   Մարտին Արտաշեսի Գալստյանը ծնվել է 1978 թ. մայիսի 4-ին: 1994-1999 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետ ԲՈՒՀ-ի ասպիրանտուրայում՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2009-2010 թթ. սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան հանրային կառավարման դպրոցում, ստանալով հանրային կառավարման մագիստրոսի կոչում: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1998 թ-ին ՀՀ կենտրոնական բանկում: Երկար տարիներ ղեկավարել է ֆինանսական գործառնությունների վարչության միջազգային պահուստների կառավարմամբ զբաղվող ստորաբաժանումը, այնուհետ ղեկավարել է Վիճակագրության վարչությունը: 2015 թ-ին նշանակվել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի առաջին ղեկավար: 2018 թ-ից առ այսօր ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ է: Հանդիսանում է Համաշխարհային բանկի միջազգային խորհրդատու / դասախոս: Դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում «Մրցունակություն և կլաստերներ» առարկան: Նույն համալսարանում Հարվարդի բիզնես դպրոցի ծրագրի արտոնագրով դասախոսություններ է կարդում: 2015 թ-ին ճանաչվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի լավագույն դասախոս: Ներգրավված է հասարակական գործունեության մեջ, մասնակցել է 50-ից ավել միջազգային մասնագիտական միջոցառումների, մի շարք մասնագիտական հրապարակումների հեղինակ է: Ամուսնացած է, ունի երեք երեխա:
11:49 - 20 ապրիլի, 2020
Ֆինանսական կազմակերպությունների դեպքում մեկ նորմատիվ է սահմանվում, Varks.am-ը խախտել է հենց այդ նորմատիվը և դրա փակվելն այս իրավիճակի հետ կապ չունի. Մարտին Գալստյան |tert.am|

Ֆինանսական կազմակերպությունների դեպքում մեկ նորմատիվ է սահմանվում, Varks.am-ը խախտել է հենց այդ նորմատիվը և դրա փակվելն այս իրավիճակի հետ կապ չունի. Մարտին Գալստյան |tert.am|

tert.am: ԱԺ նիստում ԿԲ նոր նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը թեկնածու Մարտին Գալստյանից հետարքրքվեց, որ Varks.am-իը զրկվեց լիցենզիայից, ճիշտ չի՞ լինի հետագայում վարկային կազմակերպությունների լիցենզավորման պայմաններն ավելի խստացնել: Մարտին Գալստյանը նախ նշեց, որ բանկերի պարագայում ԿԲ վերահսկողությունը չափազանց խիստ է ու բանկերին ստիպել են, որ դնեն 30 մլրդ դրամ կապիտալ առնվազն ու անցնեն բոլոր նորմատիվ իրավական ընթացակարգերով՝ մի փաստից ելնելով, որովհետև բանկերը գործ ունեն հասարակության ավանդների հետ, վարկային կազմակերպություններում մեկ դրամ հայրենակիցների ավանդ ներդվրած չկա: «Այդ կազմակերպությունները գործում են իրենց սեփականատերերի կապիտալի ռիսկով, ուստի այստեղ գերկարգավորման կարիք չկա: Դրանց սեփականետերերի ով ու ինչ լինելը պարզ է մեզ, այդ ինֆորմացիային տիրապետում ենք: Իրենց դեպքում որոշվել է մեկ նորմատիվ է սահամնվում. Varks.am-ի դեպքում հենց այդ մեկ նորմատիվը խախտել են և դա արել են դեկտեմբեր-հունվար ամսին ու Varks.am-ի փակվելը բացարձակ կապ չուներ այս իրավիճակի հետ»,- ասաց նա: Ինչ վերաբերում է վարկային կազմակերպությունների ապագային, Գալստյանը նշեց, որ ուժի մեջ է մտնելու պատասխանատու վարկավորման էլեմենտը: Արման Եղոյանի հաջորդ հարցը վերաբերում էր ոսկու պահուստներին: Շարունակությունը՝ tert.am-ում
16:31 - 16 ապրիլի, 2020
Մարտին Գալստյանը բանկային գաղտնիքի մասին օրինագծում տեսնում է հստակ իրավակարգավորումներ |armenpress.am|

Մարտին Գալստյանը բանկային գաղտնիքի մասին օրինագծում տեսնում է հստակ իրավակարգավորումներ |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Մարտին Գալստյանի կարծիքով՝ Բանկային գաղտնիքի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը նախագահը չէր ստորագրել և ուղարկել էր ՍԴ, ըստ էության ունի հստակ իրավակարգավորումներ: Գալստյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ապրիլի 16-ի նիստում իր թեկնածության մասին հարցի քննարկմանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին: Մարուքյանի կարծիքով՝ իշխանությունը մարդու անձնական տիրույթի հետ կապված հարգանք չի դրսևորում, նա, մասնավորապես, նշեց բանկային գաղտնիքի մասին, հիշեցրեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկել արժեթղթերի շուկայի վերաբերյալ փաթեթին, որով առաջարկվում էր բաժնետոմսերի սեփականատերերի մասին ինֆորմացիան որոշ մարմինների հասանելի դարձնել: «ԿԲ-ն որպես ֆինանսական ոլորտում կարծիք արտահայտող ինստիտուտ, ինչպե՞ս է պահելու բանկային գաղտնիքը, ինչպե՞ս է ներդրողներին…համոզելու, որ Հայաստանում ներդրում անելն անվտանգ է, ներդրումների գաղտնիությունը պաշտպանված է»,-հետաքրքրվեց պատգամավորը: Անդրադառնալով բանկային գաղտնիքի  հետ կապված օրենսդրական նախաձեռնություններին՝ Գալստյանը նշեց. «Իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, նաև խորհրդակցել եմ մեր իրավաբանների հետ, որ այն օրենքը, որն նախագահի կողմից ուղարկվել է ՍԴ, ունի հստակ իրավակարգավորումներ: Նախ՝ հստակ նշված է այն գործերի շարքը, որոնցով կարելի է բանկային գաղտնիք ստանալու համար ինչ-որ գործողություն սկսել»,-ասաց նա: Անդրադառնալով բանկային գաղտնիքի հնարավոր թուլացմանը՝ նա նշեց, որ նախկին ֆիլտրը հանվել է, սակայն սահմանվել է, որ գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը պետք է միջնորդություն ներկայացնեն դատարան, ունենան դատարանի վճիռ, հետո միայն կարողանան ինչ-որ գործերի շրջանակում գնալ ինչ-որ բանկային գաղտնիքի հետևից: Նա նկատեց՝ պետք է ապացուցվի, որ դա վերջին գործողությունն է, ուրիշ ոչ մի կերպով հնարավոր չէր այդ գործողությունն առաջ տանել: Գալստյանի պատկերացմամբ՝ իրավակարգավորումն այդպես է: Թեկնածուն հորդորեց նաև անընդհատ չհիշատակել, չխոսել բանկային գաղտնիքի թուլացման մասին, եթե դե ֆակտո կան ֆիլտրեր ու կոնկրետ շրջանակ, որն այս պահի դրությամբ իր մեջ ներառում է այդ իրավակարգավորումները:
15:11 - 16 ապրիլի, 2020
ԿԲ-ն կոչ է անում չտրվել կարճաժամկետ ակնկալիքներին, վստահել ու աշխատել դրամով |armenpress.am|

ԿԲ-ն կոչ է անում չտրվել կարճաժամկետ ակնկալիքներին, վստահել ու աշխատել դրամով |armenpress.am|

armenpress.am:  Ճգնաժամերի ընթացքում ՀՀ կենտրոնական բանկը հայաստանյան ֆինանսական շուկայում փոխարժեքի կտրուկ փոփոխություններ է արձանագրում, վերջին դեպքերը նույնպես բացառություն չեն․ ԿԲ միջամտությամբ խնդիրը հարթվել է,  սակայն բանկը կոչ է անում չտրվել կարճաժամկետ սպասումներ ձևավորելուն: Այս մասին ասուլիսում ասաց ԿԲ  ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ շարժեր է նկատվոմ արտարժույթի շուկայում: Գրիգորյանը նախ հիշեցրեց, որ Հայաստանում արտարժույթի շուկան կամ փոխարժեքն ըստ էության ազատ լողացող է, ԿԲ-ն միջամտում է արտարժույթի շուկային միայն ծայրահեղ դեպքերում՝ հարթելու շուկայի պոտենցիալ կամ հնարավոր խիստ տատանողականությունը: «Այս վերջին դեպքերը նույնպես բացառություն չեն, երբ ԿԲ-ն միջամտել է շուկային՝ զուտ հարթելու համար, որպեսզի խիստ տատանողականություն մենք չունենանք: Սակայն արդեն որերորդ ճգնաժամն է, որ մենք տեսնում ենք՝ մեզ մոտ տեղի են ունենում բազմաթիվ սպեկուլյատիվ տատանումներ, որտեղ փոխարժեքի կտրուկ փոփոխություններ են կատարվում: Մեր հորդորը միշտ եղել է և շարունակում է մնալ՝ չտրվել կարճաժամկետ տատանումների նկատմամբ տարբեր սպասումներ ձևավորելուն: Պետք է պարզապես հավատալ մեր դրամին, մեր քաղաքականությանը»,-ասաց նա: Գրիգորյանը նկատեց՝ այս պահին առկա է վերադարձ այն բնականոն նորմալ ֆինանսական շուկային ընթացքին, որը եղել է ճգնաժամից առաջ: «Մեր արժույթը դրամն է, պետք է հավատանք հայկական դրամին, աշխատենք դրամով, մտածենք դրամով»,-եզրափակեց նա:
17:30 - 15 ապրիլի, 2020
Կառավարության օժանդակության ծրագրերին դիմել են ավելի քան 800 կազմակերպություն․ Անդրանիկ Գրիգորյան

Կառավարության օժանդակության ծրագրերին դիմել են ավելի քան 800 կազմակերպություն․ Անդրանիկ Գրիգորյան

Ցանկանում եմ նշել, որ դեռևս 2019 թվականի վերջին արդեն ֆինանսական համակարգը բավականին հաջող տարի փակեց և բավական լավ տեմպերով սկսվել էր 2020 թվականը՝ մինչև կորոնավիրուսի  ի հայտ գալը։ Մինչև այս ճգնաժամի սկսելը ֆինանսական համակարգի համար կային բավական լավ հիմքեր, որպեսզի համակարգը փորձի բազմաթիվ քայլերի միջոցով օգնելու թե՛ տնտեսությանը, թե՛ հաճախորդներին և թե՛ ընդհանրապես տնտեսական ակտիվությանը գլուխ բերելու այս կորոնավիրուսային ճգնաժամը։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում  ասաց ԿԲ ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը։ Գրիգորյանը նշեց, որ դեռեևս մարտի սկզբից, երբ կային որոշակի  նշույլներ, որ կորոնավիրոսային ճգնաժամը կարող է ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա, Կենտրոնական բանկը ֆինանսական համակարգի հետ սկսել է ամենօրյա շփումներ և քննարկումներ ամենօրյա քայլերի վերաբերյալ, որպեսզի մեղմվի ճգնաժամի ազդեցությունը տնտեսության վրա։ «Հիմնական քայլերից մեկն այն է,  որ բանկերի  և բանկային միության կողմից հայտարարություն տարածվեց, որ բոլոր բանկերը և բանկային կազմակերպությունները պատրաստ են հաճախորդների հետ աշխատել անհատական մոտեցմամբ, որպեսզի  վերանայեն հաճախորդների վարկերի պայմանները, իրականացնեն ժամկետների երկարաձգում և այլն։ Այս ամենն իրականացվեց պայմանով, որ հաճախորդները, մոտակա երկու երեք ամսիների ընթացքում վերանյումների պատճառով չպետք է ունենան խնդիրներ իրենց վարկային պատմության հետ և  հետագայում չպետք է ունենան խնդիրներ՝ վարկային բեռի մեծացման մասով»,- հավելեց  Գրիգորյանը։ Գրիգորյանը ընդգշեց, որ ԿԲ-ն նվազեցրել է բանկերի  վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՝ 0,25 կետով, որը նման իրավիճակներում, որոշ երկրների կողմից համարվում է ոչ սպասված քայլ, բայց ամեն դեպքում ԿԲ-ն իրականացրել է այս քայլը, որպեսզի սպասվող ճգնաժամը ավելի մեծ հետևանքներ չունենա։ Բանկերի հետ աշխատանքի վերաբերյալ Գրիգորյանն ասաց՝ «Միևնույն ժամանակ ԿԲ-ն աշխատեց բանկերի հետ և բանկերը նույնպես հայտարարություն տարածեցին, որպեսզի բոլոր ծրագրային, հիպոտեկային և միջազգային ծրագրերով տրամադրված բզինես վարկերը վերանայվեն և հաճախորդներին հնարավորություն տրվի մինչև վեց ամիս ժամկետով երկարաձգել մարումները ՝ կամ այդ ժամանակահատվածում  վճարումներ չկատարել։ Ինչը հնարավորություն կտաա նրանց կուտակել լրացուցիչ կանխիկ միջոցներ՝ իրացվելիության խնդիրները լուծելու համար»։ Բանկերի հետ աշխատանքի արդյունքում որոշում է կայացվել վերանայել բանկերի կարգավորման ռեժիմը, ինչը հնարավորություն կտա բանկերին փոքր ինչ ճկուն ձևով սպասարկել տնտեսությանը և տրամադրելու վարկեր՝ սպասարկելու , օժանդակելու և իրականցնելու կառավարության օժանդակության ծրագրերի ընթացիկ հոսքը դեպի տնտեսություն։ «Կառավարությունը օժանդակում և սուբսիդավորում է այն կազմակերպություններին, որոնք վարկեր են վերցնում աշխատակիցների աշխատավարձերը վճարելու համար։ Այդ վարկերը տրամադրվում են 0 տոկոս տոկոսադրույքով։Կառավարության օժանդակության ծրագրերին դիմել են ավելի քան 800 կազմակերպություն։ Այդ ծրագրերի նպատակները բազմազան են՝ աշխատավարձեր, հումք- նյութեր, սարքավորումներ և այլն։  Բանկերի կողմից կա բավարարված շուրջ 220 հայտ, որի  ընդհանուր ծավալը կկազմի 10 միլյարդ դրամ, ինչը կարծում եմ լավ ցուցանիշ է։ Ծրագրերը դեռ շարունակվում են և կարծում եմ այս թվերը կավելանան»,- եզրափակեց Գրիգորյանը ։ 
17:19 - 15 ապրիլի, 2020