Արա Այվազյան

ՀՀ արտաքին գործերի նախարարության գործող ղեկավարը։

Ծնվել է 1969թ. մարտի 30-ին, Երեւանում։

1986-1993թթ․ սովորել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում, 1994թ․՝ Հայկազյան համալսարանական քոլեջի (Լիբանան) քաղաքագիտության ֆակուլտետում;

1994-1996թթ․ եղել ԱԳՆ Երկրորդ եվրոպական վարչության կցորդ, երրորդ քարտուղար, 1996-1997թթ․Արգենտինայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար, 1997թ․ ԱԳՆ Ամերիկայի վարչության Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի երկրների բաժնի վարիչ։

1998թ․-ին եղել է ԱԳՆ քարտուղարության պետ, ապա 1999-2006թթ․ Արգենտինայում եւ Չիլիում ՀՀ դեսպան, 2000-2006թթ․՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես), 2006-2011թթ․ եղել է ԱԳ նախարարի աշխատակազմի խորհրդական։

2006-2011թթ․ Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, 2006-2012թթ․ Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, 2006-2013թթ․ Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, 2006-2014թթ․ Ֆինլանդիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2011-2016թթ․ Լիտվայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2012-2016թթ․ Լատվիայի Հանրապետությունում եւ Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2016-2020թթ․ Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան, 2017-2020թթ․Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայում, Հոնդուրասի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2018-2020թթ․ Պանամայում ՀՀ դեսպան։

2020թ․ հոկտեմբեր-նոյեմբերին աշխատել է որպես ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:        

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի 2020թ. նոյեմբերի 18-ի հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար:

Ռազմադաշտում ձախողում ունեցել ենք, դիվանագիտության մեջ՝ ոչ․նորանշանակ ԱԳ նախարար |tert.am|

Ռազմադաշտում ձախողում ունեցել ենք, դիվանագիտության մեջ՝ ոչ․նորանշանակ ԱԳ նախարար |tert.am|

tert.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, այսօր Կառավարության նիստից հետո պատասխանելով հարցին, թե որպես նորանշանակ նախարար ինչ է կարծում, կարո՞ղ էինք ավելին ստանալ պատերազմի դադարեցման փաստաթղթից և համարում է արդյոք այն ձախողված փաստաթուղթ, ասաց, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ստանձնում է ամբողջական պատասխանատվությունը մինչև պատերազմը և պատերազմից հետո:«Դա Ձեր որակումն է, ես չեմ մեկնաբանում, ես նոր եմ ստանձնել իմ պարտականությունը: Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում, դա պետք է ճիշտ գնահատենք, որովհետև անհամաչափ ուժերի դեմ էին հերոսաբար մեր զինվորները դիմադրում, հիմա ամբողջ մեր խնդիրն է անել հնարավորը, որպեսզի կայունանա իրավիճակը»,– ասաց նա: Հարցին, թե դիվանագիտության մեջ ունեցե՞լ ենք ձախողում, նա պատասխանեց. «Ոչ, դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել»: Շարունակությունը՝ tert.am-ում
12:33 - 26 նոյեմբերի, 2020
Արա Այվազյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել առաջիկա ժամանակացույցի շուրջ

Արա Այվազյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել առաջիկա ժամանակացույցի շուրջ

Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույցներ են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն։ Նախարար Այվազյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման և Արցախում խաղաղապահների տեղակայման կարևորությունը: ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել են Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում արցախահայության շահերի պաշտպանությանը և իրավունքների վերականգնմանը՝ այդ համատեքստում շեշտելով միջազգային համապատասխան կազմակերպությունների տեղում ներգրավման անհրաժեշտությունը: ԱԳ նախարարն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության` որպես միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի շարունակականության ապահովման կարևորությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ խաղաղ գործընթացին վերաբերող հարցերի և համանախագահների առաջիկա ժամանակացույցի շուրջ:
23:25 - 25 նոյեմբերի, 2020
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ու իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրենի հետ քննարկել է Արցախի մշակութային ժառանգության պահպանման հարցը

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ու իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրենի հետ քննարկել է Արցախի մշակութային ժառանգության պահպանման հարցը

Նոյեմբերի  25-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ու իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին և ԵԽ քաղաքական տնօրեն Ալեքսանդր Գեսելին: ԱԳ նախարարը զրուցակիցներին համապարփակ տեղեկատվություն հաղորդեց Արցախում  հասունացած հումանիտար ճգնաժամի և այն հասցեագրելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։ Այս առնչությամբ նախարար Այվազյանն ընդգծեց տեղահանված արցախահայության՝ իրենց բնակության վայրեր վերադառնալու համար համապատասխան պայմանների ստեղծման և վերջիններիս իրավունքների պաշտպանության ու վերականգնման հրատապությունը: Ընդգծվեց Արցախի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ հստակ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:
21:49 - 25 նոյեմբերի, 2020
Ադրբեջանցին «Վիքիպեդիայում» կեղծ տեղեկություն էր հավելել, թե ՀՀ նորանշանակ արտգործնախարարն արմատներով ադրբեջանցի է

Ադրբեջանցին «Վիքիպեդիայում» կեղծ տեղեկություն էր հավելել, թե ՀՀ նորանշանակ արտգործնախարարն արմատներով ադրբեջանցի է

Նոյեմբերի 18-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արտաքին գործերի նախարար է նշանակվել Արա Այվազյանը: Նշանակումից մեկ օր անց «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանի ռուսերեն հարթակում հայտնվել է Արա Այվազյանի վերաբերյալ կենսագրական էջ, ըստ որի՝ նա ծնվել է Ադրբեջանի հանրապետությունում, եւ որ հայրը ազգությամբ Ադրբեջանցի է: էջը ջնջվել է, սակայն հանրության շրջանում որոշակի կասկածներ են առաջացել նյութի իսկության վերաբերյալ: Նախ նշենք, որ, ըստ պաշտոնական կենսագրության, Արա Այվազյանը ծնվել է Երեւանում՝ 1969 թվականին:   Բացի այս, աշխարհում ապրող յուրաքանչյուր մարդ, հասանելիություն ունենալով համացանցին, կարող է խմբագրել, սրբագրել կամ վավերացնել «Վիքիպեդիայի» հոդվածները և ցանկացած թեմայով նոր հոդվածներ գրել: Հետեւաբար, այս հարթակում հայտնված ցանկացած նյութ չէ, որի իսկությունը վստահելի է։ Արա Այվազյանի կենսագրական տվյալների վերաբերյալ «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանում կեղծ տեղեկություն է մուտքագրել ոմն Էլսեվեր Նովրուզով, որն ազգությամբ Ադրբեջանցի է: Մուտքագրված տեղեկությունը տարածվել է մինչեւ դրա իսկության ստուգումը, իսկ ինֆորմացիայի անճշտությունը հայտնաբերվելուց հետո էջը հեռացվել է: Վերոնշյալ նկարից երեւում է, որ Էլսեվեր Նովրուզովը էջը խմբագրել է 4 անգամ: Առաջին անգամ «Министерство иностранных дел Армении» էջը խմբագրվել է նոյեմբերի 19-ին՝ ժամը 08:17-ին, Զոհրաբ Մնացականյան տողից հետո ավելացվել է Արա Այվազյան տողը: Սրանից հետո խմբագրվել է 08:28-ին եւ 08:30-ին: Այս խմբագրումներով ավելացվել է այն կեղծիքը, թե 2020 թվականի նոյեմբերից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արա Գուդրատովիչ Այվազյանը  ծնվել է Ադրբեջանի Հավիգաբուլի շրջանի Նավախի գյուղում: Ուսում է ստացել Բաքվի պետական ​​համալսարանում: Այս ամենից հետո Նովրուզովը եւս մեկ անգամ է խմբագրել էջը՝ ժամը 09:57-ին՝ ավելացնելով, իբր Այվազյանի հայրը եւ մայրը նույնպես ադրբեջանցիներ են: Արա Այվազյանի կենսագրությանը, նրա կրթությանն ու գործունեությանն առավել մանամասն կարող եք ծանոթանալ այստեղ: Նարեկ Մարտիրոսյան
12:19 - 22 նոյեմբերի, 2020
ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ

ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ

Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Ֆրանսիայի արտգործնախարարը շնորհավորել է Արա Այվազյանին արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն այդ կարևոր առաքելությունում: ՀՀ ԱԳ նախարար Այվազյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ համատեղ քայլեր ձեռնարկելու երկու երկրների միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների և բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ։ ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատման և Արցախում խաղաղապահների տեղակայման վերաբերյալ համատեղ հայտարարությանը հաջորդած զարգացումների և տարածաշրջանում ստեղծված իրադրության շուրջ։ Անդրադարձ է կատարվել Արցախում թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Նախարար Այվազյանն այդ առնչությամբ կարևորել է միջազգային հանրության ներգրավվածությունն արցախահայության բնականոն կենսագործունեության վերականգման համար պայմանների ապահովման ուղղությամբ տեղում իրականացվող աշխատանքներին: Երկուստեք ընդգծվել է Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության կոթողների պահպանության առաջնայնությունը։ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Արա Այվազյանը և Ժան-Իվ Լը Դրիանը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների համագործակցությունը արցախահայության իրավունքների և շահերի լիարժեք հասցեագրման գործում:
21:23 - 21 նոյեմբերի, 2020
ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Լավրովի՝ մոտակա ժամանակներս Մոսկվա աշխատանքային այց կատարելու հրավերը

ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Լավրովի՝ մոտակա ժամանակներս Մոսկվա աշխատանքային այց կատարելու հրավերը

Նոյեմբերի 21-ին ՌԴ միջգերատեսչական պատվիրակության` Հայաստան կատարած այցի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ  արտգործնախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Այվազյանն ընդգծել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում, հատկապես վերջին ժամանակաշրջանում։ Նախարարի խոսքով՝ վերջին զարգացումները նաև շատ բան են փոխել տարածաշրջանային կայունության և անվտանգության ընկալման մեջ։ Ի շարունակություն օրերս տեղի ունեցած հեռախոսազրույցի՝ ՀՀ և ՌԴ արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային օրակարգին առնչվող մի շարք հարցերի շուրջ: Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները կարևորել են տարբեր մակարդակներում առկա երկխոսության դինամիկայի և ինտենսիվության պահպանումը, այդ թվում՝ փոխայցելությունների միջոցով: Նախարար Այվազյանն ընդունել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովի՝ մոտակա ժամանակներս Մոսկվա աշխատանքային այց կատարելու հրավերը:
20:39 - 21 նոյեմբերի, 2020
Պետք է ապահովենք Արցախի բնակիչների վերադարձն իրենց տներ. կայացել է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ

Պետք է ապահովենք Արցախի բնակիչների վերադարձն իրենց տներ. կայացել է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ողջունելով Ռուսաստանի ԱԳ նախարարին՝ վարչապետ Փաշինյանը նշել է․«Հարգելի Սերգեյ Վիկտորի, թույլ տվեք ողջունել Ձեզ Երևանում։ Այսօր մենք ընդլայնված կազմով քննարկեցինք բոլոր այն հարցերը, որոնք կան մեր օրակարգում։ Իհարկե, մեզ համար հիմա ամենագլխավոր հարցն այն իրավիճակն է, որն ստեղծվել է Լեռնային Ղարաբաղում։ Մենք պետք է որոշումներ ընդունենք շատ հարցերի վերաբերյալ, և ամենագլխավորը հարցի հումանիտար կողմն է՝ մենք պետք է ապահովենք Արցախի բնակիչների վերադարձն իրենց տներ։ Իհարկե, արդեն հիմա նկատվում է Արցախի բնակիչների՝ իրենց տներ վերադառնալու բավական լավ դինամիկա։ Եվ փաստացի ռուսաստանցի խաղաղապահները գտնվում են բոլոր նախանշված վայրերում, նրանք արդեն ապահովում են անվտանգությունը։ Դա շատ կարևոր գործոն է, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը։ Բայց կան նաև հարցեր, որոնք լուծված չեն, բաց են մնում՝ հետագայում ինչպե՞ս ենք ապահովելու մի քանի շրջանների բնակիչների վերադարձի իրավունքի կիրառումը, ո՞վ է ապահովելու մեր հայրենակիցների անվտանգությունը, ինչպե՞ս է դա իրագործվելու։ Դրանք, իհարկե, հարցեր են, որոնք գտնվում են մեր օրակարգում։ Մենք պետք է քննարկենք և որոշումներ ընդունենք այդ կապակցությամբ»։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր խոսքում նշել է․ «Հարգելի Նիկոլ Վովայի, շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության համար։ Մեր պատվիրակությունը ժամանել է Երևան՝ Ձեր և նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ պայմանավորվածության շրջանակում, այն նպատակով, որպեսզի ամբողջական անդրադարձ արվի մեր համագործակցության, մեր դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների բոլոր ուղղություններին։ Եվ, իհարկե, առաջին պլանում այն հարցերն են, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի շուրջ առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հնարավորություն է տալիս լուծել այդ հարցերը այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք արձանագրվել էին երեք ղեկավարների կողմից ստորագրված փաստաթղթում։ Առաջին հերթին դա վերաբերում է փախստականների վերադարձին և ներկայիս իրավիճակի հումանիտար բոլոր հարցերի լուծմանը։ Մենք հավատարիմ ենք դրան, Դուք արդեն ասացիք։ Շնորհակալ ենք մեր խաղաղապահների կողմից իրականացվող դերակատարությանը Ձեր բարձր գնահատականի համար, որը կարևոր է ոչ միայն անվտանգության ապահովման տեսանկյունից՝ որպես նրանց մանդատի գլխավոր բաղկացուցիչ, այլ նաև մշտական աջակցության տեսանկյունից` այն մարդկանց, ովքեր վերադառնում են, ովքեր հումանիտար օժանդակության կարիք ունեն։ Եվ ի լրումն խաղաղապահների դերակատարությանը՝ միջգերատեսչական կենտրոնը, որն ստեղծվում է նախագահ Պուտինի հրամանով և արդեն սկսում է իր աշխատանքները, նույնպես կոնկրետ զբաղվելու է բոլոր այս հարցերով։ Ինչպես Ձեզ արդեն ներկայացրեցի, մենք ակտիվորեն ներգրավում ենք ՄԱԿ-ի համակարգի միջազգային կազմակերպություններին, խրախուսում ենք նրանց, որպեսզի ավելի ակտիվ, ավելի նախաձեռնողական կերպով օգտագործեն իրենց հնարավորություններն այդ տարածաշրջանի բնակիչների համար։ Ակտիվորեն պաշտպանում ենք նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, որն աշխատում է, այդ թվում՝ Ղարաբաղում։ Այս այցի ընթացքում կդիտարկենք նաև մեր հարաբերությունների ողջ համալիրը՝ Ռուսաստանի կառավարության պրոֆիլային փոխվարչապետերի գծով, առողջապահության, արտակարգ իրավիճակների նախարարների գծով։ Դուք արդեն հանդիպել եք Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հետ, Երևանում է նաև «Ռուսաստանի երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրենը։ Համոզված եմ, որ այս ճյուղային բանակցությունների արդյունքներով կունենանք դրական և համալիր պատկեր, որն առաջ կմղի մեր հարաբերությունները և որը, ինչը և մենք անկեղծորեն ցանկանում ենք, կպաշտպանի Ձեր նախաձեռնությունները՝ ուղղված Հայաստանում իրավիճակի կայունացմանը և Լեռնային Ղարաբաղի հետ կապված խնդիրների լուծմանը»։ Նիկոլ Փաշինյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակին, հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։
14:22 - 21 նոյեմբերի, 2020
Արա Այվազյանը Լիտվայի ԱԳ նախարարին ներկայացրել է Արցախում հումանիտար ճգնաժամի հասցեագրման ջանքերը

Արա Այվազյանը Լիտվայի ԱԳ նախարարին ներկայացրել է Արցախում հումանիտար ճգնաժամի հասցեագրման ջանքերը

 ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Լիտվայի արտգործնախարարը շնորհավորել է իր պաշտոնակցին և մաղթել ամենայն հաջողություն իր պատասխանատու առաքելության իրականացման գործում։ Երկուստեք համոզմունք է հայտնվել, որ փոխադարձ ջանքերի գործադրմամբ հայ-լիտվական հարաբերություններում առկա ներուժը կարող է լիարժեքորեն իրացվել։ Արտգործնախարարները մտքեր են փոխանակել փոխադարձ կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ: Նախարար Այվազյանն իր գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ այդ համատեքստում առանձնահատուկ ընդգծելով միջազգային հանրության պատշաճ արձագանքի և աջակցության կարևորությունը:
13:13 - 20 նոյեմբերի, 2020
Մասիս Մայիլյանը շնորհավորել է Արա Այվազյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Մասիս Մայիլյանը շնորհավորել է Արա Այվազյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանի հետ՝ շնորհավորելով ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակման կապակցությամբ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայլիյանը:    «Վստահ եմ, որ դիվանագիտական ծառայության ոլորտում նրա հարուստ փորձը և մասնագիտական ներուժը ի սպաս կդրվեն հայկական երկու պետությունների շուրջ ստեղծված դժվարին իրավիճակում արդյունավետ լուծումներ գտնելուն և ՀՀ արտաքին քաղաքականության իրականացման կարևոր և պատասխանատու առաքելությանը:   Հեռախոսազրույցի ընթացքում համոզմունք եմ հայտնել, որ մեր գերատեսչությունների միջև հաստատված սերտ և արդյունավետ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ համահայկական օրակարգի և նպատակների առաջմղման ու իրականացման»,- գրել է Մայիլյանը:
22:15 - 19 նոյեմբերի, 2020
Արտգործնախարար Արա Այվազյանն ընդունեց Չինաստանի նորանշանակ դեսպան Ֆան Յունին

Արտգործնախարար Արա Այվազյանն ընդունեց Չինաստանի նորանշանակ դեսպան Ֆան Յունին

Նոյեմբերի 19-ին արտգործնախարար Արա Այվազյանն ընդունեց Չինաստանի նորանշանակ դեսպան  Ֆան Յունին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Նախարար Այվազյանը շնորհավորեց Ֆան Յունին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր արժեքավոր ավանդը կունենա հայ-չինական բազմաոլորտ հարաբերությունների դինամիկան պահպանելու և երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու գործում: Շնորհակալություն հայտնելով ջերմ բարեմաղթանքների համար՝ դեսպան Յունը նախարար Այվազյանին փոխանցեց ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իի շնորհավորանքները և բարեմաղթանքները նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:  Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ առանձնահատուկ շեշտելով առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: ԱԳ նախարարը դեսպանին համապարփակ տեղեկատվություն հաղորդեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի և դրա հասցեագրման ուղղությամբ իրականացվող գործողությունների մասին: Նախարար Այվազյանն այս առնչությամբ կարևորեց միջազգային հանրության հնարավորինս լայն աջակցությունը:  Չինաստանի նորանշանակ դեսպանը հայտնեց, որ ՉԺՀ պաշտոնական դիրքորոշումը մնում է անփոփոխ առ այն, որ ԼՂ հիմնախնդրի վերջնական կարգավորումը պետք է լինի բացառապես խաղաղ ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
19:29 - 19 նոյեմբերի, 2020
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:  ՌԴ ԱԳ նախարար Լավրովը շնորհավորեց նախարար Այվազյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Այս համատեքստում ընդգծվեց փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու զարգացնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:   Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նոյեմբերի 10-ի համատեղ եռակողմ հայտարարության գործնական կիրառման և Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության մանրամասներին:  ԱԳ նախարարները քննարկեցին նաև Արցախում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Այս համատեքստում անդրադարձ կատարվեց Արցախում հումանիտար իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերին, ինչպես նաև նախօրեին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած հանդիպմանը:     Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ-ռուսական համագործակցության առաջիկա ժամանակացույցի շուրջ։
18:52 - 19 նոյեմբերի, 2020
Այժմ ամենակարևորը հենց դիվանագիտական ճակատն է. վարչապետը ներկայացրել է ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանին

Այժմ ամենակարևորը հենց դիվանագիտական ճակատն է. վարչապետը ներկայացրել է ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտաքին գործերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանին այս դժվարին ժամանակաշրջանում կատարած աշխատանքի համար: «Իհարկե, մենք գտնվում ենք չափազանց բարդ և ծանր մի ժամանակահատվածում, երբ եթե համարենք, որ ինչ-որ առումով ռազմական ծանրաբեռնվածությունը նվազում է, հայտնի հանգամանքների բերումով, դիվանագիտական ծանրաբեռնվածությունը համապատասխանաբար մեծանում է ու հենց դիվանագիտական ճակատն է հիմա ամենակարևորն ու ծանրաբեռնվածը: Այս առումով, հույս ունեմ, որ նորանշանակ նախարարը կկարողանա ողջ դիվանագիտական համակարգը համախմբել և կենտրոնացնել մեր ազգային ու պետական խնդիրները լուծելու համար: Հույս ունեմ, որ պարոն Մնացականյանը, ով մեծ հարգանք և հեղինակություն է վայելում համակարգում, կաջակցի այդ հարցում»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է խնդիրների ձևակերպումը, որովհետև, նրա խոսքով, երբեմն դրանք ձևակերպելիս ենք խնդիր ունենում: «Այս ամենը պետք է վերլուծվի, պետք է հետևություններ արվեն, պետք է չվախենանք այդ հետևությունների մեջ լինել համաձակ, լինել դաժան ինքներս մեր նկատմամբ, որպեսզի այս ամենից կարողանանք դուրս գալ ուժեղացած»,- նշել է վարչապետը և Արա Այվազյանին մաղթել հաջողություն հետագա գործունեության մեջ: Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության, համատեղ աշխատանքի համար և Արա Այվազյանին մաղթել հաջողություն: «Կասկած չունեմ, որ պարոն Այվազյանն ունի անհրաժեշտ ներուժ՝ ղեկավարելու ԱԳՆ-ն և առաջ տանելու մեր ազգային օրակարգն արտաքին քաղաքական ոլորտում: Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ պարոն վարչապետ, համակարգի նկատմամբ վստահության և այս տարիների ընթացքում այն աջակցության համար, որը մեզ թույլ տվեց էլ ավելի ամրապնդելու, պրոֆեսիոնալիզացնելու համակարգը: Կասկած չունեմ, որ ԱԳՆ ներուժը չափազանց ուժեղ է, որպեսզի այս պատասխանատու շրջանում լավագույնս առաջ տանի Հայաստանի ազգային օարակարգն ու պետական շահը: Նաև պարոն վարչապետ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այն կարևոր օրակարգի համար, որը Դուք առաջ եք տանում՝ Հայաստանի ժողովրդավարական հիմքերի ամրապնդման համար: Արտաքին քաղաքականությունն, ի վերջո, ներքինի շարունակությունն է և մեր դիվանագիտական ներուժն ու կարողություններն առավել հաջողված են, երբ մեր թիկունքն ամուր է ու մենք կարողանում ենք աշխարհում ներկայանալ որպես ամուր, ինքնավստահ պետություն և ժողովուրդ: Մենք այս շրջանում ևս անցնում ենք բավականին պատասխանատու շրջան և կասկած չունեմ, որ մեր ժողովրդի համար այս շրջանն անցնում է վճռականությամբ՝ մեր երկիրն ուժեղացնելու, ամրապնդելու և ապահովելու ազատ ու բարգավաճ կյանք Հայաստանում»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը: Իր հերթին, Արա Այվազյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին այս դժվարին պահին ԱԳ նախարարի պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար: «Լինելով կադրային դիվանագետ՝ ես Ձեր այս որոշումն ընկալում եմ նաև որպես վստահություն Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության նկատմամբ: Ձեր առաջարկի հիման վրա որոշումը կայացրել եմ որպես պետական ծառայող՝ լավ գիտակցելով պատասխանատվության ողջ բեռը, բայց միևնույն ժամանակ իմանալով, զգալով, որ մեր դիվանագիտական ընտանիքն անվերապահ աջակցություն է ցուցաբերելու և սատարելու է մեր այս նվիրական գործին»,- ասել է Այվազյանը: ԱԳ նորանշանակ նախարարի խոսքով՝ Արցախի հերոսական գոյամարտի շարունակությունը ռազմադաշտից հետզհետե տեղափոխվում է դիվանագիտական դաշտ և բոլորը լավ հասկանում են այն հսկայական պատասխանատվությունը, որ ունեն պետության, ժողովրդի և պատմության առաջ: «Դիվանագիտական բանակը, կենտրոնական ապարատը և մեր դիվանագտական առաքելությունները շարունակելու են առավելագույնս օգտագործել մեր ներուժը, 30-ամյա մասնագիտական փորձը, նվիրվածությունն ու վճռականությունը՝ ճակատագրական այս մարտհրավերներին դիմակայելու, ուղին հարթելու արժանապատիվ՝ արդյունավետ լուծումներ գտնելու համար: Ընդունված է ասել, որ դիվանագիտությունը հնարավորինի արվեստն է և երեկ, այսօր և վաղը մենք բոլորս արել ենք և անում ենք առավելագույնը, հնարավորինը: Վստահ եմ, որ այս փուլում էլ ձգտելու ենք անել անհնարինը: Պարոն վարչապետ, ուզում եմ Ձեզ, մեր ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Արցախին և Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին վստահեցնել՝ այստեղ յուրաքանչյուրը հասկանում է, որ իրենից է կախված մեր երկրի ներկան ու ապագան: Եվս մեկ անգամ շնորակալություն պարոն վարչապետ և Աստված մեզ օգնական»,- նշել է ԱԳ նախարարը: Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը բոլոր դիվանագետներին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ և ընդգծել պետական ինստիտուտների կայացման ու ամրապնդման կարևորությունը, որոնք կծառայեն պետության և ժողովրդի շահերին:
12:15 - 19 նոյեմբերի, 2020