Լոռու մարզ

ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7 %-ը): Գտնվում է հանրապետության հյուսիսում, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը (110կմ երկարությամբ), արեւմուտքից Շիրակի, արեւելքից Տավուշի, հարավից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերին: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա:

Մարզի տարածքով են անցնում Թբիլիսի-Երեւան երկաթուղու մի հատվածը:
ՀՀ Լոռու մարզն ընդգրկում է Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Գուգարքի տարածաշրջանները, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Ախթալա, Թումանյան, Շամլուղ քաղաքները:

Լոռիում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան

Լոռիում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Լոռու մարզի 23-ամյա բնակիչը ընկերոջից թաքցնելով վառելափայտ ձեռք բերելու համար համապատասխան փաստաթուղթ չունենալու հանգամանքը, 2020թ. մայիսի 12-ին` ժամը 12-ի սահմաններում, վերջինիս հետ իրենց պատկանող «Ուազ» մակնիշի ավտոմեքենաներով գնացել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Շնողի անտառպետության 3-րդ պահաբաժնում գտնվող «Գուլաբի» կոչվող հանդամաս, որտեղ 23-ամյա երիտասարդը բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է հաճարենի տեսակի ծառեր, այնուհետև առանց թույլտվության այն տեղափոխել: Նույն օրը, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, վերոնշյալ ավտոմեքենաները ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ստուգման են ենթարկվել և տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Լոռու մարզի 23-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը) 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննության ընթացքում պատճառված վնասը վերջինիս կողմից ամբողջությամբ վերականգնվել է: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
16:37 - 25 հունիսի, 2020
Ավելի լավ է՝ վարչական պատասխանատուին ավելի մեծ լիազորություններ տային՝ դնելով մենեջերության ավելի բարձր մասնագիտական պահանջներ․ Օլեգ Դուլգարյան

Ավելի լավ է՝ վարչական պատասխանատուին ավելի մեծ լիազորություններ տային՝ դնելով մենեջերության ավելի բարձր մասնագիտական պահանջներ․ Օլեգ Դուլգարյան

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, համայնքային զարգացման և ՏԻՄ փորձագետ Օլեգ Դուլգարյանի հետ զրուցել ենք Հայաստանում համայնքների խոշորացման թեմայով։   - Պարո՛ն Դուլգարյան, 2011-ին ՀՀ կառավարությունը հայեցակարգ մշակեց, որտեղ համայնքների խնդիրների լուծման երկու տարբերակ էր առաջարկում՝ համայնքների խոշորացում և միջհամայնքային միավորումների ստեղծում։ Այս տարբերակներից ո՞րն էր ավելի հարմար Հայաստանին։ - Միջհամայնքային միավորումները չեն հակասում խոշորացմանը։ Այսինքն՝ խոշորացված համայնքները ևս կարող են միավորվել ինչ-որ ծրագրերի շուրջ։  Ես սկզբունքորեն միշտ կողմնակից եմ եղել համայնքների խոշորացմանը, բայց ներկա պահին վերապահումներ ունեմ խոշորացման գործընթացի վերաբերյալ։ Այն, ինչ կատարվել է մինչև հիմա, սկզբունքորեն ամենը ճիշտ է, բայց եթե մենք գործնականում տեսնենք, թե ինչ է կատարվել այս ընթացքում, և արդյո՞ք արդյունավետ էր համայնքների խոշորացումը այս փուլում, ապա միանշանակ չեմ կարող ասել՝ այո։ Դրա համար այս պահին զերծ կմնամ ասելուց, թե որը ավելի լավ կլիներ՝ համայնքների խոշորացո՞ւմը, թե՞ միջհամայնքային միավորումները, որովհետև նույն կերպ էլ միջհամայնքային միավորումները ներկա պահին կարող էին լավ չգործել, եթե Հայաստանը գնար այդ ուղղությամբ։ - Այսինքն՝ իրականացման ձև՞ն է կարևոր, ոչ թե այն, թե որ տարբերակն է ընտրվել։ - Այո՛։ Այսինքն՝ նախ սկզբունքորեն լինել այդ քաղաքականության կրողը, ոչ թե իրականացնել նրա համար, որ այդպիսի հայեցակարգ ենք ընդունել։ Նախ լինել այդ գաղափարախոսության կրողը ոչ թե անհատների մակարդակով, այլ՝ հասարակության և ընկալումների, և լինել շատ դինամիկ, որ արագ հասկանանք, թե որտեղ ունենք թերացումներ, և փորձենք այդ թերացումները շտկել թե՛ տեղային մակարդակում և թե՛ ազգային մակարդակում համապատասխան քաղաքականությունների փոփոխման շրջանակներում։  - 2013-ին Տարածքային կառավարման նախարարությունը համայնքների խոշորացման երկու սցենար առաջարկեց՝ խոշորացում՝ ըստ փնջերի և ըստ շրջանների։ Առաջին դեպքում խոշորացումների հիմքում ընկնելու էին կառավարության հայեցակարգը և ուսումնասիրությունները, երկրորդ դեպքում վերականգնվելու էին Խորհրդային Հայստանի շրջանները՝  գումարած մեծ բնակչությամբ քաղաքները և զարգացման մեծ ներուժ ունեցող համայնքները։ Այս սցենարներից որի՞ն եք կողմնակից։ - Այս պահին ես ավելի կողմնակից կլինեի  շրջանային սկզբունքին, որովհետև հատկապես մինչհեղափոխական ժամանակաշրջանի Հայաստանում (միգուցե նաև դրանից հետո, քանի որ շատ փնջեր արդեն ուրվագծվել էին հեղափոխությունից առաջ) մենք գնացինք մի ճանապարհով, որ ունենք կողք կողքի համայնքներ, մի համայնքում 7 բնակավայր է ընդգրկված, մյուսում՝ 3։  Ձևավորվել են անտրամաբանական փնջեր՝ ավելի շատ ըստ ցանկությունների։ Նախապես որոշված է եղել, որ պետք է ձևավորվի համայնք, օրինակ, 10 բնակավայրից, հետո եղել են ուժեղ մարդիկ, որոնք հանդիպել են կառավարության համապատասխան մարդկանց հետ և պայմանավորվել են, համայնքները ձևավորել են այլ սկզբունքով, որպեսզի մեկը մյուսին չխանգարի։  Շատ լավ կլիներ, որ լիներ կոնկրետ՝ բացի փնջերի ձևավորման որգեգրված հիմնական սկզբունքներից (ընդհանուր ճանապարհներ և այլն), որպեսզի նաև խոշորացման ժամանակ թույլ չտրվեին որոշակի սուբյեկտիվ մոտեցումներ։ Այն, ինչ հիմա կատարվել է, այդքան արդյունավետ չէ, և ես համոզված եմ, որ նախկին շրջանները, որոնք ունեին 30-40-50-60 բնակավայրեր, կարող էին մի համայնք լինել՝ ուժեղ համայնքապետի և ուժեղ օրենսդրական հենքի պարագայում։ Այնպես  չէ, որ այն համայնքները, որտեղ բնակավայրերի թիվն ավելի շատ է, ավելի դժվար և վատ են աշխատում, քան այն համայնքները, որտեղ բնակավայրերի թիվը փոքր է։ Քանակի մեջ չէ խնդիրը, այլ կատարված աշխատանքի, քաղաքականությունների, կարողունակ համայնքապետերի, համայնքապետերի աշխատակազմի, պետական քաղաքականության։  Մենք ունենք հարևան՝ Վրաստանի Հանրապետությունը, որտեղ խոշորացումը հենց այդպես էլ կատարվել է․ համայնքները գործում են նախկին Սովետական միության շրջանների թվով։ Իհարկե, Վրաստանում ևս քննադատությունները շատ են, այնտեղ ևս անընդհատ առաջարկում են բարեփոխումներ իրականացնել, բայց դա որևէ ձև չի անդրադառնում կառավարման որակի վրա։  Ես ավելի շատ կողմնակից եմ այնպիսի մոտեցման, որը չարաշահումների տեղիք, հնարավորություն չէր տա, իսկ փնջային տարբերակը մեզ թույլ տվեց այն, որ նաև ըստ ցանկությունների կազմեցինք այդ փնջերը։  - Նաև հստակություն չկա բնակիչների, համայնքների թվի առումով։ Չպիտի՞ լինեին չափանիշներ՝ խոշորացված համայնքի տարածքի մեծություն, բնակչության կամ համայնքների առավելագույն թվաքանակ, և այդ չափաշիններին համապատասխան իրականացվեր խոշորացումը։  - Ինչ-որ չափանիշներ պետք է դրվեին։ Այդ չափանիշները պետք է լինեին նաև խոշորացումից հետո, որովհետև մենք ունենք շատ բացեր։ Օրինակ, ունենք շատ բնակավայրեր, որոնք խոշորացված համայնքի մեջ են, բայց ավագանու կազմում չունեն ներկայացուցիչներ։ Այդ չափորոշիչները պետք է հանրային լայն քննարկումների շրջանակներում նախապես մշակված լինեին, այնինչ խոշորացման հայեցակարգը շատ վաղուց էր շրջանառվում, բայց այնքան էլ չի կարելի ասել, որ շատ մասնակցային տեղի ունեցավ այդ գործընթացը, որովհետև համայնքներն անմասն մնացին քննարկումների մեծամասնությունից։  Ինչպե՞ս էր տեղի ունենում․ գալիս էին համայնք, օրինակ, Տարածքային կառավարման նախարարության կամ մարզպետարանի ներկայացուցիչները, գյուղապետարանում հանդիպում էին գյուղապետի, նրա աշխատակազմի կամ ավագանու անդամների և փոքր թվով բնակիչների հետ ու ներկայացնում էին հայեցակարգը, միգուցե նաև ինչ-որ առաջարկություններ էին հավաքում։ Բայց մասնակցայինն այն չէ, երբ մասնակցում են համայնքի պատասխանատու մարմինները, հաստատությունների ներկայացուցիչները, մասնակցայինը նախևառաջ տեղական քաղհասարակության,  համայնքի բնակիչների ակտիվ մասնակցությունն է այդ ամենին։ Իսկ մենք հայեցակարգը բերեցինք, կիրառեցինք և հետո ասում ենք՝ համայնքները չեն ցանկանում միանալ։ Շատ համայնքներ կան, որոնց բնակիչները մի շաբաթվա ընթացքում իմացան, որ իրենց համայնքը պետք է խոշորանա, և դա բերեց բունտերի։  Այո՛, ես համաձայն եմ Ձեզ հետ, որ պետք է չափանիշներ լինեին։ Բայց համայնքների խոշորացման արդյունավետությունը բնակչության և աշխարհագրական թվի մեջ չէ։ Մենք ունենք փոքր գյուղ կամ շատ փոքր քաղաք, գյուղապետ, քաղաքապետ․․․ Խոշորացրինք համայնքը, և շատ դժվար է կարճ ժամանակում լայն մտածել, հատկապես երբ այդ փնջի գյուղերից ինչ-որ մի համայնքապետ հիմա էլ խոշորացված փնջի համայքապետ է ընտրվել։ Այսինքն՝ դու միշտ աշխատել ես, գործել ես մեկ գյուղի շրջանակներում, իսկ հիմա պետք է յոթ գյուղ կառավարես։ Այդ տեղային մտածելակերպից կտրվելն էլ մի ահագին երկար պրոցես է։ Խոշորացման արդարացումներից մեկն այն էր, որ համայնքներում պետք է ավելի քիչ մարդիկ աշխատեն։ Բայց մեր հայկական սովորության համաձայն՝ համայնքապետերից շատերը գտել են միջոցները, որոնցով կարելի է համայնքում շատ աշխատողներ պահել։ Թվաքանակն այնքան էլ չի քչացել։ Քչացել է ինչ-որ չափով, բայց ոչ այն արդյունավետությամբ, բնականաբար, որով նախատեսվում էր։ Մենք ունենք նաև այլ խնդիր․ մեր իշխանությունները հիմնականում խոշորացված համայնքների  նախկին գյուղապետերին նշանակեցին խոշորացված համայնքի մեջ մտած բնակավայրերի վարչական պատասխանատուներ։  - Սխա՞լ էր նրանց նշանակելը։ - Իհա՛րկե, սխալ է։ Դա ինչ-որ ձև փոխհատուցում էր․ մարդը՝ որպես ընտրված գյուղապետ, զրկվում էր իր պաշտոնից, և նրան փոխհատուցման նման առաջարկում էին ինչ-որ գյուղում լինել վարչական ղեկավար։ Նախևառաջ, այստեղ ի հայտ եկավ շատ վարչական պատասխանատուների անգործությունը, որը մի քիչ նման էր սաբոտաժի, որովհետև ինքը զրկվել էր ինքնակառավարվող սեփական բյուջեի հնարավորություն ունենալուց և սկզբունքորեն դեմ էր խոշորացմանը, բայց մի օր խոշորացվեց, իրեն նշանակեցին վարչական պատասխանատու, և ինքը լավ աշխատելու մոտիվացիա չուներ։  Երկրորդ խնդիրն այն է, որ մենք ունենք շատ փոքր գյուղական համայնքներ, այնտեղ 10-15-20 տարի միևնույն անձը եղել է համայնքապետ ու այդքան տարի իր գյուղում որևէ էական ծրագիր չի իրականացվել։ Եթե այդ մարդն արդյունավետ չի աշխատել որպես համայնքապետ, ինչպե՞ս կարող է արդյունավետ աշխատել որպես վարչական պատասխանատու։ Դա ևս խոշորացման ամբողջ տրամաբանության ձախողումն էր, այդ ամենը պետք է լիներ մրցութային․ գային, մրցույթներին մասնակցեին մասնագետներ և ընտրվեին բարձր մրցակցության արդյունքում։ Օրենքով նախատեսված է, որ վարչական պատասխանատուն պետք է լինի տվյալ բնակավայրի մշտական բնակիչ։ Ես համարում եմ, որ դա այնքան էլ ճիշտ չէ։ - Նա ավելի լավ չի՞ հասկանա իր համայնքի խնդիրները, քան դրսից եկած որևէ մեկը։  - Խնդիրը հասկանալու մեջ չէ։ Եթե Ձեզ հրավիրենք ինչ-որ գյուղ, Դուք՝ որպես լրագրող, անմիջապես այդ գյուղի խնդիրները կհասկանաք։ Մենք ունենք մասնագետների խնդիր։ Ավելի լավ է՝ մի քիչ ավելի մեծ լիազորություններ տային վարչական պատասխանատուին, բայց մենեջերության ավելի բարձր մասնագիտական պահանջներ դրվեին։  - Խոշորացված համայնքի համայնքապետի թեկնածո՞ւն էլ պիտի այդ համայնքի բնակավայրերից չլիներ։ - Համայնքապետը քաղաքական պաշտոն է, պետք է տվյալ համայնքից լինի։ Դա մի քիչ քաղաքական պատասխանատվության խնդիր է։ Մենք ունենք այդպիսի օրինակներ․ դա կախված է երկրից, տեղական ինքնակառավարման քաղաքականությունից։ Կան այնպիսի երկրներ, որտեղ համայնքում, այդ թվում՝ խոշորացված համայնքում, ձևավորվում է համայնքային ավագանի՝ կուսակցական քվոտաներով (ինչպես մենք հիմա Հայաստանում գնում ենք դեպի համամասնական), և ավագանին անցկացնում է մրցույթ՝ ընտրելու համայնքի մենեջեր։ Մեր օրենքի տեսանկյունից դա քաղաքական պաշտոն է, և մեր օրենսդրությունը դրան համապատասխանեցված չէ։  Բայց բնակավայրերի պարագայում մեզ պետք են լավ մասնագետներ։ Մենք պետք է ունենանք վարչական պատասխանատու, որը ոչ միայն տվյալ բնակավայրում հետևում է համայնքի ղեկավարի հրահանգների կամ որոշումների կատարմանը, այլ նաև զբաղվում է բնակավայրի խնդիրների վերհանմամբ, առաջնայնությունների սահմանմամբ։  Բայց այսօրվա դրությամբ մեր վարչական պատասխանատուները տալիս են տեղեկանք և տվյալ բնակավայրում իրականացնում են համայնքի ղեկավարի կամ ընդհանուր համայնքի քաղաքականությունը։  Շատ դեպքերում նաև չեն կարողանում բարձրաձայնել ինչ-որ խնդիրների մասին, որովհետև դա կարող է համայնքի ղեկավարի կողմից ընկալվել, թե ինքը տվյալ համայնքի ղեկավարի դեմ է խոսում։ Դրա համար պետք է օրենքով ավելի շատ պաշտպանված լինեին։ - Երբ Էստոնիայում տեղի ունեցան վարչատարածքային բարեփոխումներ, համայնքներին կամավոր խոշորանալու հնարավորություն տրվեց, և կառավարությունը խոշորացրեց միայն այն համայնքները, որոնք ձախողել էին կամավոր խոշորացման գործընթացը։ Արդյո՞ք մեր երկրում չպետք է համայնքներին կամավոր խոշորանալու հնարավորություն տրվեր։ - Եթե խոսքը կամավոր միավորման մասին լիներ, հավատացե՛ք, դա բավականաչափ ծանր գործընթաց էր լինելու Հայաստանում։ Միգուցե այլ երկրներում, նույն Էստոնիայում, փոխհարաբերություններն ավեի թույլ են միմյանց հետ։ Մեզ մոտ մի քիչ այլ է․ գյուղերը տարբերվում են ծավալներով, մտածելակերպով, ծագումնաբանությամբ։ Յուրաքանչյուր բնակավայր մյուսի նկատմամբ ունի որոշակի վերապահում։ Բավականաչափ մեծ տարանջատում է։ 1995թ․ մենք ունեինք գյուղխորհուրդներ, որոնք բաղկացած էին 4-5 բնակավայրերից։ Այդ ժամանակաշրջանում Հայաստանում տեղի ունեցան, այսպես ասած, համայնքային անկախացման գործընթացներ։ Մարդիկ հիշեցին, որ իրենց պապերը միմյանց չեն սիրել, չեն հարգել, և գնացին մինչև Գերագույն խորհուրդ, հետո՝ Ազգային ժողով, ու հասան նրան, որ իրենց փոքր, նույնիսկ 50-60 տուն ունեցող բնակավայրերն առանձնացան։  - 2019-ին մեր երկրում վերականգնվեց համայնքների միավորման և բաժանման ժամանակ տեղական հանրաքվեներ անցկացնելու հնարավորությունը։ Չնայած հանրաքվեների արդյուքներն ունեն խորհրդատվական բնույթ, կառավարությունը վստահեցնում է, որ չի գնա խոշորացման, եթե որևէ համայնքի բնակիչների մեծամասնությունը «ոչ» ասի։ Այսպես ավելի չի՞ դժվարանա խոշորացման գործընթացը։ - Դժվարանալու է։ Ամեն ինչ կախված է լինելու համայնքապետերի դիրքորոշումից հատկապես այնտեղ, որտեղ դեռևս հին համայնքապետերն են, որոնք 10 և ավելի տարի ղեկավարում են համայնքը։ Անտեղ նույնիսկ հանրաքվեն չի կարելի հետագայում դիտարկել որպես օբյեկտիվ կարծիքի դրսևորում։ Շատ հնարավոր է՝ տվյալ համայնքապետերն աշխատեն, որ ժողովուրդն ասի ոչ։ Ես Հայաստանում գիտեմ համայնքներ, որտեղ խոշորացման դեմ շատ խիստ արտահայտված ներքին պայքար է գնում, և դրանց հիմնական գաղափարախոսները տեղի համայնքների ղեկավարներն են։ Մենք խոշորացման գործընթացի ամբողջ տրամաբանությունը մարդկանց ճիշտ ներկայացնելու խնդիր ունենք և նրանց ցույց տալու, թե վաղը խոշորացման պարագայում իրենց կյանքն ինչով է բարելավվելու, իսկ մենք այսօր դա չենք կարող ցույց տալ։ Դրա համար ես կարծում եմ, որ նման հանրաքվեների դեպքում մարդիկ մեծամասամբ կասեն «ոչ», նախևառաջ, որովհետև մենք արդեն իսկ նախկինում խոշորացված  համայնքներում չունենք շատ մեծ առաջընթացներ, ձեռքբերումներ, որպեսզի ցույց տանք հանրությանը՝ տեսե՛ք, խոշորացումը լավ է, և երկրորդը՝ մենք համայնքներում, որոնք պետք է խոշորացվեն, ունենք փոքր իշխանիկներ, որոնք 10-15 տարուց ավելի եղել են այնպիսի համայնքապետ, որ նույնիսկ իրենց համայնքի բնակիչները տեղյակ չեն իրենց համայնքի բյուջեի չափի մասին։ Այդքան կարծրացած և փակ համայնքներ ունենք։ Տվյալ համայնքներում համայնքապետերը մեծ մանիպուլյատիվ գործիքներ ունեն և այդ գործիքը կիրառելու են, որ բնակչությունն ասի «ոչ»։  Երկրորդ պարագան այն է, որ պետք է գործարկվեն պետական իշխանության լծակները, որ մարդիկ հանրաքվեին ասեն «այո»․ դա էլ ամենավատ ճանապարհն է։ Ես չեմ մտածում, որ նման բան տեղի կունենա, բայց եթե տեղի ունենա, ավելի վատ․ մեզ այդպիսի խոշորացված համայնք պետք չէ։  Պիլոտային առաջին խոշորացված համայնքներից օրինակ բերեմ Թումանյանը, որի մեջ յոթ բնակավայր էր միավորվել։ Այդ յոթ բնակավայրերի համայնքապետերը տարբեր պատճառներով դեմ էին խոշորացմանը, դեմ էին նաև բնակիչները, բայց պետական խողովակներով՝ մարզպետարանով և այլն, այդ նույն համայնքապետերը դուրս եկած համայնքի բնակիչներին համոզում էին, որ անպայման  քվեարկեն «այո»։  - Եվ Լոռու մարզի 4 համայնքում մեծամասնությունն «այո» ասաց խոշորացմանը։ - Այո՛, դեմ գնալով իրենց սկզբունքներին։ Այստեղ քաղաքական պատվեր էր՝ ուղիղ մասնակցություն, վարչական լծակների օգտագործում։ Մեզ դա ևս պետք չէ։ Ավելի լավ է՝ ապագայում ամեն ինչ լինի այն տրամաբանության մեջ, որ ժողովրդի կամարտահայտումն իսկապես աշխատի, բայց դա հնարավոր չէ այն խոշորացվող համայնքներում, որտեղ համայնքապետերը 10 կամ ավելի տարի համայնքի ղեկավար են։ Ավելի լավ է՝ փոքր բնակավայրը շարունակի իր գոյակցությունը, քան բերեն այնտեղ մի օր հանրաքվե անցկացնեն, և համայնքի բնակիչներն ասեն՝ մենք դեմ ենք խոշորացմանը, բայց դա լինի այնտեղի ներկայիս համայնքի ղեկավարի ծանր, ուժեղ ձեռքի կամքը։  Աննա Սահակյան
20:46 - 24 հունիսի, 2020
Հայաստանում ավելի քան 1 միլիարդ 598 միլիոն դրամի ներդրում է կատարվում 6 մարզում |armenpress.am|

Հայաստանում ավելի քան 1 միլիարդ 598 միլիոն դրամի ներդրում է կատարվում 6 մարզում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Համաշխարհային բանկի վարկային միջոցներով իրականացնում է սոցիալական ներդրումների և տեղական զարգացման լայնածավալ ծրագիր, որի առաջին բաղադրիչով  իրականացվում են համայնքների առաջնային կարիքների բավարարմանն ուղղված միկրոծրագրեր համայնքների կողմից ներկայացրած հայտերի և առաջարկների հիման վրա: ՍՆՏԶ ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակներում իրականացման տարբեր փուլերում են գտնվում  11 միկրոծրագրեր` Արարատի, Շիրակի, Տավուշի, Լոռու, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում` 1.598.573.964 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից, իրականացվող աշխատանքներն ընդգրկում են Զառիթափ խոշորացված համայնքի Խնձորուտ բնակավայրի ջրաղբյուրի և խմելու ջրագծի վերակառուցումը՝ 16.052.238 ՀՀ դրամ նախնական արժողությամբ, Երասխ համայնքի դպրոցի մեկ մասնաշենքի վերակառուցումը՝ մանկապարտեզի տեղակայումով` 116.611.065 ՀՀ դրամ նախնական արժողությամբ, Բերդ խոշորացված համայնքի Պառավաքար բնակավայրի խմելու բաշխիչ ցանցի վերակառուցումը՝ 155.812.702 ՀՀ դրամ նախնական արժողությամբ, Արենի խոշորացված համայնքի Ռինդ բնակավայրի մանկապարտեզի վերակառուցումը՝ 126.733.914 ՀՀ դրամ նախնական արժողությամբ, Այգավան համայնքի մանկապարտեզի վերակառուցումը՝ 129.132.352 ՀՀ դրամ նախնական արժողությամբ, Գյումրու «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի կառուցումը` 171.178.976 ՀՀ դրամ նախնական արժողությամբ, Վանաձոր համայնքի 11-րդ մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի վերակառուցումը` 184.631.766 ՀՀ դրամ նախնական արժողությամբ: Իրականացվում են նաև նախագծման աշխատանքներ.մասնավորապես՝ Տեղ խոշորացված համայնքի Խնածախ բնակավայրի խմելու ջրի ջրագծի կառուցում՝ 136.593.972 ՀՀ դրամ նախնական արժողությամբ,  Փանիկ համայնքի մանկապարտեզի վերակառուցում՝ 162.174.659 ՀՀ դրամ նախնական արժողությամբ, Հոռոմ համայնքի մանկապարտեզի կառուցում՝ 199.826.160 ՀՀ դրամ նախնական արժողությամբ, Գյումրու «Զանգակ» մանկապարտեզի կառուցում՝ 199.826.160 ՀՀ դրամ նախնական արժողությամբ: Նույն ծրագրի երկրորդ բաղադրիչով  ևս իրականացվում են լայնածավալ աշխատանքներ, որոնց վերաբերյալ կիրազեկենք առաջիկայում:
17:29 - 13 հունիսի, 2020
Էլեկտրաէներգիայի աջատումներ Երևանում և 3 մարզերում

Էլեկտրաէներգիայի աջատումներ Երևանում և 3 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`Երևան քաղաքում՝11։00-17:00 Աէրացիայի 3/1 հասցեն և որ բնակիչ-բաժանորդները, Օրբելի փ. 19 շենքը, Խաչատրյան փ. 27, 27/1, 29/1 շենքերը և ոչ բնակիչ-բաժանորդներ, Երվանդ Քոչարի փ. 8-23 շենքերը, Քաջազնունի փ. 8/1 շենքը և ոչ բնակիչ-բաժանորդները, Մաշտոցի պող. 50, 50ա շենքերը, Կորյունի փ. 23, 23/37 շենքերը և ոչ բնակիչ- բաժանորդները, Սարի թաղի 15-28 փողոցները և 28 փողոցի նրբանցքը, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Բակունցի 1-ին նրբ․ 3 շենքը, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նորքի 9-րդ փողոցի բնակիչ-բաժանորդները,Արագածոտնի մարզում՝11:00-15:00 Աշտարակ քաղաքի Արա 1, Արցախի թաղամասերը, Էջմիածնի խճուղին, Ալազան, Ալիխանյան Եղբայրներ, Ղափանցյան, Ա․Խաչատրյան, Ա․Մանուկյան, Արարատյան, Արտակի, Գեներալ Սաֆարյանի, Գետափնյա, Գրիբայեդովի, Եղբայրության, Երևանյան, Երջանկության, Թադևոսյան, Իսահակյան, Կոմիտասի, Հենրիկ Թումանյան, Հովհ․Թումանյան, Հեքիմյան, Լինչի, Էմին Հակոբյան, Մայիսյան, Մաշտոցի, Միկոյան Եղբայրների, Նաիրյան, Սիսակյան, Տ․Մեծի փողոցները,Շիրակի մարզում՝11:00-17:00Ախուրյանի տարածաշրջանի Ախուրյան գյուղի Նոր Ախուրյան թաղամասը և Հյուսիս-Արևելյան հատվածը,Լոռու մարզում՝11:00-15:00 Սպիտակ քաղաքի Միասնիկյան, Թորոսյան, Շիրակի, Ս.Ավետիսյան, Այգեստան-1 փողոցները և թիվ 1 դպրոցը:
09:21 - 04 հունիսի, 2020
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 3 մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 3 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 3-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`Երևան քաղաքում՝10։00-16։00 Նորք Մարաշ թաղ՝ Նորքի 1, 4, 5, 11 փողոցները,Նորքի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տները, Նորքի 2-րդ և 5-րդ փողոցների 1-ին, 2-րդ նրբանցքների սեփական տները, Ս․ Խանզադյան 2-րդ նրբանցքի սեփական տները, Ա․ Արմենակյան փողոցի սեփական տները, Գյուրջյան փողոցին հարակից տարածքների սեփական տները, <<Էլեկտրոն>> պանսիոնատը, թիվ 53, 55 նախադպրոցական հիմնարկները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,11։00-17:00 Փափազյան փ. 25 և Խաչատրյան փ. 19 շենքերը, Միկոյան փ. 2/2 շենքի 2-րդ և 3-րդ մուտքերը, Ներքին Շենգավիթ 1 փողոցի սեփական տները, Ներքին Շենգավիթ 1-ին փողոցի 1-ին նրբանցքի սեփական տները և 2-րդ նրբանցքի սեփական տները, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Այգեստան 4-7 փողոցները մասնակի, ֆիզկուլտուրնիկների փ. 38-54 սեփական տները, Չարենցի փ. 48-62 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 50, 50ա շենքերը, Կորյունի փ. 23, 23/37 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,Կոտայքի մարզում՝10:00-16:00 Պռոշյան համայնքի Մայիսյան, Բարեկամության, Պ․Սևակի, Անդրանիկի, Չաուշի, Տեղերաշեն, Գ․ Զոհրապի, Գամ, Թումանյան փողոցները,Շիրակի մարզում՝11:00-17:00 Ախուրյանի տարածաշրջանի Ղարիբջանյան, Ախուրիկ և Ոսկեհասկ գյուղերը,Լոռու մարզում՝10:00-14:00 Սպիտակ քաղաքի Գործարանային թաղամասը, Ոփյան և Չարենցի փողոցները:
09:19 - 03 հունիսի, 2020
Լոռիում ցույց է. Սուրբ Հովհաննես եկած մարդիկ և մոտակա գյուղերի բնակիչները դժգոհ են պարետատան որոշումից 
 |armtimes.com|

Լոռիում ցույց է. Սուրբ Հովհաննես եկած մարդիկ և մոտակա գյուղերի բնակիչները դժգոհ են պարետատան որոշումից |armtimes.com|

armtimes.com: Դեռ երեկվանից ՀՀ ոստիկանությունը տեղեկատվություն տարածեց, ըստ որի՝ այսօրվանից, պարետի որոշմամբ, կարգելվի քաղաքացիների մուտքը Սուրբ Հովհաննես մատուռ: Այսօր վաղ առավոտից, հարյուրավոր քաղաքացիներ, ցանկանալով բարձրանալ մատուռ, հանդիպել են ոստիկանության հենակետերին, դժգոհել, փորձել անգամ ճանապարհ փակել: Մատուռ բարձրանալ ցանկացողները, որոնց մեջ կան նաեւ Երեւանից ու այլ բնակավայրերից ժամանած քաղաքացիներ, ասում են՝ տեղյակ չեն եղել պարետատան որոշմանը, հակառակ դեպքում՝ չէին կտրի անցնի այդքան ճանապարհ: Բողոքի ալիք են բարձրաձրել նաեւ հարակից բնակավայրերի՝ Մեծ Պարնի, Հարթագյուղ ու Ծաղկաբեր համայնքների բնակիչները՝ նշելով, որ իրենց ապրուստի միակ միջոցը ուխտատեղիում իրականացվող առեւտուրն էր, ինչպես նաեւ մի շարք այլ ծառայություններ, որոնք փաստորեն, չեն կարող իրականացնել, ինչի արդյունքում իրենց սոցիալական խնդիրները կշատանան: Այս պահին հավաքված բնակիչների ու ուխտավորների հետ բանակցում են ոստիկանները՝ հորդորելով պահել պարետի ցուցումն ու չխախտել հասարակական կարգը:   
12:32 - 31 մայիսի, 2020
Լոռու մարզում կորոնավիրուսով վարակված 60 քաղաքացի կա. մարզպետ
 |armtimes.com|

Լոռու մարզում կորոնավիրուսով վարակված 60 քաղաքացի կա. մարզպետ |armtimes.com|

armtimes.com: Լոռու մարզում այսօրվա դրությամբ նոր տիպի կորոնավիրուսով վարակված 60 վարակակիր կա: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ ներկայացնելով մարզում տիրող իրավիճակը:  «2 հյուրանոցային հաստատություններ դադարել են սպասարկել կոնտակտավոր եւ արտերկրից ժամանած մեր հայրենակիցներին, ովքեր մեկուսացված էին, երեկ արդեն փակվել են, այնտեղ այլեւս չկան մեկուսացված անձինք: Ինչպես գիտեք, մոտեցումն այսուհետ փոխվել է. այն վարակակիրները, որոնք չեն ունենա ախտանշաններ, կմեկուսանան իրենց տներում՝ լինելով ամենօրյա հսկողության տակ»,- ասաց մարզպետը: Անդրեյ Ղուկասյանի փոխանցմամբ՝ մարզի ինֆեկցին հիվանդանոցում բուժվող հիվանդների թիվը անընդհատ փոփոխվում է: Ներկայումս այնտեղ ոչ միայն լոռեցի պացիենտներն են, այլ նաեւ՝ Հայաստանի տարբեր բնակավայրերից: Մարզպետը տեղեկացրեց՝ մահացած հիվանդների մեջ լոռեցիներ չկան, չկան նաեւ ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող լոռեցիներ:
19:34 - 22 մայիսի, 2020
422 մլն դրամ` հուշարձանների վերականգնման համար |hetq.am|

422 մլն դրամ` հուշարձանների վերականգնման համար |hetq.am|

hetq.am: Կառավարությունն այսօր՝ մայիսի 21-ի նիստում ընդունեց որոշում, որով նախատեսվում է ԿԳՄՍ նախարարության 2020 թվականի հաստատված բյուջեով «Արտադպրոցական դաստիարակության ծրագիր» ծրագրի «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման հատկացումներից մոտ 422 մլն դրամ վերաբաշխման միջոցով հատկացնել Հայաստանում մի շարք հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների համար, մասնավորապես` Արարատի մարզում` Լուսառատ համայնքի Արտաշատ քաղաքատեղիի բաղնիքի ամրակայում և մասնակի վերականգնում, Հնաբերդ համայնքի Դվին հնավայրի բնակելի հատվածի (տան) ամրակայում, նորոգում, վերականգնում և տարածքի մասնակի բարեկարգում, Լոռու մարզում` Թումանյան համայնքի Քոբայրավանք համալիրի գլխավոր եկեղեցուն կից մատուռի (տանիքի) նորոգում, Շիրակի մարզում` Վահրամաբերդ համայնքի Մարմաշեն վանական համալիրի ուսումնասիրում, ամրակայում և տարածքի բարեկարգում, Երերույքի տաճարի և փոքր դամաբարանի թաղերի ամրակայում, Անիպեմզայի մշակույթի տան վերականգնում և փոքրիկ թանգարանի ստեղծում, Հոռոմ համայնքի Սբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայում, նորոգում և վերականգնում, Կոտայքի մարզում` Մեղրաձոր համայնքի Թեժառույք վանական համալիրի ամրակայում և տարածքի բարեկարգում, Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» արձանի վերականգնում, Բյուրեղավանի համայնքի «Արձագանք» արձանի վերականգնում, Արագածոտնի մարզում` Ագարակ հնավայրի վաղ բրոնզի դարի կացարանների, միջնադարյան համալիրի և Պարսպապատի ամրակայում, Վայոց Ձորի մարզում` Շատիվանքի վանական համալիրի ամրակայում, մասնակի վերականգնում և տարածքի բարեկարգում։ Բացի վերը թվարկվածից՝ նախագծով գումար է հատկացվում նաև Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի տեղադրման համար։ «Երևանի ավագանու այն որոշումից հետո, երբ հաստատվեց, որ  քանդակը պետք է  տեղադրվի Հյուսիսային պողոտայի սկզբնամասում, մենք ձեռնամուխ եղանք դրա տեղադրմանը»,-նշեց Արայիկ Հարությունյանը։ Որոշման ընդունման անհրաժեշտությունն ելնում է նաև այն հանգամանքից, որ ի հիշատակ աշխարհահռչակ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և Երևանի ավագանու նիստի որոշմամբ, մինչև 2020 թվականի հոկտեմբեր ամիսը՝ արվեստագետի մահվան տարելիցը, պետք է տեղադրվի «Քայլող մարդը» քանդակը: Ընդունված նածագծով կիրականացվեն 4 հուշարձանի գծով վավերագրման և ուսումնասիրման աշխատանքներ (այդ թվում` հետախուզում և պեղում), գիտանախագծային փաստաթղթերի կազմում և փորձաքննում, 7 հուշարձանի վերականգնողական (իրականացման) աշխատանքներ, ինչպես նաև 2 քանդակի պատրաստման/վերականգնման և տեղադրման աշխատանքներ։
12:21 - 21 մայիսի, 2020
Համայնքները պայմանագիր են կնքել նախագծող մի ընկերության հետ, որը համապատասխան լիցենզիայի ներդիր չի ունեցել. մարզպետ |armtimes.com|

Համայնքները պայմանագիր են կնքել նախագծող մի ընկերության հետ, որը համապատասխան լիցենզիայի ներդիր չի ունեցել. մարզպետ |armtimes.com|

armtimes.com: Լոռու մարզում 2020թ-ին ներկայացված պետական սուբվենցիոն ծրագրերից մինչեւ այս պահը կառավարությունը հաստատել է 9 ծրագիր: Ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից վերջին օրերին քննարկվել և հավանության են արժանացել Վանաձոր համայնքի «Աթլետիկա օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի շենքի, «Հրաչյա Կլեկչյանի անվան թիվ 1 մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի, «Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ի Թատերական 2 հասցեում գտնվող շենքերի հիմնանորոգման ծրագրերը (ընդհանուր արժեքը 112.301 մլն դրամ):  Հանձնաժողովի հավանությանն արժանացած ծրագրերից են նաեւ Ծաղկաբեր համայնքի 3-րդ փողոցի ջրագծի նորոգման, Արևաշող համայնքի «Յազիկ» թաղամասում մանկական խաղահրապարակի կառուցման, Սարչապետ համայնքի Պետրովկա բնակավայրում հանդիսությունների սրահի վերանորոգման, Նորաշեն բնակավայրի մշակույթի տան դահլիճի վերանորոգման, Ախթալա համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման եւ Շամլուղ ու Ախթալա բնակավայրերի հանդիսությունների սրահների հիմնանորոգման ծրագրերը: Ավելի վաղ հավանության էին արժանացել նաև Լեռնապատ համայնքի «Համայնքի կարիքների համար գյուղտեխնիկայի և գյուղատնտեսական սարքավորումների ձեռքբերում» և Լուսաղբյուր համայնքի «Ոռոգման ցանցի նորոգում» ծրագրերը: Համայնքների կողմից ծրագրերի ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 30-նն էր: Ընդհանուր առնմամբ համայնքների կողմից ներկայացվել է 93 ծրագրային հայտ, որոնք պետք է քննարկվեն միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Ներկայացված ծրագրերից, սակայն, տարբեր պատճառներով, ծրագրային 9 փաթեթ արդեն իսկ մերժվել է: Այս մասին հայտնեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ ներկայացնելով մերժված ծրագրերն ու մերժման պատճառները. «Շենավանի հանդիսությունների սրահի նորոգման ծրագիրը մերժվել է, քանի որ խնդիրը հենց շինությունն էր, որը փայտյա շինություն էր, որի վիճակը լավը չէր, եւ ներսը վերանորոգելով մենք հարցը չէինք լուծի: Պայմանավորվեցինք համայնքապետի հետ, որ գումարը տնտեսենք եւ եկող տարի ամբողջությամբ վերակառուցենք շենքը: Նոր Խաչակապի ոռոգման ցանցի նորոգումն է մերժվել՝ ծրագրի եւ ակնկալվող գումարի անհամապատասխանության պատճառով: Աթան բնակավայրի ջրագծի նորոգումը մերժվել է գումարի ու ակնկալվող արդյունքի անհամապատասխանության հիմքով, ինչպես նաեւ ժամկետի խնդիր կար: Դեբետի մանկապարտեզի նոր շենքի կառուցումը մերժվեց, քանի որ համայնքը ներդրման ակնկալիք ուներ «COAF»-ից, բայց եւ պետք է համայնքի մասնաբաժինը ներդրվեր, բայց քանի որ հստակություն չեղավ՝ ծրագիրը անցավ հաջորդ տարի»,- թվարկեց մարզպետը: Շարունակությունը՝ armtimes.com-ում
09:14 - 14 մայիսի, 2020
ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվեհամարին է փոխանցվել Գուգարք համայնքի ղեկավարի կողմից համայնքին պատճառված 12մլն. դրամը

ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվեհամարին է փոխանցվել Գուգարք համայնքի ղեկավարի կողմից համայնքին պատճառված 12մլն. դրամը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են Լոռու մարզի Գուգարք համայնքի ղեկավարի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:Պարզվել է, որ համայնքի ղեկավարը, 2005 թվականի հոկտեմբերից զբաղեցնելով նշված պաշտոնը, ի պաշտոնե տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրի տարածքում հեռահաղորդակցության օպերատորներից մեկի կողմից ալեհավաք կայան տեղադրելու, շահագործելու մտադրության և դրա դիմաց բարձր վարձ վճարելու պատրաստակամության մասին, նպատակադրվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ակնկալվող բարձր վարձավճարների մուտքագրումն ուղղել ոչ թե համայնքային բյուջե, այլ՝ իր ընտանիքի բարեկեցության բարելավմանը և լրացուցիչ եկամուտներ ապահովելուն:Այդ նպատակով նա, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համապատասխան մրցութային հանձնաժողով ստեղծելու և մրցույթ անցկացնելու համար հիմքեր ստեղծելու նպատակով պահանջել է, որպեսզի իր կինը նշված հողատարածքը վարձակալելու մտադրության մասին համապատասխան դիմում ներկայացնի համայնքապետարան:Այնուհետև, անձամբ նախաձեռնելով հողատարածքի հատակագծման աշխատանքները, ստեղծելով և ղեկավարելով մրցութային հանձնաժողովը, կազմակերպել և անց է կացրել համայնքային սեփականություն հանդիսացող նշված հողամասը վարձակալության տրամադրելու վերաբերյալ ձևական մրցույթ, որի արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցույթի միակ մասնակից հանդիսացող իր կինը, ում հետ 2007 թվականի հունիսին կնքել է հողամասի վարձակալության պայմանագիր, որով համայնքային սեփականություն հանդիսացող 0,12 հա մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով, 50 տարի ժամկետով և տարեկան 2000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վարձակալության է տրամադրել վերջինիս։Համայնքի ղեկավարը կնոջ հետ հողամասի վարձակալության պայմանագիր կնքելուց կարճ ժամանակ անց՝ 2007 թվականի հուլիսին, վերջինիս միջոցով նույն հողամասի 0,02 հա մակերեսով հատվածը տարեկան 1․020․000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց ենթավարձակալությամբ հանձնել  է հեռահաղորդակցության աշխատանքներով զբաղվող ՓԲ ընկերությանը, որի արդյունքում, մինչև 2020 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում, հիշյալ կազմակերպությունից փաստացի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ստացել է ընդհանուր 12․489.500 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ՝ այդ  կերպ էական վնաս պատճառելով Գուգարք համայնքի իրավունքներին և օրինական շահերին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ. համայնքը զրկվել է իր սեփականությունը հանդիսացող գույքի օգտագործման դիմաց առանձնապես խոշոր չափերի՝ 12.489.500 ՀՀ դրամի չափով եկամուտ ստանալու և հողամասն իր նպատակային ու գործառնական նշանակությամբ օգտագործելու հնարավորությունից։Բացի այդ, համայնքի ղեկավարը, նույն ժամանակահատվածում խախտելով ՀՀ հողային օրենսգրքի պահանջները, հաստատապես իմանալով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հիշյալ հողամասի տարածքում հեռահաղորդակցության օպերատորի կողմից ինքնակամ ալեհավաք կայան տեղադրելու, շահագործելու մասին, տևական ժամանակ՝ մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում, դիտավորությամբ որևէ միջոց չի ձեռնարկել՝ համայնքի սեփականություն հանդիսացող նշված հողամասի ինքնակամ զավթումը, դրա վրա առանց թույլտվության շինության ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու, ինչպես նաև՝ հողամասն ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացրած  անձանց նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գուգարք համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն չարաշահելը) 2-րդ մասով և 315.2-րդ հոդվածով (պաշտոնեական անփութություն):Նախաքննության ընթացքում համայնքի ղեկավարն ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվեհամարին փոխանցելով 12.494.000 ՀՀ դրամը:Նախաքննությունը շարունակվում է:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:34 - 08 մայիսի, 2020
Ապօրինի ենթավարձակալության պայմանագրերով անձինք Ծաթեր և Հարժիս համայքներին պատկանող հողամասերի հաշվին խոշոր չափերով շահույթներ են ստացել. քրեական գործերով վերականգնվում են վնասները

Ապօրինի ենթավարձակալության պայմանագրերով անձինք Ծաթեր և Հարժիս համայքներին պատկանող հողամասերի հաշվին խոշոր չափերով շահույթներ են ստացել. քրեական գործերով վերականգնվում են վնասները

Լայն թափով շարունակվում են ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ հանրապետության բոլոր մարզերի ընդգրկմամբ համայնքային սեփականության հողամասերն առերևույթ սխեմատիկ հանցավոր մեխանիզմներով ենթավարձակալության հանձնելու փաստերով քրեական գործերի հարուցման, համայնքներին հասցված վնասների վերականգնման, վարձակալության ապօրինի պայմանագրերի լուծման գործընթացները:    Մասնավորապես, ՀՀ Լոռու մարզի դատախազության հանձնարարությամբ Ոստիկանության Թումանյանի բաժնում նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ մարզի Ծաթեր համայնքի ղեկավարը (ով ներկայումս հանդիսանում է խոշորացված Օձուն համայնքի Ծաթեր վարչական շրջանի ղեկավարը) 2004թ. և 2009թ. անցկացրել է համայնքային սեփականություն հանդիսացող երկու հողամասեր վարձակալության տրամադրելու ձևական մրցույթներ: Դրանց արդյունքում հաղթող են ճանաչվել մի դեպքում համայնքի ղեկավարի հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ գտնվող անձը, մյուս դեպքում՝ համայնքի ղեկավարի տեղակալը: Առաջինի հետ 2004թ. հոկտեմբերին կնքված պայմանագրով նրան գյուղատնտեսական գործունեության նպատակով տարեկան 168․000 ՀՀ դրամ վարձավճարով 25 տարի ժամկետով վարձակալության է տրվել 14 հա հողամաս: Չունենալով համայնքապատկան հողամասի վարձակալության իրավունքը մասնակի երրորդ անձին փոխանցելու կամ զիջելու իրավունք՝ 2008թ. նոյեմբերին վարձակալը նույն հողամասի մի փոքր՝ 0,02 հա հատվածը, համայնքի ղեկավարի գիտությամբ, տարեկան 480․000 դրամ վարձավճարի դիմաց ենթավարձակալությամբ հանձնել է կապի օպերատոր ընկերությանը՝ մինչև 2019թ. ստանալով ընդհանուր 1․6մլն ՀՀ դրամ շահույթ՝ վարձավճարի տեսքով: Իսկ երկրորդի դպքում 2009թ. ապրիլին կնված պայմանագրով վարձակալության է տրվել 2 հա հողամաս՝ 25 տարի ժամկետով և տարեկան ընդամենը 8․000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց, որից միայն 0,01 հա մակերեսով հատվածը 2010թ. մարտին վարձակալը 22.5 անգամ ավելի թանկ՝ տարեկան 180․000 դրամ վարձավճարի դիմաց, ենթավարձակալության է հանձնել կապի այլ օպերատորի և մինչև 2019թ. ստացել ընդհանուր 5.3մլն դրամի չափով շահույթ: Գործարքների հետևանքով համայնքը զրկվել է իր սեփականության գույքերի օգտագործման դիմաց առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր մոտ 7 մլն ՀՀ դրամի եկամուտ ստանալու հնարավորությունից։ Նշած փաստերի առթիվ մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով 2-րդ մասի և 3152-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ, և իրականացվում է նախաքննություն: Համայնքի ղեկավարը կամովին վերականգնել է շուրջ 1.7 մլն դրամ՝ պարտավորվելով ամբողջությամբ հատուցել պատճառված վնասը։ Ելնելով դրանից՝ որոշում է կայացվել վերացնել նրա նկատմամբ կիրառված արգելանքը: Համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 3152-րդ հոդվածով։ Իսկ Սյունիքի մարզի Հարժիս համայնքի նախկին ղեկավարը, ըստ Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալների, 2010թ. օգոստոսին 25 տարի ժամկետով, տարեկան 7.500 դրամ վարձավճարով Հարժիս համայնքի հետ կնքել է արոտավայր հանդիսացող՝ համայնքին պատկանող 10 հա մակերեսով հողատարածքի վարձակալության պայմանագիր: Այնուհետև, բառացիորեն օրեր անց, նշված հողամասից ընդամենը 150մ2 մակերեսով հողատարածքը 10 տարի ժամկետով, ամսական 30.000 դրամ վարձավճարով ենթավարձակալության է հանձնել կապի օպերատոր ընկերությանը, որի դիմաց մինչև 2020թ. ստացել է ընդհանուր առմամբ շուրջ 3.5մլն դրամ շահույթ՝ համայնքին զրկելով գրեթե նույն չափով բյուջետային միջոցները համալրելու հնարավորությունից։ Դեպքի առթիվ Սյունիքի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել քրեական գործ: Համայնքի նախկին ղեկավարն լիովին հատուցել է պատճառված վնասը, նախաքննության մարմնի կողմից որոշմամբ նա ևս ազատվել է արգելանքից։ Նախաքննությունը շարունակվում է։ Երկու մարզերի դատախազությունների կողմից միջոցներ են ձեռնարկվում մարզպետարանների, համայնքապետարանների կողմից իրենց իրավասությունների գործադրմամբ հիշյալ ենթավարձակալության պայմանագրերը լուծելու, կապի օպերատորների հետ համայնքի շահերից բխող նոր պայմանագրեր կնքելու ուղղությամբ:
10:59 - 06 մայիսի, 2020
ՎՊՀ ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով. մեղադրանք է առաջադրվել 8 ուսանողի

ՎՊՀ ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով. մեղադրանք է առաջադրվել 8 ուսանողի

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական  վարչության վարույթ է ընդունվել «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ֆակուլտետներից մեկի ամբիոնի վարիչի կողմից մի շարք ուսանողների ընթացիկ քննությունների, ստուգարքների, կուրսային և բուհի ավարտական աշխատանքների դրական արդյունքներն ապահովելու համար առերևույթ առևտրային կաշառք և կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզվել է, որ ամբիոնի վարիչը, օժտված լինելով ամբիոնի ուսումնամեթոդաբանական, գիտական, հետազոտական, դաստիարակչական և այլ աշխատանքների կազմակերպում և ղեկավարում իրականացնելու իրավասությամբ, պատասխանատվություն կրելով քննաշրջանների և ամփոփիչ, ավարտական քննությունների արդյունքների համար, Վանաձորի բնակչուհու միջնորդությամբ համաձայնություն է ձեռք բերել՝ իր լիազորությունների շրջանակում մի շարք ուսանողների օգտին, որոշակի գումարի դիմաց, կիսամյակային կուրսային աշխատանքների, քննությունների, ստուգարքների դրական գնահատականներ ապահովելու շուրջ: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ամբիոնի վարիչը պարբերաբար, միասնական դիտավորությամբ, շարունակաբար միջնորդից ստացել է ուսանողներից վերցված տարբեր չափերի կաշառք-գումարներ, որոնց մի մասը տվել է միջնորդին, իսկ ուսանողների կուրսային աշխատանքները, քննությունները, ստուգարքները գնահատվել են դրական: 2020 թվականի մայիսի 5-ին ամբիոնի վարիչը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (առևտրային կաշառքը) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 3-րդ մասի 3-րդ կետով և 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով և տվել խոստովանական ցուցմունքներ: Ուսանողներից 8-ին մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (առևտրային կաշառքը) 1-ին և 312-րդ հոդվածի (կաշառք տալը) 1-ին մասերով, իսկ միջնորդին՝ 38-200-րդ (առևտրային կաշառք ստանալուն օժանդակելը) հոդվածի 1-ին   և 313-րդ հոդվածի (կաշառքի միջնորդությունը) 1-ին մասերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:24 - 05 մայիսի, 2020