ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Արա Այվազյանը ՄԱԿ-ի ԳՔ տեղակալի հետ քննարկել է COVID-19-ի հաղթահարման գործում միջազգային ջանքերի գործադրման քայլերը

Արա Այվազյանը ՄԱԿ-ի ԳՔ տեղակալի հետ քննարկել է COVID-19-ի հաղթահարման գործում միջազգային ջանքերի գործադրման քայլերը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը  ապրիլի 7-ին տեսակապի ձևաչափով զրույց է ունեցել  ՄԱԿ գլխավոր քարտուղար տեղակալ, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի Գործադիր Քարտուղար Արմիդա Սալսիա Ալիսահբանանի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: «Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Հանձնաժողովի միջև հաստատված սերտ փոխգործակցության առնչությամբ՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը՝ ապահովելու տարբեր գերատեսչությունների մակարդակով ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման շարունակականությունը:  Միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման ուղղությամբ Հանձնաժողովի կողմից իրականացվող ծրագրերի շուրջ քննարկումների համատեքստում նախարար Այվազյանն ընդգծեց, որ Հայաստանը, լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, մշտապես հանդես է եկել տարածաշրջանային համագործակցության և փոխկապակցվածության ամրապնդման դիրքերից՝ հիմնված ներառականության սկզբունքի լիարժեք իրականացման վրա:  Ի թիվս մի շարք հարցերի՝ քննարկվեցին առաջիկայում կայանալիք Հանձնաժողովի 77-րդ նստաշրջանին վերաբերող հարցեր: Արտգործնախարար Արա Այվազյանն ու Գործադիր Քարտուղար Արմիդա Սալսիա Ալիսահբանանը մտքեր փոխանակեցին նաև COVID-19-ի հաղթահարման գործում միջազգային ջանքերի գործադրման և համավարակից կայուն վերականգնմանն ուղղված քայլերի շուրջ:  ԱԳ նախարար Այվազյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը և Թուրքիան, անտեսելով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ համավարակի ժամանակ գլոբալ հրադադարի կոչը, լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեցին Արցախի դեմ, որի հետևանքով արցախահայության առջև ծառացել են հումանիտար և սոցիալ-տնտեսական հրատապ խնդիրներ: Կարևորվեց միջազգային կառույցների՝ տեղում  անմիջական ներգրավվածությունը և գործուն քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը»,.- ասված է հաղորդագրության մեջ: 
14:57 - 07 ապրիլի, 2021
Ադրբեջանական կողմն ամեն ջանք ներդրել է Հայաստանում և Արցախում ականազերծման ծրագրերի իրականացումը խափանելու նպատակով. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Ադրբեջանական կողմն ամեն ջանք ներդրել է Հայաստանում և Արցախում ականազերծման ծրագրերի իրականացումը խափանելու նպատակով. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է լրագրողների հարցին Հարց․ Ադրբեջանի իշխանությունները վերջերս հանդես են գալիս հայտարարություններով՝ մեղադրելով հայկական կողմին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ականապատ տարածքների քարտեզները չտրամադրելու մեջ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները։ Պատասխան. Ինչպես գիտեք, ադրբեջանական իշխանությունները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքով և 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներով ստանձնած իրենց հանձնառությունները՝ հայրենադարձնելու դեռևս պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Ըստ էության, ի պատասխան այս հարցում նաև միջազգային հանրության ճնշումներին, ադրբեջանական կողմը փորձում է իր համար արդարացման հիմքեր ապահովել՝ առաջ քաշելով ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգ: Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ ադրբեջանական պաշտոնյաների կողմից այդ հարցի բարձրացումը կրում է զուտ հրապարակային բնույթ:  Հակամարտության ողջ ընթացքում ադրբեջանական կողմը ոչ միայն հանդես չի եկել ականազերծման հարցերով համագործակցելու առաջարկով, այլև ավելին` ամեն ջանք ներդրել է Հայաստանում և Արցախում ականազերծման ծրագրերի իրականացումը  խափանելու նպատակով։ Բավական է հիշել, որ Ադրբեջանը 2016թ․ արգելափակել է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի  մանդատի երկարաձգումը վերջինիս՝ ականազերծման ծրագրերին աջակցելու պատրվակով, ինչն էլ հանգեցրել է Հայաստանում ԵԱՀԿ դաշտային առաքելության փակմանը։ Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալ միջազգային հանրությանն ապակողմնորոշելու նման պրակտիկայից և գործուն քայլեր ձեռնարկել՝ կատարելու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններն ու միջազգային հումանիտար իրավունքի պահանջները, որոնք ենթադրում են անհապաղ և անվերապահ կերպով բոլոր ռազմագերիների և պատանդառության մեջ գտնվող անձանց ազատ արձակումը և հայրենադարձումը։
19:19 - 06 ապրիլի, 2021
Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վտանգն իրական է. կայացավ ՀՀ-ի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վտանգն իրական է. կայացավ ՀՀ-ի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը, որի օրակարգի առանցքային թեմաներից էր Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ և երաշխավորված պաշտպանության, դրանց նկատմամբ վանդալիզմի դեպքերի կանխման և ինքնության խեղաթյուրման հարցը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: «Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վտանգն իրական է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից դրանց դիտավորյալ վնասման բազմաթիվ նախադեպերը, տասնամյակներ շարունակ իրականացված հայատյաց քաղաքականությունն ու հայկական մշակութային ժառանգության համակարգված ավերումը: Դրա մասին է վկայում նաև Նախիջևանի հարուստ հայկական մշակութային ժառանգության՝ շուրջ 28.000 հուշարձանների ոչնչացումը»,- նշել է Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը մասնակիցներին ներկայացրել է Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած Արցախի հուշարձանների և թանգարանների պաշտպանության ուղղությամբ գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքները: Նախարար Դումանյանն ընդգծել է, որ համապատասխան միջազգային հարթակներում և գործընկերների հետ շփումներում մշտապես բարձրաձայնվում է համամարդկային արժեքներ հանդիսացող հայկական մշակութային արժեքների անվտանգության և ապահովության երաշխավորման հարցը:
14:28 - 06 ապրիլի, 2021
Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վտանգն իրական է. Արա Այվազյան

Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վտանգն իրական է. Արա Այվազյան

Ապրիլի 5-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը, որի օրակարգի առանցքային թեմաններից մեկն էր Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ և երաշխավորված պաշտպանության, դրանց նկատմամբ վանդալիզմի դեպքերի կանխման և ինքնության խեղաթյուրման հարցը:Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն իր խոսքում նշել է. «Ինչպես գիտեք, ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, այլ հումանիտար խնդիրների հետ մեկտեղ, անհետաձգելի հարցերից է դարձել Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության  տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ և երաշխավորված պահպանումը, վանդալիզմի դեպքերի կանխումը և մշտադիտարկման ապահովումը։Ադրբեջանի ռազմական վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում գտնվող հազարավոր պատմամշակութային և կրոնական հուշարձաններ հայտնվել են ոչնչացման վտանգի տակ: Այս հուշարձանները, որոնք տարածաշրջանում հայ ժողովրդի դարավոր պատմության իրեղեն ապացույցն են, մեծ արժեք են ներկայացնում ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակութային ժառանգության տեսանկյունից:Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վտանգն իրական է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից դրանց դիտավորյալ վնասման բազմաթիվ նախադեպերը, տասնամյակներ շարունակ իրականացված հայատյաց քաղաքականությունն ու հայկական մշակութային ժառանգության համակարգված ավերումը: Դրա մասին է վկայում նաև Նախիջևանի հարուստ հայկական մշակութային ժառանգության՝ շուրջ 28.000 հուշարձանների ոչնչացումը»։Իր խոսքում նախարար Այվազյանն ընգծել է, որ ադրբեջանաթուրքական ագրեսիայի առաջին իսկ օրերից տարվել են անհրաժեշտ բոլոր աշխատանքները՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու Արցախի պատմամշակութային կոթողների պաշտպանության կարևորության վրա։Ադրադառնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Արցախ առաքելության գործուղմանը՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ հայկական կողմը կառուցողական երկխոսության մեջ է կազմակերպության հետ, և ակտիվ ջանքեր են գործադրվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կողմից ի սկզբանե հայտարարված և Զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ. Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության միջկառավարական կոմիտեի հայտարարությամբ վերահաստատված ձևաչափով առաքելություն իրականացնելու ուղղությամբ։Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է, որ Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ ՀՀ ԱԳՆ-ն շարունակելու է իր հետևողական աշխատանքները:ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է  Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի հուշարձանների և թանգարանների պաշտպանության ուղղությամբ գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքները: Նախարար Դումանյանն ընդգծել է, որ համապատասխան միջազգային հարթակներում և գործընկերների հետ շփումներում մշտապես բարձրաձայնվում է համամարդկային արժեքներ հանդիսացող հայկական մշակութային արժեքների անվտանգության և ապահովության երաշխավորման հարցը:Հանդիպման ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել հանձնաժողովի նիստի օրակարգում ներառված ծրագրերի իրականացման  շուրջ։ 
21:33 - 05 ապրիլի, 2021
ՀՀ-ի ու Տաջիկստանի արտգործանախարարները մատնանշել են փոխշահավետ ուղղությունները

ՀՀ-ի ու Տաջիկստանի արտգործանախարարները մատնանշել են փոխշահավետ ուղղությունները

Մոսկվայում կայացած ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ապրիլի 3-ին ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը հանդիպել է Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ։ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ նախարարներ Այվազյանը և Մուխրիդդինը մտքեր փոխանակեցին ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցերի շուրջ: Այդ համատեքստում զրուցակիցներն ընդգծեցին հայ-տաջիկական քաղաքական երկխոսության խթանման կարևորությունը, մասնավորապես` բարձր մակարդակով շփումների ակտիվացման և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման միջոցով: Երկկողմ փոխգործակցության փոխշահավետ ուղղությունների շարքում նշվեցին առևտրատնտեսական, էներգետիկայի, բժշկության, գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ինչպես նաև մշակութային-հումանիտար ոլորտները: Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարներն անդրադարձան նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն ու խաղաղությանն առնչվող մի շարք հարցերի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահության առաջնայնությունների իրականացման և կառույցի շրջանակներում նախատեսված միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին: Հանդիպման ավարտին նախարարներ Այվազյանը և Մուխրիդդինը ստորագրեցին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների երկամյա ծրագիրը:
13:02 - 03 ապրիլի, 2021
Արա Այվազյանն ու Ռուսլան Կազակբաևը խոսել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի մասին

Արա Այվազյանն ու Ռուսլան Կազակբաևը խոսել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի մասին

Ապրիլի 2-ին Մոսկվայում գումարված ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի լայն շրջանակի: Այդ համատեքստում կարևորվել է երկու երկրների ժողովուրդների բարեկամության լավ ավանդույթների հիման ներքո միջպետական համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերի ձեռնարկումը: Այդ թվում՝ քաղաքական երկխոսության, բարձր մակարդակում փոխայցելությունների և շփումների դինամիկայի զարգացման միջոցով: ԱԳ նախարարներն առանձնահատուկ ընդգծել են առևտրատնտեսական կապերի աշխուժացման ու այդ նպատակով ԵԱՏՄ և այլ կառույցներում համաձայնեցված գործիքակազմի արդյունավետ կիրարկման անհրաժեշտությունը, էներգետիկ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության խթանման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը: Նախարարների ուշադրության կենտրոնում է եղել նաև մշակութային ծրագրերի իրականացման հարցը: Կողմերը շեշտել են երկու երկրների միջև բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։ ԱԳ նախարարներ Այվազյանը և Կազակբաևը մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։
11:03 - 03 ապրիլի, 2021
Արա Այվազյանը շեշտել է Ադրբեջանի պատանդառության տակ գտնվող հայ գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը

Արա Այվազյանը շեշտել է Ադրբեջանի պատանդառության տակ գտնվող հայ գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը

Մոսկվայում ապրիլի 2-ին տեղի ունեցավ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:  Նիստի քննարկման առանցքում են եղել ԱՊՀ շրջանակներում մասնակից պետությունների միջև փոխգործակցության ամրապնդմանը, կառույցի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին և մի շարք ոլորտային ծրագրերին առնչվող հարցեր:    Խորհրդի նիստի շրջանակներում նեղ կազմով գումարված հանդիպման ընթացքում մասնակից պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են տարածաշրջանային արդի հարցերին, ինչպես նաև հավանություն են տվել Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 80-ամյակի կապակցությամբ Համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդներին և համաշխարհային հանրությանն ուղղված՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հայտարարության մասին որոշման նախագծին:   Իր խոսքում անդրադառնալով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի խորհրդին՝ նախարար Այվազյանը նշել է, որ «այն նաև հստակ կոչ է՝ կառուցելու խաղաղություն՝ առանց պատերազմների, հակամարտությունների և բռնության»: Տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի համատեքստում նախարար Այվազյանը նիստի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ թուրք-ադրբեջանական 44-օրյա ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրության վրա: Այս համատեքստում հանգամանալից ներկայացվել են Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների ընթացքում իրականացված բազմաթիվ պատերազմական հանցագործությունները՝ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորումը, ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքը՝ ընդգծելով, որ այդ գործողություններն ուղղված էին Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը իր պատմական հայրենիքում:  Նախարար Այվազյանն անդրադարձել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման ընթացքին՝ շեշտելով Ադրբեջանի պատանդառության տակ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խորհրդի նիստին բարձրացրել է նաև հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի աղաղակող փաստերի հարցը: Այս համատեքստում նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից հերթական մշակութային ցեղասպանության անթույլատրելիությունը՝ նշելով, որ հայկական եկեղեցիների ավերակների վրա հաշտության և խաղաղության հաստատումն անհնար է:  Ամփոփելով իր խոսքը՝ Արա Այվազյանը նշել է, որ տարածաշրջանում հարատև և կայուն խաղաղությունը կարող է ձեռք բերվել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով՝ հիմնված միջազգային իրավունքի, ժողովուրդների ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքների վրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության  ձևաչափի շրջանակներում: Նիստի շրջանակներում ԱԳ նախարարները ստորագրել են և հավանություն տվել տարբեր ուղղություններով ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթերին, այդ թվում՝ Արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև բազմամակարդակ խորհրդակցությունների ծրագրի կատարման մասին արձանագրային որոշումը, 2021-2030թթ. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության զարգացման ռազմավարության իրականացման՝ 2021-2023թթ. միջոցառումների ծրագիրը, 2021-2030թթ. Զբոսաշրջության ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության, զարգացման ռազմավարության իրականացման՝ 2021-2023թթ. միջոցառումների ծրագիրը: Խորհրդի նիստի շրջանակներում մասնակիցները ներկա են գտնվել Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսին:
17:29 - 02 ապրիլի, 2021
Միայն Արցախի կարգավիճակի որոշումը կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանում ամուր խաղաղության և կայունության համար. ՀՀ ԱԳՆ

Միայն Արցախի կարգավիճակի որոշումը կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանում ամուր խաղաղության և կայունության համար. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել 2016 թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հինգերորդ տարելիցի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Հինգ տարի առաջ՝ 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ադրբեջանական իշխանությունները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման հանձնառությունը՝ լայնածավալ ռազմական  հարձակում սանձազերծեցին Արցախի դեմ՝ փորձելով ուժի կիրառման միջոցով լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Հարձակողական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կանխամտածված թիրախավորում էին նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները: Արցախի դեմ քառօրյա պատերազմն ուղեկցվում էր Արցախի զինծառայողների և քաղաքացիական անձանց դաժան սպանություններով, խոշտանգումներով, ինչպես նաև զոհվածների մարմինների անարգմամբ: Ազգային ատելության հիմքով այդ հանցագործություններն իրագործողները հետագայում պարգևատրվեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից` ամենաբարձր մակարդակով: Ապրիլյան պատերազմին հաջորդած տարիներին, ոգևորված իրագործված պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների ոտնահարումների անպատժելիությամբ, ադրբեջանական իշխանություներն ավելի սաստկացրին ռազմատենչ հռետորաբանությունն ու հայերի նկատմամբ ատելության քարոզը: Այս քաղաքականության իրականացման արդյունքը դարձավ 2020 թ. Թուրքայի և վերջինիս կողմից հովանավորվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նոր ռազմական ագրեսիայի սանձազերծումը, որը հանգեցրեց բազմաթիվ անդառնալի մարդկային և նյութական կորուստների: Ադրբեջանի ռազմական օկուպացիայի ներքո անցավ Արցախի տարածքի զգալի մասը, տասնյակ հազարավոր քաղաքացիներ դարձան փախստական: 2016 թ. ապրիլին և 2020 թ. սեպտեմբերին Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմներն ու դրանց ընթացքում Ադրբեջանի կողմից իրագործված պատերազմական հանցագործությունները ցույց տվեցին, որ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո: Միայն Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հասցեագրումը, Արցախի կարգավիճակի որոշումը կարող են հիմք հանդիսանալ տարածաշրջանում ամուր խաղաղության և կայունության համար: Հայաստանը և հայ ժողովուրդը գործադրելու են հնարավոր բոլոր ջանքերը՝ լիարժեքորեն վերականգնելու Արցախի մեր հայրենակիցների բոլոր իրավունքները՝ իրենց պատմական հայրենիքում ազատ և արժանապատիվ կենսագործունեության համար»:
13:06 - 02 ապրիլի, 2021
Այսօր Մոսկվայում հանդիպում են ԱՊՀ ԱԳ նախարարները |azatutyun.am|

Այսօր Մոսկվայում հանդիպում են ԱՊՀ ԱԳ նախարարները |azatutyun.am|

azatutyun.am: ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարները այսօր Մոսկվայում կքննարկեն կազմակերպության ներսում համագործակցության զարգացումը, ինչպես նաև մտքեր կփոխանակեն միջազգային ու տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ: Նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2020 թվականի դեկտեմբերին՝ տեսակապի միջոցով: Այս անգամ պատվիրակությունների ղեկավարները ժամանել են Ռուսաստանի մայրաքաղաք, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ մի շարք փաստաթղթերի նախագծեր ընդունելու համար, որոնք մայիսի 28-ին կներկայացվեն ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի, և հոկտեմբերի 15-ին՝ պետությունների ղեկավարների խորհրդի հաստատմանը: ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստը և գագաթնաժողովը կանցկացվեն Մինսկում: ԱՊՀ-ն անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Հիշեցնենք՝ ԱՊՀ ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Մոսկվայում է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը, ով երեկ հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձին հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
10:27 - 02 ապրիլի, 2021
Արա Այվազյանը Մոսկվայում հանդիպել է Թուրքմենստանի ԱԳ նախարարի հետ

Արա Այվազյանը Մոսկվայում հանդիպել է Թուրքմենստանի ԱԳ նախարարի հետ

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ԱԳ նախարար Արա Այվազյանը ապրիլի 1-ին հանդիպել է Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, արտգործնախարարներն անդրադարձել են երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի: Երկուստեք կարևորվել է փոխգործակցության լավ ավանդույթներ ունեցող միջպետական հարաբերությունների ամրապնդմանը և առկա ներուժի բացահայտմանն ուղղված քայլերի ձեռնարկումը: Այդ համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է երկու երկրների ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների անցկացման կարևորությունն ու վերջիններիս կանոնավոր բնույթ հաղորդելու պատրաստակամությունը:  Ըստ աղբյուրի՝ որպես համագործակցության գերակա ուղղություններ շեշտվել են առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային-հումանիտար ոլորտները:  ՀՀ ԱԳՆ-ից նաև հայտնում են, որ Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարները բարձր են գնահատել միջազգային կառույցների շրջանակներում երկու երկրների միջև հաստատված փոխշահավետ համագործակցությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԱՊՀ օրակարգային հարցերի շուրջ: Հանդիպմանը նաև արծարծվել է միջազգային և տարածաշրջանային օրակարգին առնչվող հրատապ հարցեր: Ընդգծվել է երկու ժողովուրդների համար կարևոր նշանակություն ունեցող պատմական հուշարձանների և մշակութային ժառանգության պահպանումը:
19:03 - 01 ապրիլի, 2021
Սլովակիայի Ազգային խորհուրդն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ» բանաձև

Սլովակիայի Ազգային խորհուրդն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ» բանաձև

Այսօր՝ ապրիլի 1-ին Սլովակիայի խորհրդարանի 25-րդ լիագումար նիստի ընթացքում Ազգային խորհրդի կողմից միաձայն 120 կողմ ձայնով ընդունվեց Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի SMER–SD/Սոցիալական դեմոկրատներ կուսակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի կողմից ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ» բանաձևը։ Այս մասին տեղեկացնում է Ավստրիայում ՀՀ դեսպանությունը: Բանաձևում խստորեն դատապարտվում է խաղաղ բնակիչների սպանությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների, մշակութային և կրոնական ժառանգության կոթողների և հուշարձանների ոչնչացումը, մտահոգություն է հայտնվում հակամարտության ընթացքում երրորդ երկրների ռազմական ներգրավվածության և դրանց ապակայունացնող դերի առնչությամբ, շեշտվում է, որ տևական խաղաղության հասնելու և Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, խորապես մտահոգություն է հայտնվում, որ ռազմագերիները և  բռնի պահվող այլ անձինք` ներառյալ քաղաքացիական անձինք, ազատ չեն արձակվել՝ համաձայն Միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ 1949թ. Ժնևի կոնվենցիայի (III) դրույթների։ Բանաձևով կոչ է արվում Սլովակիայի Հանրապետության կառավարությանը, Եվրամիությանը և միջազգային կազմակերպություններին՝ ապահովել պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ կասետային զինամթերքի օգտագործման վերաբերյալ բոլոր մեղադրանքների պատշաճ քննությունը, բոլոր ռազմագերիների և խաղաղ բնակիչների անհապաղ ազատ արձակումը, միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ առանց սահմանափակումների:
16:02 - 01 ապրիլի, 2021
ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՀԱՊԿ շրջանակներում կայացած խորհրդատվություններին

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՀԱՊԿ շրջանակներում կայացած խորհրդատվություններին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը մարտի 31-ին  մասնակցել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների տեղակալների ձևաչափով Մոսկվայում կայացած խորհրդատվություններին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:  Միջոցառման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀԱՊԿ-ում փոխգործակցության արդիական հարցերի շուրջ, այդ թվում նաև՝ առաջիկայում նախատեսվող ՀԱՊԿ ԱԳՆԽ միջնստաշրջանային նիստի նախապատրաստման համատեքստում, ներառյալ այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝ համագործակցության զարգացումը Կազմակերպության շրջանակներում և միջազգային հարթակում:            Խորհրդատվությունների արդյունքներով կարևորվել է նաև Կազմակերպության շրջանակներում համագործակցությանն ու նրա հետագա զարգացմանը նպաստող նմանատիպ հանդիպումների պարբերականության ապահովումը:
15:52 - 01 ապրիլի, 2021
ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել մարդասիրական կոչի ազդարարման միջոցառումը

ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել մարդասիրական կոչի ազդարարման միջոցառումը

Մարտի 31-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված արցախահայության առջև ծառացած հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների հասցեագրման ուղղությամբ միջազգային գործընկերների ներգրավման նպատակով մարդասիրական կոչի ազդարարմանը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:   Անդրադառնալով օրվա խորհրդին՝ նախարար Այվազյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրության, արցախահայության սոցիալ-տնտեսական կարիքների և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վրա:  ԱԳ նախարարը, երախտագիտություն հայտնելով Արցախում առաջնահերթ հումանիտար ծրագրերի իրականացման գործում մասնակցություն ունեցած Հայաստանի գործընկեր պետություններին ու միջազգային կազմակերպություններին, ընդգծեց, որ կարիքները դեռ զգալի են, հատկապես՝ կացարանների, ապրուստի համար անհրաժեշտ գումարների գեներացման, ինչպես նաև մտա-հոգեբանական օգնության առումով: «Հայաստանը մշտապես Արցախի իր եղբայրների և քույրերի կողքին է՝ հումանիտար այս աղետի հասցեագրման հարցում, սակայն բավական բարդ է դա անել առանց միջազգային հանրության աջակցության», - նշեց ԱԳ նախարարը: Միջազգային գործընկերների կողմից Արցախում մարդասիրական օգնության տրամադրման և հումանիտար ծրագրերի իրականացման համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց. «Ինչպես շատերդ գիտեք, հումանիտար հասանելիության հարցը, ցավոք, շարունակաբար քաղաքականացվում է Ադրբեջանի կողմից, ինչի հետևանքով առայսօր՝ հրադադարից 5 ամիս անց, ՄԱԿ-ի մեր գործընկերներին չի հաջողվում իրականացնել իրենց առաքելությունն Արցախում:  Ցավոք սրտի, հակամարտությունները եզակի երևույթ չեն աշխարհում, սակայն եզակի երևույթ է, երբ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ը,  հնարավորություն չունի տեղում աջակցություն ցուցաբերելու հակամարտությունից տուժած մարդկանց։ Այսպիսին է այժմ իրավիճակն Արցախում։ Չնայած մեր բոլոր ջանքերին ու առաջարկներին, միջազգային օգնությունը դեռ ամբողջ ծավալով հասանելի չէ արցախահայությանը: Այս համատեքստում ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ մեզ համար այս իրավիճակն այլևս ընդունելի չէ. հումանիտար այս հարցի որևէ քաղաքական շահարկում պետք է հստակ արձագանքի արժանանա մեր միջազգային գործընկերների կողմից: Արցախ վերադարձած մեր հայրենակիցները չպետք է զրկված լինեն միջազգային հումանիտար օգնությունից, համընդհանուր մարդու իրավունքներից: Բնակության տարածքի կարգավիճակով պայմանավորված որևէ իրավունքի օտարում միջազգային իրավունքի, այդ թվում՝ հումանիտար իրավունքի նորմերի ու սկզբունքների խախտում է: Կոչ ենք անում մեր գործընկերներին անհապաղ քայլեր ձեռնարկել ու համապատասխան ճկունություն դրսևորել՝ հումանիտար ծրագրերն առավել հասանելի դարձնելու բոլոր տուժածների համար, առանց որևէ խտրականության կամ այդ մարդկանց արժանապատվությունն անտեսելու»,- նշեց ԱԳ նախարարը։  Իր խոսքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց արցախահայության կարիքների հասցեագրման գործում կառավարության կողմից իրականացվող ծրագրերը: Նախարար Առաքելյանը, մասնավորապես, ընդգծեց. «Մեր հետագա կարևորագույն առաջնահերթությունը կացարան կորցրած արցախցիների վերադարձի ապահովումն է, որի համար «Հայաստան» hամահայկական hիմնադրամի հետ համատեղ կառավարությունը սկսում է բնակարանաշինության ծրագիր՝ մոտ 210 մլն դոլար բյուջեով։ Հավելեմ նաև, որ սոցիալական աջակցության ծրագրերի մասով պետական բյուջեից արդեն հատկացվել է ավելի քան 50 մլն դոլար, հաստատված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի մասով հատկացումները կկազմեն ևս 50 մլն դոլար։  Ուզում եմ մեր երախտիքը հայտնել բոլոր այն պետություններին ու կազմակերպություններին, որոնք օգնության ձեռք են մեկնել պատերազմից տուժած արցախցիներին: Սակայն նաև ցավով պետք է նշեմ, որ սոցիալական խնդիրների մասով միջազգային հանրության արձագանքը համարժեք չենք կարող համարել այն աղետին, ինչի հետ բախվել են արցախցիները։ Ժամանակակից աշխարհում նման փոքր տարածքում 1.5 ամիս տևած ռազմական ագրեսիան հանգեցրել է աղետալի հետևանքների, որը, առաջին հերթին, պատվով հաղթահարեցին հենց արցախցիները՝ օր առաջ պատրաստակամություն հայտնելով վերադառնալ իրենց ծննդավայր»: Նախարարի խորհրդական Կարեն Դադուրյանը համապարփակ ներկայացրեց շուտափույթ հասցեագրում պահանջող խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը՝ որպես հնարավոր արտաքին ֆինանսավորման համար կարևոր առաջնահերթություններ: Ներկաներին ուղերձով դիմեցին նաև արցախցիներ, պատերազմի արհավիրքը սեփական աչքերով տեսած Սամվել Առաքելյանը և Լիկա Զաքարյանը՝ ներկայացնելով պատերազմական ժամանակաշրջանում իրենց փորձը և արցախահայության առջև ներկայումս ծառացած մարտահրավերներն ու հումանիտար խնդիրները։ Վերջիններս կարևորեցին միջազգային հանրության տեղում ներգրավվածությունը՝ այդ խնդիրների հասցեագրման գործում:  Իր եզրափակիչ խոսքում ԱԳ նախարարը նշեց. «Ցավոք, երբ մենք խոսում ենք աշխարհում հաճախակի դարձած հակամարտությունների մասին, մենք սկսել ենք ուշադրություն դարձնել ընդամենը վիճակագրությանն ու թվերին՝ մոռանալով մարդկանց մասին: Այսօր մենք պատիվ ունեցանք Ձեզ ներկայացնել Արցախի մեր երկու հայրենակիցներին՝ Լիկային և Սամվելին՝ իրենց մարդկային դեմքերով: Եվ պատկերացրեք, որ այսպիսի մարդկային պատմություններ հարյուր հիսուն հազար դեմք ունեն»:
20:19 - 31 մարտի, 2021
ՀՀ ԱԳ նախարարն ու ՀՀ-ում ՄԹ դեսպանը կարևորել են փոխգործակցության ներուժի լիարժեք կիրառումը

ՀՀ ԱԳ նախարարն ու ՀՀ-ում ՄԹ դեսպանը կարևորել են փոխգործակցության ներուժի լիարժեք կիրառումը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը մարտի 31-ին  ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության նորանշանակ դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:  Նախարար Այվազյանը շնորհավորել է Ջոն Պատրիկ Գալագերին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ դեսպանն իր ներդրումը կունենա հայ-բրիտանական օրակարգի առավել ամրապնդման և հարստացման գործում: Այդ համատեքստում երկուստեք կարևորվել է փոխգործակցության առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:  Նախարար Այվազյանը և դեսպան Գալագերը, որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ, առանձնացրել են տնտեսության, գիտության և կրթության ոլորտները, կարևորել են մարդկանց միջև շփումների ակտիվացումը: Հանդիպման ընթացքում շոշափվել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հաստատմանը վերաբերող հարցեր:
17:04 - 31 մարտի, 2021