Արթուր Վանեցյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար։ 

Ծնվել է 1979թ. դեկտեմբերի 8-ին Երեւանում:

1997-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1999թ. ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանը անասնաբուծություն մասնագիտությամբ, 2002թ.՝ ՌԴ դաշնային անվտանգության ծառայության ակադեմիան, 2003թ.՝ Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի եւ իրավունքի ինստիտուտը: 

2000-2003թթ. աշխատել է ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի օպերլիազոր: 2003-2009թթ. աշխատել է ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության ավագ օպերլիազոր, գլխավոր վարչության պետի օգնական, բաժանմունքի պետ, 2009-2016թթ.՝ Երեւանի քաղաքային վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի պետ, 2016-2018թթ.՝ ՀՀ ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության պետի տեղակալ։

2018-2019թթ. եղել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը:

2018-2019թթ. եղել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: 2020 թվականից «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, «Հայրենիք» կուսակցության նախագահը:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

 

Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը լիովին հիմնավորված է. Արթուր Վանեցյան |aysor.am|

Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը լիովին հիմնավորված է. Արթուր Վանեցյան |aysor.am|

aysor.am։ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը լիովին հիմնավորված է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արթուր Վանեցյանը։ Դիտարկմանը, որ հաճախ նշվում է, թե Սանասարյանի գործը «կարված է», ԱԱԾ տնօրենն արձագանքեց. «Հայաստանի Հանրապետությունում 2018թ.-ի ապրիլ ամսին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո որևէ գործ կարելու, գործ սարքելու, նման դեպքեր չեն եղել։ Մենք բոլորս կառուցում ենք իրավական պետություն և Ազգային անվտանգության ծառայությունն այդ գարծում ունի իր առանցքային դերակատարությունը։ Այն մեղադրանքը, որ առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, այս պահին ամբողջովին հիմնավորված է՝ տարբեր մարդկանց ցուցմունքներով, կատարված առերեսումներով։ Չխախտելով պարոն Սանասարյանի անմեղության կանխավարկածը՝ հորդորում եմ բոլորին մի քիչ համբերել, երբ գործը կուղարկվի դատարան ու դուք բոլորդ հնարավորություն կունենաք ծանթանալու բոլոր այն ապացույցների հետ, որոնք ձեռք են բերվել նախաքննության ընթացքում և հանրությունը, լրագրողական միջավայրը, մնացած բոլոր կգնահատեն այդ ապացույցների իսկությունը»։ Անդրադառնալով հարցին, որ Սանասարյանին մեղադրանքի առաջադրումից հետո, գործով բոլոր կալանավորվածներն ազատ են արձակվել, ԱԱԾ տնօրենը նշեց, օրինակ, Դավիթ Ադյանի դեպքում, իրենք դիմել են Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու ազատ արձակման վերաբերյալ որոշումը։ «Ես խնդրում եմ առհասարակ չշահարկել այդ գործը։ Մեծ աղմուկ է ստացել պարոն Սաասարյանի դեմ հարուցված գործը և իրեն մեղադրանք առաջադրելը։ Ես ուզում եմ ասել մեկ բան, ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, պարտավոր եմ իրականացնել օրենքով վերապահված իմ բոլոր լիազորություններն՝ անկախ նրանից, թե մեղադրվող անձը կլինի իմ ազգանկանը, բարեկամը, ընկերը, հարազատը, զինակիցը, եթե խախտել է օրենքը, պիտի կանգնի օրենքի առջև ու պատասխան տա։ Եթե ԱԱԾ աշխատակիցները թույլ կտան անօրինականություններ, նրանք ևս պետք է պատժվեն ու նրանց պատիժը պետք է լինի առավել քան խիստ», - ասաց Արթուր Վանեցյանը։
09:54 - 26 ապրիլի, 2019
Արթուր Վանեցյանի ընտանիքը կապ ունի նավթամթերքի շուկայի հետ

Արթուր Վանեցյանի ընտանիքը կապ ունի նավթամթերքի շուկայի հետ

2019 թվականի մարտի 22-ի թողարկման մեջ «Իրատես» թերթը գրել էր, որ իրենց տեղեկություններով` ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը բենզինի բիզնեսում մասնաբաժին ունի, և ահա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նրան առաջարկել է դուրս գալ այդ ոլորտից, որպեսզի նոր խաղացողներ հայտնվեն այնտեղ։ Նույն օրը, ի պատասխան լրագրողների հարցին, Վանեցյանը հերքել էր այդ տեղեկատվությունը․ «Եթե ես սկսեմ իմ մասին, ինչ գրում են դատի տալ մարդկանց, ուղղակի խայտառակություն կլինի։ Ոչ, ճիշտ չէ, ես հերքում եմ այդ նյութը և խորհուրդ կտամ այդ լրատվամիջոցին ևս հերքումով հանդես գալ, որովհետև ուղղակի օգտագործել իմ անունը, որպեսզի իրենց դիտումներն ու իրենց նյութը շատ կարդացվի, ուղղակի ամոթալի է։ Իմ ընտանիքը որևէ կապ չունի բենզինի և նավթամթերքի շուկայի հետ»: Արթուր Վանեցյանի հոր՝ Գագիկ Վանեցյանի մասնակցությամբ «Էյ Բի Էքսպորտ» ընկերության մասին դեռևս անցած տարվա մայիսին գրվել էր «Հետք»-ի կողմից․ 2016-ի հունիսին Նոր Արեշի բնակիչ Արման Ղազարյանը հիմնադրել է «Էյ Բի Էքսպորտ» ՍՊԸ-ն, որը 2017-ի հոկտեմբերին փոխանցել է Գագիկ Վանեցյանին (50 %) եւ Հարություն Ասատուրի Վարսանյանին (50 %): Ղազարյանը թողել է նաեւ տնօրենի պաշտոնը, որն այդուհետ զբաղեցրել է Տիգրան Հովհաննեսի Վանեցյանը (ըստ էության, Գ. Վանեցյանի եղբորորդին է): Ընդ որում՝ ԱԱԾ տնօրենի հորը պատկանող, վերը նշված «Ավ Գրուպ» ընկերությունը գրանցված է հենց Տիգրան Վանեցյանի տանը: Երեւանի Արցախի փողոցում գրանցված, 100.000 դրամ կապիտալով «Էյ Բի Էքսպորտ» ՍՊԸ-ն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է դիզելային վառելիքի մեծածախ առեւտրով: Անցյալ տարվա հոկտեմբերին aysor.am-ի հարցմանն ի պատասխան ՊԵԿ-ը ներկայացրել է Հայաստան վառելիք ներկրող հիմնական 4 կազմակերպություններին, որոնցից մեկը «Էյ Բի Էքսպորտ» ՍՊԸ-ն է (մյուսներն են «CPS», «Ֆլեշ» եւ «Մաքս պետրոլ» ընկերությունները): «Էյ Բի Էքսպորտ» ընկերությունը 2018 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկում 310-րդն է։ Ուսումնասիրելով ընկերության կողմից վճարված հարկերը պարզ է դառնում, որ ընդհանուր առմամբ վճարվել է 527․992․000 դրամ հարկ (աղբյուրը՝ ՊԵԿ պաշտոնական կայք), որից 37․067․000 դրամը հավաքագրվել է հարկային մարմինների կողմից, 490․925․000 դրամը մաքսային մարմինների կողմից, որից շահութահարկը՝ 20․429․000 դրամ, եկամտահարը՝ 1․128․000 դրամ, ԱԱՀ-ն՝ 331․908․000 դրամ, Ակցիզային հարկը՝ 83․407․000 դրամ, այլ հարկեր և վճարներ՝ 91․030․000 դրամ։ Համադրելով ընկերության վճարած ակցիզային հարկի ընդհանուր չափը մեկ տոննա դիզելային վառելիքի ակցիզային հարկի դրույքաչափի հետ՝ պարզ է դառնում, որ ընկերությունը 2018թ.-ի ընթացքում ներկրել է ընդհանուր առմամբ 6416 տոննա դիզելային վառելիք։ Ընդ որում՝ դրանից 1676 տոննան ներկրվել է II-IV եռամսյակների ընթացքում, այսինքն՝ հետհեղափոխական Հայաստանում։ Հետևաբար Արթուր Վանեցյանի ընտանիքը կապ ունի նավթամթերքի շուկայի հետ՝ առնվազն դիզելային վառելիքի մասով։ Ինչևէ, սպասենք 2019 թվականի առաջին եռամսյակի տվյալներին։
17:35 - 18 ապրիլի, 2019
Իշխանությունը ֆեյք էջեր պահելու վրա գումարներ չի ծախսում.Արթուր Վանեցյան |news.am|

Իշխանությունը ֆեյք էջեր պահելու վրա գումարներ չի ծախսում.Արթուր Վանեցյան |news.am|

news.am: «Դուխով Հայաստան բաց հասարակություն» «ֆեյք» օգտատիրոջ դեմ քրեական օրենսգրքի 226 հոդվածի հատկանիշներով է քրեական գործ հարուցվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։«Քրեական օրենսգրքի 226 հոդվածի հատկանիշներով է քրեական գործ հարուցված «ֆեյք» օգտատիրոջ դեմ, եթե բացեք ու ուսումնասիրեք, ամեն ինչ մեջը գրված է։ Մնացած մանրամասները չեմ կարող հայտնել, որովհետեւ նախաքննության գաղտնիք է»,–ասաց նա։ Հարցին՝ այլ «ֆեյք» օգտատերեր հայտնվել են ԱԱԾ–ի թիրախո՞ւմ, Վանեցյանը ասաց.  «ԱԱԾ–ն նախօրոք չի ասում իր անելիքները, եթե կլինեն, դուք կիմանաք, իսկ այլ կարգավիճակ ունեցող անձինք չկան։ Անանուն հանդես գալը մարդու իրավունքներից մեկն է, որը խախտել որեւէ մեկը իրավունք չունի, այլ բան է, որ մարդը հանդես գալով այլ անձի տվյալներով, փորձում է համացանցում կամ հասարակության շրջանում տարածել տեղեկություն, որի մեջ կա հանցակազմ»։
10:33 - 10 ապրիլի, 2019
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի պատվիրակությանը

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի պատվիրակությանը

Ապրիլի 9-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն գնդապետ Ա. Գ. Վանեցյանն ընդունեց ԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի պատվիրակությանը՝ Կենտրոնի ղեկավարի տեղակալ գեներալ-մայոր Ս. Գ. Դուդկոյի գլխավորությամբ, որը ժամանել է շտաբային բանակցությունների անցկացման նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունում ս.թ. սեպտեմբերին նախատեսվող` ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների՝ «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի նախապատրաստման շրջանակներում: Վարժանքին մասնակցելու են ԱՊՀ մասնակից պետությունների հատուկ ծառայությունները, 102-րդ ռուսական ռազմական բազան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններն ու գերատեսչությունները:Կայացած հանդիպման ընթացքում կողմերը փոխանակեցին կարծիքներ՝ ԱՊՀ մասնակից պետությունների սահմաններին ձևավորվող իրավիճակի և Սիրիայում ու Իրաքում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմից կրած լուրջ կորուստների հետևանքով վերջիններիս ռազմավարությունում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով ի հայտ եկող արդի սպառնալիքների վերաբերյալ: Բացի այդ քննարկվեցին ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների առջև ներկայիս փուլում կանգնած ծրագրերն ու խնդիրները:Կողմերը նշեցին նաև ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարի ոլորտում ՀՀ ԱԱԾ-ի և ԱՊՀ ՀԱԿ-ի միջև փոխգործակցության բարձր մակարդակը:  Ծանոթագրություն. 2006թ. Հայաստանի Հանրապետությունում ՀՀ ԱԱԾ-ի կողմից, ԱՊՀ ՀԱԿ-ի համակարգմամբ, անց է կացվել «Ատոմ-Անտիտեռոր-2006» հակաահաբեկչական վարժանքը, որի ընթացքում մշակվել են Հայկական ԱԷԿ-ի հակաահաբեկչական պաշտպանվածության ուժեղացման հարցերը:
08:10 - 09 ապրիլի, 2019
ԱԱԾ վարչական ռեսուրսն օգտագործվում է ի նպաստ Արթուր Վանեցյանի |fip.am|

ԱԱԾ վարչական ռեսուրսն օգտագործվում է ի նպաստ Արթուր Վանեցյանի |fip.am|

Ազգային անվտանգության ծառայությունը մարտի 28-ին և 30-ին հանդես եկավ երկու հայտարարությամբ։ Մի դեպքում ԱԱԾ պաշտոնական կայքում ներկայացված էր հերքում «Ժամանակ» օրաթերթում և 1in.am կայքում Արթուր Վանեցյանի մասին հրապարակման վերաբերյալ, մյուս դեպքում առկա էր արդեն հստակ պահանջ՝ հերքելու նույն «Ժամանակ» օրաթերթում ԱԱԾ տնօրենին վերաբերող հերթական հրապարակումը։ Նախ փաստենք, որ «Ժամանակ» օրաթերթի հրապարակումները վերաբերում էին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի` ծառայողական պարտականությունների հետ կապ չունեցող գործառույթներին։ Հրապարակման մեջ Արթուր Վանեցյանի անունը շոշափվել է ուրիշի ունեցվածքին տիրանալու, այլոց բիզնեսի մեջ «փայ մտնելու» համատեքստում։ Հաշվի առնելով վերոնշյալ փաստը՝ ընդգծենք, որ ԱԱԾ պաշտոնական կայքի՝ երկու պաշտոնական հայտարարությունների տարածումը և ներկայացված պահանջն ԱԱԾ կողմից վարչական ռեսուրսի չարաշահման օրինակ է: Բացի այդ՝ ԱԱԾ վարչական ռեսուրսը, ի նպաստ տնօրեն Արթուր Վանեցյանի անձնական PR-ի, տարածել է նաև այսօրինակ բովանդակություն. «ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին վերագրվող հերթական ապատեղեկատվությունը, որը որևէ կապ չունի իրականության հետ և վնասում է Նոր Հայաստանի կերտման գործում այն դերակատարությանը, որն այսօր իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունը»: Փաստենք, որ ԱԱԾ գործունեության նույնականացումն ԱԱԾ տնօրենի՝ պաշտոնով չպայմանավորված գործառույթների հետ տեղին չէ։ Հղում կատարելով այսօրինակ իրավիճակների համար միջազգային փորձին՝ նշենք, որ ԱԱԾ տնօրենի՝ ծառայողական պարտականությունների կատարման հետ որևէ կապ չունեցող հրապարակումներին պետք է արձագանքի կա՛մ անձամբ ինքը՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, կամ վերջինիս անձնական փաստաբանը։ Հատկանշական է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որի նախագահն է նաև Արթուր Վանեցյանը, այդօրինակ պահանջներ և հայտարարություններ չի տարածել նշյալ ժամանակահատվածում, թեև դրա իրավունքը ուներ (չուներ) ճիշտ այնքանով, որքանով որ ԱԱԾ-ն։ Հավելենք, որ համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի՝ ԶԼՄ-ից հերքում կարող է պահանջել բացառապես այն անձը, ում մասին եղել է հրապարակումը: «Ժամանակ» թերթի հրապարակումը չի եղել ԱԱԾ-ի մասին և ուրեմն ԱԱԾ-ի՝ հերքման պահանջը ապօրինի է, իսկ այդպիսի պահանջ կարող է ներկայացնել անձամբ Արթուր Վանեցյանը: Ավելին, նշենք, որ միջազգային չափանիշներով Ազգային անվտանգության ծառայության կողմից ԶԼՄ-ի՝ իրեն չհասցեագրված նյութը «ապատեղեկատվություն» որակելը համարվում է գրաքննության տարատեսակ:
12:07 - 02 ապրիլի, 2019
Պահանջում ենք հերքել «Ժամանակ» թերթում ԱԱԾ տնօրենին վերագրվող հերթական ապատեղեկատվությունը. ԱԱԾ

Պահանջում ենք հերքել «Ժամանակ» թերթում ԱԱԾ տնօրենին վերագրվող հերթական ապատեղեկատվությունը. ԱԱԾ

ԱԱԾ-ն պահանջել է հերքել «Ժամանակ» թերթում ԱԱԾ տնօրենին վերագրվող ապատեղեկատվությունը:«Ժամանակ» թերթի և 1in.am կայքի գլխավոր խմբագիր Աստղիկ Սափեյանին Հարգելի՛ տիկին Սափեյան, Այսօր՝ մարտի 30-ին, «Ժամանակ» թերթում և 1in.am կայքում տպագրվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին վերագրվող հերթական ապատեղեկատվությունը, որը որևէ կապ չունի իրականության հետ և վնասում է Նոր Հայաստանի կերտման գործում այն դերակատարությանը, որն այսօր իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունը:Սույն թվականի մարտի 22-ին, լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ ինքն ու իր ընտանիքը երբևէ որևէ առնչություն չեն ունեցել և չեն ունենալու բենզինի ներկրման և նավթամթերքի շուկայի հետ: Ուստի մեզ համար անհասկանալի է ապատեղեկատվություն տարածելու Ձեր դրդապատճառները:Սույնով հերքում ենք հիշատակված հրապարակման մեջ ներկայացված տեղեկատվությունն ամբողջությամբ և «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն պահանջում ենք հրապարակել հերքում:Եվս մեկ անգամ հորդորում ենք ԱԱԾ գործունեության հետ որևէ կերպ առնչվող ցանկացած նյութ հրապարակելուց առաջ ճշտել նաև կառույցի պաշտոնական կարծիքն ու դիրքորոշումն այդ հարցում:Հարգանքով՝ՀՀ ազգային անվտանգությանծառայության տնօրենի օգնական Վ. Բոյաջյան
08:44 - 30 մարտի, 2019
ԱԱԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպանին

ԱԱԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Մարտի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին:  Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով հյուրընկալվելու համար՝ Վանեցյանը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-ամերիկյան փոխգործակցությունն անվտանգության ոլորտում էլ ավելի կակտիվանա և կգրանցվեն նոր ձեռքբերումներ: Իր խոսքում ԱԱԾ տնօրենն ընդգծել է ԱՄՆ տարբեր գերատեսչությունների հետ համատեղ միջազգային ահաբեկչական խմբավորումների, կիբերհանցագործությունների, թմրանյութերի և հոգեմետ դեղերի ապօրինի շրջանառության, զանգվածային ոչնչացման զենքի ու ռադիոակտիվ նյութերի տարածման, անօրինական միգրացիայի, փողերի լվացման և այլ հանցագործությունների դեմ պայքարի կարևորությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ-ի դեսպան Թրեյսին ասել է, որ ամերիկյան կողմի համար շատ կարևոր էր ԱԱԾ տնօրենի հետ հանդիպումը և քննարկումը, թե ինչպես կարող են Միացյալ Նահանգները և Հայաստանը գործակցել կոռուպցիայի և այլ գլոբալ մարտահրավերների դեմ պայքարում: Հանդիպման ավարտին կողմերը նախանշել են համագործակցության հետագա ուղղությունները և հույս հայտնել, որ հանդիպումը նոր շունչ կհաղորդի երկկողմ գործակցությանը:
14:41 - 27 մարտի, 2019
Հայաստանի բյուջե բավականին մեծ գումար է վերադարձվել. ԱԱԾ

Հայաստանի բյուջե բավականին մեծ գումար է վերադարձվել. ԱԱԾ

Հայաստանի բյուջե բավականին մեծ գումար է վերադարձվել: Մարտի 22-ին Պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում՝ բարեփոխումների իրականացման գործընթացի եւ ձեռք բերված արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ, այս մասին ասաց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով՝ այժմ ստուգվում է տարբեր ոլորտներում 234 մլն դրամի չափով միջոցների շրջանառությունը: Վանեցյանը սական, հրաժարվեց հստակեցնել որքան գումար է ընդհանուր նախատեսվում վերադարձնել պետբյուջե, նշելով միայն, որ դրանք «զգալի» կլինեն: «Կանխատեսումներն անելն անշնորհակալ գործ է եւ մենք նաեւ պետք է հասկանանք, որ պետք է աշխատել որոշ արկածախնդիրների կողմից չարաշահումների անթույլատրելիության նպատակով», - հավելեց նա: news.am
10:30 - 22 մարտի, 2019
Աշխատանքներ ենք իրականացնում, որ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող անձիք բացահայտվեն․ Արթուր Վանեցյան

Աշխատանքներ ենք իրականացնում, որ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող անձիք բացահայտվեն․ Արթուր Վանեցյան

ԱԱԾ-ն ամեն բանի մասին չի կարող խոսել, այդ հարցին վարչապետը տվել է իր գնահատականը։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՀՀ-ում կան քաղաքական գործիչներ, որոնք օտարերկրյա գործակալներ են։ «Մենք այդ առումով, բայց ոչ միայն այդ հայտարարության հետ կապված, այլ ընդհանրապես իրականացնում ենք աշխատանքներ, որպեսզի այլ երկրների հատուկ ծառայությունների հետ առնչություն կամ հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող անձիք բացահայտվեն»,- շարունակեց նա։ Ինչ վերաբերում է վարչապետի՝ իրավապահ մարմինների աշխատանքի հետ կապված դժգոհությանը՝ կոռուպցիայի բացահայտման մասով, ԱԱԾ տնօրենն ասաց, թե ինքն էլ դժգոհ է իրավապահ մարմիններից, հատկապես ԱԱԾ աշխատանքից։ «Այն աշխատանքները, որ իրականացրել ենք մեր գործունեության սկզբնական շրջանում, տեսնում եք, որ տեմպի որոշակի նվազում կա։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա դա բացատրվում է նրանով, որ իրավական հիմքերը պետք է լինեն շատ ամուր, որպեսզի մեր կատարված որևէ գործ հետագայում հնարավոր չլինի շահարկել կամ բողոքարկել՝ ասելով, որ մենք գործել ենք քմահաճույքով։ Մենք գործում ենք միայն օրենքով, փորձում ենք անել ամեն բան, որ պահվեն օրենքի բոլոր պահանջները։ Անում ենք ամեն ինչ, կարծում եմ, որ կլինեն մեծ ու հնչեղ բացահայտումներ»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը։ Վերջինս անդրադարձավ նաև իրեն, ՀՔԾ պետին ու վարչապետին գաղտնալսման հետ կապված խնդրին։ Դիտարկմանը, թե որոշ ժամանակ առաջ նա հայտարարել է, որ գաղտնալսման մեջ կասկածվողը հանրությանը հայտի անձ է, արդյո՞ք նա այս պահին կալանավորված է, ԱԱԾ տնօրենը պատասխանեց․ «Գաղտնալսման հետ կապված հարուցված քրեական գործ կա, և ես այդ գործի շրջանակում բան չեմ կարող ասել։ Ինչ ասել եմ, արդեն լսել եք, հիմա մի բան էլ ասեմ, էլի դատի կտան, դրա համար ոչ մի բան չեմ ասի»,- եզրափակեց Արթուր Վանեցյանը։ tert.am
09:52 - 22 մարտի, 2019
«Իմ ընտանիքը որևէ կապ չունի բենզինի կամ նավթի շուկայի հետ».Արթուր Վանեցյան |hetq.am|

«Իմ ընտանիքը որևէ կապ չունի բենզինի կամ նավթի շուկայի հետ».Արթուր Վանեցյան |hetq.am|

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցնում է՝ ապատեղեկատվություն են բոլոր այն հրապարակումները, ըստ որոնց՝ ինքը բենզինի շուկայում խոշոր բիզնես ունի, և վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն է դիմել, որ նա դուրս գա շուկայից՝ հնարավորություն ընձեռելով դաշտում այլ խաղացողների հայտնվելու: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենը: Ըստ Վանեցյանի՝ եթե նա մամուլում իրեն վերաբերող ամեն սուտ հրապարակմանն անդրադառնա ու դատի տա, ապա խայտառակ պատկեր կլինի։«Ո՛չ, ճիշտ չէ, հերքում եմ այդ լուրը, այդ լրատվամիջոցին էլ հորդորում եմ հերքումով հանդես գալ։ Պարզապես օգտագործում են իմ անունը, որ իրենց դիտումները շատ լինի, սա ամոթալի է։ Իմ ընտանիքը որևէ կապ չունի բենզինի կամ նավթի շուկայի հետ»,- ասաց Արթուր Վանեցյանը։ hetq.am
09:41 - 22 մարտի, 2019
Առաջիկայում կլինեն մեծ, հնչեղ բացահայտումներ. Արթուր Վանեցյան

Առաջիկայում կլինեն մեծ, հնչեղ բացահայտումներ. Արթուր Վանեցյան

Առաջիկայում կլինեն մեծ, հնչեղ բացահայտումներ, այսօր Ազգային ժողովում՝ «Ազատության» հարցին ի պատասխան, ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Ազատության» դիտարկմանը, թե վարչապետը դժգոհ է իրավապահ մարմիններից կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, և հարցին, թե ինչո՞ւ նոր բացահայտումներ չկան, Վանեցյանը պատասխանեց. - «Ես էլ եմ դժգոհ իրավապահ մարմինների, հատկապես ԱԱԾ-ի աշխատանքից, որովհետև այն տեմպը և այն աշխատանքները, որոնք մենք իրականացրել ենք մեր գործունեության սկզբնական շրջանում, որոշակի նվազում կա»։ Հարցին, թե ինչո՞վ է դա պայմանավորված, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. - «Բացատրվում է նրանով, որ իրավական հիմքերը պետք է լինեն շատ ամուր, որպեսզի մեր կատարած գործը հնարավոր չլինի հետագայում շահարկեր, բողոքարկել և ասել, որ «մենք գործել ենք քմահաճույքով», մենք գործել ենք միայն օրենքով և փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի օրենքի բոլոր պահանջները պահվեն։ Բայց առաջիկայում կլինեն ևս մեծ հնչեղ բացահայտումներ»։ azatutyun.am
09:09 - 22 մարտի, 2019
ԱԱԾ-ն ուսումնասիրում է «Տրոյկա լվացքատան» մասին «Հետք»-ի հոդվածում նշված փաստերը |hetq.am|

ԱԱԾ-ն ուսումնասիրում է «Տրոյկա լվացքատան» մասին «Հետք»-ի հոդվածում նշված փաստերը |hetq.am|

Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) ուսումնասիրում է «Տրոյկա լվացքատան» մասին «Հետք»-ի հետաքննությունը: Այս մասին խորհրդարանում «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանցյանը: Մեր դիտարկմանը, որ հետաքննության շրջանակներում պարզվել է, որ հայ արտագնա աշխատողների անձնական տվյալներն օգտագործվել են փողերի լվացման նպատակով, արդյոք ԱԱԾ-ն այդ դեպքի առթիվ քրեական գործ հարուցե՞լ է, Վանեցյանն արձագանքեց. «Հարուցված գործ դեռևս չկա, կլինեն ստուգումներ, եթե ի հայտ կգան փաստեր, որ օրենքը խախտվել է, անմիջապես կհարուցվի քրեական գործ, և կիրականացվի նախաքննություն»: Մեր ճշտող հարցին՝ այս պահին ուսումնասիրություններ կա՞ն, Արթուր Վանեցյանն ասաց՝ միշտ են ուսումնասիրություն կատարում: Դիտարկմանը, որ խոսքը «Հետք»-ի վերոնշյալ հետաքննության մասին է, ԱԱԾ տնօրենն ասաց. «Հետքի բոլոր նյութերով զբաղվում ենք»: hetq.am
08:55 - 22 մարտի, 2019
Այլևս հնարավոր չէ գաղտնալսման համար նախատեսված սարքեր ներկրել Հայաստան. ԱԱԾ տնօրեն

Այլևս հնարավոր չէ գաղտնալսման համար նախատեսված սարքեր ներկրել Հայաստան. ԱԱԾ տնօրեն

Հայաստանի Հանրապետություն այլևս հնարավոր չէ ներկրել գաղտնալսման համար նախատեսված սարքավորումներ, այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։ Հանձնաժողովի ղեկավար Անդրադնիկ Քոչարյանը Վանեցյանին ուղղված հարցում նշեց, որ ժամանակին Հայաստանում գաղտնալսելու հնարավորություն ուներ ոչ միայն ԱԱԾ-ն, այլև՝ որոշ այլ պետական կառույցներ ու օլիգարխներ։ «Հարցը մեր ուշադրության կենտրոնում է։ Հավաստիացնում եմ, որ այլևս նման սարքեր չեն կարող ներկրվել։ Նման սարքերի ներկրումը օրենքով է արգելված, ու դրանք ներկրելու լիազորություններ ունեն միայն այն կառույցները, որոնք իրականացնում են օպերատիվ հետախուզական գործունեություն և թե՛ մաքսային հսկողությունը, թե՛ մեր կողմից իրականացվող հսկողությունը թույլ չի տա նման սարքերի ներկրումը Հայաստան», - ասաց Արթուր Վանեցյանը․ Նա նշեց՝ այս պահին հստակ չի կարող պատասխանել՝ արդյոք նախկինում նման սարքավորումներ ներկրվե՞լ են Հայաստան, թե՞ ոչ։ «Հավաստիացնում եմ, որ իրականցնում ենք բոլոր միջոցառումները։ Ունենք որոշակի տեղեկատվություն, որը ստուգման փուլում է ու, եթե կլինեն կոնկրետ արդյունքներ, անմիջապես կհրապարակենք», - ասաց ԱԱԾ տնօրենը։ Անդրադառնալով իր մասնակցությամբ հեռախոսազրույցների գաղտնալսմանն՝ Արթուր Վանեցյանն ասաց, որ գործով քննությունը շարունակվում է. «Գաղտնալսման դեպքով հարուցված է քրեական գործ, Քննչական կոմիտեում և ես այդ գործով անցնող անձ եմ և փաստաթուղթ եմ ստորագրել նախաքննոթյան գաղտնիքը չհայտնելու մասին։ Այդ առումով չեմ կարող որևէ բան ասել»։ aysor.am
08:07 - 22 մարտի, 2019