Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց (օգոստոսի 21, 1961, ՈսկեհատՎաղարշապատի շրջան)։ Հայ ազգային եկեղեցական գործիչ, 1999 թ․ նոյեմբեր 4-ից Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու 132-րդ կաթողիկոս։ 

1965 թ ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։ 1972 թ․ Տ. Տիրան արք. Ներսոյանի կողմից ձեռնադրվել է կուսակրոն քահանա և վերակոչվել Գարեգին անվամբ։ Նույն թվականին Կաթողիկոս Վազգեն Ա-ի տնօրինությամբ մեկնել է Ավստրիա՝ Վիեննայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում իր կրթությունը շարունակելու։ 1975 թ․ նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ։  1980 թ․ նշանակվել է Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, իսկ 1983-ի ապրիլին՝ փոխանորդ։

1983 թ․ հոկտեմբերի 23-ին  Վազգեն Ա-ի կողմից արժանացել է եպիսկոպոսական ձեռնադրության։  1998 թ․  Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ, իսկ վերջինիս մահից հետո՝ 1999 թ․ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս և նոյեմբերի 4-ին արժանացել կաթողիկոսական ձեռնադրության ու օծման։ 

Քրիստոսի հրաշափառ Ծնունդը հույսի աղբյուր է սրտաբեկ ժողովրդի համար. Գարեգին Բ Կաթողիկոսի պատգամը

Քրիստոսի հրաշափառ Ծնունդը հույսի աղբյուր է սրտաբեկ ժողովրդի համար. Գարեգին Բ Կաթողիկոսի պատգամը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով մատուցված Սուրբ Պատարագից հետո՝ նշելով, որ «Քրիստոսի հրաշափառ Ծնունդը հույսի և մխիթարության աղբյուր է մեր սրտաբեկ ժողովրդի համար հատկապես վշտատանջ այս օրերին, երբ անդրադառնում ենք, որ մեր կյանքը ևս զերծ չեղավ կործանարար սխալներից և մեղանչումներից»։ Վեհափառ Հայրապետն իր պատգամում նշել է. «Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:     «Էր Լոյսն ճշմարիտ, որ լուսաւոր առնէ զամենայն մարդ, որ գալոց է յաշխարհ»  (Յովհ. 1.9)։ Սիրելի հավատավոր զավակներ Մեր ի հայրենիս և ի սփյուռս, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին, աղոթական ոգով համախմբված մեր սուրբ եկեղեցիներում, օրհնաբանում ենք նորածին Փրկչին։ Սուրբ Ծննդյան օրհնյալ այս օրը Բեթղեհեմի մսուրից ծագեց ճշմարիտ Լույսը` լուսավորելու համար մարդկանց հոգիները։ «Այդ ճշմարիտ Լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալու»,- գրում է  Ավետարանիչը։ Աշխարհի փրկության համար մարդեղացած Աստվածորդու Սուրբ Ծնունդը Ավետարանչի նման՝ սրբազան շարականագիրը համեմատում է արեգակի ծագման հետ՝ ասելով. «Ծագեցիր Հորից՝ լուսավորելու արարածներին, Արդարության Արեգակ, Տե՛ր, փա՛ռք Քեզ» (Շարական Սուրբ Ծննդյան)։ Աստվածորդին եկավ փարատելու մեղքի ու մահվան խավարը և մարդկությանն առաջնորդելու դեպի իր Արարիչը: Փրկչի Ծննդյան համեստ քարայրից ճառագեց հոգևոր նորոգության, հոգևոր զորության արշալույսը: Ծննդյան օրից Հիսուս մանկանը վիճակվեցին հալածանքներ։ Փրկիչն Իր ընտանիքի հետ փախստական դարձավ Իր ծննդավայրից, երբ Նրա մահը ցանկացող Հերովդեսը կազմակերպեց մանուկների կոտորածը՝ կարծելով, թե սպանեց նորածին Աստվածորդուն և հաղթեց Նրան։ Սակայն իրական հաղթությունը Քրիստոսինն էր, Ով փրկչական Իր առաքելությամբ չարչարանաց ճանապարհը պսակեց հարության փառավոր հաղթանակով։ Բոլոր դժվարությունների միջով անցնելով՝ Տերը հույս բերեց անկյալ մարդուն, փրկություն՝ մարդկությանը, որ ընկղմված էր անօրենությունների և կռապաշտության խավարի մեջ: Պատմության բոլոր ժամանակներում հերովդեսները աղետ, ավեր ու թշվառություն են պատճառել մարդկությանը, չարի ներգործությամբ գլուխ են բարձրացրել հակառակությունն ու թշնամությունը, առաջադեմ ձեռքբերումների կողքին եղել են աղքատություն, կեղեքում ու անիրավություն։ Եվ այսօր էլ մարդիկ՝ մեղքերով ծանրաբեռն, հեռանում են Աստծուց, աշխարհը ալեբախվում է քաղաքական խարդավանքներից, հասարակություններին տիրել է բևեռացումների հանգեցնող նյութապաշտությունը, և արդարությունն ու ճշմարտությունը դարձել են հարաբերական արժեքներ։ Հակասական ու անհանգիստ այս աշխարհում Հիսուս Քրիստոս ծագում է որպես Արդարության Արեգակ, Լույս ճշմարիտ՝ լուսավորելու մարդկության կյանքի ուղին։ Սիրելիներ, Քրիստոսի հրաշափառ Ծնունդը հույսի և մխիթարության աղբյուր է մեր սրտաբեկ ժողովրդի համար հատկապես վշտատանջ այս օրերին, երբ անդրադառնում ենք, որ մեր կյանքը ևս զերծ չեղավ կործանարար սխալներից և մեղանչումներից։ Անկայուն խաղաղության և պատերազմի սպառնալիքների հանդիման չդրսևորվեց անհրաժեշտ զգոնություն, հայրենիքի ու ժողովրդի շահը ստորադասվեց նեղ ձգտումներին ու նկրտումներին։ Աստվածամերժ ոգին և օտարածին գաղափարներն ու բարքերը ներթափանցեցին մեր հասարակությունից ներս։ Մեր կյանքը հեռու չեղավ կեղծիքից, զազրախոսությունից, անհանդուրժողությունից, ատելությունից ու թշնամանքից, որ սփռվում էր և շարունակում է սփռվել ամենատարբեր միջոցներով՝ մասնատելով մեզ և ցամաքեցնելով Քրիստոսի սերը մեր մեջ։ Իսկ Ավետարանը վկայում է. «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, և ինքն իր մեջ բաժանված ամեն քաղաք կամ տուն կանգուն չի մնա» (Մատթ. 12.25)։ Արցախյան պատերազմի աղետալի հետևանքները տագնապի ու անորոշության զգացումներով են պաշարել մեր ժողովրդի զավակների հոգիները։ Արցախ աշխարհի զգալի մասի կորուստը, մեր հերոս զավակների նահատակությունը, անօթևան ու նյութական կարիքի մեջ գտնվող տեղահանված տասնյակ հազարավոր արցախցի մեր եղբայրների ու քույրերի, հազարավոր վիրավորների և գերեվարված հայորդիների ցավն ու վիշտը մեր ազգային կյանքը հայրենիքում ու սփյուռքում վերածել են մռայլ ու մթագնած գիշերվա։ Այս խավարի, մղձավանջային այս իրականության մեջ այսօր պայծառորեն ծագում է Արդարության Արեգակը՝ լուսավորելու մեր ազգային ու հայրենական անդաստանը և Իր ջերմացնող զորությամբ բժշկություն պարգևելու ազգիս վիրավոր հոգուն։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, մարդեղացյալ Աստվածորդու անբավ սիրուն և փրկության շնորհին ապավինելով մենք դարերի ընթացքում հաղթահարել ենք պատերազմների, աղետների տառապանքներն ու զրկանքները, հուսախաբությունն ու հուսալքությունը և կերտել մեր կյանքի հաղթանակները: Այս օրերին ևս մեր հավատքը կենդանի է նույն վստահությամբ։ Մենք ի զորու ենք վերստին հզորացնելու ու շենացնելու մեր հայրենիքը և մեր կյանքի նոր զարթոնքը իրականություն դարձնելու աշխարհասփյուռ հայության ներուժի ու ջանքերի մեկտեղումով, Հայաստան ու Արցախ համերաշխ ու միաբան հասարակությամբ, զարգացած տնտեսությամբ, գիտությամբ ու կրթությամբ, նորագույն զինտեխնիկայով համալրված բարձր մարտունակությամբ բանակով։ Ինչպես պատերազմի տագնապալի օրերին, մեր սրտերը պիտի բաբախեն հայրենիքի սիրով, մեր մտքերն ու նվիրական զգացումները փարված լինեն հայրենի սրբազան երկրին։ Հայրենական կյանքի կայունությունը հաստատուն պահելու, երկիրը վտանգների չառաջնորդելու, առկա ճգնաժամերը հաղթահարելու, արտագաղթի աղետը կասեցնելու համար հարկ է ամեն հանձնառություն, ամեն զոհաբերություն։ Մեր ազգի ու ժողովրդի համար օրհասական փորձության այս պահին ամուր մնանք հույսով ու հավատով և Տիրոջ կենարար զորությամբ գոտեպինդ՝ ուժ առնենք արհավիրքներից հառնելու, երկնառաք օգնականությամբ փարատելու մեզ պարտադրված այս թանձր խավարը և լուսավորելու մեր կյանքի նոր հորիզոնները։ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության այս հոգենորոգ օրը հայցենք, որ Աստծո փրկության շնորհին ապավինած՝ ընթանանք դեպի մեր իղձերի իրականացումը և մեր արդար իրավունքների հաղթանակով պսակումը։ Աղոթենք, որ Սուրբ Ծննդյան ավետաբեր լույսով միշտ լուսավորվի երկնակամարը մեր ազգային ու հայրենական կյանքի, հավետ պայծառ լինի մեր սուրբ եկեղեցին հոգևոր դասի արդյունավոր ծառայությամբ ու հավատացելոց նվիրյալ ընթացքով, և հայոց աշխարհը պարուրվի մարդացյալ Փրկչի սիրով ու պարգևած հույսով: Թող Տերը խաղաղություն պարգևի համայն աշխարհին, մարդկանց հոգիներին, Իր խնամքի մեջ խաղաղ ու ապահով պահպանի հայրենի մեր երկիրը՝ Հայաստանն ու Արցախը, և շնորհի բարօր ու շեն կյանք աշխարհասփյուռ ազգիս հայոց, այսօր և միշտ և հավիտյանս. ամեն:   Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,Ձեզ և մեզ մեծ աւետիս»։
12:15 - 06 հունվարի, 2021
Գարեգին Բ-ն այցելել է մարտական դիրքեր, նաև բուժում ստացող զինծառայողների

Գարեգին Բ-ն այցելել է մարտական դիրքեր, նաև բուժում ստացող զինծառայողների

Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ, դեկտեմբերի 31-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը կատարեց մի շարք այցելություններ։ Վեհափառ Հայրապետը Կոտայքի թեմի առաջնորդ Տ․ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի և Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ուղեկցությամբ եղավ Կոտայքի թեմի ծաղկաձորյան ճամբարում, ուր իր զորակցությունն ու օրհնությունը բերեց ճամբարում ապաստան գտած, Հադրութից տեղահանված 45 արցախցիներին։ Նորին Սրբությունը զրուցեց արցախցի ընտանիքների հետ՝ տեղեկանալով ապագայի վերաբերյալ նրանց ծրագրերին, ապա սուրբծննդյան նվերներ բաշխեց տարեցներին և երեխաներին։ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր օրհնությունն ու գնահատանքը բերեց նաև «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բուժում ստացող վիրավոր զինվորականներին։ Կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյանի ուղեկցությամբ Վեհափառ Հայրապետն այցելեց բոլոր հիվանդասենյակները՝ իր աղոթքը կատարելով հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելության ընթացքում վիրավորված քաջորդիների համար և հետաքրքրվելով նրանց ապաքինման ընթացքով, առկա կարիքներով։ Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղեկցությամբ այցելեց Հայաստանի հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքեր։ Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց սահմանապահ զինվորականներին՝ մեծապես արժևորելով հայ զինվորի ու հրամանատարի անձնվեր ու անմնացորդ ծառայությունը հայրենիքին։ Ջերմ զրույցի ընթացքում Վեհափառն ընդգծեց, որ Հայոց բանակը եղել և մնում է հիմնական երաշխավորը անկախ պետականության պահպանության և հայրենաբնակ մեր ժողովրդի պաշտպանության։ Նորին Սրբությունը հաստատեց, որ արցախյան պատերազմում հայրենյաց պաշտպանների դրսևորած արի ոգին, նախանձախնդրությունը, անձնազոհ և եղբայրասեր կերպարը միայն հպարտության զգացումով են լցնում իր հոգին։ Վեհափառը նաև աղոթքով հիշեց նրանց ծառայակից նահատակ եղբայրներին և այլևս պատմության մեջ արձանագրված նրանց սխրանքները, որոնք ուժ պիտի տան համայն մեր ժողովրդին կերտելու հայրենիքի նոր լուսավոր օրը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, սրբապատկերներ ընծայելով զինվորներին, անփորձանք և ապահով ծառայություն մաղթեց ամենքին՝ նշելով, որ մեր զինականները մշտապես Հայոց Հայրապետի և հայ եկեղեցականների աղոթքներում են։
19:59 - 31 դեկտեմբերի, 2020
Եկեղեցին իր կարծիքն ազատ է արտահայտելու, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի. Գարեգին Բ կաթողիկոս
 |news.am|

Եկեղեցին իր կարծիքն ազատ է արտահայտելու, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի. Գարեգին Բ կաթողիկոս |news.am|

news.am: Գնահատում ենք մեր զավակների սերն ու նվիրումը եկեղեցու հանդեպ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Սուրբ Գայանե եկեղեցում պատարագ մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ իր օրհնությունը տալով հավաքվածներին։ «Անշուշտ ժողովրդի շատ զավակներ այսօր եկել են այստեղ իրենց զորակցություն արտահայտելու մեր Սուրբ եկեղեցուն՝ համացանցում եկեղեցու հասցեին հնչած բռնի կոչերին, սպառնալի կոչերին ի պատասխան։ Մենք գնահատում ենք մեր զավակների նախանձախնդրությունը, հավատարմությունը, սերն ու նվիրումը Առաքելական Սուրբ եկեղեցու հանդեպ»,- նշեց Գարեգին Բ կաթողիկոսը։ Անդրադառնալով այն հայտարարություններին, թե եկեղեցին փորձում է միջամտել քաղաքական գործընթացներին, Ամենայն Հայոց Կաթողիկոսն արձագանքեց. «Եկեղեցին առաջնորդվում է մեր ազգի, մեր հայրենիքի շահերով եւ համազգային հնչեղություն ունեցող հարցերի առնչությամբ նաեւ արտահայտում է իր վերաբերմունքն ու տեսակետը եւ որեւիցե կերպ սա այլ մեկնաբանություն չպետք է ունենա։ Եկեղեցին իր կարծիքն ազատ է արտահայտելու, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, առավել եւս եկեղեցին»։ Հարցին՝ արդյոք դա աստվածահաճո է՞, կաթողիկոսն ասաց. «Արտահայտած տեսակետն ի պաշտպանություն ազգային մեր շահերի է, ի սեր մեր ժողովրդի է, դա աստվածահաճո է»։  
13:58 - 27 դեկտեմբերի, 2020
Գարեգին Բ-ն հայրաբար հորդորել է տարեվերջյան Սուրբ Պատարագն անցկացնել խաղաղ մթնոլորտում

Գարեգին Բ-ն հայրաբար հորդորել է տարեվերջյան Սուրբ Պատարագն անցկացնել խաղաղ մթնոլորտում

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հայրաբար հորդորել է տարեվերջյան Սուրբ Պատարագի արարողությունն անցկացնել խաղաղ մթնոլորտում: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը՝ արձագանքելով վերջին օրերին Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված արշավի շրջանակներում դեկտեմբերի 27-ին բռնություն գործադրելու համացանցային սպառնալիքներին: «Վերջին օրերին Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված արշավի շրջանակներում դեկտեմբերի 27-ին բռնություն գործադրելու համացանցային սպառնալիքների առնչությամբ Մայր Աթոռում ստացվել են Եկեղեցու հավատավոր զավակների մտահոգության և զորակցության նամակներ, հնչել տարբեր անհատների հանրային ելույթներ և Ազգային Եկեղեցին պաշտպանելու կոչեր: Ամենայն Հայոց Հայրապետի հայրական հորդորն է՝ տարեվերջյան Սուրբ Պատարագի արարողությունն անցկացնել խաղաղ մթնոլորտում և աղոթել հայրենի մեր երկրի անսասանության և ազգի միասնականության, անվտանգ ու ապահով կյանքի համար»,- ասված է հայտարարությունում: Գրառման մեջ նշվում է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեծապես գնահատում է իր զավակների հավատավոր հոգին, նախանձախնդրությունն ու հավատարմությունը հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին՝ հորդորելով պահպանել հանգստությունն ու հանդարտությունը և չազդվել նման սադրիչ հայտարարություններից:
12:08 - 26 դեկտեմբերի, 2020
Միայն ուժեղ պետությամբ է հնարավոր հավերժացնել մեր ինքնությունն ու լինելիությունը, նաև մեր քաջորդիների հիշատակը․ Գարեգին Բ

Միայն ուժեղ պետությամբ է հնարավոր հավերժացնել մեր ինքնությունն ու լինելիությունը, նաև մեր քաջորդիների հիշատակը․ Գարեգին Բ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ դեկտեմբերի 20-ի առավոտյան Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսների ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու և աղոթք բարձրացնելու արցախյան պատերազմում նահատակված քաջորդյաց հոգիների խաղաղության համար։    Ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառ Հայրապետը և եկեղեցականները այցելել են նաև զինվորականների շիրիմներին, կատարել իրենց առանձնական աղոթքը։   Այնուհետև Սուրբ Գայանե վանքում, Վեհափառ Հայրապետը ներկա է գտնվել Սուրբ Պատարագին, որի ավարտին, նախագահությամբ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի, զոհված հերոսների համար կատարվել է հոգեհանգստյան արարողություն։   Արարարողությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն է ուղղել հոգևոր դասին, ներկա բարեպաշտ հավատացյալներին և համայն հայ ժողովրդին։   Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Արցախյան պատերազմում զոհված նահատակների հոգեհանգստյան արարողությանը. «Սիրելի հավատավոր զավակներ Մեր,   Այսօր վերստին ոգեկոչում ենք լույս հիշատակը հայրենիքի համար զոհված մեր զինվորների, աշխարհազորայինների և զորահրամանատարների, ովքեր արցախյան պատերազմում խիզախաբար պայքարեցին անարգ թշնամու դեմ և իրենց թանկագին արյան հեղումով ընդունեցին նահատակության անթառամ պսակը։ Քաջարի սխրագործություններով նրանք անմահացան մարտի դաշտում և ժառանգեցին հավիտենական կյանքի պարգևը, ինչպես խոստացավ մեր Տեր Հիսուս Քրիստոս՝ ասելով. «Արդ, Ես նրանց հավիտենական կյանք կտամ, և նրանք հավիտյան չեն կորչի» (Հովհ. 10.28):   Տերունավանդ խոստումին ապավինած՝ մեր սիրասուն զավակները իրենց կյանքն ընծայեցին հայրենիքին և անօրինակ սխրանքներով զարդարեցին հայոց ազատամարտի նորագույն էջերը։ Հայ ժողովուրդը կրկին հերոսներ ծնեց, ովքեր բարձր ու լուսաշող տեղ գրավեցին հայոց տարեգրության մեջ և երկնքում դասվեցին բոլոր ժամանակներում վասն հավատո և վասն հայրենյաց մարտնչած ու նահատակված քաջերի կողքին։ Մեր հերոսները զոհվեցին արցախահայության ազատ ապրելու արդար իրավունքի և հայրենիքի խաղաղ, ապահով և բարօր կյանքի տեսիլքով՝ պատգամելով մեզ աննկուն լինել ոգով և արիաբար պայքարել՝ հանուն մեր ազգային նպատակների իրագործման։   Սիրելիներ, վիշտն ու սուգը Աստված փարատում է Իր Սուրբ Հոգու մխիթարությամբ և սփոփիչ զորությամբ։ Նա շնորհն ու կարողությունն է պարգևում, որ վեր հառնենք նեղություններից ու դժվարություններից, Քրիստոսի նման հարություն առնենք մեր պատմության հերթական Գողգոթայից և վկայենք աշխարհասփյուռ մեր ժողովրդի ներուժը, աստվածապարգև մեր հավատն ու ամուր կամքը, նոր կյանք կառուցելու մեր եզակի վճռականությունը։   Համազգային ուժերով և միասնական ոգով ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմագրավումը, քաղաքական և հասարակական ճգնաժամի հաղթահարումը պիտի լինեն մեր արժանի տուրքն ու խոնարհումը նահատակ հայորդիների շիրիմներին։ Ներկա բարդ իրավիճակում զգաստության և ողջախոհության պահպանումը, մեր նահատակների կորուստը արժանավայել սգալը և սուգը չքաղաքականացնելը պիտի լինեն նվիրական հարգանքի ճշմարիտ արտահայտությունը մեր հերոսների անմոռաց լույս հիշատակի առջև։ Ազգային համերաշխությամբ ու համընդհանուր շահերի վսեմ գիտակցությամբ ապրելու ու արարելու մեր ընթացքը պիտի լինի պատվաբեր շարունակությունը մեր զավակների Քրիստոսանման անձնազոհության։   Արդ, մեր նահատակ հերոսների անմար լույս հիշատակի առջև վերահաստատենք հայրենանվիրումի ու ազգանվիրումի ուխտը։ Թող ազգի ու հայրենիքի հանդեպ նրանց պարտքի գիտակցությունը, հանձնառության և զոհաբերության ոգին օրինակ դառնան պետական ու քաղաքական այրերին և համայն մեր ժողովրդին՝ անսակարկ նախանձախնդրությամբ և անձնուրաց զոհողություններով ամեն կարելին ներդնելու մեր հայրենիքի բարօր ու շեն կյանքի կերտման և մեր պետականության ամրապնդման համար։ Չվտանգենք մեր պետականությունը անխոհեմ քայլերով, չգերադասենք անձնական շահերը, այլ գործենք հանուն մեր ժողովրդի ու հայրենյաց անկորուստ պահպանության, զորացման ու առաջընթացի։ Միայն ուժեղ պետությամբ է հնարավոր հավերժացնել մեր ինքնությունն ու լինելիությունը, նաև մեր քաջորդիների հիշատակը։   Ի խորոց սրտի աղոթենք միասին, որ Ամենագութն Աստված հանգստություն ու երանություն շնորհի քաջաբար զոհված մեր սիրասուն զավակների անմահ հոգիներին։ Աղոթենք, որ գթառատ Տերն Իր Սուրբ Հոգով սփոփի մեր հերոսների ծնողների, կանանց ու զավակների սգացյալ սրտերը և մեր բոլորի վշտակիր հոգիները։ Թող այլևս սուգն ու տխրությունը չմթագնեն մեր ազգային կյանքը, ողբերգությունները չպատուհասեն մեր ժողովրդին, և Աստծուն ապավինած ու ազգովին համախումբ՝ կերտենք լուսավոր գալիքը հայրենյաց և համայն հայության։ Փառք և երիցս փառք մեր նահատակ որդիներին։   Խոնարհում, մշտահունչ աղոթք և բյուր օրհնություն մեր հերոսների լույս հիշատակին։ Խոսքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը աղոթք բարձրացրեց առ Բարեգութն Աստված՝ ասելով.   «Քրիստոս Որդի Աստծո, որ ներողամիտ ես ու բարեգութ, ընդունիր մեր աղոթքները և ունկնդիր եղիր մեր խնդրանքներին։ Արարչական սիրովդ գթա Արցախյան ազատամարտում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հերոս զինվորների և զորավարների հոգիներին։ Լույսերիդ մեջ աջակողմյան դասում ընդունիր նրանց Քո սուրբերի հետ միասին և պարգևիր երկնքի անվախճան արքայությունդ։ Ամենախնամ Տեր, Քո աստվածային ազատությունը պարգևիր մեր գերիներին, որպեսզի օր առաջ նրանք ապահով տուն վերադառնան։ Քո ամոքիչ և կենդանարար սիրով օրհնիր և բժշկություն պարգևիր նաև վիրավորներին ու ապաքինվող բոլոր անձանց և Քո Սուրբ Հոգու մխիթարիչ զորությունը պարգևիր որդեկորույս ծնողներին՝ սգակիր հայրերին ու մայրերին, այրիացյալ կանանց ու որբացած մանուկներին, նրանց հարազատներին և վշտակիր համայն մեր ժողովրդին։ Բարերար և բազումողորմ Տեր, Քո հայրական խնամքով և ամենախնամ Սուրբ Աջովդ պահպանիր մեր ժողովրդին սիրով միաբան՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում և զորացրու մեր հոգիները հավատքով ու հույսով, որպեսզի Քո օգնականությամբ այս ծանր ճգնաժամը ևս հաղթահարենք։   Հեռացրո՛ւ մեզնից ատելության ու բռնության չարիքը և շնորհի՛ր համերաշխության ու եղբայրասիրության ոգի, որպեսզի ազգովին համախումբ շենացնենք ու զորացնենք մեր հայրենիքը և հանապազ գոհությամբ օրհնաբանենք Քեզ՝ Հոր և Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն»։      
14:34 - 20 դեկտեմբերի, 2020
Մեկնարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագիրը

Մեկնարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագիրը

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հաստատվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագիրը, որի նպատակն է բացառաբար հումանիտար ծրագրերով հոգատարություն ցուցաբերել Արցախում ծանր կացության մեջ հայտնված ժողովրդին և պատերազմի հետևանքով արցախյան գյուղերից տարհանված և Հայաստանում ապաստանած ընտանիքներին։ Այս մասին իրազեկում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի միջոցով իրականացվող ծրագրի աշխատանքները համակարգելու է ստեղծված հանձնախումբը՝ ատենապետությամբ  Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի։ Հանձնախմբի կազմում ընդգրկված են եկեղեցականներ և աշխարհականներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և բոլոր մայրցամաքներից։ Այս առիթով օրերս Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել հանձնախմբի հետ։ Նորին Սրբությունը հայրական իր օրհնությունն ու գնահատանքն է բերել հանձնախմբի անդամներին, որ այս դժվարին ու ծանր օրերին ստանձնել են Մայր Աթոռի նախաձեռնած ծրագրի շրջանակներում իրենց օգտաշատ աջակցությունը բերել Արցախի հայորդիներին: Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանի ու Արցախի առջև ամենատարբեր ոլորտներում այսօր ծառացած լուրջ մարտահրավերներին՝ ընդգծելով, որ առկա պայմաններում Հայոց Եկեղեցին պետք է անի ամեն անհրաժեշտը՝  առավելագույնս աջակցություն մատուցելու մեր հայրենիքին ու ժողովրդին։ Այս առումով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է հանձնաժողովի առաքելությունը՝ հույս հայտնելով, որ նախատեսված գործունեությունը կստանա համազգային և համասփյուռքյան ընդգրկում: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկայում ձեռնարկվելիք քայլերը, Հայոց Եկեղեցու թեմերի և ազգային հաստատությունների համագործակցությանն առնչվող հարցեր։
20:27 - 14 դեկտեմբերի, 2020
Գարեգին Բ-ն և Պարգև Սրբազանը քննարկել են Արցախի թեմի գործունեությանը և սրբավայրերին վերաբերող հարցեր

Գարեգին Բ-ն և Պարգև Սրբազանը քննարկել են Արցախի թեմի գործունեությանը և սրբավայրերին վերաբերող հարցեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է արտերկրում բուժումից վերադարձած Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին: Սյս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը: «Պարգև Սրբազանը Նորին Սրբությանը շնորհակալություն հայտնեց հոգատարության և բուժման մեկնելու հայրական հորդորի համար, որի շնորհիվ անհապաղ բժշկական միջամտությամբ հնարավոր եղավ կանխել կյանքին սպառնացող վտանգը: Հայոց Հովվապետը, ուրախություն հայտնելով Սրբազանի կազդուրման և վերադարձի առիթով, նկատեց, որ այս օրերին հավատացյալ ժողովուրդը լուրջ անհանգստություն դրսևորեց նրա առողջական վիճակի առնչությամբ, ինչը վկայում է Պարգև Սրբազանի անձի հանդեպ մեծ հարգանքի և սիրո մասին»,- գրել է Վահրամ քահանա Մելիքյանը: Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի թեմի առաջնորդն անդրադարձել են Արցախում տիրող իրավիճակին, Արցախի ժողովրդի կարիքներին ուղղված նախաձեռնվող ծրագրերին, ինչպես նաև թեմի հետագա գործունեությանը և սրբավայրերի խնամքին։
14:19 - 12 դեկտեմբերի, 2020
Վարչապետը չի բացառել ընդդիմադիրների հետ հանդիպման հավանականությունը
 |1lurer.am|

Վարչապետը չի բացառել ընդդիմադիրների հետ հանդիպման հավանականությունը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հարցրեց իր հրաժարականը պահանջող ուժերի հետ հանդիպման հնարավորության մասին: «Մենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին կխոսենք այն դեպքում, երբ պարզվի և արձանագրվի, որ հարկադրելու ռեսուրս ժողովրդի կողմից ընտրված կառավարությանը ուղղակի գոյություն չունի»,- ասաց վարչապետը: Փաշինյանը շեշտեց՝ որևէ քաղաքական ուժ, խմբակ չի կարող Հայաստանի ժողովրդին և ժողովրդի կողմից ընտրված կառավարությանը հարկադրել: Ըստ նրա՝ ժողովրդի իշխանությունը պետք է պահպանվի և պաշտպանվի իշխանություն ձևավորելու ժողովրդի իրավունքը: Փաշինյանն ընդգծեց, որ չեն գտնի մի այնպիսի դեպք, երբ իրենց հետ խոսելու ցանկություն է եղել, և իրենք չեն խոսել: Ասաց, որ չեն պատրաստվում խոսել այնպիսի պայմաններում, երբ այդ խոսակցությունը կընկալվի որպես նահանջ՝ բռնության և հարկադրանքի սպառնալիքի առաջ, մինչդեռ պատրաստ են երկխոսելու, եթե երեք հարցերի շուրջ կլինի կոնսենսուս: «Առաջինը՝ Հայաստանի ներքին և արտաքին կայունության անվտանգության ապահովություն, Արցախի ներքին և արտաքին կայունության անվտագության ապահովություն և ժողովրդի իշխանության երաշխավորություն, որտեղ որոշումը հետագա կայացնելու է ժողովուրդը: Դա օրակարգ է, որը մենք պատրաստ ենք քննարկել, բայց պայմանով՝ որևէ մեկը հարկադրանքի, սպառնալիքի, բռնության լեզվով չպետք է խոսի»,- ասաց Փաշինյանը: Փաշինյանն անդրադարձավ նաև իր հրաժարականի վերաբերյալ Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսների կոչերին: «Ոչ մի խնդիր չեմ տեսնում նաև նրանում, որ մեր եկեղեցու ներկայացուցիչները` Վեհափառ հայրապետները, հանդես են եկել նման կոչով, իրենց տեսակետն են հայտնել: Ես դրա մեջ ողբերգություն չեմ տեսնում: Յուրաքանչյուրը, առավել ևս` հայրապետները, ունեն իրենց դիրքորոշումը արտահայտելու անքակտելի իրավունք, Կառավարությունը և ժողովուրդն ունի իրավունք՝ այդ տեսակետին չհամաձայնել»,- ասաց վարչապետը:
20:06 - 09 դեկտեմբերի, 2020
Գարեգին Բ-ն հորդորում է Նիկոլ Փաշինյանին վայր դնել վարչապետի լիազորությունները

Գարեգին Բ-ն հորդորում է Նիկոլ Փաշինյանին վայր դնել վարչապետի լիազորությունները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել ուղերձով Հայաստանում ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ: Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը ստորև. «Սիրելի զավակներ մեր ի հայրենիս և ի սփյուռս, Պատերազմի արհավիրքից հետո ցավի, մտահոգության և տագնապի ծանր օրեր ենք ապրում։ Հազարավոր մեր հերոս զավակների նահատակությունը, պատմական Արցախ աշխարհի զգալի մասի կորուստը, պատերազմի աղետալի հետևանքները և արտաքին վտանգի առավել մեծ սպառնալիքը ալեկոծել են մեր հոգիները, խաթարել համերաշխությունը և ազգային միասնականությունը հայրենիքում ու սփյուռքում։ Ստեղծված ծանր իրադրությունը և ներքաղաքական խորը ճգնաժամը նոր վտանգների առջև է կանգնեցրել հայրենի մեր երկիրը՝ կենսական դարձնելով հառնած լրջագույն մարտահրավերների հրատապ լուծման անհրաժեշտությունը։ Օրեցօր բարդացող իրավիճակի առնչությամբ քննարկումներ ենք անցկացրել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսաց դասի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ։ Հանդիպումներ ենք ունեցել նաև Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի, քաղաքական ու ազգային զանազան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Համընդհանուր համոզումն է, որ օրհասական այս կացությունը պետք է իր հանգուցալուծումը գտնի բացառապես սահմանադրական ճանապարհով, ազգային համերաշխության ու ողջախոհության պայմաններում։ Հայրենի մեր երկրում տեղ գտնող տագնապալից զարգացումներին և առկա մտահոգություններին ընդառաջ՝ Մենք հանդիպում ունեցանք նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ տիար Նիկոլ Փաշինյանի հետ։ Թելադրված երկրի առջև ծառացած և ահագնացող ներհասարակական լարվածությամբ, արտաքին և ներքին լուրջ մարտահրավերներով և վարչապետի անձի նկատմամբ հանրային վստահության պակասով՝ հայրաբար հորդորեցինք հանձնառություն ստանձնել և վայր դնել վարչապետի լիազորությունները՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները։ Այս առումով նաև կոչ ենք ուղղում Ազգային ժողովին՝ մեր հայրենիքի համար այս վճռորոշ պահին գործել ամենայն պատասխանատվությամբ, ականջալուր լինել հանրության լայն շրջանակների կողմից հնչող պահանջներին և քաղաքական ուժերի հետ համախորհուրդ ընտրել նոր վարչապետ ու ձևավորել ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն։ Միայն հանրային վստահություն ունեցող և արհեստավարժ անձերից կազմված կառավարությունն է, որ կարող պիտի լինի կարգավորել մեր ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրները, վերականգնել ազգային համերաշխությունն ու միասնականությունը և կազմակերպել անվիճարկելի անհրաժեշտություն ներկայացնող խորհրդարանական արտահերթ ընտրությունները։ Հայրական Մեր պատգամն ենք բերում հավատավոր մեր ժողովրդին, իշխանություններին և ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ դժվարին այս օրերին զերծ մնալ բռնություն հրահրող և ատելություն սերմանող արտահայտություններից ու գործողություններից։ Ազգովին համախումբ ջանք և ներդրում բերենք առկա ճգնաժամի հաղթահարմանն ի նպաստ։ Մեր նահատակ հերոսների վառ հիշատակը և նրանց նվիրական տեսիլքները իրագործելու սրբազան ուխտը մեր սրտերում՝ միաբանվենք ու գործենք հանուն մեր հայրենիքի լուսավոր գալիքի, հանուն մեր ժողովրդի խաղաղ, ապահով ու բարօր կյանքի։ Աստված պահապան և օգնական մեր ժողովրդին և հայրենիքին»։
13:15 - 08 դեկտեմբերի, 2020
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկներին

Դեկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող մի խումբ ֆրանսիացի բժիշկների՝ ուղեկցությամբ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Հոգեշնորհ Տ․ Գրիգոր վարդապետ Խաչատրյանի։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ առաքելության պատասխանատու դոկտ․Լևոն Խաչատրյանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց արցախյան պատերազմի ընթացքում հումանիտար և բժշկական օգնության նպատակով կազմակերպված առաքելության շրջանակներում Ֆրանսիայից բժիշկների արդեն երրորդ խմբի այցելության արդյունքների, վիրավորում ստացածների ապաքինմանն ուղղված ծրագրերի և այդ նպատակով ձևավորված համագործակցության մասին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրորեն գնահատեց ֆրանսիացի բժիշկների ազնիվ հանձնառությունը՝ նշելով, որ նմանօրինակ մարդասիրական ծրագրերը մեծ օգտակարություն ունեն և կարևոր զորակցություն են հայ բժիշկներին վիրավոր զինվորականների բուժման գործում։ Հանդիպման առիթով Նորին Սրբությունն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի իշխանություններին և մասնավորապես նախագահ Էմանուել Մակրոնին այն կարևոր աջակցության համար, որ պատերազմի առաջին օրերից ցուցաբերվել է Արցախի ժողովրդին։ Հայոց Հայրապետը բարձրորեն գնահատեց նաև այն ուշադրությունը և հարգանքը, որ ֆրանսիացի ժողովրդի կողմից դրսևորվում է հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ։ Ֆրանսիացի բժիշկներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին հայրապետական օրհնության և գնահատանքի համար։ Ապա քննարկվեցին առկա անհրաժեշտություններն ու կարիքները, անդրադարձ կատարվեց այս ուղղությամբ Հայոց Եկեղեցու կողմից ձեռնարկվող քայլերին, մասնավորապես վերջին տարիներին Մայր Աթոռի և Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու վարչության համատեղ ջանքերով իրականացվող վերջույթների պրոթեզավորման ծրագրին։ Կարևորվեց նմանօրինակ ծրագրերի կազմակերպումը ներգրավմամբ նաև մարդասիրական զանազան կազմակերպությունների, որպեսզի հնարավորություն ընձեռնվի վիրավոր զինծառայողներին վերադառնալու լիարժեք կյանքի։ Այդ գործընթացում անհրաժեշտ նկատվեց բուժման մեջ գտնվողների հետ հոգեբանական աշխատանքի կազմակերպումը և դրանում ընդգծվեց նաև Եկեղեցու մասնակցության կարևորությունը։ Վերջում Հայոց Հովվապետն աղոթեց խաղաղության համար՝ հայցելով Երկնավորից, որպեսզի որևէ ազգ և ժողովուրդ այլևս չապրի նման ցավ և պատերազմի աղետալի հետևանքների ողբերգություն։
22:42 - 04 դեկտեմբերի, 2020