ԶՈՒ Գլխավոր շտաբ

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբը (ՀՀ ԶՈՒ ԳՇ) Հայաստանի զինված ուժերի կառավարման գերագույն մարմինն է։ Տեղակայված է Երեւանում։ 

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել է 2020 թվականի հունիսի 8-ին:

«Հայրենիքի փրկության շարժման» 4 ներկայացուցիչ հանդիպում է ունեցել ՀՀ նախագահի հետ |news.am|

«Հայրենիքի փրկության շարժման» 4 ներկայացուցիչ հանդիպում է ունեցել ՀՀ նախագահի հետ |news.am|

news.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպել են «Հայրենիքի փրկության շարժման» 4 ներկայացուցիչներ, որոնք քիչ ռաջ դուրս եկան նախագահական նստավայրից: Նրանք են Վազգեն Մանուկյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, «Հայրենիք» կուսակցությունից Արթուր Վանեցյանը, ՀՀԿ-ից Վահրամ Բաղդասարյանը: Արթուր Վանեցյանը լրագրողներին հայտեց հետեւյալը. «Մենք ՀՀ նխագահին ներկայացրինք մեր տեսակետները եւ խնդրեցինք, որ որպես Սահմանադրության երաշխավոր իր  լիազորությունների շրջանակներում հանգուցալուծի մեր երկրում ստեղծված այս արտառոց եւ աննորմալ վիճակը: Երկուստեք ֆիքսվեց, որ առաջնահերթ է մեր պետական շահը, բոլորը առաջնորդվելու են պետական շահի առաջ մղմամբ: Նախագահը դեռեւս շարունակում է հանդիպումների շարքը: Այդ հանդիպումների ավարտից հետո հստակ կներկայացնի մոտեցումը: Նախագահը մեզ տեղեկացրեց, որ այսօր հանդիպելու է Օնիկ Գասպարյանի հետ, նաեւ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմի հետ եւ անձամբ նրանցից լսելու է պատճառների մասին, որը դրդել է ԳՇ-ին անել նմանատիպ  հայտարարություն: Կա կոնսենսուս, որ իրականում ՀՀ-ն գտնվում է շատ աննորմալ վիճակում, ծայրահեղ ծանր վիճակում, ունենք պետության կորստի վտանգ, ուստի բոլոր կարող ուժերը պետք է համատեղ մեկտեղված ուժերով անեն բոլոր քայլերը՝ այս վիճակից դուրս գալու համար»: Արթուր Վանեցյանը հավելեց, որ ՀՀ նախագահը որեւէ ազդակ չի տվել, լսել է իրենց եւ ասել, որ իր լիազորությունների շրջանակներում օբյեկտիվ որոշում կկայացնի: «Մեր դիրքորոշումը հստակ է, մենք առաջարկում ենք նախագահին չստորագրել ԳՇ պետին ազատելու մասին դիմումը, առարկություններով վերադարձնել կառավարություն, որից հետո եթե կառավարությունը կրկին կդիմի նույն միջնորդությամբ, այդ դեպքում նախագահն իրավասու է այն ուղարկել ՍԴ՝ սահմանադրականությունը վիճարկելու համար: Դրա համար բոլոր հիմքերը նախագահն ունի»:
17:42 - 26 փետրվարի, 2021
ԵԽԽՎ համազեկուցողներն անընդունելի են համարել ԶՈՒ ԳՇ հայտարարությունը |armenpress.am|

ԵԽԽՎ համազեկուցողներն անընդունելի են համարել ԶՈՒ ԳՇ հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգը (Շվեդիա) և Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) անհանգստություն են հայտնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: Այս մասին տեղեկացնում են ԵԽԽՎ լրատվական ծառայությունից: «Մենք ծայրաստիճան մտահոգված ենք Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներով: Մասնավորապես, անընդունելի ենք համարում Զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից երեկ տարածված հայտարարությունը, որով պահանջում են ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության հրաժարականը: Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին և պետական դերակատարներին ամբողջությամբ հարգել Հայաստանի ժողովրդավարական սկզբունքներն ու Սահմանադրությունը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը` ստեղծված իրավիճակն անհապաղ կայունացնելու ուղղությամբ», - նշել են նրանք: Համազեկուցողների դիտարկմամբ՝ Հայաստանը շատ բարդ փուլ է ապրում իր նորագույն պատմության մեջ և, ինչպես երբեք, ունի հանգստության, զսպվածության, իմաստության եւ ժողովրդավարական սկզբունքների անսասան աջակցության կարիք բոլոր շահագրգիռ կողմերի կողմից՝ լուծելու քաղաքական ճգնաժամը, որին բախվում է երկիրը:
16:51 - 26 փետրվարի, 2021
Զինված ուժերը ռազմական հեղաշրջման փորձ չի արել, քրեորեն հետապնդելու որևէ տարր ԳՇ հայտարարության մեջ չկա. Էդմոն Մարուքյան |tert.am|

Զինված ուժերը ռազմական հեղաշրջման փորձ չի արել, քրեորեն հետապնդելու որևէ տարր ԳՇ հայտարարության մեջ չկա. Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: Մեր ժողովրդին անընդհատ մանիպուլացնում են, հիմա էլ խաբել և մանիպուլացրել են նաև միջազգային հանրությանն են ստել և մանիպուլացրել, որ ստանան աջակցություն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն մեկնաբանությանը, թե ԳՇ հայտարարությունը հեղաշրջման փորձ է։ «Ռազմական հեղաշրջում նշանակում է, որ Զինված ուժերը գնում են և քաղաքացիական իշխանությունը վերցնում են իրենց ձեռքը, քաղաքացիական իշխանության ղեկավարներին էլ կալանավորում են և զորքեր են հանել փողոցներ, ՀՀ–ում անգամ նման փորձ չի եղել, և վարչապետը այդ առումով մանիպուլացնում է ԳՇ հայտարարությունը, որպեսզի ի շահ իրեն օգտագործի և փորձի այս իրավիճակում էլ որոշակի համախոհություն գտնել։ Զինված ուժերը ռազմական հեղաշրջման փորձ չի արել, պաշտոնապես ասում եմ՝ քրեորեն հետապնդելու որևէ տարր, հատկանիշ ԳՇ հայտարարության մեջ չկա»,–ասաց նա։Էդմոն Մարուքյանը նշեց, որ դեմ է զինված հեղաշրջմանը և նման փորձ չի եղել, և եթե նման փորձ լիներ, ապա ինքը կլիներ դրա հակառակ կողմում։Այդ հայտարարությունը ծնվել է մի պատճառով, որովհետև վարչապետը հետևողական կերպով գլխատում է առանց այն էլ հարվածի տակ ընկած Զինված ուժերին։ «Զինված ուժերում հիմա օրինակ ես չեմ ճանաչում կոռումպացված, թալանչի գեներալ, չկան և երեք տարվա մեջ ոչ մի կոռումպացված գեներալ չի դատվել։ Այսինքն՝ վարչապետը դուրս է եկել իր կողմից ազգային հերոսի կոչում տված մարդկանց, գեներալ գնդապետի կոչում տված մարդկանց դեմ»,–ասաց նա և նշեց, որ պատրաստ է լինել միջնորդ։
12:55 - 26 փետրվարի, 2021
Սկսում ենք գործընթաց, որի արդյունքում իրենց երկու բևեռ հռչակած կողմերին բերելու ենք բանակցության սեղանի շուրջ․ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը հայտարարություն է տարածել

Սկսում ենք գործընթաց, որի արդյունքում իրենց երկու բևեռ հռչակած կողմերին բերելու ենք բանակցության սեղանի շուրջ․ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը հայտարարություն է տարածել

«Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Պատերազմում պարտությունից հետո առաջացած ներքաղաքական ճգնաժամը մոտենում է անդառնալիության կետին։ Ամիսներ շարունակ փորձել ենք քաղաքական սուբյեկտներին հետ կանգնեցնել առավելագույնը ստանալու մոլուցքից և հանդես գալ լուծումներով, որոնք ընդունելի կլինեն բոլորիս համար։ Դա տեղի չի ունեցել։ Փոխարենը հնչել են վերջնագրեր՝ հղում անելով երևակայական ժողովրդի երևակայական կամքին։ Սա հանգեցրել է քաղաքական ապատիայի։ Լուծումների բացակայությունը, առավել ևս, արտահերթ ընտրությունների շուրջ անորոշ ձևակերպումները փոշիացրեցին սահմանադրական ճանապարհով ճգնաժամը արագ հաղթահարելու հույսերը։ Ճգնաժամը հաղթահարելու համար անհամեմատ մեծ պատասխանատվություն ունեցող Նիկոլ Փաշինյանը և կառավարող ուժը ցուցաբերում են իրավիճակին բացարձակ ոչ համարժեք վարքագիծ։ Ակնհայտ է, որ իրավիճակի հանգուցալուծումն անհնար է Նիկոլ Փաշինյանի վարչապետ մնալու պայմաններում։ Հանրությունը ցույց տվեց, որ նույնքան անընդունելի են 17 ուժերի առաջարկած լուծումները։ Հանրությունը պատանդ է մնացել այս երկու բևեռների առաջարկած լուծումների և վերջնագրերի միջև։ Հաշվի առնելով վերոնշյալը, սկսում ենք գործընթաց, որի արդյունքում իրենց երկու բևեռ հռչակած կողմերին բերելու ենք բանակցության սեղանի շուրջ՝ լավագույնս սպասարկելու ՀՀ քաղաքացու շահը և քաղաքական ճգնաժամի արագ հանգուցալուծման ուղիներ գտնելու։ Եթե իրենց բևեռ հռչակած սուբյեկտները շատ կարճ ժամկետներում այս օրակարգին ընդառաջ գալու ողջախոհություն չցուցաբերեն՝ մենք համախմբելու ենք այս օրակարգի շուրջ համաձայն քաղաքացիներին և նրանց ճնշմամբ մեկուսացնելու ենք առճակատման ձգտող ուժերին՝ որպես Հայաստանի լավագույն ապագայի ճանապարհին կանգնած խոչընդոտներ։ Այսպիսով, բոլոր այն քաղաքացիներին, որոնք չեն կիսում վերոնշյալ բևեռների մոտեցումները և արժեվորում են համերաշխության ու ինքնիշխանության օրակարգերը, կոչ ենք անում իրենց բոլոր ջանքերն ուղղել բախումները բացառելուն և բոլոր կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելուն։ Վաղը, փետրվարի  26-ին, ժամը 18։30-ին բոլոր այդ մարդկանց հրավիրում ենք Մաշտոցի պուրակ՝ համերաշխության և ինքնիշխանության օրակարգով հավաքին։ Ներքաղաքական կյանքում բռնությունն ու բախումները պետք է բացառվեն։ Բոլոր այն մարդիկ և ուժերը, որոնք կգնան բռնության ճանապարհով, գործում են Հայաստանի ու հայ ժողովրդի բարօրության դեմ։ Մենք հասկանում ենք նաև ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարության դրդապատճառները, սակայն, կոչ ենք անում սահմանափակվել արդեն իսկ արվածով և մնալ սահմանադրականության շրջանակներում»։ Նշենք, որ ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որով պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վերջինս այս հայտարարությունը որակել է որպես ռազմական հեղաշրջման փորձ։
23:40 - 25 փետրվարի, 2021
Իրավիճակը վերահսկողությունից դուրս չի գա, եթե ապակայունացման հիմնական գործոնը՝ Նիկոլ Փաշինյանը, հեռանա. Արման Աբովյան

Իրավիճակը վերահսկողությունից դուրս չի գա, եթե ապակայունացման հիմնական գործոնը՝ Նիկոլ Փաշինյանը, հեռանա. Արման Աբովյան

Ակնհայտորեն ամեն օր իրավիճակը սրվում է երկրում եւ Հայաստանը եւ Արցախը, ավելի ճիշտ այն մասնիկը Արցախի, որը մնացել է, իրականում վտանգված են, եւ մարդիկ, որոնք ուսադիր են կրում բոլորից ավելի լավ են հասկանում այդ վտանգները, իսկ վտանգների գեներացնողը Նիկոլ Փաշինյանն է։ Այս մասին «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ Infocom-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։ «Ինքը պետք է հեռանա,  իսկ այն զավեշտալի հայտարարությունը, թե սա ռազմական հեղաշրջում է, կա՛մ շատ կինոներ են նայել, կա՛մ չեն հասկանում, թե ռազմական հեղաշրջումը որն է։ Ինչ վերաբերում է ռազմական հեղաշրջմանը, ապա այն համենայնդեպս քաղաքակիրթ հայտարարության տեսքով չի լինում։ Համենայնդեպս իրենց խորհուրդ կտամ՝ ի վերջո թույլ տան, որ Հայաստանը դուրս գա այս ահավոր իրավիճակից»։ Գլխավոր Շտաբի հայտարարության եւ Տիրան Խաչատրյանի աշխատանքից ազատման կապի վերաբերյալ Աբովյանն ասաց, որ իր կարծիքով՝ մի դրվագի պատճառով ԳՇ-ն այդպիսի հայտարարություն չէր անի։ Այստեղ կոմպլեքս է, իշխանությունը հետեւողական ոչնչացնում է երկիրը, բանակը, եւ սա բոլոր խնդիրների կոմպլեքսի արտահայտումն է։ «Ինձ համար յուրաքանչյուր դեպքում շատ կարեւոր է, որ երկրում չլինեն բախումներ, եւ իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից, իսկ իրավիճակը դուրս չի գա վերահսկողությունից միայն մեկ պայմանով, երբ ապակայունացման հիմնական գործոնը՝ Նիկոլ Փաշինյանը, հեռանա։ Մեր հարցին, թե Նիկոլ Փաշինյանի չհեռանալու դեպքում որոնք են իրենց հետագա քայլերը, Աբովյանը չմանրամասնեց։ Նշենք, որ ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որով պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վերջինս այս հայտարարությունը որակել է որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Նարեկ Մարտիրոսյան
19:35 - 25 փետրվարի, 2021
Վազգեն Մանուկյանը հայտարարեց Բաղրամյան պողոտան բարիկադներով փակելու մասին |armenpress.am|

Վազգեն Մանուկյանը հայտարարեց Բաղրամյան պողոտան բարիկադներով փակելու մասին |armenpress.am|

armenpress.am: Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրավիճակի հանգուցալուծման  շուրջ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելու հրավերին: Ազգային ժողովի մոտ հավաքի ընթացքում,  անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե պատրաստ են կոնսուլտացիաների նաև իշխանության հասցեին ամենասուր քննադատությունը հնչեցնող քաղաքական ուժերի հետ, Վազգեն Մանուկյանը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ խոսելու մեկ բան ունեն՝ քննարկել, թե ոնց է նա դուրս գալու իշխանությունից: «Իշխանության հարցը լուծվելու է Ազգային ժողովում: Մեր շտաբն այստեղ է: Կմնանք այստեղ, թող ինքը գա թելադրենք, թե ինչ պահանջներ ունենք, ոնց պետք է ինքը հեռանա: Ժողովուրդ, պատմական պահ է, եղեք տոկուն, խիզախ, համբերատար: Կփակենք այս փողոցը, չի աշխատելու այս փողոցը: Սպասելու ենք, Ազգային ժողովի պատգամավորներին պետք է բերենք, որ քվեարկեն վարչապետին հանեն: Պատրաստվեք ամբողջ գիշերն էլ ենք այստեղ մնալու, մեկը կգնա, մյուս կգա, իրար կփոխարինենք, բայց այստեղ բարիկադներով երկու ծայրից փողոցը կփակենք»,- մանրամասնեց Մանուկյանը:
17:47 - 25 փետրվարի, 2021
Բանակը պիտի ենթարկվի միայն ժողովրդին և ժողովրդի ընտրած քաղաքական իշխանությանը․ Նիկոլ Փաշինյանի ելույթը Հանրապետության հրապարակում

Բանակը պիտի ենթարկվի միայն ժողովրդին և ժողովրդի ընտրած քաղաքական իշխանությանը․ Նիկոլ Փաշինյանի ելույթը Հանրապետության հրապարակում

Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով ԶՈՒ ԳՇ հայտարարությանը։ Նախքան ելույթը մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմում զոհված հերոսների հիշատակը։ «Նախ որպես ՀՀ ժողովրդի ընտրված ներկայացուցիչ, ՀՀ վարչապետ իմ հրամանը՝ ԶՈՒ բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին, սպաներին․ Պարոնա՛յք, զբաղվում եք ձեր գործով՝ ՀՀ սահմանների և տարածքային ամբողջականության պայպանմամբ․ սա իմ հրամանն է և որևէ մեկը չի կարող դրժել այդ հրամանը։ Հաջորդը․ ինչ է տեղի ունեցել այսօր․ այո, մեր բանակին, մեր ԶՈՒ-ին ոմանք փորձել են ներքաշել հակաժողովրդական, հակասահամանադրական պրոցեսի մեջ, և այսօր ես հստակ գնահատել եմ, որ ԳՇ-ի նախաձեռնած հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է,  և ժողովուրդը թույլ չի տա ռազմական հեղաշրջում ՀՀ-ում։ Բայց ես ուզում եմ նաև ասել, որ մեր բանակը մեր բանակն է, մեր սիրելի, մեր կողմից պաշտելի, ես համոզված եմ, որ շատ գեներալներ և բարձրաստիճան սպաներ այդ հայտարարությունը ստորագրել են իրենցից ավելի բարձրաստիճան հրամանատարների հրամանի ներքո։ Բայց ես ուզում եմ էլի ասել․ իրենց իմ ասելիքը մեկն է․ պարոնա՛յք, զբաղվում եք ձեր գործով՝ ՀՀ սահմանների և տարածքային ամբողջականության պայպանմամբ։ Դուք պիտի իրականացնեք ձեր գործը, բանակը չի կարող ետ նայել, թիկունքին նայել, չի կարող ներքաշվել քաղաքական պրոցեսի մեջ, բանակը պիտի ենթարկվի միայն ու միայն ժողովրդին և ժողովրդի ընտրած քաղաքական իշխանությանը։ Նա, ով այս տրամաբանությունից դուրս է գործում, գործում է ընդդեմ ժողովրդի, պետության, ընդդեմ օրինականության, ընդդեմ Հայաստանի անվտանգության։  Եվ ես պահանջում եմ, որ նույնիսկ այն բարձրաստիճան սպաները, որ լքել են իրենց ծառայության վայրերը, չեմ ուզում հավատալ դրան, հենց հիմա վերադարձեք և ապահովեք մեր երկրի անվտանգությունը․ սա է մեր հստակ պահանջը»,- նշեց վարչապետը և ներկայացրեց 2018-ից հետո կառավարության արած գործերը՝ կապված ԶՈՒ-ի և բանակի հետ։ «Մեր բանակում, ցավոք սրտի, այն իշխանությունը, որ երկար տարիներ բանակի հաշվին հարստացել է, դեռևս ունի կամակատարներ ՀՀ ԶՈՒ-ում, և այդ կամակատարները պետք է հեռանան անմիջապես։ Ինչ է տեղի ունեցել․ նրանք հրապարակներում ինձ փորձում են մեղադրել դավաճանության մեջ։ Բա ինչ գործ ունի դավաճանի կոչով այսքան մարդ հրապարակում, նրանք ձեզ են փաստացի ուզում մեղադրել դավաճանության մեջ։ Ասեմ՝ որն է դավաճանությունը։ 17 կուսակցություն կոչված ֆորմատի, այսպես կոչված վարչապետի թեկնածուն, ասում է՝ ես դեռ հոկտեմբերին զանգում էի բանակին, ասում էի՝ իշխանությունը վերցրեք․ նրանք անընդհատ բանակին կոչ են արել կռվել ոչ թե թուրքի, այլ սեփական ժողովդրի դեմ։ Սա է տեղի ունեցել։ Հայաստանում ժողովրդի իշխանությունը չի կարող դրվել կասկածի տակ ոչ մի րոպե։ Ինչու է այսօր ժողովուրդն այստեղ կանգնած, որովհետև գիտի, թե ովքեր են բանակի և զինվորի հաշվին հարստացածները, էդ հրապարակներում հոխորտացողները, միլիոնավոր դոլարների դղյակատերերը, էդ ո՞ւմ մասին են խոսում, ո՞ւմ են մեղադրում դավաճանության մեջ։ Զինվորի հացը գողացողը եկել է զինվրին հաց տվողին, հագուստ տվողին, աշխատավարձ բարձրացնողին դավաճանության մեջ է մեղադրում։ Բայց սա չի նշանակում, թե ես փորձում եմ իմ որևէ պարտավորություն դնել ուրիշի վրա։ Նրաքն երկու տարի է մեզ մեղադրում են հող հանձնելու մեջ, բայց ընդամենը երկու օր առաջ մերժվածը հրապարակայնորեն ասում է, որպես հպարտության նշան, որ ինքը համաձայնել էր 7 շրջանները հանձնել Ադրբեջանիմ։ Բա որ դուք ամեն ինչ պայմանավորվել էիք արդեն կամ բանակցությունները տարել էիք այնտեղ, որ ընդունել եք այդ պայմանները և համարում էիք, որ դա լավ լուծում է, ինչո՞ւ էիք մեզ մեղադրում հող հանձնելու մեջ։ Բաց նամակներով հանդես գայիք, ասեիք՝ գնա ստորագրի, խոստովանեիք՝ էս կետին ենք հասցրել, որ պետք է ամեն ինչ հանձնեիք, մեզ էլ ասեիք՝ գնացեք էդ թուղթը ստորագրեք։  Մենք ասել ենք, որ պատրաստվում ենք պաշտպանել մեր երկիրը, մեր արժանապատվությունը, մեր հայրենիքը և մենք հենվել ենք մեր բանակի վրա, հավատացել ենք մեր բանակին, և այսօր էլ հավատում ենք։ Եվ թույլ չի տա սպայական կազմը, զինվորները, զինվորների ծնողները, ժողովուրդը թույլ չի տա, որ բանակին ներքաշեն քաղաքական պրոցեսի մեջ։ Իրավիճակի հանգուցալուծման մասին մենք մտածել ենք։ Ի վերջո մենք բոլոր ետպատերազմական սթրեսի մեջ ենք, և ժողովուրդը հոգնել է այս շարունակական անկայունություններից։ Երկրում պետք է ժողովրդի իշխանությունը կասկածի տակ չդրվի։ Երկիրը բռնության, ապօրինության, սադրանքների, քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու բոլոր փորձերը պետք է խստորեն կասեցվեն ԱԱԾ-ի, Ոստիկանության և ժողովրդի կողմից։ Ուզում եմ անկեղծ ասել․ պատերազմից հետո ես չե՞մ մտածել, որ պետք է հրաժարական տամ։ Մտածել եմ, շատ եմ մտածել։ Բայց ասել եմ մի բան․ ես ինքնակամ չէ, որ դարձել եմ ՀՀ վարչապետ, ժողովուրդն է որոշել, որ ես պետք է դառնամ ՀՀ վարչապետ, և ժողովուրդը պետք է իմ հեռացման հարցը որոշի։ Եվ մենք որոշեցինք, որ պետք է անցկացնենք խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Բայց 17 ուժերը և խորհրդարանական ուժերը մերժեցին մեր այդ առաջարկը, ասելով, որ ժողովուրդը չպետք է որոշի, պետք է 17 կուսակցությունները և էլիտայի ներկայացուցիչները հավաքվեն և որոշեն՝ ով պետք է լինի վարչապետ, մենք ասացինք, որ դա թույլ չենք տալու։ Մենք կարող էինք որոշել միանձնյա և գնալ ընտրություններ անելու, բայց էդ քաղաքական ուժերը ասում են՝ էս ինչ լավ ա՝ ընտրություններ ենք անում, 2000 ընտրական տեղամաս, էնտեղ էսպես ասած դեբոշներ կանենք, առիթից կօգտվենք։  Ով վեր է կենում, հրաժարական է պահանջում, թող պահանջեն, բայց ինձ ժողովուրդն է ընտրել, թող ժողովուրդը իմ հրաժարականը պահանջի, ես գնամ իմ գործերին, թող ժողովուրդը ինձ դատապարտի, թող ժողովուրդը հրապարակում ինձ գնդակահարի։ Երբ հրապարակում հեղափոխություն ենք արել, ասել ենք, որ պետք է լինի սիրո և համերաշխության հեղափոխություն։ Եվ մենք բոլորին ասել ենք, որ բոլորը պեքտ է շանս ունենան, ոչ մեկի նկատմամբ վենդետա չենք արել, բայց ով ոնց կարողացել է, մեզ թիկունքից խփել է․ դատավորները, պետական պաշտոնյաները։ Եվ պատերազմի ժամանակ էլ նրանք ամեն օր երազում էին մեր բոլորիս պարտությունը և ամսի 9-ին մտնեն այդ շենք և ժողովրդի իշխանությունը վերցնեն իրենց ձեռքը։  Մենք երազել ենք և ամեն ինչ արել ենք հաղթանակի համար, նրանք՝ պարտության, որովհետև նրանք մտքում արդեն պարտվել էին, թղթի վրա արդեն պարտվել էին, դրա համար էլ մտնում էին զինվորների մեջ, ասում էին՝ հողերը ծախած ա, ինչու եք կռվում, փախեք, գլուխներդ ազատեք, և փախնողները եկան հրապարակ, գրոհեցին կառավարության շենքը։ Բայց իմ առաջարկը ուժի մեջ է։ Խորհրդարանական ուժերին եմ ասում, բոլոր ուժերին եմ ասում՝ եկեք կոնսուլտացիաներ սկսենք էդ թեմայով։ ԶՈՒ հետ կապված այս իրավիճակը պետք է հանգուցալուծվի։ Ես այսօր հանրապետության նախագահի հետ խոսել եմ և ասել եմ, որ իմ կարծիքով՝ ինքը ներկայացրած միջնորդությունը պետք է ստորագրի։ Եթե հանրապետության նախագահն այդ միջնորդությունը չի ստորագրում, այսինքն՝ միանում է պետական հեղաշրջման՞ը, շատ պարզ ընտրություն է։ Երկրորդ ընտրությունը հետևյալն է․ Օնիկ Գասպարյանը, որին ես նշանակել եմ ԶՈՒ ԳՇ պետ, որին ես պատերազմի ընթացքում վերաբերվել եմ 100 տոկոս վստահությամբ, հետահայաց հասկանում եմ, որ շատ դրվագներում էդքան էլ ճիշտ չեմ վերաբերվել, ճիշտ չեմ վարվել։ Օնիկ Գասպարյանը թող ուղղակի դիմում գրի, հեռանա։  ԶՈՒ-ն, նաև այն մարդիկ, որ ստորագրել են հայտարարությունը զբաղվում ՀՀ սահմանների և տարածքային ամբողջականության պահպանմամբ, Օնիկ Գասպարյանը հեռանում է, որովհետև ինքը չի կարող բանակը հանել ժողովրդի դեմ։ Մենք ՀՀ-ում թշնամի, հակառակորդ չունենք։ Ոմանք ուզում են բախում հրահրել․ չի լինելու ոչ մի բախում։ Ես այն հրապարակում հավաքված ժողովրդի ցավը տանեմ, ձեր ցավն էլ տանեմ։ ՀՀ-ն ժողովրդական երկիրն է, և ժողովրդի կամքը պետք է կատարվի։ Իշխանության փոփոխություն պետք է տեղի ունենա միայն ընտրությամբ, արտահերթ, թե հերթական իրար հետ կորոշենք»։ Նիկոլ Փաշինյանը ամփոփելով դարձյալ կրկնեց ԶՈՒ-ին ուղղված իր հրամանը, այն, որ Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա, ինչպես նաև դիմեց քաղաքական ուժերին արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։ Նա դիմեց հրապարակում հավաքված ժողովրդին, թե արդյո՞ք նրանց անունից կարող է ընտրություններ անցկացնելու առաջարկ անել, ինչից քաղաքացիները բացասական արձագանքեցին։  «Էդպես չի լինի․ շարունակ հանրահավաք անեք, մենք էլ կանենք հանրահավաք, քաղաքական հայտարարությունների չափերն անցնեք, կձերբակալենք ուղղակի օրենքով։ Ուրեմն՝ ընտրությունների թեման ձեր կոչով հանում ենք, և ես ակնկալում եմ, որ կա՛մ ՀՀ նախագահը ստորագրի ԳՇ պետին ազատելու հրամանագիրը, կա՛մ Օնիկ Գասպարյանը հայտարարի իր հրաժարականի մասին, բանակը գնա իր գործերով, և քաղաքական ուժերի հետ ես կոնսուլտացիաներ սկսեմ, թե ոնց ենք այս իրավիճակը հանգուցալուծում։ Եվ հետևաբար մեր կամքը, մկիասնությունը, վճռականությունը, մեր ժողովրդի իշխանությունը կոռումպացված ռեժիմին չենք զիջելու, թավիշին վերջ է տրվելու։ Գիտեի, որ ամենաշատը դա եք ուզում լսել։ Դա նշանակում է օրինականության միարժեք հաստատում։ Ժողովուրդը հավաքվել է, որովհետև գիտի, որ այս պարտության պատճառը երկար տարիներ ՀՀ-ն, ԶՈՒ-ն և ժողովրդին թալանածներն են։ Այսօր իրենք էլ գիտեն, որ դա է ժողովրդի հիմնական պահանջը։ Ուզում են ներշնչել, թե մենք էլ ենք կոռումպացված, գող, մեր ձեռքերը կկտրենք, բայց ժողովրդի կոպեկը չենք գողանա, ժողովրդի և հայրենիքի ունեցվածքը չենք գողանա, որովհետև դրանով խաչ կքաշենք մեր գոյության իմաստի վրա․ ուրեմն՝ վերջ թավիշին»,- եզրափակեց իր ելույթը Փաշինյանը՝ հավելելով, որ երթ կիրականացնեն Տիգրան Մեծ պողոտայով։ Նշենք, որ ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որով պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վերջինս այս հայտարարությունը որակել է որպես ռազմական հեղաշրջման փորձ։
17:18 - 25 փետրվարի, 2021
Ոստիկանությունն այսօր պետք է կանգնած լինի ժողովրդի կողքին, քանի որ հետո ժողովուրդը նրանց չի ներելու. Գեղամ Մանուկյան |tert.am|

Ոստիկանությունն այսօր պետք է կանգնած լինի ժողովրդի կողքին, քանի որ հետո ժողովուրդը նրանց չի ներելու. Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: Ոստիկանությունը պետք է կանգնի ժողովրդի կողքին և չդառնա Նիկոլի թատրոնի մի մասը: Այս մասին այսօր Երևանի Ազատության հրապարակում ասաց ՀՅԴ դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանը՝ «Բանակը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ակցիայի ժամանակ: «Այստեղի հավաքված հազարավոր մեր հայրենակիցների անունից դիմում ենք նաև Ոստիկանությանը, այսօր այդ դավաճանը, երբ սկսեց քայլել փողոցներով, տասնյակից ավելի ոստիկաններ շղթա կազմած նրան ուղեկցում էին, որ ապահովեին այդ բազմամարդ երթը: Պարոնա՛յք ոստիկաններ, վճռական պահն է՝ ձեր խոսքն ասելու, դուք Նիկոլի թատրոնի մասը դառնալու իրավունք չունեք»,- ասաց Գեղամ Մանուկյանը: Նա հավելեց, որ իշխանությունը ժողովրդինն է, և հիմա ոստիկանությունը պետք է կանգնի ժողովրդի կողքին, քանի որ հետագայում նրանց չեն ներելու:  
16:56 - 25 փետրվարի, 2021