ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրական մարմին է, որը կոչված է ապահովելու դատական իշխանության անկախությունը եւ բնականոն գործունեությունը։

1. ԲԴԽ-ն`
1) կազմում եւ հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.
2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին, դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին. 
3) ԱԺ-ին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի թեկնածուներին.
4) լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորների լիազորությունների դադարեցման հարցերը։

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաեւ Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

3. Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Խորհրդի գործող նախագահը Ռուբեն Վարդազարյանն է։

Ժողովրդի լեզվով ասած՝ կուտ եմ տվել. Ջհանգիրյանը՝ Վարդազարյանի հետ զրույցի  մասին |news.am|

Ժողովրդի լեզվով ասած՝ կուտ եմ տվել. Ջհանգիրյանը՝ Վարդազարյանի հետ զրույցի մասին |news.am|

news.am: Եթե ամբողջական ձայնագրությունը ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը ներկայացնի, ապա դա նրա համար լուրջ հետևանքներ կարող է ունենալ։ Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։ Ձայնագրության մեջ լսվում է նաև Ջհանգիրյանի կողմից արտահայտած հայհոյանքներ, որոնց առնչությամբ նա ներողություն խնդրեց. «Ես ուզում էի հայցել մեր մայրերի, քույրերի, կանանց, աղջիկների ներողամտությունը, որ հակառակ իմ կամքի, այլ լսարանում, փակ միջավայրում, տղամարդկանց շրջապատում որոշ անվայելուչ արտահայտությունների համար. իմ վրիպման արդյունքում հանրայնացվեցին, ես զղջում եմ։ Այդ արտահայտություններն իրենց, իրենց լսարանի համար չէին նախատեսված։ Դա տղամարդկային նեղ շրջանակում ընթացող քննարկման արդյունքում, մտերմիկ զրույցի տիրույթում արտաբերած բառեր էին»։ Հարցին՝ արդյո՞ք Վարդազարյանի հետ հանդիպումը տևել է 15 րոպե, Ջհանգիրյանը պատասխանեց, որ հանդիպումը տևել է մոտ 2 ժամից ավելի. «Ես վստահ եմ՝ առաջին իսկ վայրկյանից այդ ձայնագրությունը կա, ուղղակի այդ 14 րոպեն ծաղկաքաղ է արված։ Եթե դա սեղանի զրույց է, որտեղ նստած են երեք տղամարդ, և տևում է 2.5 ժամ, բնականաբար միայն մեկը չի խոսում, խոսում են բոլորը։ Թե չէ այստեղ դուրս է գալիս, որ ես մոնոլոգ եմ ասում, և այդ տպավորիչ բառերն էլ իրար հետևից ասում եմ»։ Ջհանգիրյանն ասաց, որ Վարդազարյանը հրաժարվել է այդ ձայնագրության ամբողջական տարբերակը տրամադրել ԲԴԽ անդամներին. «Երբ ես մտաբերում եմ այն թեմաները, որոնք այնտեղ քննարկվել են… այնտեղ բավականին հետաքրքիր թեմաներ կան, որոնք բացարձակ ձեռնտու չեն պարոն Վարդազարյանին՝ հանրայնացվելու տեսանկյունից։ Ես չեմ ուզում նախապես որևէ մեղադրանք հնչեցնել, որովհետև կարծում եմ՝ այդ ծաղկաքաղ արված ձայնագրությունն ուղարկված է համապատասխան քննչական մարմնին՝ ուսումնասիրելու համար։ Կարծում եմ՝ հետագայում առիթ կլինի այդ հարցերին անդրադառնալու»։ Հարցին՝ արդյո՞ք պատրաստվում է հրաժարական ներկայացնել, Ջհանգիրյանը պատասխանեց. «Ես իմ կյանքում երեք անգամ հրաժարական եմ տվել իմ զբաղեցրած պաշտոններից. մեկը 1997 թվականին Արդարադատության նախարարի առաջին տեղակալն եմ եղել, կամավոր հրաժարական եմ ներկայացրել, մյուսը 2000 թվականին եղել եմ Զինվորական դատախազը, դատախազական հսկողություն եմ իրականացրել հոկտեմբերի 27-ի հանցագործությունը քննող քննչական խմբի նկատմամբ և հրաժարական եմ ներկայացրել երկրորդ նախագահին, որը չի ընդունվել, և երրորդը՝ 2008 թվականին իմ աշխատասենյակից ուղղակի եկել եմ հրապարա, միացել եմ համաժողովրդական շարժմանը, հասկանալով, որ հաջորդ իսկ օրը պետք է ազատվեի զբաղեցրածս պաշտոնից։ Երբեք որևէ քաղաքական ուժի, դաշինքի պարտադրանքի արդյունքում երբեք հրաժարական չեմ տվել»։ Հարցին՝ արդյո՞ք իր կողմից արված որոշ հայտարարություններ չեն ստվերում դատական համակարգում արվող բարեփոխումները, Ջհանգիրյան արձագանքեց. «Ուզում եմ՝ հիշենք, թե ինչ պայմաններում եմ ես ընտրվել ԲԴԽ անդամ, դա նոյեմբերյան իրադարձություններից հետո էր, հիշում եք Կառավարության շենքի գրավումը, մասսայական անկարգությունները, կառավարական կեցավայրի ջարդուփշուրը, ԱԺ նախագահի նկատմամբ հաշվեհարդարը և այդ բոլոր մեղադրյալներին երբ տանում էին համապատասխան խափանման միջոց ընտրելու համար դատարաններ, հիշում եք նաև Ռուբեն Վարդազարյանը կոչ արեց՝ եկել է ժամանակը, որ դուք ապացուցեք և այլն։ Կարծես թե բոլոր մեղադրյալներն ազատվեցին, որևէ մեկի նկատմամբ կալանք չընտրվեց։ Ավելին, շատերի մեղադրանքների հիմնավոր կասկածները հերքվեցին։ Պատահական չէ, որ այդ գործերով ընդամենը երկու կամ երեք մարդ է ենթարկվում քրեական պատասխանատվության»։ Ճշտող հարցին՝ արդյո՞ք այդ գործընթացը կազմակերպել է Ռուբեն Վարդազարյանը Ջհանգիրյանն ասաց. «Ես այդպիսի բան չասեցի, ես նկարագրում եմ իրավիճակը, երբ ես համաձայնություն եմ տվել, եկել եմ և ԱԺ-ն ինձ ընտրել է ԲԴԽ անդամ։ Հիշում եք այդ ժամանակ հասարակական-քաղաքական գործիչների գնահատականները դատական իշխանության մասին։ Այսինքն՝ ակնհայտ էր, որ մեր ամբողջ դատական համակարգը խրված էր քաղաքական գործընթացների մեջ։ Դա կատարվում էր ԲԴԽ նախագահի պաշտոնավարման ընթացքում, նա երբեք դրան դեմ չի արտահայտվել»։ Ջհանգիրյանը պնդեց՝ ինքն էր իր առաջ խնդիր դրել, որ Ռուբեն Վարդազարյանը կամավոր հրաժարական ներկայացնի. «Պարոն Վարդազարյանն արդեն դատական համակարգը մտցրել էր բացահայտ հակադրման մեջ գործադիր և օրենսդիր իշխանության հետ։ Ես գնացել եմ բանակցությունների»։ Հարցին՝ ո՞վ էր իրեն լիազորել՝ գնալ Վարդազարյանի հետ բանակցությունների, Ջհանգիրյանն ասաց. «Ես, ինձ ո՞վ կարող էր լիազորել։ Ես եմ գնացել բանակցությունների պարոն Վարդազարյանի հետ։ Քանի որ մեր հարաբերություններն արդեն լարված էին, թեև ինքը եղել է իմ ուսանողը, բայց նույնիսկ մինչև իմ ընտրվելը, ինքն արդեն ասում էր, որ ես իրավունք չունեմ և այլն։ Ես բազմաթիվ հանցագործների հետ եմ զրուցել, համոզել եմ ընդունել իրենց մեղքը, դու կիրառում ես հոգեբանական հնարքներ, օրինակ՝ դա ի՞նչ պաշտոն է, որ դու տենց կառչած ես դրանից, խելոք մարդը պիտի հասկանա, չէ՞, եթե այդպես է՝ ես ինչո՞ւ եմ այդ պաշտոնին նստել. այսինքն՝ որպեսզի նա հեշտության տրվի այդ հորդորին, դիմում գրի, ազատվի, ես նրա աչքում նսեմացնում եմ իր զբաղեցրած պաշտոնը»։ Անդրադառնալով ձայնագրության մեջ Ջհանգիրյանի այն խոսքին, թե «վզիս դրված է», և այն դիտարկումներին՝ այդպիսով պարզ է դառնում, որ գործադիրի թելադրանքներն է կատարում ինքը, Ջհանգիրյանն արձագանքեց. ««Վզիս դրածը», կոպիտ ասած, «իմ ճիտին պարտքն է», այսինքն՝ ես ինքս ստանձնել եմ կամավոր բարեփոխման ընթացքի կատարումը տեսական հիմքերի շարադրումը, դա ես ստանձնել եմ 1990 թվականից։ Որ ասում եմ՝ «վզիս դրած» է, ես նկատի ունեմ, որ դա իմ առաքելությունն է, իմ կոչումն է, ոչ թե մեկն ինձ պարտադրել է»։ Անդրադառնալով քրեական գործեր կարճելու մասին իր հայտարարությանը՝ Ջհանգիրյանն ասաց. «Դրանք հոգեբանական հնարքներ են։ Կուտ եմ տվել՝ ժողովրդի լեզվով ասած։ Ես ո՞նց եմ հարուցել կամ կարճել տալիս այդ քրեական գործերը. իմ լիազորություններից դուրս բաներ են»։ Հիշեցնենք, որ Վարդազարյանը հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ձայնագրություն է հրապարակել իր, Գագիկ Ջհանգիրյանի և ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ նախորդ տարվա փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։ 
23:45 - 23 հունիսի, 2022
Ռուբեն Վարդազարյանի՝ ԲԴԽ նախագահի լիազորությունները դադարեցվեցին էական կարգապահական խախտման հիմքով
 |tert.am|

Ռուբեն Վարդազարյանի՝ ԲԴԽ նախագահի լիազորությունները դադարեցվեցին էական կարգապահական խախտման հիմքով |tert.am|

tert.am: Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց որոշումը ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ։ Որոշումը հրապարակեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը․«Քննության առնելով Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը կազմող Հանձնախմբի կողմից ներկայացված միջնորդությունն ու կից ներկայացված փաստաթղթերը, և ղեկավարվելով Սահմանադրությամբ ու սահմանադրական օրենքներով, ԲԴԽ–ն որոշել է Հանձնախմբի միջնորդությունը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ բավարարել, ԲԴԽ– անդամ, նախագահ, Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է»։ Որոշումը ստորագրել են ԲԴԽ անդամներ Գագիկ  Ջհանգիրյանը, Գրիգոր Բեքմեզյանը, Դավիթ Խաչատուրյանը, Մեսրոպ Մակյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Ստեփան Միքայելյանը, Անի Մխիթարյանը, Սերգեյ Չիչոյանը և  Վիգեն Քոչարյանը։ Հատուկ կարծիքներ ունեն Մեսրոպ Մակյանն ու Չիչոյանը, դեմ է Անի Մխիթարյանը և ունի հատուկ կարծիք։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները մինչև այժմ կասեցված էին։
14:26 - 23 հունիսի, 2022
ԲԴԽ-ն Ջհանգիրյանի փոփոխության հարց դեռ չի քննարկում
 |azatutyun.am|

ԲԴԽ-ն Ջհանգիրյանի փոփոխության հարց դեռ չի քննարկում |azatutyun.am|

azatutyun.am: Աղմկահարույց ձայնագրության հրապարակումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի փոփոխության հարց չի քննարկում։ Համենայն դեպս մինչ այս պահը կարգապահական վարույթ հարուցելու որևէ նախաձեռնություն չկա, «Ազատությանը» փոխանցեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը՝ հավելելով, որ խորհրդում այսօր քննարկել են ձայանգրությունը ու ստացել պարզաբանումներ։ «Տվյալ պահի դրությամբ որոշակի կասկածներ, այսպես ասած, փարատվել են մեր մոտ։ Այո՛, մենք հանդիպման մասին անցած տարի իմացել ենք, որ նման հանդիպում է եղել, խորհրդի նիստում այդ հարցը բարձրաձայնվել է, թե ինչ բովանդակություն է եղել և ինչ են քննարկել, մենք չենք իմացել», - ասաց Բեքմեզյանը։ Ջհանգիրյանի լիազորությունների դադարեցում հնարավոր է կարգապահական վարույթ սկսելու միջոցով, ինչի համար անհրաժեշտ է ԲԴԽ 10 անդամից առնվազն երեքի ստորագրությունը։ Այս պահին, սակայն, ինչպես ԲԴԽ անդամ Բեքմեզյանը փոխանցեց, նման հարց չի քննարկվում։ «Նման հարց չի քննարկվել։ Պարոն Ջհանգիրյանը մեզ տվել է պարզաբանումներ, բացատրություններ, որոնք էս պահին այն, ինչ-որ մենք ունենք, մեզ բավարար է։ Ամբողջական պատկերցում կազմելու համար, մեզ պետք է ամբողջական ձայնագրությունը», - ասաց Բեքմեզյանը։
16:10 - 21 հունիսի, 2022
Նման վարքագիծ ու արարքներ թույլ տված բարձրաստիճան պաշտոնյա Ջհանգիրյանն այլևս չի կարող պաշտոնավարել. «Հայաստան» դաշինք

Նման վարքագիծ ու արարքներ թույլ տված բարձրաստիճան պաշտոնյա Ջհանգիրյանն այլևս չի կարող պաշտոնավարել. «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակած ձայնագրության մասին հայտարարություն է տարածել, որում ասվում է․  «Այսօր Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է ձայնագրություն, որի արժանահավատությունը կասկածի տակ չի դրել կողմերից եւ ոչ մեկը։ Ձայնագրությունը պարունակում է հանցանքի ակնհայտ տարրերի, ՍԴ կազմի նկատմամբ ապօրինի միջամտության համեմատականներ, քրեական գործերին միջամտությունների և կոնկրետ պահանջների չկատարման դեպքում սպառնալիքների փաստեր։ Այդ հանգամանքները պետք է քննության առարկա դառնան այն իրավապահ մարմինների կողմից, որոնց, փաստացի, ըստ հրապարակված ձայնագրության, պարտադիր կատարման ցուցումներ է կարողանում տալ Բարձրագույն դատական խորհրդի հայտնի անդամը՝ Գագիկ Ջհանգիրյանը։ Ձայնագրությունը նաև պարունակում է քաղաքական գործունեությանը միջամտելու խոստում, և դրա հետևանքները փաստացի արձանագրված են միջազգային հանրության կողմից իբր արդար ու թափանցիկ խորհրդարանական ընտրություններով։ Սույնով «Հայաստան» դաշինքն արձանագրում է․ 1. խորհրդարանական վերջին ընտրությունների լեգիտիմիության բացակայությունը, որը մեր կողմից քանիցս հիմնավորվել էր, այլեւս հաստատվում է նաև դատական համակարգի հստակ կանխակալ տրամադրվածության, միջամտության անհերքելի փաստով,2. նման վարքագիծ ու արարքներ թույլ տված բարձրաստիճան պաշտոնյա Գագիկ Ջհանգիրյանն այլևս չի կարող պաշտոնավարել,3. ակնհայտ է, որ Հայաստանում առկա է մեկ մարդու բռնապետություն, որով պայմանավորված է իրավապահ համակարգի համակարգային կախվածությունն ու քաղաքականացումը։ Ստեղծված իրավիճակից միակ ելքը օրվա իշխանությունների անհապաղ հեռացումն է»։
16:57 - 20 հունիսի, 2022
Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե․ Դատախազություն

Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե․ Դատախազություն

Այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակվել է ձայնագրություն իրեն վերաբերող քրեական գործի որոշ հանգամանքների վերաբերյալ, հայտնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների և համացանցային տեղեկատվական ռեսուրսների մշտադիտարկման արդյունքում այդ ձայնագրությունը վեր է հանվել և դրանում առկա՝ քրեական գործով Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման գործընթացում առերևույթ ապօրինի միջամտության հնարավոր հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նկատի ունենալով, որ քննարկվող քրեական գործով, որի շրջանակներում Ռ. Վարդազարյանի նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում, նախաքննությունը կատարվել է նախկին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից, ով ներկայում շարունակում է աշխատել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, իսկ տվյալ քրեական գործը հարուցվել է ներկայիս ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնն զբաղեցնող անձի հաղորդման հիման վրա:Հանձնարարվել է նաև ապահովել ստւգվող դրվագին առնչվող բոլոր հանգամանքների պատշաճ հրապարակայնություն։ Ինչ վերաբերում է ասուլիսի ընթացքում պարոն Վարդազարյանի կողմից «փազելի տեղն ընկնելու» տրամաբանությամբ արված՝ պաշտոնավարումն ավարտելուց հետո ՀՀ գործող գլխավոր դատախազի կողմից ՀՀ ԲԴԽ-ն ղեկավարելու մասին հայտարարություն-ենթադրություններին, ապա հարկ եմ համարում հստակ պարզաբանել, որ Արթուր Դավթյանի հետ նման հարց չի քննարկվել:
14:42 - 20 հունիսի, 2022
Ռուբեն Վարդազարյանը իր և Գագիկ Ջհանգիրյանի առանձնազրույցի ձայնագրություն հրապարակեց

Ռուբեն Վարդազարյանը իր և Գագիկ Ջհանգիրյանի առանձնազրույցի ձայնագրություն հրապարակեց

Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը ասուլիսի ժամանակ հրապարակեց իր և ներկայումս ԲԴԽ նախագահի լիազորությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի՝ Վարդազարյանի խոսքով 2021 թ.-ի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցի ձայնագրությունը: Վարդազարյանը նշեց, որ խոսքն այն մասին է, որ իրեն առաջարկվել է հրաժարական տալ. «Ով ինձ փոխանցել է առաջարկությունը, իր անունը չեմ տա, բայց ինձ փոխանցվել է վարչապետի անունից: Ես ասել եմ՝ մինչև մարտի 1-ը ինձ ժամանակ է պետք, որովհետև գործուղում ունեմ Մոսկվա, ամսի մեկին ես կհանդիպեմ վարչապետին, ու եթե հրաժարականի պահանջ կա, այդ մարդը պետք է ինձ ասի, ոչ թե փոխանցի երրորդ, չորրորդ անձանց միջոցով»:  Ինչպես ասուլիսի ընթացում նշեց Վարդազարյանը, այդ հանդիպումը չի կայացել: Ռուբեն Վարդազարյանի մեկնաբանմամբ ձայնագրությունում Ջհանգիրյանը ասում է իրեն հրաժարական ներկայացնել մինչև մարտի մեկը, և այդ դեպքում իր նկատմամբ քրեական գործ չի հարուցվի, իսկ դրանից հետո ինքը՝ Ջհանգիրյանը, որևէ այլ բան, քան քրեական հետապնդում չի երաշխավորում. «Իսկ մինչև ամսի մեկը հրաժարական տալու դեպքում, լսեցիք, որ երաշխավորում է՝ ոչ մի հետապնդում չի լինելու: Հարցին, թե ես օրեր առաջ ինչը մերժեցի, որ իմ ֆեյսբուքյան էջում տեղադրեցի, հետևյալն էր. առաջարկ էի ստացել Ջհանգիրյանի անունից հետևյալի վերաբերյալ, որ մինչև ժամը 12-ը եթե ես հրաժարական տամ, ապա կվերադառնամ, կդառնամ դատավոր, կաշխատեմ որպես ԲԴԽ անդամ՝ Ջհանգիրյանի նախագահության դեպքում, և որևէ կարգապահական վարույթ չի լինի: Այսինքն՝ ստացվում է՝ հրաժարականի դեպքում չկա կարգապահական խախտում, իսկ հրաժարական չտալու դեպքում կա»: Նրա խոսքով՝ «ակնհայտ երևաց և՛ քաղաքական դրդապատճառը՝ ինչու է դա կատարվում, երևաց՝ ոնց է դա կատարվում, ինչ են առաջարկել»: Վարդազարյանի փաստաբան Արամ Օրբելյանը ներկայացրեց իրավական հատվածը: Նա նշեց. «Փաստորեն քննարկվում է անձի՝ աշխատանքից, առնվազն ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, քննարկվում է, որ դա պայմանավորված է, օրինակ, ԲԴԽ նախագահի հայտարարություններով, ձայնագրության տերմինալոգիայով ասած, դիրքավորմամբ: Այսինքն՝ ոչ թե դա խախտում է, խնդիր է, [այլ] ուղղակի դուր չի գալիս, որ գործադիր ու օրենսդիր իշխանություններին պատասխան է հնչում դատական համակարգից: Տեսնում ենք՝ ինչ-որ մարդիկ ինչ-որ գործընթացներում տարբեր շարժառիթներ ունեն... Այս բոլորը ակնհայտորեն ցույց են տալիս, որ և՛ քրեական հետապնդումը՝ այն քրգործը, որը այսօր գնում է, և որի շրջանակներում բողոքարկումներ են տեղի ունենում, և՛ կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացը ունեն մեկ նպատակ՝ հեռացնել ԲԴԽ նախագահին, որ այդ տեղն ազատվի, ու հնարավոր լինի այլ անձի նշանակել»: Վարդազարյանը նշեց, որ գուցե հարց առաջանա, թե ինչու են իրեն ցանկանում հեռացնել, ինչով է ինքը խանգարում Բարձրագույն դատական խորհրդում: Նրա խոսքով միակ խնդիրը հետևյալն է. «Ես կտրականապես դեմ եմ, որ դատարանները կատարեն քաղաքական պատվերներ, և միշտ բուֆերի դեր եմ կատարել դատավորների և այն անձանց՝ կլինեն իշխանությունից, թե ընդդիմությունից, թե հասարակական կառույցից, միջև: Իմ խորին համոզմամբ միակ դրական ելքը, որ կարող է ունենալ դատական համակարգը, ապաքաղաքական լինելն է: Ես ամեն ինչ արել եմ, որ դատարանը հնարավորինս արագ և որակով ապաքաղաքականանա: Այս պատճառով ես ձեռք չեմ տալիս իշխանությանը»: ԲԴԽ՝ լիազորությունները կասեցված նախագահը հայտնեց, որ իր և Ջհանգիրյանի հանդիպումը կազմակերպել է ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը՝ լարվածությունը շտկելու համար. «Իսկ ես քանի որ գիտեի, որ շփվելու եմ մի մարդու հետ, որ կարմիր գիծ չունի, խնդրեցի իմ ընկերներին, տվեցին սարք, որով այս ձայնագրությունը տեղի ունեցավ»:  Նա նշեց, որ ինքը ճիշտ է արել, որ ձայնագրել է խոսակցությունը, որովհետև եթե այլ կերպ պատմեր, իրեն չէին հավատա կամ ապացույցներ կուզեին. «Ինձ մեղադրանք է առաջադրել այն ժամանակ դատավոր Անդրանիկ Սիմոնյանը, որը ձայնագրել է իմ հեռախոսային խոսակցությունը, և, դա տրամադրելով իշխանություններին, դարձել է ԱԱԾ տնօրենի տեղակալ: Նույն իրավիճակն է»: Վարդազարյանը նշեց, որ ինքը վստահ է, որ այս ձայնագրությունն էլ ոչինչ չի փոխելու, ու իր լիազորությունները դադարեցնելու են: Հիշեցնենք՝ Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։ Գործն այժմ դատարանում է։ Վարդազարյանի փաստաբան Արամ Օրբելյանը ասուլիսի ժամանակ մեկնաբանեց ձայնագրությունն ու ասաց, որ հրապարաված զրույցում ոչ թե քննարկվում է Վարդազարյանի՝ հրաժարական տալու կամ չտալու հարցը, այլ այն, որ հրաժարական տալու հարցը արդեն իսկ որոշված է, դրա մասին հայտնել են Վարդազարյանին, բայց որ որոշակի ժամկետից հետո Ջհանգիրյանը այլևս ոչինչ չի կարող անել քրգործ չհարուցելու համար:
13:52 - 20 հունիսի, 2022
ԲԴԽ-ն դեռևս ունի հնարավորություն վերացնելու Ռուբեն Վարդազարյանի արդար դատաքննության իրավունքի պոտենցիալ խախտումը․ Արամ Օրբելյան 
 |tert.am|

ԲԴԽ-ն դեռևս ունի հնարավորություն վերացնելու Ռուբեն Վարդազարյանի արդար դատաքննության իրավունքի պոտենցիալ խախտումը․ Արամ Օրբելյան |tert.am|

tert.am: ԲԴԽ-ն դեռևս ունի հնարավորություն վերացնելու Ռուբեն Վարդազարյանի արդար դատաքննության իրավունքի պոտենցիալ խախտումը  և վարույթը կարող է վերսկսվել։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։ «ՀՀ դատական որևէ ատյանում Ես երբևէ չեմ նկատել, որ կողմերից մեկի բացակայության պայմաններում նիստը շարունակվի՝ առանց կողմի, եթե վերջինս միջնորդել է հետաձգել է նիստը։ Մի քանի դատական նիստի նշանակման պարագայում ներկայանում են ավելի վաղ նշանակված դատական նիստին։ Խնդրում եմ, ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ ՍԴ-ում հունիսի 21-ին պետք է ընթանա ՄԻՊ-ի դիմումի հիման վրա՝ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականության հարցի քննությունը, որը,կառաջացնի կազուս։ Փաստաբանի խոսքով՝ ԲԴԽ անդամի լիազորությունների կասեցում, կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործըթնացը պետք է ունենա միայն մեկ նպատակ՝ բարելավել դատական համակարգի գործունեությունը, երբ ունենում են այլ նպատակներ, ապա դրանք դառնում են ինքնին ապօրինի։  Նշենք, որ ԲԴԽ-ն օրերս քննել է Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը՝ առանց Վարդազարյանի և նրա ներկայացուցչի մասնակցության, թեև փաստաբանը միջնորդել էր հետաձգել դատական նիստը, քանի որ ինքը Կապանում այլ գործերով դատական նիստերի էր։ Մանրամասները՝ տեսանյութում։
13:27 - 20 հունիսի, 2022
Կալանավորումների պատկերը ՀՀ-ում՝ վերջին 14 տարում․ ընդհանուր առմամբ, առկա է նվազման միտում

Կալանավորումների պատկերը ՀՀ-ում՝ վերջին 14 տարում․ ընդհանուր առմամբ, առկա է նվազման միտում

Կալանավորումը, որպես մարդու ազատությանն առավելագույնս միջամտող ամենախիստ խափանման միջոց, պարբերաբար քննարկման առարկա է դառնում այն համատեքստում՝ արդյո՞ք դատարաններն իսկապես ըստ անհրաժեշտության են կիրառում այն, թե՞ որոշ դեպքերում առաջնորդվում են քաղաքական նպատակահարմարությամբ։ Այս տարեսկզբին Ազգային ժողովում հրավիրված հանդիպումներից մեկի ընթացքում եւս դրա վերաբերյալ հայտարարություններ հնչեցին։ Մասնավորապես, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն ասաց, որ 2021 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ուսումնասիրել է վիճակագրական տվյալները, եւ պատկերը ծայրաստիճան  անհանգստացնող է եղել, քանի որ դատարաններ ներկայացված կալանավորման միջնորդությունների 80 տոկոսից ավելին բավարարվել է։ Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Ամիրյանը նշեց, որ այնուհանդերձ, թե՛ վերջին մեկ-երկու, թե՛ շատ ավելի երկար տարիների կտրվածքով կալանավորումների թվի նվազման միտումը հստակ է։ Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը եւս նշեց, որ կալանավորումների թիվը, ըստ Դատախազության տվյալների, նվազում է: Infocom-ը ուսումնասիրեց վերջին տարիներին դատարաններ ներկայացված կալանավորման միջնորդությունների  եւ կալանավորման որոշումների թվային պատկերը՝ ամիսներ շարունակ պետական կառույցներին հարցումներ ուղղելով եւ դրա հավաքման հետ կապված որոշակի խնդիրներ վեր հանելով։  Թեեւ մեր հարցումների արդյունքում հնարավոր չեղավ ամբողջությամբ բացահայտել այդ խնդիրների պատճառները, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք ամբողջական պատկերի մեջ էական փոփոխության չեն հանգեցնում, ինչպես նաեւ այն, որ Դատական դեպարտամենտի վիճակագրություններն ավելի ամբողջական են՝ մենք ուսումնասիրեցինք Դեպարտամենտի՝ 2007-2021 թթ վիճակագրությունները (բացառությամբ 2008 թ․-ի) հասկանալու համար՝ ընդհանուր առմամբ, կալանավորման միջնորդությունների եւ որոշումների թվի ինչ միտում է առկա։ Ըստ վիճակագրական տվյալների՝ վերջին 14 տարվա ընթացքում կալանավորման ամենամեծ թվով միջնորդությունները՝ 3752 հատ, ներկայացվել են 2009 թ․-ին, ամենաքիչ թվովները՝ 1233 հատ՝ 2013 թ․-ին։ Կալանավորման որոշումներ Հայաստանում ամենաշատը կայացվել են 2010 թ․-ին․ դրանց թիվը կազմել է 3434։ Կալանավորման որոշումների ամենացածր ցուցանիշը 1156-ն է․ այն արձանագրվել է 2013 թ․-ին։ Ինչ վերաբերում է մերժումներին, միջնորդություններն ամենաքիչը՝ 69 անգամ, մերժվել են 2007 թ․-ին, իսկ ամենաշատը՝ 2020 թ․-ին․ մերժումների թիվը այդ տարի եղել է 345։  Վիճակագրական ամբողջական պատկերը՝ ստորեւ․ Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե 2007 թ․-ից սկսած յուրաքանչյուր տարի կալանավորման քանի միջնորդություն է ներկայացվել ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններ։     Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե վերջին 14 տարվա ընթացքում ՀՀ դատարաններ ներկայացված կալանավորման միջնորդություններից քանիսն են բավարարվել, քանիսը՝ մերժվել։    Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե վերջին 14 տարվա ընթացքում ՀՀ դատարաններ ներկայացված կալանավորման միջնորդություններից քանի տոկոսն է բավարարվել, քանիսը՝ մերժվել։   Թեմային առնչվող վիճակագրություն առկա է ե՛ւ Դատական դեպարտամենտում, ե՛ւ Գլխավոր դատախազությունում Մեր վեր հանած խնդիրներից առաջինը վիճակագրական տվյալների անհամապատասխանությունն է։ Բանն այն է, որ վիճակագրության վարման պարտականություն ունի ե՛ւ Դատական դեպարտամենտը, ե՛ւ Գլխավոր դատախազությունը։ Մասնավորապես, Դատական դեպարտամենտը վիճակագրությունը վարում է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածով եւ Կառավարության  2018 թվականի դեկտեմբերի 27-ի 1542-Ն որոշմամբ սահմանված կարգով։ Ըստ այդմ, Դեպարտամենտը այն վարում է էլեկտրոնային ձեւով՝ դատարանների աշխատակազմերից կիսամյակային եւ տարեկան հաշվետվություններ ստանալու միջոցով։ Հավաքված վիճակագրական տվյալները Դեպարտամենտը հրապարակում է դատական իշխանության պաշտոնական կայքի համապատասխան բաժնում։ Ինչ վերաբերում է Գլխավոր դատախազությանը, վերջինս հավաքում է ՀՀ հետաքննության եւ նախաքննության մարմինների կողմից ներկայացվող ամսական, կիսամյակային եւ տարեկան հաշվետվությունները, որոնք վարվում են ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 25-ի 204-Ն որոշմամբ սահմանված կարգով։ Հավաքված վիճակագրական տվյալները, ի թիվս այլնի, ներառվում են նաեւ Գլխավոր դատախազի՝ ԱԺ-ին ներկայացվող տարեկան հաղորդումների մեջ։ Այսինքն՝ Դեպարտամենտում հավաքվող վիճակագրական տվյալների սկզբնական աղբյուրը ՀՀ-ում գործող դատարանների աշխատակազմերն են, իսկ Դատախազությունում հավաքվող տվյալներինը՝ հետաքննության եւ նախաքննության մարմինները։ Պետական երկու կառույցներում հավաքվող վիճակագրությունները, սակայն, առնվազն երեք տարիների կտրվածքով տարբեր են։ Դատական դեպարտամենտի մեթոդաբանական առանձնահատկությունները Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակված են դատարանների գործունեության տարեկան հաշվետվություններ՝ սկսած 2007 թվականից։ Խնդիրներից մյուսն էլ այն է, որ դրանցում բացակայում է մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի քննության վերաբերյալ 2008 թվականի հաշվետվությունը։  Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք գրավոր հարցմամբ դիմեցինք Բարձրագույն դատական խորհրդին՝ խնդրելով հայտնել, թե որն է այդ հաշվետվության բացակայության պատճառը, այն երբեւէ չի՞ հավաքագրվել թե՞ բացակայում է տեխնիկական պատճառներով։ Տեխնիկական պատճառներով կայքից բացակայելու, սակայն ինֆորմացիոն կրիչներում պահպանված լինելու դեպքում էլ խնդրեցինք տրամադրել այդ հաշվետվությունը։ Դատական դեպարտամենտի վերլուծության եւ մշտադիտարկման վարչությունից մեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին հետեւյալը․ «Մեր կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր չի եղել պարզել մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի քննության վերաբերյալ 2008 թ․ հաշվետվությունների առկայությունը, հետեւաբար Ձեր կողմից ակնկալվող տեղեկությունը տրամադրել հնարավոր չէ»։ Մեթոդաբանական առանձնահատկություններին վերաբերող մեր հարցումներին ի պատասխան՝ Դատական դեպարտամենտից տեղեկացրին, որ Դեպարտամենտը հաշվառում է հետախուզման մեջ գտնվող անձանց կալանավորելու միջնորդություններն ու համապատասխան որոշումները, սակայն չի հաշվառում կալանավորման վերահաստատման միջնորդություններն ու որոշումները։ Խոսքն այն դեպքերի մասին է, երբ հետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվում է, եւ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու համար դարձյալ միջնորդություն է ներկայացվում դատարան, որի հիման վրա դատարանը նոր որոշում է կայացնում՝ այն բավարարելու կամ մերժելու մասին։ Ըստ Դեպարտամենտի՝ մասնակի բավարարված միջնորդությունները եւս ներառված են բավարարված միջնորդությունների թվում։ Մասնակի բավարարումը նշանակում է, որ անձի նկատմամբ կալանավորում խափանման միջոցն ընտրվում է 1 ամսով, այնինչ, ըստ օրենքի, կալանավորման նախնական ժամկետը 2 ամիսն է։ Լրացուցիչ հարցմամբ ԲԴԽ-ից նաեւ հետաքրքրվեցինք, թե նախկինում, երբ գրավը համարվում էր կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց, եւ դատարանները, անձանց կալանավորելու որոշում կայացնելով, միաժամանակ որոշում էին կայացնում գրավ կիրառելու մասին, ինչպե՞ս էին հաշվառում այդ միջնորդությունները եւ համապատասխան որոշումները։ Նշենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 15-ին Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1480 որոշման ուժով գրավը դադարեց լինել միայն այլընտրանքային՝ դառնալով ինքնուրույն խափանման միջոց։ Ի պատասխան հարցման՝ Դեպարտամենտից հայտնեցին, որ նախքան ՍԴ որոշումը կալանավորման միջնորդությունը եւ գրավի միջնորդությունը հաշվառվում էին առանձին-առանձին, ըստ այդմ, դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ կայացվող որոշումները եւս հաշվառվում էին առանձին-առանձին։ Այսինքն՝ դատարանների կողմից կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության բավարարման դեպքում, երբ միաժամանակ թույլատրելի էր ճանաչվում գրավի կիրառումը՝ որպես այլընտրանքային խափանման միջոց, դրանք հաշվառվում էին որպես առանձին բավարարված միջնորդություններ: Նույն կերպ երբ, օրինակ, դատարանները բավարարում էին կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը՝ միաժամանակ մերժելով գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը, դրանք նույնպես հաշվառվում էին որպես առանձին միջնորդություններ եւ առանձին որոշումներ։ Դատախազության մեթոդաբանական առանձնահատկությունները Ուսումնասիրելով Գլխավոր դատախազի տարեկան հաղորդումները՝ պարզ է դառնում, որ դրանցից որոշների մեջ առկա է ծանուցում այն մասին, որ վիճակագրական տվյալները չեն ներառում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով մեղադրյալների վերաբերյալ տվյալները։ Խոսքը վերաբերում է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելու համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածին։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ գրավոր հարցմամբ դիմեցինք Դատախազությանը՝ հետաքրքրվելով, թե ինչ պատճառով Դատախազության վիճակագրության մեջ չեն ներառվում այս հոդվածով մեղադրյալների վերաբերյալ տվյալները, եւ ո՞ր թվականից սկսած (քանի որ ոչ բոլոր հաղորդումներում է առկա այդ ծանուցումը)։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Դատախազությունից տեղեկացրին, որ ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածով մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերող տվյալները ներառվում են ՀՀ դատախազության կողմից վարվող վիճակագրության մեջ, սակայն ԱԺ ներկայացվող տարեկան հաղորդումների մեջ չեն ներառվում՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված անձանց ներառման դեպքում հնարավոր չի լինի ստանալ կալանավորում խափանման միջոցի կիրառման իրական պատկերը, քանի որ այդ հոդվածով մեղադրյալ ներգրավված եւ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառված անձանց տեսակարար կշիռը զգալիորեն գերազանցում է ՔՕ-ի մնացած հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավված անձանց թվին:  Դրանից բացի, Դատախազությունից հայտնեցին, որ անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ դեպքերի ճնշող մեծամասնությունում ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածով անձը ներգրավվում է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվում է հետախուզում, որից հետո նաեւ դատարաններն են բավարարում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունները: Այսինքն՝ թեեւ կայացվում են այդ անձանց կալանավորելու որոշումներ, սակայն դա պրակտիկայում իրագործելու հնարավորություն չի լինում, քանի որ նրանք գտնվում են հետախուզման մեջ։ Հարկ է նշել, որ այս հանգամանքը կարող է վերաբերելի լինել ՔՕ ցանկացած այլ հոդվածի (իհարկե, տոկոսային այլ հարաբերակցությամբ), քանի որ կալանավորելու որոշումներ կարող են կայացված լինել ՔՕ ցանկացած այլ հոդվածով որպես մեղադրյալ ներգրավված եւ հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ։  «Նման պայմաններում նշված անձանց ներառումը առաջին ատյանի դատարան ներկայացված կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունների թվի եւ դրանց քննարկման արդյունքում առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումների թվի մեջ հնարավորություն չի տա իրական պատկերացում կազմելու ներկայացված միջնորդությունների բավարարման տոկոսային հարաբերակցության, առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ»,- հայտնեցին Դատախազությունից՝ հավելելով, որ այդ հոդվածով մեղադրյալ ներգրավված անձանց տվյալները երբևէ չեն ներառվել ՀՀ դատախազության տարեկան հաղորդումների մեջ։ Խնդրել էինք պարզաբանել նաեւ, թե ոչ ամբողջական վիճակագրության հիման վրա կալանավորման միջնորդությունների քանակի տարեկան աճի կամ նվազման վերաբերյալ ինչպես է Դատախազությունը հաղորդման մեջ եզրահանգումներ անում։ Ի պատասխան հարցին՝ դարձյալ նշեցին, որ նախորդիվ բերված պատճառաբանությունները հիմք ընդունելով՝ հնարավոր չի լինի իրական պատկերացում կազմել ներկայացված միջնորդությունների թվի աճի, դրանց բավարարման տոկոսային հարաբերակցության մասին, եթե դրանում ներառվեն նաև ՔՕ 327-րդ հոդվածով մեղադրյալ ներգրավված անձանց տվյալները: Լրացուցիչ հարցմամբ Դատախազությունից խնդրեցինք հայտնել, թե  2007-2020 թթ ժամանակահատվածում յուրաքանչյուր տարի քանի քրեական գործ է հարուցվել, կալանավորման քանի միջնորդություն է ներկայացվել 327-րդ հոդվածով եւ մնացած հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավված անձանց նկատմամբ, եւ դրանցից քանիսն են բավարարվել, քանիսը՝ մերժվել։ Հարցմանն ի պատասխան՝ Դատախազությունից տեղեկացրին, որ կոնկրետ հարուցված քրեական գործերի եւ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների վերաբերյալ համահավաք տվյալները (բացառությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով) առկա են 2017թ. եւ դրանից հետո հրապարակված հաղորդումներում: Իսկ կոնկրետ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնոդրությունների հետ կապված վիճակագրության համադրությամբ համահավաք տվյալները ՀՀ գլխավոր դատախազությունում առկա են՝ սկսած 2019 թվականից․ «Դա պայմանավորված է ամենամյա հաղորդումները համադրելի եւ համեմատելի ընդհանուր տվյալների հիման վրա կազմելու, այդ նաատակով անհրաժեշտ վիճակագրական տվյալները ըստ ոլորտների հավաքագրելու եւ մշակելու՝ ՀՀ դատախազությունում կատարված մեթոդաբանական բարեփոխմամբ»,- ասված էր պատասխանում։ Ըստ այդմ, Դատախազությունը տրամադրեց 2019, 2020, 2021 թթ հարուցված քրեական գործերի, ինչպես նաեւ՝ առանձին 327-րդ հոդվածով եւ մնացած հոդվածներով կալանավորման միջնորդությունների եւ դրանց արդյունքում կայացված որոշումների վիճակագրական տվյալները։  Դատախազությունից եւս հայտնեցին, որ իրենք հաշվառում են հետախուզման մեջ գտնվող մեղադրյալների կալանավորման միջնորդություններն եւ համապատասխան որոշումները, սակայն կալանավորման վերահաստատման միջնորդություննեը, ըստ այդմ՝ դրանցով կայավող որոշումները չեն հաշվառում։ Թվային աղյուսակը լրացնելու՝ Կառավարության սահմանած կարգից պարզ է դառնում, որ կալանավորումը գրավով փոխարինելու դեպքերը Դատախազությունում եւս հաշվառվել են առանձին-առանձին։ Քանի որ աղյուսակում մասնակի բավարարման առանձին տող չկա, ենթադրվում է, որ այդպիսի բավարարումները եւս ներառվել են ընդհանուր բավարարումների մեջ։ Այնուհանդերձ, Դատախազության տրամադրած՝ 327-րդ հոդվածի եւ մնացած հոդվածների վերաբերյալ վիճակագրական տվյալների հանրագումարը դարձյալ հավասարազոր չէ Դատական դեպարտամենտի տվյալներին։  Օրինակ, ըստ Դատախազության՝ 2019 թվականին ներկայացվել է կալանավորման 1860 միջնորդություն, իսկ ըստ Դեպարտամենտի՝ 1981, 2020 թ․-ին՝  համապատասխանաբար 1890 եւ 1976, իսկ 2021 թ․-ին՝ համապատասխանաբար 1905 եւ 1996։ 2019 թվականին, ըստ Դատախազության, բավարարվել է, կալանավորման 1704 միջնորդություն, իսկ ըստ Դեպարտամենտի՝ 1803, 2020 թ․-ին՝ համապատասխանաբար 1601 եւ 1621, իսկ 2021 թ․-ին՝ համապատասխանաբար 1614 եւ 1659։ 2019 թվականին, ըստ Դատախազության, մերժվել է կալանավորման 156 միջնորդություն, իսկ ըստ Դեպարտամենտի՝ 176։ 2020 թ․-ին մերժվել է համապատասխանաբար 289 եւ 345 միջնորդություն, իսկ 2021 թ-ին՝ 294 եւ 324։ Ըստ Դատախազության՝ թվային այս տարբերությունը կարող է պայմանավորված լինել ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններով Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Ամիրյանը մեր զրույցում ասաց, որ ինչպես ցանկացած պետական մարմնում, այնպես էլ Դատախազությունում վարվում է վիճակագրություն՝ Դատախազության համար ընդունելի մեթոդաբանությամբ, որը կարող է տարբերվել պետական այլ մարմնի կողմից կիրառվող մեթոդաբանությունից։ Սա, ըստ նրա, տարբերության օբյեկտիվ կողմն է։ Դրանից բացի, ըստ Ամիրյանի, պետք է հաշվի առնել, որ վիճակագրությունը, ցավոք, այս պահին վարվում է ձեռքով, ինչը, բնականաբար, մեծացնում է մարդկային գործոնի դերը եւ ավելացնում է սխալվելու ռիսկը․ «Իհարկե, այնպես չէ, որ տվյալ աշխատակիցը դիտավորյալ սխալներ է ներառում, բայց դա դիտարկում ենք սուբյեկտիվ գործոն, եւ այդ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոնների, այսինքն՝ մեթոդաբանության եւ մարդկային գործոնի համակցության պարագայում ինչպես կալանքի, այնպես էլ այլ հարցերում հնարավոր են պետական տարբեր մարմիններ ունենան տարբեր վիճակագրական տվյալներ»։ Կարեն Ամիրյանի խոսքով՝ այս խնդրի հիմնական լուծումը միասնական էլեկտրոնային վիճակագրական տվյալների բազա ստեղծելն է, որպեսզի ապահովվի եւ մեթոդաբանության միասնականությունը, եւ հարյուր տոկոսով բացառվի մարդկային գործոնը․ «Այս երկու խնդիրների լուծման արդյունքում մենք, միանշանակ, կունենանք մեկ միասնական թիվ՝ անկախ նրանից՝ խնդիրը կվերաբերի կալանքի՞ն թե՞ ցանկացած այլ տեղեկության, որին տիրապետում է առնվազն երկու պետական մարմին»։ Մեր հարցին, թե այդ նպատակով Դատախազությունը գործնականում ինչ քայլեր է ձեռնարկում, Կարեն Ամիրյանը պատասխանեց, որ նախեւառաջ բարձրացնում է հարցը միջազգային գործընկերների  հետ հանդիպումների ժամանակ, որոնց գործառույթը այս կամ այն չափով վերաբերում է տվյալ ոլորտին․ «Դրանից բացի, մենք ունենք մեկ միասնական, այսպես կոչված, էլեկտրոնային արդարադատության ներդրման ծրագիր, որի շրջանակներում գուցե նաեւ այս հարցին լիարժեք անդրադարձ կատարվի, այսինքն՝ ե՛ւ պետության միջամտությամբ, այդ թվում՝ ֆինանսական եւ մարդկային, ե՛ւ միջազգային գործընկերների»։ Նշենք, որ Կառավարության 2021-2026 թթ ծրագրի համաձայն՝ Կառավարությունը, ի թիվս այլնի, նախատեսում է մշակել եւ իրականացնել  միասնական տվյալների քաղաքականություն, որի ներքո արդիականացվելու են վարչական տեղեկատվական համակարգերն ու պաշտոնական վիճակագրության կարողությունները:  Իսկ «Դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թթ ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» Կառավարության որոշման համաձայն՝ էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ներդնումը, ի թիվս այլնի, միտված է փոխգործելիության հարթակի շրջանակներում արդարադատության մարմիններում գործող բոլոր էլեկտրոնային համակարգերը եւ տվյալների շտեմարանները միավորելուն եւ վիճակագրական տվյալների հավաքագրումը ապահովելուն։ Դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանը եւս մեր զրույցում նշեց, որ էլեկտրոնային քրեական գործեր ներդնելու նպատակներից մեկն այն է, որ ստեղծվի միասնական վիճակագրություն, եւ քաղաքացին երբ ցանկանա, կարողանա այդ պահի դրությամբ տվյալները ստանալ․ «Այս պահին աշխատանք է տարվում միասնական էլեկտրոնային արդարադատության ներդրման ուղղությամբ, նախատեսում ենք նաեւ միասնական վիճակագրության ներդրում, եւ քննչական մարմինների հետ քնննարկումներ ենք ունենում, որպեսզի հստակեցնենք վիճակագրական ձեւերը, միասնական բազան ստեղծվի, եւ դատախազական ու քննչական տվյալները ներառվեն դրանում»։ Մարուխյանի խոսքով՝ վերջերս ԵՄ ծրագրերի համակարգողի հետ հանդիպման ժամանակ էլ են այս հարցը բարձրացրել՝ խնդրելով, որ ԵՄ վիճակագրության փորձագետը եւս ներգրավվի աշխատանքներում, եւ ստացել են համաձայնություն․ «Կարծում եմ՝ 2023 թ․ հունվարից սկսած մինչդատական քրեական վարույթի շրջանակում դա կունենանք, մյուս տարվա ցուցանիշները արդեն էլեկտրոնային կլինեն, ինչ վերաբերում է դատարաններին, դա, կարծում եմ, կկարողանանք վերջնական լուծել այն փուլից, երբ արդեն դատարաններ էլ քրեական գործերը էլեկտրոնային կուղարկվեն, վիճակագրությունը ամբողջական կդառնա, եւ այլեւս խնդիր չենք ունենա»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ դատարանների հետ տարվող աշխատանքներն էլ կփորձեն մյուս տարվա ընթացքում կազմակերպել։ Այսպիսով, մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ընդհանուր առմամբ, վերջին 14 տարվա կտրվածքով նվազել է թե՛ դատարաններ ներկայացվող կալանավորման միջնորդությունների, թե՛ դատարանների կողմից կայացվող կալանավորման որոշումների թիվը։ Տոկոսային հարաբերակցության մեջ, սակայն, բավարարված միջնորդությունների թիվը մշտապես գերազանցել եւ այսօր էլ շարունակում է գերազանցել մերժվածներին, իսկ բավարարումների՝ նախորդ տարի արձանագրված ցուցանիշը՝ 83․1 տոկոսը, որի շուրջ քննարկում էր ընթանում ԱԺ-ում, համեմատության մեջ ամենացածրերից է։ Բոլոր դեպքերում, կալանավորումների քանակի աճի կամ նվազման վերաբերյալ եզրահանգումներ անելիս հարկավոր է հաշվի առնելով պետական երկու կառույցների մեթոդաբանական առանձնահատկությունները եւ հստակեցնել, թե որ կառույցի տվյալներն են հիմք ընդունվում։ Վիճակագրությունների վարման գործընթացում թերությունները շտկելու եւ անհամապատասխանություններից խուսափելու համար էլ հարկ է ներդնել մեկ միասնական էլեկտրոնային վիճակագրական բազա, որի ուղղությամբ, ինչպես նշվեց, աշխատանքերն ընթացքի մեջ են։   *Ինֆոգրաֆիկայում ներառված չեն առանց քննության թողնված միջնորդությունները, որոնք ամբողջի շատ չնչին մասն են կազմում։   Միլենա Խաչիկյան
17:22 - 04 հունիսի, 2022
Հետաքրքիր է, եթե հիմա գնանք ԲԴԽ, ի՞նչ պիտի պատասխանի Ջհանգիրյանը. Կարին Տոնոյան |news.am|

Հետաքրքիր է, եթե հիմա գնանք ԲԴԽ, ի՞նչ պիտի պատասխանի Ջհանգիրյանը. Կարին Տոնոյան |news.am|

news.am: Պետք է հիմա գնանք Բարձրագույն դատական խորհուրդ, որովհետեւ Գագիկ Ջհանգիրյանն ասել էր՝ գնացեք, եթե ձեր պահանջը չկատարվի, ապա նորից կգաք Բարձրագույն դատական խորհուրդ։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին՝ դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս, 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։ Նշենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Բիշարյանի, այսօր ռդնփակ ռեժիմով քննվող վարչապետ Նիկոլ  Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը հետաձգել է։ Նիստը տեւել է 30 րոպե։ «Որտե՞ղ է երաշխավորված, որ մենք ամսի 1-ին գանք, նորից 30 րոպե չի տեւելու, նորից նույն ձեւով չեն լսելու ու նորից հեռանալու։ Կարծում եմ՝ մենք պետք է հիմա գնանք ԲԴԽ, որովհետեւ պարոն Ջհանգիրյանն ասաց՝ գնացեք, եթե ձեր պահանջը չի կատարվի, ապա նորից կգաք ԲԴԽ։ Հետաքրքիր է, եթե հիմա գնանք ԲԴԽ, ի՞նչ պիտի պատասխանի, առավել եւս, որ մենք ունենք արդեն երկրորդ բողոքը այն մասին, որ այդ դատերն այլեւս 30 րոպե չպետք է լինեն։ Այդ ո՞նց է, որ մեր Գալոյանի հարցով մինչեւ գիշեր դատ էին անում, իսկ այս գործով որ այսքան տուժող ու զոհ կա։ Սա նիկոլիզմյան դրսեւորում է։ Այսինքն՝ 30 րոպե լսեմ, գնամ, չպատասխանեմ»,- նշեց Կարին Տոնոյանը։
14:57 - 30 մայիսի, 2022
«Սասնա ծռեր» խմբավորման քրգործով կայացված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. ԲԴԽ

«Սասնա ծռեր» խմբավորման քրգործով կայացված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. ԲԴԽ

ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ի պատասխան «Սասնա ծռեր» խմբավորման վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումների՝ հայտնում ենք, որ 2021 թվականի փետրվարի 24-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից քննված թիվ ԵԷԴ/0091/01/17 քրեական գործով կայացվել է դատավճիռ, որը  26.05.2022 թվականին  մտել է օրինական ուժի մեջ: Հետևաբար՝ 27.05.2022 թվականին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը հանձնվել է ՀՀ ոստիկանությանը և համապատասխան քրեակատարողական հիմնարկներին դատավճռի պահանջները կատարելու համար, որի հիմքով դատապարտյալները ենթակա են տեղափոխման քրեակատարողական հիմնարկներ՝ ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած մասերը կրելու նպատակով»: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ բերման են ենթարկվել Սասնա Ծռերի մի շարք անդամներ։ 
12:49 - 28 մայիսի, 2022
Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների հետ |news.am|

Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների հետ |news.am|

news.am: Հանդիպումը ԲԴԽ-ում տեղի ունեցավ, մեզ լսեցին, մեր բոլոր բողոքներին տրվեցին պատասխաններ բացարձակապես օրենքի կիրառելիության մակարդակում: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, ԲԴԽ-ի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը: Նշենք, որ 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներից 30-ին թույլ էին տվել մտնել ԲԴԽ եւ հանդիպել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ: «Ինքն ասաց, որ ինքը չի կարող ասել, որ դռնբաց անցկացրեք դատական նիստերը: Ասվեց, որ ոչ թե դուք պետք է դա ներկայացնեք, այլ պարոն Արծվիկ Մինասյանը որպես բողոքող կողմ եւ փաստաբանը: Երկուշաբթի նրանք կներկայացնեն այդ միջնորդությունը, որից հետո ասաց, որ եթե մեր պահանջը բավարարված չի լինի, կգաք, ձեզ նորից կլսեմ: Բնականաբար, ինքն ասաց՝ ես հո չե՞մ կարող ասել՝ դռնբաց անկացրեք նիստերը, բայց դուք գնացեք դիմեք, եթե չի բավարարվի, կգաք, մենք նորից կհանդիպենք: Հույս ունեմ, որ այստեղ ենթատեքստ կար, որ այնուամենայնիվ հաշվի կառնվեն մեր պահանջները, մեր դիտարկումները, որ առերեւույթ դատավորը տրամադրվածություն չունի ծնողներին քիչ թե շատ ընդառաջ գնալու: Կարծում եմ՝ այսօրվա մեր գործողությունները կթողնեն  իրենց դրական հետեւանքը եւ մենք երկուշաբթի կունենանք դրական արձագանք: Հակառակ դեպքում մենք նորից այստեղ կգանք եւ արդեն կստիպենք կամ կպահանջենք, որ կատարվի մեր պահանջը»,-ասաց Կարին Տոնոյանը: Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննությունը, դատարանի երեկվա որոշմամբ, անցկացվելու է դռնփակ։ Այս որոշումը զայրացրել է զոհված զինծառայողների հարազատներին։ Նրանք այսօր ԲԴԽ-ից պահանջում են՝ դատավարությունը շարունակել դռնբաց կարգով, թուլատրելով և ծնողներին, և լրագրողներին մասնակցել նիստերին, ապահովելով նաև այդ նիստերի հասանելիությունը հանրությանը:
14:47 - 26 մայիսի, 2022
Զոհված զինծառայողների հարազատները մտան ԲԴԽ. լրագրողներին թույլ չտվեցին ներս մտնել |news.am|

Զոհված զինծառայողների հարազատները մտան ԲԴԽ. լրագրողներին թույլ չտվեցին ներս մտնել |news.am|

news.am: Բարձրագույն դատական խորհրդի դիմաց բողոք իրականացնող զոհված զինծառայողների հարազատները տասը րոպե ժամանակ էին տվել՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանն իջնի ու հանդիպի իրենց հետ։ Ժամանակը լրանալուց հետո ծնողները ցանակացան ներս մտնել, սակայն ոստիկանները մի քանի շարք պատ են կազմել և խոչընդոտում են  ծնողների մուտքը ԲԴԽ։ «Ներողություն եմ խնդրում ոստիկաններից, բայց կներեք՝ մենք առաջ պետք է գնանք։ Ուզում եմ տեսնել այն ոստիկանին, ով ձեռք կբարձրացնի մայրերի վրա»,- ասաց 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։ Որոշ ժամանակ անց նա հայտարարեց, որ ի վերջո ընդունվել է իրենց պահանջը՝ գոնե 30 ծնողով ներս մտնել։ Կարին Տոնոյանը խնդրեց, որ ամեն ընտանիքից մեկական ծնող ներս մտնի, որպեսզի հնարավորինս շատ ընտանիքների ներկայացուցիչներ լինեն։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ասաց, որ լրատվամիջոցներին թույլ չեն տալիս ներս մտնել, այդ հարցը ներսում ծնողները կբարձրացնեն։
13:20 - 26 մայիսի, 2022
Ծնողները շատ փաստեր ունեն, որոնք ապացուցում են, որ կատարվել է պետական դավաճանություն. Կարին Տոնոյան |news.am|

Ծնողները շատ փաստեր ունեն, որոնք ապացուցում են, որ կատարվել է պետական դավաճանություն. Կարին Տոնոյան |news.am|

news.am: Մենք երեկ հերթական դատական նիստի ընթացքում ականատես եղանք մեր նկատմամբ բավականին կամայական մոտեցման: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, ԲԴԽ-ի դիմաց զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ նշեց «5165 շարժման» ղեկավար, 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայր Կարին Տոնոյանը: «Նախ հենց սկզբից արդեն դատավորի վերաբերմունքն այնպիսին էր, որ մեր ներկայությունը, առավել ևս դատին մասնակից լինելու մեր պահանջը, համենայնդեպս ցանկալի չէ։ Մեր փաստաբանի միջնորդությանը, որպեսզի զոհված զինծառայողների ծնողները որպես տուժող կողմ դառնան երրորդ  անձ, դատավորը  պատասխանեց այդ պահանջին՝ ի՞նչ պետք է ասեն ծնողները,  որ դուք դեռ չեք ասել։ Զարմանում եմ՝ դատավորը որտեղից գիտի, թե մենք ինչ ունենք ասելու։  Իսկ մենք շատ բան ունենք ասելու։ Այն փաստերը, որոնց տիրապետում են ծնողները, փաստաբաներից որևէ մեկը, դատավորը չի տիրապետում, քանի որ յուրաքանյուր ծնող գնացել է իր երեխայի հետ կատարվածի հետևից և ծնողները շատ փաստեր ունեն, որոնք ապացուցում են, որ կատարվել է պետական դավաճանություն, և մեր երեխաները ոչ թե զուտ պատերազմի զոհ են, այլ դավադիր, կազմակերպված պատերազմի ու պետական դավաճանության զոհ են։ Հետևաբար, մեր պահանջն է, որ նախ պարտադիր ներկա լինենք դատական նիստերին, մեզ տրվի երրորդ կողմի կարգավիճակ, որպեսզի մենք նիստերին հարց տալու կամ  ինչ որ բան ասելու իրավունք ունենանք»,- ասաց Կարին Տոնոյանը։ Նա նաև նշեց, որ սովորաբար դատախազները դատի ժամանակ ավելի շատ տուժողի կողմից են, բայց իրենք ականատես են լինում այս նիստերին, որ դատավորը, դատախազները փոխադարձ իրար են պաշտպանում հենց տուժողների դեմ։ «Սա մեզ համար արդեն մտածելու տեղիք տվեց, որ այս դատը հնարավոր չէ լիարժեք իրավական դաշտում տեղի ունենա, արդեն կա միտում, թե որ ուղղությամբ տանել դատը։ Սրանք մեր ենթադրություններն են, հիմքը տվել են դատավորն ու դատախազը»,- ասաց Կարին Տոնոյանը։ Նա ասաց, որ իրենք այսօր բողոքի ակցիա են իրականացնում ԲԴԽ դիմաց, քանի որ բոլոր հրահանգները հենց ԲԴԽ-ից են իջեցվում. «Մեր պահանջն է ԲԴԽ-ից՝ դատական նիստերը լինեն դռնբաց, ծնողներին թույլ տան մասնակցել նիստերին ընդ որում որպես երրորդ կողմ, թույլ տան լրատվամիջոցներին նույնպես ներկա լինեն  նիստերին, որպեսզի բավարարվի հանրային հետաքրքրությունը, լսեն այն սահմռկեցուցիչ  հանգամանքները, որոնց պայմաններում զոհվել են մեր զավակները»։ Նա կարծում է, որ հենց այս փուլում որոշում կայացվեց նիստն անցկացնել դռնփակ, որովհետև արդեն պետք է խոսեին փաստերի մասին, ինչը հանրային  հետաքրքրություն ունեցող նյութ է. «Առիթն էլ եղավ. ծնողները վրդովվեցին, որը վերածվեց վեճի, ինչն էլ առիթ դարձավ, որպեսզի մեզ զրկեն նիստերին մասնակցելու իրավունքից, նիստերն անցկացնեն դռնփակ»։ Նշենք, որ նախօրեին որոշում կայացվեց, որ Վերաքննիչ քրեական դատարանում Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննությունը կանցկացվի դռնփակ, քանի որ երեկվա նիստի ժամանակ ծնողները խոչընդոտեցին դատական նիստը, անգամ բանը հասավ ծեծկռտուքի ու հայհոյանքների:
12:54 - 26 մայիսի, 2022
«Միանում ենք զոհված ծինծառայողների ծնողներին». «Դիմադրություն» շարժման մասնակիցները ԲԴԽ շենքի դիմաց են |news.am|

«Միանում ենք զոհված ծինծառայողների ծնողներին». «Դիմադրություն» շարժման մասնակիցները ԲԴԽ շենքի դիմաց են |news.am|

news.am: «Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով հասել են Բարձրագույն դատական խորհրդի շենք, որպեսզի սատարեն 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինվորների հարազատներին, որոնք ԲԴԽ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով։ «Երեկ դատարանում ԲԴԽ ենթակայության տակ գտնվող դատական կարգադրիչները ծնողների հետ «արա»-ով են խոսել։ Ինչ վարքագիծ որ չէինք պատկերացնի, դա էլ է տեղի ունեցել։ Միանում ենք իրենց», - ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։ Հիշեցնենք` զոհված զինծառայողների ծնողները դիմում են ԲԴԽ-ին՝ պահանջելով հաշվի առնել Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի կարևորությունը, չեղարկել դատարանի երեկվա կայացրած որոշումը և դատավարությունը շարունակել դռնբաց կարգով, թույլատրելով ծնողներին և լրագրողներին մասնակցել նիստերին, ապահովելով նաև այդ նիստերի հասանելիությունը հանրությանը: «Ինչու մեզ չեն ճանաչել տուժող, այս պահի դրությամբ 27 մարդ է ճանաչվել տուժող։ Դատավարությունն ընթանում է, բայց մենք նոր փորձում ենք հասնել նրան, որ մեզ տուժող ճանաչեն։ Է՞լ ինչ պետք է լիներ, որ մեզ տուժող ճանաչեին» , - լրագրողների հետ զրույցում ասաց զոհված Մենուա Հարությունյանի մայրը՝ «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը։ Նա ասաց, թե դատավարությունը չի կարող օրենքի ուժի սահմաններում տեղի ունենալ և իրենք՝ 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինվորների հարազատները անվստահություն են հայտնում։
12:02 - 26 մայիսի, 2022
Գագիկ Ջհանգիրյանը կշարունակի պաշտոնավարել. ՍԴ-ի որոշումը հրապարակվեց

 |factor.am|

Գագիկ Ջհանգիրյանը կշարունակի պաշտոնավարել. ՍԴ-ի որոշումը հրապարակվեց |factor.am|

factor.am: Սահմանադրական դատարանը սահմանադրական է ճանաչել Գագիկ Ջհանգիրյանի ժամանակավոր պաշտոնավարումը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում։ Այս մասին տեղեկացրեց ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։ Բարձր դատարանում վիճարկվում էր «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածը, ըստ որի սահմանված են Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ներկայացվող պահանջները, որի 9-րդ մասում ասվում է․ «Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի սույն օրենսգրքով դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում»: Իսկ 86-րդ հոդվածով սահմանված են Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարումը, դադարեցումը և կասեցումը։ Հոդվածի 2-րդ մասում նշվում է, որ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարում են սույն օրենսգրքի 20-րդ գլխով սահմանված կանոններով։ 20-րդ գլխով էլ սահմանված են դատավորի լիազորությունները դադարեցնելու և դադարելու դեպքերը։ Հիշեցնենք՝ 2021 թվականի սեպտեմբերի 23-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ Հայաստան» խմբակցության կողմից համապատասխան դիմում է ներկայացվել ՍԴ` ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը վիճարկելու համար։ Պատգամավորի դիտարկմամբ՝ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի համաձայն՝ ԲԴԽ ոչ դատավոր անդամների վրա տարածվում են դատավոր անդամներին ներկայացվող պահանջները, որոնց շարքում է նաև տարիքային ցենզը, միևնույն ժամանակ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի մեկ այլ՝ 86-րդ հոդվածով, որով սահմանվում է ԲԴԽ անդամների լիազորությունների դադարումը, դադարեցումը և կասեցումը, ըստ էության, նախատեսվում է նաև մի փոքր ավելի ընդհանուր ձևակերպում, բայց ուղղակիորեն չի նախատեսում հենց տարիքային ցենզը՝ ԲԴԽ ոչ դատավոր անդամի վերաբերյալ։ Այսինքն՝ թեև տարիքային ցենզի հանգամանքը բառացի գրված չէ, բայց, ըստ Վարդևանյանի, դա անուղղակի ենթադրվում է։ Պատգամավորի դիտարկմամբ՝ դրույթն ուսումնասիրելու դեպքում, կարծես թե, բավականին հստակ է, որ ԲԴԽ ոչ դատավոր անդամը ևս չպետք է գերազանցի 65 տարեկան տարիքային շեմը, բայց քանի որ բառացիորեն գրված չէ, այն տարընկալումների, տարաբնույթ մեկնաբանությունների առարկա է դարձել հենց նույն Գագիկ Ջհանգիրյանի ընտրության դեպքում։
18:34 - 06 մայիսի, 2022