Քրիստինե Գրիգորյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն է՝ 2022թ․ հունվարի 24-ից։

Ծնվել է 1981թ․ օգոստոսի 27-ին Սեւան քաղաքում։

1998-2002 թթ. սովորել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում, 2002-2004թթ.՝ նույն բաժնի մագիստրատուրայում։ 2006-2008թթ․ սովերել է Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։

2004- 2009թթ.  եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչության մասնագետ, 2009 մարտ-հոկտեմբեր ամիսներին աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունում որպես թարգամանիչ-իրավաբան, 2009-2011 թթ․ եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական՝ իրավական հարցերով, 2011-2014 թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական (վերջին երկու տարին համատեղությամբ աշխատանք), 2012-2014 թթ․ ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական՝ իրավական հարցերով, 2014-2015թթ․ եղել է ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում թիմի ղեկավար (ընթացակարգերի եւ կանոնակարգերի բարելավման բաղադրիչ)։

2015-2018թթ․՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետն է եղել, 2018թ.-2019թթ. առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական (միջազգային իրավական հարցեր), 2019թ. հունվարից մինչեւ 2019 թվականի հուլիսը եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական (միջազգային իրավական հարցեր):

ՀՀ վարչապետի 2019 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

2022թ․ հունվարի 24-ին ԱԺ-ն 68 քվեով Գրիգորյանին ընտրել է ՀՀ մարդու իրավունքների 5-րդ պաշտպան։

Պարեկային ծառայություն ստեղծելու օրինագիծն արժանացավ դրական եզրակացության |armenpress.am|

Պարեկային ծառայություն ստեղծելու օրինագիծն արժանացավ դրական եզրակացության |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծին, որով առաջարկվում է ստեղծել նոր՝ պարեկային ծառայություն, որը կփոխարինի այժմ գործող պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը: Նախագիծն ԱԺ նիստում կքննարկվի երկրորդ ընթերցմամբ: Պարեկային ծառայությունն էականորեն տարբերվելու և փոխարինելու է այժմ գործող ոստիկանության երկու արտաքին ծառայություններին՝ պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը: Պարեկային ծառայողների համալրումը տեղի է ունենալու բացառապես բաց մրցույթով, ծառայողների ընտրության և նրանց 5-­ամսյա ծրագրով վերապատրաստման կրթական ծրագիր իրականացնելու արդյունքում: Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանըհանձնաժողովի նիստում ներկայացրեց քննական գործընթացի մանրամասները: «Մեկ ամսից ավելի կպահենք հայտարարությունը, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ հասցնեն դիմել: Հուլիս-սեպտեմբեր ամիսներին կանցկացնենք դիմումատուների քննական գործընթացը՝ առողջական վիճակի, ֆիզիկական վիճակի ստուգում, ընդհանուր կարողությունների ստուգում, հարցազրույց»,- ասաց Գրիգորյանը: Ծառայությունն առաջին փուլով գործարկվելու է Երևանում մինչև 2021 թվականի առաջին եռամսյակը, այնուհետև ամբողջ հանրապետությունում՝ մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը: Նոր պարեկային ծառայությունն ունենալու է նոր համազգեստ, լրիվ նոր հագեցվածություն զենքի հատուկ միջոցներով, տրանսպորտային միջոցներով, տեխնիկական սարքավորումներով: Նոր պարեկային ծառայության գործարկմանը զուգահեռ այս ծառայության արդյունավետությունն ապահովելու նպատակով ստեղծվելու է օպերատիվ կառավարման կենտրոն, որը զանգերի, ահազանգերի միասնական կառավարման գործառույթներից բացի, իրականացնելու է նաև ոստիկանության արտաքին ուժերի կառավարման գործառույթներ՝ ապահովելով ստացված ահազանգերի արագ սպասարկումը, քաղաքացիներին պրոֆեսիոնալ աջակցության և խորհրդատվության տրամադրումը և այլն:
15:19 - 01 հունիսի, 2020
Արդարադատության փոխնախարարն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Արդարադատության փոխնախարարն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն  այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին՝ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիի գլխավորությամբ: Փոխնախարարը ողջունել է գործընկերներին Արդարադատության նախարարությունում և սերտ փոխգործակցության պատրաստակամություն հայտնել: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատաիրավական բարեփոխումների շրջանակում  համագործակցության մի շարք հարցեր: Պաոլո Սպանտիգատին նշել է, որ համագործակցության հարցում Ասիական զարգացման բանկը բավական ակտիվ է եղել մասնավոր հատվածի  հետ և ընդգծել, որ ի դեմ Հայաստանի՝ ունեն տարածաշրջանում համագործակցության լավագույն օրինակներից մեկը: Սպանտիգատին նշել է նաև, որ դատաիրավական ոլորտի բարեփոխումների գործընթացը ևս դիտարկում են մասնավոր հատվածի գործունեության համար առավել բարենպաստ միջավայրի ձևավորման լույսի ներքո, և այդ նպատակի համար պատրաստ են համագործակցել և´ Արդարադատության նախարարության, և´ Բարձրագույն դատական խորհրդի հետ: Փոխնախարար Գրիգորյանը գործընկերներին ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից նախաձեռնած դատաիրավական ոլորտի բարեփոխումների այն շրջանակը, որը սերտ առնչություն ունի մասնավոր հատվածի գործունեությանը և գործարար միջավայրի խթանմանը: Մասնավորապես՝ անդրադարձել է էլեկտրոնային գործիքակազմի ներդրմամբ դատական համակարգի արդյունավետության բարձրացմանը, արբիտրաժի ինստիտուտի կայացմանը, ինչպես նաև սնանկության գործերի քննման ժամանակահատվածի կրճատմանն ու թափանցիկության բարձրացմանը: Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը հետագա համագործակցության հարցերի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
15:44 - 09 մարտի, 2020
Արդարադատության փոխնախարարն ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի բարձրաստիճան պատվիրակությանը

Արդարադատության փոխնախարարն ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի բարձրաստիճան պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղար Թոմաս Գարեթի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը։ Համայնքի գլխավոր քարտուղարը ներկայացրել է այցի նպատակը՝ նշելով, որ ցանկանում են լսել Կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների տեսակետները Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ, ինչպես նաև ընդլայնել համագործակցության շրջանակը Հայաստանի  և Ժողովրդավարությունների համայնքի միջև: Փոխնախարարը ողջունել է բարձրաստիճան հյուրերին Արդարադատության նախարարությունում և ներկայացրել նախարարության կողմից մշակված ռազմավարությունները և երկրում ժողովրդավարության խթանմանն ուղղված ջանքերը: Մասնավորապես՝ Քրիստիննե Գրիգորյանը գործընկերներին ներկայացրել է Դատաիրավական, Հակակոռուպցիոն և ՄԻՊ ռազմավարություններն ու դրանց գործողությունների ծրագրերով նախատեղված բարեփոխումների ծավալուն շրջանակը: Անդրադառնալով դատական բարեփոխումների գործընթացին՝ որպես վերջնարդյունք փոխնախարարը նշել է անկախ, անաչառ և արդյունավետ դատական համակարգի ձևավորումը: Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում փոխնախարարը ներկայացրել է դրա կանխարգելիչ, կրթական ու քննչական բաղադրիչները և անդրադարձել Հակակոռուպցիոն կոմիտեի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ինչպես նաև կոռուպցիոն գործեր քննող դատարանի ձևավորման գործընթացներին: ՄԻՊ ազգային ռազմավարության շրջանակում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է ընտանիքում բռնության կանխարգելման ուղղությամբ և անչափահասների արդարադատության ոլորտում կատարված աշխատանքները: Պատասխանելով բարեփոխումների առաջնահերթություններին առնչվող գործընկերոջ հարցին՝ փոխնախարարը նշել է, որ թեև ռազմավարությունները մշակվել են 2-4 տարիների համար, սակայն դրանց գործողությունների ծրագրերում հստակ նախանշված են բարեփոխումների առաջնահերթությունները կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ միջակայքերում: Ամփոփելով խոսքը՝ փոխնախարար Գրիգորյանն ընդգծել է, որ չնայած բարեփոխումների լայնածավալ շրջանակին՝ հանրության սպասումներն ավելին են, և դա ընկալելի է Կառավարության համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել մի շարք այլ հարցերի ևս: Ափոփելով հանդիպումը՝ կողմերը համագործակցության խորացման պատրաստակամություն են հայտնել:
15:57 - 28 փետրվարի, 2020
Ի՞նչ բարեփոխումներ են իրականացվել դատաիրավական, հակակոռուպցիոն եւ ՄԻՊ ոլորտներում. ԱՆ փոխնախարարը ԱԺ-ում է |news.am|

Ի՞նչ բարեփոխումներ են իրականացվել դատաիրավական, հակակոռուպցիոն եւ ՄԻՊ ոլորտներում. ԱՆ փոխնախարարը ԱԺ-ում է |news.am|

news.am: Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը մասնակցում է  Ազգային ժողովում հրավիրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին նվիրված խորհրդարանական լսումներին: Ելույթի ընթացքում փոխնախարարը ներկայացրել է Համաձայնագրով նախատեսված բարեփոխումների օրակարգը, հիմնական ուղղություններն ու անդրադարձել Կառավարության ռազմավարական տեսլականներին՝ դրանցից առանձնացնելով Դատաիրավական բարեփոխումների, Հակակոռուպցիոն եւ Մարդու իրավունքների պաշտպանության, Քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի ռազմավարություններն ու յուրաքանչյուրով նախատեսված գործողությունները: Բոլոր ռազմավարությունների դեպքում, նախարարի տեղակալ Գրիգորյանի տեղեկացմամբ, մշակումն իրականացվել է մասնակցային եւ ներառական կերպով, ապահովվել են քննարկումները մարզերում, կատարվել է ֆինանսական գնահատում, հաստատվել են ռազմավարական հաղորդակցության պլանները։ Դատաիրավական ռազմավարությունով նախատեսված միջոցառումներից Քրիստիննե Գրիգորյանը հատկանշական է համարել սահմանադրական եւ ընտրական օրենսդրության բարեփոխումների կոնկրետ քայլերը, անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման շրջանակներն ու  ուղղությունները, ինչպես նաեւ դատավորների անկախության, անաչառության եւ արդյունվետության ապահովմանն ուղղված գործողությունները: Վերջինի առումով փոխնախարարը մանրամասնել է, որ դրանք վերաբերում են դատավորների թեկնածուների որակավորման ստուգման եւ նշանակման, դատավորների եւ ԲԴԽ անդամների կարգապահական պատասխանատվության գործընթացի, բարեվարքության գնահատման ընթացակարգերի հստակեցմանը, ինչպես նաեւ թիրախավորվել են դատավորների թվի ավելացման եւ սոցիալական երաշխիքների ամրապնդման, ծանրաբեռնվածության նվազեցման եւ գործի քննության իրապես ողջամիտ ժամկետների ապահովման հարցերի լուծումները, էլեկտրոնային արդարդատության գործիքների կիրառման ու դատական իշխանության հաշվետվողականության կառուցակարգերի բարելավման խնդիրները։ Ռազմավարության կարեւոր ուղղություններից է նաեւ իրավապահ համակարգի (դատախազության, քննչական մարմինների) եւ քրեական արդարադատության համակարգի փոփոխությունը, քաղաքացիական եւ վարչական վարույթների արդյունավետության բարձրացումը։ Անդրադառնալով Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությանը՝ Քրիստիննե Գրիգորյանը կարեւորել է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացումը եւ նշել, որ Ռազմավարությամբ սահմանվել են կանխարգելման, բացահայտման եւ քննության մարմինները, դրանց գործունեության երաշխիքներն ու համագործակցության, փոխզսպման ու հավասարակշռման մեխանիզմները։ ՄԻՊ ազգային ռազմավարությունից խոսելով՝ փոխնախարարը կարեւորել է այն հանգամանքը, որ դրանով տրվել է մարդու իրավունքի պաշտպանության իրավիճակի գնահատականը, անդրադարձ է կատարվել նախորդ ռազմավարությունների իրականացման արդյունքներին, ինչպես նաեւ պետության հոգածության ներքո գտնվող, կյանքի համար վտանգավոր իրավիճակներում հայտնված անձանց կյանքի իրավունքի պաշտպանության խնդիրներին: Ամփոփելով խոսքը՝ Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության գործընկերներին՝ ռազմավարությունների մշակման աշխատանքներում նախարարությանն աջակցելու, կարեւոր խորհրդատվությամբ ապահովելու համար եւ ընդգծել, որ ռազմավարական պլանավորման եւ իրականացման գործընթացին մեծապես նպաստել է Արդարադատության ոլորտի երկխոսության ձեւաչափը, որը, լինելով ոլորտի բոլոր շահառուների, ներառյալ՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավման հարթակ, միանշանակ ապացուցել է իր արդյունավետությունը։  
15:15 - 26 փետրվարի, 2020
Տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի հանրային քննարկումը

Տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի հանրային քննարկումը

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի հանրային քննարկումը: Այն կազմակերպվել էր «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից, որին մասնակցում էին պետական և մասնավոր հատվածի շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ: Փոխնախարար Գրիգորյանը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել գործընկեր հասարակական կազմակերպություններին շարունակական համագործակցության և նման քննարկում կազմակերպելու համար, ինչպես նաև աշխատաժողովի մյուս մասնակիցներին՝ իրենց ցուցաբերած հետաքրքրվածության ու ներգրավվածության համար: Քրիստիննե Գրիգորյանի խոսքով՝ որպես նպատակ՝ բարեփոխումների վերջնարդյունքը պետք է լինի հանրության վերաբերմունքի դրական փոփոխությունը ոստիկանության հանդեպ: Փոխնախարարը, որպես ռազմավարական բարեփոխումների հաջողության երկարաժամկետ գրավական, կարևորել է նաև ներառականությունը՝ սկսած օրենդրական մշակումից, մինչև պրակտիկ կիրառություն և հաշվետվողականություն: Ռազմավարության սեկտորալ քննարկման բովանդակային փուլի ժամանակ փոխնախարարը ներկայացրել է բարեփոխումների հիմնական ուղղությունները, անդրադարձել ոստիկանական կրթության ոլորտում սպասվող փոփոխություններին, քաղաքական պատասխանատվությամբ օժտված կառուցվածքի ձևավորմանը, Պարեկային ծառայության ներդրմանը, օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծմանը, համայնքային ոստիկանության գործառույթների վերանայմանն ու  Ոստիկանության զորքերում նախատեսվող փոփոխություններին: Հաջորդիվ, տեղի է ունեցել հարցուպատասխանը քննարկման մասնակիցների և բանախոսների միջև:
16:47 - 25 փետրվարի, 2020