ՄԻԵԴ

Ստրասբուրգում 1959թ․ հիմնված միջազգային դատարան։ Դատավորների թիվը համապատասխանում է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվին։

Դատարանը գործադրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Դրա խնդիրն է երաշխավորել կոնվենցիայում ամրագրված իրավունքների եւ երաշխիքների նկատմամբ հարգանքը անդամ պետությունների կողմից, ինչը Դատարանն իրականացնում է անհատների, երբեմն նաեւ պետությունների ներկայացրած բողոքները քննելու միջոցով։

Եթե այն գտնում է, որ անդամ պետությունը ոտնահարել է վերոնշյալ իրավունքներից եւ երաշխիքներից մեկը կամ ավելին, ապա որոշում է կայացնում։ Որոշումները պարտադիր իրավական ուժ ունեն։ Խնդրո առարկա պետությունները պարտավոր են ենթարկվել դրանց։

Ստորագրված փաստաթղթով 50 մլրդ դոլարի պարտավորություն չի դրվել Հայաստանի վրա, ՀՀ-ն հայցի մասին ծանուցում դեռևս չի ստացել

Ստորագրված փաստաթղթով 50 մլրդ դոլարի պարտավորություն չի դրվել Հայաստանի վրա, ՀՀ-ն հայցի մասին ծանուցում դեռևս չի ստացել

Հայկական որոշ լրատվականներ տարածում են ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանի հայտարարությունը, որում, մասնավորապես, ասված է, թե նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթով ոչ միայն տարածքներ կորցրինք, այլեւ ավելի քան 50 մլրդ ԱՄՆ դոլարի պարտավորություն դրվեց Հայաստանի վրա: Սակայն նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետի, Արդրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ստորագրած հայտարարության մեջ նման պարտավորության մասին խոսք չկա: Կոստանյանն առաջին անգամը չէ, որ խոսել է Ադրբեջանի` Հայաստանի դեմ հայց նախապատրաստելու մասին: Ինչպես նշել է իր հայտարարության մեջ՝ հայցը վերաբերում է Արցախում եւ 7 շրջաններում Ադրբեջանի կողմից իբր թե կրած նյութական վնասի փոխհատուցմանը: Ըստ նրա՝ Ադրբեջանը դեռ երկու տարի առաջ չէր կարողանում հայց ներկայացնել, քանի որ չուներ բավարար ապացույցներ առ այն, որ Հայաստանն է պատասխանատու սուբյեկտը․ «Նրանք վարձել էին վնասների հաշվարկման միջազզգային կազմակերպություն, որն Ադրբեջանին հասցված վնասները գնահատել էր ավելի քան 50 մլրդ ԱՄՆ դոլար»,- շեշտել է Կոստանյանը։  Եւ, չնայած Կոստանյանն իր հայտարարության սկզբում ասում է, որ 50 մլրդի պարտավորությունը դրվել է Հայաստանի վրա, այնուհանդերձ հայտարարության մեջ միայն վստահություն է հայտնում, թե նախապատրաստական աշխատանքներն ակտիվացել են. «Վստահ եմ՝ նման հայցի ուղղությամբ աշխատանքներն ակտիվացել են, քանի որ Հայաստանի վարչապետը, նոյեմբերի 10-ին ստորագրելով հայտնի փաստաթուղթը, ըստ էության հաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունն է հանդիսանում պարտավորության սուբյեկտ, եւ դրանով իսկ ուղղակիորեն ստանձնել է պարտավորություն ցանկացած պատճառված վնասի համար»: Սակայն լրատվամիջոցների վերնագրերից տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանը հենց փաստաթղթով է ստանձնել այդ պարտավորությունը։ ՌԻԱ Նովոստին էլ նախօրեին փոխանցել էր, որ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե Բաքուն կգնահատի Լեռնային Ղարաբաղի կրած վնասը եւ փոխհատուցում կպահանջի Հայաստանից։ Անդրադառնալով այս հայտարարությանը եւ դրա հնարավորություններին` Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է, որ այդ խոսակցությունները հստակ չեն, եւ Ալիեւը չի նշում, թե մասնավորապես միջազգային որ դատարան է դիմելու, որ քաղաքական մարմնին եւ ինչ ընթացակարգով: Արա Ղազարյանի խոսքով՝ չկա նման ընփացակարգ եւ դժվար էլ լինի: Իսկ եթե նույնիսկ լինի, միջազգային իրավունքի մասնագետի կարծիքով, Հայաստանն էլ կներկայացնի հենց միայն Ապրիլյան պատերազմի վերաբերյալ։ Infocom-ը կապ հաստատեց նաեւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դմեյանի հետ, որը հայտնեց՝ այս պահին մենք միջազգային դատական որեւէ ատյանից նման ծանուցում չենք ստացել․ «Նման հայցի մասին միայն կարող ենք խոսել, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պաշտոնապես ծանուցվի դրա ներկայացված լինելու վերաբերյալ: Քանի դեռ չկա, չենք կարող ասել` նախապատրասվո՞ւմ է հայցը, թե՞ ոչ, կներկայացվի՞, թե՞ ոչ: Դրանք ընդամենը ենթադրություններ են»,- ասաց Դրմեյանը` հավելելով, որ հայց ներկայացնելու հավանականություն միշտ կարող է լինել, քանի որ ե՛ւ ՀՀ-ն, ե՛ւ Ադրբեջանը անդամակցում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանին:  Այսպիսով՝ ոչ միայն նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթով 50 մլրդ ԱՄՆ դոլարի պարտավորություն չի դրվել Հայաստանի վրա, այլեւ Հայաստանի Հանրապետությունը նման որեւէ հայցի մասին պաշտական ծանուցում դեռևս չի ստացել։ Զարա Խաչատրյան
15:21 - 14 նոյեմբերի, 2020
Պատերազմական հանցագործությունների վերաբերյալ բազմաթիվ ապացույցներ են ներկայացվել ՄԻԵԴ |hetq.am|

Պատերազմական հանցագործությունների վերաբերյալ բազմաթիվ ապացույցներ են ներկայացվել ՄԻԵԴ |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործություններ իրականացնելու վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Այս պահին ավելի մեծ փաթեթ է պատրաստվում ՄԻԵԴ ուղարկելու նպատակով:     ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ պատերազմի սկսման հենց առաջին օրվանից շատ փաստաթղթեր են ներկայացվել ՄԻԵԴ, և «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ու Թուրքիայի» գործերով այդ երկրների նկատմամբ դատարանի կողմից միջանկյալ միջոց է կիրառվել: «Դրան զուգահեռ, սեպտեմբերի 27-ից՝ գրեթե ամենօրյա ռեժիմով, օր է եղել՝ նաև երկու անգամ, հավաքագրված փաստերը, ապացույցներն ուղարկվել են ՄԻԵԴ, այդ թվում՝ ռազմական հանցագործությունների հետ կապված»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը: Մասնավորապես, ապացույցներ են ներկայացվել, ներկայում էլ պատրաստվող փաթեթում ներառվելու են փաստեր, ապացույցներ խաղաղ բնակիչների սպանության, արգելված զենքերի, այդ թվում՝ քիմիական տարրեր պարունակող զենքերի օգտագործման, ոչ ընտրանքային հարձակումների, Ադրբեջանի իշխանության ներքո հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի, մշակութային արժեքների վնասման, ոչնչացման մասերով: Հիշեցնենք, որ 2020թ. սեպտեմբերի 29-ին ՄԻԵԴ-ը՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով, միջանկյալ միջոց կիրառելու որոշում է կայացրել, որով կոչ է արել ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով ապահովվող իրավունքների խախտմանը, այդ թվում՝ վտանգի տակ դնել նրանց կյանքն ու առողջությունը։ Նույն որոշմամբ ՄԻԵԴ-ը կոչ է արել կողմերին կատարել Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ կյանքի իրավունքի և խոշտանգումների, անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունքի և պատժի արգելքի մասով: Արդեն հոկտեմբերի 6-ին ՄԻԵԴ-ը, Հայաստանն ընդդեմ Թուրքիայի գործով, կրկին որոշել է կիրառել միջանկյալ միջոց` այս անգամ կոչ անելով հակամարտության մեջ ուղղակի կամ անուղղակիորեն ներգրավված բոլոր պետություններին, ներառյալ՝ Թուրքիային, զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք նպաստում են քաղաքացիական անձանց՝ Կոնվենցիայով ապահովվող իրավունքների խախտմանը և հարգել Կոնվենցիայով ստանձնած իրենց պարտավորությունները: Ավելին՝ hetq.am-ում
12:32 - 12 նոյեմբերի, 2020
Ադրբեջանը տեղեկություններ է տրամադրել 7 հայ ռազմագերու մասին․ դրանց որակը, սակայն, գոհացուցիչ չէ |armtimes.com|

Ադրբեջանը տեղեկություններ է տրամադրել 7 հայ ռազմագերու մասին․ դրանց որակը, սակայն, գոհացուցիչ չէ |armtimes.com|

armtimes.com: Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմում վերջին տվյալներով գերեվարվել է 28 հայ զինծառայող։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նրանց մի մասի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը ցավով նշեց, որ թիվն այսքանով չի սահմանափակվի․ «Մենք ստանում ենք տեղեկություններ, որ այլ անձինք եւս գերեվարվել են, պարզապես այդ ապացույցների ամրագրման հետ կապված խնդիրներ կան, փորձում ենք դրանք ավարտին հասցնել․ քանի դեռ ապացուցողական բազա ձեւավորված չէ, խուսափում ենք այդ դեպքերը եւս դատական ատյաններ ներկայացնելուց»։ Հաստատված 28 դեպքերից 16-ի վերաբերյալ իրավապաշտպանների թիմը պարբերաբար դիմումներ է ուղարկել Եվրոպական դատարան, որն էլ իր հերթին վերջնաժամկետներ է սահմանել, որպեսզի Ադրբեջանը տեղեկություններ տրամադրի նրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ։ Հիշյալ 16 ռազմագերիներն են՝ Արեգ Սարգսյան, Նարեկ Ամիրջանյան, Ալբերտ Միքայելյան, Սամվել Ասատրյան, Էդիկ Տոնոյան, Վալերի Հայրապետյան,  Արսեն Կարապետյան, Նորիկ Առաքելյան, Սամվել Կնազյան, Սամվել Քաստակցյան, Հովսեփ Սահակյան, Վահե Աբրահամյան, Գեղամ Էլիբակյան, Հարություն Գեւորգյան, Արման Հարությունյան, Միքայել Մարտիրոսյան։ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ սահմանված վերջնաժամկետներում տեղեկություններ են ստացել 16-ից առայժմ 7-ի վերաբերյալ։ Դրանց որակը, սակայն, փաստաբանների համար գոհացուցիչ չէ։ Թեմայի վերաբերյալ Սիրանուշ Սահակյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ․ -Տիկի՛ն Սահակյան, երկու օր առաջ հայտնեցիք, որ ՄԻԵԴ-ը Ադրբեջանից տեղեկություններ է պահանջել եւս 6 հայ ռազմագերու մասին։ Կարո՞ղ եք մանրամասնել, թե նրանց գերեվարության մասին ինչպես եք տեղեկացել, եւ հայտնի՞ են արդյոք գերեվարության հանգամանքները։ - Ընդհանուր առմամբ, 16 ռազմագերու հետ կապված դիմումներ են ներկայացվել եւ յուրաքանչյուրի անհատական հանգամանքները մեզ հայտնի են։ Կան որոշ դեպքեր, որոնք ադրբեջանական մամուլում ի հայտ եկած տեսանյութերով են հաստատվել, թերեւս նաեւ հայ հասարակությունն է դրանց տեղյակ։ Եղել են դրվագներ, երբ հեռախոսազանգերի կամ բջջային հավելվածների հաղորդագրության միջոցով ենք դրանք կարողացել հիմնավորել, այսինքն՝ գերեվարության մեջ գտնվող անձը կապ է հաստատել ընտանիքի հետ կամ իր փոխարեն ադրբեջանցիներ են կապվել, եւ այս փաստերի համադրման միջոցով հնարավոր է եղել հաստատել գերեվարվելու փաստը։ Եղել են նաեւ դեպքեր, երբ ականատես վկաներն են մանրամասն նկարագրել անձանց տեղակայման վերջին վայրը, գերեվարման հանգամանքները։ Որոշակի տեղեկություն է պարունակում նաեւ հեռախոսներ ունեցած զինծառայողների լոկացիան։ Վերջին՝ 6 ռազմագերիների գործով վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 13-ը։ - Ձեր վարույթում գտնվող մյուս ռազմագերիների գործերով վերջնաժամկետներ էին սահմանվել հոկտեմբերի 22, 29, նաեւ՝ նոյեմբերի 3։ Սրանցից որեւէ մեկով Ադրբեջանը տեղեկություններ տրամադրե՞լ է։ - Նշված ժամկետների շրջանակում բոլոր գործերով Ադրբեջանի կառավարությունն արձագանքել է եւ դատարանին տեղեկություններ է տրամադրել, բայց դրանց որակը մեզ չի բավարարում, եւ այդ առնչությամբ լրացուցիչ խնդրանքներ ենք ուղղել դատարանին, մեր նկատառումները հայտնել ենք եւ խնդրել ենք ուշադրություն դարձնել, որ որոշակի հարցերի դեպքում ապահովվեն ավելի հանգամանալից նկարագրություն եւ որոշ դեպքերում Ադրբեջանից պահանջեն նաեւ ասվածը հիմնավորող ապացույցներ։ Վստահորեն կարող եմ ասել, որ մոտեցումը եղել է ձեւական առումով համագործակցող, այսինքն՝ դատարանի պահանջը չի անտեսվել, տեղեկություն տրամադրվել է, հաստատվել է անձանց ռազմագերու կարգավիճակ ունենալը, սակայն հռչակագրային կերպով պարզապես պնդել են, որ իրենք մշտապես բոլոր հարցերում գործում են միջազգային իրավունքին, այդ թվում՝ հումանիտար նորմերին համապատասխան, եւ  պատրաստակամ են ռազմագերիների հանձնման պայմանների երկկողմ բավարարման պարագայում կազմակերպել նրանց փոխանցումը ՀՀ-ին։Շարունակությունը՝ armtimes.com-ում
18:28 - 10 նոյեմբերի, 2020
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել պահպանել գերիների հետ վարվեցողության նորմերը

ՄԻԵԴ-ը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել պահպանել գերիների հետ վարվեցողության նորմերը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում գերեվարված անձանց նկատմամբ վերաբերմունքում հետևել միջազգային նորմերին: Ստրասբուրգյան դատարանի համապատասխան հայտարարությունը ստացվել է ТАСС գործակալության փարիզյան ներկայացուցչությունում:Դատարանն ընդգծել է, որ «շատ դիմումներ է ստացել որոշ գերիների վերաբերյալ ինչպես իշխանություններից, այնպես էլ հարազատներից»: Ատյանը խնդրել է երկու երկրների կառավարություններին տեղեկություն տրամադրել՝ արդյոք այդ անձինք գերեվարվել են: «Եթե այդպես է, ապա դատարանը խնդրում է տեղեկացնել, թե ինչ պայմաններում են նրանք պահվում, անցնո՞ւմ են արդյոք բուժզննում կամ բուժում»,- ասվում է դատարանի հաղորդագրությունում։ Դատարանը հիշեցնում է զինված հակամարտության ժամանակ գերեվարված անձանց պաշտպանության միջազգային մեխանիզմների գոյության մասին և կոչ է անում կողմերին մասնակցել համապատասխան ընթացակարգերի: ՄԻԵԴ-ը մտադիր չէ նոր որոշումներ կայացնել Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ անվտանգության միջոցառումների մասին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ:  «Դատարանը հաստատում է արդեն կայացված որոշումները և հիմք չի տեսնում նոր միջանկյալ միջոցների համար», - նշվել է հաղորդագրության մեջ։ ՄԻԵԴ-ը հիշեցրել է նաև իր՝ կողմերին ուղղված կոչերի մասին, հրաժարվել ցանկացած միջոցառումներից, որոնք խախտում են քաղաքացիական անձանց իրավունքների մասին Կոնվենցիան: Դատարանը կրկին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հակամարտության մեջ ներգրավված կողմերը, ներառյալ Թուրքիան, պետք է հրաժարվեն գործողություններից, որոնք հակասում են նշված փաստաթղթի դրույթներին։ Նա նրանց կոչ է արել «կատարել այս Կոնվենցիայից բխող պարտավորությունները»: Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
23:17 - 04 նոյեմբերի, 2020
ՀՀ-ն ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ ԼՂ հակամարտությունում Թուրքիայի ուղղակի և անուղղակի ներգրավման մասին

ՀՀ-ն ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ ԼՂ հակամարտությունում Թուրքիայի ուղղակի և անուղղակի ներգրավման մասին

ՀՀ-ն ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ, որոնք հիմնավորում են Թուրքիայի կողմից Եվրոպական Դատարանի 39-րդ կանոնի համաձայն անհապաղ միջոցներ կիրառելու մասին 2020թ․ հոկտեմբերի 6-ի որոշումը չկատարելը: Կառավարությունը Դատարանին տեղեկացրել է ԼՂ հակամարտությունում Թուրքիայի շարունակական, ուղղակի և անուղղակի ներգրավման մասին: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։Նաև հավաստի ապացույցներ են ներկայացվել հակամարտությունում սիրիացի վարձկանների ներգրավման վերաբերյալ, որոնք Ադրբեջան են տեղափոխվել ու տեղակայվել թուրքական ուժերի կողմից: Դատարանին ներկայացված ապացույցները առավել ամրապնդվում են նաև օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարություններով։
17:36 - 03 նոյեմբերի, 2020
Կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել նոր ապացույցներ, որոնք հիմնավորում են Ադրբեջանի կողմից Եվրադատարանի 39-րդ կանոնի համաձայն 2020 թ․ սեպտեմբերի 29-ի անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը չկատարելը

Կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել նոր ապացույցներ, որոնք հիմնավորում են Ադրբեջանի կողմից Եվրադատարանի 39-րդ կանոնի համաձայն 2020 թ․ սեպտեմբերի 29-ի անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը չկատարելը

ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել նոր ապացույցներ, որոնք հիմնավորում են Ադրբեջանի կառավարության կողմից Եվրոպական Դատարանի 39-րդ կանոնի համաձայն 2020 թվականի սեպտեմբերի 29-ի անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը չկատարելը: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։Կառավարությունը Դատարանին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից 2020թ. հոկտեմբերի 30-ին Ժնևում ձեռք բերված համաձայնության չկատարման և Ադրբեջանի զինված ուժերի կողմից կլաստերային և հրկիզող զինատեսակների` խաղաղ բնակիչների և քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ օգտագործման մասին:Դատարանին է տրամադրել Մարտունու, Մարտակերտի, Շուշիի, Մատաղիսի, Ասկերանի և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի ռմբակոծության վերաբերյալ ֆոտո և վիդեո ապացույցներ:Ավելին, ներկայացվել է նաև հավաստի ապացույցներ Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկաններ ներգրավվելու և մարտական գործողություններում նրանց մասնակցության վերաբերյալ:Ադրբեջանը պատասխանատվության կենթարկվի Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի նորմերի խախտումների համար:
17:26 - 02 նոյեմբերի, 2020
ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ՝ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ

ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ՝ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ

ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ՝ ադրբեջանական ուժերի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ:Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել պահպանել հումանիտար հրադադարի մասին համաձայնությունը, որը ձեռք է բերվել կողմերի միջև հոկտեմբեր ամսին՝ ռազմագերիների և դիակների փոխանակման նպատակով: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը։Հաշվի առնելով ռազմագերիների կյանքին սպառնացող վտանգը՝ Կառավարությունը Եվրոպական Դատարանին խնդրել է Ադրբեջանի կառավարության նկատմամբ, որպես Կոնվենցիայի բարձր պայմանավորվող կողմ կիրառել հետևյալ միջոցները՝ 1. Կոնվենցիայով, ինչպես նաև 1949 թ. Օգոստոսի 12-ի Ժնևյան Երրորդ և Չորրորդ կոնվենցիաներով և միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր կիրառելի կանոններով նախատեսված պարտավորություններից ելնելով՝ ձեռնպահ մնալ՝Ա. Ռազմագերիների և քաղաքացիական այն անձանց նկատմամբ, որոնք հայտնվում են ադրբեջանական ուժերի ենթակայության տակ նվաստացուցիչ վերաբերմունք, խոշտանգումներ, կամայական մահապատիժ, ինչպես նաև այլ արգելված վարքագիծ ցուցաբերելուց,Բ. Հայ զինվորների դիակները խեղելուց:2. Տեղեկատվություն ներկայացնել ռազմագերիների թվի, անունների և ներկայումս պահվող ռազմագերիների վերաբերյալ, ինչպես նաև մանրամասներ նրանց բժշկական վիճակի և բժշկական անձնակազմի կողմից զննության ենթարկված լինելու վերաբերյալ:
14:59 - 02 նոյեմբերի, 2020
ՄԻԵԴ-ը Ադրբեջանից տեղեկություններ է պահանջել ևս 5 հայ ռազմագերու մասին

ՄԻԵԴ-ը Ադրբեջանից տեղեկություններ է պահանջել ևս 5 հայ ռազմագերու մասին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցրել է տեղեկություններ տրամադրել հայ եւս 5 ռազմագերիների առողջական վիճակի, գտնվելու վայրի և պայմանների մասին։ ՄԻԵԴ-ում ՀՀ ռազմագերիների ընտանիքների ներկայացուցիչ, փաստաբան Արտակ Զեյնալյանը եւ Սիրանուշ Սահակյանը հաղորդագրություն են տարածել, որն ամոբղջությամբ ներկայացնում ենք ստորեւ․ «27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված ևս հինգ զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Եվրոպական դատարան։ Գերության մեջ հայտնված անձինք են՝ Սամվել Ասատրյանը, Ալբերտ Միքաելյանը, Էդիկ Տոնոյանը, Վալերի Հայրապետյանը և Արսեն Կարապետյանը: Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեսանյութերի հիման վրա նշված անձինք նույնականացվել են և նրանց ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով: Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև 03.11.2020թ»։  
18:25 - 29 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանական տեսանյութի 8 հայ գերիների մասով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ


 |armenpress.am|

Ադրբեջանական տեսանյութի 8 հայ գերիների մասով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ |armenpress.am|

armenpress.am:  Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչությունը ՄԻԵԴ դիմում է ներկայացրել 8 ռազմագերիների մասով, որոնց վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում հոկտեմբերի 22-ին տեսանյութ էր տարածվել։ Այս մասին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ «ՄԻԵԴ դիմում է ներկայացվել բոլոր 8 ռազմագերիների վերաբերյալ։ Պահանջել ենք, որպեսզի անհապաղ միջոց կիրառի ՄԻԵԴ-ը Ադրբեջանի նկատմամբ։ Տեղեկատվություն ենք պահանջել անձանց որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ, որտեղ են գտնվում, ինչ պայմաններում են պահվում, ինչպես նաև պահանջել ենք միջոցներ ձեռնարկվեն նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով»,- ասաց Կիրակոսյանը։ Նա, չհայտնելով անունները, նշեց, որ 5 ռազմագերիների մասով ստացել են ՄԻԵԴ-ի պատասխանը, որովհետև ի սկզբանե կարողացել են նրանց նույնականացնել, հետագայում՝ երկրորդ փուլում արդեն 3 հոգու մասով են դիմում ներկայացրել։ «ՄԻԵԴ-ը Ադրբեջանի կառավարությունից տեղեկություն է պահանջել այդ 5 գերիների մասով և ժամկետ է սահմանել մինչև հոկտեմբերի 29-ը։ Այս պահին սպասում ենք պատասխանին։ Կարծում եմ, 3 ռազմագերիների մասով էլ ևս նույն պատասխանը կստանանք Դատարանի կողմից»,- ասաց Կիրակոսյանը։ Հայկական կողմը նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեին է տեղեկացրել են 8 ռազմագերիների մասով ՄԻԵԴ դիմելու, ինչպես նաև դատարանից ստացած պատասխանի մասին։
17:39 - 25 հոկտեմբերի, 2020
Փաստաբանն ակնկալում է, որ ՄԻԵԴ-ը կնպաստի գերիների փոխանակմանը.6 հայ գերիների մասին դիմում է ներկայացվել |armenpress.am|

Փաստաբանն ակնկալում է, որ ՄԻԵԴ-ը կնպաստի գերիների փոխանակմանը.6 հայ գերիների մասին դիմում է ներկայացվել |armenpress.am|

armenpress.am: Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել 6 ռազմագերիների հարցով անհատական դիմում, որոնց նպատակն է պարտավորեցնել Ադրբեջանին ապահովելու ռազմագերիների կյանքի անձեռնմխելիությունը, առողջության իրավունքը և ընտանիքի անդամների հետ կապը։ Այս մասին ասաց փաստաբան Սիրանուշ Սահակյանը։ «Խնդիրը հետևյալն է՝ ապահովել ռազմագերիների կյանքի անձեռնմխելիությունը, անհապաղ բժշկական օգնություն, որովհետև որոշ ռազմագերիներ ունեն վիրավորումներ և պատշաճ բուժօգնության բացակայության պարագայում կարող են կյանքի հետ կապված խնդիրներ առաջանալ։ Բացի այդ, խնդիրն է ապահովել կապը ընտանիքի անդամների հետ և հնարավորություն տեսակցելու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին»,- ասաց Սահակյանը։ Փաստաբանը տեղեկացրեց, որ ներկայումս Արեգ Սարգսյանի, Նարեկ Ամիրջանյանի և Սամվել Ասատրյանի գործերը ՄԻԵԴ-ը վերցրել է իր մոնիթորինգի տակ և տեղեկություններ է պահանջել Ադրբեջանից ՝ նրանց առողջական վիճակի վերաբերյալ, իսկ Վալերա Հայրապետյանի, Էդիկ Տոնոյանի և Ալբերտ Միքայելյանի մասով դեռ սպասում են պատասխանի։ «Կարևոր խնդիր է մնում նպաստել գերիների փոխանակման գործընթացին և այն արագացնել, որը, թեև միջազգային պարտավորությունների շրջանակում է և երկու անգամ այդ կապակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն է ձեռք բերվել, բայց դրանք չեն ապահովվում, ուստի ակնկալում ենք, որ ՄԻԵԴ-ն իր իրավական գործիքակազմով մուտք կգործի այդ տիրույթ և կփորձի հարկադրել, որ տեղի ունենա նաև գերիների փոխանակումը»,- ասաց Սահակյանը։ Փաստաբանը նշեց, որ առաջիկայում նույնպես դիմումներ կներկայացնեն ՄԻԵԴ, սակայն այդ դիմումները դեռ մշակման փուլում են։ «Գործեր կան, որոնք տեսանյութով են և կարողանում ենք շատ ավելի արագ կազմակերպել գործընթացը, սակայն կան գործեր, որոնք հանգամանքներով պայմանավորված ականատեսների վկայություններով ենք պնդում, որ անձը հայտնվել է գերեվարության մեջ, նաև լրացուցիչ ստուգողական գործողություններն ենք իրականացնում այդ նպատակով, երբ դրանք հաստատվեն, նոր հանրությանը կներկայացնենք»,- եզրափակեց Սահակյանը։
13:15 - 25 հոկտեմբերի, 2020
«Դադարեցրե'ք ահաբեկչությունը». Ստրասբուրգում հայերն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ՄԻԵԴ-ի դիմաց |armenpress.am|

«Դադարեցրե'ք ահաբեկչությունը». Ստրասբուրգում հայերն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ՄԻԵԴ-ի դիմաց |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում հազարավոր հայեր բողոքի ակցիա են իրականացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիմաց: Նրանք միջազգային հանրությունից պահանջում են համարժեք արձագանք տալ Արցախում թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիային: ՄԻԵԴ-ի դիմաց ցույցին մասնակցելու համար հայերը Ստրասբուրգ են ժամանել ինչպես Ֆրանսիայի տարբեր քաղաքներից, այպես էլ եվրոպական տարբեր երկրներից՝ Բելգիայից, Լեհաստանից, Նիդեռլադներից… Մինչև ակցիայի մեկնարկը մասնակիցներից մեկը հավաքվածներին հորդորեց, որ եթե սադրիչներ հայտնվեն, ապա առանց որևէ բառ փոխանակելու հանձնեն նրանց ոստիկաններին: Մեկ այլ մասնակից էլ ասաց, որ եվրոպան պետք է դադարեցնի իր աջակցությունը Թուրքիային և խոսի ճշմարտությունը: «Մենք պահանջում ենք, որպեսզի Թուրքիային հանեն ՆԱՏՕ-ի կազմից: Եվրոպացիները երբեք չեն համագործակցել ահաբեկիչների հետ, այժմ էլ պետք է այդպես լինի»,- նշեց մասնակիցը: Ակտիվիստներից մեկը, որի անունը Ստելլա է, կոչ արեց ծափահարել տեղի ոստիկաններին, ովքեր իրենց կողքին են և պահպանում են մասնակիցների անվտանգությունը: «Բոլորս այսօր շատ ծանր վիճակում ենք, և մենք այստեղանում ենք և կանենք ամեն հնարավորը ձեր կողքին լինելու համար: Մեր քայլերը շատ կարևոր են, սփյուռքը շատ բան կարող է փոխել, ինչպես նաև դրդել ճիշտ որոշումներ կայացնել»,- նշեց Ստելլան և հավելեց, որ իրենք ցանկանում են ապրել խաղաղ ու երջանիկ Արցախում և Հայաստանում: Նա ընդգծեց, որ իրենք պետք է բարձրաձայնեն իրենց պահանջները, իսկ միջազգային հանրությունը պարտավոր է լսել դրանք ու պատշաճ արձագանք տալ: Հավաքվածները նաև մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախում զոհվածների հիշատակը, այնուհետև ծափահարեցին այս պահին սահմանին կանգնած և մարտեր մղող զինծառայողների համար: Մասնակիցների ձեռքերում պաստառներ են, որոնց վրա տարբեր գրառումներ են, ինչպես օրինակ՝ «Դադարեցրեք ահաբեկչությունը», «Կանգնեցրեք մարդասպան Էրդողանին», «Ձեր լռությունը հանցանք է», «Մենք խաղաղություն ենք ուզում», «Արթնացեք. ձեր լռությունը սպանում է իմ ժողովրդին», «Զոհվել չկա, տղերք»  և այլն: Նրանք նաև վանկարկում էին «Հա-յաս-տան», «Ար-ցախ», «Էրդողանն ու Ալիևը ահաբեկիչներ են», «Ֆրանսիան հայերի բարեկամն է», «Հայ զինվոր»… Ընթացքում նրանք նաև երգեցին «Հայեր, միացեք», «Զարթնիր, լաո» երգերը: Անգամ հորդառատ անձրևը չի խանգարում նրանց, որպեսզի շարունակեին իրենց բողոքի ակցիան և իրենց ձայնը լսելի դարձնեն միջազգային հանրությանը: Ակցիայի ընթացքում մասնակիցներից մեկը՝ Վիգենը, կոչ արեց չգնալ թուրքական խանութներ, թուրքական ապրանք ոչ մի տեղից չգնել և տարբեր խանութներ մտնել ու հորդորել հանել այդ երկրի արտադրանքն ու այլևս չվաճառել:
14:37 - 23 հոկտեմբերի, 2020
«Անջատում հանուն փրկության» սկզբունքն Արցախի ինքնորոշման ճանաչման միակ ճանապարհն է. Եղիշե Կիրակոսյան |armenpress.am|

«Անջատում հանուն փրկության» սկզբունքն Արցախի ինքնորոշման ճանաչման միակ ճանապարհն է. Եղիշե Կիրակոսյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած «Անջատում հանուն փրկության» սկզբունքը ներկայացնում է Արցախի ինքնորոշման միակ ճանապարհը. այն արձանագրում է, որ հետդարձ չկա և չի ժխտում այն հանգամանքը, որ Արցախի անջատում արդեն տեղի է ունեցել: Այս մասին ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: ««Անջատում հանուն փրկության» գաղափարը, որ հնչեցվել է վարչապետի կողմից, նույնն է, ինչ ինքնորոշման իրավունքը, ուղղակի ինքնորոշման իրավունքի իրականացման ամենածայրաստիճան եղանակն է: Չեմ կարծում, որ այդ թեզը հնչեցնելը ժխտում է այն հանգամանքը, որ անջատում արդեն տեղի է ունեցել, ընդ որում անջատումը տեղի է ունեցել Խորհրդային միությունից և փաստը, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, կարևոր արձանագրում է: Այս պահի դրությամբ մենք ունենք իրական վտանգ, որն ակնհայտ դրսևորվում է Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ պատերազմի միջոցով, որի ակնհայտ նպատակն է օկուպացնել և գրավել Արցախը, եթե ոչ ավելին: Այս սկզբունքը կանխում է հետ գնալու ճանապարհը, դրանով ուղարկվում է հստակ մեսիջ, որ հետ դարձի ճանապարհ չկա, որովհետև չի կարելի պատկերացնել ինքնորոշման իրականացման այլ ձև, քան «Անջատում հանուն փրկության»-ը: Այդ իրավունքի փաստումն այս փուլում շատ կարևոր է, որպեսզի շեշտի հետդարձի անթույլատրելիությունն ու անտրամաբանությունը, որովհետև չի կարելի մի միավոր միացնել ռասիստ ռեժիմին»,- ասաց Կիրակոսյանը: Եղիշե Կիրակոսյանը հավելեց, որ միջազգային իրավունքում և միջազգային հանրությունում «Անջատում հանուն փրկությանը» շատ ընդունված գաղափար է:
16:19 - 19 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցների հարցով Նախարարների կոմիտեում քննարկում է եղել |armtimes.com|

Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցների հարցով Նախարարների կոմիտեում քննարկում է եղել |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցների հարցով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում մեկ անգամ արդեն քննարկում է եղել: Այս մասին ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ նշելով, որ ավելի վաղ ՀՀ-ն դիմել էր ՄԻԵԴ-ին՝ խնդրանքով, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից միջանկյալ միջոցների չկատարման հարցը բարձրացվի Նախարարների կոմիտեում: Նշենք, որ Նախարարների կոմիտեն ԵԽ որոշում կայացնող մարմինն է, որի կազմում ներկայացված են բոլոր անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները կամ Ստրասբուրգում նրանց մշտական դիվանագիտական ներկայացուցիչները: Խորհրդարանական վեհաժողովի հետ միասին Նախարարների կոմիտեն պաշտպանում է Խորհրդի հիմնարար արժեքները եւ վերահսկում անդամ պետությունների ստանձնած պարտավորությունների կատարումը։ Եվրոպայի խորհուրդն այժմ ունի 47 անդամ պետություն: Դրանցից են, օրինակ, Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Բելգիան, Իտալիան, Հունաստանը, Միացյալ Թագավորությունը: ԵԽ անդամ են նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը: Նախարարների կոմիտեում կայացած քննարկումը եղել է ՀՀ-ի խնդրանքի՞ հիման վրա, թե՞ դատարանն է սեփական նախաձեռնությամբ հարցը փոխանցել Կոմիտեին՝ Կիրակոսյանն այս պահին հստակ չգիտեր, միայն նշեց, որ մտահոգություններ ունեն եւ այդ հարցով Դատարանին նորից դիմելու են. «Կիրառված միջանկյալ միջոցների ամբողջական կյանքի կոչելը, հասկանում ենք, բարդ է, հատկապես, որ լիարժեք պատերազմական գործողություններ են ընթանում, այնուամենայնիվ, կարծում եմ, որ միջանկյալ միջոցները շատ կարեւոր են հիմա եւ հետագայում էլ շատ կարեւոր են լինելու»: Կիրակոսյանը կարծիք հայտնեց, որ Կոնվենցիայով նախատեսված մեխանիզմները, որ ներառում են նաեւ Նախարարների կոմիտեի միջամտությունը, երբ չեն պահպանվում միջանկյալ միջոցների պահանջները, շուտով կգործեն: Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:24 - 19 հոկտեմբերի, 2020