Հայոց ցեղասպանություն

Միլիոնավոր հայեր մահացել են, որպեսզի պահպանեն իրենց հազարամյա մշակույթը, լեզուն, կրոնը և կարողանան գոյատևել. Կարոլինա Ֆերնանդես |1lurer.am|

Միլիոնավոր հայեր մահացել են, որպեսզի պահպանեն իրենց հազարամյա մշակույթը, լեզուն, կրոնը և կարողանան գոյատևել. Կարոլինա Ֆերնանդես |1lurer.am|

1lurer.am: Հայոց եղեռնի հիշատակի այս օրը մենք ձեզ հետ ենք: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսը: ««Ազատություն» բառն աշխարհի լավագույն բառերից մեկն է: Դա մարդու այն կարողությունն է, որ կարողանա գործել սեփական կամքով, ինչպես նաև նշանակում է, որ չկա ճնշում և ինչ-որ մեկը մյուսին չի կարող ենթարկել և լինել ենթարկված: Ազգերն ու ժողովուրդներն թանկ են վճարել ազատության համար, դա նրանց արժեցել է մարդկային կյանքեր, ցավ և տառապանք: Հայաստանը, ինչպես նաև Կենտրոնական Ամերիկան, բավականին մեծ գին են վճարել ազատության դիմաց: Մեր դեպքում դա արժեցել է հազարավոր մարդկանց կյանքեր, որոնք մահացել և սպանվել են քաղաքացիական պատերազմների ընթացքում:Հայաստանի պարագայում միլիոնավոր մարդիկ մահացել են, որպեսզի կարողանան պահպանել իրենց հազարամյա մշակույթը, լեզուն, կրոնը և կարողանան գոյատևել: Ինչպես Հայաստանը, այնպես էլ Կենտրոնական Ամերիկան ունեցել են առավելություններով հարուստ աշխարհագրական դիրք, որը մյուսների մոտ առաջացրել է որոշակի նախանձ, ուստի թանկ ենք վճարել ազատության համար: Կենտրոնական Ամերիկայի խորհրդարանի անունից մեկ րոպե լռությամբ հարգում ենք մահացածների հիշատակն այս տխուր առիթով և ցանկանում ենք, որ վերականգնվեն խաղաղությունը, արդարությունն ու ճշմարտությունը: Ցանկանում ենք կառուցել ամուր բարեկամական հարաբերություններ, որոնք կլինեն երկար և շարունակական՝ մեր երկու ժողովուրդների միջև»,- ասաց Ֆերնանդեսը:
10:49 - 24 ապրիլի, 2021
Պետք է այլևս երբեք թույլ չտանք նման ողբերգությունների կրկնությունը. ԵԽ պատգամավորի ուղերձը |armenpress.am|

Պետք է այլևս երբեք թույլ չտանք նման ողբերգությունների կրկնությունը. ԵԽ պատգամավորի ուղերձը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական Խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող, ԵԺԿ խմբի փոխնախագահ Անդրեյ Կովաչևը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին կոչ է անում հիշել կատարված ողբերգությունը՝ ապագայում այն այլևս երբեք չկրկնելու համար:  «Պետք է այլևս երբեք թույլ չտանք նման ողբերգությունների կրկնությունը: Պատմությունը չպետք է կրկնվի: Ցավոք, մենք տեսնում ենք, որ անցյալից դասեր չենք քաղել: Այսօր անմեղ մարդիկ շարունակում են գերի պահվել, նրանք հետապնդումների են ենթարկվում և սպանվում՝ միայն իրենց էթնիկ պատկանելության պատճառով: Մենք պետք է շարունակենք պայքարել՝ հանուն նրանց իրավունքների ու արժանապատվության պաշտպանության: Չպետք է մոռանանք և կրկնենք մեկդարյա վաղեմություն ունեցող ողբերգական դեպքերը»,- ասել է ԵԺԿ փոխնախագահ Կովաչևը:
10:48 - 24 ապրիլի, 2021
Ցեղասպանության զոհերի և վերապրածների ճակատագրերը պարտավորեցնում են ստեղծել հզոր հայրենիք. Սինանյան

Ցեղասպանության զոհերի և վերապրածների ճակատագրերը պարտավորեցնում են ստեղծել հզոր հայրենիք. Սինանյան

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը խոսք է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ: «Սփյուռքի սիրելի քույրեր ու եղբայրներ, այսօր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է: Ապրիլի 24-ը յուրաքանչյուր հայի համար խորհուրդ ունի. մի կողմից մենք ապրեցինք մեր պատմության ամենասարսափելի արհավիրքը, ստիպված եղանք հեռանալ մեր պատմական հայրենիքից և սփռվել աշխարհով մեկ, մյուս կողմից մեր մեջ ուժ գտանք վերապրելու, ստեղծելու պետականություն և կենսունակ սփյուռք: Այսօր մենք կրկին բախվել ենք ցեղասպանության վտանգին, առերեսվել ենք թուրքական ագրեսիային, որին բոլորս ականատես եղանք Արցախյան վերջին պատերազմի օրերին: Մեր ազգային գաղափարախոսության իրագործման հետևողական քայլերը՝ Հայրենիք, Սփյուռք հարաբերությունների նոր մակարդակի ձևավորումն ավելի քան արդիական են Հայաստանի պետականության կայացման և հարատևման գործում: Ցեղասպանության ողջ պատմությունը, զոհերի և վերապրածների ճակատագրերը մեզ պարտավորեցնում են ստեղծել հզոր հայրենիք: Մենք այլընտրանք չունենք, քան ստեղծել գիտելիքահեն, ամուր մարտահրավերները հաղթահարելու ունակ պետականություն, որը չի կարող կայանալ և գոյատևել առանց պետականակենտրոն և հայաստանյան կյանքին ներգրավված սփյուռքի: Այսօր խոնարհվելով Հայող ցեղասպանության զոհերի հիշատակին՝ վերահաստատենք մեր պատմությունը, մեր նահատակներին չմոռանալու կամքը և այն իմաստավորենք մեր պահանջատիրությամբ՝ մեր ապագային նվիրված մնալու ուխտով:
10:43 - 24 ապրիլի, 2021
Անգամ մութ ժամանակներում կա հույսի ու լույսի շող. Կանադայի մարդու իրավունքների թանգարանի տնօրենի տեսաուղերձը |armenpress.am|

Անգամ մութ ժամանակներում կա հույսի ու լույսի շող. Կանադայի մարդու իրավունքների թանգարանի տնօրենի տեսաուղերձը |armenpress.am|

armenpress.am: Կանադայի մարդու իրավունքների թանգարանի տնօրեն Իշա Խանը համոզված է, որ պետք է հիշել անցյալում տեղի ունեցած անարդարությունները՝ համատեղ ապագա կառուցելու համար: Այս մասին նա խոսել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված տեսաուղերձում:   «Մենք երբեք չենք կարող մոռանալ, թե ինչ տեղի ունեցավ, և մենք երբեք չենք կարող դադարեցնել մեր աշխատանքը՝ կանխելու ցեղասպանություններն ու մարդկության դեմ հանցագործությունները, քանի որ դրանք միայն անցյալի իրողություններ չեն»,- նշել է Իշա Խանը: Նա պատմել է, որ Կանադայի մարդու իրավունքների թանգարանում ներկայացված է Հայոց ցեղասպանության պատմությունը, ինչպես նաև դրան հաջորդած մյուս ցեղասպանությունները: Խանը ցավով է արձանագրել, որ առաջիկայում թանգարանը կընդլայնվի՝ վերջին տարիներին տեղի ունեցած կոտորածների փաստերի ցուցադրության պատճառով: «Անգամ մութ ժամանակներում կա հույսի ու լույսի շող: Այս թանգարանի այցելուները կտեղեկանան հայ որբացած երեխաների մասին, ովքեր բերվեցին Օնտարիո՝ Ջորջթաուն՝ նոր կյանքի  հնարավորություն ստանալով: Նրանք կտեղեկանան նաև Կանադայի, ինչպես նաև ողջ աշխարհի հայերի ջանքերի մասին՝ կոտրելու լռությունը կատարվածի վերաբերյալ: Թանգարանում ներկայացնելով կորստի, քաջության այս պատմությունները՝ մենք մեր հարգանքն ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր զոհվեցին: Այդպիսով մենք փորձում ենք արդարություն հաստատել՝ հաշվի առնելով սկզբունքը, որ բոլոր մարդիկ ծնվել են ազատ, հավասար և արժանապատիվ կյանք ունենալու համար: Մեր պարտականությունն է այժմ իրականություն դարձնել այդ սկզբունքները»,- հայտարարել է նա:
10:39 - 24 ապրիլի, 2021
Պետք է անենք հնարավոր ամեն բան՝ կանխելու պատմության կրկնությունը. Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար |armenpress.am|

Պետք է անենք հնարավոր ամեն բան՝ կանխելու պատմության կրկնությունը. Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին համոզված է՝ պետք է անել հնարավոր ամեն բան՝ կանխելու պատմության կրկնությունը: Այս մասին նա խոսել է  տեսաուղերձում:Ժան Ասելբորնը նշել է, որ որոշակի հանգամանքների բերումով այս տարի չի կարող ֆիզիկապես ներկա լինել Հայաստանում, սակայն վստահեցրել է՝ այսօր հայ ժողովուրդն իր սրտում է: Նա վերհիշել է երեք տարի առաջ Հայաստան կատարած այցելությունը:«Երբ 2018 թվականի մարտին ես այցելեցի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ես զգացի այն մեծ էմոցիոնալ ցավը, որն ուներ հուշարձանը: Հիշում եմ, թե ինչպես հուզվեցի Հայոց ցեղասպանության թանգարանում ցուցադրված լուսանկարներից: Այդ փորձառությունը երկարատև ազդեցություն գործեց ինձ վրա:Մենք չպետք է մոռանանք և չենք մոռանա այն հարյուր հազարավոր մարդկանց, ովքեր զոհվեցին: Նրանք մեզ հիշեցնում են այն կոտորածների մասին, որոնք մարդկությունն ունակ է իրականացնել իր ամենախավար ժամանակներում: Նրանք մեզ հիշեցնում են, որ պետք է անենք հնարավոր ամեն բան՝ կանխելու պատմության կրկնությունը»,- նշել է Ասելբորնը:Լյուքսեմբուրգի արտգործնախարարը ցավով է փաստել, որ այսօր, Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց, նման զանգվածային սպանություններն ու ցեղասպանությունները շարունակվում են:
10:38 - 24 ապրիլի, 2021
Հայոց ցեղասպանության անպատժելիությունը ոգեշնչում է միջազգային նոր հանցանքների ծրագրողներին. Արա Այվազյան |armenpress.am|

Հայոց ցեղասպանության անպատժելիությունը ոգեշնչում է միջազգային նոր հանցանքների ծրագրողներին. Արա Այվազյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը կարևորում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն պատմական արդարության և ճշմարտության տեղանկյունից, այլև հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության համար: Այս մասին Այվազյանն ասաց Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո։ «Այսօր Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի օրն է: Այս օրը մեծ խորհուրդ է պարունակում՝ ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման առումով: 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության արդյունքում զոհ գնաց 1,5 մլն մարդ, խեղվեցին հարյուր հազարավոր ճակատագրեր, մի ամբողջ ժողովուրդ զրկվեց իր հոգևոր, կրթական, մշակութային և տնտեսական սեփականությունից, նրանք զրկվեցին իրենց պատմական հայերնիքի գերակշիռ հատվածում ապրելու իրավունքից: Այս կանխամտածված, կազմակերպված և աննախադեպ ոճրագործությունը հետագայում հիմք հանդիսացավ ցեղասպանության եզրույթի սահմանման համար և արտացոլվեց «Ցեղասպանության կանխարգելման և դրա պատժի մասին» միջազգային կոնվենցիայում: Այնուհանդերձ, միջազգային հանրության կողմից մոռացված ցեղասպանության ամենատխուր դասերից մեկը եղել է անպատժելիությունը։ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներն այդպես էլ չկանգնեցին արդարության առջև»,- նշեց ԱԳ նախարարը։ Նա շեշտեց, որ Հայոց ցեղասպանության անպատժելիությունն այսօր ևս ոգեշնչում է միջազգային նոր հանցանքների ծրագրողներին: Այվազյանն ընդգծեց, որ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած վերջին պատերազմը և դրա ընթացքում թուրք-ադրբեջանական դաշինքի ցեղասպան գործողություններն ի ցույց դրեցին, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կարևոր է ոչ միայն պատմական արդարության և ճշմարտության, այլև հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության համար: «Այսօր հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և սփյուռքում ցույց է տալիս արդարության և ճշմարտության համար պայքարելու իր տոկոնությունը: Այդ պայքարը վերահաստատում է, որ ոչ բիրտ ուժը, ոչ ժխտողական շահարկումները և տարածաշրջանում հայ ժողովրդի հանդեպ թշնամական գործողություններն ի զորու չեն խզել մեր և մեր նախնիների կապը, զրկել մեզ հիշողությունից, արժանապատվությունից և իրավունքներից: Ինչպես 106 տարի առաջ, այնպես էլ այսօր հայ ժողովուրդը պայքարում է պատմական արդարության հաստատման, պատմական իր հայրենիքում արժանապատիվ և անվտանգ ապրելու համար»,- ասաց Այվազյանը: Նախարարը նշեց, որ այս ապրիլի 24-ը լրիվ այլ հնչեղություն է հաղորդել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Նա ասաց, որ այսօր հայ ազգի հետ 106-րդ տարելիցը ոգեկոչում են և իրենց աներկբա զորակցությունն են հայտնում բազմաթիվ գործընկերներ՝ թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի տարբեր երկրներում ՝ հաստատելով և վերահաստատելով իրենց սկզբունքային դիրքորոշումը ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման գործում: «Այդ զորակցությունը մեզ առավել պարտավորեցնում է միջազգային ասպարեզում բազմապատկել մեր ջանքերը ցեղասպանությունների կանխարգելման, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության, օրակարգի առաջմղման ուղղությամբ»,- ասաց Արա Այվազյանը:
10:36 - 24 ապրիլի, 2021
Թուրքիայի և Ադրբեջանի ծավալապաշտական ծրագրերը լուրջ վտանգ են ներկայացնում ողջ քաղաքակիրթ աշխարհի համար. Արցախի ԱԳՆ

Թուրքիայի և Ադրբեջանի ծավալապաշտական ծրագրերը լուրջ վտանգ են ներկայացնում ողջ քաղաքակիրթ աշխարհի համար. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:  «Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը ոգեկոչում է Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի և համաշխարհային պատմության ամենաողբերգական և արյունալի էջերից մեկն է:1915-1923թթ. Թուրքիայի կողմից իրականացված այս զանգվածային հանցագործության հետևանքով ավելի քան 1.5 միլիոն հայ սրի մատնվեց, շուրջ երկու միլիոնը բռնատեղահանվեց: Հայ ժողովուրդը զրկվեց իր պատմական բնօրրանի և մշակութային ժառանգության մեծ մասից: Հայոց եղեռնը պատմության մեջ պետականորեն նախապես ծրագրված և հետևողականորեն իրականացված առաջին ցեղասպանությունն էր:Հայերի ցեղասպանությանը հաջորդեց Թուրքիայի մյուս ժողովուրդների՝ հույների, եզդիների, քրդերի, ասորիների և այլ էթնիկ խմբերի ցեղասպանությունը, կոտորածը և տեղահանումը:Ավելի քան մեկ դար առաջ հայ ժողովրդի դեմ իրագործված այդ ոճրագործության վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքների և գնահատականների բացակայությունը հիմք ծառայեց հետագայում նմանատիպ հանցագործությունների կրկնության համար։ Երկրորդ աշխարհամարտի ընթացքում  հրեական Հոլոքոստը և նացիստների կողմից իրականացված սլավոնական ժողովուրդների, գնչուների ու այլ ազգերի ցեղասպանությունը դրա վառ վկայությունն են։Թուրքիան ոչ միայն հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլև հետևողականորեն խոչընդոտում է նաև այլ երկրներում դրա ճանաչմանն ուղղված գործընթացը։ Ավելին, այսօր էլ այդ երկրի ղեկավարությունը շարունակում է հայ ժողովրդի նկատմամբ իր ցեղասպան քաղաքականությունը, ինչի վառ օրինակ է Թուրքիայի ավելի քան ակտիվ մասնակցությունն Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի նախապատրաստմանը և բուն ռազմական գործողություններին, որոնք ուղեկցվել են միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով։Թուրքիայի և Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը, նրանց պանթուրքական և ծավալապաշտական ծրագրերը լուրջ վտանգ են ներկայացնում ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար:Մենք հետևողական ենք լինելու Մեծ եղեռնի միջազգային ճանաչման, դատապարտման և պատմական արդարության վերականգնման գործում։
10:33 - 24 ապրիլի, 2021
Մենք մերժում ենք կեղծիքը, ավերումն ու ճշմարտության քողարկումը. Վարդինե Օհանյանի ուղերձը |armenpress.am|

Մենք մերժում ենք կեղծիքը, ավերումն ու ճշմարտության քողարկումը. Վարդինե Օհանյանի ուղերձը |armenpress.am|

armenpress.am: Լիբանանի Երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ: Վարդինե Օհանյանը, ով Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներին մասնակցում է որպես Լիբանանի նախագահ Միշել Աունի ներկայացուցիչ, իր ուղերձը հղեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ունեցած ելույթում՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո: «Տառապանքի հիշատակման ցավի առիթի նկատմամբ խորագույն հարգանքով ու ակնածանքով, Լիբանանի Հանրապետության վսեմաշուք նախագահ Միշել Աունն ինձ հանձնարարեց անձամբ ներկայացնել իրեն Հայաստանի Հանրապետության կողմից կազմակերպված ցեղասպանության տարելիցի միջոցառումներին, որպեսզի ճշմարտության բոցը վառ պահվի բոլորի խղճերում, որով նաև շնորհակալության ու գնահատանքի խոսք ենք ուղղում այս ոգեկոչման կազմակերպիչներին: Հայոց ցեղասպանության նահատակները մնում են մեր խղճերում ու ապրում մեր կյանքում, այսօր և մեր ապագայում: Նրանք հայտարարում են, որ Աստված կոչվում է խաղաղության աստված, այլ ոչ թե անարդարության, գաղութատիրության և բռնության աստված: Նրանց հետ մենք մերժում ենք անձնատուր լինել մահվան դատավճռին: Նրանք նահատակվեցին, բայց շարունակեցին խոսել հոգով: Եվ ահա նրանք, ավելի քան մեկ դար անց, վերանորոգում են երկրի երեսը»,- ասաց նա: Վարդինե Օհանյանի խոսքով՝ հայ և լիբանանցի ժողովուրդների միջև մեկից ավելի ընդհանուր հայտարար կա՝ հատկապես տանջանքի, զոհաբերության ու տառապանքի մեջ: «Դուք սրով եք սպանվել, մենք սպանվել ենք սովից ու շրջափակումից, իսկ հանցագործը մեկն է: Այս ճանապարհին, միասնաբար, մենք հանուն մարդկության մերժում ենք կեղծիքը, ավերումն ու ճշմարտության քողարկումը: Այսօր կոչ ենք անում լինել, միասին, այս գործուն ճշմարտությունը, որի շնորհիվ մենք ազատագրվում ենք ամեն տեսակի վախից ու լինում առավել ուժեղ ամեն տեսակի ենթակայությունից»,- նշեց նա: Նախարարի խոսքով՝ լիբանանահայկական հարաբերություններն ամրապնդվել են հատկապես մարդկային մակարդակում, երբ անցյալ դարասկզբին, պատմության ցավալի ժամանակահատվածում, հարյուր հազարավոր հայեր, հայ ժողովրդի դեմ կազմակերված ջարդերի թիրախ դառնալով, հաստատվեցին Լիբանանի հողերում: «Նրանք դարձան մեր հայրենիքի էական բաղադրիչներից՝ արդյունավետորեն նպաստելով նրա քաղաքական կյանքին, սոցիալական ու մշակութային վերելքին: Նրանց մեջ հայտնի դարձան նախարարներ, պատգամավորներ, բժիշկներ, արհեստավորներ, արվեստագետներ, լրագրողներ, գործարարներ, գիտնականներ ու մտավորականներ: Նրանք նաև լիակատար հավատարմություն ցուցաբերեցին Լիբանանի հանդեպ՝ չհրաժարվելով իրենց կառչածությունից Հայաստանին, որը սերտորեն կապված է նրանց արյան, դավանանքի, մշակույթի ու պատմության հետ: Լավագույն հարաբերություններ հաստատելու ուղղությամբ մեր ժողովուրդների ձգտումները մարմնավորվել են հաճախակի հանդիպումներով, այցերով ու փորձի փոխանակմամբ, որոնց ավելանում է նաև միջազգային և ասիական խորհրդարանական ատյաններում դիրքորոշումների ու կեցվածքների շարունակական համակարգումն ի նպաստ մեր ժողովուրդների շահերի և որն արտահայտում է արդարության, խաղաղության ու մարդկային իրավունքների նկատմամբ մեր կողմնակցությունը, այն ժամանակ երբ Լիբանանը շեշտում է Հայաստանի ինքնիշխանությունն ու նրա տարածքային ամբողջականությունը հարգելու կարևորությունը»,- ընդգծեց Վարդինե Օհանյանը: Նա կոչ արեց այս պատմական վայրից ու այս պատմական պահից, այնպես անել, որ աշխարհը զերծ մնա մեծամասնության ու փոքրամասնությունների գոյության մասին զգացումներից: «Մենք բոլորս փոխկախված ենք ու եղբայրներ, որովհետև մենք միասին բախվում ենք ընդհանուր մարտահրավերների, և յուրաքանչյուրս իր ձեւով է տուժում այդ հետևանքներից: Լիբանանի որդիներից՝ իր քրիստոնյաներով ու մահմեդականներով, հայազգի որդիներին՝ Հայաստանի Հանրապետությունում, Լիբանանում և աշխարհում, Լիբանանի հանրապետության նախագահ Նորին գերազանցություն զորավար Միշել Աունը վերահաստատում է իր համերաշխությունն ու գնահատանքը հայ ժողովրդի՝ ամուր հավատքով խարսխված վկայությունը, որը շարունակվում է մարդկային քաղաքակրթությունում»,- եզրափակեց Վարդինե Օհանյանը:
10:32 - 24 ապրիլի, 2021
Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը չի ավարտվել․ Սերժ Սագսյանի ուղերձը

Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը չի ավարտվել․ Սերժ Սագսյանի ուղերձը

Սերժ Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ․   Անցած դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը չի ավարտվել: Թուրքական արնածոր յաթաղանը դեռևս կախված է հայ ժողովրդի գլխին և մնալու է որպես սպառնալիք, քանի դեռ՝ • հայ ժողովուրդը չի հաղթահարել զոհի բարդույթը՝ արժանապատվորեն պաշտպանելով իր իրավունքները, քանի դեռ՝ • վաղեմության ժամկետ չունեցող հանցագործությունը՝ ցեղասպանությունը, չի պատժվել և դաս չի դարձել նման ոճրագործության ունակ հանցագործների համար, քանի դեռ՝ • Թուրքիայի ներկայիս իշխանությունները չեն ցանկանում առերեսվել սեփական պատմությանը և ցինիկ ինքնագոհությամբ ժխտում են 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկ զտումները, հայկական ժառանգության ոչնչացումը, քանի դեռ՝ • աշխարհաքաղաքական ոչ հայանպաստ շահերի սպասարկուները պատրաստ են մոռացության մատնել և սակարկման առարկա դարձնել Հայոց ցեղասպանությունը, քանի դեռ՝ • հայ ժողովուրդը հերթական անգամ դաս չի քաղում պատմությունից, չի գիտակցում իր սխալներն ու բացթողումները, իսկ ներկայիս իշխանության մեջ որոշ տկարամիտ աթոռապաշտներ, ուրանալով ընդամենը մի քանի ամիս առաջ Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ իրենց հազարավոր հայրենակիցների խոշտանգման ու սպանության փաստերը, պատրաստ են պարտվածի հոգեբանությամբ ազգային շահերի հաշվին ծնկաչոք խաղաղություն մուրալ դահճից, քանի դեռ՝ • Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու, հանցագործությունը դատապարտելու և ցեղասպանության հետևանքները հաղթահարելու հարցում Հայաստանի և հայ ժողովրդի միասնական կամքը անտեսող կամ վիճարկող ցանկացած հայ չի համարվի ուրացող ու հայրենադավ և չի դատապարտվի, քանի դեռ՝ • Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելուց բացի, երախտագիտությամբ չենք խոնարհվի և արժանին մատուցի մեր ազգային ու մարդկային արժանապատվության համար պայքարած նահատակ հերոսների հիշատակի և վերապրածների առջև ու չենք բարձրացնի մեր պայքարի ոգին, քանի դեռ՝ • Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ տարածաշրջանային խոշոր տնտեսական նախագծերը չենք համադրի մեր ազգային շահերին, քանի դեռ՝ • խորությամբ չենք գիտակցի Հայաստանի դերակատարությունը տարածաշրջանում ու չենք ճանաչի ինքներս մեզ՝ որպես համաշխարհային քաղաքակրթության մեջ նշանակալի ներդրում ունեցած ազգի, և քանի դեռ՝ չենք գիտակցի անկախ, հզոր ազգային պետականության անհրաժեշտությունը մեր գոյապահպանման ու ազգային արժեքների պահպանման գործում: Հետևաբար՝ պահանջատեր լինելուց առաջ ազգովի լինենք հայրենատեր»:
10:29 - 24 ապրիլի, 2021
Այս պահին սիրտս հայի սրտի նման է բաբախում. Ֆրանսիայի Սենատի նախագահ |armenpress.am|

Այս պահին սիրտս հայի սրտի նման է բաբախում. Ֆրանսիայի Սենատի նախագահ |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն նշում է, որ ինքը չունի հայկական արմատներ, սակայն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրում իր սիրտը հայի սրտի նման է բաբախում: Այս մասին Սենատի նախագահն ասաց Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցելուց հետո: «Աշխարհում քիչ են այս հուշահամալիրին համարժեք վայրերը։ Այստեղ մուտք ես գործում հուզմունքով լի` ծանոթ լինելով կատարվածին, այստեղից հեռանում ես փոխված։ Ես հայ չեմ, ոչ էլ հայկական ծագում ունեմ, սակայն այս պահին սիրտս հայի սրտի նման է բաբախում»,- ասաց Լարշեն: Անդրադառնալով Արցախյան երկրորդ պատերազմին, Սենատի նախագահը նշեց, որ ռազմական գործողությունները, եթե դրանք անգամ հաջող են ընթացել, հաղթանակ չեն բերում և դրա մասին է սովորեցնում այս հուշահամալիրը։ «1915թ. հետո բազմաթիվ հայեր ապաստանեցին Ֆրանսիայում։ Մենք պատկերացնում ենք, թե ինչքան բան է Ֆրանսիան նրանց պարտական։ 20 տարի առաջ Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, դա տեղի ունեցավ նախագահ Ժակ Շիրակի նախաձեռնությամբ, այս պատմությունն այսօր մեզ` եվրոպացի ֆրանսիացիներիս ստիպում է, որ երբեք չմոռանանք դա։ Վաղն առավոտյան Ֆրանսիայում պետք է հիշատակեն նացիստական արտաքսումների զոհերի հիշատակը։ Բոլորով միասին մենք պետք է հիշենք մարդկային արժանապատվության և ժողովրդավարական արժեքների մասին։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակեց Սենատի նախագահը:
10:27 - 24 ապրիլի, 2021
Նախորդ դարասկզբին մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն այսօր էլ գոյություն ունեն․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Նախորդ դարասկզբին մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն այսօր էլ գոյություն ունեն․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 106-րդ տարելիցի կապակցությամբ․ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր, ինչպես և տասնամյակներ շարունակ, մենք ոգեկոչում ենք Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը։ Մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում միլիոն ու կես նահատակներին, ովքեր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին դարձան Օսմանյան կայսրության իշխանությունների հանցավոր քաղաքականության զոհը։ 106 տարի առաջ Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարության ձեռքերով և մտահղացմամբ իրականացվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Տեղի ունեցածն այն օրերին մեծ տերությունների կողմից որակվեց որպես մարդկության և մարդկային քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն։ Հազարամյակներ էլ անցնեն, մենք՝ հայերս, շարունակելու ենք հիշել և աշխարհին թույլ չենք տալու մոռանալ, որ 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալվեց և մահվան դատապարտվեց արևմտահայ մտավորականության սերուցքը։ Գլխատվեց ժողովրդի մտավոր, հոգևոր և մշակութային վերնախավը: Հայ ժողովուրդը զրկվեց իր բնօրրանում ապրելու իրավունքից։ Նա ենթարկվեց զանգվածային կոտորածների և դուրս շպրտվեց իր հայրենիքից՝ կրելով անմարդկային տառապանքներ և նախադեպը չունեցող ծավալի կորուստներ: Գնահատման ենթակա չէին և անվերականգնելի մեր ժողովրդի մշակութային և կրոնական ժառանգությանը հասցված վնասները։ Մեզ հետ միասին հայրենիքից զրկվեցին նաև պոնտոսցի հույները, ասորիներն ու եզդիները։ Հայերիս համար եղբայրական այդ ժողովուրդները ևս ենթարկվեցին բնաջնջման՝ զրկվելով իրենց հարազատ վայրերում ապրելու իրավունքից։Ովքե՞ր էին այդ սարսափելի հանցագործությունների մեղավորները, ովքե՞ր էին դրա պատասխանատուները։ Պատասխանը միանշանակ է․ Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարությունը՝ թուրքիզմի և պանթյուրքիզմի գաղափարախոսությամբ, որի առանցքային նպատակներից էր մոնոէթնիկ և ծավալապաշտական Թուրքիայի ստեղծումը, ինչն իր հերթին ծնել էր հայատյացության և ազգային ու կրոնական փոքրամասնություններից ազատվելու գաղափարը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայի նացիստական կուսակցության ղեկավարմամբ իրականացվեց հրեա ժողովրդի ցեղասպանությունը։ Հոլոքոստի զոհ դարձավ վեց միլիոն հրեա: Պատերազմից հետո ոճրագործները կանգնեցին արդարադատության առջև և կրեցին արժանի պատիժ։ Դատապարտվեց նաև այն գաղափարախոսությունը, որով առաջնորդվում էին ցեղասպանները։ Նացիզմն արդարացիորեն դրոշմվեց որպես հանցավոր գաղափարախոսություն, և այսօր որևէ մեկն աշխարհում չի համարձակվում որևէ բան ասել ի պաշտպանություն դրա։ Պատմական հանգամանքների բերումով նույնը, սակայն, տեղի չունեցավ Հայոց ցեղասպանության պարագայում։ Նախ, անցած դարի առաջին կեսին դեռևս մշակված չէին արդարադատության այնպիսի մեխանիզմներ, որոնք պատասխանատվության կկանչեին պետության կողմից կատարված նման ահռելի ոճրագործությունների համար։ Անգամ ցեղասպանություն եզրույթը գոյություն չուներ։ Ավելին, հայ ժողովուրդը զրկված էր իր դատը հետապնդելու հնարավորությունից։ Ցեղասպանությանը հաջորդած առաջին տասնամյակներին Սփյուռքի ձայնը դեռ բավականաչափ լսելի չէր. նա դեռ նոր էր ամոքում իր վերքերը և ոտքի կանգնեցնում ազգային կառույցները։ Իսկ Խորհրդային Հայաստանը մինչև Հայրենական մեծ պատերազմի ավարտը առհասարակ զրկված էր հարցին հետամուտ լինելու հնարավորությունից։ Հայկական Սփյուռքը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կարողացավ լսելի դարձնել Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած տասն-ամյակներին։ Սակայն այդ ժամանակաշրջանում, երբ աշխարհը երկբևեռ էր, պանթյուրքիզմը համարվում էր պատմական անցյալ։ Հայոց ցեղասպանությունը և այն ծնած գաղափարախոսությունը մնացին անպատիժ։ Իսկ անպատիժ մնացած հանցագործությունները և դրանց սնած գաղափարախոսություններն ունեն կրկնվելու և վերստին ի հայտ գալու սովորություն:Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, Արցախում հայ ժողովրդի բնաջնջմանն ուղղված ադրբեջանա-թուրքական ագրեսիան, Թուրքիայի ծավալապաշտական արտաքին քաղաքականությունը, Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումները ցեղասպան գաղափարախոսության վերածննդի վկայությունն են։ Հայատյացությունը պանթյուրքիզմի էության մեջ է, իսկ դրա ամենազազրելի դրսևորումներն այսօր տեսնում ենք Ադրբեջանում՝ այդ երկրի իշխանությունների կատարմամբ։ Ո՞րը պետք է լինի մեր պատասխանն այդ նեոպանթյուրքիստական սպառնալիքին։ Միայն ու միայն ամուր, ժամանակակից և հզոր դաշնակիցներ ունեցող Հայաստանը, որը կառուցված կլինի ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքների վրա։ Միաժամանակ, անհերքելի է, որ միայն հանցագործության դատապարտումն է կասեցնում ապագայի նոր ոճրագործությունները, և մենք բարձր ենք գնահատում և կարևորում աշխարհի տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ասվածը, սակայն, որևէ կերպ չի կարելի մեկնաբանել որպես տարածաշրջանային երկխոսության ժխտում։ Մենք պատրաստ ենք դրան: Սակայն մեր պատկերացրած երկխոսությունը չի կարող լինել ուժի դիրքերից։ Այն կարող է տեղի ունենալ միայն իրավահավասարության սկզբունքով: Մենք երբևէ հարցականի տակ չենք դնի Հայոց ցեղասպանության եղելությունը, և թող որևէ մեկը չկարծի, որ որևէ հայ, Հայաստանի կամ Սփյուռքի որևէ քաղաքական հոսանք երբևէ կդավաճանի մեր անմեղ զոհերի հիշատակը և կդառնա Հայոց ցեղասպանության մեղսակից։ Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, որ պետք է կանգնեցնի նոր ոճրագործությունները: Սիրելի հայրենակիցներ, Ապրիլի 24-ը մեր ազգի, մեր ժողովրդի անցյալի և ապագայի մասին մտորելու ամենապարտադրող պահն է, ինքնաճանաչման, մեր ուժերի ու անելիքների գնահատման ամենապատեհ առիթը: Կարևորագույն հետևությունը, որ կարելի է անել դրանից, հետևյալն է. նախորդ դարասկզբին մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն այսօր էլ գոյություն ունեն: Ղարաբաղյան երկրորդ պատերազմը դրա վառ ապացույցն էր: Միայն առաջատար տնտեսություն, արդիական անվտանգային և քաղաքական համակարգ ունեցող Հայաստանը, որն իր շուրջը կհամախմբի ողջ հայությանը, կարող է դիմակայել այդ մարտահրավերներին»:
10:26 - 24 ապրիլի, 2021
106 տարի հետո էլ մենք կրկին ունենք բռնի տեղահանված ժողովուրդ. Արայիկ Հարությունյանի ուղերձը

106 տարի հետո էլ մենք կրկին ունենք բռնի տեղահանված ժողովուրդ. Արայիկ Հարությունյանի ուղերձը

 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:  «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք կրկին հիշում և գլուխ ենք խոնարհում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջև: Այդ դաժան ու սարսափելի ոճրագործությունից անցել է 106 տարի: Փոխվել են ժամանակները, սերունդները, իշխանությունները, սակայն մեկ բան մնացել է անփոփոխ. դա ցեղասպան քաղաքականության շարունակումն է՝ կոպտագույնս խախտելով ու ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները, մարդու հիմնարար իրավունքներն ու օրինական շահերը: 106 տարի հետո էլ մենք կրկին ունենք բռնի տեղահանված ժողովուրդ, նահատակված ու հաշմանդամ դարձած մի ողջ սերունդ, գերության մեջ գտնվող հայրենակիցներ, կորսված հայրենիք: Այսօր Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերը: Մենք շնորհակալ ենք նրանց, շնորհակալ ենք բոլոր այն երկրներին ու ժողովուրդներին, պետական ու քաղաքական գործիչներին, կազմակերպություններին ու հասարակ մարդկանց, որոնք օրհասական պահին օգնության ձեռք են մեկնել 1915 թվականին մահվան ճիրաններից փրկված մեր հայրենակիցներին, որոնք այս բոլոր տարիների ընթացքում եղել են հայ ժողովրդի կողքին և սատարել մեր պայքարին՝ հանուն համամարդկային արժեքների պաշտպանության ու պատմական արդարության վերականգնման: Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը խոսուն վկայությունն է այդ արժեքներին հավատարմության, ինչպես նաև միջոց մարդկության դեմ ուղղված հետագա ոճրագործությունների կանխարգելման համար: Հայ ժողովուրդը շարունակում է իր պայքարը՝ շենացնելով իր Հայրենիքը և միշտ վառ պահելով սուրբ նահատակների հիշատակը՝ հանուն ցեղասպանությունների կանխման և հայ ժողովրդի հարատևման»:  
10:25 - 24 ապրիլի, 2021
Մեր սուրբ նահատակների հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է ամրապնդել ազգային միաբանությունը. Գարեգին Բ-ի ուղերձը

Մեր սուրբ նահատակների հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է ամրապնդել ազգային միաբանությունը. Գարեգին Բ-ի ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանյության սուրչբ նահատակների հիշատակի օրվա կապակցությամբ: «Մեկ դարից ավելի է անցել Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված և իրագործված Հայոց ցեղասպանությունից։ Եղեռնահար մեր ժողովուրդը փրկված բեկորներով ցրվեց աշխարհով մեկ՝ իր պատմական հայրենիքում և գաղթի անապատներում թողնելով մեկ և կես միլիոն նահատակների։ 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի ցեղասպանությունը արձանագրված է որպես մարդկության դեմ գործված դարի առաջին հանցագործություն՝ ազգի բնաջնջման, էթնիկ թշնամանքի հրեշավոր դրսևորումներով։ Ցեղասպանության ողբերգության ցավը այսօր արցախյան պատերազմի ծանր կորուստներով նորովի է պատել մեր ժողովրդի հոգին: Մեր սուրբ նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է ամրապնդել ազգային միաբանությունը, ներքաղաքական զարգացումներում զերծ մնալ բռնություններից ու բախումներից և նախանձախնդիր ոգով հետամուտ լինել մեր իրավունքների պաշտպանությանը։ Մեր ժողովրդի կյանքը ձեռքբերումներով զարդարելու, մեր առջև ծառացած մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու գրավականը պետության զորացման պատասխանատվության բարձր զգացումն է և համախմբումը ազգային ու հոգևոր արժեքների շուրջ։ Մեր սուրբ նահատակների բարեխոսության հայցով աղոթում ենք Ամենողորմ Տիրոջը, որ խաղաղ ու անվտանգ լինի մեր երկիրը, և աշխարհասփյուռ մեր ժողովուրդը միակամ ու միասնական կերտի իր բարօր ու լուսավոր ապագան՝ հանուն ազգի ու հայրենյաց»:
10:23 - 24 ապրիլի, 2021
ԵԽ փոխնախագահը կոչ է արել Եվրամիության բոլոր երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը |armenpress.am|

ԵԽ փոխնախագահը կոչ է արել Եվրամիության բոլոր երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Կաստալդոն Հայոց ցեղասպանության հարցում հստակ դիրքորոշում որդեգրելը էական է համարում ավտորիտար ռեժիմների կողմից ճշմարտությունը խեղաթյուրելու և հասարակությունները բևեռացնելու փորձերը կանխելու տեսակետից: Այս մասին նա խոսել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին տրամադրված տեսաուղերձում: «Կան օրեր, որոնք մնացածից առավել են մեզ հիշեցնում այն սարսափելի անկումը, որին ընդունակ է մարդու բնույթը։ Եվ հենց նույն այդ օրերին է, երբ մենք ունենում ենք հույսի կայծ, ավելի խորը իմաստ փնտրելու, դասեր քաղելու կարևոր առաջադրանքը, ինչը մեզ օգնում է ստեղծել մեր ապագան և վստահ լինել որ որոշ իրադարձություններ այլևս երբեք չեն կրկնվի։ Այսօր այդ օրերից մեկն է, և ինձ համար պատիվ է դիմել ուղիղ Ձեզ, ինչը ես անում եմ խոնարհությամբ և զգացվածությամբ։ Ապրիլի 24-ին մենք նշում ենք Ցեղասպանության հիշատակի օրը, հիշում ենք այն վայրագությունները, որոնցով անցել է հայ ժողովուրդը։ Հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին՝ Ցեղասպանություն, որը բարբարոսական հետևողականությամբ իրականացվեց Օսմանյան կայսրության կողմից՝ սկսած 1915 թվականից»,- նշել է նա։ ԵԽ փոխնախագահն իր համերաշխությունն է հայտնել բոլոր հայերին ու ողջ մարդկությանը՝ կոչ անելով միանալ հայ ժողովրդին և միասին հարգել ոչ միայն այս, այլև բոլոր մյուս ցեղասպանությունների զոհերի հիշատակը։ «Սա կարևոր հնարավորություն է տալիս անդրադառնալ պատմական գիտելիքի և հիշողության անհրաժեշտությանը։ Նման օրերն իսկապես կարևոր են, քանի որ մեզ հիշեցնում են, որ պետք է ողջ ուժով պայքարել խտրականության, ատելության ցանկացած դրսևորման դեմ՝ անցյալ կամ ներկա, անհրաժեշտ է ակտիվորեն և ճիշտ ժամանակին ընդդիմանալ ցանկացած ցեղասպան քաղաքականության` լինի այն նոր սաղմնավորվող, թե արդեն ի ցույց դրված։ Արդարության և հաշտեցման, ինչպես նաև մարդկային հանրության պատմության ընթացքում Ցեղասպանությունների թողած խոր վերքերի ամոքման ճանապարհն առաջին հերթին պահանջվում է Ցեղասպանության հանցանքի միանշանակ ճանաչում։ Այդ իսկ պատճառով ես ԵՄ անդամ բոլոր երկրներին կոչ եմ անում ընդունել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող օրենքներ։ Այսօր Թուրքիան նույնպես շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը։ Այս պահին ընդամենը 30 երկիր է 1915թ իրադարձությունները ճանաչում այնպես, ինչպես դրանք իրականում եղել են։ Մենք պետք է անենք ավելին։ Ճանաչումը միայն ձևական գործողություն չի, այն ունի շատ ավելի բացառիկ կարևորություն․ լռությունը, երկմտանքը, կեղծավորությունը խարխլում է ժողովրդավարության հիմքերը»,- հայտարարել է Կաստալդոն։ Նա կարևորել է կրթությունը՝ որպես ապագայում նմանօրինակ ողբերգությունները կանխելու գործիք: «Մարդկության սարսափելի էջերը ոչ միայն պետք է հիշվեն, այլև պետք է խորությամբ ուսումնասիրվեն։ Ես մեծապես հավատացած եմ, որ Հայոց ցեղասպանության նման իրադարձությունները՝ ատելության և բռնությունների կանխարգելմանն ուղղված այլ թեմաների հետ մեկտեղ, պետք է պարտադիր կերպով դառնան դպրոցների ուսումնական ծրագրի բաղկացուցիչ մաս։ Այդօրինակ իրադարձությունները վերջին տարիներին գնալով ավելին հաճախ են գրանցվում մեր հասարակություններում և կարող են դադարեցվել միայն հանդուրժողականության, գիտելիքի և կրթության միջոցով»,- նշել է ԵԽ փոխնախագահը։ Նա հույս է հայտնել, որ հաջորդ տարի հնարավորություն կունենա ծաղիկներ դնել Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում՝ անմար կրակի մոտ: Կաստալդոն վերահաստատել է իր անսասան բարեկամությունը և համերաշխությունը:
10:21 - 24 ապրիլի, 2021
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին |armenpress.am|

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը և կառավարության այլ անդամներ: ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահին և ԱԺ նախագահին ուղեկցում էին նրանց կանայք: Բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ խոնարհեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են կատարվում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ եւ ուղերձ հղվում միջազգային հանրությանը` ճանաչելու 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը` դրանով թույլ չտալով ցեղասպանությունների կրկնություն: Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ:  Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածները՝ որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունն ընդունել են երեք տասնյակ պետություններ, միջազգային կառույցներ:
10:19 - 24 ապրիլի, 2021
Մեր մեջ պետք է արմատավորվի ուժեղ, մրցունակ, խելամիտ Հայաստան ունենալու ձգտումը. Արմեն Սարգսյան

Մեր մեջ պետք է արմատավորվի ուժեղ, մրցունակ, խելամիտ Հայաստան ունենալու ձգտումը. Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:   «Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, Այսօր ոգեկոչում ենք 1915թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի անմար հիշատակը: Ավելի քան 100 տարի առաջ հայ ժողովրդի կրած վիթխարի մարդկային ու տարածքային կորստի ցավն այսօր էլ արձագանքում է մեր սրտերում՝ հիշեցնելով, որ ոտնահարվել է հայ ժողովրդի՝ իր բնօրրանում խաղաղ և ապահով ապրելու ու զարգանալու իրավունքը՝ երեկ՝ Օսմանյան կայսրությունում, այսօր՝ Արցախում: Ցավոք, միջազգային և տարածաշրջանային քաղաքականության մեջ Հայոց ցեղասպանությունը, ընդհանրապես հայկական հարցը ոմանց կողմից շատ հաճախ փորձ է արվում օգտագործել որպես միջոց տարբեր նպատակների հասնելու համար: Սակայն աշխարհը պետք է գիտակցի, որ Հայոց ցեղասպանության ոճիրը լռության մատնելու, անցյալում թողնելու, առավել ևս՝ ժխտելու քաղաքականությունն իրեն վաղուց է սպառել, որ ցեղասպանությունն ամբողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, և որ անտարբերությունն ու անպատժելիությունը նոր հանցագործություններ են ծնում: Նման ոճրագործություններն ու դրանց հեղինակներին պետք է կոչել իրենց անուններով, դատապարտել հանցագործությունն ու հանցագործին: Այսօր էլ իրադարձություները վերստին փաստում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը անհրաժեշտություն են մեր տարածաշրջանում տևական խաղաղություն և կայունություն ապահովելու համար: Սիրելի՛ հայրենակիցներ, Հայոց ցեղասպանությունն այլատյացության այն հետևողական քաղաքականության արգասիքն է, որի նորագույն դրսևորումն Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական պատերազմն էր: Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, երբ դեռ ապաքինվում ենք ծանրագույն հարվածից, մեր մեջ պետք է արմատավորվի ուժեղ, մրցունակ, խելամիտ Հայաստան ունենալու ձգտումը: Մենք կարող ենք ու պարտավոր ենք ուղղել մեր մեջքը և ամուր կանգնել սեփական հողին և հավատարիմ մնալ ինքներս մեզ: Միանշանակ մերժելի են ոտնձգությունները մեր ազգային ու բարոյական արժեքների, մեր ինքնության դեմ: Մենք, որպես միասնական ժողովուրդ և պետություն, պետք է կարողանանք մաս կազմել այսօր աշխարհում տեղի ունեցող զարգացումներին' առանց նահանջելու մեր հիշողությունից ու արդարացի պահանջներից: Խոնարհվելով ցեղասպանությանը զոհ գնացած մեր սուրբ նահատակների հիշատակի առաջ, որպես Հանրապետության նախագահ, ցանկանում եմ վստահաբար ասել, որ համայն հայության համատեղ ուժերով հասնելո՛ւ ենք մեր ազգային նպատակների իրականացմանը և Հայաստանը դարձնե՛լու ենք մեր երազանքների երկիրը: Աստված պահապան բոլորիս»:
10:19 - 24 ապրիլի, 2021