Փաստերի ստուգում

Արցախի նախագահը 18 տարեկան զոհված զինվորներին ու նրանց մայրերին դավաճան չի համարել․ Նաիրա Զոհրաբյանը մանիպուլացնում է

Արցախի նախագահը 18 տարեկան զոհված զինվորներին ու նրանց մայրերին դավաճան չի համարել․ Նաիրա Զոհրաբյանը մանիպուլացնում է

Այսօր երեկոյան Մատենադարանի մոտ 17 կուսակցությունների ակցիայի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, մեջբերելով Արցախի նախագահի երեկվա ուղերձից մի հատված, հայտարարել է, թե Արայիկ Հարությունյանը դավաճան է համարել զոհված զինվորներին ու նրանց ծնողներին․ «Արցախի նախագահը խոսում ա երեկ եւ ասում՝ եթե դավաճան ենք, ապա դավաճան ենք ազգովի, դավաճան ենք բոլորս։ Արայիկ Հարությունյա՛ն, չհամարձակվե՛ս դավաճան համարել զոհված էն 18 տարեկան տղային, ով մահվան սարսափն աչքերին՝ կանգնած էր թուրքական «բայրաքթարների» առաջ, չհամարձակվե՛ս դավաճան համարել էն կամավորներին, ովքեր իրենց ընտանիքը թողած՝ գնացել, սպասում էին, եւ չկար կազմակերպվածություն, չհամարձակվե՛ս դավաճան համարել թիկունքում մեզանից յուրաքանչյուրին, ով ամեն մեկս մեր տեղում մեր գործն ենք արել, չհամարձակվե՛ս դավաճան համարել էն մորը, ով իր երկրու զավակներին է կորցրել այս պատերազմում»,- մասնավորապես ասել է Զոհրաբյանը՝ փաստացի կեղծելով Արցախի նախագահի խոսքերը։ Ստորեւ ուղիղ մեջբերումներով ներկայացնում ենք Արայիկ Հարությունյանի երեկվա ելույթից այն հատվածները, որտեղ նա խոսում է բոլորիս մեղավորության մասին։ Հարությունյանը 18 տարեկան զինվորներին դավաճան չի՛ համարել, ընդհակառակը, նա հայտարարել է, որ բոլորս ենք դավաճանել մեր 18-20 տարեկան զինվորներին, մեր բալիկներին․ «Ո՞վ է ծախել հողը․ ծախել ենք ազգովի, դավաճանել ենք մեր զինվորներին, 18-20 տարեկան մեր բալիկներին։ Բոլորս միասին ենք դավաճանել, դավաճան չփնտրե՛ք»։ Ելույթի նույն այս հատվածի հաջորդ նախադասությամբ Արցախի նախագահը հայտարարել է, որ միայն զոհվածների հարազատներն իրավունք ունեն բոլորին անվանել դավաճան, իսկ Զոհրաբյանը ներկայացնում է, թե Հարությունյանը դավաճան է համարել որդեկորույս մայրերին։ Ելույթում Հարությունյանը նորից է կրկնել, որ մենք զինվորներին թողել ենք մենակ․ «Զինվորի կարիք ունեինք։ Այո՛, մենք ունեինք խնդիրներ, ԱԹՍ-ներից պաշտպանվելու խնդիր ունեինք, եւ այլն։ Հիմնական պատճառը, հիմնական դավաճանը բոլորս ենք, որ զինվորներին թողել ենք մենակ»։ Արցախի ղեկավարը նաեւ երրորդ անգամ է շեշտել, որ մենք ենք մեղավոր, որ չենք կանգնել մեր զինվորների կողքին․ «Հիմա այդ նույն տարհանված ժողովուրդը դավաճա՞ն է փնտրում, դավաճան են այն տղամարդիկ, որոնք թողել են Ստեփանակերտը, Ղարաբաղը, պախկվել Երեւանում, այսօր մեղավորներ են փնտրում։ Մի նկուղից մյուսը զենքը ձեռքին փախչում, որպեսզի չգնային առաջնագիծ․․․բավարար է։ Շատ փակագծեր կարող եմ բացել, բայց իմացեք՝ դավաճանել ենք բոլորս՝ մեր զինվորներին չպաշտպանելով, կողքներին չկանգնելով։ Ուրիշ մեղավոր, ուրիշ դավաճան չկա»։  Այսպիսով, չնայած Արցախի նախագան իր ելույթում երեք անգամ հստակ հայտարարել է, որ դավաճան ոչ թե զինվորներն են, այլ մենք, որ չենք կանգնել նրանց կողքին, Զոհրաբյանը հրապարակավ փորձում է մանիպուլացնել հանրությանը՝ կեղծելով Հարությունյանի խոսքերը։ Հայարփի Բաղդասարյան Լուսանկարը՝ Հետք-ի
20:13 - 12 նոյեմբերի, 2020
Բաթումի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը նոր չէ․ այն չորս տարվա վաղեմություն ունի

Բաթումի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը նոր չէ․ այն չորս տարվա վաղեմություն ունի

Սոցցանցերի հայաստանյան տիրույթում այսօրվա ընթացքում ակտիվորեն տարածվում է մի լուր, ըստ որի՝ Թուրքիայի նախագահ Էրդողանն այսօր հայտարարել է, որ Վրաստանի Բաթումը, Սիրիայի, Հունաստանի եւ Բուլղարիայի մի շարք քաղաքներ պետք է մտնեն Թուրքիայի սահմանների մեջ: Այս տեղեկությունն իր էջում հրապարակել էր նաեւ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը, սակայն ավելի ուշ հեռացրեց գրառումը՝ չնայած հայալեզու որոշ լրատվամիջոցներ, հիմք ընդունելով Սարգսյանի գրառումը, լուրն արդեն տարածել էին։ Էրդողանն իրականում այսպիսի հայտարարություն արել է շուրջ չորս տարի առաջ՝ 2016 թվականի հոկտեմբերի 15-ին՝ Թուրքիայի Ռիզե քաղաքի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ (տեսանյութում ելույթի այդ հատվածը՝ սկսած 30-րդ րոպեից): Թուրքիայի նախագահը, մասնավորապես, պատասխանելով հարցին, թե ինչու են իրեն հետաքրքրում Կիպրոսը, Սիրիան, Վրաստանը եւ մնացած երկրները, ասել է, որ իրեն հետաքրքրում են աշխարհի այն անկյունները, որտեղ կան իրենց մշակույթի մասնիկները: «Ինձ հետաքրքրում են Թուրքիան, Ղարաբաղը, Կիպրոսը, Իրաքը, Ղրիմը, Բոսնիան, ինչպես նաեւ մյուս եղբայր երկրները: Մենք ունենք այս երկրներով հետաքրքվելու բոլոր իրավունքները, եւ որ օրը չհետաքրքվենք դրանցով, կկորցնենք մեր ապագան։ Մենք նախ պետք է հավատանք մեզ, մեր ուժերին, մեր պատմությանը»,- նշել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը ելույթում նաեւ ուղիղ չի շեշտել, թե դրանք պետք է մտնեն Թուրքիայի սահմանների մեջ: Նա միայն ասել է, որ հետաքրքրված է այդ տարածքներով: Այսպիսով, հայաստանյան մեդիատիրույթում շրջանառվող լուրն առնվազն չորս տարվա վաղեմություն ունի․ Էրդողանն այսօր Բաթումի՝ Թուրքիայի սահմանների մեջ մտնելու մասին որեւէ հայտարարություն չի արել։ Աննա Պալաքյան
19:08 - 07 նոյեմբերի, 2020
Սոլովյովն ապատեղեկատվություն է տարածում․ Փաշինյանը The Jerusalem Post-ին տված իր հարցազրույցի համար ներողություն չի խնդրել

Սոլովյովն ապատեղեկատվություն է տարածում․ Փաշինյանը The Jerusalem Post-ին տված իր հարցազրույցի համար ներողություն չի խնդրել

Ռուսական «Вечер с Владимиром Соловьевым» հաղորդման մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը թվիթերի իր միկրոբլոգում երկու օր առաջ գրել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել Իսրայելից՝ The Jerusalem Post պարբերականին տված հարցազրույցում հնչեցրած հայտարարության համար։ «Փաշինյանը ներողություն է խնդրել Իսրայելից՝ Վիեաննայում տեղի ունեցած ահաբեկչական հարձկումից հետո՝ The Jerusalem Post-ին տված իր հարցազրույցի համար»,- գրել է Սոլովյովը։ Այնինչ, այս գրառումն իրականության հետ աղերս չունի։ Փաշինյանը, մասնավորապես, խոսելով Իսրայելի առաջարկած մարդասիրական օգնության մասին, The Jerusalem Post-ի թղթակցի հետ զրույցում ասել էր․ «Իսրայելը հայտնվել է միեւնույն շարքում Թուրքիայի, ահաբեկիչների եւ սիրիացի վարձկանների հետ` ընթացիկ պատերազմում Ադրբեջանին սատարելու հարցում, եւ, ի վերջո, տուժելու է այդ դաշինքին միանալու հետեւանքով։ Հումանիտար աջակցություն մի երկրի կողմից, որը վարձկաններին զենք է վաճառում, որով վարձկանները հարվածի տակ են պահում խաղաղ քաղաքացիական բնակչությունը: Ես առաջարկում եմ, որ Իսրայելն այդ օգնությունն ուղարկի վարձկաններին եւ ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն»: Հարցազրույցի նույն օրը՝ նոյեմբերի 3-ին, հայտնի դարձավ, որ Վիեննայի կենտրոնական սինագոգին (հրեական աղոթատուն) հարող տարածքում տեղի է ունեցել ահաբեկչություն․ մի քանի գրոհայիններ միաժամանակ իրականացրել են առնվազն վեց հարձակումներ:  Այս դեպքից հետո Փաշինյանը ֆեյսբուքյան եւ թվիթերյան իր էջերում գրեց՝ ցավում է, որ հարցազրույցի հրապարակումից ընդամենը ժամեր անց Իսրայելը թեկուզ անուղղակի թիրախ դարձավ՝ Վիեննայի սինագոգի տեսքով։ Փաստորեն, Սոլովյովը սխալ է ներկայացնում Փաշինյանի խոսքերը։ Ռուս մեկնաբանի թվիթերյան գրառման մեկնաբանություններում օգտատերերը մատնանշել են, որ ՀՀ վարչապետը ոչ թե ներողություն է խնդրել, այլ ցավով արձանագրել է տեղի ունեցածը։ Այն, որ Սալավյովը ոչ թե վրիպել է, այլ դիտմամբ է սխալ ներկայացրել եղելությունը, փաստում է հանգամանքը, որ նույնիսկ այդ մեկնաբանություններից հետո նա ոչ ուղղել, եւ ոչ էլ հեռացրել է իր գրառումը։ Բացի այս, նույնիսկ Google-ի ավտոմատ համակարգի միջոցով Փաշինյանի անգլերեն գրառումը ռուսերեն թարգմանելիս «ցավալի» բառը «ներողություն» չի դառնում։ Նշենք, որ Փաշինյանն այս երկու օրերի ընթացքում որեւէ այլ հարթակում եւս ներողություն չի խնդրել իր հարցազրույցում հնչեցրած հայտարարությունների համար։ Հայարփի Բաղդասարյան
15:17 - 05 նոյեմբերի, 2020
Երեխաներ ունեցող կանանց՝ հայրենիքի պաշտպանությանը կամավորագրվելու սահմանափակումը միայն տարիքային է

Երեխաներ ունեցող կանանց՝ հայրենիքի պաշտպանությանը կամավորագրվելու սահմանափակումը միայն տարիքային է

Նոյեմբերի 2-ին Hraparak.am-ը հրապարակել էր «4 երեխա ունեցող Աննա Հակոբյանը մեկնելու է առաջնագիծ, 3 երեխա ունեցողներին՝ մերժում են» վերտառությամբ հոդված, որում խոսվում է մի քանի երեխա ունեցող կանանց ռազմաճակատ մեկնելու արգելքի՝ հստակ նորմով ամրագրված լինելու մասին։ Հոդվածագիրը թեմայի շուրջ զրուցել է «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Խաչատրյանի հետ, որը, ըստ «Հրապարակի», տեղյակ էր օրենքից։ Խաչատրյանի խոսքերով՝ «երկու երեխա ունեցող կանանց էլ թույլ չեն տալիս մեկնել, եթե իրենք զինապարտության օրենքով զինգրքույկ չունեն, եթե զինապարտության չեն անցել՝ իրենք զինակոչի ենթակա չեն։ Եթե հաշվառված չեն պահեստազորում, գնալու են՝ ճանապարհից հետ գան»։ Մարգարիտա Խաչատրյանն, ըստ ամենայնի, նկատի է ունեցել «Զինապարտության մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն՝ զինապարտներ են համարվում նախազորակոչային, զորակոչային տարիքի եւ պահեստազորում հաշվառված արական, ինչպես նաեւ զինվորական մասնագիտություն ունեցող կամ զինվորական ծառայություն անցած իգական սեռի քաղաքացիները: Սակայն այստեղ խոսքը ոչ թե կամավորագրման, այլ պահեստազորում հաշվառվելու մասին է։ Որեւէ օրենքով եւ նորմով ամրագրված չէ բազմազավակ կանանց սահման մեկնելու արգելքը Առհասարակ, Հայաստանի պաշտպանությանն առնչվող հարցերը կարգավորվում են «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, ըստ որի՝ աշխարհազորը քաղաքացիների կամավորության եւ տարածքային սկզբունքով Զինված ուժերի Գլխավոր շտաբի ենթակայությամբ գործող ստորաբաժանումների համալիր է, որում ընդգրկված քաղաքացիները մասնակցում են Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը։ Պարզ ասած՝ աշխարհազորի կազմում ընդգրկվում են կամավորները, որոնք հաշվառված չեն պահեստազորում եւ պատերազմական ժամանակի հաստիքների կցագրված չեն։ Սեպտեմբերի 27-ին ընդունվեց եւ հրապարակվեց Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը եւ սահմանվեց 18-55 տարեկան ՀՀ քաղաքացիների զորահավաք։ Ե՛ւ Պաշտպանության մասին օրենքի, ե՛ւ ռազմական դրություն սահմանելու մասին որոշման մեջ բազմազավակ կանանց կամավորագրվելու եւ ռազմաճակատ մեկնելու վերաբերյալ որեւէ սահմանափակում չկա։ Այսինքն՝ բազմազավակ կանանց չկամավորագրելու կամ նրանց կամավորագրման համար արգելք հանդիսանալու իրավական հիմք չկա՝ բացի վերոնշյալ տարիքային սահմանափակումը։ Այս օրերին կանանց կամավորագրմամբ զբաղվել է նաեւ ոստիկանության փոխգնդապետ Մարինե Այրումյանը։ Մեր զրույցում Այրումյանը նույնպես նշեց, որ կամավորը իր կամքի ուզածը կարող է անել, եւ որ բազմազավակ կանանց համար իրավական տեսանկյունից սահմանափակում չկա․ գործում է միայն տարիքային սահմանափակում՝ ՀՀ օրենսդրության համաձայն։ Այսպիսով՝ գործող օրենսդրական կարգավորումներով չի կարող սահմանափակվել երեխաներ ունեցող կանանց՝ հայրենիքի պաշտպանությանը կամավորագրվելու գործընթացը։ Իսկ ինչ վերաբերվում է որոշ կանանց կամավորագրվելու հայտերը մերժելուն, ապա սա այն պատճառով է, որ դիմողների պակաս չկա։ Սա մեր զրույցում հաստատեց նաեւ ոստիկանության գնդապետը՝ նշելով, որ արդեն ավարտվել է կանանց կամավորագրումը՝ բավարար թվով կամավորների արագ արձագանքման շնորհիվ։  Ի հավելումն նշենք, որ, համաձայն «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, աշխարհազորայինի հավաքագրման հիմքը նրա հետ կնքված պայմանագիրն է: Պայմանագիր չի կարող կնքվել այն քաղաքացու հետ, որը ենթակա է պարտադիր զինծառայության, հանդիսանում է զինծառայող, ոստիկանության ծառայող, փրկարար ծառայող, քրեակատարողական ծառայող, հարկադիր ծառայող, եւ այն անձը, որը պատիժ է կրում կամ որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում: Նարեկ Մարտիրոսյան
18:24 - 04 նոյեմբերի, 2020
Ադրբեջանցիների ձեռքում հայաստանցիների կամ արցախցիների փաստաթղթերի հայտնվելը չի նշանակում, որ վերջիններս զոհված կամ գերեվարված են

Ադրբեջանցիների ձեռքում հայաստանցիների կամ արցախցիների փաստաթղթերի հայտնվելը չի նշանակում, որ վերջիններս զոհված կամ գերեվարված են

Պատերազմի այս օրերին ադրբեջանական քարոզչամեքենան ապատեղեկատվություններ է տարածում ոչ միայն իր քաղաքացիների մոտ իրադրության ցանկալի պատկեր ստեղծելու համար, այլ նաեւ սոցցանցերի հայաստանյան տիրույթում՝ փորձելով խուճապ առաջացնել։ Ֆեյսբուքում ադրբեջանցի մի օգտատեր, որն, ըստ ամենայնի, ադրբեջանական զինված ուժերի ծառայող է, իր էջում տեղադրել է ՀՀ քաղաքացի Լիլիթ Բաբայանի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամատոմսը՝ կից ներկայացնելով, թե վերջինս զոհված է։ Սա բացարձակ ապատեղեկատվություն է․ Infocom-ը կապ հաստատեց Լիլիթ Բաբայանի հետ․ նա ողջ է, առողջ, այժմ Սիսիանում է՝ հորական տանը։ Թե ինչպես է նրա կուսակցական անդամատոմսը հայտնվել ադրբեջանցիների ձեռքում՝ ավելի քան պարզ է։  Բաբայանը շուրջ ութ տարի ապրել է Արցախի Մատաղիսի շրջանում։ Նրա ամուսինը Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող է։ Երբ վերջինս մեկնել է դիրքեր՝ ծառայության, տիկին Բաբայանը տեղափոխվել է Սիսիան՝ հորական տուն, սակայն իր հետ չի վերցրել փաստաթղթերը։  Եւ, ինչպես հայտնի է, արցախա-ադրբեջանական պատերազմի առաջին օրերից հակառակորդը թիրախավորել էր նաեւ Մատաղիսի ուղղությունը։ Մասնավորապես, սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ հակառակորդի հիմնական ուղղությունները եղել են Ջաբրայիլի, Ֆիզուլու, Թալիշի, Եղնիկների եւ Մատաղիսի հատվածները։ Հոկտեմբերի 4-ին էլ հայկական ԶՈՒ-երը Մատաղիս տանող ճանապարհին խոցել էին հակառակորդի ավտոշարասյունը։ Իսկ հոկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Թալիշ-Մատաղիս ուղղությամբ մենք կատարել ենք զորքերի համապատասխան վերախմբավորումներ։  Եւ քանի որ հակառակորդն այժմ դիվերսիոն խմբերով թափանցում է տարբեր ուղղություններով, (ինչպես այս մասին հայտնել է ՊՆ ներկայացուցիչը), հնարավոր է, որ այդ ընթացքում Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների փաստաթղթերն ինչ-ինչ հանգամանքներում հայտնվեին նրանց ձեռքում։ Այստեղ պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ պատերազմի առաջին օրերին Արցախի՝ հատկապես մարտագծին մոտ գտնվող բնակավայրերից քաղաքացիները ժամանակավորապես տարհանվել են, նրանցից ոմանք գուցե չեն հասցրել իրենց հետ տանել փաստաթղթերը։ Այսպիսով, ադրբեջանական կողմի՝ հայաստանցիների կամ արցախցիների անձնական փաստաթղթերի հրապարակումը դեռեւս չի նշանակում, որ նրանք զոհված կամ գերեվարված են։ Հայարփի Բաղդասարյան
16:58 - 02 նոյեմբերի, 2020
Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի հայտարարությունը հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում են հայեցողական եւ մանիպուլյատիվ

Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի հայտարարությունը հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում են հայեցողական եւ մանիպուլյատիվ

Հայկական որոշ լրատվական կայքեր՝ այդ թվում News.am-ը, Politik.am-ը եւ AraratNews.am-ը, այսօր տարածել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ Մշտական խորհրդում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Նեյլ Բուշի հայտարարությունը՝ գրելով, թե «Մեծ Բրիտանիան վճռականորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական շրջանների հրետակոծումը»։  Սակայն Բուշի հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղին առնչվող որեւէ տող չկա։ Տեքստում հստակորեն երեւում է, որ քաղաքացիական բնակավայրերի շարունակական հրթիռակոծությունները ՄԹ-ն դատապարտում է ընդհանուր առմամբ, եւ ոչ թե մասնավորապես Արցախում։ Նշված հայտարարությունը տարածել են նաեւ ադրբեջանական որոշ կայքեր՝ իրենք էլ ներկայացնելով, թե ՄԹ-ն դատապարտում է Ադրբեջանական Բարդա քաղաքի բնակավայրերի հրթիռակոծումները։ Իսկ իրականում Բուշի հայտարարության մեջ չի հիշատակվում նաեւ ադրբեջանական որեւէ քաղաք։  Փաստորեն, ԵԱՀԿ Մշտական խորհրդում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Նեյլ Բուշի՝ ըստ էության չեզոք հայտարարությունը ե՛ւ հայկական, ե՛ւ ադրբեջանական լրատվական կայքերը ներկայացրել են հայեցողական մեկնաբանությամբ եւ մանիպուլյատիվ վերնագրերով։ Նեյլ Բուշի հայտարարությունն ամբողջությամբ եւ բառացի թարգմանությամբ՝ ստորեւ․ «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ. ՄԹ-ի հայտարարությունը Միացյալ Թագավորությունը ողջունել է մարդասիրական վերջին զինադադարը, եւ մենք եւս մեկ անգամ խոր հիասթափված ենք՝ տեսնելով, որ այն չի պահպանվում: Մենք խստորեն դատապարտում ենք քաղաքացիական բնակավայրերի շարունակական հրթիռակոծությունները: Քաղաքացիական անմեղ անձանց վրա հակամարտության ունեցած ազդեցության մասին են վկայում քաղաքացիական զոհերի վերաբերյալ շարունակական հաղորդումները։ Մեր դիրքորոշումը պարզ է. քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը ցավալի է: Մենք ցավակցում ենք բոլոր նրանց, որոնք կորցրել են իրենց սիրելիներին: Մեր մտքերը բոլոր նրանց հետ են, որոնք տեղահանվել են եւ որոնց կյանքի վրա ազդում է այս իրավիճակը: Մենք կոչ ենք անում երկու կողմերին՝ հարգել հրադադարի ռեժիմը եւ արագ վերադառնալ բանակցությունների սեղան՝ ընդունելով այն փաստը, որ շարունակվող բռնությունները զգալի ազդեցություն են ունենում քաղաքացիների վրա: Մենք կոչ ենք անում կողմերին՝ թույլատրել Կարմիր Խաչի անհապաղ մուտքը, քանի որ նրանք ձգտում են հեշտացնել ռազմագերիների եւ զոհվածների մարմինների վերադարձը: Միջազգային հանրությունը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակը ռազմական լուծում ունենալ չի կարող: Մենք երկու կողմերին հորդորում ենք վերադառնալ առարկայական բանակցությունների՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մինսկի խումբը գլխավոր ձեւաչափն է, որի միջոցով պետք է հասնել կարգավորման: Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտել Միացյալ Թագավորությունների աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների միջնորդի:  Շնորհակալություն» Նարեկ Մարտիրոսյան
18:35 - 30 հոկտեմբերի, 2020
Հաջիեւի պնդումը, թե 2 քաղաքացիական անձ են փոխանցել Հայաստանին, իրականությանը չի համապատասխանում

Հաջիեւի պնդումը, թե 2 քաղաքացիական անձ են փոխանցել Հայաստանին, իրականությանը չի համապատասխանում

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է, թե Հայաստանին են փոխանցել 30 զոհված զինծառայողների մարմիններ, ինչպես նաեւ 2 քաղաքացիական անձանց՝ 85 ամյա Եվգենյա Բաբայանին եւ Միշա Մելքումյանին։  Այնինչ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը նախ գրառմամբ հայտնեց զոհված 29 զինծառայողների մարմինների փոխանցման մասին, ապա Infocom-ի հետ զրույցում ասաց, որ միայն մեկ քաղաքացիական անձ է փոխանցվել։ Նա նշեց, որ քաղաքացիական անձը Հաջիեւի հիշատակած երկու քաղաքացիներից մեկն է։  Զոհված զինծառայողների դիերը եւ քաղաքացիական անձը Հայաստանին են փոխանցվել Ռուսաստանի Դաշնության բացառիկ միջնորդական ջանքերի շնորհիվ, ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ։
15:16 - 29 հոկտեմբերի, 2020
Աշխարհում «Բայրաքթարների» խոցման մոտ 30 փաստական դեպք է հայտնի․ միայն մեկ տասնյակը Արցախի ՊԲ ստորաբաժանումների թիրախն են եղել

Աշխարհում «Բայրաքթարների» խոցման մոտ 30 փաստական դեպք է հայտնի․ միայն մեկ տասնյակը Արցախի ՊԲ ստորաբաժանումների թիրախն են եղել

Պաշտպանության բանակի զինված ուժերն օրերս՝ հոկտեմբերի 19-ի մարտերի ընթացքում, խոցել են հակառակորդի հինգ անօդաչու թռչող սարք, որոնց թվում՝ թուրքական արտադրության «Բայրաքթար»։  Ադրբեջանը «Բայրաքթար» տեսակի անօդաչուները միայն նախօրեին չէ, որ կիրառել է։ Պատերազմական գործողությունների դեռեւս երրորդ օրը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ թուրքական F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Ստեփանյանն այդ օրը նշել էր, որ կործանիչներն ապահովում էին ՀՀ բնակավայրերի եւ ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները:  Երեկ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Արցախի ՊԲ-ի խոցած «Բայրաքթար»-ների թիվը հասնում է շուրջ մեկ տասնյակի, ուղղակի խոցված սարքերից ոչ մեկը ՊԲ վերահսկողության տակ գտնվող տարածքներում չէր ընկել: «Բայրաքթար» ՏԲ2-ը 6,5 մ երկարությամբ, թեւերի 12 մ բացվածքով եւ մինչեւ 55 կգ բեռնատարողությամբ հարվածային ԱԹՍ է։ Այն կարող է զարգացնել մինչեւ 222 կմ/ժ արագություն, գործողության շառավիղը 150 կմ է, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 8200մ։ Այս տեսակի ԱԹՍ-ն կարող է իր վրա կրել կառավարվող հակատանկային հրթիռներ եւ օդային ռումբեր:  «Baykar Makina» ընկերությունը 2000-ականներին է սկսել «Բայրաքթարի» նախագծումը: ՏԲ2-ը հիմնված է ավելի վաղ արտադրված «Բայրաքթար» ՏԲ1 տարբերակի վրա, որն առաջին անգամ գործարկվել է 2009 թվականին: Իսկ մարտական գործողությունների ժամանակ առաջին անգամ կիրառվել է 2014-ին՝ Թուրքիայի արեւելքում: Այս սպառազինության կիրառման մասին առաջին պաշտոնական տեղեկությունը եղել է 2016 թվականին։ Նշվել է, որ այն օգտագործվել է քրդական ստորաբաժանումների դեմ: Ի դեպ, Արցախի ՀՕՊ ստորաբաժանման խոցած «Բայրաքթարներից» մեկի ուսումնասիրությունից պարզվել է, որ դրա հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է: Կանադայի WESCAM ընկերությունն է այն արտադրել՝ այս տարվա հունիսին, իսկ «Բայրաքթար» TB2-ի վրա տեղադրվել է անցյալ ամիս՝ սեպտեմբերին: Ընդհանուր աշխատանքը կազմել է 31 ժամ: Ժամանակակից պատերազմներում հարվածային անօդաչու թռչող սարքերը համարվում են ամենահզոր զենքերից։ Թուրքական այս անօդաչուները ակտիվորեն գործածվել են հիմնականում Լիբիայում ու Սիրիայում ռազմական գործողությունների ժամանակ, ապա, փաստորեն, նաեւ մեր տարածաշրջանում։ Պնդումներ կան, որ «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ-ն խոցելը բավականին բարդ է․ մինչ օրս հայտնի է աշխարհում խոցված մոտ 30 «Բայրաքթարի» մասին՝ այդ թվում՝ արցախա-ադրբեջանական սահմանի այս մարտերի ընթացքում ոչնչացվածները։ Ե՞րբ եւ որտե՞ղ են խոցվել «Բայրաքթարները» Բաց որոնման արդյունքներով՝ առաջին խոցված «Բայրաքթարի» մասին փաստական նյութը 2019 թվականի դեկտեմբերի 13-ին է եղել․ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակի ուժերին հաջողվել է խոցել Ազգային միասնության կառավարության Ֆայզ Սարաջի անօդաչու թռչող սարք։ Այն խոցվել է Այն-Զարայի շրջանում` Տրիպոլիից հարավ։ 2020 թվականի հունվարի 22-ին Լիբիայի Ազգային բանակը ոչնչացրել է թուրքական եւս մեկ «Բայրաքթար» TB2, որը պատրաստվում էր օդ բարձրանալ Տրիպոլիի Միտիգա օդանավակայանից: Լիբիայի Ազգային բանակը փետրվարի 25-ին խոցել է եւս մեկ «Բայրաքթար»՝ մայրաքաղաք Տրիպոլիից հարավ գտնվող Սուք Ալ-Խամիսի շրջակայքում։ Լիբիայի զինված ուժերի գեներալ-մայոր Ահմեդ Սալեմի խոսքերով՝ փետրվարի 28-ին Ազգային բանակը խոցել է վեց «Բայրաքթար», որոնցից միայն երկուսի նկարներն են տեղադրվել համացանցում: Եւս երկու «Բայրաքթար» էլ խոցվել է մարտի 31-ին․ այս մասին նույնպես հաղորդել է Լիբիայի բանակի մամուլի ծառայությունը։ Ապրիլի 11-ին Լիբիայում դարձյալ «Բայրաքթար» է խոցվել։ Լիբիայի զինված ուժերը եւս երկու «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ են խոցել ապրիլի 17-ին, մեկն էլ՝ հաջորդ օրը։ Մայիս ամսվա ընթացքում Լիբիայում խոցվել է 3 «Բայրաքթար»՝ մայիսի 2-ին, 12-ին եւ 23-ին։ Հաջորդ ամիս Լիբիական բանակը խոցել է եւս երեքը․ երկուսը՝ հունիսի 7-ին, մեկը՝ հաջորդ օրը։ Փաստորեն, թուրքական հարվածային այս դրոնները, որ ակտիվորեն կիրառվել են Սիրիայում, Լիբիայում ու Արցախում, այդքան էլ անխոցելի չեն։ Ինչպես նշեցինք, մեր կողմի պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումները շուրջ 25 օր տեւող պատերազմական գործողությունների ընթացքում արդեն մեկ տասնյակի հասնող «Բայրաքթար» են զգետնել։  Ի դեպ, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ մեր խոցած «Բայրաքթարներից» մեկի նկարն էլ հրապարակեց։ Արցախի ՊԲ ստորաբաժանումների խոցած «Բայրաքթարներից» մեկի կտորները Նարեկ Մարտիրոսյան, Հայարփի Բաղդասարյան
14:38 - 21 հոկտեմբերի, 2020
Սյունիքում ռուս սահմանապահները դեռեւս 1955 թվականից են պահպանում Իրանի հետ սահմանը

Սյունիքում ռուս սահմանապահները դեռեւս 1955 թվականից են պահպանում Իրանի հետ սահմանը

Հայկական որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածում, ըստ որոնց՝ Սյունիքում հայկական կողմի սահմանապահների հետ սահմանային հսկողությանը միացել են նաև ռուս սահմանապահները: Սակայն ռուս սահմանապահների, ռուսական ջոկատի տեղակայումը Սյունիքում` մասնավորապես Մեղրու անցակետում, ամենեւին էլ նորություն չէ:   Դեռեւս Խորհրդային միության տարիներից ի վեր` 1955 թվականից, Մեղրու սահմանապահ ջոկատը պահպանում է Իրանի հետ սահմանը: Անկախացումից հետո էլ Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Մեղրու ջոկատն է պահպանում այն: Սակայն Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորության վերաբերյալ քննարկումների ֆոնին այս բովանդակությամբ հրապարակումները կարող են որոշակի ենթադրությունների առիթ դառնալ: Սյունիքի մարզպետարանից մեր զրույցում եւս հաստատեցին, որ տարածվող տեղեկությունները նոր չեն, եւ որ Մեղրիի ջոկատը արդեն 65 տարի է` տեղակայված է Սյունիքի մարզում: Մարզպետարանից նշեցին, որ ջոկատն այս պահին եւս պահպանում է միայն Հայաստանի եւ Իրանի սահմանը։ Զարա Խաչատրյան
18:14 - 20 հոկտեմբերի, 2020
Վերջին ամիսներին ադրբեջանական ավիաընկերության՝ Գերմանիայից ու Լյուքսեմբուրգից կատարած չվերթների դինամիկան աճել է

Վերջին ամիսներին ադրբեջանական ավիաընկերության՝ Գերմանիայից ու Լյուքսեմբուրգից կատարած չվերթների դինամիկան աճել է

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն օրերս հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Ծառայության տրամադրության տակ գտնվող տվյալների համաձայն՝ ադրբեջանական կողմը զբաղվում է դեպի իր տարածք զգալի քանակությամբ ռազմամթերք եւ վարձկան-ահաբեկիչներ գաղտագողի տեղափոխելու նենգ գործելաոճով։ Այս մասին են վկայում Բաքվի օդանավակայանից ադրբեջանական «Սիլկ ուեյ» (Silk Way) բեռնափոխադրող ավիաընկերության «Բոինգ-747» եւ «ԻԼ-76» ինքնաթիռներով դեպի տարբեր երկրների ռազմական օդանավակայաններ կատարվող եւ հետադարձ ուղղությամբ իրականացվող չվերթները։ Վերջին ամիսներին աճել է նաեւ Գերմանիայից ու Լյուքսեմբուրգից կատարած չվերթների դինամիկան Վերջին ամիսներին, երբ Ադրբեջանն, ըստ էության, պատրաստվել է Արցախի դեմ պատերազմական լայնածավալ գործողությունների, ադրբեջանական այս ընկերությունը առավել ինտենսիվ է դարձրել նաեւ Գերմանիայից եւ Լյուքսեմբուրգից դեպի Բաքու կատարած թռիչքները։ Մասնավորապես, այս տարվա հոկտեմբերին ութ թռիչք է իրականացվել Ֆրանկֆուրտից Բաքու՝ 3-ին, 4-ին, 10-ին, 11-ին՝ երկու անգամ, 17-ին դարձյալ երկու անգամ, եւ 18-ին։ Եւս երկու թռիչք էլ նախատեսվում է 24-ին եւ 25-ին։ Իսկ Լյուքսեմբուգից Բաքու երեք թռիչք է իրականացվել, մեկն էլ նախատեսվում է հոկտեմբերի 25-ին։ Անցյալ ամիս՝ սեպտեմբերին, երբ սկսեցին արցախա-ադրբեջանական սահմանի լայնածավալ պատերազմական գործողությունները, Silk Way Airlines-ը Ֆրանկֆուրտ-Բաքու չորս թռիչք է իրականցրել, որոնցից մեկը՝ 26-ին, մեկն էլ՝ 27-ին: Լյուքսեմբուրգ-Բաքու չվերթները հինգն են եղել, երկուսը՝ դարձյալ 26-ին ու 27-ին՝ պատերազմական գործողությունների նախորդ եւ առաջին օրերին։ Ֆրանկֆուրտ-Բաքու թռիչքներն՝ ըստ ամիսների Օգոստոսին Ֆրանկֆուրտ-Բաքու հինգ թռիչք է եղել, Լյուքսեմբուրգ-Բաքու՝ եւս հինգը։ Հուլիսին՝ Ֆրանկֆուրտ-Բաքու՝ երկու թռիչք է եղել, Լյուքսեմբուրգ-Բաքու՝ չորս։ Հունիսին՝ Ֆրանկֆուրտ-Բաքու՝ դարձյալ երկու թռիչք, իսկ Լյուքսեմբուրգ-Բաքու՝ չորս։ Մայիսին՝ Ֆրանկֆուրտ-Բաքու երկու՝ երկու թռիչք, ապրիլին՝ հինգ, մարտին թռիչքներ չեն եղել, ֆետրվարին՝ երեք, հունվարին՝ մեկ, արդեն 2019-ի դեկտեմբերին՝ երեք, նոյեմբերին՝ հինգ։ Լյուքսեմբուրգ-Բաքու թռիչքներն՝ ըստ ամիսների Լյուքսեմբուրգ-Բաքու թռիչքներ ապրիլին եւ մայիսին չեն եղել, մարտին չորսն են եղել, ֆետրվարին՝ դարձյալ չորսը, հունվարին՝ երեք, 2019-ի դեկտեմբերին ու նոյեմբերին՝ էլի չորսական։ Իսկ ահա օգոստոսին եւ սեպտեմբերին թռիչքները եղել են 5-ական, հոկտեմբերին՝ դեռեւս չորս։ Գերմանիայի տարածքում, նկատենք, ՆԱՏՕ-ի երկու բազաներ են տեղակայված՝ Շպանգդալեմի ավիաբազան եւ Ռամշթայնի բազան, որոնք Ֆրանկֆուրտից եւ Լյուքսեմբուրգից մի քանի տասնյակ կմ հեռավորության վրա են։ Ընդ որում՝ Silk Way ավիաընկերության հաճախորդների թվում են նաեւ գերմանական զինված ուժերը՝ Bundeswehr-ը։  Ի դեպ, հոկտեմբերի 2-ին՝ ռազմական գործողությունների հինգերորդ օրը, Արցախի ՊԲ-ն հրապարակեց մեր խոցած ԱԹՍ-ների բեկորների լուսանկարներ։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում արձանագրեց, որ Ադրբեջանին արցախցի խաղաղ բնակչության դեմ, փաստորեն, կիրառում է նաեւ գերմանական արտադրության անօդաչու թռչող սարքեր։ Գերմանական Hawker եւ Varta ընկերությունների ԱԹՍ-ների բեկորները Սակայն դեռեւս հայտնի չէ՝ Ադրբեջանն այս սարքերը երբ է ձեռք բերել եւ արդյոք Գերմանիայի՞ց, թե՞ զենքի սեւ շուկայից։ 2018 թվականի հունիսին Գերմանական Stern շաբաթաթերթը հայտնել էր գերմանական Rheinmetall-ի՝ Ադրբեջանի հետ համագործակցելու ծրագրերի մասին։ Այնուհետ նաեւ Reuters գործակալությունը հրապարակում արեց սրա վերաբերյալ՝ մասնավորապես նշելով, որ երկու կողմերն էլ պայմանավորվել են ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները; Հավելենք, որ դեռեւս 2017 թվականին բուլղարական Trud պարբերականի աղմկահարույց հետաքննությամբ հայտնի դարձավ, որ Silk Way ընկերությունը դիվանագիտական բեռների անվան տակ զենքի անօրինական եւ լայնամասշտաբ արտահանում ու վաճառք է իրականացրել Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան եւ Կոնգո։ Բուլղարացի հաքերների Anonymus Bulgaria խումբը կոտրել էր Սոֆիայում Ադրբեջանի դեսպանատան ցանցն ու փաստաթղթերը դարձրել հասանելի։ Պարզվել էր, որ վերջին երեք տարիների ընթացքում ադրբեջանական ընկերությունը քողարկվել է դիվանագիտական ծխածածկույթով՝ աշխարհի տարբեր թեժ կետեր տասնյակ տոննաների զենք եւ զինամթերք ուղարկելու համար։ Ընկերությունը ներգրավված է եղել հյուսիսային Սիրիայի տարածքում գործող քրդերին եւ Թուրքիայի դեմ պայքարող Քրդական բանվորական կուսակցությանը զինելու գործում։ Հեղինակավոր Trud-ի հոդվածագիրը նշել է նաեւ, որ Ադրբեջանի տեղափոխած զենքի մի մասը կարող է օգտագործված լինել Լեռնային Ղարաբաղում։ 
17:17 - 20 հոկտեմբերի, 2020
Միջազգային հակաթուրքական դաշինքի ստեղծման մասին Եգիպտոսի հայտարարությունը նոր չէ․ Al-Monitor-ն այն հայտնել է դեռեւս մայիսին

Միջազգային հակաթուրքական դաշինքի ստեղծման մասին Եգիպտոսի հայտարարությունը նոր չէ․ Al-Monitor-ն այն հայտնել է դեռեւս մայիսին

Հայկական լրատվական դաշտում տարածվում է մի հոդված, ըստ որի՝ Եգիպտոսը հայտարարել է միջազգային հակաթուրքական դաշինքի ստեղծման մասին։ Կայքերը հղում են կատարում Al-Monitor միջազգային լրատվակայքին։ Al-Monitor-ն այս մասին իսկապես հայտնել է, սակայն դեռ այս տարվա մայիսի 31-ին։ Այսինքն՝ լուրի իսկությունը ճիշտ է, բայց այն նոր չէ։  InfoPort լրատվականն իր հրապարակման մեջ հղում է արել նաեւ Razminfo կայքին, բայց վերջինս էլ այն հրապարակել է այս տարվա հունիսի 2-ին։ Սակայն երբ լրատվամիջոցները այն տարածում են արցախա-ադրբեջանական սահմանին լայնածավալ պատերազմական գործողությունների եւ այս ընթացքում  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ հակաահաբեկչական միջազգային նոր կոալիցիա ստեղծելու կոչի, ապաեւ Արցախի խորհրդարանի՝ համատեղ Հակաահաբեկչական կոորդինացիոն կենտրոն ստեղծելու կոչի ֆոնին, կարող է սխալ տպավորությունների եւ ենթադրությունների առիթ տալ։ Ընդ որում, Al-Monitori այդ հոդվածում խոսք անգամ չկա Հայաստանի կամ Արցախի մասին։ Հոդվածում, որը հայաստանյան ու արցախյան լրատվականներում տարածվել էր դեռեւս հունիսին, խոսվում է այն մասին, որ Եգիպտոսը հայտնել է Լիբիայում եւ Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողություններին դիմակայելու նպատակով Հունաստանի, Կիպրոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Ֆրանսիայի հետ համատեղ դաշինք ստեղծելու մասին։ Նշված է, որ հնգակողմ դաշինքը հայտնել է, որ կենտրոնանալու է Կիպրոսի տարածքային ջրերում թուրքական ապօրինի հորատման աշխատանքներին դիմակայելու վրա, ինչպես նաեւ քննադատել է Հունաստանի օդային տարածքի խախտումները: Դաշինքը քննադատում է նաեւ Թուրքիայի մասնակցությունը Լիբիայում ընթացող ռազմական գործողություններին, Տրիպոլիում Ֆաիզ ալ-Սարաջի գլխավորած «Ազգային համաձայնության կառավարության» (GNA) եւ Թուրքիայի միջեւ 2019 թ. վերջին վավերացված Միջերկրական ծովում «Ծովային իրավասությունների սահմանազատման վերաբերյալ» եւ «Անվտանգության եւ ռազմական համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրերը։ Հայարփի Բաղդասարյան
12:49 - 15 հոկտեմբերի, 2020
Լրատվամիջոցները ՌԴ ԱԳ նախարարին են վերագրում Արա Պապյանի հոդվածից մի հատված

Լրատվամիջոցները ՌԴ ԱԳ նախարարին են վերագրում Արա Պապյանի հոդվածից մի հատված

Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ տարածում են «Մենք պահանջում ենք, որ Թուրքիան վերջ դնի ՀՀ տարածքի մի մասի անօրինական բռնազավթմանը. Լավրով» վերտառությամբ մի հրապարակում, որտեղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին է վերագրված Արա Պապյանի՝ 2012 թվականին հրատարակված «Հայրենասիրություն հայոց պահանջատիրության իրավական հիմքերը եւ հարակից հարցեր»-ը խորագրով հոդվածների ժողովածուից մի հատված։ «Ինչ վերաբերում է Թուրքիայի նկատմամբ հողային պահանջներ ունենալուն, ապա եթե խնդրին տանք ճշգրիտ իրավական ձևակերպում (legal definition), ապա մենք ոչ թե Թուրքիայից հողեր ենք պահանջում, այլ պահանջում ենք, որ Թուրքիան վերջ դնի Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասի անօրինական բռնազավթմանը: Այդ տարածքը որոշվում է ոչ թե պատմությամբ, այլ տարածքի նկատմամբ առկա օրինական՝ հայկական տիտղոսով: Այսպես, նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների՝ համապատասխանաբար 63%, 66%, 100% և 75% տարածքը de jure պատկանում է Հայաստանի Հանրապետությանը ոչ թե այն պատճառով, որ դրանք եղել են «պատմական հայկական հողեր» կամ ցեղասպանություն է եղել, այլ որովհետև դրանք, չնայած Թուրքիայի կողմից դրանց 1920թ. բռնազավթմանը, առ այսօր կրում են Հայաստանի Հանրապետության իրավական տիտղոսը: Տիտղոս, որը նախ 1920թ. ապրիլի 26-ին ավելի քան 50 երկրների անունից ճանաչել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան, ապա ԱՄՆ մեծ կնիքով (The Great Seal of the United States) ու նախագահ Վիլսոնի ստորագրությամբ վերահաստատվել և ուժի մեջ է մտել 1920թ. նոյեմբերի 22-ին, իսկ հետո վերահաստատվել է Լոզանի՝ 1923թ. հուլիսի 24-ի պայմանագրի 16-րդ հոդվածով»,- Պապյանի հոդվածի այս հատվածն են հրապարակել լրատվամիջոցները՝ որպես հեղինակ նշելով Լավրովին: Այնինչ, տեքստի հեղինակը ոչ միայն Արա Պապյանն է, այլեւ «Տարածքի օրինական իրավատիրության և Սալմաստի ու Խոյի մասին» վերնագրով հոդվածում խոսք անգամ չկա Սերգեյ Լավրովի մասին։ Ավելին՝ 490 էջանի այս ժողովածուում միայն մեկ անգամ է հիշատակվում Սերգեյ Լավրովի անունը, այն էլ որպես բարձրակարգ դիվանագետի օրինակ։
13:11 - 14 հոկտեմբերի, 2020
Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին․ ադրբեջանական լրատվամիջոցներն ապատեղեկատվություն են տարածել

Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին․ ադրբեջանական լրատվամիջոցներն ապատեղեկատվություն են տարածել

Ադրբեջանական մեդիատիրույթում այսօր տեղեկություն է տարածվել, ըստ որի՝ Հայաստանը չի կարող դիմել ՀԱՊԿ անդամ պետություններին՝ արցախա-ադրբեջանական սահմանին ծավալվող ռազմական գործողություններում աջակցություն ստանալու համար։  Մասնավորապես, կայքերից մեկը հղում է տալիս ռուս լրագրող, հեռուստահաղորդավար Մաքսիմ Շեւչենկոյին, որը յութուբյան իր վիդեոբլոգում ասել է, թե, իր տեղեկությունների համաձայն, Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցով դիմել է Ռուսաստանին՝ օգնություն տրամադրելու համար։ Սակայն Մոսկվան հրաժարվել է տրամադրել աջակցություն, քանի որ մարտերն ընթանում են ոչ թե Հայաստանի, այլ Արցախի սահմանին։ Հոդվածի հեղինակը խոսել է նաեւ վրացի, ռուս եւ բելառուս փորձագետների հետ, որոնք նույնպես փաստել են, որ Հայաստանը չի կարող դիմել ՀԱՊԿ անդամ պետությունների օգնությանը։ Հայաստանը կարո՞ղ է դիմել ՀԱՊԿ օգնությանը  Համաձայն ՀԱՊԿ կանոնադրության չորրորդ հոդվածի՝ եթե մասնակից պետություններից մեկը (այս դեպքում Հայաստանը) ենթարկվի հարձակման (զինված հարձակման՝ անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող), ապա դա մասնակից երկրների կողմից կընկալվի որպես հարձակում (զինված հարձակման՝ անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող) ներկայիս պայմանագրի բոլոր մասնակից պետությունների վրա։ Ցանկացած մասնակից պետության վրա հարձակում կատարելու դեպքում (զինված հարձակման՝ անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող) մյուս բոլոր մասնակից պետությունները այդ մասնակից պետության խնդրանքով անհապաղ կտրամադրեն նրան անհրաժեշտ օգնությունը, ներառյալ ռազմական, ինչպես նաև իրենց տրամադրության տակ եղած միջոցներով կաջակցեն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն խմբակային պաշտպանություն իրագործելու հարցում։ Գործող հոդվածի հիման վրա ձեռնարկված միջոցառումների մասին մասնակից պետությունները անհապաղ կհայտնեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։  Այդ միջոցառումների իրագործման պայմաններում մասնակից պետությունները հավատարիմ կմնան ՄԱԿ-ի կանոնադրության համապատասխան դրույթներին։ Այս պարագայում քանի որ մարտական գործողությունները ծավալվում են Արցախյան սահմանի երկայնքով, իսկ Արցախը միջազգայնորեն ճանաչված պետություն չէ, ինչպես նաեւ ՀԱՊԿ անդամ պետություն չէ, չի կարող դիմել ՀԱՊԿ-ին։ Սակայն Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը, բացի այդ՝ հարձակումներ եւ ռմբակոծություններ եղել են ոչ միայն Արցախի սահմանին եւ խաղաղ բնակչության ուղղությամբ, այլ նաեւ Հայաստանի տարածքում, ինչի ապացույցն է Վարդենիսի շրջանում՝ ավելի կոնկրետ Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի հարակից տարածքում խոցված ադրբեջանական ԱԹՍ-ն, ինչպես նաեւ Վարդենիսի դիրքերի ուղղությամբ պարբերաբար արձակված կրակոցները։ Բացի այս, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը «Ռիա նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը կդիմի Ռուսաստանին՝ ռուսական զենքի նոր մատակարարումների հարցով, սակայն այդ մասին խոսակցություն առայժմ չկա․ «Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է, զենքի մատակարարումների վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումն ընթանում է նորմալ ռեժիմով: Այսօրվա դրությամբ իրավիճակը փոխվում է, մենք այս պահին երրորդ կողմ ունենք՝ Թուրքիան: Եթե անհրաժեշտ լինի, կդիմենք և կլուծենք հարցերը` (զենքի լրացուցիչ մատակարարումների վերաբերյալ,-հեղ.) առաջին հերթին Ռուսաստանին»,- ասել է Տողանյանը: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ կառույցին դիմելուն, ապա Տողանյանն ասել է, որ Հայաստանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ-ին․ «Արցախում իրավիճակի սրման հետ կապված Հայաստանը չի պատրաստվում դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը»,- ասել է նա։  Ավելի վաղ ՀԱՊԿ-ը պատրաստակամություն էր հայտնել միջամտելու իրավիճակի կարգավորմանը, սակայն Հայաստանը չի դիմել միջամտության խնդրանքով։ Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ Հայաստանը չի դիմել եւ չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ օգնությանը՝ Արցախում իրավիճակի սրման կապակցությամբ, իսկ անմիջապես Ռուսաստանին, ինչպես հայտարարել է Տողանյանը, կդիմենք՝ ըստ անհրաժեշտության։ Ըստ այդմ՝ տարածվող լուրերը, թե Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, չի համապատասխանում իրականությանը։ Նարեկ Մարտիրոսյան
18:21 - 28 սեպտեմբերի, 2020
«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության միջոցառումը կազմակերպած Ա/Ձ-ն գտնելն անհնար չէ․ Politik.am-ը սխալվում է

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության միջոցառումը կազմակերպած Ա/Ձ-ն գտնելն անհնար չէ․ Politik.am-ը սխալվում է

Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Politik.am-ը հրապարակել է հոդված, որտեղ ներկայացված է, թե Անկախության օրվա առթիվ մշակութային միջոցառումների կազմակերպման համար 43 միլիոն դրամ է տրամադրվել մի ընկերության, որի մասին տեղեկություն գտնելը անհնար է, եւ որ ընկերությունը աշխատակիցներ չունի։ Հոդվածի վերջում կայքը հանգել է եզրակացության, որ «Արթուր Մանուկյան» Ա/Ձ-ի հետ կնքված գործարքը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, ինչի մասին կառավարող ուժը պարտավոր է բացատրություն տալ։ Հոդվածում, մասնավորապես, նշվում է, թե պետական ռեգիստրի պաշտոնական կայքում առկա 30-ից ավելի «Արթուր Մանուկյան» Ա/Ձ-ներից եւ ոչ մեկի ՀՎՀՀ-ն (հարկ վճարողների հարկային համար) չի համապատասխանում պայմանագրում առկա ՀՎՀՀ-ին։ Բացի այդ՝ Politik.am-ը «Արթուր Մանուկյան» Ա/Ձ-ի մասին փորձել է տեղեկություններ գտնել նաեւ tender-monitoring.am հարթակից, որը, ի տարբերություն armeps.am եւ petekamutner.am համակարգերի, պաշտոնական չէ, եւ կայք մուտք գործելիս էլ առաջարկվում է տվյալները համաձայնեցնել վերոնշյալ պետական կայքերի հետ։ «Արթուր Մանուկյան» Ա/Ձ-ի աշխատակիցների մասին տեղեկություն ստանալու համար էլ Politik.am-ն օգտվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի 1000plus.am կայքից եւ եկել այն եզրահանգման, որ հիշյալ Ա/Ձ-ն չկա պետռեգիստրի պաշտոնական կայքում եւ չունի աշխատակիցներ, քանի որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում չկա կատարված վճարում։ «Արթուր Մանուկյան» Ա/Ձ-ն անհայտ չէ Չնայած Politik.am-ին չի հաջողվել գտնել հարցերի պատասխանները, այնուամենայնիվ Արթուր Մանուկյան Ա/Ձ-ն գրանցված է իրավաբանական անձանց ռեգիստրում։ Այն գրանցվել է 2020 թվականի հունվարի 17-ին։ Ա/Ձ-ի հիմնադիրը պրոդյուսեր Արթուր Մանուկյանն է։ Պետեկամուտների կոմիտեի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նշված Ա/Ձ-ի իրավաբանական հասցեն Նեկրասովի փ․ 12 է, իսկ ԱՁ-ն զբաղվում է կինո և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի արտադրությամբ։ Արթուր Մանուկյանն այս տարի վարչապետի աշխատակազմի հետ կնքած պայմանագրի համաձայն իրականացրել է Անկախության օրվա կապակցությամբ մշակութային միջոցառումների կազմակերպման եւ սպասարկման ծառայությունների մատուցում, այդ թվում՝ «Մեր ժամանակների հերոսը» ամենամյա մրցանակաբաշխության միջոցառման կազմակերպում։ Infocom-ը կապ հաստատեց պրոդյուսեր Արթուր Մանուկյանի հետ, որը մեր զրույցում նշեց՝ անցած տարի եւս մասնակցել է Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին․ «Անցյալ տարի անկախության օրվան նվիրված միջոցառումները կազմակերպել էր Հանրային հեռուստատեսությունը եւ ինձ հետ կնքել էին պայմանագիր․ ես՝ որպես ռեժիսոր, գնացել եւ իմ ծառայությունն եմ մատուցել»։  Արթուր Մանուկյանին պատկանող ԱՁ-ն, այո, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ամենամսյա պարտադիր վճարներ չի կատարել․ բանն այն է, որ իր ԱՁ-ն գրանցված աշխատողներ չունի, քանի որ պրոդյուսերներն, ըստ էության, մշտական աշխատողներ չեն ունենում։ Մանուկյանը մեր զրույցում պարզաբանեց, որ ինքն իրականացնում է տարբեր պրոյեկտներ, որոնցից յուրաքանչյուրը մաքսիմում տեւում է մեկ ամիս, եւ այդ ընթացքում անհրաժեշտ մասնագետների հետ կնքում է այդ ամսվա աշխատանքի մասին պայմանագիր, որի համար էլ վճարվում է անհրաժեշտ հարկերը։  Բացի այդ՝ հարկը եւ հաշվետվությունը ներկայացվում են եռամսյակային կտրվածքով․ «Ո՞նց կարող է կառավարությունը ինձ պատվիրել միջոցառում եւ փոխանցում անել, եթե Ա/Ձ-ն չլինի։ Ցանկացած պայմանագրի դեպքում ես միշտ հարկվել եմ»,- հավելեց պրոդյուսերը։ Նշենք նաեւ, որ Արթուր Մանուկյանը ԱՄՆ-ում կայացած «World Armenian Entertaiment Awards» մրցանակաբաշխության շրջանակներում արժանացել է «Տարվա լավագույն ռեժիսոր» մրցանակին։ Բացի այս՝ վերջինս կազմակերպել է նաեւ «Էրեբունի-Երևան 2801» պաշտոնական միջոցառման բացման արարողությունը եւ մի շարք այլ միջոցառումներ։  Այսպիսով՝ Politik.am-ը իր պնդումներում սխալվել է, քանի որ Արթուր Մանուկյանի Ա/Ձ-ն գրանցված է իրավաբանական անձանց ռեգիստրում, ինչպես նաեւ Պետեկամուտների կոմիտեում, իսկ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին հարկ չվճարելը պայմանավորված է միմիայն գրանցված մշտական աշխատողներ չունենալու հանգամանքով։  Նարեկ Մարտիրոսյան
19:12 - 24 սեպտեմբերի, 2020
ԱԺ պատգամավորների հայտարարագրերի անհամապատասխանություններն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անտարբերությունը

ԱԺ պատգամավորների հայտարարագրերի անհամապատասխանություններն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անտարբերությունը

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձինք պարտավոր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացնել պաշտոնը ստանձնելու, տարեկան եւ պաշտոնը դադարեցնելու վերաբերյալ գույքի, եկամտի եւ շահերի հայտարարագիր, իսկ հայտարարատու պաշտոնատար անձանց հետ համատեղ բնակվող անձինք՝ միայն տարեկան հայտարարագիր: Սակայն հայտարարագրերի մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ պատգամավորների զգալի մասը պատշաճ չի հայտարարագրել ունեցվածքը՝ մասնավորապես անշարժ եւ շարժական գույքը: Ոմանց մոտ եղել է գույքի ավելացում, ոմանց մոտ գույքը պակասել է, սակայն առանց տվյալ գույքը ձեռք բերելու կամ օտարելու: Մոտ երկու ամիս առաջ մի շարք պատգամավորների հայտարարագրերում հայտնաբերված անհամապատասխանությունների հիմքով դիմել էինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պարզելու՝ հայտնաբերված անհամապատասխանությունները տեխնիկակա՞ն են, թե՞ բովանդակային: Նշենք, որ դրանց մի մասը տեխնիկական բնույթի էին, որոնք արդեն շտկվում են: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը ներկայացրել է երկու հայտարարագիր. մեկը պաշտոնը ստանձնելու հայտարարագիրն է, մյուսը՝ տարեկան: Պապոյանը պաշտոնը ստանձնելիս՝ 2019 թվականի հունվարի 14-ին,  հայտարարագրել է 3 ավտոմեքենա՝ Volkswagen, Vaz եւ Saab մակնիշների: 2019 թվականի տարեկան հայտարարագրում Պապոյանը նշել է միայն Volkswagen եւ Vaz մակնիշի ավտոմեքենաների առկայության մասին: 2019 թվականի ընթացքում պատգամավորը գնել է Hyundai մակնիշի ավտոմեքենա եւ վաճառել իր Volkswagen-ը: Տարեվերջում Պապոյանի շարժական գույքերը եղել են երկուսը՝ Hyundai եւ Vaz մակնիշի ավտոմեքենաները: Ստացվում է, որ պաշտոնավարման սկզբում նա ունեցել է Saab մակնիշի ավտոմեքենան, որը չի օտարվել, սակայն անհետացել է եւ չի երեւում իր տարեկան հայտարարագրում: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը պաշտոնը ստանձնելիս՝ 2019 թվականի հունվարի 14-ին, ըստ հայտարարագրի՝ ունեցել է 2 բնակարան, 1 հողամաս եւ 1 անհատական բնակելի տուն: 2019 թվականի տարեկան հայտարարագրում Սողոմոնյանի անշարժ գույքի թիվն աճել է: Տարեսկզբին պատգամավորն ունեցել է 2 բնակարան, 1 անհատական բնակելի տուն եւ 5 հողամաս: Այսինքն՝ Սողոմոնյանը պաշտոնավարման հենց սկզբում ունեցել է 5 հողամաս, սակայն հայտարարագրել է դրանցից միայն մեկը՝ չներկայացնելով մյուս 4 հողամասերը:  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Սիմիդյանը 2018 թվականի հոկտեմբերի 16-ին ստանձնել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը: Պաշտոնը ստանձնելիս Սիմիդյանը հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ BMW եւ Volkswagen մակնիշների: 2018 թվականի տարեկան հայտարարագրում շարժական գույքի ձեռքբերման եւ օտարման վերաբերյալ որեւէ նշում չկա, հետեւաբար՝ Սիմիդյանը 2018 թվականին մեքենաներից որեւէ մեկը չի օտարել: Սակայն 2019 թվականի տարեկան հայտարարագրի «Տվյալ տարվա սկզբում առկա տրանսպորտային միջոց» դաշտում վերոնշյալ մեքենաները հայտարարագրված չեն: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը պաշտոնը ստանձնել է 2018 թվականի մայիսի 16-ին: Պաշտոնը ստանձնելիս ունեցել է 1 հողամաս եւ 2 բնակարան: 2018 թվականին որեւէ անշարժ գույք ձեռք չի բերել եւ չի օտարել, սակայն 2019 թվականի տարեկան հայտարարագրում նրան պատկանող անշարժ գույքերի թիվն ավելացել է մեկով՝ կազմելով 2 հողամաս եւ 2 բնակարան: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը պաշտոնը ստանձնել է 2019 թվականի հունվարի 14-ին: Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Ատոմյանի անշարժ եւ շարժական գույքը 2 հողամաս եւ 1 Mercedes մակնիշի ավտոմեքենա է: 2019 թվականի տարեկան հայտարարագրում Ատոմյանի հողմասերն ու մեքենան անհետացել են: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը պաշտոնավարելիս չի ունեցել որեւէ անշարժ գույք, սակայն ներկայացրած տարեկան հայտարարագրում «Տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույքը» դաշտում նշված է մեկ անշարժ գույք՝ բնակարան, որը ձեռք է բերել 1994 թվականի հոկտեմբերի 27-ին: Ստացվում է, որ նշված բնակարանը Փաշինյանն ունեցել է նաեւ պաշտոնավարման սկզբում, սակայն չի հայտարարագրել։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը 2018 թվականի հունիսի 1-ին ստանձնել է Տավուշի մարզպետի պաշտոնը եւ որպես անշարժ գույք հայտարարագրել է 4 հողամաս եւ 1 բնակարան: 2018 եւ 2019 թվականներին որեւէ գույք չի օտարել, սակայն 2019 թվականի հայտարարագրում անհետացել է նրա բնակարանը: Ղալումյանը հայտարարագրել է միայն 4 հողամասերը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը պաշտոնը ստանձնել է 2019 թվականի հունվարի 14-ին: Ստանձնելիս հայտարարագրել է 1 բնակարան եւ 1 հողամաս: Տարվա ընթացքում անշարժ գույք չի գնել, սակայն տարեկան հայտարարագրում նշել է 1 բնակարանի եւ 2 հողամասի առկայության մասին: Այսինքն՝ Թեւոսյանը պաշտոնավարման սկզբում ունեցել է 2 հողամաս, սակայն հայտարարագրում երեւում է դրանցից միայն մեկը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը պաշտոնը ստանձնելիս, ըստ հայտարարագրի, չի ունեցել որեւէ անշարժ գույք: Պաշտոնավարման տարում նույնպես ձեռք չի բերել, սակայն տարեկան հայտարարագրում առկա է մեկ անշարժ գույք՝ բնակարան: Այսինքն՝ Հայրապետյանը նշված անշարժ գույքը ունեցել է նաեւ պաշտոնը ստանձնելիս, սակայն չի հայտարարագրել: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հայտարարագիրը հրապարակվել է բավականին ուշ, սակայն դրանով հանդերձ՝ Հովսեփյանի հայտարարագրում նույնպես կա անհամապատասխանություն: Հովսեփյանը պաշտոնավարումը սկսել է 2018 թվականի հունիսի 15-ից: Ըստ հայտարարագրի՝ պաշտոնը ստանձնելիս ունեցել է 4 հողամաս, 1 բնակարան եւ 1 բնակելի անհատական տուն: 2018 եւ 2019 թվականներին անշարժ գույքի գործարք չի կատարել, այսինքն՝ չի գնել եւ չի վաճառել անշարժ գույք, սակայն 2019 թվականի տարեկան հայտարարագրում նա ներկայացրել է արդեն 5 հողամաս, 1 բնակարան եւ 1 բնակելի անհատական տուն:  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը պաշտոնավարումը սկսել է 2019 թվականի հունվարի 14-ից: Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում որպես անշարժ գույք նշել է 1 բնակարան: Տարեկան հայտարարագրում «Տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույքը» դաշտը դատարկ է, սակայն պաշտոնավարման տարվա ընթացքում՝ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին, պատգամավորը ձեռք է բերել բնակարան: Թե ինչպես է պատգամավոր ընտրվելուց հետո գնված բնակարանը հայտարարագրել որպես պաշտոնը ստանձնելիս արդեն իսկ ունեցած գույք, անհասկանալի է: Ստացվում է՝ Աբովյանը կա՛մ ունեցել է բնակարան, որը չի ներկայացրել տարեկան հայտարարագրում եւ պաշտոնվարման տարում ձեռք է բերել եւս մեկ բնակարան, կա՛մ նույն բնակարանն է, որը գնել է պաշտոնավարման տարում, սակայն հայտարարագրել է որպես մինչեւ պաշտոնավարումն ունեցած անշարժ գույք:  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը 2018 թվականին նախկին պաշտոնը ստանձնելիս եւ դադարեցնելիս չի ունեցել որեւէ անշարժ գույք: Արդեն 2019 թվականի տարեկան հայտարարագրում Գրիգորյանն ունի 3 հողամաս, որոնք ձեռք չեն բերվել 2018-2019 թվականի ընթացքում: Այսինքն՝ պատգամավորն ունեցել է նշված անշարժ գույքերը՝ մինչև պաշտոնը ստանձնելը, սակայն չի հայտարարագրել: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 2017 թվականի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշել է 3 բնակարանի առկայության մասին: Նշված բնակարանները 2017, 2018 եւ 2019 թվականների ընթացքում չեն օտարվել, սակայն 2019 թվականի տարեկան հայտարարագրում 3 բնակարանների մասին որեւէ նշում չկա: Սերգեյ Բագրատյանը պաշտոնը ստանձնելիս՝ 2017 թվականի մայիսի 17-ին, ունեցել է 1 բնակարան, 1 կիսակառույց շինություն, բազմաբնակարան շենքում 1 ոչ բնակելի տարածք եւ 2 հողամաս. ընդհանուր՝ 5 անշարժ գույք: 2017, 2018 եւ 2019 թվականներին անշարժ գույք չի օտարել, սակայն 2019 թվականի տարեկան հայտարարագրում նրա անշարժ գույքերը 1 բնակարան, 1 հողամաս եւ 1 հասարակական նշանակության շինություն են: Ընդհանուր՝ 3 անշարժ գույք: Թե ուր են անհետացել նախկինում իրեն պատկանող եւ չօտարված 2 անշարժ գույքերը, անհասկանալի է:  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը 2017 թվականի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշել է 2 անշարժ գույք՝ հասարակական նշանակության շինություն: 2017, 2018 եւ 2019 թվականներին Էնֆիաջյանը անշարժ գույքերը չի օտարել, սակայն 2019 թվականի տարեկան հայտարարագրում  «Տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույքը» դաշտում իր ունեցած անշարժ գույքերը նշված չեն: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Վարդանյանը 2007-2012 թվականներին զբաղեցրել է քաղաքաշինության նախարարի պաշտոնը, որից հետո՝ մինչև պատգամավոր ընտրվելը, զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ: Պատգամավորական գործունեությունը սկսել է 2019 թվականի հունվարի 14-ին: Պաշտոնը զբաղեցնելու պահին, ըստ հայտարարագրի, ունեցել է 7 անշարժ գույք՝ 1 անհատական բնակելի տուն, 1 ամառանոց, 1 հասարակական նշանակության շինություն, 1 բազմամյա տնկի եւ 3 հողամաս: 2019 թվականի ընթացքում որեւէ անշարժ գույք չի գնել, սակայն Վարդանյանի տարեկան հայտարարագրում «Տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույքը» դաշտում անշարժ գույքերը 7-ի փոխարեն թվով 16 են՝ 1 անհատական բնակելի տուն, 1 ամառանոց, բազմաբնակարան շենքում 1 ոչ բնակելի տարածք, հողին ամրակցված 3 այլ անշարժ գույք եւ 10 հողամաս: Ստացվում է, որ պատգամավոր Վարդանյանը պաշտոնը ստանձնելիս չի ներկայացրել իր անշարժ գույքի մեծ մասը՝ 16-ի փոխարեն հայտարարագրելով միայն 7-ը:  Բացի այդ՝ Վարդանյանի 2019 թվականին ներկայացրած տարեկան հայտարարագրից իմանում ենք, որ հողամասերից 4-ը գնվել է 2011 թվականին, երբ նա դեռ քաղաքաշինության նախարարի պաշտոնն էր զբաղեցնում: Վարդանյանի՝ 2011 թվականի հայտարարագրում այդ տարվա ընթացքում գնված հողամասերի վերաբերյալ որևէ նշում չկա, այնինչ պետք է լիներ: Նշենք նաեւ, որ 2011 թվականին Վարդանյանի դրամական միջոցները տարեսկզբին եղել են 120 հազար ԱՄՆ դոլար, տարեվերջին՝ 128 հազար ԱՄՆ դոլար, իսկ տարեկան եկամուտը կազմել է ընդամենը 3 մլն 536 հազար ՀՀ դրամ։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը պաշտոնը ստանձնել է 2017 թվականի մայիսի 18-ից: Պաշտոնը ստանձնելիս, ըստ հայտարարագրի, ունեցել է 4 անշարժ գույք: 2017, 2018 եւ 2019 թվականներին պատգամավորը նոր անշարժ գույք ձեռք չի բերել, սակայն 2019 թվականի տարեկան հայտարարգրում հայտարարագրել է 5 անշարժ գույք՝ բնակարան: Ստացվում է, որ Գրիգորյանը նույնպես ունեցել է բնակարան, որը չի հայտարարագրել պաշտոնը ստանձնելիս: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը պաշտոնը ստանձնել է 2019 թվականի հունվարի 14-ից: Պաշտոնը ստանձնելիս, ըստ հայտարարագրի, Սամսոնյանը որեւէ անշարժ գույք չի ունեցել: Սակայն պարզվում է, որ իրականում ունեցել է 1 բնակարան, որը չի հայտարարագրել: 2019 թվականի տարեկան հայտարարագրում «Տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույքը» դաշտում նախկինում չհայտարարագրված բնակարանն արդեն նշել է: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը պաշտոնավարում է 2019 թվականի հունվարի 14-ից: Պաշտոնը ստանձնելիս, ըստ հայտարարագրի, Բաբայանը նույնպես չի ունեցել որեւէ անշարժ գույք: Սակայն իրականում ունեցել է 1 բնակարան, որը չի հայտարարագրել պաշտոնը ստանձնելիս: Արդեն 2019 թվականի տարեկան հայտարարագրում «Տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույքը» դաշտում Բաբայանը նշել է նախկինում չհայտարարագրած անշարժ գույքը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանը պաշտոնավարումը սկսել է 2019 թվականի հունվարի 14-ից: Պաշտոնը ստանձնելիս Մինասյանը հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ Hyundai Elantra եւ Mercedes Benz մակնիշների: 2019 թվականի տարեկան հայտարարագրի «Տվյալ տարվա սկզբում առկա տրանսպորտի միջոցը» դաշտում Մինասյանը հայտարարագրել է միայն Hyundai մակնիշի ավտոմեքենան, որը այդ տարվա ընթացքում վաճառել է եւ գնել 2008 թվականի արտադրության Mercedes մակնիշի ավտոմեքենա՝ ընդամենը 520 հազար ՀՀ դրամով: Եթե սա նույն Mercedes մակնիշի ավտոմեքենան է, որը հայտարարագրված էր նաեւ պաշտոնը ստանձնելիս, ապա Մինասյանը պաշտոնավարման ընթացքում ձեռքբերած մեքենան ներկայացրել է որպես մինչեւ պաշտոնավարումը արդեն իսկ ունեցած շարժական գույք: Mercedes մակնիշի ավտոմեքենան Մինասյանը ձեռք է բերել 2019 թվականի օգոստոսի 15-ին։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանը պաշտոնավարումը սկսել է 2019 թվականի հունվարի 14-ից: Պաշտոնը ստանձնելիս Ստեփանյանը հայտարարագրել է 1 անշարժ գույք՝ ամառանոց: Պաշտոնավարման տարում՝ 2019 թվականին, Ստեփանյանը որեւէ նոր անշարժ գույք չի գնել, սակայն նրա՝ 2019 թվականի տարեկան հայտարարագրում առկա է 2 անշարժ գույք: Ստացվում է, որ Ստեփանյանը պաշտոնը ստանձնելիս նույնպես ունեցել է 2 անշարժ գույք, որոնցից մեկը չի ներկայացրել: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը պաշտոնը ստանձնել է 2019 թվականի հունվարի 14-ին: Պաշտոնը ստանձնելիս նա, ըստ հայտարարագրի, ունեցել է 2 անշարժ գույք՝ 1 բնակարան եւ 1 հողամաս: Պաշտոնավարման տարում անշարժ գույքի ձեռքբերման գործարք չի կատարել, սակայն 2019 թվականի տարեկան հայտարարագրում «Տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույքը» դաշտում Գրիգորյանի անշարժ գույքերի թիվը կրկնապատկվել է. նա Հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ 1 բնակարան եւ 3 հողամաս: Ստացվում է, որ Գրիգորյանը պաշտոնը ստանձնելիս նույնպես ունեցել է 4 անշարժ գույք, սակայն հայտարարագրման է ներկայացրել միայն դրանցից երկուսը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը պաշտոնը ստանձնել է 2019 թվականի հունվարի 14-ին: Պաշտոնը ստանձնելիս, ըստ հայտարարագրի, ունեցել է 3 անշարժ գույք՝ 1 հողամաս եւ 2 բնակարան: 2019 թվականի տարեկան հայտարարագրում «Տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույքը» դաշտում Բաղդասարյանի անշարժ գույքերի թիվը դարձել է 4՝ 1 հողամաս եւ 3 բնակարան, սակայն պաշտոնավարման տարում բնակարան չի գնել: Այսինքն՝ բոլոր 4 անշարժ գույքերն էլ նա ունեցել է մինչեւ պաշտոնավարելը, սակայն դրանցից մեկը հայտարարագրում չի երեւում: Այսպիսով՝ ուսումնասիրելով հիշյալ պատգամավորների ներկայացրած հայտարարագրերը՝ տեսնում ենք, որ շատերի մոտ կան անհամապատասխանություններ: Արդեն մոտ 3 ամիս է՝ հրապարակվել են հայտարարատու պաշտոնատար անձանց հայտարարագրերը, սակայն կոռուպցիայի կանխարգեման հանձնաժողովը մինչ օրս չի զբաղվել վերոնշյալ խնդիրներով, որոնցում կարող են լինել նաեւ կոռուպցիոն ռիսկեր: Նարեկ Մարտիրոսյան
13:32 - 21 սեպտեմբերի, 2020
Միրգ-բանջարեղենի արտահանման աճի մասին տվյալները շփոթեցնող են, բայց ոչ ուռճացված

Միրգ-բանջարեղենի արտահանման աճի մասին տվյալները շփոթեցնող են, բայց ոչ ուռճացված

Սեպտեմբերի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակում էր արել, որտեղ ներկայացնում էր մի քանի ապրանքախմբերում գրանցված արտահանման ծավալների նկատելի աճը։ Վերոնշյալ հրապարակմանն անդրադարձել է նաեւ «Փաստերի ստուգման հարթակը» եւ նշել, որ, չնայած հրապարակված՝ արտահանման այս տարվա ցուցանիշները ճիշտ են, սակայն նախորդ տարվա համեմատ հաշվարկված աճն ուռճացված է։ Նիկոլ Փաշինյանը գրառման մեջ մասնավորապես նշել էր, որ 2020թ. հունվար-հուլիսին Հայաստանից ելակ-մոշ-հաղարջ ապրանքախմբի արտահանումը աճել է 166%-ով. արտահանվել է 5.5 միլիոն դոլարի արտադրանք: «Փաստերի ստուգման հարթակը», անդրադառնալով վերոնշյալ թվերին, հանգել է եզրակացության, որ աճը եղել է ոչ թե 166%, ինչպես նշել է վարչապետը, այլ 96%: Կայքն այս 96% աճը ստացել է՝ համեմատելով այս եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածների արտահանման ծավալները՝ դրամական արտահայտությամբ (դոլար)։ Սակայն երկու տարիների արտահանման ծավալների համեմատությունը՝ քանակական արտահայտությամբ (տոննա) ցույց է տալիս, որ ներկայացված թվերը ուռճացված չեն, սակայն ներկայացման եղանակը կարող է թյուրիմացության մեջ գցել ընթերցողին, քանի որ սկզբում ներկայացնում է այս տարվա արտահանման ծավալների աճը՝ քանակակական արտահայտությամբ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որից հետո նշում է թե քանի միլիոն դոլարի արտադրանք է արտահանվել․ սա  տպավորություն է ստեղծում, թե աճը հաշվարկվել է դրամական արտահայտությամբ:  Համապարփակ պատկեր ստանալու համար, սակայն, անհրաժեշտ է ներկայացնել միաժամանակ երկու ցուցանիշներն էլ, որովհետեւ հնարավոր է՝ արտահանման ծավալները նվազեն, բայց գնային աճի շնորհիվ տպավորություն ստեղծվի, թե աճել են։ Այսպիսով՝ այս տարի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից ելակ-մոշ-հաղարջ ապրանքախմբի արտահանումը կազմել է շուրջ 2173 տոննա։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում արտահանման ծավալը եղել է շուրջ 803 տոննա։ Ստացվում է՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի արտահանման ծավալներն աճել են շուրջ 170%-ով։ Ինչ վերաբերում է արտահանումից ստացված եկամտին, ապա այս տարի հունվար-հուլիս ամիսներին արտահանվել է շուրջ 5,5 միլիոն դոլարի ապրանք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել է շուրջ 2,8 միլիոն դոլարի ապրանք։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի արտահանումից ստացված եկամուտն աճել է 96%-ով։ Ըստ վարչապետի՝ սունկ-դդմիկ-սպանախ ապրանքախմբի արտահանումը աճել է 62%-ով. արտահանվել է 3.2 միլիոն դոլարի արտադրանք։ «Փաստերի ստուգման հարթակը» հաշվարկել է 28% աճ։ Սունկ-դդմիկ-սպանախ ապրանքախմբից 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին արտահանվել է շուրջ 3336 տոննա։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում արտահանումը կազմել է շուրջ 2029 տոննա։ Ստացվում է՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի արտահանման ծավալներն աճել են շուրջ 64%-ով։ Ինչ վերաբերում է արտահանումից ստացած եկամուտներին, ապա այս տարի արտահանվել է 3,2 միլիոն դոլարի արտադրանք։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել է 2,5 միլիոն դոլարի արտադրանք։ Ստացվում է, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս տարի արտահանված արտադրանքից ստացված եկամուտն աճել է 28%-ով։ Ըստ վարչապետի ներկայացրած տվյալների՝ աճել է նաեւ ծաղիկների արտահանումը՝ 16.9%-ով: Արտահանվել է 3.9 միլիոն դոլարի արտադրանք: «Փաստերի ստուգման հարթակը» ներկայացված տվյալների վերաբերյալ հաշվարկել է 8,6% նվազում, ինչը վերաբերում է արտահանումից ստացված եկամտին։ Սակայն 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին ծաղիկների արտահանման ծավալները կազմել են շուրջ 889 տոննա։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել է շուրջ 722 տոննա։ Ստացվում է, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի արտահանման ծավալներն աճել են շուրջ 23%-ով։ Ինչ վերաբերում է արտահանումից ստացված եկամուտներին, ապա այս տարի արտահանվել է շուրջ 3,9 միլիոն դոլարի արտադրանք։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել է շուրջ 4,3 միլիոն դոլարի արտադրանք։ Ստացվում է, որ անցած տարվա համեմատ այս տարի արտահանումից ստացված եկամուտը նվազել է 9,3%-ով։ Վարչապետի հրապարակած վերջին թիվը լոլիկի արտահանման աճի վերաբերյալ է։ Փաշինյանը գրել է, որ ջերմոցային ամենաարտահանելի արտադրանքը շարունակում է մնալ լոլիկը. հունվար-հուլիսին արտահանման ծավալն աճել է 18.5%-ով, արտահանվել է 23.5 միլիոն դոլարի արտադրանք: «Փաստերի ստուգման հարթակն» էլ հաշվարկել է 30․1% աճ։ 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին արտահանվել է շուրջ 22․007 տոննա ծավալի լոլիկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել է շուրջ 18․473 տոննա։ Ստացվում է՝ այս տարի անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ լոլիկի արտահանման ոլորտում գրանցվել է շուրջ 19% աճ։ Ինչ վերաբերում է արտահանումից ստացված եկամուտներին, ապա այս տարի արտահանվել է շուրջ 23,5 միլիոն դոլարի լոլիկ։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել է շուրջ 18 միլիոն դոլարի լոլիկ։ Այսինքն՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի արտահանված լոլիկից ստացված եկամուտն աճել է 30%-ով։ Այսպիսով, չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած տվյալները շփոթեցնող են, այնուամենայնիվ ե՛ւ «Փաստերի ստուգման հարթակի», ե՛ւ Փաշինյանի հաշվարկած ցուցանիշները, ըստ էության, ճիշտ են, բայց անհամադրելի։ Նարեկ Մարտիրոսյան
11:17 - 16 սեպտեմբերի, 2020