ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Հրայր Թովմասյանն ու ՍԴ նախկին 3 անդամները դիմել են ՄԻԵԴ. Կառավարությունը դատարանից հարցադրումներ է ստացել եւ պատասխանել
 |armtimes.com|

Հրայր Թովմասյանն ու ՍԴ նախկին 3 անդամները դիմել են ՄԻԵԴ. Կառավարությունը դատարանից հարցադրումներ է ստացել եւ պատասխանել |armtimes.com|

armtimes.com: Հրայր Թովմասյանը, ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը եւ Հրանտ Նազարյանը, որոնց լիազորությունները հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրական փոփոխություններով դադարեցվել են, գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ: ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվության վարչության պետ Արմեն Խաչատրյանը ՀԺ-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ Կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից հարցադրումներ է ստացել այդ բողոքի վերաբերյալ եւ այսօր պատասխաններ ուղարկել ՄԻԵԴ:   «ՄԻԵԴ-ից ստացվել են որոշակի հարցադրումներ ՀՀ Կառավարություն, որոնց Կառավարությունը տվել է լիարժեք պատասխաններ եւ այսօր արդեն իսկ ուղարկել ՄԻԵԴ»,- ասաց Խաչատրյանը՝ չհստակեցնելով հարցերի եւ պատասխանների բովանդակությունը:
20:33 - 06 հուլիսի, 2020
25-ամյա Սահմանադրություն․ ընդունումը, փոփոխությունները, ներկան ու սպասվող ապագան

25-ամյա Սահմանադրություն․ ընդունումը, փոփոխությունները, ներկան ու սպասվող ապագան

Շուրջ 25 տարի առաջ՝ 1995 թվականի հուլիսի 5-ին, Հայաստանի Հանրապետությունն ընդունեց Սահմանադրություն։ Այդ թվականին Հայաստանում իշխող կուսակցությունը Հայոց համազգային շարժումն էր, որն էլ ներկայացրել էր Սահմանադրության նախագիծը՝ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»,  «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին» առաջին եւ երկրորդ հոդվածներով։ Այդ շրջանում իշխանության ընդդիմախոսները պնդում էին, որ ընդունված Սահմանադրությունն իշխանակենտրոն է, եւ ոչ թե մարդակենտրոն, որ այն ապահովում է հանրապետության նախագահի՝ իշխանության մյուս ճյուղերի նկատմամբ գերակա դիրքը․ նախագահն էր հանդիսանում երկրի անվտանգության ու դատական համակարգի անկախության երաշխավորը։  Տարիներ անց՝ 2001 թվականին, երբ ՀՀ-ն դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, Սահմանադրությունը բարեփոխելու անհրաժեշտություն առաջացավ։ 1995-ի Սահմանադրությամբ կառավարություն ձեւավորելու լիազորությունը վերապահված էր ՀՀ նախագահին, իսկ ԱԺ-ն միայն հաստատում էր կառավարության ծրագիրը։ Այս անգամ նախատեսվում էին դատական համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումներ, անկախ օմբուդսմենի ներդրում, ՍԴ լիազորությունների եւ դիմելու իրավունք ունեցողների շրջանակի փոփոխում եւ այլն:  2 տարի անց՝ 2003-ին, երբ սկսվել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման երկրորդ շրջանը, հանրաքվեի դրվեց սահմանադրական փոփոխությունների փաթեթ (մայիսի 25)։ Նախագծով առաջարկվում էր, որ եթե խորհրդարանը չէր ընդունում նախագահի առաջարկած կառավարության կազմը, իրավունք էր ստանում ինքնուրույն ընտրել վարչապետին, որի հետ նախագահը ստիպված կլինի հաշվի նստել։ Մինչդեռ 95-ի Սահմանադրությամբ՝ նախագահը ցանկացած պահի իրավունք ուներ ցրել Ազգային ժողովը։  Այս փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ⅓-ի հավանությունը։ Այդ հանրաքվեն, սակայն, ձախողվեց, քանի որ ընտրողներն այն ուղղակի բոյկոտեցին։ 2005-ի  նոյեմբերի 27-ին նույն փաթեթը՝ որոշ փոփոխություննեով, կրկին հանրաքվեի դրվեց, բայց այս անգամ ընդունվեց․ կողմ քվեարկեց 1.4 միլիոն քաղաքացի, դեմ՝ 82 հազար: Քաղաքական ընդդիմությունն ու հանրության մի ստվար հատված այս հանրաքվեն որակեց զանգվածային ընտրակեղծարարությամբ ընդունված՝ պնդելով, որ կեղծվել է շուրջ 1 միլիոն քվե: Սահմանադրական հաջորդ հանրաքվեն տեղի ունեցավ արդեն տասը տարի անց՝ 2015 թվականին՝ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք։ Այս փոփոխությունները, ինչպես հայտարարեցին ոչ միայն հայաստանյան ընդդիմադիրները, այլ նաեւ եվրոպական կառույցները, ոչ թե հանրային շահից էր բխում, այլ օրվա իշխանության՝ ՀՀԿ-ի քաղաքական շահից։ Հայտարարվեց, որ 2015-ի Սահմանադրությունը կարված է Սերժ Սարգսյանի համար․ 2005-ի Սահմանադրությունը նրան 3-րդ անգամ որպես երկրի ղեկավար պաշտոնավարելու հնարավորություն այլեւս չէր տալիս, իսկ ահա այդ փոփոխություններով նա կարող էր ընտրվել վարչապետ, ՀՀԿ-ի իշխանությունը կարող էր հավերժանալ։ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ Հայաստանն անցավ խորհրդարանական կառավման համակարգի, վարչապետին տրվեց լիազորությունների լայն շրջանակ։ Սերժ Սարգսյանն էլ հետագայում առաջադրվեց վարչապետի պաշտոնում՝ հակասելով իր՝ նախկինում արած հայտարարությանը։ Սակայն վարչապետի աթոռին նա մնաց ընդամնեը 6 օր․ 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ ժողովրդի ճնշման տակ նա հրաժարական տվեց։ Փաստորեն, մեր երկրում տեղի ունեցած սահմանադրական բոլոր հանրաքվեներն առնվազն խնդրահարույց են եղել, Սահմանադրությունը չի ունեցել բավարար լեգիտիմություն, փոփոխությունները բխել են ոչ թե սահմանադիրի կամքից, այլ օրվա կառավարող ուժերի կարիքներից ու շահերից։ Այսօր՝ հետհեղափոխական շրջանում, շարունակում են Սահմանադրության լեգիտիմության մասին քննարկումները, խոսվում է սուպերվարչապետական համակարգը վերացնելու, իշխանության ճյուղերի միջեւ փոխզսպող մեխանիզմեր ներդնելու, նախագահի լիազորությունները վերանայելու, կարճ ասած՝ նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին։ Դեռեւս 2015 թվականի օգոստոսին՝ հանրաքվեից ամիսներ առաջ, ՔՊ կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունները կեղծ օրակարգ են, եւ ոչ գործող, ոչ գալիք սահմանադրությունները որեւէ կերպ չեն խոչընդոտելու Սերժ Սարգսյանին վերարտադրվել։ Փաշինյանը հրաժարվեց բովանդակային քննարկումներ ծավալել նոր Սահմանադրության նախագծի շուրջ եւ մյուսներին էլ կոչ արեց «չմտնել սահմանադրական ծուղակի մեջ»։ Տարիներ անց՝ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո, Սահմանադրության փոփոխության հարցը կրկին դարձավ օրակարգային։  2018 թվականի մայիսի 1-ին վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց, որ սուպերվարչապետական համակարգը օրենսդրության առումով իրապես արդեն ստեղծված է, եւ ինքը միանշանակ հանձնառու է համարում իրեն՝ այդ խնդիրը շտկելու եւ իշխանությունը հավասարակշռված դարձնելու հարցում․ «Որովհետեւ երբ որ ես ասում եմ, որ պետք է փակենք այն էջը, երբ կառավարությունը ինչ-որ բան պարտադրում է, դա պետք է փակենք ոչ միայն հույս ունենալով, որ գործող սուպերվարչապետը էդպիսի բան չի անի, այլեւ ստեղծելով համապատասխան մեխանիզմներ, որ նույնիսկ ցանկության դեպքում հնարավոր չլինի այդպես վարվել։ Սուպերվարչապետական համակարգը պետք է գոյություն չունենա, պետք է գոյություն ունենա նորմալ խորհրդարանական, առնվազն էս պահին, կառավարման համակարգ, դա, կարծում եմ, աներկբա է եւ բխում է մեր երկրի շահերից»։ 2018 թվականի օգոստոսի 17-ին՝ Հանրապետության հրապարակում կառավարության 100-րդ օրվա ամփոփման ժամանակ արդեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու մասին՝ հայտարարելով, որ  դրա իմաստը կլինի հետեւյալը․ «Արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլեւ խորհրդարանն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին: Եվ ուրեմն այդ փոփոխությունները պետք է ընդունի այդ նույն խորհրդարանը, ինչը տեղի կունենա միայն մի պայմանով, երբ դուք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներդ, դա ձեւակերպեք ձեր կողմից որպես հստակ պահանջ: Երբ դուք ձեւակերպեք, մենք կապահովենք դրա իրականացումը խորհրդարանում»,- ասաց Փաշինյանը:  Այս ելույթից ամիսներ անց վարչապետի հրաժարականով Ազգային ժողովը ցրվեց, Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրություններ, սակայն մինչ այդ սահմանադրական փոփոխություններ չեղան։ 2018 թվականի դեկտեմբերի 2-ին՝ արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ գործող Սահմանադրությունը սուպերվարչապետական է, սակայն հավելեց, որ Սահմանադրություն եւ պետական կառավարման համակարգ փոխելը պետք է արդարացված լինեն: Նրա խոսքով՝ եթե ժողովուրդը ցանկանա կրկին անցնել նախագահական կառավարման մոդելի, ապա այդպես էլ կլինի: Փաշինյանը, թեեւ շեշտեց, որ գործող Սահմանադրությունը սուպերվարչապետական է, եւ պետք է քայլեր ձեռնարկել հակակշիռների եւ փոխզսպումների հստակ մեխանիզմ ունենալու համար, որպեսզի բացառվեն բռնապետություն եւ անձնիշխանություն հաստատելու բոլոր հնարավորությունները, սակայն, նշելով, որ գործող Սահմանադրությունը 7 ամիս է՝ ուժի մեջ է, առաջարկեց՝ «եկեք թողնենք՝ այն աշխատի»: Մոտ մեկ տարի անց՝ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթաց սկսելու մասին հրամանագիր ստորագրեց, իսկ արդեն փետրվարի 21-ին հանձնաժողովը սկսեց իր աշխատանքները։ Հանձնաժողովի ստեղծման մասին որոշման համաձայն՝ գործունեությունը սկսելուց հետո եռամսյա ժամկետում պետք է պատրաստ լիներ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, որից հետո այն կդրվեր հանրային քննարկման եւ կներկայացվեր վարչապետի աշխատակազմին։ Իսկ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի մեկը պետք է պատրաստ լինի փոփոխությունների նախագիծը: Սակայն հետագայում Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ այս փոփոխությունների հանրաքվեն կարող է կազմակերպվել հաջորդ խորհրդարանական ընտրությունների հետ համատեղ՝ 2023 թվականին:  «Գիտե՞ք, մեզ մոտ քննարկումներ են տեղի ունենում, որոնք կարող են հանգեցնել այդպիսի եզրակացության, որ մենք այս հանրաքվեից հետո շատ արագ, հանրաքվե հնարավոր է եւ չիրականացնենք, որովհետեւ մենք, հնարավոր է, օրակարգը լինի ոչ թե սահմանադրական փոփոխությունները, այլ նոր Սահմանադրության ընդունումը: Ընդ որում՝ դե ֆակտո լինեն դրանք սահմանադրական փոփոխություններ, բայց դե յուրե լինեն նոր Սահմանադրություն։ Ինչո՞ւ։ Որովհետեւ, այնուամենայնիվ, էս ողջ համատեքստում անընդհատ բարձրացվում է հետեւյալ հարցը, որ «ժողովուրդ ջան, 95 թվականի սահմանադրական հանրաքվեն եղել է կասկածելի, 2005 թվականի սահմանադրական հանրաքվեն եղել է կասկածելի, 2015 թվականի հանրաքվեն եղել է կասկածելի, եւ ընդհանրապես՝ Սահմանադրության լեգիտիմության պրոբլեմը կա», - ասաց Փաշինյանը։  2020 թվականի հունվարի 25-ին՝ ասուլիսի ժամանակ, Փաշինյանն անդրադարձավ «սուպերվարչապետական կոստյումին»՝ հայտարարելով, որ իրենը տարբերվում է Սերժ Սարգսյանի կոստյումից, եւ որ այն երկրում, որտեղ ամեն օր կոռուպցիայի դեմ պայքար է տարվում, չի կարող լինել սուպերվարչապետական համակարգ․ «Ես հիմա ապրում եմ այն տանը, որտեղ ժամանակին ապրել է Սերժ Սարգսյանը: Ժողովրդավարության պայմաններում սուպերվարչապետական համակարգ գոյություն ունենալ չի կարող: Իմ կոստյումը տարբերվում է Սերժ Սարգսյանի կոստյումից նրանով, որ իմ գրպաններում միլիարդներ չկան, իմ գրպաններում 20-25 լրատվամիջոցներ չկան, դրանք ինչպես եղել են, այնպես էլ շարունակում են մնալ նախկին կոռումպացված պաշտոնյաների գրպաններում: Այն երկրում, որտեղ ամեն օր կոռուպցիայի դեմ պայքար է տարվում, չի կարող լինել սուպերվարչապետական համակարգ»,- ասաց Փաշինյանը։ Այս տարվա հունիսի 15-ին Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ նա նշեց, որ ոչ միայն պետք է իրականացնել Սահմանադրական փոփոխություններ, այլ հարկավոր է դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել․ «Հիմա եկել եմ այն համոզման, որ ոչ թե քաղաքական անհրաժեշտություն կա՝ նոր Սահմանադրություն փոխելու, այլ կա պետական անհրաժեշտություն՝ նոր Սահմանադրություն ընդունելու»,- ասաց գործադիրի ղեկավարը։  Փաշինյանն այդ նիստի ժամանակ արձանագրել է, որ կառավարման համակարգի փոփոխություն անել պետք չէ։ Նա նշել է, որ խորհրդարանական կառավարման համակարգը դեռ պետք է Հայաստանում կայանա եւ նույնիսկ դեռ պետք է հասկանալ՝ ի՞նչ նկատի ունենք խորհրդարանական կառավարման համակարգ ասելով:  Գործող Սահմանադրության խնդիրներից մեկն, ըստ Փաշինյանի, դրանում կայուն մեծամասնության առկայության հարցն է: Մի կողմից, վարչապետի համոզմամբ, սա հնարավորություն է ստեղծում ընդդիմության համար ավելի լայն ներկայացվածություն ունենալ խորհրդարանում, բայց, մյուս կողմից, պետք է հաշվի առնել նաեւ այն քննադատությունը, որ կայուն մեծամասնության ինստիտուտը որոշակիորեն դեֆորմացնում է ընտրողների կամքի ուղիղ արտահայտությունը խորհրդարանական տեղերի բաշխվածության վրա:  Հաջորդ խնդիրը, որին անդրադարձել է վարչապետը, Սահմանադրության մեջ օտարերկրյա ներդրումների եւ ներդրողների համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու հարցն է։ Մյուս խնդիրն էլ Փաշինյանը դիտարկել է անկախ դատական համակարգ ունենալու հարցը։ Համավարակային այս շրջանում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը քննարկումներն անցկացրել է հեռավար տարբերակով: Ըստ հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանի՝ դիտարկվել են միջազգային գործընկերների հետ համագործակցության, խորհրդատվական օժանդակության հարցերը, հանձնաժողովն էլ շարունակում է ակտիվ քննարկումներն օրակարգային հարցերի շուրջ, եւ ակնկալվում է մինչեւ 2020թ. դեկտեմբերի ավարտն ունենալ հանրային քննարկումների փուլն անցած հայեցակարգ, իսկ մինչեւ 2021թ. հունիս՝ Սահմանադրական բարեփոխումների նախագիծ: Այսպիսով, երկու տարվա քննարկումների ընթացքում կառավարող ուժի ղեկավարն ու այլ ներկայացուցիչներ բազմիցս խոսել են սահմանադրական փոփոխությունների խիստ անհրաժեշտության մասին, արձանագրել են գործող Սահմանադրության բացերը, նախանշել են հայեցակարգի վերջնական տարբերակի պատրաստ լինելու ժամանակահատված՝ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի մեկը։ Սակայն հետագա քննարկումների արդյունքում պարզվեց, որ Սահմանադրական բարեփոխումների նախագիծը պատրաստ պետք է կլինի 2021 թվականի հունիսին՝ մեկ տարի անց։ Ըստ ամենայնի՝ մշակվում է ծավալուն նախագիծ, որտեղ ներառված կլինեն Փաշինյանի հիշատակած խնդիրները, սակայն սուպերվարչապետական համակարգին անդրադարձ, հավանաբար, չի լինի, քանի որ Փաշինյանն այժմ վստահեցնում է՝ այսօրվա Հայաստանում իր կոստյումը տարբերվում է Սերժ Սարգսյանի սուպերվարչապետական կոստյումից, եւ երկրում, որտեղ ամեն օր կոռուպցիայի դեմ պայքար է տարվում, չի կարող լինել սուպերվարչապետական համակարգ, չնայած նրան, որ 2 տարի առաջ հայտարարել էր՝ սուպերվարչապետական համակարգը օրենսդրության առումով արդեն ստեղծված է, եւ ինքը միանշանակ հանձնառու է համարում իրեն՝ այդ խնդիրը շտկելու եւ իշխանությունը հավասարակշռված դարձնելու հարցում։  Հայարփի Բաղդասարյան
11:10 - 05 հուլիսի, 2020
Կառավարությունից և Պարետատնից պահանջում ենք չօգտագործել ուժային կառույցներն իրենց ոչ բնորոշ գործողություններում․ ՀԿ-ները՝ ոստիկանների՝ «Արմնյուզ» եւ «5-րդ ալիք» այցելության մասին

Կառավարությունից և Պարետատնից պահանջում ենք չօգտագործել ուժային կառույցներն իրենց ոչ բնորոշ գործողություններում․ ՀԿ-ները՝ ոստիկանների՝ «Արմնյուզ» եւ «5-րդ ալիք» այցելության մասին

Մի քանի հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որում ասվում է․ «Երեկ՝ հուլիսի 3-ին, ոստիկաններն այցելել են «Արմնյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ՝ նպատակ ունենալով վարչական վարույթ հարուցել հեռուստաեթերում դիմակ չկրելու համար։ Նույնիսկ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի հետ կապված արտակարգ դրության պահանջները՝ տեղի ունեցածը դիտարկում ենք իրավապահ մարմնի կողմից լիազորությունների չարաշահում։ Հասարակության մեջ առկա քաղաքական և հոգեբանական լարվածության պայմաններում իշխանությունները պետք է առավել նրբանկատություն ցուցաբերեն և խուսափեն անհարկի խիստ քայլեր ձեռնարկելուց։ Համոզված ենք, որ եթերում դիմակ կրելու կամ չկրելու հարցը հնարավոր է լուծել այլ ճանապարհով՝ քննարկումների, պարզաբանումների և փոխհամաձայնությունների միջոցով։ Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, Կառավարությունից և Պարետատնից պահանջում ենք. չօգտագործել ուժային կառույցներն իրենց ոչ բնորոշ գործողություններում և բացառել նրանց միջամտությունը լրատվամիջոցների գործունեությանը, հաշվի առնելով լրատվական, հատկապես հեռուստատեսային գործունեության առանձնահատկությունները՝ վերանայել և հստակեցնել համաճարակի հետ կապված՝ ԶԼՄ-ներին վերաբերող աշխատանքային պայմանների սահմանափակումները։ Մենք նաև հորդորում ենք լրատվամիջոցներին՝ զերծ մնալ Պարետատան որոշումների հնարավոր խախտումներից՝ գիտակցելով սեփական պատասխանատվությունը համաքաղաքացիների, այդ թվում իրենց իսկ աշխատակիցների առողջության համար։   ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ»
18:35 - 04 հուլիսի, 2020
Կառավարությունն առաջարկում է երկարացնել աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը |hetq.am|

Կառավարությունն առաջարկում է երկարացնել աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը |hetq.am|

hetq.am: Կառավարությունը երկու տարով առաջարկում է երկարաձգել աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում` հնարավորություն ընձեռելով գործատուներին աշխատակիցների գրքույկները տրամադրել լիազոր մարմնին: Ըստ նախագծի` սահմանվում են գրքույկները ներկայացնելու տարբերակված ժամկետներ` ըստ գործատուների մոտ աշխատող անձանց թվաքանակի: Գրքույկները հանձնվելու ծանուցվելուց հետո երեք ամսվա ընթացքում՝ 1000 և ավելի աշխատող ունեցող գործատուների դեպքում։ 300-ից 1000 աշխատող ունեցող գործատուները` Կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո վեց ամսվա ընթացքում: 100-ից 300 աշխատող ունեցող գործատուները` ծանուցվելուց հետո ինը ամսվա ընթացքում: 50-ից 100 աշխատող ունեցող գործատուները` ծանուցվելուց հետո տասներկու ամսվա ընթացքում, մինչև 50 աշխատող ունեցող գործատուները` Կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո տասնհինգ ամսվա ընթացքում: Նշվում է նաև, որ նշված ժամկետներում աշխատանքային գրքույկները չներկայացրած գործատուների վրա գրքույկները ներկայացնելու պարտականությունը կարող է դրվել դատական կարգով: 2015 թվականի հունիսի 22-ին Ազգային Ժողովն ընդունել է Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվել է 2017 թվականի հունվարի 1-ից դադարեցնել աշխատանքային գրքույկների կիրառությունը աշխատանքային հարաբերություններում: Սահմանվել է գործատուների` իրենց մոտ վարվող աշխատանքային գրքույկները 2017 թվականի հունվարի 1-ից հետո` երկու տարվա ընթացքում լիազոր մարմին հանձնելու, այնուհետև` աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելուց հետո աշխատողներին վերադարձնելու օրենսդրական պարտավորությունը: Նախագծում նշվում է, որ 2017 և 2018 թվականների ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածքային բաժինների կողմից հավաքագրվել, կապալառու կազմակերպությունների միջոցով տեսաներածվել և «Աշխատանքային գրքույկներ» ենթահամակարգ են մուտքագրվել շուրջ 270 հազար աշխատանքային գրքույկ: 2018 թվականին աշխատանքների կատարման ընթացքում պարզ է դարձել, որ տեսաներածման համար սահմանված ժամկետը` 2017 թվականի հունվարից մինչև 2019 թվականը, աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու համար բավարար չէ: Պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանի տեղեկատվության համաձայն` առկա է շուրջ 320 հազար աշխատող, ում գրքույկները դեռևս տեսաներածված չեն, բացի այդ գրքույկները տեսաներածելու համար տարածքային բաժիններ են դիմում նաև չաշխատող անձինք: Նշված հանգամանքով պայմանավորված` ընդունվեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-416-Ն օրենքը, որի համաձայն, փոխվեց աշխատանքային գրքույկները գործատուի կողմից հանձնելու` նախկինում սահմանված ժամկետը եւ նոր կարգավորումների շրջանակներում սահմանվեց, որ աշխատանքային գրքույկները հանձնվում են լիազոր մարմնի տարածքային ստորաբաժանում` Ծառայության տարածքային բաժիններ, 2017 թվականի հունվարի 1-ից հետո երեք տարվա ընթացքում:
14:52 - 03 հուլիսի, 2020
Կառավարության 9-րդ միջոցառման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկման արդյունքները

Կառավարության 9-րդ միջոցառման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկման արդյունքները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ ՄԻՊ-ը Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման վերաբերյալ ստացել է 254 դիմում-բողոք, որից 116 թեժ գծին ահազանգերի թիվը կազմել է 93։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր տարբերակով քննարկել է քաղաքացիների բարձրացրած խնդիրները, ինչպես նաև իրականացրել է զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում: Կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներով Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած խնդիրները կներկայացվեն առանձին-առանձին։ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառում Միջոցառմամբ շահառու են եղել մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքները, որտեղ երկու ծնողներն էլ չեն ունեցել գրանցված աշխատանք և համապատասխանել են մի շարք այլ պայմանների։ Միջոցառման մեկնարկից, այսինքն՝ ապրիլի 14-ից մինչև հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունները վեր են հանել խնդիրներ, որոնք հիմնականում կապված են՝ միջոցառման շահառուների համար համացանցի և տեխնիկական միջոցների ոչ լիարժեք հասանելիության հետ․ համացանցից օգտվելու հմտությունների բացակայության հետ․ համակարգից օգտվելու ծրագրային խնդիրների, շահառուների կողմից տվյալներ մուտքագրելու դժվարությունների հետ․ ակնհայտ շահառու համարվող անձանց համակարգի մերժելու հետ․ միանվագ դրամական աջակցության փոխանցման ուշացումների հետ և այլն։ Օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված մի շարք բողոքների համաձայն՝ քաղաքացիները համակարգում մուտքագրել են իրենց երեխաների վերաբերյալ պահանջվող տվյալները, սակայն համակարգը մերժել է բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունենալու պատճառաբանությամբ: Բողոքների համաձայն՝ իրականում, երեխաները գտնվել են Հայաստանում և ունեցել են հաշվառում իրենց մշտական բնակության հասցեում։ Մեկ այլ դեպքում քաղաքացիները տեղեկացրել են, որ հաշվառված են նպաստառու ընտանիքի բնակության վայրի հասցեում (օրինակ՝ հայրական տանը), բայց փաստացի բնակվում են այլ հասցեում։ Սոցիալական ապահովության ծառայության առցանց դիմումների համակարգն այդ պարագայում դիմողներին դիտարկել է որպես նպաստառու ընտանիքի անդամ, չնայած նրան, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում տվյալ դիմողները նշված են որպես «բացակա անդամներ»։ Արդյունքում, դիմողները մեխանիկորեն զրկվել են աջակցությունից օգտվելու հնարավորությունից։ Արձանագրվել են նաև դեպքեր, երբ երեխայի ծնողները Հայաստանի Հանրապետություն ավտոմեքենա ներմուծելու պատճառով զրկվել են պետության աջակցությունից։ Խնդիրն այն, որ ավտոմեքենա ներմուծելիս ծնողի անվամբ հարկային մարմնում հարկային հաշիվ է բացվել, արդյունքում համակարգը ծնողին որպես անհատ ձեռնարկատեր կամ վարձու աշխատող է դիտարկել, ինչի պատճառով ընտանիքը չի կարողացել օգտվել միջոցառումից: Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ մարդիկ հաճախ միջոցառումից օգտվել են մասնակի: Ծրագիրը ոչ բոլոր երեխաների տվյալներն է հաստատել կամ բոլորինը հաստատել է, սակայն դրամական աջակցությունը փոխանցվել է բանկին ոչ բոլոր երեխաների հաշվարկով: Պաշտպանը քննարկել է նաև բողոքներ, որով կոնկրետ ընտանիքը 9-րդ միջոցառման շահառու է եղել, ընտանիքի անդամն ամիսներ առաջ սահմանված կարգով դիմում է մուտքագրել Սոցիալական ապահովության ծառայության առցանց դիմումների համակարգ, դիմումը հաստատվել է, սակայն դրամական աջակցությունն ընտանիքին չի տրամադրվել բանկին փոխանցված չլինելու պատճառաբանությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Կառավարության ընդունած հակաճգնաժամային տնտեսական և սոցիալական միջոցառումների հետ կապված անհատական բողոքների քննարկման շրջանակներում արձանագրված յուրաքանչյուր խնդրով ցուցաբերել է անհատական մոտեցում: Դրանք օպերատիվ կարգով բարձրացվել և լուծում են ստացել պետական համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ: Այդպիսի մոտեցումը հնարավորություն է տվել արդյունավետ աջակցություն ցուցաբերել ինչպես միջոցառումներից օգտվելու դժվարություններ ունեցող կոնկրետ անձանց, այնպես էլ համակարգային առումով պետությանը խնդիրների լուծման հարցում: Մարդու իրավունքների պաշտպանի և պետական համապատասխան մարմինների հետ համագործակցության արդյունքում համակարգային լուծում են ստացել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառումից օգտվելու անհնարինության հետ կապված խնդիրների զգալի մասը: Հատկանշական է, որ 9-րդ միջոցառման  մեկնարկի սկզբնական փուլում միջոցառումը սահմանող Կառավարության որոշումը երեխաների նկատմամբ խնամակալ ճանաչված անձանց շահառու չի դիտարկել: Թե՛ մշտադիտարկման, թե՛ բողոքների քննարկման արդյունքները պարբերաբար ամփոփվել և ներկայացվել են ՀՀ կառավարություն՝ այդ միջոցառումների կատարելագործման և մարդկանց համար առաջ եկող խնդիրների լուծման նպատակով: Պաշտպանի առաջարկների հիման վրա կատարվել են անհրաժեշտ  համապատասխան փոփոխություններ, որոնք հնարավորություն են տվել վերացնել վերը նշված խոչընդոտները։ Մարդու իրավունքների պաշտպանը դրական է համարում այն, որ միջոցառման իրավական կարգավորում պահանջող խոչընդոտներն հնարավոր սեղմ ժամանակահատվածում վերացել են: Սրա հետ մեկտեղ, սակայն, մտահոգիչ է, որ մինչ օրս ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված բազմաթիվ սոցիալական խնդիրների բախված քաղաքացիների համար թիրախում երեխային դիտարկող միջոցառումից օգտվելու կազմակերպական և տեխնիկական խոչընդոտներն ամբողւությամբ վերացած չեն: Պետությունը պետք է բոլոր միջոցառումներն իրականացնի մարդկանց համար հնարավոր բարենպաստ լուծումներով:
12:10 - 03 հուլիսի, 2020
Կառավարությունը ուսանողական ծրագրային վարկերի տրամադրման ավելի բարենպաստ պայմաններ է սահմանել |hetq.am|

Կառավարությունը ուսանողական ծրագրային վարկերի տրամադրման ավելի բարենպաստ պայմաններ է սահմանել |hetq.am|

hetq.am: Կառավարության կողմից սուբսիդավորվող ծրագրային ուսանողական վարկերի հասանելիության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն այսօր ընդունել է համապատասխան որոշում։ Առաջարկվում է սահմանել ուսանողական ծրագրային վարկերի տրամադրման ավելի բարենպաստ պայմաններ: Մասնավորապես՝ ուսանողական վարկերի տրամադրման համար վարկառու ուսանողի ծնողի կամ խնամակալի երաշխավորությանից բացի հնարավոր է նաև այլ անձանց երաշխավորությունների տրամադրումը։ Նախաձեռնության արդյունքում 4 տարուց ավելի տևողությամբ ուսումնառող սովորողների համար կստեղծվի հնարավորություն ուսումնառության ընթացքում ստանալու 4-ից ավելի մասնաբաժին վարկ, ընդ որում յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը` ոչ ավելի, քան 800 հազ. դրամ՝ հաշվի առնելով, որ բուհերում բարձրացել են վարձավճարների չափերը: Գործադիրը նիստում մի քանի այլ որոշումներ էլ է ընդունել։ Մասնավորապես՝ թույլատրել է «ՍՋՆ Ռոլլմեն վորլդ» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է արդյունաբերական նշանակության էլեկտրական շարժիչների առանցքակալների պատրաստման համար (ք. Երևան)՝ իրականացնելով 624 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված ապրանքների և այլ սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 3 աշխատատեղ, կստեղծվի 20 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 720 մլն դրամ, որից 120 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 240 մլն դրամի արտադրանքը` ՌԴ տարածքում, 360 մլն դրամի արտադրանքը՝ ԱՄԷ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 458 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 35.4 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունից կօգտվի նաև «Երևանի քիմիա դեղագործական ֆիրմա» ԲԲԸ-ն: Նրմուծվող ապրանքներն ընկերությունն օգտագործելու է դեղամիջոցների արտադրության համար՝ իրականացնելով 25 մլն դրամի ներդրում: Ընկերությունը 2017 թ-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի արդյունքում փաստացի իրականացրվել է 86 մլն դրամի ներդրում և ստեղծվել է 18 նոր աշխատատեղ: Ներկայում առկա է 195 աշխատատեղ, կստեղծվի ևս 15-20-ը՝ 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1.5 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 464 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 23.2 մլն դրամ: Կառավարության մեկ այլ որոշմամբ «Ափսթարթ լաբ» ՍՊԸ-ն ներառվել է «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության իրականացման համար: Ծրագրի շրջանակում (2020-2024թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 110 000 000 դրամ: Ծրագրի ընթացքում կստեղծվի 15 նոր աշխատատեղ` 300 000 դրամից (առաջին տարում) մինչև 650 000 դրամ (հինգերորդ տարում) միջին ամսական աշխատավարձով: Ընկերություն գործունեության առաջին տարում ունենալու է մոտ 12 քմ գրասենյակային տարածք «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտում, որն ընդլայնվելու է՝ հասնելով 90 քմ մակերեսի հինգերորդ տարում: «ԷԿՈՍ» ՍՊԸ համաձայն է տրամադրել վերոնշյալ տարածքն ընկերությանը 5 տարի ժամկետով և ապահովել համապատասխան ենթակառուցվածքով:
17:14 - 02 հուլիսի, 2020
ՀՀ-ում լուծված չէ ծանրաքարշ, ծանր բեռնված մեքենաների խնդիրը․ դրանք կարող են լրջորեն վնասել ճանապարհները. Պապիկյան |armtimes.com|

ՀՀ-ում լուծված չէ ծանրաքարշ, ծանր բեռնված մեքենաների խնդիրը․ դրանք կարող են լրջորեն վնասել ճանապարհները. Պապիկյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարության այսօրվա նիստում տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, թե ՀՀ-ում լուծված չէ ծանրաքարշ, ծանր բեռնված մեքենաների խնդիրը: «Այդ մեքենաները, որոնք երբեմն 30 տոննա քաշ են ունենում, լուրջ ազդեցություն են թողնում ճանապարհների որակի վրա: Հատկապես ամռանը, դրանք կարող են լրջորեն վնասել ճանապարհները»,- նշեց նախարարը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն էլ նկատեց, որ ժամանակին ռուսական կողմի հետ քննարկում են ունեցել եւ ռուսներն առաջարկել են, որ ավտոմեքենաների կշռման եւ ստանդարտներ կիրառելու համակարգը ներդրվի նաեւ Հայաստանում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց. «Երբ մենք միլիարդներ ենք ծախսում ճանապարհների որակը բարձրացնելու համար, ինչ-որ մարդիկ մի քանի հազար ավելի աշխատելու համար այդ ճանապարհների քանդման գործով են զբաղվում: Հայաստանում 3-4 տեղում բեռնատարների կշռման կետեր պետք է ունենանք եւ բոլոր բեռնատարները պետք է կշռվեն»։
15:24 - 02 հուլիսի, 2020
Այս տարի աննախադեպ ծավալի նոր կառուցվող եւ վերակառուցվող բուժհաստատություններ ենք ունենալու․ Թորոսյան |armtimes.com|

Այս տարի աննախադեպ ծավալի նոր կառուցվող եւ վերակառուցվող բուժհաստատություններ ենք ունենալու․ Թորոսյան |armtimes.com|

armtimes.com: Այս տարի աննախադեպ ծավալի նոր կառուցվող եւ վերակառուցվող բուժհաստատություններ ենք ունենալու: Այս մասին այսօր ՀՀ Կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Բացառությամբ այն 12-ի, որ քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվում են, մենք եւս 2 խոշոր օբյեկտ ունենք Համաշխարհային բանկի շրջանակներում կառուցվելիք: Դրանցից առաջինի՝ Մարտունու ԲԿ-ի շինարարությունը կսկսվի մոտ օրերս: Շուտով կհայտարարվի նաեւ Վայոց Ձորի ԲԿ-ի ամբողջական կառուցման մրցույթը: Այս երկուսը ամբողջությամբ զրոյից են կառուցվելու եւ համապատասխանելու են միջազգային բոլոր չափանիշներին»,- նշեց նախարարը: Նրա խոսքով՝ եւս մեկ հրատապ շինարարություն հնարավորություն կունենան շուտով անելու. «Սպասում ենք Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից համաձայնագրի կնքմանը: Կորոնավիրուսով պայմանավորված Վանաձորում կառուցելու ենք նոր իֆեկցիոն հիվանդանոց: Վանաձորի ԲԿ հին շենքը ոչ հնարավոր էր վերանորոգել, ոչ էլ համապատասխանում էր պայմաններին»։ Թորոսյանն ընդգծեց՝ այս ամբողջն անելուց հետո պրակտիկորեն չեն ունենալու որեւէ բժշկական հիմնարկ ամբողջ ՀՀ տարածքում, որը կարիք կունենա էական ներդրման կամ կապիտալ վերանորոգման: Նա հավելեց, որ այս ամենը կտեւի 2-3 տարի։
14:52 - 02 հուլիսի, 2020
Կարեն Դեմիրճյանի արձանի եւ պատվանդանի պատրաստման եւ տեղադրման համար 60 միլիոն դրամ կհատկացվի |armtimes.com|

Կարեն Դեմիրճյանի արձանի եւ պատվանդանի պատրաստման եւ տեղադրման համար 60 միլիոն դրամ կհատկացվի |armtimes.com|

armtimes.com: Կարեն Դեմիրճյանի արձանի եւ պատվանդանի պատրաստման եւ տեղադրման համար 60 միլիոն դրամ կհատկացվի։ Որոշումն ընդունվեց այսօր ՀՀ Կառավարության հերթական նիստում։  Կառավարությունը հավանություն տվեց՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության առաջարկությանը, որով բյուջեում վերաբաշխում կկատարվի եւ ավելի քան 1.9 միլիարդ դրամ կհատկացվի կապիտալ տարբեր ծախսերի: Հարցը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան՝ նշելով. «Սույն նախագծով առաջարկվում է, որ շինարարական աշխատանքներ կիրականացվեն 7 քոլեջում, 10 ավագ դպրոցների արդիականացմանը գումարներ կհատկացվեն, տանիքի կամ սանհանգույցի, ինժեներական կոմունիկացիաների, շինարարական էլեմենտների նորոգման աշխատանքների համար: 4 ավագ դպրոցի մասնակի եւ ընթացիկ նորոգում տեղի կունենա: 30 հիմնական եւ միջնակարգ դպրոցի շենքային պայմանների բարելավման աշխատանքներ տեղի կունենան, այդ թվում՝ թեքահարթակների կառուցում, սանհանգույցների հարմարեցում, աջակցման սենյակների կառուցում, մեկ դպրոցի վերակառուցում, մասնագիտական մեկ դպրոցի վերակառուցում, մեկ թանգարանում կիրականացվեն աշխատանքներ, մասնավորապես՝ «Պատմության թանգարան» ՊՈԱԿ-ում կիրականացվեն ջեռուցման, օդափոխման եւ հովացման համակարգի տեղադրման աշխատանքներ»։ Բացի այդ ննախարարը նշեց, որ կվերանորոգվի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կաթսայատունը, Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում շինարարական տարբեր աշխատանքներ կիրականացվեն: Նախագծման 5 աշխատանքներ կիրականացվեն, որոնք մշակույթի ոլորտին են վերաբերում: «Կարեն Դեմիրճյանի արձանի եւ պատվանդանի պատրաստումը եւ տեղադրումն իրականացնելու համար 60 միլիոն դրամ կհատկացվի Երեւանի քաղաքապետարանին ու տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը»,- ասաց Հարությունյանը:
14:19 - 02 հուլիսի, 2020
Գործադիրը հավանություն տվեց Հայաստանի և Ղազախստանի միջև կնքվող նավթամթերքի մատակարարման վերաբերյալ համաձայնագրին |hetq.am|

Գործադիրը հավանություն տվեց Հայաստանի և Ղազախստանի միջև կնքվող նավթամթերքի մատակարարման վերաբերյալ համաձայնագրին |hetq.am|

hetq.am: Կառավարությունն այսօրվա՝ հուլիսի 2-ի հերթական նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրմանը։ Համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի և Ղազախստանի միջև նավթամթերքների առաքման ոլորտում համագործակցության հետաքրքրվածությամբ: Համաձայնագրով նախապես համաձայնեցված անվանացանկով և չափաքանակներով ԵԱՏՄԱՏԳԱԱ 27 խմբում դասակարգվող ապրանքների Ղազախստանից Հայաստան առաքումը ազատվում է մաքսատուրքի գանձումից: Կողմերի իրավասու մարմինները՝ մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը կազմում են հաջորդ տարվա ապրանքների ներքին սպառման արտադրության, ներմուծման և արտահանման հաշվեկշիռը ՀՀ տարածքում, իսկ միջգերատեսչական արձանագրության կնքմամբ հաստատում են Ղազախստանից Հայաստան առաքվող ապրանքների ցանկը: Համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը, առևտրատնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը: Տիգրան Ավինյանի խոսքով՝ համաձայնագրի վավերացումից հետո հնարավորություն է տրվելու ղազախական վառելիքը որոշակի՝ ավելի բարելավված պայմաններով ներկրել Հայաստան, որը ենթադրում է, որ մեր վառելիքի շուկայում որոշակի մրցակցության հնարավորություն է ստեղծվելու․ «Սա մոտավորապես 1,5 տարի բանակցված և շատ կարևոր համաձայնագիր է։ Այն ենթադրաբար ազդելու է բենզինի շուկայի վրա Հայաստանում»։ Ըստ վարչապետի՝ ինչքան էլ ասեն, որ 2018 թվականից հետո մենաշնորհային երևույթները, մասնավորապես՝ նավթամթերքի շուկայում, մեղմացել են, դա չի նշանակում, որ վերացել են։ «Այստեղ մեր սպառողների իրավունքները պաշտպանելու, նաև մրցակցությունը խթանելու հետ կապված շատ անելիք ունենք։ Մարդիկ պետք է ունենան որակյալ և հնարավորինս մատչելի գնով ապրանք ձեռք բերելու հնարավորություն»,- նշեց վարչապետ Փաշինյանը։
13:36 - 02 հուլիսի, 2020
Այս պահին պահանջում են եւս 14 կետերում սպանդանոցներ կառուցել․ Կառավարությունը լիզինգի համար դրամաշնորհ կհատկացնի |armtimes.com|

Այս պահին պահանջում են եւս 14 կետերում սպանդանոցներ կառուցել․ Կառավարությունը լիզինգի համար դրամաշնորհ կհատկացնի |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմաններում: Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ այդ լիզինգի ծրագրով կարող է իրականացվել մոդուլային եւ շարժական սպանդանոցների ֆինանսավորումը: «Մենք այս ժամանակահատվածում սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ մոնիթորինգ ենք իրականացնում, թե որքանով են հասանելի ՀՀ տարածքում արդեն առկա սպանդանոցները, քարտեզագրել ենք, թե համայնքներում ինչպես պետք է տեղակայված լինեն սպանդանոցները, որ յուրաքանչյուր բնակավայրից հեռավորությունը լինի տրամաբանական ու խելամիտ: Որպես չափորոշիչ՝ մենք ընտրել ենք մոտ 30 կմ հեռավորությունը: Բոլոր սպանդանոց շահագործող կազմակերպությունները հավաստիացրել են, որ այդ հեռավորության դեպքում իրենց կենդանու տեղափոխումը կատարում են անվճար»,- ասաց Խաչատրյանը: Նրա խոսքով՝ այս պահին գործում է 23 սպանդանոց, եւս 36-ը շուտով կսկսի գործել, սակայն կլինեն մարզային համայնքներ, որոնք բավականաչափ մոտ չեն գտնվում սպանդանոցներին: «Մեր առաջարկը հետեւյալն է. այնտեղ, որտեղ դեռեւս չկան հասանելի սպանդանոցներ, եթե տվյալ մարզում որեւէ տնտեսվարող ցանկություն է հայտնում սպանդանոց կառուցել, ապա մենք լիզինգի համար պահանջվող 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 4 մլն 800 հազար դրամ դրամաշնորհ ենք հատկացնում: Այս պահին պահանջում են եւս 14 կետերում սպանդանոցներ կառուցել»,- ասաց նախարարը: Նա թվարկեց այն 14 կետերը, որտեղ նախընտրելի է կառուցել սպանդանոցներ. Սյունիքում 3 կետեր կան, առաջինը՝ Գորհայք, Ծղուկ, Սառնակունք կամ Սպանդարյան, 2-րդ ուղղությունը՝ Ծավ, Նոր Հանդ, Սրաշեն, Շիշկերտ եւ 3-րդ կետը Մեղրի համայնքն է։ Գեղարքունիքում 1 ուղղություն կա՝ Ծափաթաղ, Ջիլ, Փամբակ համայնքներ։ Արարատում կա 2 ուղղություն։ Առաջինը՝ Դվին, Վերին Դվին, Նորաշետ եւ Վերին Արտաշատ, 2-րդը՝ Ուրցաձոր, Վեդի, Շաղափ եւ Լանջանիստ։ Շիրակում կա 4 կետ։ Առաջինը՝ Արթիկ, Փանիկ, Մեծ Մանթաշ, Նոր կյանք։ Երկրորդը՝ Ախուրյան, Արեւիկ, Կառնուտ, Ազատան։ Երրորդ՝ Ամասիա, Բանդիվան, Արեգնադեմ։ 4-րդ՝ Աշոցք, Սիզավետ եւ Բավրա։ Լոռիում՝ 2 ուղղություն։ Առաջինը՝ Գյուլագարակ, Վարդաբլուր, Գարգառ եւ Կուրթան։ Երկրորդը՝ Վահագնի, Վահագնաձոր, Եղեգնուտ եւ Ձորագետ։ Արագածոտնում 2 ուղղություն։ Առաջինը՝ Ծաղկահովիտ, Վարդաբլուր, Սադունց, Կանիաշիր։ Երկրորդը՝ Թալին, Աշնակ, Կաթնաղբյուր, Մաստարա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց. «Այսօր մեզ մոտ համաճարակ է, առաջիկայում էլ բոլոր կանխատեսումներով համաճարակների ժամանակ լինելու են մարտահրավերներ, եւ մենք ասֆալտների վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի կամ ընդհանրապես սննդամթերքի պատմությանը պետք է վերջ դնենք օր առաջ»:
12:57 - 02 հուլիսի, 2020
Հաստատվեց բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկների կենսաթոշակի չափը |armenpress.am|

Հաստատվեց բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկների կենսաթոշակի չափը |armenpress.am|

armenpress.am:  Կառավարությունը հաստատեց ՀՀ հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակի հատկացման և թոշակի վճարման չափորոշիչներն ու չափերը: Որոշմամբ սահմանվում է, որ Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում առաջին տեղը գրաված մարզիկը կստանա 500 հազար դրամ կենսաթոշակ, երկրորդ տեղը գրավածը՝ 350 հազար դրամ, 3-րդ տեղը գրավածը՝ 300 հազար դրամ, իսկ 4-6-րդ տեղը գրավածը 100 հազար դրամ կենսաթոշակ: Մարզիչի դեպքում կենսաթոշակի չափը կլինի համապատասխանաբար, 250 հազար դրամ, 175 հազար դրամ, 150 հազար դրամ և 50 հազար դրամ: Աշխարհի առաջնություններում առաջին տեղը գրաված մարզիկը կստանա 300 հազար դրամ, 2-րդ տեղը գրավածը՝ 200 հազար դրամ, իսկ 3-րդ տեղը գրավածը՝ 150 հազար դրամ կենսաթոշակ: Եվրոպայի առաջնություններում առաջին տեղը գրաված մարզիկը կստանա 150 հազար դրամ, 2-րդ տեղը գրավածը՝ 120 հազար դրամ, իսկ 3-րդ տեղը գրավածը՝ 100 հազար դրամ կենսաթոշակ: Համաշխարհային շախմատային օլիմպիադաներում, թիմային առաջնություններում առաջին տեղը գրաված մարզիկը կստանա 400 հազար դրամ, 2-րդ տեղը գրավածը՝ 250 հազար դրամ, իսկ 3-րդ տեղը գրավածը՝ 150 հազար դրամ կենսաթոշակ: 
12:25 - 02 հուլիսի, 2020