Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

ԶՈՒ բարեփոխումների նպատակն է բարձրացնել զորքերի մարտունակությունը, բարելավել սոցիալական պայմանները. Պապիկյան

ԶՈՒ բարեփոխումների նպատակն է բարձրացնել զորքերի մարտունակությունը, բարելավել սոցիալական պայմանները. Պապիկյան

Շարունակվում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցերը ՊՆ զորամասեր: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ԶՈՒ խաղաղապահ բրիգադ, զրուցել զորամասի սպայակազմի հետ: Նախարար Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, ծանոթացել նրանց ծառայողական կենսագրությանը, հետաքրքրվել սոցիալ-կենցաղային պայմաններով, լսել հուզող հարցերը: Սուրեն Պապիկյանը կարևորել է բրիգադի ծառայությունը խաղաղապահ առաքելություններ իրականացնելիս: Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ բարեփոխումների շրջանակում Զինված ուժերում ներդրվող ծրագրերի նպատակն է բարձրացնել զորքերի մարտունակությունը, մարտական պատրաստությունը, ինչպես նաև բարելավվել սպայակազմի սոցիալական պայմանները:
17:13 - 11 փետրվարի, 2023
Հնարավորություն ենք տալու, որ կանայք կամավորության հիմունքներով 6 ամիս ժամկետային զինծառայություն անցնեն․ Փաշինյան

Հնարավորություն ենք տալու, որ կանայք կամավորության հիմունքներով 6 ամիս ժամկետային զինծառայություն անցնեն․ Փաշինյան

Կառավարությունը այսօրվա նիստի ընթացքում սահմանեց մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը: Նախագծի հիմնական զեկուցող Սուրեն Պապիկյանը նիստի ընթացքում ասաց, որ մարտական գործողությունների և դրանց իրականացման պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը ներառում է  համազորային հատուկ նշանակության հետախուզական հրթիռային, հրետանային, հակաօդային պաշտպանության, ռադիացիոն քիմիական պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի, ավիացիոն, ԱԹՍ-ների, ինժեներական կամ ռազմատեղեկագրական մասնագիտական գործունեությունը և այդ գործունեության օպերատիվ տեխնիկական թիկունքային կամ բժշկական ապահովմանը, մարտական կամ զորահավաքային կամ բարոյահոգեբանական պատրաստության և զինվորական ծառայության կազմակերպման ուղղված գործունեությունը։  Նա տեղեկացրեց, որ ատեստավորումն իրականացվում է պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված ատեսվորման 5 կենտրոնների և 10 հանձնաժողովների միջոցով․ «Ատեստավորումնը ներառում է զինծառայողների մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թետային գնահատումը, ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանի գործնական գնահատումը»։  Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսպիսով սկսում են զինծառայողների ատեստավորման գործընթացը, որի արդյունքներով, կախված պաշտոններից, կոչումից, հաստիքից (խոսքը միջին սպայական կազմի մասին է) զինծառայողների աշխատավարձը կկրկնապատկվի։ Վարչապետը հարցի քննարկման ընթացքում անդրադարձավ նաև Պաշտպան հայրենյաց ծրագրին, որը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո 5 տարով պայմանագրային զինծառայության անցնելու հնարավորություն Նրա խոսքով՝ սա շատ կարևոր քայլ է՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին․ «Երբ ասում ենք՝ պրոֆեսիոնալ բանակ, երբեք նկատի չի առնվում, որ ընդհանրապես որևէ ժամկետային զինծառայություն չի լինում։ Մենք ասել ենք, որ ժամկետային զինծառայության բովանդակությունը և կառուցվածքը պետք է փոխվի, և պետք է անցնենք պրոֆեսիոնալ բանակի։ Այս առումով շատ ուրախ եմ, որ մենք կարծես թե արդեն մտնում ենք  մի կարևոր բարեփոխում իրականացնելու գործնական փուլ, երբ հնարավորություն ենք տալու, որպեսզի կանայք կամավորության հիմունքներով վեց ամիս ժամկետային զինծառայություն անցնեն, որից հետո էլ  նույնպես կարող են Պաշտպան հայրենյացի տրամաբանությամբ անցնել ավելի երկար ծառայության»։ Պապիկյանն էլ հավելեց, որ կանանց զինածառայության վերաբերյալ նախագիծը արդեն շրջանառության մեջ է դրված։   
12:37 - 09 փետրվարի, 2023
Պաշտպանության նախարարը հանգամանալից ներկայացրեց բանակում առկա խնդիրները․Գեղամ Մանուկյանը՝ փակ նիստի մասին
 |armenpress.am|

Պաշտպանության նախարարը հանգամանալից ներկայացրեց բանակում առկա խնդիրները․Գեղամ Մանուկյանը՝ փակ նիստի մասին |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մանրամասներ ներկայացրեց զինված ուժերում ստեղծված իրավիճակի, խնդիրների և հրատապ անելիքների վերաբերյալ դռնփակ ռեժիմով քննարկումից։ Լրագրողների հետ ճեպազրույցում Գեղամ Մանուկյանը նշեց, որ ընդդիմադիր պատգամավորները պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայությամբ բարձրաձայնեցին զինված ուժերում առկա խնդիրները։ «Սուրեն Պապիկյանը, ինչը գնահատելի է, հանգամանալից ներկայացրեց խնդիրները և տեխնիկական ապահովման, և սպառազինության հետ կապված։ Նա փորձեց հնարավորինս բաց ներկայացնել»,- ասաց Մանուկյանը։ Լրագրողի հարցին, թե բավարար համարու՞մ է զինված ուժերում իրականցվող աշխատանքները և որքանո՞վ էին օբյեկտիվ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հիմնավորումները առկա խնդիրների վերաբերյալ, Մանուկյանը պատասխանեց, որ չի կարող բավարարել այն, ինչ-որ այսօր կատարվում է զինված ուժերում։ «Քանի զինված ուժերում այս վիճակն է, քանի Ազատ գյուղում նման աննախադեպ դժբախտ դեպք է տեղի ունեցել, չի կարող որևէ մեկը բավարարվել․․․ Ցավոք, երկու տարվա մեջ շատ տեղերում ուղղակի թերի ինժեներական աշխատանքներ են կատարվում կամ գրեթե աշխատանք չի կատարվում»,- եզրափակեց Մանուկյանը։ «Հասարակական հետաքրքրություն ներկայացնող Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները հրատապ թեմայով» ԱԺ-ում դռնփակ քննարկում անցկացվեց: Քննարկումը նախաձեռնել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը:
17:54 - 07 փետրվարի, 2023
«Հայաստան» խմբակցության առաջարկած ԶՈւ-ում ստեղծված իրավիճակի հարցը կքննարկվի ԱԺ փակ նիստում
 |news.am|

«Հայաստան» խմբակցության առաջարկած ԶՈւ-ում ստեղծված իրավիճակի հարցը կքննարկվի ԱԺ փակ նիստում |news.am|

news.am: ԱԺ-ում այսօր՝ փետրվարի 7-ին մեկնարկած հերթական նիստերի օրակարգում է նաեւ «Հայաստան» խմբակցության առաջարկած «Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները եւ հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու վերաբերյալ նախագիծը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ը պաշտոնական գրությամբ առաջարկել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող Հայաստանի Զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները հրատապ թեմայով քննարկումներն անցակցել ԱԺ փակ նիստում։ Այս առաջարկությանն ընդունվեց 64 կողմ ձայնով։ Նախագծով առաջարկվել է հարակից զեկուցման հնարավորություն տալ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց, որ իրենք կողմ են այս առաջարկին։ 65 կողմ, 3 ձեռնապահ ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվեց։
10:30 - 07 փետրվարի, 2023
Պապիկյանը ՊՆ N ուսումնական զորամասի սպայակազմի հետ քննարկել է մարտական պատրաստության ամրապնդմանն առնչվող հարցեր

Պապիկյանը ՊՆ N ուսումնական զորամասի սպայակազմի հետ քննարկել է մարտական պատրաստության ամրապնդմանն առնչվող հարցեր

Փետրվարի 4-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակել է առանձնազրույցները ՊՆ N ուսումնական զորամասի սպայակազմի հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ խոսնակը։   Քննարկվել են ԶՈւ արդիականացման հեռանկարները, զորքերի մարտունակության բարձրացման, մարտական պատրաստության աստիճանի ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր:   Նախարարը սպաների հետ զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային հարցերի շուրջ:   Հիշեցնենք, որ այս շաբաթ մեկնարկել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի շրջայցերը ՊՆ բոլոր զորամիավորումներ ու զորամասեր։   Այցերի նպատակն է տեղում ծանոթանալ ծառայության կազմակերպման ընթացքին, զինծառայողների կարգապահության և բարոյահոգեբանական վիճակին, սոցիալ-կենցաղային պայմաններին, առաջնագծի կահավորմանն ու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։
14:00 - 04 փետրվարի, 2023
Զինվորների ծառայությունն առավել հարմարավետ և արդյունավետ դարձնելու համար արվում է առավելագույնը. Սուրեն Պապիկյան

Զինվորների ծառայությունն առավել հարմարավետ և արդյունավետ դարձնելու համար արվում է առավելագույնը. Սուրեն Պապիկյան

Փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N ուսումնական զորամաս։ Շրջելով զորամասի տարածքում նախարար Պապիկյանը հետևել է ուսումնական գործընթացի կազմակերպմանը, օրվա կարգացուցակով սահմանված դասընթացների և պարապմունքների անցկացմանը։    Շրջայցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է նաև ձմեռային զորակոչի շրջանակում ԶՈՒ շարքերը համալրած նորակոչիկների հետ։   Հետաքրքրվելով նրանց ծառայությամբ ու տրամադրությամբ՝ Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ զինվորների ծառայությունն առավել հարմարավետ և արդյունավետ դարձնելու համար արվում է առավելագույնը։ Նախարարը նաև ներկայացրել է որոշ մանրամասներ՝ ՊՆ-ում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։ 2022 թվականի ուսումնական տարվա արդյունքներով, մարտական պատրաստության բարձր ցուցանիշների, զինվորական օրինակելի կարգապահության համար, զորամասը ճանաչվել է ուսումնական լավագույն զորամաս։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զորամասի հրամանատարին է հանձնել պատվո դրոշը:
18:33 - 02 փետրվարի, 2023
Մեկնարկել են Սուրեն Պապիկյանի հանկարծակի շրջայցերը ՊՆ բոլոր զորամիավորումներ ու զորամասեր

Մեկնարկել են Սուրեն Պապիկյանի հանկարծակի շրջայցերը ՊՆ բոլոր զորամիավորումներ ու զորամասեր

Մեկնարկել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի շրջայցերը ՊՆ բոլոր զորամիավորումներ ու զորամասեր։ Դրանք լինելու են շարունակական և կրելու են նաև անակնկալ բնույթ։ Հանկարծակի այցերի նպատակն է տեղում ծանոթանալ ծառայության կազմակերպման ընթացքին, զինծառայողների կարգապահության և բարոյահոգեբանական վիճակին, սոցիալ-կենցաղային պայմաններին, առաջնագծի կահավորմանն ու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Այցերի ընթացքում պաշտպանության նախարարը նաև անմիջական զրույցներ կունենա զինվորների հետ՝ լսելով նրանց մտահոգություններն ու խնդիրները։ Ծառայության նկատմամբ անտարբեր վերաբերմունք, ոչ կանոնադրային փոխհարաբերություններ, կարգապահության ոչ բավարար մակարդակ, այսպիսի և այլ թերություններ նկատվելու դեպքում պատասխանատուները խստիվ պատժվելու են։ Պետք է իսպառ բացառվեն ծառայության նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի, անփութության, անկարգապահության հետևանքով տեղի ունեցող դեպքերը։  2023 թվականը պետք է լինի սխալների խմբագրման, քրտնաջան աշխատանքի և բանակի ողնաշարը շտկելու տարի։ Փետրվարի 1-ին նմանօրինակ այցով պաշտպանության նախարարը եղել է ՊՆ N զորամասում՝ հետևելով օրվա կարգացուցակով սահմանված ծառայության կազմակերպմանը։  Նախարար Պապիկյանն այցելել է նաեւ հրաձգարան, հետևել գործնական պարապմունքների ընթացքին: Այնուհետև տեղի է ունեցել զինծառայողների հետ անկեղծ զրույց, որի ընթացքում պաշտպանության նախարարը հետաքրքրվել է ծառայության կազմակերպման ընթացքով, առկա խնդիրներով, անձնակազմի հանդերձավորման և հաստիքային սպառազինության հետ կապված հարցերով: Պատասխանելով զինվորներին հետաքրքրող հարցերին, պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումների ընթացքի վերաբերյալ մանրամասներ: Այցի ավարտին պաշտպանության նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:  
16:26 - 01 փետրվարի, 2023
Վարչապետին է ներկայացվել Ռազմարդյունաբերության կոմիտեի 2022 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետին է ներկայացվել Ռազմարդյունաբերության կոմիտեի 2022 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը և պաշտոնատար այլ անձինք: Վարչապետին զեկուցվել են կոմիտեի կողմից նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, մասնավորապես, ռազմարդյունաբերական համալիրի կարողությունների զարգացման, տեղական ձեռնարկությունների հետ համագործակցության, ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսներում հայկական ընկերությունների ներգրավման և այլ ուղղություններով: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ոլորտի՝ ռազմավարական նշանակություն ունենալու փաստը և կարևորել կոմիտեի արդյունավետ գործունեությունը՝ ռազմարդյունաբերական կարողությունների, սպառազինության և տեխնիկայի արտադրության շարունակական զարգացման ու առկա ներուժի ընդլայնման գործում:
15:45 - 30 հունվարի, 2023
2023-ը պետք է լինի մեր ողնաշարը շտկելու տարի. Սուրեն Պապիկյան

2023-ը պետք է լինի մեր ողնաշարը շտկելու տարի. Սուրեն Պապիկյան

Պաշտպանության նախարարությունում կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով անցած տարվա ընթացքում կատարված աշխատանքին և այս տարվա անելիքներին: Ելույթի սկզբում նախարարը ցավակցել է հունվարի 19-ին զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների հարազատներին: «Ես իմ խորին ցավակցությունն եմ ուզում հղել հունվարի 19-ի դեպքերի բերումով զոհված մեր զինծառայողների հարազատներին, զինակից ընկերներին և ասել, որ Հայաստանի զինված ուժերում անտարբերությունը, խնդրիրներին մատերի արանքով նայելը և անկարգապահությունը տեղ ունենալ չեն կարող: Դա  այլևս աններելի է, և յուրաքանչյուրիս անելիքն է հետևություններ անել այս իրադարձություններից, խմբագրել մեր անելիքները և կատարել մեր պարտականությունները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Պապիկյանը: Նա հավելել է, որ հունվարի 28-ը իր համար՝ որպես պաշտպանության նախարար, ոչ միայն բանակի տոնն է, այլ  նախորդ տարի կատարված աշխատանքի, արվածի, չարվածի գնահատականի օրն է: «Այն մի կարևոր փուլ է, երբ ամենքս մեզ հարց տալուց պիտի վստահ լինենք, որ մեր պարտականություններում թերանալիս անգամ՝ մեղավորության բաժին չենք ունեցել: Բայց փաստ է, որ 2022 թվականը որքան էլ մեր տքնաջան աշխատանքի արդյունքում որոշակի հաջողություններ է արձանագրել, կան բազում թերացումներ: Եվ այդ բազում խնդիրների հետ առերեսվելու, դրանք ի գիտություն ընդունելու և սխալները չկրկնելու պարտավորություն ունենք: Ես վստահ եմ, որ 2022 թվականը բարեփոխումների տարի լինելուց զատ էապես փոխել է մթնոլորտը մեր Զինված ուժերում: Գուցե, դա բավարար չէ, գուցե, տեսանելի չէ, և հանրության պահանջը, ակնկալիքը, գուցե, թվա անիրական կամ մեր ուժերից վեր, բայց մեր պարտավորությունն է այդ ակնկալիքն ամբողջությամբ բավարարել»,- նշել է նախարարը: Պապիկյանն անդրադարձ է կատարել նաև 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերին, որոնց ժամանակ շատ զինծառայողներ և սպաներ աչքի են ընկել սխրանքներով: «Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելը յուրաքանչյուրիս պարտքն է՝ ԶՈՒ յուրաքանչյուր սպայի և հայրենիքի յուրաքանչյուր զինվորի: Այո, մենք 2022 թվականի սեպտեմբերին, նաև 2020 թվականի պատերազմից հետո ցույց տվեցինք, որ հայ զինվորը ԶՈՒ-ն կանգնած է մեր սահմանին և ամեն գնով պաշտպանելու է ՀՀ տարածքային ամբողջականությունը: Սա, իհարկե, առաջին քայլն է, առաջին նշույլն է առ այն, որ մեր ողնաշարը շտկման ճանապարհին է: Բայց նաև այն բավարար չէ, և 2023 թվականը ինձ համար՝ որպես պաշտպանության նախարար, ձեր առաջ պարտավորության ստանձնումն է, որ 2023-ը պետք է դառնա սխալների խմբագրման, անհնարինը իրականություն դարձնելով՝ մեր ողնաշարը շտկելու տարի: Այլ ճանապարհ չկա, մենք պետք է պատրաստ լինենք.  յուրաքանչյուրը, ով կրում է ուսադիր, ով չի կրում ուսադիր, բայց յուրաքանչյուր պահի պատրաստ է զորակոչվել մեր շարքերը, պետք է պատրաստ լինի իր կյանքն անմնացորդ նվիրել հանուն հայրենիքի: Բայց, իհարկե, ավելի լավ է 2023-ը նաև դարձնել ոչ միայն դիմադրելու ու դիմակայելու տարի, այլ այն դարձնել մտածելու, խելամիտ ու հնարամիտ լինելու տարի: Մեր տարածքային ամբողջականության պաշտպանության գրավականը պետք է լինի մեր խելամտությունը և, իհարկե, անմնացորդ կամքը»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը: Նա նշել է, որ ուզում է ՀՀ ԶՈՒ յուրաքանչյուր սպայի աչքերում տեսնել ավյուն, տեսնել ցանկություն, պայծառ հայացք, որը միտված է մեր երկրի պաշտպանունակությունը օր առաջ ավելի ամուր, ավելի լավը դարձնելուն: «Հայոց բանակի դերը, հայ զինվորի դերն ու կոչումը մեր պետականության հարատևությունն ու ամրությունը պաշտպանելն է: ՀՀ ԶՈՒ-երը մշտապես պետք է լինեն մեր պետականության ապավենը և մեր պետականության հարատևման հիմնական գրավականը»,- ասել է Պապիկյանը: Նա հավելել է, որ 2022-ին մի շարք բարեփոխումներ են իրականացրել, որոնց տեղայնացումը պետք է տեղի ունենա 2023 թվականին: «Դա կախված է ամենքիս ջանքերից: 2022-ը նաև եղել է հնարավորությունների տարի, 2023-ը իր հերթին լինելու է նպատակ ունեցող, տեսլական ունեցող զինվորականի համար վերելքի ու հնարավորության տարի: Սահմանափակ ու լճացած գործընկերների համար այն պետք է լինի բանակին, ԶՈՒ-ին հաջողություն մաղթելու տարի: Ես ուզում եմ ամեն մեկս մեզ համար հետևություն անենք արածի ու չարածի: 2023 թվականը պետք է մեզ համար դառնա նոր սկզբի տարի, վերընձյուղման տարի և ողնաշարի շտկման տարի: Ես ուզում եմ բոլորիս համար նոր կարգախոս դառնա անխոնջ աշխատանքը, քրտնաջան աշխատանքը և ուզում եմ բոլորիս նպատակը լինի մեկը՝ օր առաջ ավելի ամուր դարձնել ՀՀ սահմանը և տարածքային ամբողջականությունը»,- եզրափակել է նախարարը:
21:13 - 28 հունվարի, 2023
Անհրաժեշտ է ուժեղ և պրոֆեսիոնալ բանակ՝ ուժեղ հոգով, իմացությամբ, ինտելեկտով և ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելով. ՀՀ վարչապետ

Անհրաժեշտ է ուժեղ և պրոֆեսիոնալ բանակ՝ ուժեղ հոգով, իմացությամբ, ինտելեկտով և ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելով. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ այցելել է Պաշտպանության նախարարություն, որտեղ տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն ԶՈՒ բարձրագույն սպայակազմի մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա են գտնվել նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը և այլ պաշտոնատար անձինք: Միջոցառման սկզբում դահլիճ են բերվել Հայաստանի Հանրապետության պետական, Զինված ուժերի մարտական և Հայոց բանակի պահապան՝ Սուրբ Աշոտ Երկաթ դրոշները, որից հետո հնչել է ՀՀ օրհներգը: Այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակին: Ելույթով նախ հանդես է եկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, այնուհետև ներկաներին է դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իր խոսքում, վարչապետը նշել է. «Պաշտպանության հարգելի նախարար,Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Գլխավոր շտաբի պետ,Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ,Պարոնայք գեներալներ և սպաներ,Հարգելի ներկաներ, Շնորհավորում եմ բոլորիս մեր բանակի ձևավորման 31-րդ տարեդարձի առիթով և ուզում եմ առաջին հերթին բոլորիս մաղթել կամք, որը հենված է իմացության վրա։ 31 տարիների պատմությունը վերլուծելով՝ մենք պետք է արձանագրենք հետևյալը, որ բանակի և պետության որակական կապը շատ ուղիղ է։ Այս կապը մեզ պիտի պարտադրի, որպեսզի բանակի և պետության որակի զարգացումը մեր ամենօրյա աշխատանքը լինի։ Բայց սրա համար մենք պետք է առերեսվենք խնդիրներին։ Երբեմն հաճախ ու շատերին թվում է, թե մենք լրիվությամբ խորացել ենք պրոբլեմների մեջ։ Իրականությունն այդպես չէ, եթե նույնիսկ մենք խորացել ենք այդ պրոբլեմների մեջ` չենք առերեսվել դրանց: Կարծում եմ, որ մենք հենց այստեղից պետք է սկսենք, որովհետև մեր բոլոր գործողությունները պետք է հիմնված լինեն իմացության և ճանաչողության վրա։ Մենք պետք է ճանաչենք մեր խնդիրների, մեր բոլոր ձախողումների և մեր բոլոր հաջողությունների էությունը։ Այս առումով, ուզում եմ ընդգծել և նաև կիսել ձեզ հետ մեր մտքերի ընթացքը։ Բանակն առաջին հերթին հենված է սպայի ինստիտուտի վրա։ Մենք պետք է արձանագրենք մի բան, որ սպայական կոչման և սպայական աշխատանքի վարկը պետության անվտանգության խնդիր է։ Սպան չի կարող չապահովել սեփական ընտանիքի բարեկեցությունը։ Սա պետք է լինի մեր ամենակարևոր արձանագրումը, որովհետև սպան պետության հենասյունն է, ընդ որում, բանակի սպան, հատուկ ծառայությունների սպան, ոստիկանության սպան։ Այստեղից են, որ սկսում են մեր բոլոր պրոբլեմները, որովհետև մեզ թվացել է, թե մենք կարող ենք ապահովել պետության անվտանգությունը` սպային մղելով յոլա գնալու դաշտ և հարթություն։ Հայաստանի Հանրապետությունում սպայի ընտանիքը պետք է լինի բարեկեցիկ։ Սա է մեր մարտավարական նպատակը և այս խնդրով ենք մենք առաջնորդվելու։ Բայց սպա լինելը պետք է նշանակի առանձնահատուկ որակների կրում, սպա լինելը պետք է լինի առանձնահատուկ առաքելության գիտակցում և պրոֆեսիոնալ, մասնագիտական առանձնահատուկ հմտությունների իմացություն։ Այս իրողությունները պետք է սերտորեն կապված լինեն իրար հետ։ Եվ մենք Զինված ուժերի բարեփոխումների համատեքստում հենց այս բանաձևն ենք դնում։ Սպայի պրոֆեսիոնալ իմացությունը, հմտությունը և նրա ընտանիքի բարեկեցությունը՝ սկսած սոցիալական երաշխիքների համակարգից, բնակարանային ապահովության համակարգից, շարունակած նրանց ընտանիքի անդամների, երեխաների կրթության հնարավորություններով, որովհետև պետք է հասկանանք, երբ մարդը ծառայում է Հայրենիքին` սպայի կարգավիճակում, նա սովորականից ավելի պակաս ժամանակ է տրամադրում իր ընտանիքին։ Մենք պետք է առերեսվենք այս պրոբլեմների հետ և այնպես անենք, որ այս իրողությունը նեգատիվ ազդեցություն չունենա ընտանիքի բարեկեցության և երեխաների հետագա ճակատագրի, կրթության հարցերում։ Պետությունն այստեղ պետք է կանգնած լինի սպայի կողքին, կրկնում եմ՝ միևնույն ժամանակ, որևէ կոմպրոմիսի չգնալով սպայի որակական հատկանիշների առումով։ Հաջորդը` զինվորի պրոֆեսիոնալ կարողություններն ու հմտություններն են. այստեղ նույնպես նույն չափանիշները պիտի գործեն` մի փոքր այլ հարթության մեջ։ Մենք կարծում ենք՝ այն գործընթացը, որ սկսել ենք Զինված ուժերում, պիտի բերի մեր խնդիրների կատարմանը։ Ընդհանուր առմամբ պիտի արձանագրեմ, որ զինվորական ծառայությունը, իհարկե, առաջին հերթին կարգապահությունն է, ինձնից սկսած` բոլորովս ավարտած։ Մենք պետք է հայրենասիրության մեր մոդելի մասին մտածենք։ Մենք պետք է ի վերջո հրաժարվենք կենացային հայրենասիրությունից, երբ ճառերը և իրականությունը կիլոմետրերով շեղված են իրարից։ Այսօր էլ մենք բախվում ենք այդ խնդրի հետ։ Եվ սա այն ֆունդամենտալ պրոբլեմներից է, որը մենք պետք է ի վերջո կարողանանք լուծել: Դահլիճում ներկա են կին զինծառայողներ, ես ուզում եմ նախ առանձնահատուկ ընդգծել նրանց ծառայությունն ու ներկայությունը: Մենք Զինված ուժերում կանանց ներգրավվածության աստիճանը պետք է մեծացնենք, այդ թվում և առավել ևս մարտական ծառայության ոլորտում: Եվ սա Զինված ուժերի բարեփոխումների մեր հաջորդ կարևոր ուղղությունն է: Նաև մեր մեծագույն խնդիրներից մեկը եղել է այն, որ չենք ընկալել, որ բանակն ինքնին անվտանգության ապահովման գործում չի կարող միայնակ իրագործել այդ խնդիրը, եթե չունի շարունակություն: Այս առումով, ուզում եմ ընդգծել այն բարեփոխումները, որ նախաձեռնել ենք պահեստազորի կառավարման կամ պատրաստության առումով: Մի քանի անգամ խորհրդակցություններ ունեցել ենք, և ես ընդգծել եմ՝ այն մարտունակությունը, որ ունենք բանակում, զինծառայողների շրջանում, պետք է այսպես ասած, արտապատվիրակենք, փոխանցենք պահեստազորին: Իսկ բանակում զինծառայության մեջ գտնվող սպաների և զինծառայողների մարտունակությունը պիտի լինի նոր որակի, որը շատ դեպքերում մեզ նույնիսկ անծանոթ է: Մենք այս խնդիրները լուծելու պարագայում է, որ կունենանք նոր իրավիճակ, և մենք հետևողականորեն պետք է գնանք այս ճանապարհով: Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել նաև աշխարհազորի կայացումը որպես ինստիտուտ: Նաև հիմա շատ տարածված է և դա վատ չէ, այս օրերին մեզ օգնում են կամավորներ, տարբեր կազմակերպություններ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց դրա համար, բայց մյուս կողմից պետք է ընդգծեմ, որ երկրում չեն կարող լինել բանակներ, երկրում կարող է լինել բանակ: Եվ բոլոր նրանք, ովքեր այս կարգի ծառայություն են մատուցում, ինչի համար մենք շնորհակալ ենք, պետք է միանշանակորեն և աներկբա տեղավորվեն հրամանատարական ուղղահայացի մեջ, և այդտեղ որևէ այլընտրանք և որևէ կոմպրոմիս լինել չի կարող, ուզում եմ, որ մենք շատ հստակ գիտակցենք: Բանակը նաև գործում է ըստ այն հնարավորությունների, որը ստեղծում է տնտեսությունը: Եվ այստեղ էլ ուզում եմ կապը տեսնենք, որովհետև մենք բանակում բարեփոխումներ, սպառազինության ձեռքբերումներ իրականացնում ենք այնքանով, ինչքանով դրա հնարավորությունը տալիս է պետական բյուջեն: Իսկ պետական բյուջեն գեներացվում է տնտեսվարողների գործունեության և նրանց կողմից վճարվող հարկերի հաշվին: 2023 թվականին մենք 2018 թվականի համեմատությամբ 113 տոկոսով ավելացրել ենք պաշտպանական ծախսերը: Այդ ծախսերի մի մասը գնալու է զինծառայողների սոցիալական ապահովությանը, աշխատավարձերի բարձրացմանը, մյուս մասը՝ սպառազինության և տեխնիկայի ձեռքբերումներին, մյուս մասը՝ ինժեներական աշխատանքներին և այլն: Եվ ես ուզում եմ նաև այս դահլիճում շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր տնտեսական գործունեություն են ծավալում և օրենքով սահմանված կարգով հարկեր են վճարում պետությանը: Ընդհանրապես և այդ թվում անվտանգության ոլորտում շատ կարևոր է, որ կարողանանք փոխել հարկ վճարելու ընկալումը մարդկանց կողմից, որովհետև դարձյալ կրկնում եմ՝ սխալ է այն ընկալումը, թե պետությունը մարդկանցից վերցնում է այդ գումարը հարկի տեսքով: Ո՛չ, երբ մարդը, քաղաքացին հարկ է վճարում, նա իր աջ գրպանից գումարը տեղափոխում է ձախ գրպան, կամ հակառակը, որովհետև վճարված հարկերի հաշվին է ապահովվում երկրի անվտանգությունը, կառուցվում ճանապարհներ, դպրոցներ և այլն: Ոչ ոք ինքն իր համար ճանապարհ չի կառուցելու, ոչ ոք ինքն իր համար անվտանգություն չի ապահովելու, ոչ ոք ինքն իր համար իրավակարգ չի ապահովելու, և այս առումով, շատ կարևոր է այս հարաբերությունների ճիշտ կառուցումն առաջին հերթին գաղափարական հարթության վրա: Մեզ անհրաժեշտ է ուժեղ և պրոֆեսիոնալ բանակ՝ ուժեղ հոգով, ուժեղ իմացությամբ, ուժեղ ինտելեկտով, ուժեղ բազկով, ուժեղ ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելով: Սակայն դարձյալ ուզում եմ կրկնել, որ բանակը մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար, որովհետև Զինված ուժերի բարեփոխումներն առաջին հերթին մեզ համար կարևոր են կառավարության որդեգրած խաղաղության օրակարգն առաջ մղելու համար: Մենք չպետք է շեղվենք այդ օրակարգից և հետևողականորեն առաջ մղենք խաղաղության օրակարգը: Եվ ի վերջո ուզում եմ մեր բոլոր սպաներին, գեներալներին, զինվորներին, շարքայիններին, քաղաքացիական ծառայողներին, ովքեր ազնիվ և անձնվեր ծառայություն են մատուցում Հայրենիքին, շնորհակալություն հայտնել այդ առիթով: Մենք շատ դժվար ճանապարհ ենք անցնում, և ինչպես կանցնենք այդ ճանապարհը՝ կախված է մեզնից, բացառապես մեզնից և մեր կամքից, մեր հավատից, մեր նվիրումից, մեր ազնվությունից: Բոլորիս հաջողություն եմ մաղթում և կրկին շնորհակալություն հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր ծառայում են ոչ միայն և ոչ այնքան գործի, աշխատանքի բերումով, այլ նաև հոգու, սրտի, հավատի և առաքելության գիտակցությամբ: Շնորհակալ եմ բոլորիցդ և շնորհավորում եմ բոլորիս Հայկական բանակի 31-րդ տարեդարձի առիթով»: Հավաք-խորհրդակցության ընթացքում ներկայացվել են 2022 թվականի ուսումնական տարվա արդյունքներով լավագույն ճանաչված զորամասերն ու ստորաբաժանումները: Առաջիկայում տեղի կունենան վերջիններիս պատվո դրոշների փոխանցման արարողությունները: Միջոցառումն ավարտվել է ՀՀ Զինված ուժերի օրհներգի կատարմամբ:
15:31 - 28 հունվարի, 2023
«Եթե չլիներ այդ դժբախտ դեպքը, ՊՆ-ն այդ տնակների մասին առավոտից գիշեր չէր խոսի»․ Գեղամ Մանուկյան

 |aravot.am|

«Եթե չլիներ այդ դժբախտ դեպքը, ՊՆ-ն այդ տնակների մասին առավոտից գիշեր չէր խոսի»․ Գեղամ Մանուկյան |aravot.am|

aravot.am: ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այսօր խորհրդարանում կազմակերպել էր դռնփակ աշխատանքային քննարկում՝ ՀՀ զինված ուժերի ներկա վիճակի, բանակում առկա խնդիրների, դրանց լուծման ընթացքի և ուղիների վերաբերյալ, սակայն պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գրություն էր ուղարկել, որ նպատակահարմար չի գտնում մասնակցել կամ ներկայացուցիչ ուղարկել։ Հրավերին արձագանքել եւ ներկայացուցիչ էր ուղարկել միայն ֆինանսների նախարարությունը։ Քննարկման բաց հատվածում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով Գեղարքունիքի մարզում 15 զինվորի մահվան դեպքին, հայտարարեց․ «Բոլորի աչքի առաջ դժբախտ դեպքին նախորդել է Անդրանիկ Քոչարյանի մի հայտարարություն, որ նոր տարուց առաջ ընդդիմադիր պատգամավորները եղել են առաջնագծի տարբեր հատվածներում եւ դրանից հետո «սակավախոս դարձել»։ Նա ակնարկել էր, թե մենք այնպիսի լավ վիճակ ենք տեսել, որ խուսափում ենք բարձրաձայնել։ Տեղի ունեցավ այդ դժբախտ դեպքը, եւ այսօր էլ իշխանությունը շարունակում է ոչ թե խնդիրներ լուծել, առաջնագիծ կահավորել, այլ սեփական հեղինակությունը փրկելով է զբաղված։ Վերջին աղմկոտ օրինակն իտալական մոդուլային տնակներն են։ Եթե չլիներ այդ դժբախտ դեպքը, ՊՆ-ն դրա մասին թերեւս առավոտից գիշեր չէր խոսի»։ Գեղամ Մանուկյանի խոսքով՝ ովքեր որ ծանոթ են առաջնագծի պայմաններին, գիտեն, որ նման մոդուլային տնակներ վաղուց արտադրվում են ՀՀ-ում եւ տեղավորվում որոշ հատվածներում․ «Դրանք, ցավոք, ժամանակավոր են, ոչ թե ամրակայված կացարաններ են։ Փոխարենն իշխանությունն այս օրերին պարեկների շնորհանդեսներով է զբաղված, Իջեւանում ճոխ խնջույք է անում։ Պարեկային ծառայությունը խայտառակ վիճակում է․ Երեւանի ծառայության համար նոր գնված թանկարժեք մեքենաների պարկի 23%-ը խափանված կանգնած է»։
17:09 - 23 հունվարի, 2023
Սուրեն Պապիկյանն ու Տոյվո Կլաարը  հույս են հայտնել, որ որոշում կկայացվի ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական նոր առաքելություն իրականացնելու վերաբերյալ

Սուրեն Պապիկյանն ու Տոյվո Կլաարը հույս են հայտնել, որ որոշում կկայացվի ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական նոր առաքելություն իրականացնելու վերաբերյալ

Հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Տոյվո Կլաարը իր մտահոգություններն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ ԵՄ արտգործնախարարների կոմիտեի նիստին որոշում կկայացվի ՀՀ տարածքում ԵՄ քաղաքացիական դիտորդական նոր առաքելություն իրականացնելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մեկօրյա այցով Երևանում է։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում՝ նշելով, որ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, և պետք է շտապ լուծումներ գտնել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան առնվազն երկու տարով։ Infocom.am-ի հայաստանյան աղբյուրը հաստատել էր տեղեկությունը, որ դեռ անցած շաբաթ նախագիծն ընդունվել է Եվրոպական խորհրդի Քաղաքական ու անվտանգության հանձնաժողովում, երեկ էլ հաստատվել դիտորդական առաքելություններով զբաղվող հիմնական կառույցում՝ Ճգնաժամերի կառավարման քաղաքացիական հարցերի հանձնախմբում: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով ԵՄ-ի կողմից ՀՀ նոր երկարաժամկետ առաքելություն ուղարկելու մասին լուրերը, նշել էր․ «ԵՄ նոր լիարժեք դիտորդական առաքելության սահմանման պարագայում միայն աջակցող ու կառուցողական դերակատարում կունենանք, անշուշտ, դրական ենք վերաբերվում քննարկմանը, դրական կվերաբերվենք, եթե այդպիսի որոշում ընդունվի ԵՄ կողմից ու տեղում լայն համագործակցություն կհաստատենք նրանց հետ»։     
14:16 - 23 հունվարի, 2023