Արա Այվազյան

ՀՀ արտաքին գործերի նախարարության գործող ղեկավարը։

Ծնվել է 1969թ. մարտի 30-ին, Երեւանում։

1986-1993թթ․ սովորել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում, 1994թ․՝ Հայկազյան համալսարանական քոլեջի (Լիբանան) քաղաքագիտության ֆակուլտետում;

1994-1996թթ․ եղել ԱԳՆ Երկրորդ եվրոպական վարչության կցորդ, երրորդ քարտուղար, 1996-1997թթ․Արգենտինայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար, 1997թ․ ԱԳՆ Ամերիկայի վարչության Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի երկրների բաժնի վարիչ։

1998թ․-ին եղել է ԱԳՆ քարտուղարության պետ, ապա 1999-2006թթ․ Արգենտինայում եւ Չիլիում ՀՀ դեսպան, 2000-2006թթ․՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես), 2006-2011թթ․ եղել է ԱԳ նախարարի աշխատակազմի խորհրդական։

2006-2011թթ․ Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, 2006-2012թթ․ Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, 2006-2013թթ․ Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, 2006-2014թթ․ Ֆինլանդիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2011-2016թթ․ Լիտվայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2012-2016թթ․ Լատվիայի Հանրապետությունում եւ Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2016-2020թթ․ Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան, 2017-2020թթ․Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայում, Հոնդուրասի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2018-2020թթ․ Պանամայում ՀՀ դեսպան։

2020թ․ հոկտեմբեր-նոյեմբերին աշխատել է որպես ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:        

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի 2020թ. նոյեմբերի 18-ի հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար:

ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը Մոսկվա է մեկնում հարուստ օրակարգով
 |1lurer.am|

ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը Մոսկվա է մեկնում հարուստ օրակարգով |1lurer.am|

1lurer.am: Դեկտեմբերի 7-ին ՀՀ և ՌԴ արտգործնախարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպման և բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ գծով, ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ, ՍԾՏՀ և այլ միջազգային հարթակներում դիրքորոշումների համաձայնեցման հիմնահարցերի ամբողջ շրջանակը: Տեղի կունենա կարծիքների առարկայական փոխանակում միջազգային և տարածաշրջանային թեմաների վերաբերյալ: Կքննարկվի Ռուսաստանի ու ՀՀ արտգործնախարարությունների 2020-2021 թվականների խորհրդակցությունների ծրագրի կատարումը: Հանդիպման օրակարգի առանցքային թեմաներից մեկը լինելու է ՌԴ և Ադրբեջանի նախագահների և ՀՀ վարչապետի միջև նոյեմբերի 9-ի հայտարարության գործնական իրականացումը: Հումանիտար օգնություն ցուցաբերելու, ենթակառուցվածքները վերականգնելու, տրանսպորտային միջանցքներն ապաշրջափակելու գործընթացը կքննարկվի այս տարվա նոյեմբերի 21-ին ՌԴ-ի միջգերատեսչական պատվիրակության՝ Երևան և Բաքու կատարած այցերից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում: Կողմերը կանդրադառնան ՌԴ նախագահ Պուտինի այս տարվա նոյեմբերի 13-ի հրամանագրի համաձայն մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծման հետ կապված հարցերին, որի աշխատանքներին ներգրավված են մի քանի տասնյակ ՌԴ նախարարություններ, գերատեսչություններ և գործակալություններ: Այցը կդառնա ռուս-հայկական հագեցած քաղաքական երկխոսության տրամաբանական շարունակությունը, որն ուղղված է երկու երկրների սերտ համագործակցության հետագա զարգացմանը քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում, այդ թվում` հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների ավարտից հետո տարածաշրջանում առաջացած նոր իրողությունները:   «Մոսկվայի և Երևանի միջև հաստատվել է արտաքին քաղաքականության արդյունավետ համակարգում համաշխարհային և տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերի վերաբերյալ՝ ունիվերսալ ու մասնագիտացված միջազգային կազմակերպությունների`ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՍSՀԿ-ի և այլ բազմակողմ ձևաչափերի շրջանակում: Ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության զարգացման դրական դինամիկան ապահովվում է բարձր մակարդակի ինտենսիվ երկխոսությամբ: Շարունակվում են նաև միջգերատեսչական ակտիվ շփումները, ինչը փոխշահավետ հիմքերով հնարավորություն է տալիս լուծելու համագործակցության հրատապ խնդիրները: Իրականացվում է միջխորհրդարանական համագործակցություն»,- նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
15:34 - 06 դեկտեմբերի, 2020
Բոլորս խոնարհվում ենք մեր ժողովրդի օրգանական, անքակտելի մաս հանդիսացող մեր ազգային բանակի առջև․ ԱԳ նախարար |armtimes.com|

Բոլորս խոնարհվում ենք մեր ժողովրդի օրգանական, անքակտելի մաս հանդիսացող մեր ազգային բանակի առջև․ ԱԳ նախարար |armtimes.com|

armtimes.com: Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը այսօր Ազգային ժողովում լրագրողների մոտ հանդես եկավ հայտարարությամբ և խնդրեց, որ այն չաղավաղվի և ամբողջությամբ ներկայացվի։ «Առաջինը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մեր ինքնիշխանության և պետականության հիմնասյուներից մեկն է։ Լինելով ապաքաղաքական կառույց, կրկնում՝ եմ, ապաքաղաքական կառույց, ունի մեկ հավերժական նպատակ՝ ամենօրյա աշխատանքով պաշտպանել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերը։ Ցանկացած փորձ՝ հեղինակազրկելու այս կառույցը և ներքաշելու ներքաղաքական շահարկումների մեջ, հարված է Հայաստանի պետականությանը, հատկապես այս օրերին, երբ ռազմական գործողությունների ավարտից հետո ողջ ծանրությունը և պատասխանատվությունը հետզհետե տեղափոխվում է դիվանագիտություն։ Վստահ ենք, որ այս գիտակցումը կիսում են երկրի և ժողովրդի ճակատագրով մտահոգ մեր բոլոր քաղաքացիները և հայրենակիցները։ Երկրորդը՝ մենք բոլորս խոնարհվում ենք մեր ժողովրդի օրգանական, անքակտելի մաս մեր ազգային բանակի առջև, որը հերոսաբար դիմակայեց Արցախի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջան-Թուրքիա-միջազգային ահաբեկչություն եռյակի կողմից սանձազերծված ագրեսիային և տապալեց ցեղասպան եռյակի՝ պատմական հայրենիքում հայ ժողովրդին ոչնչացնելու նկրտումները։ Պետք է փաստենք՝ այն իրավիճակը, որ այսօր ունենք, պայմանավորված է նրանով, որ մենք դիմակայել ենք անհամաչափ ուժերի։ Ինչպես և մեր զինվորները, քույրերն ու եղբայրները Արցախում, հայ դիվանագիտությունը եղել է և շարունակում է մնալ հայրենիքի պաշտպանության առաջատար դիրքերում, և հատկապես այսօր մենք մեր պարտքն ենք համարում անել հնարավորը և անհնարինը՝ իմաստավորելու մեր ժողովրդի ազնվագույն որդիների զոհողությունը և այդ ձևով վառ պահելու նրանց հիշատակը։ Երրորդը՝ այժմ մենք ունենք հրատապ հասցեագրում պահանջող խնդիրներ, որոնց մասին ես հստակ բարձրաձայնել եմ, այդ թվում՝ երեկ հարցազրույցում և ԵԱՀԿ նախարարական խոհրդի ունեցած ելույթում։ Հայ դիվանագիտությունը մեծածավալ աշխատանք ունի անելու այդ հրատապ հարցի լիարժեք և համապարփակ լուծման ուղղությամբ։ Դիվանագիտությունը սիրում է լռություն, ուստի ձեր թույլտվությամբ դիվանգիտությունը լուռ կկատարի իր աշխատանքները, իսկ այդ աշխատանքների արդյունքները ավելի խոսուն կլինեն, քան որևէ մեկնաբանություն։ Ավարտելով ուզում եմ ասել, որ պատմությունն ունի օրինակներ, երբ դիվանագիտությունը երկիրը դուրս է բերել ամենածանր իրավիճակներից։ Խնդրում եմ հավատալ և վստահել հայ դիվանագիությանը»։
17:19 - 04 դեկտեմբերի, 2020
ԱԳ նախարար Արա Այվազյանի ելույթը ԵԱՀԿ նախարարական խորհրդի 27-րդ հանդիպմանը

ԱԳ նախարար Արա Այվազյանի ելույթը ԵԱՀԿ նախարարական խորհրդի 27-րդ հանդիպմանը

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարական խորհրդի 27-րդ հանդիպմանը, որը ներկայացնում ենք ստորև. «Շնորհակալություն տիկին նախագահող, Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Տիկին նախագահող, միանալով գործընկերներիս՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ալբանիայի նախագահությանը՝ այս մեկ տարվա ընթացքում կազմակերպությունում ներդրած համառ ջանքերի և կազմակերպությունը ղեկավարելու համար։ 2020 թվականը նշանավորվեց կորոնասիրուսային համավարակով պայմանավորված աննախադեպ մարտահրավերներով և դրանց ծանր հետևանքներով։ Այնուհանդերձ, Ադրբեջանի կողմից իր դաշնակիցների՝ Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ու ջիհադիստների անմիջական ներգրավմամբ սանձազերծված պատերազմը Արցախի և Հայաստանի ժողովրդի համար ձևավորեց առավել ծանր իրավիճակ: 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանն ու Թուրքիան, բացահայտ կերպով արհամարհելով իրենց միջազգային պարտավորությունները և խախտելով ԵԱՀԿ-ի նկատմամբ ստանձնած հանձնառությունները, շարունակում էին ռազմական գործողությունները՝ անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բազմաթիվ կոչերը, ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ձեռք բերված երեք պայմանավորվածությունները և միջազգային հանրության հաստատակամ կոչերը: Ագրեսիան ուղեկցվում էր զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող միջազգային օրենքների և սովորույթների բազմաթիվ կոպիտ խախտումներով, պատերազմական հանցագործություններով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության  և կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների սպանություններով, նրանց նկատմամբ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքով, գլխատումներով, դիակների անարգմամբ և բազմաթիվ այլ փաստագրված հանցագործություններով, որոնց վերջնանպատակը հայ ժողովրդի էթնիկ զտումն էր իր իսկ պատմական հայրենիքում: Այս համատեքստում մենք ողջունում ենք Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման և վերացման մասին նախարարական խորհրդի որոշման նախագծի շուրջ ձեռք բերված կոնսենսուսը՝ դա համարելով այս նախարարական հանդիպման ամենակարևոր արդյունքը: Ցանկանում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության ջանքերը և Վլադիմիր Պուտինի անձնական ներգրավվածությունը հրադադարի հաստատման և պատերազմի դադարեցման գործում, այդ թվում՝ տեղում խաղաղապահ ուժերի տեղակայման միջոցով: Մենք նաև շնորհակալ ենք Ֆրանսիային և Միացյալ Նահանգներին հրադադարին հասնելու գործում ներդրած ջանքերի և ներգրավվածության համար: Ադրբեջանի և իր դաշնակիցների գործողությունները նաև նոր վտանգավոր նախադեպ են ստեղծել ԵԱՀԿ պատասխանատվության գոտում հակամարտային իրավիճակների հասցեագրման առումով: Առաջինը Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և ջիհադիստների հավաքագրումը, տեղափոխումը և տեղակայումն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչը օտարերկրյա զինյալ ահաբեկչության երևույթի դեմ պայքարի ԵԱՀԿ հանձնառությունների կոպիտ խախտում է։ Սա առաջին դեպքն է, երբ ԵԱՀԿ պատասխանատվության գոտում առկա հակամարտության համատեքստում ԵԱՀԿ երկու մասնակից պետություն իրենց զինված ուժերը համալրելու նպատակով տեղակայում են զինյալ ահաբեկիչներ և ջիհադիստներ. փաստ, որն արձանագրվել է ոչ միայն ԵԱՀԿ մասնակից պետություններից շատերի, այլև ՄԱԿ համապատասխան կառույցի կողմից: Երկրորդ, Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան մեծապես հրահրվել և քաղաքական ու ռազմական  աջակցություն է վայելել Թուրքիայի ղեկավարության կողմից՝ ի ցույց դնելով Թուրքիայի  ծավալապաշտական նկրտումները Հարավային Կովկասում և անդին: Երրորդ, Ադրբեջանն ու իր դաշնակիցները սանձազերծեցին պատերազմ Արցախի դեմ՝ կեղծորեն պնդելով ուժի կիրառման օրինականության վրա, ինչը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է: Ավելին, Ադրբեջանը և Թուրքիան այժմ պնդում են, որ ուժի կիրառման, ագրեսիայի և պատերազմի, միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի լայնամասշտաբ խախտումների, պատերազմական հանցագործությունների և էթնիկ զտումների հետևանքով ստեղծված իրավիճակը պետք է համարվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծում։ Խստորեն դատապարտում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ ուժի կիրառումը և չենք ընդունելու Արցախի ժողովրդին իր իրավունքներից զրկելու որևէ փորձ: Չնայած այսօր էլ հնչեցված հավաստիացումներին՝ Արցախի՝ Ադրբեջանի կողմից վերջերս օկուպացված տարածքներում հայերը ենթարկվել են էթնիկ զտումների, իսկ այն սակավաթիվները, ովքեր մնացել են՝ սպանվել կամ խոշտանգվել և վտարվել են իրենց պատմական հայրենիքից ադրբեջանական զինված ուժերի կողմից: Այս իրողությունը հստակորեն վկայում է, որ Արցախի հայերը չեն կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո: Հակամարտության՝ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությանն ուղղված լուծումն ընդգրկում է․ Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, Արցախի ժողովրդի անվտանգությունը, Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիան, վերջերս տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց բնակավայրեր, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը: «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով ռազմագերիների և այլ պատանդների անհապաղ և անվերապահ փոխանակումը, աճյունների վերադարձը պետք է իրականացվեն առանց որևէ հապաղման: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի հանգեցնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական քաղաքական և տևական կարգավորմանը: Միայն քաղաքական և բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, կարող է խաղաղություն և հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան։           Միաժամանակ, այդ նպատակին հասնելու համար Թուրքիան, որի՝ հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը հայտնի է, պետք է հրաժարվի իր ապակայունացնող քաղաքականությունից և զերծ մնա ցանկացած գործողությունից, որը կարող է էլ ավելի սրել լարվածությունը։  Այս համատեքստում կոչ ենք անում ԵԱՀԿ մասնակից բոլոր պետություններին շարունակել ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ իր զինված անձնակազմն իր հետ առնչություն ունեցող ահաբեկչական խմբավորումների հետ միասին դուրս բերելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց և Հարավային Կովկասից: Առայժմ չկա որևէ ազդակ, որ օտարերկրյա զինյալ ահաբեկիչները դուրս են բերվում հակամարտության գոտուց: Ընդհակառակը, հավաստի տեղեկություններ կան Ադրբեջանի կողմից զինյալ ահաբեկիչների և վարձկանների տարածման աշխարհագրության ընդլայնման և Արցախի օկուպացված շրջաններում նրանց վերաբնակեցման ծրագրերի մասին։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և կայուն կարգավորումը պետք է ձեռք բերվի բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ մեխանիզմն է: Այս համատեքստում մենք դրական ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների՝ այսօր ավելի վաղ արված հայտարարությունը, որը ևս մեկ անգամ ի ցույց է դնում համանախագահ երկրների միասնականությունը և հաստատակամությունը հակամարտության՝ բանակցությունների միջոցով համապարփակ և կայուն խաղաղ կարգավորման գործում: Մենք նաև համակարծիք ենք, որ բոլոր օտարերկրյա վարձկանները, որոնք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են բերվել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, պետք է ամբողջությամբ և անհապաղ դուրս բերվեն տարածաշրջանից: Ամփոփելով՝ կցանկանայի ողջունել Շվեդիային՝ որպես գալիք նախագահող, և մաղթել ամենայն հաջողություն։ Շնորհակալություն»։
21:16 - 03 դեկտեմբերի, 2020
Մեր առաջնահերթությունն է ԼՂ հիմնախնդրի քննարկումները վերադարձնել դիվանագիտական դաշտ. ԱԳ նախարարը խոսել է գերիների մասին |armenpress.am|

Մեր առաջնահերթությունն է ԼՂ հիմնախնդրի քննարկումները վերադարձնել դիվանագիտական դաշտ. ԱԳ նախարարը խոսել է գերիների մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանգուցալուծված չի համարում: Այվազյանը խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հետագա բանակցությունների, գերիների, անհետ կորած և այլ պահվող անձանց փոխանակման, Արցախի միջազգային ճանաչման և այլ օրակարգային հարցերի շուրջ: - Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված համաձայնագրի դրույթները ոչ միանշանակ են ընդունվել հասարակության տարբեր շերտերի կողմից: Առկա է կարծիք, որ հնարավոր է բանակցությունների արդյունքում որոշ դրույթներ ավելի հայանպաստ դարձնել: Որքանո՞վ է հնարավոր այդ գործընթացը: - Հստակ պետք է արձանագրենք, որ եռակողմ հայտարարությունն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայուն հրադադարի հաստատմանը և Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը։ Ներկա փուլում կյանքի են կոչվել կամ ընթացքի մեջ են այդ հայտարարության որոշ դրույթներ, որոնք մեծամասամբ դուրս էին դիվանագիտության դաշտից: Ինչպես բազմիցս ենք նշել, արցախահայության շահերի և իրավունքների ապահովման հարցերը պետք է հասցեագրվեն դիվանագիտական հարթությունում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Եվ մեր առաջնահերթությունն է հիմնախնդրի շուրջ քննարկումները վերադարձնել դիվանագիտական դաշտ: Ներկայում ի հայտ են եկել անհապաղ լուծում պահանջող մի շարք նոր խնդիրներ, և դրանցում, որպես առաջնահերթություն կարող եմ մատնանշել գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը և արագ ու ապահով վերադարձը հայրենիք, դիակների փոխանակման և անհետ կորած անձանց որոնողական աշխատանքների իրականացումը, տեղահանված արցախահայության՝ հայրենիք վերադարձի, նրանց կենսական անվտանգության ապահովման համար համապատասխան պայմանների ձևավորումը, նրանց իրավունքների վերականգնումը և պաշտպանությունը, Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության երաշխավորված պաշտպանությունը: Այս գործընթացում մենք ակտիվորեն համագործակցում ենք մեր միջազգային բոլոր գործընկերների հետ: Այս համատեքստում մենք մանրամասն տեղեկատվություն ենք տրամադրել Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ ոչ միայն Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների, այլև այդ ագրեսիայում Թուրքիայի անմիջական մասնակցության և վերջինիս կողմից Մերձավոր Արևելքից հավաքագրված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների՝ Արցախի դեմ ռազմական գործողություններում ուղղակի մասնակցության մասին: Միջազգային հանրության մոտ արդեն իսկ արմագրված է հստակ մոտեցում, որ հայ ժողովուրդը դիմակայել է այս դաշինքի (Ադրբեջան, Թուրքիա և միջազգային ահաբեկիչներ- խմբ.) կողմից սանձազերծված ագրեսիային: Այնուամենայնիվ ԱԳՆ-ն ՀՀ պատկան մյուս մարմինների հետ միասին և միջազգային գործընկերների ներգրավմամբ ու մասնակցությամբ դեռ շատ աշխատանք ունի անելու: Արցախն իրականություն է աշխարհաքաղաքական քարտեզի վրա, և միջազգային կառույցների ներկայության և անմիջական ներգրավածության հապաղումն անընդունելի է: Մեր սկզբունքային մոտեցումն է, որ արցախահայության սոցիալական խնդիրները և Արցախում հումանիտար ճգնաժամը պետք է հասցեագրվեն տեղում՝ արագ ապահովելու վերադարձը բնականոն կյանքին: - Դուք, որպես դիվանագիտության առաջնահերթություն նշեցիք այս օրերին հասարակությանն ամենաշատը հուզող հարցը՝ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձը: Հասարակությունը բարձրաձայնում է իր բողոքն այս առնչությամբ՝ պնդելով, որ այս հարցում պետական կառույցները մատնված են անգործության: Մինչ օրս այս հարցով հայ դիվանագիտության կողմից որևէ հրապարակային հայտարարություն չի եղել:  - Այո, իրավացի եք, այս հարցով մենք սակավախոս ենք եղել, սակայն ոչ մի դեպքում սակավագործ: Ինչպես գիտեք, գործում է ՀՀ գերիների, պատանդերի և անհետ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով, որը ղեկավարում և համակարգում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Գերիների, պատանդների և անհայտ կորածների վերաբերող բոլոր հարցերի շուրջ բանակցությունները տարվում էին այդ խողովակով: Այդ հանձնաժողովում ընդգրկված է նաև արտաքին գերատեսչությունը՝ ունենալով լիազորությունների հստակ շրջանակ, որոնք վերջին օրերին մեր իսկ նախաձեռնությամբ ընդլայնվել են՝ անմիջականորեն ներգրավվելով ԿԽՄԿ-ի հետ աշխատանքներում: Այս առնչությամբ, հաշվի առնելով հարցի նրբությունը և մարդկանց կյանքի հետ անմիջական առնչությունը, պետք է հայցեմ ձեր և ձեր ընթերցողների ըմբռնումը, որ ավելի շատ տեղեկատվություն չեմ կարող տրամադրել, քան այն, որ հարցի շուտափույթ հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվում են հստակ քայլեր. այս հարցի շուրջ կա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների անձնական հանձնառությունը: Խոսքը ներկա փուլում կողմերի մոտ առկա գերիների ցուցակների հստակեցման և ապա փոխանակման մեխանիզմների գործարկման մասին է: Մենք հաստատել ենք մեր հանձնառությունը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառմանը և ակնկալում ենք, որ Ադրբեջանն արհեստական խոչընդոտներ չի առաջացնի այս հարցում: - Հայաստանի Հանրապետությունը տարիներ շարունակ Լեռնային Ղարաբաղի 7 շրջանները դիտարկել է նաև, որպես ԼՂ ժողովրդի անվտանգային գոտի և այդ տրամաբանությամբ վարել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում բանակցությունները: Ստեղծված նոր իրավիճակում, երբ դրանք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, որո՞նք են լինելու ՀՀ առաջնահերթությունները բանակցային գործընթացում և որքանո՞վ եք կարևորում ՄԽ շրջանակներում բանակցությունների շարունակումը: - Արցախի 150 հազար բնակչության բոլոր իրավունքները պետք է լիարժեքորեն վերականգնվեն և իրականացվեն իրենց պատմական հայրենիքում: Ադրբեջանի՝ Թուրքիայի բացահայտ հրահրմամբ և աջակցությամբ իրականացված ռազմական գործողությունների առանցքում Արցախի լիակատար հայաթափման և հայ ժողովրդի հայրենազրկման ցեղասպան նկրտումներն են, որոնք նշմարվում են նաև հետպատերազմյան հռետորաբանության և զարգացումների տրամաբանության մեջ:  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համատեքստում ցանկանում եմ միանշանակորեն ընդգծել, որ հակամարտության հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը, և այդ հարցը ռազմական ուժի կիրառմամբ հնարավոր չէ լուծել: Հայաստանը հանդես է եկել և շարունակելու է հանդես գալ Արցախի ժողովրդի՝ ինքնորոշման իրավունքի ճանաչման և անվտանգության միջազգային երաշխավորման դիրքերից:  Անհիմն են ադրբեջանական կողմի այն պնդումները, որ հակամարտությունն այլևս հանգուցալուծված է: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նման հայտարարություններով հանդես եկող Ադրբեջանի նախագահն անգամ դեռևս լիովին չի ընկալում իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթի էությունը: Ինչպես միանշանակորեն բխում է եռակողմ հայտարարության տեքստից և ինչպես վերջերս ընդգծել է այդ հրադադարի հաստատման միջնորդ հանդիսացող ՌԴ նախագահը՝ Արցախի վերջնական կարգավիճակի հարցը կարգավորված չէ և հանդիսանում է հետագա բանակցությունների առարկա: Այս հարցում համակարծիք են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները:  Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կհամարվի լուծված միայն այն դեպքում, երբ Արցախի ժողովրդի կողմից իրականացված ինքնորոշման իրավունքը կճանաչվի միջազգային հանրության կողմից: Պատերազմի ընթացքում միջազգային հանրության մոտ էլ ավելի ամրապնդվեց և խորացավ այն ընկալումը, որը մենք 26 տարի շարունակ պնդում էինք. արցախյան հիմնահարցը բնիկ ժողովրդի՝ արցախահայության՝ իր իսկ պատմական հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու հարց է: Աշխարհի տարբեր երկրներում բոլոր մակարդակներում մեր շփումները վկայում են, որ միջազգային հանրությունում ամրագրվել է այն ընկալումը, որ Արցախը որևիցե կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո և արցախահայությունն ունի բոլոր այն իրավունքները, ինչ աշխարհի բոլոր ժողովուրդները: Շարունակությունը՝ armenpress.am-ում
18:44 - 03 դեկտեմբերի, 2020
Արա Այվազյանն ու Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի դի Մայոն անդրադարձել են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին

Արա Այվազյանն ու Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի դի Մայոն անդրադարձել են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի հետ: Ընդունելով իտալացի իր գործընկերոջ շնորհավորանքները ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարար Այվազյանը հույս հայտնեց, որ երկուստեք ջանքեր կներդրվեն հայ-իտալական երկկողմ օրակարգն առավել հարստացնելու և արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Զրուցակիցներն անդրադարձան Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին և տարածաշրջանային զարգացումներին։ ՀՀ ԱԳ նախարարը խստորեն դատապարտեց Ադրբեջանի կողմից գերության մեջ հայտնված անձնանց նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի դրսևորումների առնչությամբ: Անդրադառնալով Թուրքիայի ծավալապաշտական նկրտումներին և հարևան տարածաշրջաններում իրականացվող ապակայունացնող քաղաքականությանը՝ նախարար Այվազյանը նշեց, որ Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմում նույնպես վերջինս ունեցել է ամենաանմիջական մասնակցություն ինչպես Ադրբեջանին ցուցաբերված անվերապահ ռազմաքաղաքական աջակցության, այնպես էլ՝ Մերձավոր Արևելքից տարածաշրջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման ձևով: Հակամարտության կարգավորման համատեքստում նախարար Այվազյանը վերահաստատեց, որ Հայաստանի համար առաջնահերթություն է մնում Արցախի ժողովրդի իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի լիարժեք և արդար իրացումը: Երկուստեք կարևորվեց խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
09:34 - 03 դեկտեմբերի, 2020
Արա Այվազյանը հանդիպել է ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ

Արա Այվազյանը հանդիպել է ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ընդունել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ԿԽՄԿ տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպին, Հայաստանում իր առաքելությունն ավարտող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին, Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության նորանշանակ ղեկավար Թիերի Ռիբոյին և Ճգնաժամային գործառնությունների ղեկավար Պասկալ Հունդին։ ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ հանդիպման առանցքում էին Ադրբեջանում գտնվող գերիների և պատանդների վերադարձի, անհայտ կորածների որոնողական աշխատանքների, դիերի փոխանակման հարցը: Այս առնչությամբ կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը համատեղել ջանքերը նշված առաջնային խնդիրներին հրատապ և լիարժեք լուծում տալու գործում: Հայաստանի արտգործնախարարն իր մտահոգությունն է հայտնել «Ադրբեջանի ԶՈւ կողմից հայ գերիների և խաղաղ բնակչության հանդեպ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, խոշտանգումների և հաշվեհարդարի բազմաթիվ դեպքերի վրա»: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժաի հաղթահարման հարցերին, մասնավորապես՝ պատերազմից տուժած արցախահայության աջակցության, ենթակառուցվածքների վերականգնման, Արցախ վերադարձող տեղահանված բկաչությանը հրատապ օգնության: Արա Այվազյանը բարձր է գնահատել այս ուղղությամբ գործադրվող ԿԽՄԿ ջանքերը և վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը շարունակել սերտորեն համագործակցել՝ հումանիտար արձագանքումն առավել արդյունավետ դարձնելու համար:
20:10 - 02 դեկտեմբերի, 2020
Տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը` տեսակապի ձևաչափով

Տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը` տեսակապի ձևաչափով

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին ընդառաջ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը՝ տեսակապի ձևաչափով։ Նիստի օրակարգում էին ՀԱՊԿ գործունեության արդյունավետության բարձրացման և կազմակերպության շրջանակներում փոխգործակցության խորացման, կազմակերպության պաշտպանական բաղադրիչի ամրապնդման հարցեր: Մտքեր փոխանակվեցին նաև միջազգային կազմակերպությունների հետ ՀԱՊԿ համագործակցության ամրապնդման և գործընկերային կապերի հաստատման շուրջ: Իր խոսքում նախարար Այվազյանը շնորհավորեց Ռուսաստանի իր գործընկերոջը ՀԱՊԿ-ում արդյունավետ նախագահության համար և նշեց կազմակերպությունում Տաջիկստանի առաջիկա նախագահության առաջնահերթությունների իրագործմանն աջակցելու Հայաստանի պատրաստակամության մասին: Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարար Այվազյանը հանգամանալից անդրադարձավ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, դրա հետևանքներին ու տարածաշրջանային զարգացումներին: Նախարարն առանձահատուկ ընդգծեց ադրբեջանական կողմի գործողություններում Թուրքիայի անմիջական մասնակցությունը և վերջինիս կողմից Սիրիայի` թուրքական ուժերի վերահսկվողության ներքո գտնվող շրջաններից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխումն Ադրբեջան՝ Արցախի դեմ ռազմական գործողություններին ներգրավելու համար: ՀԱՊԿ օրակարգում կարևոր տեղ զբաղեցնող օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին առնչվող հարցի համատեքստում նախարար Այվազյանը գործընկերների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի՝ կովկասյան տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախ ձևավորելու քայլերի վրա, ինչը հղի է ահաբեկչության վտանգը մեր տարածաշրջանի այլ երկրներ ու հարևան տարածաշրջաններ տեղափոխելու հնարավորությամբ: Նախարար Այվազյանն անդրադարձավ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատմանն ու Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը՝ հավելելով, որ դաշնակիցների կողմից ակնկալվում է աջակցություն ՌԴ ջանքերին, ինչպես նաև խաղաղ գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների հաղթահարման առումով որպես առաջնահերթ քայլ նախարար Այվազյանը նշեց հումանիտար խնդիրների հասցեագրումը, այդ թվում՝ ռազմագերիների և պատանդների, ինչպես նաև դիերի հրատապ կերպով փոխանակման, անհայտ կորածների վերաբերյալ տվյալների ճշգրտման կարևորությունը։ «Չնայած հայտարարության մեջ համապատասխան դրույթի առկայությանը՝ մինչ օրս Ադրբեջանը չի շտապում ցուցադրել այն կյանքի կոչելու պատրաստակամություն»: ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի ընթացքում ընդունվեց Երկրորդ աշխարհամարտի ավարտի 75-ամյակի կապակցությամբ ՀԱՊԿ ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը։ ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստին հավանության արժանացան ՀԱԽ հռչակագրի և հայտարարության նախագծերը, որոնցում անդամ պետությունները հանդես են գալիս զինված հակամարտությունների՝ միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափերի շրջանակներում բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորման օգտին։ Ջանքեր կգործադրվեն միջազգային ահաբեկչության վտանգների, այդ թվում՝ կապված օտարերկրյա զինյալ-ահաբեկիչների ֆինանսավորման, պատրաստման, զինման և որպես վարձկաններ զինված հակամարտություններում օգտագործման դեմ պայքարի ուղղությամբ։Հավանության են արժանացել նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի կատարելագործմանը միտված մի շարք փաստաթղթերի նախագծեր, այդ թվում՝ ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) համատեղ նյութատեխնիկական և բժշկական ապահովման մասին համաձայնագրի նախագիծը, 2021-2025թթ․ ՀԱՊԿ անդամ պետությունների հակաթմրանյութային ռազմավարության նախագիծը և այլ փաստաթղթերի նախագծեր։
21:00 - 01 դեկտեմբերի, 2020
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղարի հետ

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղարի հետ

Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ։Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի ներկայիս իրավիճակին և տարածաշրջանային զարգացումներին։ Նախարար Այվազյանն իր զրուցակցին ներկայացրել է օտարերկրյա զինյալ ահաբեկիչների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։Այս համատեքստում ԱԳ նախարարն ընդգծել է տեղահանված արցախահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու համար պայմանների ստեղծման և ապահովմանն ուղղված քայլերում միջազգային համապատասխան կառույցների ներգրավվածության կարևորությունը:Նախարար Այվազյանն ընդգծել է արցախահայության իրավունքների վերականգնման և հասցեագրման առաջնահերթությունը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման միջոցով:Կողմերն անդրադարձել են պատերազմից հետո Հարավային Կովկասում կայունության վերականգնմանն ու պահպանմանը: Այս առիթով ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները կարող են խիստ կործանարար հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար:
21:51 - 30 նոյեմբերի, 2020
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել Արցախում ստեղծված իրավիճակի, հրադադարի հաստատման, Արցախում ՌԴ խաղաղապահների տեղակայման հարցերի և Արցախում բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ: Անդրադառնալով օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներն ընդգծել են տեղահանված արցախահայության՝ իրենց հայրենիք վերադառնալու համար պայմանների ապահովման և նրանց իրավունքների պաշտպանության առաջնահերթությունը: Երկուստեք կարևորվել են Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանման համար գործադրվող ջանքերը, ներառյալ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և միջազգային մասնագիտացված այլ կառույցների ներգրավմամբ: Արա Այվազյանը և Մասիս Մայիլյանը կարևորել են միջազգային ասպարեզում արցախահայության իրավունքների և շահերի լիարժեք հասցեագրումը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի պաշտպանության միջոցով: Այս ուղղությամբ ընդգծվել է երկու գերատեսչությունների համագործակցության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը: Արցախի ԱԳ նախարարն էլ հայտնում է, թե հանդիպման ընթացքում նշել է, որ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում է հանրապետության անկախության միջազգային ճանաչումը և տարածքային ամբողջականության վերականգնումը՝ երաշխավորելու իր հայրենի հողում ազատ և արժանապատիվ ապրելու Արցախի քաղաքացիների իրավունքները։    
20:29 - 28 նոյեմբերի, 2020
Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարի հետ

Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարի հետ

Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկած մարդասիրական օժանդակության չվերթն ուղեկցող պատվիրակության ղեկավար, Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի հետ։Ողջունելով պատվիրակության անդամներին՝ ՀՀ ԱԳ նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել այս դժվարին ժամանակաշրջանում Հայաստան այցելության և արցախահայությանը ցուցաբերած համերաշխության համար:Հանդիպմանը Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆրանսիայի պետքարտուղարը շեշտել են Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հասցեագրման, տեղահանված արցախահայության՝ հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովման և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ քայլերի հրատապությունը։ Այդ համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի կառավարությանը և ժողովրդին այս ճակատագրական պահին արցախահայության կողքին լինելու համար։Նախարար Այվազյանը մատնանշել է Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները Հարավային Կովկասում՝ դրանք գնահատելով որպես տարածաշրջանային անվտանգության և կայունության խաթարման հիմնական գործոն: Այս համատեքստում երկուստեք նշվել է Թուրքիայի կողմից տարածաշրջան տեղափոխված օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին դուրս բերելու կարևորությունը միջազգային և տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից:ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում արցախահայության իրավունքների և շահերի հասցեագրման շուրջ: Այս համատեքստում նախարար Այվազյանը կարևորել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը որպես անհրաժեշտ պայման իր պատմական հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապագա կառուցելու համար:
10:20 - 28 նոյեմբերի, 2020
Արա Այվազյանը հեռախոսով զրուցել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ

Արա Այվազյանը հեռախոսով զրուցել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ

Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսով զրուցել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ։ Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է նախարար Այվազյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթել իր կարևոր առաքելության մեջ:Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում գործակցության շուրջ: Այս առնչությամբ երկուստեք ընդգծվել է գործակցության հետագա ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը:Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանում վերջին զարգացումներին: ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջը համապարփակ տեղեկություն է տրամադրել թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամի և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ:Նախարարները երկուստեք կարևորել են խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:
10:20 - 28 նոյեմբերի, 2020
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Աուրելիո Չոկոյի հետ

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Աուրելիո Չոկոյի հետ

Նոյեմբերի 27-ին Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Աուրելիո Չոկոյի հետ։  Նախարարները շնորհավորանքներ են փոխանակել արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարումը ստանձնելու և այդ պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքերով առավել ամրապնդել հայ-մոլդովական հարաբերությունները և հարստացնել երկկողմ օրակարգը։ Զրուցակիցները  կարևորել են տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը:  ԱԳՆ-ն հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն իր զրուցակցին ներկայացրել է Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի և իր կողմից հովանավորյալ ահաբեկչական խմբավորումների անմիջական մասնակցությամբ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը:  Հակամարտության կարգավորման համատեքստում նախարար Այվազյանը վերահաստատել է, որ Հայաստանի համար մնում է առաջնահերթություն Արցախի ժողովրդի իրավունքների լիարժեք և արդար իրացումը: Արա Այվազյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերը խաղաղ կարգավորման ուղղությամբ:  Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակներում երկու երկրների համագործակցության շուրջ։
19:59 - 27 նոյեմբերի, 2020
Արա Այվազյանն ու Անտոնիո Գուտերեշը քննարկել են Արցախում ստեղծված մարդասիրական իրադրությունը

Արա Այվազյանն ու Անտոնիո Գուտերեշը քննարկել են Արցախում ստեղծված մարդասիրական իրադրությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ ԱԳՆ-ի փոխանցմամբ` նրանք քննարկել են թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախում ստեղծված մարդասիրական իրադրությունը և դրա հետևանքները տարածաշրջանի համար, անդրադարձել ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Արա Այվազյանը շեշտել է տեղահանված արցախահայության հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովմանը և վերջիններիս իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։ Նա Գլխավոր քարտուղար Գուտերեշին համապարփակ տեղեկություն է տրամադրել Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների և բռնության այլ դրսևորումների վերաբերյալ։ Ընդգծվել է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերի խստագույն պահպանումը, Արցախի պատմամշակութային ժառանգության նկատմամբ հարգալից վերաբերմունքը:
15:33 - 26 նոյեմբերի, 2020