Արա Այվազյան

ՀՀ արտաքին գործերի նախարարության գործող ղեկավարը։

Ծնվել է 1969թ. մարտի 30-ին, Երեւանում։

1986-1993թթ․ սովորել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում, 1994թ․՝ Հայկազյան համալսարանական քոլեջի (Լիբանան) քաղաքագիտության ֆակուլտետում;

1994-1996թթ․ եղել ԱԳՆ Երկրորդ եվրոպական վարչության կցորդ, երրորդ քարտուղար, 1996-1997թթ․Արգենտինայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար, 1997թ․ ԱԳՆ Ամերիկայի վարչության Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի երկրների բաժնի վարիչ։

1998թ․-ին եղել է ԱԳՆ քարտուղարության պետ, ապա 1999-2006թթ․ Արգենտինայում եւ Չիլիում ՀՀ դեսպան, 2000-2006թթ․՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես), 2006-2011թթ․ եղել է ԱԳ նախարարի աշխատակազմի խորհրդական։

2006-2011թթ․ Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, 2006-2012թթ․ Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, 2006-2013թթ․ Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, 2006-2014թթ․ Ֆինլանդիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2011-2016թթ․ Լիտվայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2012-2016թթ․ Լատվիայի Հանրապետությունում եւ Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2016-2020թթ․ Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան, 2017-2020թթ․Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայում, Հոնդուրասի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2018-2020թթ․ Պանամայում ՀՀ դեսպան։

2020թ․ հոկտեմբեր-նոյեմբերին աշխատել է որպես ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:        

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի 2020թ. նոյեմբերի 18-ի հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար:

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Հայաստանը, աշխարհի ողջ առաջադեմ մարդկության հետ, ոգեկոչում է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակը։ 2015 թվականին Հայաստանն ուղղորդեց համաշխարհային ջանքերը՝ դեկտեմբերի 9-ը սահմանելու Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այս հանցագործության կանխարգելման միջազգային օր: Հայաստանը՝ որպես ցեղասպանության արհավիրքը վերապրած ժողովուրդ ներկայացնող երկիր, տարիներ շարունակ միջազգային ասպարեզում հանդես է գալիս որպես այս հանցագործության դեմ պայքարի ջատագով և հետևողականորեն աշխատում է ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու, ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների վտանգների իրազեկման և դրանց արձագանքման իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման ուղղությամբ։ Գործադրվող ջանքերի հետ համատեղ աշխարհն այսօր բախվում է այնպիսի լրջագույն մարտահրավերների, ինչպիսիք են անհանդուրժողականության և ծայրահեղականության աճը, մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները, մարդկային կյանքի և արժանապատվության ոտնահարումը: Այս ահազանգը ոչ միայն դատապարտող և կարեկցող կոչեր հնչեցնելու առիթ պետք է դառնա, այլև օրակարգային դարձնի միջազգային կառույցների շրջանակում վաղ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանն ուղղված քայլերը: Ցեղասպանությունը և այլ զանգվածային ոճրագործությունները, որպես կանոն, նախապես ծրագրված բնույթ են կրում և ընթանում են քաղաքացիական բնակչության թիրախավորման, մշակութային և կրոնական արժեքների ոչնչացման, ծայրաստիճան ատելության տարածմամբ: Այս բոլոր գործողություններն իրականացվեցին Արցախի ժողովրդի դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ագրեսիայի ընթացքում, որը պլանավորվել և իրականացվել էր Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի ամբողջական քաղաքական և ռազմական աջակցությամբ և օտարերկրյա վարձկանների և զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ: Այսպիսով, հայ ժողովուրդը ցեղասպան գործողությունների նոր զոհեր տալով՝ հայտնվեց գոյատևման սպառնալիքի առջև: Ցեղասպանությունը, ինչպես նաև մարդկության դեմ ուղղված այլ ոճրագործությունները ծնող պատճառներից է անպատժելիությունը: Անցյալում գործած հանցագործությունների ոչ բավարար դատապարտումն ու պատժից խուսափումը ժխտողականության և ցեղասպանության արդարացման համար պարարտ հող են ստեղծում: Այս գործոնները լուրջ սպառնալիք են ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված ջանքերի համար, քանի որ այն պետությունները, որոնք ցեղասպանության ժխտողականությունը դարձնում են պետական գաղափարախոսություն, երբևէ չեն կարող ապահովել այնպիսի հիմնարար իրավունքների իրականացումը, ինչպիսիք են խոսքի և հավաքների ազատությունը, փոքրամասնությունների պաշտպանությունը, պայքարը ռասիզմի և անհանդուրժողականության դեմ: Զանգվածային ոճրագործությունների կանխարգելումը առաջին հերթին պատասխանատվություն է, և Հայաստանը շարունակելու է իր ջանքերը` ակտիվորեն նպաստելու այս կարևոր խնդրի առաջադրմանը գլոբալ օրակարգի շրջանակներում:    
19:24 - 09 դեկտեմբերի, 2020
ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովում

ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովում

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ֆրանսիայի Ազգային ժողովի ազգային պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Ֆրանսուազ Դյումայի հանդիպումը, որին ներկա էին նաև Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խորհրդի պատգամավորները: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծեցին հայ-ֆրանսիական հարաբերությունների բարեկամական առանձնաշնորհյալ բնույթը՝ խարսխված դարերի խորքից բխող ավանդույթների և ընդհանուր արժեհամակարգի վրա: Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ կատարվեց Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրությանը և դրա հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին: Նախարար Այվազյանը բարձր գնահատեց Ֆրանսիայի ԱԺ կողմից օրեր առաջ ընդունված բանաձևը՝ որպես կարևոր հանգրվան Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և արցախյան հիմնահարցի արդարացի լուծման գործընթացում:  Անդրադառնալով Արցախի ժողովրդի դեմ Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավվածությամբ իրականացված ադրբեջանական ագրեսիային՝ նախարար Այվազյանը բարձր գնահատեց պատերազմի առաջին օրվանից Ֆրանսիայի և ֆրանսիական ժողովրդի համերաշխությունն Արցախին և հայ ժողովրդին:  Անդրադառնալով Արցախում ստեղծված հումանիտար աղետի հասցեագրման հրատապությանը՝ նախարար Այվազյանն ընդգծեց տեղահանված արցախահայության՝ իրենց բնակության վայրեր վերադառնալու համար համապատասխան պայմանների ստեղծումը, արցախահության իրավունքների և շահերի վերականգնումը և պաշտպանությունը: Երկուստեք ընդգծվեց նաև Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո անցած տարածքներում պատմամշակութային, կրոնական ժառանգության պահպանման կարևորությունը:
18:38 - 09 դեկտեմբերի, 2020
Ինքնորոշման իրավունքը եղել է բանակցային գործընթացի հիմնասյուներից մեկը, և ռազմական ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքը հնարավոր չէ հանել օրակարգից․ Արա Այվազյան

Ինքնորոշման իրավունքը եղել է բանակցային գործընթացի հիմնասյուներից մեկը, և ռազմական ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքը հնարավոր չէ հանել օրակարգից․ Արա Այվազյան

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի խոսքը և պատասխանը լրագրողի հարցին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ համատեղ մամուլի ասուլիսին․ «Հարգելի պարոն Լը Դրիան, Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ այսօր գտնվել բարեկամ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Շնորհակալություն եմ հայտնում իմ ֆրանսիացի գործընկերոջը հրավերի և ջերմ ընդունելության համար։ Գոհունակությամբ կարող եմ արձանագրել, որ մենք այսօր արդյունավետ և անկեղծ զրույց ունեցանք հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգում գտնվող ամենահրատապ հարցերի շուրջ։ Հանդիպման առանցքային հարցերից մեկը, իհարկե, Թուրքիայի գործուն աջակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան էր, և դրա արդյունքում ստեղծված բարդ իրավիճակը։ Մենք մտքեր փոխանակեցինք պատերազմից հետո ի հայտ եկած հումանիտար խնդիրների լուծման, խաղաղ բանակցային գործընթացի հետագա ընթացքի, տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն ուղղված քայլերի, ինչպես նաև ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ հայտնված հայկական բազմադարյա մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ։ Ես Հայաստանի Հանրապետության անունից խորին երախտագիտություն հայտնեցի ֆրանսիացի գործընկերոջս՝ պատերազմի ամենասկզբից ի վեր Ֆրանսիայի որդեգրած համարձակ և, միևնույն ժամանակ, անկողմնակալ դիրքորոշման համար։ Մեզ համար խիստ կարևոր էին նախագահ Էմանուել Մակրոնի հասցեական հայտարարությունները, որտեղ վերջինս հստակ մատնանշեց ագրեսորին և անդրադարձ կատարեց Թուրքիայի խիստ վնասակար ու վտանգավոր ներգրավվածությանը պատերազմում, ինչպես նաև ջիհադիստ ահաբեկիչների՝ դեպի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխման հարցին։ Օգտվելով ընձեռված առիթից՝ կցանկանայի նաև հատուկ շնորհակալություն հայտնել անձամբ արտգործնախարար Լը Դրիանին՝ ինչպես պատերազմի ծանր օրերին, այնպես էլ՝ հրադադարի հաստատումից հետո խնդրի կարգավորմանը և Հայաստանին օգնելու հարցում իր ներգրավվածության, ինչպես նաև ֆրանսիական դիվանագիտության կառուցողական գործունեության համար։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Հայաստանին Ֆրանսիայի կողմից ցուցաբերված հումանիտար աջակցության համար։ Վերջին ամիսներին մենք, հիրավի, զգացել ենք ֆրանսիացի ժողովրդի, պետության և հասարակական շրջանակների անկեղծ աջակցությունն ու կարեկցանքը մեր թիկունքում։ Դրա ամենավառ վկայությունն ինչպես վերոնշյալ փաստերն են, այնպես էլ՝ ֆրանսիացի մտավորականների, արվեստի ու մշակույթի ոլորտի ներկայացուցիչների, պետական ու քաղաքական գործիչների հազարավոր հայտարարությունները և մամուլի հրապարակումները։ Այս համատեքստում կցանկանայի նաև հիշատակել «Le Monde» օրաթերթի երկու լրագրողներին, ովքեր ծանր վիրավորվել են Արցախում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս։ Նրանց արագ ապաքինում եմ մաղթում։  Իմ ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հանգամանալից անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի տևական կարգավորմանը։ Ներկայացրի Հայաստանի մտահոգությունները, այդ թվում՝ պատերազմի օրերին Արցախից հեռացած հայ բնակչության իրենց բնակավայրեր անվտանգ ու արժանապատիվ վերադարձի և ռազմագերիների անհապաղ փոխանակման ու աճյունների վերադարձի հարցերի առնչությամբ։ Խստագույնս դատապարտելի է Ադրբեջանի զինվորականների կողմից հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքերը, որոնք ոչ միայն չեն դատապարտվում Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից, այլև արժանանում են հասարակական աջակցության: Հայատյացության այս դրսևորումների թիրախ են դառնում նաև Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական բազմաթիվ միջնադարյան մշակութային, կրոնական կոթողները, որոնք ադրբեջանական կողմը կամ փորձում է ոչնչացնել, սրբապղծել, կամ էլ՝ փոխել դրանց ինքնությունը: Մտքեր փոխանակեցինք միջազգային կազմակերպությունների միջոցով այդ կրոնական-մշակութային կոթողների պահպանման ուղղությամբ: Գործընկերոջս ներկայացրի Հայաստանի դիրքորոշումը բանակցությունների հետագա ընթացքի վերաբերյալ։ Ընդգծեցի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման վրա հիմնված Արցախի կարգավիճակի ճանաչման կարևորությունը:  Անդրադարձ կատարեցինք նաև հայ-ֆրանսիական սերտ քաղաքական երկխոսության խորացման հետագա հեռանկարներին և համագործակցության ծրագրերին։  Ավարտելով խոսքս՝ կուզենայի ընդգծել, որ շատ ուրախ կլինեմ հյուրընկալել գործընկերոջս՝ Ժան-Իվ Լը Դրիանին Երևանում՝ օրակարգային հարցերի շուրջ հայ-ֆրանսիական արդյունավետ երկխոսությունը շարունակելու նպատակով։  Շնորհակալություն: Հարց. Պարոն Լը Դրիան, նոյեմբերի 9-ի հայտարարությունն ուղղված էր ռազմական գործողությունների դադարեցմանը, և Դուք էլ եք նշել, որ անհրաժեշտ է վերականգնել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանման մասով: Ինչպե՞ս է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը տեսնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը՝ հաշվի առնելով, որ այս հարցը Մադրիդյան հիմնարար սկզբունքներից միակն է, որը դեռ չի հասցեագրվել: Պարոն Այվազյան, կցանկանայի նաև Ձեր մեկնաբանությունը ինքնորոշման իրավունքի վերաբերյալ:  Արա Այվազյան. Տեսեք, ինքնորոշման իրավունքը եղել է բանակցային գործընթացի հիմնասյուներից մեկը, և ռազմական ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքը հնարավոր չի հանել օրակարգից: Ադրբեջանը և Թուրքիան, սկսելով ռազմական ագրեսիան Արցախի ինքնորոշման դեմ, խախտել են միջազգային իրենց պարտավորությունները, իսկ Ադրբեջանը խախտել է նաև խաղաղ բանակցային գործընթացի իր պարտականությունները: Սեպտեմբերի 27-ից ի վեր մինչ օրս, միջազգային հանրության մոտ ընկալման նոր ջրբաժան տեղի ունեցավ, որովհետև միջազգային հանրությունը հասկացավ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը սոսկ տարածքային վեճ չէ: Եվ Արցախի բոլոր այն հատվածներում, որոնք անցան Ադրբեջանի հսկողության տակ, տեղի ունեցան էթնիկ զտումներ և ռազմական հանցագործություններ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է անհրաժեշտությունն անդրադառնալ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը: Միայն այդ դեպքում, ինձ թվում է, հնարավոր է հասնել տևական և արդար խաղաղության,  և միայն այդ ժամանակ կարելի է մտածել Հարավային Կովկասում խաղաղ գոյատևման և նոր ժամանակաշրջանի մասին:  Այսքանը, շնորհակալություն»։
09:20 - 09 դեկտեմբերի, 2020
Արա Այվազյանն ու Ժան-Իվ Lը Դրիանը խոսել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգում գտնվող ամենահրատապ հարցերի շուրջ

Արա Այվազյանն ու Ժան-Իվ Lը Դրիանը խոսել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգում գտնվող ամենահրատապ հարցերի շուրջ

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Lը Դրիանի հետ համատեղ մամուլի ասուլիսին գոհունակություն է հայտնել, որ այսօր արդյունավետ և անկեղծ զրույց ունեցան հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգում գտնվող ամենահրատապ հարցերի շուրջ։Հանդիպման առանցքային հարցերից մեկը, իհարկե, Արցախի դեմ Թուրքիայի գործուն աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան էր և դրա արդյունքում ստեղծված բարդ իրավիճակը։«Իմ ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հանգամանալից անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի տևական կարգավորմանը։ Ներկայացրեցի Հայաստանի մտահոգությունները, այդ թվում՝ պատերազմի օրերին Արցախից հեռացած հայ բնակչության իրենց բնակավայրեր անվտանգ ու արժանապատիվ վերադարձի և ռազմագերիների անհապաղ փոխանակման ու աճյունների վերադարձի հարցերը։Մտքեր փոխանակեցինք պատերազմից հետո ի հայտ եկած հումանիտար խնդիրների լուծման, խաղաղ բանակցային գործընթացի հետագա ընթացքի, տարածաշրջանային կայունության ու անվտանգության ուղղված քայլերի, ինչպես նաև ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ հայտնված հայկական բազմադարյա մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ»,- գրված է հայտարարությունում: ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը նաև նշել է.«Խստագույնս դատապարտելի է Ադրբեջանի զինվորականների կողմից հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքերը, որոնք ոչ միայն չեն դատապարտվում Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից, այլև արժանանում են հասարակական աջակցության: Հայատյացության այս դրսևորումների թիրախ են դառնում նաև Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական բազմաթիվ միջնադարյան մշակութային, կրոնական կոթողները, որոնք ադրբեջանական կողմը կամ փորձում է ոչնչացնել, սրբապղծել, կամ էլ՝ փոխել նրանց ինքնությունը»:          
23:02 - 08 դեկտեմբերի, 2020
Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը հակասում է քաղաքակրթական արժեքներին. Այվազյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին

Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը հակասում է քաղաքակրթական արժեքներին. Այվազյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին

Դեկտեմբերի 8-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև հաստատված ավանդական սերտ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով նույն ոգով շարունակելու կառույցի նպատակների կյանքի կոչման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: ԱԳ նախարարը և գլխավոր տնօրենն անդրադարձել են Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրությանը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն իր խորին ցավակցությունն է հայտնել մարդկային կորուստների կապակցությամբ:   ԱԳ նախարար Այվազյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի ուշադրությունը հրավիրել է Արցախի՝ Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված հայկական մշակութային և կրոնական հուշարձանների նկատմամբ անհանդուրժողականության աղաղակող դրսևորումների վրա: Նախարար Այվազյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացումը, սրբապղծման կամ դրանց ինքնության կեղծման փորձերը միջազգային իրավունքի նորմերի բացահայտ խախտում են, հակասում են քաղաքակրթական արժեքներին և, ըստ այդմ, խստագույնս դատապարտելի են: Նախարար Այվազյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից մշակութային նոր ցեղասպանությունը կանխելու գործում կարևոր է միջազգային կառույցների արագ արձագանքումը՝ այն իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու և նման գործողությունները լիարժեքորեն կանխելու նպատակով: Այս առնչությամբ զրուցակիցները մտքեր են փոխանակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից տարածաշրջան առաքելություն ուղարկելու գլխավոր տնօրենի առաջարկի կյանքի կոչման շուրջ:
20:43 - 08 դեկտեմբերի, 2020
Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված և ավելի քան վեց շաբաթ տևած թուրք-ադրբեջանական ագրեսիայի դադարեցման գործում. ՀՀ ԱԳ նախարար

Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված և ավելի քան վեց շաբաթ տևած թուրք-ադրբեջանական ագրեսիայի դադարեցման գործում. ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը հրապարակել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի բացման խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին:«Հարգելի Սերգեյ Վիկտորի,Հարգելի գործընկերներ,Տիկնայք և պարոնայք,Նախևառաջ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին՝ ի դեմս ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ջերմ ընդունելության և կառուցողական ու բովանդակալից երկխոսության համար:Հատկանշական եմ համարում, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում իմ առաջին այցը կատարում եմ հենց Մոսկվա, ինչը միանշանակ վկայում է Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների բացառիկ բնույթի մասին: Վստահ եմ, որ այսօրվա բանակցությունները նոր խթան կհաղորդեն մեր դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը ու զարգացմանը:Ես և Սերգեյ Լավրովն արդեն մեկ անգամ հնարավորություն ունեցել ենք հանդիպել Երևանում: Մենք նաև մշտական ​​կապ ենք պահպանում տարբեր հարցերի շուրջ, և այսօրվա այցը մեր երկրների, ինչպես նաև մեր ղեկավարած գերատեսչությունների միջև հարաբերությունների՝ արդեն իսկ հաստատված ավանդույթի տրամաբանական շարունակությունն է:Այսօր մենք հանգամանորեն անդրադարձել ենք միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի, առաջին հերթին, իհարկե, տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հարցերին: Բնականաբար, հիմնական շեշտադրումն արվել է վերջին ամիսների ընթացքում մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վրա՝ սույն թվականի նոյեմբերի 9-ին ընդունված համատեղ հայտարարության լույսի ներքո։Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված և ավելի քան վեց շաբաթ տևած թուրք-ադրբեջանական ագրեսիայի դադարեցման գործում: Նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական միջնորդությամբ նոյեմբերի 9-ին հնարավոր դարձավ համատեղ եռակողմ հայտարարության համաձայնեցումն ու ընդունումը, որն ամրագրեց տեղում հրադադարի հաստատումը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը:Ռուս խաղաղապահների ներկայությունը պայմաններ է ստեղծում տարածաշրջանային անդորրի ու կայունության վերականգնման համար և հանդիսանում է Ադրբեջանի, իր տարածաշրջանային հովանավորի՝ Թուրքիայի և վերջիններիս կողմից հավաքագրված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների սադրանքները կանխելու երաշխիք:Ռազմական գործողությունների դադարեցումը հնարավորություն է ստեղծում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերականգնման շուրջ քննարկումներ վերսկսելու համար:Քննարկեցինք նաև հարցերի մի մեծ փաթեթ, որը վերաբերում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական կենսական ենթակառուցվածքների նպատակաուղղված հրետակոծությունների  հետևանքով Արցախում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակին: Մենք շնորհակալ ենք Ձեզ հումանիտար խնդիրների հասցեագրման գործում օպերատիվ և արդյունավետ մասնակցության համար: Այս համատեքստում կարևոր ենք համարում տեղում հումանիտար խնդիրների լուծման նպատակով միջազգային մասնագիտացված կառույցների ներգրավումը:Հումանիտար հարցերի համատեքստում առաջնահերթ խնդիր է, ինչպես արդեն նշեց Սերգեյ Լավրովը, ռազմագերիների և պատանդների անհետաձգելի և անվերապահ փոխանակումը, ինչպես նաև աճյունների անհապաղ վերադարձը: Մենք պատրաստակամություն հայտնեցինք փոխանակումն իրականացնել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով և ակնկալում ենք, որ ադրբեջանական կողմից գործընթացը խափանելու փորձեր չեն լինի:Միևնույն ժամանակ, ադրբեջանական կողմից չեն դադարում  հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքերը։ Մեր ռազմագերիները, իրենց բնակավայրերը լքել չհասցրած քաղաքացիական անձինք ենթարկվում են դաժան կտտանքների և կենդանի վիճակում գլխատման, ճիշտ այնպես, ինչպես Մերձավոր Արևելքում «Իսլամական պետությունն» էր վարվում պատանդների հետ:Աղաղակող են նաև Արցախում հայկական հուշարձանների և կրոնական վայրերի՝ եկեղեցիների և տաճարների նկատմամբ վանդալիզմի և սրբապղծության դրսևորումները: Այս ագրեսիայի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում մենք և միջազգային հանրությունն ականատես եղանք այն հակահայկական քաղաքականության դրսևորումների նոր ալիքի, որով տասնամյակներ շարունակ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունը ներդրել է ադրբեջանական հասարակության մեջ:Ըստ էության՝ Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի գլխավոր հրահրիչ և ոգեշնչող Թուրքիան այսօր էլ շարունակում է վարել տարածաշրջանի համար կործանարար քաղաքականություն: Դա պարտավորեցնում է միջազգային հանրությանը գործի դնել բոլոր հնարավոր լծակները՝ ստիպելու Թուրքիային զերծ մնալ ցանկացած տեսակի գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը:Թուրքիան ամբողջությամբ պետք է դուրս բերի իր զինված ուժերի անձնակազմը և իր հետ փոխկապակցված զինյալ ահաբեկչական խմբավորումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց և ընդհանրապես, Հարավային Կովկասից: Դեռևս չկան օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին հակամարտության գոտուց դուրս բերելու հստակ ազդակներ: Ընդհակառակը՝  առկա են հավաստի տեղեկություններ առ այն, որ Ադրբեջանը ծրագրում է ընդլայնել զինյալ ահաբեկիչների և վարձկանների տարածման աշխարհագրությունը և վերաբնակեցնել նրանց Արցախի օկուպացված շրջաններում։Այսօրվա բանակցությունների ընթացքում ես ևս մեկ անգամ ընդգծեցի Արցախի հարյուր հիսուն հազար բնակչության՝ իր իսկ պատմական հայրենիքում բոլոր իրավունքների վերականգնման և իրացման անհրաժեշտության հրամայականը։Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համատեքստում ցանկանում եմ հստակորեն ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը: Հայաստանը հանդես է եկել, հանդես է գալիս և շարունակելու է հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի ճանաչման դիրքերից:Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և ամուր կարգավորմանը պետք է հասնել բանակցությունների միջոցով՝ հակամարտության կարգավորման համար միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ նշել, որ ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային զարգացումների դինամիկան մեկ անգամ ևս հաստատում են մեր երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առավել սերտ համագործակցության և միջազգային հարթակում այդ փոխգործակցության համակարգման կարևորությունը:Եվս մեկ անգամ հայտնում եմ իմ երախտագիտությունը ջերմ ընդունելության համար. սպասում ենք Ձեզ Երևանում: Շնորհակալություն»։ Հարց. Նոյեմբերի 9-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերը ակնհայտորեն միայն ժամանակավոր քայլ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին։ Արդյո՞ք այս հարցի շուրջ մոտ ժամանակներս նախատեսվում են ավելի բովանդակային քննարկումներ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև կամ նույնիսկ ավելի բարձր մակարդակով, և ե՞րբ կարող են տեղի ունենալ նմանատիպ հանդիպումներ։ Արա Այվազյան. Չէի ասի, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ժամանակավոր է, այն անկյունաքարային հայտարարություն է՝ կրակի և արյունահեղության դադարեցման առումով, և դրանում առկա են փախստականների վերադարձին առնչվող և այլ հարցեր , որոնք ուրվագծում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական չափորոշիչները:Բայց, բնականաբար, հիմնական առաջնահերթ խնդիրները համապարփակ բանակցությունների մաս են կազմում, որոնք կսկսվեն անմիջապես այն բանից հետո, երբ հակամարտության գոտում կլինի իրադրության կայունացում, և եսս կիսում եմ  Սերգեյ Լավրովի այն ​​կարծիքը, որ այս իմաստով որոշակի զգուշավոր լավատեսություն կա: Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի չլինի վերջին երկու ամիսների ընթացքում տեղի ունեցած ողբերգության կրկնություն: Բնականաբար, մենք նաև ընդգծում ենք անցյալ շաբաթ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից համատեղ հայտարարության ընդունման կարևորությունը, ինչը վկայում է հիմնախնդրի հետագա և վերջնական կարգավորման համար այս ձևաչափին ցուցաբերվող միջազգային աջակցության մասին: Մոտ ժամանակներս սպասվում է համանախագահների այց տարածաշրջան, ինչպես նաև արտգործնախարարների և համանախագահների միջև խորհրդակցությունների մեկնարկ, որի արդյունքում, կարծում եմ, ապագայում հնարավոր է հող նախապատրաստել բանակցային նոր գործընթացի մեկնարկի համար:Հարց. Պարո՛ն Այվազյան, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են նպաստել Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների բարելավմանը, և հայտարարել է, որ այդ համաձայնագիրը երեք տասնամյակից անց խաղաղության հասնելու իրական հնարավորություն է: Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել այդ հայտարարությունը։Արա Այվազյան. Ես չեմ պատրաստվում մեկնաբանել Թուրքիայի արտգործնախարարի խոսքերը։ Ես կհիշատակեմ Հայաստանի անկախացումից ի վեր Թուրքիայի գործողությունները՝ սկսելով հարյուրամյա վաղեմության ողբերգությունից՝ Հայոց ցեղասպանությունից: Ցանկանում եմ հիշեցնել, որ հայերի մեծ մասը Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում այն մարդկանց ժառանգներն են, ովքեր վերապրել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը. մենք ունենք պատմական հիշողություն։Հայաստանի անկախության առաջին իսկ օրերից Հայաստանի Հանրապետությունը և նրա իշխանությունները անկեղծ ցանկություն հայտնեցին բարիդրացիական հարաբերություններ հաստատել մեր հարևան Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների։ Ի պատասխան, 1993 թ. մինչ օրս՝ այս ամբողջ երեսուն տարիների ընթացքում, մենք ականատես եղանք մինչ օրս շարունակվող շրջափակմանը, դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու մերժմանը և Հայաստանի նկատմամբ ցուցաբերվող կտրուկ ագրեսիվ մոտեցումանը: Եթե ​​հիշում եք, 2008-2009 թթ. սկսվեց, այսպես կոչված, ֆուտբոլային դիվանագիտության գործընթացը, որը նախաձեռնել էր հայկական կողմը` Թուրքիայի Հանրապետության հետ մեր հարաբերությունները կարգավորելու համար, որն ավարտվեց Ցյուրիխում արձանագրությունների ստորագրմամբ, որոնք, ի վերջո, մնացին թղթի վրա, և Թուրքիան կրկին հրաժարվեց կատարել իր պարտավորությունները՝ օգտագործելով տարբեր քաղաքական պատրվակներ:Վերջերս, ապրիլի 24-ին, երբ Հայաստանը և ամբողջ աշխարհի հայությունը հարգանքի տուրք էր մատուցում Օսմանյան կայսրությունում առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, Թուրքիայի նախագահը հանդես եկավ սադրիչ հայտարարությամբ, որում, սկզբունքորեն, արդարացրեց Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացումը, ինչը իրապես ևս մեկ անգամ հաստատում է Անկարայի` հարաբերությունների կարգավորման պատրաստ չլինելը: Ինչ վերաբերում է վերջին շրջանին, ապա հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարավային սահմանին տեղի ունեցած սրումից հետո Թուրքիան նախագահի, արտաքին գործերի նախարարի, պաշտպանության նախարարի մակարդակներով սկսեց բացահայտորեն սպառնալ Հայաստանի Հանրապետությանը, ընդհուպ մինչև այս տարվա սեպտեմբերի 27-ի Արցախի դեմ ագրեսիայով:Ես արդեն նշել եմ իմ խոսքում, որ կարծում եմ՝ Թուրքիան առանցքային դեր է խաղացել Արցախի դեմ պատերազմի հրահրման գործում, ուղղակիորեն սպառնում էր Հայաստանի Հանրապետությանը և չափազանց բացասական դերակատարություն է ունեցել այս ընթացքում, ներմուծել է զինյալ ահաբեկիչներ, անմիջական մասնակցություն է ունեցել ռազմական գործողություններում՝ անգամ ստանձնելով մրտական գործողությունների հրամանատարությունը, երեք անգամ խափանել է զինադադարի պայմանավորվածությունները: Եթե հիշում եք, հոկտեմբերի 9-ին երկարատև քննարկումներից հետո համաձայնեցվեց առաջին նման փաստաթուղթը, ապա երկրորդը և երրորդը Միացյալ Նահանգներում: Ամեն անգամ այդ համաձայնությունները չեզոքացվում էին հենց Անկարայի բացասական դերի պատճառով:Մենք բոլորս ենք կիսում «նոր Հարավային Կովկասի» մասին տեսլականը. մենք ցանկանում ենք ապրել կայուն, բարիդրացիական մթնոլորտում մեր հարևան պետությունների հետ, բայց դրան հասնելու համար և հաշվի առնելով այն փոքր հատվածը, որ ես թվարկեցի, Անկարան նախևառաջ պետք է վստահություն ձեռք բերի, որը կորցրել էր այս ամբողջ ընթացքում: Եվ մենք կհետևեն թե ինչպիսի միջոցներ կձեռնարկի Անկարան՝ վստահության վերականգնման ուղղությամբ: Միայն դրանից հետո մենք կգնահատենք՝ որքանով անկեղծ են «Հարավային Կովկասի համար նոր դարաշրջանի» մասին նրա խոսքերը:
22:40 - 07 դեկտեմբերի, 2020
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի ելույթը «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով միջազգային համաժողովին

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի ելույթը «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով միջազգային համաժողովին

Արտգործնախարար Արա Այվազյանը ելույթ է ունեցել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով միջազգային համաժողովին։ Ստորև ներկայացված է ելույթն ամբողջությամբ։ Հարգելի՛ նախագահող, Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք սկսել իմ ելույթը՝ սրտանց շնորհավորանքներ հղելով Վիետնամի կառավարությանը և ժողովրդին՝ այս կարևոր միջազգային համաժողովը հյուրընկալելու համար։ Այս տարի լրանում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1325-րդ ուղենշային բանաձևի ընդունման 20-ամյակը, որը խթան հանդիսացավ խաղաղության ձևավորման, հակամարտությունների կանխարգելման և կարգավորման համատեքստում կանանց քաղաքական մասնակցության և տնտեսական հզորացման համար։ Մենք խորապես համոզված ենք, որ կանայք մեծ դերակատարում ունեն խաղաղությանն ուղղված փոփոխությունների առաջնորդման գործում, և անվտանգությանն ուղղված ջանքերն ավելի հաստատուն կարող են լինել, եթե կանայք որպես հավասար գործընկերներ ներգրավվեն հակամարտության կանխարգելման, կարգավորման և վերականգնման, ինչպես նաև կայուն խաղաղության ապահովման գործընթացներում։ Որպես Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ Հայաստանն իր հանձնառությունների շարքում ներառել է ՄԱԿ ԱԽ 1325 «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի Գործողությունների ազգային ծրագրի կիրարկումը՝ դիտարկելով այն կարևոր գործիք հակամարտության գոտիներում բնակվող կանանց պաշտպանությունն ապահովելու և խաղաղության ձևավորման, հետ կոնֆլիկտային վերակառուցման և վերականգնման գործընթացներում կանանց ակտիվ մասնակցությունն երաշխավորելու համար։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանի առաջնահերթություններից են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, գենդերային հավասարության պաշտպանությունը և խթանումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր փուլերում կանանց ակտիվ դերակատարման երաշխավորումը, ՀՀ կառավարությունը 2019թ․ փետրվարին հաստատեց 2019-2021թթ․ Գործողությունների ազգային ծրագիրը և ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների իրականացման ժամանակացույցը։ Այսպիսով, Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի 80-րդ անդամ պետությունը, որն ընդունել էր Գործողությունների ազգային ծրագիր։ Վերջերս Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված ագրեսիան, որը զուգորդվեց Թուրքիայի ամբողջական քաղաքական և ռազամական աջակցությամբ և Թուրքիայի հովանավորությամբ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ, գոյատևման սպառնալիք դարձավ Արցախի 150,000 բնակչության, այդ թվում՝ մեծաթիվ կանանց և երեխաների համար և առաջնային է դարձրեց տուժած բնակչության պաշտպանության խնդիրը։ ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում Ադրբեջանի կողմից սանձազերծված անօրինական, չտարբերակող և անհամաչափ ռազմական գործողությունները և հրետակոծությունը ծանր հարված են հասցրել տարածաշրջանի կենսական քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ ներառյալ ծննդատունը և առողջապահական այլ հիմնարկներ։ Հազարավոր տեղահանված ընտանիքներ բախվել են սննդի, ջրի սակավության և առողջապահական խնդիրների։ Այսօր առկա է անհրաժեշտություն՝ իրականացնելու անհատական սոցիալ-տնտեսական և վերականգնողական ծրագրեր, այդ թվում սոցիալ-հոգեբանական վերականգնում՝ հակամարտության ազդեցությանը ենթարկված բնակավայրերում բնակվող և հարկադրաբար Հայաստան տեղափոխված կանանց և աղջիկների համար։ Հայաստանը՝ որպես Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքի և իրավունքների՝ հավասար, առանց խտրականության և ոչ ընտրովի իրացման վճռական աջակից, ընդգծում է, որ հումանիտար արձագանքի համատեքստում՝ ռազմական գործողություններից տուժած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու հարցում այս սկզբունքի կիրարկումն առանցքային է։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը տուժել է ռազմական գործողություններից և միջազգային կազմակերպությունների ներկայության ու անմիջական ներգրավվածության ապահովման վարանումն անընդունելի է։ Արցախահայերի սոցիալական խնդիրները և Արցախում հումանիտար ճգնաժամը պետք է հասցեագրվեն տեղում՝ երաշխավորելու բնականոն կյանքի արագ վերականգնումը։ Հարգելի՛ նախագահող, Հայաստանը շարունակում է մեծ պատասխանատվություն կրել՝ կանանց իրավունքների հարգման և պաշտպանության երաշխավորման հարցում, և կյանքի է կոչում այս պատասխանատվությունը՝ երաշխավորելով կանանց իրավունքներին վերաբերող միջազգային հիմնարար փաստաթղթերի իրականացումը, այդ թվում՝ Կանանց նկատմամբ բոլոր ձևերի խտրականության վերացման ՄԱԿ-ի կոնվենցիան, Պեկինի հռչակագիրը և գործողությունների ծրագիրը, 2030 թ․ Կայուն զարգացման օրակարգի գլոբալ նպատակները և այլ առանցքային փաստաթղթեր։ Վերոնշյալ փաստաթղթերը հիմք են ծառայում կանանց իրավունքների և գենդերային հավասարության հարցերում տարբեր ազգային ռազմավարությունների ձևավորման համար։
20:36 - 07 դեկտեմբերի, 2020
Անկարան կարիք ունի վերանվաճելու մեր վստահությունը. Արա Այվազյան
 |1lurer.am|

Անկարան կարիք ունի վերանվաճելու մեր վստահությունը. Արա Այվազյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարության մասին, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունը կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: «Ես չեմ պատրաստվում մեկնաբանել Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը: Պարզապես պետք է հիշեցնեմ Թուրքիայի պահվածքը 1991-ից ի վեր: Նաև պետք է անդրադառնամ 100-ամյա իրադարձություններին: Հայաստանում և սփյուռքում ապրող հայերի մեծամասնությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի ուղիղ հետնորդն է: Մենք ունենք պատմական հիշողություն: 1991-ից ի վեր, առաջին իսկ օրվանից, ՀՀ իշխանությունը պատրաստակամություն հայտնեց Թուրքիայի հետ առանց նախապայմանի բարիդրացիական հարաբերություն հաստատել: 1993-ից մինչև հիմա մենք ականատես ենք շրջափակման, դիվանագիտական հարաբերություններ հասատատելուց հրաժարվելու և անցած 30 տարվա ընթացքում Հայաստանի հանդեպ ագրեսիվ վերաբերմունքի»,- ասել է Այվազյանը՝ հիշեցնելով, որ 2008-2009 թթ. հայկական կողմը նախաձեռնել է «ֆուտբոլային դիվանագիտությունը»՝ Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման նպատակով: Նախարարի խոսքով՝ այն ավարտվեց Ցյուրիխում արձանագրությունների ստորագրմամբ, որոնք այդպես էլ մնացին թղթի վրա, քանի որ Թուրքիան հերթական անգամ հրաժարվեց իրականացնել ստանձնած պարտավորությունները՝ օգտագործելով տարբեր քաղաքական պատճառներ: «Այս տարվա ապրիլի 24-ի նախօրեին, երբ ամբողջ հայ ժողովուրդը պետք է նշեր առաջին ցեղասպանության զոհերի հիշատակը օրը, Թուրքիայի նախագահն արեց սադրիչ հայտարարություն, որով, ըստ էության արդարացնում էր Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը: Դա հերթական անգամ ապացուցեց, որ Անկարան պատրաստ չէ հարաբերությունների նորմալացմանը: Էլ չեմ ասում հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած սրացման մասին: Թուրքիան սկսեց բացահայտորեն սպառնալ Հայաստանին՝ նախագահի, ԱԳ և ՊՆ նախարարների մակարդակով: Դա շարունակվեց ընդհուպ մինչև սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ ագրեսիայի մեկնարկը: Ես արդեն նշեցի, որ Թուրքիան հանգուցային դեր խաղաց Արցախի դեմ պատերազմի սանձազերծման գործում, սպառնում էր անմիջականորեն Հայաստանի Հանրապետությանը, խիստ բացասական դեր ունեցավ այդ ամբողջ ընթացքում, ներմուծեց վարձկան ահաբեկիչներին: Թուրքիան նաև անմիջական մասնակցություն էր ունենում մարտական գործողություններին՝ հաճախ իր ձեռքը վերցնելով դրանց ղեկավարումը: Երեք անգամ վիժեցրեց մարտական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունները: Առաջին անգամ, հիշում եք, այստեղ երկարատև բանակցությունից հետո ձեռք բերվեց առաջին պայմանավորվածությունը: Հետագայում նաև ԱՄՆ և Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերվող պայմանավորվածությունները խաթարվում էին հենց Անկարայի բացասական դերակատարության պատճառով»,- հավելել է նախարարը: Այվազյանի խոսքով՝ մենք, իհարկե, ցանկանում ենք ապրել խաղաղ տարածաշրջանում և բարիդրացիական հարաբերություններ ունենալ մեր բոլոր հարևանների հետ, սակայն կարծում է՝ դրան հասնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել իր թվարկածի թեկուզ մի փոքր մասը: «Անկարան կարիք ունի վերանվաճել մեր վստահությունը, որը կորել էր այս ամբողջ ժամանակի ընթացքում: Կտեսնենք, թե ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ միջազգային հանրության վստահությունը վերականգնելու ուղղությամբ ինչ քայլեր է ձեռնարկում Անկարան: Դրանից հետո միայն կգնահատենք, թե որքանով են անկեղծ նրա խոսքերը Հարավային Կովկասի նոր փուլի վերաբերյալ»,- եզրափակել է խոսքը նախարարը:
19:38 - 07 դեկտեմբերի, 2020
Թուրքիան այսօր էլ շարունակում է վարել տարածաշրջանի համար կործանարար քաղաքականություն. Արա Այվազյան

Թուրքիան այսօր էլ շարունակում է վարել տարածաշրջանի համար կործանարար քաղաքականություն. Արա Այվազյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի խոսքը ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը: «Թուրքիան՝ որպես Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի գլխավոր հրահրիչ և ոգեշնչող այսօր էլ շարունակում է վարել տարածաշրջանի համար կործանարար քաղաքականություն: Դա պարտավորեցնում է միջազգային հանրությանը գործի դնել բոլոր հնարավոր լծակները` ստիպելու համար Թուրքիային զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը:  Թուրքիան պետք է դուրս բերի իր զինված ուժերի անձնակազմը և նրա հետ փոխկապակցված զինյալ ահաբեկչական խմբավորումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց և ընդհանրապես Հարավային Կովկասից: Դեռևս չկան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների դուրսբերման հստակ ազդակներ: Ընդհակառակը՝ առկա են հավաստի տեղեկություններ այն մասին, որ Ադրբեջանը ծրագրում է ընդլայնել զինյալ ահաբեկիչների և վարձկանների տարածման աշխարհագրությունը և նրանցով վերաբնակեցնել Արցախի օկուպացված շրջանները»,- ասել է Արա Այվազյանը:  
16:46 - 07 դեկտեմբերի, 2020
ՀՀ և ՌԴ արտգործնախարարները քննարկել են ԼՂ-ում մարդասիրական արձագանքման կենտրոն ստեղծելու հարցերը |armenpress.am|

ՀՀ և ՌԴ արտգործնախարարները քննարկել են ԼՂ-ում մարդասիրական արձագանքման կենտրոն ստեղծելու հարցերը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը և Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում մարդասիրական արձագանքման կենտրոն ստեղծելու հարցերը: Այս մասին նախարարների համատեղ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում ասաց ՌԴ արտգործնախարարը: «Մենք խոսել ենք հումանիտար արձագանքման կենտրոն ստեղծելու հարցերի մասին: Դա նախագահ Պուտինի նախաձեռնություն է: Մենք առաջարկել ենք այդ կենտրոնը դարձնել միջազգային` Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ: Հիմա քննարկվում են այդ նախաձեռնության գործնական հարցերը: Դրա իրականացման գործին կմասնակցեն բազմաթիվ ռուսական նախարարություններ և գերատեսչություններ»,- ասաց Լավրովը: ՌԴ արտգործնախարարը հայտնեց, որ հայ գործընկերոջ հետ բանակցություններն անցել են ավանդական ջերմ և դաշնակցային, ռազմավարական-գործընկերային մթնոլորտում: 
16:11 - 07 դեկտեմբերի, 2020
Լավրովը պայմաններ է տեսնում Հարավային Կովկասը կայունության և բարգավաճման տարածաշրջան դարձնելու համար |armenpress.am|

Լավրովը պայմաններ է տեսնում Հարավային Կովկասը կայունության և բարգավաճման տարածաշրջան դարձնելու համար |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախադրյալներ է տեսնում Հարավային Կովկասի տարածաշրջանը հակասությունների գոտուց կայունության և բարգավաճման տարածաշրջանի վերածելու համար: Այս մասին Լավրովն ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ Մոսկվայում կայացած ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում: «Մենք նոր ենք դուրս գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեժ փուլից: Ուզում եմ նշել կարևորությունը այն համատեղ հայտարարության, որը ստորագրվեց Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի նախագահի միջև նոյեմբերի 9-ին և դադարեցրեց պատերազմը, ապահովեց պայմանավորվածություններ, որոնք թույլ են տալիս փախստականներին վերադառնալ իրենց օջախները, ապաշրջափակել բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Մենք կարող ենք Հարավային Կովկասը հակասությունների տարածաշրջանից վերածել կայունության և բարգավաճման տարածաշրջանի այնտեղ ապրող բոլոր ազգերի համար: Մենք ամեն կերպ կաջակցենք այս ուղությամբ ընթանալուն»,- ասաց Լավրովը: Նա Հայաստանի ԱԳ նախարարին իր ցավակցությունները փոխանցեց նաև Սպիտակի երկրաշարժի տարելիցի կապակցությամբ: «Այս մակարդակով իմ առաջին այցի ընտրությունն ամբողջովին համապատասխանում է հայ-ռուսական հարաբերությունների ոգուն, որը հիմնված է խորը կապերի, բազմադարյա բարեկամության և մեր եղբայրական ժողովուրդների ավանդույթների վրա: Ուզում եմ Ռուսաստանին և անձամբ ձեզ շնորհակալություն հայտնել այս տարվա սեպտեմբերի վերջին Ադրբեջանի կողմից` Թուրքիայի և Մերձավոր Արևելքից վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ, Արցախի նկատմամբ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմում կրակի դադարեցման ձեր ջանքերի համար»,- նշեց Այվազյանը: ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական կրոնական կոթողների պահպանման կարևորությանը: 
15:31 - 07 դեկտեմբերի, 2020
ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը Մոսկվա է մեկնում հարուստ օրակարգով
 |1lurer.am|

ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը Մոսկվա է մեկնում հարուստ օրակարգով |1lurer.am|

1lurer.am: Դեկտեմբերի 7-ին ՀՀ և ՌԴ արտգործնախարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպման և բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ գծով, ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ, ՍԾՏՀ և այլ միջազգային հարթակներում դիրքորոշումների համաձայնեցման հիմնահարցերի ամբողջ շրջանակը: Տեղի կունենա կարծիքների առարկայական փոխանակում միջազգային և տարածաշրջանային թեմաների վերաբերյալ: Կքննարկվի Ռուսաստանի ու ՀՀ արտգործնախարարությունների 2020-2021 թվականների խորհրդակցությունների ծրագրի կատարումը: Հանդիպման օրակարգի առանցքային թեմաներից մեկը լինելու է ՌԴ և Ադրբեջանի նախագահների և ՀՀ վարչապետի միջև նոյեմբերի 9-ի հայտարարության գործնական իրականացումը: Հումանիտար օգնություն ցուցաբերելու, ենթակառուցվածքները վերականգնելու, տրանսպորտային միջանցքներն ապաշրջափակելու գործընթացը կքննարկվի այս տարվա նոյեմբերի 21-ին ՌԴ-ի միջգերատեսչական պատվիրակության՝ Երևան և Բաքու կատարած այցերից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում: Կողմերը կանդրադառնան ՌԴ նախագահ Պուտինի այս տարվա նոյեմբերի 13-ի հրամանագրի համաձայն մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծման հետ կապված հարցերին, որի աշխատանքներին ներգրավված են մի քանի տասնյակ ՌԴ նախարարություններ, գերատեսչություններ և գործակալություններ: Այցը կդառնա ռուս-հայկական հագեցած քաղաքական երկխոսության տրամաբանական շարունակությունը, որն ուղղված է երկու երկրների սերտ համագործակցության հետագա զարգացմանը քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում, այդ թվում` հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների ավարտից հետո տարածաշրջանում առաջացած նոր իրողությունները:   «Մոսկվայի և Երևանի միջև հաստատվել է արտաքին քաղաքականության արդյունավետ համակարգում համաշխարհային և տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերի վերաբերյալ՝ ունիվերսալ ու մասնագիտացված միջազգային կազմակերպությունների`ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՍSՀԿ-ի և այլ բազմակողմ ձևաչափերի շրջանակում: Ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության զարգացման դրական դինամիկան ապահովվում է բարձր մակարդակի ինտենսիվ երկխոսությամբ: Շարունակվում են նաև միջգերատեսչական ակտիվ շփումները, ինչը փոխշահավետ հիմքերով հնարավորություն է տալիս լուծելու համագործակցության հրատապ խնդիրները: Իրականացվում է միջխորհրդարանական համագործակցություն»,- նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
15:34 - 06 դեկտեմբերի, 2020