Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը ՀՀ Անվտանգության խորհրդի գործող քարտուղարն է։

Ծնվել է 1983 թ․ դեկտեմբերի 25-ին, Արցախի Մարտունի քաղաքում։

2001թ․ ընդունվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ԼՂՀ Պաշտպանության բանակ։ 2009 թ․ ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրա։

2012 թ․ մարտից մինչեւ 2013 թվականի սեպտեմբերը աշխատել է «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ.»-ի հայաստանյան ներկայացուցչությունում։ 2015 թ․ ապրիլից 2018 թ․ մայիսն աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ում՝ որպես ընտրական ծրագրերի համակարգող։ 2013թ․ եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ: 2015թ․ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակահատվածում եւ 2017 թ․ ապրիլին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը։ 2017թ․ կատարել է փորձագիտական աշխատանքներ Եվրոպայի խորհրդում։ 2018-ին եղել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ։ Շարժման մյուս առաջնորդների հետ միասին նախ առեւանգվել էր, ապա ձերբակալվել. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ազատ է արձակվել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

2021թ․ հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, նույն թվականի օգոստոսի 19-ին ազատվել է պաշտոնից և վերանշանակվել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։

ՌԴ-ն խոստացել էր, որ Սոչիի հայտարարությունում կնշվի ռուսական փաթեթը՝ ԼՂ հարցով, բայց դա տեղի չունեցավ. Գրիգորյան |factor.am|

ՌԴ-ն խոստացել էր, որ Սոչիի հայտարարությունում կնշվի ռուսական փաթեթը՝ ԼՂ հարցով, բայց դա տեղի չունեցավ. Գրիգորյան |factor.am|

factor.am։ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Factor TV-ի հետ հարցազրույցում ասել է, որ Երևանը փորձել է ռուսական առաջարկներին աջակցություն ցույց տալ, երբ հայտնի էր Սոչիի հանդիպման օրը, և ձևավորվում էր փաթեթը։ «Մենք մի քանի անգամ փորձ ենք կատարել, որպեսզի հստակ նշվի ռուսական առաջարկությունների փաթեթը, որտեղ նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին խոսք կար։ Իհարկե, ռուսական կողմը մեզ նախկինում խոսք էր տվել, որ դա տեղի է ունենալու, բայց տեղի չունեցավ։ Ի դեպ, մենք նաև խաղաղապահների տեղակայման մասով ուզում էինք հստակ նշվեր, որ խաղաղապահները տեղակայվում են Լեռնային Ղարաբաղում, բայց այնպես ստացվեց, որ դա տեղ չգտավ վերջնական հայտարարությունում»,- ասել է ՀՀ ԱԽ քարտուղարը։Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
21:40 - 04 նոյեմբերի, 2022
Արմեն Գրիգորյանը և Նիկոլայ Պատրուշևը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

Արմեն Գրիգորյանը և Նիկոլայ Պատրուշևը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպման ընթացքում հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիան, դրա հետևանքները և ընդգծել, որ այն ոչ թե սահմանային միջադեպ էր, այլ լայնամասշտաբ ներխուժում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: ՌԴ ԱԽ քարտուղարն ընդգծել է տարածաշրջանում խաղաղության հասնելու անհրաժեշտությունը:  ԱԽ քարտուղարները նաև անրադարձել են երկու ԱԽ գրասենյակների միջև արդյունավետ համագործակցության հեռանկարին: 
18:59 - 03 նոյեմբերի, 2022
Սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների ստեղծումը չի նշանակում՝ սահմաններ ընդհանրապես չկան, ինչպես երբեմն փորձում են ներկայացնել. ՀՀ ԱԽ քարտուղար

Սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների ստեղծումը չի նշանակում՝ սահմաններ ընդհանրապես չկան, ինչպես երբեմն փորձում են ներկայացնել. ՀՀ ԱԽ քարտուղար

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը հանդես է եկել ելույթով: Ելույթում մասնավորապես ասվում է. «Հարգելի գործընկերներ, Մինչ իմ ելույթին անցնելը ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին` ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների այսօրվա հանդիպմանը մասնակցելու հրավերի համար։ Վաղը Ռուսաստանի Դաշնությունում նշվում է Ազգային միասնության օրը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ Նիկոլայ Պատրուշևին և ի դեմս նրա՝ ողջ ռուս ժողովրդին, մաղթելով խաղաղություն և բարեկեցություն։ Հարգելի գործընկերներ, Մեր այսօրվա հանդիպման օրակարգում է «Արդի պայմաններում միջազգային անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների մասին» հարցը, և դրա շրջանակներում ես կցանկանայի անդրադառնալ Հարավային Կովկասի անվտանգային խնդիրներին և, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Մեզ համար այս հարցի սրություն պատճառն այս տարվա սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված ռազմական ագրեսիան է։ Ցանկանում եմ հատուկ նշել, որ դա ոչ թե սահմանային միջադեպ էր կամ սահմանային բախում, ինչպես փորձեցին ներկայացնել որոշ ուժեր, այլ լայնածավալ ներխուժում էր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ ծանր հրետանու, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և մարտական ​​անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքում գտնվող 36 բնակավայր և համայնք, այդ թվում՝ Գորիս, Ջերմուկ, Վարդենիս, Կապան քաղաքները: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի համառ ու հերոսական դիմադրության և մեր գործընկերների արձագանքի շնորհիվ Ադրբեջանի հարձակումը կասեցվեց, սակայն ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Ադրբեջանի այս ագրեսիան քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որի անդամների մեծամասնությունը դատապարտել է Ադրբեջանի անօրինական ռազմական գործողությունները։ Ագրեսիան նաև լայնորեն դատապարտվել է միջազգային հանրության կողմից։ Ադրբեջանական ագրեսիայի թիրախում են եղել խաղաղ քաղաքացիական բնակչությունը և կենսական կարևորություն ունեցող քաղաքացիական ենթակառուցվածքները։ Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից անվտանգ վայրեր ժամանակավոր տեղահանվածների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 7600 մարդ՝ հիմնականում կանայք և ծերեր, ինչպես նաև 1437 երեխա և 99 հաշմանդամ։ Մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է շուրջ 192 բնակելի շենք, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատություն։ Վնասվել է էլեկտրամատակարարման 7 օբյեկտ, 5 ջրամատակարարման օբյեկտ, 3 գազատար, 1 կամուրջ։ Հրաձգության է ենթարկվել շտապօգնության 2 ավտոմեքենա և 4 մասնավոր ավտոմեքենա։ Գնդակոծվել է նաև առողջարանային Ջերմուկ քաղաքից դեպի հարավ գտնվող Կեչուտի ջրամբարը։ Ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 210-ը, որից՝ 3-ը խաղաղ բնակիչ են: Անհայտ կորած է համարվում 2 անձ: Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ։ Դրա հետ մեկտեղ, ադրբեջանական կողմը տարածել է գերեվարված անձանց խոշտանգումների, մարմնական վնասվածքներ հասցնելու, հայ ռազմագերիների, այդ թվում՝ կանանց նկատմամբ արտադատական հաշվեհարդարի, սպանությունների, ինչպես նաև մահացածների մարմինների նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի շոկային տեսանյութեր: Պետք է նշեմ, որ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը ոչ միայն պահպանվում է, այլ նաև մնում է բավականին բարձր. գրեթե ամեն օր ադրբեջանական կողմը հերթական սադրանքն է կազմակերպում, խախտում հրադադարը սահմանին՝ դրանում մեղադրելով հայկական կողմին։ Ցանկանում եմ նաև հատուկ ընդգծել, որ 2021 թվականի մայիսից սկսած Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական կողմի ագրեսիայի հետևանքները չեն վերացվել, և Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են ապօրինի վերահսկել մեր երկրի տարածքի տասնյակ քառակուսի կիլոմետրեր։ Հարգելի գործընկերներ, Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը ջանքեր է գործադրում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Կարգավորման գործընթացում կարևոր է սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների աշխատանքը, որոնց ձևավորման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2021 թվականի նոյեմբերի 26-ին` Սոչիում կայացած Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հանդիպման ժամանակ։ Արդեն կայացել է սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների երկու նիստ, երրորդը նախատեսվում է անցկացնել մոտ օրերս։ Այս գործընթացում էական դեր է վերապահվում Անկախ Պետությունների Համագործակցության և Միավորված Ազգերի Կազմակերպության հիմնարար փաստաթղթերին։ Մասնավորապես, ԱՊՀ-ի ստեղծման առաջին օրերին՝ 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, ընդունվել է Ալմա-Աթայի հռչակագիրը, որով մեր պետությունները ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը և առկա սահմանների անձեռնմխելիությունը։ Ընդամենը երկու օր առաջ՝ հոկտեմբերի 31-ին, Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն, համաձայն որի կողմերը՝ «պայմանավորվեցին զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի հռչակագրի»: Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ սահմանազատման գործընթացում կողմերը որպես հիմք են ընդունելու ԱՊՀ-ի և ՄԱԿ-ի փաստաթղթերը, ըստ որոնց՝ խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները դարձել են արդեն անկախ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմաններ։ Այս փաստի ճանաչումը չափազանց կարևոր է կայունության և անվտանգության ապահովման համար ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլ նաև ԱՊՀ ողջ տարածքում։ Մենք կարևորում ենք սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների ստեղծումը: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ սահմաններ ընդհանրապես չկան, ինչպես երբեմն փորձում են ներկայացնել։ Պնդումն առ այն, որ սահմաններ գոյություն չունեն՝ շատ վտանգավոր է և անպատասխանատու: Այն լղոզում է այնպիսի հիմնարար հասկացությունները, ինչպիսիք են ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ճանապարհ է բացում ագրեսիվ գործողությունների համար։ ԱՊՀ-ի և ՄԱԿ-ի առկա փաստաթղթերը հաստատում են այն փաստը, որ ԽՍՀՄ տարիներին հայ-ադրբեջանական սահմանն արդեն իսկ սահմանագծվել է: Հետևաբար, տեղի է ունեցել ադրբեջանական զորքերի ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք, և այդ զորքերը պետք է դուրս գան հայկական տարածքից. Հանդիպման հարգելի մասնակիցներ, Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում ուզում եմ նաև նշել, որ ադրբեջանական կողմը մշտապես բարձրացնում է, ինչպես իրենք ասում են, Հայաստանի տարածքով «տրանսպորտային միջանցքի» բացման հարցը։ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը տվյալ հարցի նկատմամբ չի փոխվել. Հայաստանի տարածքում չի կարող լինել ճանապարհ կամ տրանսպորտային երթուղի միջանցքի տրամաբանությամբ: Ես բազմիցս դրա մասին հայտարարել եմ և ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի 2020 թվականի նոյեմբերի 10-ի № 695 «Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների մասին» հրամանագրում նման միջանցքների մասին որևէ հիշատակում չկա: Ուստի մենք անընդունելի ենք համարում ձեռք բերված պայմանավորվածությունների կամայական և իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունը։ Միաժամանակ, մենք շահագրգռված ենք տարածաշրջանում հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցի իրական լուծմամբ և աջակցում ենք Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետի համատեղ նախագահությամբ ստեղծված եռակողմ Աշխատանքային խմբի գործունեությանը: Այս աշխատանքային խմբի գործունեությունը բխում է նրանից, որ վերականգնվող և կառուցվող տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է գործեն այն պետությունների լիակատար ինքնիշխանության ներքո և ազգային օրենսդրության շրջանակներում, որոնց տարածքով անցնում են: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այս հիմքով ճանապարհների շուտափույթ բացմանը։ Ավելին՝ Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու համար ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ երեք անցակետեր բացելու մասին, վաղուց արդեն պաշտոնական շրջանառության մեջ է։ Սակայն ադրբեջանական կողմը, ինչպես տեսնում ենք, շահագրգռված չէ նման կառուցողական եղանակով հարցի իրական լուծմամբ և շարունակում է առաջ քաշել լուծման «միջանցքային» տարբերակը, որն ընդունելի չէ Հայաստանի համար: Մի խոսքով, շատ դժվար է երկխոսել և պայմանավորվել նրանց հետ, ովքեր երկխոսելու ցանկություն չունեն և բոլորովին այլ նպատակներ են հետապնդում։ Հարգելի գործընկերներ, Վերոնշյալի համատեքստում ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ խոսքը տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացման մասին է, և երբեմն անտեսվում կամ չի հիշատակվում այն հանգամանքը, որ համաձայն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների՝ մեջբերեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայտարարության 9-րդ կետը, «Ապաշրջափակվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը»: Այսինքն՝ հաղորդակցությունները պետք է բացվեն ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի համար: Այսինքն՝ դա ոչ թե միակողմանի ճանապարհ է, այլ համապարփակ գործընթաց, որից պետք է օգուտ քաղեն բոլոր կողմերը: Մասնավորապես, Հայաստանը շահագրգռված է Ադրբեջանի տարածքով անցնող հաղորդակցման ուղիների և կապուղիների օգտագործմամբ՝ նպատակ ունենալով երկու ուղղություններով բեռնափոխադրումներ իրականացնել:  Հարգելի գործընկերներ, Հարգելի Նիկոլայ Պլատոնի, Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար և մաղթել բոլորին բարի օր և արդյունավետ աշխատանք։ Շնորհակալություն ուշադրության համար»:
17:55 - 03 նոյեմբերի, 2022
Արմեն Գրիգորյանն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են դիտորդական առաքելության գործունեությունը

Արմեն Գրիգորյանն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են դիտորդական առաքելության գործունեությունը

Նոյեմբերի 2-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար, Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը: Այս մասին հաղորդում է ԱԽ գրասենյակը։ «ԱԽ քարտուղարը ողջունել է առաքելության ղեկավարի այցը Հայաստան և գոհունակություն հայտնել երկկողմ համագործակցության արդյունքների վերաբերյալ: Քարտուղարը վստահությամբ ընդգծել է, որ երկկողմ համագործակցությունն ունի ներուժ նպաստելու տարածաշրջանում անվտանգային միջավայր ամրապնդմանը: Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելը շնորհակալություն է հայտնել թե՛ պետական, թե՛ տեղական մակարդակներում ցուցաբերված աջակցության համար, մասնավորապես՝ ընդգծել երկկողմ համագործակցությանը նպաստելու բարձր պատրաստակամությունը: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձ են կատարել ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության ընթացքին»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում: 
13:32 - 02 նոյեմբերի, 2022
ԱԽ քարտուղարը Ֆրանսիայի ԶՈՒ նախարարության պատվիրակության հետ քննարկել է պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները

ԱԽ քարտուղարը Ֆրանսիայի ԶՈՒ նախարարության պատվիրակության հետ քննարկել է պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները

Հոկտեմբերի 27-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության պատվիրակության հետ, որը գլխավորում էր Ֆրանսիայի Հանրապետության ԶՈՒ Միջազգային հարաբերությունների և ռազմավարության գլխավոր վարչության պետ պարոն Գիյոմ Օլանժիեն: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և շեշտել այցի կարևորությունը: Արմեն Գրիգորյանը  և Գիյոմ Օլանժիեն գոհունակությամբ ընդգծել են երկուստեք իրականացվող գործուն քայլերը հայ-ֆրանսիական հարաբերությունների և՛ խորացման, և՛ ընդլայնման ուղղությամբ: Հանդիպմանն Ա. Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը և տարածաշրջանային խաղաղությանը հասնելուն միտված ջանքերը: Զրուցակիցները քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները:
16:47 - 27 հոկտեմբերի, 2022
ԵԱՀԿ-ն կշարունակի խորացնել ՀՀ-ի հետ համագործակցությունը, կա երկկողմ պատրաստակամություն. ԱԽ քարտուղարը ընդունել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության անդամներին

ԵԱՀԿ-ն կշարունակի խորացնել ՀՀ-ի հետ համագործակցությունը, կա երկկողմ պատրաստակամություն. ԱԽ քարտուղարը ընդունել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության անդամներին

Հոկտեմբերի 26֊ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության անդամներին: Կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելությունը գլխավորում էր ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկը։ ԱԽ քարտուղարը ողջունել է առաքելության անդամներին և կարևորել առաքելության աշխատանքը միջազգային հանրությանը սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի ագրեսիայի մասին տեղեկատվություն փոխանցելու գործում: Ա. Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի սանձազերծած ագրեսիան և դրա հետևանքները: Քարտուղարն ընդգծել է, որ վերոնշյալը հարված է ոչ միայն ՀՀ ինքնիշխանությանը, այլ նաև Հայաստանի ժողովրդավարությանը: Գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկը վստահություն է հայտնել, որ ԵԱՀԿ-ն կշարունակի խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը, ինչի համար կա երկկողմ պատրաստակամություն: 
15:07 - 26 հոկտեմբերի, 2022
ԱԽ քարտուղարը Եվրոպական խորհրդարանում ՀՀ-ի հարցերով մշտական զեկուցողին է ներկայացրել Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից վերջին սանձազերծված ագրեսիայի հետևանքները

ԱԽ քարտուղարը Եվրոպական խորհրդարանում ՀՀ-ի հարցերով մշտական զեկուցողին է ներկայացրել Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից վերջին սանձազերծված ագրեսիայի հետևանքները

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ: Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: ԱԽ քարտուղարը ողջունել է Անդրեյ Կովաչևի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ փոխհամագործակցությունը նպաստելու է դրական արդյունք ունենալուն:  ԱԽ քարտուղարը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի կողմից սանձազերծված ագրեսիան և դրա հետևանքները, ինչպես նաև՝ բանակցային գործընթացի որոշ մանրամասներ: Քարտուղարը նաև ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները նաև որպես անվտանգային բաղադրիչ:
16:01 - 21 հոկտեմբերի, 2022
Արմեն Գրիգորյանը գեներալ Փիթ Քրաքֆորդի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

Արմեն Գրիգորյանը գեներալ Փիթ Քրաքֆորդի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

Հոկտեմբերի 20-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արևելյան Եվրոպայում բրիտանական պաշտպանական բաժանմունքի ղեկավար, ավիացիայի կոմանդոր (գեներալ) Փիթ Քրաքֆորդի ղեկավարած պատվիրակության հետ:  Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն Գալագերը: ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ երկկողմ համագործակցության համար առկա են լայն հնարավորություններ: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, ինչի շրջանակներում Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի կողմից սանձազերծված ագրեսիան և դրա հետևանքները: Քարտուղարը նաև ընդգծել է Հայաստանի նպատակադրվածությունը տարածաշրջանում՝ հասնելու կայուն անվտանգային միջավայրի ձևավորմանը: Զրուցակիցները քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության հեռանկարները և ուղիները։ 
15:27 - 20 հոկտեմբերի, 2022
ՀՀ ԱԽ քարտուղարը Բրազիլիայի դեսպանի խնդրանքով ներկայացրել է Ադրբեջանի ձեռնարկած վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքները

ՀՀ ԱԽ քարտուղարը Բրազիլիայի դեսպանի խնդրանքով ներկայացրել է Ադրբեջանի ձեռնարկած վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքները

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 18-ին հանդիպել է Բրազիլիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգայի հետ: Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, Արմեն Գրիգորյանը ողջունել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել երկկողմ հարաբերությունների զարգացման և առավել ամրապնդման գործում: ԱԽ քարտուղարը դեսպանի խնդրանքով ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սկսված լայնածավալ ագրեսիան, դրա հետևանքները, ինչպես նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից որոշ մանրամասներ: Բրազիլիայի դեսպանը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան, ինչպես նաև ընդգծել Բրազիլիայում հայկական համայնքի և մասնավորապես բրազիլահայերի կարևոր դերը առևտրում և տնտեսության մի շարք ոլորտներում:  
14:20 - 18 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանի ագրեսիան հարձակում է ուղղված Հայաստանի ժողովրդավարությանը. ԱԽ քարտուղարը հանդիպել է Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության հետ

Ադրբեջանի ագրեսիան հարձակում է ուղղված Հայաստանի ժողովրդավարությանը. ԱԽ քարտուղարը հանդիպել է Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության հետ

Հոկտեմբերի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում էին հայ-շվեյցարական բարեկամության խմբի անդամ Շտեֆան Մյուլեր Ալտերմատը, դաշնային պատգամավոր Միշել Մատերը, ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրացը և հայ-շվեյցարական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը: ԱԽ քարտուղարը ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիան և դրա հետևանքները: Գրիգորյանն ընդգծել է, որ Ադրբեջանի այս գործողությունները նաև հարձակում է ուղղված Հայաստանի ժողովրդավարությանը: Շտեֆան Մյուլեր Ալտերմատն ընդգծել, որ Շվեյցարիան հաստատակամ է նպաստելու Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը: Այս համատեքստում պարոն Մյուեր Ալտերմատը բարձր է գնահատել Հայաստանում անցկացված խորհրդարանական և համայնքային ժողովրդավարական ընտրությունները: Հանդիպման շրջանակներում զրուցակիցները նաև քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներն ու հնարավորությունները:   
14:17 - 14 հոկտեմբերի, 2022