ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

2020թ.-ին, COVID-19-ով պայմանավորված, Հայաստան է վերադարձել 14.564 ՀՀ քաղաքացի. Արա Այվազյան |armtimes.com|

2020թ.-ին, COVID-19-ով պայմանավորված, Հայաստան է վերադարձել 14.564 ՀՀ քաղաքացի. Արա Այվազյան |armtimes.com|

armtimes.com: Այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին մասնակցում է արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: Վերջինս խորհրդարանում է՝ ներկայացնելու ՀՀ կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:   Նա տեղեկացրեց, որ 2020թ.-ին, COVID-19-ով պայմանավորված, ԱԳՆ-ն միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ և դեսպանությունների ջանքերով ձեռնարկել են արտերկրում գտնվող հայրենակիցներին տեղում աջակցելու և անվտանգ հայրենադարձումը կազմակերպելու օպերատիվ աշխատանքներ: «Դրա արդյունքում Հայաստան է վերադարձել 14.564 ՀՀ քաղաքացի, որոնցից 2254-ի տեղափոխումը կազմակերպվել է անվճար հիմունքներով: ԱԳՆ-ի կողմից դեսպանությունների գործուն ջանքերով իրականացվել է մի շարք երկրների և կառույցների կողմից կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանի մարդասիրական աջակցության տրամադրումը»,- ասաց նա:
12:49 - 29 մարտի, 2021
Պաշտամունքի վայրի բարբարոսական ոչնչացումն արդարացնելու Ադրբեջանի բոլոր փորձերը դատապարտելի են. Աննա Նաղդալյան

Պաշտամունքի վայրի բարբարոսական ոչնչացումն արդարացնելու Ադրբեջանի բոլոր փորձերը դատապարտելի են. Աննա Նաղդալյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահականի և արտաքին քաղաքական գերատեսչության «արդարացումներին» Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերման մասին: ՀՀ ԱԳՆ խոսնակի արձագանքը. Հարց. Ադրբեջանի նախագահականը և արտաքին քաղաքական գերատեսչությունը հանդես են եկել Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերման մասին «արդարացումներով»: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Պատասխան. Ադրբեջանական կողմը հաստատեց Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնահատակ ավերման միտումնավոր և ծրագրված բնույթը, և որ դա իրականացվել է Ադրբեջանի իշխանությունների որոշման արդյունքում: Ադրբեջանական կողմի բոլոր փորձերը՝ արդարացնելու պաշտամունքի վայրի բարբարոսական ոչնչացումը մտահոգիչ և դատապարտելի են: Հատկանշական է, որ միաժամանակ ադրբեջանական կողմը քար լռություն է պահպանում Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի ավելի քան 200 տարվա պատմություն ունեցող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (Կանաչ ժամ) եկեղեցու ավերման մեղադրանքների և փաստերի վերաբերյալ՝ հավանաբար չգտնելով այս հերթական բարբարոսության «արդարացման» որևէ, անգամ՝ մտացածին հիմնավորում: Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ միջազգային հանրությունը, նախևառաջ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և համանախագահ երկրները, ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է անհապաղ միջամտեն հայկական պատմամշակութային ժառանգությունը պահպանելու համար:
16:54 - 26 մարտի, 2021
Մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության 11-րդ նիստին բարձրացվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը

Մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության 11-րդ նիստին բարձրացվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի համանախագահությամբ մարտի 25-ին  առցանց ձևաչափով տեղի է ունեցել մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության հերթական՝ 11-րդ նիստը, որին մասնակցել են նաև ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները և Մարդու իրավունքների պաշտպանը։ Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ԵՄ կողմից նիստին առաջին անգամ մասնակցել է մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Էմոն Գիլմորը։ Նիստի ընթացքում քննարկվել է մարդու իրավունքներին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ դատական և քրեակատարողական ոլորտներում իրականացվող բարեփոխումները, հակախտրականության քաղաքականությունը, աշխատանքային իրավունքները, ընտրական բարեփոխումները։ Հայկական կողմը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի հետևանքները՝ մասնավորապես նշելով, որ Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, շարունակում է գերության մեջ պահել հայ քաղաքացիական անձանց և ռազմագերիներին, խոչընդոտել Լաչինի միջանցքով Արցախին մարդասիրական օգնության տրամադրումը։ Գործընկերների ուշադրությունը հրավիրվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցների չկատարման վրա։ Նիստի արդյունքում ընդունվել են գործառնական եզրակացություններ և համատեղ մամլո հաղորդագրություն։
15:57 - 26 մարտի, 2021
ԱԳ նախարարի տեղակալը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի գրասենյակի ղեկավարը տեսակապով զրուցել են

ԱԳ նախարարի տեղակալը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի գրասենյակի ղեկավարը տեսակապով զրուցել են

Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը տեսակապի միջոցով զրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի գրասենյակի ղեկավար Նիկոլա Կասիանիդեսի հետ։Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ԼՂ հակամարտության գոտում հայկական պատմական և կրոնական ժառանգության պաշտպանության հարցին և այդ համատեքստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից փաստահավաք առաքելություն Արցախ ուղարկելու կարևորությանը:ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հրատապությունը՝ հաշվի առնելով հայկական հուշարձանների դիտավորյալ ոչնչացման, դրանց սրբապղծման և ինքնության խեղաթյուրման ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող հետևողական քայլերը։Արտակ Ապիտոնյանն անդրադարձել է հայկական մշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի վերջին դրսևորումներին: Մասնավորապես, նշվել է, որ այսօր համացանցում BBC լրատվական ծառայության կողմից շրջանառվել է տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ Մեխակավան բնակավայրի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին հիմնովին ավերվել է:Անդրադառնալով փաստահավաք առաքելության նախապատրաստական աշխատանքներին՝ ԱԳ նախարարի տեղակալը խիստ մտահոգություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի արդյունավետ ներգրավմանը խոչընդոտելու ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության առնչությամբ:Ընդգծվել է, որ առաքելությունը շահարկելու և անհարկի քաղաքականացնելու Ադրբեջանի փորձերը բոլորովին անընդունելի են: Շեշտվել է առաքելությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կողմից ի սկզբանե հայտարարված և 1954թ․ Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության միջկառավարական կոմիտեի հայտարարությունում վերահաստատված ձևաչափով անցկացնելու կարևորությունը: 
21:12 - 25 մարտի, 2021
Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին

Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 25-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է տեղում միջազգային մասնագիտացված կառույցների անխոչընդոտ ներգրավվածությունը: Հրատապ հասցեագրում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում նախագահ Հարությունյանը և ԱԳ նախարար Այվազյանը մտքեր են փոխանակել հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ՝ անընդունելի գնահատելով Ադրբեջանի կողմից այդ խնդրի անհարկի քաղաքականացումը: Ընդգծվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական քաղաքական լուծման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։ Այդ առնչությամբ շեշտվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքների ճանաչման անկյունաքարային դերը հակամարտության արդարացի լուծման համատեքստում:
19:40 - 25 մարտի, 2021
Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային վանդալիզմը հիմնվում է քրիստոնյա հայ ժողովրդի հանդեպ ատելության վրա. ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային վանդալիզմը հիմնվում է քրիստոնյա հայ ժողովրդի հանդեպ ատելության վրա. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանություն է տարածել Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերման վերաբերյալ:  «Այսօր BBC լրատվական ծառայության կողմից շրջանառության մեջ դրվեցին տեսանյութեր՝ փաստելով Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնահատակ ավերումը, որը տեղի է ունեցել շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնվելուց հետո: Այդ նույն եկեղեցին Արցախի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ արդեն իսկ ենթարկվել էր սրբապղծման: Խստագույնս դատապարտելի է Ադրբեջանի կողմից կրոնական ատելության հիմքով իրականացված հանցագործության հերթական այս դեպքը։ Միաժամանակ առավել անհանգստացնող է ադրբեջանական ղեկավար շրջանակների կողմից այս բարբարոսությունը հիմնավորելու փորձերը, ինչը ցույց է տալիս, որ վանդալիզմի այս հերթական դրսևորումն ունեցել է միտումնավոր բնույթ և իր կազմակերպվածությամբ հիշեցնում է Նախիջևանի պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը: Վերջին պատերազմից հետո պաշտամունքի վայրի ոչնչացման այս դեպքն առանձին դրվագ չէ: Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի 200 տարուց ավել պատմություն ունեցող Կանաչ ժամ եկեղեցու ավերումը փաստում է, որ ադրբեջանական կողմից իրականացվող մշակութային վանդալիզմը հիմվում է միայն մեկ չափանիշի վրա, և այդ չափանիշը քրիստոնյա հայ ժողովրդի հանդեպ ատելությունն է: Ի հեճուկս աշխարհին որպես «հանդուրժողականության և բազմամշակութայնության կենտրոն» ներկայանալու ջանքերին՝ Ադրբեջանն առ այսօր ամրագրել է իր դիրքը՝ որպես քրիստոնեական ժառանգության ոչնչացման առաջամարտիկ: Հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը ևս մեկ անգամ ի ցույց է դնում ադրբեջանական իշխանությունների՝ քրիստոնեական մշակութային արժեքների պահպանման վերաբերյալ հավաստիացումների սին լինելը: Միջազգային հանրությունը պետք է օր առաջ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի կողմից նախորդ տարվա սեպտեմբերի 27-ից սկսված և մինչ օրս շարունակվող հանցագործությունների, այդ թվում՝ մշակութային ցեղասպանության դադարեցման և դատապարտման ուղղությամբ»,- ասված է մեկնաբանության մեջ:
19:05 - 25 մարտի, 2021
ԱԳ նախարարը Իրաքի պաշտպանության նախարարի ուշադրությունը հրավիրել է պատերազմում Թուրքիայի ներգրավվածության վրա

ԱԳ նախարարը Իրաքի պաշտպանության նախարարի ուշադրությունը հրավիրել է պատերազմում Թուրքիայի ներգրավվածության վրա

Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի հետ։ Ողջունելով իրաքյան պատվիրակությանը՝ նախարար Այվազյանը գոհունակություն հայտնեց հայ-իրաքյան դարավոր բարեկամության վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ։ Զրուցակիցներն ընդգծեցին Հայաստանի և Իրաքի միջև ռազմական և անվտանգային երկխոսության խորացման կարևորությունը՝ երկուստեք համոզմունք հայտնելով, որ նշված ոլորտներում սերտ համագործակցությունը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային կայունության և խաղաղության ապահովման գործում։ Նախարարներն անդրադարձան տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակի։ Նախարար Այվազյանն իր զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության վրա՝ մտահոգություն հայտնելով վերջինիս կողմից հակամարտության գոտում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և վարձկանների տեղակայման առնչությամբ։ Այս համատեքստում ընդգծվեց հնարավոր ձևաչափերում ահաբեկչության դեմ պայքարում երկու երկրների միջև սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը։
17:53 - 25 մարտի, 2021
Արցախի պատմամշակութային ժառանգությունը համաշխարհային մշակույթի անբաժանելի մասն է. Արա Այվազյան
 |armtimes.com|

Արցախի պատմամշակութային ժառանգությունը համաշխարհային մշակույթի անբաժանելի մասն է. Արա Այվազյան |armtimes.com|

armtimes.com: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը արտաքին գործերի նախարար Արա Այվազյանից հետաքրքրվեց, թե հայ դիվանագիտությունն ինչպե՞ս է պատրաստվում օգտագործել մշակույթի գործոնը հետպատերազմյան իրավիճակում և հարց ուղղեց, թե ի՞նչ գործառույթ է իրականացնում նոր ստեղծված մշակութային հանձնաժողովը: «Մշակութային դիվանագիտության հանձնաժողովը շատ կարևոր է, քանի որ ներկայումս, առավել քան երբևէ, պետք է ակտիվացնենք մեր միջազգային համագործակցությունը և մեր ներգրավվածությունը միջազգային մշակութային ոլորտում, և այդ իմաստով մշակույթը՝ որպես փափուկ ուժի գործոն, շատ կարևոր դերակատարում ունի, և այս հարթակի ստեղծմամբ մենք հայտ ենք ներկայացնում՝ մեր մշակույթը դիվանագիտական զինանոցի կարևոր գործիք դարձնելու»,- նշեց Արա Այվազյանը։ Հայրապետյանի մյուսին հարցին, թե ի՞նչ է անում Կառավարությունը ադրբեջանական՝ Արցախի օկուպացված տարածքներում մշակութային կոթողների ոչնչացման քաղաքականության դեմ, Այվազյանն ընդգծեց, որ Արցախի պատմամշակութային ժառանգությունը համաշխարհային մշակույթի անբաժանելի մասն է. «Դրա ոչնչացումը, պղծումը կամ կեղծումը պետք է խստագույնս կանխվեն։ Մեր ամենօրյա շփումները միտված են այս խնդրին հասցեագրել միջազգային ջանքերի շնորհիվ: Հայտնի է, որ Արցախի այն տարածքները, որոնք անցել են Ադրբեջանի օկուպացիայի ներքո, տեղի է ունեցել լիակատար հայաթափում, և այսօր գործի է դրվել հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը՝ փորձ անելով ջնջել կամ կեղծել Արցախի հազարամյա մշակութային ժառանգությունը և նրա պատկանելությունը»,- եզրափակեց նախարարը:
19:13 - 24 մարտի, 2021
ԱԳ նախարարի տեղակալը և ՀՀ-ում Իսլանդիայի դեսպանը կարևորել են ռազմագերիների խնդրի շուտափույթ լուծումը

ԱԳ նախարարի տեղակալը և ՀՀ-ում Իսլանդիայի դեսպանը կարևորել են ռազմագերիների խնդրի շուտափույթ լուծումը

Մարտի 24-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսլանդիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Աուրնի Տոր Սիգուրդսոնին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Շնորհավորելով Աուրնի Տոր Սիգուրդսոնին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ ԱԳ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-իսլանդական երկկողմ փոխգործակցությանը` այդ համատեքստում մասնավորապես ընդգծելով քաղաքական երկխոսությունների մեկնարկի կարևորությունը: Կողմերն անդրադարձ են կատարել ԼՂ հակամարտությանը՝ կարևորելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը։ Երկուստեք կարևորվել է ռազմագերիների խնդրի շուտափույթ լուծումը և հումանիտար իրավիճակի կարգավորումը։ Զրուցակիցները վերահաստատել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխշահավետ համագործակցության զարգացման և առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխադարձ պատրաստակամությունը: Մտքեր են փոխանակվել էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության շուրջ:
15:17 - 24 մարտի, 2021
Պետք է ուշադրությունը կենտրոնացնել տարածաշրջանում Թուրքիայի բացասական դերի վրա. Արա Այվազյանը՝ Le Monde-ին

 |armenpress.am|

Պետք է ուշադրությունը կենտրոնացնել տարածաշրջանում Թուրքիայի բացասական դերի վրա. Արա Այվազյանը՝ Le Monde-ին |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիական հեղինակավոր «Le Monde» պարբերականում մարտի 19-ին հրապարակվել է Հայաստան գործուղված թղթակից Ֆոստին Վենսանի ևս մեկ հոդված։ Լրագրողը հարցազրույցներ է անցկացրել ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի,  տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանի, ինչպես նաև Հայաստանի բնակիչների հետ։  Լրագրողն անդրադառնում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը, ինչպես նաև այդ համաձայնության շրջանակում 1960 ռուս զինվորի՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման  նպատակով հինգ տարի ժամկետով տեղակայմանը: Նշվում է, որ ռուս զինվորականները տեղակայվել են նաև Հայաստանի հարավ-արևելքում` Սյունիքում: «Նրանք, ովքեր տեղակայվել են Հայաստանի տարածքում` Սյունիքում, այդ զորակազմի մաս չեն կազմում: Նրանք միջնորդների դերն են իրականացնում` խուսափելու Հայաստանի սահմանակից գյուղերի բնակիչների և ադրբեջանցի զինվորների միջև լարվածությունից»,- հստակեցրել է ՀՀ ԱԳ նախարարը: Ֆոստին Վենսանն անդրադառնում է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի փետրվարի 22-ին արտահայտած այն մտքին, որ Երևանը հակված է 1995թ.-ից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ընդլայնմանը երկրի հյուսիս արևմուտքում, և, որ Ռուսաստանը նաև կօգնի բարեփոխել հայկական բանակը: Նախարարը հավելել է, որ  «Ղարաբաղի փորձը հաշվի առնելով` մեզ պետք է արմատապես վերանայել և օպտիմալացնել մեր հնարավորություններն ու ուժերի թվաքանակը»: Ջանքերը կուղղվեն վերահսկման, հետախուզության, օդային պաշտպանության համակարգերի, անօդաչու ինքնաթիռների, հրթիռների և հրետանու զարգացմանը: Հոդվածագիրն անդրադառնում է, թե ինչպես է 2018թ.-ին ժողովրդական ու խաղաղ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն եկել իշխանության` տապալելով հետխորհրդային կոռումպացված վարչակազմը: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ պետք է ուշադրությունը կենտրոնացնել տարածաշրջանում Թուրքիայի բացասական դերի վրա` ափսոսանքով հավելելով, որ չնայած դրա ակնհայտ լինելուն՝ ամբողջ աշխարհը աչք է փակում այդ հանգամանքի վրա։ Ռուսաստանի դերի կապակցությամբ Արա Այվազյանն ընդգծել է, որ Ռուսաստանը մեր ավանդական դաշնակիցն է, և նրա շնորհիվ է, որ աղետից խուսափեցինք: Եվ այսօր Ռուսաստանն է, որ թույլ է տալիս խուսափելու նոր լարվածությունից:
18:48 - 23 մարտի, 2021
Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները հանգամանալից անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի

Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները հանգամանալից անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի

Մարտի 22-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Լիբանանի Հանրապետության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարի պաշտոնակատար Շարբել Ուեյբեի հետ։ Երկուստեք գոհունակություն հայտնվեց փոխվստահության և սերտ բարեկամության վրա հիմնված հայ-լիբանանյան հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ և ընդգծվեց երկու երկրների պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և հարստացման համար: Այս համատեքստում ԱԳ նախարարներն ընդգծեցին լիբանանահայ համայնքի կարևոր դերակատարությունը Լիբանանի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում և զգալի ներդրումը երկու երկրների միջև բարեկամության ամրապնդման գործում: Կարևորվեց Հայաստանի և Լիբանանի փոխադարձ աջակցությունն ու համագործակցության սերտացումը նաև միջազգային կառույցների շրջանակներում: Արտգործնախարարներ Այվազյանը և Ուեյբեն հանգամանալից անդրադարձան տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Նախարար Այվազյանն իր գործընկերոջ ուշադրությունը հրավիրեց Թուրքիայի անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքներին` առանձնահատուկ մտահոգություն հայտնելով Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից վարձկանների և զինյալ ահաբեկիչների ռազմական գործողությունների գոտի տեղափոխման առնչությամբ:
20:05 - 22 մարտի, 2021
Արա Այվազյանն Իսպանիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է տարածաշրջանային կայունության, անվտանգության և մարդասիրական հարցերի

Արա Այվազյանն Իսպանիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է տարածաշրջանային կայունության, անվտանգության և մարդասիրական հարցերի

Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական Միության և համագործակցության նախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ։ Արտգործնախարարները բարձր գնահատեցին հայ-իսպանական բարեկամական հարաբերությունների զարգացման դինամիկան, մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ամրապնդման և խորացման հեռանկարների շուրջ։ Հեռախոսազրույցի ժամանակ մտքեր փոխանակվեցին նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգի մի շարք հարցերի, Արևելյան գործընկերության առաջիկա օրակարգի և ԱլԳ «ետ-2020» տեսլականի շուրջ։ Երկուստեք համոզմունք հայտնվեց, որ ՀԳԸՀ լիարժեք և արդյունավետ կիրարկումը շոշափելի նոր լիցք կհաղորդի ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ փոխշահավետ համագործակցության խթանման գործում: Հայաստանի և Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարներն անդրադարձան նաև տարածաշրջանային կայունության, անվտանգության և մարդասիրական հարցերին։ Նախարար Այվազյանն իր գործընկերոջը ներկայացրեց Արցախում ստեղծված հումանիտար բարդ իրադրությունը և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ կարևորելով միջազգային հանրության և համապատասխան մասնագիտացված կառույցների տեղում ներգրավվածությունը։
17:47 - 21 մարտի, 2021
Հայաստանի և Ուրուգվայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի և Ուրուգվայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Մարտի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոյի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ուրուգվայական համագործակցության օրակարգի շուրջ։ Երկուստեք գոհունակություն հայտնվեց փոխադարձ հարգանքի վրա հիմնված  հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ և վերահաստատվեց երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու ու հարստացնելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը: Այս համատեքստում ԱԳ նախարարներն առանձնահատուկ կարևորեցին ուրուգվայահայ համայնքի կամրջող դերակատարությունը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում։ Հայաստանի և Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանն առնչվող հարցերի շուրջ։ Առանձնահատուկ ընդգծվեց հակամարտային իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։
21:55 - 19 մարտի, 2021
Ավետ Ադոնցը Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ զրույցում կարևորել է Լաչինի միջանցքով Արցախ մարդասիրական օգնության առաքումը

Ավետ Ադոնցը Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ զրույցում կարևորել է Լաչինի միջանցքով Արցախ մարդասիրական օգնության առաքումը

Մարտի 19-ին տեսակապի միջոցով կայացել է զրույց ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղար Ստանիսլավ Ռաշչանի միջև: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-սլովենական հարաբերությունների երկկողմ, ինչպես նաև բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել նախատեսված քաղաքական խորհրդակցությունների օրակարգին և ԱլԳ գալիք գագաթաժողովին: ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը ներկայացրել է Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը և հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցները մտահոգություն են հայտնել մարդասիրական աջակցության տրամադրման գործընթացի քաղաքականացման և արհեստական խոչընդոտների ստեղծման առնչությամբ: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է միջազգային մարդասիրական, ինչպես նաև մարդու իրավունքների շարունակվող խախտումները բացառելու անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում նա անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից իր ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների խախտումները, մասնավորապես, ընդգծելով հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի և Լաչինի միջանցքով դեպի Արցախ մարդասիրական օգնության անխափան մուտք գործելու կարևորությունը:
19:52 - 19 մարտի, 2021
Արա Այվայզյանը տեսակապի միջոցով զրույց է ունեցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ

Արա Այվայզյանը տեսակապի միջոցով զրույց է ունեցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ

Մարտի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվայզյանը տեսակապի միջոցով զրույց է ունեցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ։ Զրույցի ընթացքում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի միջև առկա սերտ համագործակցությունը: Այս առնչությամբ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը բարձր է գնահատել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի անդամ հանդիսացող Հայաստանի դերը մարդու իրավունքների պաշտպանության օրակարգն առաջ մղելու գործում: Քննարկման օրակարգի հիմնական թեմաներից են եղել հակամարտային իրավիճաներում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները։ ԱԳ նախարարը գերագույն հանձնակատարին համընդգրկուն կերպով ներկայացրել է Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը և ծառացած հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցները մտահոգություն են հայտնել հումանիտար աջակցության տրամադրման գործընթացի քաղաքականացման և արհեստական խոչընդոտների ստեղծման առնչությամբ: ՀՀ ԱԳ նախարարը և ՄԱԿ գերագույն հանձնակատարն ընդգծել են միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների շարունակվող խախտումները բացառելու անհրաժեշտությունը։ Այս համատեքստում նախարար Այվազյանը դատապարտելի է համարել Ադրբեջանի կողմից իր հումանիտար պարտավորությունների և հանձնառությունների դիտավորյալ խախտումները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման առումով:
16:48 - 19 մարտի, 2021
Ադրբեջանը ձեռնամուխ է եղել պատմական փաստերի կեղծման և հայ ժողովուրդից կրոնական ու մշակութային արժեքներն օտարելու դատապարտելի պրակտիկային. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանը ձեռնամուխ է եղել պատմական փաստերի կեղծման և հայ ժողովուրդից կրոնական ու մշակութային արժեքներն օտարելու դատապարտելի պրակտիկային. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար և մարդու իրավունքի շարունակական խախտումների վերաբերյալ:«Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, մասնավորապես` Հադրութի շրջան և Շուշի քաղաք, որոնք ադրբեջանական վերահսկողության ներքո են հայտնվել Ադրբեջանի` Թուրքիայի և վերջինիս հովանավորյալ զինված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ իրականացված ագրեսիայի արդյունքում: Պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտումներով զանգվածային ոճրագործություններ, այդ թվում՝ էթնիկ զտումներ և պատերազմական հանցագործություններ են իրականացրել արցախահայության դեմ:Հադրութի շրջանի ադրբեջանական օկուպացիայի ընթացքում լիովին հայաթափվել են տասնյակ հազարավոր բնակչություն ունեցող երբեմնի ծաղկուն բնակավայրերը, սպանվել բազմաթիվ քաղաքացիական անձինք: Միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՄԱԿ մարդու իրավունքներով բարձր հանձնակատարը և Human Rights Watch կազմակերպությունը, իրենց հստակ դիրքորոշումն են արտահայտել Հադրութի շրջանում Ժնևի կոնվենցիայի ակնհայտ խախտմամբ դեպքերի առնչությամբ, երբ հաշվեհարդար է իրականացվել գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ։Ադրբեջանի նախագահի կողմից Հադրութի շրջանում կատարված հայտարարությունները բացահայտում են հայկական բնակավայրերի ոչնչացման և դրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրեր ստեղծելու մտադրությունը, ինչը խախտում է 2020թ․ նոյեմբերի 9-ի  եռակողմ հայտարարության դրույթերը, որի համաձայն՝ տեղահանվածները պետք է վերադառնան իրենց հայրենի օջախներ։ Այն փաստում է նաև, որ ադրբեջանական վերահսկողության ներքո արցախահայությունը չի կարող գոյատևել:Ավելին, իր էթնիկ զտման քաղաքականության շրջանակներում Ադրբեջանն իրականացնում է հետևողական քայլեր՝ ուղղված Արցախի հայկական մշակութային ժառանգության վերացմանն ու յուրացմանը: Ներկայումս իր վերահսկողության տակ գտնվող Արցախի մշակութային հուշարձանների ֆիզիկական ոչնչացմանը զուգահեռ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով ձեռնամուխ է եղել պատմական փաստերի կեղծման և հայ ժողովուրդից կրոնական և մշակութային արժեքներն օտարելու դատապարտելի պրակտիկային:Այս նպատակին է ուղղված նաև Ադրբեջանի նախագահի կողմից արված հայտարարությունը Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի 17-րդ դարի հայկական եկեղեցու՝ իբրև «աղվանական» լինելու և վերջինիս պատերին առկա հայատառ գրությունները «կեղծ» հռչակելու մասին՝ այսպիսով հող նախապատրաստելով հերթական վանդալիզմի իրականացման համար: Հատկանշական է, որ հրապարակված տեսանյութում վերոնշյալ եկեղեցին արդեն իսկ ենթարկված է վանդալիզմի, քանզի այնտեղից հեռացված են կրոնական խորհրդանիշները։Այս լույսի ներքո հատկապես մտահոգիչ է Շուշի քաղաքի` «Կանաչ ժամ» ժողովրդական անվանմամբ հայտնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ավերման փաստերի առկայությունը։ Հատկանշական է, որ եկեղեցին ավերվել է ռազմական գործողություններից ամիսներ անց։ Այն մտահոգությունները, որոնք հայկական կողմը հայտնում էր հայկական պատմամշակութային հուշարձանների արդբեջանական կողմի վերահսկողության ներքո հայտնվելու առաջին իսկ օրերից, փաստացիորեն իրականություն են դառնում:Այս փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի այն հավաստիացումները, որ այդ երկիրը պահպանելու է քրիստոնեական պատմամշակութային ժառանգությունը և պատրաստ է համագործակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, ամբողջովին կեղծ են։ Ստեղծված իրավիճակում հրատապ է դառնում միջազգային հանրության, մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի շտապ միջամտությունը՝ դեռևս չավերված հուշարձանների փրկության նպատակով։Արցախի խաղաղ բնակավայրերի, պատմամշակութային ժառանգության ավերման, հայ բնակչության ոչնչացման և դրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրերի ստեղծման հիմքով ձևավորվելիք «խաղաղությունը» չի կարող լինել հաստատուն և տևական։ Մենք շարունակելու ենք մեր պայքարն արդար և արժանապատիվ խաղաղության համար՝ սերտորեն համագործակցելով միջազգային գործընկերների հետ»,- ասված է հայտարարությունում։
22:37 - 18 մարտի, 2021