Հայաստան

«Ադրբեջանի տարածք» ցանկացած առաքելություն ուղարկելու Հայաստանի կոչերը մենք դիտարկում ենք որպես հերթական սադրանք․ Ադրբեջանի ԱԳՆ |azatutyun.am|

«Ադրբեջանի տարածք» ցանկացած առաքելություն ուղարկելու Հայաստանի կոչերը մենք դիտարկում ենք որպես հերթական սադրանք․ Ադրբեջանի ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Հայաստանի դիվանագիտական գերատեսչության նախօրեին տարածված հայտարարությունը։ «Լաչինի ճանապարհին ընթացող բողոքի ակցիաների մասին Հայաստանի ԱԳՆ հերթական հայտարարությունը բացարձակապես անհիմն է և նպատակ ունի միջազգային գործընկերների մոտ տարակուսանք առաջացնել ու արհեստականորեն սրել իրավիճակը», - հայտարարում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը։ «Զարմանալի չէ, որ Հայաստանի ԱԳՆ-ն ամբողջությամբ խեղաթյուրել է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բողոքները, որոնք ուղղված են հայկական 30-ամյա օկուպացիայի ընթացքում մեր բնական պաշարների թալանի դեմ։ Կարծես թե հայկական կողմը մտադիր է շարունակել անօրինական տնտեսական և այլ տեսակի գործունեությունն Ադրբեջանի տարածքում։ Ադրբեջանի տարածք ցանկացած առաքելություն ուղարկելու Հայաստանի կոչերը մենք դիտարկում ենք որպես հերթական սադրանք՝ ուղղված մեր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման վերաբերյալ՝ անհրաժեշտ համարելով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիության ապահովումը:
15:20 - 04 հունվարի, 2023
Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանին սպառնում են պատերազմով, բռնազավթմամբ և ցեղասպանությամբ. Լեմկինի ինստիտուտ
 |armenpress.am|

Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանին սպառնում են պատերազմով, բռնազավթմամբ և ցեղասպանությամբ. Լեմկինի ինստիտուտ |armenpress.am|

armenpress.am: Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտն ամփոփել է 2022 թվականը և տարեվերջյան իր զեկույցում ներկայացրել տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք այս կամ այն կերպ կապված են ցեղասպանության հետ: Զեկույցում տեղ են գտել նաև Հայաստանը և Արցախը: Լեմկինի ինստիտուտը նշում է, որ 2022 թ.-ին Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը սպառնալիքի տակ է դրվել հարևան Ադրբեջանի և նրա դաշնակից Թուրքիայի կողմից: Զեկույցում ներկայացվում են 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից հրադադարի մշտական խախտումները, ինչպես նաև սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած ագրեսիան Հայաստանի դեմ, հայ ռազմագերիների հանդեպ վայրագությունները: «Չնայած արտաքին աշխարհն արագ արձագանքեց՝ վերջ դնելու Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային, սակայն Հայաստանի ինքնիշխան տարածքի 140 քառակուսի կիլոմետրը, ինչպես նաև Արցախի կարևոր հատվածները, այդ թվում՝ Շուշի քաղաքը, դեռ օկուպացված են Ադրբեջանի կողմից», - նշվում է զեկույցում: Ինստիտուտը նաև հայտնում է, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ առաջացնելով մարդասիրական ճգնաժամ, որը կարող է արագ վերածվել աղետի: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգը երկրում բացահայտ կերպով վարում է դաժան հակահայկական քաղաքականություն՝ տոնելով պատերազմական հանցագործությունները և միևնույն ժամանակ արտաքին աշխարհին ներկայանալով որպես հանդուրժողականության բաստիոն», - գրում են Լեմկինի ինստիտուտի փորձագետները՝ հավելելով, որ Թուրքիան և Ադրբեջանը, ցանկանալով Հայաստանից ստանալ «Զանգեզուրի միջանցք», Հայաստանին սպառնում են պատերազմով, բռնազավթմամբ և ցեղասպանությամբ: Ինստիտուտն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ հզոր երկրները, ինչպես նաև Եվրոպական Միությունը, ՆԱՏՕ-ն և այլ կառույցներ շարունակում են բացահայտ կերպով աջակցել Թուրքիայի և Ադրբեջանի վարչակարգերին: «Ադրբեջանը Freedom House-ի կողմից ճանաչվել է որպես աշխարհի ամենաքիչ ազատ երկրներից մեկը: Վերջին տարիների ընթացքում այնտեղ ավելացել են լրագրողների, մարդու իրավունքների պաշտպանների, էթնիկ փոքրամասնությունների և քաղաքացիական հասարակության նկատմամբ հալածանքները՝ այլախոհությունը վերացնելու համար օգտագործելով ներքին, ինչպես նաև անդրազգային բռնաճնշումներ», - եզրափակում են փորձագետները:
11:42 - 04 հունվարի, 2023
ԱՄՆ-ը կշարունակի համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ վերջնական կարգավորման հասնելու համար. Նեդ Փրայս
 |armenpress.am|

ԱՄՆ-ը կշարունակի համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ վերջնական կարգավորման հասնելու համար. Նեդ Փրայս |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ն իր գործընկերների հետ շարունակում է ներգրավված մնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրների լուծմանն ուղղված ջանքերում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: «Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը: Մենք շարունակում ենք ներգրավված մնալ երկկողմանիորեն, համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, նաև միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ն՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր առկա հիմնախնդիրներին լուծումներ գտնելու համար», - ասել է Փրայսը: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հիշեցրել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենի կողմից Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների միջև Վաշինգտոնում և Նյու Յորքում կազմակերպված հանդիպումների մասին: «Մենք կշարունակենք անել այն, ինչը, մեր գնահատմամբ, լավագույն հեռանկարներն ունի՝ առաջ տանելու անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկասի տարածաշրջանի տեսլականը: Մենք, իհարկե, ցանկանում ենք տեսնել, որ կողմերն իրենք են առաջընթաց գրանցում: Թե ինչպիսին է լինելու այս հակամարտության համապարփակ լուծումը, մեր որոշելու հարցը չէ: Դա ծանր աշխատանք է, որ կողմերն իրենք պետք է անեն», - ասել է պետքարտուղարության խոսնակը։ Նեդ Փրայսը դարձյալ շեշտել է, որ կշարունակի համագործակցել կողմերի հետ վերջնական լուծման հասնելու համար: «Մենք ամենօրյա ռեժիմով ներգրավված ենք և կշարունակենք սերտորեն համագործակցել կողմերի հետ՝ երկկողմ, եռակողմ, ԵԱՀԿ-ի միջոցով, ինչպես նաև այլ գործընկերների միջոցով, որպեսզի օգնենք հասնել այդ վերջնական վիճակին», - նշել է Փրայսը:
10:31 - 04 հունվարի, 2023
Կարծում եմ՝ բոլոր պայմանները ստեղծված են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Ալիև

Կարծում եմ՝ բոլոր պայմանները ստեղծված են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա և Նոր տարվա կապակցությամբ» հղած ուղերձում հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար ստեղծված են բոլոր պայմանները։ Ուղերձը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։ «Երկու տարի առաջ մարտի դաշտում տարած մեր պատմական հաղթանակը էլ ավելի ամրապնդեցինք քաղաքական ասպարեզում։ Այս տարվա հոկտեմբերին Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումներում Հայաստանը պաշտոնապես ճանաչեց մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Կարծում եմ, որ դրանից հետո բոլոր պայմանները ստեղծվեցին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար, և Ադրբեջանի կողմից առաջարկված հայտնի հինգ սկզբունքների հիման վրա կարելի է խաղաղության պայմանագիր կնքել», - ասել է երկրի նախագահը։  
12:51 - 01 հունվարի, 2023
Պաշտպանի հաստատությունը շարունակում է պահանջել միջազգային հումանիտար ու մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին գործել՝ չբավարարվելով հայտարարություններով․ ՄԻՊ-ի ամանորյա ուղերձը

Պաշտպանի հաստատությունը շարունակում է պահանջել միջազգային հումանիտար ու մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին գործել՝ չբավարարվելով հայտարարություններով․ ՄԻՊ-ի ամանորյա ուղերձը

ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը ամանորյա ուղերձ է հղել, որում ասված է․ «Սիրելի հայրենակիցներ,   Անցնող 2022 թվականը լի էր ներքին ու արտաքին մարտահրավերներով, որոնցից շատերի հաղթահարման ուղղությամբ դեռ պետք է միասին աշխատենք։   2020 թվականի աղետաբեր պատերազմի վերքերը դեռ չբուժած՝ 2022-ի սեպտեմբերին ճաշակեցինք Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի դառնություններն ու մարդկային և այլ կորուստները։ Մեր երկրի սահմանամերձ մի շարք բնակավայրերում ապրող մարդկանց խաղաղ կյանքը կանխամտածված կերպով խոցվեց, իրենց համայնքում ապրող անմեղ մարդկանց պատճառելով նյութական ու հոգեբանական վնասներ։ Որպես հաստատություն, մենք աշխատեցինք հավաքագրել խախտումների վերաբերյալ բոլոր փաստերն ու դրանք հետևողական կերպով ներկայացնել միջազգային կազմակերպություններին ու դերակատարններին։   Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ու անձամբ իմ անունից գլուխ եմ խոնարհում իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած մեր հերոս տղամարդկանց ու կանանց անմար հիշատակին:   Անցնող տարում Պաշտպանի հաստատությունն իր մանդատի շրջանակներում ջանքեր գործադրեց գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին տուն վերադարձնելու ուղղությամբ։ Մենք շարունակեցինք աշխատել անհետ կորած ու բռնի անհետացած մեր եղբայրների վերաբերյալ տեղեկություններ ստանալու, նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Ցավոք, մեզ դեռ չի հաջողվել ամբողջությամբ լուծել այս հարցերը, ուստի, գալիք տարում մենք կբազմապատկենք մեր ջանքերը ամենօրյա, ամենժամյա աշխատանքով իրականացնելու հաստատության նաև այս առաքելությունը։   Պաշտպանի հաստատությունն աշխատանքներ իրականացրեց ադրբեջանական ագրեսիայից տուժած ընտանիքների համար պետության ու հասարակական դերակատարների կողմից սոցիալ-հոգեբանական աջակցության անհրաժեշտը հասանելի դարձնելու ուղղությամբ։ Մենք աշխատեցինք հայրենադարձված մեր ռազմագերիների հետ՝ միջազգային հանրությանը ներկայացնելու հայ զինվորների նկատմամբ կատարված խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի փաստերը՝ որպես պետական մակարդակով իրականացվող ադրբեջանական հայատյացության քաղաքականության դրսևորում։   Տարին հարուստ էր նաև երկրի ներսում մարդու իրավունքների պաշտպանության համար առաջացած մարտահրավերներով։ Պաշտպանի հաստատությունում աշխատեցինք անձանց խաղաղ հավաքների, կարծիքի ազատ արտահայտման իրավունքների ապահովման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների երաշխավորման ու խախտումների վերացման, անազատության մեջ գտնվող, փակ ու կիսափակ հաստատություններում պահվող անձանց, խոցելի այլ խմբերի իրավունքների երաշխավորման ու պաշտպանության ուղղությամբ։ Բևեռացված ու ծայրահեղ խոսքը շարունակեց մնալ մեր ուսումնասիրությունների ու մտահոգությունների նշանակետում։ Ցավոք, այս ուղղությամբ առաջընթաց չունենք։   Բայց մենք նաև ներգրավեցինք ու ոգեշնչեցինք երիտասարդների ու երեխաների՝ ստեղծելով   Պաշտպանին առընթեր երեխաների ու երիտասարդների խորհուրդը։ Քաջալերեցինք կանանց քաղաքական ու տնտեսական ակտիվացման նախաձեռնություններն ու ձևավորեցինք Պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով խորհուրդը, որը հատկապես մարզային կանանց կազմակերպությունների խնդիրները բարձրացնելու և լուծումներ գտնելու ձևաչափ է։   Մարտահրավերները շատ են. այսօր էլ արդեն 20-րդ օրն է, որ արգելափակված է Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը՝ հումանիտար ճգնաժամի առաջ կանգնեցնելով 120 հազար խաղաղ մարդկանց, այդ թվում՝ 30 հազար երեխաների, 20 հազար տարեցների ու շուրջ 9 հազար հաշմանդամություն ունեցող անձանց։ Խախտված են անձանց ազատ տեղաշարժի, նվազագույն կենսամակարդակի ապահովման, բժշկական խնամք ստանալու, կրթության և այլ իրավունքներ։ Ծնողներն ու երեխաները մնացել են արգելափակված ճանապարհի երկու կողմերում։ Պաշտպանի հաստատությունը շարունակում է միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին ներկայացնել ճգնաժամի փաստերն ու ադրբեջանական հայատյացության քաղաքականության այլ ապացույցները, ինչպես նաև պահանջել միջազգային հումանիտար ու մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին գործել՝ չբավարարվելով հայտարարություններով։   Այս տարի Պաշտպանի հաստատությունն էլ ավելի ամրացավ՝ անցնելով դժվարություններով ու հաղթահարելով ճգնաժամային իրավիճակները՝ համբերության, համագործակցության, մասնագիտական շարունակական զարգացման ու նվիրումի միջոցով։   Ի հեճուկս դժվարություններին ու մարտահրավերներին՝ մեր սրտերում տեղ կա նաև լավատեսության ու հույսի համար, մենք ուժ և կամք ունենք շարունակելու մեր աշխատանքը նշված բոլոր մարտահրավերների հաղթահարման, մարդու իրավունքների երաշխավորման ու պաշտպանության համար բարենպաստ միջավայրի ստեղծման ու մեր բոլորի անվտանգ ապագան կերտելու համար։   Բոլորիս մաղթում եմ համբերություն, շրջահայացություն, ուժ և կորով։ Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ», - նշված է հայտարարության մեջ։
12:28 - 31 դեկտեմբերի, 2022
Ներկայացրեք փաստեր․ Զախարովան հերքում է Միութենական պետությանը միանալու համար ՀՀ-ին ճնշումների ենթարկելու լուրերը

Ներկայացրեք փաստեր․ Զախարովան հերքում է Միութենական պետությանը միանալու համար ՀՀ-ին ճնշումների ենթարկելու լուրերը

Այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանեց լրագրողի այն հարցին, թե ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պնդում է, որ Հայաստանը Միութենական պետությանը միանալու համար ենթարկվում է ճնշումների, ինչպես նաև, թե ՌԴ օրակարգում կա Ադրբեջանին ՀՀ-ով միջանցք տալու հարց։  Մարիա Զախարովան արձագանքեց. «Իսկ կարելի է հարց ուղղել՝ իսկ ո՞ւմ են հղում անում այն մարդիկ, որոնք այդ մասին խոսում են, այն մասին, որ իրենց ստիպում են: Ի՞նչ փաստերի են նրանք հղում անում: Կա՞ն ինչ-որ փաստեր: Ինչպե՞ս է տեղի ունեցել պարտադրանքը՝ բարեկամական մթնոլորտում, կարմիր գինու բաժակի շուրջ կամ կոպիտ է տեղի ունեցել այդ պարտադրանքը: Ինչպե՞ս են պարտադրել: Պետք է, չէ՞, դա հասկանալ: Ինչպե՞ս է դա տեղի ունեցել, թե՞ մարդը դուրս է եկել ու ասում է՝ գիտեմ, որ պարտադրել են, նույնիսկ հիշում եմ, բայց չգիտեմ՝ ով, և չեմ հիշում՝ ինչպես: Հասկանո՞ւմ եք՝ պետք է լինեն ինչ-որ փաստեր, եթե մարդիկ անում են նմանաիպ հայտարարություններ, չտրամադրելով փաստեր, և, ի դեպ, կոնկրետ երկիր են նշում: Ներկայացրեք փաստեր: Չէ՞ որ դրանք փաստեր են, որոնց իբրև թե հղում են անում, ուրեմն ցույց տվեք, պատմեք, այդ դեպքում հնարավոր կլինի ինչ-որ բան ավել ասել նրանից, ինչ ասվել է, այդ թվում՝ ՌԴ նախագահի խոսնակի կողմից այն մասին, որ ՌԴ պաշտոնյաններից որևէ մեկը երբեք որևէ նման բանի մասին չի խոսել»: Զախարովան հերքեց նաև լուրերը, թե ՌԴ-ն պարտադրում է  Երևանին իր վերահսկողությունից դուրս միջանցք ՀՀ տարածքով: Զախարովան նշեց՝ դա կեղծիք է, որի մասին բազմիցս խոսվել է: Մարիա Զախարովան հղում կատարեց 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությանը՝ ասելով, որ երթուղիների ինքնիշխանությունը պատկանում է այն կողմին, ում տարածքով այդ երթուղին անցնում է, և սա չի վիճարկվում ո՛չ Երևանի, ո՛չ Բաքվի կողմից:  
16:03 - 29 դեկտեմբերի, 2022
ՌԴ-ն իսկապես մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ առաջացած իրավիճակով. Պեսկով

ՌԴ-ն իսկապես մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ առաջացած իրավիճակով. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին մանրամասն քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ ՌԴ-ն իսկապես մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ առաջացած իրավիճակով։  «Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է և մտադիր է շարունակել իր միջնորդական ջանքերը՝ կատարելով առաջին հերթին այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ հիմունքներով»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Պեսկովն ընդգծել է, որ «ռուսական կողմը կշարունակի իր աշխատանքն ու ջանքերը թե՛ Երեւանի, թե՛ Բաքվի հետ շփումներում»։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին կայացել էր Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել էր․«Տվյալ պահին գլխավոր հարցը, ամենաօպերատիվ հարցն այն ճգնաժամն է, որն առկա է Լաչինի միջանցքում: Գիտեք, արդեն գրեթե 20 օր է Լաչինի միջանցքը փակված է: Դա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է: Ցանկանում եմ հիշեցնել, որ համաձայն ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության` Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորել է ուղևորների, բեռների, մարդկանց անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով»։
14:36 - 29 դեկտեմբերի, 2022
Հայաստանի և Թուրքիայի միջև օդային ավիաբեռնափոխադրումները կարող են սկսվել շատ շուտով․ Սերդար Քըլըչ

Հայաստանի և Թուրքիայի միջև օդային ավիաբեռնափոխադրումները կարող են սկսվել շատ շուտով․ Սերդար Քըլըչ

«1915-ի իրադարձությունների օրակարգում կային կարծիքների սուր տարաձայնություններ, սակայն այլ հարցեր կարելի է արագ լուծել»։ Այս մասին Անկարայի համալսարանի լեզվաբանական և պատմաաշխարհագրական ֆակուլտետի կողմից կազմակերպված «Թուրքիա-Հայաստան հարաբերությունները վերջին զարգացումների լույսի ներքո» համաժողովի ընթացքում հայտարարել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ նշելով, որ որ Հայաստանի և Թուրքիայի միջև օդային  ավիաբեռնափոխադրումները կարող են սկսվել շատ շուտով։ Սերդար Քըլըչը հիշեցրել է հուլիսի 1-ին Վիեննայում կայացած հանդիպման մասին, որի ժամանակ կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։ Իսկ արդեն նոյեմբերի 1-ին հանդիպում է կայացել Թուրքիայի և Հայաստանի միջև տեխնիկական պատվիրակությունների միջև՝ քննարկելու այդ հարցերը։  «Ամերիկայի ձայն»-ի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ Քըլըչը նշել է, որ նոյեմբերի 1-ին տեխնիկական պատվիրակությունների հանդիպումը առավոտյան կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ, իսկ կեսօրից հետո՝ հայկական կողմի նախաձեռնությամբ։ Քըլըչի խոսքով՝ դա խորհրդանշական նշանակություն ունի։  Քըլըչի խոսքով՝ օդային  ավիաբեռնափոխադրումները սկսելու համար կան որոշակի տեխնիկական խնդիրներ, ինչպես օրինակ, Ալիջանի կամուրջի վերանորոգումը (կամուրջի սահմանային դարպասը փակվել է 1993 թվականին՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ,- խմբ․), որը կարող է երկարացնել օդային ավիաբեռնափոխադրումների սկսման գործընթացը։  Ներկայացուցչի խոսքով՝ Թուրքիան որոշակի քայլերի սպասում է նաև Հայաստանի կողմից․  «Կան որոշ քայլեր, որոնք մենք ակնկալում ենք, որ կձեռնարկվեն հաջորդ գործընթացում։ Կան քայլեր, որոնք մենք պետք է անենք, կան քայլերո, որոնք ակնկալում ենք հայերից: Եթե ​​դրանք հնարավոր լինի անել, կանցկացնենք հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումը՝ արդեն Հայաստանում կամ Թուրքիայում»։ Նա հիշեցրել է, որ Թուրքիայում արդեն բարձրաստիճան պաշտոնյանները նույնպես հայտարարել են երրորդ երկրում հանդիպում չանցկացնելու անհրաժեշտությունը։ Քըլըչը, եվս մեկ անգամ ընդգծելով, որ հաջորդ հադիպումները պետք է կայանան Հայաստանում կամ Արբեջանում, նշել է, որ այս գործընթացում կարևոր է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացումները, որոնք կնպաստեն գործընթացի արագ զարգացմանը։  Սերդար Քըլըչի խոսքով՝ եթե Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորվեն և Ադրբեջանի հետ խնդիրները լուծվեն, ապա տնտեսական զարգացումների կարելի է հասնել հատկապես հօգուտ Երևանի։ «Եթե, օրինակ, հարաբերությունները նորմալ լինեին, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը (Հարավկովկասյան գազատար) կարող էր անցնել Հայաստանով, երթուղին կարող էր այլ լինել»,- ասել է Քըլըչը՝ նշելով, որ, սակայն, «այս բոլոր հնարավորությունները կորցվել են Ղարաբաղի հարցում Հայաստանի անզիջում դիրքորոշման պատճառով»։  «Եթե ​​ադրբեջանական կողմի հետ կնքվի խաղաղության համաձայնագիր, և հաջողությամբ ավարտվի Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը, բնականաբար, Հայաստանը կարող է ներգրավվել առաջիկայում իրականացվելիք նախագծերում։ Հայաստանը «Սևծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության անդամ է, մշտական ​​ներկայացուցչություն ունի Ստամբուլում։ Եթե ​​առաջիկա ժամանակահատվածում հնարավոր լինի դրական տեղաշարժեր արձանագրել, էներգետիկ ոլորտում բնական գազի և նավթատարների անցման հնարավորություն կստեղծվի՞, իհարկե, սա չգիտեմ․ սրանք տեխնիկական խնդիրներ են»,- ասել է Քըլըչը։   
13:40 - 29 դեկտեմբերի, 2022
Հայաստանն ու Ադրբեջանն են սահմանում շփումների դինամիկան և որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը․ Լավրով

Հայաստանն ու Ադրբեջանն են սահմանում շփումների դինամիկան և որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը․ Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում պատասխանել է հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը ակնկալում է, որ առաջիկա ամիսներին Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կստորագրեն, և արդյո՞ք այն կներառի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ «Ավելի տրամաբանական է այս հարցն ուղղել բանակցող կողմերին, այսինքն՝ Բաքվին ու Երեւանին։ Հենց նրանք են սահմանում շփումների դինամիկան և որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը։ Ռուսաստանը, որը ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, ամեն հնարավոր աջակցություն ցուցաբերում է այս գործընթացին՝ այն ձևով և ծավալով, որով հետաքրքրված են մեր ադրբեջանցի և հայ ընկերները»,- ասել է Լավրովը։ 
11:51 - 29 դեկտեմբերի, 2022
Հայաստանի հետ բանակցությունների հարթակը մեզ համար առաջնահերթություն չէ. Բայրամով |tert.am|

Հայաստանի հետ բանակցությունների հարթակը մեզ համար առաջնահերթություն չէ. Բայրամով |tert.am|

tert.am: Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցություններում միտված է արդյունքների հասնելուն, իսկ այն հարթակը, որով ընթանում են այդ բանակցությունները, առաջնահերթություն չէ, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:«Ադրբեջանական կողմի դիրքորոշումը հետևյալն է՝ մեր հիմնական նպատակն այն է, որ բանակցություններն արդյունավետ լինեն: Եվ այս տեսանկյունից բանակցությունների հարթակը, թեև կարևոր է, բայց մեզ համար առաջնահերթություն չէ», - ասել է Բայրամովը:Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը միշտ համաձայնել է բանակցություններ վարել ցանկացած հարթակում։ «Մենք ցույց ենք տվել մեր բաց լինելը գործընթացի նկատմամբ: Բացառություն են կազմում միայն այն հարթակներն ու մարդիկ, որոնք դրսևորել են իրենց կողմնակալությունը և չեզոք և արդար դիրքորոշում ունենալու անկարողությունը: Բնականաբար, նման հարթակներն ու մասնակիցները մեզ համար անընդունելի են», - ընդգծել է Բայրամովը:
11:44 - 28 դեկտեմբերի, 2022
Լաչինի միջանցքի փակման թեմայով ՀՀ և Արցախի ՄԻՊ-երի զեկույցը կներկայացվի միջազգային մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին

Լաչինի միջանցքի փակման թեմայով ՀՀ և Արցախի ՄԻՊ-երի զեկույցը կներկայացվի միջազգային մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին

Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների հաստատությունները հրապարակել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույց՝ նոր թարմացված տվյալներով:   Երեկ՝ ուշ երեկոյան, հրապարակվել է երկու հաստատությունների համատեղ զեկույցն անգլերեն, որտեղ թարմ տեղեկություններ են ներկայացվում Լաչինի միջանցքի՝ արդեն 16 օր տևող շրջափակման հետևանքները։   Զեկույցում ամփոփվել է ադրբեջանական հանրային խոսույթը և վերլուծվել են ադրբեջանցի պաշտոնատար անձանց հայտարարությունները, որի արդյունքներով հետևությունն այն է, որ ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը կառավարության պաշտոնական ու մերձպաշտոնական տեղեկատվական ու հանրային կարծիքի ձևավորման հիմնական միջոցներով և փորձված մեթոդների կիրառմամբ, դեռևս նոյեմբեր ամսից պատրաստել և ուղղորդել է հանրային կարծիքը Լաչինի հումանիտար միջանցքի արգելափակման համար։   Հայատյացության ու հենց Արցախի հայության նկատմամբ էթնիկ ատելության հրահրման ու բորբոքման փորձված մեթոդները շարունակվել են լայնորեն կիրառվել ադրբեջանական իշխանական քարոզչամեքենայի կողմից՝ դրանք փորձելով տեղավորել կեղծ բնապահպանական սենտիմենտների համատեքստում։   Զեկույցում թարմացվել են նաև նոր երևան եկած փաստեր կեղծ բնապահպանական ակցիայի մասնակիցների վերաբերյալ, ներկայացվել է ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում իրավունքների վիճակը։   Հաստատված պրակտիկայի համաձայն՝ զեկույցը կներկայացվի միջազգային մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին, ինչպես նաև հասանելի կդարձվի միջազգային դատական այն ատյաններին, որտեղ, ի թիվս այլնի, նախաձեռնված է Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհի արգելափակումը Ադրբեջանի կողմից դադարեցնելու մասին Հայաստանի պահանջը։
11:01 - 27 դեկտեմբերի, 2022
Հայաստանն այսուհետ ճնշման տակ որևէ բանակցությունների չպիտի մասնակցի. Վիգեն Խաչատրյանը |azatutyun.am|

Հայաստանն այսուհետ ճնշման տակ որևէ բանակցությունների չպիտի մասնակցի. Վիգեն Խաչատրյանը |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանն այսուհետ ճնշման տակ որևէ բանակցությունների չպիտի մասնակցի, կարծում է Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ ճիշտ համարելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ դեկտեմբերի 23-ի մոսկովյան հանդիպմանը չգնալը։ Այն, ինչ տեղ է ունենում Լաչինի միջանցքում, կազմակերպված սադրանք է, հայտարարեց պատգամավորը՝ շեշտելով՝ դրա նպատակն է Հայաստանի և Արցախի նկատմամբ ճնշումներ բանեցնելը։ Խաչատրյանի գնահատմամբ՝ ռուսական այսօրվա քաղաքականությունն ավելի շատ միտված է փոխադարձ անվստահությունը խորացնելուն։ Շատ վտանգավոր խաղ է խաղում Ռուսաստանը, նկատեց պատգամավորը։ «Այն, ինչ կատարվում է Լաչինի տարածքում, եթե Ռուսաստանը չցանկանար, այդպիսի գռեհիկ, բիրտ քաղաքականություն Ադրբեջանը չէր վարի Լաչինի տարածքում։ Այն, ինչ վերաբերում է մեր ռազմագերիներին՝ եթե Ռուսաստանը ցանկանար, նրանք վաղուց Հայաստանում կլինեին։ Այն ինչ, վերաբերում է Ադրբեջանի լկտի պահվածքին Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելուն՝ նորից Ռուսաստանի պարտականությունների կատարման դեպքում տեղի չէր ունենա, մենք պիտի սա ռուսներին բաց ասենք, և կարծում եմ, որ ի տարբերություն ռուսների, մյուսները շահագրգռված են, որ այստեղ խաղաղություն լինի», - ասաց Խաչատրյանը։ Արդյոք Ռուսաստանը շահագրգռված է վերականգնելու նախկին Խորհրդային Միության տարածքը պատգամավորը չի կարող ասել՝ շեշտելով՝ յուրաքանչյուր պետություն իր շահերն է հետապնդում և Հայաստանի ինքնուրույն դառնալու ցանկությունները, նրա խոսքով, պարտադիր չէ, որ համընկնի մյուսների շահերի հետ։ Հիշեցնելով Ռուսաստանի նախագահի հայտարարությունը, թե Ռուսաստանի համար Խորհրդային Միությունը նախկին ցարական Ռուսաստանն էր, Խաչատրյանը այն ցինիկ որակեց։ «Նախկին ցարական Ռուսաստանում ազգային տարածքներ գոյություն չեն ունեցել, եղել են գավառներ՝ համապատասխան բնակավայրի անունով՝ Նախիջևանի, Երևանի, Թբիլիսիի, չգիտեմ, այսինքն՝ Պուտինը բաց ասաց, որ այսօրվա Ռուսաստանի համար Խորհրդային Միությունը դա նախկին ցարական Ռուսաստանն էր, որն ազգերի իրավունքներ չէր ճանաչում, և այստեղից էլ բխում է Ռուսաստանի այս նյարդային պահվածքը, երբ որ Հայաստանը փորձում է հանդես գալ, որպես ազգային պետություն՝ իր ազգի շահերը երաշխավորելու և ապահովելու, մենք պետք է սա խորությամբ ընկալենք՝ որտեղ է շան գլուխը թաղված։ Ակնհայտ է, որ այսօրվա Ռուսաստանը երբեք չի կարող դառնալ Խորհրդային Միություն՝ բոլոր լավ ու վատ կողմերով, Խորհրդային Միության խնդիրը մի այլ բան է, որովհետև ինքը, որպես համակարգ, դատապարտված էր փլուզման, դա ուրիշ խնդիր է», - եզրափակեց պատգամավորը։ Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը չկայացավ։ Այն հետաձգվեց՝ հայկական կողմի խնդրանքով։ Այս պահին արտգործնախարար Միրզոյանի առաջնահերությունը Լաչինի միջանցքի վերագործարկումն ու Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հարցերն են, հայտարարեց Արտգործնախարարության խոսնակը։
15:08 - 26 դեկտեմբերի, 2022
2022 թվականին Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը երկու անգամ աճել է. Բելառուսի դեսպան |armenpress.am|

2022 թվականին Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը երկու անգամ աճել է. Բելառուսի դեսպան |armenpress.am|

armenpress.am: 2022 թվականին Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը երկու անգամ աճել է: Եվրասիական փորձագիտական ​​ակումբի ութերորդ ամենամյա հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը: «Տնտեսական կապերը Բելառուսի և Հայաստանի միջև զարգանում են. 2022 թվականին ապրանքաշրջանառությունը երկու անգամ աճել է, այսինքն՝ հարյուր տոկոսով: Եվ դա այն պատճառով է, որ մենք գտնվում ենք Եվրասիական տնտեսական միության գոտում: Մենք պարբերաբար Հայաստան ենք արտահանում «Մոգիլյովլիֆտմաշ» գործարանի արտադրության վերելակներ և Երևանում զբաղվում ենք նոր վերելակների տեղադրմամբ, հետագայում հնարավոր է Գյումրիում և այլ քաղաքներում ևս աշխատանքներ իրականացնենք: Հիմա նաև խոսվում է համատեղ կոոպերացիայի ստեղծման մասին: Այսինքն՝ հայ ինժեներները վերապատրաստման դասընթացներ կանցնեն «Մոգիլյովլիֆտմաշ» գործարանում, կստանան համապատասխան որակավորում և Հայաստանում ծառայություն կմատուցեն: Ավելին, խոսվում է ոչ միայն ծառայության մատուցման, այլ նաև արտադրության մասին: Կտեսնենք՝ իրադարձությունները ինչպես կզարգանան»,- ասաց Կոնյուկը:
14:35 - 26 դեկտեմբերի, 2022
Ալիևը Մակրոնի հետ զրույցում հայտարարել է, թե «Հայաստանը դեռևս օկուպացված է պահում Ադրբեջանին պատկանող 8 գյուղ»

Ալիևը Մակրոնի հետ զրույցում հայտարարել է, թե «Հայաստանը դեռևս օկուպացված է պահում Ադրբեջանին պատկանող 8 գյուղ»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցի մասին Ադրբեջանի նախագահի աշխատակազմը եւս հաղորդագրություն է տարածել։  Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, ինչպես նաեւ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին։  Իլհամ Ալիեւը պնդել է, թե «ճանապարհը մարդասիրական նպատականերով օգտագործման համար բաց է և որևէ խոչընդոտ չկա՝ ընդգելով, որ շտապօգնության մեքենաների անցումն ապահովված է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տեղական գրասենյակի միջնորդությամբ՝ առանց այլ հաստատությունների անհրաժեշտության»։  Զրույցի ընթացքում Իլհամ Ալիևը նշել է, թե «Հայաստանը դեռևս օկուպպացված է պահում Ադրբեջանին պատկանող 8 գյուղ»։  Հաղորդագրության մեջ նշվում է, թե «Իլհամ Ալիևը ափսոսանք է հայտնել Ֆրանկոֆոնիայի և այլ միջազգային միջոցառումների ընթացքում Ադրբեջանի դեմ ծավալվող գործունեության համար»։ Էմանուել Մակրոնն իր հերթին ասել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության պայմանագրի բանակցությունների շարունակմանը։ Հիշեցնենք, որ հեռախոսազրույցի մասին հայտնել է նաև ֆրանսիական կողմը՝ նշելով, որ Էմանուել Մակրոնը կոչ է արել ապահովելու Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև ազատ տեղաշարժը։  Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:  
14:30 - 24 դեկտեմբերի, 2022
Մոսկվան ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցում փուլային առաջընթաց. Գալուզին |1lurer.am|

Մոսկվան ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցում փուլային առաջընթաց. Գալուզին |1lurer.am|

1lurer.am: Ռուսական կողմը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցում փուլային առաջընթաց է ակնկալում՝ РИА Новости գործակալության հետ հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: «Հիմք ենք ընդունում այն, որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքում առաջընթացի հասնելուն կնպաստի 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և 2022 թ. հոկտեմբերի 31-ի բոլոր եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ձևավորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համալիր կարգավորման ճանապարհային քարտեզը»,- ասել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ առաջնայինը տրանսպորտային ուղիների ապաշրջափակումն է: «Ակնկալում ենք աստիճանաբար առաջ շարժվել այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանի սահմանազատումը, հումանիտար խնդիրների լուծումը»,- հավելել է Գալուզինը:
12:07 - 24 դեկտեմբերի, 2022