ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
«Արփա-Սևան» թիվ 2 թունելի գործով պետությանը մոտ 2.5 մլրդ դրամ վնաս է հասցվել. Գլխավոր դատախազություն

«Արփա-Սևան» թիվ 2 թունելի գործով պետությանը մոտ 2.5 մլրդ դրամ վնաս է հասցվել. Գլխավոր դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա կատարված մեծածավալ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի և մի բաց բաժնետիրական ընկերության միջև 13.08.2010թ. կնքված պայմանագրով ընկերությունը պարտավորվել է իրականացնել 11 մլրդ. 798 մլն. 546 հազ. դրամի «Արփա-Սևան» թիվ 2 թունելի հիմնանորոգման աշխատանքներ:  Պայմանագրով սահմանված իրավունքներն ու պարտականությունները պատվիրատուի անունից իրականացրել է ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն:  ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի և բաց բաժնետիրական ընկերության միջև 14.02.2017թ. կնքված պայմանագրով ընկերությունը պարտավորվել է իրականացնել «Արփա-Սևան» թիվ 2 թունելում առանձին վթարային հատվածների ընդհանուր 4 մլրդ. 998 մլն. 360 հազ. դրամի հիմնանորոգման աշխատանքներ:  Նշված պայմանագրի ծավալաթերթ նախահաշվում և կատարողական ակտերում նշվել են հիմնանորոգման աշխատանքները իրականացնելու համար նախատեսված սպասարկման, մասնավորապես՝ թունելում օդափոխության, լուսավորության, ջրահեռացման, մարտկոցային էլեկտրաքարշերի լիցքավորման աշխատանքներ, որոնք իրականացվել են էլեկտրական սարքավորումներով, ընդունվել և վճարվել են պատվիրատուի կողմից:  ՈՒսումնասիրություններով պարզվել է, որ բազմաթիվ դեպքերում` մասնավորապես 2010-2018թվականների բազմաթիվ կատարողական ակտերի գրառումներն իրականությանը չեն համապատասխանում, քանի որ դրանցում նշված հզորությամբ էլեկտրական սարքավորումները չէին կարող ծախսել զգալիորեն, իսկ որոշ դեպքերում գրեթե կրկնակի պակաս էլեկտրաէներգիա, քան սահմանված է տվյալ հզորությամբ սարքերի՝ նշված ժամանակահատվածում աշխատանքի համար:  Նշված հանգամանքները վկայում են, որ պայմանագրի ծավալաթերթ նախահաշվով նախատեսված` օդափոխության շուրջ 591մլն. 933հազ. դրամի, ինչպես նաև մեկ այլ պայմանագրի ծավալաթերթ նախահաշվով նախատեսված` շուրջ 225 մլն. 324 հազ. դրամի սպասարկման, դրանց հետ կապված հիմնանորոգման մյուս աշխատանքները և դրանց համար կատարված վճարումները առերևույթ հիմնավոր չեն և կատարվել են իրականությանը չհամապատասխանող փաստաթղթերի հիման վրա:  Բացի այդ, պարզվել է նաև, որ ՀՀ կառավարության 20.04.2006թ. որոշմամբ հաստատված՝ Որոտան-Արփա-Սևան թունելի պահպանման վերաբերյալ ծրագրով Եղեգիսի շինարարական բազայում 2006-2008թթ. իրականացվել են շուրջ 390 մլն. դրամի շինարարական աշխատանքներ: Մասնավորապես` պետական բյուջեի միջոցներով կառուցվել են երկհարկանի վարչա-կենցաղային շենք, էլ. ենթակայանի շենք, լիցքավորման շենք, ճնշակայանի շենք, արհեստանոցի շենք, ցեմենտ-բետոնի շաղախման հանգույց և հիդրոհանգույցի 2 շենքեր: Մինչդեռ հողատարածքը, որի վրա վերջիններս կառուցվել են, Վարդահովիտ համայնքի ղեկավարի 22.08.2005թ. որոշմամբ կազմակերպված մրցույթի արդյունքում 25 տարի ժամկետով գյուղատնտեսական նպատակներով վարձակալության է հանձնվել համայնքի բնակիչ Ա.Ս.-ին: Իսկ նույն համայնքի ղեկավարի 14.03.2006թ. որոշմամբ ուղղակի վաճառքով` 1 հա-ն 67.000 դրամով վաճառվել է վերջինիս: Իր հերթին Ա.Ս.-ն 08.11.2010թ. նշված հողատարածքը 4 մլն. դրամով վաճառել է ԲԲԸ-ին:  Պարզվել է նաև, որ ՀՀ կադաստրի պետական կոմիտեի Եղեգնաձորի տարածքային ստորաբաժանման կողմից Ա.Ս.-ին 02.11.2010թ. տրվել է միասնական տեղեկանք և կազմվել է նշված հողատարածքի ուրվագիծը` տեղազննում կատարելու նշումով, որոնցում կառուցված Եղեգիսի շինարարական բազայի շենք-շինությունների վերաբերյալ որևէ գրառում չկա:  Այսինքն` ՀՀ կադաստրի պետական կոմիտեի Եղեգնաձորի տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձանց կողմից իրականությանը չհամապատասխանող կեղծ փաստաթղթեր են կազմվել և հանձնվել քաղաքացուն՝ վերջինիս պատկանող գույքը ԲԲԸ-ին օտարելու համար:  Բացի այդ, ՀՀ վերահսկիչ պալատի կողմից դեռևս 2012թ.-ին արձանագրվել է Եղեգիսի կիրճում պետական ֆինանսավորմամբ կառուցված շենք շինությունների և արտադրամասերի պատվիրատուին չհանձնելու, փաստացի գրանցում չկատարելու փաստ: Սակայն, անգամ դրանից հետո ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի համապատասխան պաշտոնատար անձինք միջոցներ չեն ձեռնարկել պետության խախտված իրավունքները վերականգնելու, պետական միջոցներով կատարված շինարարական աշխատանքների արդյունքում կառուցված շինությունները գույքագրելու, գրանցելու և տնօրինելու ուղղությամբ: Արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ. շուրջ 390 մլն. դրամի գույքը տարիներ շարունակ գտնվում է այլ տնտեսվարող սուբյեկտի անվամբ գրանցված հողատարածքի վրա և օգտագործվում է այլ անձանց կողմից:  ՈՒսումնասիրությունների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակության, 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պետության իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառելու և ծանր հետևանքներ առաջացնելու, 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու հետևանքով ծանր հետևանքներ առաջացնելու, 314-րդ հոդվածով նախատեսված` պաշտոնեական կեղծիքի և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու կամ օգտագործելու հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:  Բացի այդ, ՀՀ հաշվեքննիչ պալատից 01.04.2019թ. ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել ՀՀ ջրային պետական կոմիտեում իրականացված հաշվեքննությունների արդյունքները: Համաձայն դրանց` մասնավորապես արձանագրվել է ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի և բաց բաժնետիրական ընկերության միջև 14.02.2017թ. կնքված պայմանագրի Արփա-Սևան թիվ 2 թունելում առանձին վթարային հատվածների հիմնանորոգման աշխատանքների գնման պայմանագրով աշխատանքների նախագծում մեքենա-մեխանիզմի շահագործման ծախսերի հաշվարկման, միաձույլ բետոնի պատրաստման և հատակների մասով նախահաշվի չհիմնավորված ընդհանուր շուրջ 1 մլրդ. 660 մլն. 845 հազ. դրամ ծախսերի մասին:  Քրեական գործի քննության ընթացքում պարզման ենթակա հանգամանքների թվում կներառվեն նաև ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից իրականացված վերահսկողության արդյունքներով արձանագրված վերը նշված հանգամանքները:
15:00 - 06 մայիսի, 2019
Ընտանեկան բռնության դեպքերով դատախազների կողմից հանրային մեղադրանքի կարգով 34 քրեական գործ է հարուցվել

Ընտանեկան բռնության դեպքերով դատախազների կողմից հանրային մեղադրանքի կարգով 34 քրեական գործ է հարուցվել

ՀՀ դատախազությունում ամփոփվել են 2018թ. ընթացքում ընտանեկան բռնության դեմ քրեաիրավական պայքարի հիմնական արդյունքները: Իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018 թվականի ընթացքում ընտանիքում բռնության 397 դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Դրանց գերակշիռ մասը՝ 233-ը, հարուցվել են ծեծի ենթարկելու, 54-ը՝ դիտավորությամբ կամ անզգուշությամբ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հասցնելու, 50-ը՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի, 14-ը՝ տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, անառակաբարո գործողությունների, 11-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 7-ը՝ ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, 5-ը՝ սպանության, մնացածը՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցագործությունների հատկանիշներով:  Հարուցված 65 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ, 11-ը՝ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու միջնորդությամբ ուղարկվել է դատարան, իսկ 224-ով քրեական գործով վարույթը կարճվել է, որոնցից 63-ը՝ արդարացնող հիմքով, 161-ը՝ ոչ արդարացնող, այդ թվում` 126-ը՝ հաշտության հիմքով: 9 քրեական գործով վարույթը կասեցվել է հանցանք կատարած անձը հայտնի չլինելու հիմքով, իսկ 76-ը փոխանցվել է հաջորդ տարի:  Հիշեցնենք, որ 2018թ. հունվարի 31-ից ուժի մեջ է մտել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունը, որով դատախազին բացառիկ իրավասություն է վերապահվել հանրային մեղադրանքի կարգով, այսինքն՝ առանց տուժողի բողոքի առկայության, քրեական վարույթ հարուցել ընտանեկան բռնության բոլոր այն դեպքերում, երբ դատախազի գնահատմամբ տուժողը իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը: Քրեադատավարական նոր իրավակարգավորման պայմաններում ենթադրյալ բռնարարն այլևս չի կարող վստահ լինել, որ տուժողի հետ հաշտության մեխանիզմի կիրառմամբ ամեն անգամ կկարողանա խուսափել քրեական հետապնդումից, իսկ հանցանքն ապացուցվելու դեպքում նաև քրեական պատասխանատվությունից, ինչը ընտանիքում բռնությունները շարունակելու հնարավորություններ էր ստեղծում:   Դատախազական վերոնշյալ գործառույթի կատարումը պատշաճ ապահովելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատախազների համար 2018թ. մշակվել է ուղեցույց: Համաձայն վերջինիս՝ ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպքով պարտադիր կերպով ստուգվում է բռնության ենթարկվածի՝ անօգնական վիճակում գտնվելու կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու հանգամանքը: Բացի այդ՝ ստուգվում են նաև բռնության ենթարկվածի ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական կախվածության հնարավոր դրսևորումները: Անօգնական է դիտարկվում այնպիսի վիճակը, երբ ենթադրյալ բռնության ենթարկվածը զրկված է իր իրավաչափ շահերն ինքնուրույնաբար պաշտպանելու հնարավորությունից:   Նախատեսվել է, որ նշված հանգամանքների առկայությունը ստուգելու նպատակով վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից պարտադիր կազմակերպվում է ենթադրյալ բռնությունից տուժած անձի ընդունելություն՝ անձամբ հավաստիանալու անձի՝ անօգնական վիճակում գտնվելու կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու իրողության մասին: Եվ այն դեպքում, երբ պարզվում է, որ ընտանիքում բռնության ենթարկված անձի կյանքին կամ առողջությանը սպառնացող իրական և անմիջական վտանգ կա, վերջինիս վիճակը, համաձայն ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականի՝ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվեցիայի 2-րդ հոդվածով նախատեսված՝ կյանքի իրավունքի երաշխավորման՝ պետության պոզիտիվ պարտականության համատեքստում, գնահատվում է որպես անօգնական:   Նման դեպքում, ըստ մշակված և գործադրվող ուղեցույցի, դատախազի՝ հանրային կարգով քրեական գործ հարուցելու լիազորությունը համարվում է պարտադիր, այլ ոչ թե հայեցողական:   ՀՀ գլխավոր դատախազի հիշյալ հանձնարարականից հետո՝ 2018 թվականի ընթացքում մասնավոր մեղադրանքի 34 դեպքով, անկախ տուժողի կողմից բողոք ներկայացնելու հանգամանքից, երբ պարզվել է, որ անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարողացել պաշտպանել իր իրավաչափ շահերը, դատախազների կողմից հարուցվել են 34 քրեական գործեր:
16:31 - 30 ապրիլի, 2019
Ծաղկաձորի ճոպանուղու շահագործման ընթացքում հարկերը չվճարելու հետևանքով պետությանն ավելի քան 476 մլն դրամի վնաս է պատճառվել

Ծաղկաձորի ճոպանուղու շահագործման ընթացքում հարկերը չվճարելու հետևանքով պետությանն ավելի քան 476 մլն դրամի վնաս է պատճառվել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված մեծածավալ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Ծաղկաձորի Ճոպանուղու (Ճոպանուղի) վերակառուցման նպատակով ՀՀ կառավարության 22.04.2004թ. թիվ 679-Ա որոշմամբ «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ի ակտիվների կազմից առանձնացվել են Ճոպանուղու առաջին, երկրորդ և երրորդ կայանները, և հանձնվել ՀՀ ԿԱ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին, որն էլ իր հերթին նշված գույքը նվիրաբերության պայմանագրով պետության անունից նվիրաբերել է «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությանը (ՀԱՕԿ)՝ վերջինիս կամ նրա հիմնադրած առևտրային կազմակերպության կողմից մինչև 2005թ. դեկտեմբերի 31-ը Ճոպանուղին վերակառուցելու և շահագործելու պայմանով: Շինարարությունից հետո 2005թ. մարտի 1-ին կնքված պայմանագրով ՀԱՕԿ-ը Ճոպանուղին հավատարմագրային կառավարման է հանձնել սահմանփակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ 2005-2008թթ., իսկ 2008թ. դեկտեմբերի 15-ին կնքված պայմանագրով՝ 2009թ.-ից մինչ օրս՝ մեկ այլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության: Ճոպանուղին շահագործող ընկերությունների կողմից 2005-2017թթ. հարկային մարմիններին ներկայացված տվյալների համաձայն՝ Ճոպանուղու տարեկան շրջանառությունը կազմել է 3-60 մլն. դրամ կամ նշված տարեթվերին ընդհանուր շուրջ 496 մլն ՀՀ դրամ: Մինչդեռ միայն 2018թ. Ճոպանուղու շրջանառությունը կազմել է 537 մլն ՀՀ դրամ կամ շուրջ 40 մլն ՀՀ դրամով ավել, քան անցած 12 տարիները միասին վերցրած: Վճարված հարկերը 2005-2017թթ. կազմել են տարեկան 1-20 մլն ՀՀ դրամ կամ նշված տարեթվերին ընդհանուր շուրջ 148 մլն ՀՀ դրամ: Մինչդեռ միայն 2018թ. վճարվել է շուրջ 240 մլն ՀՀ դրամ հարկ, այսինքն՝ շուրջ 90 մլն ՀՀ դրամով ավել, քան անցած 12 տարիները միասին վերցրած:  Պարզվել է նաև, որ 2005-2018թթ. շահագործման ընթացքում Ճոպանուղու օգտագործած տարեկան էլեկտրաէներգիայի քանակները համադրելի են, իսկ շեղումը չի գերազանցում 25 տոկոսը:    Օրինակ, երբ 2018թ. Ճոպանուղու տարեկան շրջանառությունը կազմել է 537 մլն ՀՀ դրամ, իսկ վճարված հարկը՝ շուրջ 240 մլն ՀՀ դրամ, ծախսվել է 615.430 կվտ/ժ էլ.էներգիա, այսինքն ավելի քիչ, քան 2008թ., երբ շրջանառությունը կազմել է 56 մլն ՀՀ դրամ, վճարված հարկը՝ շուրջ 17 մլն ՀՀ դրամ, իսկ ծախսած էլ.էներգիան՝ 657.574 կվտ/ժ: Ընդ որում պարզվել է նաև, որ Ճոպանուղին շահագործվել է բացառապես ուղևորների առկայության դեպքում: ՈՒսումնասիրությունների շրջանակներում ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունից ստացված տեղեկատվության և պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկի համաձայն՝ Ճոպանուղին շահագործող ընկերության կողմից 2008-2016թթ. հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկներով պակաս են ցույց տրվել և իրավահարաբերության ձևավորման պահին գործած «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մաս «ա» կետով սահմանված կարգով չեն հաշվարկվել ծառայությունների մատուցումից իրացումից հասույթները՝ շուրջ 1 մլրդ. 985 մլն. 273 հազ. ՀՀ դրամի չափով, հարկվող օբյեկտները (շահույթները) պակաս են ցույց տրվել շուրջ 397 մլն. 054 հազ. ՀՀ դրամի չափով, որից պակաս հաշվարկված շահութահարկի գումարը կազմում է 79 մլն.410 հազ. ՀՀ դրամ: Իրավահարաբերության ձևավորման պահին գործած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 23-րդ հոդվածներով սահմանված կարգով չեն հաշվարկվել նաև բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները, որոնք 2008-2016թթ. համար կազմում են 397 մլն. 054 հազ. ՀՀ դրամ: Հարկերը չվճարելու արդյունքում պետությանը պատճառվել է ընդհանուր շուրջ 476 մլն. 465 հազ. ՀՀ դրամի վնաս, որից 397 մլն. 054 հազ. ՀՀ դրամը՝ ԱԱՀ-ի գծով, իսկ 79 մլն. 410 հազ. ՀՀ դրամը՝ շահութահարկի գծով: Բացի այդ, ՀԱՕԿ-ի և Ճոպանուղին շահագործող ընկերության միջև 15.12.2008թ. կնքված Ճոպանուղու հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն՝ ՀԱՕԿ-ի զուտ շահույթը կազմում է Ճոպանուղու օգտագործման արդյունքում ստացված զուտ շահույթի 50 տոկոսը, իսկ շահույթի մյուս 50 տոկոսը անցնում է շահագործող կազմակերպությանը: Եթե հաշվի առնենք, որ ընկերության կողմից հարկվող օբյեկտները (շահույթները) պակաս են ցույց տրվել շուրջ 397 մլն. 054 հազ. ՀՀ դրամի չափով, հետևաբար նշված գումարի 50 տոկոսի՝ առնվազն 198 մլն. 527 հազ ՀՀ դրամի չափով էլ ընկերության պատասխանատու անձանց կողմից պակաս շահույթ է փոխանցվել ՀԱՕԿ-ին՝ վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնասներ: ՈՒսումնասիրությունների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու, ինչպես նաև՝ 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով սեփականատիրոջը կամ գույքի այլ տիրապետողին առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությանը:
07:49 - 29 ապրիլի, 2019
Հեմոդիալիզի պարագաների գնումների գործընթացները Վանաձորի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնների կողմից կազմակերպվել են չարաշահումներով. դատախազություն

Հեմոդիալիզի պարագաների գնումների գործընթացները Վանաձորի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնների կողմից կազմակերպվել են չարաշահումներով. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրության արդյունքում քրեական գործեր են հարուցվել երկու բժշկական կենտրոնների ծառայողների կողմից հեմոդիալիզի պարագաների գնումների գործընթացները առևտրային կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունների չարաշահմամբ կազմակերպելու դեպքերի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։  Ավելի վաղ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերի վերաբերյալ իրականացված մշտադիտարկման և վերլուծության արդյունքների վերաբերյալ տեղեկանքն ուղակվել էր ՀՀ գլխավոր դատախազություն: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նշված տեղեկանքի և համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունը 2015-2018թթ. և «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունը 2015-2018թթ. և 2019թ. սկզբում դիալիզի պարագաներ ձեռք են բերել «Ա» ՍՊ ընկերությունից՝ ընդհանուր 1 613 331 000 ՀՀ դրամ արժեքով: Այդ պարագաների մաքսային արժեքը կազմել է 722 670 000 ՀՀ դրամ կամ բժշկական կենտրոններին ապրանքները մատակարարվել են մաքսային արժեքից շուրջ 2.2 անգամ թանկ գնով:  Ապրանքների ձեռքբերման նպատակով բժշկական կենտրոնների կողմից կազմակերպվել է գնման 8 ընթացակարգ՝ 92 չափաբաժնով, և բոլոր չափաբաժիններով հաղթող է հանդիսացել «Ա» ՍՊ ընկերությունը:  Երկու բժշկական կենտրոնում հիշյալ ընթացակարգերը եղել են ոչ մրցակցային, կազմակերպվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի պահանջների խախտումներով:  Մասնավորապես՝ ապրանքների տեխնիկական բնութագրերն իրենցից ներկայացրել են «F...» ընկերության կոնկրետ մոդելների տեխնիկական բնութագրեր, որոնց չէին կարող համապատասխանել այլ արտադրողների պարագաները: Այսինքն՝ գնման ընթացակարգին կարող էր մասնակցել միայն նշված ընկերության ներկայացուցիչը հանդիսացող կազմակերպությունը:  «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից 2019թ. հունվարի 31-ին հրապարակված՝ բժշկական պարագաների գնման ընթացակարգի հրավերում առանձին չափաբաժիններում նշվել է «F...» ընկերության արտադրության կոնկրետ մոդել, իսկ տեխնիկական բնութագիրն իրենից ներկայացրել է տվյալ մոդելի տեխնիկական բնութագրի պատճենը, որին համապատասխանող այլ մոդելի հեմոդիալիզատոր շուկայում առկա չէ:  Հայտերի բացման արդյունքում պարզվել է, որ միայն «Ա» ՍՊԸ-ն է մասնակցել կոնկրետ մոդելի դիալիզատորի գնման ընթացակարգին՝ միավորի համար առաջարկելով 7000 ՀՀ դրամ: Մինչդեռ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կարիքների համար, փոփոխված տեխնիկական բնութագրերով գրեթե միաժամանակ անցկացված մրցակցային գնման ընթացակարգում նույն դիալիզատորի համար գնային առաջարկ է ներկայացրել 4 ընկերություն, այդ թվում՝ «Ա» ՍՊԸ-ն՝ միավորի համար 300 դրամ պակաս՝ 6700 ՀՀ դրամ առաջարկով:  «Վանաձորի բժշկական կենտրոնի» կողմից 2019թ. հունվարի 31-ին հրապարակված մեկ այլ գնման ընթացակարգի պարագայում բոլոր չափաբաժիններով միակ մասնակից է հանդիսացել «Ա» ՍՊԸ-ն, որը միևնույն ապրանքի համար նույն ամսին 8.827.000 դրամով ավելի ցածր գնային առաջարկ է ներկայացրել մրցակցային հանդիսացած ընթացակարգում:  Իսկ երկու չափաբաժիններով «Ա» ՍՊԸ-ի գնային առաջարկը կազմել է 44.470.000 ՀՀ դրամ, այն դեպքում, երբ միևնույն ապրանքները «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունը ձեռք է բերել 34.131.600 ՀՀ դրամով, այսինքն10.338.400 ՀՀ դրամով պակաս: Այսպիսով ուսումնասիրությամբ պարզվել է, որ երկու բժշկական կենտրոնների իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ իրենց կարգադրիչ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ օգտագործելու՝ դիալիզի պարագաներ ձեռք բերելու նպատակով ոչ մրցակցային գնումների ընթացակարգեր կազմակերպելու, ապրանքների տեխնիկական բնութագրերը օրենսդրության պահանջների խախտումներով կազմելու արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ: Գնումների գործընթացները չեն հանդիսացել տնտեսող, արդյունավետ և օգտավետ, խաթարվել է շուկայական մեխանիզմներով գնագոյացման ապահովման սկզբունքը, ոչ մրցակցային և խտրական հիմունքներով գնումների գործընթացների կազմակերպման արդյունքում 2015թ.-ից ի վեր կազմակերպված գնման ընթացակարգերի բոլոր չափաբաժիններով հաղթող է հանդիսացել մեկ ընկերություն և ոլորտի այլ ընկերությունների կողմից արտադրված ապրանքներ չեն կարողացել հավակնել նշված ընթացակարգերին մասնակցելուն:  Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել են առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
15:52 - 26 ապրիլի, 2019
Դատախազությունը ստուգումներ է իրականացրել «Կոշ» քրեակատարողական հիմնարկում

Դատախազությունը ստուգումներ է իրականացրել «Կոշ» քրեակատարողական հիմնարկում

Գլխավոր դատախազությունը շարունակում է ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի, ինչպես նաև կալանավորված անձանց կամ դատապարտյալների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի և խրախուսանքների վերաբերյալ կայացված որոշումների օրինականության և համաչափության ստուգման գործընթացը: Դատախազությունը հայտնում է, որ հերթական ստուգումներն անցկացվել են ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում: Ստուգման արդյունքում գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից արձանագրվել են որոշ խախտումներ: Մասնավորապես, պարզվել է, որ ՔԿՀ-ում չի ապահովվում պահվող անձանց տարեկան առնվազն մեկ անգամ բուժկանխարգելիչ հետազոտությունների ենթարկվելու իրավունքը, իսկ ՔԿՀ-ի ԲՍԲ մասնագետները, Կառավարության համապատասխան որոշման պահանջների խախտմամբ, ոչ բոլոր դեպքերում են կատարել ամենօրյա այցելություններ պատժախցերում գտնվող անձանց: ՔԿՀ-ի հանձնուքների ընդունման և հանձնման գործընթացի ստուգմամբ պարզվել է, որ առկա է արդեն իսկ դատապարտյալին փոխանցվելու համար ընդունված հանձնուք, որն ընդունվել էր օրենսդրությամբ սահմանված նորմերի խախտմամբ: Մասնավորապես, հանձնուքներում առկա իրերի քանակի և տեսակի վերաբերյալ սահմանված դիմումում նշված որոշ ապրանքների տեսակները և քանակները հանձնուք բերող անձի կողմից լրացվել էին ընդհանրական: Չնայած դրա հետևանքով անհնար է համեմատել հանձնուքում փաստացի առկա ապրանքների տեսակների և քանակի հետ, սակայն ՔԿՀ-ի աշխատակիցները վերը նշված հանձնուքն այդ վիճակում ընդունել էին: ՔԿՀ բնակելի գոտում իրականացված շրջայցի արդյունքում մի քանի ամառային տաղավարներում հայտնաբերվել են քրեական ենթամշակույթին բնորոշ փորագրված կամ նկարված նշաններ, իսկ ՔԿՀ-ի կացարանում եղել են առանց ՔԿՀ-ի պետի համապատասխան թույլտվության պահվող բույսեր և կենդանիներ։ Ստուգմամբ պարզվել է, որ ՔԿՀ վարչակազմի կողմից չի կատարվել պատիժը լրիվ կրելով ազատված մի քանի դատապարտյալի վերաբերյալ պատժից ազատվելուց առաջ սահմանված ժամկետներում դատապարտյալի կողմից նշված հասցեում բնակվելու հնարավորության մասին ոստիկանության համապատասխան տարածքային բաժին հարցում ուղարկելու պարտադիր պահանջը, ինչը կարևոր նշանակություն ունի համապատասխան հասցեների ճշտման և պատժից ազատվող անձանց վարքագծի նկատմամբ հետագա հսկողություն իրականացնելու տեսանկյունից: Արձանագրվել են նաև ՔԿՀ-ում պահվող անձանց տեսազանգից և հեռախոսազանգից օգտվելու ժամանակացույցի պահպանմանը, ՔԿՀ-ի տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում դատապարտյալների ներգրավման պահանջների կատարմանը, ինչպես նաև ՔԿՀ բաց և կիսաբաց ուղղիչ հիմնարկներում տեղաբաշխված անձանց համար կարանտինային բաժանմունք ունենալուն առնչվող խախտումներ: Ստուգման ընթացքում գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետն այցելել է ՔԿՀ-ի բոլոր կացարանները` դրանցում բնակվողներից անձամբ տեղեկացել իրենց պատժի կրման և պահման պայմանների մասին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: ՔԿՀ վարչակազմի հետ անցկացված օպերատիվ խորհրդակցության ընթացքում ամփոփվել են կատարված ստուգումների արդյունքները: Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի կողմից գոհունակություն է արտահայտվել սահմանված չափանիշներին «Կոշ» ՔԿՀ-ի տարածքի և կացարանների սանիտարահիգիենիկ պայմանների համապատասխանությունն ապահովելու, այս ուղղությամբ վիճակի բարելավմանը միտված վարչակազմի հետևողականության առթիվ: Արձանագրվել է, որ խախտումների մի մասը վերացվել է տեղում: Հանձնարարվել է լուծումների ավելի տևական ժամանակ պահանջող մյուս խախտումների վերացման ուղղությամբ ձեռնարկել առարկայական միջոցներ և արդյունքների մասին հայտնել գլխավոր դատախազությանը:
10:54 - 26 ապրիլի, 2019
Էդգար Ծատինյանին ոստիկանությունում խոշտանգման ենթարկելու և անզգուշությամբ մահն առաջացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ |hetq.am|

Էդգար Ծատինյանին ոստիկանությունում խոշտանգման ենթարկելու և անզգուշությամբ մահն առաջացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ |hetq.am|

hetq.am: Դատախազության հանրային կապերի բաժինը հաղորդում է, որ 2019թ. ապրիլի 14-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ ոստիկանության աշխատակիցները բռնություն գործադրելով՝ որդուն՝ Երևան քաղաքի բնակիչ Էդգար Ծատինյանին, բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ նա ենթարկվել է բռնությունների, ապա քրեական պատասխանատվության չենթարկվելու վախից կուլ է տվել իր գրպանում միտումնավոր դրված թմրամիջոցը: Դրա հետևանքով նրա ինքնազգացողությունը վատացել է, ոստիկանության աշխատակիցները նրան տեղափոխել են «Արմենիա» ԲԿ, որտեղ ժամեր անց Էդգար Ծատինյանը մահացել է: Ըստ դատախազության` այս հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունը ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝  նյութերի նախապատրաստումն այնտեղ շարունակելու և հետագա ընթացքը լուծելու համար: Արդյունքում, նկատի ունենալով, որ հաղորդումն առերևույթ պարունակում է ՀՀ ոստիկանության՝ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար մի խումբ անձանց կողմից ենթադրաբար կատարված՝ անզգուշությամբ ծանր հետևանքներ, այն է՝ անձին մահ պատճառելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՔԾ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 7-րդ կետերով և ընդունվել վարույթ:
10:50 - 17 ապրիլի, 2019
Փաստաթղթերի կեղծմամբ խոշոր չափերով յուրացումներ ջրօգտագործման ընկերությունում. հարուցվել է քրգործ

Փաստաթղթերի կեղծմամբ խոշոր չափերով յուրացումներ ջրօգտագործման ընկերությունում. հարուցվել է քրգործ

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Լոռի» ջրօգտագործողների ընկերության իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ թույլ տալու փաստի առթիվ: ՀՀ Լոռու մարզի դատախազության միջոցով, նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժին են ուղարկվել ոռոգման համար հատկացված ջրի դիմաց մարզի Լեռնավան համայնքի ջրօգտագործողներից գանձված գումարներից յուրացում կատարելու վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչությունից համապատասխան գրությամբ ստացված տեղեկությունները: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ «Գետիկ», այնուհետև «Լոռի» Ջրօգտագործողների ընկերությունը ոռոգման ջուր է մատակարարել Լոռու մարզի վարչական տարածքում գտնվող թվով 35, այդ թվում նաև Լոռու մարզի Լեռնավան համայնքի ջրօգտագործողներին։ Գործունեության ընթացքում ընկերության տնօրինության կազմում ընդգրկված իրավասու անձինք, 2010-2018թթ. ընթացքում յուրաքանչյուր տարի համապատասխան աշխատանքային պայմանագրեր ձևակերպելով, Լեռնավանի տեղամասի ավագ ջրբաշխի պաշտոնում աշխատանքի են ընդունել մի քաղաքացու: Չնայած այն հանգամանքին, որ վերջինս ընդհանրապես աշխատանքի չի հաճախել և աշխատանքային պարտականություններն անձամբ չի կատարել, նրա անվամբ անհիմն ելքագրել են ընդհանուր խոշոր չափերի՝ 1․365․781 ՀՀ դրամի աշխատավարձի գումարներ: Ապա նախապես իրենց մոտ ունեցած աշխատավարձի բանկային քարտերով նրանք անձամբ կանխիկացրել և ստացել են այդ գումարները՝ դրանք օգտագործվելով իրենց անձնական կարիքների համար: Այդ կերպ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացման եղանակով հափշտակվել են խոշոր չափերով գումարներ։ Պարզվել է նաև, որ վերոնշյալ կազմակերպության տնօրինության կազմում ընդգրկված իրավասու անձինք, իրենց կողմից այդ անձի անվամբ ելքագրված աշխատավարձի գումարների հափշտակության հանգամանքը թաքցնելու նպատակով կազմել են կեղծ աշխատանքային պայմանագրեր, աշխատավարձ վճարելու վերաբերյալ կեղծ հաշվետվություններ, որոնցում ներառել են այդ անձի հետ աշխատանքային պայմանագրեր կնքելու, ինչպես նաև վերջինիս աշխատավարձ վճարելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ և բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը ներկայացրել ընկերության կառավարման մարմիններին։ Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են պաշտոնեական դիրքն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պաշտոնական փաստաթղթեր կեղծելու ենթադրյալ հանցագործության հատկանիշներ՝ Լոռու մարզի դատախազի տեղակալի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:    
12:23 - 16 ապրիլի, 2019
Ռանչպար համայնքում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների և ապօրինի ընդերքօգտագործման փաստերի առթիվ քրեական գործ է հարուցվել

Ռանչպար համայնքում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների և ապօրինի ընդերքօգտագործման փաստերի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազությունից Արարատի մարզի դատախազություն է փոխանցվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Արարատի մարզի Ռանչպար համայնքում իրականացված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ փաստաթղթերը: Վերջիններս ուղարկվել են ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին՝ դրանց հիման վրա նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ 2002-2005թթ. ընթացքում Ռանչպար համայնքում իրականացված հողատարածքների օտարման և վարձակալության մրցույթների արդյունքում վարձակալությամբ տրամադրված հողատարածքներից 14-ի դեպքում համայնքապետարանում բացակայել են պայմանագրերի կնքման հիմքհանդիսացող փաստաթղթերը:  Հայտնաբերվել են պայմանագրեր, որոնք կնքվել են 1 հեկտարի համար սահմանված նվազագույն արժեքից ավելի ցածր գներով, ինչի արդյունքում համայնքի բյուջե պակաս է վճարվել 4.5 մլն ՀՀ դրամ: Պարզվել է նաև, որ 2006-2007թթ. ընթացքում համայնքապետարանի կողմից «Ս...»  ՍՊԸ-ն և ֆիզիկական անձ Ա. Ս.-ին վարձակալությամբ տրվել են հատուկ նշանակության հողատարածքներ, որի ընթացքում վարձավճարների չափերի նկատմամբ դրսևորվել է կամայական մոտեցում. նույն ժամանակահատվածում հատուկ նշանակության տարբեր հողատարածքների վարձակալության պայմանագրով հողի յուրաքանչյուր հեկտարի համար խիստ տարբեր վարձավճարի չափեր են սահմանվել: Արդյունքում 2006-2019թթ. ընթացքում համայնքի բյուջե այդ մասով վճարվել է մոտ 6մլն դրամի չափով պակաս գումար: Բացի այդ, Ռանչպար համայնքի ղեկավարի 03.07.2008թ. որոշումներով, ավազի արդյունահանման նպատակով, նշված ՍՊԸ-ին և քաղաքացուն վարձակալությամբ տրամադրված հատուկ նշանակության հողատարածքներից 0.5-ական հեկտարի նշանակությունը փոփոխվել է արդյունաբերական, ընդերքաօգտագործման և այլ նշանակության: Ստուգման արդյունքում պարզվել է, որ Արաքս գետի ձախ ափի ավելի քան 3 կմ երկարությամբ տարածքում հայտնաբերվել են տարբեր ժամանակահատվածներում գետավազի արդյունահանման արդյունքում առաջացած տարբեր լայնություններով և ավելի քան 4 մետր խորությամբ հանքախորշերի տեսքով բազմաթիվ փորվածքներ: Դրանց մակերեսները բազմակի անգամ գերազանցել են նշված ՍՊԸ-ին և քաղաքացուն տրամադրված՝ ընդհանուրը՝ 1 հեկտար արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողատարածքների մեկերեսները: 2006-2007թթ. ընթացքում համայնքի ղեկավարի կողմից անցկացվել են առերևույթ ձևական բնույթ կրող աճուրդներ, որոնց արդյունքում համայնքի ղեկավարի մերձավորը համայնքի տարածքում ձեռք է բերել շուրջ 39 հա հողատարածքներ, որից շուրջ 6 հեկտարը՝ ձկնաբուծության նպատակով, 33 հեկտարը՝ գյուղմթերքների արտադրության նպատակող և 0.3 հեկտարը՝ բնակելի կառուցապատման նպատակով: Վերոգրյալ բոլոր դեպքերում աճուրդների մեկնարկային գները սահմանված են եղել կադաստրային արժեքների 30-ից 50 տոկոսի չափով: Պարզվել է նաև, որ Ռանչպար համայնքի ղեկավարի կողմից «Վ...» ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրվել է 9.36 հա մեկերեսով հողատարածք: Վերջինիս հատակագծի, օրթոլուսանկարների և կադաստրային քարտեզի համադրման արդյունքում պարզվել է, որ ընկերությանը տրամադրված  հողատարածքին սահմանակից այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող շուրջ 7.5 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը ենթարկվել են որակական փոփոխությունների և չեն օգտագործվում իրենց նպատակային նշանակությամբ: Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են նաև խախտումներ համայնքի կողմից կատարված գնումների գործընթացների, բյուջետային ծախսերի, ինչպես նաև համայնքում բնակվող խիստ կարիքավոր ընտանիքներին համայնքի բյուջեից տրամադրվող սոցիալական հատուկ ծառայությունների վճարների ծախսերի տնօրինման ոլորտներում: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են Արարատի մարզի Ռանչպար համայնքի տարածքում տնտեսվարող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ, նախագծային շեղումներով և առանց պայմանագրի ընդերքի օգտագործման, ինչպես նաև  համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և ծառայողական պարտականությունները չկատարելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներ՝ Արարատի մարզի դատախազության դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 291-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությանը:
13:20 - 15 ապրիլի, 2019
Խախտումներ և բացթողումներ ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում. դատախազությունը շարունակում է ՔԿՀ-ներում ստուգումները

Խախտումներ և բացթողումներ ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում. դատախազությունը շարունակում է ՔԿՀ-ներում ստուգումները

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից ստուգվել է ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակը: Ստուգվել է նաև ՔԿՀ-ում պահվող անձանց նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի և խրախուսանքների վերաբերյալ կայացված որոշումների օրինականությունը և համաչափությունը: Պարզվել է, որ պահվող անձանց նկատմամբ տույժեր կիրառելու վերաբերյալ կայացված մի շարք որոշումներում չի պահպանվել օրենսդրությամբ սահմանված՝ կարգապահական տույժ կիրառելու համաչափության սկզբունքը: Նախկինում ընդհուպ ներքին կանոնակարգը չարամտորեն խախտելու համար տույժի ենթարկված անձինք,  հերթական խախտումը կատարելու համար, ենթարկվել են դրա ծանրությանն անհամաչափ մեղմ կարգապահական տույժի: «Սևան» ՔԿՀ-ում ևս հայտնաբերվել են առանց համապատասխան թույլտվության՝ խցերում քնելատեղերի վարագուրապատման, այդպիսով  կացարաններում անձանց տեղաշարժը հսկելու հնարավորությունից ՔԿՀ ծառայողներին զրկելու բազմաթիվ դեպքեր: Կացարաններում, պատժախցերի պատերին արձանագրվել են քրեական ենթամշակույթի չգրված կանոները բնորոշող փորագրված կամ նկարված նշաններ: ՔԿՀ-ի բաց և կիսաբաց ուղղիչ հիմնարկներում դատապարտյալների համար հասանելի վայրում փոստարկղեր տեղադրված չեն եղել, իսկ որոշ կացարաններում արձանագրվել են առանց վարչակազմի թույլտվության պահվող կենդանիներ: Գրեթե բոլոր պատժախցերը և կարանտինային բաժանմունքում առկա խցերն ապահովված չեն եղել կենցաղավարման համար անհրաժեշտ որոշ պարագաներով և գույքով:ՔԿՀ-ի ԲՍԲ-ում շրջայցի ընթացքում հայտնաբերվել են չբնակեցված կացարաններ, որոնցում առկա են եղել դատապարտյալներին պատկանող հագուստ, սննդամթերք, կենցաղային իրեր, այդ թվում նաև՝ արգելված իրեր և առարկաներ: Այսինքն ՔԿՀ-ում առկա են եղել  անվտանգության ապահովման բացթողումներ: ՔԿՀ-ում պահվող անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման ոլորտում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ նրանք չեն ենթարկվել տարեկան առնվազն մեկ անգամ պարտադիր բուժկանխարգելիչ հետազոտման, իսկ բժշկական սպասարկման բաժնի մասնագետները ոչ բոլոր դեպքերում են այցելել պատժախցերում գտնվող դատապարտյալներին: Ստուգման ընթացքում պարզվել է, որ սահմանված չափանիշներին չեն համապատասխանում ՔԿՀ-ի տարածքի և կացարանների սանիտարահիգիենիկ պայմանները: Նման խնդիրներ առկա են եղել ՔԿՀ-ի բնակելի գոտում, կացարաններում և բժշկական սպասարկման բաժնի ստացիոնարում: Կացարանների մոտ եղել են խոշոր աղբակույտեր, որոնք դատախազի պահանջով ՔԿՀ-ի վարչակազմի կողմից վերացվել և ՔԿՀ-ի տարածքը մաքրվել են հենց ստուգման ընթացքում: Հարկ է ընդգծել, որ նույն խախտումը արձանագրվել էր նաև այս ՔԿՀ-ում ՀՀ գլխավոր դատախազության կողմից կատարված նախկին ստուգման ժամանակ, ինչի մասին տեղեկացվել էր քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը:Այլ իրավունքների ապահովման վիճակի ստուգման համատեքստում պարզվել է, որ ՔԿՀ-ում առկա կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար նախատեսված կարանտինային բաժանմունքում դատապարտյալները պահվում են խցերում: Մինչդեռ նման խցային պայմաներ նախատեսված են փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկների համար: Այսինքն  առկա է եղել պատժի կրման առաջին շրջանում դատապարտյալի իրավունքների որոշակիորեն սահմանափակման իրողություն: Բացի այդ, պարզվել է, որ չեն ապահովվել «Սևան» ՔԿՀ-ի ուղղիչ հիմնարկ տեղաբաշխված դատապարտյալների հետ ուղղման գործընթացի նախնական փուլում նախատեսված աշխատանքները կարանտինային բաժանմունքում կատարելու անհաժեշտ պայմանները: Խախտումներ են արձանագրվել նաև ՔԿՀ-ի տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում դատապարտյալների ընդգրկման սահմանված չափորոշիչների պահպանման, տեսազանգից և հեռախոսազանգից անձանց օգտվելու ժամանակացույցի ապահովման, իրենց անձնական գործերում առանձնակի դաժանության կամ բռնության մասին վկայող տվյալներ ունեցող դատապարտյալներին իբրև  ագրեսիվության, կոնֆլիկտայնության հակում ունեցողների հաշվառելու և նրանց հետ անհրաժեշտ սոցիալ-հոգեբանական աշխատանքներ տանելու, հանձնուքների ընդունման և հանձման կանոնների պահպանման, ինչպես նաև  պատիժը լրիվ կրելով ազատվող դատապարտյալների  հետագա բնակության վերաբերյալ հարցումներ կատարելու, համապատասխան ոստիկանական բաժանմունքներին տեղեկացնելու ժամկետների պահպանման ոլորտներում: Արձանագրված խախտումների մի մասը վերացվել է հընթացս ստուգումների: ՔԿՀ-ում անցկացված օպերատիվ խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Գրիգորի Պողոսյանի կողմից «Սևան» ՔԿՀ վարչակազմին տրվել են առավել տևական ժամանակահատվածում վերացման  ենթակա խախտումների ուղղությամբ կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելուն  ուղղված մի շարք հանձնարարություններ:
10:34 - 15 ապրիլի, 2019
Ստուգվել են «Արմավիր» ՔԿՀ-ի պայմանները. Դատախազությունը բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել

Ստուգվել են «Արմավիր» ՔԿՀ-ի պայմանները. Դատախազությունը բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել

ՀՀ քրեակատարողական հիմնարկներում ընթացող՝ պահվող անձանց իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի ուսումնասիրությունների շրջանակում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից հերթական ստուգումներն անցկացվել են ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում: Ստուգման արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ փաստվել է, որ «Արմավիր» ՔԿՀ-ում ևս տարածված է խցերում անձանց քնելատեղերն առանց համապատասխան թույլտվության վարագուրապատելու, առանձին դեպքերում՝ կերակրադռնակները ներսի կողմից կպչուն ժապավենով փակելու երևույթը։ Մի շարք խցերում եղել են ներքին կանոնակարգով չթույլատրված սպասքի միջոցներ: Պատժախցերը և կարանտինային բաժանմունքում առկա խցերն ապահովված չեն եղել կենցաղավարման անհրաժեշտ որոշ պարագաներով: Խախտումներ են արձանագրվել տեսազանգից և զբոսանքի ժամից դատապարտյալների և կալանավորված անձանց օգտվելու ժամանակացույցերի սահմանման, հեռախոսակապից օգտվելու գործընթացի հաշվառման, տեխնիկատնտեսական սպսարկման աշխատանքներում դատապարտյալների ներգրավման պահանջների պահպանման, այդ աշխատանքներում ներգրավված դատապարտյալների կողմից կատարվող աշխատանքների ժամաքանակի և որակի նկատմամբ իրականացվող հսկողության ընթացակարգերի ապահովման, դատապարտյալների ուղղման համար նախատեսված աշխատանքների իրականացման, բացասական վարքագծի հակումներ ունեցող դատապարտյալների հաշվառման ոլորտներում: Չի ապահովվել առանձնակի դաժանությամբ կամ բռնությամբ հանցագործություն կատարած դատապարտյալներին որպես ագրեսիվության, կոնֆլիկտայնության հակում ունեցողներ հաշվառելու գործընթացը, ինչն անհրաժեշտ է նրանց հետ թիրախավորված սոցիալ-հոգեբանական աշխատանքներ իրականացնելու համար: Ստուգման ընթացքում արձանագրվել է, որ ՔԿՀ-ի խցերի սանիտարահիգիենիկ պայմանները, չնայած ՔԿՀ շենքային ոչ բարվոք վիճակին, հիմնականում համապատասխանել են սահմանված չափանիշներին: Այս ոլորտում խնդիրները կապված են եղել պահվող անձանց տարեկան բուժկանխարգելիչ հետազոտությունների ենթարկելու պարտադիր պահանջի կատարման, բժշկական սպասարկման բաժնում հերթապահության ժամանակացույցի ապահովման, ՔԿՀ ԲՍԲ-ի ստացիոնար բաժանմունքում բուժման մեջ գտնվող հիվանդների նկատմամբ, հաստիքների բացակայության պատճառով, գիշերային անբավարար հսկողության հետ: Պարզվել է նաև, որ բավարար չափով չի ապահովվել ԲՍԲ մասնագետների կողմից ՔԿՀ-ի պատժախցերում գտնված և հացադուլ իրականացնող անձանց կանոնավոր, առանց տևական ընդհատումների այցելելու պահանջը: Խախտումներ են արձանագրվել նաև ՔԿՀ-ում հանձնուքների ընդունման և հանձման գործընթացում: Պարզվել է, որ պատշաճ հսկողություն չի իրականացվում հանձնուքների մասին դիմումներում ներկայացված տեսականուն և քանակին համապատասխանության նկատմամբ: Ստուգման շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Գրիգորի Պողոսյանը շրջել է ՔԿՀ-ի բոլոր խցերով, զրուցել բոլոր պահվող անձանց, այդ թվում նաև օտարերկրացիների հետ՝ նրանց հուզող հարցերով տալով պարզաբանումներ, հնարավորության և իրավասության շրջանակներում բավարարելով նրանց խնդրանքները։ Մի քանի դատապարտյալների վերաբերյալ փաստաթղթերը պահանջվել են ՔԿՀ-ի վարչակազմից՝ հետագա ուսումնասիրություն կատարելու նպատակով։ Վարչության պետի կողմից ընդունելություն է կատարվել նաև ՔԿՀ-ում պատիժ կրող 2 ցմահ դատապարտյալների համար: Վերջիններիս կողմից որոշակի խնդիրներ են բարձրացվել իրենց պատժի կրման պայմանների հետ կապված, ինչի վերաբերյալ տրվել են համապատասխան պարզաբանումներ, իսկ ՔԿՀ-ի վարչակազմի կողմից օպերատիվ կերպով միջոցներ են ձեռնարկվել նշված խնդիրները լուծելու ուղղությամբ։ Ստուգման արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետը ՔԿՀ-ում անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն: Քննարկվել են ստուգմամբ արձանագրված խախտումները, դրանց ուղղման հնարավոր միջոցները։ Արձանագրվել է, որ ի հայտ բերված խախտումների մեծ մասը վերացվել է հենց ստուգման ընթացքում: Խորհրդակցության արդյունքներից ելնելով՝ «Արմավիր» ՔԿՀ-ի պետի կողմից ձեռնարկվել են միջոցներ՝ խախտումների մյուս մասը հնարավորինս սեղմ ժամկետներում վերացնելու, հետագայում դրանք բացառելու նպատակով։ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի կողմից ընդգծվել է ՔԿՀ-ում պահվող անձանց զբաղվածության ապահովման ոլորտում ՔԿՀ-ի վարչակազմի կողմից կատարված արդյունավետ աշխատանքը և էական դրական տեղաշարժը:
08:33 - 10 ապրիլի, 2019
Դատախազությունը ստուգումներ է իրականացրել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում

Դատախազությունը ստուգումներ է իրականացրել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում

Շարունակվում են ՀՀ դատախազության կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում սկսված՝ կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի ստուգումները: Այդ շրջանակում հերթական ստուգումները ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության և Շիրակի մարզի դատախազության կողմից իրականացվել են ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում: Ստուգման ընթացքում արձանագրվել են որոշ խախտումներ, որոնց վերացման ուղղությամբ տրվել են համապատասխան հանձնարարություններ: Մասնավորապես՝ պարզվել է, որ ՔԿՀ-ում տարածված է խցերում բնակվող անձանց քնելատեղերի՝ առանց համապատասխան թույլտվության վարագուրապատումը, ինչը ՔԿՀ-ի ծառայողներին զրկում է արդյունավետ կատարել խցերում իրավիճակի, տեղաշարժերի դիտարկման պարտականությունը: Մի շարք խցերում և կացարաններում առկա են եղել ներքին կանոնակարգով չթույլատրված սպասքի միջոցներ, կենդանիներ, սենյակային բույսեր:  Փոխարենը՝ պատժախցերը և կարանտինային բաժանմունքում առկա խցերն ապահովված չեն եղել կենցաղավարման անհրաժեշտ մի քանի պարագաներով: Իսկ ՔԿՀ-ի բաց և կիսաբաց ուղղիչ հիմնարկներում, ներքին կանոնակարգի պահանջների խախտմամբ, դատապարտյալների համար հասանելի վայրում տեղադրված չեն եղել փոստարկղեր:  Խախտումներ են արձանագրվել պատիժը լրիվ կրելով ազատված դատապարտյալներին նախկին բնակության վայրում հաշվառելու ուղղությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելու, բժշկական գաղտնիք պարունակող փաստաթղթերի անձեռնմխելիության ապահովման, զբոսանքի դուրս եկած անձանց ժամանակացույցերի սահմանման, առանձին դեպքում՝ կալանավորված անձանց և դատապարտյալների՝ տարբեր աշխատանքներում ներգրավման պայմանների, ինչպես նաև այդ աշխատանքների կատարման և որակի նկատմասմբ վերահսկողության, դատապարտյալների ինքնագործ միավորումների կազմավորման և գործունեության ընթացակարգերի, ՔԿՀ-ում պահվող անձանց կողմից հեռախոսազանգերի պատշաճ արձանագրման հետ: Հատուկ ուշադրություն է դարձվել «Արթիկ» ՔԿՀ-ում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանը: Այս ոլորտի խախտումները կապված են եղել սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման հերթապահության սահմանման և դրա նկատմամբ վերահսկողության հետ: Պարզվել է, որ ՔԿՀ-ում պահվող անձանց տարեկան առնվազն մեկ անգամ բուժկանխարգելիչ հետազոտություններ իրականացնելու վերաբերյալ համապատասխան ժամանակացույց առկա չէ, և ՔԿՀ-ում պահվող անձինք, ըստ էության, տարեկան առնվազն մեկ անգամ բուժկանխարգելիչ հետազոտություններ չեն անցել: Ստուգման առարկա են դարձել նաև դատապարտյալների ուղղման համար նախատեսված աշխատանքների իրականացման, բացասական վարքագծի հակումներ ունեցող դատապարտյալների հաշվառման գործընթացները: Պարզվել է, որ հիմնական խնդիրներ կապված են եղել ուղղիչ հիմնարկ տեղաբաշխված դատապարտյալների հետ նախնական փուլում ուղղման աշխատանքների համար նախատեսված պայմանների պահպանման, պատժի սկզբից որպես փախուստի հակում ունեցող հաշվառված անձանց այդ կարգավիճակից հանելու գործընթացի պատշաճ կազմակերպման հետ: Բացի այդ՝ առանձին դաժանությամբ կամ բռնությամբ հանցագործություն կատարած առանձին դատապարտյալներ չեն հաշվառվել որպես ագրեսիվության, կոնֆլիկտայնության հակում ունեցողներ, ինչը հնարավորություն կտար նրանց հետ համապատասխան սոցիալ-հոգաբանական աշխատանքներ տանել:  Արձանագրված բոլոր խախատումները մանրամասն քննարկվել են ՔԿՀ վարչակազմի ղեկավարության հետ: Դրանց մեծ մասը վերացվել է հենց ստուգման ընթացքում, իսկ մյուսները, որոնց վերացման համար որոշակի ժամանակ է պահանջվում, ՔԿՀ-ի վարչակազմը պարտավորվել է իրականացնել սեղմ ժամկետներում և արդյունքների մասին հայտնել ՀՀ դատախազությանը:        
09:42 - 01 ապրիլի, 2019
Համաձայնագրի 8-րդ հոդվածը դատախազության կողմից սխալ է մեկնաբանվում․ անդրադարձ Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործին

Համաձայնագրի 8-րդ հոդվածը դատախազության կողմից սխալ է մեկնաբանվում․ անդրադարձ Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործին

Օրեր առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Գյումրիում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգելդիևին ռուսական 102-րդ ռազմաբազայից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքը: Այն մերժելիս մեջբերվել է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև 1997-ին կնքված «ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ» համաձայնագրի 8-րդ հոդվածը՝ նշելով. «Ձերբակալումից հետո անձին անազատության մեջ պահելու համար Անդրեյ Ռազգելդիևը չէր կարող ռուսական ռազմաբազայի տարածքից տեղափոխվել ազատությունից զրկվածների պահման ՀՀ համապատասխան հիմնարկ, քանի որ դա հակասում է ՌԴ օրենսդրությանը»։Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը Infocom-ի հետ զրույցում ասաց, որ դատախազությունը սխալ է մեկնաբանում 8-րդ հոդվածը։ Նա նշեց, որ գործի օբյեկտիվ, բազմակողմանի քննության վրա բացասական ազդեցություն կարող է ունենալ ռուս զինծառայողի՝ ռուսական ռազմաբազայում գտնվելը։ «Ես գտնում եմ, որ գործի օբյեկտիվ քննության վրա էական նշանակություն կարող է ունենալ մեղադրյալի նկատմամբ ճնշումների առկայությունը, ինչի հավանականությունը մեծ է նրա՝ ռուսական ռազմաբազայում գտնվելու պարագայում»,- ասաց Արթուր Սաքունցը։ Այս թեմայի շուրջ զրուցել ենք նաև ՔՈ ՍԴԿ-ի մամուլի քարտուղար Միքայել Նահապետյանի հետ: Նշենք, որ կուսակցությունը հանցագործություն կատարելու մասին հաղորդագրություն է ներկայացրել դատախազություն` հիմք համարելով ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածը՝ դատական ակտը չկատարելու մասին: «Մենք գործ ունենք հետևյալ իրավիճակի հետ. երբ անձը կալանավորվում է, նա պետք է պահվի կալանավայրում: ՀՀ օրենսդրությամբ ՀՀ կալանավայր է համարվում Կառավարության կողմից ստեղծված և ՀՀ պետական կառավարման մարմինների կառուցվածքում գործող համապատասխան վայրը, ինչպիսին չի հանդիսանում ռուսական ռազմաբազան: Եթե կալանավորը չի պահվում այնպիսի վայրում, որը համապատասխանում է մեր օրենսդրությանը, նշանակում է, որ այդ անձի կալանքը ի կատար չի ածվում, մինչդեռ դատարանը որոշել է, որ նա պետք է կալանավորվի: Սրա հետ կապված դատախազությունն ունի անմիջական պատասխանատվություն և պետք է գտնի՝ ովքեր են այն մարդիկ, որոնք չեն կատարում այս որոշումը: Դատարանի պաշտոնատար անձի կողմից դատարանի որոշումը չկատարելը հանցագործություն է: Տեղյակ եմ, որ մեր կուսակցության քարտուղարությունը ստացել է դիմումի պատասխանը: Ինքս դեռ չեմ հասցրել պատասխանի բովանդակությանը ծանոթանալ, որովհետև այն մեր իրավաբանական խմբի ուսումնասիրությունների դաշտում է»,- նշեց Միքայել Նահապետյանը: Հարցին` տեղյակ է արդյոք, թե ՌԴ որ օրենքին է հակասում մեղադրյալին ռազմաբազայի տարածքից տեղափոխելը, Նահապետյանը պատասխանեց՝ չգիտի, թե ՌԴ օրենսդրության որ կետին է դատախազությունը հղում անում: «Որքանով տեղյակ եմ, դատական գործում էլ չի ներկայացվել կոնկրետ այդ հոդվածը: Եվ պաշտպանը դրա հետ կապված հայտնել է իր առարկությունը: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ իրավական հիմք են մեջբերում, ապա դատախազությունը իրավական փոխօգնության պայմանագիրն է մեջբերում, որի 8-րդ հոդվածն ասում է՝ եթե անհրաժեշտություն է առաջանում բազայի տարածքում դատավարական, քննչական, օպերատիվ հետախուզական կամ այլ բնույթի գործողություններ իրականացնելու, դրանք իրականացվում են Հայաստանի և Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից համատեղ կամ ՀՀ-ի իրավապահ մարմինների գրավոր միջնորդությամբ ՌԴ-ի իրավապահ մարմինների կողմից, եթե դրանց իրականացումը չի հակասում ՌԴ օրենսդրությանը»:Միքայելի կարծիքով դատախազությունը սխալ է մեկնաբանում այս հոդվածը։ Իրենք լրիվ այլ կերպ են մեկնաբանել և գտնում է, որ դա է միակ ողջամիտ մեկնաբանությունը։ «Կա՛մ հայկական կողմը պետք է գործողություն իրականացնի ռուսական կողմի հետ համատեղ, կա՛մ դիմի, որ ռուսները միայնակ իրականացնեն: Բայց, որպեսզի այս երկրորդ տարբերակը լինի, ռուս իրավապահները պետք է օրենքով իրավունք ունենան նման գործողություն իրականացնելու, և սրան է վերաբերում պայմանագրի հիշյալ մասը, որ դրանց կատարումը չպետք է հակասի ՌԴ օրենսդրությանը: Պայմանական մի այլ օրինակ բերեմ. երկու պետությունները երբևէ չեն պայամանավորվել միևնույն օրենսդրությունն ունենալու, և ենթադրենք՝ ինչ-որ պահի ՌԴ-ում ապաքրեականացվում է, օրինակ, մարիխուանայի օգտագործումը, իսկ ՀՀ-ում այն շարունակում է քրեականացված մնալ: Հիմա եթե հայկական կողմը ռուս իրավապահներին միջնորդություն ներկայացնի ձերբակալելու թմրամիջոց օգտագործածին, ՌԴ իրավապահները կարող են պատասխանել, որ իրենք ձերբակալելու իրավունք ունեն միայն այն անձին, որին կասկածում են հանցագործություն կատարելու մեջ, իսկ նրա արարքն իրենց օրենսդրությամբ հանցագործություն չէ: Ահա նմանատիպ դեպքի համար է նախատեսված 8-րդ հոդվածը»,- պարզաբանեց «Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ի անդամը: Գործող իշխանությունների կողմից հարցի նկատմամբ ցուցաբերած պասիվության վերաբերյալ Նահապետյանն ասաց, որ տեսնում է հստակ ուղղորդում. «ՀՀ վարչապետը հայտարարում է՝ դե լավ, ձեզ համար որն ա ավելի կարևոր, որ գործը պատշաճ քննվի, թե որ այդ մարդը պահվի ՀՀ կալանավայրում: Սա ծիծաղելի հայտարարություն է: Հուսով եմ, որ այս հայտարարությունն անելը անմեղսունակություն չէ, երբ պետության իրավունքներին վերաբերող հարցը զիջվում է ինչ-որ արդյունավետության փաստարկով: Եվ բնականաբար, վարչապետի այս հայտարարությունից հետո գլխավոր դատախազը անգործություն պիտի ցուցաբերեր: Որովհետև մենք ունենք մի գլխավոր դատախազ, որը սովոր է եղել քաղաքական ղեկավարության աչքունքին նայելու: Արթուր Դավթյանը Սերժ Սարգսյանի աչքունքին նայելու սովորություն ունեցած դատախազ է: Երբ նա տեսնում էր, որ շեֆին ինչ-որ բան դուր չի գալիս, դա պատշաճ չէր քննվում, իսկ երբ դուր էր գալիս, քննվում էր չափից ավելի մանրամասն ու կանխակալ: Այս տրամաբանությամբ աշխատող դատախազությունը, հին Հայաստանի դատախազը, բնական է, որ պիտի նայեին Նիկոլ Փաշինյանին ու այդ գործը մոռացության մատնեին, պատշաճ չքննեին: Նիկոլ Փաշինյանն էլ, կարծում եմ, այդքանը հասկանալով է այդ հայտարարությունն արել»։ Սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողին ռազմաբազայի տարածքից ՀՀ քրեակատարողական հիմնարկ չտեղափոխելու հարցին Infocom-ի հետ զրույցում անդրադարձավ նաև «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը: «ՀՀ-ում պետք է գերակա լինեն ՀՀ օրենքները: Ես հասկանում եմ` հնարավոր է, որ ժամանակին կնքվել են այնպիսի համաձայնագրեր, որոնց հիման վրա այժմ դատարանները ստիպված են այսպես արձագանքել, և հնարավոր է, որ դա շատ օրինական որոշում է, բայց, միևնույնն է, անթույլատրելի է: ՀՀ տարածքում որևէ մեկը չի կարող անպատիժ կատարել հանցագործություն, այն էլ առանձնապես ծանր հանցագործություն, իսկ այդ հանցագործությունները պարբերաբար կատարվում են և մնում մեզ համար անհասկանալի կարգավիճակով: Իրավապահները պետք է հնարավորություն ունենան ամբողջական ծավալով աշխատել կասկածյալի, մեղադրյալի հետ, իսկ ռազմաբազայում գտնվելու պարագայում դա գրեթե անհնար է»,- ասաց Նինա Կարապետյանցը: Նրա խոսքերով` պարզ չէ անգամ, թե ինչ պայմաններում են պահվում այնտեղ մեղադրյալները, ինչ մշակման են ենթարկվում այդ տարածքում: «Օրինակ՝ Ավետիսյանների գործով ինձ համար առնվազն անհասկանալի ու տարօրինակ էր Պերմյակովի պահվածքը։ Այդպես անհաղորդ նստել նման ծանր հանցագործության մեջ մեղադրվելուց հետո... Կասկածում եմ, որ նրան տարբեր տեսակի ինչ-որ մշակումների են ենթարկել, որոնց տիրապետում են հատուկ ծառայությունները։ Հետևաբար, ինձ համար անընդունելի է սա։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է իրեն ամբողջովին պաշտպանված զգա, և դրա երաշխիքը լինելու է այն, որ ՀՀ տարածքում գործեն մեր օրենքները»,- նշեց Կարապետյանցը: Իրավապաշտպանն ասաց, որ ծանոթ չէ իրավական փոխօգնության պայմանագրին, բայց եթե հնարավորություն լիներ, կարծում է` ներկայիս իշխանություններն ավելի խիստ, ավելի պահանջատեր կլինեին:Աստղիկ Քեշիշյան
13:00 - 26 մարտի, 2019
«Ֆլեշը» հատուցել է գյուղացիների վառելիքի սուբսիդավորման ընթացքում պատճառած վնասը

«Ֆլեշը» հատուցել է գյուղացիների վառելիքի սուբսիդավորման ընթացքում պատճառած վնասը

«Ֆլեշ» ընկերությունը հատուցել է 2014-2015 թվականներին գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված մատչելի գնով դիզվառելիքի սուբսիդավորման գործընթացում չարաշահումներով պատճառված 111.5 մլն դրամ վնասը, հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը: Ուսումնասիրությամբ պարզվել էր, որ ծրագիրն իրականացնելիս ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել ՀՀ կառավարության 2003թ. համապատասխան որոշմամբ հաստատված պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների հատկացման կարգի պահանջները: Չեն կատարել սուբսիդիայի հիմքում դրված նվազագույն շահավետ գնի նորմատիվների հաշվարկման և ՀՀ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցման պարտականությունները: Բացի այդ պարզվել էր, որ 2015-ին կառավարության որոշմամբ 2015թ. դիզելային վառելիքի սուբսիդավորման գին է սահմանվել 1 լիտրի համար 55 դրամ: Չնայած այդ հանգամանքին՝ նույն որոշման մեկ այլ կետով և դրա հիման վրա կնքված համաձայնագրով մատակարար ընկերությանը փոխհատուցվել է 88 դրամ: Արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել էր էական վնաս՝ պետական բյուջեից դիզելային վառելիքի գծով 2015-ին անհիմն, շուկայական գներից թանկ, տրամադրվել է 104.8 մլն դրամ ավելի սուբսիդիա: Արձանագրված առերևույթ խախտումների փաստով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել էր քրեական գործ:Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է նաև, որ 2014-ին կառավարության որոշմամբ մեկ լիտր դիզվառելիքի սուբսիդիայի չափը սահմանվել է 88 դրամ: Սակայն մատակարար ընկերությունն առանց բավարար իրավական հիմքերի դիզվառելիքի 1 լիտրը մատակարարել է նախորդ տարի սահմանված 90 դրամ գնով՝ 2 դրամ թանկ, որը ևս փոխհատուցվել է պետության կողմից, ինչի հետևանքով պատճառվել է 6.6 մլն դրամի վնաս Նախաքննությունը շարունակվում է:
09:45 - 21 մարտի, 2019