Ինֆոքոմ

Դատավորներ Գևորգ Նարինյանն ու Արա Կուբանյանը հայտարարեցին, թե չեն ճանաչում իրենց վերաբերյալ քրեական գործով տուժողին

Դատավորներ Գևորգ Նարինյանն ու Արա Կուբանյանը հայտարարեցին, թե չեն ճանաչում իրենց վերաբերյալ քրեական գործով տուժողին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում այսօր կայացավ Սնանկության դատարանի՝ լիազորությունները կասեցված դատավորներ Գեւորգ Նարինյանի եւ Արա Կուբանյանի եւ եւս երկու անձի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը։ Այն նախագահում էր դատավոր Ջոն Հայրապետյանը։ Վերջինս մի քանի օր է, ինչ տեղափոխվել է Երեւան, մինչ այդ նա դատավոր էր Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանը, հիշեցնենք, մեղադրվում է ապօրինի հարստանալու, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կամ կեղծելու, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, ինչպես նաեւ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն եւ հրապարակային սակարգությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելուն դրդելու, իսկ մյուս դատավոր Արա Կուբանյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Գործով անցնող մյուս անձինք՝ Տիգրան Մարտիրոսյանը, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, իսկ Աշոտ Խատատրյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու եւ հրապարակային սակարգությունների իրականացման կարգը խախտելու համար։ Ըստ մեղադրական եզրակացության՝ դատավոր Գեւորգ Նարինյանը, տեղեկանալով քաղաքացիական գործերից մեկով անհատ ձեռներեց Սիմոն Աղեկյանին սնանկ ճանաչելու գործընթացի մասին, նպատակ է ունեցել նրան պատկանող անշարժ գույքը՝ բնակարանը, ձեռք բերել հնարավորինս էժան գնով, ինչի համար իրենից որոշակի ծառայողական կախվածության մեջ գտնվող սնանկության կառավարիչ Աշոտ Խաչատրյանին դրդել է խախտել հրապարակային սակարգությունների անցկացման կարգը, իսկ նույն դատարանի իր մտերիմ դատավոր Արա Կուբանյանին՝ պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործել, ինչի ընթացքում նրանց օժանդակել է նաեւ Նարինյանի ազգական Տիգրան Մարտիրոսյանը։ Արդյունքում, ըստ մեղադրանքի, կայացվել է դատական ակտ, տրվել է կատարողական թերթ, որով Աղեկյանը պարտավորվել է իր կենցաղային իրերը դուրս բերել աճուրդի դրված եւ վաճառված անշարժ գույք հանդիսացող բնակարանից։ Դեռ երկու տարի առաջ դեպքի մասին հաղորդելիս ԱԱԾ-ն նաեւ հայտնել էր, որ տուժած քաղաքացին ՀՀ կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ է կատարել՝ դժգոհելով թույլ տրված չարաշահումներից եւ դրա արդյունքում իր ունեզրկման փաստից: Հայտնի է, որ դատավորներ Նարինյանն ու Կուբանյանը չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները։  Լուսանկարում՝ Արա Կուբանյանը, աղբյուրը՝ helpcourt.am Այսօրվա դատական նիստի սկզբում դատավոր Ջոն Հայրապետյանը կողմերին տեղեկացրեց զանգվածային լրատվության միջոցների ներկայության մասին՝ ճշտելով նրանց դիրքորոշումը նիստի տեսա եւ լուսանկարահանման  վերաբերյալ։ Մեղադրող դատախազ Արամ Արամյանը առարկություն չներկայացրեց, իսկ պաշտպանական կողմն ամբողջությամբ առարկեց տեսա եւ լուսանկարահանման դեմ։ Գործով տուժող ճանաչված քաղաքացի Սիմոն Աղեկյանն էլ հայտարարեց, որ ցանկանում է՝ լրատվամիջոցները նկարահանեն, եւ հանրությունը տեղյակ լինի այս դատավարության մասին։ Լսելով կողմերին՝ դատավորը որոշեց թույլատրել տեսա եւ լուսանկարահանել դատական նիստի առաջիկա 5 րոպեն միայն՝ պայմանով, որ ամբաստանյալները կադրում չերեւան։ Այնուհետեւ դատախազ Արամ Արամյանը դատարանին ներկայացրեց Գլխավոր դատախազի գրությունը, որով վերջինս լիազորում է իրեն այս գործով իրականացնել մեղադրանքի պաշտպանություն։ Լիազորագրի անհրաժեշտությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի համաձայն՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը եւ տվյալ գործով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը։ Այսինքն՝ Արամ Արամյանը, ով ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալն է, նախաքննության փուլում գործով ներգրավված չի եղել։ Պաշտպանական կողմը դատախազին բացարկի միջնորդության այսօր չներկայացրեց, միայն Նարինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ հնարավոր է՝ որոշ հարցեր ճշտելուց հետո ներկայացնեն։ Ինչ վերաբերում է դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելուն, Սահակյանը դարձյալ նշեց, որ այս պահին նման միջնորդություն չունեն։ Չունեին նաեւ մյուս ամբաստանյալների պաշտպանները։ Անդրադառնալով ամբաստանյալներին՝ դատավորը ճշտեց նրանց ինքնությունը։ Ըստ այդմ, Գեւորգ Նարինյանը հայտնեց, որ ՀՀ քաղաքացի է, ամուսնացած, խնամքին ունի 2 երեխա, որոնցից մեկը՝ մինչեւ 14 տարեկան։ Արա Կուբանյանը հայտնեց, որ ՀՀ քաղաքացի է, ծնվել է Երեւանում, խնամքին ունի 2 ծնող եւ 3 անչափահաս երեխա։ Աշոտ Խաչատրյանը եւս ՀՀ քաղաքացի է, ամուսնացած, ունի բարձրագույն կրթություն, չունի դատվածություն։ Տիգրան Մարտիրոսյանն էլ ՀՀ քաղաքացի է, խնամքին ունի 2 անչափահաս երեխա, 3-րդ էլ ամռանն է լույս աշխարհ գալու։ Տուժող Սիմոն Աղեկյանի ինքնությունը ճշտելու համար դատարանն ընդմիջում հայտարարեց։ Բանն այն է, որ Աղեկյանի անձը հաստատող փաստաթուղթը նրա մոտ չէր, եւ նախագահող դատավորը ընդմիջման վրա ժամանակ չծախսելու համար նրան նույնականացնող տվյալների վերաբերյալ մի քանի հարց տվեց, որից հետո նաեւ պաշտպանական կողմից հետաքրքրվեց՝ նրանք ճանաչո՞ւմ են Աղեկյանին, արդյո՞ք նա այն նույն տուժողն է, որի հետ նախաքննության փուլում առերեսվել են։ Ամբաստանյալները, սակայն, հայտարարեցին, թե չեն առերեսվել եւ չեն ճանաչում։ Ի պատասխան՝ տուժող Աղեկյանը հայտնեց՝ ինքն առերեսվել է ե՛ւ Տիգրան Մարտիրոսյանի, ե՛ւ Աշոտ Խաչատրյանի հետ։ Դատավորը լրացուցիչ հարց հղեց նրանց՝ Քննչականում չե՞ն տեսել տուժողին, սակայն նրանք դարձյալ բացասական պատասխան տվեցին։ Վայրկյաններ անց, երբ նիստն արդեն ընդմիջվել էր, Աշոտ Խաչատրյանը, ամեն դեպքում, ասաց, որ ինքը ճանաչում է տուժողին։ Լուսանկարում՝ գործով տուժող Սիմոն Աղեկյանը Նիստը վերսկսելուց հետո, երբ անձնագիրն արդեն ներկայացվել էր, նախագահող դատավորը հայտնեց, որ տուժող Սիմոն Աղեկյանը ավելի վաղ դիմում է ներկայացրել դատարան՝ տեղեկացնելով, որ չունի իրավաբանական կրթություն եւ բավարար միջոցներ, որպեսզի փաստաբան վարձի։ Նա տուժողին պարզաբանեց՝ եթե բավարարում է համապատասխան չափանիշներին, կարող է դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ, եւ նրան փաստաբան կտրամադրվի պետության միջոցներին հաշվին։ Տուժողը ցանկացավ հայտարարությամբ հանդես գալ՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ բոլոր ամբաստանյալներն իրեն լավ ճանաչում են։  Ամբաստանյալների պաշտպանների ինքնությունը ճշտելուց հետո նախագահող դատավորը ստիպված էր հետաձգել դատական նիստը, քանի որ Տիգրան Խաչատրյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը չէր մասնակցում նիստին երկրում չլինելու պատճառաբանությամբ, իսկ Խաչատրյանը առարկեց առանց նրա նիստը շարունակելու դեմ։ Տուժող Սիմոն Աղեկյանը դատարանին խնդրեց ստուգել՝ արդյո՞ք Պետրոսյանը իսկապես բացակայում է երկրից թե՞ ձեւականորեն չի ներկայանում (քանի որ իրեն հայտնի էին այլ փաստաբանների կողմից ձեւականորեն չներկայանալու դեպքեր), սակայն նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը հայտնեց, որ դրա անհրաժեշտությունը չի տեսնում՝ ընդգծելով, որ փաստաբանը ՀՀ-ում արտոնագրված անձ է։ Լուսանկարում՝ Գեւորգ Նարինյանը, աղբյուր՝ dataran.am Նախքան նիստը հետաձգելը ամբաստանյալ Գեւորգ Նարինյանին դատավորը տեղեկացրեց, որ դատական քննություն նշանակելու որոշմամբ վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը․  «Այն, ինչ Դուք բարձրաձայնեցիք, պարզ է, սակայն պարզ չեն դրա հիմքերն ու ընտրելու անհրաժեշտությունը »,- հայտարարեց Նարինյանը։ Նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը հետաքրքրվեց՝ նման միջնորդությամբ դատախա՞զն է հանդես եկել, ինչին ի պատասխան՝ դատավորը հայտնեց, որ այդպիսի միջնորդություն չի եղել, ինքը սեփական նախաձեռնությամբ է խափանման միջոց ընտրել։ Դատավորը պարզաբանեց, որ ի թիվս այլնի, հաշվի է առել նաեւ Վերաքննիչ դատարանի նախկինում կայացրած այն որոշումը, որով վերջինս, թեեւ մերժել էր Նարինյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու միջնորդությունը, սակայն միաժամանակ արձանագրել էր, որ առկա է վարույթին խոչընդոտելու հիմք․  «Եվ նյութերում չկա որեւէ տվյալ, որ դատական ակտն այդ մասով բողոքարկվել է, ուստի առկա է այդ մասով օրինական ուժի մեջ մտած դատական ակտ »,- նշեց նա։ Պաշտպան Լուսինե Սահակյանն էլ կարծիք հայտնեց, թե դատավորը իրավունք չուներ նման որոշում կայացնելու, եւ այն որակեց չպատճառաբանված․  «Գտնում ենք, որ դատարանը մեղադրողի ֆունկցիա է վերցրել՝ առանց դատախազի կողմից նման միջնորդություն ներկայացնելու խափանման միջոց ընտրելով, չլսելով մեր պաշտպանյալին եւ մեզ, ինչը, բնականաբար, պետք է արվեր»։ Սահակյանն ընդգծեց, որ Վերաքննիչ դատարանի որոշումը, որին դատավորը հղում է արել, կայացվել է նախաքննության փուլում՝ մոտ մեկ ու կես տարի առաջ․  «Եվ եթե նույնիսկ Վերաքննիչ դատարանը նման ռիսկ տեսել է, տեսել է նախաքննության ընթացքում՝ տարի ու կես առաջ, բայց նախաքննությունն ավարտվել է, գործը ուղարկվել է դատարան, եւ դատարանը այս փուլում նման որոշում կայացնելիս պիտի դա հաշվի առներ»,- ասաց նա՝ հայտարարելով, որ որոշումը ստանալուն պես կբողոքարկեն։ Նարինյանն էլ իր հերթին նշեց, որ օբյեկտիվ իրականության մեջ չի կարող լինել որեւէ ապացույց, որ ինքը կալանավորումից հետո որեւէ կերպ խոչընդոտած լինի գործի քննությանը։  Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 13-ին։   Գլխավոր լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը Միլենա Խաչիկյան  
20:14 - 05 մայիսի, 2022
Մինչ Չինաստանն ու Ռուսաստանն ամրապնդում են կապերը, Եվրոպան զարգացնում է հարաբերությունները Ճապոնիայի և Հնդկաստանի հետ․ Politico

Մինչ Չինաստանն ու Ռուսաստանն ամրապնդում են կապերը, Եվրոպան զարգացնում է հարաբերությունները Ճապոնիայի և Հնդկաստանի հետ․ Politico

Politico պարբերականն իր հոդվածում գրում է Չինաստանի և Ռուսաստանի համագործակցության, ինչպես նաև Հնդկաստանի և Ճապոնիայի հետ հարաբերություններն ամրապնդելու Եվրոպայի փորձերի մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Մինչ Չինաստանն ամրապնդում է իր ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ, Եվրոպան դաշնակիցներ է փնտրում Ասիայի մյուս շրջաններում։ Հաջորդ շաբաթ նախատեսվում է, որ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Տոկիո են մեկնելու՝ ԵՄ-Ճապոնիա համատեղ գագաթնաժողովի անցկացման համար։ Այս մասին հայտնել են երկու դիվանագետներ, որոնք ցանկացել են անանուն մնալ, ճապոնական լրատվամիջոցները հաստատել են լուրը։ Սա այս երկու եվրոպացի պաշտոնյաների առաջին այցն է լինելու Արևելյան Ասիա այն բանից ի վեր, ինչ զբաղեցրել են իրենց պաշտոնները ԵՄ-ում կորոնավիրուսի տարածումից մի փոքր առաջ։ Նախորդ շաբաթ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պաշտոնավարման մեկնարկից ի վեր առաջին այցը կատարեց Ասիա և շրջանցեց Չինաստանը։ Փոխարենն այցելեց Ճապոնիա՝ ի տարբերություն Գերմանիայի նախորդ կանցլեր Անգելա Մերկելի, որը նախընտրում էր անձնական կապերը զարգացնել Պեկինի ղեկավարության հետ։ Դրանից մի քանի օր առաջ ֆոն դեր Լյայենը Հնդկաստանում ներկա գտնվեց Raisina Dialogue արտաքին քաղաքական հարցերով առանցքային կոնֆերանսին, որտեղ հստակ զգուշացում արեց Պեկինի և Մոսկվայի միջև «սահմաններ չունեցող» գործընկերության մասին։ Հունիսից Եվրամիության խորհրդում Չեխիայի նախագահության ընթացքում պլանավորվում է մի շարք միջոցառումներ անցկացնել Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերների հետ՝ չնայած նրան, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը խլում է Եվրոպայում քաղաքական էներգիայի մեծ մասը։ Կարճ ասած՝ եվրոպական հողում անսպասելիորեն սկսված պատերազմը Եվրամիությանը ստիպում է նոր հայացք գցել Չինաստանի վրա, որն, ինչպես պարզվում է, կարծես թե Ռուսաստանի հավատարիմ գործընկերն է։   Չինաստան Երկու տասնամյակ շարունակ Չինաստանը հսկայական օգուտներ է քաղել Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելուց։ Եվրոպական բազմազգ շատ կորպորացիաներ Չինաստանը դիտարկում են՝ որպես կարևոր շուկա և շահույթի աղբյուր։ Չնայած Չինաստանի նախագահ Սի Ծինպինի՝ ներքին նորարարություններին և սպառմանն ավելի մեծ ուշադրություն դարձնելու կոչերին՝ արտաքին առևտուրը, հատկապես՝ ԵՄ և ԱՄՆ հետ, նախկինի պես հսկայական դեր է խաղում Չինաստանի տնտեսական զարգացման հարցում։ Պատերազմն Ուկրաինայում փոխեց այս իրավիճակը։ Եվ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, և Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լյայենը Պեկինին զգուշացրին «հետևանքների» և «հեղինակության ռիսկերի» մասին, եթե վերջինս Ռուսաստանին օգնի շրջանցել պատժամիջոցներն ու զենք տրամադրի։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասն ավելի հեռուն գնաց՝ նախորդ շաբաթ հայտարարելով, որ Չինաստանի աճը «անխուսափելի բան չէ, այն չի շարունակվելու, եթե նրանք [Չինաստանը] չհետևեն խաղի կանոններին»։ Չինաստանի դեմ խստացող հեռտորաբանությունն աննկատ չի մնացել բիզնես միջավայրի համար։ Քանի որ արևմտյան ընկերությունները խզել են կապերը Ռուսաստանի հետ, Չինաստանի բիզնես համայնքում աճում է անհանգստությունը, հատկապես, որ Պեկինն այնքան էլ ջանք չի գործադրում հեռավորություն պահպանելու մի երկրից, որն ավելի ու ավելի վտարանդի է դառնում։   Ճապոնիա Ինչպես Շոլցն է նշել, Ճապոնիայի ընտրությունը՝ որպես ասիական առաջնային ուղղություն, որը նա արել է Գերմանիայի կանցլեր դառնալուց հետո, «պատահական չէ»։ Թեև Շոլցը խուսափել է ուղղակիորեն քննադատել Չինաստանին, նա ընդգծել է գերմանական բիզնեսի մասով դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը։ Կանցլերը հավելել է, որ մատակարարման շղթաների կախվածությունն առանձին պետություններից նվազեցնելը «խնդիր է, որը երբեք այսքան արդիական չի եղել»։  «Մի բան պարզ է․ մեր ընկերություններն ու մենք ինքներս անելու ենք հնարավոր ամեն ինչ՝ երաշխավորելու համար, որ մատակարարման շղթաների հարցում ոչ ոք որոշակի պահի կախված չէ միայն մի երկրից»։ [Ուկրաինական] պատերազմի մեկնարկից ի վեր Ճապոնիան հայտարարվել է՝ որպես Արևմուտքի մոտ գործընկեր։ Նա սակավաթիվ ասիական երկրներից մեկն է (Հարավային Կորեային և Սինգապուրին զուգահեռ), որը միացել է Եվրոպայի և ԱՄՆ սահմանած պատժամիջոցներին։ Երբ խոսքը գնում է տարածաշրջանում Ճապոնիայի՝ գլխավոր հակառակորդ Չինաստանի հետ հարաբերությունների մասին, Տոկիոն մեծապես հույսը դնում է ԱՄՆ հետ անվտանգության հարցերում համագործակցության վրա։ Օրինակ՝ անցյալ տարի Financial Times-ը գրել էր, որ Ճապոնիան ու ԱՄՆ-ն համատեղ զորավարժություններ են անցկացրել Թայվանի պատճառով Չինաստանի հետ հնարավոր կոնֆլիկտի առնչությամբ։ Սակայն ԵՄ-ն էլ իր դեր պետք է ունենա։ «Թեև նրանք [Ճապոնիան] հասկանում են, որ եվրոպացիները չեն կարող փոխարինել ԱՄՆ հետ համագործակցությունը, կարծում եմ, այն [Եվրոպան], միևնույն է, ծառայում է՝ որպես լրացուցիչ երաշխիք», - ասում է Ճապոնիայում և Չինաստանում ԵՄ նախկին դեսպան Դիտմար Շվայսգուտը։   Հնդկաստան Հաջորդ մի քանի ամիսը վճռորոշ նշանակություն է ունենալու՝  հասկանալու համար, թե արդյոք Եվրոպան կարող է միաժամանակ կենտրոնանալ և Ռուսաստանի, և Չինաստանի վրա։ Հնդկաստանն, իր հերթին, որոշ առումով ավելի շատ նման է Չինաստանին, քան Ճապոնիային։ Նա հաշվի չի նստել Արևմուտքի գործադրած ճնշման հետ և ձեռնպահ է մնացել Ռուսաստանի սանձազերծած պատերազմը դատապարտող ՄԱԿ քվեարկության ժամանակ։ Հնդկաստանը նաև ռուսական զենքի խոշոր ներկրող է։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն Հնդկաստանը համարում է առանցքային գործընկեր Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ նրա, Ավստրալիայի և Ճապոնիայի հետ միասին Անվտանգության քառակողմ երկխոսություն (QUAD) ձևավորելով , որը Չինաստանում սպառնալիք է համարվում։ Ֆրանսիան նույնպես ձգտում է բարելավել ռազմածովային կապերը Հնդկաստանի հետ։ Նյու Դելի կատարած իր այցի ժամանակ ֆոն դեր Լյայենը քննադատել էր Չինաստանին՝ Ռուսաստանի հետ նրա համագործակցության համար և ողջունել էր Հնդկաստանին՝ որպես աշխարհի մեծագույն ժողովրդավար երկրի, և խոստացել խորացնել առևտրային կապերը։ Փորձելով հետ պահել Հնդկաստանին Ռուսաստանի հետ համագործակցությունից նա հավելել էր․ «Պատերազմի ելքը ոչ միայն կանխորոշելու է Եվրոպայի ապագան, այլև մեծապես ազդելու է Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և մնացած աշխարհի վրա»։ ԵՄ-Հնդկաստան հարաբերությունների գլխավոր խնդիրն ազատ առևտրի մասին պայմանագրի բացակայությունն է։ Համաձայնագիր կնքելու նախորդ յոթամյա փորձը փակուղի է մտել, սակայն կողմերն այժմ փորձում են վերսկսել բանակցությունները։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նույնպես վերջերս Հնդկաստան է այցելել, նրա այցի առանցքում պաշտպանության ոլորտում համագործակցությունն էր։ Որպես խորհրդանշական քայլ Հնդկաստանը որոշել է դեսպանատուն բացել Լիտվայում՝ ԵՄ անդամ երկրում, որի դեմ Պեկինն առևտրային էմբարգո է կիրառում։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան այս շաբաթ Եվրոպա կայցելեն։ Չինաստանի վերաբերյալ նրանց գաղափարները լսելի կլինեն, սակայն դեռ պարզ չէ, թե արդյոք արդյունքում որևէ գործողություն կձեռնարկվի»։   Նորա Վանյան  
16:48 - 05 մայիսի, 2022
Մեծ Բրիտանիան Մոսկվայի բորսան զրկել է ճանաչված բորսայի կարգավիճակից

Մեծ Բրիտանիան Մոսկվայի բորսան զրկել է ճանաչված բորսայի կարգավիճակից

Մեծ Բրիտանիան այսօր չեղարկել է Մոսկվայի ֆոնդային բորսայի (MOEX)՝ ճանաչված բորսայի կարգավիճակը՝ կասեցնելով որոշ հարկային արտոնություններ նոր ներդրողրի համար, գրում է Reuters-ը։ Մեծ Բրիտանիան որոշ բորսաների շնորհում է ճանաչված բորսայի կարգավիճակ, որը թույլ է տալիս դրանցում վաճառվող արժեթղթերի մասով օգտվել հատուկ հարկային արտոնություններից։ Այս որոշումը չի տարածվի այն ներդրումների վրա, որոնք արվել են Մոսկովյան բորսայում մինչ այս, սակայն նորերի վրա կտարածվի։ Մեծ Բրիտանիան իր այս քայլի մասին հայտնել էր դեռ նախորդ ամիս և հայտարարել էր, որ դա պատասխան է այն սահմանափակումներին, որոնք Ռուսաստանի բանկը կիրառել էր օտարերկրյա ներդրողների նկատմամբ՝ հղում անելով փետրվարի 28-ին սահմանված արգելքին։ Այն թույլ չէր տալիս բրոքերներին արժեթղթերի վաճառքի գործարքներ կատարել Ռուսաստանի ոչ ռեզիդենտների հրահանգով։ «Սա կկասեցնի գումարների ներդրումը ռուսական ակտիվների մեջ և հստակ ազդակ կլինի, որ միտք չունի նոր ներդրումներ անել Ռուսաստանում», - ասել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարության ֆինանսական քարտուղար Լյուսի Ֆրեյզերը։   Նորա Վանյան  
15:54 - 05 մայիսի, 2022
Ռուսաստանն արտաքսում է դանիացի յոթ դիվանագետների

Ռուսաստանն արտաքսում է դանիացի յոթ դիվանագետների

Ռուսաստանի ԱԳՆ-ն պերսոնա նոն գրատա է հայտարարել Դանիայի դեսպանատան յոթ աշխատակիցների՝ ի պատասխան ռուս դիվանագետների արտաքսման և «Կիևին Դանիայի իշխանության կողմից ռազմական օգնության տրամադրման», գրում է «Կոմերսանտը»։ ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է նաև, որ կարող է միջոցներ ձեռնարկել՝ «ի պատասխան Կոպենհագենի ոչ բարեկամական գործողությունների»։ «Ռուսական կողմից նշվել է, որ թագավորության բացահայտ հակառուսական քաղաքականությունը լուրջ վնաս է հասցնում երկկողմ հարաբերություններին», - ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում։ Բացի դրանից, գերատեսչությունը հավելել է, որ հրաժարվել է վիզա տրամադրել Դանիայի դիվանագիտական առաքելության դիվանագետներից մեկին։ Ապրիլի 5-ին Դանիան արտաքսել էր Դանիայում ՌԴ դեսպանատան և Կոպենհագենում Առևտրային ներկայացուցչության 15 աշխատակիցների։ Երկիրը նրանց մեղադրել էր լրտեսության համար։   Նորա Վանյան
15:07 - 05 մայիսի, 2022
Հայաստանում կատարվող իրադարձությունները երկրի ներքին գործն են․ Պեսկովը՝ անդրադառնալով Հայաստանում ընդդիմության ցույցերին

Հայաստանում կատարվող իրադարձությունները երկրի ներքին գործն են․ Պեսկովը՝ անդրադառնալով Հայաստանում ընդդիմության ցույցերին

Հայաստանում կատարվող իրադարձությունները երկրի ներքին գործն են, սակայն Մոսկվան շահագրգռված է իրավիճակի շուտափույթ կարգավորմամբ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այսօր լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դա լիովին և ամբողջությամբ Հայաստանի ներքին գործն է», - ասել է Կրեմլի ներկայացուցիչն՝ անդրադառնալով հայկական ընդդիմության ցույցերին։ Նա ընդգծել է նաև, որ Երևանը Մոսկվայի դաշնակիցն է։ «Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր գործընկերն է մեզ համար կարևոր մի քանի ինտեգրացիոն ձևաչափերում, Հայաստանը մեր լավ ընկերն է», - նշել է Պեսկովը։ «Այդ պատճառով էլ, իհարկե, մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում այս փուլը հնարավորինս արագ ավարտվի և կրկին կայունության փուլ հաստատվի, որը թույլ կտա փուլ առ փուլ շարժվել դեպի Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, որոնց Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ ավարտուն տեսք է տրվել, ինչպես նաև՝ մեր երկկողմ հարաբերությունների զարգացման առումով», - հավելել է նա։   Նորա Վանյան
14:40 - 05 մայիսի, 2022
Պետք է հետևողականորեն շարժվենք անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու ուղղությամբ. վարչապետ

Պետք է հետևողականորեն շարժվենք անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու ուղղությամբ. վարչապետ

Կառավարությունը հավանություն տվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին։  Արդարադատության նախարար Կարեն  Անդրեասյանն ասաց՝ օրենքի կարճատւև գործարկման ընթացքում Գլխավոր դատախազությունը կատարել է հսկայածավալ աշխատանք և այդ աշխատանքի արդյունքում դուրս են բերվել որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծել և լավարկել այս օրենքը։Նախարարը ներկայացրեց այն փոփոխությունները, որոնք առաջարկվում է նախագծով։ ։ «Առաջարկվում է ընդլայնել այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ կարող է սկսվել գույքային ուսումնասիրությունը։ Գործող կարգավորումների պայմաններում ուսումնասիրություն կարող էր կատարվել քաղաքական, վարչական, ինքավար, հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ։ Այդ պաշտոններն են, օրինակ, վարչապետերը, փոխվարչապետերը, նախարարները, նախարարների տեղակալները, Մարդու իրավունքների պաշտպանը, դատավորները։Այս փոփոխության նպատակն  այն է, որ ընդլայնվի այդ պաշտոնների շրջանակը և բոլոր այն պաշտոնյաները, որոնք հայտարարագրեր են ներկայացնում, իրենք նույնպես ենթակա լինեն այս օրենքի ուսումնասիրությանը»։ Բացի դրանից, ըստ Կարեն Անդրեասյանի, դատախազությանը տրվում է հնարավորություն սեփական նախձեռնությամբ սկսել ուսումնասիրություն բոլոր այն դեպքերում, երբ արդեն իսկ սկսված աշխատանքներում հայտնաբերվել են տվյալներ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանող ապօրինի գույքի վերաբերյալ։ Նախատեսվում է նաև  ՀՀ սահմաններից դուրս գտնվող գույքի ձեռքբերման արժեքի չափով գումարի բռնագանձման հնարավորություն, եթե առկա չեն այդ գույքի շուկայական արժեքի վերաբերյալ տեղեկություններ:Փաշինյանը, արձագանքելով նախարարին, ասաց, որ այս պահի դրությամբ իրենց ակնկալիքները չեն արդարանում․ «Եթե ես ճիշտ եմ հիշում, համակարգը  ներդրվեց 2020 թ․-ի սեպտեմբերից։ Այս ընթացքում դատախազությունը հսկայական աշխատանք է կատարել այդ ուղղությամբ, բայց մյուս կողմից էլ պոստ ֆակտում ենք արձանագրել, որ այդ աշխատանքի ծավալները այնքան մեծ են, որ  այս պահի դրությամբ մեր ակնկալիքները չեն արդարանում»։  Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ ասաց՝ բարդությունները գործնական աշխատանքի արդյունքում են ի հայտ եկել․« Ինչ վերաբերում է ի սկզբանե ձևավորված ակնկալիքներին, այո, այդպիսի խնդիր կա, բայց ուզում եմ՝ հասկանանք՝ դրա պատճառն ինչ է։ Երբ մեխանիզմը ներդրվում էր, երբ օրենքն ընդունվում էր, ինստիտուտն ոչ միայն աննախադեպ էր ոչ միայն մեր երկրի, այլ աշխարհի բազում երկրների համար, և աշխարհը դեռևս լուրջ փորձառություն անցած պրակտիկա չուներ, գործնական աշխատանքի արդյունքում ի հայտ եկան այն բարդությունները, այն պրոբլեմները, որոնց մենք բախվում ենք»։ Նա նշեց, որ այս պահի դրությամբ դատարանում ներկայացված է շուրջ 8 հայց 42 միլիարդ դրամ հայցագնով։ «Ունենք առաջին նախաձեռնությունը համաձայնության գալու և կարծում ենք, որ սա լավ փորձ կլինի և ազդակ կլինի համապատասխան սուբյեկտներին, որ առավել նախընտրելի է համաձայնությամբ այս տեսակ խնդիրների լուծումները»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ դատաիրավական համակարգում բարեփոխումներն ամենաբարդն են և ամենադժվարն են առաջ գնում: «Դատական համակարգն ինչպես ավանդաբար եղել է ամենացածր վստահություն ունեցող համակարգ, շարունակում է այդպիսին մնալ. մենք պետք է հետևողականորեն շարժվենք անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու ուղղությամբ»,- ասաց նա։
13:24 - 05 մայիսի, 2022
Լրտեսության դեպքեր բանակում 2018 թ․-ից առաջ էլ կային․ Ռոբերտ Քոչարյանի պնդումը սխալ է

Լրտեսության դեպքեր բանակում 2018 թ․-ից առաջ էլ կային․ Ռոբերտ Քոչարյանի պնդումը սխալ է

Ապրիլի 29-ին՝ Սարդարապատից  քայլերթով Երեւան եկող խմբի հետ հանդիպման ժամանակ, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, ի թիվս այլնի, անդրադարձավ անվտանգային մի շարք հարցերի։ Խոսելով, մասնավորապես, բանակի մասին՝ նա ասաց․ «Սկսել են այդ քայքայիչ, ավերիչ գործունեությունը 2018 թվականից հետո, տռուսիկ, մայկա, ելակ, տուշոնկա եւ այլն, եւ այլն, եւ ստացանք այն, ինչ օրինաչափ ձեւով նման քաղաքականության պարագայում պետք է ստանայինք։ Իմ հաշվարկով՝ առնվազն 3 տարի պետք է բանակի վերականգնման համար, եթե վատ աշխատես՝ 3-5 տարի, այդ 3 տարուց 1․5 տարին արդեն կորսված են, բայց ես համոզված եմ, որ 3 տարում, այո, ի վիճակի ենք բավականին լուրջ անվտանգային համակարգ ձեւավորել։ Նայեք, այս վերջերս հայտնաբերված 300-400 դոլարանոց գործակալների, ադրբեջանական, սենց ասենք, շպիոնների առկայությունը ինչի՞ մասին է խոսում։ Բարոյահոգեբանական վիճակը բանակում այնպիսինն է, որ այդ երեւույթը․․․ Ուղղակի չկային այդպիսի բաներ»։ Քոչարյանը, ըստ ամենայնի, նկատի ունի  Ազգային անվտանգության ծառայության կողմից ապրիլի  20-ին բացահայտված դեպքը, ըստ որի՝ Զինված ուժերի կոչումով սպա զինծառայող ՀՀ քաղաքացին, հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, վարձատրության դիմաց (ընդ որում՝ ոչ թե 300-400, այլ ընդհանուր 1400 ԱՄՆ դոլարի) նրանց է հանձնել պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող մի շարք տեղեկություններ։  Ամեն դեպքում, վերջերս բացահայտված որ դեպքն էլ նկատի ունեցած լինի նա, ինքնին պնդումը, թե նախկինում «այդպիսի բաներ» բանակում չկային, սխալ է։ Դա են վկայում ինչպես մեր հարցմանն ի պատասխան ոստիկանության վերջերս հայտնած տեղեկությունները, այնպես էլ մամուլի մի շարք հրապարակումներ ու Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգում առկա տվյալները։ Մասնավորապես, Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից նախորդ ամիս հայտնել են, որ 2009, 2011, 2015 թվականներին ՀՀ-ում արձանագրվել են լրտեսության 1-ական դեպքեր, իսկ 2009, 2013, 2014, 2015 թվականներին՝ պետական դավաճանության 1-ական դեպքեր։ Պետական դավաճանության 2 դեպք էլ արձանագրվել է 2011 թվականին։ Այսինքն՝ մինչեւ 2018 թվականը հիշյալ տարիներին արձանագրվել է լրտեսության եւ պետական դավաճանության ընդհանուր առմամբ 9 դեպք։ Քանի որ այս դեպքերի վերաբերյալ նույնականացնող բավարար տվյալներ Ոստիկանությունը չի հայտնել, իսկ Դատալեքսում տեսանելի այդ թվականների գործերը մեծամասամբ փակ են, հնարավոր չէ այսքանով միայն պնդել, թե այդ բոլորը կատարվել են ԶՈՒ ծառայողների կողմից կամ վերաբերել են հենց բանակին կամ որ այդ բոլորով հանցագործություններն ի վերջո հաստատված են համարվել։ Սակայն մամուլում եւ Դատալեքսում առկա են նաեւ մի շարք բաց տեղեկություններ՝ ՀՀ եւ ԼՂ քաղաքացիների, այդ թվում՝ ԶՈՒ ծառայողների մասնակցությամբ լրտեսության եւ լրտեսության ձեւով պետական դավաճանության իրականացման, դրանց առթիվ հարուցված քրեական գործերի, ինչպես նաեւ՝ այդ գործերով կայացված դատավճիռների վերաբերյալ։ Օրինակ՝ 2013 թ․-ին ԱԱԾ-ն հայտնել է, որ լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, Կապան քաղաքի 31-ամյա բնակչուհի Մանե Մովսիսյանը, որը հետագայում մեղավոր է ճանաչվել: Ըստ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի կայացրած դատավճռի՝ զորամասում աշխատելու ընթացքում Մովսիսյանը համացանցի միջոցով Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցներին է փոխանցել ծառայության ընթացքում իրեն հայտնի դարձած ռազմական բնագավառի պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, ինչպես նաեւ՝ այնպիսի տեղեկություններ, որոնք կարող էին օգտագործվել ՀՀ-ն եւ ՀՀ Զինված ուժերը վարկաբեկելու նպատակով: Ըստ Դատալեքսի՝ Մովսիսյանի վերաբերյալ դատավճիռը հետագայում չի բողոքարկվել՝ մտնելով օրինական ուժի մեջ։ Դարձյալ 2013 թ․-ին լրտեսության եւ պետական դավաճանության մեջ մեղավոր են ճանաչվել ԼՂ երկու քաղաքացիներ Դավիթ Բարսեղյանն ու Ռաֆայել Ավագյանը։ Վերջինս հանդիսացել է Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող։ Ըստ մեղադրանքի՝ ծանոթանալով Թուրքիայի Ստամբուլ քաղաքում բնակվող, սփյուռքահայ կազմակերպության անդամ ներկայացած ոմն Սամվել Ազատյանի հետ՝ ԼՂ քաղաքացիները իբր բարեգործական ծրագրեր իրականացնելու նպատակով նրան են փոխանցել արտակարգ պատահարների ժամանակ զոհվածների եւ վիրավորվածների, բժշկական սպասարկման, սննդի, շինությունների վիճակի եւ ՊԲ-ի մասին մի շարք այլ տեղեկություններ, ինչի դիմաց վարձատրվել են գումարով ու նվերներով։ Դավիթ Բարսեղյանն ու Ռաֆայել Ավագյանը դատապարտվել են համապատասխանաբար 10 եւ 11 տարի ազատազրկման։ Ժամանակին այդ գործով պաշտպանություն իրականացրած փաստաբան Էրիկ Բեգլարյանը մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ դատավճիռը բողոքարկվել է Վերաքննիչ, ապա նաեւ՝ Գերագույն դատարան, սակայն արդյունքում, մնացել է անփոփոխ՝ մտնելով օրինական ուժի մեջ։ 2015 թ․-ին հայտնի է դարձել վարձատրության դիմաց պետական դավաճանության մեկ այլ դեպք, ըստ որի՝ պահեստզորի մայոր Գարիկ Մարությանը, 1997-2014 թթ. զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոնը, 2015թ. հուլիս ամսի սկզբներից, համացանցի միջոցով հայտնվել է Թուրքիայում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտում եւ նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, ինչպես նաեւ՝ ծանոթ զինծառայողներից հայթայթած, այդ թվում եւ գաղտնի տեղեկություններ՝ ՀՀ ՊՆ զորամասերի սպառազինության, դիրքերի, դիտակետերի, զինծառայողների վերաբերյալ։ Մարությանի վերաբերյալ գործը Դատալեքսում փակ է, այդ իսկ պատճառով կապ հաստատեցինք այդ ժամանակ նրա պաշտպանությունն իրականացրած, Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանի հետ, որը մեր զրույցում տեղեկացրեց, որ Մարությանը դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով 14 տարի ազատազրկման։ Դատավճիռը հետագայում բողոքարկվել է, սակայն Վերաքննիչ դատարանը այն թողել է անփոփոխ։ Մեկ այլ օրինակ է պահեստազորի փոխգնդապետ, նախկին զինծառայող Գեւորգ Հայրապետյանին եւ նրա ու ադրբեջանական հատուկ ծառայությունների միջեւ կապն ապահոված Իրանի քաղաքացի Բեհնամ Բաղերինի վերաբերյալ 2009 թ․-ին հարուցված քրեական գործը։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Մարտիրոս Կարապետյանի կայացրած դատավճռով նրանք մեղավոր են ճանաչվել՝ դատապարտվելով 12 եւ 10 տարի ազատազրկման։ Այդ տարիներին Հայրապետյանի պաշտպանությունն իրականացրած փաստաբան Սեդա Սաֆարյանը մեր զրույցում հայտնեց, որ բողոքարկման արդյունքում Վերաքննիչ դատարանը դատավճիռը թողել է անփոփոխ, իսկ Վճռաբեկ դատարանը բողոքն առհասարակ վարույթ չի ընդունել, ինչի արդյունքում այն մտել է օրինական ուժի մեջ։ Այնուհանդերձ, նշենք նաեւ, որ Հայրապետյանի գործով 2011 թ․ գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը նախորդ տարի՝ 2021 թ․-ի դեկտեմբերին ճանաչել է նրա արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը՝ ընդգծելով հատկապես այն, որ դռնփակ դատաքննությունը հիմնավոր չի եղել։ Սաֆարյանի խոսքով՝ ՄԻԵԴ որոշումից հետո Հայրապետյանը առողջական խնդիրների եւ դատական համակարգի բարեփոխված չլինելու պատճառներով չի ցանկացել վերաբացման վարույթ հարուցելու միջնորդությամբ հանդես գալ, այսինքն՝ ներպետական ատյաններում նրա դատավճիռը այդպես էլ չի բեկանվել։ Ինչ վերաբերում է Իրանի քաղաքացուն, նրա մասով դատավճիռը եւս մնացել է ուժի մեջ։ Նշենք նաեւ, որ բանակի մասին տեղեկությունների փոխանցման գործընթացում միշտ չէ, որ անձամբ ԶՈՒ ներկայացուցիչներ կամ զինծառայողներն են ներգրավված եղել։ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում հասանելի է, օրինակ, 2011 թ․-ի մի գործ, որի շրջանակում քաղաքացիներ Կարեն Մեհրաբյանը եւ Ռոմիկ Ավետիսյանը դատապարտվել են գումարի դիմաց լրտեսության տեսքով դավաճանություն կատարելու, իսկ Աշոտ Չրտկյանը՝ նրանց օժանդակելու մեջ։ Այս դեպքի շրջանակում քաղաքացիները, ի թիվս այլնի, փորձել են ծանոթների, ինչպես նաեւ՝ ՀՀ ՊՆ աշխատակիցների եւ ԼՂ քաղաքացիների ներգրավմամբ Ադրբեջանին փոխանցել բանակի անձնակազմի, զենք-զինամթերքի, զինտեխնիկայի քանակի, տեսակի, զորամասերի եւ ՊԲ-ին վերաբերող այլ տեղեկություններ։ Բողոքարկման արդյունքում դատավճիռը մնացել է անփոփոխ։ 2014 թ․-ին բացահայտված պետական դավաճանության մեկ այլ գործով մեղադրյալի կարգավիճում է եղել ոստիկանության նախկին աշխատակից, գնդապետ Խաչիկ Մարտիրոսյանը։ Ըստ մեղադրանքի՝ վերջինս ֆինանսական օժանդակություն ստանալու ակնկալիքով 2013թ․-ին սեփական նախաձեռնությամբ կապ է հաստատել ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ՝ առաջարկելով իր ծառայությունները: Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով 11 տարի ազատազրկան։ Դատավճիռը հետագայում չի բողոքարկվել՝ մտնելով օրինական ուժի մեջ։ Իսկ 2016թ․-ին պետական դավաճանության մեկ այլ գործով էլ մեղավոր են ճանաչվել քաղաքացիներ Ռաֆիկ Պապոյանը եւ Կարինե Ղումաշյանը։ Ըստ դատավճռի՝ նրանք, հավաքագրվելով ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, ի թիվս այլնի, համոզել են իրենց որդիներին փոխանցել ծառայության ընթացքում իրենց հայտնի դարձած տեղեկությունները։ Բողոքարկման արդյունքում նրանց դատավճիռը եւս մնացել է օրինական ուժի մեջ։ Այսպիսով, մամուլում եւ Դատալեքսում առկա բաց տեղեկությունների հիման վրա կարող ենք եզրակացնել, որ 2018 թ․-ին նախորդած տարիներին կատարվել է լրտեսության ձեւով պետական դավաճանության առնվազն 7 դեպք, ուստի Քոչարյանի պնդումը, թե «այդպիսի բաներ» բանակում չկային, իրականությանը չի համապատասխանում։ Նշենք նաեւ, որ որոնում իրականացնելիս ակնհայտ է դառնում, որ Դատալեքսում ոչ բոլոր գործերն են առհասարակ տեսանելի, քանի որ տեսանալի (այդ թվում՝ ե՛ւ բաց, ե՛ւ փակ) գործերի թիվը պակաս է Ոստիկանության հայտնած դատարան ուղարկված գործերի թվից։ Ամեն դեպքում, հիշեցնենք նաեւ, որ 44-օրյա պատերազմից հետո պետական դավաճանության եւ լրտեսության առթիվ ՀՀ-ում հարուցվել է այնքան քրեական գործ, որքան նախորդ 13 տարիների ընթացքում։   Միլենա Խաչիկյան
12:32 - 05 մայիսի, 2022
Հայաստանի 80 բնակավայրերում կստեղծվեն մատչելի նախադպրոցական կրթական ծառայություններ

Հայաստանի 80 բնակավայրերում կստեղծվեն մատչելի նախադպրոցական կրթական ծառայություններ

Կառավարությունն այսօր հավանություն տվեց ՀՀ-ի և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման» ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը (22 մլն 600 հազար եվրո արժողությամբ):Կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրեց, որ ծրագիրը մեկնարկել է 2015 թ․-ին Համաշխարհային բանկի աջակցությամբ։Հաշվի առնելով նախկինում գրանցված հաջողությունները՝ ծրագրի շարունակականությունը ապահովելու համար կառավարությունը դիմել է Համաշխարհային բանկին։Նա հայտնեց, որ նոր ծրագրով 80 բնակավայրերում կստեղծվեն մատչելի նախադպրոցական կրթական ծառայություններ, որոնցում ներգրավված կլինեն 4-6 տարեկան շուրջ 3000 երեխաներ։ «Կհիմնանորոգվեն, կկահավորվեն և կվերազինվեն 4 ավագ դպրոցներ՝ շինարարական և անվտանգության չափանիշներին համապատասխան։ 200 հանրակրթական դպրոցների կտրամադրվեն բնագիտական և ինժեներական 5-ական լաբորատորիաներ։ Կիրականացվեն կրթության կառավարման, տեղեկատվական համակարգի կիրառության, գործընթացների հետագա թվայնացման, տվյալների վիզուալիզացիայի նոր հնարավորությունների ներդրման աշխատանքներ։ Կշարունակվի բուհերում նորարարական, գիտահետազոտական կենտրոնների ստեղծումը, ծրագրի արդյունքում նախատեսվում է իրականացնել 5 նոր դրամաշնորհային ծրագրեր»,-ասաց նա։  Դումանյանը տեղեկացրեց նաև, որ ԿԳՄՍ, ՏԿԵ նախարարությունների  և Քաղաքաշինության կոմիտեի համատեղ աշխատանքային խումբը իրականացնում է 7 խոշորացված համայնքների 51 բնակավայրերում կրթահամալիրների ստեղծման հետ կապված տեղազննության աշխատանքները։ Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ տեղեկացրեց, թե այս պահին Հանրապետությունում քանի դպրոցի և մանկարապարտեզի նախագծման և շինարարարական աշխատանքներ են իրականացվում․ «Նախագծման փուլում այս պահին ունենք 40 դպրոցներ, մեկնարկած շինարարական աշխատանքները 78-ն են, և 37-ը կավարտվեն 2022 թ․-ին։ Մանկապարտեզների մասով նախագծման փուլում ունենք 23-ը, մեկնարկած շինարարական աշխատաներ՝ 88-ը, և 58-ը կավարտվեն 2022 թ․-ին, սա ամբողջական տվյալներն են՝ բոլոր հնարավոր ծրագրերով և բոլոր գործընկերների հետ համագործակցության արդյունքում արված ծրագրերի արդյունքն են»։
12:20 - 05 մայիսի, 2022
Ընդդիմության միակ նպատակը իշխանության զավթումն է, բայց նրանք, ըստ էության, տապալվել են․ Արթուր Հովհաննիսյան

Ընդդիմության միակ նպատակը իշխանության զավթումն է, բայց նրանք, ըստ էության, տապալվել են․ Արթուր Հովհաննիսյան

«Վարչապետն ուներ կոնկրետ ասելիք ընդդիմադիրներին, ընդդիմադիրներն այդ փաստով պայմանավորված՝ միանգամից փախան դահլիճից»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս տեսակետը հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե բացահայտում ունի անելու։ Նրա կարծիքով՝ ընդդիմությունը մշտապես փախչել է ճշմարտությունից, այս դեպքն էլ բացառություն չէր։ Իսկ թե որն էր վարչապետի ասելիքը՝ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Փաշինյանն ասել է՝ ասելիքը կասի՝ նայելով ընդդիմադիրների աչքերին, որպեսզի նրանք լավ հասկանան այդ ճշմարտությունը եւ հաշվի նստեն դրա հետ․ «Վարչապետը, երբ կգա պատեհ պահը, կասի իր ասելիքը ընդդիմադիրների ներկայությամբ»։ Արթուր Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ ընդդիմության նպատակն Արցախը փրկելը չէ․ «Նրանք հստակ հայտարարեցին՝ որն էր իրենց նպատակը, դա իշխանության զավթման անհաջող փորձն է։ Կոչեր, կենացներ, ճառեր են հնչում Արցախի մասին, բայց մարդիկ Երեւանի փողոցներում Արցախի դրոշներ տեղադրելով չեն կարող Արցախ փրկել»։ Ինչ վերաբերում է ընդդիմության հետ կառավարող ուժի հնարավոր քննարկումներին, Հովհաննիսյանն ասաց, որ ոչ մեկ անգամ իրենք հանրային եւ ոչ հանրային կերպով առաջարկել են ընդդիմությանը գալ եւ ծանոթանալ տարբեր փաստաթղթերի, հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ ստանալ․ «Երեկվա դեպքը դրան էր վերաբերում, երեկ էլ սկսվել էր խոսակցություն, հնչել էր հարց, որին պետք է տրվեր պատասխան, որն, ըստ էության, կարեւոր բովանդակություն էր պարունակում։ Բայց ընդդիմությունը փախել է ճշմարտությունից, որովհետեւ եթե նրանք մտնեն եւ ծանոթանան ողջ ճշմարտությանը, չեն կարող դուրս գալ փողոց եւ ծակ բաժակներով կենացներ ասել։ Ընդդիմության միակ նպատակը իշխանության զավթումն է, բայց նրանք, ըստ էության, տապալվել են։ ՀՀ-ում ժողովուրդն է իշխանություն, եւ Հայաստանը՝ որպես պետություն, իր ուժային կառույցներով, կառավարությունով, օրենսդիրով ամուր կանգնած է իր տեղում եւ թույլ չի տալու, որ ժողովրդավարությունն օգտագործեն՝ որպես խուլիգանություններ եւ անկարգություն անելու միջոց»։
11:45 - 05 մայիսի, 2022
Կառավարությունը երկարաձգեց Ապարան  համայնքի՝ հանրային գերակա շահ ճանաչված սեփականության  օտարման գործընթացը

Կառավարությունը երկարաձգեց Ապարան համայնքի՝ հանրային գերակա շահ ճանաչված սեփականության օտարման գործընթացը

2021 թ․-ի հուլիսի 29-ին ՀՀ կառավարությունը 1246-Ա որոշմամբ հավանություն տվեց «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած ներդրումային ծրագրին, որ նախատեսում է Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում՝ 2080 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում։ ՓԲԸ-ն մտադիր է այդ տարածքում լեռնային հանգստավայր կառուցել։ Հետագայում՝ հոկտեմբերի 7-ին, կառավարությունը մեկ այլ որոշմամբ այդ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչեց։ Այս որոշմամբ սեփականության օտարման վերջնաժամկետ էր սահմանվել այս տարվա մայիսի 31-ը։ Արդեն այսօր կառավարությունը փոփոխություններ կատարեց հոկտեմբերի 7-ի որոշման մեջ, որով սեփականության օտարման վերջնաժամկետ սահմանվեց 2023 թ․-ի մայիսի 31-ը։ Որոշման հիմք է դարձել «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի խնդիր-առաջարկը։  «Ընդհանուր առմամբ տարածքում առկա է մոտ 745 գույք: Նշված գույքային միավորների նկատմամբ գրանցված իրավունքներ ունեցող անձանց հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքների, Կադաստրի կոմիտեի կողմից ներկայացված տեղեկատվության մեծ ծավալի և դրա մշակման ժամանակատարության պատճառով հնարավոր չէ օտարման գործընթացն իրականացնել մինչև 2021 թ․-ի մայիսի 31-ը»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի համաձայն՝ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կառավարության սահմանած կարգով և ժամկետներում լիազոր մարմինը կազմում է օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունը, Ըստ նախագծի՝ կառավարության որոշման մեջ նշված փոփոխությունը կատարելուց հետո հնարավոր կլինի կազմել նկարագրության արձանագրությունները, ավարտել օտարման գործընթացը և ավարտին հասցնել ծրագրի իրականացումը: Նախագծով սահմանվում է նաև, որ նկարագրության արձանագրությունները կկազմի լիազոր մարմին ճանաչված Էկոնոմիկայի նախարարությունը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կառավարության անցած տարվա որոշման հետևանքով հանրության գերակա շահ էր ճանաչվել նաև Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղի բնակիչների սեփականություն համարվող վարելահողերը և տնամերձ հողամասերը։ Եղիպատրուշցիները հայտարարել էին, որ այս թեմայով հանրային լսումներ չեն իրականացվել։ Վերջին ամիսների ընթացքում Եղիպատրուշի բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացրել [1,2] Կառավարության մոտ՝ հայտարարելով, որ դեմ են իրենց սեփականությունը հանրային գերակա շահ ճանաչելու կառավարության որոշմանը։
11:09 - 05 մայիսի, 2022
Աբովյան փողոցից բերման ենթարկվեց քայլերթ իրականացնող ցուցարարների մեծ մասը

Աբովյան փողոցից բերման ենթարկվեց քայլերթ իրականացնող ցուցարարների մեծ մասը

Ինչպես արդեն հայտնել ենք, Ֆրանսիայի հրապարակից ընդդիմադիր ցուցարարների մի խումբ՝ Գեղամ Մանուկյանի գլխավորությամբ, քայլերթ էր սկսել: Նրանք քայլերթով հասել էին Աբովյան փողոց, որտեղ երթևեկությունը կանգ չէր առել, մեքենաները մեկ գծով շարժվում էին: Գետնանցումին մոտ հատվածում, սակայն, ոստիկանները բերման ենթարկեցին մեկ քաղաքացու, որը ինչպես հետո հայտնեց Մանուկյանը, Սայաթ Շիրինյանն էր: Դրանից հետո ցուցարարները որոշեցին նստել Աբովյան փողոցում և այդպես փակել այն: Ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել նաև նրանց:  Ցուցարարների մեծ մասը բերման ենթարկվեց, մյուսները ոստիկանների հորդորով երթը շարունակեցին մայթով: Միայն պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Աննա Գրիգորյանը քայլերթն իրականացրին Կորյուն փողոցով դեպի Մաշտոցի պողոտա: Այս խումբը հասավ Ֆրանսիայի հրապարակ: Միաժամանակ ցուցարարների երկու խումբ քայլերթ է անում Կորյունի և Մոսկովյան փողոցներով:   Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»
10:43 - 05 մայիսի, 2022
«Ով էս պայքարի հետ չի, ինքը նիկոլ ա, որովհետև սա ժողովրդի պայքարն է»․ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում ամփոփեց բողոքի ակցիաների հերթական օրը

«Ով էս պայքարի հետ չի, ինքը նիկոլ ա, որովհետև սա ժողովրդի պայքարն է»․ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում ամփոփեց բողոքի ակցիաների հերթական օրը

Այսօր ևս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները ավարտվեցին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքով։ Իշխան Սաղաթելյանը ամփոփեց օրը՝ հայտարարելով, որ իրենք Ազգային ժողով չէին գնացել այդ շենքը գրավելու։ Նշենք, որ այսօր ԱԱԾ-ն և ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություններ էին տարածել՝ զգուշացնելով, որ  Երևան քաղաքում անցկացվող հավաքի որոշ մասնակիցներ մտադիր են մայիսի 4-ին կայանալիք ՀՀ ԱԺ նիստի ընթացքում զավթելու ԱԺ շենքը: Սաղաթելյանը ասաց․ «Մենք ունեինք նպատակ իր (Նիկոլ Փաշինայնի- խմբ․) ճակատին ասելու, որ «դու լեգիտիմ չես, մանդատ չունես, ռադդ քաշի»։ Խորհրդարանական խմբակցությունները դա արեցին ներսում, մենք արեցինք Բաղրամյան, իսկ հետո Դեմիրճյան փողոցները բացելով»։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ներկա էին նաև ընդդիմության մի շարք պատգամավորներ, որոնք էլ հենց հայտնեցին, որ պահանջում են Փաշինյանի հրաժարականը՝ նշելով դրա պատճառները։ Դեմիրճյան փողոցը այսօր | Infocom Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ Ազգային ժողովի շենքի մեջ իշխանություն չկա, իշխանությունը փողոցում է, իրենց ձեռքում է․ «Էդ շենքի ներսում Նիկոլն ուներ 2000 ոստիկան, Նիկոլն էլի արյուն է ուզում, կրկին հայի արյուն է ուզում։ Այդ արյունը չի լինելու, բայց նրան ռադ ենք անելու։ Ուրեմն՝ սրանից հետո որևէ մեկը չդրդի մի տեղ, որտեղ արյուն է թափվելու, մենք նրան հեռացնելու ենք առանց արյան։ Այն քաղաքացուն, որին ինքը վրաերթի ենթարկեց, պետք է լինի Նիկոլի վերջին զոհը»։ Խոսելով ԱԳՆ շենք մտնելու և այնտեղ Արցախի դրոշը տեղադրելու մասին՝ նա դիմեց հրապարակում հավաքված քաղաքացիներին ու ընդգծեց, որ «այս պահից սկսած՝ ձեր առջև որևէ փակ դուռ չկա»։ Նշենք, որ այսօր Ազգային ժողովի շենքից ցուցարարները քայլերթով հասել էին Վազգեն Սարգսյան փողոց՝ ԱԳՆ շենքի բակ, որտեղ ոստիկանների հետ հրմշտոցից հետո միայն Իշխան Սաղաթելյանին թույլատրվել էր մտնել արտաքին գերատեսչության շենք ու այնտեղ տեղադրել Արցախի Հանրապետության դրոշը։ ԱԳՆ շենքին հարակից Վազգեն Սարգսյան փողոցն այսօր | Infocom Սաղաթելյանը նաև անդրադարձավ երրորդ ուժերի առկայության մասին խոսակցություններին․ «Էս հարթակը բոլորինն է, եկեք, մասնակցեք, բայց եթե մեկդ ուզում է՝ մենք ձախողենք, չենք ձախողելու․․․ Ով էս պայքարի հետ չի, ինքը նիկոլ ա, որովհետև սա իմ պայքարը չի, որևէ կուսակցության պայքարը չի, սա ժողովրդի պայքարն է»։ Նա բեմից վստահեցրեց Փաշինյանի հրաժարականը պահանջող, հանրահավաքի մասնակից քաղաքացիներին, որ շատ մոտ են իրենց նպատակին․ «Էդ ՔՊ-ները իրենց նեղ շրջանակներում քննարկում են՝ Նիկոլին ժերտվա տանք, գոնե մենք պրծնենք։ Դուք հաղթանակին շատ մոտ եք, ժողովուրդ ջան»։ Սաղաթելյանը նաև հայտնեց, որ վաղը առավոտից սկսվում են անհնազանդության բողոքի ակցիաները։ Գլխավոր լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից
21:41 - 04 մայիսի, 2022
Իսրայելցի վարձկաններն Ուկրաինայում կռվում են ««Ազովի» գրոհայինների հետ՝ թիկունք-թիկունքի»․ Զախարովա

Իսրայելցի վարձկաններն Ուկրաինայում կռվում են ««Ազովի» գրոհայինների հետ՝ թիկունք-թիկունքի»․ Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինայում «փաստացի «Ազովի» գրոհայինների հետ թիկունք-թիկունքի կանգնած են իսրայելցի վարձկանները», հայտնում է Meduza-ն։ Զախարովայի պնդմամբ՝ ինքը տեսել է «տեսանյութեր, նյութեր», որոնք հաստատում են դա։ Այդ նյութերի մասին մանրամասներ նա չի հաղորդել։ «Ինչպե՞ս է պետք դրան վերաբերվել։ […] Ինչպե՞ս է դա հնարավոր»,- ասել է Զախարովան «Սպուտնիկ» ռադիոյի եթերում։ Նա նշել է, որ այդ տեղեկությունները «հազիվ թե ցանկանան լսել» Իսրայելի քաղաքական գործիչները, որոնք «հիմա տեղեկատվական արշավ են վարում»։ Նշենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 1-ին իտակալան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ «Հիտլերը հրեական արյուն է ունեցել», իսկ «ամենամոլի հակասեմականները, որպես կանոն, հրեաներն են»։ Այս խոսքերն ասվել են այն համատեքստում, թե Ուկրաինայի իշխանությունը «սատարում է նացիստներին»՝ չնայած երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրեական ծագմանը։ Իսրայելի ղեկավարությունը Լավրովին մեղադրել է ստի և ռասիզմի համար։   Նորա Վանյան
20:15 - 04 մայիսի, 2022