ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Կանոնների պահպանումն էականորեն բարելավվել է բոլոր տնտեսավարողների մոտ. Ավինյան |armenpress.am|

Կանոնների պահպանումն էականորեն բարելավվել է բոլոր տնտեսավարողների մոտ. Ավինյան |armenpress.am|

armenpress.am: Տեսչական մարմինների ստուգումների արդյունքները ցույց են տվել, որ  տնտեսավարողներն ամեն ամիս ավելի պարտաճանաչ վարքագիծ են դրսևորում հակահամաճարակային կանոնները պահպանելու գործընթացում։ Այդ մասին կառավարության նիստում նշեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: «Եթե հունիս ամսին խախտումները ստուգումների ընթացքում կազմում էին մոտավորապես տուգանվածների 20 տոկոսը, արդեն օգոստոսի առաջին տասնօրյակի ընթացքում մենք հասել ենք մոտավորապես 3.9 տոկոսի: Ընդհանուր առմամբ՝ այստեղ խնդրահարույցն այն է, որ մենք, որպես այդպիսին, ստուգումների հստակ մեթոդաբանություն չենք ունեցել, և որոշ տեղերում միգուցե մի քանի անգամ տեսչական մարմինները ստուգումներ իրականացրել են, բայց դա չի կարելի ասել, որ շատ հստակ կանոնակարգված է եղել»,- ասաց Ավինյանը՝ հույս հայտնելով, որ արդեն հետագա օրենսդրական փոփոխություններից հետո այդ հարցերը դուրս կգան:  Փոխվարչապետն ընդգծեց, որ ընդհանուր առմամբ կանոնների պահպանումն էականորեն բարելավել է բոլոր տնտեսավարողների մոտ:
13:53 - 13 օգոստոսի, 2020
Չնչին կոպեկներով այս դահլիճում ամբողջ Հայաստանի գույքը ոչ միայն սեփականաշնորհվել է, այլև դրանից հետո գույքահարկ չի վճարվել․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

Չնչին կոպեկներով այս դահլիճում ամբողջ Հայաստանի գույքը ոչ միայն սեփականաշնորհվել է, այլև դրանից հետո գույքահարկ չի վճարվել․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ ՀԴՄ չխփելը զինվորի հացը գողանալ է և այստեղ նեղանալու կարիք չկա։ Այդ մասին վարչապետը նշեց կառավարության նիստին՝ անդրադառնալով կառավարություն-բիզնես գործընկերությանը։ «Ի՞նչ է նշանակում՝ ՀԴՄ չխփել, այն ժամանակ ասում էին՝ կառավարությունը կոռումպացված է, բոլորը տանում են, մենք էլ ենք տանում։ Հիմա էլ ղալաթ կանի մեկը, որ կասի՝ կառավարությունը կոռումպացված է: Հիմա էլ ես եմ ասում, որ այդ կոռուպցիոն երևույթն այդտեղ մնացել է։ Կրկին եմ ասում, ՀԴՄ չխփելը զինվորի հացը գողանալ է, և այստեղ նեղանալու կարիք չկա։ Հիշում եմ այն քննարկումները, երբ  հասկանալի պատճառներով տարբեր ոլորտներ գալիս էին ու բյուջեից ակնկալում էին այս կամ այն  աջակցությունները։ Հիշում եմ նաև 2 տարի առաջվա քննարկումը, երբ մենք այդ նույն մարդկանց ներկայությամբ ասում էինք, որ բյուջեն բոլորիս գրպանն է, պետք չէ ամեն ինչ անել, որ բյուջե  մի կոպեկ պակաս վճարել և այս հանդիպումների ընթացքում հիշեցնում էի մեր գործընկերներին  երկու տարի առաջվա քննարկումը, հիմա եկել ասում եք՝ բյուջեից այս տվեք, այն տվեք, բայց որ խոսքը գնում է այն մասին, թե ինչքանով են պարտաճանաչ բյուջե վճարում, այդ ժամանակ դրա մասին խոսք չի գնում: Դրա համար էլ գործարար միջավայրն իմ հանդիպումներից դուրս է գալիս, ու ասում, որ մի քիչ դժգոհ են։ Լավ է, որ դժգոհ եք, որովհետև պետք է մեր վարքագծի մասին մտածենք, չէ՞»,–  ասաց վարչապետը:   Նիկոլ Փաշինյանը նշեց, թե երբ խոսում են հարկային կարգապահության բարձրացման մասին, բոլորն ասում են, որ դա չեն կարող անել։ «Ոչ մեկ չի ասում, որ մեր պետական և անձնական ամբիցիաները բավարարելու համար բոլորս պետք է ավելի շատ աշխատենք։ Այսօր խոսում են գույքահարկի բարձրացման մասին և փորձում են դրա հետ կապված խնդիր առաջացնել։ Ոչ մեկ չի ասում՝ եկեք տեսնենք, թե Երևանի կենտրոնում գույքահարկը քանի՞ կոպեկ է: Ոչ ոք չի արձանագրում, որ Հայաստանում անշարժ գույքի հարկ ընդհանրապես գոյություն չի ունեցել, որովհետև փախեփախի տրամաբանության մեջ է եղել, որովհետև անշարժ գույքի կադաստրային արժեքը դրված է եղել սեփականաշնորհումների հիմքում և չնչին կոպեկներով այս դահլիճում ամբողջ Հայաստանի գույքը ոչ միայն սեփականաշնորհվել է, այլև դրանից հետո գույքահարկ չի վճարվել»,- նկատեց վարչապետը: 
12:58 - 13 օգոստոսի, 2020
Մանկատան 163 շրջանավարտների հատկացված բնակարանները սեփականության իրավունքով կնվիրաբերվի նրանց |armenpress.am|

Մանկատան 163 շրջանավարտների հատկացված բնակարանները սեփականության իրավունքով կնվիրաբերվի նրանց |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը 2003-2015 թթ. ընթացքում ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանները նվիրաբերում է դրանք զբաղեցրած  մանկատան 163 շրջանավարտներին: Այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ բնակարանները տրամադրվել էին անհատույց օգտագործման իրավունքով` 10 տարի ժամկետով: «Պայմանագրով նախատեսվում էր, որ հետագայում բնակարանը կարող էր մասնավորեցվել կամ տրվել վարձակալության, չնայած դրան՝ մանկատան շրջանավարտների դիմումներին ընթացք չէր տրվել և շրջանավարտներից երեքի զբաղեցրած բնակարանների շենքերի նախնական վիճակը դեռևս 2003-2004 թթ., այսինքն՝ մինչ պայմանագիր կնքելը, գնահատվել է 3-րդ աստիճանի վնասվածության, ուստի նախագծով առաջակվում է այս շահառուներին տրամադրել բնակարանի գնման վկայագիր՝ պայմանով, որ կհանձնեն նախկինում իրենց հատկացված տարածքը»,- ասաց Բաթոյանը՝ ավելացնելով, որ հերթական ցուցակում ներառված, սակայն բնակարան չստացած մնացած շահառուների համար 2019 թվականին մեկնարկել է բնակարանների գնման վկայականներ գնելու գործընթացը, արդյունքում շրջանավարտներին հնարավորություն է տրվում ձեռք բերել բնակարան սեփականության իրավունքով:  «Նույն կարգավիճակով անձինք հայտնվեցին անհավասար պայմաններում, նախագծի ընդունմամբ կվերացվի այս անհավասարությունը և կամբողջացնի 1991-2019 թթ. մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրների լուծումը»,- ասաց նա:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ճի՞շտ է հասկանում, որ մինչև 2019 թվականը ներառյալ, մանկատների բոլոր շրջանավարտներին, ովքեր չունեն բնակարան, տրամադրվելու է բնակարան: Զարուհի Բաթոյանը դրական պատասխան տվեց՝ ավելացնելով, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք շրջանավարտ են եղել 1991- 2019 թվականը, չունեն սեփականություն, կունենան բնակարան:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ շեշտը պետք է դրվի մանկատան սաների պատշաճ կրթություն ունենալու իրավունքի վրա: «Երկու օր առաջ քննարկել ենք այդ հարցը, թե կոնկրետ ինչ միջոցներ պետք է ձեռնարկենք: Մեր խնդիրը չպետք է լինի մեր մանկատան սաներին բնակարան տալը, մեր խնդիրը պետք է լինի այն, որ մանկատան սաներին շրջանավարտ դառնալու պահին և հետագայում էլ կրթական այնպիսի հմտություններով կարողանանք օժտել, որ նրանք մեկ-երկու տարի, հնարավոր է, վարձակալության փոխհատուցում ստանան, ապա իրենք իրենց աշխատանքով բնակարան ձեռք բերեն: Իրականում բնակարանով մենք հարց չենք լուծում, եթե հետագայում գնանք այս դեպքերի հետևից, կտեսնենք, որ բնակարան տվել ենք, դա լավ է հնչում, «յուղոտ» վերնագիր է, իսկ իրականում դա հարց չի լուծում»,- ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այստեղ պետք է գտնել ճիշտ լուծում: «Ճիշտ լուծումը մարդու անհատական հատկանիշները զարգացնելու, տաղանդը, աշխատունակությունը, աշխատանքի շուկայում նրանց մրցունակությունը բարձրացնելու մեջ է, մնացած բոլոր ճանապարհները գուցե լավ են հնչում, ականջահաճո են, իրականում դրանք արդյունավետ ճանապարհներ չեն: Դրանք ավելի արդյունավետ են քաղաքական գործիչների համար քաղաքական դիվիդենտներ շահելու իմաստով, իսկ շահառուների համար այդքան էլ արդյունավետ չեն»,-  ընդգծեց գործադիրի ղեկավարը: 
12:09 - 13 օգոստոսի, 2020
Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառումը

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառումը

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառումը: Այս ծրագրով տնտեսվարողներին օգնություն կտրամադրվի գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման հարցում։ Շահառու կարող են հանդիսանալ այն տնտեսվարողները, որոնք ունեն բարվոք վարկային պատմություն, դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունեն չկատարված հարկային պարտավորություններ։ 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգչի 220820 ծածկագրին դասվող ապրանքների (կոնյակի սպիրտ և շշալցված կոնյակ)  100 հազար (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցող չափով իրացում, այդ թվում՝ արտահանում ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լրացուցիչ 100 դրամ և/կամ 25 դրամ պետական տուրքի վերադարձման դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունեն չկատարված հարկային պարտավորություններ։ Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով` մինչև 14 տոկոս տոկոսադրույքով, իսկ արտարժույթով` մինչև 9 տոկոս տոկոսադրույքով, որոնք ամբողջությամբ սուբսիդավորվում են։
12:06 - 13 օգոստոսի, 2020
Գործադիրը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը. կօգտվի տուրիզմի ոլորտը

Գործադիրը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը. կօգտվի տուրիզմի ոլորտը

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառում: Ծրագրի շահառու կարող են դառնալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն իրավաբանական անձինք կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերը, որոնք  ստեղծվել են մինչև 2020 թվականի մարտի 31-ը, միջոցառման շրջանակում տրամադրվող աջակցության ամսվա ընթացքում ունեցել են առնվազն 3 աշխատող, 2020 թվականի առաջին եռամսյակի կամ այդ եռամսյակում ընդգրկված որևէ ամսվա համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի և (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկով տնտեսավարողի գործունեության առնվազն 50 տոկոսը վերաբերել է հետևյալ ոլորտներին՝ Կացության կազմակերպում, Հանրային սննդի կազմակերպում, Զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների գործունեություն, տեղերի ամրագրում և զբոսաշրջային ոլորտի այլ ծառայություններ, Առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ։
11:56 - 13 օգոստոսի, 2020
Եկել է տնտեսական բլոկում մեր անելիքներով ավելի ինտենսիվ զբաղվելու ժամանակը. վարչապետի մոտ կայացել է հերթական խորհրդակցությունը

Եկել է տնտեսական բլոկում մեր անելիքներով ավելի ինտենսիվ զբաղվելու ժամանակը. վարչապետի մոտ կայացել է հերթական խորհրդակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տնտեսության տարբեր ճյուղերում հակաճգնաժամային նոր միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր: «Այսօր հավաքվել ենք քննարկելու ճգնաժամային իրավիճակում մեր տնտեսությանն աջակցելու հետագա քայլերը: Մինչև հիմա ընդունել ենք հակաճգնաժամային 22 միջոցառում, որոնց մի մասն ավարտվել է, մի մասն ընթացքի մեջ է: Մենք այս օրերին առանձին ոլորտների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում կկայացնենք որոշումներ, բայց նաև ռազմավարություն ունենալու խնդիր ունենք, թե ինչպես ենք պատրաստվում հաղթահարել տնտեսական ճգնաժամը: Հույս ունենք, որ առողջապահական հատվածում արդեն հաղթահարման փուլում ենք, և եկել է ժամանակը, որ ավելի ինտենսիվ զբաղվենք տնտեսական բլոկում մեր անելիքներով»,- նշել է վարչապետ Փաշինյանը: Այնուհետև քննարկվել են ճգնաժամից տուժած զբոսաշրջության ոլորտում աշխատատեղերի պահպանմանը, խաղողի մթերման գործընթացն իրականացնելու և նոր կարողությունների ձևավորման նպատակով կազմակերպություններին արտոնյալ վարկային միջոցների տրամադրմանը, արտահանման և ներմուծման ընթացակարգերի, կառուցապատման չափորոշիչների պարզեցմանը, ինչպես նաև կապիտալ ներդրումների խթանմանը վերաբերող նախագծեր: Ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ: Խորհրդակցության մասնակիցները համոզմունք են հայտնել, որ ինչպես կառավարության հակաճգնաժամային նախորդ միջոցառումները, այնպես էլ նորերը կնպաստեն տնտեսության վերականագնմանն ու զարգացմանը: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ վարչապետը հանձնարարել է վերը նշված ուղղություններով միջոցառումների նախագծերը բերել վերջնական տեսքի և դրանք ներկայացնել կառավարության քննարկմանն ու հաստատմանը: 
19:30 - 12 օգոստոսի, 2020
Սննդի շղթայի կազմակերպություններում օգոստոսի 12-ին գրանցվել է խախտումների նվազագույն քանակ.ՍԱՏՄ

Սննդի շղթայի կազմակերպություններում օգոստոսի 12-ին գրանցվել է խախտումների նվազագույն քանակ.ՍԱՏՄ

Կորոնավիրուսի դեմ պայքարով պայմանավորված ՍԱՏՄ աշխատակիցների ուժեղացված ծառայությունը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում շարունակվում է:  Երևանի հանրային սննդի այն կազմակերպություներում և իրացման ցանցում, որտեղ մշտադիտարկում և կրկնայց են անցկացրել ՍԱՏՄ տեսուչները, որևէ խախտում չի արձանագրվել: Ընդհանուր դիտարկումները փաստում են, որ մայրաքաղաքում տնտեսավարողները ՀՀ պարետի սահմանած կանոնների պահպանմանը այժմ մոտենում են մեծ պատասխանատվությամբ: Մարզերում ևս բարվոք վիճակ է արձանագրվել. հանրային սննդի օբյեկտներից մի քանիսում են թերացումներ հայտնաբերվել՝ աշխատողների կողմից դիմակ չկրելու կամ ոչ պատշաճ կրելու տեսքով, և միայն մեկ իրացման կազմակերպությունում արձանագրվել է ջերմաչափման գրանցամատյանի վարման շեղում: Տնտեսավարողների սթափ վերաբերմունքի մասին է վկայում նաև այն ընկերությունների նվազագույն քանակը, որոնց գործունեությունն այսօր 24 ժամով կասեցվել է. դրանք ընդամենը 4-ն են: Բարձր գնահատելով սննդի իրացման ոլորտում տնտեսավարող ընկերությունների պատասխանատու գործելաոճը, ՍԱՏՄ-ն հորդորում է շարունակել պահպանել պարետի որոշմամբ սահմանված անվտանգության նորմերը՝ հիշեցնելով, որ դրանց շրջանցումը հանգեցնելու է անխուսափելի կասեցումների: Ստուգայցերն ու կրկնայցերը շարունակվելու են:
18:23 - 12 օգոստոսի, 2020
Աշխատանքը կորցրած քաղաքացիներն ստացել են 68 000 դրամ աջակցություն, որը ամսական մոտ 13 000 դրամ է կազմում. մեկ ամսվա ընթացքում գոյություն պահպանելու համար դա բավարար չէ. պատգամավորը՝ Ավինյանին |tert.am|

Աշխատանքը կորցրած քաղաքացիներն ստացել են 68 000 դրամ աջակցություն, որը ամսական մոտ 13 000 դրամ է կազմում. մեկ ամսվա ընթացքում գոյություն պահպանելու համար դա բավարար չէ. պատգամավորը՝ Ավինյանին |tert.am|

tert.am: ԱԺ հատուկ նիստին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը, դիմելով ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին, անդրադարձավ Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերին՝ ընդգծելով, թե դրանք միանվագ են եղել: «Կառավարության կողմից սոցիալական աջակցության ծրագրերը, մասնավորապես՝ 20-րդ և 22-րդ ծրագրերը նախատեսում են միանվագ դրամական օգնության տրամադրում այն քաղաքացիներին, որոնք կա´մ զրկվել են աշխատանքից, կա´մ տուժած ոլորտի աշխատակիցներ են: Եթե քաղաքացին աշխատանքը կորցրել է մարտին՝ 5 ամիս առաջ, այդ ընթացքում ստացել է 68 000 աջակցություն, որը ամսական մոտ 13 000 դրամ է կազմում: Մեկ ամսվա ընթացքում գոյություն պահպանելու համար այդ գումարը բավարար չէ»,- ասաց պատգամավորը:Կարեն Սիմոնյանն այնուհետև հետաքրքրվեց՝ արդյո՞ք Կառավարությունը նախատեսում է ևս մեկ անգամ տրամադրել դրամական օգնություն այն քաղաքացիներին, որոնք արդեն իսկ ստացել են աջակցություն: Տիգրան Ավինյանն արձագանքեց, որ սոցիալական աջակցության ծրագրերով մինչ օգոստոսի 11-ը տրամադրվել է 26.2 միլիարդ դրամի աջակցություն՝ տարբեր շահառուների: «Որոշակի ծրագրեր կրկնակի են վերագործարկվել՝ ևս մեկ անգամ աջակցություն է տրամադրվել»,-հավելեց պարետը:
17:52 - 12 օգոստոսի, 2020
Կառավարության ֆինանսավորմամբ Արմավիրում 77 ծրագիր կիրականացվի` 3 մլրդ 421 մլն դրամ ընդհանուր բյուջեով

Կառավարության ֆինանսավորմամբ Արմավիրում 77 ծրագիր կիրականացվի` 3 մլրդ 421 մլն դրամ ընդհանուր բյուջեով

ՀՀ կառավարությունն ավարտել է Արմավիրի մարզից ներկայացված սուբվենցիոն ծրագրերի հաստատման գործընթացը. 77 ծրագիր հավանության է արժանացել, այս մասին տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը: Արդյունքում Կառավարության համաֆինանսավորմամբ 2020 թվականին Արմավիրի մարզի 61 համայնքի, այդ թվում` 3 քաղաքային, սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 77 ծրագիր կիրականացվի` 3 մլրդ 421 մլն 091.82 հազ. դրամ ընդհանուր բյուջեով: Նշված գումարից շուրջ 1 մլրդ 713 մլն 257.33 հազ. դրամը համայնքների, 1 մլրդ 664 մլն 835.43.5 հազ. դրամը` պետության և 42 մլն 999.05 հազ. դրամը` մասնավոր հատվածի համաֆինանսավորման չափաբաժինն է: Հաստատված ծրագրերի շրջանակում համայնքներում իրականացվելու են հետևյալ աշխատանքները. 21 ծրագրով կիրականացվի բնակավայրերի փողոցների հիմնանորոգում` 1 մլրդ 554 մլն 131,41 հազ. դրամ ընդհանուր ծրագրային արժեքով, 5 ծրագրով` խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի կառուցում` 258 մլն 403,96 հազ. դրամ ընդհանուր ծրագրային արժեքով, 3 ծրագրով` ոռոգման համակարգի կառուցում` 71 մլն 180,43 հազ. դրամ ծրագրային արժեքով, 1 ծրագրով` փողոցային լուսավորության ցանցի կառուցում` 26 մլն 942.80 հազ. դրամ ծրագրային արժեքով, 5 ծրագրով` վերականգնող էներգետիկա. արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում` 82 մլն 035,32 հազ. դրամ ծրագրային արժեքով, 11 ծրագրով` բնակավայրի գազաֆիկացում` 225 մլն 489,94 հազ. դրամ ծրագրային արժեքով, 9 ծրագրով` մանկապարտեզի կառուցում` 809 մլն 966,17 հազ. դրամ ծրագրային արժեքով, 10 ծրագրով` հասարակական շենքերի վերանորոգում/ կառուցում` 178 մլն 662,72 հազ. դրամ ծրագրային արժեքով, 3 ծրագրով` բազմաբնակարան շենքերի ընհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում` 53 մլն 900,30 հազ. դրամ ծրագրային արժեքով, 4 ծրագրով` այգիների, պուրակների կառուցում/բարեկարգում` 67 մլն 731,33 հազ. դրամ ծրագրային արժեքով, 5 ծրագրով` մեքենասարքավորումների, տեխնիկայի և գույքի ձեռքբերում` 62 մլն 605,00 հազ. դրամ ծրագրային արժեքով:
11:47 - 11 օգոստոսի, 2020