Հայոց ցեղասպանություն

Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ըստ Անկարայի, կվնասի «Կովկասում հարաբերությունների կարգավորման գործընթացը» |azatutyun.am|

Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ըստ Անկարայի, կվնասի «Կովկասում հարաբերությունների կարգավորման գործընթացը» |azatutyun.am|

azatutyun.am: «Պատմական փաստերի շահարկումը նեղ քաղաքական նպատակների համար ոչ անցյալին է օգնում, ոչ էլ ներկային», - հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը: «Անկարան թույլ չի տա որևէ մեկին մանիպուլացնել մեր ցավն ու պատմությունը», - Թվիթերում գրել է Քալընը` տարածելով Պոլսո Հայոց պատրիարքի հարցազրույցը հայ և թուրք ժողովուրդների հաշտեցման ու հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին: Հայտարարություն է տարածել նաև Ռեջեփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը: «ԱՄՆ-ի նախագահի կողմից «Հայոց ցեղասպանություն» արտահայտության կիրառումը հարիր ու վայել չէ թուրք-ամերիկյան դաշնակցային հարաբերություններին», - ասել է իշխող կուսակցության ներկայացուցիչը, հավելելով` Սպիտակ տան ղեկավարի այդ քայլը ոչ միայն ծանր հարված կհասցն թուրք֊ամերիկյան կապերին, այլև կվնասի «Կովկասում հարաբերությունների կարգավորման գործընթացը»: Ավելի վաղ արևմտյան մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով իրենց դիվանագիտական աղբյուրներին, հաղորդել էին, որ Սպիտակ տան ղեկավարը թուրքական կողմին տեղեկացրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր մտադրության մասին:
13:27 - 24 ապրիլի, 2021
Հայոց Մեծ Եղեռնից 106 տարի անց համայն հայությունը դեռ սպասում է պատմական արդարության վերականգնմանը. Գագիկ Ծառուկյան

Հայոց Մեծ Եղեռնից 106 տարի անց համայն հայությունը դեռ սպասում է պատմական արդարության վերականգնմանը. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 106-րդ տարելիցի կապակցությամբ։ «Աշխարհասփյուռ հայությունն այսօր ոգեկոչում է Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցը: 20-րդ դարի մեծագույն ոճրագործության՝ 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակն այսօր էլ վառ է մեր սրտերում և մենք աղոթում ենք նրանց հոգիների հանգստության համար: Հայոց Մեծ Եղեռնից 106 տարի անց համայն հայությունը դեռ սպասում է պատմական արդարության վերականգնմանը, քանզի Ցեղասպանությունը չունի վաղեմության ժամկետ և ժխտողական քաղաքականությունը որդեգրած Թուրքիան պետք է պատասխան տա: Հայոց Մեծ Ցեղասպանությունը պետք է ընդունի նաև ամբողջ աշխարհը, քանի որ անպատժելիությունը դառնում է մարդկության դեմ նոր ոճրագործությունների և նոր հանցագործությունների պատճառ և մեր ամենօրյա աշխատանքով մենք պետք է բացառենք 1915 թվականի ոճրագործության կրկնությունը: Իմ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում բոլոր այն երկրներին, կազմակերպություններին և անհատներին, որոնք միացել են հայկական պահանջատիրության համընդհանուր ջանքերին և ճանաչել են Ցեղասպանությունը: Յուրաքանչյուր հայի պարտքն է մշտապես վառ պահել մեր անմեղ նահատակների հիշատակն ու միասնական ջանքերով հասնել պատմական արդարության վերականգնմանը: Մեր խոնարհումը 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…», - ասված է Ծառուկյանի ուղերձում։
13:15 - 24 ապրիլի, 2021
Կոչ եմ անում խախտել ԱՄՆ ամոթալի լռությունն ու ճանաչել Ցեղասպանությունը. Ադամ Շիֆը՝ Ջո Բայդենին |1lurer.am|

Կոչ եմ անում խախտել ԱՄՆ ամոթալի լռությունն ու ճանաչել Ցեղասպանությունը. Ադամ Շիֆը՝ Ջո Բայդենին |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ վերջին շաբաթների ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ ԱՄՆ նախագահին կոչ անելով խախտել Միացյալ Նահանգների ամոթալի լռությունն ու պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Երկար տարիներ ԱՄՆ նախագահները Թուրքիային թույլատրել են սպառնալ ու ահաբեկել՝ խոչընդոտելով ճշմարտությունը հայտնելու մեր բարոյական պարտավորության կատարմանը: Թուրքիայի հետ մեր հարաբերությունները չպետք է կառուցվեն Հայոց ցեղասպանության ժխտման հարցում մեղսակցության վրա: Ժխտումը հակասում է ամերիկյան արժեքներին և վիրավորում է Երևանի և ամբողջ աշխարհի միլիոնավոր հայերին, այդ թվում՝ իմ տասնյակ հազարավոր ընտրողներին:   Հուսով եմ՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հարգելով իր խոստումը, կճանաչի մարդու իրավունքների ոտնահարման պատմական այս փաստը որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն»,- գրել է ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը:
13:14 - 24 ապրիլի, 2021
Ցավալի այս օրը մենք Իտալիայի և ամբողջ աշխարհի հայ համայնքի կողքին ենք. Եվրախորհրդարանի պատգամավոր |armenpress.am|

Ցավալի այս օրը մենք Իտալիայի և ամբողջ աշխարհի հայ համայնքի կողքին ենք. Եվրախորհրդարանի պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի իտալացի պատգամավոր Լուիզա Ռեջիմենտին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների խիստ և հստակ դատապարտման միջոց է համարում: Այս մասին պատգամավորը նշել է տեսաուղերձում: «Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման օրն է։ Այդ օրը մենք հիշատակում ենք երիտթուրքերի շարժման կողմից 1915-1923 թթ․ սպանված մեկ ու կես միլիոն քրիստոնյա հայերին։ Այս ցեղասպանությունը դեռևս պաշտոնապես չի ճանաչվել ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ ամբողջ միջազգային հանրության կողմից։ Միայն աշխարհի 29 երկրներ է հաստատել քրիստոնեական պատմության այս դաժան էջի լրջությունը։ Միջազգային ճանաչումը կնշանակի մարդկության դեմ հանցագործությունների խիստ և հստակ դատապարտում»,- նշել է պատգամավորը: Լուիզա Ռեջիմենտին ընդգծել է, որ ցավալի այս օրն իրենք Իտալիայի և ամբողջ աշխարհի հայ համայնքի կողքին են: «Որպես Իտալիայի ներկայացուցիչ, կցանկանայի հիշատակել ցեղասպանության դատապարտումը, որը դեռևս իր ընթացքի մեջ է, և վերապրած հայերին մեծագույն սիրով ընդունելությունը, ովքեր ժամանակի ընթացքում հանդիսացել են մեր երկրում ինտեգրման հիանալի օրինակ: Հետևաբար, ցավալի այս օրը մենք Իտալիայի և ամբողջ աշխարհի հայ համայնքի կողքին ենք»,- եզրափակել է Ռեջիմենտին:
12:44 - 24 ապրիլի, 2021
Ունենք արտոնություն՝ լինել աշխարհում առաջին պետությունը, որը պաշտոնապես ճանաչել է 1915 թ. ողբերգությունը. Ուրուգվայի նախագահի ուղերձը |1lurer.am|

Ունենք արտոնություն՝ լինել աշխարհում առաջին պետությունը, որը պաշտոնապես ճանաչել է 1915 թ. ողբերգությունը. Ուրուգվայի նախագահի ուղերձը |1lurer.am|

1lurer.am:  Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահը՝ գործադիր իշխանության անունից:  «Այս ապրիլի 24-ին հիշատակվում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը, որը մեկնարկեց 1915 թ. այդ օրը և տևեց մի քանի տարի։ Այդ ժամանակահատվածում զոհվեցին 1.5 միլիոնից ավելի հայեր՝ մի մասը ենթարկվելով ջարդերի, մյուսները՝ հոգնատանջությունից և սովից պարտադրված տեղահանումների հետևանքով։ Դա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, սակայն, ցավոք, չէր լինելու վերջինը։   Հավատարիմ լինելով ժողովրդավարական և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի իր ավանդույթներին՝ մեր երկիրն ունի հայկական հարցին աջակցելու երկար պատմություն։ Դերևս 1920 թ. Ուրուգվայը մեկն էր այն ութ երկրներից, որոնք աջակցեցին այն ժամանակ դեռ նորաստեղծ Հայաստանի Հանրապետության թեկնածությանը, որպեսզի վերջինս անդամակցեր Ազգերի լիգային, որը մերօրյա Միավորված ազգերի կազմակերպությանը նախորդող կառույցն էր։   Բացի դրանից՝ ունենք արտոնություն՝ լինել աշխարհում առաջին պետությունը, որը պաշտոնապես ճանաչել է 1915 թ. ողբերգությունը։ Երբ լրանում էր այդ դեպքերի 50-րդ տարելիցը, Ուրուգվայի խորհրդարանն ընդունեց օրենք, որն ապրիլի 24-ը հռչակեց «Հայ նահատակների հիշատակման օր»։ Ի թիվս այլոց, նախագիծը ստորագրեցին խորհրդարանականներ Ուգո Բատայան, Ակիլես Լանսան, Սելմար Միկելինին և Ալբերտո Ռոսելլին։ Այդ օրենքն ընդունվեց 1965 թ. ապրիլի 20-ին, և երկու օր անց այն ստորագրեց պարոն Վաշինգտոն Բելտրանը, որն այն ժամանակ կառավարության ազգային խորհրդի նախագահն էր։   Բելտրանի ստորագրության կողքին երևում են, ի թիվս այլոց, Խուամպի Բելդեվոտոյի, Ֆրանսիսկո Ռոդրիգես Կամուսսոյի, Վիլսոն Ֆեռեիրա Ալդունատեի ստորագրությունները։ Նրանք բոլորը այն ժամանակվա կառավարության նախարարներ էին։   1970-1972 թթ. ուրուգվայական դիվանագիտությունը ակտիվ դեր խաղաց հօգուտ Հայաստանի անկախության։ Այդ աջակցությունը վերականգնվեց ժողովրդավարության վերադարձին պես, Ներկայացուցիչների պալատի հայտարարությամբ, որը տեղի ունեցավ 1985 թ. ապրիլին։   2002 թ. Հայաստանի նախագահը պաշտոնական այցով եկավ Ուրուգվայ, և նրան ընդունեց նախագահ Խորխե Բասսին։ 2014 թ. Հայաստանի հաջորդ նախագահը այցելեց պաշտոնական այցով, և նրան ընդունեց նախագահ Խոսե Մուխիկան։   2015 թ. նշվեց Ցեղասպանության հարյուրամյակը օրենսդիր պալատի «Կորսված քայլեր» սրահում։ Այնտեղ ներկա էին, ի նշան պատմական շարունակականության, նախագահ Տաբարե Վասկեսը և նախկին նախագահներ Խուլիո Մարիա Սանգինետտին, Լուիս Ալբերտո Լակայեն, Խորխե Վայեն և Խոսե Մուխիկան։   Վերջապես, անցյալ ապրիլի 24-ին նախագահ Լուիս Լակայե Պոուն և փոխնախագահ Բեատրիս Արխիմոնը, իրենց պաշտոնները ստանձնելուց մի քանի շաբաթ անց, հանդես եկան հայտարարություններով՝ հիշատակելով Ցեղասպանությունը։   Հայոց հարցի պաշտպանությունը համահունչ դիրքորոշում է այն մոտեցումների հետ, որ մեր երկիրը մշտապես դրսևորել է միջազգային հարթությունում՝ օրենքի գերակայություն, մարդու իրավունքների պաշտպանություն, ժողովուրդների ազգային ինքնորոշում։ Սակայն դա նաև մի հարց է, որին վերաբերում ենք որպես սեփական խնդիր, որովհետև այդ դեպքերի հետևանքով Ուրուգվայը հյուրընկալեց հայ գաղթականների մեծ ալիքի, որը դարձավ մեր համակեցության անքակտելի մասնիկը։ Այն հազարավոր հայերը, որոնք եկան այստեղ, փնտրելով խաղաղություն, ազատություն և հնարավորություններ, օգնեցին կառուցել ավելի դինամիկ և ավելի բազմազան հասարակություն։ Նրանց ժառանգները, որոնք բազմաթիվ են, դարձել են այդ ընդհանուր տան՝ Ուրուգվայի հենասյուներից մեկը։ Դա մի տուն է, որը պատկանում է բոլոր նրանց, ովքեր այստեղ ենք ծնվել և բոլոր նրանց, ովքեր հասնում են այստեղ՝ փնտրելով նոր հորիզոններ։   Այս յուրահատուկ ամսաթվին ազգային կառավարության անունից, ի սրտե փոխանցում ենք մեր ողջույնները հայ համայնքին»,- ասված է Ուրուգվայի նախագահական ուղերձում։
12:03 - 24 ապրիլի, 2021
Ֆրանսիայում յուրաքանչյուրը յուրովի է հարգանքի տուրք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին. Լըմուան |armenpress.am|

Ֆրանսիայում յուրաքանչյուրը յուրովի է հարգանքի տուրք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին. Լըմուան |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայում ամենուր յուրաքանչյուրը յուրովի է հարգանքի տուրք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իր ելույթում նշեց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը: «Այսօր՝ ապրիլի 24-ին, հայերը հիշատակում են Հայոց ցեղասպանությունը։ Այս տարի նախագահ Մակրոնի անունից մեր պատվիրակությունը, բնականաբար, ներկա է զոհերի ոգեկոչման արարողությանը։ Այս տարի, մանավանդ, առանձնահատուկ նշանակությամբ է օժտված արարողությունը, որովհետև արդեն լրացրել է 20 տարի, երբ Ֆրանսիան օրենքի ուժով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Բայց նախագահը չբավարարվեց դրանով՝ արդեն 3-րդ տարին անընդմեջ ապրիլի 24-ը Ֆրանսիայի պետական պաշտոնական օրացույցում նշված է, որպես հիշատակի օր: Ֆրանսիայում յուրաքանչյուր ոք յուրովի է իր հարգանքի տուրքը մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- նշել է Լըմուանը: Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը հավելեց, որ այս հիշատակման արարողությունը ֆրանսիական երախտիքի արտահայտումն է բոլոր այն մարդկանց, որոնք հաստատվեցին ու իրենց ներդրումն ունեցան ֆրանսիական պետության կյանքում։ «Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին, թե՛ անցյալում դժվար պահերին, թե՛ ապագայում ակնկալվող բոլոր ձեռնարկումների համար։ Դրա վկայությունն է Ֆրանսիայի նախագահի դատապարտող խոսքը բոլոր այն վարձկանների վերաբերյալ, որոնք Սիրիայից հավաքագրվել և հայտնվել էին բոլորիս հայտնի իրադարձություններին, բժշկական հումանիտար առաքելությունը, որի կազմակերպումն ու Հայաստան ուղարկելը չհապաղեց»,- ասաց նա: Ժան-Բատիստ Լըմուանը հիշատակեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հայտարարությունը՝ ռազմագերիներին շուտափույթ վերադարձնելու վերաբերյալ: «Ինչպես ասում էր Ազնավուրը` «Նրանք ընկան երգ»-ի մեջ` նրանք ընկան, տանջվեցին, որոտը շանթահարեց, նրանց մեղքն այն էր, որ նրանք Հայաստանի զավակներն էին։ Այսօր հայ ժողովուրդը ոտքի վրա ամուր կանգնած է, դիմակայում է, ոչինչ չի կարողանալու խոչընդոտել հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանը»,- եզրափակեց Ժան-Բատիստ Լըմուանը:
11:55 - 24 ապրիլի, 2021
Ցեղասպանության աղետի հարցում ուղենշայինը պիտի լինի հենց վերածննդի գաղափարը. Տիգրան Ավինյան

Ցեղասպանության աղետի հարցում ուղենշայինը պիտի լինի հենց վերածննդի գաղափարը. Տիգրան Ավինյան

«Ցեղասպանության միջազգային ճանաչումն ինքնանպատակ չէ, այլ համամարդկային արժեբանության խնդիր՝ մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության դատապարտում և դրա միջոցով նաև կանխում ու պետությունների կողմից այդպիսի պատասխանատվության ստանձնում»: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ուղերձը՝ Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապկցությամբ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Արդեն 106-րդ տարին է, որ ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Տեղի ունեցածը բնույթով ոչ միայն անձնական ողբերգություն էր հրեշավոր այդ արարքի զոհ դարձած յուրաքանչյուր հայի համար, այլև համազգային աղետ, որ արժեցավ միլիոնավոր կյանքեր, խեղված ճակատագրեր և հայրենազրկություն: Այս ամենով հանդերձ՝ մեր ժողովուրդը կարողացավ իր մեջ ուժ գտնել և վերածնվել: Կարծում եմ՝ Ցեղասպանության աղետի հարցում ուղենշայինը պիտի լինի հենց վերածննդի գաղափարը, դժոխքի միջով անցնելու, սակայն ոտքի վրա կանգուն մնալու մեր ազգային կարողությունը: Սա մեր ներքին ուժի լավագույն ապացույցն է, որ արհավիրքը մեզ չի վերացնում, դժվարությունը՝ կոփում է, եղեռնը՝ վերածնում: Ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևաբար, ինքնանպատակ չէ, այլ համամարդկային արժեբանության խնդիր՝ մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության դատապարտում և դրա միջոցով նաև կանխում ու պետությունների կողմից այդպիսի պատասխանատվության ստանձնում»:
11:45 - 24 ապրիլի, 2021
Ցեղասպանության համար պատասխանատվությունը ոչ միայն բարոյական, այլ նաև միջազգային իրավունքի տեսակյունից չունի վաղեմության ժամկետ. Դավթյան

Ցեղասպանության համար պատասխանատվությունը ոչ միայն բարոյական, այլ նաև միջազգային իրավունքի տեսակյունից չունի վաղեմության ժամկետ. Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առթիվ՝ նշելով, որ հայ ժողովուրդն իր պատմության ամենաողբերգական էջի՝ 20-րդ դարասկզբին իրականացված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակում և ողջակիզված իր զավակների հիշատակը ոգեկոչում է իրեն պարտադրված գոյաբանական պատերազմի վերապրումի, պատերազմի ողբերգական հետևանքների ծանր բեռի տակ։ «Պատերազմ, որ սանձազերծվեց էթնիկական ատելության, իր ազգային պատկանելության բերումով հայ բնակչության նկատմամբ պետականորեն տասնամյակներով սնուցված թշնամանքի և անհանդուրժողականության հողի վրա և ուներ անթաքույց նպատակ՝ իր պատմական կենսատարածքում ֆիզիկապես ոչնչացնելու արցախահայությանը և նրան զրկելու իր հայրենիքում ապրելու, արարելու և զարգանալու իրավունքից։ Պատերազմ, որի ընթացքում ցեղասպանական նկրտումներին հագուրդ տալու նպատակով, ինչպես 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության ներսում, գործի են դրվել վարձկան ահաբեկիչների ու մարդասպանների ոհմակներ, դիտավորյալ և պլանավորված կերպով թիրախավորվել է քաղաքացիական բնակչությունը, հանրային ու սոցիալական ենթակառուցվածքները, միտումնավոր և վայրենի կերպով ոչնչացվել են հայկական պատմամշակութային ժառանգությունն ու արժեքները՝ ակնհայտորեն նպատակ ունենալով վերացնելու հայկականության հետքերը, պատմական հիշողությունն ու հայկական ինքնության վկայությունները։ Նման մոտիվներով պատերազմի սանձազերծումն ու իրագործումը հնարավոր դարձավ նաև ու հատկապես այն պատճառով, որ աչք փակելով պատմական արդարության և դրա վերականգնման անհրաժեշտության հանդեպ, միջազգային լայն հանրության կողմից անգամ 106 տարի անց դեռևս հավուր պատշաճի չեն տրվել անհրաժեշտ քաղաքական, պատմական և մանավանդ իրավական գնահատականները ինչպես ինքնին հայերի ցեղասպանության, ունեզրկման և հայրենազրկման փաստին, այնպես էլ այդ անհերքելի իրողության հանդեպ թուրքական շարունակվող և ահագնացող ժխտողականությանը։ Չնայած բազմաթիվ երկրների, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման իրողությանը՝ քաղաքական և աշխարհաքաղաքական այսօրեական շահերին տրվող նախապատվության պայմաններում Հայոց Ցեղասպանության իրավական գնահատումը մնում է օրակարգային՝ հատկապես նոր ցեղասպանությունների կանխարգելման, այս առումով առանձին պետությունների մոտ սեփական անպատժելիության ընկալումների ու համոզմունքների ակնառու ամրապնդումը թույլ չտալու տեսանկյունից՝ ոչ միայն հայ ժողովրդի համար այսօր էլ ակնհայտ գոյապահպանական մարտահրավերը խորությամբ գիտակցելու, այլ նաև իբրև  սերունդների առջև մարդկության պատասխանատվության գերխնդիր։   Խոնարհվելով հայ ժողովրդին պատուհասած 20-րդ դարի մեծագույն ոճրագործության անմեղ զոհերի հիշատակի առջև՝ անհրաժեշտ ենք համարում ամրագրել, որ ցեղասպանության, որպես մարդկության դեմ ամենավտանգավոր հանցագործության համար պատասխանատվությունը, ոչ միայն բարոյական, այլ նաև միջազգային իրավունքի տեսակյունից չունի վաղեմության ժամկետ։ Ելնելով առաջին հերթին իր անվտանգության առաջնայնություններից՝ հայ ժողովորդն ինստիտուցիոնալ իր բոլոր կառույցներով հետամուտ է պատմական արդարության վերականգնմանը, պատմական փաստերին, սեփական ամոթալի անցյալին  ժխտողականության առաջամարտիկների առերեսմանը՝ ունենալով մարդասիրության իրական արժեքներ դավանող, ազգային թշնամանքը, ատելությունը, ֆաշիզմի բոլոր տիպի դրսևորումները մերժող առաջադեմ մարդկության անվերապահ աջակցությունը։ Որպես ցեղասպանության դժոխքներով անցած ու վերածնված, 21-րդ դարասկզբին նույն մոտիվներով սանձազերծված պատերազմի բովով անցած ժողովուրդ՝ այս նպատակին հասնելու, ի հեճուկս մեր թշմանիմների՝ հայրենիքի այս սուրբ կտորի վրա մեր գոյության ու զարգացման իրավունքը վերահաստատելու և ազգային պահանջներին տեր կանգնելու համար  անհրաժեշտ է հրաժարվել ներքին կործանարար բաժանարարներից, համախմբվել ազգապահպանության ամենակարևոր հենասյուների՝ հայոց պետականության գաղափարի և պետության հարատևության կոնցեպտի շուրջ, անմնացորդ և անվերապահ կերպով նվիրվել մեր վերքերի ամոքմանը, մեր անայլընտրանք հզորացման նախադրյալների վերարժևորմանը։ Սա է լինելու Հայոց Ցեղասպանության զոհերի հշատակի ոգեկոչման, նրանց սպասումների իրագործման ամենաշոշափելի և նվիրական  արդյունքը»,- ասված է Դավթյանի ուղերձում:
11:30 - 24 ապրիլի, 2021
Կարևոր է ճանաչել այս ողբերգությունը. Նիդերլանդների պատգամավորներն աջակցություն են հայտնում հայերին |armenpress.am|

Կարևոր է ճանաչել այս ողբերգությունը. Նիդերլանդների պատգամավորներն աջակցություն են հայտնում հայերին |armenpress.am|

armenpress.am: Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները կարևորում են հիշողությունը վառ պահելն ու աշխարհին Հայոց ցեղասպանության մասին հայտնի դարձնելը` դրա կրկնության բացառման համար: Պատգամավորներն այս մասին շեշտում են ուղերձներում: Նիդերլանդների ազատական կուսակցության պատգամավոր Ռուբեն Բրեյքմանսը նշում է. «Այս սարսափելի ողբերգությունից արդեն անցել է 106 տարի: Եվ, քանի որ աշխարհում լարվածությունը մեծանում է, և բռնության սպառնալիքն իրական է, կարևոր է ճանաչել այս ողբերգությունը և գիտակցել, որ նման վայրագությունները երբեք չպետք է կրկնվեն»; Պատգամավորը հավելում է, որ այս օրն իր մտքերը Հայաստանի և իր բոլոր հայ ընկերների հետ են: Նիդերլանդների խորհրդարանի «Քրիստոնեական Միություն» կուսակցության ղեկավար Խերտ-Յան Սեխերսն էլ նշում է, որ միշտ հայերի կողքին են կանգնել` առաջարկելով ավելի քան 100 տարի առաջ հայերի ցեղասպանության ճանաչման բանաձև, որը մեծամասնության սատարմամբ ընդունվել է: «Ողբերգական դրվագ, ողբերգական էջ է մեր պատմության գրքում: Եվ ինչու՞ է սա այդքան կարևոր: Ցանկացած ցեղասպանության վերջին փուլը դրա մերժումն է: Մենք չենք ընդունում ցեղասպանության ժխտումը: Այդ պատճառով առաջարկեցինք նման բանաձև»,-ասում է նա: Պատգամավորը շեշտում է, որ հայերի հետ ուս ուսի տված՝ ցանկանում են ամեն կերպ աջակցել: Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Դերկ Յան Էփինքն էլ, որը մինչ այդ Եվրախորհրդարանի անդամ էր Բրյուսելում, հիշեցնում է, որ անցյալ տարի Բրյուսելում՝ Եվրախորհրդարանում, ինքը ևս խոսել է Հայոց ցեղասպանության մասին: «Շատ կարևոր է հիշողությունը վառ պահել և աշխարհին հայտնի դարձնել Հայաստանի պատմության այս իրադարձությունները, քանի որ կարևոր է դրանց կրկնության բացառումը»,- ասում է պատգամավորը: Նա նշում է նաև, որ իր որդին հայերեն է սովորում ու խոսքը փոխանցում է նրան: «Ես ուսումնասիրում եմ հայոց լեզուն: Հետաքրքրում է ինձ հայկական հարուստ մշակույթը: Այս օրերին մեր բոլոր մտքերը ուղղված են 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիատակին»,- ասում է պատգամավորի որդին`Սաշան:
11:29 - 24 ապրիլի, 2021
Ցեղասպանության ճանաչման խոստումը լսել ենք նաև մյուս նախագահներից, բայց կարծում եմ՝ այս անգամ դա իրականություն կդառնա. ինձ չհիասթափեցնեք, նախագահ Բայդեն․ Ալեքսիս Օհանյան |tert.am|

Ցեղասպանության ճանաչման խոստումը լսել ենք նաև մյուս նախագահներից, բայց կարծում եմ՝ այս անգամ դա իրականություն կդառնա. ինձ չհիասթափեցնեք, նախագահ Բայդեն․ Ալեքսիս Օհանյան |tert.am|

tert.am: Ամերիկյան Reddit ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարել է, որ հույս ունի՝ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը վերջապես կճանաչի պատմական իրողությունը՝ Հայոց ցեղասպանությունը։ «Քաղաքականությամբ պայմանավորված՝ ԱՄՆ-ն երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց կարծում եմ՝ Ջո Բայդենը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել այն, ինչը նվազագույնն  է, որ մենք՝ ամերիկացիներս, կարող ենք անել, բայց դա կարևոր քայլ է, քանզի Ցեղասպանությունը մեր՝ հայերիս և հատկապես սփյուռքահայերի ինքնության մասն է, որը փոխանցվել է սերնդեսերունդ»,- նշել է Օհանյանը։ Նրա խոսքով՝ «աշխարհասփյուռ հայերի համար է՛լ ավելի ցավալի է այն փաստը, որ այդ ոճրագործներն ավելի քան 100 տարի չեն ընդունել իրենց մեղքը և պատասխանատվության չեն ենթարկվել այդ թվում՝ աշխարհի հզորագույն երկրի՝ ԱՄՆ-ի կողմից»։ «Սա կարևոր քայլ է, չեմ ցանկանում հուսախաբ լինել, քանի որ միևնույն խոստումը լսել ենք նաև մյուս նախագահներից, բայց կարծում եմ՝ այս անգամ դա իրականություն կդառնա և ես այդ կապակցությամբ չափազանց ոգևորված էմ։ Ինձ չհիասթափեցնեք, նախագահ Բայդեն»,- եզրափակում է Օհանյանը։
11:20 - 24 ապրիլի, 2021
Մարուքյանը շատ հավանական է համարում ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը |armenpress.am|

Մարուքյանը շատ հավանական է համարում ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը շատ հավանական է համարում, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ի ուղերձում կօգտագործի «ցեղասպանություն» եզրույթը։ Այս մասին Մարուքյանն ասաց լրագրողների հետ զրույցում։ «Ես շատ հավանական եմ համարում, որ նախագահ Բայդենն այս անգամ կօգտագործի «ցեղասպանություն» բառը։ Հիշում ենք, որ մեկ տարի առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ու Սենատը ճանաչեցին և դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը։ Ասվեց, որ սա օրենսդիր իշխանության մակարդակում է, և ԱՄՆ գործադիրը դեռ չի ճանարել»,- ասաց Մարուքյանը։ Պատգամավորը նշեց, որ եթե Բայդենն օգտագործի ցեղասպանություն բառը, կնշանակի, որ ԱՄՆ-ն ամբողջության ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։ Լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ ապրիլի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ զրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ պատրաստվում է օգտագործել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը:
11:12 - 24 ապրիլի, 2021
ԱԳ փոխնախարարը հայտարարում է՝ որևէ երկխոսություն Հայաստանի և Թուրքիայի միջև չկա |azatutyun.am|

ԱԳ փոխնախարարը հայտարարում է՝ որևէ երկխոսություն Հայաստանի և Թուրքիայի միջև չկա |azatutyun.am|

azatutyun.am: Ներկայիս դրությամբ որևէ երկխոսություն Հայաստանի և Թուրքիայի միջև չկա․ Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում հայտարարեց արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը: Հարցին, որ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանային համագործակցություն 3+3 ձևաչափ է առաջարկվում, այդ առումով ի՞նչ գործնական քայլեր կան, փոխնախարարը պատասխանեց. «Բոլոր դեպքերում այսօրվա դրությամբ ինչ վերաբերում է արցախյան խնդրին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն, ապա Մինսկի խմբից և իր համանախագահությունից բացի որևէ այլ ձևաչափ մենք չենք քննարկում»: Իսկ թե ի՞նչն է խնդիրը, որ պատերազմից հետո Մինսկի խմբի համանախագահության հետ հանդիպում չի եղել, Ավետ Ադոնցն արձագանքեց. «Աշխատանքներ կան, և ես ուզում եմ հավատալ, որ դրանք շուտով տեսանելի կդառնան»:
10:57 - 24 ապրիլի, 2021
Ամոթ է, որ շատ երկրներ դեռևս չեն ճանաչել նորագույն պատմության այս սև դրվագը. իսպանացի սենատոր |armenpress.am|

Ամոթ է, որ շատ երկրներ դեռևս չեն ճանաչել նորագույն պատմության այս սև դրվագը. իսպանացի սենատոր |armenpress.am|

armenpress.am: Իսպանիայի Սենատի անդամ Կարլես Մուլետը կարևորում է Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ հետագայում խուսափելու նման երևույթների կրկնումից: Սենատորը նման տեսակետ է հայտնել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված ուղերձում: «Միանում եմ այն անձանց, որոնք պահանջում են հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչումն ու հիշատակումը։ Ամոթ է, որ միջազգային հանրության շատ երկրներ դեռևս չեն ճանաչել մեր նորագույն պատմության այս սև դրվագը։ Գիտենք, որ դժվար է վերականգնել հասցված վնասը, բայց գոնե կարելի է խուսափել, որ նման երևույթները կրկնվեն, պետք է փորձենք մոռացության չտալ այն և դատապարտել ու ճանաչել հայ ժողովրդի տանջանքները»,-ասում է սենատորը: Նա նշում է, որ այդ պատճառով միանում է հիշատակի այս օրվան և «Կոմպրոմիս» կոալիցիայի անունից իր ողջույններն է հղում հայ ժողովրդին։
10:54 - 24 ապրիլի, 2021