Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

Սուրեն Պապիկյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը

Սուրեն Պապիկյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը

Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով նորանշանակ ռազմական կցորդ, ավագ գնդապետ Ան Ցյանին:   ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Ան Ցյանին պաշտպանական հարցերով ռազմական կցորդի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ու մաղթել նորանոր հաջողություններ և արդյունաշատ աշխատանք:   Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը դեսպանին ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:   Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-չինական երկկողմ հարաբերությունները:   Քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը, զարգացման և ընդլայնման հնարավորությունները:  
17:08 - 11 նոյեմբերի, 2022
Մեկնարկել է պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացի առաջին փուլը

Մեկնարկել է պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացի առաջին փուլը

Մեկնարկել է պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացի առաջին փուլը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, նոյեմբերի 5-ին նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորավարժարան, որտեղ հետևել է պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացների մեկնարկին (այս փուլում առաջնահերթություն է տրվել իգական սեռի ներկայացուցիչներին)։    Շրջելով բացազատված ուսումնական կետերով, նախարար Պապիկյանը հետաքրքրվել է գործնական վարժանքների ընթացքով, ինչպես նաև զրուցել մասնակիցների հետ։ Վարժանքներին ներգրավված քաղաքացիները շնորհակալություն են հայտնել իրենց խնդրանքներին գործուն ընթացք տալու համար, և հույս հայտնել, որ նմանօրինակ միջոցառումները շարունակական կլինեն։   Շնորհակալություն հայտնելով հայրենիքի պաշտպանության գործին անմիջական մասնակցության հայտ ներկայացրած կանանց, որոնց շարքերում կան նաև զոհված զինծառայողների մայրեր և կանայք, նախարար Պապիկյանը վստահեցրել է, որ այս փորձնական վարժանքների հաջող ավարտի և արդյունքների դեպքում, պաշտպանական գերատեսչությունը պատրաստակամ է դրանք փոխարինել առավել երկարաժամկետ և բովանդակային ծրագրերով։
19:38 - 05 նոյեմբերի, 2022
ՀՀ ՊՆ N զորամասում հանդիսավորությամբ նշվել է ԶՈՒ հետախուզության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձն ու հետախույզի մասնագիտական տոնը

ՀՀ ՊՆ N զորամասում հանդիսավորությամբ նշվել է ԶՈՒ հետախուզության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձն ու հետախույզի մասնագիտական տոնը

Նոյեմբերի 5-ին ՀՀ ՊՆ N զորամասում հանդիսավորությամբ նշվել է ԶՈՒ հետախուզության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձն ու հետախույզի մասնագիտական տոնը: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։   Նախքան հանդիսավոր միջոցառման մեկնարկը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ծաղիկներ են խոնարհել 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած մարտական գործողությունների ընթացքում անմահացած զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշանկյանն ու խաչքարին։   Ողջունելով և շնորհավորելով հետախույզներին, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել հետախուզական ստորաբաժանումների դերն ու նշանակությունը 30-ամյա բանակի անցած ճանապարհին։ Նախարարը վստահեցրել է, որ առաջիկայում կստեղծվեն բոլոր անհրաժեշտ նախադրյալները և պայմանները, որոնք հնարավորություն կընձեռեն բարձրացնելու զինծառայողների մարտական և ֆիզիկական պատրաստվածությունը, ձեռք կբերվեն նոր, արդի պահանջներին համահունչ հետախուզական միջոցներ։   Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտարարել է նաև նոր ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակում առաջինը հենց հատուկ նշանակության զորքերի զինծառայողները կմասնակցեն ատեստավորման գործընթացին. արդյունքում շեշտակիորեն կբարձրանա նրանց աշխատավարձը։ Միջոցառման ավարտին հատուկ նշանակության ստորաբաժանումների մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, կրծքանշաններով և արժեքավոր նվերներով։ Նախարարը հետմահու պարգևներ է հանձնել զոհված զինծառայողների հարազատներին:
14:39 - 05 նոյեմբերի, 2022
Պայմանագրային զինծառայողների համար կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի հավելավճար. Սուրեն Պապիկյան

Պայմանագրային զինծառայողների համար կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի հավելավճար. Սուրեն Պապիկյան

Պայմանագրային զինծառայողների համար գործող ատեստավորման կարգի փոխարեն կսահմանվի ատեստավորման նոր համակարգ, որի արդյունքներով պայմանավորված՝ նրանք կստանան հավելավճար. նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 3-ի նիստում ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկմանը: Նշվել է նաև, որ սոցիալական մոտիվացիան պայմանագրային զինվորական ծառայության պատշաճ կազմակերպման և գրավչության բարձրացումն է, ինչն անմիջական ազդեցություն ունի թե՛ զինծառայության արդյունավետ իրականացման, թե՛ քաղաքացիներին զինծառայության գործընթացում ներգրավելու շրջանակներում: Պաշտպանության նախարարի հավաստմամբ՝ ատեստավորման կամավորությունը նախատեսվել է այն տրամաբանությամբ, որ տվյալ զինծառայողն անձամբ պետք է շահագրգռված լինի հավելավճարի տեսքով դրամական ապահովության բարձրացման հարցում և դիմի ատեստավորում անցնելու: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններով ատեստավորման կարգը կսահմանի Կառավարությունը, իսկ զինվորական պաշտոնների անվանացանկը կսահմանվի Պաշտպանության նախարարի հրամանով: Պաշտպանության նախարարը նաև նշել է, որ պայմանագրային զինծառայողները կատեստավորվեն երեք տարին մեկ անգամ: Զինծառայողներն ատեստավորմանը մասնակցելու են կամավոր: Զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված և համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող կամ պահեստազորից կրկին պայմանագրային զինվորական ծառայության ընդունվող զինծառայողները կատեստավորվեն պաշտոնը զբաղեցնելուց ոչ շուտ, քան երեք ամիս հետո և ոչ ուշ, քան չորրորդ ամիսը լրանալու օրը: Կամավոր ատեստավորման համակարգի հավելյալ աշխատավարձային ֆոնդը կկազմի 66 միլիարդ դրամ: «Ամբողջ բարեփոխման համար սահմանել ենք 3 տարի ժամկետ, որը Կառավարության համար կարժենա 66 միլիարդ դրամ հավելյալ աշխատավարձային ֆոնդ: Բնականաբար, Կառավարությունից ակնկալելու ենք միջինը տարեկան 20 միլիարդ դրամ, բայց եթե մեր զինծառայողներն ավելի վաղ կարողանան ատեստավորվել, մենք գործընթացը կավարտենք ավելի շուտ: Մենք կգտնենք այդ միջոցները, եթե կան այնպիսի մարդիկ, որոնք հանձնել են ատեստավորման համար պահանջվող քննությունները: Գործընթացը բավականին ճկուն է լինելու»,- ասել է Սուրեն Պապիկյանը: Հանձնաժողովականները կարևորել են նախագծերի փաթեթի ընդունումը՝ ընդգծելով պրոֆեսիոնալ բանակի ստեղծման անհրաժեշտությունը: Ըստ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ ամեն ինչ արվելու է, որպեսզի նախագծերի փաթեթը ծառայի նախատեսված նպատակին: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ Կառավարությունը դասեր քաղելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել: Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:
18:15 - 03 նոյեմբերի, 2022
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

Նոյեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների հրամանատարական կազմը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։  Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքների, մասնավորապես՝ ձմեռային փուլի նախապատրատական միջոցառումների, ինժեներական և թիկունքային ապահովման հետ կապված մի շարք  հարցեր: Նախարարին զեկուցվել են հոկտեմբերի 14-ին անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը:  Բարձրացված խնդիրների առնչությամբ պաշտպանության նախարարը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումներիղեկավարներին:
13:08 - 01 նոյեմբերի, 2022
Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի պատվիրակության անդամները քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները

Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի պատվիրակության անդամները քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները

Հոկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարության միջազգային հարաբերությունների և ռազմավարության գլխավոր վարչության Եվրոպա-Ամերիկա-Բազմակողմ գործողությունների ծառայության պետ Գիյոմ Օլանժիեի գլխավորած պատվիրակությանը:   Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:   Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման հնարավորությունները։   Նախորդիվ պատվիրակությունը աշխատանքային քննարկումներ է իրականացրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի և ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ:    
18:36 - 27 հոկտեմբերի, 2022
«Պաշտպան հայրենյաց»․ գործադիրն առաջարկում է ներդնել պարտադիր զինվորական ժառայությունից պայմանագրային զինծառայության անցման նոր համակարգ

«Պաշտպան հայրենյաց»․ գործադիրն առաջարկում է ներդնել պարտադիր զինվորական ժառայությունից պայմանագրային զինծառայության անցման նոր համակարգ

Նախատեսվում է ներդնել շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ, որը կոչվելու է «Պաշտպան հայրենյաց»։ Կառավարությունը այսօր հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին։  Նախագիծը ներկայացրեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։  Նրա խոսքով՝ նոր ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո Կառավարության սահմանած կարգով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի․ «Ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս նրանց համար սահմանելով պատվովճար ստանալու իրավունք։ Ի դեպ, պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել 5 միլիոն դրամ, որը տնօրինվում է ազատորեն։  Պայմանագիրը կնքած զինծառայողները ևս ենթակա են լինելու ատեստավորման օրենքով սամանված կարգով և դրական արդյունքների դեպքում նրանց հաշվարկվելու է իրենց պաշտոնի խմբի համար նախատեսված հավելավճարը։ Միաժամանակ, պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում պայմանագրային զինածառայության ժամկետը չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության ժամկետում և զինծառայողն ուղարկվելու է շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած մասը»։  Պապիկյանը հավելեց՝ ծրագրի ներդրմամբ նախատեսվում է դադարեցնել Պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու «Ես եմ» ծրագիրը, որի շրջանակում ներկայում ծառայությունը շարունակում են ընդամենը 2 զինծառայող, որոնց ծառայության 36 ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թ․-ի հունվարին։ Սուրեն Պապիկյանը առաջարկեց նախագծի քննարկումը ՀՀ ԱԺ-ի կողմից համարել անհետաձգելի։ Պաշտպանության նախարարը հավելեց, որ սա պրոֆեսիոնալ բանակի անցման քայլերից մեկն է։  ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հետաքրքրվեց՝ «Պատիվ ունեմ» ծրագիրը շարունակվելո՞ւ է, թե՞ այստեղ նույնպես կան որոշակի փոփոխություններ․ «Դա այն ծրագիրն է, որ բուհեր ընդունվում են, կնքվում է պայմանագիր, և ուսումնառության ընթացքում բազմաթիվ խնդիրներ են առաջանում»,-նշեց Դումանյանը։  Պապիկյանն էլ արձագանքելով ասաց՝ չի շտապի գնահատական տալ ու ասել, որ «Պատիվ ունեմ» ծրագիրը չի շարունակվի․ «Բայց, ինչպես մենք մեր համատեղ քննարկումների ժամանակ արձանագրել ենք, կան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում նաև՝ ուսում ստանալու, հետագայում ծառայության համար ոչ պիտանի դառնալու, որը նաև մեր իրավապահ համակարգի գործընկերների ուշադրության կենտրոնում պետք է լինեն։ Բայց քանի դեռ սպայական կազմի համալրման մեր նոր կարգը դեռ չի տվել իր պտուղները, այս պահին միանգամից հրաժարվելը նպատակահարմար դեռևս չենք համարում, բայց թեման քննարկելի է, այն կարելի է լավարկել, բարելավել»։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ խորհրդակցությունների ժամանակ բազմիցս այդ խնդրին անդրադարձել են․ «Ես այսպիսի մի միտք շատ կարևոր եմ համարում։ Ընդհանրապես, ցանկացած երկրում սպայական դասը պետության կարևորագույն հենասյուներից մեկն է, և մենք օբյեկտիվ հանգամանքների բերումով այսօր մեր սպայակազմի մեջ ունենք բազմաթիվ մարդիկ, ովքեր իրենց առաջին մասնագիտությամբ մանվարժ են, գիտնական են, ինժեներ են։ Եվ բոլորիս հայտնի հանգամանքների բերումով նրանք դարձել են սպաներ։ Սա անկախության առաջին տարիներին հասկանալի և ընդունելի գործընթաց էր, բայց կարծում եմ՝ 30 տարվա արդյունքներով նման քաղաքականությունը շարունակելը պրոբլեմատիկ է, որովհետև սպայական դասը բոլորովին ուրիշ երևույթ է, և սպայական դասը պիտի լինի սպայական դաս»։  Փաշինյանը հայտարարեց նաև՝ բուհական համակարգի փոփոխությունների համատեքստում քննարկում են, որ Հայաստանում պետք է, պայմանական ասած, սպայական կրթական հաստատություն լինի․ «Այն սովորական բուհերից կտարբերվի, չի լինի ուղղակի բակալավրիատ, այլ սպա պատրաստող ուսումնական հաստատություն կլինի։ Սա շատ լուրջ և խորքային խնդիր է, հայեցակարգային խնդիր է, և պետության կայացման և պետության ինտիտուտների և պետականակենտրոն խավերի ձևավորման խնդիր է»։
11:33 - 27 հոկտեմբերի, 2022
Եռամսյա հավաքները 25-օրյա հավաքներով փոխարինելու նախագիծը դեռ մշակված չէ, ընդունված չէ․ ՊՆ խոսնակ |hraparak.am|

Եռամսյա հավաքները 25-օրյա հավաքներով փոխարինելու նախագիծը դեռ մշակված չէ, ընդունված չէ․ ՊՆ խոսնակ |hraparak.am|

hraparak.am: Կառավարության անցյալ շաբաթվա նիստին պաշտպանության նախարարը խոսեց եռամսյա հավաքներից հրաժարվելու և դրանք 25-օրյա հավաքներով փոխարինելու մասին․ «Հավաքները դառնում են 25-օրյա, իրականում 21 օրն է հիմնական ծառայությունը, 25 օրը՝ կազմակերպական հատվածը նաև ապահովելու համար։ Յոթ օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն: Շուտով կարգը կլինի, մենք դրա մասին կհայտարարենք»։  ՊՆ մամուլի խոսնակը հայտնեց, որ նախագիծը դեռ շրջանառության մեջ դրված չէ, մշակված չէ, ընդունված չէ։ Երբ պատրաստ լինի, կհրապարակեն։ Այս պահին հայտնի էլ չէ, թե երբ է պատրաստ լինելու։ Հիմա երկամսյա հավաքներ են, որը մինչև նոյեմբերի 22-ն է տևելու։ Իսկ մյուս վարժական հավաքների մասին կառավարությունն արդեն առանձին որոշում կկայացնի։
09:26 - 18 հոկտեմբերի, 2022