«Լուսավոր Հայաստան» խմբակցություն

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ստեղծվել է 2019-ի հունվարի 14-ին։ Խմբակցությունում ընդգրկված է 17 պատգամավոր։ 

Խմբակցության ղեկավարն է Էդմոն Մարուքյանը, քարտուղարը՝ Գեւորգ Գորգիսյանը։ Մյուս պատգամավորներն են՝ Ալեքսանյան Սարգիս Ռոբերտի, Այվազյան Հրանտ Գնունու, Անդրեասյան Էդվարդ Հրաչի, Բաբայան Հարություն Վիլիկի, Բաղդասարյան Գուրգեն Նիկոլի, Գրիգորյան Սրբուհի Էդիկի, Եղիազարյան Արմեն Էդիկի, Թանդիլյան Մանե Վանյայի, Խաչատրյան Արկադի Սանասարի, Կոստանյան Աննա Մայիսի, Մինասյան Սարիկ Սամվելի, Սամսոնյան Անի Տաճատի, Սիմոնյան Կարեն Մանվելի, Սիմոնյան Տարոն Վարդանի, Ստեփանյան Ռուբիկ Շահումի։
 



Խմբակցությունների` լսումներ հրավիրելու սահմանափակումները հանելու նախագիծը չընդգրկվեց քառօրյայի օրակարգ |hetq.am|

Խմբակցությունների` լսումներ հրավիրելու սահմանափակումները հանելու նախագիծը չընդգրկվեց քառօրյայի օրակարգ |hetq.am|

hetq.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ԱԺ կանոնակարգ օրենք»-ում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը չընդգրկվեց ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ: Նախագիծը չէր ստացել գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, և օրակարգ ներառվելու համար պիտի քվեարկության ներկայացվեր: Մինչ քվեարկությունը նախագիծը ներկայացրեց խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը` ասելով, որ նախագիծը վերաբերում է խորհրդարանական լսումներին, ապա հիշեցրեց, որ նմանատիպ նախագծեր հեղինակել են նաև ԲՀԿ պատգամավորները: «Մեր նախաձեռնությունը տարբերվում է նրանով, որ մենք խմբակցություններին վերապահվող` լսումներ անցկացնելու իրավունքը մեկ հնարավորությունից դարձնում ենք անսահման, սահմանանափակումները հանում ենք»,-ասաց նա: Սիմոնյանի խոսքով`գործող օրենքով կա ևս մեկ սահմանափակում. խմբակցությունը կարող է լսում հրավիրել միայն այն հարցով, որի կապակցությամբ  խմբակցությունը կամ խմբակցության պատգամավորները նախագիծ են հեղինակել: «Առաջարկում ենք, որ սահմանափակված չլինենք որևէ առարկայով, սա խորհրդարանական մշակույթի զարգացման տեսանկյունից անհրաժեշտ քայլ է: Առաջարկում եմ հնարավորություն տանք այս հարցը քննարկելու»,-ասաց Սիմոնյանը: Նախագծի հարակից զեկուցմամբ հանդես եկավ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Իր ելույթում նա նշեց, որ լսումների քանակի հետ կապված ոդիսականը  չի դադարում: «Ամենացավալին այն է, որ ոչ ոք չի կենտրոնանում նրա վրա, որ փորձի լսում կազմակերպել, այլ փորձ է կատարում փոփոխել օրենսդրությունը: Մենք չունենք բավարար խտության պրակտիկա՝ ասելու, որ առկա կանոնակարգումները թույլ չեն տալիս խմբակցություններին իրացնել լսումներ հրավիրելու իրավունքը»,-ասաց նա:  Վարդանյանը կոչ արեց ավելի կենտրոնանալ լսումների անցկացման, քան օրենսդրությունը փոխելու վրա: Նախագիծը ներկայացվեց քվեարկության և, չստանալով բավարար ձայներ, չընդգրկվեց քառօրյայի օրակարգ: «ԱԺ կանոնակարգ-օրենքի» համաձայն` խորհրդարանական լսումներ կարող են հրավիրել Ազգային ժողովի նախագահը, մշտական հանձնաժողովները, առանձին օրենքի նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովները՝ իրենց վերապահված ոլորտներին վերաբերող հարցերով, խմբակցությունը՝ իր կամ խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորի առաջադրած նախագծին վերաբերող հարցով: Խմբակցությունը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում կարող է հրավիրել մեկ լսում:
12:03 - 26 մայիսի, 2020
ԼՀԿ-ն խորհրդարանական աշխատանքը շարունակելու է նոր հետևություններով |armenpress.am|

ԼՀԿ-ն խորհրդարանական աշխատանքը շարունակելու է նոր հետևություններով |armenpress.am|

armenpress.am: «Լուսավոր Հայաստան » խմբակցությունը, որը ծեծկռտուքի միջադեպից հետո խորհրդարանի նիստերին մասնակցությունից որոշակի ժամանակով «ընդմիջում » էր վերցրել, իր աշխատանքները օրենսդիրում կշարունակի՝ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացած գնահատականների լույսի ներքո՝ այսինքն նոր հետևություններով: Ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այս մասին ասաց հրավիրված ասուլիսում՝ անդրադառնալով ԱԺ-ում ավելի վաղ տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպին: «Հիմա կարող ենք ամփոփել, թե ինչ ունենք: Նախ ուզում ենք արձանագրենք, որ խորհրդարանում տեղի ունեցած բռնությունից հետո մենք քաղաքական գնահատական էինք ակնկալում, ինչը չտրվեց: Եվ ամենաբարձր մակարդակում այն արդարացվեց: Մենք արձանագրում ենք մի քանի հանգամանք, որ ՀՀ-ում գործող իշխանությունները ընդդիիմադիր խոսքը պիտակավորել են որպես սադրանք, արդարացնում են ընդդիմադիր խոսքի նկատմամբ բռնության կիրառումը, արդարացնում են մարդկանց հետևից խփելը: Հաջորդ հանգամանքը այն է, որ իրավական գործընթացները չեն գնում իրավական պետության և իրավունքի գերակայության համատեքստում»,-ասաց Մարուքյանը: Անդրադառնալով միջադեպի իրավական գնահատականին, այսինքն ՀՔԾ-ի կողմից ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրեական գործի հարուցումը մերժելուն՝ նա հիշեցրեց, որ իրենց խմբակցությունը բողոք չէր ներկայացրել: «Դեպքը քննարկման առարկա էր դարձել մամուլի նյութերով, և քննարկվել էր որպես հանրային տիրույթի ենթադրյալ հանցագործություն: Եվ վերջում ասվում է, որ քրեական գործի հարուցումը մերժվում է, քանի որ Վճռաբեկ դատարանն ասել է, որ յուրքանչյուրը մեկ հարված է տվել »,-ասաց խմբակցության ղեկավարն ու նշեց՝ եթե գործի ուղղությունը գնում էր այդ ճանապարհով, պետությունը պետք է գնար այն այլ հոդվածի քննարկման առարկա դարձնելով, որը Մարուքյանի կարծիքով խուլիգանությունն է: «Մենք այլևս այս գնահատականների լույսի ներքո ենք շարունակելու աշխատանքները խորհրդարանում՝ հաշվի առնելով, թե ում հետ գործ ունենք,  գործ ունենք մարդկանց հետ, որ հնարավոր է հետևից խփեն, գործ ունենք մարդկանց հետ, որոնք բռնությունն արդարացնում են: Գործ ունենք մարդկանց հետ, որոնք չեն հանդուրժում ընդդիմադիր խոսքը և դա պիտակավորում են որպես սադրանք: Սրանք այն արձանագրումներն են, որոնք մենք արել ենք այդ ընդմիջման ընթացքում»,-ասաց Մարուքյանն ու վստահեցրեց, որ ԼՀԿ-ն ոչ մի դեպքում չի շեղվի իր քաղաքական օրակարգից, այն է՝ մարդկանց և պետության առջև ծառացած մարտահրավերների դեմ պայքարը, խնդիրների համակարգային ինստիտուցիոնալ լուծումը և  ընտրողների ձայնը խորհրդարանում և տարբեր հարթաներում հնչեցնելը:
17:13 - 25 մայիսի, 2020
Ընդդիմադիր խմբակցության առաջնորդի նկատմամբ կիրառված բռնությունն իրավախախտման հեղինակների կողմից կիրառվել է որպես գործիք ընդդիմադիր խոսքը լռեցնելու նպատակով․ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Ընդդիմադիր խմբակցության առաջնորդի նկատմամբ կիրառված բռնությունն իրավախախտման հեղինակների կողմից կիրառվել է որպես գործիք ընդդիմադիր խոսքը լռեցնելու նպատակով․ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Լուսավոր Հայաստան» կուսակցության իրավական դիրքորոշումը 2020թ. մայիսի 08-ին Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ․ ««Լուսավոր Հայաստան» կուսակցության իրավական դիրքորոշումը 2020թ. մայիսի 08-ին Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից մայիսի 08-ին Ազգային ժողովում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հիմք ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի այն դիրքորոշումը, որ մեկ հարվածը չի կարող ծեծ համարվել (ՀՀ վճռաբեկ դատարանի 2012թ. նոյեմբերի 01-ի որոշումն ԱՐԴ/0176/01/11 թվակիր գործով)։Այս կապակցությամբ՝ անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ մի քանի խնդիրների։ Մասնավորապես՝Նախ, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի՝ քրեորեն հետապնդելի արարք է ծեծը կամ այլ բռնի գործողություններ կատարելը (եթե դրանք չեն առաջացրել առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ)։ Այսինքն, Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի նկատմամբ մայիսի 08-ին կատարված գործողությունները ծեծ չորակվելու պարագայում, դրանք կարող էին որակվել այլ կերպ, եթե ընդունենք, որ նրան իրոք հասցվել է մեկ հարված, որը նրան ֆիզիկական ցավ է պատճառել։Երկրորդ, այստեղ էական է, որ Էդմոն Մարուքյանին հասցվել է ոչ թե մեկ, այլ մեկից ավելի հարվածներ՝ տարբեր անձանց կողմից։ Ընդ որում, այս փաստին ականատես են եղել ոչ միայն խորհրդարանում այդ օրը ներկա եղած պաշտոնատար և այլ անձիք, այլ նաև ուղիղ եթերին հետևող հազարավոր քաղաքացիները։Այդ իրադարձության տեսագրությունը տարածվել է մամուլով և այժմ էլ հասանելի է համացանցում։ Վստահաբար, այդ տեսանյութը դիտողի մոտ կասկած չի մնում կատարվածի մասին, և անհնար է դրա միջոցով որևէ կերպ մանիպուլացնել եղելության փաստերը։Ամեն դեպքում, 118-րդ հոդվածը մասնավոր մեղադրանքի գործերի շարքում է՝ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի։ Իսկ մենք գտնում ենք, որ տեղի ունեցածը դուրս է մասնավոր մեղադրանքի տիրույթից, և, հետևաբար, տեղի ունեցածը չենք դիտարկում որպես մասնավոր մեղադրանքի դեպք ու այդ մասով բողոք չենք ներկայացրել։Երրորդ, առնվազն մեզ համար ակնհայտ է, որ ի սկզբանե դրվել է այնպիսի որակում, որպեսզի այնուհետև մերժվի քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմնավորմամբ։ Սակայն քննարկվող գործով որակումը պետք է բոլորովին այլ լիներ։ Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով արտահայտված՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու համար (խուլիգանություն)։ Ընդ որում, նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ ավելի խիստ պատժի է ենթակա նույն արարքը՝ զուգորդված անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով (…)` կատարված մի խումբ անձանց (...) կողմից (խուլիգանության որակյալ հանցակազմ):Խուլիգանության հանցակազմին մանրամասն անդրադարձել է ՀՀ վճռաբեկ դատարանը՝ 2012թ. մարտի 30-ին թիվ ԱՎԴ/0014/01/11 գործով կայացված որոշմամբ, որի վերլուծական մասը համադրելով խորհրդարանում տեղի ունեցած իրադարձությունների փաստակազմի հետ՝ ակնհայտ է դառնում, որ պատգամավոր Սասուն Միքայելյանի արարքը պետք է որակվեր 258-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ մյուս հարվածողների արարքները՝ նույն հոդվածի 3-րդ մասով։ Այլ կերպ չեն կարող որակվել Ազգային ժողովի նիստի ընթացքում իր սահմանադրական լիազորություններն իրականացնող, այն է՝ ելույթ ունեցող պատգամավորի նկատմամբ կիրառված բռնության սպառնալիքները, այնուհետև նրան տարբեր անձանց կողմից հասցված հարվածները՝ նիտին ներկա այլ պատգամավորների, վարչապետի, կառավարության այլ անդամների և այլ անձանց ներկայությամբ՝ տեղեկացած լինելով նաև, որ նիստն ուղիղ հեռարձակվում է և հասանելի է անսահմանափակ թվով անձանց։Սա դասական խուլիգանության որակյալ հանցակազմ է՝ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործություն։ Քննարկման առարկա գործողություններով նախևառաջ կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը, արարքն ինքնին դրսևորվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և արհամարհական վերաբերմունքով։ Արդյունքում առաջնահերթ խախտվել է օրենսդիր մարմնի բնականոն գործունեությունը։Ընդդիմադիր խմբակցության առաջնորդի նկատմամբ կիրառված բռնությունն իրավախախտման հեղինակների կողմից կիրառվել է որպես գործիք ընդդիմադիր խոսքը լռեցնելու նպատակով, և սա ՀՀ Ազգային ժողովի խմբակցության սահմանադրական լիազորությունները խոչընդետոլու ակնհայտ օրինակ է։Տեղի ունեցածն ունենալու է իր իրավական հետևանքները՝ եթե ոչ այսօրվա իրողություններով, ապա հետագայում»։
14:02 - 25 մայիսի, 2020
«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը չի արժանացել պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը չի արժանացել պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկվել է  պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ օրենքի ուժով վարկառու ֆիզիկական անձանց տրամադրել առնվազն եռամսյա վարկային արձակուրդ՝ առանց այդ ամիսների համար տոկոսների հաշվարկման: ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացրել է Կառավարության բացասական դիրքորոշումը: Նախաձեռնությունը ստացել է բացասական եզրակացություն: ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը եւս քննարկվել է առաջին ընթերցմամբ: Ըստ հիմնական զեկուցող Տարոն Սիմոնյանի՝  նախաձեռնությամբ սահմանվում են ֆորսմաժորային իրադրության հատկանիշները, այդ փաստի ազդեցությամբ պարտավորությունների չկատարման կամ անպատշաճ կատարման իրավական հետեւանքները, թվարկվում են հնարավոր ֆորսմաժորային իրադրություններ, սահմանվում է վեճի առկայության դեպքում ապացուցման բեռի բաշխումը: Նախագծի անցումային դրույթով առաջարկվում է օրենքին տալ հետադարձ ուժ մինչեւ այն պահը, երբ ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես հայտարարվեց արտակարգ դրություն՝ կապված համաճարակի տարածման հետ: ՀՀ կառավարության դիրքորոշումը ներկայացնող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանի կարծիքով՝ նախաձեռնությունը գործնականում որեւէ անձի օգուտ չի տալու: Գործադիրն առաջարկում է ձեռնպահ մնալ առաջարկվող փոփոխություններից: Նախագիծը չի արժանացել հանձնաժողովի հավանությանը:  
20:24 - 23 մայիսի, 2020
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  օրինագիծը չի արժանացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  օրինագիծը չի արժանացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  օրինագծով առաջարկվում է ԱԺ խմբակցություններին հնարավորություն ընձեռել անսահմանափակ խորհրդարանական լսումներ հրավիրել: Գործող կարգավորմամբ խմբակցությունը մեկ նստաշրջանի ընթացքում կարող է հրավիրել մեկ լսում: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հարակից զեկուցող Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ նույնանման կարգավորում  առաջարկել էր կատարել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Նշվել է, որ խնդիրն արհեստական է, քանի որ չի եղել իրավիճակ, երբ հանձնաժողովի անդամներից որեւէ մեկը ցանկանա լսումներ հրավիրել եւ առաջարկը մերժվի: Ուստի, հանձնաժողովի նախագահը հորդորել է կողմ չքվեարկել առաջարկվող փոփոխությանը: Կառավարության դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը: Նա ընդգծել է, որ ԱԺ 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի 3 խմբակցությունները խորհրդարանական լսումներ չեն հրավիրել, ուստի ըստ փոխնախարարի՝ անգամ գործող կարգավորումների պարագայում խմբակցությունների՝ լսումներ հրավիրելու իրավունքն ըստ էության չի իրացվել: Հետեւաբար գործադիրը հիմնավորված չի համարում նախագծով առաջարկվող փոփոխությունը: Նախագիծը չի արժանացել հանձնաժողովի հավանությանը: ՀՀ ԱԺ պատգմավորներ Մխիթար Հայրապետյանի, Արտակ Մանուկյանի,  Համազասպ Դանիելյանի, Սերգեյ Բագրատյանի, Վլադիմիր Վարդանյանի, Արթուր Դավթյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթով առաջարկվող մեկ տասնյակից ավելի փոփոխությունները միտված են մշտական հանձնաժողովների հաշվետվողականության բարձրացմանը, խորհրդարանական վերահսկողության գործիքների հստակեցմանը, հանձնաժողովի կողմից կայացվող որոշումների դերի եւ արդյունավետության բարձրացմանը: Հիմնական զեկուցող Մխիթար Հայրապետյանի տեղեկացմամբ՝ առաջարկվող փոփոխությամբ մշտական հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի վերջին հերթական նիստի օրակարգային հարցերը սպառվելուց հետո ամփոփ հաշվետվություն է ներկայացնելու Ազգային ժողովին եւ հանրությանը՝ ելնելով թափանցիկության եւ հաշվետվողականության սկզբունքներից: Օրենսդրական փաթեթով առաջարկվում է նաեւ նիստն իրավազոր համարել միայն հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելի անդամների նիստին ներկա գտնվելու դեպքում, ինչը, ըստ հիմնական զեկուցողի, կնպաստի առավել քննարկված եւ հիմնավոր որոշումների կայացմանը. Գործող կարգավորմամբ մշտական հանձնաժողովը կարող է որոշում  կայացնել ընդհուպ երկու պատգամավորի կողմ քվեարկելու արդյունքում, ինչը խնդրահարույց է: Նախագծերի փաթեթով առաջարկվում է պատգամավորին լիազորել առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում առանձին՝ առանց խմբակցությանը դիմելու, նախագծի վերաբերյալ ներակայացնել առաջարկ, ինչն իր հերթին բարձրացնում է  երկրորդ ընթերցումից առաջ մշտական հանձնաժողովի կողմից կայացվող որոշման կարեւորությունը: Առաջարկվում է նաեւ մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների աշխատակազմերի հաստիքացուցակում ավելացնել խորհրդականի հաստիքը, որը փորձագետի պաշտոնից տարբերվելու է իր հայեցողական բնույթով եւ առավելապես ուղղված է լինելու քաղաքական որոշումների կայացման արդյունավետության  բարձրացմանը: Հարցի առնչությամբ Կառավարության առաջարկները ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը: Պատգամավորներն իրենց ելույթներում կարեւորել են առաջարկվող փոփոխությունները եւ վերահաստատել, որ դրանք միտված են խորհրդարանի դերի բարձրացմանը: ՀՀ ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանը ներկայացրել է մի շարք առաջարկներ. նախատեսվում է խմբակցությունների աշխատակազմում առաջարկվող խորհրդականի հաստիքը հանել, ավելացնել պատգամավորի՝ հասարակական հիմունքներով օգնականի հաստիք՝ հաշվի առնելով այն, որ լրացուցիչ ծախս չի նախատեսվում: Հեղինակների խոսքով՝ ներկայացված առաջարկները լրացուցիչ քննարկման կարիք ունեն, ուստի դրանց կանդրադառնան աշխատանքային ձեւաչափով: Նախագծի վերաբերյալ հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն:
19:59 - 23 մայիսի, 2020
Անի Սամսոնյանի՝ «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմումի կապակցությամբ հարուցված քրեական գործը Քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել

Անի Սամսոնյանի՝ «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմումի կապակցությամբ հարուցված քրեական գործը Քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել

2020թ. մայիսի 1-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին այն մասին, որ նույն օրը` մայիսի 1-ին, «Արթուր Վարդանյան» ֆեյսբուքյան օգտատերն իր ֆեյսբուքյան էջին ուղարկել է նամակ, որն իր մեջ պարունակել է իր անձի դեմ ուղղված ֆիզիկական բռնության սպառնալիքներ: Վերոգրյալի կապակցությամբ տված բացատրությամբ Անի Սամսոնյանը հայտնել է, որ իր նկատմամբ սպառնալիքները գնահատում է իրական: Դեպքի առթիվ 2020թ. մայիսի 18-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասով,  որը ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:44 - 22 մայիսի, 2020
Էդմոն Մարուքյանի եղբայրը գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Սասուն Միքայելյանի

Էդմոն Մարուքյանի եղբայրը գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Սասուն Միքայելյանի

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Էդգար Մարուքյանը, դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ներկայացնելով հանցագործության մասին հաղորդում ընդդեմ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ վերջինիս կողմից հնչեցված ուղղակի և անուղղակի սպառնալիքների կապակցությամբ։«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասը հանցագործություն է համարում սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու (…) սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել: Առկա է հիմնավոր կասկած առ այն, որ պատգամավոր Սասուն Միքայելյանը զինված է շրջում քաղաքում, նրա հետ կան նաև զինված անձիք, ինչպես նաև պետք է պարզել, թե ինչ կառույցի ղեկավար է նա, որով «կարելի է» սպառնալ քաղաքացուն, ըստ այդմ՝ իմ, իմ ընտանիքի կյանքին և առողջությանն ուղղված սպառնալիքները գնահատում եմ իրական։ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին կետն ու 177-րդ հոդվածը՝ խնդրում եմ ներկայացված փաստերի առթիվ հարուցել քրեական գործ, ճշտել մեղավոր անձանց շրջանակը, ինչպես նաև պարզել, թե ինչ կառույցով է պատգամավոր Սասուն Միքայելյանն սպառնում հաշվեհարդար տեսնել»,- մասնավորապես ասված է հաղորդման մեջ:
18:42 - 12 մայիսի, 2020
Ակնկալում եմ՝ Է. Մարուքյանը, Ա Սամսոնյանը ներողություն խնդրեն քաղաքացիներից, ինձնից, Սասուն Միքայելյանից, այլ տարբերակ չկա. Ալեն Սիմոնյան
 |tert.am|

Ակնկալում եմ՝ Է. Մարուքյանը, Ա Սամսոնյանը ներողություն խնդրեն քաղաքացիներից, ինձնից, Սասուն Միքայելյանից, այլ տարբերակ չկա. Ալեն Սիմոնյան |tert.am|

tert.am: Այսօր մարդկանց, ինչու ոչ՝ նաև պաշտոնյաների ընկալման մեջ կա իներցիա, այսինքն՝ իներցիա նախկին իշխանության տրամաբանության մեջ: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: «Այսինքն՝ այն, որ իշխանությունը բռնարար էր, իշխանությունը միշտ պատրաստ է ճնշել. այս իներցիան, ցավոք սրտի, դեռ մնացել է որոշ մարդկանց ենթագիտակացության մեջ։ Առաջ ընդդիմադիր գործիչը, եթե սեռական բնույթի հայհոյանք հնչեցներ այս դահլիճում, այնքան կծեծեին, որ էշին քեռի կասեր։ Առաջ, եթե ընդդիմադիր գործչի եղբայրը երկրի ղեկավարի նկատմամբ սեռական բնույթի հայհոյանքներ, ծաղրանքներ թույլ տար, ռեստորանում կծեծեին ու իր քաղաքական գործիչ եղբայրը կգնար հանդիպման երկրի ղեկավարի հետ, որպեսզի պայմանավորվեր այդ հարցը լուծելու համար»,- ասաց նա։ Ալեն Սիմոնյանը կարևորեց, որ նման բարքեր այլևս չկան: Նա նշեց․ «Գիտեք՝ ընտրվել է ամենաստոր մարտավարությունը․ այսինքն՝ գալ, հրահրել, հաճախ թաքնվել սեռական պատկանելության տակ, ընդդիմություն լինելու տալ ու անել լկտիություններ, քողարկված ծաղրել, բաց ծաղել։ Այս ամենից հետո գալ ու ասել՝ ինչքան էլ մեզ ծեծեք, մենք չենք լռելու, իսկ դուք ու՞մ եք պետք, որ մենք ձեզ ծեծենք, կամ էդ ու՞մ ենք մենք ծեծել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։ ԱԺ փոխնախագահը կոչ արեց, որ մարդիկ, որոնք որևէ կապ չեն ունեցել հեղափոխության հետ, իրենց չսովորեցնեն, թե ինչպես պահել հեղափոխության արժեքները։ «Միակ բանը, որ ես ակնկալում եմ այն է, որ Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանը և ևս մի քանի չակերտավոր քաղաքական գործիչներ ներողություն խնդրեն ՀՀ քաղաքացիներից, ինձնից, Ձեզնից և Սասուն Միքայելյանից, այլ տարբերակ չկա, չի կարող լինել»,-հավելեց նա:
18:20 - 11 մայիսի, 2020
Սադրանքի հեղինակները խորհրդարանից դուրս են, «Լուսավոր Հայաստանն» ընդամենը նրանց խողովակն է. Սոս Ավետիսյան
 |lragir.am|

Սադրանքի հեղինակները խորհրդարանից դուրս են, «Լուսավոր Հայաստանն» ընդամենը նրանց խողովակն է. Սոս Ավետիսյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հետ։ -Ազգային ժողովում նախօրեին տեղի ունեցածից հետո սոցիալական ցանցերում հնչում են տեսակետներ, որ ծեծկռտուքին մասնակցած պատգամավորները պետք է մանդատները վայր դնեն: «Իմ քայլում» կամ իշխանության մեջ դրա անհրաժեշտությունը տեսնո՞ւմ են: -Ի տարբերություն Ֆեյսբուքի հարթակի՝ պատգամավորները շատ լավ տեսել են, թե ինչ է տեղի ունեցել: Մենք արձանագրել ենք, որ ինչպիսին էլ լինի սադրանքը, և դրա հեղինակները, որոնք այս խորհրդարանից դուրս են, իսկ «Լուսավոր Հայաստանը» ընդամենը դրա խողովակն է, պատգամավորները չպետք է տրվեին այդ սադրանքին: Մենք ներողություն ենք խնդրում մեր հանրությունից, մենք շատ լավ գիտակցում ենք, որ սադրել են, այսինքն՝ մարդն իջել է ամբիոնից սադրելու՝ շատ լավ իմանալով, թե ինչ կարող է լինել: Նման մի քանի դեպք եղել է, երբ պարոն Մարուքյանը խոսում, հետո իջնում էր ներքև: Ես կարծում եմ, որ թե տիկին Մակունցը, թե վարչապետը  շատ կոնկրետ, նորմալ բացատրել են, թե որը ինչից հետո է եղել: -Տեսակետ կա, որ եթե ծեծկռտուքին մասնակցած պատգամավորները մանդատները վայր դնեին, դա շատ լավ նախադեպ կլիներ, և հանրության մոտ ձեր նկատմամբ վստահությունը չէր տուժի: -Հանրության մոտ մեր նկատմամբ վստահությունը հեղափոխությանը տրված քվեն է: Հանրության կողմից մեր նկատմամբ վստահությունը ավելի բիրտ և ավելի կտրուկ քայլերի գնալն է: Դա վատ նախադեպ կլիներ, որովհետև այդ պարագայում այդպես կարելի է սադրել անվերջ: Իհարկե, որևէ արդարացում բռնությունը չունի և վարչապետը արձանագրում է, որ մենք այս պահին պարտվել ենք, բայց մեր ոգին պարտվել չգիտի: Պետք չի տրվել այսրոպեական զգացմունքներին, և պատմությունը ցույց կտա, թե որը ոնց է եղել: -Նախկինները հայտարարում են՝ յուրահատուկ նվեր արեցիք Նիկոլ Փաշինյանին: -Նախորդներին անդրադառնալու որևէ խնդիր չկա, կան օրենքներ և օրակարգ, որի ամբողջական իրագործման պարտականությունն ունենք և անելու ենք: Այդ ժամանակ կտեսնենք, թե ով ինչ է ասում:
21:10 - 09 մայիսի, 2020
ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցների նկատմամբ օրենքով սահմանված կարգապահական միջոցներ այդպես էլ չկիրառվեցին

ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցների նկատմամբ օրենքով սահմանված կարգապահական միջոցներ այդպես էլ չկիրառվեցին

Խորհրդարանի նիստերի դահլիճում այսօր մթնոլորտն այնքան լարված էր, որ հարցը հասավ ընդհուպ ծեծկռտուքի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի մասնակցությամբ։ Բանն այն է, որ Մարուքյանն ԱԺ ամբիոնից իր ելույթում անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ելույթին, որը խիստ վրդովեցրեց Միքայելյանին։ Վերջինս տեղից վիրավորական արտահայտություններ հնչեցրեց Մարուքյանի հասցեին, նա էլ ամբիոնից իջավ՝ պարզաբանման համար, իսկ Միքայելյանը ապտակեց ԼՀԿ-ական պատգամավորին։  Մյուս պատգամավորները շտապեցին հարթել իրավիճակը, բայց դա հեշտ չտրվեց նրանց, քանի որ, ինչպես հետագայում ամբիոնից հայտարարեց Մարուքյանը, եւ ինչպես երեւում էր տեսանյութում, Մարուքյանին մի քանի հարված էլ հասցրին «Իմ քայլից» Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը։ Վերեւի դրվագում՝ ձախից Արտակ Մանուկյանը, աջից՝ Մարուքյանը, ներքեւի դրվագում՝ աջից Վահե Ղալումյանը, ձախից՝ Մարուքյանը Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցները, սակայն, այդպես էլ չենթարկվեցին Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված կարգապահական պատասխանատվության։ Նախ նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ պատգամավորը պարտավոր է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները։  Նույն օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նիստը նախագահողը՝ այս դեպքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, իրավունք ուներ Ազգային ժողովի նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու դեպքում պատգամավորի նկատմամբ կիրառելու կարգապահական միջոցներ:  Իսկ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ կարգապահական միջոցներն են նախազգուշացումը, խոսափողի անջատումը, մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկումը, հեռացումը՝ մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից, ԱԺ նիստերի օրերին դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչև յոթ օրով զրկումը: Բայց, փաստացի, Միրզոյանը նույնիսկ նախազգուշացում չհնչեցրեց։ Այնինչ, ԱԺ նախագահը նույն գործելաոճը չդրսեւորեց ամիսներ առաջ, երբ խորհրդարանի նիստերի դահլիճում ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորներ փորձեցին «հաշիվ պարզել» անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ։ Այս տարվա հունվարի 21-ին, երբ խորհրդարանում քննարկվում էր քրեական ենթամշակույթին հարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքի նախագիծը, ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն այնպիսի ելույթ ունեցավ, որը սրեց իրավիճակը։ Այդ ելույթին վրդովված տոնով արձագանքել էր պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ հայտարարելով, որ ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը Գեւորգ Պետրոսյանի՝ իր խոսքով՝ խայտառակ պահվածքի համար պետք է ներողություն խնդրի։ Դրանից հետո լեզվակռիվ էր սկսվել, ու ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորներ՝ Ջանիբեկ Հայրապետյանը, Արթուր Դալլաքյանը, Արայիկ Աղաբաբյանը եւ Գեւորգ Պետրոսյանը, շտապել էին Բաբաջանյանի աթոռի մոտ՝ նրանից «հաշիվ պահանջելու»։ Այս միջադեպից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարգապահական միջոց էր կիրառել ԲՀԿ-ական 4 պատգամավորների նկատմամբ՝ նրանց ԱԺ կանոնակարգի 52-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հեռացնելով մինչեւ այդ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ այդ ընթացքում զրկվելով դահլիճում ներկա լինելու իրավունքից։ Ընդգծենք, որ այդ միջադեպի ժամանակ հարցը ծեծկռտուքին չէր հասել, մյուս պատգամավորները հասցրել էին հանդարտեցնել մթնոլորտը, սակայն, ինչպես այսօր, այնպես էլ հունվարի այդ նիստի ժամանակ, պատգամավորները չէին պահել էթիկան, ինչի համար էլ օրենքի սահմաններում կարգապահական պատասխանատվության էին ենթարկվել։ Հայարփի Բաղդասարյան
20:32 - 08 մայիսի, 2020
Գնահատականակենտրոն կրթական համակարգի չեղարկում․ մանկավարժները պատրաստ չեն

Գնահատականակենտրոն կրթական համակարգի չեղարկում․ մանկավարժները պատրաստ չեն

Օրեր առաջ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ նախարարության որոշման համաձայն՝  առնվազն 1-4-րդ դասարաններում աշակերտները չեն գնահատվի։ «Մենք այս որոշումը կայացրել ենք դեռ մինչ հեռավար կրթության անցնելը։ Լինելու են խրախուսման նոր մեթոդներ, որոնք մենք կներկայացնենք մեր ուսուցիչներին, վերապատրաստումներ կիրականացվեն։ Այս համակարգով մենք երեխային չենք կապում գնահատականին, այլ կապում ենք գիտելիքի և կրթության հետ»,- իր խոսքում ասել է նախարարը։ Վերջինս տեղեկացրել էր նաև, որ նախագիծը շուտով կդրվի շրջանառության մեջ։ Ներկայացված նախագծի  առավելությունների  և թերությունների վերաբերյալ infocom.am-ը զրուցել է «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» անդամ Վահրամ Սողոմոնյանի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ։  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Աննա Կոստանյանը, անդրադառնալով առաջարկվող գաղափարին, ասաց․ «Սա կարծես դեռևս նախարարության կողմից բանավոր շրջանառվող միտք է, որքանով որ տեղյակ եմ՝ դեռևս նախագիծ չկա։ Կան դպրոցներ, որտեղ տարրական դասարաններում թվանշային գնահատումը փոխարինված է գունավոր աստղիկներով, և ուսուցչի հայեցողությամբ են երեխաները թվանշային գնահատում ստանում կամ ոչ։ Կարծում եմ՝ եթե հարցը դիտարկենք կրթական ռեֆորմների տեսանկյունից և գիտելիքին գերակայություն տալու համատեքստում, այո, գուցե կարելի է փորձարկել այս նոր՝ առանց գնահատման ուսուցման մեթոդը։ Սակայն, եթե դիտարկենք նաև վերջին շրջանում, հեռավար ուսուցմամբ պայմանավորված, դպրոցականների ոչ լիարժեք ներգրավվածության և դրանով պայմանավորված՝ մարտի 13-ից հետո գրանցած գնահատականների չեղարկման տեսանկյունից, կարծում եմ՝ վատագույն լուծումն է նախարարության կողմից»։ Վահրամ Սողոմոնյանը, անդրադառնալով հարցին, ասաց, որ այն  դիմադրությունը, որին արժանանում է գնահատականների հետ կապված որոշումը, կապված են այն բանի  հետ, որ ուսուցիչների և ծնողների կողմից մեծ ուշադրություն է հատկացվում գնահատականին։ «Բացի այդ կան որոշակի շահեր՝ ինչպես փակել կիսամյակը, ինչպես գոհացնել ծնողներին և այլն։ Սա ընդհանուր կրթության փիլիսոփայության հարցն է, որը պետք է փոխել, կենտրոնանալ ավելի շատ ինքնուրույն աշխատանքի, երեխաների գիտելիքների և հմտությունների վրա։ Գնահատականը չի կարող կատարել այն դերը, որը կատարում է  հիմա»։ Աժ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ վաղուց ժամանակը հասունացել էր,  և սա ինչ-որ չափով դարձել էր խնդիր, որը պարտադիր լուծում էր պահանջում։ Վերջինիս խոսքով՝ նախարարության այս որոշմամաբ պետական հանրակրթական չափորոշիչների փոփոխություններով այս խնդիրը  լուծվում է, որովհետև ամբողջ աշխարհում գնահատվում է գիտելիքը, թիմային աշխատանքը, երեխաների կարողությունները, հմտությունները և  ոչ թե նյութի պարզ վերարտադրումը։ «Երբ անցնում ենք համընդհանուր ներառման, խոսել համընդհանուր ներառման կարևորությունից, փիլիսոփայությունից  և խոսել միավորային գնահատման մասին, այն էլ տարական հատվածում, իմ կարծիքով՝ բոլորովին ճիշտ չի լինի, որովհետև համընդհանուր ներառման գաղափարը իր էությամբ հակադրվում է միավորային գնահատմանը։  Մոտ 15-20 տարվա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանրակրթական դպրոցներում գնահատման համակարգը այնուամենայնիվ չի աշխատում։ Սա կարելի է նկատել նաև հանրային դիսկուրսի շրջանակներում՝ այս որոշման դեպքում հասարակությունը դրական արձագանք տվեց»,- ասաց Ստեփանյանը։ Այն հարցին, թե ինչ մեթոդներով պետք է ընթանա աշակերտների գնահատման գործընթացը և արդյո՞ք աստղիկներով գնահատման նախկին  կարգը արդյունավետ էր, Աննա Կոստանյանը պատասխանեց․ «Գնահատման արդյունավետության գնահատականը կարելի է տալ բացառապես նոր համակարգի ներդրման արդյունքում, երբ այն սկսի կիրառվել և ուսուցիչների կողմից վեր հանվեն բոլոր առաջացած և հնարավոր խնդիրները։ Այս մասին դատողություններ կարող են և պետք է անեն միմիայն կրթական ոլորտի փորձառու և առաջատար մասնագետները»։ Վերջինս իր խոսքում նշեց, որ իր որդու ուսուցչուհին առաջին դասարանում կիրառել է աստղիկային գնահատման մեթոդը, որը, այնուամենայնիվ, կրկին գնահատում է, բայց այն բավականին դրական է ազդել երեխաների հոգեբանության, մոտիվացիայի և ուսումնական առաջադիմության վրա, մի առավելությամբ, որ երեխաներն այդ ժամանակ այնքան էլ չէին կենտրոնանում աստղիկների վրա։ Անդրադառնալով արդեն գործող մեթոդներին՝ Սողոմոնյանն ասաց․ «Այդ մեթոդները որոշակի նշանակություն ունեն, կարող են երեխաներին ոգևորել, բայց նորից եմ ասում, որ ուսուցիչները գնահատականից անցնեն մոտիվացնելուն, անցնեն մանկավարժական այլ միջոցների, որոնք խորքային են և ավելի մեծ նշանակություն ունեն աշակերտի համար, քան ուղղակի թիվ նշանակելը, վարքի վրա ազդելու տարբեր ձևերը։ Գնահատականը չպետք է պատժի միջոց լինի երեխայի համար։ Դա դեմոտիվացնում է։ Ես գիտեմ, որ տարրական դասարանների շատ ուսուցիչներ մեծ դժգոհություն ունեն, թե ինչու են հանում գնահատականները տարրական դասարաններում, որովհետև դա որոշակիորեն արհեստական լծակների, քողարկված հարաբերությունների առարկա է եղել։ Եկեք ազնիվ լինենք ու խոստովանենք, որ գնահատականը չի ծառայելու կրթությանը, եթե ծնողը գոհ է, որովհետև երեխան բարձր գնահատական է ստացել, ուսուցիչն էլ իրեն լավ է զգում, բայց դրանից աշակերտի գիտելիքները չեն փոխվում»։ Լիլիթ Ստեփանյանը հավելեց, որ, իր կարծիքով, աստղիկներով, ժպիտներով կամ այլ մեթոդների կիրառումը նույնպես գնահատում էր, բայց այն չուներ իր մեջ այն թաքնված անորոշությունը, որը կարող էր թաքնվել միավորային գնահատման դեպքում։ Պատգամավորի խոսքով՝  շատ  դեպքերում  երեխայի ստացած միավորային գնահատումը չի արտացոլում երեխաների իրական գիտելիքների մակարդակը և այն մնացորդային գիտելիքը, որը ձևավորվում կամ արտահայտվում է միավորային գնահատման մեջ։ «Սա որոշ առումով խրախուսման ձև էր, բայց սա նաև գնահատման ձև էր։ Մենք դեռևս չունենք նախադպրոցական պարտադիր կրթություն, և երեխաները դպրոց են գնում մի մասը մանկապարտեզից, մյուս մասը՝ տնից, ընտանիքից, ՌԴ-ից, այսինքն՝ նրանք չեն անցել նախնական օղակը, նրանց ինչ-որ չափով մոտիվացիա էր պետք։ Ես կարծում եմ, որ այս մեթոդը սկզբնական շրջանում կօգնի ուսուցիչներին, քանի որ նրանք միանգամից պատրաստ չեն  հրաժարվել գնահատման մեթոդից»,- ընդգծեց Ստեփանյանը։ Այն հարցին, թե ինչ ձևաչափ պետք է սահմանել, որպեսզի մոտիվացիայի գոծընթացը չտուժի, իսկ երեխանները անտարբերության չմատնեն դասերը, պատգամավոր Աննա Կոստանյանը պատասխանեց․ «Գնահատման սիստեմի չեղարկումը կամ փոփոխությունը չէ, որ պետք է մոտիվացնեն կամ դեմոտիվացնեն աշակերտին, այլ ուսումնական ծրագրերի տոտալ փոփոխությունները, իրական ռեֆորմները, այն նյութը, որը կստիպի այս տեխնոլոգիական և տեղեկատվական զարգացած աշխարհում երեխային հետաքրքրվել դասերի թեմաներով, ձգտում և մղում կառաջացնի դեպի ուսումնասիրվող առարկան և դրա նյութը»։ Հնչեցված հարցի շուրջ, մեր զրուցակից Լիլիթ Ստեփանյանի կարծիքով, ամենատարածված սխալն է, երբ երեխայի վարքի համար միավորային գնահատում է անցնում մատյան, որովհետև մատյանում դրված միավորային գնահատականը երեխայի գիտելիքների համար է։ Պատգամավորի խոսքով՝ երեխային ոգևորող կարող է լինել նաև ուսուցչի կողմից հնչեցված գովասանքի խոսքը, ժպիտը, որոնք նույնպես գնահատականման միջոց են։ Ստեփանյանը չհամաձայնեց այն կարծիքի հետ, թե ուսուցիչները որպես պատիժ օգտագործում են ցածր գնահատականներ դնելու մեթոդը։ Նա շեշտեց, որ նման դեպքերի քանակը փոքր է։ «Նորից շեշտենք, որ միավորային գնահատման կարգը հանվում է 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում։ 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակում երեխաները քիչ-քիչ կսկսեն միավորային գնահատական ստանալ։ Երբ  երեխան առաջին անգամ դպրոց է գնում, նա ընդհանրապե ծանոթ չի լինում գնահատականին, գնահատման համակարգին, և այն, ինչ ուսուցիչը մատուցի աշակերտին, կդառնա  նրա համար բնականոն և սովորական կրթական մաս»,- հավելեց պատգամավորը։ Մեր երեք զրուցակիցների կարծիքով էլ մանկավարժների մեծ մասը պատրաստ չէ այս փոփոխություններին, և մինչև դրան անցնելը պետք է վերապատրաստել ուսուցիչներին։ «Բոլոր ժամանակներում էլ մասնագետները սովորաբար ոչ բավարար պատրաստվածություն են ցուցաբերում փոփոխություններին ընդառաջ։ Եվ հենց սրանում էլ կայանում է կառավարության համապատասխան ոլորտը կարգավորող գերատեսչության աշխատանքի գրավչությունը, որպեսզի կարողանա ճիշտ ռազմավարություններ մշակի, իրական ռեֆորմներ նախաձեռնի և, դրանց ընդառաջ, նաև նախապատրաստի ոլորտի մասնագետներին։ Այս պահին կարծում եմ՝ դեռևս մեր մանկավարժներն ամբողջովին պատրաստ չեն սպասվող փոփոխություններին։ Որպես առաջին քայլ՝ պետք էր նախատեսել այդ մասնագետների և մանկավարժների որակավորման ու վերաորակավորման աշխատանքները, նոր միայն սկսել մեթոդական առանցքային փոփոխությունները»,- ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։ Սողոմոնյանը, եզրափակելով իր խոսքը, հավելեց․ «Շատ ճիշտ եք ասում, և պետք է հիմա լայնամասշտաբ վերապատրաստումներ սկսեն։ Դրանք կարելի է անել նաև առցանց եղանակով։ Մենք պետք է փոխենք մեր և մեր մանկավարժների մտածողությունը, մոտեցումներրը»։ Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը նույնպես կարևորեց մանկավարժների վերապատրաստման գործընթացը։ Նա հավելեց, որ երկար տարիներ արմատացած մեթոդներով աշխատող ուսուցիչներին պետք է ասել՝ գնահատումը մնում է կրթական գործընթացի կարևոր մաս, բայց միավորային  տեսք չի ունենա։  «Ես գտնում եմ, որ գնահատում չպետք է լինի նաև 10-12-րդ դասարաններում, քանի որ Բոլոնյան գործընթացի հիմնական շեշտադրումներից մեկն էլ այն էր, որ ավագ դպրոցի հոսքային դասարանում սովորած և քննությունները հաջողությամբ ավարտած երեխան կարող է առանց որևէ քննության ընդունվել բուհ։ Աշխարհի ոչ մի կրթական մոդել չունի գնահատականակենտրոն կրթական համակարգ»,- եզրափակեց Ստեփանյանը։ Ասպրամ Փարսադանյան
13:36 - 08 մայիսի, 2020
«Այբ» հիմնադրամում մեծ պրոբլեմներ կան, ուսումնասիրությունները հանձնել ենք իրավապահներին․ Արայիկ Հարությունյան
 |tert.am|

«Այբ» հիմնադրամում մեծ պրոբլեմներ կան, ուսումնասիրությունները հանձնել ենք իրավապահներին․ Արայիկ Հարությունյան |tert.am|

tert.am: Խորհրդականս պարզել է, որ «Այբ» հիմնադրամում մեծ պրոբլեմներ կան, ուսումնասիրությունները հանձնել ենք իրավապահներին։ Այս մասին այսօր Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանին։ Պատգամավորը հիշեցրեց նախարարի 2 տարի առաջ արված ֆեյսբուքյան գրառումը, որտեղ Արայիկ Հարությունյանը նշել էր, որ «Այբ» հիմնադրամը և այդ դպրոցի հիմնադիրներից Տեր Մեսրոպ քահանա Արամյանը կրթությանը ամենաշատ վնաս են հասցրել․ «Խոստացել էիք «Այբ»-ում աուդիտ անել, արդյոք կայացե՞լ է աուդիտը»,- հարցրեց Աննա Կոստանյանը։ «Տիկին Կոստանյան, մեր հարցուպատասխանները սերիալի են նմանվում։ Ես կփորձեմ այնպես անել, որ այդ սերիալը որակով լինի, կխնդրեմ նույն էլ դու անեք։ Այո, ես Տեր Մեսրոպի գործունեության հետ կապված արել եմ քաղաքական հայտարարություն։ «Այբ»-ի գործունեության հետ կապված, ես չգիտեմ, զուգադիպել է ձեր հարցը, թե ոչ, գուցե դատախազությունում նաև աղբյուրներ ունեք։ Ես նոր խորհրդական ունեմ, որը ուժային կառույցներում աշխատանքի բավականին մեծ փորձ ունի և նմանատիպ գործերը քննելն իրեն եմ հանձնարարել։ Վերջերս նա զեկուցեց, որ իսկապես այդտեղ մեծ պրոբլեմներ կան, թեպետ, նախկինում էլ ուսումնասիրվել էր։ Հիմա համապատասխան մարմիններին ենք դա հանձնել»,- նշեց Արայիկ Հարությունյանը։
19:36 - 06 մայիսի, 2020
Աշխատում ենք և աշխատելու ենք՝ որպես երկու հավասարազոր գործընկեր. ԱԳ նախարարը՝ Ռուսաստանի մասին

 |armenpress.am|

Աշխատում ենք և աշխատելու ենք՝ որպես երկու հավասարազոր գործընկեր. ԱԳ նախարարը՝ Ռուսաստանի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վերահաստատում է՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից: Մնացականյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանին, թե Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Արցախի խնդրին առնչվող  վերջին հայտարարությունն արդյոք չի պարունակում կոնկրետ մեսիջներ: «Մենք ունենք հայ-ռուսական հարաբերություններ, որոնք բավական հագեցած են իրենց օրակարգով, ունենք պատմություն, որոնք հիմնվում են հիմնավոր դաշնակցային հարաբերությունների՝ բոլոր սկզբունքների վրա, որոնք արտահայտված են մեր բազմաթիվ իրավական փաստաթղթերում, ունեն շատ կոնկրետ կիրառական արտահայտություն: Այդ հարաբերությունները վերաբերվում են բազմաթիվ բնագավառների՝ սկսած անվտանգային բնագավառից: Մեր կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ այդ հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը: Եվ այդ ոգու մեջ մենք շարունակում ենք աշխատել ՌԴ-ի մեր գործընկերների հետ»,-ասաց նա: Նախարարը նկատեց՝ բնականաբար կան տարբեր հարցեր՝ Հայաստանի կողմից, ՌԴ-ի կողմից այնպես, ինչպես կան  հարցեր՝  մնացած բոլոր գործընկերների հետ, բայց դրանից դրամա դարձնել պետք չէ: «Դրանք հարաբերություններ են, որ ոչ անպայման պետք է սկսվեն ու  վերջանան կենացներով, յուրաքանչյուրն ունի իր հարցերը, գերակայությունները:  Սակայն սրանք համագործակցային, դաշնակցային հարաբերություններ են: Եվ այդպես էլ աշխատում ենք և աշխատելու ենք՝ որպես երկու հավասարազոր գործընկեր, բարեկամ, դաշնակից պետություններ»,-ասաց նա: Խաչատրյանը նշեց, որ որևէ մեկը կասկածի տակ չի առնում հայ ռուսական ռազմական հարաբերությունները, բայց հարցն է, թե ում էին ուղղված այդ հայտարարության հաղորդագրությունները: «Կարծեմ հարցը գալիս էր ադրբեջանական աղբյուրից և պատասխանը ուղղված էր ադրբեջանական աղբյուրին»,-արձագանքեց Մնացականյանը:
19:03 - 06 մայիսի, 2020
Սահմանափակումների մեղմացմանը պետք է գնալ աստիճանաբար՝ ոլորտ առ ոլորտ․ Սերգեյ Բագրատյան |tert.am|

Սահմանափակումների մեղմացմանը պետք է գնալ աստիճանաբար՝ ոլորտ առ ոլորտ․ Սերգեյ Բագրատյան |tert.am|

tert.am: Պետք է տնտեսությունը և առողջապահությունը համադրված աշխատեցնել, սահմանափակումների մեղմացմանը պետք է գնալ աստիճանաբար՝ ոլորտ առ ոլորտ: Այս մասին ասաց ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով պարետատան որոշմանը՝ մայիսի 4-ից վերացնել սահմանափակումների մեծ մասն ու թույլ տալ քաղաքացիների ազատ տեղաշարժը։«Եթե դու սպասես, մինչև տնտեսությունդ ամբողջովին կանգնի, քեզ ևս մեկ տարի պետք կլինի, որ տնտեսությունը զրոյից աշախատեցնես, պետք է փորձես անվտանգ ուղղություններով տնտեսությունը զարգացնել, այդպես հեշտ կլինի կայուն ռեժիմ մտնելու գործընթացը»,-ասաց նա:Սերգեյ Բագրատյանի խոսքով ՝ բոլորը երկրները, որոնք սահմանափակումներրը մեղմացնում են, հիմնականում այդ քայլին գնում են սոցիալական պատճառներով. պետք է աշխատել և հարկեր վճարել, որպեսզի առողջապահության ոլորտին ևս լրացուցիչ միջոցներ տրամադրվեն:ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ևս ասաց, որ սահմանափակումները պետք է աստիճանաբար վերացնել, որին զուգահեռ պետք է տրվեն նաև առողջապահական երաշխիքներ, որպեսզի հոսպիտալացման մեծ հոսք չլինի:«Երկուշաբթի օրը կհրապարակեն որոշումն ամբողջությամբ, որտեղ պարզ կլինի, թե ինչ չափանիշներով են մեղմացնում, ինչ չափանիշներով են ընտրել կոնկրետ տնտեսական ոլորտները, թիրախները: Բոլորս էլ հասկանում ենք, որ այս իրավիճակում տնտեսությունը չենք կարող փակ պահել, շրջանառությունը պակասել է, այդ խնդիրը պիտի լուծվի: Պարզապես պետք է հասկանալ՝ ինչ միջոցներով, ինչ գործիքներով պետք է վերականգնել»,-ասաց նա:   Շարունակությունը՝ tert.am-ում։
20:33 - 02 մայիսի, 2020
Հակաճգնաժամային միջոցառումներից օգտվել է 10 հազ. 531 իրավաբանական անձ և 639 հազ. 592 ընտանիք

Հակաճգնաժամային միջոցառումներից օգտվել է 10 հազ. 531 իրավաբանական անձ և 639 հազ. 592 ընտանիք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների տնտեսական բլոկը ներկայացնող պատգամավորների հետ:  Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իր խոսքում վարչապետը նախ անդրադարձել է կառավարության հակաճգնաժամային միջոցառումների ընթացքին: «Ինչպես գիտեք, կառավարությունն այս պահի դրությամբ ընդունել է 13 հակաճգնաժամային ծրագիր: Կառավարության վաղվա նիստում մենք ունենք առնվազն ևս մեկ ծրագիր, որը կապված է ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման հետ: Պլանավորում ենք նաև որոշ փոփոխություններ իրականացնել միջոցառումների մեջ, որոնցով կկարգավորենք այս ընթացքում ստացած ահազանգերը, ազդակները»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:  Վարչապետը տեղեկացրել է, որ հակաճգնաժամային 1-ին միջոցառման շրջանակում, որով արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվում ընկերություններին՝ աշխատավարձ, հարկեր, կոմունալ ծախսեր վճարելու և որոշ դեպքերում սննդի ներկրումներ, սարքավորումկներ ձեռք բերելու համար, արդեն իսկ բավարարվել է 259 հայտ, ֆինանսավորման ծավալը կազմում է 18 մլրդ դրամ:  2-րդ ծրագրով, որը վերաբերվում է գյուղատնտեսությանը՝ բավականին լայն օրակարգով, այս պահի դրությամբ բավարարվել է 3 հազար 419 հայտ, ֆինանսավորման ծավալը կազմում է 4 մլրդ 827 մլն դրամ: «Նաև մենք որոշում կայացրեցինք 4 մլրդ դրամի չափով վերաֆինանսավորում իրականացնել, որից 2 մլրդ դրամը կծախսվի միկրովարկերի, իսկ ևս 2 մլրդը՝ 3-12 մլն դրամի գյուղատնտեսական ծրագրային և ոչ միայն ծրագրային վարկերի վրա: Ընդ որում, այսօրվա քննարկումների արդյունքում մենք որոշեցինք, որ այս խմբի վարկերի սահմանափաչափերը կավելացնենք և կդարձնենք 3-ից 30 մլն դրամ՝ մի շարք ծրագրային ուղղություններով»,- ասել է վարչապետը:  3-րդ ծրագրով, որ վերաբերվում է տուժած փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեությանը և այն ընկերություններին, որոնք ունեն բարվոք և բարվոքին մոտ հարկային ու վարկային պատմություն, բավարարվել է 371 հայտ, ֆինանսավորման ծավալը կազմում է 4,1 մլրդ դրամ:  4-րդ միջոցառումը, որը սոցիալական է, վերաբերվում էր այն աշխատողներին, ովքեր որոշակի ժամանակահատվածում կորցրել են աշխատանքը և որոնց ընտանիքներում կա մինչև 14 տարեկան երեխա: Պարզվել է, որ այս ծրագրով շահառուների թիվը 1955 է, ֆինանսավորվել 195 մլն դրամ: Ծրագիրն արդեն ավարտված է: Խոսելով 5-րդ ծրագրի մասին, որը նույնպես տնտեսական բնույթի և դրամաշնորհային, վարչապետն ասել է. «Դրամաշնորհ ենք հատկացնում այն ընկերություններին, որոնք պահպանել են նախաճգնաժամային ժամանակաշրջանի աշխատատեղերը և աշխատավարձի ֆոնդը: Խոսքը 2-50 աշխատող ունեցող ընկերությունների մասին է և յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձը դրամաշնորհի կարգով վճարում է կառավարությունը: Այս պահի դրությամբ դրամաշնորհ ենք տրամադրել 9 հազար 901 տնտեսվարողի, դրամաշնորհի ծավալը կազմել է 1 մլրդ 600 մլն դրամ»,- ասել է գործադիրի ղեկավարը: Սոցիալական բնույթի 6-րդ միջոցառումը վերաբերվում էր ճգնաժամի շրջանում՝ մարտի 13-ից 25-ը, աշխատանքը կորցրած քաղաքացիներին: Այս ծրագիրը նույնպես ավարտվել է: Այդ չափանիշին համապատասխանել է 6 հազար 723 շահառու, նրանց վճարվել է ընդհանուր 457 մլն դրամ: 7-րդ միջոցառումն աջակցում էր այն ընտանիքներին, որտեղ կա հղի կին և ամուսինն աշխատանքը կորցրել է ճգնաժամի շրջանում: Այս միջոցառումը նույնպես ավարտված է: Ծրագրից օգտվել է 8 հազար 753 շահառու, վճարվել է ընդհանուր 875 մլն դրամ: 8-րդ միջոցառումը, որը վերաբերվում էր տուժած ոլորտների անհատ ձեռնարկատերերին և ոլորտների աշխատողներին աջակցելուն, այս պահի դրությամբ բավարարվել է 83 հազար 406 հայտ և վճարվել է 5 մլրդ 777 մլն դրամ: «9-րդ միջոցառումը վերաբերվում է այն ընտանիքներին, որտեղ ընդհանրապես չկա աշխատող և որտեղ կան երեխաներ և մենք այս միջոցով փորձել ենք գտնել, այսպես ասած չգրանցված աշխատողներին: 7-րդ միջոցառումն էլ այդպիսի նպատակադրում ունի: 9-րդ միջոցառումով այս պահի դրությամբ բացահայտվել է 52 հազար 791 հայտ, վճարված գումարը 1,4 մլրդ դրամ է: Ասեմ, որ 8-րդ և 9-րդ միջոցառումների շրջանակում մենք սպասում ենք, որ կունենանք 100 հազար և ավելի շահառու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով 10-րդ միջոցառմանը՝ վարչապետը նշել է, որ այն վերաբերում է միկրոբիզնեսի սուբյեկտներին: Այս պահի դրությամբ բավարարվել է 1485 հայտ, վճարվել է 83,4 մլն դրամ: «11-12-րդ միջոցառումները վերաբերվում են շահառուների կոմունալ ծախսերին: 11-րդ միջոցառման պարագայում ունենք 450 հազար 827 շահառու, ընդ որում այս թիվը պետք է համարյա կիսով չափ կրճատել, որովհետև հաշվառված են և գազի, և էլեկտրաէներգիայի շահառուները: Իհարկե ոչ ամբողջությամբ, որովհետև կլինեն շահառուներ, որոնք ունեն էլեկտրաէնեգիա, իսկ գազ չունեն: Այստեղ վճարված է 786 մլն դրամ: Այս ծրագրի շրջանակում գումարը փոխանցվում է շահառուների բաժանորդային հաշվիներին: 12-րդ ծրագիրը նույնպես վերաբերվում էր կոմունալ վարձերին: Այստեղ նույնպես թիվը պետք է մոտավորապես 40 տոկոսով կրճատել, շահառուները 486 հազար 434-ն են, վճարվել է 1,8 մլրդ դրամ»,- ասել է կառավարության ղեկավարը: 13-րդ միջոցառումը, որը վերաբերվում է նպաստառու ընտանիքներին նպաստի գծով աջակցություն ցույց տալուն, ունի 85 հազար 906 շահառու ընտանիք, որոնց կվճարվի 1 մլրդ 252 մլն դրամ: Այս վճարումը կիրականացվի ապրիլ ամսվա նպաստների հետ միասին: Ամփոփելով՝ վարչապետը նշել է. «Այս պահի դրությամբ կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումներից օգտվել է 10 հազար 531 իրավաբանական անձ և մոտ 639 հազար 592 ընտանիք: Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում տեղաբաշխվել է 29 մլրդ 900 մլն դրամ: Մենք նաև հակաճգնաժամային բնույթ կամ դրա հետ առնչություն ունեցող որոշ որոշումներ ենք կայացնում, որոնք չեն հաշվառվում որպես հակաճգնաժամային միջոցառումներ: Այսօր Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի փոփոխությունների առաջարկը քննարկվեց, որն, այսպես ասած, միացյալ նախաձեռնություն էր: Շարունակում ենք ամենօրյա ռեժիմով աշխատանքը և իհարկե նաև ձեր օգնությամբ առավելագույնը կանենք, որպեսզի մեր աջակցության ծրագրերը լինեն արդյունավետ և հասցեական»: Այնուհետև փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը տեղեկատվություն է ներկայացրել կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ իրավիճակը վերահսկելի է և օրական անցկացվող թեստերի քանակը հասցվել է 1000-ի: Պարետը նաև խոսել է թույլատրելի տնտեսական գործունեության ոլորտների ընդլայնման շուրջ հնարավոր որոշումների մասին: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հակաճգնաժամային միջոցառումների, ինչպես նաև համավարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյւալ: Վարչապետը և կառավարության անդամները պատասխանել են պատգամավորներին հուզող հարցերին և ներկայացրել պարզաբանումներ:   
21:10 - 22 ապրիլի, 2020