ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

ԿԽՄԿ-ի հետ քննարկվել են Ադրբեջանում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի ճակատագրին առնչվող հարցեր

ԿԽՄԿ-ի հետ քննարկվել են Ադրբեջանում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի ճակատագրին առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանն օգոստոսի 26-ին ընդունել է  ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են  ադրբեջանական կողմում հայտնված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի ճակատագրին առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Լևոն Այվազյանը ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին  հայտնել է  ՀՀ պաշտպանության նախարարության մտահոգությունը օգոստոսի 23-ից հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի վերաբերյալ  ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող տեսանյութերի և դրանց բովանդակության առնչությամբ, ինչը միջազգայնորեն ամրագրված իրավունքների, մասնավորապես՝ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում Ադրբեջանի ստանձնած հանձնառությունների կոպտագույն խախտում է: Հաշվի առնելով տարիներ շարունակ ադրբեջանական իշխանությունների որդեգրած նմանատիպ գործելաոճը պաշտպանության նախարարությունը դիմել է  ԿԽՄԿ-ին առավել հետևողական լինելու Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված հայազգի անձանց իրավունքների պաշտպանության հարցում: ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարը հավաստիացրել է, որ ԿԽՄԿ-ի պատվիրակությունը իրականացնում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Գուրգեն Ալավերդյանի կարգավիճակից բխող ընթացակարգերի ապահովման ուղղությամբ: 
09:19 - 27 օգոստոսի, 2020
Տոնոյանը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են հայ-վրացական գործակցությանն առնչվող հարցեր

Տոնոյանը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են հայ-վրացական գործակցությանն առնչվող հարցեր

Օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին և ՀՀ-ում Վրաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գագա Խաչիձեին՝ Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գնդապետ Խաչիձեին կողմերի պաշտպանական գերատեսչությունների համագործակցության զարգացմանը նպաստելու համար և  հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության և անվտանգության ոլորտում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հաշվի առնելով երկու երկրների անվտանգության ապահովման փոխկապակցվածությունը՝  մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ:
15:36 - 26 օգոստոսի, 2020
Հայ սպա Ալավերդյանին Ադրբեջանում ցմահ ազատազրկում է սպառնում, նրան մեղադրանքներ են առաջադրվել |civilnet.am|

Հայ սպա Ալավերդյանին Ադրբեջանում ցմահ ազատազրկում է սպառնում, նրան մեղադրանքներ են առաջադրվել |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանական կողմում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, մի շարք մեղադրանքներ են առաջադրվել, որոնցով նրան ցմահ ազատազրկում է սպառնում։  Ադրբեջանական Turan գործակալությունը, հղում անելով Պետական անվտանգության ծառայությանն ու գլխավոր դատախազությանը, հայտնում է, որ Ալավերդյանը մեղադրվում է «մարդկանց սպանության, նրանց առողջությանը վնաս հասցնելու, նյութական մեծ վնաս հացնելու, զենքի անօրինական շրջանառության» մեջ։ Ադրբեջանական կողմը Ալավերդյանին մեղադրում է պետական սահմանը «ապօրինի հատելու մեջ՝ հետախուզական տվյալների հավաքագրման նպատակով»։  Հայկական կողմը, ի դեմս պաշտպանության նախարարության, պնդում է՝ Ալավերդյանը դուրս է եկել մարտական հենակետը ստուգելու նպատակով և եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է։  ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրականացվելու է ծառայողական քննություն՝ կոչ անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն «ավելորդ ջանքեր չգործադրել իրականությունը խեղաթյուրելու համար»:
13:51 - 26 օգոստոսի, 2020
Սահմանվում են ՏԻՄ-երում աշխարհազորի և աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները |armenpress.am|

Սահմանվում են ՏԻՄ-երում աշխարհազորի և աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները |armenpress.am|

armenpress.am: Պաշտպանության նախարարությունը e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային լայն քննարկման է ներկայացրել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Օրենքի նախագծի համաձայն սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմիններում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները: «Օրենքի նախագծի ներկայացումը բխում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելու, հավանական հակառակորդի ցանկացած ոտնձգություններին արժանի և պատշաճ հակահարված տալու նպատակով քաղաքացիների կամավորության սկզբունքով աշխարհազորային համակարգի ներդրման և կազմակերպման անհրաժեշտությամբ»,- նշված է նախագծում։ Ըստ նախագծի՝ ներկայումս Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն օգտագործվում է ոչ լրիվ ծավալով, այն չունի համակարգված, կազմակերպված ու նպատակաուղղված բնույթ, առավել ևս Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում: «Հավանական հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրթյունը ցույց է տալիս, որ ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի տարածքի խորքը՝ դիվերսիոն կամ ահաբեկչական, կամ հետախուզական, կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների, ինչպես նաև հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերի լայնորեն կիրառմամբ: Դրանց դիմակայելու, չեզոքացնելու և ոչնչացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի և միջոցների համախումբ՝ աշխարհազոր, որը պատերազմի ժամանակ ի զորու կլինի հակառակորդի հավանական գործողություններից հուսալիորեն պաշտպանելու երկրի տարածքը, բնակչությունը, կարևորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները»,- նշված է նախագծում։ Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ամրապնդմանը, պաշտպանության կազմակերպմանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելուն:
11:38 - 25 օգոստոսի, 2020
Դիմել եմ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին․ ազերի զինծառայողների հրապարակած տեսանյութերը սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպտագույն խախտում են․ Նաիրա Զոհրաբյան

Դիմել եմ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին․ ազերի զինծառայողների հրապարակած տեսանյութերը սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպտագույն խախտում են․ Նաիրա Զոհրաբյան

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դիմել եմ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին Ազերի զինծառայողների հրապարակած տեսանյութերը սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպտագույն խախտում են։ Օգոստոսի 22-ին, ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը, եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է՝ հայտնվելով ադրբեջանական զինուժի իրավասության ներքո: Դիրքերում մոլորված եւ ադրբեջանցիների կողմից դիվերսիոն խմբի ղեկավար ներկայացրած՝ ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Ալավերդյանը ադրբեջանցի զինծառայողների կողմից ենթարկվել է նվաստացման եւ բռնությունների։ Սպային ձեռնաշղթա հագցնելը, նրա դեմքը գլխարկով ծածկելը, սպայի արժանապատվությունը վիրավորող հայհոյանքները, Գուրգեն Ալավերդյանի էթնիկ պատկանելությունը շեշտելով՝ նվաստացնող հայտարարություններ անելն ու այդ ամենը սոցիալական ցանցերով եւ ադրբեջանական հեռուստաընկերություններով տարածելը ժնեւյան կոնվենցիայի հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտումներ են։Հիշեցնեմ, որ կոնվենցիայով երաշխավորվում է ռազմագերիների պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, ինչը բացառում է ցանկացած նվաստացում եւ անհարգալից վերաբերմունք։ Եվրոպայի Խորհրդի անդամ Ադրբեջանը, ով միացել է միջազգային իրավունքի բազմաթիվ կոնվենցիաների, այդ թվում՝ ռազմագերիների հետ վարվելակերպի հայտնի կոնվենցիային, շարունակում է հետեւողականորեն խախտել ու թքած ունենալ իր իսկ ստանձնած պարտավորությունների վրա։Մենք բազմիցս տեսել են, թե ինչպես է այդ երկիրը վերաբերվում իր իրավասության ներքո հայտնված հայ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց, ու վերջիններս ինչ անմարդկային խոշտանգումների են ենթարկվում եւ սպանվում, ինչպես, օրինակ, Մանվել Սարիբեկյանը, որի մասով միջազգային իրավապաշտպան հանրության համարժեք իրավական գնահատականն այդպես էլ չեղավ։ Ակնկալում եմ միջազգային կառույցների՝ իրավական ողջ գործիքակազմով արձագանքը Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներին»։
11:15 - 25 օգոստոսի, 2020
Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի և ռուսական պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության տնօրենի հետ

Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի և ռուսական պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության տնօրենի հետ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ս.թ օգոստոսի 24-ին «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում հանդիպել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի և ռուսական պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։   Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և առաջիկա անելիքները։ Զրուցակիցները բարձր են գնահատել գործող պայմանագրերի կատարման ընթացքը, պայմանավորվածություններ են ձեռք բերել մի շարք նոր պայմանագրերի իրականացման ժամկետների և ուղիների վերաբերյալ։   Երկուստեք կարևորվել է նաև ռազմարդյունաբերական մասնավոր ընկերությունների կողմից համատեղ ձեռնարկությունների ստեղծումը և արտադրությունների կազմակերպումը։   Նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է նաև «Տակտիկական հրթիռային սպառազինություն» ընկերության տաղավար, ծանոթացել արտադրված նորագույն միջոցներին, հեռահար և ճշգրիտ հրթիռների նմուշներին: Այնուհետև ընկերության ղեկավար կազմի հետ ՊՆ պատվիրակությունը քննարկել է համագործակցությանը վերաբերող հարցեր:   Դավիթ Տոնոյանը շրջայց է կատարել նաև ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող մի շարք այլ ձեռնարկությունների տաղավարներում։
09:49 - 25 օգոստոսի, 2020
Ստորագրվել է Սու-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր. ՊՆ

Ստորագրվել է Սու-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է Սու-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր։ Պայմանագիրը կնքվել է «Պատրիոտ» կոնգրես-ցուցահանդեսային կենտրոնում «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում: ՊՆ տեղեկատվության եւ հասարաակյնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ փաստաթուղթը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը  և «Միավորված ավիաշինարարական ընկերություն» ՀԲԸ գլխավոր տնօրենի վաճառքի և մարքեթինգի գծով տեղակալ Իլյա Տարասենկոն: «Բանակ-2020»-ի ընթացքում կնքված պայմանագիրը հաստատում է ավիատեխնիկայի արդիականացման և ավելի վաղ թողարկված ինքնաթիռների ամբողջական կենսական ցիկլի պահպանման Միավորված ավիաշինարարական ընկերության իրավասությունը:
14:34 - 24 օգոստոսի, 2020
«Կարմիր Խաչը» իշխանությունների հետ մշտական կապի մեջ է. Հայ սպայի գերեվարման հետքերով |pastinfo.am|

«Կարմիր Խաչը» իշխանությունների հետ մշտական կապի մեջ է. Հայ սպայի գերեվարման հետքերով |pastinfo.am|

pastinfo.am: «Կարմիր Խաչը» իշխանությունների հետ մշտական կապի մեջ է և հաստատում ստանալու դեպքում համապատասխան ընթացակարգերով գործողություններ կիրականացվեն։ Այս մասին հարցմանն ի պատասխան հայտնեցին «Կարմիր Խաչից»՝ անդրադառնալով նախօրեին հայ սպայի գերեվարմանը։ Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Իրականացվում են որոնողական աշխատանքներ: Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, թե իբր հայկակակ կողմը դիվերսիա է իրականացրել, որի ժամանակ գերի է վերցվել ավագ լեյտենանտ Գուրգեն Ալբերյանը: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը նշել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերասանտ:
12:55 - 24 օգոստոսի, 2020
Մեկնարկել են զորամիավորման և զորամասերի հետ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժություններ

Մեկնարկել են զորամիավորման և զորամասերի հետ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժություններ

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ զինված ուժերի 2020 թ․ պատրաստության պլանի համաձայն, այսօր վաղ առավոտյան ժամը 05:00-ին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ մեկնարկել են ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամիավորման և զորամասերի հետ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժություններ։ Զորավարժությունների նպատակն է ստուգել զորքերի մարտական պատրաստականությունը և միջոցներ ձեռնարկել միջոցառումների կատարման ժամանակացույցերի կրճատման ուղղությամբ, ստուգել և կատարելագործել կառավարման մարմինների ունակությունները օպերացիաներ նախապատրաստելիս և վարելիս, խաղարկել հակառակորդի հավանական ագրեսիայի ետմղման և նրա հարվածային խմբավորումների ջախջախման օպերատիվ-մարտավարական դրվագներ, ինչպես նաև համաձայնեցնել զորամիավորման և այդ ուղղությամբ աջակցման համար նշանակված ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը։
10:21 - 24 օգոստոսի, 2020
Դիլիջանում կայացավ «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման արարողությունը |armenpress.am|

Դիլիջանում կայացավ «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման արարողությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության նախարարության՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գտնվող  Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի մարզահրապարակում «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման արարողությունը։ «Խաղաղության մարտիկ» զինծառայողների պրոֆեսիոնալ վարպետության մրցույթին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Հունաստանի և Ռուսաստանի թիմերը։ Յուրաքանչյուր թիմ բաղկացած է 4 զինծառայողից, այդ թվում՝ մեկ կին։ Մրցույթի բացման արարողությունն անցկացվեց բոլոր սանիտարական-հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, որոնք բացառում են ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը։ Զինծառայողները ժամանումից անմիջապես հետո հանձնել են COVID-19-ի թեստ և բոլորի պատասխանները բացասական են եղել, այդ իսկ պատճառով միջոցառման ժամանակ նրանք դիմակ չէին դրել։ ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Արթուր Պողոսյանը շնորհավորեց բոլոր զինվորներին «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի բացման արարողության առթիվ։ «Մենք վստահ ենք, որ այս մրցումները մեծ ներդրում կլինեն մասնակից երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման գործընթացում»,- նշեց Պողոսյանը։ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ողջունեց մասնակիցներին և պարզաբանեց, որ տվյալ միջոցառումն անց է կացվում ամեն տարի՝ սկսած 2009 թվականից։ «Ավելի վաղ մրցույթն անցկացվել է բացառապես անկախ պետությունների համագործակցության ձևաչափով, ինչի պատճառով մրցումների մասնակիցներ կարող էին լինել միայն Համագործակցության երկրների թիմերը: 2018 թվականից սկսած՝ միջոցառումն ընդգրկված է Բանակային միջազգային խաղերի մրցումների ցանկում, ինչն էլ թույլ է տվել ընդլայնել մասնակիցների աշխարհագրական ընդգրկումը։ Այսօր ինձ համար հատկապես հաճելի է արձանագրել, որ մրցույթին արդեն 3-րդ անգամ մասնակցում է Հունաստանի Հանրապետությունը։ Մենք նաև ուրախ ենք Հայաստանում տեսնել մրցումների ավանդական մասնակից երկրենրի ներկայացուցիչներին՝ Բելառուսից և Ռուսաստանից»,- ասաց Գասպարյանը։ Նա ընդգծեց, որ «Խաղաղության մարտիկ» մրցույթը կդառնա քաջության, խիզախության և մարտական եղբայրության տոն։ ԳՇ պետը բոլորին մաղթեց նորանոր բարձր արդյունքներ և ձեռքբերումներ: Մրցութային ծրագիրը տևելու է 10 օր, այն ներառում է ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար», «Պրոֆեսիոնալ», (վերջինիս ժամանակ օգտագործում են ռազմակիրառական ունակությունները (արգելագոտու հաղթահարում, վիրավորվածին մարտի դաշտից դուրս հանում), «Դանակի և նռնակի նետում», ինչպես նաև գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Մշակութային» մրցաձևերը։ Սեպտեմբերի 3-ին տեղի կունենա «Խաղաղության մարտիկ» մրցույթի բոլոր փուլերի արդյունքում հաղթողների պարգևատրման և խրախուսման արարողությունը։ Ընթացիկ տարում Բանակային միջազգային խաղերն անցկացվում են 10 պետության տարածքում:
17:32 - 23 օգոստոսի, 2020
Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարին

Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարին

Ս. թ օգոստոսի 23-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։ ՀՀ պաշտպանության նախարարն իր գործընկերոջը տեղեկացրել է հուլիսյան մարտական գործողություններից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության, ինչպես նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին։ Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ որոշ պետությունների ագրեսիվ հռետորաբանությունը և իրականացվող ռազմական բնույթի քայլերը միտված են տարածաշրջանային իրավիճակի ապակայունացմանն ու ռազմականացմանը։ Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարը կարևորել է կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը բոլոր պետությունների կողմից։ Ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական դաշնակցային բնույթը,նախարարները քննարկել և պայմանավորվածությունները են ձեռք բերել ռազմական համագործակցության ուղղությամբ առաջիկա անելիքների շուրջ Հ. Գ. Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում է «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառման շրջանակներում:
15:12 - 23 օգոստոսի, 2020
Մենք «Իսկանդեր»-ից ավելի լուրջ զսպման գործիք ունենք՝ ՍՈՒ-30 կործանիչ, որն Ադրբեջանը չունի․ Մհեր Հակոբյան

Մենք «Իսկանդեր»-ից ավելի լուրջ զսպման գործիք ունենք՝ ՍՈՒ-30 կործանիչ, որն Ադրբեջանը չունի․ Մհեր Հակոբյան

Սերժ Սարգսյանն օգոստոսի 19-ին հանդես եկավ շուրջ երեք ժամանոց ասուլիսով, որի ընթացքում անդրադարձավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ քառօրյա պատերազմը Ռուսաստանի իմացությամբ ու թույլտվությամբ է տեղի ունեցել։ Սարգսյանն այս հայտարարությունը որակեց որպես դաշնակցին վարկաբեկող եւ դավաճանության մեջ մեղադրող տեսակետ՝ հիշեցնելով, որ Հայաստանից բացի՝ որեւէ այլ երկիր չունի «Իսկանդեր», այդ թվում՝ Բելառուսը, եւ, նրա համոզմամբ, նաեւ «Իսկանդերի» առկայությունն էր, որ 2016 թվականի ապրիլին եղավ ոչ թե լայնածավալ պատերազմ, այլ լայնածավալ ռազմական գործողություն։ Հայաստանյան ու միջազգային մամուլում, այո՛, բազմիցս է գրվել, որ Ռուսաստանից բացի՝ Հայաստանը միակ երկիրն է, որի սպառազինության մեջ կա «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր (արտադրող պետությունը Ռուսաստանն է):  Սերժ Սարգսյանի հայտարարության ենթատեքստն էլ, ըստ ամենայնի, այն է, որ Ռուսաստանը միայն Հայաստանին է վաճառել նման հզորությամբ տեխնիկա՝ որպես դաշնակից պետություն։ Սակայն պետք է նշել, որ սա «երդվյալ պարտավորություն» չէ։ Թեեւ 2016-ին խոսվում էր, որ ՌԴ-ից հետո միայն Հայաստանն ունի «Իսկանդեր», սակայն արդեն 2017-ի սեպտեմբերին մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Ալժիրը եւս ձեռք է բերել այս տեխնիկաներից։ Մասնավորապես ֆրանսիական ռազմական մասնագիտացված Défense et Sécurité internationale ամսագրի պնդմամբ՝ Ալժիրը Ռուսաստանից է ձեռք բերել «Իսկանդեր» համալիրներ:  Նախորդ ամիս էլ՝ 2020 թվականի հուլիսին, ռուսալեզու լրատվամիջոցներում հրապարակում եղավ, որ Ալժիրը Լիբիայի սահմանի մոտ «Իսկանդեր» է տեղակայել։ Ինչ վերաբերում է Բելառուսի մասին դիտարկմանը, ապա դեռեւս 2017-ին ռուսական եւ բելառուսական մամուլը գրում էր այն մասին, որ Բելառուսը կարող է քննարկել Ռուսաստանից «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ ձեռք բերելու հնարավորությունը։ Բելառուսն, իհարկե, մինչ այս պահը ՌԴ-ից չի գնել այս տեխնիկան, սակայն սա իր պատճառն ունի։ Այս պետությունն ունի սեփական արտադրության «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (չինական A200 հրթիռային համակարգի վերաբրենդավորված տարբերակը), որն, ըստ էության, չի զիջում ռուսական «Իսկանդերին»։ Արդեն նախորդ տարի ռուսական մամուլը գրեց նաեւ, որ Չինաստանը Բելառուսին կօգնի «Իսկանդեր-Մ»-ին համապատասխան տեխնիկա ստեղծել՝ «Պոլոնեզ-Մ»։  Ի դեպ՝ Բելառուսն այս՝ «Իսկանդերին» չզիջող համակարգերը վաճառել է Ադրբեջանին։ Հայաստանն «Իսկանդեր» համալիրներն առաջին անգամ ցուցադրեց 2016 թ. սեպտեմբերի 21-ին՝ Անկախության 25-ամյակի զորահանդեսի ժամանակ: Հայաստանի ու Արցախի համար այս համակարգերը Ադրբեջանի ագրեսիան զսպելու եւ լայնամասշտաբ պատերազմը բացառելու միջոց են, քանի որ դրանց համար հակառակորդի ողջ տարածքը, այդ թվում՝ մայրաքաղաք Բաքուն, հասանելի թիրախային գոտում են:  Երկու տարի անց՝ 2018 թվականի հունիսի 11-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ի ցույց դրեց իր վերջին գնումները` հրթիռային համակարգեր, որոնք կարող են թիրախային հարվածներ հասցնել Հայաստանի ցանկացած հատվածում, Վրաստանի մեծ մասում, ինչպես նաեւ Ռուսաստանի հյուսիսային Կովկասի ու Իրանի հյուսիսարեւմտյան հատվածների մեծ մասում: Երկու համակարգերից մեկը հենց բելառուսական «Պոլոնեզ»-ն է, որն ի վիճակի է մինչեւ 200 կմ հեռահարությամբ արձակել 301 մմ տրամաչափի ուղղորդվող հրթիռներ, մյուսը՝ իսրայելական LORA հրթիռային համալիրը, (արտադրում է Israel Aerospace Industries ընկերությունը (IAI)), որի առավելագույն հեռահարությունը 300 կմ է, խոցման ճշգրտությունը՝ 10 մետր: Իսկ իսրայելական LORA հրթիռի տրամաչափը 625 մմ է, առավելագույն հայտարարված հեռահարությունը՝ 430 կմ, արձակման մեքենայի վրա կա 4 հրթիռ: Այս երկու հրթիռային համակարգերի ձեռքբերման նպատակն էլ Հայաստանի «Իսկանդեր»-ներին հակակշռելն էր։ Կարծիք կար, սակայն, որ Բելառուսի եւ Իսրայելի՝ հրթիռային նոր համակարգերի վաճառքը Ադրբեջանին հավասարակշռության նժարը թեքեց վերջինիս կողմ՝ ավելի հավանական դարձնելով նոր ռազմական առճակատումը: Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի կարծիքով, սակայն, «Իսկանդեր»-ը մեր ձեռքում եւ դրան համարժեք միջոցները՝ Ադրբեջանի, «արքաների վերջին փաստարկն է»։  Հակոբյանն Infocom-ի հետ զրույցում նկատեց՝ սա մոտավորապես այն պարագան է, ինչ Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի համար ատոմային զենքը․ ամեն առիթով չեն կիրառում, այլ այն ժամանակ, երբ լինել-չլինելիության հարցն է դրված։ «Այդ զենքը կիրառում ես, երբ հստակ գիտես ու պատրաստ ես, որ հակառակորդը մոտավորապես նույնպիսի կործանիչ, ծանր հարված կարող է հասցնել քեզ։ Տավուշյան դեպքերի ժամանակ, օրինակ, եթե մի կողմ դնենք անօդաչու թռչող սարքերի կիրառությունը, նույնիսկ լիարժեք օդուժ չկիրառվեց։ Այսինքն՝ այստեղ կա էսկալացիայի աստիճան։ Ապրիլյան պատերազմի դեպքում էլ, որն, ի դեպ, մասշտաբներով ավելի մեծ էր, քան տավուշյանը, դարձյալ լայն էսկալացիա չեղավ, չխորացավ»։ Ռազմական փորձագետի համոզմամբ՝ ժամանակն այսօր խաղում է մեր օգտին, եւ Ադրբեջանն էլ վախենում է գնալ ռազմական լայն գործողությունների, որովհետեւ հենց տավուշյան դեպքերի ժամանակ տեսանք, թե ինչպես ցնցվեց Բաքուն, Ալիեւի իշխանությունը։ Հուլիսյան զարգացումների ֆոնին Ադրբեջանում տեղի ունեցած զանգվածային ցույցերը, ինչպես նկատեց մեր զրուցակիցը, առաջին պահին փորձեցին հայրենասիրական քողի տակ ներկայացնել, սակայն դրանք հանկարծ դուրս եկան վերահսկողությունից եւ շրջվեցին հենց տեղի իշխանության դեմ․ «Պատկերացրեք, եթե այդ ցույցերի պայմաններում սահմանին 1000 զոհ ունենային, զոհվածների հարազատներ, տնտեսական կոլապս, գաղթականների հոսքեր եւ այլն։ Դա, մեղմ ասած, կցնցեր Բաքուն։ Եւ այս պարագայում ինչ-ինչ պատճառներով Ալիեւը եւս պատրաստ չէ լայնածավալ պատերազմի։ Նրա վերջին հայտարարությունները դրա մասին են վկայում։ Նա, կարծես, մինչեւ 2016 թվականը վստահ էր, որ եթե իրեն թույլ տան, հայերի հարցերը կլուծի։ Բայց 2016-ի դեպքերը սթափեցրին Ալիեւին, որ չի կարող մեծ հաշվով, բայց քանի որ մի քանի հաջողություններ ունեցել էր, մտածեց՝ գոնե այսպես՝ կետային, տեղային առաջընթացներով կարող է, սակայն այդ պատրանքն էլ ցրեցին տավուշյան դեպքերը»,- մեկնաբանեց Հակոբյանը՝ հավելելով, որ, ի վերջո, եթե լուրջ, կենաց ու մահու մակարդակի պատերազմ չի լինում, այլ լայնածավալ ռազմական գործողություններ՝ ապրիլյան եւ տավուշյան մակարդակով, այդ ժամանակ «Իսկանդեր» չի կիրառվի։ Հակոբյանի վստահեցմամբ՝ մենք զսպման ավելի լուրջ գործիք ունենք, որը չունի Ադրբեջանը․ ՍՈՒ-30 կործանիչները (սրանց առաջին խմբաքանակը Հայաստանը ձեռք է բերել 2019-ի դեկտեմբերին,- հեղ․)։ Փորձագետի խոսքով՝ թեեւ այս տեխնիկան տավուշյան դեպքերի ժամանակ մի քիչ ստվերում պահվեց, բայց նաեւ ցույց էլ տվեցինք։ Ինչպես շեշտեց մեր զրուցակիցը՝ ՍՈՒ-30-ների մարտունակությունն ավելանում է օր օրի, մեր օդաչուներն էլ այդ ինքնաթիռների կիրառման նրբություններին տիրապետում են․ «Ժամանակին էլ ասել ենք, այս կործանիչն ավելի ունիվերսալ է, քան «Իսկանդեր»-ը։ Ամեն կռվի համար «Իսկանդեր» չես կիրառի, ու Սերժ Սարգսյանը հարցազրույցում հենց դա էր ակնարկում՝ ասելով՝ ««Իսկանդեր»-ն արքաների վերջին փաստարկն է»։ Ե՛ւ տավուշյան, ե՛ւ ապրիլյան դեպքերի պարագայում, բազմաթիվ այլ դեպքերում կարող ես ՍՈՒ-ն կիրառել, այն ավելի բազմաֆունկցիոնալ է, կարող ես անվերջ օգտագործել, իսկ «Իսկանդեր»-ը միայն մեկ անգամ կարող ես կիրառել»։  Այս կոնտեքստում ռազմական փորձագետը նաեւ նշեց, որ մեր եւ Ադրբեջանի տարածքում մահաբեր այդ զենքերի թիրախները համարժեք տեղաբաշխված չեն, այսինքն՝ եթե մենք կարող ենք հարվածել նրանց նավթագազային ենթակառուցվածքին եւ լուրջ տնտեսական վնասներ պատճառել, եթե իրենք սահմանի մոտ ունեն խոշոր քաղաքներ, ինչպես Գյանջան, ապա մեր դեպքում արեւելյան սահմանին նման խոշոր թիրախներ, ըստ էության, չկան․ ամենախոշոր թիրախը Ստեփանակերտն է, Իջեւանը, այս կողմում՝ Երեւանը։ Բայց Երեւանին էլ պետք է հարվածեն Նախիջեւանից, իսկ դա արդեն Նախիջեւանի տարածքն է դարձնում կոնֆլիկտի կողմ, ինչը հանում է այն իրավական կանխիչները, որոնք խանգարում են, որ մենք հարվածենք Նախիջեւանին։ Հակոբյանի վստահեցմամբ՝ այս առումով եւս բավականին շահեկան դիրքերում ենք։  Իսկ ահա ինչ վերաբերում է Թուրքիայի գործոնին՝ Ադրբեջանին աջակցելու առումով, ըստ մեր զրուցակցի՝ հարցն այն է, թե այս պետության աջակցությունն ինչքան կլինի, քանի որ խնդիրը նաեւ քաղաքական մակարդակում է․ Էրդողանն ամեն կերպ ձգտում է իր ազդեցությունը տարածել Ադրբեջանի վրա, դա էլ իր հերթին, Հակոբյանի խոսքով, Ալիեւի մոտ խանդի որոշակի տեսարաններ է առաջացնում․ «Եւ Ալիեւն ինչ-որ պահի կվախենա իր սեփական տան մեջ հյուրի, գերու կարգավիճակում հայտվել։ Այս հանգամանքը որոշակիորեն զսպում է Թուրքիայի եւ Ադրբեջանի համագործակցությանը։ Նույն Նախիջեւանի խնդրի պարագայում մեզ միշտ թվում է, թե իրենք մաքուր դաշնակիցներ են, բայց եթե Բաքուն որոշակիորեն թուլանա, Անկարան դեմ չի լինի Նախիջեւանը վերցնել։ Իհարկե կան իրավական կարգավորումներ եւ այլն, բայց եւ այնպես։ Ու չնայած այդքան էլ պարզ չէ, թե որքան մաքուր են այդ հարաբերությունները, բայց հակահայկական թշնամությունը, միանշանակ, այդ հարաբերությունը ցեմենտող գլխավոր նյութն է, եւ մենք, ըստ էության, պետք է պատրաստ լինենք, որ բոլոր այն միջոցները, որն ունի Թուրքիան, կարող է առանց հետեւանքների փոխանցել Ադրբեջանին»,- ասաց Հակոբյանը։  Նրա խոսքով՝ Թուրքիան, իհարկե, ունի միջոցներ, բայց ինչ-ինչ պատճառներով չի կարող փոխանցել Ադրբեջանին, օրինակ՝ F-16 ինքնաթիռները չի կարող փոխանցել՝ քաղական եւ այլ պատճառներով, բայց իր արտադրած ԱԹՍ-ները, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները, հրետանային եւ հռթիռային միջոցները կփոխանցի։  Սակայն, ռազմական փորձագետի համոզմամբ, նույնիսկ այդ պահմաններում Հայաստանն ի վիճակի է ոչ միայն հաջողությամբ դիմադրել Ադրբեջանին, այլեւ հետ շպրտել եւ դուրս գալ Կուրի աջ ափ․ «Մեր խնդիրը կարող է այլ հարցով բարդանալ, եթե լայնամասշտաբ պատերազմի պարագայում թուրքական բանակի զինվորները հագնեն ադրբեջանական բանակի զինվորական համազգեստ եւ Ադրբեջանի դրոշի ներքո սկսեն կռվել։ Այսինքն՝ կառաջանա քանակական զգալի գերակշռություն։ Սա էլ նախ քիչ հավանական սցենար է եւ վաղ թե ուշ կպարզվի ու իր բացասական հետեւանքները կունենա, այդ թվում՝ միջազգային խաղացողների կողմից։ Ի վերջո, եկեք չմոռանանք, որ այս պահին էրդողանը Թուրքիայի ռազմաքաղաքական լարվածության աստիճանը շատ է մեծացրել, իսկ Թուրքիայի տնտեսության վիճակն ամենեւին էլ փայլուն չէ, դրամական միավորը վերջերս էականորեն արժեզրկվել է, հասել իր պատմական մինիմումին, այս պահին Լիբիայում, Սիրիայում ունի խնդիրներ, ընդ որում՝ հարատեւ, իսկ միջերկրածովյան ավազանի հայտնի ծովային դիմակայությունն էլ գրեթե տաք պատերազմի է մոտենում․ դա մեզ որոշակի թեթեւություն է բերում»։ Մեր հարցին՝ ինչպե՞ս է գնատաում այս շրջանում գործող կառավարության քաղաքականությունը՝ նաեւ սպառազինության հագեցման առումով, ռազմական փորձագետը պատասխանեց՝ դրական եւ շեշտեց, որ այդ ճիշտ քաղաքականության արտացոլումը տեսանք հենց տավուշյան մարտերում, երբ մեր ՕՍԱ-ԱԿԱ-ների եւ ՏՈՐ-երի միջոցով ԱԹՍ-ները, փորձագետի բնորոշմամբ, հասած խնձորների նման թափվում էին Տավուշում․ «Եթե նույնիսկ համաշխարհային մակարդակում նայենք, իսրայելական ԱԹՍ-ների համար շատ լուրջ կորուստների ցուցանիշ էր, շա՛տ լուրջ, իսկ դա մեր շատ ճիշտ ռազմական ձեռքբերումների արտահայտությունն էր, հատկապես ՕՍԱ-ԱԿԱ-ների մասով, որոնք արդիականացվել էին Հայաստանում։ Ես վստահ եմ նաեւ, որ մեր օդաչուները շատ ինտենսիվ մարզվում են, եւ մյուս ամառ ՍՈՒ-30-ները կգումարվեն մեր ՀՕՊ միջոցներին ու լրացուցիչ զսպող միջոց կլինեն»,- ասաց Մհեր Հակոբյանը՝ շեշտելով, որ ՍՈՒ-30 կործանիչները ատոմային զենքից հետո համարվում են զսպման հաջորդ միջոցը։  Փորձագետի կարծիքով՝ մենք, բարեբախտաբար, այս պահին նաեւ ռազմական մտքի առումով ենք գերազամցում Ադրբեջանին․ «Ֆինանսական միջոցների պիկը, որն Ադրբեջանը ուներ 2010-2012 թվականներին, ճիշտ չօգտագործեցին։ Իհարկե, գնեցին վտանգավոր զենքեր, բայց եթե գնեին կործանիչներ, ոչ թե այն, ինչը լավ գովազդված էր, բայց նույնիսկ կոնցեպտուալ մակարդակում որոշակիորեն հնացած, այդ դեպքում մեր վիճակը ավելի ծանր կլիներ։ Հիմա, այդ թվականներին ձեռք բերած սպառազինությունը ամեն տարի հնանում է, նույն Տ-90-ները, որ գնել են ժամանակակից հակատանկային հրթիռների բուռն զարգացման ֆոնին, կարծում եմ՝ հնացել են։ Չենք թերագնահատում, տանկն իր դերն ունի մարտում, բայց տեսնում ենք, որ մեր տիպի մարտերն այլ են․ ապրիլյանի ժամանակ տանկային միջոցները սահմանափակ կիրառվեցին, իսկ տավուշյանում չկիրառվեցին․ հիմա Ադրբեջանի Տ-90-ները ո՞ւմ էին պետք»,- ասաց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը՝ եզրափակելով, որ, բարեբախտաբար, Սեյրան Օհանյանի՝ ՊՆ-ն ղեկավարելուց սկսած եւ Դավիթ Տոնոյանի օրոք, գուցե նոր իշխանությունների դրական թույլտվությամբ ու լավ վերաբերմունքի պատճառով այս ոլորտը շարունակում է ցանկալի զարգացում ապրել, որը միայն ուրախալի է։  Լուսանկարում՝ ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը, հետեւում՝ ՍՈՒ-30 կործանիչները՝ Հայաստանի երկնքում Հայարփի Բաղդասարյան
19:00 - 22 օգոստոսի, 2020