Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է կապի, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության, փոստի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, ռազմարդյունաբերության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն է Վահագն Խաչատուրյանն է, տեղակալները՝ Դավիթ Սահակյանը և Ռոբերտ Խաչատրյանը։
 

Հակոբ Արշակյանը հանդիպել է ԱՏՁՄ միության նորանշանակ տնօրեն Րաֆֆի Քասսարջյանի հետ

Հակոբ Արշակյանը հանդիպել է ԱՏՁՄ միության նորանշանակ տնօրեն Րաֆֆի Քասսարջյանի հետ

2020 թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել   Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանի և նորանշանակ տնօրեն Րաֆֆի Քասսարջյանի հետ: Ողջունելով հյուրերին ՀՀ ԲՏԱ նախարարությունում՝ նախարար Հակոբ Արշակյանը շնորհավորել է  տնօրեն Րաֆֆի Քասսարջյանին իր նոր՝ պարտավորեցնող պաշտոնում, համոզմունք հայտնել, որ հիմքում ունենալով Կարեն Վարդանյանի թողած նշանակալի ժառանգությունը, նոր նախագծեր կմշակվեն և կյանքի կկոչվեն միության կողմից վերջինիս տնօրինությամբ: Նախարարը նշել է, որ ինքն էլ, լինելով մասնագիտությամբ ինժեներ, քաջատեղյակ է, թե որքան կարևոր է ԱՏՁՄ-ի դերը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի համար, որը ողնաշարի դեր է կատարել այս ասպարեզում, թե՛ իբրև տեսլական թելադրող, թե՛ ոլորտի լոբբինգի իրականացնող և թե այլ շատ առումներով: Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ ներկայումս նախարարությունը ստանձնել է մի շարք ինստիտուցիոնալ նախագծերի իրականացում, որոնք ներառում են կրթությունից, գիտելիքից մինչև ընկերության ստեղծում, հիմնում, ձեռներեցության զարգացում, ֆինանսների ներգրավում, ենթակառուցվածքային այլ ծրագրեր: Ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտում ևս շտկումներ են լինելու: ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը նշել է, որ երկար քննարկումների արդյունքում է Րաֆֆի Քասսարջյանը նշանակվել տնօրենի պաշտոնում և ներկայումս միությունը վերագործարկելու է բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ նախարարության ռազմավարական զարգացմանը նպաստող: Եսայանը ներկայացրել է ԱՏՁՄ ռազմավարությունը, զարգացման հիմնական ուղղությունները և նշել, որ ակնկալում են նախարարության աջակցությունը դասընթացների և այլ տեսլականների իրականացման հարցերում: Րաֆֆի Քասսարջյանը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար և նշել, որ իր համար ուրախալի է այն փաստը, որ նախարարը ևս բարձր տեխնոլոգիաների ոլորտից է և լավ է պատկերացնում ոլորտի խնդիրներն ու առաջնահերթությունները: Քասսարջյանը մատնանշել է ոլորտում փոփոխությունների անհրաժեշտությունը, քանի որ այն, ինչ նախատեսված էր 5 տարի, 10 տարի առաջ, այժմ արդիական չէ և արագ զարգացման կարիք ունի․ կարևորել է փաստը, որ ներկայումս լուծված են հարկային, մաքսային խնդիրների գերակշիռ մասը, ստարտափների համար բարենպաստ միջավայր է ձևավորված, ակնհայտ է ռազմարդյունաբերության ոլորտի առաջընթացը և հիմնական խոչընդոտը ռեսուրսների առկայության խնդիրն է: Նախարարը նշել է, որ «Վիրտուալ կամուրջ մարզերի համար» ծրագրի շրջանակներում քարտեզագրում է կատարվել, ինտերակտիվ ուսուցում է իրականացվում մարզերում՝ Երևանից հնարավորինս շատ գիտելիք մարզեր տանելու նպատակով: Նախատեսվում է դրամաշնորհներ տրամադրել ձեռներեցներին՝ մարզերում ընկերություններ հիմնելու նպատակով, ինչն իր հերթին ինստիտուցիոնալ մեխանիզմներ կձևավորի որակյալ կադրերին մարզեր ուղղորդելու  և տեղում բացահայտելու գործում: Հանդիպման ավարտին նախարար Հ․ Արշակյանը, ամփոփելով նախարարություն – ԱՏՁՄ հարաբերությունների զարգացման ուղղությունները և հեռանկարները, համոզմունք է հայտնել համատեղ ջանքերով մեծ արդյունավետությամբ և պատասխանատվությամբ աշխատելու վերաբերյալ:
12:18 - 17 սեպտեմբերի, 2020
Հայաստանում գործարկվել է օնլայն վճարահաշվարկային Skrill համակարգը

Հայաստանում գործարկվել է օնլայն վճարահաշվարկային Skrill համակարգը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ Հրաշալի նորություն ունենք: Հայաստանում ամբողջական ֆունկցիոնալությամբ գործարկվել է օնլայն վճարահաշվարկային Skrill համակարգը: Հայաստանում գրանցված VISA քարտերի միջոցով այսուհետ ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն ունեն ստանալու և փոխանցելու գումարներ, ինչպես նաև VISA քարտի միջոցով կանխիկացնելու բանկերում կամ բանկոմատներում՝ ընդամենը գրանցվելով Skrill.com կայքում կամ հավելվածում: Այս համակարգի գործարկումը Հայաստանում նոր հնարավորություն կստեղծի առցանց ծառայություններ մատուցող անհատների և ընկերությունների համար, ինչպես նաև կնպաստի առցանց առևտրով զբաղվող ձեռնարկությունների զարգացմանը։ Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին և թիմին՝ ԲՏԱ նախարարության հետ արդյունավետ համագործակցության համար։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ աշխատանքները շարունակվում են նաև այլ նմանատիպ գործիքների (PayPal, TransferWise, և այլն․․․) ամբողջական ֆունկցիոնալությամբ Հայաստանում գործարկելու ուղղությամբ։ Առաջիկայում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և ընկերությունը հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ։
21:52 - 11 սեպտեմբերի, 2020
Սփյուռքահայ մասնագետները իրենց փորձը կներդնեն ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում |armenpress.am|

Սփյուռքահայ մասնագետները իրենց փորձը կներդնեն ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը և գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանը սեպտեմբերի 7-ին հանդիպել են տվյալագիտության մասնագետ Մեղրիկ Այիթյանին Ավստրիայից և ինժեներ֊բալիստիկ Րաֆֆի Գյուրջյանին ՌԴ֊ից, ովքեր «իԳործ» ծրագրի շրջանակներում միանալու են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թիմին որպես փորձագետներ: Այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը ողջունել է ՀՀ ԲՏԱ նախարարությանը միացող մասնագետներին, նշել, որ շուրջ 50 մասնակիցների հետ արված հարցազրույցներից հետո ընտրվել են առավել համապատասխան փորձառություն ունեցող 9֊ը հայրենակիցներ: Նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ նրանց աշխատանքը նախարարությունում արդյունավետ և հաջողված է լինելու: Գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին իրենց փորձառությունը, գիտելիքներն ու ներուժը հայրենիքում ներդնելու պատրաստակամության համար, համոզմունք հայտնել, որ ծրագիրը հաջողելու է, կատարված աշխատանքի դրական արդյունքները տեսանելի են լինելու կարճ ժամկետում և որ ողջ անձնակազմը պատրաստ է իր աջակցությունն ունենալ այդ հարցում: «իԳործ» ծրագրի առաքելությունն է հայրենադարձության` մասնավորապես մասնագիտական հայրենադարձության խթանումը և այն իրականացվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ: Պատասխանատու Լիաննա Սիմոնյանն իր խոսքի ընթացքում մատնանշել է ծրագրի բացառիկությունը՝ սփյուռքահայ մասնագետներին ընձեռում է հնարավորություն աշխատելու Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում, իրագործելու հայրենիքում՝ հարազատ ոլորտի նկատմամբ մասնագիտական երազանքները: Հանդիպման ավարտին Վիկտորիա Պողոսյանը նոր գործընկերներին ներկայացրել է իրենց ղեկավարներին, մենթորներին, որոնց ուղեկցությամբ փորձագետները ծանոթացել են աշխատանքային պայմաններին ու անցել գործի՝ հետևելով «իԳործ» ծրագրի կարգախոսին: Առաջին փուլի արդյունքներով թվով 24 մասնագետներն արդեն Հայաստանում են: Կանադայից, Դանիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Ֆրանսիայից, Նորվեգիայից մինչև Իսրայել, Նիդերլանդներ ու Չինաստան. նրանց անգամ համաճարակը չի խանգարել հասնելու հայրենիք և միանալու ՀՀ կառավարության աշխատանքներին:   Ընդհանուր առմամբ, շուրջ 100 մասնագետներ սփյուռքից կհամալրեն պետական կառավարման համակարգը` բերելով իրենց հետ արտասահմանյան փորձն ու խորացնելով, թե՛ գործընկերների, թե՛ իրենց մասնագիտական գիտելիքները:  
13:31 - 08 սեպտեմբերի, 2020
«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի մասնակիցներն ուսումնասիրում են Սիլիկոնյան հովտի էկոհամակարգը

«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի մասնակիցներն ուսումնասիրում են Սիլիկոնյան հովտի էկոհամակարգը

Մեկնարկել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի նախաձեռնությամբ իրականացվող «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի Աքսելերացիայի առաջին փուլի առցանց դասընթացները: Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։ 8 շաբաթ տևողությամբ դասընթացներն անցկացվելու են «Հայկական վիրտուալ քոլեջ» (AVC) հարթակում: Այս ընթացքում մասնակիցների համար Սիլիկոնյան հովտի առաջատար մասնագետներն ու ներդրումային ընկերությունների ղեկավարները, աշխարհի լավագույն համալսարանների դասախոսներն ու ամենահայտնի ընկերությունների հիմնադիրները գործնական դասեր են անցկացնելու՝ տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն:  «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի Աքսելերացիայի առաջին փուլին մասնակցելու համար ստացվել էր ծրագրի չափորոշիչներին բավարարող 36 հայտ: Ընտրող հանձնաժողովի կազմը ձևավորել է ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի մասնագիտական թիմը և ներգրավել է Սիլիկոնյան հովտում մեծ ճանաչում ունեցող միջազգային 5 մասնագետների: Դիմորդների հայտերի գնահատումն իրականացվել է 1-5 բալանոց համակարգով՝ ըստ 5 հիմնական չափորոշիչների:  Մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել 15 հաջողակներ ընկերություններ՝ Expper, Embry Tech, CoinStats, RetentionForce, Hub Tech, Uraaa, payva, GebeCert, EasyDMARC, eSwap, 3dzook, Earlyone, Chessify, ForgeFiction, Lucky Carrot-ը:  Առաջին շաբաթների ընթացքում մասնակիցներն ուսումնասիրելու են Սիլիկոնյան հովտի էկոհամակարգը և բիզնես մոդելները, ստարտափների ստեղծման և զարգացման ճանապարհը, թե ինչպես և ինչից սկսել Սիլիկոնյան հովտում գործունեությունը: Ընկերությունները ձեռք են բերելու նաև բիզնես պլանի կազմման հմտություններ՝ շուկայում արդյունավետ գործունեության, ճիշտ ռազմավարության ձևավորման, ֆինանսների կառավարման, թիմերի և հետազոտական աշխատանքների օպտիմալացման, շուկայում դիրքավորման, մրցակցությանը դիմակայելու, հաճախորդների հետ հարաբերությունների ձևավորման, պահպանման և այլ ուղղություններով:  Առանձին դասընթացների շարք նվիրված է ԱՄՆ֊ում բիզնեսի գրանցման և ֆինանսավորման, կորպորատիվ իրավական դաշտի և միջազգային հարկման համակարգերի  առանձնահատկություններին, միջազգային շուկաներ մուտք գործելու և բիզնեսի ընդլայնման հնարավորություններին: Մասնակիցները սովորելու են՝ ինչպես ստեղծել արժեքավոր առաջարկ և ինչպես այն արդյունավետ ներկայացնել պոտենցիալ ներդրողներին, ինչպես ստեղծել խոստումնալից բրենդ և ինչպես խուսափել տարածված սխալներից:  «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի Աքսելերացիայի փուլում դասախոսելու և որպես մենթորներ հանդես են գալու խորհրդատու Բրետ Ուոթերսը, դասընթացավար Ջերի Քաֆեսինը, արտադրանքի և առաջնորդության խորհրդատու Սեմ Մաքաֆին, պրոֆեսոր Սալ Լուչիդոն, վենչուրային կապիտալիստ Հենրի Ուոնգը, աքսելերացիայի ֆակուլտետի դեկան Լին Նիքոլսը, վաճառքների տնօրեն Դեյվիդ Ուոլինգը,  խորհրդատու Էդվին Օհը,  Agile խորհրդատու Լաուրա Փովերսը, բիզնես քոուչ Միշել Մեսսինան,  մենթոր Յենս Վայցելը, ներդրող Կոլյա Ռեյսը, տեխնոլոգիական հարցերով փաստաբան Ջեյսոն Փաթնեմ Գորդոնը, միջազգային օրենսդրության փորձագետ  Ցզե Ժուն, գործարար Ջեֆ Ֆաուստը, ձեռներեց Նիլ Շրոֆֆը: «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի Աքսելերացիայի մասին առավել մանրամասներ ներկայացված են նախարարության պաշտոնական կայքում:
12:15 - 08 սեպտեմբերի, 2020
ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը ՌԴ գործընկերոջ հետ քննարկել է միջգերատեսչական կապերի ամրապնդման հնարավորությունները

ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը ՌԴ գործընկերոջ հետ քննարկել է միջգերատեսչական կապերի ամրապնդման հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը սեպտեմբերի 2-ին  հանդիպում է ունեցել ՌԴ թվային զարգացման, կապի և  զանգվածային հաղորդակցության  նախարարի տեղակալ Ալեքսեյ Վոլինի հետ։    Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական համագործակցության շրջանակներում թվայնացման, կիբեռանվտանգության, հեռահաղորդակցության և կապի ոլորտներին առնչվող հարցեր։   Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու հետագա համագործակցությունը նշված բոլոր ուղղություններով, ինչպես նաև մտքեր են փոխանակել ԵԱՏՄ շրջանակներում բազմակողմ և երկկողմ ձևաչափով հնարավոր փոխգործակցության վերաբերյալ։    Համաձայնություն է ձեռք բերվել ընդլայնելու կապերը երկու գերատեսչությունների և երկու երկրների համապատասխան ոլորտների ներկայացուցիչների միջև՝ պատվիրակությունների փոխանակման, պարբերական հանդիպումների, ֆորումներին և միջոցառումներին համատեղ մասնակցության միջոցով։    Հանդիպման ավարտին նախարարությունների ներկայացուցիչները ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ, որոնք առաջիկայում կքննարկվեն աշխատանքային կարգով:   Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը,  Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միլիտոյանը։
14:55 - 04 սեպտեմբերի, 2020
Կառավարությունը 888 մլն դրամ հատկացրեց հակաճգնաժամային 17-րդ միջոցառման իրականացմանը |armenpress.am|

Կառավարությունը 888 մլն դրամ հատկացրեց հակաճգնաժամային 17-րդ միջոցառման իրականացմանը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը վերաբաշխում կատարեց 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում, որը բխում է ՀՀ կառավարության «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 07-ի թիվ 714-Լ որոշման պահանջներից: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը նշեց, որ վերաբաշխման նպատակը կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանն օժանդակությունն է: Նկատի ունենալով, որ ծրագիրն իրագործվելու է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով հաստատված 1043 «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման» ծրագրի «Գաղափարից մինչև բիզնես» միջոցառման շրջանակում, անհրաժեշտություն  է նշված միջոցառման առկա ողջ չօգտագործված 888 մլն դրամն ուղղել նոր` «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառմանը»` համապատասխանաբար նվազեցնելով նաև ոչ ֆինանսական ցուցանիշները, նոր միջոցառման համար սահմանելով նոր քանակական չափորոշիչներ:  Նախատեսվում է շուրջ 61 դրամաշնորհների տրամադրում: «Աջակցության միջոցառումը կազմված է երեք դրամաշնորհային ծրագրերից՝ նորարարական, կայացած ընկերությունների և համաֆինանսավորման դրամաշնորհներից: Առաջին 2 դրամաշնորհների համար ստացել ենք աննախադեպ քանակի հայտեր՝ 290-ից ավելի հայտ, որոնք արդեն ամփոփման փուլում են: Երրորդի մասով արդեն 5 հայտ ենք ստացել, բայց դեռ կստանանք: Նախատեսվում է, որ ամբողջ գումարը կսպառվի: Ժյուրին այդ 290 հայտերից հավանություն է տվել 70-ից ավելի ընկերությունների հայտերին, և եթե դրանք բավարարվեն, մենք կանցնենք սահմանված 888 մլն դրամի շեմը»,- ասաց փոխնախարարը։
13:06 - 03 սեպտեմբերի, 2020
Հակոբ Արշակյանը մարզպետի հետ քննարկել է Սյունիքում «Թումո» կենտրոն ունենալու  հնարավորությունը

Հակոբ Արշակյանը մարզպետի հետ քննարկել է Սյունիքում «Թումո» կենտրոն ունենալու հնարավորությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Սյունիքի մարզ կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է մարզպետ Հունան Պողոսյանի հետ, քննարկել մարզում գործող բարձր տեխնոլոգիական ընկերությունների զարգացման հնարավորությունները, մարզի աշխատաշուկայի կառուցվածքը և զարգացման ներուժը: Այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: Քննարկվել են մարզում ինժեներական կրթության ուղղությամբ տարվող աշխատանքները, Տեխնոպարկի հիմնադրման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով մարզի ինժեներական ներուժը, մարզում «Թումո» կենտրոն ունենալու և այլ ենթակառուցվածքների հեռանկարային զարգացման հնարավորությունները: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մարզպետի ուղեկցությամբ այցելել է  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղ, շրջայց կատարել համալսարանի տարածքում, ծանոթացել հաստատությունում առկա խնդիրներին և զարգացման հեռանկարներին: Շրջայցի ընթացքում նախարար Արշակյանը հանդիպել է Կապանի պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների հետ, նշել է, որ տեխնոլոգիական առաջընթացը Հայաստանի զարգացման ռազմավարական գլխավոր ուղղություններից է, իսկ պոլիտեխնիկական համալսարանի յուրաքանչյուր ուսանող այդ առաջընթացը կերտողներից մեկը կարող է դառնալ: Նախարարը հատկապես ընդգծել է հայկական հաջողված ընկերությունների ձեռբերումները, ներգրաված միջազգային ներդրումները՝ շնորհիվ նպատակի և դրա նկատմամբ հավատի, աշխատասիրության և կրթության ուղղությամբ ջանք չխնայելու հատկությունների: Նախարարը ներկայացրել է իր գլխավորած կառույցի կողմից իրականացվող ծրագրերը՝ ուսանողների ուշադրությունը հատկապես հրավիրելով կրթական ծրագրերի վրա, մատնանշել հնարավորությունները, որոնք ստեղծված են բոլոր ուսանողների համար՝ ինքնազարգացման և նոր բարձր տեխնոլոգիական ուղղություններով կրթության, «Վիրտուալ կամուրջ» ծրագրի շրջանակներում միջազգային փորձի ձեռքբերման և այլ ուղղություններով: Խոսքի ավարտին նախարարը շնորհավորել է ուսանողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ խրախուսելով կանգ չառնել և օգտագործել անգամ ամենափոքր հնարավորությունը գիտելիք ստանալու և սեփական գործը հիմնելու գաղափարով հանդես գալու համար: Պատվիրակությունը եղել է նաև Կապանի պոլիտեխնիկական համալսարանի տարածքում գործող Արմաթ լաբորատորիայում, որտեղ ուսանողները ցուցադրել են իրենց կատարած աշխատանքները, ստացած գիտելիքներն ու ձևավորած հմտությունները:
21:29 - 02 սեպտեմբերի, 2020
Հակոբ Արշակյանը ծանոթացել է «Գորիսի Գամմա» ընկերության՝ ՌԴ և Կանադա արտահանվող արտադրանքին

Հակոբ Արշակյանը ծանոթացել է «Գորիսի Գամմա» ընկերության՝ ՌԴ և Կանադա արտահանվող արտադրանքին

Գորիս քաղաքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այցելել է ռազմարդյունաբերության դետալների արտադրությամբ զբաղվող «Գորիսի Գամմա» ԲԲ ընկերություն: Գործարանի ինժեներները ներկայացրել են էլեկտրոնային անկյունաչափերի արտադրման ողջ փակ ցիկլը, որի նախագծումից արտադրությունն իրականացվում է տեղում և արտահանվում Ռուսաստանի Դաշնություն՝ կիրառվում МиГ և СУ ինքնաթիռների արտադրության մեջ, և Կանադա: ՀՀ ԲՏԱ նախարարության և ՊՆ ԶՈւ հետ համագործակցության շրջանակներում ընկերությունում մշակվում են ռազմարդյունաբերական մի շարք նախագծեր, որոնք ներկայացվել են նախարարի ուշադրությանը: Շրջայցի ընթացքում նախարարը զրուցել է ինժեներների հետ, ծանոթացել արտադրատեսակներին, գործարանի տարածքին, շենքային պայմաններին:  
20:51 - 02 սեպտեմբերի, 2020
Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն կիբեռանվտանգության վերաբերյալ

Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն կիբեռանվտանգության վերաբերյալ

Սեպտեմբերի 2-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել տեղեկատվական և կիբեռանվտանգության ոլորտում ընթացող գործընթացներին ու բարեփոխումներին, պետական մարմինների կայքէջերի անվտանգության հարցերին նվիրված խորհրդակցություն: Ներկա են եղել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, շահագրգիռ գերատեսչությունները ներկայացնող պաշտոնատար այլ անձիք:Փոխվարչապետը շեշտել է, որ քննարկվող հարցերն առավել քան արդիական են, հաշվի առնելով, որ հուլիսին Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները զուգակցվեցին կիբեռտարածքում ՀՀ պաշտոնական կայքէջերի նկատմամբ հարձակումների հետ:Տիգրան Ավինյանը նշել է, որ անհրաժեշտ է առավել հստակեցնել տեղեկատվական ու կիբեռանվտանգության ոլորտում պետական մարմինների գործառույթները ու պարտականությունները, աշխատանքներ տանել նորմատիվային դաշտի արդիականացման, կայքերի պաշտպանության ծրագրային և ապարատային ապահովման, պետական ծառայողների համար կրթության և անվտանգության ապահովման մեխանիզմների մշակման ուղղությամբ։Հանդիպման մասնակիցները ներկայացրել են վերջին մեկ տարվա ընթացքում իրենց գերատեսչությունների կողմից տեղեկատվական ու կիբեռանվտանգության ոլորտում իրականացրած աշխատանքները: Համապարփակ անդրադարձ է կատարվել ոլորտում առկա բացերին, դրանց հնարավոր լուծումներին և նախանշվել են հետագա քայլերը ու միջոցառումները: 
17:17 - 02 սեպտեմբերի, 2020
ՀՀ ՌԱԿ պատվիրակությունը «Արմիա-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել. քննարկվել են ռազմարդյունաբերական ոլորտի կարևոր հարցեր

ՀՀ ՌԱԿ պատվիրակությունը «Արմիա-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել. քննարկվել են ռազմարդյունաբերական ոլորտի կարևոր հարցեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը՝ կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանի գլխավորությամբ, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է «Արմիա-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի աշխատանքներին, ներկա գտնվել համաժողովի շրջանակներում բացված ցուցահանդեսին: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր արդյունաբերության նախարարությունից: Այցի ընթացքում կոմիտեի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Վլադիմիր Դրոժովի, ՌԴ ռազմարդյունաբերական ոլորտի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։Քննարկվել են ռազմարդյունաբերական ոլորտի համար կարևորություն ներկայացնող հարցերի շրջանակներ։ Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ:
11:46 - 28 օգոստոսի, 2020
Ռազմարդյունաբերության ոլորտում որոշ ուղղություններով նախատեսվում է սերիական արտադրություն |armenpress.am|

Ռազմարդյունաբերության ոլորտում որոշ ուղղություններով նախատեսվում է սերիական արտադրություն |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ռազմարդյունաբերության ոլորտում որոշ ուղղություններով նախատեսվում է սկսել սերիական արտադրություն: Այս մասին օգոստոսի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: «Գործարկվել են մի շարք արտադրատեսակների և նոր մշակումների փորձնական արտադրություններ, իրականացվել են փորձարկումներ, և, որպես արդյունք, նախատեսվում է այդ ուղղություններով սկսել սերիական արտադրություն: Հաջողված փորձարկումներ են իրականացվել նաև անօդաչու թռչող սարքերի մասով, դրանց կիրառումը տեսել եք իրական մարտական պայմաններում՝ հուլիսյան մարտերի ընթացքում»,- ասաց Արշակյանը: Նախարարը նշեց, որ Ռազմարդյունաբերական կոմիտեն իրականացրել է ռազմարդյունաբերության ոլորտի ազգային ստանդարտների մշակման, արտերկրի փորձի ուսումնասիրման աշխատանքներ:
15:21 - 26 օգոստոսի, 2020
Հայաստանը կարող է հայտնվել շատ բարձր թվայնացված կառավարվող երկրների խմբում. Արշակյան |armenpress.am|

Հայաստանը կարող է հայտնվել շատ բարձր թվայնացված կառավարվող երկրների խմբում. Արշակյան |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի կողմից էլեկտրոնային կռավարման զարգացման հետազոտության մասնագետների կանխատեսմամբ՝ Հայաստանը շուտով կհայտնվի շատ բարձր թվայնացված կառավարվող երկրների շարքում: Այս մասին օգոստոսի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: «Հետազոտության արդյունքերով Հայաստանն ընդգրկվել է մարդկային կապիտալի զարգացման աճի առաջանցիկ տեմպով պետությունների ցանկում: Հետազոտության հեղինակների կանխատեսմամբ, Հայաստանը շուտով կփոխի իր խումբը և բարձր թվայնացվածներից կտեղափոխվի շատ բարձր թվայնացված կառավարվող երկրների խումբ»,- ասաց Արշակյանը: Նախարարը նշեց, որ նույն հետազոտության արդյունքներով Հայաստանը 2020 թվականին 2018թ. նկատմամբ բարելավել է իր դիրքերը 19 կետով և գրանցել ամենամեծ առաջընթացներից մեկն ասիական տարածաշրջանում` 87-րդ տեղից բարելավելով իր դիրքը մինչև 68-րդ տեղը: Արշակյանը հավելեց, որ մշակվել է Հայաստանի Հանրապետության թվայնացման 2020-2025թթ. ռազմավարության նախագիծը: Սահմանվել են թվային օրակարգի առաջնահերթ զարգացման ուղղությունները: Ընթացիկ փուլում են թվայնացման գործընթացները և կիբեռանվտանգության ստանդարտների մշակման գործընթացը:
14:50 - 26 օգոստոսի, 2020
2020-ի հունվարի 1-ից մինչ օգոստոսի 21-ը 134 նորաստեղծ ընկերություններ ստացել են հարկային արտոնություն. ԲՏԱ նախարար |armtimes.com|

2020-ի հունվարի 1-ից մինչ օգոստոսի 21-ը 134 նորաստեղծ ընկերություններ ստացել են հարկային արտոնություն. ԲՏԱ նախարար |armtimes.com|

armtimes.com: 2020 թվականի հունվարի 1-ից մինչ օգոստոսի 21-ն ընկած ժամանակահատվածում 134 նորաստեղծ ընկերություններ ստացել են հարկային արտոնություն, եւս 11 ընկերություն գտնվում է հավաստագրման գործընթացում: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: «Հավաստագրված ընկերությունների ընդհանուր թիվը 2019-2020թթ. ընթացքում կազմել է 364, ստեղծվել է շուրջ 960 նոր աշխատատեղ»,- ասաց նախարարը: Արշակյանն ընդգծեց, որ նորաստեղծ ընկերությունների բաժնետերեր են ԱՄՆ-ի, Չեխիայի, Վրաստանի, Իրանի, Միացյալ Թագավորության, ՌԴ-ի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Ավստրալիայի, Գերմանիայի, Իսրայելի, Կանադայի, Սիրիայի, Պերուի մեր հայրենակիցները, որոնք Հայաստանում հիմնել են նոր ընկերություններ։
13:37 - 26 օգոստոսի, 2020
ՀՀ ԲՏԱ նախարարության ռազամարդյունաբերության կոմիտեի նախագահը այցելել է «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս

ՀՀ ԲՏԱ նախարարության ռազամարդյունաբերության կոմիտեի նախագահը այցելել է «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս

Օգոստոսի 21-ին տեղի է ունեցել Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանի այցը Երևանում գործող «Կալաշնիկով» ինքնաձիգի հավաքման՝ «Նեյտրոն ԳԱՄ»  ՓԲԸ֊ի արտադրամաս: «ՀՀ վարչապետի այցից ընդամենը մեկ ամիս ժամանակ է անցել, և արդեն առաջին խմբաքանակը՝ 1000 հատ ինքնաձիգ, արտադրամասը պատրաստ է տրամադրել մեր զինված ուժերին։ Այստեղից ինքնաձիգները կուղարկվեն զինված ուժերի պահեստ, որտեղից՝ արդեն որոշում է կայացվել, տվյալ ինքնաձիգները տրվելու են զորամասերին` մարտական հերթապահության կամ մարտական խնդիրների իրականացման համար։ Սա արդեն արդյունքն է, որը մենք տեսնում ենք։ Ռազմարդյունաբերության կոմիտեի, նաև զինված ուժերի համապատասխան մասնագետների կողմից հավաքման ամբողջ գործընթացը վերահսկվել է և այսօր սա վերջնական մասն էր առաջին խմբաքանակի, որը պատրաստ է առաքվելու մեր զինված ուժերին»,- նշել է ՀՀ ԲՏԱ նախարարության Ռազամարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանը: Այցի ընթացքում ՌԱԿ-ի նախագահին են ներկայացվել ինքնաձիգների հավաքման բոլոր փուլերը, հատուկ ուշադրություն է դարձվել որակի վերահսկողության բազմափուլ գործընթացին։ Հայաստանում հավաքվող «ԱԿ-103 Կալաշնիկով» ինքնաձիգները անցնում են որակի ուժեղացված վերահսկողություն՝ որևէ թերություն բացառելու նպատակով։ Հավաքման յուրաքանչյուր փուլից հետո մանրակրկիտ ստուգվում են բոլոր դետալները, որից հետո միայն ինքնաձիգը տեղափոխվում է գործընթացի հաջորդ փուլ։ Ծանոթանալով մանրամասներին` ռազմարդյունաբերության կոմիտեի փորձագիտական խմբի անդամներն իրենց գոհունակությունն են հայտնել արտադրական գործընթացի և հատկապես որակի վերահսկման մեխանիզմների վերաբերյալ։
19:14 - 21 օգոստոսի, 2020
ՏՏ ընկերություններին տրվող դրամաշնորհները կխթանեն ոլորտի նորարարական գաղափարների զարգացումը |armenpress.am|

ՏՏ ընկերություններին տրվող դրամաշնորհները կխթանեն ոլորտի նորարարական գաղափարների զարգացումը |armenpress.am|

armenpress.am: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման աջակցության շրջանակում տրամադրելու է երեք տեսակի դրամաշնորհներ՝ նորարարական, կայացած ընկերությունների և համաֆինանսավորվող: Այս մասին ասաց ԲՏԱ նախարարի օգնական, Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման համակարգող Արփի Աբրամյանը: «Միջոցառման հիմնական նպատակն է եղել COVID-19 համավարակի պայմաններում բարձր տեխնոլոգիական ընկերություններին տրամադրել աջակցություն, որպեսզի գործատուները կարողանան պահպանել իրենց աշխատատեղերը: Նպատակ ենք ունեցել նաև խթանել ոլորտի նորարարական գաղափարների զարգացմումն ու առևտրայնացումը: Աջակցությունը տրամադրվում է դրամաշնորհի ձևով՝ մրցույթի արդյունքներով հաղթող տնտեսավարողներին: Դրամաշնորհը բաղկացած է 3 մասից՝ նորարարական դրամաշնորհ, կայացած ընկերությունների դրամաշնորհ, ինչպես նաև համաֆինանսավորվող»,- նշեց Աբրամյանը: Աջակցության շահառու կարող են լինել ոլորտի այն տնտեսավարողները, որոնք համապատասխանում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում նշված չափանիշներին, հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ, ինչպես նաև հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարության կողմից։ «Նորարարական դրամաշնորհ կարող են ստանալ վերջին 2 տարում ստեղծված ընկերությունները: Դիմել է 141 տնտեսավարող, որոնցից վավեր են ճանաչվել 117-ը, սակայն դրանցից էլ երկրորդ փուլ է անցել 35 հայտ: Այս դրամաշնորհով մենք տրամադրում ենք մինչև 10 մլն դրամ: Կայացած ընկերությունների դրամաշնորհ կարող են ստանալ 2 տարուց ավելի ՀՀ-ում գրանցված և ծառայություններ մատուցող տեխնոլոգիական ընկերությունները, որոնք պատրաստ են մշակել պրոդուկտներ տրամադրում ենք: Տրամադրվում է մինչև 20 մլն դրամ, ընդհանուր առմամբ ստացել ենք 148 հայտ, որոնցից վավեր են ճանաչվել 143-ը, սակայն երկրորդ փուլ է անցել 46-ը: Համաֆինանսավորման դրամաշնորհներ տրամադրվում են այն տնտեսավարողներին, որոնք  կներգրավեն փաստաթղթավորված և հաստատված ներդրումներ։ Տրվում է մինչև 30 մլն, և հայտերն ընդունելու ենք մինչև այս տարվա դեկտեմբերի 1-ը: Դեռևս ստացել ենք 2 հայտ, որոնք գնահատման փուլում են»,- ասաց 17-րդ միջոցառման համակարգողը և հավելեց, որ ընկերություններին դեռևս գումար չի փոխանցվել, քանի որ 1-ին և 2-րդ դրամաշնորհներին դիմածների համար օգոստոսի 20-ին անց է կացվելու երկրորդ փուլ: Հայտերի գնահատումն իրականացնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով հաստատված անկախ մասնագիտական մրցութային հանձնաժողովները, որոնք կազմված են ոլորտի ասոցիացիաներից, մասնագետներից և պետական շահառու գերատեսչությունների ներկայացուցիչներից։ Շարունակությունը՝ armenpress.am-ում
16:26 - 19 օգոստոսի, 2020