ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

Մինչև այսօր չենք կարողացել որոշում կայացնել ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիային ՀԱՊԿ արձագանքի վերաբերյալ․ վարչապետ

 |armenpress.am|

Մինչև այսօր չենք կարողացել որոշում կայացնել ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիային ՀԱՊԿ արձագանքի վերաբերյալ․ վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Վերջին երկու տարիների ընթացքում ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանը առնվազն երեք անգամ ենթարկվել է Ադրբեջանի կողմից ագրեսիայի։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Տխրեցնում է այն փաստը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս, և առավել եւս, որ, ըստ էության, մինչև այսօր մենք չենք կարողացել որոշում կայացնել ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային արձագանքի վերաբերյալ։ Այս փաստերը հսկա վնաս են հասցնում ՀԱՊԿ-ի համբավին թե՛ մեր երկրի ներսում, թե՛ դրանից դուրս, և ես սա համարում եմ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հիմնական ձախողումը։ Նույնը կարող եմ ասել մեր դաշնակիցների՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակի սրման փաստերի մասին։ Միևնույն ժամանակ, պետք է նշեմ նաև մեր հաջող գործողությունները։ Նկատի ունեմ ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքը Ղազախստանի նախագահ պարոն Տոկաևի՝ այս տարվա հունվարին իրենց երկրում օրինականության և կարգուկանոնի վերականգնման հարցում աջակցելու դիմումին։ Այս դեպքում մենք խնդիրը լուծեցինք մեկ գիշերվա ընթացքում, ինչը թույլ տվեց Ղազախստանին խուսափել ներքին քաոսից»,- ասաց Փաշինյանը։ Օգտվելով առիթից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Կասիմ-Ժոմարտ Քեմելի Տոկաևին Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ «Ընկերներ, այսօրվա հանդիպման օրակարգը հագեցած է։ Հուսով եմ, որ մեզ կհաջողվի համաձայնեցնել մեր դաշնակցային մոտեցումները և հասնել արդիական հարցերի շուրջ համակարգված կոլեկտիվ փոխգործակցության»,- եզրափակեց Փաշինյանը։
17:05 - 23 նոյեմբերի, 2022
Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը

 |armenpress.am|

Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Նիստին մասնակցում են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի խնդիրները և ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները միջնստաշրջանային շրջանում: Ամենակարևոր հարցերից մեկը կլինի ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետությանը օգնության տրամադրման համատեղ միջոցառումների քննարկումը։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում նախատեսվում է ընդունել Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը։ Խորհրդի նիստի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելուն, ճառագայթային, քիմիական և կենսաբանական համատեղ պաշտպանության ձևավորմանը։ 2023 թվականի հունվարի 1-ից կայանալիք ռոտացիայի կապակցությամբ կքննարկվի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը։
16:20 - 23 նոյեմբերի, 2022
Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ Մեղրիում միջանցք պոկի, Իրանի հետ սահմանի երկայնքով միջանք ստանա․ Դանիել Իոաննիսյանը՝ «Ո՛չ ՀԱՊԿ-ին, դուրս ՀԱՊԿ-ից» ակցիայի իր ելույթում

Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ Մեղրիում միջանցք պոկի, Իրանի հետ սահմանի երկայնքով միջանք ստանա․ Դանիել Իոաննիսյանը՝ «Ո՛չ ՀԱՊԿ-ին, դուրս ՀԱՊԿ-ից» ակցիայի իր ելույթում

Էն մարդիկ, որոնք հավաքվել կամ հավաքվում են կարծեմ «Դվին» հյուրանոցում, նույնիսկ չեն արձանագրում, որ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ տարածք։ Դրանք մարդիկ են, որոնք իրենք են ուզում Հայաստանից կտոր կոպել։ Այս մասին Ազատության հրապարակում «Ո՛չ ՀԱՊԿ-ին, դուրս ՀԱՊԿ-ից» խորագրով բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ «Արդեն գաղտնիք չի, որ Ռուսաստանն ուզում է ու ամեն ինչ անում է, որ Մեղրիում միջանցք պոկի, Իրանի հետ սահմանի երկայնքով միջանք ստանա։ Հայաստանի Հանրապետության ամեն քառակուսի մետր պետք է լինի ՀՀ ենթակայության, վերահսկողության տակ․ ոչ Ադրբեջանի, ոչ Ռուսաստանի, միայն ՀՀ-ի»,- նշեց Իոաննիսյանը։  Բողոքի ակցիայի ժամանակ ելույթ ունեցավ նաև ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը․ «Քանի անգամ մենք պիտի առնչվենք դրանց ուխտադրուժ վարքին ու դիրքին, որ համոզվենք, որ ՀԱՊԿ-ը Վալոդի (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի-խմբ․) պրոյեկտն է՝ կայսրության վերականգնման, փլուզման ուշացման պրոյեկտը, հնարավոր ջանքերը միշտ ներդրել և ներդնում է, որ վերականգնի իր պատկերացրած փառահեղ կայսրությունը՝ Սովետի տեսքով։ Հիմա Հայաստանը դառնում է դրանց հանդիպումների տարածք․ հազար ու մի հնար կա այսպիսի հանդիպումները այստեղից քշելու հեռու։ Ես մինչև հիմա կարծում եմ, թե վարչապետը մտածում է, թե ՀԱՊԿ-ը կարելի է աշխատեցնել Հայաստանի օգտին, բա էդքան միամիտ լինու՞մ են»,- ասաց Բարսեղյանը։ 
16:03 - 23 նոյեմբերի, 2022
Մի խումբ քաղաքացիներ պատրաստվում են դիմավորել Վլադիմիր Պուտինին

Մի խումբ քաղաքացիներ պատրաստվում են դիմավորել Վլադիմիր Պուտինին

Մի խումբ քաղաքացիներ «Միասին» և «Բարի գալուստ» պաստառներով պատրաստվում են դիմավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նշենք, որ ՌԴ նախագահը Հայաստան է ժամանելու մասնակցելու Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Ավելի ուշ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Խորհրդի անդամները կքննարկեն միջազգայի և տարածաշրջանային անվտանգության հետ կապված արդիական հարցերը և ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները նախորդ նիստից հետո։ Կարևորագույն հարցերից են լինելու ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների քննարկումը։ Նախատեսվում է նիստի ընթացքում ընդունել Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը։ Նիստի օրակարգում ընդգրկված են ստորագրման ենթակա մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելուն, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանական մեխանիզմների համատեղ ձևավորմանը։ 2023 թվականի հունվարի 1-ի ռոտացիայի հետ կապված՝ խորհուրդը կքննարկի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը։
15:27 - 23 նոյեմբերի, 2022
Պուտինից պահանջում ենք հայրենադարձել գերիներին. բողոքի ակցիա Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի դիմաց

 |factor.am|

Պուտինից պահանջում ենք հայրենադարձել գերիներին. բողոքի ակցիա Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի դիմաց |factor.am|

factor.am: Այսօր ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովին մասնակցելու նպատակով ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարելիք այցին ընդառաջ Խծաբերդում գերեվարված զինվորականների հարազատները բողոքի ցույց են անցկացրել Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի դիմաց։ Նրանք Վլադիմիր Պուտինից պահանջում են անհապաղ վերադարձնել իրենց որդիներին, որպես գերհզոր երկրի ղեկավար` տեր կանգնել եռակողմ համաձայնագրի կատարմանը։ Ցուցարարների խոսքով՝ եթե ՌԴ նախագահը ցանկանա, կկարողանա արագ հայրենադարձել իրենց որդիներին, որոնք արդեն երկու տարի է` Բաքվի բանտերում են։ Ըստ բողոքավորների՝ իրենց զավակները Խծաբերդում գերեվարվել են «ռուս խաղաղապահների քթի տակ», այն ժամանակ, երբ Խծաբերդը հայերի վերահսկողության ներքո էր, իսկ ռուս խաղաղապահները խաղաղության երաշխավորն էին։Շարունակությունը՝ factor.am -ում 
14:55 - 23 նոյեմբերի, 2022
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն Ուկրաինայի շուրջ հակամարտության ընդլայնման վտանգ է տեսնում

 |armenpress.am|

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն Ուկրաինայի շուրջ հակամարտության ընդլայնման վտանգ է տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի և այլ պետությունների կողմից Կիևին տրամադրվող զանգվածային աջակցությունը սպառնում է հակամարտության ընդլայնմանը՝ դրանում այլ երկրների ընդգրկման հաշվին։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստում այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ «Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամ պետությունները մեծացնում են զորակազմերը, կատարելագործում ռազմական ենթակառուցվածքները՝ մոտենալով ՀԱՊԿ պատասխանատվության գոտու արևմտյան սահմաններին։ Անշուշտ, դա լրացուցիչ մարտահրավերներ է ստեղծում, այդ թվում՝ մեր կազմակերպության համար», -ասել է նա։
14:16 - 23 նոյեմբերի, 2022
ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ ռեսուրսներ տաջիկա-ղրղզական սահմանին իրավիճակի կարգավորմանն օգնելու համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար


 |armenpress.am|

ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ ռեսուրսներ տաջիկա-ղրղզական սահմանին իրավիճակի կարգավորմանն օգնելու համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ կազմակերպությունն ունի անհրաժեշտ ռեսուրսներ տաջիկա-ղրղզական սահմանին իրավիճակի կարգավորմանն օգնելու համար, եթե երկու պետություններն էլ դա անհրաժեշտ համարեն: Զասն այս մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստում։ «Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում առանձնահատուկ նշանակություն ենք տալիս տաջիկա-ղրղզական սահմանին իրավիճակի հետագա կարգավորմանը։ Կարծում ենք, որ ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ ռեսուրսներ և փորձ ՝ օգնելու մեր երկու պետություններին այդ նպատակին հասնելու հարցում», - ասել է Զասը։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ն կարող է աջակցություն ցուցաբերել, եթե Տաջիկստանն ու Ղրղզստանը դա անհրաժեշտ համարեն։
13:54 - 23 նոյեմբերի, 2022
«Ո՛չ ՀԱՊԿ-ին, դուրս ՀԱՊԿ-ից» խորագրով ակցիա է ընթանում Ազատության հրապարակում

«Ո՛չ ՀԱՊԿ-ին, դուրս ՀԱՊԿ-ից» խորագրով ակցիա է ընթանում Ազատության հրապարակում

Ազատության հրապարակում տեղի է ունենում բողոքի ակցիա՝ «Ո՛չ ՀԱՊԿ-ին, դուրս ՀԱՊԿ-ից» խորագրով։ Դանիել Իոաննիսյանը իր ելույթում նշեց, որ իրենք այստեղ են ասելու, որ համաձայն չեն Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցությանը։ Նշենք, որ այս պահին Երևանում ընթանում է ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը։ Ավելի ուշ, Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները, այդ թվում նաև՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ըստ ՀԱՊԿ մամուլի ծառայության՝ նիրստի վերաբերյալ հաղորդագրության՝ կարևորագույն հարցերից են լինելու ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համար համատեղ միջոցառումների քննարկումը։ Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնել է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հայաստանին օգնություն ցուցաբերելու որոշման նախագիծն ընդհանուր առմամբ համաձայնեցված է: 
13:40 - 23 նոյեմբերի, 2022
Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին ՀԱՊԿ որոշման նախագիծն ընդհանուր առմամբ համաձայնեցված է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

 |armenpress.am|

Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին ՀԱՊԿ որոշման նախագիծն ընդհանուր առմամբ համաձայնեցված է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ՝ Հայաստանին օգնություն ցուցաբերելու որոշման նախագիծն ընդհանուր առմամբ համաձայնեցված է: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստում այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: «Կովկասյան տարածաշրջանում դրական դեր է խաղում Հայաստանի և մյուս մասնակիցների ջանքերը խաղաղ պայմանավորվածություններ ձեռք բերելու, սահմանների իրավական ձևակերպման և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։ Մինչդեռ լարվածությունը պահպանվում է հայ-ադրբեջանական սահմանին»,- ասել է Զասը։ Նրա խոսքով ՝ ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի միջոցով ստացվող տեղեկատվությունը հաստատում է, որ գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում հայ-ադրբեջանական սահմանին: «Այդ առիթով Հավաքական անվտանգության խորհրդի երեք արտահերթ նստաշրջանների քննարկումները (մայիս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին) նվիրված էին Հայաստանի Հանրապետության համար առաջացող սպառնալիքներին։ Ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը ՝ ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության եզրակացությունների և առաջարկությունների հիման վրա Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին»,- ասել է Զասը։
12:58 - 23 նոյեմբերի, 2022
ՀԱՊԿ համատեղ նիստում նախատեսվում է 24 փաստաթուղթ ստորագրել

 |armenpress.am|

ՀԱՊԿ համատեղ նիստում նախատեսվում է 24 փաստաթուղթ ստորագրել |armenpress.am|

armenpress.am: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ակնկալում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստում կկարողանան բաց և կառուցողական մտքերի փոխանակման միջոցով վերլուծել և գնահատական տալ միջազգային և տարածաշրջանային անվտանգության ոլորտի ներկա իրավիճակին և այս լույսի ներքո կշռադատել ՀԱՊԿ երկրների համար հնարավոր ռիսկերը։ «Օրակարգը բավականին հագեցած է, կքննարկվեն հարցերի լայն շրջանակ՝ թե քաղաքական, թե անվտանգային հարցեր»,- ասաց Միրզոյանը։ Արտաքին գործերի նախարարը ներկայացրեց նաև ՀԱՊԿ համատեղ նիստի բոլոր մասնակիցներին։ «Ջերմորեն ողջունում եմ և մաղթում եմ բոլորիս արգասաբեր աշխատանք»,- եզրափակեց Միրզոյանը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Ստանիսլավ  Զասը իր հերթին ներկայացրեց նիստի օրակարգը։ «Առաջին հերթին կքննարկվի ՀԱՊԿ երկրների ռազմաքաղաքական անվտանգության հարցը, հետո տեղեկություն կտրամադրեմ 24 փաստաթղթերի վերաբերյալ, որոնք արդեն մշակվել են, համաձայնեցվել, դրանք կներկայացվեն ձեզ քննարկման համար։ Արդյունքում՝ նախատեսվում է ստորագրել 24 փաստաթուղթ»,- ասաց Զասը։  
12:50 - 23 նոյեմբերի, 2022
Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը

 |armenpress.am|

Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը |armenpress.am|

armenpress.am: Երևանում նոյեմբերի 23-ին մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստը։ Ավելի ուշ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։  Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի խնդիրները և ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները միջնստաշրջանային շրջանում: Ամենակարևոր հարցերից մեկը կլինի ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետությանը օգնության տրամադրման համատեղ միջոցառումների քննարկումը։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում նախատեսվում է ընդունել Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը։ Խորհրդի նիստի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելուն, ճառագայթային, քիմիական և կենսաբանական համատեղ պաշտպանության ձևավորմանը։ 2023 թվականի հունվարի 1-ից կայանալիք ռոտացիայի կապակցությամբ կքննարկվի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը։  
11:37 - 23 նոյեմբերի, 2022
Այս հանդիպումը առաջինն է առկա ձևաչափով` սեպտեմբերին ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո․ Միրզոյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում

Այս հանդիպումը առաջինն է առկա ձևաչափով` սեպտեմբերին ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո․ Միրզոյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում

Այսօր Երևանում կայացել է ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով արտահերթ նիստը։ ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի բացման խոսքը․ «Հարգելի գործընկերներ,   Ողջունում եմ ձեզ Երևանում` արտաքին գործերի նախարարության շենքում: Ուրախ եմ տեսնել բոլորիդ:   Այսօր մենք անցկացնում ենք արտաքին գործերի նախարարների հանդիպումը, իսկ վաղն առկա ձևաչափով տեղի կունենա ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի հերթական համատեղ նիստը: Մենք քննարկելու ենք շատ կարևոր հարցեր, կարևոր մեր երկրների և, ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ համար: Մեզ համար այս հանդիպումը կարևոր է նաև, քանզի այն առաջինն է առկա ձևաչափով` այս տարվա սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո։ Մեր օրակարգում է մոտ երկու տասնյակ փաստաթուղթ, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականության համակարգմանը, ռազմաքաղաքական համագործակցությանը, նոր սպառնալիքներին ու մարտահրավերներին և, իհարկե, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: Նախագծերի և հարցերի մեծ մասն արդեն համաձայնեցված է. երեկ և այսօր Համաձայնեցման հանձնաժողովն աշխատել է Ստանիսլավ Զասի ղեկավարությամբ:  Հուսով եմ, որ կունենանք մտքերի արդյունավետ փոխանակում և առաջարկում եմ սկսել աշխատանքները»,- ասել է Միրզոյանը:
21:09 - 22 նոյեմբերի, 2022