Վարչապետն ընդգծեց Սևանա լճի քաղցրահամ ջրի պաշարների կարևորությունը տարածաշրջանի համար․ |armenpress.am|
armenpress.am։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանա լիճը համարում է Հայաստանի Հանրապետության ամենամեծ և հիմնական զբոսաշրջային պոտենցիալ ունեցող վայրերից մեկը, սակայն ընդգծում նաև վերջին 30 տարիների ընթացքում Սևանի շուրջ կուտակված խնդիրները։
«Գեղարքունիքի մարզ ասելով առաջին հերթին նկատի ենք ունենում Սևանա լիճը։ Դեռևս 1995-96թթ., երբ Հայաստանի նոր վարչատարածքային բաժանումը տեղի էր ունենում, այն ժամանակ կայացվեց ճիշտ քաղաքական որոշում, որ Սևանի ափին տեղակայված բոլոր շրջանները պետք է ընդգրկված լինեն մեկ մարզում։
Սա ընդգծում էր նաև Սևանի առանձնահատուկ նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար, և Սևանի նշանակությունն այս ընթացքում ոչ միայն չի նվազել, այլև մեծացել է ոչ միայն Հայաստանի, այլև ընդհանրապես մեր տարածաշրջանի համար։ Եվ կարծում եմ՝ Սևանա լիճը մեր հիմնական և ամենամեծ զբոսաշրջային պոտենցիալ ունեցող վայրերից է, մեր երկրի ամենագեղատեսիլ վայրերից, բայց նաև այսօր մենք պետք է խոստովանենք, որ Սևանա լիճը և նրա ափերը կրում են վերջին 30 տարում Հայաստանում տեղի ունեցող գործընթացների բոլոր շերտերը առանց բացառության, և ուշադիր հետազոտողը Սևանի ափերով շրջելիս կարող է հստակ արձանագրել, թե պատմական ինչ փուլեր է անցել մեր Հանրապետությունը։
Հիմա մեր մեծագույն խնդիրը Սևանի առափնյա միջավայրը համապատասխանեցնելն է այն կարգավիճակին, որ Սևանա լիճն ընդհանրապես ունի որպես տեսարժան վայր, որպես քաղցրահամ ջրի ահռելի պաշար, և որպես ՀՀ կարևոր սիմվոլներից մեկը»,- ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց նաև, որ իրենց կառավարության համար առանձնահատուկ նշանակություն ունեն աշխարհում ձևավորված բնապահպանական չափանիշները։«Շատ կարևոր է իսկապես արձանագրել, որ ոչ միայն Գեղարքունիքի մարզում, Նոր Հայաստանում մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեն բնապահպանական չափանիշները, որովհետև Հայաստանի Հանրապետության համապատասխանեցումը բնապահպանական լավագույն միջազգային չափանիշներին, մեզ համար իսկապես առաջնահերթություն է, և մեզնից պահանջում է երկարատև քրտնաջան աշխատանք, և այս աշխատանքը մինչև վերջ իրականացնելու բավարար կամք մենք ունենք։
08:37 - 11 մայիսի, 2019