ԼՀԿ

«Լուսավոր Հայաստան»-ը գործող կուսակցություն է Հայաստանում։ Նախագահն է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Հիմնադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Երևանում՝ կուսակցության հիմնադիր համագումարով։ 18 պատգամավորներով ներկայացված է եղել 7-րդ գումարման ԱԺ-ում։ 

Կուսակցության խորհրդի անդամներ են Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանը, Դավիթ Խաժակյանը, Գրիգորի Դոխոյանը, Կարեն Սիմոնյանը, Մանե Թանդիլյանը, Նորայր Մովսիսյանը, Գևորգ Գորգիսյանը, Արտակ Ոսկանյանը, Ջիվան Նադարյանը և Հայկազ Սիմիկյանը։

«Լուսավոր Հայաստան»-ը մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նախընտրական ցուցակը գլխավորում էր Էդմոն Մարուքյանը։

ԼՀԿ-ն չի հաղթահարել անցողիկ շեմը՝ ընտրությունների ժամանակ ստանալով 15 591 ձայն (1.22%), և չի անցել 8-րդ գումարման խորհրդարան։

ԼՀԿ-ն անհասկանալի է համարում դատարանների նկատմամբ անվստահության խնդրում միայն ՍԴ-ին անդրադառնալը |armenpress.am|

ԼՀԿ-ն անհասկանալի է համարում դատարանների նկատմամբ անվստահության խնդրում միայն ՍԴ-ին անդրադառնալը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն անհասկանալի է համարում դատական իշխանության նկատմամբ անվստահության հարցում միայն Սահմանադրական դատարանին անդրադառնալը: Այս մասին հունվարի 29-ին խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում ասաց խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը: «Մեզ համար անհասկանալի է, թե գործադիր իշխանությունն ինչու է միայն անդրադառնում Սահմանադրական դատարանին, երբ խոսքը վերաբերում է դատական իշխանության նկատմամբ անվստահությանը: Հասարակությունը չի վստահում դատական իշխանությանը, որովհետև, երբ գնում է առաջին ատյանի դատարաններ, ստանում է իր սրտին, մտքին ոչ համապատասխանող որոշումներ, և շատ դեպքերում հասարակությունը ճիշտ է, որովհետև մեր դատական համակարգը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում արդյունավետ արդարադատություն իրականացնել: Այստեղ մեղավորը ոչ թե Սահմանադրական դատարանն է, այլ ամբողջ դատական իշխանության համակարգը՝ սկսած առաջին ատյանի դատարանի դատավորներից, վերջացրած Բարձրագույն դատական խորհրդով: Այս ամբողջ խնդիրը մոռանալ և կենտրոնանալ մեկ անձի շուրջ, կարծում ենք, սխալ մոտեցում է»,- ասաց Սիմոնյանը:
08:20 - 29 հունվարի, 2020
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում «Լուսավոր Հայաստանից» կընդգրկվի Տարոն Սիմոնյանը

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում «Լուսավոր Հայաստանից» կընդգրկվի Տարոն Սիմոնյանը

ԼՀԿ խմբացության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում խմբակցությունից կընդգրկվի Տարոն Սիմոնյանը: «Սիրելի՛ հայրենակիցներ, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում կներկայացնի խմբակցության պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Տարոն Սիմոնյանը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը սահմանադրական բարեփոխումների գործընթացին ներգրավվելու է իր հիմնաքարային առաջարկներով և անելու է առավելագույնը՝ մինչ օրս մեր կողմից ներկայացված և այլ անհրաժեշտ բարեփոխումները սահմանադրության մակարդակում ամրագրելու համար», - գրել է նա։
10:30 - 20 հունվարի, 2020
ԼՀԿ կառավարման խորհուրդը որոշել է շարունակել իր մասնակցությունը Երևանի ավագանիում

ԼՀԿ կառավարման խորհուրդը որոշել է շարունակել իր մասնակցությունը Երևանի ավագանիում

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոնդ Մարուքյանը կուսակցության կառավարման խորհրդի անունից անդրադարձել է Դավիթ Խաժակյանի հայտարարությանը։ Ֆեյսբուքյան գրառումը ստորև․ «Դեկտեմբերի 17-ին Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը և փոխնախագահ Մանե Թանդիլյանը հայտարարել էին, որ, հիմնվելով քաղաքացիների արձագանքների վրա և ելնելով մի շարք այլ հանգամանքներից, ԼՀԿ կառավարման խորհուրդը քննարկում է Երևանի ավագանու կազմում իր մասնակցության շարունակության և ավագանու կազմից իր միակ անդամ Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը: Անցած շաբաթվա ընթացքում այդ հանգամանքները ներկայացվեցին հանրությանը ԼՀԿ անդամների կողմից և դարձան հանրային լայն քննարկման առարկա: Դրան հետևեց «Հանրապետություն» կուսակցության մեր գործընկերների ասուլիսը, համաձայն որի իրենք չեն կիսում մեր կողմից ներկայացված հանգամանքների ընկալումը, իսկ ավագանու նիստերին կիրառված հռետորաբանությունը համարում աշխատանքային պրոցեսի մաս: Նկատի ունենալով հանրության արձագանքը Դավիթ Խաժակյանի մանդատի պահպանման վերաբերյալ և այն, որ ԼՈւՅՍ դաշինքը երկու սուվերեն կուսակցությունների դաշինք է, և յուրաքանչյուրն իրավասու է հանդես գալու իր նախընտրած հռետորաբանությամբ, ԼՀԿ կառավարման խորհուրդը գտնում է, որ բացված հրապարակային քննարկման արդյունքում այլևս պատասխանատվության շրջանակը հստակեցված է: «ԼՈւՅՍ» խմբակցության անդամները հաձնառու են կատարելու դաշինքի ծրագիրը, սակայն առանձին նախաձեռնությունների և քաղաքական հռետորաբանության հարցում երկու կուսակցությունների ներկայացուցիչներն ազատ են իրենց մոտեցումներում, իսկ ավագանու խմբակցության յուրաքանչյուր անդամի համար քաղաքական պատասխանատվություն է կրում տվյալ քաղաքական միավորը։ Հիմնվելով վերոշարադրյալի վրա` ԼՀԿ կառավարման խորհուրդը որոշել է շարունակել իր մասնակցությունը Երևանի ավագանիում՝ ի դեմս Երևանի ավագանիում իր միակ անդամ Դավիթ Խաժակյանի։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ԼՀԿ կառավարման խորհուրդն ամբողջությամբ կիսում է Դավիթ Խաժակյանի գործունեությունը և այսուհետ ակնկալում ավելի կոշտ վերահսկողական գործունեություն հանուն Երևանի բնակիչների լավագույն շահերի»։
11:12 - 23 դեկտեմբերի, 2019
Վարկերի արդյունավետ տոկոսադրույքների առավելագույն սահմաններ. Մանե Թանդիլյանի նախաձեռնությունը

Վարկերի արդյունավետ տոկոսադրույքների առավելագույն սահմաններ. Մանե Թանդիլյանի նախաձեռնությունը

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ առաջիկայում հանդես է գալու «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ, որով ներդրվելու են բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի արդյունավետ տոկոսադրույքների առավելագույն սահմաններ: «Որոշ ֆինանսական ընկերությունների կողմից տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքները շատ հաճախ անհասկանալի և անհիմն բարձր են, որոնք էականորեն վնասում են հասարակության սոցիալապես խոցելի խավերին: Քաղաքացիներից շատերը, ունենալով ֆինանսական խնդիրներ, շատ հաճախ ճարահատյալ վիճակում գտնվելով, վարկ են վերցնում՝ չկարևորելով վարկի պայմանները: Թեև տոկոսադրույքները ձևավորվում են շուկայական սկզբունքով և ֆինանսական համակարգում առկա են մոտ 50 բանկ և վարկային կազմակերպություն, սակայն որոշ ընկերություններ ակնհայտորեն չարաշահում են որոշ վարկատեսակների գծով իրենց դիրքերը և առաջարկում են երբեմն տարեկան 100%-ից ավել արդյունավետ տոկոսադրույքով վարկեր: Միևնույն ժամանակ, կարևորելով նաև ընկերությունների շահույթ ստանալու իրավունքը, ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների ուսումնասիրություներից ակնհայտ է դառնում, որ նման տոկոսադրույքներով վարկեր տրամադրող ընկերությունները ստանում են գերշահույթներ: Մասնավորապես, վարկային կազմակերպությունների կապիտալի շահութաբերությունը միջինացված տվյալներով կազմում է մոտ 7%, ինչը ֆինանսական կառույցների համար ընդունելի ցուցանիշ է, այնինչ կան ընկերություններ, որոնց կապիտալի շահութաբերությունը հասնում է 100%-ի, իսկ ահա զուտ շահույթը գերազանցում է մի շարք բանկերի զուտ շահույթին: Արդյունքում, առկա է անհրաժեշտություն կարգավորել որոշ ընկերությունների նման գործելաոճը, մասնավորապես ներդնելով սահմանափակումներ սպառողական վարկերի արդյունավետ տոկոսադրույքների համար: Հաշվի առնելով ուսումնասիրությունները՝ նշված սահմանափակումները չեն վնասի ֆինանսական համակարգի հուսալիությունը, ռիսկերի վրա հիմնված տոկոսադրույքի հաշվարկման սկզբունքները, չեն հանգեցնի ընկերությունների միջին ընդունելի շահութաբերության նվազմանը, միևնույն ժամանակ կկարգավորվեն որոշ ընկերությունների գործունեությունը՝ նպաստելով քաղաքացիների պաշտպանությանը սպառողական վարկավորման մասով: Արդյունքում, առաջիկայում նախաձեռնելու եմ «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ, որով ներդրվելու են բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի արդյունավետ տոկոսադրույքների առավելագույն սահմաններ»:
05:52 - 13 նոյեմբերի, 2019
ԼՀԿ-ն առաջարկում է նվազեցնել մեքենաների ներկրման հարկերը 3-5 տարով |shantnews.am|

ԼՀԿ-ն առաջարկում է նվազեցնել մեքենաների ներկրման հարկերը 3-5 տարով |shantnews.am|

shantnews.am: ԼՀԿ խմբակցությունը Ազգային ժողով է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է իրավաբանական անձանց՝ ընկերությունների կողմից ներկրվող մեքենաների համար 3-5 տարով նվազեցնել ավելացված արժեքի հարկը։ Այս նախագիծն այսօր ներկայացվեց տնտեսական հանձնաժողովում։ Պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը բացատրեց, որ իրենք մտադիր են սահմանել հետևյալ ժամանակացույցերը․ 3 տարի արտոնություն՝ 10 տոկոս ավելացված արժեքի հարկ 3-5 տարի մաշվածություն ունեցող մեքենաների համար, 5 տարի արտոնություն՝ 10 տոկոս ավելացված արժեքի հարկ 5-10 տարի մաշվածություն ունեցող մեքենաների համար։ Իմքայլական Հովիկ Աղազարյանը հարցրեց՝ ինչպե՞ս են սրան արձագանքելու ԵԱՏՄ անդամները։ Նախագծի համահեղինակն ասաց, որ օրինակ` Ղազախստանում սահմանված է 15 տոկոս ավելացված արժեքի հարկ, և դա համեմատելի է։  
09:39 - 06 նոյեմբերի, 2019
Որոշակի խնդրահարույց մտքեր ու կասկածներ են առաջանում. չի կարելի գործը մեկ հոդվածով սկսել, մեկ այլ հոդվածով շարունակել. ԼՀԿ պատգամավորը` Արսեն Բաբայանին առնչվող գործընթացի մասին |tert.am|

Որոշակի խնդրահարույց մտքեր ու կասկածներ են առաջանում. չի կարելի գործը մեկ հոդվածով սկսել, մեկ այլ հոդվածով շարունակել. ԼՀԿ պատգամավորը` Արսեն Բաբայանին առնչվող գործընթացի մասին |tert.am|

tert.am։ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալումն իրավաչափ չէր, քանի որ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածը համաներման տակ ընկնող հոդված էր, հետևաբար անձին ազատությունից զրկելու հետ կապված որևէ գործողություն չպետք է կատարվեր: Այս մասին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տարոն Սիմոնյանը: Նա նշեց նաև, որ, հավանաբար, բազմաթիվ անձանց այս մասին արված հայտարարությունների և ճնշման ներքո էր, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինը հրաժարվեց այդ հոդվածով գործը հետագայում առաջ տանելուց, և հոդվածի փոփոխություն տեղի ունեցավ: Անդրադառնալով երկրորդ` Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին՝ իշխանությունը զավթելու մասով հարուցված քրեական գործին, պատգամավորը նշեց, որ, քանի որ ամբողջությամբ չի տիրապետում նյութերին, վերջնական մեկնաբանություն չի կարող տալ: «Բայց ինձ մոտ էլ որոշակի խնդրահարույց մտքեր ու կասկածներ առաջանում են առ այն, որ չի կարելի գործը մեկ հոդվածով սկսել, մեկ այլ հոդվածով շարունակել, և այսքան կարճ ժամանակահատվածում, այն էլ` նման խնդրահարույց հոդվածներով»,-ասաց Սիմոնյանը` նշելով, որ որպես արտոնագիրը կասեցրած փաստաբան` ծանոթ է քրեական հետապնդում իրականացնող մարմինների այս աշխատելաոճին: «Ինչ են անում` սովորաբար ինչ-որ հոդվածով գործը սկսում են, և եթե տեսնում են` չեն կարողանում խնդիրը լուծել, մեկ այլ հոդված են վերցնում, որ կարողանան գործը շարունակել: Սա ընդունված է եղել մեր` քրեական հետապնդում իրականացնող մարմինների մոտ, և ես, իհարկե, կհիասթափվեմ, թե այս մեխանիզմը նորից գործի դրված լինի, որովհետև հեղափոխությունը նաև դրա համար էր արվել, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինները չօգտվեին օրենսդրական այս հնարավորություններից` գործն անհիմն երկարացնելու և անձին ազատազրկման վայրում ավելի երկար պահելու համար»,-մեկնաբանեց Տարոն Սիմոնյանը: Դիտարկմանը, որ Արսեն Բաբայանի աջակիցներն ու պաշտպանները պնդում են, թե Բաբայանին առնչվող գործն իրականում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին ճնշելու փորձ է, Սիմոնյանն ասաց. «Փաստաբանները գործին տիրապետում են և ինչ ասում են, այդ գործի շրջանակներում են ասում: Մի քիչ ճիշտ չի լինի, որ քաղաքական գործիչ լինելով` ես մտնեմ գործի փաստական հանգամանքների մեջ, բայց որոշակի կասկածներ բոլորս էլ իրավունք ունենք ունենալ այդ թեմայի շուրջ»: Արսեն Բաբայանը պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է հոկտեմբերի 21-ին։ Ըստ ՀՔԾ-ի՝ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին՝ իշխանությունը զավթելու մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ։ Նկատի ունենալով, որ բացահայտվել է առերևույթ կատարված նոր հանցագործության դեպք, Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին՝ պաշտոնական կեղծիք կատարելու մասով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին: Այս գործը հարուցվել էր պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա:
11:37 - 25 հոկտեմբերի, 2019
Մեկը մյուսի վրա ճնշումներ գործադրելու պրակտիկան շարունակվում է. Մանե Թանդիլյան |shantnews.am|

Մեկը մյուսի վրա ճնշումներ գործադրելու պրակտիկան շարունակվում է. Մանե Թանդիլյան |shantnews.am|

shantnews.am։ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը «Հեռանակարի»-ի տաղավարում անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, թե ԱԺ-ն պետք է գնահատական տա ՍԴ-ում տիրող իրավիճակին. «Ես շատ կուզենայի, որ մեր երկրում վերջապես օրենսդիր, դատական իշխանությունները տարանջատվեն: Ակնհայտորեն, Հայաստանում դա շարունակում է խնդիր լինել, և մենք այդ միաձուլվածությունը տեսնում ենք, մեկը մյուսի վրա ճնշումներ գործադրելու պրակտիկան շարունակվում է: Այն, ինչ կարող էին անել օրենսդիր և գործադիր մարմինները, չեն արել: Խոսքը դատաիրավական բարեփոխումների նախաձեռնության մասին է, խոսքն անցումային արդարադատության մասին այդքան խոսելու և չանելու մասին է, խոսքը վեթինգի մասին է: Այն գործառույթները, որոնք օրեսդիրի և գործադիրի տիրույթում են, չենք անում, բայց այլ ճանապարհներ ենք ման գալիս», – ասել է Թանդիլյանը:  
08:24 - 17 սեպտեմբերի, 2019
Արման Բաբաջանյանը վայր չի դնում մանդատը |aysor.am|

Արման Բաբաջանյանը վայր չի դնում մանդատը |aysor.am|

aysor.am։ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԺ հայտարարությունների ժամին ամբիոնին մոտեցավ մեծ պայուսակով։ Նա ասաց, թե վերջին մի քանի օրերը իր համար ծանր են եղել՝ ստիպված է դժվար որոշում կայացնել՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից հեռանալու մասին։ «Ես ստիպված եմ հեռանալ ինձ շատ հարազատ թիմից, որի հետ մի քանի ամիս առաջ մասնակցել եմ ընտրությունների, հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ։ Իրականում իմ այդ որոշման խորքային դրդապատճառները ոչ այնքան «Լուսավոր Հայաստան» խմբակցության, որքան մեր ընդհանուր քաղաքական համակարգի ախտերի հետ։ Ես համոզված եմ, որ նոր Հայաստանը, որի հիմքը դրվել է թավշյա հեղափոխության օրերին, կարիք ունի նոր քաղաքական համակարգի, նոր քաղաքական գաղափարների ու սկզբունքների, նոր քաղաքական մտքի։ Ցավոք ես այդ նոր քաղաքականությունը չեմ տեսել ու չեմ տեսնում ոչ «Լուսավոր Հայաստանում», ոչ մնացյալ ուժերում», -հայտարարեց Արման Բաբաջանյանը։ Նրա խոսքով, քաղաքական համակարգն Հայաստանում ախտահարված է, որի հետևանքով տարբեր ոլորտներում ճգնաժամեր են՝ Սահմանադրական դատարանում, անցումային արդարադատության հարցում, Ամուլսարի խնդրում։ «Հեղափոխությունից մեկ ու կես տարի անց մենք տեսնում ենք Հայաստանի կողմից վարվող անատամ արտաքին քաղաքականություն։ Թավշյա հեղափոխության արդյունքում մենք շարունակում ենք վարել նախկին իշխանության քաղաքականությունը, այն դեպքում ժողովրդավարացած Հայաստանը պետք է աշխարհի հետ խոսեր նոր օրակարգով», -հավելեց Արման Բաբաջանյանը։ Պատգամավորը հայտարարեց, որ ինքը վայր չի դնում մանդատը և «Լուսավոր Հայաստանից» դուրս, անկախ պատգամավորի կարգավիճակում անելու է առավելագույնը կարող ուժերին համախմբելու, միավորելու ու նրանց ներուժը «ի բարօրություն Հայաստանի»։
13:08 - 10 սեպտեմբերի, 2019
Պարոն Բաբաջանյանը գիտի, թե ես ինչ եմ մտածում. Էդմոն Մարուքյան |news.am|

Պարոն Բաբաջանյանը գիտի, թե ես ինչ եմ մտածում. Էդմոն Մարուքյան |news.am|

news.am: Խորհրդարանական կառավարման երկրում ամեն խմբակցություն ձևավորվում է ընտրությունների միջոցով և անկախ պատգամավորի ինստիտուտ «ԱԺ կանոնակարգ» օրենքը չի նախատեսում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով խմբակցությունից դուրս գալու մտադրության մասին Արման Բաբաջանյանի հայտարարությանը։ «Ինքն էլ իր հայտարարության մեջ վերջում նշել է, որ ինքն մտածում է դրա մասին, հետևաբար, մենք ենք դա ակնկալում»,–նշեց նա։ Հարցին՝ որպես թիմի անդամ ի՞նչ զգացողություններ ունի Մարուքյանը, նա պատասխանեց. «Որևէ վատ զգացողություն չունեմ, նորմալ է ամեն ինչ»։Լրագրողները հետաքրքրվեցին՝ երբ Վահե Գրիգորյանի ընտրության հարցում խմբակցությունից տարբեր դիրքորոշում Արման Բաբաջանյանը հայտնեց, ինքն ասաց, որ մի պատգամավորով պետք չէ գուժել խմբակցության մասնատումը, ապա այժմ սա ինչպե՞ս կմեկնաբանի, Մարուքյան ասաց. «Ես ասում էի՝ պետք չի գուժել խմբակցության քանդումը, դուրս գալու հետ կապված իր որոշումն է»։Հարցին՝ ի՞նչու խմբակցությունից դուրս գալու հայտարարության տեքստը Մարուքյանը չի կարդացել, նա ասաց. «Որովհետև՝ գիտեմ ինքն ինչ է մտածում, հարգանքով եմ մոտենում, պարոն Բաբաջանյանը գիտի, թե ես ինչ եմ մտածում»։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե չհրաժարվի մանդատից, ի՞նչ են պատրաստվում անել, կհամարե՞ն, որ սկզբունքային չէ Արման Բաբաջանյանը, ինչին Մարուքյանը պատասխանեց, որ հայտարարությունն ուժի մեջ է, ավելացնելու ոչինչ չունի։ Արման Բաբաջանյանի այն դիտարկմանը, որ ընդդիմությունը չի կարողանում քաղաքական օրակարգ ստեղծել, Էդմոն Մարուքյանն արձագանքեց. «Ամեն մարդ իր կարծիքն ունի, ընդդիմությունը թույլ է, ընդդիմությունն ուժեղ է, ընդդիմություն չկա, ընդդիմությունը մեռնում է, ընդդիմությունը ծնվեց, տարբեր նմանատիպ հայտարարություններ, վերլուծություններ միշտ տեսել ենք, ես կարծում եմ՝ մենք անում ենք այն, ինչի համար ընտրվել ենք, և շարունակում ենք անել, իսկ դա առաջադեմ և արդիականացված ՀՀ–ն է, մեր բոլոր նախաձեռնությունները դրան են ուղղված են, որևէ զիջում չենք անելու։ Յուրաքանչյուր մարդ թող իր համար որոշի»։ Հարցին՝ այլ անհամաձայնություններ խմբակցության ներսում եղե՞լ են, Մարուքյանն ասաց, որ խմբակցության հայտարարությունը միաձայն է ընդունվել։ «Աժ այսօրվա կանոնակարգ օրենքը անկախ պատգամավորի ստատուս չի նախատեսում, անկախ պատգամավորը չի ներկայացնում որևէ մեկին, քաղաքական սկզբունքային մոտեցումն է՝ որ թիմի հետ եկել ես, եթե այդ թիմի հետ չես ցանկանում շարունակել, մանդատը պետք է վայր դնես, պետք է շարունակես այլ ճանապարհով»։ Մարուքյանը պնդում է՝ եթե անհամաձայնություն կա, ավելի լավ է մարդիկ հանգիստը խղճով իրենց գործով զբաղվեն, քան անհամաձայնությունը քողարկեն և ցույց չտան։Լրագրողները հետաքրքրվեցին՝ շա՞տ են եղել անհամաձայնությունները, նա նշեց. «Մի հարցում է եղել անհամաձայնություն»։
14:20 - 06 սեպտեմբերի, 2019
ԼՀԿ-ն չի մասնակցել տեսակապով Ամուլսարի փորձաքննության վերաբերյալ «Էլարդի» հետ քննարկմանը

ԼՀԿ-ն չի մասնակցել տեսակապով Ամուլսարի փորձաքննության վերաբերյալ «Էլարդի» հետ քննարկմանը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի սկայպով Ամուլսարի փորձաքննության վերաբերյալ ELARDի հետ քննարկմանը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:«Սկայպով Ամուլսարի փորձաքննության վերաբերյալ ELARD-ի հետ քննարկման մասին: Հայտնի է, որ այսօր 16։00 վարչապետ Փաշինյանը պատրաստվում է տեսակապի միջոցով զրուցել ELARD ընկերության ներկայացուցիչների հետ՝ Ամուլսարի վերաբերյալ տրված եզրակացության մասին։Մեզ ևս, որպես խորհրդարանական խմբակցություն, հրավիրել են մասնակցելու այդ խորհրդակցությանը, սակայն մենք որևէ ներկայացուցիչ չենք ուղարկելու, քանի որ չենք պատրաստվում մաս կազմել ELARD-ի թատրոնին և մենք այդ կազմակերպության կողմից տրված եզրակացությունն ի սկզբանե ամբողջությամբ կասկածի տակ ենք դրել։Այսպիսով, այդ ֆորմատով մեզ համար քննարկման ենթակա հարց չկա, և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նպատակահարմար չի համարում իր մասնկացությունը որևէ հավելյալ քննարկման այդ կասկածելի ընկերության կասկածելի եզրակացության մասին։
13:39 - 29 օգոստոսի, 2019