ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Քաղաքացիներին հուզող խնդիրների մեծ մասը սոցիալական և իրավական բնույթի է և դուրս է ՊՆ իրավասությունների շրջանակից․ ՀՀ ՊՆ

Քաղաքացիներին հուզող խնդիրների մեծ մասը սոցիալական և իրավական բնույթի է և դուրս է ՊՆ իրավասությունների շրջանակից․ ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետում փակցված են 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում զոհվածների, գերեվարվածների և անհետ կորածների հարցերով զբաղվող պաշտոնատար անձանց հեռախոսահամարները։ Նախարարությունից հայտնում են, որ ակտիվ գործում են նաև ՊՆ «Թեժ գիծ» և ԶՈՒ ԳՇ «Վստահության գիծ» ծառայությունների հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստը:«ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում պարբերաբար կազմակերպվում է գերեվարված կամ անհետ կորած համարվողների հարազատների ընդունելություն: Պաշտպանության նախարարությունը սրտացավ և հետևողական է բարձրացված խնդիրներին լուծում տալու հարցում։ Սակայն պետք է արձանագրել, որ քաղաքացիներին հուզող խնդիրների մեծ մասը սոցիալական և իրավական բնույթ է կրում և դուրս է ՊՆ իրավասությունների շրջանակից: Հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ լինել հասցեական և դիմել պաշտպանության նախարարություն` գերատեսչության լիազորությունների տիրույթում գտնվող հարցերով»,-ասվում է ՊՆ տարածած հայտարարության մեջ։ 
19:17 - 22 ապրիլի, 2021
Չափազանց վառ երևակայություն է պետք ունենալ` ՀՀ զինված ուժերին խաղաղապահների ուղղությամբ կրակոցներ արձակելու «մեղադրանք» վերագրելու համար. ՀՀ ՊՆ

Չափազանց վառ երևակայություն է պետք ունենալ` ՀՀ զինված ուժերին խաղաղապահների ուղղությամբ կրակոցներ արձակելու «մեղադրանք» վերագրելու համար. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքել է «հայ զինվորականների կողմից Զանգիլանի  ուղղությամբ կրակահերթերի մասին» ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված լուրերին: «Չափազանց վառ երևակայություն է պետք ունենալ` Հայաստանի զինված ուժերին ռազմավարական դաշնակից երկրի` ՌԴ խաղաղապահ առաքելության դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու «մեղադրանք» վերագրելու համար: «Առավել քան ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը հուսահատ փորձ է անում նախորդ օրվա` իր կողմից թույլ տրված հրադադարի ռեժիմի խախտման, մասնավորապես` ԱՀ որոշ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա: Այդուհանդերձ, ինչպես ԱՀ, այնպես էլ ՀՀ զինված ուժերը հավատարիմ են հրադադարի ռեժիմի պահպանման եռակողմ պայմանավորվածությանը և նույնը հորդորում են անել ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը»,- ասված է ՊՆ հայտարարության մեջ:
16:49 - 22 ապրիլի, 2021
Զինծառայող Նարեկ Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է Քննչական կոմիտեի վարույթ

Զինծառայող Նարեկ Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է Քննչական կոմիտեի վարույթ

2021թ. ապրիլի 20-ին պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Սևակի Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի վարույթ: Այս մասին հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից՝ նշելով, որ կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար: Ավելի վաղ հայտնել էինք, որ N զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սևակի Խաչատրյանի դին՝ ծառից կախված վիճակում: Զինծառայողը Թալին քաղաքից էր:
12:31 - 21 ապրիլի, 2021
Գագիկ Ջհանգիրյանն ու Վաղարշակ Հարությունյանը քննարկել են զինվորական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման անհրաժեշտությունը |armenpress.am|

Գագիկ Ջհանգիրյանն ու Վաղարշակ Հարությունյանը քննարկել են զինվորական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ապրիլի 20-ին հյուրընկալել է Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին: Այս մասին հայտնեցին ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:  Խորհրդի նախագահի պաշտոնակատարը և Պաշտպանության նախարարը քննարկել են դատարաններում զինվորական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման անհրաժեշտության, ինչպես նաև սահմանամերձ մարզային համայնքներում առկա Պն հաշվեկշռում գտնվող շենքերի չօգտագործվող տարածքները դատարաններին հատկացնելու հնարավորության հարցերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով քննարկումները շարունակել:
10:50 - 21 ապրիլի, 2021
ՀՀ ՊՆ ղեկավարը սերբ դիվանագետների հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ՊՆ ղեկավարը սերբ դիվանագետների հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկոպիչին և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Պրեդրագ Պրլիչին (նստավայրը` ք. Թեհրան): Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանության նախարարը շնորհավորել է փոխգնդապետ Պրլիչին և նշել, որ Հայաստանում ռազմական կցորդի նշանակումը վկայում է պաշտպանության բնագավառում հայ-սերբական համագործակցության զարգացման ուղղությամբ  երկու երկրների փոխադարձ հետաքրքրության մասին։ Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, կարևորվել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Սերբիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համաձայնագրի ստորագրումը: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
20:05 - 20 ապրիլի, 2021
Սահմանային միջադեպերի մասին կամ լավը, կամ` ոչինչ |media.am|

Սահմանային միջադեպերի մասին կամ լավը, կամ` ոչինչ |media.am|

media.am: Վերջին երկու ամիսների ընթացքում հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմանին մի շարք միջադեպեր են գրանցվել, որոնք չեն ներառվել ՀՀ պաշտպանության նախարարության և ՌԴ խաղաղապահ զորախմբի պաշտոնական հաղորդագրություններում։  Ապրիլի 6-ին, օրինակ, Կապան-Երևան ճանապարհին ադրբեջանցի զինվորականները քարեր էին նետել հայկական համարանիշով մեքենայի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրել էր ArmDaily.am-ը։ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հաստատել էր լուրը՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել Կապան գնալիս՝ Դավիթ Բեկ-Շուռնուխ ճանապարհահատվածում։  ՀՀ ՊՆ մամուլի հաղորդագրություններում, որտեղ ամփոփվում է հայ-ադրբեջանական շփման գծում օպերատիվ մարտավարական իրավիճակը և Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում տիրող իրավիճակը, այս մասին խոսք չի եղել։ Հետաքրքիր է, որ այդ օրվան (ապրիլի 6) վերաբերող հաղորդագրությունը պարզապես չկա, մինչդեռ նախորդող և հաջորդող օրերի հաղորդագրությունները հրապարակվել են։ Նույն օրը ռուսական Wargonzo-ն հաղորդեց, որ 4 ադրբեջանցի զինծառայողներ շրջանցել են Շուշիի մոտ գտնվող խաղաղապահների հենակետը և դուրս եկել դեպի Ստեփանակերտ տանող մայրուղի՝ տանկով հուշարձանի մոտակայք։ Հրապարակվեց ցուցանակի լուսանկարը, որի վրա զինծառայողները գրառումներ էին արել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին՝ ապրիլի 6-ի տեղեկագրում այս միջադեպի մասին որևէ խոսք չկար։ Մարտի 25-ին միջադեպ էր եղել Արցախի Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի տարածքում՝ դեպի Կարմիր շուկա տանող ճանապարհին։ Խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ադրբեջանական ավտոմեքենաներից քարեր էին նետել հայկական մեքենաների ուղղությամբ։ Այս լուրը հաստատել էր Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին՝ մարտի 25-ի տեղեկագրում այս միջադեպի մասին ոչինչ նշված չէ։ Ավելին՝ ըստ դրա խաղաղապահ զորախումբը ապահովել է քաղաքացիների անվտանգ տեղաշարժը։ Շարունակությունը՝ media.am-ում։
23:17 - 17 ապրիլի, 2021
ՊՆ վարչական համալիրում քննարկվել են հետպատերազմյան շրջանում ԶՈՒ-երի առջև ծառացած հիմնական խնդիրները

ՊՆ վարչական համալիրում քննարկվել են հետպատերազմյան շրջանում ԶՈՒ-երի առջև ծառացած հիմնական խնդիրները

Ապրիլի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի աշխատանքային խորհրդակցություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Նախքան օրակարգային հարցերին անցնելը՝ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նորանշանակ առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին: Բարձր գնահատելով նրա մասնագիտական գիտելիքները, փորձն ու ծառայողական ուղին զինված ուժերում՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը Արշակ Կարապետյանին կարևոր այս պաշտոնում մաղթել է արդյունավետ աշխատանք և հաջողություններ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հետպատերազմյան շրջանում զինված ուժերի առջև ծառացած հիմնական խնդիրները, բանակի մարտունակության ու կարգապահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները և այդ ուղղությամբ զորամասերում տարվող աշխատանքների արդյունքները: Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի ավարտից հետո անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին, զինծառայողների արձակուրդների տրամադրման գործընթացին, զորամասերում առօրյա ծառայության կազմակերպմանն ու առաջնագծում մարտական հերթապահության անվտանգային միջոցառումներին առնչվող տարաբնույթ հարցերի: Բարձրաձայնված խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ՝ նախանշելով առաջիկա աշխատանքների գլխավոր ուղղությունները:
18:44 - 16 ապրիլի, 2021
Վաղարշակ Հարությունյանը Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանն անդրադարձել է գերիներին Հայաստան վերադարձնելու հարցի կարևորությանը

Վաղարշակ Հարությունյանը Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանն անդրադարձել է գերիներին Հայաստան վերադարձնելու հարցի կարևորությանը

Ապրիլի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է Ռուսաստանի Դաշնության դերակատարումն ու ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը: Բարձր գնահատելով Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը՝ Վաղարշակ Հարությունյանը կրկին անդրադարձել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց Հայաստան վերադարձնելու հարցի կարևորությանը և խնդրի անհապաղ լուծման անհրաժեշտությանը: Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ ռազմական համագործակցությանը, ՌԴ տարածքում կայանալիք համատեղ զորավարժությունների պլանավորմանն ու կազմակերպմանը վերաբերող հարցեր: Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան, ինչպես նաև արդյունավետ փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում:  
18:57 - 15 ապրիլի, 2021
Կոտայքի մարզի Արամուս գյուղի մոտակայքում տեղի ունեցած վրաերթից մահացածները պայմանագրային զինծառայողներ էին․ ՊՆ

Կոտայքի մարզի Արամուս գյուղի մոտակայքում տեղի ունեցած վրաերթից մահացածները պայմանագրային զինծառայողներ էին․ ՊՆ

Ապրիլի 15-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղի մոտակայքում, երթ իրականացնելիս, վրաերթի են ենթարկվել N զորամասի զինծառայողներ: Վրաերթի հետևանքով տեղում մահացել են պայմանագրային զինծառայողներ, ավագ սերժանտ Արամ Վահանի Բադալյանը (ծնվ. 1988թ., ԶԶՀԾ Երևանի թիվ 1 ՏՍ) և կրտսեր սերժանտ Լևոն Սամվելի Մկրտումյանը (ծնվ. 1992թ., ԶԶՀԾ Տավուշի ՄՏՍ): Կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Արամ Բադալյանի և Լևոն Մկրտումյանի ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Վրաերթի ենթարկված մեկ զինծառայող ստացիոնար բուժման է ընդունվել ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, առողջական վիճակը գնահատվում է ծանր: Մյուս զինծառայողները ՊՆ ԿԿԶՀ-ում բժշկական զննություն անցնելուց հետո վերադարձել են ծառայության վայր: 
13:14 - 15 ապրիլի, 2021
ՊՆ-ն տեղեկություն չունի՝ Տավուշում 102-րդ ռազմաբազայի զորավարժություններին քանի ռուս զինծառայող է մասնակցել

ՊՆ-ն տեղեկություն չունի՝ Տավուշում 102-րդ ռազմաբազայի զորավարժություններին քանի ռուս զինծառայող է մասնակցել

2021 թվականի մարտի 7-ին սոցիալական հարթակներում եւ տարբեր ԶԼՄ-ներում լուրեր տարածվեցին, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերում մոտ 500 ռուս խաղաղապահներ չափագրումներ են իրականացնում։  Այս առնչությամբ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, թե «ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում` նախկին Բարխուդարլիի մերձակայքում»: Նույն օրը ՊՆ-ն հերքեց շրջանառվող տեղեկությունները՝ նշելով, թե լուրը բացարձակ մտացածին է եւ չի համապատասխանում իրականությանը, սակայն հավելյալ մանրամասներ չհայտնեց։ Մեր հարցերին ի պատասխան՝ նախարարության տեղեկատվության բաժնից խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։ Հարցման հինգերորդ օրը ՊՆ-ն տեղեկություն տրամադրելու համար երեսուն օր պահանջեց։ Ապրիլի 2-ին պատասխանեցին, որ ՀՀ պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների համար ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախագահությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Խմբում ընդգրկված են ներկայացուցիչներ ԶՈՒ գլխավոր շտաբից։ Աշխատանքները կատարվում են Սյունիքի մարզում։ Տավուշի մարզում աշխատանքներ չեն կատարվում։  Մեր հարցին, թե արդյոք սույն թվականի մարտի 5-ից իրենց ծառայության շրջանակներում ռուս զինվորականներ այցելե՞լ են Տավուշի մարզ, եթե այո, ապա քանի՞ ծառայող, նախարարությունից պատասխանել են, թե ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կողմից անցկացվելիք զորավարժությունների շրջանակներում ռուս զինծառայողները այցելել են Տավուշի մարզ, իսկ քանակի վերաբերյալ ՊՆ-ն տեղեկություններ չունի։  «Համաձայն 102-րդ ռազմաբազայի 2021 թվականի մարտական պատրաստության պլանի՝ նախատեսված է եղել զորավարժություն, որի շրջանակներում անցկացվել են տեղզննման (ուսումանկան) աշխատանքներ նշված ուղղություններով»,- ասված է պատասխանում։  Infocom.am-ի մյուս հարցերին, թե արդյոք ռուս խաղաղապահներ կամ սահմանապահներ պե՞տք է տեղակայվեն Տավուշի մարզի հայ-ադրբեջանական դիրքերում, եթե այո, ապա ո՞ր հատվածներում է նախատեսվում նրանց տեղակայումը, եթե տեղակայում նախատեսվում է, ապա իրավական ի՞նչ ակտերի հիմքով, նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից ի պատասխան նշել են, որ ռուս խաղաղապահների կամ սահմանապահների՝ Տավուշի մարզի հայ- ադրբեջանական սահմանում տեղակայման վերաբերյալ հարց չի քննարկվել։  Այսպիսով, ՊՆ-ն, արձագանքելով ռուս խաղաղապահների՝ Տավուշում ինչ-որ գործողությունների վերաբերյալ տարածվող լուրերին, նախ միայն հերքեց դրանք՝ ասելով, թե լուրը բացարձակ մտացածին է եւ չի համապատասխանում իրականությանը, եւ որեւէ այլ մեկնաբանություն չտվեց։ Միայն գրավոր հարցումից հետո գերատեսչությունից պատասխանեցին, որ ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կողմից անցկացվելիք զորավարժությունների շրջանակներում ռուս զինծառայողները այցելել են Տավուշի մարզ։ Իսկ թե քանի զինծառայող է մասնակցել այդ զորավարժություններին, ՊՆ-ն, փաստորեն, տեղեկություն չունի։ Ի դեպ, նախարարությունը, հավատարիմ մնալով իր գործելաոճին, տեղեկություն տրամադրելու համար դարձյալ երեսնօրյա ժամկետ պահանջեց․ նշենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ 30-օրյա ժամկետում պատասխանում են միայն այն դեպքում, երբ գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք։ Ասպրամ Փարսադանյան
11:46 - 15 ապրիլի, 2021
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին

 ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ապրիլի 14-ին Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին՝ նվիրված ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացմանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից: Նիստի ընթացքում քննարկվել են արևելաեվրոպական, կովկասյան և կենտրոնասիական տարածաշրջաններում ռազմական անվտանգությանն ուղղված մարտահրավերներն ու սպառնալիքները։ Հաստատվել է ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր շտաբերի միասնական տեսլականն այդ սպառնալիքների չեզոքացման հարցում։ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը տեղեկացրել է, որ «Մարտական եղբայրություն 2021» օպերատիվ-մարտավարական զորավարժության շրջանակում նախատեսված է անցկացնել 4 համատեղ զորավարժություն, որոնք կընդգրկեն հավաքական անվտանգության կենտրոնասիական տարածաշրջանը: Ամփոփելով նիստի արդյունքները, ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նախագահ, ՌԴ ԶՈւ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը, նշել է, որ հստակեցվել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի կատարելագործմանն ուղղված հետագա քայլերը, հույս հայտնել, որ Ռազմական կոմիտեի նիստում կայացված որոշումները կնպաստեն ՀԱՊԿ անդամ պետություններում կայունության հաստատմանն ու պահպանմանը։
19:43 - 14 ապրիլի, 2021