Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար։

Ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին Երևանում: 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստր կոչումը:

2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին:

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում (2000-2001թթ.):

2001-2002 թվականներին Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել:

2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն:

2014-2015 թվականներին զբաղեցրել է «Արֆարմացիա» ՓԲԸ ադմինիստրատիվ գծով տնօրենի պաշտոնը: Այնուհետև` մինչև 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն:

2017-ից մինչև 2018 թվականը եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, նույն ժամանակահատվածում եղել է նաև «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:

2018 թվականի մայիսի 24-ից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020 թվականի մայիսի 11-ից` առողջապահության նախարարի առաջին տեղակալի:

2021 թվականի հունվարի 18-ին Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար:

Ամուսնացած է, ունի 3 զավակ: 

Առողջապահության նախարարության բյուջեն տարվա ընթացքում ավելացվել է մոտ 27 մլրդ դրամով |armenpress.am|

Առողջապահության նախարարության բյուջեն տարվա ընթացքում ավելացվել է մոտ 27 մլրդ դրամով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարարութան բյուջեն 2021 թվականի ընթացքում մոտ 27 մլրդ դրամով ավելացվել է՝ տարեսկզբին հաստատված բյուջեի նկատմամբ:  Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը: «2022 թվականի պետբյուջեով նախատեսված է, որ Առողջապահության նախարարության կողմից իրականացվող ծրագրերով պետք է ծախսվի մոտ 120 մլրդ դրամ՝ 2021-ին հաստատված 114 մլրդ 500 մլն դրամի դիմաց: Սա 2021-ի հաստատված բյուջեի նկատմամբ ավել է 4.7 տոկոսով»,-ասաց նախարարը: Տարվա ընթացքում, սակայն, պարբերաբար վերանայվել է Առողջապահության բյուջեն, կատարվել են լրացուցիչ հատկացումներ՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարով: «Եթե միայն 2021-ի նոյեմբերի 8-ի դրությամբ ճշտված բյուջեն դիտարկենք, ապա այն մոտ 142.2 մլրդ դրամ է: Հետևաբար` մենք տարվա ընթացքում արդեն իսկ մոտ 27 մլրդ դրամի ավելացումներ ենք կատարել: Դրանցից ուղիղ 18 միլիարդ դրամը կապ ունի  կորոնավիրուսի դեմ պայքարի կամ դրա հետևանքների կանխարգելման, վերահսկման, բուժման և հետևանքների հետ կապված առանձին ծրագրերի, միջոցառումների հետ»,-ասաց Խաչատրյանը: Նա վստահեցրեց, որ 2022 թվականին ևս բոլոր այն դեպքերում, որտեղ ակնհայտ անելիքներ լինեն, կկայացնեն համապատասխան որոշումներ ֆինանսական հատկացումների վերաբերյալ:
10:41 - 08 նոյեմբերի, 2021
«Պատվաստումային օր Վանաձորում» միջոցառման ընթացքում պատվաստվել է 451 քաղաքացի

«Պատվաստումային օր Վանաձորում» միջոցառման ընթացքում պատվաստվել է 451 քաղաքացի

Վանաձորում ընթացող «Եկե՛ք պատվաստվենք» միջոցառմանը ներկա է գտնվել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ում միացել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն։ Նախարարը ողջունել է պատվաստումային արշավը՝ կոչ անելով հայրենակիցներին օր առաջ պատվաստվել: Անահիտ Ավանեսյանն ընդգծել է հատկապես կանանց դերը համավարակի դեմ պայքարում:   «Սիրելի կանայք, եկե՛ք մեզ վրա վերցնենք պատասխանատվությունը: Խնդրում եմ, եկե՛ք մենք հսկենք, հո՛գ տանենք, որ տանից դուրս գալիս ընտանիքի անդամները դիմակ կրեն. սա պաշտպանիչ ևս մեկ շերտ է, որը պատվաստումներին զուգահեռ կօգնի կոտրել վարակի ալիքը»,- նշել է նախարարը:   Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն բարձր է գնահատել նմանատիպ պատվաստումային արշավները` ընդգծելով, որ վերջին շրջանում թափ առած պատվաստումային ակտիվությունն անհնար է չնկատել։   «Շատ ուրախ եմ, որ նմանատիպ միջոցառումներ են կազմակերպվում, որոնք մարդկանց ցույց են տալիս պատվաստման կարևորությունը: Ակնհայտ է, որ Հայաստանում պատվաստումային գործընթացն ակտիվանում է, քանի որ մարդիկ սկսել են գիտակցել, որ այս համավարակի դեմ պայքարի միակ և արդյունավետ միջոցը պատվաստումն է»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ պատվաստանյութերի ձեռքբերման հարցում երկրները պետք է սոլիդարություն դրսևորեն։   Հիշեցնենք, որ պատվաստանյութերի համար բանակցությունների և ձեռքբերման հարցում Լիտվան մեծ օժանդակություն է ցուցաբերել Հայաստանին։ «Պատվաստումային օր Վանաձորում» միջոցառման ընթացքում պատվաստվել է 451 քաղաքացի:
22:03 - 06 նոյեմբերի, 2021
COVID-19-ն աննախադեպ հարված էր առողջապահական համակարգի համար․ Ավանեսյանի ուղերձը

COVID-19-ն աննախադեպ հարված էր առողջապահական համակարգի համար․ Ավանեսյանի ուղերձը

Անահիտ Ավանեսյանն ուղերձ է հղել Հայկական բժշկական համաշխարհային 13-րդ համագումարի մասնակիցներին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։  Իր ելույթում նախարարը նշել է, որ COVID-19 համավարակը աննախադեպ հարված էր առողջապահական համակարգի համար, որը մատնանշեց համակարգի թույլ կողմերը, բայց նաև օգնեց հասկանալու մեր հնարավորություններն ու կարողությունները:   «2020 թվականը մարտահրավերներով լի տարի էր ողջ աշխարհի համար, բայց Հայաստանի համար հարվածը կրկնակի էր . թե՛ համաճարակը, թե՛ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմն առողջապահական համակարգի համար դժվարին և ծանր էին: Այժմ մենք մոտենում ենք 2021 թվականի ավարտին, և այս տարին ևս բավականին խրթին էր` հաշվի առնելով հետպատերազմական դժվարությունները, համաճարակի նոր ալիքը և պատվաստումային արշավը:   Վստահաբար, Հայաստանի կառավարությունը միայնակ չէր կարողանա հաղթահարել այս մարտահրավերը։ Համերաշխությունն ու միասնությունը առանցքային են եղել առողջապահական համակարգի առջև ծառացած դժվարություններին դիմակայելու համար։ Այն առատաձեռն աջակցությունը, որ Հայաստանն այս ընթացքում ստացել է հայկական սփյուռքից, իսկապես ուշագրավ է։ Մենք մշտական կապի մեջ ենք եղել Սփյուռքի կազմակերպությունների հետ և ստացել զգալի նվիրատվություններ և դիմավորել բազմաթիվ բուժաշխատողների, ովքեր այս ընթացքում օգնեցին Հայաստանի և Արցախի մեր բուժաշխատողներին, ինչը մեծ գնահատանքի է արժանի:   Հետադարձ հայացք գցելով մեր առջև ծառացած մարտահրավերներին՝ մենք այժմ ավելի լավ վիճակում ենք՝ գնահատելու համակարգում առկա բացերը: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն այժմ Սփյուռքի ներգրավվածության ռազմավարության մշակման գործընթացում է՝ նպատակ ունենալով Սփյուռքի հետ մեր հարաբերությունները դարձնել ավելի ընդգրկուն և համակարգային»: Ելույթի վերջում առողջապահության նախարարը համագումարի մասնակիցներին մաղթել է բեղմնավոր քննարկումներ` ի բարօրություն մեր հայրենակիցների առողջության:
20:52 - 06 նոյեմբերի, 2021
Անահիտ Ավանեսյանն այցելել է Վանաձորի բժշկական կենտրոն (լուսանկարներ)

Անահիտ Ավանեսյանն այցելել է Վանաձորի բժշկական կենտրոն (լուսանկարներ)

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան ՆԳ տիկին Ինգա Ստանիտե Տոլոչկիենեն, Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վանիկ Օհանյանն այցելել են Վանաձորի բժշկական կենտրոն, հետևել բուժօգնության կազմակերպման գործընթացին: Տեղեկանում ենք Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։ Նրանք մասնավորապես եղել են Վանաձորի ԲԿ-ի նորաստեղծ Ֆիզիկական և հոգեբանական վերականգնողական բաժանմունքում: Արցախյան պատերազմից տուժածների վերականգնողական խնամքը պատշաճ կազմակերպելու և բժշկական ծառայությունների ապակենտրոնացումն ապահովելու համար առողջապահության նախարարության և «Ազնավուր» հիմնադրամի գործակցությամբ Լոռու մարզի Վանաձորի բժշկական կենտրոնում բացվել է ֆիզիկական և հոգեբանական վերականգնողական բաժանմունք: Վանաձորի կենտրոնը համակցված վերականգնողական կենտրոն է՝ ֆիզիկական և հոգեբանական վերականգնողական ծառայություններով, որն ամբողջությամբ ծառայելու է զինվորների ընթացիկ բուժմանը: Ծրագրի շրջանակներում Վանաձորի բժշկական կենտրոնը կստանա 12 միավոր վերականգնողական սարքավորում, որի մի մասն արդեն տեղադրվել է։ Ֆրանսիացի և ֆրանսահայ գործընկերների, ինչպես նաև առողջապահության նախարարության աջակցության շնորհիվ վերականգնողական ծառայություններն այսուհետ հասանելի են, ինչպես արցախյան պատերազմից տուժած, այնպես էլ` վերականգնողական բուժման կարիք ունեցող մյուս քաղաքացիների համար: Ծրագրի շրջանակներում նաև տեղի մասնագետները հնարավորություն կստանան վերապատրաստվելու ֆրանսիացի փորձառու բժիշկների դասընթացների շրջանակներում։ Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության ճգնաժամային աջակցության կենտրոնի մասնակցությամբ։
15:52 - 06 նոյեմբերի, 2021
Անահիտ Ավանեսյանն այցելել է «Տաշիր պիցցա»-ից օգտված և հոսպիտալացված քաղաքացիներին․ հոսպիտալացվել է 57 քաղաքացի

Անահիտ Ավանեսյանն այցելել է «Տաշիր պիցցա»-ից օգտված և հոսպիտալացված քաղաքացիներին․ հոսպիտալացվել է 57 քաղաքացի

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Անահիտ Ավանեսյանն այցելել է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»: Նախարարը զրուցել է «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից երեկ օգտված և «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված քաղաքացիների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով: Անահիտ Ավանեսյանը խոսել է նաև բուժանձնակազմի հետ, ծանոթացել բուժման ընթացքին:Նախարարը շրջել է նաև կենտրոնի մանկական բաժանմունքում: Բոլոր պացիենտներին մաղթել առողջություն և շուտափույթ ապաքինում: Առողջապահության նախարարությունը հավելում է, որ թունավորման ախտանշաններով նոյեմբերի 5-ի՝ ժամը 21:30-ի դրությամբ հոսպիտալացվել է 57 քաղաքացի, որից 49-ը բուժօգնություն է ստանում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, 4-ը՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, 2 –ը՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, 2-ը՝ Մարտունու բժշկական կենտրում։  
23:17 - 05 նոյեմբերի, 2021
Առաջարկելու ենք, որ դեկտեմբերի 1-ից աշխատատեղերում ներկայացվող ՊՇՌ թեստերի բացասական պատասխանի համար 14-օրյա ժամկետը դառնա 7-օրյա․ Ավանեսյան |tert.am|

Առաջարկելու ենք, որ դեկտեմբերի 1-ից աշխատատեղերում ներկայացվող ՊՇՌ թեստերի բացասական պատասխանի համար 14-օրյա ժամկետը դառնա 7-օրյա․ Ավանեսյան |tert.am|

tert.am: Որևէ մտադրություն չունեմ թողնել իմ պաշտոնը, շարունակելու եմ պաշտոնավարել այնքան ժամանակ, մինչև ինձ կվստահվի այս պաշտոնը, քանի որ կարծում եմ՝ այս պահին Առողջապահության նախարարությունը և բոլոր բժշկական կենտրոնները կատարում են ահռելի աշխատանք: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝անդրադառնալով դիտարկմանը, թե տեղեկություններ են շրջանառվում, որ Կառավարությունը մտադիր է նրան փոխարինել: Հարցին՝ հնարավո՞ր է՝ նոր սահմանափակումներ լինեն, քանի որ տեղեկություններ կան, որ, օրինակ, թատրոններ, ռեստորաններ մուտքը կարող է թույլատրվել միայն պատվաստված լինելու դեպքում, Ավանեսյանը պատասխանեց. «Մենք առաջարկելու ենք, որ դեկտեմբերի 1-ից աշխատատեղերում ներկայացվող ՊՇՌ բացասական թեստերի պատասխանի համար 14-օրյա ժամկետը փոփոխվի՝ դառնալով 7-օրյա: Ձեր կողմից ներկայացված առաջարկները ևս ներառված են, դրանք կքննարկվեն։ Շարունակությունը՝ tert.am-ում։
13:17 - 04 նոյեմբերի, 2021
Հոսպիտալացված 3000-ից ավելի քաղաքացիներից ընդամենը 97-ն է պատվաստված․ Անահիտ Ավանեսյան

Հոսպիտալացված 3000-ից ավելի քաղաքացիներից ընդամենը 97-ն է պատվաստված․ Անահիտ Ավանեսյան

Դպրոցների արձակուրդների երկարացնումն ու բուհերում դասերն առցանց անելու որոշումը արդեն որոշակի դրական միտումներ է ցույց տալիս․ մենք տեսնում ենք, որ հիվանդացության եւ վերարտադրողականության տոկոսի նվազում ունենք, ինչը հաջորդ շաբաթվա թվերի մասով կարձանագրվի։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Մահճակալային ֆոնդն այս պահին էլ մնում է գերլարված իրավիճակում, մի փոքր նվազում ունենք հոսպիտալացման սպասող քաղաքացիների շրջանում, բայց մահճակալները ոչ մի վայրկյան ազատ չեն մնում, մեկօրյա ռեժիմով փորձում ենք տեղավորել մեր պացիենտներին։ Մահճակալների ֆոնդը 3100-ից անց է, մենք հընթացս աշխատանքներ ենք անում՝ լրացուցիչ մահճակալներ ներգրավելու, եւ ընթացիկ պլանային բուժումներ, վիրահատություններ հետաձգելով՝ այդ մահճակալները տրամադրում ենք Covid պացիենտներին»,- ասաց նախարարը։ Նա նշեց, որ իրականացնում են աշխատանքներ թթվածնային ապահովության անխափան մատակարարումն ապահովելու համար, եւ այս պահին, նախարարի դիտարկմամբ, այդ աշխատանքներն անխափան իրականացվում են․ «Մեր բոլոր բժշկական հաստատությունններն ապահովված են թթվածնով, չնայած սպառումը շատ ռեսուրսներով է իրականացվում»։ Նախարարը նշեց, որ ընդհանուր առմամբ իրականացվել է 852 355 պատվաստում, առաջին դեղաչափ ստացել է 588 562 քաղաքացի, սա մեծահասակ բնակչության 29,4% է, երկրորդ դեղաչափը ստացել է 263 793 քաղաքացի, սա էլ 13%-ն է։ «Այս պահին 3000-ից ավելի հոսպիտալացված քաղաքացիներից ընդամնեը 97-ն են, որ պատվաստված են»,- նշեց Ավանեսյանը։ Արձագանքելով՝ Փաշինյանն ասաց, որ լոքդաունների չեն գնալու․ «Ես ուզում եմ՝ սա հստակ արձանագրենք։ Դիմակների պարտադիր կրումը պետք է հետեւողականորեն պահենք, պատվաստումներն էլ պետք է անենք մեծ ծավալներով։ Գործնականում մեր հզորությունները ցույց են տալիս, որ 25 հազար պատվաստում կարելի է իրականացնել, օրեր են լինում, սակայն, որ քիչ ենք անում՝ քաղաքացիների ոչ ակտիվ լինելու պատճառով»,- ասաց վարչապետը՝ կոչ անելով քաղաքացիներին պատվաստվել՝ նշելով, որ պատվաստանյութերի անհրաժեշտ պաշար կա․ «Պետք է մարդկանց փրկել, էդ փրկության միջոցը կար։ 2020-ի գարնանն էր, որ աշխարհը շվարած՝ չգիտեր ինչ աներ։ Էսօր կա շատ հստակ պատկեր․ էն երկրներում, որտեղ կան 80-90% պատվաստումներ, այնտեղ գործնականում հարցը լուծված է, այսինքն՝ մահվան շատ ցածր ցուցանիշներ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ կառավարությունը բոլոր միջոցները ձեռնարկել է, որ COVID-ը կարողանանքն հաղթահարել․ «Կոչ եմ անում պատվաստվել, երեխաները, մեծահասակները, աշխատողները, չաշխատողները։ Որտեղ կա տրամաբանական խստացման տեղ, մենք էդ ճանապարհով էլ պետք է գնանք, բայց մենք մարդկանց խնդրում ենք օգնել մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք օգնել իրենց՝ կորոնավիրուսից մահվան դեպքերը նվազեցնելու համար»։ Նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ այս շաբաթ օրը Վանաձորում իրականացնելու են պատվաստումային օր, եւ բոլորին հրավիրում են Լոռու մարզում ակտիվ մասնակցել, գնալ։
12:47 - 04 նոյեմբերի, 2021
Միջոցառման ոչ բոլոր մասնակիցներն են ունեցել  ՊՇՌ թեստավորման բացասական արդյունք․ նախագահի աշխատակազմի պարզաբանումը իրականությանը չի համապատասխանում

Միջոցառման ոչ բոլոր մասնակիցներն են ունեցել ՊՇՌ թեստավորման բացասական արդյունք․ նախագահի աշխատակազմի պարզաբանումը իրականությանը չի համապատասխանում

Հոկտեմբերի 24-ի երեկոյան նախագահի նստավայրում, ի պատիվ «Մտքերի հայկական գագաթնաժողովի» մասնակիցների, ընդունելություն էր կազմակերպվել։ Ընդունելության ժամանակ մասնակիցների մեծամասնությունը բժշկական դիմակով չէր եղել, ինչն էլ մեծ դժգոհության և քննարկումների առիթ էր դարձել համացանցում։  Այս դժգոհություններից հետո, «Ժողովրդի» հարցմանն ի պատասխան, նախագահի աշխատակազմից տեղեկացրել էին, որ միջոցառման բոլոր մասնակիցներն ունեցել են ՊՇՌ թեստի բացասական արդյունք։ «․․․ Միաժամանակ, պարտավորված ենք զգում տեղեկացնել, որ միջոցառման բոլոր մասնակիցները, որոնք հիմնականում օտարերկրացիներ էին, ունեցել են ՊՇՌ թեստի բացասական արդյունք, նրանց գերակշռող մասը նաև պատվաստված է եղել կորոնավիրուսի դեմ։ Մասնակիցները դիմակներ կրել են ըստ ցանկության․․․»,- ասվում է «Ժողովրդի» հարցման պատասխանում։ Միջոցառմանը, բացի օտարերկրյա հյուրերից, մասնակցում էին նաև ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։  Հարցումով դիմել էինք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն՝ խնդրելով տրամադրել միջոցառման հյուրերի ցանկը և ՊՇՌ թեստերի բացասական պատասխանները։ Նշենք, որ նախօրոք խնդրել էինք տեղեկությունները տրամադրել՝ ծածկելով անձնական տվյալների և այլ տեսակի գաղտնիք պարունակող հատվածները։ Նախագահի աշխատակազմից մեր հարցմանն ի պատասխան, նշել են, որ միջոցառմանը հրավիրված են եղել «Մտքերի հայկական գագաթնաժողովի» բոլոր մասնակիցները, ինչպես նաև կառավարության անդամները։ Որպես ՊՇՌ բացասական թեստի ապացույց նշվում է, որ մասնակիցները հիմնականում եղել են օտարերկրացիներ, և առանց ՊՇՌ թեստի բացասական արդյունքի հնարավոր չէ Հայաստան մուտք գործել։ Իսկ ինչ վերաբերում է մեր խնդրած տեղեկությանը՝ հյուրերի ցանկի և ՊՇՌ թեստերի բացասական արդյունքների վերաբերյալ, նշվում է, որ դրանք պարունակում են անձնական տվյալներ և հրապարակման ենթակա չեն։ Սական, ինչպես արդեն նշվեց, մենք խնդրել էինք ծածկել անձնական կամ այլ տեսակի գաղտնիք պարունակող հատվածները։ Մենք հարցումով դիմել էինք նաև կառավարության ներկայացուցիչներին, որոնք ճանաչելի էին միջոցառման տեսանյութից։  Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին ուղղված մեր հարցման պատասխանում նշվում է, որ Առողջապահության նախարարը նախագահի աշխատակազմ ՊՇՌ թեստ ներկայացնելու որևէ պարտավորություն չի ունեցել։ Տվյալ պարագայում հարց է առաջանում, թե որտեղից է նախագահի աշխատակազմը վստահ եղել, որ Անահիտ Ավանեսյանն ունեցել է ՊՇՌ թեստի բացասական արդյունք։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նույնպես միջոցառումից առաջ նախագահական նստավայր ՊՇՌ թեստի պատասխան չի ներկայացրել։  Հարցումով դիմել էինք նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին։ Ստացած պատասխանի համաձայն՝ նախարար Խաչատուրյանը թեստավորված չի եղել։ Այսինքն՝ նախագահի աշխատակազմի այն պնդումը, թե միջոցառման բոլոր մասնակիցները ունեցել են ՊՇՌ թեստի բացասական արդյունք, կեղծ է։ Ոստիկանությունից հայտնում են, որ Առողջապահության նախարարի հրամանի հիմքով միջոցառման մասնակիցները ենթակա չեն վարչական պատասխանատվության։ Խոսքը նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի հրամանի մասին է, որի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար, բացառությամբ ՀՀ նախագահի, կաթողիկոսի, վարչապետի, ԱԺ նախագահի, ՍԴ նախագահի, ԲԴԽ նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների։  Այսպիսով, օրենքի տեսանկյունից ամեն ինչ ճիշտ է եղել, և միջոցառման բոլոր մասնակիցներն իրավունք ունեցել են դիմակ չկրելու, սակայն նախագահի աշխատակազմի պնդումը, թե բոլորն ունեցել են ՊՇՌ թեստի բացասական արդյունք, չի համապատասխանում իրականությանը։   Նարեկ Մարտիրոսյան
12:03 - 04 նոյեմբերի, 2021
Տիկին Ավանեսյան, եթե վիրավորվել եք խոսքերիցս, ներողություն եմ խնդրում. Վարդևանյանի արձագանքը՝ Ավանեսյանին

Տիկին Ավանեսյան, եթե վիրավորվել եք խոսքերիցս, ներողություն եմ խնդրում. Վարդևանյանի արձագանքը՝ Ավանեսյանին

Այսօրվա կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց՝ երեկ պատգամավոր Արամ Վարդևանյանը իր հասցեին անվայել արտահայտություններ է թույլ տվել, ինքը բոլոր իրավական գործիքները կիրառելու է, պահանջելու է, որ Վարդևանյանը ներողություն խնդրի: Քիչ առաջ նաև Վարդևանյանը արձագանքեց նախարարի հայտարարությանը, ֆեսբուքայն իր էջի միջոցով ներողություն խնդրելով Ավանեսյանից. «Երեկ ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում բառացի ասել էի «Սա ոչ միայն մասնագիտական տեսանկյունից է խայտառակություն, այլև լկտի վարքագիծ է կարգավիճակի և պաշտոնի նկատմամբ։ Մեկ ամիս է՝ Առողջապահության նախարարը չի ցանկանում արձագանքել իր անմիջական պարտականության կատարմանը։ Սա նաև մարդկայնորեն է ինձ համար անհասկանալի։ Անձնական վիրավորական որևէ ձևակերպում բնական է, որ առկա չէ, դա իմ ոճը չէ: Սակայն տեղեկացա, որ տիկին Ավանեսյանը վիրավորվել է այդ արտահայտությունից: Որևէ խնդիր կամ դժվարություն չունեմ կնոջից ներողություն խնդրելու: Դաստիարակությունս թույլ չի էլ տալիս այլ վարքագիծ: Ուղիղ դիմեմ. տիկին Ավանեսյան եթե վիրավորվել եք խոսքերիցս, ներողություն եմ խնդրում, դա առհասարակ կնամեծարության պահանջ է: Միաժամանակ մի շարք անհամաձայնություններս ու քննադատությունս չեն սահմանափակվելու»,- գրել է նա:
13:49 - 28 հոկտեմբերի, 2021
Իրավական գործիքները օգտագործվելու են, որպեսզի նա պատիժ կրի. Ավանեսյանը պահանջում է Վարդևանյանից ներողություն խնդրել |armtimes.com|

Իրավական գործիքները օգտագործվելու են, որպեսզի նա պատիժ կրի. Ավանեսյանը պահանջում է Վարդևանյանից ներողություն խնդրել |armtimes.com|

armtimes.com: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց նաև՝ երեկ պատգամավորներից մեկը իր հասցեին անվայել արտահայտություններ է թույլ տվել, ինքը բոլոր իրավական գործիքները կիրառելու է: «Տղամարդուն և պատգամավորին անվայել արտահայտություններ է թույլ տվել իմ հասցեին և ես հրապարակավ պահանջում եմ, որպեսզի նա ներողություն խնդրի, և իմ կողմից հնարավորինս բոլոր իրավական գործիքները օգտագործվելու են, որպեսզի նա պատիժ կրի իր կողմից թույլ տրված արտահայտությունների համար»,- ասաց նա: Նախարարի խոսքով՝ պատգամավորը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն է: Երեկ Ազգային Ժողովում հարց ու պատասխանի ընթացքում Վարդևանյանը ԱԺ ամբիոնից հայտարարել է՝ պրոֆեսոր, պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակի, կալանքի համար ուղիղ պատասխանատվություն են կրում ոչ միայն իրավապահները, այլ նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Հարցն այն է, որ դատարանի կողմից մոտ մեկ ամիս առաջ գրություն է հասցեագրվել առողջապահության նախարարին` պարզելու Չարչյանի առողջական վիճակի համատեղելիությունը կալանքի հետ։ Նախարարն այդպես էլ չի պատասխանել այդ գրությանը։ Մասնագիտական տեսանկյունից սա ոչ միայն խայտառակություն է, այլև լկտի վարքագիծ է պաշտոնի նկատմամբ»,–մասնավորապես ասել է նա` հավելելով, որ նախարարն անգործության է մատնում այս հարցը։ Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։ Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։ Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։
13:22 - 28 հոկտեմբերի, 2021
Չպետք է գնանք լոքդաունների․ Նիկոլ Փաշինյանը՝ երկրում կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ

Չպետք է գնանք լոքդաունների․ Նիկոլ Փաշինյանը՝ երկրում կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ

Այս պահին ՀՀ-ում մոբիլիզացված են 27 բժշկական կենտրոններ, որոնք սպասարկում են Covid պացիենտներին։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Ընդհանուր առմամբ 3050 մահճակալ այս պահին գրեթե անընդհատ զբաղված է։ Ունենք ծանր վիճակում գտնվող 1088 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝ 307 և թոքային օդափոխության միացված՝ 152 քաղաքացի։ Պետք է նշեմ, որ այս շտամի (Covid19-ի դելտա շտամ - խմբ․) առանձնահատկությունն է, որ այն թե՛ իր ծանրության, հիվանդության ընթացքի առումով, թե՛ վարակելիության առումով, թե՛ տարիքային առումով իսկապես մեզ ավելի ու ավելի ծանր վիճակում է դնում»,- նշեց նա։ Ավանեսյանը ցավով արձանագրեց, որ շտամը բավական ագրեսիվ ընթացք է ունենում նաև հղիների մոտ․ «Այս պահին էլ մենք ունենք 122 հղի կին, որոնք հոսպիտալացված են, որոնցից 53-ի մոտ առկա է թոքաբորբ և թթվածնային կախյալ են»։ Նախարարը ներկայացրեն նաև, թե հիվանդացության պատկերում ինչ համամասնություն ունեն պատվաստում ստացած քաղաքացիները․ «Ընդհանուր առմամբ, այս պահին դրական, ակտիվ դեպքերի 30 433 քաղաքացու շրջանում պատվաստվածները ընդամենը 1702-ն են, հոսպիտալացված 3100 քաղաքացու շրջանում պատվաստվածների թիվն ընդամենը 96-ն է, վերակենդանացման բաժանմունքում գտնվող 1500 քաղաքացիների մեջ ունենք ընդամենը 5 հոգի, որ պատվաստված է»։ Արձագանքելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ աշխարհում շատ երկրներ գնում են լոքդաունների, բայց մեր ռազմավարությունը հետևյալն է, որ մենք չպետք է գնանք լոքդաունների։ Վարչապետը չբացառեց, որ նոր որոշումներ կլինեն, և առաջիկայում կգնան նաև բաց տարածքներում դիմակներ կրելու անհրաժեշտության արձանագրմանը։ «Առավել կարևոր ուղղությունը պատվաստումներն են։ Մենք այսօր ունենք ՀՀ բոլոր քաղաքացիներին պատվաստելու համար անհրաժեշտ պատվաստանյութեր, մեր ռազմավարությունը պետք է լինի գնալ պատվաստումների ուղղությամբ»,- ասաց վարչապետը։
11:30 - 28 հոկտեմբերի, 2021