Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ հաստատել հումանիտար հրադադար |armenpress.am|

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ հաստատել հումանիտար հրադադար |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ են անում անհապաղ հումանիտար հրադադար հաստատել: Այս մասին ասված է համանախագահների տարածած հաղորդագրության մեջ: «Համանախագահները տագնապով են արձանագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող բռնությունը։ Համանախագահները կոչ են անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարությանը համապատասխան կողմերի պարտավորությունների ամբողջական կատարման ուղղությամբ ՝ տարածաշրջանի համար աղետալի հետևանքները կանխելու համար: Համանախագահները կրկին հայտարարում են, որ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերն անընդունելի են որևէ պարագայում։ Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ հաստատել հումանիտար հրադադար, որպեսզի ապահովեն աճյունների, ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց վերադարձը, և կոչ են անում կողմերին անհապաղ համաձայնեցնել հրադադարի ստուգման մեխանիզմը: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցներից հետո համանախագահներն աշխատում են կողմերի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացի առարկայական հարցերի շուրջ՝ բանակցային լուծման հասնելու նպատակով»,- ասված է համանախագահների տարածած հաղորդագրությունում:
17:00 - 13 հոկտեմբերի, 2020
Քաղաքացիական բնակչությանը գյուղերում, քաղաքներում ռմբակոծելը մարդու իրավունքների կոպիտ խախտում է․  Արմեն Սարգսյանի հարցազրույցը՝ RT հեռուստաընկերությանը

Քաղաքացիական բնակչությանը գյուղերում, քաղաքներում ռմբակոծելը մարդու իրավունքների կոպիտ խախտում է․ Արմեն Սարգսյանի հարցազրույցը՝ RT հեռուստաընկերությանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել RT հեռուստաընկերությանը. Հարց- Պարոն նախագահ, շնորհակալ ենք այս դժվար ժամանակահատվածում մեզ ընդունելու համար: Ինչպես բոլորս գիտենք, բարդ ժամանակներում անհրաժեշտ է խոսել և լինել իրազեկ, այդ իսկ պատճառով մենք հիմա այստեղ ենք: Կարո՞ղ եք ներկայացնել, թե ինչ վերջին զարգացումներ կան հակամարտության գոտում և ուղիղ պատասխանել հարցին՝ հրադադարը գործո՞ւմ է: - Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել RТ-ին այս հարցազրույցի համար: Ինչպես Դուք նշեցիք, հիմա դժվար ժամանակներ են, սակայն նման ժամանակներում պետք է խոսել և հատկապես պետք է խոսել ընկերների հետ: Ձեր հարցին ուղիղ պատասխանը, դժբախտաբար, ոչ է: Հրադադարն ամբողջությամբ չի պահպանվում, և սա միայն իմ խոսքերը չեն, սա ճանաչված փաստ է շատ միջազգային դիտորդների կողմից: Այս փաստի մասին մի քանի ժամ առաջ խոսեց նաև Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Լավրովը: Կրկին պետք է ասեմ, դժբախտաբար, քանի որ հրադադարը խախտել նշանակում է ռմբակոծել, հրետակոծել, մարդկային ավելի շատ կյանքեր խլել՝ ինչպես Լեռնային Ղարաբաղի/Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ առաջնագծում, այնպես էլ քաղաքացիական անձանց կյանքեր: Հարց- Կա՞ն հրադադարի խախտումներ հայկական կողմից: Եվ եթե այո, ապա ինչո՞ւ: - Եթե մի կողմը խախտում է, մյուս կողմը պատասխանում է: Իհարկե, շատ կարևոր է ունենալ մեխանիզմ՝ հստակեցնելու, թե ով է խախտում հրադադարը: Իսկ դա անելու շատ տարբերակներ կան և դրանք պետք է գործի դրվեն: Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը, որին առաջարկվել է մաս լինել այս հումանիտար գործողության, ի վիճակի չի լինի աշխատել այստեղ: Ուստի, բացարձակ անհրաժեշտություն են հրադադարը մշտադիտարկման ենթարկելը, ապահովելը, որ այն աշխատի: Հարց- Դուք ասացիք, որ խոսքը կրակին պատասխանելու մասին է: Ցանկանում եմ հստակեցնել՝ հնարավո՞ր է զինված ուժերում լինեն տարբեր ուժեր, մարդիկ, ովքեր այլ տեսակետ ունեն: Գուցե կա՞ տարբերակ, որ ինչ-որ կողմ ավելի ծայրահեղ է: Ի՞նչ կասեք Ադրբեջանում այն վնասների և զոհերի մասին, որոնք հեռու են հակամարտության էպիկենտրոնից, օրինակ, տեղեկությունները Գյանջան հրետակոծելու և վնասներ հասցնելու մասին, որոնք հայտնվեցին հրադադարի մասին հայտարարելուց հետո: - Փորձեմ պատասխանել Ձեր հարցին և մի քանի կետեր առանձնացնեմ: Առաջինը՝ ինչ վերաբերում է Գյանջան ռմբակոծելուն կամ հրետակոծելուն, ես հստակ տեղեկություններ ունեմ իմ կառավարությունից՝ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններից, որ հաստատապես Հայաստանը չի հրետակոծել այն: Երկրորդը՝ երբ խոսում եք հրադադարը խախտելու մասին, դժբախտաբար, դրա հայտարարումից անմիջապես հետո ՝ ժամը 12-ին, Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը հրետակոծության ենթարկվեց: Ես խոսում եմ քաղաքացիական բնակչությանը հրետակոծելու մասին: Երրորդ՝ մենք չպետք է մոռանանք իրական փաստը՝ ով է սկսել պատերազմը: Դա ադրբեջանական կողմն է, և ոչ թե Լեռնային Ղարաբաղի/ Արցախի Հանրապետության բնակչությունը: Եվ այդ պատերազմը սկսվեց մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական բնակչության ու շինությունների հրետակոծությամբ: Ստեփանակերտում չկան ռազմական օբյեկտներ: Իսկ քաղաքացիական բնակչությանը գյուղերում, քաղաքներում, այդ թվում և՝ մայրաքաղաքում ռմբակոծելը մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Հարց- Վերադառնալով իմ նախկին հարցին՝ կարո՞ղ է լինել տարաձայնություն հայկական զինված ուժերի ներսում: - Եթե խոսում եք Հայաստանի և ՀՀ պաշտպանության նախարարության մասին, ավելի քան վստահ եմ, որ կա միայն մեկ տեսակետ և մեկ վարքագիծ, որը գալիս է կառավարությունից, վարչապետի գրասենյակից, պաշտպանության նախարարությունից: Եվ պատճառը պարզ է՝ վարչապետն է պատասխանատու անձը կառավարությունում այս ամբողջ գործողությունների իրականացման համար: Եթե ես նման տեղեկություն ունենայի, ապա կլինեի առաջինը, ով կվերցներ հեռախոսը և կխոսեր վարչապետի, պաշտպանության նախարարի հետ: Ես չունեմ նման տեղեկատվություն: Հարց- Պարոն նախագահ, ուզում եմ հստակեցնել՝ երբ ասում եք, որ տեղյակ չեք Հայաստանի կողմից Գյանջայի հրետակոծման կամ ռմբակոծման դեպքերի մասին, արդյո՞ք նկատի ունեք, որ տվյալ դեպքում դա սադրանք է՝ հասնելու իրավիճակի ավելի լարման: - Դա սադրանք է, թե ոչ՝ մանրուք է: Մեծ պատկերն այն է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը որոշեց, որ իրենք այլևս հետաքրքրված չեն սեղանի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ շարունակելու բանակցությունները: Նրանք որոշեցին վերադառնալ 30 տարով հետ, երբ սկսվեց ղարաբաղյան առաջին պատերազմը, և կրկին փորձել խնդիրը լուծել ուժի միջոցով: Ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, այլև որպես մեկը, ով հետևում է գործընթացին երկար տարիներ, կարող եմ վստահեցնել, որ երբ վերլուծում եմ այս ամենը, տրամաբանորեն հասկանում եմ, որ խնդիրը ռազմական լուծում չունի մի քանի պատճառով: Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը Ղարաբաղը ստացավ որպես մեծ նվեր Ստալինի կողմից: 65 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղն ինքնավարություն ուներ, բնակչության բացարձակ մեծամասնությունը հայեր էին: 65 տարի հետո ինչպե՞ս կարող էր Ադրբեջանը չունենալ Լեռնային Ղարաբաղի բնակչության վստահությունը: Այս բառը՝ վստահություն, շատ կարևոր է: Սա պատճառներից մեկն է, թե ինչու 1991 թվականին ԼՂ բնակչությունը որոշեց Խորհրդային Միության փլուզման ժամանակ քվեարկել բոլոր օրենքներին համապատասխան անցկացված հանրաքվեին և կողմ արտահայտվել անկախությանը: Բացակայում էր վստահությունը: Նրանք չէին վստահում Ադրբեջանին որպես մի երկիր, որտեղ կարող էին բնակվել, քանի որ անգամ խորհրդային իշխանության ներքո Ադրբեջանն անում էր ամեն ինչ՝ հայերին ԼՂ-ից դուրս հանելու համար: Դպրոցներ էին փակվում: ԼՂ-ում շատ հայերի համար առաջին լեզուն ռուսերենն էր, տանը հայերեն էին խոսում, սակայն գնում էին ռուսական դպրոցներ, քանի որ չէին ցանկանում ադրբեջանական դպրոց հաճախել: Վստահությունը խախտված էր: Ինչպե՞ս կարող ես մտածել, որ ԼՂ բնակչությունը կարող է վստահել Ադրբեջանին առաջին պատերազմից, այդքան մեծ թվով կյանքերի կորստից հետո: Սա անհնար եմ համարում: Հարց- Ի՞նչն է ներկայիս պայմաններում ավելի կարևոր հայկական կառավարության համար՝ մարդկային կյա՞նքը, Ղարաբաղի կարգավիճա՞կը, թե՞ սահմանները: - Չի կարելի բարդ քաղաքականությունը պարզեցնել, չի կարելի պարզեցնել մարդկային վարքագիծը: Ամեն ինչ կարևոր է, քանի որ ամեն ինչ փոխկապակցված է: Մարդկային կյանքն ամենամեծ առաջնահերթությունն է: Եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում, ապա ինձ համար մարդկային կյանքն ամենակարևորն է: Եթե մտածում ենք ԼՂ խնդիրը կամ ցանկացած խնդիր կարգավորելու մասին, ապա կարծում եմ, որ լուծման առանցքում պետք է դնել մարդկային կյանքը: Եվ կարևոր չեն տարիքը, ռասսան, մաշկի գույնը կամ կրոնը: Մարդկային կյանքը բացարձակ արժեք է: Իսկ ինչպե՞ս պետք է պաշտպանել այդ կյանքը: Դա արվում է հատուկ կառույցների կամ երաշխիքների միջոցով, որն այս դեպքում կարող է լինել կարգավիճակը կամ պետությունը կամ սահմանին կանգնած զինվորը: Այս ամենը փոխկապակցված է: Ի վերջո, ամենակարևորը մարդկային կյանքն է: Հարց- Միևնույն ժամանակ, երբ խոսում էի իմ գործընկերների հետ, ովքեր աշխատում են այնտեղ, նրանք ինձ ասացին, որ այնտեղ ասես դժոխք լինի, քաղաքները ռմբակոծվում են: Ոմանք ասում են, որ կարծես թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ընդհանրապես պատրաստված չի եղել: - Պատրաստված չի եղել ինչի՞ն: Լրագրող- Նման իրավիճակի, երբ քաղաքներ են ավերվում: Իհարկե, միշտ կառավարությունները քննադատվում են: Միշտ լինում է մի բան, որի համար զղջում ես: Սակայն բոլորս այստեղ պետք է ափսոսանք միայն մի բանի համար՝ պատերազմի սկսվելու: Իսկ այդ որոշումը չեն կայացրել ԼՂ բնակությունը կամ իշխանությունները կամ Հայաստանի իշխանությունները: Այդ որոշումը կայացրել է Ադրբեջանը, նրա՛նք են սկսել 2 շաբաթ առաջ այս պատերազմը, և նրանք պետք է բարոյական պատասխանատվություն կրեն սրա համար: Լրագրող- Սակայն դա չի նշանակում, որ հնարավոր չէր կանխատեսել այս ամենը: - Այո, իհարկե: Պատերազմը Ղարաբաղում երբեք չի ավարտվել՝ անգամ 1994 թվականի զինադադարից հետո: Մենք բոլորս չենք հաջողել, դիվանագիտորեն ասած, մնալ բանակցությունների և երկխոսության ճանապարհի վրա: ԼՂ-ի դեպքում եթե նրանց հարցնեք, թե ո՞րն է նրանց համար հաղթանակը, կասեն, որ հաղթանակը սեփական հայրենիքը, տունն ու ընտանիքներին պաշտպանելն է: Եթե հարցնեք ադրբեջանցիներին, ապա նրանց նպատակը ԼՂ-ն առանց հայերի ստանալն է: Ժամանակակից աշխարհում սա անվանում են էթնիկ զտում: Անգամ եթե հաջողության հասնեք էթնիկ զտման հարցում, այս մարդկային պատերազմը երբեք չի ավարտվի: Գուցե ֆիզիկական պատերազմ չլինի, գուցե վերահսկողություն հաստատվի տարածքի նկատմամբ, սակայն մարդկային, բարոյական կռիվը կշարունակվի: Դրա վառ ապացույցը Հայոց ցեղասպանությունն է, որը տեղի է ունեցել 105 տարի առաջ: 1.5 մլն մարդ ոչնչացվեց: Արդյո՞ք այդ ամենն ավարտվեց: Ոչ: Բազմաթիվ երկրներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, այդ թվում՝ նաև ՌԴ-ն: Բազմաթիվ երկրներ դատապարտում են Թուրքիային: Շատ երկրներ, նայելով, թե ինչ է տեղի ունենում Լեռնային Ղարաբաղում, այդ թվում և՝ սփյուռքում բնակվող միլիոնավոր հայեր, Թուրքիայի ներգրավվածությամբ Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում համարում են մեկ այլ ցեղասպանության, էթնիկ զտման փորձ: Ո՞վ կարող է Լեռնային Ղարաբաղում հայերից տարածք պահանջել: Այս մարդիկ այստեղ են բնակվում արդեն հազարավոր տարիներ: Հարց- Համաձա՞յն եք, որ օդային պաշտպանության համակարգը կատարյալ ձախողման է ենթարկվել: Քանի որ հանրապետությունն ավերված է: Իհարկե, հասկանում եմ, որ Դուք պաշտպանության նախարար չեք: Մյուս հարցը՝ ո՞րն է Հայաստանի կառավարության վերջնական նպատակը, երբ այս ամենն ավարտվի: - Ինչպես ինքներդ նշեցիք, ես պաշտպանության նախարար չեմ, ներգրավված չեմ այս կամ այն պաշտպանական համակարգի աշխատանքի մեջ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ուներ այն ռազմական տեխնիկան, որն ուներ: Մեր նոր աշխարհում շատ ռազմական սարքեր, տեխնոլոգիաներ, զենքեր կապված են ֆինանսների հետ: Եկեք խնդրին նայենք այլ տեսանկյունից: Երբ Թուրքիան ներգրավվեց այս հակամարտության մեջ, իսկ այդ երկիրը մշտապես խորհրդատվություն է տվել Ադրբեջանին, այս անգամ օգնությունը բացեիբաց էր: Եվ դա կարող եք տեսնել նրանց քաղաքական հայտարարություններում, նախագահի, արտգործնախարարի բառապաշարում, ռազմական անձնակազմի ներկայության մեջ: Թուրքիան իսլամիստ ահաբեկիչ զինյալների է բերել Ադրբեջան, և դա այժմ միջազգայնորեն ճանաչված փաստ է շատերի, այդ թվում և՝ ՌԴ-ի կողմից: Որպես արդարացում՝ թուրքերն ասում են, թե ադրբեջանցիներն իրենց էթնիկ եղբայրներն են, սակայն սա չի գործում նոր աշխարհում, քանի որ էթնիկ եղբայրներ կան Կենտրոնական Ասիայում, Մոնղոլիայում, Չինաստանում, սա նշանակում է, որ պետք է ամեն անգամ միջամտի՞, երբ ինչ-որ խնդիր ծագի: Երբ նայում եմ ժամանակակից Թուրքիային, այդ երկիրը 360 աստիճանով խնդիրներ ունի՝ Եգիպտոսի հետ, ներգրավված է Լիբիայում, նրանք «տարածքային ամբողջականության» հարցում օգնում են Ադրբեջանին, բայց, միևնույն ժամանակ, խախտում են Իրաքի, Սիրիայի սահմանները, փորձում են ներկայություն ունենալ Լիբանանում, Ծոցի երկրներում, խնդիրներ են առաջացնում Միջերկրական ծովի արևելքում, իսկ հիմա արդեն Կովկասում են: Երկրորդը՝ նրանք խոսում են PKK զինյալների մասին, ինչը բացարձակ անհեթեթություն է: Երրորդը, խոսում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի մասին՝ ասելով, թե հայերը կարող են հարվածել դրան, ուստի մենք այստեղ ենք պաշտպանելու համար: Իսկ որտե՞ղ է տրամաբանությունը: Եթե հայերն ուզեին հարվածել խողովակաշարին, կանեին դա 20 տարի առաջ, երբ այն դեռ նոր էր կառուցվում: Եթե այդ ժամանակ հարվածեին, այն առհասարակ չէր լինի, սակայն հայերը դա չեն արել: Անգամ մեկ փամփուշտ չի արձակվել: Հայերը թույլ են տվել Ադրբեջանին կառուցել խողովակաշար, վաճառել նավթ և գազ, այդ թվում և՝ Կենտրոնական Ասիայից, վաստակել միլիարդավոր դոլարներ և այդ գումարներն օգտագործելով գնել զենք, որը ԼՂ-ում օգտագործում են հայերի դեմ: Հարց- Գումար և թուրքական աջակցությո՞ւն: - Այո, գումարի և թուրքական աջակցության միջոցով կարող ես հաղթահարել ցանկացած ժամանակակից պաշտպանական համակարգ, որն ուներ ԼՂ-ն: Երբ հարցնում եք՝ ինչպե՞ս, պատասխանը հետևյալն է՝ որովհետև ԼՂ-ն չունի նավթ, ինչպե՞ս, որովհետև հայերն այս մոլորակի ճիշտ քաղաքացիներ են, նրանք չեն հրետակոծում խողովակաշարը՝ թույլ չտալով ադրբեջանցիներին գումար աշխատել: Հարց- Իսկ ո՞րն է Հայաստանի կառավարության վերջնական նպատակը: - Վերջնական նպատակն է դադարեցնել պատերազմը, վերադառնալ բանակցային սեղան, գնալ ճիշտ ուղղությամբ. այն է՝ ԼՂ կարգավորմանը և վերջնական կարգավիճակի համար նորմալ բանակցություններին այլընտրանք չկա: Բանակցային գործընթացը միայն վերջնական կարգավիճակը չէ, կարևոր է, որ բանակցությունների ժամանակ մարդիկ աստիճանաբար, դժվարությամբ, երբեմն չուզելով վստահություն կառուցեն: Հարց - Սակայն ո՞րն է իրատեսական պատկերը: Հասկանում ենք, որ այս պահին հնարավոր չի լինելու վերադառնալ այն ստատուս քվոյին, որը գոյություն ուներ: - Կարծում եմ՝ այսօր դեռևս շատ վաղ է խոսել, թե ինչ տեղի ունենա, եթե այսօր ի վիճակի չլինենք լուծել խնդիրը: Իսկ խնդիրը հրադադարի հաստատումն է: Բանակցությունների վերջին 20 տարիների ընթացքում շատ տարբերություններ են կարգավորվել, վստահեք ինձ: Իհարկե, կան մի շարք խնդիրներ, որոնք չեն կարգավորվել, կան հարցեր, որոնք պահանջում են քաղաքական խիզախություն և որոշում: Սակայն երբ խոսում եք նման ծավալի հակամարտության մասին, այնքան մանրուքներ կան, որոնք փոքր են թվում, սակայն պետք է դրանց շուրջ բանակցել: Այդ ամենն արվել էր, սակայն հիմա դա խախտվել է: Եվ այնուամենայնիվ, չկա այլ ուղի, քան սկսելը կրկին բանակցել: Մեզ համար դա շատ կարևոր է: ԼՂ ժողովուրդը և հանրապետությունն այլ լուծում չեն տեսնում, քան այն, որ հայերն ազատորեն բնակվեն իրենց հայրենիքում՝ արժանապատվորեն: Յուրաքանչյուր հայի համար կարևոր է, որպեսզի բացառվի մեկ այլ էթնիկ զտման և ցեղասպանության վտանգը: Իսկ ինչ կլինի արդյունքը, ես զերծ կմնամ կանխատեսումներ անելուց: Քանի որ դա ավելի շատ նման կլինի սպեկուլյացիայի: Իմ խոսքը հետևյալն է՝ ժամանակն է դադարեցնել պատերազմը: Երբ նայում ես Ստեփանակերտին, թվում է, թե այն քաղաք է Երկրորդ աշխարհամարտից հետո: Այս քաղաքն առաջին պատերազմից հետո մեծ սիրով վերակառուցվել էր, իսկ այժմ ամբողջությամբ ավերվել է: Շուշիում կա Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը կառուցվել է 19-րդ դարում: Գրեթե նույն ժամանակահատվածում Շուշիում կառուցվել է նաև մզկիթ: Արցախյան առաջին պատերազմից հետո երկուսն էլ ավերվել էին: ԼՂ կառավարությունն արտերկրի հայերի և որոշ ոչ հայ բարեկամների, այդ թվում նաև՝ մուսուլմանների նվիրատվություններով եկեղեցին ու մզկիթը վերակառուցվել են: Սա հայկական մոտեցումն է: Այս պատերազմի ժամանակ ադրբեջանցիները թիրախավորեցին եկեղեցին, իսկ գիտե՞ք՝ ովքեր էին ներսում՝ ոչ թե զենք, այլ կանայք և երեխաներ, լրագրողներ, այդ թվում և՝ ռուս: Նրանք վիրավորվել են: Հարց- Ուզում եմ հարցնել Մոսկվայի բանակցությունների հիմնական շարժառիթի մասին՝ խուսափել հումանիտար աղետից: Ի՞նչ է արվել: Ամենադժվար մասը փախստականներն են և կորուստները: Ի՞նչ թվեր կան այստեղ: Արդյո՞ք ամենախոցելի մարդիկ այժմ անվտանգ տեղերում են: - Հումանիտարն այստեղ մի քանի շերտ ունի: Նախ՝ կռիվն առաջնագծում դադարեցնել է ՝ թույլ տալով միջազգային կազմակերպություններին, ինչպիսին է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը, օգնել տարածքից հանելու վիրավորներին, զոհերի դիակները և այլն: Շատերը կորցրել են ընկերներին, բարեկամներին: Մենք մեծ թվով փախստականներ ունենք Լեռնային Ղարաբաղից: Որպես երկրի նախագահ՝ հպարտ եմ ասել, որ պատերազմի առաջին օրերից կար համազգային համախմբվածություն: Պատերազմի առաջին օրերից սկսած՝ ազգային միասնականություն կա: Որպես այդ ամենի օրինակ՝ կարող եմ նշել, թե ինչպես են մարդիկ ինքնակազմակերպվել՝ Արցախից եկած փախստականների համար հոգ տանելու համար: Նույնիսկ մինչև կառավարությունը սկսել էր համապատասխան քայլեր ձեռնարկել, հազարավոր կամավորներ նրանց աջակցում և հոգ էին տանում: Հարց- Ունե՞ք արդյոք վերջին տվյալներ կամ գոնե հնարավոր գնահատականներ: - Խոսքը հազարավոր մարդկանց մասին է: Հարց- Անդրադառնանք Ռուսաստանի դերին: Որպես Երևանի դաշնակից՝ Ռուսաստանը բավարար քայլեր կատարե՞լ է: -Երբ խոսում եմ Կովկասում Ռուսաստանի վարած քաղաքականության մասին՝ հենվում եմ մի քանի կարևոր սկզբունքների վրա: Դրանցից մեկը վերջերս նշել է նախագահ Պուտինը : Նա հստակորեն ասել է, որ Ռուսաստանը հարաբերություններ ունի Հայաստանի հետ, կան ստորագրված պայմանագրեր՝ և՛ քաղաքական, և՛ ռազմական ոլորտներում, Հայաստանը նաև ՀԱՊԿ մաս է կազմում: Նախագահ Պուտինը հստակ նշել է, որ հավատարիմ կմնան յուրաքանչյուր պայմանագրի դրույթներին: Կարծում եմ՝ սա կարևոր է Կովկասում Ռուսաստանի վարած քաղաքականության տեսանկյունից: Ես դա ողջունում եմ, որովհետև սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը վստահելի գործընկեր է: Ռուսաստանը նաև լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Եվ այս հարաբերությունները հավասարակշռված են: Կարծում եմ, որ դրանք այնքան շատ են հավասարակշռված, որ երկու կողմերը կարող են Ռուսաստանին վստահել որպես միջնորդի: Այդ վստահության և պատասխանատվության շնորհիվ են կողմերը հավաքվել մեկ հարկի տակ և սկսել խոսել: Հույս ունեմ, որ վերջնական հրադադար կհաստատվի, և դրա հիման վրա կշարունակենք առաջ գնալ: Ռուսաստանի դերը շատ կարևոր է: Իհարկե, կարևոր է, որ կա ԵԱՀԿ Մինսկի խմբի հարթակը, և համանախագահող երկրների նախագահները՝ Դոնալդ Թրամփը, Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Պուտինը, դիմել են կողմերին: Նախագահ Թրամփը հիմա զբաղված է ընտրություններով, նախագահ Մակրոնը, ներկայացնելով Եվրոպան, ակտիվորեն ներգրավված է, և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան: Եվ, իհարկե, Ռուսաստանի դերն այս հարցում առանձնահատուկ է: Հարց- Այդուհանդերձ, պետք է, որ լսած լինեք Թուրքիայի նախագահի կողմից արված ծայրահեղ տարբեր գնահատականներն այն մասին, թե Մինսկի խմբի տասնամյակների ջանքերն անօգուտ են։ Ինչպե՞ս կարձագանքեք։ Ի դեպ, նա սա ասել է անմիջապես այն բանից հետո, երբ հրապարակվեց նախագահներ Մակրոնի, Թրամփի և Պուտինի հայտարարությունը։ - Առաջին հերթին դա ցույց է տալիս, որ այդ երկիրը խորապես չի հասկանում ամբողջ խաղաղ գործընթացը։ Ցավոք, դա ցույց է տալիս նաև նրա վերաբերմունքը միջազգային խնդրահարույց հարցերը լուծելուն։ Դա նաև ցույց է տալիս, որ Թուրքիայի նպատակները այս տարածաշրջանում, ներառյալ Ադրբեջանում, բոլորովին ուրիշ են։ Նրանք նպատակ չունեն կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իրենց օրակարգում այլ բան ունեն։ Այս հարցում Թուրքիայի ներգրավվածության իրական նպատակը ոչ միայն Լեռնային Ղարաբաղն է և հայերին դաս տալն ու հիշեցնելը, որ երբեք չի ճանաչի ցեղասպանությունը, այլ նաև՝ ուժեղ ներկայություն ունենալն Ադրբեջանում։ Հարց- Պարոն նախագահ, ի՞նչն է Ձեզ ստիպում պնդել, որ սիրիացի վարձկանները կռվում են ադրբեջանական զորքերի շարքերում այս տարածաշրջանում։ Ձեր վերաբերյալ նույնպես՝ PKK զինյալների մասին են ասում։ Բացառու՞մ եք քուրդ ուժերի ներկայությունն այստեղ։ - Դա բացարձակ անհեթեթություն է։ Դուք լրագրող եք, և եթե որևէ մեկին գտնեք կամ գոնե հետքը գտնեք, ինձ զանգեք, խնդրում եմ։ Այո, կան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քուրդ և եզդի քաղաքացիներ։ Նրանք այդ երկրների քաղաքացիներ են և կռվում են ճիշտ այնպես, ինչպես այդ երկրի յուրաքանչյուր քաղաքացի։ Որևէ քուրդ մարտիկի չեք կարող գտնել հայկական կողմում։ Հայերը կարող են պաշտպանել իրենց հայրենիքը։ Մեր ուղերձն է՝ մենք չենք ցանկանում, որ որևէ մեկը ներգրավվի։ Մենք չենք ցանկանում իրադրությունը բարդացնել։ Ցանկանում ենք մի բանի բացառում, որը Թուրքիայի գործոնն է։ Եթե Թուրքիան դուրս գա, կարող եմ վստահեցնել, որ հրադադարը կայուն կլինի և երկար ժամանակ կպահպանվի։ Այն պահին, երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց՝ հրետակոծելով և օգտագործելով բոլոր հնարավոր ժամանակակից սարքերը պետք է սպասեր, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը փոխադարձ պատասխանելու և կռվելու է, քանի որ նա կռվում է իր կյանքի համար, այլ ոչ թե մի կտոր հողի։ Նա կռվում է ապրելու, իր կյանքի, հայրենիքի, արժանապատվության համար։ Հարց-Պարոն նախագահ, Թուրքիայի այդ ողջ աջակցությամբ (գումարի, ժամանակակից զինտեխնիկայի) հանդերձ՝ ինչու՞ պետք է Թուրքիան կամ Ադրբեջանը ցանկանային ներգրավել սիրիացի իսլամիստներին այստեղ։ - Հարցրեք իրենց։ Ես չգիտեմ։ Հարց- Սակայն Դուք վստա՞հ եք, որ նրանք այստեղ են։ - Ոչ միայն ես եմ վստահ։ Պարոն Նարիշկինը ևս հայտարարել է դրա մասին, և նա միակը չէ, որ ասել է դրա մասին։ Մենք շատ ապացույցներ ունենք։ Ես չեմ ցանկանում հիմա դա Ձեզ ապացուցել, դա արդեն իսկ ապացուցված է։ Հարցրեք պարոն Էրդողանին կամ պարոն Ալիևին, թե ինչու են այդ մարդկանց տարել այնտեղ։ Հարց -Իրատեսականորեն հնարավորությու՞ն կա, որ հիմա խաղաղապահ առաքելությունը կարող է օգնել և իրականացվել, և ո՞վ կարող է դա անել։ -Որպես նախագահ՝ բաց եմ ցանկացած գաղափարի համար։ Այս հարցում սահմանափակումներ չկան։ Խաղաղապահներ կլինեն, եթե երկու կողմերը համաձայնեն։ Նրանք չեն կարող մեկ կողմում լինել։ Հարց- Դուք համաձա՞յն եք։ - Դա կախված է նրանից, թե ինչպես կընթանան խաղաղ բանակցությունները։ Կարծում եմ, որ ամեն ինչ սեղանին է, և եթե մենք հրադադար ունենանք և վերադառնանք բանակցությունների սեղան, կարող է ամեն ինչ քննարկվել՝ խաղաղապահների, մանդատի, խնդիրների, ժամանակացույցի, ամեն ինչի մասին։ Վաղաժամ է ասել՝ այս կամ այն բանն ընդունելի է, թե ոչ։ Կարող եմ օրինակ բերել։ Երբ Լեռնային Ղարաբաղը հայտարարեց իր անկախության մասին, այդ ժամանակ Խորհրդային Միության մաս էր կազմում։ Հետո Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը հայտնեց, որ պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն և, հնարավոր է նաև, Հայաստանի մաս։ Սակայն ավելի ուշ Հայաստանի ղեկավարությունը խոհեմորեն դադարեցրեց այս գործընթացը։ Ինչու՞։ Որովհետև դա այնքան պարզ էր։ Նրանք ձեր եղբայրներն են։ Ինչու՞ Հայաստանը չճանաչեց այս բոլոր տարիներին։ Շատ պարզ պատճառով։ Հայաստանում հասկանում են, որ ճանաչելով՝ մեկ այլ բարդություն կառաջանա խաղաղ գործընթացի համար։ Հարց- Դատելով այն ամենից՝ ինչ ասացիք, Դուք զգու՞մ եք, որ Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերություններն ավելի են սերտացել այս վերջին բռնկումից հետո։ Կհամաձայնե՞ք այդ մտքի հետ։ -Մեր մտերմությունը չի կարող մեկնաբանվել այսօրվա քաղաքականությունից ելնելով, հայտարարությունների մակարդակով կամ վերաբերմունքով, որոշումներով, խմբերով, կուսակցություններով։ Մեր հարաբերությունները եղել են, կան և, համոզված եմ, լինելու են շատ խորը։ Շատ ավելի խորը, քան քաղաքական իրադարձությունները։ Այս հարցին պատասխանելու համար կրկին նույն բառը կօգտագործեմ, որը մի քանի անգամ արդեն իսկ հնչեցրել եմ՝ վստահություն։ Սա վստահություն է, որը գալիս է դարերով։ Հարց-Դա չի՞ փոխվի ապագայում և հատկապես մոտ ապագայում։ -Վստահությունը և բարեկամությունը մի բան են, որի մասին պետք է հոգ տանես ամեն օր։ Կարծում եմ, որ դա նման է գեղեցիկ բույսի կամ ծառի, և եթե այն չջրես, չխնամես, ծաղիկներ և պտուղներ չես ստանա։ Պետք է խնամես, հոգ տանես դրա մասին ամեն օր, նույնիսկ եթե այն խորն է։ -Պարոն նախագահ, շնորհակալություն վստահության համար։ Եկեք շարունակենք այն պահպանել։
16:01 - 13 հոկտեմբերի, 2020
Արցախցին վճռական է պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ տարածաշրջանը ահաբեկչության օջախ վերածելու համար․ ՊԲ

Արցախցին վճռական է պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ տարածաշրջանը ահաբեկչության օջախ վերածելու համար․ ՊԲ

Արցախի ՊԲ հայտարարությունը․ «Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծած լայնածավալ պատերազմը շարունակվում է մինչ օրս՝ ուղեկցվելով ադրբեջանական կողմից միջազգային մարդասիրական իրավունքի, մարդու իրավունքների միջազգային իրավունքի և սովորութային միջազգային իրավունքիբազմաթիվ նորմերի ու սկզբունքների (Մարդու իրավունքների համընդահնուր հռչակագիր, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիա, 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևյան կոնվենցիաներ, Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և վարժեցման դեմ միջազգային կոնվենցիա, միջազգային սովորութային իրավունք և այլն) համատարած ոտնահարումով։ Միաժամանակ իր պատերազմական հանցագործությունները կոծկելու կամ արդարացնելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության նկատմամբ նոր հարձակումներ իրականացնելու համար հող նապախատրաստելու նպատակով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դիմում է ապատեղեկատվության քարոզի՝ մտացածին գործողությունների մեջ մեղադրելով ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այլև Հայաստանի իշխանություններին: Արցախցին իր ողջ ներուժով վճռական է պաշտպանելու իր հայրենիքի և իր ժողովրդի անվտանգությունը, ինչպես նաև պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ իրականացված ռազմական հանցագործությունների և մեր տարածաշրջանը միջազգային ահաբեկչության օջախ վերածելու քաղաքականության համար»:
15:34 - 13 հոկտեմբերի, 2020
Մեծ հաշվով Թուրքիան է, որ հաշվի չի նստում հումանիտար հրադադարի ռեժիմի հետ․ Արման Եղոյան |hetq.am|

Մեծ հաշվով Թուրքիան է, որ հաշվի չի նստում հումանիտար հրադադարի ռեժիմի հետ․ Արման Եղոյան |hetq.am|

hetq.am: Այս կռիվը Արցախի համար չէ, տարածաշրջանը վերաձևելու փորձ է` նախաձեռնած Թուրքիայի կողմից: Այս մասին հոկտեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: «Կարծում եմ` այլևս Ադրբեջանը չի որոշում` ինքը հարձակվի, չհարձակվի, նահանջի թե հրադադար հաստատի, այդ որոշումները կայացվում են Թուրքիայում, և մեծ հաշվով Թուրքիան է, որ հաշվի չի նստում հումանիտար հրադադարի ռեժիմի հետ»,- նշեց Եղոյանը: Ըստ պատգամավորի` նույնիսկ կարճատև հրադադարից հետո Ադրբեջանի հասարակությունը տարբեր աղբյուրներից հնարավորություն է ստանալու իրենց կորուստների իրական թվերի մասին տեղեկություններ ստանալ: Այդ թվերը ներքաղաքական լուրջ խնդիրներ են ստեղծելու Ադրբեջանի ղեկավարության համար: «Հարձակվող կողմը մի քանի անգամներով ավելի շատ կորուստներ է կրում, և նման կորուստ կրել են ոչնչի կամ մեկ-երկու դիրքի կամ գյուղի դիմաց: Այս պահի դրությամբ դա տոտալ պարտություն է»,-ասաց նա` ընդգծելոց, որ դա է պատճառը, որ Ադրբեջանը  հնարավորինս փորձում է բարելավել իր դիրքերը: Ըստ քաղաքական մեծամասնության պատգամավորի` միջազգային հանրությունը գիտակցում է, որ այս ամենը ոչ տարածքի, ոչ էլ ինքնորոշման իրավունքի վեճ չէ, այն գոյամարտ է: Ինչ վերաբերում է այն հարցին, թե միգուցե այս պահին պատեհ պահն է, որ Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը, Արման Եղոյանն արձագանքեց` Հայաստանը փաստացի ճանաչել է Արցախի անկախությունը: Արցախի անվտանգության միակ երաշխավորը Հայաստանն է, Հայաստանն է, որ միջպետական վարկ է տրամադրում Արցախին: «Մենք փաստացի հարաբերությունների մեջ ենք Արցախի հետ, սակայն, մեր  ճանաչումը միջազգային տեսանկյունից շատ բան չի փոխի: Մեզ պետք է, որ այլ երկրներ ճանաչեն Արցախի անկախությունը: Եթե այլ երկրներ սկսեն փաստացի ճանաչել, բարձր մակարդակով պատվիրակություններ գան Արցախ, համագործակցության այնպիսի ձևաչափ ստեղծվի այնպիսի, ինչպիսին մենք ունենք, արդեն մեծ առաջընթաց կլինի»,- ասաց Արման Եղոյանը: Շարունակությունը՝ hetq.am-ում
15:21 - 13 հոկտեմբերի, 2020
Թուրքիան և բռնապետ Էրդողանն ակնհայտ սպառնալիք են հայ ժողովրդի համար. Իսրայել Չարնին սրտնեղած է իր երկրի տգեղ դերակատարությունից |armenpress.am|

Թուրքիան և բռնապետ Էրդողանն ակնհայտ սպառնալիք են հայ ժողովրդի համար. Իսրայել Չարնին սրտնեղած է իր երկրի տգեղ դերակատարությունից |armenpress.am|

armenpress.am: Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի համահիմնադիր և նախկին նախագահ, պրոֆեսոր Իսրայել Չարնին վստահ է, որ իսրայելցիների մեծամասնությունը Հայաստանի հետ է և սրտնեղած Իսրայելի կառավարության տգեղ դերակատարությունից՝ Ադրբեջանին զենքի վաճառքի առումով:  Չարնին շեշտեց, որ Իսրայելի ինտելեկտուալ համայնքը և հատկապես ցեղասպանագետները հստակ հասարակական դիրքորոշում են որդեգրել: Նա հիշեցրեց, որ օրեր առաջ Իսրայելի գիտնականները հայտարարությամբ կոչ են արել կառավարությանը դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին: «Այնուամենայնիվ, Իսրայելում ներկայում քաոսային և կոռումպացված պետության պայմաններում, մեր՝ անցյալում երբեմն ունեցած լավ ազդեցությունը դադարեցվել է, և մենք հույս չունենք, որ կարող ենք ազդել այս անպատասխանատու և կործանարար կառավարության վրա: Օրինակ՝ նախկինում մենք զգալի աջակցություն ենք ունեցել մեր այժմյան նախագահ Ռիվլինից, որը Հայոց ցեղասպանության ճանաչման խիստ կողմնակիցն է, բայց պարադոքսալ կերպով, նախագահի իր երևելի պաշտոնում նա ավելի քիչ ազդեցություն ունի քաղաքական գործընթացի վրա, քան ուներ՝ որպես Կնեսետի (Իսրայելի խորհրդարան) խոսնակ»,-ասաց Իսրայել Չարնին: Նրա կարծիքով՝ Թուրքիան, բռնապետ Էրդողանի օրոք, ակնհայտորեն սպառնալիք է հայ ժողովրդի և նաև Իսրայելի համար: Չարնին նկատեց, որ Թուրքիան չարագուշակ կերպով սպառնում է Իսրայելին՝ Երուսաղեմի վերաբերյալ իր հռետորաբանությամբ , շարունակում է իր հալածանքները նաև քրդերի նկատմամբ Սիրիայում:  Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրենը շեշտեց, որ  Էրդողանն ակնհայտ մարդասպան է: «Ես կցանկանայի հուսալ և հավատալ, որ Իսրայելը դեռ կուղղվի: Ես կասկած չունեմ, որ իսրայելցիների բնական մեծամասնությունը Հայաստանի հետ է և խորապես նեղսրտած է մեր տգեղ դերակատարությունից ՝ չսահմանափակելով Ադրբեջանին վաճառած ցանկացած զենքի՝ ինչ-որ կերպ օգտագործումը Հայաստանի դեմ»,-ասաց Չարնին:
18:27 - 12 հոկտեմբերի, 2020
Վերահաստատում ենք բանակցային ձևաչափի անփոփոխելիությունը. Լավրովն անդրադարձավ Ալիևի հայտարարությանը |armenpress.am|

Վերահաստատում ենք բանակցային ձևաչափի անփոփոխելիությունը. Լավրովն անդրադարձավ Ալիևի հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «Թուրքիան պետք է ավելի ակտիվ դերակատարում ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, ինչպես Մինսկի խմբի ձևաչափի, այնպես էլ այլ ձևաչափերի շրջանակներում»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Սերգեյ Լավրովը հիշեցրեց, որ  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում միջնորդության լիազորություն ունեն երեք համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան՝ ընդգծելով, որ Մոսկվայում ընդունված եռակողմ հայտարարության կետերից մեկով ֆիքսել են բանակցային գործընթացի  ձևաչափի անփոփոխելիությունը: «Վերջին օրերին, այն հայտարարությունները, որոնք հնչել են համաշխարհային մայրաքաղաքներից, ընդգծում են հավատարմությունը երեք համանախագահների մանդատին»,- ասաց ՌԴ ԱԳ նախարարը: Նա հավելեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մոսկվայում են և հանդիպելու են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, իսկ անցած շաբաթ Ժնևում կոնտակտներ են ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ: «Մենք վերահաստատում ենք բանակցային գործընթացի, բանակցային ձևաչափի անփոփոխելիությունը: Եռակողմ համատեղ հայտարարությամբ վերահաստատել ենք հավատարմությունը քաղաքական կարգավորման հասնելու հետագա ջանքերին ՝ այն սկզբունքների հիման վրա, որոնք մշակվել են համանախագահների մասնակցությամբ»,- ասաց Լավրովը: ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ Իլհամ Ալիևը նույնպես ողջունել է մոսկովյան պայմանավորվածությունները: Սերգեյ Լավրովը հավելեց, որ կապ է հաստատել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, նրան տեղյակ է պահել, որ ակնկալում են աջակցություն իրենց  ջանքերին: «Կիրակի մենք ևս մեկ հեռախոսազրույց ենք ունեցել, որի ընթացքում հաստատվել է աջակցությունը մոսկովյան փաստաթղթին»,- ասաց նա: Եզրափակելով խոսքը՝ ՌԴ ԱԳ նախարարն ընդգծեց, որ հարկավոր է, որպեսզի մոսկովյան պայմանավորվածություններն աշխատեն ռեալ կյանքում, ինչի ուղղությամբ աշխատում են:
17:15 - 12 հոկտեմբերի, 2020
Նամակներով դիմել եմ ՆԱՏՕ անդամ և ասոցացված պետությունների պատվիրակությունների ղեկավարներին․ Անդրանիկ Քոչարյան

Նամակներով դիմել եմ ՆԱՏՕ անդամ և ասոցացված պետությունների պատվիրակությունների ղեկավարներին․ Անդրանիկ Քոչարյան

ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անրդնաիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Այսօր նամակներով դիմեցի ՆԱՏՕ ԽՎ նախագահ Աթթիլա Մեսթերհազիին, ՆԱՏՕ անդամ և ասոցացված պետությունների պատվիրակությունների ղեկավարներին: Տեղեկացրեցի, որ Ադրբեջանը, խախտելով հոկտեմբերի 10-ից՝ ժամը 12:00-ից հայտարարված հումանիտար հրադադարի պահանջները, շարունակում է թիրախավորել խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները:Ավելին, Թուրքիայի անմիջական աջակցությամբ, փաստորեն շարունակվում է Հայոց ցեղասպանության քաղաքականությունը: Սա Արցախի Հանրապետությունում տիրող ծանր իրավիճակի հետ կապված իմ կողմից Ձեզ ուղղված երրորդ նամակն է:Ինչպես գիտեք հոկտեմբերի 9-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ հանդիպումից հետո, հոկտեմբերի 10-ից՝ ժամը 12-ից սկսած, Արցախի Հանրապետությունում հայտարարվեց հումանիտար հրադադար:Մինչ Հայաստանը կատարում էր հրադադարից ենթադրվող պայմանները, Ադրբեջանը, խախտելով իր պարտավորությունները, վերսկսեց քաղաքացիական բնակավայրերի անխնա գնդակոծությունները և ծանր հրետանու ու մարտական տանկերի օգտագործմամբ՝ գրոհներ սկսեց առաջնագծի տարբեր ուղղություններով: Միևնույն ժամանակ, խախտելով մեր օդային տարածքը, Ադրբեջանի մարտական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ գործեցին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի հարավային շրջանում գտնվող բնակավայրերի վրա, ինչի արդյունքում զոհվեց մեկ և վիրավորվեցին երեք քաղաքացիական անձինք:Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նաև այն փաստի վրա, որ Թուրքիայի միջամտությամբ Մերձավոր Արևելքից հրավիրված վարձկանները և ահաբեկիչները ներկայումս կռվում են Արցախում՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը։ Սա ոչ այլ ինչ է, քան Օսմանյան Թուրքիայի կողմից 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանության շարունակման քաղաքականություն. ներկայումս, փաստորեն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան աջակցում է հայ ժողովրդի ցեղասպանության իրագործմանը։Խաղաղ ազգաբնակչությունը թիրախավորվում է նաև Իսրայելի և Բելառուսի կողմից մատակարարված զենքերով, որոնք մարդասիրական օգնության քողի տակ ինչպես օդային, այնպես էլ ցամաքային ուղիներով տեղափոխում են Ադրբեջան։ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան F-16 կործանիչներ է տեղակայում Ադրբեջանում, դրանք կառավարում են այն անօդաչու թռչող սարքերը, որոնք օգտագործվում են Արցախի տարածքում գտնվող խաղաղ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին թիրախավորելու նպատակով:Շնորհակալ կլինեմ, եթե ներկայացնեք Ձեր հստակ գնահատականը Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած գործողությունների և ներկայիս իրավիճակի վերաբերյալ: Լիահույս եմ, որ ապրելու հիմնարար իրավունքը, որը պաշտպանում են արևմտյան ժողովրդավարությունները, արժեք է և ոչ պարզապես խոսքեր:
17:05 - 12 հոկտեմբերի, 2020
Անկարան Հայաստանում հակամարտությունը թեժացնելուց հետո անցնում է Կիպրոս |The Jerusalem Post|

Անկարան Հայաստանում հակամարտությունը թեժացնելուց հետո անցնում է Կիպրոս |The Jerusalem Post|

Անկարան Կիպրոսի դեմ նոր ճգնաժամ է հրահրել, քանի որ նախատեսում է ընդլայնել կղզու մի մասի ապօրինի օկուպացիան՝ ներառելով Վարոշա կոչվող տարածքը: Այս մասին գրում է  The Jerusalem Post-ը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմն ամեն շաբաթ օգտագործում է միջազգային նոր ճգնաժամ՝ ներքին տնտեսական ձախողումներից ուշադրությունը շեղելու և ազգայնական ու կրոնական քայլերի միջոցով հանրությանը ոգևորված պահելու համար: Վարոշան լողափնյա տարածք է, որը 46 տարի է՝ լքված է այն բանից հետո, երբ թուրքական զորքերը ներխուժեցին Կիպրոս և վտարեցին Կիպրոսի հույներին կղզու հյուսիսային մասից:  Անկարան պնդում է, որ իր անօրինական ներխուժումը եղել է սոսկ կիպրոսցի թուրքերի իրավունքները «երաշխավորելու» համար: Թուրքիայի՝ Կիպրոսի փոքրամասնություններին վտարելու քաղաքականությունը հիշեցնում է նրա՝ հայերի և հույների պատմական արտաքսման քաղաքականությանությունը, ինչպես նաև վերջերս Աֆրին ներխուժումը, երբ այնտեղից վտարվեց փոքրամասնություն կազմող քուրդ բնակչությունը: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը ասել է, որ այդ քայլն «անօրինական է», Ռուսաստանը և ԵՄ-ն դատապարտել են այն, իսկ ՄԱԿ-ն արտահայտել է իր սովորական «մտահոգությունը», ինչը նշանակում է, որ նրանք միայն հայտարարություններ են անելու և ոչ մի քայլ չեն ձեռնարկելու: Թուրքիան սկսկել է գնալով ավելի մեծ սպառնալիք ներկայացնել Հունաստանի, ինչպես նաև ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների համար: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն վերջերս այցելել էր Հունաստան և Կիպրոս՝ այդ երկրներին աջակցություն ցույց տալու համար: Նա նաև «մտահոգություն էր հայտնել» Անկարայի ագրեսիվ պահվածքի առթիվ: Թուրքիան վերջին ամիսներին սուր քննադատության է ենթարկել Պոմպեոյին, սպառնացել է Թրամփի վարչակազմին և կոշտ արձագանք է տվել ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենին և ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Գազի շուրջ նոր գործարքը, որը ենթադրաբար կներառի խողովակաշարի կառուցում և էներգետիկ ֆորում, Իսրայելը դարձրել է Կիպրոսի և Հունաստանի հիմնական դաշնակիցը: Միևնույն ժամանակ, Եգիպտոսի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը Սև ծովում զորավարժություններ են անցկացնում, իսկ Թուրքիան Սև ծովում փորձարկում է Ռուսաստանից գնված S-400 համակարգերը: Թուրքիան նաև մեղադրվում է այն բանի համար, որ օգոստոսին օգտագործել է S-400 համակարգերը՝ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի F-16 ինքնաթիռներին հետևելու համար։ New York Times-ի վերլուծաբան Քրիստիան Թրիբերտը պնդում է, որ անցյալ ամիս՝ Ադրբեջանի և Հայաստանի հակամարտության ընթացքում, Թուրքիան F-16-եր է ուղարկել Ադրբեջան: Եթե ​​այս բոլոր միջադեպերին դժվար է հետևել, ապա պատճառն այն է, որ հենց դա է Անկարայի ուզածը: Թուրքիան թեժ կետեր է ստեղծում Հայաստանից մինչև  Լիբիա և Իրաքի հյուսիսում ընկած Սինջար քաղաք՝ ստիպելով լրատվամիջոցներին ու տեղացիներին վազել մի պատմությունից մյուսը:  Անկարան խաղ է անում տարածաշրջանի հետ, ասես դաշնամուր  նվագելիս լինի, և դաշնամուրի յուրաքանչյուր ստեղն մի նոր ռազմական ներխուժում է կամ ռմբակոծություն: 2016 թվականից ի վեր՝ Թուրքիան իր բոլոր հարևանների հետ առճակատման գործընթաց է սկսել: Ի հակադրություն Թուրքիայի այժմյան քաղաքականության՝ երկրի նախկին արտգործնախարար և Էրդողանի օրոք վարչապետ եղած Ահմեդ Դավութօղլուն պրագմատիկ քաղաքականություն էր վարում:  Թուրքիան ժամանակին ոչ մի խնդիր չուներ իր հարևանների հետ և ցանկանում էր անդամակցել Եվրամիությանը: Այդ ժամանակ կար ժողովրդավարություն, իսկ այժմ Թուրքիան ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» ներկայացուցիչ 65 համայնքապետերից միայն հինգին է թողել իրենց պաշտոններին:  Հենց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն է, որ ներկայացնում է, թե ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» մեջքից հարվածում է երկիրին:   Թուրքիան աշխարհում  առաջատարն է ձերբակալված լրագրողների քանակով․ երկրում 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո ավելի քան 150 հազար քաղծառայող է հեռացվել աշխատանքից։ Թուրքիայում քննադատական ​​լրատվամիջոցներ գերթե չկան․ երկիրը հիշեցնում է միակուսակցական պետություն, որը գնալով ավելի է նմանվում ավտորիտար ռեժիմներին, որտեղ  ղեկավարությանը քննատադելն արգելված է։ Անկարան իր նոր ճգնաժամային քաղաքականությունը սկսեց 2016-ին՝ ներխուժելով Սիրիա և քուրդ այլախոհների դեմ պատերազմն ուժգնացնելով:  2018-ին Թուրքիան ներխուժեց քրդական խաղաղ Աֆրին շրջան, ինչը հանգեցրեց 160 հազար քրդերի փախուստի։ Անկարան այստեղ բերեց իսլամիստ ծայրահեղական ​​աշխարհազորայինների՝ օկուպացված գոտին ղեկավարելու համար: Այնուհետև Թուրքիան այդ նույն զինյալների օգնությամբ 2019-ի հոկտեմբերին ներխուժեց Թել Աբյադի մերձակայք և հարձակվեց «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» վրա, որոնց աջակցում է ԱՄՆ-ն: Թուրքիան զինված խմբավորումներին հունվարին ուղարկեց Լիբիա, իսկ այժմ նրանց ուղարկում է Ադրբեջան՝ կռվելու Հայաստանի դեմ: Անկարայի ճգնաժամային քաղաքականությունը ամեն երկու շաբաթը մեկ թևակոխում է ռազմական նոր ճգնաժամի փուլ: Լիբիա անօրինական զենք ուղարկելուց, Եգիպտոսին և ԱՄԷ-ին սպառնալուց, Ֆրանսիայի հետ ճգնաժամ սկսելուց հետո Թուրքիան հուլիսին ռմբակոծեց Իրաքի հյուսիսը, իսկ օգոստոսին սկսեց սպառնալ Հունաստանին և Կիպրոսին Արևելյան Միջերկրականում: Քանի որ սեպտեմբերի կեսին Արեւելյան Միջերկրակաի հիմնախնդրը մարեց, Անկարան իր հայացքն ուղղեց Հայաստանի հետ նոր ճգնաժամին: Կառավարությունը հրամայել էր լրատվամիջոցներին հաղորդել, որ «ահաբեկիչները» աշխատում են Հայաստանի հետ․ սա հորինված պատմություն էր, ինչը սովորաբար նախորդում է թուրքական ներխուժումներին։ Այնուհետև Թուրքիան Ադրբեջանին մղեց սեպտեմբերի 27-ին հարձակվել Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա։ Հոկտեմբերի 8-ին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև Թուրքիայի աջակցությամբ ծավալված մարտերի ֆոնին, գնդակոծվեց Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի հայկական պատմական եկեղեցին, ինչը կրկնում է Անկարայի՝  եկեղեցիների և փոքրամասնությունների վրա իրականացվող հարձակումները, ինչպես, օրինակ, ալևիների դեպքում: Հայկական եկեղեցու գնդակոծումը հիշեցնում է հուլիսին Ստամբուլի պատմական Սուրբ Սոֆիա տաճարը թանգարանից մզկիթի վերածելու որոշումը:   Անկարան այժմ ունի մի քանի թիրախ: Հոկտեմբերի 1-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմը գծապատկեր էր հրապարակել և հայտարարություն տարածել, որում պնդում էր․ «Երուսաղեմը մերն է»:  Այս հռետորաբանությունը Թուրքիայի իշխող կուսակցության՝ իսրայելապաղեստինյան հարցում իր դերը բարձրացնելուն ուղղված ջանքերի մի մասն է: Թուրքական F-16-երը կարող են թռչել Ադրբեջան կամ հարձակվել Հայաստանի վրա, Թուրքիան կարող է ներխուժել Սիրիա, հեռացնել ամերիկացիներին Թել Աբյադից, ծովում հետապնդել ֆրանսիական ռազմանավերը և օգտագործել S-400 ռադարները՝ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի ինքնաթիռներին հետևելու համար, սպառնալ Իսրայելին, ԱՄԷ-ին, Հունաստանին, Սիրիայի ռեժիմին,  ռմբակոծել Իրաքը, և այս ամենը չունենա որևէ հետևանք: ՆԱՏՕ-ի գործընկեր անդամների վրա աճող հարձակումները կոչված են ցույց տալու, որ Անկարան հրաժարվում է բոլոր կանոններից:   Անկարայի վերջին քայլերը Երուսաղեմում ապշեցնող էին:  Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը ասաց, որ Թուրքիան ապակայունացնող ուժ է տարածաշրջանում, և համաձայն իսրայելական հետախուզության և զինվորականների՝ վերջին մեկ տարվա գնահատականների՝ Անկարան աճող սպառնալիք է: Այնուամենայնիվ, Իսրայելի, ԱՄԷ-ի, Եգիպտոսի, Կիպրոսի, Հունաստանի կամ այլ երկրների միջև, որոնք մտահոգված են Թուրքիայի գործողություններով, կոնսենսուս չկա այն հարցում, թե ինչպես դիմակայել Անկարայի գործողություններին:  Այն փաստը, որ Թուրքիան գնալով ավելի հաճախ է օգտագործում սիրիացի վարձկաններին, որոնց վերածել է օտարերկրյա լեգեոնի՝ զոհաբերելու համար այն պատերազմներում, որտեղ ուզում է դերակատարում ունենալ, արդեն վնաս է հասցրել Հայաստանին և Լիբիային: Կիպրոսը և Հունաստանը նախազգուշացված են:  
23:29 - 11 հոկտեմբերի, 2020
Թուրքիան չի հրաժարվում իրավիճակի հետագա ապակայունացմանը և ձեռք բերված պայմանավորվածությունների տապալմանն ուղղված իր կեցվածքից․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Թուրքիան չի հրաժարվում իրավիճակի հետագա ապակայունացմանը և ձեռք բերված պայմանավորվածությունների տապալմանն ուղղված իր կեցվածքից․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր Թուրքիայի ԱԳՆ հանդես է եկել մի հայտարարությամբ, որը պարունակում է մի շարք մերկապարանոց մեղադրանքներ Հայաստանի Հանրապետության հասցեին։ Ակնհայտ է՝ Թուրքիան, որի անմիջական մասնակցությամբ նախապատրաստվեց և շարունակվում է Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, չի հրաժարվում իրավիճակի հետագա ապակայունացմանը և ձեռք բերված պայմանավորվածությունների տապալմանն ուղղված իր կեցվածքից։ Չսահմանափակվելով Մերձավոր Արևելքից ահաբեկիչ զինյալների, ռազմական սպառազինության ու մասնագետների մատակարարմամբ Ադրբեջանին` Թուրքիան ստանձնել է նաև ս․թ․ հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ ՀՀ, ԱՀ և ՌԴ ԱԳ նախարարների մակարդակով ձեռք բերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածության դրույթների տապալման նպատակով Ադրբեջանի սանձազերծած տեղեկատվական և քաղաքական արշավի հովանավորչությունը։ Այդ ամենի հետևում ակնհայտ երևում է Թուրքիայի ձգտումը մի շարք այլ հարևան տարածաշրջաններից հետո, վերածելու նաև մեր ողջ տարածաշրջանը հարթակի իր ծավալապաշտական նկրտումների դրսևորման համար։ Խստորեն դատապարտում ենք Թուրքիայի սադրիչ քաղաքականությունը մեր տարածաշրջանում և կարևորում տարածաշրջանի կայունությամբ շահագրգիռ բոլոր ուժերի համագործակցությունը»։
21:29 - 11 հոկտեմբերի, 2020
Թուրքիայի և Իսրայելի կողմից Ադրբեջանի զինումը խախտել է սպառազինության բալանսը. Զատուլին |armenpress.am|

Թուրքիայի և Իսրայելի կողմից Ադրբեջանի զինումը խախտել է սպառազինության բալանսը. Զատուլին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Լեռնային Ղարաբաղում վերսկսված լայնածավալ ռազմական գործողությունները նախորդներից շատ ավելի բարդ է համարում, քանի որ այս անգամ հակամարտության մեջ ներգրավված է Թուրքիան, որը հանդես է գալիս որպես Ադրբեջանի դաշնակից: Ռուսական «Առաջին ալիք»-ի «Մեծ խաղ» հաղորդաշարի տաղավարում Զատուլինը նշել է, որ Թուրքիան Ադրբեջանից ավելի շուտ է ասում, թե ինչ պետք է անել: «Հիշեցնեմ, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը միանգամից մերժվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, մինչդեռ այդ ժամանակ չէր հասցրել արտահայտվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Էրդողանը հայտարարել էր, որ պետք չէ կրակը դադարեցնել»,- նշել է Զատուլինը:  ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի կարծիքով` ցինիկ է, երբ զենք է մատակարարվում երկու կողմերին, ավելի ցինիկ է, երբ զենք է մատակարարվում մի կողմին: «Եվ այս դեպքում հենց դրանով էլ զբաղվում են Թուրքիան և Իսրայելը, որոնք մատակարարում են (Ադրեջանին- խմբ.) ավելի շատ զենք, քան Ռուսաստանը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Ռուսաստանը պահպանում էր բալանսը տարածաշրջանում: Այդ բալանսը խախտվել է, և դա է ռազմական գործողությունների վերսկսման պատճառը»,- ընդգծել է Զատուլինը: Ռուսաստանի Պետդումայի պատգամավորը մեծ հույս ունի, որ, չնայած նրան, որ ինչպես հաճախ է լինում, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունից հետո արձանագրվում են փոխհրաձգություններ և կողմերը միմյանց մեղադրում են խախտումների մեջ, ամեն դեպքում կրակի դադարեցման համաձայնությունը և խաղաղ բանակցությունների դաշտ տեղափոխումը  կյանք կստանա և, ի վերջո, կստիպի չեղարկել ռազմական ծրագրերը:
17:59 - 11 հոկտեմբերի, 2020