Լոռու մարզ

ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7 %-ը): Գտնվում է հանրապետության հյուսիսում, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը (110կմ երկարությամբ), արեւմուտքից Շիրակի, արեւելքից Տավուշի, հարավից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերին: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա:

Մարզի տարածքով են անցնում Թբիլիսի-Երեւան երկաթուղու մի հատվածը:
ՀՀ Լոռու մարզն ընդգրկում է Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Գուգարքի տարածաշրջանները, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Ախթալա, Թումանյան, Շամլուղ քաղաքները:

ՎՊՀ ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով. մեղադրանք է առաջադրվել 8 ուսանողի

ՎՊՀ ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով. մեղադրանք է առաջադրվել 8 ուսանողի

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական  վարչության վարույթ է ընդունվել «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ֆակուլտետներից մեկի ամբիոնի վարիչի կողմից մի շարք ուսանողների ընթացիկ քննությունների, ստուգարքների, կուրսային և բուհի ավարտական աշխատանքների դրական արդյունքներն ապահովելու համար առերևույթ առևտրային կաշառք և կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզվել է, որ ամբիոնի վարիչը, օժտված լինելով ամբիոնի ուսումնամեթոդաբանական, գիտական, հետազոտական, դաստիարակչական և այլ աշխատանքների կազմակերպում և ղեկավարում իրականացնելու իրավասությամբ, պատասխանատվություն կրելով քննաշրջանների և ամփոփիչ, ավարտական քննությունների արդյունքների համար, Վանաձորի բնակչուհու միջնորդությամբ համաձայնություն է ձեռք բերել՝ իր լիազորությունների շրջանակում մի շարք ուսանողների օգտին, որոշակի գումարի դիմաց, կիսամյակային կուրսային աշխատանքների, քննությունների, ստուգարքների դրական գնահատականներ ապահովելու շուրջ: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ամբիոնի վարիչը պարբերաբար, միասնական դիտավորությամբ, շարունակաբար միջնորդից ստացել է ուսանողներից վերցված տարբեր չափերի կաշառք-գումարներ, որոնց մի մասը տվել է միջնորդին, իսկ ուսանողների կուրսային աշխատանքները, քննությունները, ստուգարքները գնահատվել են դրական: 2020 թվականի մայիսի 5-ին ամբիոնի վարիչը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (առևտրային կաշառքը) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 3-րդ մասի 3-րդ կետով և 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով և տվել խոստովանական ցուցմունքներ: Ուսանողներից 8-ին մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (առևտրային կաշառքը) 1-ին և 312-րդ հոդվածի (կաշառք տալը) 1-ին մասերով, իսկ միջնորդին՝ 38-200-րդ (առևտրային կաշառք ստանալուն օժանդակելը) հոդվածի 1-ին   և 313-րդ հոդվածի (կաշառքի միջնորդությունը) 1-ին մասերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:24 - 05 մայիսի, 2020
Նախարար Պապիկյանը մարզերում հետևել է ճանապարհահատվածների շինաշխատանքներին

Նախարար Պապիկյանը մարզերում հետևել է ճանապարհահատվածների շինաշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կոտայքի, Լոռու և Տավուշի մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակում փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի և մարզպետների ուղեկցությամբ հետևել է մի շարք ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների ընթացքին։ Մ3 միջպետական մայրուղու Սպիտակ քաղաքով անցնող ճանապարհահատվածում նախարարը իր դժգոհությունն է հայտնել շինարարության տեմպից, անդադարձել նախորդ տարի այս հատվածում կատարված աշխատանքերի բացթողումներին։«Պահանջներն ու մոտեցումները փոխվել են, հիմա մենք այլ իրականությունում ենք ապրում: Ձեզ ընձեռնված են բոլոր հնարավորությունները՝ աշխատելու և գործը հաջողելու։ Բայց որակն ու պատասխանատվությունն այս հարցում անչափ կարևոր է: Չեք կարող հին մոտեցումներով, հնացած տեխնիկայով շարունակել և ակնկալել որակյալ արդյունք»,-ընդգծել է նախարարը և խստիվ հանձնարարել ոլորտի պատասխանատուներին ամենօրյա ռեժիմով հետևել շինարարության տեմպին և որակի պահպանմանը և զեկուցել ընթացքի մասին։ Նախարար Պապիկյանը հաջորդիվ այցելել է Մ6 Վանաձոր-Ալավերդի-հայ-վրացական սահման միջպետական ճանապարհ:Լոտ 1-ի Քոբայր-Ալավերդի հատվածում կապալառու կազմակերպության՝ «Հորիզոն-95» ՍՊԸ-ի ներկայացուցիչները ծանոթացրել են կատարվող շինաշխատանքների ընթացքին։ Հատկապես կարևորվել են ժայռի պայթեցման և ճանապարհի լայնեցման աշխատանքները, ինչը շինարարարի փոխանցմամբ նախատեսվում է մայիսի 5-ին։ Լոտ 2-ի Ալավերդի քաղաքի շինհրապարակում նախարարը հետևել է արդեն իսկ մեկնարկած ասֆալտապատման աշխատանքներին: Կապալառու կազմակերպության՝ «ԱԱԲ պրոյեկտ» ընկերության ներկայացուցիչներից նախարարը հետաքրքվել է ասֆալտի բազմաշերտ հարթեցմանն առնչվող հարցերով, ճանապարհահատվածում տեղադրված ջրահեռացման համակարգով: Սուրեն Պապիկյանը ծանոթացել է շինարարական կազմակերպության կողմից շահագործվող տեխնիկայի հնարավորություններին, ինչը թույլ է տալիս ապահովել աշխատանքների որակյալ Նախարարն իր գոհունակությունն է հայտնել նշված ճանապարհահատվածում շինարարության տեմպից՝ միաժամանակ հորդորելով սեղմ ժամկետում կարգավորել ի հայտ եկած տեխնիկական խնդիրները՝ խուսափելու հետագա բարդություններից ։ Հաղպատ-Բագրատաշենի սահմանային անցակետ ճանապարհահատվածի վերաբերյալ նշյալ 3 լոտերի շինարարության տեխհսկողությունն իրականացնող ընկերության՝ «Սաֆեժ ՍԱՍ և Հիլլ Ինտերնեյշընըլ» ՀՁ թիմի ղեկավար Գեորգիոս Պարասկևոպուլոսի հետ զրույցի ընթացքում նախարարը հետաքրքվել է այն խնդիրներից, որոնք առաջացել են աշխատանքների նախագծման և բուն շինարարության ընթացքում: Հնչած հարցերին ի պատասխան ճանապարհաշինության ոլորտը համակարգող փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ առաջիկայում շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկումից հետո խնդիրների լուծման ուղղությամբ հստակ ժամկետներ ու հանձնարարականներ կտրվեն: Շրջայցի ընթացքում նախարարը եղել է նաև Տավուշի մարզում, մասնավորապես հետևել սահմանապահ Բերքաբեր համայնքի 4կմ երկարությամբ ճանապարհահատվածի և Մակարավանք վանական համալիր տանող հանրապետական նշանակության ճանապարհի վերանորոգման և հողահարթեցման աշխատանքների ընթացքին։ Այս ճանապարհները ասֆալտապատվելու են առաջին անգամ և շահագործման կհանձնվեն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:
09:47 - 04 մայիսի, 2020
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հայտարարությունը Գյուլագարակ համայնքում ստեղծված իրավիճակի մասին

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հայտարարությունը Գյուլագարակ համայնքում ստեղծված իրավիճակի մասին

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Գյուլագարակ համայնքում ստեղծված իրավիճակի մասին հայտարարություն է տարածել մարզպետարանի ֆեյսբուքյան էջում: Այն ներկայացնում ենք նույնությամբ. «Վերջին օրերին Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում տեղի ունեցող իրադարձություններն ու զարգացումները ինձ՝ որպես Լոռու մարզպետի, պարտավորեցնում են հանդես գալու հայտարարությամբ՝ ներկայացնելով Գյուլագարակ խոշորացված համայնքի համայնքապետ Մհեր Գևորգյանի անօրինական գործողությունների ողջ շղթան: Սույն թվականի ապրիլի 10-ին, ժամը 11.00-ին Գյուլագարակի համայնքապետարանի ֆեյսբուքյան հարթակով ուղիղ հեռարձակվել է Գյուլագարակ համայնքի ավագանու նիստը, որի ընթացքում համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանը հանդես է եկել ավագանու առջև և ներկայացրել իր հրաժարականը: Վերջինս հրաժարականի վերաբերյալ դիմումը էլեկտրոնային փոստով ներկայացրել էր նաև Լոռու մարզպետարան: Սակայն հետագայում՝ ավագանու նիստից օրեր անց, համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարի կողմից Լոռու մարզպետարան է ներկայացվել համայնքի ավագանու 10.04.2020թ.-ի արտահերթ նիստի արձանագրության քաղվածքը, որտեղ, սակայն, օրակարգի մեջ առհասարակ ընդգրկված չէ համայնքապետի հրաժարականի վերաբերյալ հարցը: Թե որքանով է կեղծված փաստաթղթի բովանդակությունը, պարզ կլինի առաջիկայում: Ելնելով վերը շարադրված փաստերից՝ Լոռու մարզպետի կողմից հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ավագանու՝ Գյուլագարակ համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանի կողմից Գյուլագարակ համայնքի ավագանուն ներկայացված հրաժարականի վերաբերյալ համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն կազմելուն և այդ արձանագրությունը ՀՀ Լոռու մարզպետին ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Բացի այդ, 29.04.2020թ.-ին Լոռու մարզպետի կողմից գրություն է հասցեագրվել ՀՀ Լոռու մարզի դատախազ Գ.Մանուկյանին, որտեղ նշվել է՝ «հաշվի առնելով տեղի ունեցած իրադարձությունները, խնդրում եմ Գյուլագարակ համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի և համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի գործողություններին ու ոչ իրավաչափ վարքագծին տալ իրավական գնահատական և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալ»: Լոռու մարզպետի կողմից ներկայացված հայցը ՀՀ վարչական դատարանի կողմից ընդունվել է վարույթ և դատաքննության ավարտից հետո հանրությունը կիրազեկվի արդյունքների մասին: Այսօր տեղեկացել ենք, որ Մհեր Գևորգյանի կողմից աշխատանքից ազատվել են Վարդաբլուր և Կուրթան բնակավայրերի վարչական ղեկավարները՝ Ռուսլան Օհանյանը և Նարեկ Նալբանդյանը: Հարկ է նշել, որ երկուսն էլ անօրինական են ազատվել աշխատանքից: Վարդաբլուրի վարչական ղեկավարը ներկայացրել է դիմում աշխատանքից ազատման վերաբերյալ, ինչին ի պատասխան հաջորդ օրը հետևել է Մհեր Գևորգյանի կարգադրությունը՝ Վարդաբլուրի վարչական ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասին: Համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 109 հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի աշխատանքային պայմանագիրը լուծվում է աշխատողի նախաձեռնությամբ, սակայն նույն օրենսգրքի 112 հոդվածի 3-րդ կետի համաձայն աշխատողն իրավունք ունի աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը հետ վերցնելու ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում: Այսինքն, Մհեր Գևորգյանի կարգադրությամբ խախտվել է աշխատողի՝ Վարդաբլուր վարչական ղեկավարի իրավունքը, որն ամրագրված է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 3-րդ կետով: Վերջինս կարող է հետ վերցնել իր կողմից ներկայացված դիմումը երեք աշխատանքային օրվա ընթացքում, որը դեռևս չի սպառվել: Ինչ վերաբերվում է Կուրթան բնակավայրի վարչական ղեկավարին, ապա այստեղ նույնպես Մհեր Գևորգյանի կողմից արձակված կարգադրությունը ոչ իրավաչափ է հետևյալ պատճառաբանությամբ: Որպես իրավական հիմք՝ կարգադրության մեջ նշված է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետը, այն է՝ «աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում»: Ներկայացնում եմ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 122 հոդվածը, որը հստակ մեկնաբանում է, թե որ դեպքերում կարելի է լուծել պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ. «1. դրամական կամ ապրանքային արժեքներ սպասարկելիս կատարել է այնպիսի արարքներ, որի հետևանքով գործատուն կրել է նյութական վնաս. 2. ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք.  3. հրապարակել է պետական, ծառայողական, առևտրային կամ տեխնոլոգիական գաղտնիքներ կամ դրանց մասին հայտնել է մրցակից կազմակերպությանը»: Եվ հրատապության կարգով ու բովանդակալի պատասխանի ակնկալիքով հարց է առաջանում՝ վերը նշված կետերից ո՞րն է խախտել Կուրթան բնակավայրի վարչական ղեկավարը: Հ.Գ. Վերջին 20 օրերին Գյուլագարակում կատարվող զարգացումները գալիս են ևս մեկ անգամ վերահաստատելու իմ մոտեցումը տասնամյակներով ճնշումների ու անձնական շահի մոլուցքով առաջնորդված համայնքապետի նկատմամբ: Այլևս անցել են ճնշումների, բռնությունների, ահուսարսափ տարածելու մեխանիզմով, կաշառելով ու հարայ-հրոցով հարցեր լուծելու ժամանակները: Իշխանությունն այլևս ժողովրդինն է, ով արժանի է ունենալ աշխատող ու ջանացավ համայնքապետ, ով սեփական ունեցվածքն ու կալվածքները շարունակաբար ընդլայնելու ու սոցիալական աջակցության ու արտոնությունների տեսքով չնչին գումարներով բնակչության առաջ աչքակապություն անելու փոխարեն իսկապես կլծվի արդար, ազնիվ ու ստեղծագործ աշխատանքի: Ես՝ որպես Լոռու մարզպետ, դատապարտում եմ Գյուլագարակ համայնքի ղեկավարի անօրինական քայլերը», - ասվում է մարզպետի հայտարարությունում:
09:47 - 01 մայիսի, 2020
ԵՄ-ն օգնություն կտրամադրվի Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի ավելի քան 3000 ընտանիքների

ԵՄ-ն օգնություն կտրամադրվի Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի ավելի քան 3000 ընտանիքների

Եվրոպական միությունն աջակցում է կորոնավիրուսային համավարակի ճգնաժամի հետևանքով տուժած կարիքավոր ընտանիքներին։ Այս մասին հայտնում են Հայաստանում Եվրոպական միության ֆեյսբուքյան էջից։ «Այսօր ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հետևում էր մարդասիրական օգնության փաթեթների կազմակերպմանը, որոնք պարունակում են սնունդ, հիգիենիկ պարագաներ, ինչպես նաև գրենական պիտույքներ, և տրամադրվելու են Լոռու մարզի 1000 բազմազավակ ընտանիքների: Այս նախաձեռնության գործընկերն է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը: Առաջիկա օրերին մարդասիրական օգնություն կտրամադրվի Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի ավելի քան 3000 կարիքավոր ընտանիքների՝ սերտորեն համագործակցելով տեղական և մարզային իշխանությունների հետ»,-նշված է հայտարարությունում։
09:23 - 30 ապրիլի, 2020
«Գլորիա» կարի ֆաբրիկայի հնարավոր վերագործարկման մասին պատասխանը պարետատնից կստանանք առաջիկա 1-2 օրվա ընթացքում․ Անդրեյ Ղուկասյան

«Գլորիա» կարի ֆաբրիկայի հնարավոր վերագործարկման մասին պատասխանը պարետատնից կստանանք առաջիկա 1-2 օրվա ընթացքում․ Անդրեյ Ղուկասյան

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Գլորիա» կարի ֆաբրիկայի վերագործարկման մասին պատասխանը պարետատնից կստացվիառաջիկա 1-2 օրվա ընթացքում: Նրա գրառումը ներակայցնում ենք ստորև․ « «Գլորիա» կարի ֆաբրիկայի հարգելի՛ աշխատակիցներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեկ բազմաթիվ հարցեր եք հնչեցրել՝ կապված ֆաբրիկայի աշխատանքների վերագործարկման հետ, տեղեկացնում եմ. Շուրջ 2600 բնակչի աշխատանքով ապահովող ընկերության վերագործարկման հարցը մշտապես գտնվել ու այսօր էլ շարունակում է գտնվել իմ ուշադրության կենտրոնում:| Խնդրի հետ կապված կապ եմ հաստատել պարետատան հետ, որտեղից տեղեկացրել են, որ ընկերության վերագործարկման համար «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենի կողմից ուղարկված դիմումը պարետատունն ստացել է երեկ: Հնարավոր վերագործարկման մասին պատասխանը պարետատնից կստանանք առաջիկա 1-2 օրվա ընթացքում: Պատասխանն ստանալուն պես խոստանում եմ տեղեկացնել բոլորիդ: Ըմբռնումով մոտենալով Ձեր՝ աշխատանքի վերադառնալու ու սեփական քրտինքով վաստակելու պահանջին, հորդորում եմ լինել համբերատար ու մի փոքր էլ սպասել: Հասկանում ենք, որ առկա սոցիալական խնդիրների պայմաններում այդ աշխատանքն այսօր օրախնդիր անհրաժեշտություն է, սակայն մարդկային առողջությունն ու կյանքը այն բացարձակ արժեքներն են, որոնք չենք կարող վտանգել:
18:47 - 26 ապրիլի, 2020
Թուրքիայից վերադարձած 74 քաղաքացու 14-օրյա մեկուսացումն ավարտվել է. նրանց թեստը բացասական է. Լոռու մարզպետ |news.am|

Թուրքիայից վերադարձած 74 քաղաքացու 14-օրյա մեկուսացումն ավարտվել է. նրանց թեստը բացասական է. Լոռու մարզպետ |news.am|

news.am: Լոռու մարզում մինչեւ այս պահը կորոնավիրուսով վարակվածների 12 դեպք է գրանցվել, որոնցից 7-ը բուժվել ու վերադարձել են իրենց բնականոն կյանքին, 5 հոգին այս պահին բուժվում են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ Մարզպետը հայտնեց, որ քաղաքացիների մի մասը բուժում են ստանում «Վանաձորի» ինֆեկցիոն հիվանդանոցում, մի մասն էլ այլ բուժհաստատություններում։ Նա նշեց, որ մարզում ռիսկային խմբում գտնվողներ չկան։ «Մարզում մեկուսացվածների 2 խումբ կա։ Այս պահին տանը մեկուսացվածներ չունենք, բոլորը հյուրանոցներում են։ Մարզի տարածքում ունենք 74 քաղաքացի Թուրքիայից վերադարձած, որոնք մեր մարզի հյուրանոցներում են մեկուսացել, իրենց ժամկետն էլ արդեն լրացել է, բոլորի մոտ թեստը բացասական է եղել»,- ասաց Ղուկասյանը։
23:06 - 24 ապրիլի, 2020
Լոռու մարզի 11 համայնքում մեկնարկել են վարձատրվող հասարակական աշխատանքները. աշխատավարձը օրական 5000 դրամ |armtimes.com|

Լոռու մարզի 11 համայնքում մեկնարկել են վարձատրվող հասարակական աշխատանքները. աշխատավարձը օրական 5000 դրամ |armtimes.com|

armtimes.com: Ապրիլի 1-ից Լոռու մարզում մեկնարկել է «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում, գործազուրկների զբաղվածության ապահովման միջոցով ծրագիր»-ը, որն այս տարի կիրականացվի մարզի 11 համայնքներում: Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ասաց, որ  համայնքների ընտրությունը  կատարվել է՝ նախ հաշվի առնելով ամենախոցելի ու ֆինանսական առումով վատ վիճակում գտնվող համայնքները, որոնք փաստացի շանս չունեն որեւէ ծրագրի մասնակցել՝ բյուջեի փոքր լինելու պատճառով. «Երկրորդ բլոկով դիտարկել ենք զբոսաշրջային նշանակություն ունեցող համայնքները, ինչի արդյունքում էլ ընտրվել  են ծրագրերը»: Անտառամուտ համայնքում նախատեսում է ակումբի շենքի վերանորոգում, Դարպաս համայնքում՝ գերեզմանատան ցանկապատում, տարածքի բարեկարգում, Եղեգնուտում՝ գյուղամիջյան հուշաքարի վերանորոգում ու խաղահրապարակի կառուցում, Ձորագետում՝ խաղահրապարակի կառուցում, Ծաղկաբերում՝ մանկապարտեզի շենքի մասնակի նորոգում եւ տաղավարի կառուցում, Սարալանջում՝ խաղահրապարակի կառուցում եւ ցանկապատում, Հարթագյուղում՝ Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհի հարթեցում եւ խճապատում, Չկալովի գերեզմանատան ցանկապատի նորոգում, Ախթալա համայնքի Ճոճկան եւ փոքր Այրում գյուղերի գերեզմանատների ցանկապատում, Հովնանաձոր եւ Բովաձորր բնակավայրի գերեզմանատան ցանկապատում, Վարդաբլուր բնակավայրի գերեզմանատան ցանկապատում եւ բարեկարգում: Շարունակությունը՝ armtimes.com-ում
09:33 - 22 ապրիլի, 2020
Սննդի փաթեթներ են տրամադրվել Լոռու մարզի դպրոցների խոհանոցների շուրջ 260 աշխատակիցների

Սննդի փաթեթներ են տրամադրվել Լոռու մարզի դպրոցների խոհանոցների շուրջ 260 աշխատակիցների

ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների մեղմման նպատակով «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը, համագործակցելով Հայ օգնության ֆոնդի (ԱՅՈ հարթակի ֆոնդհայթայթման միջոցներով) և «Դե ժպտա» հասարակական կազմակերպության հետ, նախաձեռնել էր «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում ներգրավված դպրոցներում խոհանոցների աշխատակիցների համար սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթների տրամադրման միջոցառում: Այս մասին տեղեկացնում Լոռու մարզպետարանի լրատվական ծառայությունը: Մարզի ղեկավարի անմիջական համակարգմամբ և աջակցությամբ մարզպետարանի կողմից հավաքագրված կամավորները, մի խումբ աշխատակիցներ նախաձեռնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանգստյան օրերին սննդի փաթեթները բաշխել են մարզի դպրոցների խոհանոցների շուրջ 260 աշխատակիցների:
09:33 - 21 ապրիլի, 2020
ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագիրը |armenpress.am|

ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am: Խորհրդարանն ընդունեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: ԱԺ ապրիլի 17-ի նիստում այն ստացավ 105 «կողմ», 4 «ձեռնպահ» ձայներ: Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2019-ի հոկտեմբերի 10-ին: Համաձայնագրով բանկը Հայաստանին տրամադրում է 13 մլն 400 հազար եվրո գումար՝ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում»  ծրագրի իրականացման համար: Ծրագիրը հանդիսանում է այժմ գործող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի և կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շարունակությունը:Եվ դա վարկային համաձայնագրում նշված վերանորոգման ենթակա 450 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի մի հատվածն է, 3-րդ ծրագիրն է սա: Նոր ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել շուրջ 65 կմ երկարությամբ 12 ճանապարհահատվածների վերանորոգում, որոնք կընդգրկեն ՀՀ Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերը:
15:58 - 17 ապրիլի, 2020
Լոռու մարզպետարանի առաջարկով Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակազմի խրախուսման համար պետբյուջեից հատկացվել է մոտ 4մլն դրամ

Լոռու մարզպետարանի առաջարկով Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակազմի խրախուսման համար պետբյուջեից հատկացվել է մոտ 4մլն դրամ

Լոռու մարզպետ Արկադի Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ստեղծված արտակարգ իրավիճակի պայմաններում բարձր գնահատելով Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի անձնակազմի նվիրված աշխատանքը, Լոռու մարզպետարանի առաջարկով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ողջ աշխատակազմի խրախուսման համար պետբյուջեից հատկացվել է մոտ 4մլն դրամ:Սա միայն մի փոքր երախտիքի արտահայտնություն է այս օրերին նրանց կատարած շուրջօրյա անձնվեր աշխատանքի համար:Արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում պետբյուջեի միջոցներով հոգ է տարվում նաև հիվանդանոցի ողջ անձնակազմի սննդի, կեցության ու տեղափոխման համար, քանի որ լինելով վարակվածության բարձր ռիսկային գոտում, ընտանիքների հետ չշփվելու նկատառումներից ելնելով՝ հիվանդանոցի բուժանձնակազմը հերթապահությունների միջակայքում ազատ ժամանակն անցկացնում է Վանաձորի բարձրակարգ հյուրանոցներից մեկում' նոր ուժերով ու նոր եռանդով աշխատանքի վերադառնալու համար' շարունակելով փրկել մարդկային կյանքեր»:
17:23 - 15 ապրիլի, 2020
Տավուշի, Լոռու, Վայոց ձորի, Շիրակի և Սյունիքի մարզի ավելի քան 100 բնակավայրերի խոցելի խմբերի կարիքավորներին տրամադրվում է առաջնային օգնություն

Տավուշի, Լոռու, Վայոց ձորի, Շիրակի և Սյունիքի մարզի ավելի քան 100 բնակավայրերի խոցելի խմբերի կարիքավորներին տրամադրվում է առաջնային օգնություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի նախաձեռնության շրջանակներում Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Վայոց ձորի, Շիրակի և Սյունիքի մարզի ավելի քան 100 բնակավայրերի խոցելի խմբերի կարիքավորներին տրամադրվում է առաջնային օգնություն։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի, տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքաբնակ կամավորների հետ համագործակցությամբ 65 տարեկանից բարձր միայնակ ապրող շուրջ 1600 ծերերի ապահովում են պարենային և պաշտպանիչ նյութերի փաթեթով՝ սնունդ, դիմակ, ձեռնոց և ախտահանիչ միջոցներ։ Նախարարությունը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությանը և ՄԱԿ-ի մարդկային անվտանգության հիմնադրամին, որոնք ՄԱԶԾ-ի, ինչպես նաև UNICEF-ի, UNIDO-ի, IOM-ի, FAO-ի և WFP-ի հետ համատեղ ծրագրերի միջոցով ֆինանսապես աջակցեցին այս նախաձեռնությանը։
15:50 - 14 ապրիլի, 2020