Փաստերի ստուգում

ՌԴ-ի հետ սահմանի բացման առաջին օրն ավելի շատ ուղեւոր է մեկնել, քան ժամանել․ Փաշինյանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում

ՌԴ-ի հետ սահմանի բացման առաջին օրն ավելի շատ ուղեւոր է մեկնել, քան ժամանել․ Փաշինյանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ երկու շաբաթ առաջ՝ փետրվարի 3-ին, շրջում էր Արտաշատ քաղաքում, զրուցում բնակիչների հետ։ Քաղաքացիներից մեկի հետ հանդիպման ժամանակ, խոսելով կանոնավոր չվերթների բացման դեպքում դրական տեղաշարժի մասին, նա ասաց, թե ՌԴ-ի հետ սահմանը բացվելու առաջին օրն ավելի շատ մարդ եկել է, քան գնացել․ «Ի միջի այլոց, որ ՌԴ-ն բացվում է, օրինակ, առաջին օրը ավելի շատ մարդ եկել է, քան գնացել: Հիմա շատ մարդ կա, որ Ռուսաստանում աշխատում են եւ նրանք մեկ տարի է՝ չեն եկել: Հիմա մտածում ենք, որ կանոնավոր չվերթները սկսեն բացվել, կսկսեն գալ ու փող կծախսեն»,- ասել է Փաշինյանը: Վարչապետի այս խոսքն արտատպվել է մի շարք լրատվականներում [1,2,3,4,], սակայն այն չի համապատասխանում իրականությանը։ ՌԴ-ի հետ երկկողմ օդային հաղորդակցությունը, փաստորեն, սկսվել է փետրվարի 1-ին։  Infocom-ը «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից գրավոր հարցմամբ տեղեկացավ, որ փետրվարի 1-ին՝ ՌԴ-ի հետ օդային սահմանի բացման առաջին օրը, ՀՀ-ից դեպի ՌԴ իրականացվել է 8 չվերթ, իսկ ՌԴ-ից դեպի ՀՀ՝ 9 չվերթ։ Սակայն նույն օրը Հայաստանից Ռուսաստան մեկնել է 1135, իսկ Ռուսաստանից Հայաստան ժամանել է 906 ուղեւոր (ներառյալ ՀՀ քաղաքացիները)։ Այսինքն՝ ՌԴ-ի հետ սահմանի բացման առաջին օրը Հայաստանից մեկնածների թիվը 229-ով ավելի է, քան ժամանածներինը։ Փետրվարի 2-ին ՀՀ-ից դեպի ՌԴ եւ հակառակ ուղղությամբ իրականացվել է 4-ական չվերթ։ Նույն օրը Հայաստանից Ռուսաստան մեկնել է 667, իսկ Ռուսաստանից Հայաստան ժամանել է 466 ուղեւոր (ներառյալ ՀՀ քաղաքացիները)։ Այսինքն՝ ՌԴ-ի հետ սահմանի բացման երկրորդ օրը Հայաստանից մեկնածների թիվը 201-ով ավելի է, քան ժամանածներինը։ Փետրվարի 3-ին ՀՀ-ից դեպի ՌԴ եւ հակառակ ուղղությամբ իրականացվել է 3-ական չվերթ։ Նույն օրըՀայաստանից Ռուսաստան մեկնել է 541, իսկ Ռուսաստանից Հայաստան ժամանել է 357 ուղեւոր (ներառյալ ՀՀ քաղաքացիները)։ Այսինքն՝ ՌԴ-ի հետ սահմանի բացման երրորդ օրը Հայաստանից մեկնածների թիվը 184-ով ավելի է, քան ժամանածներինը։ Ընդհանուր առմամբ՝ փետրվարի առաջին երեք օրերի ընթացքում Հայաստանից ՌԴ մեկնածների թիվը 614-ով ավելի է, քան ժամանածներինը։ Ուստի Փաշինյանի հայտարարությունը, թե ՌԴ-ի հետ սահմանի բացման առաջին օրը ավելի շատ մարդ է եկել, քան գնացել, իրականությանը չի համապատասխանում ոչ միայն փետրվարի 1-ի տվյալների մասով, այլ նաեւ երեք օրերի։  Ինչ վերաբերում է Վրաստանի տարածքով ՀՀ-ից ՌԴ եւ ՌԴ-ից ՀՀ մեկնելու ու ժամանալու հավանականությանը՝ նշենք, որ փետրվարի 1-ին ՀՀ-ից Վրաստան մեկ չվերթ է իրականացվել՝ առանց ուղեւորների։ Նույն օրը Վրաստանից Հայաստան չվերթ չի իրականացվել։ Ի հավելումն նշենք, որ փետրվարի 4-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության նիստի ժամանակ ընդհանուր տվյալներով հայտարարեց, որ նախորդ երեք օրվա ընթացքում օդային ուղիներով Հայաստանից մեկնել է 3900 մարդ, Հայաստան է եկել 3400 մարդ։ Նա նշեց, որ հայկական անձնագրով մեկնածների թիվը 1423 է, հայկական անձնագրով ժամանածների թիվը՝ 1263։ Եւ քանի որ փոխվարչապետն այս տվյալները հայտնեց դեպի ՌԴ չվերթների վերաբերյալ քննարկման ընթացքում, որոշ քաղաքացիների մոտ տպավորություն ստեղծվեց, թե տվյալները վերաբերում են կոնկրետ ՌԴ մեկնած եւ ՌԴ-ից վերադարձած ուղեւորներին։ Սակայն Infocom-ը փոխվարչապետի գրասենյակից տեղեկացավ, որ Գրիգորյանի հայտնած թվերը վերաբերում են փետրվարի առաջին երեք օրերին ՀՀ-ից տարբեր ուղղություններ մեկնած եւ վերադարձած ուղեւորներին, եւ ոչ թե միայն Ռուսաստան։ Հայարփի Բաղդասարյան
17:01 - 21 փետրվարի, 2021
Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով ավերածությունների մասին լուրը կեղծ է

Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով ավերածությունների մասին լուրը կեղծ է

Փետրվարի 13-ին ժամը 15։30-ին մայրաքաղաք Երեւանից 8 կմ դեպի հարավ-արեւելք երկրաշարժ եղավ, որը, ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների, եղել է 6-7 բալ։  Երկրաշարժը Երեւանում զգացվել է 5-6 բալ ուժգնությամբ եւ առաջացրել է ոչ մեծ փլուզումներ, 3 քաղաքացի էլ քերծվածքներով դիմել է «Էրեբունի» ԲԿ։ Երկրաշարժից հետո գրանցվել է շուրջ 46 հետցնցում։ Սրանից ժամեր անց մամուլում հայտնվեցին հրապարակումներ [1,2,3,4], համաձայն որոնց՝ երկրաշարժից ավերվել է Արարատ լեռան լանջի թուրքական ռազմաբազան, եւ կան զոհեր։ Հրապարակումները տարածվեցին նաեւ համացանցի հայկական տիրույթում եւ դարձան քննարկման առարկա։ Երկրաշարժից ավերածություն Թուրքիայում․ հի՞ն, թե՞ նոր Թուրքիայում տեղի ունեցած աղետի վերաբերյալ հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը։ Բացի նրանից, որ հրապարակման մեջ առկա նկարը հին է, այն նաեւ կապ չունի թուրքական որեւէ բազայի հետ։ «Գուգլ» նկարների որոնման համակարգի միջոցով հեշտությամբ հնարավոր է պարզել, որ նույն նկարով հրապարակումներ կան դեռեւս անցած տարվա հոկտեմբերից։  Էգեյան ծովում տեղի ունեցած երկրաշարժից Թուրքիայում այդ ժամանակ փլուզվեց առնվազն 10 շենք, զոհերի թիվը շուրջ 20 էր, վիրավորների թիվն անցավ 800-ը, որի մասին հրապարակումներ եղել են նաեւ հայկական լրատվամիջոցներով։ Երեկ հայկական տիրույթում Թուրքիայում տեղի ունեցած ավերածությունների վերաբերյալ հրապարակումներում կար նաեւ մեկ այլ լուսանկար, որը նույնպես նոր չէ։ Այս լուսանկարը համացանցում բազմիցս տարածվել է եւ ստացել տարբեր մեկնաբանություններ, թե երկրաշարժից ավերածություն է եղել այս կամ այն երկրում։ Այս նկարով հրապարակում է ունեցել նաեւ ռուսական «rbc» պարբերականը, սակայն այստեղ նույնպես նկարը չի արտացոլում եղելությունը։ Փաստն այն է, որ այս նկարը որեւէ կապ չունի Թուրքիայի եւ, առավել եւս, երեկ տեղի ունեցած երկրաշարժի հետ։ Այսպիսով՝ երեկ տեղի ունեցած երկրաշարժի՝ Թուրքիայում ավերածությունների պատճառ դառնալը իրականությանը չի համապատասխանում, իսկ տարածվող նկարները հին են։  Դրանցից մեկը, մասնավորապես, Թուրքիայում անցած տարվա հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած երկրաշարժից փլուզված շենքի նկարն էր, իսկ մյուսն առհասարակ կապ չուներ Թուրքիայի հետ եւ նույնիսկ պարզ չէ՝ նկարն իրական է, թե ոչ։ Նարեկ Մարտիրոսյան  
22:49 - 14 փետրվարի, 2021
Արցախ մուտք գործելու համար օտարերկրացիներին անհրաժեշտ չէ Ադրբեջանի թույլտվությունը

Արցախ մուտք գործելու համար օտարերկրացիներին անհրաժեշտ չէ Ադրբեջանի թույլտվությունը

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն օրեր առաջ տելեգրամյան իր ալիքում գրառում էր արել, ըստ որի՝ մի քանի օր առաջ Ֆրանսիայից մի խումբ լրագրողներ ժամանել են Հայաստան՝ Արցախ մեկնելու նպատակով, սակայն նրանց չի հաջողվել մուտք գործել Արցախ։ Գրառման համաձայն՝ ռուս խաղաղապահների հաղորդմամբ՝ մուտքի համար անհրաժեշտ է թույլտվություն վերցնել ոչ թե Հայաստանից, այլ Ադրբեջանից, քանի որ դա իրենց տարածքն է։ Ըստ հրապարակման՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ոչ պաշտոնապես կապ է հաստատել Նիկոլ Փաշինյանի հետ, վերջինս էլ դեսպանին ասել է, թե միջազգային մեդիան Արցախ մուտք գործելու համար պետք է ստանա ադրբեջանական հավատարմագիր։ Հրապարակման հաջորդ օրը նախկին դեսպանը եւս մեկ գրառում է արել՝ որպես նախորդի լրացում, ու նշել, որ ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովը նամակ է գրել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարաշակ Հարությունյանին, համաձայն որի՝ Հայաստանից Լաչինով դեպի Արցախ կարող են տեղափոխվել միայն Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիները, իսկ մնացած բոլորին Արցախ այցելելու համար անհրաժեշտ կլինի ստանալ Ադրբեջանի թույլտվությունը: Միքայել Մինասյանի գրառումներն արտատպեցին Panorama.am-ը, Yerevan.today-ը, Yerkir.am-ը, Lragir.am-ը, Mamul.am-ը եւ մի շարք այլ կայքեր։ Վերոնշյալ հարցերի պարզաբանման համար Infocom-ը կապ հաստատեց Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչյության հյուպատոսական բաժին, որի ղեկավար Լուսինե Ստեփանյանն ասաց, որ պնդումները, թե Արցախ մուտք գործելու համար օտարերկրացիներին անհրաժեշտ է Ադրբեջանի թույլտվությունը, իրականությանը չեն համապատասխանում։  Ովքեր եւ ինչ կարգով կարող են մուտք գործել Արցախ Օտարերկրյա քաղաքացիների համար գործել եւ գործում է մուտքի վիզայի ռեժիմ, որը սահմանվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» ԼՂՀ 2001 թվականի օգոստոսի 24-ի օրենքով։ Համաձայն այս օրենքի՝ օտարերկրյա քաղաքացինները կարող են Արցախ մուտք գործել Արցախի ԱԳՆ համապատասխան մարմինների տված մուտքի արտոնագրերի հիման վրա կամ Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կար­գով: Մեր զրույցում սա հաստատեց նաեւ հյուպատոսական բաժնի ղեկավարը։ Նրա խոսքով՝ վիզային ռեժիմով Արցախ մուտք գործելը նոր չէ, պարզապես կարգի որոշակի փոփոխություն կա, եւ այժմ վիզա ստանալու համար հերթագրված օտարերկրացիների ցանկը ցուցակով տրամադրվում է նաեւ ռուս խաղաղապահներին՝ Լաչինի միջանցքում վերահսկողություն իրականացնելու համար։ Մեր ճշտող հարցին, թե ռուս խաղաղապահներն արդյոք լիազորություն ունե՞ն որեւէ մեկին արգելել մուտք գործել Արցախ, Ստեփանյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ այս պահին ռուս խաղաղապահներն իրականացնում են միայն վերահսկողական գործառույթ, այսինքն՝ ստուգում են՝ արդյոք Արցախ մուտք գործող օտարերկրացիներն ունե՞ն մուտքի հաստատված վիզա, թե՞ ոչ։ Համաձայն կարգի՝ Արցախ մուտք գործելու համար օտարերկրացիները թույլտվությունը պետք է ստանան Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունից։ Այստեղ ցուցակագրում են Արցախ այցելել ցանկացողներին, որից հետո, ըստ ընթացակարգի, ցուցակն ուղարվում է Արցախի ԱԳՆ։ Այնտեղից թույլտվություն ստանալուց հետո, օտարերկրացիներին տրամադրվում է մուտքի արտոնագիր։ Ցուցակները փոխանցվում են նաեւ ռուս խաղաղապահներին՝ անցակետում խնդիրներից խուսափելու համար։ Արցախ մուտք գործելու համար Ռուսաստանի քաղաքացիները մուտքի վիզայի անհրաժեշտություն չունեն Վատիկանում ՀՀ նախկին դեսպանի երկրորդ գրառման մեջ նշվում էր, որ Հայաստանից Լաչինով դեպի Արցախ կարող են տեղափոխվել միայն Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիները: Մինասյանի պնդմամբ՝ մնացած բոլորին Արցախ այցելելու համար անհրաժեշտ կլինի ստանալ Ադրբեջանի թույլտվությունը:  Արդեն նշեցինք, որ Ադրբեջանի թույլտվությունը ոչ մի պարագայում պետք չէ, ուստի դրա վերաբերյալ գրառման մեջ առկա պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի քաղաքացիներին, ապա նրանք առանց մուտքի վիզայի կարող են մուտք գործել Արցախ։ Սա պայմանավորված է ոչ թե Ռուսաստանի՝ համատեղ հայտարարությունը ստորագրած կողմ լինելու հանգամանքով, ինչպես նշվում էր գրառման մեջ, այլ ԱՊՀ երկրների կազմում լինելու փաստով։ Մեր զրույցում վերոնշյալը հաստատեց նաեւ հյուպատոսական բաժնի ղեկավար Լուսինե Ստեփանյանը։ Այս մասին գրված է նաեւ Արցախի ԱԳՆ կայքում․ «Վրաստանի եւ ԱՊՀ երկրների (բացառությամբ Թուրքմենստանի) քաղաքացիների համար գործում է ոչ վիզային ռեժիմ, սակայն նշված երկրների քաղաքացիները պետք է հաշվառում անցնեն ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում եւ ստանան գրանցման քարտ»։ Այսպիսով՝ Մինասյանի՝ վերջին օրերին աղմուկ հանած երկու գրառումներում տեղ գտած հիմնական պնդումը, թե Արցախ մուտք գործելու համար անհրաժեշտ է Ադրբեջանի թույլտվությունը, իրականությանը չի համապատասխանում, իսկ Ռուսաստանի քաղաքացիների «արտոնյալ» մուտքի իրավունքը պայմանավորված է ԱՊՀ երկրների կազմում լինելու հանգամանքով։ Նարեկ Մարտիրոսյան
21:49 - 08 փետրվարի, 2021
Պաշտպանության նախարարությունը Infocom-ի 10 հարցումներից լիարժեք պատասխան է տրամադրել միայն մեկին

Պաշտպանության նախարարությունը Infocom-ի 10 հարցումներից լիարժեք պատասխան է տրամադրել միայն մեկին

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը 6-րդ հոդվածով հստակ սահմանում է՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալ իր փնտրած տեղեկությանը եւ դա ստանալու նպատակով հարցմամբ դիմել տեղեկություն տնօրինողին եւ ստանալ այն։ Իսկ գրավոր պաշտոնական հարցման պատասխանը պետք է տրվի 5 աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկության տրամադրման համար լրացուցիչ ուսումնասիրության դեպքում՝ 30։  Հայաստանը, որ տեղեկատվության ազատության մասին օրենսդրություն ունի տասնամյակից ավելի, մշտապես փորձել է բարելավել իր դիրքերը խոսքի ազատության միջազգային վարկանիշում։ Օրինակ՝ 2019 թվականի ապրիլի 18-ին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած «Մամուլի ազատության համաշխարհային ցուցիչ 2019» զեկույցի համաձայն՝ մեր երկիրը 19 կետով բարելավել է իր դիրքը միջազգային վարկանիշում՝ 80-րդից հայտնվելով 61-րդ տեղում:  Խոսքի ազատության բաղադրիչներից մեկն էլ տեղեկատվության ազատությունն է եւ լրատվամիջոցների հետ պետական մարմինների թափանցիկ աշխատանքը։ Լրագրողները բազմիցս են փաստել, որ Հայաստանում մամուլի միջոցներն ամենադժվարն աշխատում են ուժային կառույցների հետ, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության։ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից ի վեր՝ Infocom-ը Պաշտպանության նախարարությանն ուղղել է 10 հարցում։ Նախարարին ուղղված հարցերից միայն մեկի պատասխանն է եղել լիարժեք եւ տրամադրվել օրենքով նախատեսված ժամկետում։ 2020 թվականի նոյեմբերի 15-ին @military_arm տելեգրամ ալիքը գրել էր պաշտպանության այդժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանի եւ Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ)՝ երրորդ երկրին զենք-զինամթերքի վաճառքի գործում ներգրավված լինելու մասին՝ կից հրապարակելով փաստաթղթեր։ Սրա առնչությամբ պաշտպանության նախարարության այդժամանակվա մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը համացանցում տարածված փաստաթղթերն ու տեղեկությունները ֆեյսբուքյան գրառմամբ որակել էր լկտի սուտ եւ հավելել, որ լրագրողները կարող են պաշտոնական հարցում ուղարկել նախարարություն եւ համոզվել, որ ամբողջը հորինվածք է։  Փաստաթղթերի իսկությունը ստուգելու համար նոյեմբերի 20-ին պաշտոնական հարցմամբ դիմեցինք նախարարությանը։ Մեր հարցմանը պատասխանեցին դեկտեմբերի 2-ին, այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ՝ 3 օր ուշ։ Հարցման պատասխանում նախարարությունը նշեց, որ մերժում է տեղեկության տրամադրումը, քանի որ, իրենց մեկնաբանմամբ, փաստաթղթերն անուղղակի կապ ունեն պետական գաղտնիք պարունակող ռազմատեխնիկական նշանակության աշխատանքների մատակարարման հետ։ Շեշտենք՝ Շուշան Ստեփանյանը նշել էր, որ լրագրողները կարող են ուղարկել հարցումներ՝ համոզվելու համար, որ ամբողջը հորինվածք է։  Մեր վերոնշյալ հարցումից 40 օր անց՝ դեկտեմբերի 29-ին, առանց կրկնակի հարցում ուղարկելու, ՊՆ-ից մեզ տրամադրեցին նույն հարցերի վերաբերյալ պատասխան։ Համաձայն պատասխանի՝ շրջանառվող փաստաթղթերը համապատասխանում են իրականությանը, որոնց մի մասը Պաշտպանության նախարարության եւ Դավիթ Գալստյանին պատկանող «Mosston engeenering»-ի միջեւ կնքված պայմանագիր է, մյուս մասը՝ «Mosston engeenering»-ի եւ մեկ այլ մասնավոր ընկերության նամակագրություն։ Փաստորեն, նախարարության նախկին խոսնակի հայտարարությունը, թե փաստաթղթերը անհեթեթություն են եւ լկտի սուտ, իրականությանը չի համապատասխանում, քանի որ պաշտոնական հարցման պաշտոնական պատասխանում նշված է, որ փաստաթղթերը գոյություն ունեն եւ համապատասխանում են իրականությանը։ Մեկ այլ հարցում էլ ուղարկել էինք նոյեմբերի 20-ին։ Այս հարցմանը եւս արձագանքել են օրենքով սահմանված ժամկետից 3 օր ուշացմամբ եւ մերժել են պատասխան տրամադրել։ Տասը օր անց՝ նոյեմբերի 30-ին, Գորիս-Կապան ավտոճանապարհի վերաբերյալ հարցումով դիմել էինք նախարարությանը․ այս անգամ ստացել ենք լիարժեք պատասխան, սակայն պատասխանը դարձյալ սահմանված ժամկետից ուշ է ուղարկվել՝ 3 օր անց։  Դեկտեմբերի 3-ին 4 հարցից բաղկացած նոր հարցում ուղարկեցինք։ Դեկտեմբերի 10-ին նախարարությունից հայտնեցին, որ տեղեկությունը տրամադրելու համար հավելյալ ուսումնասիրության անհրաժեշտություն կա, եւ լրացուցիչ ժամանակ խնդրեցին։ Դեկտեմբերի 18-ին նախարարությունը տրամադրեց հարցման պատասխանը, սակայն թերի՝ բաց թողնելով մեկ հարցադրում, որը վերաբերում էր Դավիթ Գալստյանին։ Հարցման պատասխանի թերի լինելու մասին պատասխան նամակ հղեցինք նախարարությանը եւ դեկտեմբերի 25-ին նոր ստացանք ամբողջական պատասխանը։ Լրացված տեղեկությունը Դավիթ Գալստյանի՝ Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոնում գտնվելու մասին էր։  Մեր հարցին՝ ի՞նչ գործ ունի Դավիթ Գալստյանը ՊԲ մարտական կառավարման կենտրոնում, պաշտպանական գերատեսչությունը միայն մեր երկրորդ նամակից հետո էր պատասխանել, որ այդ օրը քննարկման առարկա է հանդիսացել գնումների գործընթացների շրջանակներում Զինված ուժերի կարիքների համար անհրաժեշտ համապատասխան գույքի մատակարարման գործընթացը։ Այդ դրվագն առանձնացված էր «Գոյամարտ» հաղորդման հոկտեմբերի 10-ի թողարկումից, որի ժամանակ խոսվում է, որ մարտական գործողությունները համակարգվում են ՊԲ մարտական կառավարման կենտրոնից՝ ՊԲ այդժամանակվա հրամանատար Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ։ Թողարկման մեջ ասվում է, որ այդտեղ մշակվել են զորքերից ստացվող բոլոր օպերատիվ տեղեկությունները, կատարվել վերլուծություններ, ընդունվել իրավիճակային զարգացումներից բխող որոշումներ եւ, ըստ այդմ, հետագա անելիքների վերաբերյալ խնդիրներ առաջադրվել ենթակա ստորաբաժանումների հրամանատարներին։ Նշվածին զուգորդում է կադրաշարը, որտեղ էլ երեւում են քարտեզի շուրջ հավաքված բարձրաստիճան պաշտոնյաներ, նրանց կողքին՝ Դավիթ Գալստյանը, որն էլ, ըստ նախարարության տրամադրած տեղեկության, մասնակցում էր ԶՈւ գույքի մատակարարման գործընթացի վերաբերյալ քննարկմանը։ Մեր հաջորդ հարցումը գերատեսչությանն ուղարկեցինք դեկտեմբերի 23-ին, որին պատասխանելու համար նախարարությունը խնդրեց լրացուցիչ ժամանակ։ ՊՆ-ին, մասնավորապես, խնդրել էինք տրամադրել տեղեկություն, թե նոյեմբերի 9-ին հայկական զորքերը տեղակայված եղե՞լ են Զանգելանի եւ Կուբաթլուի շրջաններում, եթե այո, ապա ո՞ր հատվածներում եւ, ի վերջո, երբ են ամբողջությամբ հետ քաշվել նշված հատվածներից։ 30-օրյա ժամկետի ընթացքում՝ հունվարի 25-ին, մերժեցին տեղեկության տրամադրումը՝ համարելով պետական եւ ծառայողական գաղտնիք։  Սակայն այս տեղեկությունը, որը նախարարությունը համարում է գաղտնի, վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը իրենց խոսքում ոչ ուղղակի, բայց հայտնել էին։ Այսպես՝ Փաշինյանը դեկտեմբերի 13-ին Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ խոսել էր Զանգելանի եւ Կուբաթլուի շրջանների վերաբերյալ որոշում կայացնելու մասին՝ նշելով, որ այս շրջանների վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ որեւէ հիշատակում չկա, որովհետեւ հայտարարության ստորագրման պահին այդ տարածքները մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, այսինքն՝ ընդամենը փոքր հատվածներն են մեզ մնացել։ Փաստացի՝ վարչապետն իր խոսքում պատասխանում է մեր՝ Պաշտպանության նախարարությանն ուղղված հարցին՝ եռակողմ հայտարարության ստորագրման պահին մեր զորքերը տեղակայված եղե՞լ են Զանգելանի եւ Կուբաթլուի շրջաններում։  Կապանի համայնքապետն էլ դեկտեմբերի 17-ին լրատվամիջոցներին ասել էր, որ մինչեւ հաջորդ օրը ժամը 17։00-ն Կապանի շահեկան դիրքերը հանձնվելու են թշնամուն։ Լրագրողի հարցին՝ դա նախատեսվո՞ւմ էր ստորագրված եռակողմ հայտարարությամբ, Փարսյանը պատասխանել էր, որ Կապանի հարակից շրջանը Զանգելանն է, Գորիսինը՝ Կուբաթլուն․ այդ համաձայնագրում Կուբաթլուի եւ Զանգելանի շրջանների վերաբերյալ որեւէ բան չկա։ Ստացվում է, որ Փարսյանի հիշատակած՝ Կապանի շահեկան դիրքերը Զանգելանի եւ Կուբաթլուի շրջաններում էին․ տրամաբանորեն՝ մեր զորքերը այնտեղից դուրս են եկել դեկտեմբերի 18-ին։ Հենց այս պատասխանն է ՊՆ-ն համարում գաղտնի։ Եւ քանի որ կառավարության ղեկավարն ու Կապանի քաղաքապետն արդեն անուղղակիորեն հայտնել են ենթադրյալ գաղտնիք պարունակող տեղեկություն, ուստի առնվազն անհասկանալի է նույն հարցերի վերաբերյալ տեղեկության տրամադրումը մերժելը։ Բացի դրանից՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ գրավոր հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում այդ մասին տեղեկություն խնդրողին պետք է գրավոր տեղեկացնել 5-օրյա ժամկետում՝ նշելով մերժման հիմքը, ինչպես նաեւ դրա բողոքարկման կարգը։ Իսկ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ 30-օրյա ժամկետում պատասխանում են միայն այն դեպքում, երբ գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք։  Իսկ ՊՆ-ն լրացուցիչ ժամկետ է պահանջել ոչ թե տեղեկություն տրամադրելու, այլ տեղեկության տրամադրումը մերժելը հիմնավորելու համար, ինչն, ըստ էության, օրենքի խախտում է։ Նույնաբովանդակ վերաբերմունքի է արժանացել նաեւ մեր՝ հունվարի 7-ի հարցումը․ սկզբում նախարարությունից տեղեկացրել են, որ հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրություն, ապա հունվարի 20-ին մերժել են պատասխան տրամադրել։ Սա եւս ժամկետի անհիմն երկարաձգում է, քանի որ, Օրենքի համաձայն, հարցման պատասխանի տրամադրումը մերժելու մասին մեզ պետք է ծանուցվեր 5-օրյա ժամկետում։ Հարցումների պատասխանները համադրելով՝ պարզ է դառնում, որ սա լրագրողների հետ Պաշտպանության նախարարության աշխատելաոճն է, քանի որ հարցումներից 3-ի դեպքում նախ տեղեկացրել են տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ լրացուցիչ աշխատանքի մասին, ապա որոշ ժամանակ անց մերժել են հարցման պատասխանը տրամադրել։ Մեր հարցումներից մեկի ժամանակ բախվեցինք գերատեսչության այս գործելաոճին, սակայն այս դեպքում ոչ միայն տեղեկությունը տրամադրելու համար հավելյալ ժամկետի անհրաժեշտությունն էր անհիմն, այլեւ պատասխան չտրամադրելը։  Հունվարի 14-ին էլ հարցումով դիմել էինք նախարարություն՝ պարզելու, թե 44-օրյա եւ 2016 թվականի 4-օրյա պատերազմների հետեւանքով քանի զինվորական եւ քաղաքացիական անձ է կորցրել վերին եւ ստորին վերջույթները կամ դրանց շարժունակությունը։ Նույնաբովանդակ հարցմամբ դիմել էինք նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն։ Պաշտպանության նախարարությունը մերժեց տրամադրել տեղեկություն՝ այն համարելով պետական եւ ծառայողական գաղտնիք, այնինչ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մեզ տրամադրեց լիարժեք պատասխան։ Համաձայն պատասխանի՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետեւանքով վերին եւ ստորին վերջույթների պրոթեզավորման կարիք ունի շուրջ 115 զինծառայող, որոնցից 17-ն արդեն դիմել են պրոթեզավորման համար։ Պաշտպանության նախարարությունը հայտնի է նաեւ լուռ մերժումներով։ Օրինակ՝ 2018 թվականին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» հարցումով դիմել էր նախարարությանը, որն այդպես էլ պատասխան չէր ստացել։ Այս տարվա հունվարի 20-ին Infocom-ը եւս մեկ հարցմամբ դիմել էր կառույցին․ մինչ օրս չունենք պատասխան։ Այսինքն՝ եթե նախորդ դեպքերում գոնե մերժել էին պատասխանի տրամադրումը կամ ուշացմամբ էին տրամադրել, այս դեպքում հարցումն ընդհանրապես մոռացել են։ Այս պահին նախարար Վաղարշակ Հարությունյանին ուղղված եւս մեկ հարցում ունենք, որի պատասխանը տրամադրելու համար, ըստ իրենց, լրացուցիչ աշխատանքի անհրաժեշտություն կա, այսինքն՝ պատասխանը կտրամադրեն 30-օրյա ժամկետում։ Պետք է նաեւ նշենք, որ մեր հարցումներից մեկը լիարժեք պատասխան է ստացել օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում։ Այսպիսով՝ վերջին երեք ամիսների ընթացքում Պաշտպանության նախարարությանն ուղղել ենք 10 հարցում, որոնցից 3-ի դեպքում ստացել ենք լրացուցիչ ժամանակի անհիմն պահանջ, ապա պատասխանի տրամադրման մերժում, 2-ի դեպքում օրենքով սահմանված ժամկետից ուշ ստացել ենք մերժում, 1-ի դեպքում հարցումը լուռ մերժվել է, այսինքն՝ պատասխան չենք ստացել, 1-ի դեպքում լրացուցիչ ժամանակից հետո տրամադրվել է թերի պատասխան, 1-ի դեպքում տրամադրվել է լիարժեք պատասխան, սակայն ուշացմամբ, 1-ի դեպքում ստացել ենք պատասխան, որ լրացուցիչ ժամանակի անհրաժեշտություն կա (ժամկետը դեռեւս չի ավարտվել), եւ միայն 1 հարցման դեպքում ենք լիարժեք պատասխան ստացել օրենքով սահմանված ժամկետում եւ կարգով։  Հավելենք՝ Հայաստանում խոսքի ազատության, դրա սահմանափակումների եւ նմանատիպ խնդիրների բարձրաձայնմամբ զբաղվող Խոսքի ազատության կոմիտեն ամեն տարի հրապարակում է զեկույց, որոնց միջոցով հնարավոր է լինում պատկերացում կազմել, թե տվյալ տարվա ընթացքում մարդկանց իրավունքների կամ տեղեկատվության ազատության խախտման քանի դեպք է գրանցվել մեր երկրում։ 2020 թվականին պաշտպանության նախարարության՝ տեղեկության տրամադրումը մերժելու կամ թերի ու ժամկետի խախտմամբ տրամադրելու 3 դեպք է ներառվել զեկույցում։ 2019 թվականի զեկույցի համաձայն՝ նմանատիպ 5 դեպք է արձանագրվել։ Այս բոլոր դեպքերում էլ Պաշպտանության նախարարությունը հիմնականում կա՛մ մերժել է հարցման պատասխանի տրամադրումը, կա՛մ էլ տրամադրել է օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ եւ թերի տեղեկություն։ Բացի այս զեկույցներից՝ գոյություն ունի նաեւ պաշտոնատար անձանց «Սեւ ցուցակ», որտեղ հայտնվում են այն գերատեսչությունների ղեկավարները, որոնք չեն պատասխանում տեղեկություն ստանալու հարցումներին կամ պատասխանում են օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ, ինչպես նաեւ անհիմն մերժում են տեղեկություն ստանալու հարցումը։ Այս «Սեւ ցուցակը» յուրաքանչյուր տարեսկզբին պատրաստում է տեղեկատվության ազատության իրացման, օրենքի խախտմամբ տեղեկության տրամադրումը մերժելու կամ չտրամադրելու դեպքերի արձանագրմամբ եւ բարձրաձայնմամբ զբաղվող «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը»։ 2020 թվականի սեւ ցուցակի 3-րդ հորիզոնականում նորանշանակ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն է։ Վերջինս «Սեւ ցուցակում» ներառվել է հարցման պատասխանը տրամադրելու համար հավելյալ 30-օրյա ժամկետ ուզելու եւ վերջնարդյունքում հարցման պատասխանը մերժելու համար։ Այս «Սեւ ցուցակում» Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները եղել են տարիներ շարունակ։ Օրինակ՝ 2018 թվականին «Սեւ ցուցակում» ներառված է եղել Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Մայիսին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ուղղված երկու հարցում էր արել, երկուսի դեպքում էլ նախարարությունը նախ լրացուցիչ ժամանակ էր խնդրել, հետո մերժել ինֆորմացիայի տրամադրումը։  Նարեկ Մարտիրոսյան
18:52 - 08 փետրվարի, 2021
Արցախի ՊԲ-ում կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում․ Արցախի ԱԽ գրասենյակի տեղեկատվության վարչության պետ

Արցախի ՊԲ-ում կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում․ Արցախի ԱԽ գրասենյակի տեղեկատվության վարչության պետ

Արցախի Պաշտպանության բանակում եւ դրան հավասարեցված ուժային այլ կառույցներում կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակի տեղեկատվության վարչության պետ Տիգրան Աթանեսյանը։ Մեր ճշտող հարցին՝ կառուցվածքային փոփոխությունը ենթադրում է կազմալուծո՞ւմ՝ ինչպիսի տեղեկություն տարածվել է մամուլում, Աթանեսյանը պատասխանեց, որ կազմալուծման որեւէ գործողություն չի նախատեսվում: ԱԽ տեղեկատվության վարչության պետից հետաքրքրվեցինք՝ կառուցվածքի փոփոխությունը ենթադրում է նաեւ կարգավիճակի՞ փոփոխություն, այսինքն՝ այլեւս չի՞ լինելու ՊԲ, Աթանեսյանն արձագանքեց, որ այս պահին մանրամասաներ չի կարող հայտնել կառույցի վերանվանման վերաբերյալ, քանզի դեռեւս հստակեցում չկա։ Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ինչ իրավական ակտի հիման վրա են նախատեսվում այդպիսի փոփոխություններ, մեր զրուցակիցը նշեց, որ Անվտանգության խորհրդում այժմ իրականացվում են գործնական ու կազմակերպական աշխատանքներ, եւ ոչ թե փաստաթղթային․ այլ մանրամասներ նա չհայտնեց։  Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում տարածվում է տեղեկություն, ըստ որի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանն արդեն տվել են իրենց համաձայնությունը, եւ Արցախի պաշտպանության բանակն առաջիկայում կկազմալուծվի։ Պնդման վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՀ պաշտպանության նախարարությունից․ խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։ Հարցման պատասխանն ստանալուն պես կհրապարակենք ՊՆ-ի մեկնաբանությունը։ Հայարփի Բաղդասարյան
14:23 - 02 փետրվարի, 2021
Հայաստանի 5 մարզերում սպանդանոցային ծագման մսամթերքի վերաբերյալ տեսչական ստուգումներ չեն իրականացվել

Հայաստանի 5 մարզերում սպանդանոցային ծագման մսամթերքի վերաբերյալ տեսչական ստուգումներ չեն իրականացվել

2017 թվականին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց, որ Հայաստանում կենդանիների մորթն այլեւս պետք է իրականացվի միայն սպանդանոցներում։ Մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող մսամթերը պետք է լիներ բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած․ որոշումը, սակայն, գործնականում կիրառության մեջ չմտավ։  Սրանից հետո պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու ժամկետը 2018 թվականի հուլիսի 1-ից տեղափոխվեց 2019 թվականի հունվարի 1-ը: Սա էլ հետաձգվեց մինչեւ 2020 թվականի հունվարի 15-ը, որից հետո Սննդի անվտանգության տեսչական մարմինն անցավ պարտադիր սպանդանոցիային մորթի խիստ հսկողության։ Սա ենթադրում էր, որ տնտեսվարողների մոտ պետք է լիներ անանսաբուժական 5-րդ ձեւ, որն ապացուցում է անասունի՝ սպանդանոցում մորթված լինելու փաստը։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիները բողոքի ակցիաներ իրականացրին՝ ընդդեմ որոշման, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության անցնելու որոշումը կհետաձգվի մինչեւ հուլիսի 1-ը։  Արդեն 2020 թվականի հուլիսի 1-ից՝ սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության անցնելու որոշումը գործածության մեջ մտնելուց հետո, հանրային սննդի, առեւտրի կետերում եւ առեւտրի իրականացման վայրերում պետք է վերամշակվեր, իրացվեր, վաճառվեր, մատակարարվեր բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած մսամթերք: Ոորոշման կայացման դրությամբ՝ Հայաստանում եղել է 45 սպանդանոց։ Infocom-ը դեռեւս մայիսին անդրադարձել էր սպանդանոցային խնդրին եւ ներկայացրել, որ այն ժամանակվա տվյալներով գործող 44 սպանդանոցներից ծառայություն մատուցում էր միայն 19-ը։  Հայաստանում ծառայություն մատուցող սպանդանոցները՝ ըստ մարզերի Գրեթե 7 ամիս է՝ գործածության մեջ է մտել սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության անցնելու որոշումը: Այս հրապարակմամբ փորձենք հասկանալ, թե քանի գործող սպանդանոց կա Հայաստանում, ինչպիսին է դրանց տեղաբաշխվածությունը եւ որքան նոր սպանդանոցներ են կառուցվել որոշումն ուժի մեջ մտնելուց հետո։ Այսպիսով՝ ըստ  ՍԱՏՄ պաշտոնական կայքում առկա տվյալների՝ Հայաստանի գործող սպանդանոցները 72-ն են, որոնցից ծառայություն մատուցում են 41-ը։  Արագածոտնի մարզում ծառայություն է մատուցում 4 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Նախկինում մարզում կար ծառայություն մատուցող միայն 1 սպանդանոց, որը խոզերի մորթ չէր իրականացնում։ Այս 7 ամիսների ընթացքում շահագործման է հանձնվել ծառայություն մատուցող 3 սպանդանոց։ Մարզում ծառայություն մատուցող սպանդանոցներից մեկը՝ «Ագաթ-777» ՍՊԸ-ն, իրավաբանական անձանց ռեգիստրում եւ Պետական եկամուտների կոմիտեի կայքում գրանցված է որպես քաղաքացիական եւ կառույցների շինարարություն իրականացնող կազմակերպություն, որը, սակայն, մսամթերքի ոլորտի հետ կապ չունեցող է։ Կոտայքի մարզում ծառայություն է մատուցում 10 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 5 սպանդանոց։ Մարզի սպանդանոցներից մեկում ծառայություն է իրականացնում «Չանախ» ՍՊԸ-ն, որն, ըստ Պետական եկամուտների կոմիտեի կայքի, զբաղվում է կաթի մշակմամբ, կարագի եւ պանրի արտադրությամբ։ Լոռու մարզում ծառայություն է մատուցում 6 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Այս մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 2 սպանդանոց։ Մարզի սպանդանոցներից մեկում ծառայություն է մատուցում «Միտք» ՍՊԸ-ն, որն, ըստ Իրավաբանական անձանց ռեգիստրի, լուծարված է։ Արարատի մարզում ծառայություն է մատուցում 3 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների ու խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 1 սպանդանոց։ Արմավիրի մարզում ծառայություն է մատուցում 6 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի մորթ։ Նախկինում կար ծառայություն մատուցող 3 սպանդանոց։ Արմավիրը միակ մարզն է, որն ունի շարժական սպանդանոց։  Տավուշի մարզում ծառայություն է մատուցում 3 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 1 սպանդանոց։ Վայոց Ձորի մարզում ծառայություն է մատուցում 1 սպանդանոց, որն իրականացնում է մանր եւ խոշոր եղջերավոր կենդանինրի, նաեւ խոզերի մորթ։ Այս մարզում վերջին 7 ամիսների ընթացքում նոր սպանդանոցներ չեն կառուցվել։ Սյունիքի մարզում ծառայություն է մատուցում 2 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 1 սպանդանոց։ Վերջին 7 ամիսներին ավելացել է եւս մեկը։ Գեղարքունիքի մարզում ծառայություն է մատուցում 4 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 2 սպանդանոց։ Մայրաքաղաք Երեւանում ծառայություն է մատուցում 1 սպանդանոց, որն իրականացնում է մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի եւ ճագարների մորթ։ Մայրաքաղաքում նախկինում կար ծառայություն մատուցող 2 սպանդանոց։  Շիրակի մարզում կա երկու սպանդանոց, սակայն դրանցից ոչ մեկը ծառայություն չի մատուցում։ Սպանդանոցային մորթի մասին որոշման գործողության մեջ մտնելու պահին էլ Շիրակում չկային ծառայություն մատուցող սպանդանոցներ։ Այս 7 ամիսների ընթացքում նույնպես շահագործման չի հանձնվել ծառայություն մատուցող որեւէ սպանդանոց։ Ստացվում է, որ չնայած արդեն 7 ամիս է՝ սպանդանոցային մորթի խիստ վերահսկողություն է իրականացվում, այնուամենայնիվ դեռ կա մարզ, որտեղ ծառայություն մատուցող սպանդանոց չկա։ Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչպես է իրականացվում այս մարզի կենդանիների մորթն ու իրացումը։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Շիրակի մարզպետարանից պատասխանեցին, որ անասնապահությամբ զբաղվող քաղաքացիները կենդանիների սպանդն իրականացնում են բակային մորթի եղանակով, իսկ մսամթերքն իրացվում է մսավաճառների միջոցով։ Այսինքն՝ Շիրակի մարզում սպանդանոցային ծագման մսամթերքի խիստ վերահսկողություն փաստացի չի իրականացվում։ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ իրականացված անասնագլխաքանակի հաշվառման համաձայն՝ այս մարզում կա 87․095 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որից 40․986 գլուխը՝ կովեր, խոզեր՝ 23․676 գլուխ, ոչխարներ եւ այծեր՝ 64․186 գլուխ։ Մեր պաշտոնական հարցմանն ի պատասխան՝ Տեսչական մարմինը նույնպես նշել էր, որ Շիրակի մարզում կա սպանդանոցի խնդիր, սակայն ցանկության դեպքում բնակիչներն իրենց կենդանիների մորթը կարող են իրականացնել հարակից մարզերի սպանդանոցներում։ Ո՞ր մարզերում են իրականացվել տեսչական ստուգումներ Սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության մասին որոշման ընդունումից ի վեր՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անցկացրել է 144 ստուգում, բայց ոչ բոլոր մարզերում։ Օրինակ՝ Երեւանում անցկացվել է 53 ստուգում, խախտումներ են հայտնաբերվել 9-ի դեպքում, Գեղարքունիքում՝ 10, խախտումներ են հայտնաբերվել 9-ում, Կոտայքում՝ 21, խախտումներ են հայտնաբերվել 16-ում, Սյունիքում՝ 35, խախտումներ են հայտնաբերվել 25-ում, Տավուշում՝ 15, խախտումներ հայտնաբերվել են 4-ում, Վայոց Ձորում՝ 10, խախտումներ հայտնաբերվել են 2-ում։  Ընդհանուր առմամբ, ստուգումներ իրականացվել են Երեւանում եւ 5 մարզերում, որոնց ժամանակ խախտումներ են հայտնաբերվել 65 տնտեսվարող սուբյեկտի մոտ։ Ինչո՞ւ մնացյալ մարզերում ստուգումներ չեն իրականացվել Հարցման պատասխանի համաձայն՝ ստուգումներ փաստացի չեն իրականացվել Լոռու, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի եւ Շիրակի մարզերում։ Հարցման պատասխանում նշված էր, որ Տեսչական մարմինը, վարչապետի հանձնարարականի համաձայն, միս-մսեղիքի սպանդանոցային ծագման վերաբերյալ ստուգումները կենտրոնացրել է առավելապես սպանդանոցներով հագեցած մարզերում։ Շիրակի մարզում սպանդանոցային ծագման մսեղիքի իրացման նկատմամբ վերահսկողություն չի իրականացվել այնպես, ինչպես իրականացվել է սպանդանոցներով հագեցված մարզերում։   Մեր զրույցում ՍԱՏՄ անասնաբուժական վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հակոբյանը հայտնեց, որ ծառայություն մատուցող սպանդանոցներով չհագեցած մարզերում վերահսկողություն չի իրականացվել վարչապետի հանձնարարականի համաձայն։ Փաստացի՝ մարզերում սպանդանոցների վերահսկողության վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտել է մասամբ, քանի որ արդեն 7 ամիս է՝ Հայաստանի մարզերից 5-ում ստուգումներ չեն իրականացվել։  Նարեկ Մարտիրոսյան
18:17 - 26 հունվարի, 2021
Հունվարին ակտիվ են դեպի Բաքու բեռնատար ինքնաթիռների թռիչքները․ 155%-ով ավելի՝ նախորդ տարվա համեմատությամբ

Հունվարին ակտիվ են դեպի Բաքու բեռնատար ինքնաթիռների թռիչքները․ 155%-ով ավելի՝ նախորդ տարվա համեմատությամբ

Նախորդ տարվա հոկտեմբերին ներկայացրել էինք, որ Արցախի դեմ սանձազերծած պատերազմում օգտագործված զինատեսակները կամ դրանց որոշ մասեր Ադրբեջանին մատակարարել էին մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Կանադան, Թուրքիան, Իսրայելը եւ այլն։ Տարածքը դիտարկելու եւ ճշգրիտ կոորդինատներ ստանալու հարցում էլ Ադրբեջանին օգնել էր ֆրանսիական արտադրության արբանյակը։ Նախապատերազմական շրջանում աշխարհի շուրջ 20 երկրների 27 քաղաքներից դեպի Ադրբեջանի Հեյդար Ալիեւի անվան օդանավակայան կատարված բեռնատար ինքնաթիռների թռիչքներին նույնպես անդրադարձել էինք, ինչից պարզ էր  դարձել, որ թռիչքներից 574-ը կամ դրանց շուրջ 18%-ն  իրականացվել էր միայն հոկտեմբերին՝ պատերազմի ամենաթեժ ամսին։ Սակայն դեպի Բաքու թռիչքներն ակտիվացել էին դեռեւս պատերազմին նախորդող ամիսներին։ Պատերազմի ավարտից հետո, ըստ տրամաբանության, դեպի Ադրբեջան թռիչքների դինամիկան պետք է որ նվազեր, սակայն այս տարվա հունվարին բեռնատար ինքնաթիռների թռիչքի կտրուկ աճ է եղել։ Այս անգամ եւս FlightRadar համակարգի միջոցով ուսումնասիրել ենք աշխարհի շուրջ 20 երկրների 26 քաղաքներից դեպի Հեյդար Ալիեւի անվան օդանավակայան բեռնատար ինքնաթիռների իրականացրած թռիչքները։ Ըստ ուսումնասիրության՝ Իտալիայի Միլան քաղաքից դեպի Բաքու այս տարվա հունվարին իրականացվել է 21 բեռնատար թռիչք։ Նշենք, որ անցյալ տարվա հունվարին Միլանից Բաքու թռիչքները եղել են 10-ը։ Հատկանշական է, որ Իտալիայի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցությունը, ըստ ադրբեջանական աղբյուրների, 2021-ին ամրապնդվում է։ Մամուլում իտալա-ադրբեջանական համագործակցության ամրագրման մասին այլ հրապարակումներ էլ կան։ Ըստ ադրբեջանական եւ ադրբեջանամետ աղբյուրների՝ այս տարի G-20 գագաթաժողովին Ադրբեջանը մասնակցելու է Իտալիայի հրավերով։ Մամուլում առկա հրապարակումներից հայտնի է, որ նախկինում Ադրբեջանն այս գագաթաժողովին մասնակցել է Թուրքիայի հրավերով։  Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից Բաքու այս ամիս իրականացվել է 3 թռիչք, անցած տարվա հունվարին՝ 1 թռիչք, Բելգիայի Բրյուսելից՝ այս ամիս 4 թռիչք, նախորդ տարի նույն ժամանակահատվածում թռիչքներ չեն գրանցվել։ Բանգլադեշի Դաքքայի օդանավակայանից դեպի Բաքու թռիչքներն այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են ավելի քան 4 անգամ՝ 13 թռիչք, Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյից՝ 9 անգամ՝ 9 թռիչք։ Այս տարվա հունվարին Ադրբեջանի եղբայր Թուրքիայի Ստամբուլի օդանավակայանից դեպի Բաքու իրականացվել է 23 թռիչք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե կրկնակի ավելի է։ Իրաքի Բասրայից Բաքու՝ 3, Աֆղանստանի Քաբուլից՝ 6 թռիչք է իրականացվել։ ԱՄՆ Չիկագոյի օդանավակայանից դեպի Բաքու այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ իրականացվել է մոտ 3 անգամ ավելի շատ՝ 24 թռիչք, Արբիլից՝ 3։ Չինաստանի Ուրումչիից` 18 թռիչք․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում թռիչքներ չեն իրականացվել։ Ժենգժոուից՝ 35 թռիչք․ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում իրականացվել է 20 թռիչք։ Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքից դեպի Բաքու իրականացվել է 7 թռիչք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 3-ով։ Այս տարվա հունվարին Գերմանիայի Ֆրանկֆուրտի օդանավակայանից դեպի Բաքու շուրջ 4 անգամ ավելի շատ՝ 58 թռիչք է իրականացվել, քան անցյալ տարի նույն ժամանակահատվածում։ Սինգապուրից Բաքու իրականացվել է 8 թռիչք, անցյալ տարի հունվարին՝ 1։ Չինաստանի Շանհայից՝ 42 թռիչք, նախորդ տարի՝ 28։  Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլից դեպի Բաքու այս տարվա հունվարին իրականացվել է 15 թռիչք, նախորդ տարի հունվարին՝ 9։ Ղազախստանի Ակտաուից՝ 4 թռիչք, Չինաստանի Հոնգ Կոնգից՝ այս տարվա հունվարին՝ 26 թռիչք, նախորդ տարվա հունվարին՝ 19։ Մալազիայի Կուալա Լումպուրից՝ 7 թռիչք, Ճապոնիայի Օսակայից՝ 11 թռիչք, Իրաքի մայրաքաղաք Բաղդադից՝ 8 թռիչք, Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվից՝ 11 թռիչք, Ղազախստանի Ատիրաուից՝ 3։ Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամից դեպի Բաքու այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ իրականացվել է 4 անգամ ավելի շատ՝ 21 բեռնափոխադրում, իսկ Գերմանիայի Լյուքսեմբուրգ քաղաքից անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 2,5 անգամ ավելի շատ՝ 18 թռիչք։ Ուսումնասիրելով այս տարվա հունվարին դեպի Բաքու իրականացված թռիչքները, պարզ է դառնում, որ ինչպես պատերազմից առաջ եւ պատերազմի ընթացքում, այդպես էլ այժմ կտրուկ աճել են դեպի Բաքու բեռնատար ինքնաթիռներով թռիչքները։ Այս տարվա հունվարին, ընդհանուր առմամբ, իրականացվել է 166 թռիչք, անցյալ տարի նույն ժամանակահատվածում՝ 65 թռիչք։ Այսինքն՝ այս տարի հունվարին բեռնափոխադրող ինքնաթիռներով թռիչքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 155%-ով։ Նշենք, որ թռիչքներում ներառված չեն ռազմական ինքնաթիռների ժամանում-մեկնումները, քանի որ դրանց տեղաշարժը FlightRadar համակարգը չի արձանագրում։ Նարեկ Մարտիրոսյան
18:53 - 25 հունվարի, 2021
Ադրբեջանի քաղաքացիների՝ Հայաստանի տարածք առանց վիզա մուտք գործելու թույլատվությունը նոր չէ

Ադրբեջանի քաղաքացիների՝ Հայաստանի տարածք առանց վիզա մուտք գործելու թույլատվությունը նոր չէ

Արտաքին գործերի նախարարությունը դեռեւս 2020 թվականի դեկտեմբերի 17-ին  հրապարակել էր այն պետությունների ցանկը, որոնք փոխադարձության սկզբունքով կարող են գալ Հայաստան առանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջի։ Այս ցանկում նշված առաջին պետությունը Ադրբեջանի Հանրապետությունն է։  Դեկտեմբերի 17-ին հրապարակված հայտարարությունը միայն այսօր է տարածվում լրատվամիջոցներում։ Այն լայն արձագանք գտավ հանրության շրջանում, քանի որ, ըստ հայտարարության, ինչպես Ադրբեջանի քաղաքացիները կարող են առանց վիզայի պահանջի մուտք գործել Հայաստան, այնպես էլ Հայաստանի քաղաքացիները Ադրբեջան։ Սա մեծ տարածում գտավ հատկապես սոցիալական ցանցերում եւ մեկնաբանվեց իբրեւ նոր որոշում։ Նո՞ր, թե՞ հին որոշում Արտաքին գործերի նախարարությունը ամեն տարի թարմացնում է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են մուտք գործել Հայաստան առանց մուտքի վիզա ձեռք բերելու։ Սա կատարվում է փոխադարձության սկզբունքով, ինչն էլ ենթադրում է, որ Հայաստանի քաղաքացիություն ունեցող անձինք նույն երկրներ կարող են մտնել առանց մուտքի վիզա ձեռք բերելու։  Այս ցանկում Ադրբեջանի ներգրավվածությունը նոր չէ։ Չնայած այն հանգամանքին, որ ամեն տարի ցանկը թարմացվելուց հետո հին ցանկը չի պահպանվում, այնուամենայնիվ հնարավոր եղավ գտնել հին փաստաթղթերից երկուսը, որոնք նույնպես հաստատում են, որ Ադրբեջանը նոր չէ, որ ընդգրկվել է ցանկում։ Մամուլում նույնպես տարբեր ժամանակներում եղել են հրապարակումներ, որոնք փաստում են, որ սա նոր որոշում չէ։ 2008 թվականի հունիսի 10-ին Արմենպրես լրատվական գործակալությունը գրել էր, որ փոխադարձության սկզբունքով Հայաստան կարող են մուտք գործել 30 երկրի քաղաքացիներ, որոնցից մեկն էլ Ադրբեջանն էր։ 2014 թվականի փետրվարի 4-ի թարմացված ցանկում, ինչպես նաեւ 2018 թվականի ապրիլի 3-ի ներկայացված ցանկում նույնպես Ադրբեջանը ներառված եղել է։ Ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի հետ առանց վիզայի մուտքի ռեժիմ սահմանելը Հայաստանը եւ Ադրբեջանը հանդիսանում են Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրներ։ Հայաստանն ԱՊՀ կազմում է 1992, իսկ Ադրբեջանը՝ 1993 թվականից։ ԱՊՀ կանոնադրությունը հաստատվել է 1993 թվականի հունվարի 22-ին։ Համաձայն կանոնադրության առաջին գլխի երկրորդ հոդվածի՝ ապահովվում է քաղաքացիների ազատ տեղաշարժը ԱՊՀ տարածքում։ Այսինքն՝ Ադրբեջանի հետ առանց վիզայի մուտքի ռեժիմի փոխադարձ սահմանումը նախատեսված է ԱՊՀ կանոնադրությամբ։ Մեր զրույցում ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը նշեց, որ առանց վիզայի մուտքի ռեժիմը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դե ֆակտո չի գործում։ Գործում է միայն հատուկ թույտվության ռեժիմը, որը տրամադրում են իրավասու մարմինները՝ հատուկ ընթացակարգով։ Նարեկ Մարտիրոսյան
20:30 - 08 հունվարի, 2021
Տավուշի 5 գյուղ եւ կարեւոր ճանապարհահատվածի մի մաս Ադրբեջանին չի անցնի․ շրջանառվում է մի քանի անգամ հերքված տեղեկություն

Տավուշի 5 գյուղ եւ կարեւոր ճանապարհահատվածի մի մաս Ադրբեջանին չի անցնի․ շրջանառվում է մի քանի անգամ հերքված տեղեկություն

Երեկ՝ նոյեմբերի 7-ին համացանցում կրկին շրջանառվում էին լուրեր Տավուշի մարզի 5 գյուղի եւ կարեւոր ճանապարհահատվածի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու մասին։ Այս անգամ նման բովանդակությամբ նյութ էր հրապարակել Pastinfo.am լրատվական կայքը։  Նյութը վերահրապարակել էին նաև մի քանի այլ լրատվական կայքեր, այդ թվում՝ 7or.am, mamul.am, bavnews.am։ Ոսկեպար համայնքի ղեկավար Սուրեն Մախսուդյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում պնդել էր, որ դրանք ընդամենը խոսակցություններ են․ «Ընդամենը ժողովրդի մեջ խոսակցություններ են ու ոչ մի լուրջ բան չկա․․․ Այս պահին ոչ մի տարածք ոչ մեկին չունենք զիջելու, ապրում ենք մեր գյուղում, մնացած գուշակությունները չեմ կարող անել»։  Չնայած այն հանգամանքին, որ Ոսկեպարի ղեկավարն ասել է՝ ոչ մի լուրջ բան չկա, եւ ոչ մի տարածք չի հանձնվելու Ադրբեջանին, այնուամենայնիվ «Փաստինֆոն» նյութի վերնագրում նշել է, թե Տավուշի 5 գյուղ եւ կարեւոր ճանապարհահատվածի մի մասը Ադրբեջանի հսկողության տակ կանցնի։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը Infocom-ի հետ զրույցում տարածվող տեղեկություններն անվանեց ապատեղեկատվություն։ Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո պարբերաբար լուրեր են շրջանառվում Տավուշի մարզից Ադրբեջանին տարածքներ զիջելու, ապա՝ դրանց հերքման վերաբերյալ։ Նոյեմբերի 10-ին վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել էր Տավուշի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները, ավելի ուշ՝  նոյեմբերի 27-ին էլ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էր հերքել այս՝ նորից շրջանառվող տեղեկությունները։ Տավուշի մարզի գյուղերին վերաբերող տեղեկություններ հերքել է նաեւ Պաշտպանության նախարարությունը։   Ինչու՞ է ժամանակ առ ժամանակ Տավուշի գյուղերի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցնելու վերաբերյալ լուրեր շրջանառվում։ Նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից հետո համացանցում լուրեր տարածվեցին, թե մինչեւ նոյեմբերի 20-ը պետք է Ադրբեջանին հանձնվեն Ղազախի շրջանի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող գյուղերը, որոնք Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հատվածում են։ Այս մասին հայտարարել էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Այդ կետը, սակայն, տեղ չգտավ պաշտոնական եռակողմ հայտարարության մեջ։  1990-1991 թվականներին Հայաստանն իր վերահսկողության տակ է վերցրել ադրբեջանական 8 գյուղ, որոնցից 7-ը եղել է Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանից (Տավուշի դիմաց)։ Դրանք են՝ Վերին Ոսկեպար (Յուխարը Աքսիպարա) , Ներքին Ոսկեպար (Աշաղը Աքսիպարա) , Բաղանիս-Այրում, Բարխուդարլու, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի, Սոֆուլու։ Իսկ 8-րդը Արարատի մարզի Պարույր Սեւակ եւ Զանգակատուն գյուղերի միջեւ գտնվող Տիգրանաշեն (Քյարքի) գյուղն է, որը վարչականորեն պատկանում է Նախիջեւանին։ Մեր զրույցում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղարը հերքեց նաեւ Տիգրանաշենի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցնելու մասին պարբերաբար տարածվող լուրերը։ Օրեր առաջ սա հերքել է նաեւ Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը։ Նարեկ Մարտիրոսյան
16:05 - 08 հունվարի, 2021
Ադրբեջանի հսկողության տակ անցած 193 բնակավայրերը. ամփոփ տվյալներ

Ադրբեջանի հսկողության տակ անցած 193 բնակավայրերը. ամփոփ տվյալներ

Նոյեմբերի 10-ի՝ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան եռակողմ հայտարարության ստորագրումով Արցախի 121 համայնք անցավ ադրբեջանական վերահսկողության տակ։ Դեկտեմբերի 9-ին Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակեց հիշյալ բնակավայրերի ամբողջական ցանկ, համաձայն որի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնում Քաշաթաղի շրջանի 54 համայնքներից 50-ը՝ բացառությամբ Բերձոր, Աղավնո, Սուս եւ Քարեգահ համայնքների: Ընդհանուր առմամբ՝ Քաշաթաղի շրջանում կա 109 բնակավայր, որոնցից Ադրբեջանի վերահսկողության տակ են 102-ը։ Infocom-ը ներկայացնում է Ադրբեջանի հսկողության տակ անցած բնակավայրերի, դրանց արդեն նախկին բնակչության վերաբերյալ ամփոփ տվյալներ՝ հիմնվելով Հակոբ Ղահրամանյանի՝ 2015 թվականին հրատարակված «ԼՂՀ վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի տեղեկատու» գրքում առկա տեղեկությունների վրա։ Այսպես, Քաշաթաղի ընդհանուր բնակչությունը կազմել է 10․380 մարդ, որից 7770-ը տեղաբաշխված են եղել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։ Ընդհանուր եղել է 2884 տնտեսություն, որից 2162-ը նույնպես տեղաբաշխված են եղել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։  Քաշաթաղի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի, դպրոցների եւ եկեղեցիների թիվը Համաձայն Արցախի տեղեկատվական շտաբի ներկայացրած աղյուսակի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ է անցնում Մարտակերտի շրջանի 43 համայնքներից 8-ը։ Ընդհանուր առմամբ՝ Մարտակերտի շրջանում կա 64 բնակավայր։ Այս շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած 13 բնակավայրերի բնակչության թվաքանակը կազմել է 2915 մարդ, կար 866 տնտեսություն։ Մարտակերտի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի, դպրոցների եւ եկեղեցիների թիվը Շահումյանի շրջանը կազմված է 52 համայնքից, որոնց մի մասը նախկինում եղել է Ադրբեջանի վերահսկողության տակ, մի մասն էլ 90-ականների պատերազմից հետո չի բնակեցվել։ Շահումյանի շրջանում ընդհանուր առմամբ բնակեցված է եղել 16 համայնք (19 բնակավայր)։ Կառավարության հրապարակած ցանկի համաձայն՝ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել բոլոր 16 համայնքները։ Սակայն, ինչպես հետագայում պարզ դարձավ, Չարեքթար եւ Ակնաբերդ համայնքները մնում են հայկական կողմի վերահսկողության տակ։ Այսպիսով՝ Ադրբեջանին են անցնում Շահումյանի շրջանի 14 համայնքներ (17 բնակավայրեր)։ Այս 14 համայնքների բնակչության թվաքանակը կազմել է 2759 մարդ, կար 556 տնտեսություն։ Հադրութի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի, դպրոցների եւ եկեղեցիների թիվը Հադրութի շրջանի 30 համայքներից 28-ն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այստեղ բնակավայրերի թիվը 48 է, որոնցից 5-ը բնակեցված չեն եղել։ Այսպիսով՝ Հադրութի շրջանից Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 42 բնակավայր։ Նշված բնակավայրերում բնակչության թվաքանակը կազմել է 11․936 մարդ, եղել է 3346 տնտեսություն։ Հադրութի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի, դպրոցների եւ եկեղեցիների թիվը Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան եռակողմ հայտարարության ստորագրումով Ադրբեջանի հսկողության տակ անցան նաեւ Շուշիի շրջանի Շուշի, Քարին տակ եւ Քիրսավան բնակավայրերը։ Այս երեք բնակավայրերի բնակչության թվաքանակը կազմել է 5106 մարդ, կար 1772 տնտեսություն։ Շուշիի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի, դպրոցների եւ եկեղեցիների թիվը Ասկերանի շրջանից Ադրբեջանի հսկողության տակ է անցել 8 բնակավայր։ Այս բնակավայրերի բնակչության ընդհանուր թվաքանակը կազմել է 2609 մարդ, եղել է 644 տնտեսություն։ Ասկերանի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի, դպրոցների եւ եկեղեցիների թիվը Ցանկի համաձայն՝ 7 բնակավայր էլ Մարտունու շրջանից է անցել Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս բնակավայրերի բնակչության թվաքանակն ընդհանուր կազմել է 2598 մարդ, կար 643 տնտեսություն։ Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի, դպրոցների եւ եկեղեցիների թիվը Ընդհանուր առմամբ, Արցախի բնակավայրերի ընդհանուր թիվը 380 է, որից 33-ը բնակեցված չի եղել, 29-ը նախկինում եղել է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ ահա այս պատերազմից եւ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո համայնքներից եւս 193-ն անցան Ադրբեջանին։ Փաստացի, Արցախի՝ հայկական վերահսկողության տակ եղած 351 բնակավայրերից Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 193 բնակավայր կամ Արցախի բնակավայրերի 55%-ը։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի, դպրոցների եւ եկեղեցիների ընդհանուր թիվը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերին առավել պատկերավոր եւ մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված քարտեզի միջոցով։ Դիտել Google Earth-ի միջոցով   Նարեկ Մարտիրոսյան
19:08 - 31 դեկտեմբերի, 2020
Կառավարությունը չի հրաժարվել զոհերի ընտանիքներին հասանելիք 10 միլիոնները տալ. Մեսրոպ Մանուկյանը եւ Politik-ը սխալ են ներկայացնում իրողությունը

Կառավարությունը չի հրաժարվել զոհերի ընտանիքներին հասանելիք 10 միլիոնները տալ. Մեսրոպ Մանուկյանը եւ Politik-ը սխալ են ներկայացնում իրողությունը

Դեկտեմբերի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հասարակական գործիչ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանը հայտարարել էր, թե կառավարությունը չի ուզում անհայտ կորած զինծառայողների հասանելիք գումարը տալ. «Ամեն անհայտ կորած զինծառայողի կարգավիճակի դիմաց 10 մլն միանվագ պետք է վճարեն, որից հետո ամեն ամիս 200 հազար դրամ: Իրենք, որպես լավություն, ուզում են այդ ընտանիքների վրա ծախել 300 հազար դրամ ամսական աջակցությունը: Այդ 300 հազար դրամը ոչ թե լավություն եք անում, աջակցում եք այդ ընտանիքներին, այլ հակառակը՝ այդ մարդկանց իրենց հասանելիքից քիչ գումար եք տալիս: 10 մլն դրամ պետք է միանվագ վճարեին, ամսական էլ նվազագույնը 200 հազար դրամ տային, հիմա ասում են՝ մենք ձեզ 6 ամիս տանք, հետո հասկանանք ձեր կարգավիճակը, հետո էլի տանք: Գործող կառավարությունը թող չմտածի, թե ինքը այդ քայլով լավություն է անում ընտանիքներին: Դուք նրանց հասանելիքը նույնիսկ չեք ուզում տալ»,- մասնավորապես ասել էր Մանուկյանը: Վերջինիս խոսքերը տարածել էին նաեւ լրատվամիջոցները։ Դրանցից Politik.am-ը, սակայն, Մանուկյանի ասածը ներկայացրել է փոփոխված՝ տեսանյութը վերնագրելով՝ «Կառավարությունը հրաժարվում է զոհված զինծառայողների հարազատներին տրամադրել իրենց հասանելիք 10 մլն ՀՀ դրամները»: Սակայն կառավարության՝ դեկտեմբերի 17-ի նիստում խոսվել է ոչ թե զոհված կամ անհետ կորած զինծառայողներին փոխհատուցում տրամադրելու մասին, այլ պատերազմի հետեւանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին տրամադրվող ամսական վճարի չափը եռապատկելու մասին՝ մինչեւ կարգավիճակի հստակեցումը, որից հետո էլ պետք է տրամադրվի ամբողջական փոխհատուցումը: Աշխատանքի եւ Սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը  կառավարության այդ նիստի ժամանակ ներկայացրել էր նախագիծ, համաձայն որի՝ պատերազմի հետեւանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողները պետք է ստանան ամսական 300 հազար դրամ աջակցություն՝ մինչեւ հիմնական շահառու դառնալը: Նա նշել էր, որ, համաձայն օրենքով սահմանված չափի եւ ժամկետների, զինծառայողների ընտանիքները ստանում են աջակցություն, սակայն, հաշվի առնելով, որ հաշմանդամության կարգ ստանալու գործընթացը որոշակի ժամանակ է ենթադրում, այս նախագծով հնարավոր է դառնում հիմնադրամից ստանալ որոշակի աջակցություն՝ 6 ամիս ժամկետով: Նշենք, որ այս պահին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նման գործառույթ ունի: Համաձայն Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի խորհրդի՝ 2017 թվականի մարտի 2-ի  թիվ 9 որոշման՝  յուրաքանչյուր ամիս իրականացվում է աջակցության տրամադրում՝ 100 հազար դրամի չափով, որը դադարեցվում է վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողի հիմնական շահառու ճանաչվելուց հետո: Համաձայն միջոցառման՝ առաջարկվում է այդ գումարը պետբյուջեի միջոցով ավելացնել եւս 200 հազար դրամով: Այսինքն՝ մինչեւ շահառու դառնալը՝ զինծառայողները հնարավորություն կստանան 6 ամիս ժամկետով ստանալ աջակցություն 300 հազար դրամի չափով: Փաստացի, այս որոշումը կապ չունի զոհված կամ անհետ կորած զինծառայողներին տրամադրվող փոխհատուցումների հետ, եւ, բացի այդ, կառավարությունը չի հրաժարվում հաշմանդամության կարգ ունեցող զինծառայողներին փոխհատուցում տրամադրել: Սա, ըստ էության, աջակցություն տրամադրելու միջոց է՝ մինչեւ զինծառայողների հիմնական շահառու դառնալը: Ինչ վերաբերում է անհետ կորած անձանց աջակցություն չտրամադրելուն՝ ինչպես նշել էր Մեսրոպ Մանուկյանը, ապա այս մասով ծրագիրը ներկայացվել է կառավարության՝  դեկտեմբերի 10-ի նիստում: Աշխատանքի եւ Սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ մինչեւ զինծառայողների կարգավիճակի հստակեցումը՝ առաջարկվում է առավելագույնը 6 ամիս ժամկետով յուրաքանչյուր ամիս 300 հազար դրամ աջակցություն տրամադրել անհետ կորած զինծառայողների ընտանիքներին: Աջակցությունը տրամադրվելու է այնքան ժամանակ, մինչեւ այս անձինք կդառնան հիմնադրամի շահառու՝ համաձայն գործող օրենքի: Այս մասով որոշակի պարզաբանում է ներկայացրել նաեւ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ անհետ կորածի կարգավիճակի տրամադրման ընթացակարգերը օրենսդրությամբ երկարատեւ են, դրա համար այդ ժամկետը կրճատելու համար օրենսդրության մեջ փոփոխություններ են մտցրել: Սակայն ինչքան էլ ժամկետը կրճատվի, միեւնույն է՝ դա մի քանի ամիս տեւող գործընթաց է: Եթե այս գործնթացի ընթացքում կպարզվի, որ քաղաքացիները շահառու են, բյուջեից փոխանցված գումարը կհաշվանցվի, եթե կպարզվի, որ շահառու չեն, այս ընթացքում տրամադրված գումարը կլինի որպես անհատույց աջակցություն: Այս համատեքստում ներառվում են նաեւ գերեվարված անձանց ընտանիքի անդամները:   Այսպիսով՝ թե՛ դեկտեմբերի 10-ի, թե՛ դեկտեմբերի 17-ի նիստում չի խոսվել զոհված զինծառայողների ընտանիքներին գումարի տրամադրումից հրաժարվելու կամ մեկ այլ ծրագրով փոխարինելու մասին, իսկ անհետ կորած կամ վնասվածք ստացած զինծառայողներին վերոնշյալ ծրագրերով տրամադրվում է աջակցություն՝ մինչեւ ծրագրի շահառու դառնալը, հետեւաբար չի կարող տրամադրվել ավելի քիչ գումար, քան նախատեսված է օրենքով: Նարեկ Մարտիրոսյան
13:14 - 21 դեկտեմբերի, 2020
Իմ երեխան, որ մտնի բոստան, դրանից անմիջապես հետո թուրքն է լինելու․ Շուռնուխի գյուղապետ

Իմ երեխան, որ մտնի բոստան, դրանից անմիջապես հետո թուրքն է լինելու․ Շուռնուխի գյուղապետ

Այսօր՝ կեսգիշերն անց, Սյունիքի մարզի Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը ֆեյսբույքան ուղիղ եթերի միջոցով կոչ էր անում, որ ժամը 10:00-ին բոլոր այն կամավորները, որոնք զինված են, գնան եւ միանան Շուռնուխի պաշտպանությանը: Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանն Infocom-ի հետ զրույցում պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է գյուղի ներքեւի թաղամասին՝ մայրուղու ներքեւում գտնվող հատվածին: «Սահմանազատումն անելուց GPS-ով են ընդառաջվելու: Իմ տունը  ներքեւի թաղի ամենացածր հատվածում է: Իմ տան բոստանից անմիջապես հետո սահմանն է լինելու: Եթե այդ հատվածը թողնեն մեզ, այդտեղ սահմանապահ չի կանգնելու: Իմ երեխան, որ մտնի բոստան, դրանից անմիջապես հետո թուրքն է լինելու»,- ասաց գյուղապետը: Քարտեզում պատկերված է Շուռնուխ գյուղը, որի՝ դեղինով գծանշված եւ մուգ կարմիրով լցված հատվածը պետք է անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ: Գյուղապետի խոսքով՝ երեկ մեր զորքն այնտեղից վերջնականապես հանվել է, հիմա մի քանի ռուս սահմանապահներ կան տեղում, իսկ մայրուղուց պետք է օգտվեն ե՛ւ հայերը, ե՛ւ ադրբեջանցիները. մայրուղին պետք է վերահսկեն ռուս սահմանապահները: Գյուղի այս հատվածում, որը պետք է անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, կա 12 տնտեսություն: Նշենք, որ Պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, և որ ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու: Այդ հատվածներում հսկողություն կիրականացնեն ռուս սահմանապահները, որի վերաբերյալ համաձայնությունն արդեն իսկ ձեռք է բերվել, և դա լրացուցիչ երաշխիքներ կստեղծի անվտանգային համակարգն ուժեղացնելու համար: Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ եղելության մասին առաջիկայում պարզաբանում կտարածեն: Նարեկ Մարտիրոսյան
13:12 - 18 դեկտեմբերի, 2020
Պատերազմն ու դեպի Բաքու օդային բեռնափոխադրումների աճը․ Չինաստան, Գերմանիա, Թուրքիա, Նիդերլանդներ

Պատերազմն ու դեպի Բաքու օդային բեռնափոխադրումների աճը․ Չինաստան, Գերմանիա, Թուրքիա, Նիդերլանդներ

Այն, որ Արցախի դեմ սանձազերծած պատերազմում օգտագործված զինատեսակները կամ դրանց որոշ բաղադրիչներ Ադրբեջանին մատակարարել էին ոչ միայն Թուրքիան ու Իսրայելը, այլեւ Գերմանիան, Կանադան եւ այլ երկրներ, արդեն փաստ է։  Ադրբեջանը պատերազմին պատրաստվելու համար զինվել է տարիներ շարունակ, վերջին ամիսներին՝ առավել ինտենսիվ։ Մահաբեր զինատեսակներն այս պետություն են տեղափոխվել օդային ճանապարհով․ շուրջ մեկ տարի շարունակ աշխարհի տարբեր երկրներից Բաքվի «Հեյդար Ալիեւի» անվան օդանավակայան են ժամանել թե՛ քաղաքացիական, թե՛ բեռնատար ինքնաթիռներ։ Ուսումնասիրելով միայն բեռնատար ինքնաթիռների ժամանումները՝ կարող ենք ստանալ մոտավոր պատկեր, թե ինչ ծավալների բեռնափոխադրումների մասին է խոսքը։ Flightradar համակարգի միջոցով առանձնացրել ենք շուրջ 20 երկրների 27 քաղաքներից Ադրբեջան մեկնած բեռնատար ինքնաթիռների տվյալները՝ 2019 թվականի նոյեմբերից այս տարվա նոյեմբերի քսանը։ Գերմանիայի Ֆրանկֆուրտ եւ Լյուքսեմբուրգի Լյուքսեմբուրգ քաղաքներից Բաքու իրականացվող թռիչքներին արդեն անդրադարձել ենք՝ ներկայացնելով վերջին ամիսների թռիչքների դինամիկայի աճը։  Ֆրանկֆուրտի օդանավակայանից Բաքվի օդանավակայան իրականացվող բեռնափոխադրումները կատարվել են «Sky Gates» եւ ադրբեջանական «Silk Way West» ավիաընկերությունների միջոցով։ 2019 թվականի նոյեմբերից մինչ այս տարվա նոյեմբերի 20-ը կատարվել է շուրջ 315 ավիափոխադրում։ Ամենաքիչ բեռնափոխադրումը եղել է այս տարվա հունիսին՝ 13 թռիչք, ամենաշատը՝ հոկտեմբերին՝ 69 թռիչք Լյուքսեմբուրգի օդանավակայանից Բաքու իրականացված բեռնափոխադրումները նույնպես կատարել է ադրբեջանական ավիաընկերությունը։ Մեկ տարվա կտրվածքով կատարվել է 112 ավիափոխադրում։ Թռիչքներն ամենաշատն իրականացվել են հոկտեմբերին՝ 16 անգամ։ Իտալիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցության որոշակի խոսակցություններ կան։ Չնայած նրան, որ Ադրբեջանը չէր հայտարարել Իտալիայից ռազմական ինքնաթիռ գնելու մասին, սակայն դեռեւս 2017 թվականի մայիսի 10-ին ներկայացրել էր իտալական արտադրության M-346 ինքնաթիռ։ Արդեն այս տարի հայտարարվեց, որ Ադրբեջանի ՊՆ-ի եւ իտալական «Լեոնարդո» ընկերության միջեւ ստորագրվել է M-346 ուսումնամարտական ինքնաթիռներ գնելու մասին փաստաթուղթ։ Մեկ տարի շարունակ Իտալիայի Միլան քաղաքից դեպի Բաքու իրականացվել է շուրջ 154 բեռնափոխադրում։ Հետաքրքրական է, որ բոլոր ամիսների թռիչքների քանակը տատանվում է 8-ից 14-ի միջակայքում, իսկ ահա հոկտեմբեր ամսին, երբ Արցախում լայնամասշտաբ պատերազմ էր ընթանում, ինչպես Միլանից, այնպես էլ մնացած ուղղություններից դեպքի Բաքու բեռնափոխադրումների աճ է նկատվել։ Այս տարվա հոկտեմբերին Միլանից Բաքու իրականացվել է 24 թռիչք։ Բանգլադեշի Դաքքայի օդանավակայանից դեպի Բաքու թռիչքները եւս կրկնապատկվել են հոկտեմբերին։ Տարվա կտրվածքով իրականացվել է 63 թռիչք, որից միայն 14-ը՝ հոկտեմբեր ամսին։ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյից Բաքու իրականացվող բեռնափոխադրումներն այս տարվա հոկտեմբերին ավելացել են։ Մեկ տարվա ընթացքում Օսլոյից Բաքու իրականացվել է 41 թռիչք։ Տարբեր ամիսների թռիչքների դինամիկան տատանվել է 1-ից 6-ի միջակայքում, սակայն այս տարվա հոկտեմբերին իրականացվել է 9 թռիչք։ Նշենք, որ 2016 թվականին արգելանք է դրել Ադրբեջանին զենք վաճառելու վրա։ Մաքսանենգ ճանապարհով մի շարք երկրներից Բաքու զինամթերք տեղափոխող ադրբեջանական «Silk Way» ավիաընկերությունը թռիչքներ է իրականացրել նաեւ Աֆղանստանի Քաբուլ քաղաքից դեպի Բաքու։ Հոկտեմբեր ամսին թռիչքային կտրուկ աճ է եղել։ Մեկ տարվա կտրվածքով գրանցվել է ընդհանուր 40 թռիչք։ Տարբեր ամիսներին թռիչքները տատանվել են 1-ից 5-ի միջակայքում, իսկ ահա հոկտեմբերին գրանցվել է դեպի Բաքու 10 թռիչք։ Ամերիկայի միացյալ նահանգների Չիկագո քաղաքից դեպի Բաքու բեռնատար թռիչքները նույնպես զգալի աճել են հոկտեմբերին՝ Արցախյան պատերազմին զուգահեռ։ Մեկ տարվա կտրվածքով Չիկագոյից Բաքու իրականացվել է շուրջ 142 թռիչք, որից 28-ը՝ հոկտեմբեր ամսին։ Սա գրեթե 2 անգամ ավելի է, քան նախորդ ամիսներին իրականացված թռիչքները։ Նշենք, որ Ամերիկայի միացյալ նահանգները պաշտոնական հայտարարությունների համաձայն զենք չի վաճառում Ադրբեջանին։ Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքից Բաքու եւս իրականացվել է բեռների փոխադրում։ Տարվա կտրվածքով Դուբայից Բաքու իրականացվել է 91 թռիչք, որոնց դինամիկան տատանվել է 2-ից 11-ի միջակայքում։ Հոկտեմբերին շեշտակի աճ է եղել․ իրականացվել է 24 թռիչք։ Բաքու բեռներ են տեղափոխվել նաեւ Սինգապուրից։ Տարվա ընթացքում իրականացվել է 81 թռիչք, որից միայն 17-ը՝ հոկտեմբեր ամսին։ Սա տարեկան բեռնափոխադրման միջին ցուցանիշից ավելի է 180%-ով։ Թեեւ Չինաստան-Ադրբեջան ռազմական կապի մասին հրապարակումները քիչ են, այնուամենայնիվ ադրբեջանական մամուլում կան որոշակի տեղեկություններ՝ երկու երկրների սպասվելիք ռազմական համագործակցության մասին։ Այսպիսով, Չինաստանի Ուրումչի քաղաքից Բաքու իրականացվող բեռնատար ինքնաթիռների թռիչքները աճել են դարձյալ հոկտեմբեր ամսին։ Մեկ տարվա ընթացքում Ուրումչիից Բաքու իրականացվել է 60 թռիչք։ Տարբեր ամիսների թռիչքների քանակը տատանվել է 1-ից 10-ի միջակայքում, սակայն հոկտեմբերին իրականացվել է 23 թռիչք։ Չինաստանի մեկ այլ քաղաքից՝ Ժենգժոուից եւս մեծ քանակությամբ բեռնատար ինքնաթիռներ են ժամանել Ադրբեջան։ Մեկ տարվա կտրվածքով իրականացվել է 291 թռիչք։ Տարբեր ամիսների ընթացքում թռիչքները տատանվել են 18-ից 26-ի միջակայքում, օրինակ՝ հունվարին՝ 20, փետրվարին՝ 10, մարտին՝ 19, ապրիլին՝ 17 եւ այլն։ Իսկ ահա հոկտեմբեր ամսին՝ Արցախում ընթացող պատերազմին զուգահեռ, իրականացվել է 56 թռիչք։ Չինաստանի Շանհայ քաղաքից Բաքու նույնպես իրականացվել է բեռնափոխադրում, որը հոկտեմբերին դարձյալ շեշտակի աճ է ունեցել։ Մեկ տարվա ընթացքում իրականացվել է շուրջ 473 թռիչ, որից 61-ը՝ հոկտեմբեր ամսին։ Չինաստանի Հոնգ-Կոնգ քաղաքից Բաքու նույնպես իրականացվել են բեռնափոխադրումներ։ Մեկ տարվա ընթացքում իրականացվել է 359 թռիչք։ Հոկտեմբերին դարձյալ արձանագրվել է կտրուկ աճ՝ շուրջ 59 թռիչք, որը նախորդ ամիսների համեմատ ավելի է 2 անգամ։ Ընդհանուր առմամբ, մեկ տարվա կտրվածքով Չինաստանի 4 քաղաքներից Բաքու իրականացվել է 1203 թռիչք, որից 2019 թվականի նոյեմբերին իրականացվել է 79 թռիչք, 2019 թվականի դեկտեմբերին՝ 72 թռիչք։ 2020 թվականի հունվարին՝ 67, փետրվարին՝ 48, մարտին՝ 93, ապրիլին՝ 93, մայիսին՝ 93, հունիսին՝ 82, հուլիսին՝ 90, օգոստոսին՝ 78, սեպտեմբերին՝ 96, նոյեմբերին՝ 93։ Իսկ ահա հոկտեմբեր ամսին, որը համընկնում է Արցախում ընթացող պատերազմին, իրականացվել է առանձնահատուկ շատ՝ 199 թռիչք։ Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլից Բաքու իրականացվող բեռնափոխադրումները նույնպես ավելացել են հոկտեմբերին։ Ընդհանուր տարվա կտրվածքով իրականացվել է 125 թռիչք։ Տարբեր ամիսներին թռիչքների դինամիկան տատանվել է 7-ից 12-ի միջակայքում, սակայն հոկտեմբեր ամսին իրականացվել է գրեթե կրկնակի շատ՝ շուրջ 21 թռիչք։ Մալազիայի Մայրաքաղաք Կուալա Լումպուրից Բաքու եւս բեռներ են տեղափոխվել։ Մալազիայի եւ Թուրքիայի միջեւ անցյալ տարի ստորագրվել էր զենքի համատեղ արտադրության փոխըմբռնման հուշագիր։ Արտադրած զինատեսակները արտահանվում են շուրջ 30 երկրներ, որոնց թվում է նաեւ Ադրբեջանը։ Մեկ տարվա ընթացքում դեպի Բաքու իրականացվել է 31 թռիչք, որից 9-ը՝ հոկտեմբեր ամսին։ Սա 2 անգամ ավելի է, քան մյուս ամիսներին իրականացված թռիչքները։ Ճապոնիայի Օսակա քաղաքից եւս բեռներ են տեղափոխվել Բաքու։ Մեկ տարվա ընթացքում իրականացվել է 121 չվերթ։ Այս դեպքում եւս ամենաշատ թռիչքներն իրականացվել են հոկտեմբերին՝ 14 անգամ։ Իրաքի մայրաքաղաք Բաղդադից եւս բեռնատար ինքնաթիռներով չվերթներ են իրականացվել։ Մեկ տարվա ընթացքում իրականացվել է 40 թռիչք։ Թռիչքների դինամիկան տատանվել է 1-ից 4-ի միջակայքում։ Արցախում պատերազմի ժամանակ, սակայն, թռիչքներն ավելացել են։ Հոկտեմբեր ամսին իրականացվել է կրկնակի՝ 8 թռիչք։ Ինչպես հայտնի է՝ Իսրայելն Ադրբեջանին ամենաշատ զինող երկրների շարքում է։ Արցախում իսրայելական արտադրության բազմաթիվ ԱԹՍ-ներ են խոցվել։ Մեկ տարվա ընթացքում Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվից Բաքու իրականացվել է 137 չվերթ։ Այս դեպքում եւս ամենաշատ թռիչքն իրականացվել է հոկտեմբեր ամսին՝ 18 անգամ։ Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամից նույնպես բեռնափոխադրումներ են իրականացվել Բաքու։ Հոկտեմբերին բեռնափոխադրումներն ավելացել են։ Մեկ տարվա ընթացքում Ամստերդամից Բաքու իրականացվել է 243 թռիչք։ Ամենաշատ թռիչքն իրականացվել է մայիս ամսին՝ 53 թռիչք։ Սրան երկրորդում է հոկտեմբերը՝ 33 թռիչք։ Հավելենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Նիդերլանդների Սոցիալական կուսակցությունը հայտարարել է Ադրբեջանի նկատմամբ զենքի էմբարգոյի անհրաժեշտության մասին, ապա նաեւ 4 կուսակցություններ կոչ են արել էմբարգո կիրառել ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի դեմ` հակամարտությանը խառնվելու եւ վարձու ահաբեկիչներ Ադրբեջան տեղափոխելու համար։ Հարեւան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից Բաքու տարվա ընթացքում իրականացվել է 82 թռիչք։ Ամենաշատ թռիչքն իրականացվել է օգոստոս ամսին՝ 13։ Հոկտեմբերին ցածր ցուցանիշ է գրանցվել՝ 4 թռիչք։ Եւ, իհարկե, ցանկն ամբողջական չէր կարող լինել, եթե չլիներ Ադրբեջանի եղբայր Թուրքիան։ Մեկ տարվա ընթացքում Թուրքիայից Ադրբեջան իրականացվել է 202 թռիչք։ Միայն 33-ը՝ հոկտեմբեր ամսին։ Դեպի Բաքու բեռներ տեղափոխվել են նաեւ Բելգիայի Բրյուսելից, ԱՄՆ-ի Նյու Յորքից, Իրաքի Բասրայից, Իրանական Քուրդիստանի Էրբիլից, Ղազախստանի Ակտաուից եւ Ատիրաուից։ Միասին վերցված՝ նշված քաղաքներից Բաքու իրականացվել է 39 թռիչք, որոնցից 24-ը՝ այս տարվա հոկտեմբեր ամսին։ Այսպիսով՝ մեկ տարի շարունակ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի օդանավակայան է մուտք գործել 3247 բեռնատար ինքնաթիռ, որից միայն 574-ը՝ այս տարվա հոկտեմբեր ամսին։Փաստորեն, Արցախի դեմ պատերազմ սկսելու համար Իսրայելից ու Թուրքիայից ակտիվորեն զինվելուն զուգահեռ նաեւ այլ երկներից է աճել դեպի Ադրբեջան բեռնափոխադրումների թիվը։ Բացի սա, հայտնի է նաեւ, որ Թուրքիայից Ադրբեջան Վրաստանի օդային տարածքով ժամանել են նաեւ մի շարք մարդատար ինքնաթիռներ, որոնցով տեղափոխել են թե՛ մարդկային ուժ, եւ թե՛ բեռներ։ Նարեկ Մարտիրոսյան
16:42 - 04 դեկտեմբերի, 2020
Ադրբեջանն Արցախի տարածքը դիտարկելու համար օգտագործել է ֆրանսիական արտադրության արբանյակ

Ադրբեջանն Արցախի տարածքը դիտարկելու համար օգտագործել է ֆրանսիական արտադրության արբանյակ

Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հայկական կողմի եւ Ադրբեջանի սպառազինությունները, ինչպես նշում են փորձագետները, թե՛ քանակապես, թե՛ հզորությամբ, եղել են անհամեմատելի։ Արցախում ընթացած 5-րդ սերնդի այս պատերազմի ժամանակ օգտագործվեցին գերժամանակակից միջոցներ, այդ թվում՝ հարվածային եւ հետախուզական ԱԹՍ-ներ, բալիստիկ հրթիռներ, գերձայնային կործանիչներ եւ այլն․ 45 օրերը որակվեցին որպես վերջին տասնամյակներում տեղի ունեցած աննախադեպ ռազմական գործողություններ։ Պատերազմի ընթացքում ունեցած հաջողությունների մասին փաստերը կողմերը ներկայացրել են հիմնականում տեսանկարահանումների միջոցով։ Հայկական կողմը միայն վերջին օրերին էր սկսել նկարահանումներն իրականացնել ԱԹՍ-ների միջոցով։ Հակառակորդի պարագայում պատկերն այլ էր․ առաջին իսկ օրերից Ադրբեջանը ակտիվ կերպով օգտագործել է ԱԹՍ-ներ՝ հետախուզական տվյալներ ստանալու եւ նկարահանումներ անելու համար։ Սակայն հետախուզության համար օգտագործված ԱԹՍ-ները միակ սպառնալիքը չէին Արցախի տարածքը դիտարկելու եւ ճշգրիտ տեղադիրքեր ստանալու համար։ Ադրբեջանի «զինանոցում» հետախուզություն իրականացնելու, ճշգրիտ կոորդինատներ ստանալու եւ նկարահանումներ իրականացնելու համար կա նաեւ այլ գործիք՝ արբանյակ։  Ադրբեջանն ունի երեք արբանյակ, որոնցից մեկի միջոցով կարողանում է տեսնել ինչպես մեր դիրքերում, այնպես էլ թիկունքում իրականացվող ցանկացած շարժ։ Ադրբեջանական Azercosmos արբանյակային ընկերությունը հիմնադրել է կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը՝ 2010 թվականին՝ հեռահաղորդակցային նպատակով։ Ադրբեջանական առաջին արբանյակը եղել է Azerspace-1-ը, որն ընդգրկել է Եվրոպան, Աֆրիկան, Մերձավոր Արեւելքը, Կենտրոնական Ասիան եւ Կովկասը։ Նախատեսված է եղել ռադիոյի եւ հեռուստատեսային հեռարձակման ծառայությունների մատուցման համար։ Երկրորդը եղել է Azerspace-2 արբանյակը (գործում է 2018 թ-ից), որի գործառույթները նույնպես տրամագծորեն չեն տարբերվում նախորդից։  2014 թվականին Ադրբեջանը Ֆրանսիայից գնել է եւս մեկ արբանյակ՝ Spot7-ը, որը հետագայում վերանվանվել է Azersky, դրա միջոցով էլ իրականացրել է տարածքների դիտարկումը եւ անհրաժեշտ նշանակետերի տեղորոշումը։ Ինչ է Azersky-ը Ադրբեջանական Azersky արբանյակը նախատեսված է Երկրի դիտման համար։ Azercosmos արբանյակային ընկերությունը ֆրանսիական Airbus Defense and Space ընկերության հետ կնքել է ռազմավարական համագործակցության պայմանագիր, ըստ որի՝ Ադրբեջանը գնում եւ շահագործում է Spot 7 արբանյակը։ Ըստ պայմանագրի՝ երկու կողմերի համագործակցությունը նախատեսում է նաեւ ադրբեջանական Azersky եւ ֆրանսիական Spot-6 արբանյակների համատեղ շահագործում եւ արբանյակային որակյալ նկարահանումների համատեղ ստացում, ինչը նշանակում է, որ երկրագնդի ցանկացած կետ ամեն օր կարող է դիտվել բարձր որակով։ Սա հաստատել է նաեւ Azercosmos-ի կոմերցիոն գծով գլխավոր տնօրեն Դեն Ռադուն։ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհ, նկարը՝ Azersky արբանյակից Լուսանկարն արվել է Azersky արբանյակից։ Արբանյակը ֆրանսիական Spot-6-ի հետ համատեղ կարող է նկարել օրական 6 մլն քառակուսի կիլոմետր տարածք, որը Հայաստանի տարածքից ավելի է մոտ 201 անգամ։ Պայմանագրային համագործակցությունը նախատեսում է ոչ միայն տվյալների համատեղ մշակում եւ միմյանց փոխանցում, այլեւ մասնագետների պատրաստում եւ հմտությունների փոխանակում։  Ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ դրա ողջ ընթացքում հակառակորդը դիտարկել է մեր տեղանքը, ստացել անհրաժեշտ կոորդինատները՝ հենց այս արբանյակի շնորհիվ։ Մարտավարատեխնիկական բնութագրի համաձայն՝ արբանյակը կարող է Հայաստանի եւ Արցախի տարածքները նկարահանել ամեն օր։ Երկու արբանյակները միասին կարող են ստեղծել տեղագրական քարտեզներ 1։25000 մասշտաբային հարաբերակցությամբ, կարող են դիտարկել նույնիսկ մառախլապատ եղանակային պայմաններում, ինչպես նաեւ կարող են պատրաստել ռելիեֆի թվային մոդելներ՝ 5-10 մետր ճշգրտությամբ։ Փաստորեն, Արցախում մեր նշանակետերը հայտնաբերելու, ճշգրիտ կոորդինատներն իմանալու եւ խոցելու համար օգտագործվել են ֆրանսիական արտադրության արբանյակներ՝ ինչպես Ադրբեջանի գնած Azersky-ը, այնպես էլ այս պահին ֆրանսիական ընկերության շահագործման տակ գտնվող Spot-6-ը։ Բերձոր(Լաչին), նկարը՝ Azersky արբանյակից Շուշին՝ Ադրբեջանի գրավումից հետո, նկարը՝ Azersky արբանյակից Նարեկ Մարտիրոսյան
19:12 - 22 նոյեմբերի, 2020
Ադրբեջանցին «Վիքիպեդիայում» կեղծ տեղեկություն էր հավելել, թե ՀՀ նորանշանակ արտգործնախարարն արմատներով ադրբեջանցի է

Ադրբեջանցին «Վիքիպեդիայում» կեղծ տեղեկություն էր հավելել, թե ՀՀ նորանշանակ արտգործնախարարն արմատներով ադրբեջանցի է

Նոյեմբերի 18-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արտաքին գործերի նախարար է նշանակվել Արա Այվազյանը: Նշանակումից մեկ օր անց «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանի ռուսերեն հարթակում հայտնվել է Արա Այվազյանի վերաբերյալ կենսագրական էջ, ըստ որի՝ նա ծնվել է Ադրբեջանի հանրապետությունում, եւ որ հայրը ազգությամբ Ադրբեջանցի է: էջը ջնջվել է, սակայն հանրության շրջանում որոշակի կասկածներ են առաջացել նյութի իսկության վերաբերյալ: Նախ նշենք, որ, ըստ պաշտոնական կենսագրության, Արա Այվազյանը ծնվել է Երեւանում՝ 1969 թվականին:   Բացի այս, աշխարհում ապրող յուրաքանչյուր մարդ, հասանելիություն ունենալով համացանցին, կարող է խմբագրել, սրբագրել կամ վավերացնել «Վիքիպեդիայի» հոդվածները և ցանկացած թեմայով նոր հոդվածներ գրել: Հետեւաբար, այս հարթակում հայտնված ցանկացած նյութ չէ, որի իսկությունը վստահելի է։ Արա Այվազյանի կենսագրական տվյալների վերաբերյալ «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանում կեղծ տեղեկություն է մուտքագրել ոմն Էլսեվեր Նովրուզով, որն ազգությամբ Ադրբեջանցի է: Մուտքագրված տեղեկությունը տարածվել է մինչեւ դրա իսկության ստուգումը, իսկ ինֆորմացիայի անճշտությունը հայտնաբերվելուց հետո էջը հեռացվել է: Վերոնշյալ նկարից երեւում է, որ Էլսեվեր Նովրուզովը էջը խմբագրել է 4 անգամ: Առաջին անգամ «Министерство иностранных дел Армении» էջը խմբագրվել է նոյեմբերի 19-ին՝ ժամը 08:17-ին, Զոհրաբ Մնացականյան տողից հետո ավելացվել է Արա Այվազյան տողը: Սրանից հետո խմբագրվել է 08:28-ին եւ 08:30-ին: Այս խմբագրումներով ավելացվել է այն կեղծիքը, թե 2020 թվականի նոյեմբերից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արա Գուդրատովիչ Այվազյանը  ծնվել է Ադրբեջանի Հավիգաբուլի շրջանի Նավախի գյուղում: Ուսում է ստացել Բաքվի պետական ​​համալսարանում: Այս ամենից հետո Նովրուզովը եւս մեկ անգամ է խմբագրել էջը՝ ժամը 09:57-ին՝ ավելացնելով, իբր Այվազյանի հայրը եւ մայրը նույնպես ադրբեջանցիներ են: Արա Այվազյանի կենսագրությանը, նրա կրթությանն ու գործունեությանն առավել մանամասն կարող եք ծանոթանալ այստեղ: Նարեկ Մարտիրոսյան
12:19 - 22 նոյեմբերի, 2020
Ստորագրված փաստաթղթով 50 մլրդ դոլարի պարտավորություն չի դրվել Հայաստանի վրա, ՀՀ-ն հայցի մասին ծանուցում դեռևս չի ստացել

Ստորագրված փաստաթղթով 50 մլրդ դոլարի պարտավորություն չի դրվել Հայաստանի վրա, ՀՀ-ն հայցի մասին ծանուցում դեռևս չի ստացել

Հայկական որոշ լրատվականներ տարածում են ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանի հայտարարությունը, որում, մասնավորապես, ասված է, թե նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթով ոչ միայն տարածքներ կորցրինք, այլեւ ավելի քան 50 մլրդ ԱՄՆ դոլարի պարտավորություն դրվեց Հայաստանի վրա: Սակայն նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետի, Արդրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ստորագրած հայտարարության մեջ նման պարտավորության մասին խոսք չկա: Կոստանյանն առաջին անգամը չէ, որ խոսել է Ադրբեջանի` Հայաստանի դեմ հայց նախապատրաստելու մասին: Ինչպես նշել է իր հայտարարության մեջ՝ հայցը վերաբերում է Արցախում եւ 7 շրջաններում Ադրբեջանի կողմից իբր թե կրած նյութական վնասի փոխհատուցմանը: Ըստ նրա՝ Ադրբեջանը դեռ երկու տարի առաջ չէր կարողանում հայց ներկայացնել, քանի որ չուներ բավարար ապացույցներ առ այն, որ Հայաստանն է պատասխանատու սուբյեկտը․ «Նրանք վարձել էին վնասների հաշվարկման միջազզգային կազմակերպություն, որն Ադրբեջանին հասցված վնասները գնահատել էր ավելի քան 50 մլրդ ԱՄՆ դոլար»,- շեշտել է Կոստանյանը։  Եւ, չնայած Կոստանյանն իր հայտարարության սկզբում ասում է, որ 50 մլրդի պարտավորությունը դրվել է Հայաստանի վրա, այնուհանդերձ հայտարարության մեջ միայն վստահություն է հայտնում, թե նախապատրաստական աշխատանքներն ակտիվացել են. «Վստահ եմ՝ նման հայցի ուղղությամբ աշխատանքներն ակտիվացել են, քանի որ Հայաստանի վարչապետը, նոյեմբերի 10-ին ստորագրելով հայտնի փաստաթուղթը, ըստ էության հաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունն է հանդիսանում պարտավորության սուբյեկտ, եւ դրանով իսկ ուղղակիորեն ստանձնել է պարտավորություն ցանկացած պատճառված վնասի համար»: Սակայն լրատվամիջոցների վերնագրերից տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանը հենց փաստաթղթով է ստանձնել այդ պարտավորությունը։ ՌԻԱ Նովոստին էլ նախօրեին փոխանցել էր, որ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե Բաքուն կգնահատի Լեռնային Ղարաբաղի կրած վնասը եւ փոխհատուցում կպահանջի Հայաստանից։ Անդրադառնալով այս հայտարարությանը եւ դրա հնարավորություններին` Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է, որ այդ խոսակցությունները հստակ չեն, եւ Ալիեւը չի նշում, թե մասնավորապես միջազգային որ դատարան է դիմելու, որ քաղաքական մարմնին եւ ինչ ընթացակարգով: Արա Ղազարյանի խոսքով՝ չկա նման ընփացակարգ եւ դժվար էլ լինի: Իսկ եթե նույնիսկ լինի, միջազգային իրավունքի մասնագետի կարծիքով, Հայաստանն էլ կներկայացնի հենց միայն Ապրիլյան պատերազմի վերաբերյալ։ Infocom-ը կապ հաստատեց նաեւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դմեյանի հետ, որը հայտնեց՝ այս պահին մենք միջազգային դատական որեւէ ատյանից նման ծանուցում չենք ստացել․ «Նման հայցի մասին միայն կարող ենք խոսել, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պաշտոնապես ծանուցվի դրա ներկայացված լինելու վերաբերյալ: Քանի դեռ չկա, չենք կարող ասել` նախապատրասվո՞ւմ է հայցը, թե՞ ոչ, կներկայացվի՞, թե՞ ոչ: Դրանք ընդամենը ենթադրություններ են»,- ասաց Դրմեյանը` հավելելով, որ հայց ներկայացնելու հավանականություն միշտ կարող է լինել, քանի որ ե՛ւ ՀՀ-ն, ե՛ւ Ադրբեջանը անդամակցում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանին:  Այսպիսով՝ ոչ միայն նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթով 50 մլրդ ԱՄՆ դոլարի պարտավորություն չի դրվել Հայաստանի վրա, այլեւ Հայաստանի Հանրապետությունը նման որեւէ հայցի մասին պաշտական ծանուցում դեռևս չի ստացել։ Զարա Խաչատրյան
15:21 - 14 նոյեմբերի, 2020