ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ

Մարտի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ։  Զրուցակիցները հանգամանալից քննարկում ունեցան ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցերի շուրջ: ԱԳ նախարար Արա Այվազյանը և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին միմյանց շնորհավորեցին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ այն նոր թափ կհաղորդի Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին:  ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ հանձնակատարը մտքեր փոխանակեցին Արևելյան գործընկերության ետ-2020 տեսլականի շուրջ՝ ընդգծելով նախաձեռնության ամբողջականության և ներառականության ապահովման կարևորությունը:  Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի: Երկուստեք կարևորվեց Արցախի ժողովրդին տեղում հումանիտար օգնության տրամադրումը: ԱԳ նախարարն առանձնահատուկ ընդգծեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված հումանիտար պարտավորությունների, մասնավորապես՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման իրագործման հրամայականը։ 
10:10 - 02 մարտի, 2021
Պետք է վերադառնան նախևառաջ վերջին լայնածավալ պատերազմի ընթացքում Հադրութից, Շուշիից տեղահանվածները. ՀՀ ԱԳՆ խոսնակի արձագանքը Ալիևին |armenpress.am|

Պետք է վերադառնան նախևառաջ վերջին լայնածավալ պատերազմի ընթացքում Հադրութից, Շուշիից տեղահանվածները. ՀՀ ԱԳՆ խոսնակի արձագանքը Ալիևին |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը  անդրադարձել է փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավիրած ասուլիսին ու դրանում հնչեցված իրարամերժ և հակահայկական պնդումներին: - Երեկ Ադրբեջանի նախագահն օտարերկրյա լրատվամիջոցների համար ասուլիսին հանդես է եկել մի շարք հայտարարություններով, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ նոր սպառնալիքներով, ռազմագերիների հարցի, Արցախի կարգավիճակի վերաբերյալ մեկնաբանություններով: Ինչպե՞ս կարձագանքեք այդ հայտարարություններին: - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փետրվարի 26-ի երկարաձիգ ասուլիսը հայ ժողովրդի նկատմամբ հերթական ատելության խոսքի դրսևորումն էր՝ ուղղված հայ ժողովրդի՝ որպես «հարմար թշնամի» կերպարի շահարկմամբ ադրբեջանական հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելուն: Մեկ հարցի շրջանակներում, իհարկե, դժվար կլինի անդրադառնալ բոլոր այն իրարամերժ հայտարարություններին, որոնք տեղ են գտել Ադրբեջանի նախագահի խոսքում: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է ընդգծել.  Առաջին, Ադրբեջանի նախագահը շարունակում է հայատյացության քաղաքականությունը, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբնաղբյուրն է: Նախկինում աշխարհին հայ ժողովրդին թիվ մեկ թշնամի հայտարարած նախագահ Ալիևի` «հայ ժողովուրդն Ադրբեջանի թշնամին չէ» խոսքերը խարխլվում են հայ ժողովրդի, նրա պետական ինստիտուտների, բանակի նկատմամբ թշնամական հռետորաբանությամբ, ուստի չեն կարող լինել արժանահավատ:  Երկրորդ, ի հեճուկս միջազգային հանրության օրեցօր ուժեղացող կոչերին՝ անհապաղ ազատ արձակել նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին դրույթի՝ Ադրբեջանի կողմից խախտման հետևանքով գերեվարված հայ զինծառայողներին՝ Ադրբեջանի նախագահն արդարացնում է իր երկրի միջազգային պարտավորությունների, այդ թվում՝ միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների խախտումները՝ փաստացի սպառնալով նոր գերեվարումներով: Ավելին, Ադրբեջանի նախագահի կողմից հայ բոլոր գերիներին վերադարձրած լինելու մասին պնդումն արվում է այն ժամանակ, երբ Ադրբեջանի պատկան մարմինները միջազգային հեղինակավոր կառույցներին փոխանցել են հայ ռազմագերիների առկայության մասին տեղեկատվություն:  Երրորդ, մենք բազմիցս ենք հայտարարել, որ Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը չի կարող համարվել հակամարտության լուծում: Տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման համար պետք է վերացվեն ռազմական ագրեսիայի հետևանքները, և իրացվեն արցախահայության իրավունքները, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկված ինքնորոշման իրավունքի հիման վրա: Չորրորդ, հայոց բանակը հայ ժողովրդի անվտանգության և իր բնօրրանում ազատ ու արժանապատիվ ապրելու և արարելու իրավունքի երաշխավորն է, որը բազմաթիվ հայորդիների անձնազոհության գնով խաթարեց թուրք-ադրբեջանա-ահաբեկչական դաշինքի ցեղասպան նկրտումները հայ ժողովրդի նկատմամբ: Ալիևի տվյալ ասուլիսը մեկ անգամ ևս ապացուցեց հայոց բանակի վերազինման և արդիականացման հրամայականը:  Ադրբեջանական ղեկավարության հայտարարությունները ի ցույց են դնում, որ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ քայլեր ձեռնարկելու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար, ավելին, այն իր հայտարարություններով ի չիք է դարձնում վստահության ձևավորման որևէ հնարավորություն:  -  Ադրբեջանի նախագահը հերթական անգամ խոսել է Հայաստանի տարածքով «միջանցքի» մասին: Ի՞նչ միջանցքի մասին է խոսքը:  - Այս հարցին մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք, սակայն ևս մեկ անգամ կկրկնեմ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը չի պարունակում որևէ միջանցքի ստեղծման դրույթներ: Հայաստանի տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհ կամ հաղորդակցության ուղի կա և լինելու է բացառապես Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո։  - Ադրբեջանի նախագահը հանդես է եկել Արցախ ադրբեջանցի փախստականների վերադարձի անհրաժեշտության մասին պնդումներով: Արդյոք որևէ քննարկում այդ ուղղությամբ իրականացվու՞մ է:  -  Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է տեղահանված անձանց վերադարձը իրենց բնակության վայրեր՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո: Այնուամենայնիվ, հայտարարությունից անգամ մոտ չորս ամիս անց ադրբեջանական կողմը խոչընդոտում է միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ մասնագիտացված մարմինների մուտքը Արցախ՝ խաթարելով հումանիտար առաքելությունների իրականացումը:  Ակնհայտ է, որ պետք է վերադառնան նախևառաջ վերջին  լայնածավալ պատերազմի ընթացքում տեղահանվածները, և նոյեմբերի 9-ի հայտարարությունը միտված է առաջին հերթին այդ պատերազմի հումանիտար հետևանքների վերացմանը: Դա վերաբերում է Հադրութի, Շուշիի, ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող այլ բնակավայրերի բնակիչներին: Մինչդեռ ադրբեջանական զինված ուժերը ոչ միայն չեն թույլատրում տեղահանվածների վերադարձը, այլև այրելով և ոչնչացնելով վերջիններիս բնակավայրերը՝ փորձում են դա անհնար դարձնել: Նման վարվելակերպը հստակորեն մատնանշում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը հայ և ադրբեջանցի ժողովուրդների համակեցության հայտարարություններով փորձում է քողարկել Արցախում էթնիկ զտումների և հայաթափության տխրահռչակ քաղաքականությունը:  
17:46 - 27 փետրվարի, 2021
Արա Այվազյանը Թուրքիան բացասական գործոն է համարում ԼՂ հակամարտությունում |armenpress.am|

Արա Այվազյանը Թուրքիան բացասական գործոն է համարում ԼՂ հակամարտությունում |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան ակնհայտ բացասական դերակատարում  ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, մասնավորապես վերջին ագրեսիայի հարցում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:  Նա նշել է, որ դա ակնհայտորեն երևաց, երբ Թուրքիան պատերազմի ժամանակ Մերձավոր Արևելքի իր վերահսկողության տակ գտնվող հատվածներից Արցախի դեմ ուղարկեց ահաբեկիչների և զինյալների, ինչպես նաև ակտիվորեն ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին: «Ակնկալում ենք միջազգային հանրության ավելի հասցեական ազդեցությունը, որպեսզի Թուրքիան վերանայի իր բացահայտ ագրեսիվ վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ»,- ասել է Այվազյանը: Պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանի համար կարող է ընդունելի լինել Թուրքիայի ներգրավվածությունը ԼՂ հարցով բանակցային գործընթացին՝  նա հայտարարել է, որ բանակցային գործընթացում կարող են մասնակցել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Թուրքիան, որն առանց թաքցնելու հովանավորեց մերձավորարևելյան ահաբեկիչների գործունեությունն Արցախում, իր զինվորական անձնակազմն ու ռազմական անօդաչուները գործադրեց ընդդեմ Արցախի խաղաղ բնակչության, արդեն ապացուցել է ոչ միայն հակամարտությունում իր ներգրավվածության մակարդակը, այլև այն, թե որքան հետու է բանակցային գործընթացից»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:
14:49 - 27 փետրվարի, 2021
Ոչ մի կարգավիճակով և ոչ մի պայմանով Արցախը չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո․ Արա Այվազյանի հարցազրույցը РИА Новости-ին |armenpress.am|

Ոչ մի կարգավիճակով և ոչ մի պայմանով Արցախը չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո․ Արա Այվազյանի հարցազրույցը РИА Новости-ին |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը դեռևս լուծված չէ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: «Մենք ելնում ենք նրանից, որ բացառապես բանակցությունների միջոցով է հնարավոր գտնել լուծում, որը հաշվի կառնի բոլորի իրավունքներն ու խաղաղություն և կայունություն կհաստատի Հարավային Կովկասում: Եվ նման կարգավորման հիմքում պետք է նախ և առաջ լինի Արցախի կարգավիճակի հստակեցումը: Ղարաբաղյան հակամարտության էությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցն է: Այս իրավունքը չի կարող ճնշվել կամ սառեցվել ուժի միջոցով: Հայաստանը հանդես է եկել և հետագայում էլ հանդես է գալու Արցախի ժողովրդի՝ ինքնորոշման և անվտանգության իրավունքների ճանաչման դիրքորոշմամբ: Ոչ մի կարգավիճակով և ոչ մի պայմանով Արցախը չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո: Վերջին ագրեսիան ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ադրբեջանի կազմում Արցախը կնշանակի Արցախն առանց հայերի»,- ասել է Արա Այվազյանը: ՀՀ արտգործնախարարը հիշեցրել է 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին Ադրբեջանի խոշոր քաղաքներում հայերի դեմ իրականացված էթնիկ զտումները՝  նշելով, որ այդ բոլոր վայրագությունները, ինչպես նաև 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի օկուպացված տարածքներում, մասնավորապես Հադրութի շրջանում ադրբեջանական բանակի ռազմական հանցագործություններն ու զանգվածային վայրենությունները հերթական ապացույցն էին նրա, որ միայն ինքնորոշման իրավունքի իրացումը կարող է ապահովել սեփական պատմական հողի վրա հայ բնակչության կյանքն ու անվտանգությունը: Անդրադառնալով խնդրի կարգավորման ձևաչափին՝ Այվազյանը նշել է, որ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափն է, որի շրջանակում էլ պետք է լինի հակամարտության վերջնական լուծումը: «Այս առումով մեր տեսակետն անփոփոխ է՝ խաղաղ կարգավորման առանցքային հարցերն առ այսօր լուծված չեն: Սա ամբողջությամբ համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների տեսակետին, ինչը հստակորեն արտահայտվել է նաև 2020 թվականի դեկտեմբերի 3-ի հայտարարության մեջ»,- ասել է նա: Այվազյանը նշել է, որ Արցախի դեմ ագրեսիան՝ որպես խնդրի կարգավորման մեթոդ, մարտահրավեր է համաշխարհային հանրությանը, այն վնասում է միջնորդական ջանքերին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անգամ, համանախագահ երկրների հեղինակությանը: Նախարարը հույս է հայտնել, որ համանախագահները գործնականում կհաստատեն իրենց մանդատն ու արդյունավետ կգլխավորեն խաղաղության գործընթացը: Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցին՝ Այվազյանը նշել է, որ «Երևանը շարունակում է հավատարիմ մնալ բանակցային գործընթացին»: «Այսօր մեր օրակարգում է խաղաղ կարգավորման գործընթացի վերականգնումը, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել մեր տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգությունն ու կայունությունը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:
14:08 - 27 փետրվարի, 2021
Սումգայիթյան ջարդերը պատասխանն էին Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ինքնորոշման իրավունքի իրականացման մտադրության․ ԱԳՆ

Սումգայիթյան ջարդերը պատասխանն էին Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ինքնորոշման իրավունքի իրականացման մտադրության․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ Սումգայիթում տեղի ունեցած հակահայկական ջարդերի 33-ամյակի կապակցությամբ։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «33 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 27-29-ին ադրբեջանական իշխանությունների հրահրման և իրավապահ մարմինների ամենաթողության արդյունքում Սումգայիթ քաղաքում իրականացվեցին հայերի դեմ կանխավ ծրագրված զանգվածային ջարդեր: Սպանվեցին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին: Սումգայիթյան ջարդերը պատասխանն էին Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում արժանապատիվ և անվտանգ կյանքի անօտարելի իրավունքի բարձրաձայնման և ինքնորոշման իրավունքի իրականացման մտադրության: Մարդու իրավունքների իրականացման փորձին Ադրբեջանը հակադրեց հավաքական պատժի քաղաքականությունը` քաղաքի հայ բնակչությանը ենթարկելով դաժան խոշտանգումների ու բռնությունների:  Սումգայիթյան ոճրագործությունը սկիզբ դրեց Ադրբեջանի մյուս քաղաքներում՝ Բաքվում, Գանձակում և այլուր հայերի էթնիկ զտումներին և զանգվածային ջարդերին: Ավելին, նման ոճրագործությունների աներկբա արդարացումը, խրախուսվող հակահայկական հռետորաբանությունը, հայերին սպանելու համար մարդասպանների հերոսացումն իրենց արտացոլումը ստացան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժի կիրառման միջոցով հանգուցալուծելուն ուղղված ադրբեջանական իշխանությունների ջանքերում:   Նախորդ տարի՝ սեպտեմբերի 27-ին, Արցախի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմն ուղեկցվեց հայկական ինքնության դեմ նմանօրինակ հանցագործություններով, այն տարբերությամբ, որ խաղաղ բնակչության սպանություններն իրականացվում էին ոչ թե ամբոխի, այլ ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից և ի ցույց էին դրվում համացանցում:  Անպատժելիության զգացումով առաջնորդվող ադրբեջանական զինված ուժերը 44-օրյա պատերազմի ընթացքում կատարեցին միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ, որոնք հանդիսանում են զանգվածային ոճրագործություններ, այդ թվում` էթնիկ զտումներ և պատերազմական հանցագործություններ: Հավատարիմ մնալով ահաբեկչական խմբավորումների իրենց գործելաոճին՝ Ադրբեջանի զինված ուժերը իրականացնում էին վայրագություններ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ, բարբարոսաբար ոչնչացնում պատմամշակութային կոթողներ և պղծում սրբավայրեր: Հադրութում և ադրբեջանական ռազմական վերահսկողության տակ հայտնված Արցախի այլ բնակավայրերում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց գնդակահարությունները հանդիսացան նախկինում իրականացված հանցագործությունների չդատապարտման արդյունք: Այսօր, հարգանքի տուրք մատուցելով Սումգայիթի հայկական ջարդերի անմեղ զոհերին, ևս մեկ անգամ ընդգծում ենք իրենց պատմական հայրենիքում ազատ, անկախ և արժանապատիվ կյանքով ապրելու Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և համայն հայության հաստատակամությունը»։
11:54 - 27 փետրվարի, 2021
ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, ԱԳ նախարարի հետ

Փետրվարի 26-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևայի հետ։  Զրուցակիցները բարձր են գնահատել պատմական բարեկամության և բազմաթիվ մշակութային առնչությունների վրա հիմնված հայ-բուլղարական հարաբերությունները: Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, և ընդգծվել փոխադարձ պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու այդ օրակարգի հետագա հարստացման և ամրապնդման ուղղությամբ։  Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև ԵՄ շրջանակներում հաստատված համագործակցության շուրջ՝ այդ համատեքստում առանձնահատուկ կարևորելով Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը:      Հեռախոսազրույցի ընթացքում ԱԳ նախարարներ Այվազյանն ու Զախարիևան քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Այվազյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրության և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վրա:
18:35 - 26 փետրվարի, 2021
Ադրբեջանն է պատասխանատվություն կրում երեք տասնամյակի ընթացքում տարածաշրջանի ժողովուրդների կրած զրկանքների համար. ՀՀ ԱԳՆ խոսնակի արձագանքը Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը

Ադրբեջանն է պատասխանատվություն կրում երեք տասնամյակի ընթացքում տարածաշրջանի ժողովուրդների կրած զրկանքների համար. ՀՀ ԱԳՆ խոսնակի արձագանքը Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը «Aysor.am» լրատվականի հարցին․ Հարց. Ադրբեջանի ԱԳՆ կողմից հայտարարություն է տարածվել 1992թ. Աղդամի մերձակայքում իրադարձությունների վերաբերյալ, որում տեղ են գտել ավանդական մեղադրանքներ Հայաստանի հասցեին: Կխնդրեինք Ձեր մեկնաբանությունն այդ առնչությամբ:       Պատասխան. Ադրբեջանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ սանձազերծել է երկու լայնամասշտաբ պատերազմ, որը հանգեցրել է տասնյակ հազարավոր զոհերի: Ադրբեջանն է պատասխանատվություն կրում երեք տասնամյակի ընթացքում տարածաշրջանի ժողովուրդների կրած զրկանքների, կորուստների համար:  Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված երկու պատերազմի ընթացքում, ինչպես նաև դրանց նախորդող ժամանակաշրջանում, ադրբեջանական կողմը դիմել է զանգվածային ոճրագործությունների, այդ թվում՝ էթնիկ զտումների և պատերազմական հանցագործությունների: Վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինվորականների կողմից Արցախի Հադրութ շրջանում իրենց վերահսկողության ներքո հայտնված հայ քաղաքացիական անձանց սպանությունները միջազգային հեղինակավոր մարմինների կողմից, մասնավորապես՝ ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի կողմից որակվել են որպես պատերազմական հանցագործություն:
16:59 - 26 փետրվարի, 2021
Եթե այս երկրում կա պետական հեղաշրջման թիվ մեկ մեղավոր, դա Նիկոլ Փաշինյանն է․ Արծվիկ Մինասյան |tert.am|

Եթե այս երկրում կա պետական հեղաշրջման թիվ մեկ մեղավոր, դա Նիկոլ Փաշինյանն է․ Արծվիկ Մինասյան |tert.am|

tert.am: Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթով հասան արտաքին գործերի նախարարություն։ «Մենք թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ պատերազմից հետ ականատես եղանք գլխավոր դավաճանի այնպիսի հայտարարությունների, որոնք ուղղված էին Հայաստանի միջազգային հեղինակությունը ոտնատակ տալուն»,– իր ելույթում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե վարչապետի և Կառավարության հրաժարական իմաստին ԳՇ հայտարարությունը զինված հեղաշրջման փորձ է, դա Հայաստանը հերթական անգամ թուլացնելու, թիկունքից հարվածելու, ներսից քայքայելու փորձ է։ «Եթե այս երկրում կա պետական հեղաշրջման թիվ մեկ մեղավոր, դա Նիկոլ Փաշինյանն է։ Նա է, որ շարունակաբար հետևողական, ծառայողական կարգը տապալելով տիրացավ գործադիր իշխանության աթոռին։ Այս մարդը շարունակելու է իր դավաճանությունը, հանցագործությունները, միջազգային հանրությունում նսեմացնելու իր գործընթացը»,–ասաց նա։Դիմելով Արտաքին գործերի նախարարության աշխատակազմին, դիվանագիտական ողջ կորպուսին՝ նա ասաց․«Դուք պարտավոր եք դավաճանի այս հայտարարությունները սրբագրել, պարտավոր եք արձանագրել և փոխանցել բոլորին, ՀՀ իշխանությունը պատկանում է արժանապատիվ քաղաքացիներին և բանակը ոչ թե քաղաքականություն է իրականացնում, այլ ապահովում է սահմանադրական իր պարտականությունը, այն է՝ երաշխավորում է Հայաստանի անվտանգությունը, այն անվտանգությունը, որի թիվ մեկ սպառնալիքն այսօր երկրի գործադիր իշխանության աթոռը զավթած անձն է»,–ասաց նա։
15:53 - 26 փետրվարի, 2021
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ

Փետրվարի 25-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ:  Նախարարներ Այվազյանն ու Բաբայանը կարևորեցին Հայաստանի և Արցախի քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության էլ ավելի ամրապնդումը և փոխշփումների ու խորհրդակցությունների անցկացումը` առկա օրակարգային հարցերի առավել արդյունավետ քննարկման և հետագա քայլերի ուրվագծման համար:  Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման առանցքում էին թուրք-ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով Հայաստանի և Արցախի առջև ծառացած և անհապաղ հասցեագրում պահանջող հումանիտար խնդիրները, այդ թվում հայ գերիների շուտափույթ հասցեագրումը: Արցախում սոցիալ-տնտեսական իրավիճակի կայունացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համատեքստում հատկապես շեշտվեց միջազգային մասնագիտական կառույցների` տեղում ներգրավման անհրաժեշտությունը:  Հանդիպման շրջանակներում զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև Արցախի խաղաղ գործընթացի վերականգման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում` ընդգծելով իրենց համակարծությունը, որ բանակցային գործընթացում առանցքային շարունակում են մնալ արցախահայության իրավունքների վերականգնումը և պաշտպանությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի սահմանումը: 
12:29 - 26 փետրվարի, 2021
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հեռախոսազրույց է ունեցել սենատոր Բոբ Մենենդեսի հետ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հեռախոսազրույց է ունեցել սենատոր Բոբ Մենենդեսի հետ

Փետրվարի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հեռախոսազրույց է ունեցել սենատոր Բոբ Մենենդեսի հետ: Դեսպանը շնորհավորել է սենատոր Մենենդեսին՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։  Զրույցի ընթացքում դեսպան Ներսեսյանը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և կարևորել դրանց հաղթահարմանն նպատակով միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ ներգրավվածությունը:  Դեսպան Ներսեսյանը սենատորի ուշադրությանը հրավիրել է հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց խնդիրը և երկուստեք ընդգծել նրանց անհապաղ հայրենադարձման ուղղությամբ անրաժեշտ միջոցներ ձեռնարկելու կարևորությունը։  Սենատորի խնդրանքով Վարուժան Ներսեսյանը ներկայացրել է Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումների հետ կապված իրավիճակը։     
10:08 - 26 փետրվարի, 2021
Էրբիլում տեղի է ունեցել ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման արարողությունը

Էրբիլում տեղի է ունեցել ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման արարողությունը

Փետրվարի 24-ին Էրբիլում տեղի ունեցավ ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ պաշտոնական կայքը։ «Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը, ով ողջունելով հյուրերին, ներկայացրեց դիվանագիտական ներկայացուցչության նպատակները և առաջիկա ծրագրերը: Գլխավոր հյուպատոսը նշեց, որ վերջին ամիսների ընթացքում Իրաքյան Քուրդիստանի գործընկերների հետ ակտիվ շփումների շնորհիվ արդեն իսկ ձևավորված է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգ և դրա կյանքի կոչման ուղղությամբ ջանքեր գործադրելու պատրաստակամություն հայտնեց: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը: Նա նշեց, որ Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև դինամիկ զարգացող հարաբերությունների հիմքում են ընկած երկու ժողովուրդների պատմական ամուր կապերն ու բարեկամությունը: «Այսօր, հիրավի, նշանակալից իրադարձություն է հայ-իրաքյան հարաբերությունների պատմության մեջ։ Հայաստանը մշտապես մեծ կարևորություն է տվել Իրաքի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացմանը, որի առհավատչյան Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատանքի մեկնարկն է: Հայերը պատմության տարբեր հանգրվաններում բնակություն են հաստատել այս երկրում, այդ թվում՝ Իրաքյան Քուրդիստանում և արժանացել իշխանությունների բացառիկ բարյացկամ վերաբերմունքին։ Ուստի այսօր պատահական չէ, որ բազմահազարանոց հայ համայնքը շարունակում է ապրել այստեղ՝ իր նպաստը բերելով այն երկրի զարգացմանը, որի քաղաքացին է հանդիսանում» - նշեց նախարարի տեղակալը:դ Իրաքյան Քուրդիստանի կառավարության անունից ողջույնի խոսքով հանդես եկավ արտաքին հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Սաֆին Դիզայեն: Վերջինս բարձր գնահատեց Հայաստանի իշխանությունների՝ Էրբիլում գլխավոր հյուպատոսություն հիմնելու որոշումը և Իրաքյան Քուրդիստանի կառավարության անունից խոստացավ լիակատար աջակցություն ցուցաբերել հյուպատոսության աշխատանքներին: ԱԳ նախարար Արտակ Ապիտոնյանը և ԻՔ արտաքին հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Սաֆին Դիզայեն միասին հյուպատոսության վրա բարձրացրեցին նախօրեին Էրբիլի հայկական եկեղեցում օծված ՀՀ պետական դրոշը: Միջոցառմանը մասնակցում էին նաև Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության անդամներ, խորհրդարանի անդամներ, հոգևոր առաջնորդներ, Իրաքում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և լրագրողներ», - նշված է հաղորդագրության մեջ:
22:35 - 24 փետրվարի, 2021
ՀՀ դիվանագիտական առաքելությունը հարաբերությունների զարգացման խթան կհանդիսանա․ Արտակ Ապիտոնյանի այցն Իրաքյան Քուրդիստան

ՀՀ դիվանագիտական առաքելությունը հարաբերությունների զարգացման խթան կհանդիսանա․ Արտակ Ապիտոնյանի այցն Իրաքյան Քուրդիստան

Փետրվարի 24-ին Իրաքի Հանրապետություն այցի շրջանակներում Իրաքյան Քուրդիստանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը հանդիպում է ունեցել Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության նախագահ Մասուդ Բարզանիի հետ:Ողջունելով ԱԳ նախարարի տեղակալին՝ Մասուդ Բարզանին նշել է, որ հայ-քրդական պատմական առնչությունները գալիս են դարերի խորքից, և հենց այդ ամուր կապն է ընկած երկու ժողովուրդների բարեկամության հիմքում: ՔԺԿ նախագահը բարձր է գնահատել Հայաստանի իշխանությունների՝ Էրբիլում գլխավոր հյուպատոսության բացման որոշումը` ընդգծելով, որ ՀՀ դիվանագիտական առաքելությունը կհանդիսանա երկու բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման խթան:Արտակ Ապիտոնյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ հայերը պատմության տարբեր հանգրվաններում բնակություն հաստատելով Իրաքյան Քուրդիստանում, արժանացել են տեղի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքին և գնահատանքին, և այսօր էլ բազմահազարանոց հայ համայնքը շարունակում է ապրել Իրաքյան Քուրդիստանում՝ իր նպաստը բերելով տարածաշրջանի զարգացմանը:Արտակ Ապիտոնյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Քուրդիստանի Ինքնավարության հետ բազմաոլորտ համագործակցության զարգացումը և վստահություն հայտնել, որ Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը մեծապես կնպաստի փոխշահավետ օրակարգի առավել ամրապնդմանը՝ առանձնահատուկ ընդգծելով քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, կրթական և հումանիտար ոլորտներում կապերի խորացման կարևորությունը:Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
22:31 - 24 փետրվարի, 2021
ԱԳ նախարարը «Դաշինք հանուն բազմակողմանիության» նախարարական առցանց հանդիպմանը ներկայացրել է պատերազմի հետևանքով ստեղծված իրադրությունը

ԱԳ նախարարը «Դաշինք հանուն բազմակողմանիության» նախարարական առցանց հանդիպմանը ներկայացրել է պատերազմի հետևանքով ստեղծված իրադրությունը

Փետրվարի 24-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ «Դաշինք հանուն բազմակողմանիության» խորագրով նախարարական առցանց հանդիպմանը, որը նախագահում էին Գերմանիան և Ֆրանսիան: Հանդիպմանը մասնակցում էին ավելի քան չորս տասնյակ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ: Նախարար Այվազյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին հանդիպումը նախաձեռնելու համար՝ համոզմունք հայտնելով, որ այն լավ առիթ է անդրադառնալու բազմակողմանիության առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին: Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրադրությունը՝ ընդգծելով, որ այդ ագրեսիան մասամբ արդյունք է բազմակողմանիության ճգնաժամի և միջազգային աշխարհակարգի ձախողման՝ կանխելու ուժի կիրառումը անպատասխանատու դերակատարների և նրանց աջակիցների կողմից: «Կոպտագույնս խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և ամբողջովին անտեսելով բազմակողմանիության առանցքային սկզբունքները` Ադրբեջանն ապավինեց ուժի կիրառմանը՝ որպես հակամարտության կարգավորման միջոց՝ դրանով իսկ նաև ոտնահարելով Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները, ներառյալ՝ նրանց ինքնորոշման իրավունքը: Արձանագրվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների բազմաթիվ դեպքեր, այդ թվում՝ բնապահպանական բնույթի։ Այս ագրեսիայի սոսկալի հետևանքները դեռ պետք է հասցեագրվեն, քանի որ Ադրբեջանը դեռ շարունակում է որպես գործիք օգտագործել մարդասիրական բնույթի խնդիրները, ինչպիսիք են՝ ռազմագերիների վերադարձը, հումանիտար աջակցության տրամադրումը և հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը»: Իր խոսքում Արա Այվազյանն անդրադարձավ նաև արհեստական բանականության ռազմական կիրառման խնդրին, մասնավորապես, նշելով, որ առաջատար տեխնոլոգիաների օգտագործումը «մարդասպան ռոբոտների» կամ դրոնների ստեղծման նպատակով կործանարար հետևանքների է հանգեցրել. «Ադրբեջանն օգտագործեց այդ տեխնոլոգիաները ռմբակոծելու հայկական պատմական քաղաք Շուշիի եկեղեցին և ծննդատունը՝ ի թիվս Արցախում գտնվող այլ քաղաքացիական ենթակառուցվածքների: Այս փաստերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ արհեստական բանականության ռազմական կիրառման նկատմամբ միջազգային վերահսկողությունը պետք է առաջնահերթություն դառնա»: Առցանց հանդիպման օրակարգային հարցերից էին COVID-19 համավարակի և  կլիմայական փոփոխությունների հասցեագրման ուղիները: «Հայաստանը շարունակելու է սատարել տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը՝ հասցեագրելու այս և այլ գլոբալ մարտահրավերները»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը:
20:20 - 24 փետրվարի, 2021
ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2020-ի 11 ամիսներին կրճատվել է 2 տոկոսով |armenpress.am|

ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2020-ի 11 ամիսներին կրճատվել է 2 տոկոսով |armenpress.am|

armenpress.am: Համավարակի հետևանքով կիրառվող սահմանափակումների արդյունքում 2020-ի հունվար-նոյեմբերի արդյունքներով՝ ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառությունը կրճատվել է 11 տոկոսով, իսկ միության անդամ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը՝ ընդամենը 2 տոկոսով: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Նախարարը նախ նկատեց, որ եվրասիական տարածաշրջանի վրա վստահաբար կազդի տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը, որի մասին խոսվում է Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում: Նա շեշտեց՝ ապաշրջափակումը պետք է իրականացվի համապարփակ կերպով, ինչը հնարավորություն կտա օգտագործել տարածաշրջանի ներուժը՝ առանց աշխարհաքաղաքական նախապատվությունների: «Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից ի վեր Հայաստանն ակտիվորեն մասնակցել է տնտեսական ինտեգրման խորացման, պետությունների միջև համագործակցության ապահովման, տնտեսական ներուժի բացահայտման և արդյունավետ իրացմանը: Արդյունքում մինչև 2020-ը, չնայած բոլոր տնտեսական դժվարություններին, ակնհայտ էր միության անդամ պետությունների առևտրաշրջանառության խթանման, միասնական շուկաների ձևավորման, սոցիալ-տնտեսական զարգացման առանձին ցուցանիշների մոտարկման և զարգացման դրական միտումը: Նախորդ տարվա առաջին եռամսյակից ի վեր համավարակի հետևանքով կիրառվող սահմանափակումները բացասաբար են ազդել ԵԱՏՄ ներքին փոխադարձ առևտրի ծավալների վրա՝ պայմանավորված նաև տրանսպորտային հաղորդակցության խափանումներով, միության անդամ որոշ երկրների քաղաքացիների մուտքի արգելքով»,-ասաց Այվազյանը: Այսպիսով՝ 2020-ի հունվար-նոյեմբերի արդյունքներով՝ ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառությունը կրճատվել է 11 տոկոսով՝ կազմելով 44 մլրդ դոլար: Կան կանխատեսումներ, որ ընթացիկ տարվա ավարտին միության տնտեսությունը կկրճատվի ևս 3.9 տոկոսով: Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2020-ի նույն ժամանակահատվածում կրճատվել է ընդամենը 2 տոկոսով՝ կազմելով 2.03 մլրդ դոլար: Նախարարի խոսքով՝ սակայն միության անդամ պետությունների կողմից պետությունների օժանդակության ակտիվ միջոցառումների իրականացման արդյունքում տնտեսական անկման խորությունը բավականին նվազել է, իսկ միավորման գործիքակազմի շնորհիվ հաջողվել է մեղմել տնտեսական բացասական հետևանքները: Նա շեշտեց, որ ԵԱՏՄ-ի շուկան արտահանման առումով ՀՀ-ի համար մեծ առավելություններ ու նշանակություն ունի:
12:13 - 23 փետրվարի, 2021
Արգենտինայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարին

Արգենտինայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարին

Փետրվարի 22-ին Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վեռգառան իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին։  ԱԳՆ հանրային դիվանագիության վարչության տեղեկացմամբ՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորեց դեսպան Վեռգառային պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր ուրույն ներդրումը կունենա հայ-արգենտինյան բարեկամական հարաբերությունների և միջպետական կապերի առավել զարգացման և ամրապնդման գործում: Զրուցակիցները վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու քաղաքական երկխոսության ակտիվացման, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխշահավետ համագործակցության զարգացման և առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ: Որպես համագործակցության հիմնական ուղղություններ ընդգծվեցին առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և սպորտի ոլորտները: Նախարար Այվազյանը և դեսպան Վեռգառան բարձր գնահատեցին արգենտինահայ համայնքի դերը Հայաստանի և Արգենտինայի միջև բարեկամության ամրապնդման և երկկողմ օրակարգի առաջմղման գործում։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ:
20:09 - 22 փետրվարի, 2021